Мурацан

Ինչ լայնեղ է

Ա

Իմ խոսքն այժմ երկրորդ իշխանուհու մասին է, բայց ոչ շինծու կամ կարկատած, այլ բուն ազնվատոհմ իշխանուհու որի պապերը մի օր նշանավոր մարդիկ էին, համբավ ու կշիռ ունեին և իրենց մեծ խելքով ժողովրդի բախտն էին կառավարում։

Բայց այդ մարդիկը մեռան և իրենց խելքի և հոգվո մեծությունն էլ իրենց հետ գերեզման տարին, թողնելով իրենց ժառանգներին միայն նյութական հարստություն և ա զ ն վ ա կ ա ն կոչվելու անբռնաբարելի իրավունքը։

Իսկ ժառանգներն ի՞նչ արին։ Իհարկե այն, ինչ որ բնական էր։ Նրանք իրենց համար նոր փառք և անուն ստեղծելու հետամուտ չեղան, որովհետև այդ նեղությունը կրել էին արդեն իրենց նախնիքը։ Նրանցից մի քանիսը, որոնք դեռ մեծարում էին պետական պաշտոնավարությունը, հետամուտ եղան նրան, և ի շնորհս հին բարեկամական կապերի և ոչ սեփական արժանավորության, ձեռք բերին նրան, իսկ մյուսները նստեցին հայրենական ապարանքում և անհոգությամբ սկսան շռայլել ժառանգած հարստությունները:

Եվ որովհետև հարստությունը, ինչպես դուք էլ գիտեք, դիմացկուն ապրանք չէ, այդ պատճառավ Ագապյան տան խնջույքները, պարահանդեսները և այլ իշխանական հարկիքները կես դար միայն կանոնավոր գոյություն ունեցան` սպառելով միևնույն ժամանակ այդ տան թե՛ անշարժ և թե' շարժական հարստությունները։ Ինչ վերաբերում է այն միջոցին, որտեղից սկսվում է իմ պատմությունը, այդ իշխանական ազնվատոհմին մնացել էին միայն փառավոր անցյալի ավերակները։ Մի ոչ շատ շքեղ տուն, որ յուր արժեքից ավելի ծանրաբեռնված էր պարտքերով, մի քանի սենյակների սարք ու կարգ, որոնք հին իշխանական պաճուճանքների մնացորդներ էին, մի ահագին խոհանոց՝ յուր հին խոհարարական անոթներով, որոնց շատ փոքր մասն էր այժմ գործածության մեջ, մի ծերուկ սպասավոր և մի պառավ սպասուհի, որոնք շատ դժգոհ էին ներկայից, բայց անցյալը հիշելով մխիթարվում էին, և վերջապես մի դատարկ իշխպնական տիտղոս և նրա հետ էլ հոգևարք ազնվականության հատուկ մի մեծամտություն, ահա բոլորը, ինչ որ մնացել էր Ագապյան փառավոր ազգատոհմից նրա վերջին ժառանգներին։ Իշխան Լևոնը, որ այս վերջինների մեջ միակ արու զավակն էր ապրում էր դեռ մի քսան տարի սրանից առաջ։ Չնայելով, որ նա ազնվական էր և արդեն պետական պաշտոնակալ, այսուամենայնիվ նա համաձայնվեցավ ամուսնանալ մի ապատոհմիկ աղջկա հետ, որը հայտնի էր քաղաքում միայն յուր եղբոր շնորհիվ։ Գևորգ Սիմբրյանը (այս էր իշխանուհու եղբոր անունը) յուր ժամանակակիցների մեջ հայտնի էր յուր հանդուգն ձեռնարկություններով, որոնք գրեթե միշտ հաջողվում էին նրան։ Նա այն մարզիկներից մինն էր, որոնք հասարակական շահուց նախանձախնդրության պատրվակով, անձնական շահերը պաշտպանելով դյուրին ճանապարհը գտին։ Այս պատճառով և Գևորգ Սիմբրյանին կարելի էր պատահել բոլոր այն շրջաններում, ուր որ խոսք էր լինում հասարակական խնդիրների կամ պաշտոնավարությանց վերա։ Շատ անգամ նա ինքնակոչ խնամակալ կամ փաստաբան էր հանդիսանում հասարակության այս և այն դասի շահերին և այդ նպատակով կատաղի կռիվներ մղում յուր հակառակորդների հետ, մինչև որ վերջապես խլում էր նրանցից իրեն հասանելի արդար բաժինը։ Եթե պատահեր, որ նրա հակառակորդը մի զորեղ անձնավորություն լիներ, որին հաղթահարելու համար չբավականանային լեզուն ու ձայնը, նա կարող էր հազար և մի ինտրիգաներ ստեղծել և քաղաքի սինլքոր խուժանը ոտքի հանել այդ հակառակորդի դեմ, իսկ հարկավոր դեպքում մինչև անգամ կործանել տալ այդ հակառակորդի տունը, առանց մազաչափ խղճահարվելու։ Գևորգ Սիմբրյանի վրեժխնդրությունից չէին ազատվիլ նույնիսկ մեռելները, եթե նրանք այս անցավոր աշխարհից հրաժեշտ տալու ժամանակ մոռացած լինեին իրենց ունեցածից մի բան նրան թողնելու Սիմբրյանը կարող էր քանդել նույնիսկ նրանց կտակները և յուր ցանկացած բաժինը հափշտակել մի գործ, որ բարեկիրթ ժողովուրդների մեջ գարշելի սըբապղծություն է համարվում, իսկ հայերի մոտ Սիմբրյանների շահատակության մրցանակ։

Ահա՛ այսքան զորեղ մարդ էր Գևորգ Սիմբրյանը և չընայելով որ նա ազնվական չէր, այսուամենայնիվ Ագապյան իշխանը բարեհաճեց նրա քրոջ ձեռքը խնդրելու, որովհետև շատ մեծ համարում ուներ նրա վերա և ստացավ առանց դժվարությունների։

Բայց իշխանուհի Դարիան եղբոր չափ բախտավոր չէր։ Յուր ամուսնության ութերորդ տարին դեռ չլրացած իշխան Լևոնը վախճանվեցավ, թողնելով նրան անմխիթար այրի և զավակները դեռահաս որբ։

Այդ որբուկների մեջ նշանավոր էր յուր գեղեցկությամբ անդրանիկ աղջիկը՝ Ամալիան, որին ժողովուրդն առաջին անգամ տեսավ իշխանի հուղարկավորության ժամանակ։ Այդ ժամանակ նա մի յոթնամյա աղջիկ էր, որ հոր դագաղից քարշ ընկած դառնապես ողբում էր նրան։ Տեսավ ժողովուդն այդ ադջկանը և հիացավ։ Դա մի կատարյալ հրեշտակ էր,որ խոստանում էր ժամանակի ամենալավ հոգեհան լինելու…

Չնայելով, որ իշխանուհին ուրիշ զավակներ էլ ուներ, այսուամենայնիվ նա յուր բոլոր խանդն ու գորովն ամփոփեց այդ անդրանիկ դստեր մեջ։ Յուր ամուսնու մահվանից հետո Ամալիան նրա միակ մխիթարությունն էր։

Բայց իշխանուհու եղբայրը թույլ չտվավ, որ յուր քույրը լոկ անձնական հաճության համար պահեր տան մեջ յուր աղջկան։ - Ամալիան մեծանում է, նրան պետք է ուսում և կրթություն վճռեց հոգատար մորեղբայրը և իշխանուհի օրիորդին հանձնեc օրիորդաց գիշերօթիկ վարժարանին։

