Мурацан
Ինչ լայնեղ է
3
Թ
«Օրիորդ Ագապյանը մերժել է յուր ձեռը Արսեն Մաշտոցյանին»։ Այս լուրը շուտով քաղաքի մեջ տարածվելով՝ մեծ խոսակցության և շատ տեղ էլ վիճաբանության առարկա դարձավ։ Կային մարդիկ, որոնք գովում էին իշխանուհի օրիորդի վարմունքը։ Դրանք գլխավորապես իշխանազուն ընտանիքներից էին, որոնք ասում էին, թե մեծ հանդգնություն է մի վաճառականի համար ձգտել իշխանական տան փեսայության, եթե նա զուրկ է ազնվական անարատ արյունից։ Հասարակաստեղծ մարդիկ, ընդհակառակը, պախարակում էին օրիորդի և նրա մոր սնափառությունը, որին նրանք տգիտությամբ զոհում էին իրենց թե՛ ներկան և թե՛ ապագան։ Որովհետև ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ Ագապյանները նյութական կողմից աննախանձելի դրության մեջ էին։ Այսուամենայնիվ ոչ ոք սիրտ չարավ նրանց վարմունքը դեմ հանդիման դատապարտելու, այդպիսին միայն Սիմբրյանն էր, որ օրիորդի այս քաջագործությունը լսելուն պես, շտապեց մի որևէ միջոցով գործը շտկելու, բայց գտնելով թե՛ նրան և թե՛ յուր մորը անուղղելի համառության մեջ, զայրացած հեռացավ նրանցից, երդվելով չտեսնել այլևս նրանց հիմար երեսը։
Շատ պատվական երիտասարդներ էլ, որոնք մի անգամ տեսել էին, իշխանուհի օրիորդին և իրենք իրենց արժանի համարելով նրա հետ ամուսնանալուն՝ մտադրվել էին խնդրել նրա ձեռը, լսելով օրիորդի այս մեծամիտ վարմունքը, ետ կեցան իրենց դիտավորություններից, որովհետև չկամեցան բախտակից լինել երիտասարդ Մաշտոցյանին, որը թեպետ ամեն բանով բարձր էր իրենցից, բայց և այնպես մերժվել էր հպարտ իշխանուհուց։ Իշխանազունների մեջ էլ չկային այնպիսիները, որոնք նյութական կարողությամբ ապահովված լինեին, այդ պատճառով հարսնացու օրիորդը երկար ժամանակ մնաց առանց խնամախոսության։ Եվ թեպետ հետզհետե շատանում էին նրա ծանոթներն ու բարեկամները, բայց դրանք բոլորն էլ այնպիսի մարդիկ էին, որոնք միայն նրա գեղեցկությամբ զվարճանալու համար էին նրա շուրջը խմբվում։ Ապա թե ոչ յուր անունը և պատիվը նրա հետ կապել ցանկացող մի մարդ չէր մոտենում նրան։
Այս հանգամանքը սկսում էր մտատանջություն պատճառել մայր իշխանուհուն, և կարծես մոտենում էր զղջման ժամանակը։ Բայց իշխան Ջոմարջիձեն կարողացավ հարմար դեպքից օգուտ քաղել։ Նա առաջարկեց օրիորդին ճանապարհորդել յուր հետ Իտալիա, յուր նշանավոր ձայնը այնտեղ կատարելագործելու համար: Ամալիան, որ կարծես թե սկսում էր սիրել իշխանին, իբրև մի մարդու, որ անկեղծաբար հոգում էր յուր առաջադիմության համար, ուրախությամբ համաձայնվեցավ։ Մի գաղտնի նպատակ էլ, որ նա խնամքով ծածկում էր յուր սրտում, նրան ավելի գրգռեց շտապեցնել գործը։ Այդ այն էր, որ նա հավատալով Ջոմարջիձեի խոստումներին, ինքն յուր մտքում որոշել էր նրա հարստության, կալվածների, հպատակների և այլ կարողությանը տիրուհի դառնալ։ Այս ճանապարհորդությունը նրանց ավելի կմոտեցներ իրար և շուտով կբացվեր յուր ապագա ամուսնու առաջ։ Դժվարությունը միայն նրանումն էր, թե ինչպես համոզել մայր իշխանուհուն։ Բայց որքան մեծ եղավ թե՛ օրիորդի և թե՛ իշխանի զարմանքը, երբ իշխանուհին այս առաջարկությունը լսելուն պես տվավ յուր համաձայնությունը։ Բայց մայր իշխանուհու նպատակը ոչ ոք չհասկացավ։ Նա պարզ տեսնում էր, որ բախտը օրըստօրե յուր երեսը դարձնում էր գեղեցիկ Ամալիայից. ամուսնացող և հարուստ երիտասարդները հեռու էին փախչում նրանից, իշխաններն ու գեներալները ոչ մի տեղ չէին երևում, իսկ դատարկապորտ և զվարճասեր մարդիկ հետզհետե ձանձրացնում էին իրենց։ Հետևապես Ամալիայի միառժամանակ քաղաքից հեռանալը ամեն կողմից էլ շահավետ էր։ Առաջին՝ այդ առիթով նա յուր ձայնը կկատարելագործեր, որը գուցե նրան կհարկավորվեր որևէ ձախող բախտի ժամանակ. երկրորդ՝ Մաշտոցյանի առաջարկությունը մերժելու առթիվ քաղաքի մեջ տարածված լուրերն ու խոսակցությունները, որոնք իրեն չափով գրգռում էին լսողների զայրույթը, կմոռացվեին շուտով և ապագա փեսացուները խաղաղ սրտով կմոտենային Ագապյաններին․ երրորդ՝ Ամալիայի առժամանակյա բացակայությունը կնպաստեր կրկին անգամ հետաքրքրելի դառնալուն, երբ նա վերադառնար Իտալիայից, որովհետև հին ճշմարտություն է, որ միշտ մի տեղ մնացող ջուրը հոտում է. և վերջապես չորրորդ՝ Ագապյանների տունը կազատվեր դատարկապորտ և զվարճասեր երիտասարդների անկոչ բարեկամությունից ու անօգուտ այցելություններից, որոնք վերջ ի վերջո արատ պիտի բերեին այդ տան անվանը։
Մի կողմից այս բանավոր պատճառները և մյուս կողմից մայր իշխանուհու Ջոմարջիձեի վերաբերությամբ ունեցած մեծ հավատը համոզեցին նրան ընդունել Ամալիայի առաջարկությունը՝ յուր ուսուցչի հետ միասին Իտալիա ճանապարհորդելու։ Այս նորությունը պարոն Սիմբրյանը լսեց կատարյալ անտարբերությամբ, որովհետև գեղեցիկ Ամալիայի միջոցով շահվելու հույսը նա միանգամ ընդմիշտ կորցրել էր։
Եվ այսպես՝ մի գեղեցիկ օր օրիորդ իշխանուհին յուր երիտասարդ ուսուցչի հետ միասին ճանապարհ ընկավ դեպի մուսաների պատմական աշխարհը բանաստեղծությամբ հարուստ Իտալիան։
Բшյց Արսեն Մաշտոցյանի փառքը գնալով մեծանում էր և նրա առևտրական հաջողությունները հաջորդում էին միմյանց։ Ագապյանների մերժումը ոչ միայն ազդեցություն չունեցավ աղջկատեր ծնողների վերա, ընդհակառակը, նրանք ուրախացան, որ գեղեցկության մի հզոր հակառակորդ հեռացավ ասպարեզից։ Շուտով ճարպիկ միջնորդները սկսան շրջապատել հարուստ փեսացվին իրենց բազմազան և բազմախոստում առաջարկություններով։
Սակայն Մաշտոցյանր արդեն փորձված էր։ Նա այժմ խոստովանում էր, որ աղջկա գեղեցկությունը, օժիտը և հարստությունը միայն նրա առաքինության մեջ պետք է որոնել, որ գեղեցկությունը և հարստությունը մի-մի չարիքներ են, եթե լծորդված չեն առաքինության հետ։ Այդ պատճառավ նա մերժեց ամեն մի փարթամ առաջարկություն և ընտրեց իրեն հարսնացու այնպիսի մի աղջիկ, որ հարուստ ընտանյաց զավակ լինելով հանդերձ՝ զարդարված էր նաև առաքինական բարեմասնություններով։ Նրա հարսանյաց հանդեսը թեպետ ավելի համեստ, քան յուր հարստության վայել շքով անցավ, բայց նա համեմված էր այնպիսի ուրախությամբ, որին երբեք չէ հաջորդում զղջումը։ Այսպիսով երիտասարդի նյութական հարստության վերա ավելացավ մի ուրիշ անզուգական հարստություն, որ իսկական հիմնաքար դարձավ նրա տան հարստության համար։