Այնուհետև ի՞նչ էր անում այդտեղ Ագապյան գեղեցկուհին, ոչ ոք հաստատը չգիտեր, միայն թե վարժապետ և Վարժուհի՝ բոլորն էլ միաբերան գովում էին նրա գերբնական ընդունակությունները, որոնք, նրանց ասելով, մրցում էին օրիորդի մեջ նրա արտաքին գեղեցկության հետ։ Այն գովությունները, որոնք մեծ մասամբ շռայլվում էին իշխանուհու տանը, և այն սուրճի կամ շոկոլադի վերա, կատարելապես գոհացնում էին իշխանուհու յուր դստեր վերաբերությամբ ունեցած հետաքրքրությունը։ Շատ քիչ էր պատահում, որ նա ինքը անձամբ այցելեր վարժարանը և ստուգեր յուր լսածները։ Բարոյականի վերաբերությամբ մանավանդ խոսք լինել չէր կարող, որովհետև օրիորդական գիշերօթիկը հռչակված էր այդ կողմից յուր խստությամբ։ Այդպես էին ասում գոնե այդտեղի դաստիարակչուհիները։ Իշխանուհուն անհանգստացնողը միայն ուսման տարիներն էին, որոնք շատ ծանր էին հոլովվում։

Բայց ինչո՞ւ համար էր նա շտապում, կհարցնեք դուք։ Դրա պատճառները շատ էին։ Լինել իշխանուհի և ունենալ մի գեղեցիկ աղջիկ, մի աղջիկ, որի աչքերը կարողանային խելագարացնել երիտասարդներին, դա մի գանձ է։ Բայց շատ քիշ մայրեր կան, որոնք կարողանում են օգտվիլ աստվածատուր պարգևից: Իսկ իշխանուհի Դարիան, որ ապատոհմիկ կանանց խորամանկության հետ միասին ուներ և իշխանական կոչման դյուրությունները, գիտեր, թե յուր տան համար ո՞րպիսի երջանկության հիմնաքար պիտի պատրաստեր Ամալիան։

երբ նա տասնութամյա հասակում թողներ վարժարանը, հարկավ պիտի երևար ժողովրդյանը յուր հրեշտակային գեղեցկությամբ՝ զարդարված հոգեկան և մտավոր հարստություններով։ Քաղաքի զբոսարանները, ակումբները, թատրոնները, պարահանդեսները, որոնք մինչ այն երևան չէին հանել մի ճշմարիտ գեղեցկություն, վերջապես կտեսնեին նրան իրենց մեջ, ինչպես մի լուսավոր աստղ, որ փայլփլում է խավար հորիզոնի վերա, և հարուստ փեսացուները, որոնք լապտերներով գեղեցկուհիներ էին փնտրում, խելագարված գրոհ կտային նրա ետևից դեպի Ագապյան ապարանքը… Իսկ այնուհետև ո՜րքան նոր ծանոթություններ, ո՜րքան պատիվներ, ո՜րքան ընծաներ կշրջապատեն տիկին իշխանուհուն և ո՜րքան ստրուկներ կվխտային նրա ոտքերի մոտ՝ գեղեցիկ Ամալիայի ձեռքը խնդրելու համար…

Բայց իշխանուհին, իհարկե, շուտ չի գրավվիլ, նա խելք ունի․ նա կուսումնասիրե բոլորին, կշոշափե հարյուրավոր սրտեր և նույնչափ գրպաններ, և երբ կգտնե մի մարդ (գեներալ լինի նա թե իշխանազն), որ յուր հրաշալի դստեր ըստ ամենայնի արժանի լինելուց զատ, կարող կլինի նաև յուր իշխանական տան վաղեմի նիստ ու կացը նորոգել, նա կտա նրան Ամալիայի ձեռքը և ընդնմին յուր անձնական պահանջների մի համեստ ցուցակ…

Ահա սրանք էին իշխանուհի Դարիայի երազները, յուր անդրանիկ դստեր վերաբերությամբ և սրա համար էր, որ օրիորդի ուսման տարիները նրան շատ երկար էին թվում։ Հակառակ կամ դժբախտ դեպքերի մասին իշխանուհին չէր սիրում մտածել, և ճշմարիտը խոստովանած, շատ լավ էր անում, որովհետև դժբախտություններն իրենց այցելած ժամանակ արդեն մտատանջության համար բավական նյութ են բերում. ի՞նչ անմտություն է, ուրեմն, նրանց երևան գալուց առաջ տխուր մտածմունքներով զբաղվիլ։

Բայց թողնենք իշխանուհուն յուր երազների հետ։

Բ

Մի քանի խոսք պարոն Արսեն Մաշտոցյանի մասին։

Ժամանակակից երիտասարդների մեջ նա աչքի ընկնող մի անձնավորություն էր, օժտված այն ամեն բարեմասնություններով, որոնք երիտասարդ մարդու անվանը թե՛ պատիվ և թե' փառք են բերում։

Այսպես, օրինակ, մտավոր կողմից նա բավական զարգացած էր, որովհետև ավարտել էր գիմնազիական կուրսը և ըստ պատշաճին պարապել ֆրանսիական լեզվի ուսումնասիրությամբ։ Նյութականի կողմից նախանձելի վիճակ ուներ, որովհետև քաղաքի ամենահարուստ ւվաճառականներից մեկի որդին էր. և չնայեւով, որ յուր հայրը մի առատասիրտ մարդ չէր, այսուամենայնիվ յուր երիտասարդական ձգտումները երբեք չէին սահմանափակվում։ Ֆիզիկական կազմությանը գալով, այդ կողմից էլ նա հարուստ էր. բարձր հասակ, լայն թիկունք, վայելուչ իրան, գեղեցիկ դեմք, գրավիչ աչքեր, և այս բոլորի հետ միասին կազմվածքի ընդհանուր առողջություն։

Ահա՛ ձեզ երիտասարդ Մաշտոցյանը, որին, իհարկե ամեն մի լավ ընտանիք կցանկանար իրեն փեսա ունենալ։

Բայց Արսենի հայրը մտադիր չէր նրան շուտով ամուսնացնելու. «Առաջ մարդ եղիր, հետո ամուսին» ասում էր ծերուկ Մաշտոցյանը, հավատացած լինելով, որ միայն վաճառական լինելուց հետո երիտասարդն իրավունք ունի «մարդ» անվանել իրեն։ Այս պատճառով և Արսենը ստիպված էր գիմնազիոնը թողնելուն պես յուր հոր խանութը տեղափոխվիլ առևտրական անհուն գիտությանը հասու լինելու համար։