Բայց իշխանուհի Դարիան լսեց այս բոլոր պատմությունը վրդովված հոգվով։ Եվ չնայելով, որ ինքն եղավ առաջինը, որ մերժեց յուր եղբոր առաջարկությունը-Ամալիային Մաշտոցյանի հետ ամուսնացնելու, այսուամենայնիվ նա տխրում էր, որ դեպքերն այդ ընթացքն առին։ Դժբախտաբար մի բարեկամ էլ չկար, որ սփոփեր նրան ապագայի վարդագույն խոստումներով։ Երբեմն֊երբեմն նա քաջալերում էր ինքն իրեն, մտածելով, որ շուտով Ամալիան կվերադառնա, որ նա նրան կամուսնացնե, որ նրանով կուրախանա, բայց երբեմն էլ չարագուշակ մտածմունքները տանջում, կեղեքում էին նրա սիրտը և հոգին. «Գուցե իմ Ամալիան էլ չվերադառնա, գուցե նոր բախտի հանդիպելով մոռանա, կամ գուցե…»։ Եվ նա այլևս չէր կարողանում շարունակել յուր սարսափելի գուշակությունը։
Բայց Ամալիան յուր ուսուցչի առաջարկությամբ հասնելով Իտալիա՝ կանգ առավ հռչակավոր Նեապոլում, ուր գտնվում էր հայտնի երաժշտական դպրոցը։ Այնուհետև հաճախո՞ւմ էր նա այնտեղ, թե՞ ոչ, ուսանո՞ւմ էր մի բան, թե՞ զվարճանում էր անգործությամբ, ճիշտը հայտնի չէր ոչ միայն նրա մորը, այլև նրա կովկասցի բարեկամուհիներից և ոչ մինին։ Միայն ստեպ֊ստեպ ստացվում էին նրա նամակները, որոնց մեջ նա հուսալիր խոստումներ էր գրում յուր հռչակավոր ապագայի մասին, գեղեցիկ գույներով դրվատում էր յուր աշխատասիրությունը, հառաջադիմությունը, դպրոցի վարչության յուր վերա ունեցած սերն ու համակրանքը, և այլն, և այլն։ Պատահում էր, որ երբեմն էլ նա հիշողություններ էր անում յուր նախկին ուսուցիչ և բարերար Ջոմարջիձեի մասին, երախտագետ սրտով գովելով նրա խնամատարությունը: «Իշխան Պլատոնը, գրում էր նա յուր մորը, թեպետ վաղուց գտնվում է Հռոմում, բայց երբեմն այցելում է Նեապոլ, խրախուսում է ինձ յուր խորհուրդներով և բարեխոսում Կոնսերվատվարի վարչությանը՝ հոգածու աչք ունենալ ինձ վերա։ Ցավալի է միայն, որ իշխանի պաշտոնը չի ներում նրան ավելի շուտ-շուտ ինձ այցելելու, կամ յուր տեսակցությունը գեթ մի օրով երկարելու, որովհետև առավոտյան գնացքով նա գալիս է Նեապոլ և կեսավուր գնացքով վերադառնում: Բայց նա այնքան բարի և այնքան ազնիվ է, որ ես կկամենայի ամսվա մեջ գոնե մի օր նրա ընկերակցությամբ անցուցանել»։
Եվ մի՞թե այս էր ճշմարտությունը։ Իհարկե ոչ։ Իշխան Պլատոնը Իտալիա մտնելու օրից սկսած անբաժան էր մնում օրիորդ Ամալիայի հետ Նեապոլում: Վերջինս մի քանի անգամ միայն այցելեց Կոնսերվատվարը և այն լոկ զվարճության, կամ նրա ներքին կյանքին մասամբ ծանոթանալու համար։ (Որովհետև նա յուր նամակների մեջ երբեմնապես զանազան հիշողություններ էր անում այդ հաստատության մասին, հետևապես նրան հարկավոր էր գեթ մի հարևանցի ծանոթություն նրա հետ)։ Իսկ մնացյալ ժամանակը անցուցանում էր իշխան Պլատոնի հետ զանազան զվարճություններով, որովհետև վաղուց արդեն նրանք անձնատուր էին եղած սիրահարության արբեցության… Երբ Նեապոլի մեջ կյանքը ձանձրալի դարձավ, երկու սիրահարները սկսան ճանապարհորդել դեպի Իտալիայի ուրիշ հետաքրքիր կողմերը:
Սիրահարներն առհասարակ զգուշավոր են լինում իրենց ծնողների և բարեկամների շրջանում. անծանոթ քաղաքներում ընդհակառակը` զգուշությունը ավելորդ բեռն է համարվում նրանց համար, բայց դա մի սխալմունք է` դարձյալ անփորձության հատուկ։ Զգուշությունը հարկավոր է ամեն տեղ, ուր որ բաց երկինք կա։ Հակառակ կարծիք ունեցողը անպայման կպատժվի։
Այդպես էլ պատահեց մեր սիրահար զույգին։ Դեռ մինչև այժմ էլ գաղտնիք է մնացել, թե ո՞վ էր այն անձը, որ իտալական մի քաղաքից գրել էր իշխանուհի Դարիային նրա դուստր Ամալիայի` իշխան Պլատոնի հետ ունեցած սիրակցությանց մանրամասն պատմությունը, սկսած ա՛յն օրից, որ նրանք այնտեղից փոխադրվեցան Հռոմ և ապա Վենետիկ` Ադրիատական ծովափանց գեղեցկություններով զվարճանալու համար։ Շուտով մի չարագուժ նամակ հասավ Կովկասից Ամալիային, որի մեջ նրա թշվառ մայրն անիծում էր այն օրը որի մեջ յուր անդրանիկ դուստրը աշխարհ եկավ՝ Ագապյան տան անունը խայտառակելու համար… «Մինչև այժմ իմ վերջին կոպեկները ես խնայելով ղրկում էի քեզ, ապերախտ զավակ, գրում էր նրան վշտահար մայրը, և սպասում էի, որ իմ խնայողությամբ հավաքած այդ լումաներով դու կհարստացնես այն գանձը, որ անարատ հանձնեցի քեզ, և որ իմ և քո միակ պարծանքն էր աշխարհում, բայց դու այդ անգին գանձը, որ քո կուսական պարկեշտությունն էր, արատավորեցի՛ր… Այսուհետև դու իմ աղջիկը չես, Ամալիա, դու անպատվությամբ մեռար. և ես չեմ կամենում, որ դու այլևս կենդանանաս…»:
Այսպիսի մի տխուր հիասթափությունից հետո, կարծիք չկար, որ մայր իշխանուհին այլևս պիտի մերժեր Ամալիային յուր դրամական օժանդակությունը։ Իշխան Պլատոնի պարտքով վերցրած փողերից շատ քիչ բան էր մնացել, այնպես որ սիրահարները ստիպված էին վաղընդփույթ վերադառնալ Կովկաս, օտար երկրում սովամահ չկորչելու համար։ Բայց ի՞նչ երեսով գալ։
Իշխան Ջոմարջիձեի համար ասենք մի դժվարություն չկար, նրա միակ հոգսը յուր պարտատերերն էին, որոնցից Իտալիա գալու համար նա բավական պարտք էր վերցրել։ Բայց մեր ժամանակում ո՞վ է պարտքի համար անքուն գիշեր անցուցանում։ Դժվար դրությունը Ամալիայինն էր. նա չէր կարողանում հաշտվել ա՛յն մտքի հետ, թե երբևիցե կարող է յուր մոր աչքին երևալ։ Նա պատվավոր թողել էր հայրենի քաղաքը և անպատիվ մուտ պիտի գործեր այնտեղ։ Սա մի հեշտ ձեռնարկություն չէր։ Բայց սիրահար իշխանը ստիպված էր նրան համոզելու, որովհետև ապրուստի միջոցները սպառվում էին. մի քանի օր ևս և ճանապարհի փող էլ չէր մնա խեղճ Պլատոնի գրպանում։ Բայց նա իրեն մեծ հարուստ էր ցույց տվել Ամալիայի մոտ, կալվածների և հպատակների տեր… ի՞նչպես կարող է այժմ հայտնել, որ ապրելու փող չկա։ Այս պատճառով նա գործ դրեց յուր բոլոր ճարպկությունը, համոզելու Ամալիային վերադառնալ Կովկաս, ազնվաբար խոստանալով Թիֆլիս ժամանելուն հետևյալ օրը պսակվել նրա հետ և բառնալ նրա վրայից ամեն արատ և անվանարկություն:
Ամալիան համոզվեցավ. և ահա մի գեղեցիկ օր սիրահար զույգը մուտք գործեց հայրենի քաղաքը և իջևանեց տեղական հյուրանոցներից մինում։
ԺԱ
Ինձ պետք է տանես իմ մոր մոտ, ասաց Ամալիան Պլատոնին, երբ նրանք մի քանի ժամ հանգիստ առին հյուրանոցում, ես միայնակ չեմ կարող գնալ. դու անպատճառ պիտի ընկերակցես ինձ։
Ես նույնպես, Ամալիա, նրան տեսնել չեմ կարող: Դու գիտես, որ քո մոր ականջը հազար ու մի զրպարտություններ են հասցրել մեր թշնամիները։ Ուրեմն անխոհեմություն է ինձ համար երևալ նրա աչքին, քանի որ դու չես նախապատրաստել նրան՝ ինձ իբրև յուր փեսա ընդունելու։
Զարմանում եմ, թե դու արդեն այդ կոչումը քեզ վերա ես առնում, ի՞նչ հարկ կա այլևս քաշվելու. մի՞թե դու իրավունք չունեիր ինձ վերա իբրև իմ ամուսին...
Ես քեզ հասկանում եմ, Ամալիա, բայց քո մայրը հազիվ թե հասկանա ինձ։ Նա առաջին անգամից իսկ կսկսի հանդիմանել ինձ։ Իսկ ես չեմ ուզում նրանից հանդիմանություն լսել, որովհետև ես արժանի չեմ դրան։ Առայժմ ինքդ գնա նրա մոտ. դու կարող ես ամոքել նրա սիրտը. իսկ երեկոյան, երբ դու կիմացնես ինձ գործի դրությունը, ես նույնպես կգամ ձեզ մոտ։
Ամալիան լռեց, բայց դա համաձայնության նշան չէր. նա տարուբերվում էր անվճռականության, հուսո և երկյուղի մեջ։ Ամոթը առաջին անգամ սկսում էր տանջել նրան և նա զգում էր յուր հանցանքի բոլոր ծանրությունը... Բայց և այնպես անհրաժեշտ էր մի որոշ եզրակացության գալ։ Եվ նա վճռեց միայնակ գնալ մոր մոտ։ Ուստի փողոց իջնելով նստեց առաջին պատահած կառքի մեջ և շտապեց դեպի հայրենական տունը, որից նա բացակա էր մի ամբողջ տարի։
Մայր իշխանուհին տխուր և մտախոհ ճեմում էր դահլիճի մեջ` երբ Ամալիան ներս մտավ։ Տեսնելով աղջկանը, նա առաջին անգամ չհավատաց յուր աչքերին և կարծես թե ինքն իրեն երազի մեջ էր զգում։ Բայց լսելով Ամալիայի ձայնը, նա խելագարի նման վազեց դեպի նրան։
- Աստվա'ծ իմ, Ամալիա, մի՞թե այդ դու ես, բացականչեց նա ուրախությամբ և երկու բազուկները տարածելով ջերմությամբ գրկեց նրան և կաթոգին համբույրներով երեսը ծածկեց։
- Օ՚հ, սիրելի մայրիկ, ես այսպիսի ընդունելություն չէի սպասում քեզանից. ես այնքա՜ն հանցավոր եմ քո առաջ, որ այս քո խանդաղատանքը մեծ շնորհ եմ համարում ինձ համար…- ասաց Ամալիան։
Բայց նա դեռ խոսքը չէր վերջացրել, երբ մայրը հանկարծ ետ քաշվեցավ նրանից, կարծես մի թունավոր օձից խայթված։
- Ի՞նչ պատահեց քեզ, մայր իմ,- զարմացմամբ հարցրեց Ամալիան և մոտեցավ նրան։
- Հեռո՜ւ, Ամալիա, հեռո՜ւ ինձանից. о՛հ ինչպե՜ս հիմարացա ես, աստված իմ. դու իմ աղջիկը չես, Ամալիա, հեռացիր այստեղից. դու արատավորեցիր քո անբիծ անունը, դու կործանեցիր ինձ…
- Բայց, մայր իմ…
- Մի՛ խոսիր, ես չեմ ուզում քեզ լսել, և ոչ քո երեսը տեսնել. ես հիմարացա և գրկեցի քեզ, բայց դու, ապերախտ զավակ, դու արժանի չես քո մոր գգվանքին։
- Օ՜հ, մայր իմ, մայր իմ, ներիր ինձ, ես հանցավոր եմ քո առաջ,- աղաչավոր ձայնով մոտեցավ դեպի նրան Ամալիան և ծունկ չոքեց մոր առաջ։
- Ներել քեզ, և մի՞թե այդ հնարավոր է. ներե՞լ մի աղջկա, որ յուր անառակությամբ անպատվեց հայրենի տան անունը և յուր ծնողի հիշատակը…
- Բայց ես, մայր իմ, նույնչափ գոնե հանցավոր չեմ, որքան կարծում ես դու. ես սիրել եմ մի մարդու, որ ամեն կերպ անձնվեր է եղել դեպի ինձ, որին ես արժանի եմ գտել իմ սիրուն… և վերջապես մի՞թե ես իրավունք չունեի իմ ապագա ամուսնուն սիրելու։
Ամուսի՞ն, ի՞նչ ասացիր, դուք ուրեմն ամուսնացե՞լ եք, կարծես ուրախանալով հարցրեց մայրը։
Ոչ, բայց մենք պիտի ամուսնանանք. մենք եկանք առաջ քո օրհնությունն ստանալու։
Օրհնությո՛ւն, բայց ինչու՞ համար. մի՞թե դու մոռացել ես, որ դու հայ ես, իսկ քո փեսացուն վրացի։
Ո՛չ, մայր իմ, չեմ մոռացել. բայց այսպիսի դեպքում, երբ մենք արդեն սիրել ենք միմյանց…
Իշխանուհին կարծես հասկացավ աղջկա միտքը, և չկամենալով, որ նա յուր միտքը շարունակե, ընդհատեց նրան.
Բավական է, աղջիկս. ես իրավունք չունեմ այժմ դավանության հարցերով զբաղվելու։ Վեր կաց, ես քեզ ներում եմ, միայն թե ամուսնանաս և չխաբես ինձ…
Խաբե՞լ, աստված չանե, ի՞նչպես կարող եմ ես այդքան հանդգնությամբ ստախոսել։
Որտե՞ղ է ուրեմն Պլատոնը։
Նա հյուրանոցումն է և սրտատրոփ սպասում է, թե ինչ լուր կուղարկեմ ես նրա համար։
Ի՞նչ լուր է սպասում նա։
Թե արդյոք դոլ ներո՞ւմ ես մեզ և թո՞ւյլ ես տալիս մեզ ամուսնանալու։
Նույնիսկ այս երեկո, եթե այդ կարող եք դուք։ Ձեր ամուսնությունն այսուհետև իմ սրտի միակ բաղձանքը պիտի լինի:
Օ՜հ, մայր իմ, ինչպես կուրախանար Պլատոնը, եթե նա լսեր քեզ այս րոպեին։
Ուղարկի՛ր ծառային նրա ետևից և թող նա շուտ գա մեզ մոտ։
Ամալիան իսկույն վազեց յուր առանձնարանը. նա նրան նույն դրութան մեջ գտավ, ինչպես թողել էր. բայց դեռ նրան ողջունելու և նրանով զբաղվելու ժամանակ չուներ, նա շտապավ վերցրեց գրիչ և թուղթ և գրեց իշխանին հետևյալ նամակը. «Սիրելի Պլատո՛ն.
Մորս գտի տան մեջ միայնակ. սկզբում նա կատարյալ ուրախրությամբ ընդունեց ինձ, գրկեց և համբուրեց. բայց հետո հիշելով մի քանի բան իմ անցյալից, նա հուզվեց, արտասվեց և հանդիմանեց ինձ։ Բայց այդ անախորժ փոփոխությունը երկար չտևեց. վերջ ի վերջո նա հանդարտվեցավ և ներեց մեզ. մանավանդ նա ուրախ է, որ մենք պիտի ամուսնանք։ Այժմ նա սպասում է յուր սիրելի փեսային, շտապի՛ր, ժամանակը թանկ է։
Վերջացնելով նամակը նա զանգահարեց։
Ծերուկ սպասավորը ներս եկավ, բայց զարմանքից սառեցավ դռան մոտ։
Հա, ի՞նչ պատահեց քեզ, Բաբո, զարմանո՞ւմ ես, որ ես այստեղ եմ։
Օ՜հ, տիրուհի, սա մի հրաշք է մի՞թե դուք այստեղ եք…
Ինչպես տեսնում ես։
Բայց մի՞թե կարելի է...