Այդ խանութը, որ գտնվում էր Սիոնի փողոցի խոնավ քարվանսարաներից մինում, բնավ վատ ազդեցություն չարավ երիտասարդ ուսանողի վերա, որովհետև նա ինքն յուր մեջ հակումն էր զգում դեպի յուր համար նախասահմանյալ կոչումը։ Սկզբներում նա միայն խանութի տետրակներն էր թերթում, որոնք մի փոքր նմանություն ունեին իր մաթեմատիկական դասատետրերի հետ, հետո սկսավ հաճախորդների (մուշտարիների) ել ու մուտքը քննել և նրանց հետ խոսալու դժվար քերականությունը ուսումնասիրել, իսկ մի քանի ամսից ետ նա այնպես լավ ծանոթացավ իրեն շրջապատող աշխարհի և նրա մեջ գործող հերոսների հետ, և այնքան հմտություն ցույց տվավ իրեն հանձնված մի քանի գործերում, որ նրա հայրը վստահությամբ յուր գործերը հանձնեց նրան և հեռացավ, իրեն վերապահելով երբեմնապես որդուն խրատելու և հարկավոր ժամանակ գործակատարներին հայհոյելու սրբազան իրավունքը։ Ինչ վերաբերում է Մաշտոցյանի բնավորությանը, նա վատ չէր. յուր գիտցած տեղում համեստ, մի-մի գործերում առատաձեռն, բարեկամների հետ բարեսիրտ, ընկերական գործերում հաշվով, հասարակաց շահերին երբեմն նախանձախնդիր, միով բանիվ մի լավ գործնական հայ։ Միակ նրա պակասությունն այն էր, որ դեպի յուր թշնամին խիստ էր և անողոք. և թեպետ յուր այդ խստությունը նա քողավորում էր արտաքուստ, այսուամենայնիվ ոչ մի վիրավորանք նա չէր մոռանում առանց վրեժխնդրության։ Նա սիրում էը պատժել, բայց չէր սիրում երևալ իբրև պատմող. այդ պատճառավ նրա թշնամիներից շատերը կրում էին իրենց հանցանքի պատիժը շատ անգամ առանց գիտենալու, թե որտեղից է հասնում նրանց այդ չարիքը։ Այդպիսի վարմանց պատճառը դարձյալ գործնականությունն էր, որ չափից դուրս զարգացած էր երիտասարդ Մաշտոցյանի մեջ։ Նա չէր ցանկանում, որ իրենից դժգոհ մնան մինչև անդամ թշնամիները…

Գ


Գարնանային մի գեղեցիկ օր, երբ առհասարակ քաղաքի փափկասուն կանայք դուրս են գալիս սալարկների վերա զբոսնելու, իսկ ավելի բարեպաշտները քարշ են գալիս սուրբ Դավիթի զառիվայրերի վերա կամ Դիդուբայի ճանապարհներում, պարոն Արսեն Մաշտոցյանը գտնվում էր Մթածմինդայի բարձրանիստ թաղի մեջ։ Նա հոր հրամանավ գնացել էր այնտեղ իրենց պարտապան մի վրացի իշխանից փող պահանջելու։ (Այդ ժամանակ Արսենը դեռ նոր էր տեղափոխվել հոր խանութը և այնտեղ տակավին գործակատարի պաշտոն էր վարում)։ Իշխանական տնից, ինչպես սպասելի էր, ձեռնունայն վերադառնալով, նա ցանկացավ բորբոսնած քարվանսարան գնալուց առաջ՝ օգտվել մի փոքր գարնանային հովաշունչ եղանակից։ Ուստի յուր ճանապարհը երկարելու համար նա քայլերն ուղղեց դեպի սուրբ Դավթի բարձրավանդակը, որի զառիվայրերի վրայով այդ միջոցին բարձրանում և իջնում էին բազմաթիվ կանայք և աղջկունք, ոմանք զույգ-զույգ, այլք խմբովին, շատերը թևի թև և այլն ըստ կարգին։ Նրանցից մի քանիսը, իսկապես, ուխտ էին գնում սուրբ Դավթին, որը յուր փայլուն գմբեթով բազմած էր Մթա-Ծմինդայի կրծքի վերա. ոմանք ուխտից վերադառնում էին, բայց շատերը միայն այդ պատրվակով դուրս էին եկել նրա հովահար դարևանդների վերա զբոսնելու։ Արսենը կարևոր համարեց մի երկու քառորդ թափառել այդ ուխտագնացների մեջ, քննել սիրուն աղջիկների և կամ հարսների անցուդարձը, կարդալ նրանց մերթ անմեղ և մերթ խորհրդավոր հայացքներր և լսել մինչև անգամ դեդաների բամբասանքներից մի քանի բան, որոնք եթե չհետաքրքրեին նրան, գոնե կզվարճացնեին։ Նա գնաց, բարձրացավ, բայց շուտով նկատեց, որ իրենից զատ ոչ մի տղամարդ չէր երևում ուխտագնացների կամ զբոսնողների մեջ և բոլոր անցնողները գրեթե յուր վերա էին նայում և խմբովին ծիծաղում և կամ յուր մասին դեպի իրան նշաններ ու ակնարկություններ անում։

Երիտասարդը խիստ դժգոհ մնաց յուր որոշումից և սկսավ կամաց-կամաց վայր իջնել դեպի մեծ փողոցը։ Այդտեղ գալու համար նա անցնում էր Օրիորդական վարժարանի մոտով, որի նախադռան առաջ այդ միջոցին կանգնած էին բազմաթիվ կառքեր, բոլորն էլ ծածկված, չնայելով, որ ո՛չ անձրևային էր օրը և ո՛չ տոթագին։ Հենց որ նա հասավ կառքերի մոտ, վարժարանից սկսան դուրս թափվիլ նրա բազմաթիվ սանուհիները և խռնվիլ կառքերի շուրջը։ Շուտով երևեցավ և վերակացուհին, որ սկսավ չորս֊չորս տեղավորել նրանց կառքերի մեջ, հաստ աղջիկներին զգուշությամբ բարակների հետ կցորդելով, որպեսզի կառքերի մեջ բոլորն էլ հավասար հանգստություն վայելեն։ Տեսարանը Արսենին հաճելի թվաց. նա կանգնեց կառքի մոտ և սկսավ վանդակի սիրուն թռչնիկները զննել։ Բարեբախտաբար այդ նրան չարգիլեցին։ Երբ բոլոր սանուհիները տեղավորվեցան կառքերի մեջ, վերակացուհին անհանգստությամբ բացականչեց. «Մեկը պակասում է…»։

«Այդ ես եմ, իսկո՛ւյն…», լսվեցավ ներսից մի անուշ ձայն և նախադռան մեջ երևեցավ հրեշտակային գեղեցկությամբ մի տասնևհնգամյա աղջիկ, որը յուր կրակոտ աչքերը առաջին անգամ ուղղեց կառքերի մոտ կանգնած երիտասարդի վերա։ Նրա թափանցող հայացքից Արսենը այլայլվեցավ. յուր կյանքի մեջ նա առաջին անգամ էր տեսնում մի այսպիսի գերբնական գեղեցկություն։ Բայց հազիվ թե նա ժողովեց յուր քաջությունը կրկին անգամ յուր հանդիպակաց գեղեցկուհուն դիտելու, երբ վերակացուհու անհաճո ձայնը լսվեցավ. «Օրիո՛րդ, դուք միշտ ուշանում եք»։ Գեղեցիկ աղջիկը այծյամի արագությամբ իջավ նախադռան սանդուղքից և բարձրացավ կառքի վերա։ Կառաշարը իսկույն ճանապարհ ընկավ։

Երիտասարդը կանգնած տեղը արձանացած՝ երկար ժամանակ նայում էր հեռացող կառքերին և երբ նրանք անհետացան յուր աչքից, այն ժամանակ միայն ինքն իրեն հարցրեց. «Ինչո՞ւ մի անգամ էլ չտեսնել նրան…», և այս ասելով սկսավ շտապեցնել քայլերը կառքերին հասնելու համար։ Բայց հազիվ թե մի քսան քայլ փոխեց, երբ հանկարծ հասկացավ այն դժվարիմանալի ճշմարտությունը, որ ինքը չէր կարող ոտքով սլացող կառքերի ետևից հասնել։ Ուստի առաջին պատահած կառքի վերա թռչելով «քեզ մի կլոր մանեթ, եթե այստեղից անցնող կառախմբին կհասնես», ասաց նա կառապանին և վերջինս այնպիսի ոգևորությամբ մտրակեց ձիաներին, որ կառքի հանկարծական շառաչյունը դղրդեց ամբողջ փողոցը։ Մի քանի րոպեից ետ երիտասարդ Մաշտոցյանի սրարշավ կառքը հասավ սանուհիների կառախմբին և սկսավ յուր չափավոր ընթացքով հետևել նրան։