Լավ, բացատրությունը հետո. վերցրու այս նամակը, հասիր շուտով «Կովկաս» հյուրանոցը և տուր իշխան Պլատոնին. նա գտնվում է վեցերորդ համարում։
Սպասավորը կրկնել չտվավ տիրուհու հրամանը և նամակը վերցնելով շտապեց դեպի հյուրանոցը։
Ամալիան վերադարձավ մոր մոտ և սկսեց զբաղեցնել նրան զանազան պատմություններով, աշխատելով որքան կարելի է, մեղմել նրա սրտմտությունը, և նախապատրաստել նրան շատ սիրով Պլատոնին ընդունելու։
Բայց ո՜րքան մեծ եղավ խեղճ Ամալիայի զարմանքն որ երկյուղը, երբ ծառան վերադառնալով հայտնեց, որ իշխան Պլատոնը «Կովկաս» հյուրանոցում չէ գտնվում։
Երևի ծառան լավ չէ հասկացել իմ պատվերը, կամ սխալ հարցմունք է արել հյուրանոցից, ասաց Ամալիան մորը, ավելի լավ է ես կերթամ նրան այստեղ բերելու։ Մայրը չընդդիմացավ և Ամալիան կառքը բերել տալով նստեց և շտապեց հյուրանոցը։
Հասնելով վեցերորդ համարին, նա ամուր֊ամուր բախեց դուռը, բայց ներսից բացող չեղավ։ Շուտով երևեցավ հյուրանոցի ծառան։
Ո՞ւմն եք կամենում, տիկին, հարցրեց նա Ամալիային։
Իշխան Ջոմարջիձեն, մի՞թե նա այստեղ չէ:
Ոչ, տիկին, նա այսօր դուրս դնաց այստեղից։
Դո՞ւրս գնաց, ի՞նչ եք ասում. այդ անկարելի է։
Այո՛, նա դուրս գնաց։
Բոլորովի՞ն։
Բոլորովին։
Բայց նրա իրեղենները երևի այստեղ են։
Ո՛չ, տիկին։
Անկարելի է. նա չէր կարող հեռանալ այստեղից։
Կարող եք ինքներդ համոզվել, ասաց ծառան և հանելով գրպանից սենյակի բանալին, բացավ դուռը և դատարկ համարը ցույց տվավ թերահավատ տիկնոջը։
Ամալիան անզգայաբար ներս մտավ և աչք ածեց սենյակի չորս կողմը, կարծես աշխատելով գտնել յուր փախստականին մի որևէ անկյունում պահված։ Բայց երբ սենյակի դատարկությունը տեսավ, գլուխը սկսավ պտտիլ, և նա նստեց աթոռներից մեկի վերա:
Բայց մի՞թե դուք չգիտեք, թե ուր գնաց իշխանը,- կրկին հարցրեց նա ծառային։
Ո՛չ, տիկին. մենք միայն նրա կառքում նստելը տեսանք։
Եվ նա ձեզ ոչ մի խոսք չապսպրե՞ց։
Ոչ մի խոսք։
Գուցե նա փոխվել է մի ուրիշ հյուրանոց, կամ գնացել է յուր տունը։
Դարձյալ չգիտեմ։ Հուսահատությունը տիրեց երիտասարդ իշխանուհուն և նրա հետ միասին հազար և մի տխուր գուշակություններ սկսան պտտվիլ նրա գլխում.- Արդյոք Պլատոնը խաբե՞ց, արդյոք նա թողե՞ց իրենց, արդյո՞ք հավիտյան հեռացավ նա, թե դեռ պիտի վերադառնար. ոչինչ հայտնի չէր։ Այժմ նա չգիտեր անգամ, թե ո՞ւր պիտի գնար, արդյոք յուր մոր մոտ, թե՞ յուր գայթակղեցնողի ետևից։
Առաջինից ամաչում էր երկրորդի ո՞ւր լինելը չգիտեր։ Այժմ էլ խելաբերում, թե որպիսի հիմարությամբ էր կապվել նա յուր սիրահարի հետ. նա չէր ճանաչում մինչև անգամ նրա բնակարանը, և չգիտեր իսկ, թե այդ իշխան փեսացուն սեփական տուն ունե՞ր, թե ոչ, որ գոնե այդ տունը պտրտելով կարողանար նրա տիրոջը գտնել։ Բայց հյուրանոցի ծառան սպասում էր տիկնոջը, նա պետք էր հեռանար այդ ժամանակավոր ապաստարանից։ Եվ Ամալիան վեր կացավ աթոռից և երերալով դուրս գնաց սենյակից: Իջնելով փողոց` նա տեսավ յուր կառապանին, որ սպասում էր իրեն։
-Բարեկա՛մ, ճանաչո՞ւմ ես դու իշխան Ջոմարջիձեի տունը, հարցրեց նա նրան։
-Ո՛չ, տիկին. այդպիսի տուն ես չեմ ճանաչում,- պատասխանեց կառապանը։
-Եվ ոչ իրեն իշխանի՞ն:
-Եվ ոչ իշխանին։
-Լավ, վերադարձից ա՛յն տունը, որտեղից ինձ բերիր,- հրամայեց նա և նստավ կառքի մեջ։
Հասնելով տուն, նա գտավ սեղանի վերա յուր հասցեով մի նամակ։ Ձեռքը, որով գրված էր հասցեն, նա ճանաչեց. դա իշխան Պլատոնինն էր: Ամալիան կես ուրախությունից և կես տխրությունից դողացող ձեռքերով սկսավ բանալ ծրարը. իշխանը նրան գրում էր մի քանի տող.
«Հարգելի օրիորդ.
Անձնական մի քանի գործերի պատճառավ, որոնց մասին հենց նոր տեղեկություն առի, ստիպված եմ այժմ ևեթ քաղաքից դուրս գնալու։ Շտապում եմ այս մասին տեղեկացնել ձեզ, որ իզուր տեղը հյուրանոց չգաք ինձ պտրտելու։ Մի քանի օրից ես կաշխատեմ վերադառնալ քաղաք։ Այն ժամանակ, իհարկե, ես կայցելեմ ձեզ, և այն գործի համար հարկ եղածը կխոսենք։
Վերջացնելով նամակը, նա անզգայաբար ձգեց նրան սեղանի վերա և ինքը նրա առաջ մնաց արձանացած։ Յուր մեծ և սևորակ ալքերը անթարթ նայում էին չարագուժ թերթի վերա և յուր ուղեղը աստիճանաբար ընդարմ անալով՝ կարծես դադարում էր մտածելուց։ Ամալիայի համար այլևս գաղտնիք չէր մնում,որ յուր սիրահարը թողնում էր իրեն. նամակի ոճն ու խոսքերն այդ ճշմարտությունն էին արտահայտում։ Բայց ավա՜ղ, որքա՜ն ծանր է մի կին մարդու համար համոզվիր թե ինքը դժբախտ է արդեն… ինչպես մի ջրամոյն, որ մահը աչքի առաջ տեսնելով, կռվում է ալիքների դեմ, այնպես էլ խեղճ աղջիկը հետզհետե խելաբերելով ոգորում էր յուր զգացմունքների հետ. նա չէր կամենում հավատալ յուր գուշակություններին. նա աշխատում էր չհուսահատվել… «Անկարելի է, որ Պլատոնը այդ աստիճան անազնիվ լինի, ինքն իրեն երազում էր նա, ես չեմ կարող հավատալ, թե նա կդավաճանե ինձ, նա՛, որ այնքան շատ էր սիրում ինձ, նա, որ այնքա՜ն զոհաբերություններ արավ ինձ համար»։
Բայց տխուր իրականությունը նրա աչքերի առաջին էր. նա իրավունք չուներ նրան չտեսնելու…
Բացի այդ նա պարտավոր էր գոհացնել յուր մոր ակնկալությունը, բերելով նրա մոտ իշխան Պլատոնին և նրա բերանով ապացուցանել, որ նրանք արդարև պատրաստ են օրինավոր պսակով ամուսնանալու, միայն թե սպասում են մայր իշխանուհու սրտագին օրհնությանը…
Ի՞նչ անե ուրեմն, ի՞նչ պատասխանն սպասող մորը։
Բայց նույնիսկ Ամալիային այսքան մտատանջություն պատճառող Պլատոնի նամակը՝ նրան այդ հոգսերից միառժամանակ ազատվելու էլ պատճառ դարձավ։ «Արի ես խորամանկություն գործ դնեմ, մտածեց նա ինքն իրեն, մայրս կարդալ չգիտե. ես մի ուրիշ նամակ կգրեմ դարձյալ Պլատոնի կողմից և կկարդամ նրա մոտ, այսպիսով թե՛ ես ազատ կլինեմ կրկնակի խայտառակությունից և թե ժամանակ կվաստակեմ Պլատոնին գտնելու համար»։ Եվ նա նստելով սեղանի առաջ, շարադրեց հետևյալ գրությունը.
«Հոգվույս անգին հատոր,
սիրեցյալդ իմ Ամալիա.
«Մի անակնկալ դեպքով ստիպված եմ այս րոպեին հեռանալ քաղաքից։ Գորիի մոտ գտնված իմ երկու գյուղերի բնակիչների մեջ մեծ կռիվ է ծագել, որի մասին այսօր հեռագրել են իմ հավատարմատարին։ Վերջինի ինձ տված զեկուցումից երևում է, որ գործը շուտով սուր կերպարանք կստանա, եթե ես շտապավ չհասնեմ անկարգության տեղը։ Որքան էլ որ ինձ համար տանջանք է մի քանի օրով քեզանից հեռու գտնվիլ, այսուամենայնիվ ապագա անհաճոյություններից ազատ մնալու համար՝ ստիպված եմ կրել այդ նեղությունը: Ես մեծ հույս ունեմ, որ մայր իշխանուհին արդեն ներումն է շնորհել մեզ։ Հայտնիր նրան իմ որդիական խորին հարգանքը և ջերմագին ողջունիր իմ կողմից, խնդրիր նույնպես նրան իմ կողմից օգնել քեզ՝ հոգալու մեր հարսանյաց համար կարևոր պատրաստությունները։ Ես կամենում եմ մի քանի օրից ետ անպատճառ տեղի ունենա մեր այդ իշխանական ուրախությունը։ Անշուշտ եմ, որ մայր իշխանուհին չէ ընդդիմանալու յուր փեսայի այդ կարևոր ցանկությանը։
մնամ քեղ անկեղծ երկրպագու
Պլատոն Ջոմարջիձե»:Վերջացնելով նամակը, Ամալիան փակեց նրան ծրարի մեջ և թողեց սեղանի վերա միևնույն տեղ, ուր տեսել էր Պլատոնի իսկական նամակը և ինքը գնաց մոր մոտ։
Իշխանուհին տեսնելով նրան միայնակ, հարցրեց անհանգստությամբ.
Ո՞ւր է Պլատոնը, մի՞թե առանց նրան եկար դու: նրան յուր համարում չգտի. հյուրանոցի սպասավորը հայտնեց, որ իմ այնտեղից հեռանալուց մի քանի ժամ հետո մի երիտասարդ եկել է նրա մոտ, և մի փոքր միջոցից ետ նրանք երկուսն էլ կառքով գնացին դեպի պոստի կայարանը. պատվիրելով հյուրանոցի տիրոջը լավ հսկել սենյակում թողած իրեղեններին, ըստ որում մի երկու օրով իշխանը բացակայելու է քաղաքից։ Բայց զարմանում եմ, թե ինչպե՜ս է պատահել, որ Պլատոնը գոնե մի նամակ էլ չէ ղրկել ինձ, ավելացրեց Ամալիան կատարյալ անտարբերությամբ, կամենալով այսպիսով հավատացնել յուր մորը, որ իշխանի այդ անակնկալ կերպով բացակայելու գործում կասկածելու ոչինչ չէ տեսնում։
Նամա՞կ, ինչպես չէ, մի փոքր առաջ աղախինը մի նամակ բերավ այստեղ և ասաց, որ քո հասցեովն է. ես հրամայեցի նրան քո սենյակը տանելու։
Մի՞թե, ուրեմն այդ նամակը անպատճառ Պլատոնիցն է, նկատեց Ամալիան և շտապով զանգահարեց։
Աղախինը երևաց։
Ո՞րտեղ ես դրել այն նամակը, որ մի փոքր առաջ տվել են քեզ. բե՛ր շուտով, հրամայեց Ամալիան և աղախինը վազելով գնաց և բերավ նրան կեղծ գրությունը։
Ամալիան շտապով քանդեց ծրարը, կարդաց նամակը բարձր ձայնով և ապա դեմքը խոժոռեց ու խորհրդավոր ձևով սկսավ շարժել գլուխը ի նշան բարկության։
Ինչո՞ւ համար ես բարկանում, Ամալիա, մարդը ստիպված է եղել հեռանալու. նա հո դրանով մի հանցանք չէ գործել, նկատեց դյուրահավատ իշխանուհին:
Իհարկե, հանցանք է գործել. նա պարտավոր էր առաջ քեզ այցելել և ապա գնալ յուր գործին, իբր թե վիրավորված պատասխանեց Ամալիան։
Եթե այդ է միայն նրա հանցանքը, ոչինչ, ես ներում եմ նրան։
Իհարկե միայն այդ, ուրիշ ի՞նչ հանցանք կարող էր գործել նա, պաշտպանեց Պլատոնին Ամալիան և այդպիսով էլ միառժամանակ վերջ ստացավ նրա մտատանջությունը։
ԺԲ
Մի երկու օրից ետ արդեն բարեկամ շրջանների մեջ տարածվեցավ օրիորդ Ամալիայի գալստյան լուրը. և սրտակից բարեկամուհիներից շատերը առանց սպասելու նրա այցելությանը, իրենք առաջինը շտապեցին նրա հետ տեսնվելու: Բանից երևաց, որ այդ սրտակիցներն իսկապես ա՛յն հետաքրքիրներն էին, որոնք մինչև այն ուշի ուշով հետևել էին Ամալիայի և նրա ուսուցչի վերաբերությամբ քաղաքում տարածված լուրերին և մեծ հաճությամբ զբաղվել էին այդ լուրերից հրեշավոր պատմություններ հյուսելով։
Ամալիայի մայրը, որ տհաճությամբ էր ողջունում այդ տեսակ բարեկամների գալուստը, առանձին ծանոթացրեց աղջկանը նրանց դիտավորության հետ և պատվիրեց նրան զգուշանալ յուր զրույցների մեջ` գոնե մինչև յուր ամուսնության օրը։
Ամալիան կարողացավ օգուտ քաղել այդ նախազգուշությունից։ Նրա բոլոր խոսակցությունը ինչ տեսակ ացելուի հետ էլ որ լիներ միշտ վերաբերում էր նեապոլի հռչակավոր Կոնսերվատվարին, նրա օրենքներին, նրա դասատուներին, նրա մեծանուն պրոֆեսորներին, նրա երաժշտական գործիքներին և վերջապես իտալական երգիչներին, երգչուհիներին և այլ այս տեսակ երաժշտական նորություններին։ Զբոսարանների, հանդիսարանների կամ զվարճության տեղերի մասին բնավ խոսք չէր լինում։ Նույնիսկ Պլատոն Ջոմարջիձեի անունը մնում էր առանց հիշատակության։ Ամալիային լսողները կհավատային, որ նա Նեապոլի երաժշտական դպրոցից շատ ուրիշ ոչինչ չէ տեսել Իտալիայում: Եվ նա, իհարկե, հենց այդ նպատակին էլ հարմարեցնում էր յուր զրույցները։
Սակայն մի օր պառավ օրիորդներից մինը, որը մի անգամ Ջոմարջիձեի վերաբերությամբ հակառակորդ էր համարվում իշխանուհի Ամալիային, կարողացավ նրա պահքը լուծել: Նա հայտնեց մի լուր, որ Ամալիային անհանգիստ դրությնան մեջ դրավ։
Այդ օրը նրա եղբայրր մեծ խնջույք ուներ «Պարիզ» հյուրանոցում: Օրիորդը հայտնեց, որ այդ ճաշկերույթը կազմված է երիտասարդ բարեկամների խնդրանոք իշխան Ջոմարջիձեի գալուստը տոնելու համար։
Բարեբախտաբար իշխանուհի Դարիան ներկա չէր այս հայտնությանը, և Ամալիան կարողացավ հետաքրքրվիլ նրանով։
-Ի՞նչ նշանակություն ունի նրա գալուստը տոնելը, հարցրեց նա օրիորդին:
-Այն, որ մեր երիտասարդների մեջ միակ տաղանդավոր մարդն է, հայտնի յուր շնորհալի արվեստով։ Երիտասարդները կամենում են պատվել նրան։
-Ուրեմն հացկերույթը ընդհանուրին է վերաբերում և ոչ թե միայն ձեր եղբորը,- խորամանկությամբ նկատեց Ամալիան։
-Երիտասարդները մասնակից են միայն ուրախությանը, բայց ծախքը եղբորս է։
-Այդ ինչո՞ւ համար։
-Որովհետև… Բայց ինչու՞ համար եք հետաքրքրվում,- հարցրեց օրիորդը:
-Այնպես, կամենում եմ իմանալ, թե ձեր եղբայրը ի՞նչ կապ ունի Ջոմարջիձեի հետ։
-Այդ հին պատմություն է,- նկատեց մի տիկին, որ երկուսի խոսակցությունն էլ լսում էր,- օրիորդի եղբայրը կամենում էր Ջոմարջիձեին փեսայացնել իրեն։