Փառավոր շինություններից մեկի մոտ կառախումբը կանգնեց։ Սա այրի իշխանուհիներից մեկի ապարանքն էր, ուր այդ օրը վարժարանի սանուհիները հրավիրված էին։ Արսենն այս տեսնելով ցած իջավ կառքից և շտապավ հանդիպակաց մուտքի մոտ կանգնեց, որի առջևից սանուհիները պիտի անցնեին իշխանուհու տունը մտնելու համար։ նա սկսավ բոլորին դիտել, բայց ոչ մինը յուր տեսած գեղեցկուհու նման չէր. մի վայրկյան նա կամեցավ հուսահատվիր կարծելով, որ գեղեցկուհին արդեն ներս է մտել։ Բայց նա սխալվում էր: Գեղեցկուհին դեռ կառքից չէր իջել, նա եկավ, բայց էլի ամենից վերջը։ Արսենը տեսավ նրան և սկսավ մեծ-մեծ աչքերով նայել նրա վերա, կարծես կամենալով հենց այդ աչքերով էլ կլանել նրան։ Սիրուն սանուհին դարձյալ նայեց իրեն դիտող երիտասարդի վերա, բայց այս անգամ զարմացած աչքերով, որոնք կարծես տարակուսում էին հավատալ թե սա ա՞յն երիտասարդն է, որին մի քանի րոպե առաջ տեսել էին վարժարանի մոտ։ Վերջապես գեղեցկուհին էլ ներս մտավ և պարոն Արսեն Մաշտոցյանն այլևս հույս չունենալով նորից նրան տեսնելու, գլուխը քաշ գցած ետ դարձավ դեպի յուր հոր ամենասիրելի բնակավայրը -բազմախոռոչ քարվանսարան։

Ծերուկ Մաշտոցյանը դժգոհ յուր որդու դատարկաձեռն առաքելությունից և մանավանդ նրա ուշանալուց, մի քանի նախատական խոսքերով պատվեց նրան, բայց վերջինս ուշադրություն անգամ չդարձրեց հոր նկատողություններին։ Նրա խելքն ու միտքը զբաղված էին յուր տեսած գեղանիով։ Ո՞վ էր նա, ո՞ւմ աղջիկն էր, ո՞րտեղ կարելի էր տեսնել նրանց կամ ծանոթանալ նրա հետ, այս հարցերը մեծ մտատանջություն էին պատճառում երիտասարդին։ Այդ օրը նա մինչև անգամ շատ քիչ ճաշեց և մնացած ժամերն անցկացրեց լռիկ մտախոհությամբ։

Հետևյալ օրը նա կրկին գնաց վարժարանի փողոցը՝ պտտեց նրա շուրջը մի քանի անգամ, նայեց նրա կիսածածկ պատուհաններին, կանգնեց նախադռան մոտ, կրկին ետ եկավ, կրկին պտտեց, բայց յուր գեղեցկուհուն ոչ մի տեղ նշմարել չկարողացավ։ Վերջապես նա մոտեցավ ծերուկ դռնապանին, որը սանդուղքների վերա նստած ծխում էր և հարցրեց.

Չգիտե՞ք արդյոք, ո՞վ էր այն աղջիկը, որ երեկ իշխանուհու տունը գնալու ժամանակ ամենից վերջը դուրս եկավ այստեղից։

- Նրանք բոլորն էլ միասին դուրս գնացին, պատասխանեց պահապանը, ոչ ոք այնտեղ իրավունք չունի միայնակ դուրս գնալու։ Ո՛չ, դուք ինձ չհասկացաք, ես այն աղջիկն եմ ասում» որ ամենից գեղեցիկն էր։

Այստեղ բոլորն էլ գեղեցիկ են, նկատեց դռնապանն առանց գլուխը բարձրացնելու։

Ուրեմն, դուք նրանց միմյանցից չեք զանազանում:

Իհարկե ոչ, դա իմ ի՞նչ գործն է։

Կնշանակե դուք այստեղ ոչ ոքին չեք ճանաչում։

Իհարկե ոչ, սատանան ճանաչի նրանց։ ես միայն դռնապան եմ և ուրիշ ոչինչ։

Երիտասարդը տեսավ, որ յուր ցանկացած մարդուն չէր հանդիպել և յուր հետազոտությունն ապարդյուն է անցնում, ուստի ցած իջավ նախադռան սանդուղքներից, մի քանի անգամ էլ նայեց վարժարանի կիսածածկ պատուհաններին, դիտեց ներսից երևացող աղջկերանց գլուխները, նայեց աջ ու ձախ և ապա ոչ մի շահավոր եզրակացության չդգալով` գլխիկոր վերադարձավ տուն։

Այնուհետև նա դարձյալ մի քանի անգամ զբոսանքի գնաց այդ կողմերը, զանազան հնարներ գործ գրավ յուր անծանոթ գեղեցկուհուն կրկին անգամ տեսնելու, կամ գոնե նրա ազգանունն իմանալու, բայց իզուր. այդ բանը նրան չհաջողվեցավ և երիտասարդը վերջ ի վերջո վճռեց այլևս չմտածել յուր գեղեցկուհու մասին։

Դ

Այս անցքից հետո անցան երեք երկար տարիներ։ Երի- տասարդ Մաշտոցյանը այդ բոլոր ժամանակում հոգվով և մարմնով նվիրվեցավ հոր գործին։ Առաջին տարում արդեն նա տիրապետել էր նրան և յուր աչալուրջ ու հմուտ գործավարությամբ արժանացել էր հոր վստահությանը, այդ պատճառավ և վերջինս, ինչպես առաջ էլ հիշեցի, հոժարությամբ տեղի տվավ յուր առույգ և երիտասրադ որդուն, հանձնելով նրան յուր բոլոր գործերր, յուր գույքն ու պարտքը, և յուր առևտրական տան հոգսերը։

Այնուհետև երիտնյսարդ որդու համար բացվում էր գործունեության լայն և ընդարձակ ասպարեզ. իհարկե, ո՛չ փշալից ու տատասկոտ, որպիսիների մեջ գործում են առհասարակ դժբախտ գրագետները, հեղինակները, մանավանդ խմբագիրները, այլ մի ասպարեզ, ուր առանց ցանելու բուսնում է վարդը, ուր առանց քաջագործությունների հնձում են դափնիներ… Սինքլոր խուժանը սիրում է ա՛յն աստծուն, որի հրաշքները աչքով տեսնում է. իսկ ոսկին, որ բուսնում է այդ ասպարեզի վերա, ամենից շատ է հրաշքներ գործում։ Ահա թե ինչու հարուստների փառքը աճում է ժամերով։

Կարճ ժամանակի մեջ Արսեն Մաշտոցյանի անունը ընդհանրացավ. նրա գործերը գնալով մեծ ծավալ էին ստանում, քաղաքի մեջ արդեն կրկնապատկվում էին նրա խանութները, և Մաշտոցյան տան ֆիրման, որ մինչև այն միայն Մոսկվայի հետ ուներ հարաբերություն, այժմ հաստատում էր յուր սեփական տան բաժանմունքները և' Վիեննայում, և՛ Պարիզում, և՛ Մանչեստրում, և՛ Մարսելում։

Երիտասարդ վաճառականի դրամական ուժը գնալով բազմապատկվում էր, որովհետև նրա բոլոր ձեռնարկություններն էլ հաջողվում էին։ Մյուս կողմից էլ ժամանակի արդյունավոր դրությունը նպաստում էր նրա շահերին։ Մի քանի հայտնի գործերի մեջ նշանավոր օգուտներ գանձելով, Արսեն Մաշտոցյանը ժողովրդյան բերանը անցավ. և չնայելով, որ նա խիստ խորհրդապահ էր և յուր նյութական կարողության վերաբերությամբ ոչինչ չէր խոսում նույնիսկ յուր ամենամտերիմ բարեկամների հետ և մինչև անգամ յուր հաշվապահները մի որոշ գաղափար չունեին նրա հարստության մասին, այսուամենայնիվ ժողովուրդը պարոն Մաշտոցյանին կես-միլիոնատեր էր ճանաչում, մի հարստություն, որ Կովկասի մեջ պատկառելի է համարվում, չնայելով, որ մի եվրոպացի դերասանուհի առանց քաշվելու կարող էր ծիծաղել նրա վերա։

Այսպիսի մի համ բավ ստանալուց հետո, հարկ չկա ասել, որ մեր երիտասարդ կես-միլիոնատերը պիտի պաշարվեր բազմաթիվ անկոչ բարեկամներով։ Ամեն տեղ նրան գլուխ են տալիս, ամեն տեղ մեծարում են, ամեն տեղից հրավիրում են, հասարակական (ձրիավար) պաշտոններ են առաջարկում և այլ բազմաթիվ փառք ու պատիվներ են ընծայաբերում: Բայց ինքը` պարոն Մաշտոցյանը` շատ ուրախ չէր այդ պատիվները ստանալով, որովհետև այդ բոլոր ոչնչությունների համար նա ստիպված էր փող վճարել։ Հոգնեցնում էին նրան մանավանդ բարձրաստիճան պաշտոնակալների մտերմական գրությունները, որոնք անընդհատ նրա քաջառողջության մասին տեղեկություններ էին հարցնում, իսկ ստորագրությունից առաջ կամ Հ. Գ.-ից ետ փող պահանջում երկու օրով կամ շատ-շատ մի շաբաթով պայմանաժամ, որ երբեք չէր լրանում…

Շատ անգամ պարոն Մաշտոցյանը զայրանում էր ինքն յուր վերա, որ մի դատարկ փառասիրության շնորհիվ կապվել էր այդ բյուրոկրատ մարդիկների հետ, որոնք իրենց անխիղճ պահանջներով հանգստություն չէին տալիս իրեն, բայց երբեմրն էլ մխիթարվում էր, երբ նրանց աջակցությամբ խլում էր յուր մի զորեղ հակառակորդներից մի օգտավետ կապալ կամ մի պատվաբեր հանձնարարական։

Առևտրական տեսակետից նայելով գործին, հարկ չկա ասել, որ Մաշտոցյանը վնաս չէր անում այդ զոհաբերությունների մեջ. ըստ որում, մեկի փոխարեն ստանում էր հինգ կամ տասն, մանավանդ պարտավորված աստիճանավորը միշտ երախտահատույց է լինում երկյուղը միայն ապագայի մասին էր` այսինքն երբ այսօրվա աստիճանավորը վաղը պաշտոնաթող լինելով կշարունակեր ձանձրացնել իրեն, առանց փոխարինել կարողանալու:

Բայց ինչևէ, այս բոլոր կողմնակի հաշիվներն ի մի գումար առած, դարձյալ տարվա վերջում Մաշտոցյանի զեն և շահու կշիռը չէին ծանրացնում. հաջողակ առևտրի օգուտը ծածկում էր ընդհանուր Ծախուց մեծությունը և Դրամագլխի գումարը հաստանում էր օրեցօր։

Այսպիսի հաջողակ հանգամանքներում առհասարակ զարթում է երիտասարդների մեջ ամուսնանալու ցանկությունը, թեպետ նա ձախորդության ժամանակ էլ քնած չէ լինում երիտասարդների սրտերում, այս պատճառով և պարոն Արսեն Մաշտոցյանը վերջին ժամանակները սկսել էր ողորմածաբար ականջ դնել յուր մերձավորների խրատին, որով նրրանք ստիպում էին նրան ամուսնանալ։ Երիտասարդի «հոգին hոժար էր, մարմինն էլ տկար չէր», բայց խնդիրը նրանում էր, թե ի՛նչ աղջիկ պիտի ուզեր, որովհետև ամբողջ Թիֆլիսը յուր բոլոր արտադրություններով չէր կարողանում գրավել մեր հարուստ փեսայացուի սիրտը։

Ե

Աշուն էր․ խոնավ և մառախլապատ երեկո։ Մի կողմից տեղում էր անձրևը և մյուս կողմից փչում էր քամին և ողողում անցորդներին ոտից մինչև գլուխ։ Քաղաքի փողոցները հետզհետե դատարկվում էին, և խանութները սկսում էին խավարվել։ Ասպարեզը մնացել էր անհամբեր կառքերին, որոնք սրարշավ թռչում էին աջ և ձախ, մեկ փողոցից դեպի մյուսը, տանելով իրենց մեջ հազար և մի տեսակ արդար ու մեղավոր արարածներ…

Բայց չնայելով եղանակի վատթարությանը, քաղաքային ակումբը տալիս էր այդ երեկո յուր ձմեռային բնակարանի առաջին պարահանդեսը, որի չար բախտից խառնվել էին տարերքը։ Ամբողջ փողոցի վերա միայն այդ ժողովարանի տունն էր, որ յուր ներսում կենդանություն էր ցույց տալիս։

Երկու գազեղեն ղամբարները լուսավորում էին նրա ընդարձակ մուտքը, որի առաջ հետզհետե գալիս խռնվում էին բազմաթիվ կառքեր, բերելով իրենց հետ ակումբների պատվելի անդամներին, անդամուհիներին, պարահանդեսի ասպետներին և նրանց ազնվազարմ տիրուհիներին։ Ակումբի նախագավթի մեջ տիրում էր մեծ իրարանցում: Օրիորդները ու տիկինները արդեն սկսել էին հոգնեցնել սպասավորներին, վերջինները զբաղված էին գլխավորապես նրանց բազմազան վերնազգեստների, շալերի ու փողպատների՝ կախարանների վերա տեղավորելովը։ Երիտասարդ ասպետներն իրենց կողմից չարչարում էին միայն նախագավթի մեծ հայելին և նրա առաջ դրած սանդրերն ու խոզանակները։ Շտապով և գրեթե միմյանց թևակոխելով՝ նրանք սանրվում ու կոկվում էին, ցավելով միևնույն ժամանակ, որ ակումբի վարչությունը մոռացել էր նախագավթի մեջ մի արդուկ (ութո) էլ հոգալու իրենց մազերն ըստ պատշաճին արդելու համար։

Եվ այսպես, ամենից առաջ պատրաստվողները միմյանց ետևից շտապում էին դեպի վեր, բայց այնպիսի անհանգստությամբ, որ կարծես իրենցից առաջ անցնողները պարահանդեսը կերան, առանց իրենց վերա մտածելու։