-Մի՞թե, ուրեմն կարող ենք շնորհավորել ձեզ,- վերաբերավ Ամալիան կատարյալ անտարբերությամբ և մինչև անգամ ժպտալով: Բայց օրիորդի շառագունիլը ավելացրեց նրա ներքին հուզմունքը։ Այսուամենայնիվ նա աշխատեց խոսակցությունը ուրիշ նյութի վերա դարձնել, որպեսզի մայրը վերա չհասներ։ Իրեն հարկավոր տեղեկությունը Ամալիան արդեն քաղել էր, ավելին կարող էր յուր դիտավորությունը խանգարել։ Երբ իշխանուհին ներս մտավ, նրանք արդեն վիճում էին այն բանի վերա, թե քաղաքային վարչությունը ձևի՞ համար է սակագին (տաքսա) նշանակում քաղաքում վաճառվող մթերքների վերա, թե՞ իսկապես հսկում էլ է այդ սակագնի գործադրությանը։ Վիճող ձայների մեծամասնությունը որի վերա և ավելացավ իշխանուհու ձայնը, ա՛յն եզրակացության եկավ, որ այդ բանը արդարև լոկ ձևակատարություն է և որ դրանից խեղճ ժողովուրդը դրեթե օգուտ չէ ստանում։
Երբ լրաբեր օրիորդը հեռացավ, Ամալիան շտապեց յուր առանձնարանը և կանչեց այնտեղ ծառային։
Դու ճանաչո՞ւմ ես «Պարիզ» հյուրանոցը, հարցրեց նա նրան։
Ինչպե՞ս չէ, ճանաչում եմ։
Իսկ իշխան Պլատոն Ջոմարջիձեի՞ն։
Ա՞յն, որ անցյալ տարի դաս էր տալիս ձեզ։
Այո։
Շատ լավ եմ ճանաչում։
Բարի. ուրեմն կերթաս այդ հյուրանոցը, այնտեղ այսօր խնջույք կա և երևի արդեն վերջանալու վերա է։ Դրսում, կամ այնտեղի ծառաների մոտ կսպասես, երբ մյուս հյուրերի հետ միասին դուրս կգա և իշխան Ջոմարջիձեն, դու կհետևես նրան հեռվից և կտեսնես, թե ո՞ր տունն է մտնում գիշերելու համար։ Եթե ոտով կերթա նա, դուն էլ ոտով կհետևես, իսկ եթե կառք կնստե, դու էլ կառք կնստես, միայն միշտ աշխատելով, որ նա չտեսնե քեզ։ Երբ տուն կհասնեք, դու լավ կդիտես նրա տան թե՛ փողոցը և թե՛ մուտքը և ապա կվերադառնաս։
Այս ասելով նա տվավ ծառային կառքի փող, և վերջինս մի ակնթարթում անհետացավ։
Այնուհետև Ամալիան նստավ յուր առանձնարանում և խորասուզվեցավ տխուր մտածմունքների մեջ։ Նրա մոտիկ անցյալը, որ ամբողջապես կազմված էր երիտասարդական անփորձություններից, և որ այժմ սպառնում է կործանել նրա ապագան, նկարվեցավ յուր առաջ. նա սարսափով նայում էր այդ տխուր պատկերին, որի վերա դրոշմված էին յուր սխալանքները, որոնց այլևս հնար չկար ուղղելու։ Նա հիշում էր այն զվարճությունները, այն սիրահարական արկածները, որոնց նա զոհել էր իր միակ և անզուգական հարստությունը, յուր կուսական անարատ պատիվը…
«Եթե արդարև նա թողնե ինձ, ի՞նչ պիտի անեմ ես, հարցնում էր ինքն իրեն թշվառ աղջիկը,- ի՞նչ պիտի պատասխանեմ ես իմ մորը և ի՞նչ` հասարակությանը… Ամենքը այժմ կուրախանան իմ դժբախտության վերա. որովհետև իմ հանդգնությամբ ես մերժեցի այն առաջարկությունը, որին արժանի էին ինձանից շատ ավելի բարձր աղջիկները…»։
Բայց էլ ի՞նչ կօգնե Ամալիային յուր զղջումը։ Նրան մնում էր մտածել, ի՞նչպես և ո՞ւր հանդիպեր Ջոմարջիձեին, նրա հետ յուր հաշիվը վերջացնելու համար։ Իսկ այնուհետև նա պիտի հանձնվեր աստծո կամքին։
Սակայն անցավ մի երկու ժամ և ծառան չէր երևում։ Ամալիան նորից սկսում էր անհանգստանալ։- «Մի գուցե այն աղջիկը խաբեց ինձ»,- ասում էր նա. բայց մտածելով, որ այդ դեպքում ծառան ավելի շուտ կվերադառնար, հանգստանում էր և ապա համոզվում, որ երևի հացկերույթը դեռ շարունակվում է։
Վերջապես ծառան եկավ։
-Հա, տեսա՞ր իշխանին,- շտապով հարցրեց նրան Ամալիան։
-Տեսա՛, տիրուհի, տեսա, տունն էլ ճանաչեցի,- պատասխանեց ծառան կարծես պարծենալով յուր հաջողության վերա։
Ամալիան հանգիստ շունչ քաշեց։
-Դե՛հ, այժմ պատմիր, թե ինչպես պատահեցիր նրան,- ասաց Ամալիան և ծառան սկսավ յուր պատմությունը։
-Ամենից առաջ ես գնացի «Պարիզ». նա՛, գիտե՞ք, գտնվում է մեծ փողոցի վերա։ Այնտեղի ծառաներից մեկը դրսումն էր, ես նրան հարցրի, թե այստեղ խնջույք կա՞, նա պատասխանեց որ կա. հետո ես հարցրի, թե իմ աղան այստե՞ղ է. նա հարցրեց թե ո՞վ է քո աղան, ես ասացի թե իշխան Պլատոն Ջոմարջիձեն. նա ասաց թե այստեղ է։
-Բայց ինչու՞ համար դու ասացիր, թե դու նրա ծառան ես, գուցե հյուրանոցի սպասավորը ճանաչում է նրա ծառային։
-Օ՜, այդ կողմից միամիտ եղեք, տիրուհի, իշխան Պլատոնը ծառա չունի։ Դու այդ ո՞րտեղից գիտես, զարմացմամբ հարցրեց Ամալիան։
Ի՞նչպես չէ, ես վաղուց եմ ճանաչում նրան, նա ո՛չ թե միայն ծառա չունի, այլև իր հագուստներն ու կոշիկներն ինքն է սրբում միշտ։
Ամալիան մնաց ապշած, բայց յուր այլայլությունը նա աշխատեց ծածկել։
Բաբո՛, դու կարծեմ շատ ես սխալվում, ախար չէ՞ որ իշխան Պլատոնը հարստություն ու կալվածներ ունի, ի՞նչպես կարող է ծառա չունենալ, մի՞թե նա այդքան ժլատ է։
Հարստությո՞ւն. կալվածնե՞ր. ի՞նչ եք ասում, տիրուհի, ո՞վ ասաց ձեզ այդ բաները։ Հիսուն տարի է, որ ես ծառայում եմ ձեզ և հիսուն տարի է, որ ես ճանաչում եմ նրանց։ Նրա հայրը իրավ իշխան էր, մի երկու կալվածներ ուներ, բայց որդին նրանց վաղուց ծախել ու կերել է։ Այս վերջին անգամն էլ նա խաբեց մի կախեթցի իշխանի ու նրանից մի քանի հազար ռուբլի պարտք առնելով գնաց հեռու երկրներ ման եկավ։ Երևի նա այդ փողն էլ է վերջացրել, որ արդեն վերադարձել է այստեղ։ Նա ժլատ չէ, տիրուհի, եթե նա ժլատ լիներ, այժմ հարուստ մարդ կլիներ։
Ամալիան ամբողջ մարմնով դողաց։ Նախազգացո՞ւմն էր այդ, թե՞ դյուրահավանություն, հայտնի չէր. բայց նա հավատաց ծառայի խոսքերին։
Ո՞րտեղից գիտես դու այդ տեղեկությունները, Բա՛բո, հարցրեց նա ծառային այնքան նվաղած ձայնով, որ եթե Բաբոն շատ ծերացած չլիներ, կնկատեր իսկույն յուր տիրուհու վրդովմունքը։
Ծառաները ամեն բան գիտեն, տի՛րուհի. ծառաների հասարակությունը ավելի շատ գաղտնիքներ գիտե, քան թե քաղաքի մեծ կլուբը։
Ինչո՞ւ ուրեմն այդ բաները նրանց տերերն էլ չգիտեն։
Պատճառը շատ պարզ է, տիրուհի, որովհետև ծառաներն իրենց տերերի հետ մասլահաթ անելու իրավունք չունին։ Եթե իշխան Պլատոնն այդպիսի մարդ է, ինչու՞ նրա պատվի համար խնջույք են սարքել իբրև մի նոր գյուտ արած հայցրեց Ամալիան։
Բաբոն ծիծաղեց և ապա հեգնությամբ նկատեց.