Հանգիստ սրտնով էին մոտենում այդ պատրաստություններին միայն ծերունիները, կամ գոնե հիսունից ոչ պակաս աշուն տեսնողները։ Նրանք գիտեին, որ վերև իրենց սպասողներ չկան, և որ երաժշտությունն իրենց համար չպիտի նվագե։ Շատ-շատ իրենց հասակակիցներից մինը պիտի հրավիրեր նրանցից մինին յուր հետ նարդ խաղալու և մի ուրիշը թավազա պիտի աներ մյուսին Էֆենջյանցի մի պապիրոս կամ մի պտղունց քթախոտ։ Բայց թե ինչու՞ նրանք անպատճառ պարահանդես էին եկել, այդ դժվար է իմանալ. մարդիկ միշտ աշխատում են ապրել․ իսկ ապրողին չէ կարելի ստիպել, որ նա չզվարճանա։

Բոլորովին ուրիշ տեսարան էր ներկայացնում կանանց առանձնարանը։ Սա ավելի նման էր մի վարսավիրի (պարիկմախերի) խանութին, միայն այն զանազանությամբ, որ սա ավելի ճոխ էր զարդարված։ Սենյակի չորս պատերը բռնած էին ոսկեզօծ հայելիներ իրենց մարմարյա սեղաններով, որոնց վերա խառնիխուոն ընկած էին զանազան տեսակ սանդրեր, խոզանակներ և ապակյա տփիկներ, լի զանազան հոտավետ փոշիներով։ Իսկ մնացած պարապ անկյուններում շարված էին թավշյա բազմոցներ ու թիկնաթոռներ՝ պես-պես ոճով ու տարազով։ Տիկիններից մի քանիսը, որոնք դեռ նոր էին շնորհ բերել այդտեղ, կրծքերի գեղեցիկ ելևէջով հանգչում էին բազմոցների վերա, մի քանիսը կանգնած հայելիների առաջ զգուշությամբ ուղղում էին իրենց հագուստը, և նրանց վերայի զարդերը, ուրիշները կարգավորում էին գլխի հյուսակները, ծաղիկները և այլ պաճուճանքները։ Սակավաթիվ չէին և նրանք, որոնք մի ձեռքով բռնած պուդրայի փնջիկը, իսկ մյուսով փափուկ և սպիտակ ղենջակը, անընդհատ փորձում էին սպիտակացնելու իրենց դեմքի կամ պարանոցի այս կամ այն մասը, բարձրաձայն գանգատվելով, որ շուտ-շուտ քրտնելու վատ սովորություն ունին, որին դժբախտաբար միայն օգնում էր անուշահոտ փոշին։

Համեստ օրիորդներից մի քանիսն էլ շուտ-շուտ դահլիճից վերադառնում էին այդտեղ, պատճառաբանելով, որ հյուրերի սակավության պատճառավ դահլիճը դեռ ցուրտ է, և ցանկանում էին մի քանի րոպե տաքանալ առանձնարանում, և այդ ժամանակ պատահմամբ նկատելով հայելու մեջ, որ իրենց զարդերի կամ գանգուրների ներդաշնակությունը խանգարված է, իսկույն ուղղում էին նրան և գոհ սրտով հեռանում, շարժելով միևնույն ժամանակ բազմոցների վերա հանգչող տիկնանց ծիծաղը, որոնք միևնույն ժամանակ սրտատրոփ սպասում էին, որ հայելիները զուգվողներից ազատվին և հերթը հասնե իրենց։

Վերջապես երաժշտությունը թնդաց և ամեն կողմ ցրված հյուրերը գունդագունդ հավաքվեցան ընդհանուր դահլիճը, որ լուսավորված էր բյուրեղյա երեք մեծամեծ ջահերով և բազմաթիվ կանթեղներով։ Շուտով ընկերները ընկերուհիները պտրտելու ելան, և ասպետները տիրուհիներին պատահեցին: Ջերմաջերմ ողջույններ, քաղցր զրույցներ, հաճոյախոսություններ և մանավանդ նորանոր ծանոթություններ, մի քանի րոպե երաժշտությունը մոռացվեցավ, չնայելով, որ նա անընդհատ որոտում էր։

Ես վաղուց փափագում էի ծանոթանալ ձեզ հետ, оրիորդ, և այժմ օրհնում եմ այն առիթը, որ ինձ հասցնում է նպատակին… հաճոյարար խոսում էր ասպետներից մինը:

Այո՛, ես այդ գիտեի, շնորհակալ եմ, ծեքծեքվելով և հակիրճ պատասխանում էր օրիորդը, և ականջ դնում ասպետի մյուս հաճոյախոսություններին։

Տիկին, դուք հրաշալի եք այս երեկո, մի թե Աստղիկը ձեզ հանձներ յուր դերը, քաղցր ժպիտով հարցնում էր գրագետներից մինը, հին վարժուհիներից մինին։

Աստղիկն անձամբ ներկա է այստեղ, hանձնապաստան կատակով պատասխանում էր տիկինը և շարունակում յուր դիցաբանական զրուցատրությունը։

Պատիվ ունիմ ներկայացնելու ձեզ, օրիորդ, պարոն Սերովբե Նախլամազյանին, դոկտոր փիլիսոփայության մասնագետ մանկավարժ և անհաշտ թշնամի բժշկականության… մի առանձին հոգատարությամբ և բառերի կտրուկ շեշտահարությամբ ծանոթացնում էր կես համալսարանականի մեկը մի ամբողջ համալսարանականի՝ սևաչյա և բարձրահասակ մի աղջկա հետ, իսկ այս վերջինը քնքշբար հայտնում էր յուր գոհունակությունը այդ նոր ծանոթության համար։

Բայց մենք, իհարկե, բոլորի խոսակցություններից նմուշներ չպետք է բերենք։

Պարերն սկսվում էին։ Ասպետները շտապեցին աթոռների վերա վիճակ ձգելու և յուրաքանչյուրը՝ նրանցից մի զույգ իրեն և իր տիրուհուն հատկացնելով, կապեց նրանց միասին յուր սպիտակ թաշկինակով ապագա կադրիլի համար և ինքը պատրաստվեցավ նախերգանք վալսում շահատակելու։

Վալսը սկսվեցավ. սև ֆրակներն ու սպիտակ ձեռնոցները փաթաթվեցան ճկուն ու դյուրաթեք մեջքերին, նրբաստեղծ շրջազգեստներն իրենց փրփրադեզ քղանցքներով մտան ասպարեզ, ակումբի դահլիճը կերպարանափոխվեցավ, մարդ թև կին թիթեռներ դարձած սկսան ճախրել աջ ու ձախ։ Վալսը գնալով տաքանում էր, մարդիկ ոգևորվում էին, կանայք հիանում կամ բարկանում. բայց ընդհանրապես երևում էր, որ բոլորն էլ գոհ էին, թե՛ պարող և թե՛ նայող, բոլորի երեսին էլ փայլում էր հրճվանք, կարծես աշխարհում մի քանի րոպեի մեջ վշտերը չքացել էին։

Երկար շարունակվում էր վալսը, ասպետներից յուրաքանչյուրն արդեն հոգնեցրել էր մի քանի տիրուհիներ և ձեռնոցները ձգձգելով դեռ որոնում էր ուրիշները։

Բարեբախտաբար պարոն պարապետն ասպարեզը դատարկ գտնելով լռեցրեց երաժշտությունը և վերջ տվավ ծայրահեղ ոգևորություններին։

Մի փոքր ժամանակից ետ, երբ պարախումբը պատրաստվել էր արդեն առաջին կադրիլի համար և ճակատ առ ճակատ կանգնած սպասում էին պարապետի հրամանին, շտապավ ներս մտավ դահլիճը պարոն Գևորգ Սիմբրյանը, որի հետ ընթերցողները առաջին գլխում ծանոթացան, և սկսավ անհանգստությամբ չորս կողմը հածել յուր աչքերը։ Ըստ երևույթին նա պտրտում էր մեկին, բայց ո՞վ էր այդ մեկը, հայտնի չէր: Երբ երաժշտությունը սկսավ յուր գործը, և պարողները փութացին միմյանց մեջ խառնվելու, պարոն Սիմբրյանը թթվեցրեց դեմքը և դուրս գնաց։ Նա ցանկացած յուր անձը չէր գտել դահլիճի մեջ։ Հենը այդ միջոցին երբ նա անցնում էր նախասենյակից, ակումբի շատախոս անդամներից մեկը զանազան բացականչություններով ողջունում էր սանդուղքներով բարձրացող յուր բարեկամներից մինին։ Սիմբրյանը հետաքրքրությամբ ետ նայեց դեպի սանդուղքները և տեսնելով պարոն Արսեն Մաշտոցյանին, որ ծիծաղադեմ բարձրանում էր դեպի վեր, շտապով խույս տվավ նախասենյակից։

Քn տալոջ աղջիկը իմ գործը պիտի խանգարե, կամացուկ շշնջաց նա յուր կնոջ ականջում, որը պարսկական ոճով կահավորված մի սենյակում ազատորեն ձգվել էր բազմարանի վերա և ուրախ ուրախ խոսում էր մի քանի երիտասարդների հետ։

Ի՞նչ է պատահել, անհանգստությամբ հարցրեց Ռոզա Անդեևնան և խոսակիցները թողնելով, առանձնացավ ամուսնու հետ սենյակի անկյունը։

Ամալիան դեռ չէ երևում, իսկ Մաշտոցյանը արդեն այստեղ է, խորհրդավոր եղանակավ հայտարարեց Սիմբրյանլւ և աչքերը հարցական ձևով հառեց դեպի ամուսինը։

Եվ ա՞յդ է Ամալիայի հանցանքը, արհամարհական ժպիտով հարցրեց տիկինը։

Իհարկե, և դու երևի դրան նշանակություն չես տալիս։

Ի՞նչ նշանակություն պետք է տալ։

Ա՛յն, որ գործը կարող չէ հաջողվիլ:

Բայց ինչո՞ւ համար, ասա՛ խնդրեմ, մի՞թե քո շինելիք գործը այնքան խախուտ հիմք ունի, որ Ամալիայի ուշանալը կարող է նրան խանգարել։

Ա՛յ կին, նա մինչև անգամ հիմք չունի, ես նոր եմ նրան հիմնարկում, հասկանո՞ւմ ես։

Էհ, ուրե՞մն…

Ուրեմն եթե նա ուշանա, Մաշտոցյանը կարող է դուրս գնալ, որովհետև ես նրան հազիվ այսօր համոզեցի մի քառորդ ժամ նվիրել այս գործին և այսպես բանը կդժվարանա։

Օ՜ , հո՜, հո՜, շատ մեծ մարդ է. կարծես Ամալիային փեսաներ են պակասում, արհամարհանոք նկատեց տիկինը։

Դու նրա համար ես այդպես խոսում, Ռոզա, որովհետև ապագայի մասին չես սիրում մտածել, և մանավանդ, որովհետև կին ես, նեղացած խոսեց Սիմբրյանր։

Երբեք էլ չէի ցանկալ մարդ լինիլ, ընդհատեց տիկինը։

Հավատում եմ, որովհետև հիմարները ավելի հանգիստ են ապրում աշխարհում։

Մինչդեռ երկու ամուսինները այս վիճաբանության մեջ էին, ներս մտավ Ագապյան գեղեցկուհին յուր իշխանուհի մոր ընկերակցությամբ։

Վարժարանն ավարտելուց ետ այս առաջին անգամն էր, որ օրիորդ Ամալիան մտնում էր հասարակաց պարահանդեսը… Այդ օրը նա արդեն տասնևութ տարեկան էր, հետևապես ժամանակն էր, որ նա երբեմնապես վայելեր աշխարհային զվարճությունները և սովորեր զանազանել աշխարհի չարն ոա բարին։

Այդպես էր ասում իշխանուհի Դարիան։

Սիմբրյան և Ագապյան տան ներկայացուցիչները մտերմաբար ողջունեցին միմյանց։

Ամալիա, դու մորեղբորդ շատ անհանգստացրիր, քո պատճառով նա կամենում էր կռվել ինձ հետ, ասաց տիկին Սիմբրյանը։

Մի՞թե, և ինչու համար, հարցրեց օրիորդը հետաքրքրությամբ։

Դու շատ ուշացար, իսկ նա պատճառ ուներ քեզ ավելի վաղ սպասելու։

Կատակ է անում Ռոզան, շտապեց մորեղբայրը ընդհատել կնոջը, վախենալով նրա շատախոսությունից։

Թողեք, խնդրում եմ, որ նա խոսի, պահանջեց օրիորդը, երևի ես մի հանցանք եմ գործել իմ ուշանալովս։

Բայց տիկին Աիմբրյանը, որ ամուսնու խորհրդավոր ակնարկությամբ արդեն զգացել էր յուր լռելու անհրաժեշտությունը, փոխեց յուր խոսքի վերջավորությունը։ Մորեղբայրդ ցանկանում էր, որ այսօր դու մի քանի ժամ ավելի վայելեիր պարահանդեսի զվարճությունները, ասաց նա, այդ պատճառավ նեղացավ ինձանից, որ ես անձամբ չեմ եկել քեզ ավելի վաղ այստեղ բերելու։ Բայց ոչինչ, դեռ ժամանակ շատ ունինք․ գնանք դահլիճը, ավելացրեց նա և օրիորդին յուր թևն առնելով դիմեց դեպի բուն պարահանդեսը։

Պարոն Սիմբրյանը շտապեց Մաշտոցյանին որոնելու։ Նա գտնվում էր յուր հավասարակիցների մի շքեղ շրջանում, ուր տաք֊տաք խոսում էին մի անծանոթ գեղեցկուհու մասին, որը այդ երեկո յուր այցելությամբ պատվել էր ակումբի պարահանդեսը։ Մաշտոցյանը նրան չէր տեսել, բայց հետաքրքրությամբ լսում էր յուր խոսակիցներին։

Մի երկուսն ասում էին, որ նորեկը ֆրանսուհի էր և երևի դաստիարակչուհի տեղական հարուստներից մեկի տանը։ Ուրիշները՝ թե նա վրաց մի իշխանուհի է, որը երևի ապրում է Թիֆլիսից դուրս. գտնվեցավ մինչև անգամ մի երիտասարդ, որ պնդում էր, թե այդ աղջիկն օպերայի դերասանուհիներից մինն, և որ ինքը նրան տեսել է «Ֆաուստի» մեջ Մարգարիտի դերում։

Սիմբրյանը իսկույն հասկացավ, թե ի՞նչ աղջկա մասին է խոսքը և ուրախացավ ինքը յուր մեջ։ «Բանը ինքն իրեն շինվում է, մտածեց նա և մոտեցավ Մաշտոցյանին։