Ախար մի հարցրեք, տի՛րուհի, թե ինչ մարդիկ էին նրա ընկերները… մարդիկ եմ ասում, որոնց դուք տուն չէիք թողնիլ։
Լավ, շարունակիր, հետո ի՞նչ եղավ իշխան Պլատոնը։
Հա՛, ա՛յն էի ասում, երբ իմացա, թե իշխանը այնտեղ է, ես հյուրանոցի դռնում սպասեցի։ Մութը կոխեց. ես կարծում էի, թե հյուրերը երկար կմնան այնտեղ. բայց սխալվում էի։ Մի ժամ չքաշեց և տեսա, որ նրանք գոչելով ու երգելով դուրս թափվեցան հյուրանոցի դահլիճից։ Իշխան Պլատոնը դուրս գալով փողոց, շուտով բաժանվեց յուր ընկերներից. ես հետևեցի նրան։
Ոտքո՞վ։
Ո՛չ, տիրուհի, դուք մի շտապեք, ես իսկույն բոլորը կպատմեմ։ Հա՛, այն էի ասում, ես նրան հետևեցի։ Իշխանը արբած էր, բայց օ՜, շատ էր արբած, մինչև մոտակա կառքերին հասնելը, նա քիչ էր մնացել, որ մի քանի անգամ գետին գլորվեր։ Երկու անգամ ես նրան բռնեցի, բայց նա ինձ հայհոյեց: Իհարկե, նա ինձ չճանաչեց։ Վերջապես նա նստավ մոտ կանգնած կառքի մեջ. ես էլ նրա ետև կանգնած կառքը ցատկեցի: է՜յ, ասի կառապանին, առաջ չվազես և ոչ էլ ետ. քսան քայլ միայն հեռու գնա՛ այդ առաջին կառքից։ Կառապանը, գիտեք, մեր գյուղացի էր. նա իմ հրամանը լավ կատարեց…
Լա՛վ, վերջացրու, հետո ո՞ր կողմ գնաց իշխանը, անհամբերությամբ ընդհատեց Ամալիան։
Իսկույն, տիրուհի, իսկույն, նա գնաց ուղղակի դեպի Մոսկովսկայա Բալկան և մտավ մի նեղ փողոց։
Հետո՞։
Եվ հետո կառքից ցած իջավ, մի փոքրիկ տան առաջ և մտավ նրա ներքին հարկը։
Դու այժմ ճանաչում ես ուրեմն տունը։
Այո՛ աչքերս փակ կարող եմ գտնել։ Լավ, գնա։ Բայց առավոտը վաղ զարթի՛ր։ ես քեզ հետ պիտի գնամ այդ տունը։
Շատ բարի։
Մորս և ոչ էլ աղախնին ոչինչ չխոսես քեզ պատվիրվածներիս մասին։
Չեմ համարձակվիլ, պատասխանեց Բաբոն և դուրս գնաց։
«Եվ ես հարցնում եմ ծառային, թե դու ո՞րտեղից գիտես այդ տեղեկությունները, խոսեց ինքն իրեն Ամալիան։ Ահա՛ մի գաղտնիք, որը չգիտե իմ մայրը, բայց իմ ծառան արդեն գործակցում է նրա մեջ։ Ահա՛ ինչու՞ ընտանեկան գաղտնիքները ծածուկ չեն մնում ծառաների հասարակությունից։ Եվ մենք ողորմելիներս, որ ամուսնական ընտրությունների մեջ համարձակվում ենք սեփական կարծիք ու ձայն ունենալ, շատ անգամ ավելի տգետ ու ավելի անփորձ ենք, քան մեր ծառաներն ու աղախինները։ Եվ մի՞թե կարող է լինել մի դրություն ավելի ստոր և ծաղրական, քան այն, որի մեջ գտնվում ենք մենք։ Այն միջոցին, երբ ես հիացած Պլատոն Ջոմարջիձեի վերա, երազում էի նրա հարստության, նրա կալվածների, նրա հպատակների և նույնիսկ նրա գոյության տիրուհին դառնալ, իմ ծառան արդեն ճանաչում և արհամարհում էր նրան… Եվ դժբախտաբար սա մի կատարյալ ճշմարտություն է»։
Եվ այսպես, թեպետ հպարտ Ամալիան արդեն հիասթափվել ու տխուր ճշտությանը հասու էր եղել, այսուամենայնիվ նա չկարողացավ ետ կանգնել Պլատոն իշխանի հետ տեսնվելու դիտավորությունից։ Որովհետև որքան էլ իրականությունը ճշմարտություն է պարունակում յուր մեջ, այսուամենայնիվ դժբախտացող մարդը սառնասրտությամբ չէ նայում նրա վերա։ Նա միշտ աշխատում է գտնել կամ ստեղծել մի ելք կամ ճանապարհ, նրանից խույս տալու համար։ Ամալիան կարծում էր, որ Բաբոյի հաղորդածները կարող են և սխալ լինել, որ Պլատոնը կարող է մինչև անգամ դեռ մի հարուստ ու պատվավոր մարդ լինել… Վերջապես պետք չէր նրան դատել առանց իրեն էլ լսելու։
Այս մխիթարությամբ նա պառկեց քնելու։ Առավոտը շատ վաղ արթնացավ Ամալիան։ Նա մտադիր էր ա՜յնպես շուտ գնալ Պլատոնի մոտ և վերադառնալ, որ տան մեջ ոչ ոք չնկատեր նրա առավոտյան բացակայությունը։ Բայց չգիտեր, թե ծառան պատրա՞ստ էր իրեն ընկերակցելու, թե ոչ։ Շտապավ հագնվելով ու լվացվելով նա մոտեցավ յուր տուալետին փոքր ի շատե պչրվելու համար։ Որքան էլ նրա սիրտը տխուր և վիճակը աննախանձելի էր, այսուամենայնիվ գեղեցիկ և գրավիչ երևալու ցանկությունը երբեք չէր նվազում նրա մեջ։ Մանավանդ այդ րոպեին նա ցանկանում էր ավելի գեղեցիկ և ավելի հրապուրիչ լինել յուր սիրահարին կախարդել կարողանալու համար, բայց ինքն իրեն հաշիվ չէր տալիս, թե այսուհետև էլ ինչի՞ն էր հարկավոր յուր սիրոյն և անձնվիրության դավաճան այդ սիրահարը:
Երբ նա դուրս գնաց տան բակը, Բաբոն, արդեն կազմ և պատրաստ յուր տիրուհու հրամանին, մտախոհ ճեմում էր այնտեղ։ Բայց Պլատոնի մոտ գնալու համար դեռ շատ վաղ էր։ Ամալիան ցանկացավ օգուտ քաղել ժամանակից և նախապատրաստվել նրա հետ խոսելու համար։ Այդ նպատակով նա մտավ իրենց փոքրիկ այգին։
Օրը ամառային էր, արևը դեռ չէր ծագել, բայց արևելքը վառվում էր շառագույն լույսով։ Մի քաղցրասիկ զեփյուռ փչում էր այգու մեջ. ճնճղուկները երամով թրթռում էին նրա ծառերի վերա և լցնում օդը իրենց աղմկալից ճռվողյունով: Ամառային առավոտը մի կողմից կազդուրիչ ներգործություն ունեցավ Ամալիայի վերա, իսկ մյուս կողմից տխրեցրեց նրան` հիշեցնելով անցյալի քաղցրությունները, որոնց նա այժմ վայելել չէր կարող։ Պլատոնի հետ խոսելու նախապատրաստությունը մնաց։ Նա հիշեց յուր ծաղկափթիթ մանկությունը, որ անցուցել էր այգ այգվո մեջ, յուր անմեղ կուսական խաղերը այս ծերացած ծառերի տակ, յուր մանկական հրճվանքը այս ճնճղուկների երգերի համար, և վերջապես յուր պատանեկական հասակը` լի ապագայի վարդագույն հույսերով, որոնք ավա՜ղ, այդ րոպեին արդեն կործանված էին…