Կամենում ես տեսնել այդ գեղեցկուհուն, կամա֊ ցուկ շշնջաց նա նրա ականջին։

Երևի այդ նա է այնպես չէ՞։

Չգիտեմ, ե՛կ և տես։

Մաշտոցյանը իսկույն թևը տվավ Սիմբրյանին և նրանք երկուսը միասին մտան դահլիճը։ Կադրիլը վերջանում էր։ Հյուրերի մեծամասնությունը հառել էր յուր աչքերը դեպի դահլիճի ճակատը, ուր ջահերի շլացուցիչ լուսավորության առաջ, ինչպես գերբնական մի դիցուհի կանգնած էր օրիորդ Ամալիան։ Նրա հարուստ երկնագույն շրջազգեստը, որ զարդարված էր ամենանուրբ հյուսկեններով և միայն կիսով չափ էր քողավորում յուր մարմարյա կուրծքն ու բազուկները, մի առանձին պերճություն էր տալիս նրա ուղղաձիգ հասակին, որի վերա շնորհաշուք կերպով իշխում էր յուր հպարտ և գեղեցիկ գլուխը։ Նրա սևորակ ու կրակոտ աչքերը, որոնք հովանավորված էին երկարատեգ արտևանունքներով, մերթ ընդ մերթ նայում էին դեպի դահլիճի չորս բոլորքը, որտեղ հարյուրավոր աչքեր հիացմամբ դիմում էին իրեն, երբեմն էլ այդ հայացքները ետ մղելու համար գեղանի օրիորդը ծածկում էր յուր դեմքը փղոսկրյա հովհարով, որի քնքշիկ շարժումներից ծածանում էին գեղեցիկ գանգուրները յուր սպիտակափառ ճակատի վերա։

Մանկամարդ իշխանուհին դեռ ժպտադեմ և շնորհաշուք խոսակցում էր տիկին Սիմբրյանի հետ, երբ վերջնոյս ամուսինը յուր թևն առած երիտասարդ Մաշտոցյանին, մտավ դահլիճը։

-Ո՞ւր է գեղեցիկ աղջիկը,- հետաքրքրությամբ հարցրեց երիտասարդը։

-Ահա՛, մեր դիմաց, մատնացույց արավ դեպի նրան Սիմբրյանը։

Երիտասարդը տեսավ գեղեցկուհուն թե չէ, քնից զարթնածի նման խլեց յուր ձեռքը Սիմբրյանի թևից և մի քանի քայլ առաջ անցավ դեպի գեղանին։

-Ի՞նչ պատահեց քեզ, գժվեցար, ծիծաղելով հարցրեց Սիմբրյանը։

-«Աստված իմ, սա այն աղջիկն է, ճիշտ ա՜յն աղջիկը», շշնջաց ինքն իրեն երիտասարդը, ուշ չդարձնելով Սիմբրյանի խոսքերին։

-Ո՞ր աղջիկը, մի՞թե դու նրան ճանաչում ես, հարցրեց կրկին Սիմբրյանը։

-Այո՛, ես այդ աղջկան տեսա երեք տարի սրանից առաջ Օրիորդական գիշերօթիկում. ես տեսա նրան մի օր, և էլ այնուհետև ոչ մի տեղ չկարողացա տեսնել. նրա գեղեցիկ դեմքը ես մինչև այսօր էլ հիշում եմ, նույնն է, ինչ որ էր երեք տարի սրանից առաջ, նա գրեթե չի փոխվել։

-Ուրեմն դու տեսել ես իմ քրոջ աղջկան դեռ իմ ցույց տալուց առաջ։

-Ների՛ր ինձ, խնդրում եմ, այս գեղանին տեսնելուց ետ, ես էլ ոչ մի աղջկա անուն լսել չեմ կարող, ես պետք է իմանամ, թե ո՞վ է այս դիցուհին և նրա ետևից պիտի գնամ թեկուզ մինչև աշխարհի վերջը, ջերմությամբ պատասխանեց երիտասարդը, առանց ըմբռնելու Սիմբրյանից լսածի միտքը և շտապեց դեպի առաջ։

Ո՞ւր ես վազում, խելագար, բացականչեց Սիմբրյանը նրա թևից քաշելով, քեզ ասում եմ, թե դա իմ քրոջ աղջիկն է։

Մաշտոցյանը ետ դարձավ և սկսավ զարմացած աչքերով նայել Սիմբրյանի վերա։ Նա կարծես չէր հավատում նրա խոսքերին և պատրաստվում էր հանդիմանել նրան յուր ստախոսության համար։

Դու դժվարանում ես հավատալ, այնպես չէ՞, գուշակեց Սիմբրյանը։

Այո՛, ես չեմ հավատում ձեզ, պատասխանեց երիտասարդը վստահությամբ։

Նայի՛ր, ուրեմն. ովքե՞ր են նրա մոտ կանգնած, իմ կինս և քույրս, դու հո՛ ճանաչում ես նրանց։

Այո՛, նա խոսում է Ռոզա Անդրեևնայի հետ, իսկ նրա կողքին կանգնած է իշխանուհի Ագապյանը… Ուրեմն, ճշմարիտ որ նա ձեր քրոջ աղջիկն է։

Այժմ հավատո՞ւմ եք ինձ։

Այո՛, բայց մի՞թե այս օրիորդի ձեռքն էիք խոստանում ինձ։

Նույնիսկ այդ օրիորդի։

Օ՜հ, եթե արդարև դուք կամենում եք դրանով բախտավորեցնել ինձ, ես հավիտյան երախտագետ կլինեմ դեպի ձեզ, ջերմությամբ բացականչեց երիտասարդը և ամուր ամուր սեղմեց Սիմբրյանի ձեռքը։

Դուք ցանկանում եք Ամալիայի հետ ծանոթանալ, այնպես չէ՞ ։

Կյանքս կտայի դրա համար։

Գնանք ուրեմն, ասաց Սիմբրյանը, ես քեզ կներկայացնեմ իմ քրոջը և քեռորդուն։ Եվ նրանք երկուսը միասին դիմեցին դեպի նրանց։

Քիչ ժամանակից ետ պարոն Արսեն Մաշտոցյանը ճեմում էր դահլիճի մեջ գեղեցիկ իշխանուհու հետ միասին և քաղցր զրուցատրությամբ զբաղեցնում էր նրան։ Իշխանուհի Դարիան հետևում էր նրանց, խոսակցելով յուր եղբոր և նրա կնոջ հետ, բայց միևնույն ժամանակ տեսությունից չհեռացնելով երիտասարդ զույգին, ինչպես մի հմուտ որսորդ, որ քայլ առ քայլ հետևում է միամիտ երեին։

Ինչ վերաբերում է օըիորդ Ամալիային, նա շատ հաճությամբ էր լսում նոր բարեկամի զրույցներն ու հաճոյախոսությունները, ինչպես առհասարակ բոլոր նորավարտ սանուհիները, հետևապես առանց դիմադրության էլ ընդունեց նրա առաջարկությունը երկրորդ կադրիլում յուր հետ պարելու։

Մաշտոցյանի բարեկամները, տեսնելով նրան պարահանդեսի այդ միակ թագուհու հետ մտերմացած, նախանձից մեռնում էին, բայց որովհետև նրան խանգարել չէին կարող, հետևապես ստիպված էին իրենց ճակատագիրը անիծելու։

Պարահանդեսի վերջում պարոն Մաշտոցյանը մի մեծածախ ընթրիքով պատվասիրեց Ագապյան և Սիմբրյան գերդաստանի չորս թանկագին անդամներին ու գոհ սրտով և հոգվո ամենաուրախ տրամադրությամբ վերադարձավ տուն:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Ինչ լայնեղ է"

Ятук Музыка
Не бойся - Хайтарма
Александр Спендиарян

Не бойся - Хайтарма

Материнство
Материнство
Играть онлайн