-«Նույնիսկ մի տարի առաջ որքա՜ն ուրախ, որքան անհոգ և որքա՞ն բախտավոր ճեմում էի ես այս ծառերի տակ, մտածում էր նա ինքն իրեն, ես հարուստ էի իմ հռչակավոր գեղեցկությամբ, իմ իշխանական ծագումով, իմ անբիծ անվամբ, իմ պատվաբեր զարգացմամբ… ինձ համար խոսում էին ամեն տեղ, ինձմով հիանում էին մարդիկ, ինձ պաշտում էին երիտասարդները… Կյանք, սեր և վայելչություն. ամեն տեղ սպասում էին ինձ և միմիայն ինձ… իսկ այսօր, ավաղ, ես կործանված եմ անկանգնելի կերպով, ինձ այլևս ոչինչ չէ մնում, բայց միայն նախատինք և անպատվություն… և ինչու՞ համար այս բոլորը… օ՜հ, Պլատոն, Պլատոն, այդ դո՛ւ ես, դո'ւ միայն սկիզբն և պատճառ իմ դժբախտության, իմ անկման և կործանման…»։ Եվ թշվառ աղջիկը այլևս չկարողացավ շարունակել, նա փաթաթեց գլուխը սև շղարշի մեջ և շտապով դուրս գնաց այգուց։
Առաջ անցիր, Բաբո, ցույց տուր ինձ այն մարդու բնակարանը, սրդողած ասաց նրան Ամալիան. բայց գնա այնպիսի ճանապարհներով, որոնք բազմամարդ չեն լինում:
Բաբոն առաջ անցավ։ Նա գնում էր հանգիստ քայլերով, առանց շտապելու, որովհետև ծերությունը և մանավանդ եր. կար տարիների ծառայությունը խեղճ Բաբոյի ոտներում Լլ ու չէին թողել։ Ամալիան նեղանում էր նրա դանդաղկոտության վրա, բայց ձայն չէր հանում, և այն ոչ թե նրա համար, որ ակնածում էր նրա ծերությունից, այլ նրա համար, որ կարոտ էր նրա օգնության և խորհրդապահության։
Բայց չնայելով, որ օրվա այդ ժամանակը փողոցներում կառք չէ ճարվում, այնուամենայնիվ Բաբոյի բախտից մի գինետան առաջ նրանք պատահեցին մի ծածկված կառքի, որի մեջ քնած էր կառապանը։ Ամալիայի հրամանավ Բաբոն զարթեցրեց կառապանին։ Խեղճ մարդը չգիտեր, թե ի՞նչ պատահմունքով յուր կառքը գտնվում էր այդ գինետան առաջ։ նա կամեցավ մի փոքր մտածել այս գաղտնիքը լուծելու համար, բայց Բաբոն ժամանակ չտվավ նրան։ -«Դեռ գնանք, մենք շտապում ենք, ինչ հարկավոր է, ճանապարհին կմտածես», ասաց նա նրան և օգնեց յուր տիրուհուն կառքը նստելու, իսկ ինքը բարձացավ կառապանի նստարանի վերա։
Դեհ, գնա՛, բարեկամ, շուտ գնա՛. աստվածը քեզ ինձ համար հասցրեց, թե չէ ես ոտքեր չունեի Մոսկովսկայա Բալկան հասնելու, սկսավ մտերմաբար խոսել Բաբոն կառապանի հետ։
Էդ Լավ, բիձա գնանք, բայց դու էն ասա, թե ես ի՞նչ էի շինում այս փողոցում այսպիսի ժամանակ, պատասխանեց կառապանը ձիաներին մտրակելով։
Ես իսկույն կիմանամ, բարեկամ։ Ամենից առաջ ինձ ասա տեսնեմ, թե երեկ երեկոյան վերջին անգամ ո՞ւմ որտե՞ղ տարիր։
Երեկ երեկոյա՞ն։
Հա՛։
Երեկ երեկոյան… սպասի՛ր, լավ չեմ հիշում… Բայց չէ, հիմա հիշում եմ. երկու լավ տղաների Վերայի բաղերից բերի Մթածմինդա. նրանք մի մանեթ բաշխեցին ինձ, հետո երեք աբասի էլ գինու փող։ Հետո… ո՞ւմ տարի, չգիտեմ, չէ՛, չէ, ոչ ոքին չտարի. ձիաները դրուստ քշեցի ես միկիտան Ծղալոբի մոտ։ Նա ութ բաժակ լավ կարմիր գինի խմացրեց ինձ, ու ինձանից երկու աբասի առավ, թե վեց շահի, չգիտեմ, հետո…
Էլ ի՞նչ հետո, հիմար, գինին վերջացնելուց հետո դու էլ մտած կլինեիր կառքը ու մրափած։
Վա, ձիաները սաղ գիշեր ո՞նց կմնային դրսում։
Տո, ձիաները լեզո՞ւ ունին, որ քեզանից զանգատվին։
Այ մարդ, չլինի թե քո ասած լինի, ու ես սաղ գիշեր դրսում պահած լինիմ խեղճերին։
Դեռ նո՞ր գիտես, որ իմ ասածն է։
Էդպես որ լինի, իմ կնիկը խո ինձ տուն չի թողնիլ։
Ի՞նչ կա որ, մյուս գիշեր էլի ութ բաժակ կկոնծես ու էլի փողոցում կքնես։
Մինչդեռ կառապանն ու Բաբոն այս զրուցատրությամբ զբաղված մտնում էին Մոսկովսկայա Բալկան, Ամալիան փաթաթված յուր շղարշի մեջ և կծկված կառքի մի անկյունում ուշադրությամբ դիտում էր իրեն անծանոթ այս նեղ ու մենավոր փողոցները, որոնց մեջ գրեթե անցորդներ չկային։
Միայն այս ու այն պատուհանից կախվում էին կասկածավոր գոյության տեր կանայք, առավոտյան լոդիկներով և կամ բաց կուրծքերով, իմանալու համար, թե ի՞նչ արարածներ են արդյոք, այդպես առավոտանց իրենց բնակավայրը այցելողները։
Ամալիան առաջին անգամ տեսնելով նրանց լկտի կերպարանքը, զզվում ու դարձնում էր երեսը. բայց հակառակ կողմում ավելի պարկեշտ պատկերի չէր հանդիպում։ Մի տեղ կիսափակ դռներով գինետան մեջ դեռ գոռում-գոչում էին արբեցող շրջմոլիկները, մյուս տեղ մութ ու խոնավ նկուղում բարձրաձայն հայհոյում էին միմյանց թուղթ խաղացող սրիկաները, իսկ մի խոր ընկած բակում անհայտ կոչման տեր կանայք իրար անիծելով ու հայհոյելով միմյանց երես էին ծվատում։
Այս զազիր պատկերները քստմնեցնող տպավորություն արին երիտասարդ իշխանուհու վերա, և նա երեսը ծածկեց նրանց չտեսնելու համար:
Վերջապես մեր ճանապարհորդները անցան դարձյալ մի նեղ փողոց և կառքը կանգնեց Բաբոյին ծանոթ փոքրիկ տան առաջ։
Ներս մտի՛ր Բաբո, և տե՛ս իշխանը տա՞նն է, թե ոչ, ձայն տվավ Ամալիան և ծառան իսկույն ներքև ցատկեց։
Նա մտնելով իրեն ծանոթ դռնով, պատահեց մի կնոջ, որ ըստ երևույթին տան տիկինն էր և մի ինչ որ բանով զբաղված էր նախասենյակում։
Տա՞նն է իշխանը, հարցրեց նա տիկնոջը։
Տանն է, ի՞նչ ունիս դու նրա հետ։
Մեր իշխանուհին կամենում է նրա հետ տեսնվիլ: