Мурацан

Չհաս է

9

ԼԳ

ՍՐԲԱԶԱՆԻ ԲԱՌԱՐԱՆԸ

Վերադառնալով տուն` Պետրոսը հայտնեց յուրայիններրին, որ առաջնորդը արդեն վերջնական հրաման է արձակել իրենց պսակը արգիլելու համար և պատմեց բարեկարգիչ հոր խոստովանաբար իրեն հետ խոսածները և նրա տված խորհուրդները։

Երկու լուրերն էլ հուսահատեցնելու չափ տխրեցրին Աստղիկին։ Մինչև այն, նա հույս էր տածում յուր սրտում, թե գուցե դեռ կհաջողվի տեր Գարեգինին հրաման ստանալ օրինական ճանապարհով, որովհետև վերջին անգամ նա ասաց, թե` «ես իմ բոլոր ուժս գործ կդնեմ, որ այս արժանավոր միությունը չխափանվի բայց այժմ այլևս հույս չմնաց, թե նա կկարողանար օգնել գործի հաջողությանը, որովհետև առաջնորդը արձակել էր արդեն յուր անդարձ հրամանը։ Բարեկարգչի տված խորհուրդը, ճշմարիտ է, աներկևան էր կացուցանում գործի հաջողությունը, բայց օրիորդը մի վայրկյան անգամ չէր կարողանում հավատալ, թե Պետրոսը թույլ կտար իրեն երբևիցե այդ ճանապարհով հաջողություն ձեռք բերելու, մանավանդ որ մեջտեղ հորեղբայր Թովմասի հետ հաշտվելու խնդիրը կար, որ ինքըստինքյան մի անիրագործելի առաջարկություն էր։

Բայց տիկին Հռիփսիմեի վերա բոլորովին հակառակ ազդեցություն արավ Պետրոսի հայտնությունը. նա շատ ուրախացավ լսելով բարեկարգչի տված խորհուրդը։

Այդ մի շատ խելոք առաջարկություն է, Պետրե, ասաց տիկինը որդուն, դու պետք է անպատճառ հաշտվես քո հորեղբոր հետ։ Ես վաղուց գիտեի, որ այս գործը փողի պատճառով է ուշանում։ Տեսնո՞ւմ ես բարեկարգիչը ինքն էլ չէ քաշվել քեզ յուր միտքը բացարձակ հայտնելու, ուրեմն այժմ քեզ ուրիշ ոչինչ չէ մնում, բայց եթե ուղղակի գնալ Թովմասի մոտ, հայտնել նրան քո դրությունը և օգնություն խնդրել նրանից։ Թովմասը, ճշմարիտ է, բարկացկոտ մարդ է, բայց նա միևնույն ժամանակ շուտ զղջացող է: Մեր մի քանի բարեկամներին արդեն նա խոստովանել է, որ շատ է ցավում յուր անսիրտ արարմունքի վերա և պատրաստ է մեզ հետ կրկին հաշտվելու, եթե միայն մենք կդիմենք նրան։

Հաշտվե՞լ Թովմասի հետ, այդ ի՞նչ խորհուրդ ես տալիս ինձ, մայրիկ, վշտացած խոսեց Պետրոսը. միթե կարո՞ղ եմ ես այս աստիճան ստորացնել ինձ, դու երևի մոռացել ես քո տագեր կոպիտ խոսքերը. «Այսօր ևեթ թողեցեք դուք իմ տունը՝ երբեք էլ այստեղ ոտք չդնելու պայմանով». այսպես հրամայեց նա մեզ և անխղճաբար դուրս արավ նա յուր տնից. և այդ ա՛յն ժամանակ, երբ մենք մի օգնական և ապավեն չունեինք, երբ ես իմ գրպանում մի հատիկ սև փող չունեի… Այժմ դու կամենում ես, որ ես հաշտվի՞մ նրա հետ, մի՞թե ամոթ չկա իմ երեսին, թե՞ իմ պատվասիրությունը վաճառե՞լ եմ ես փողոցում… Չէ, մայրիկ, չէ, ես Թովմասի հետ հաշտվող չեմ. ուրիշ օգտավետ խորհուրդ թե գիտես. տուր, ես կլսեմ քեզ, բայց հաշտվել իմ հորեղբոր հետ, երբե՛ք։

Ի՞նչ պիտի անես ուրեմն, պիտի բաժանվե՞ս քո հարսնացուից, հարցրեց տ. Հռիփսիմեն։

Իհարկե ոչ։

Բայց որ հրամայում են քեզ բաժանվել։

Հրամայում են, բայց չեն ստիպում. ուրեմն քանի որ դեռ ուժ ունիմ ես կմաքառեմ իմ հակառակորդների դեմ. երբ այդ ուժը կսպառի և հակառակորդները կստիպեն ինձ իմ հարսնացուից բաժանվելու, այն ժամանակ կմտածեմ ինձ ստորացնելու վերա։

Հռիփսիմեն վատ խուրհուրդ չէ տալիս քեզ, Պետրե, լսի՛ր նրան, նկատեց տ. Եղիսաբեթը. քո հորեղբոր հետ հաշտվելով, դու բոլորովին չես ստորացնում քեզ, որովհետև հորեղբայրը օտար չէ և եթե մինչև անգամ ներողություն խնդրելով ձեռք բերես դու այդ հաշտությունը, դարձյալ դու քեզ ոչնչով ստորացրած չես լինիլ:

Չէ, մայրիկ, երբ մեջտեղ փող խնդրելու հարց կա, անկարելի է արդեն, որ այդ հաշտությունը տեղի ունենա, նկատեց Աստղիկը , ես ինքս անգամ խորհուրդ չեմ տալ Պետրոսին հաշտվելու այդ դեպքում յուր հորեղբոր հետ. ինչ լինելու է, թող լինի, մուրանալով բախտավորվիլ հավասար է մի դժբախտության…

Շնորհակալ եմ, Աստղիկ, զգացված պատասխանեց Պետրոսը, դու խոսում ես ա՛յն՝ ինչ որ իմ հոգին է մրմնջում. այս անել դրության ժամանակ, երբ մոտալուտ թշվառության երկյուղը ապառնում է սրտիս մեջ հուսո վերջին նշույլները, քո այդ խոսքերը մխիթարում են ինձ։ Ես էլ չեմ վախենում ապագա դատապարտությունից, որովհետև դու արդեն ներում ես ինձ, որ ես անսիրտ մարդիկներից բախտ չեմ մուրանում…

Ես մինչև անգամ գովում եմ այդ քո վարմունքը, նկատեց օրիորդը. պատվասիրությունն էլ մի առաքինություն է, մանավանդ եթե մարդ յուր ընկերին վնասելու գնով չէ ապահովում նրան։

Եվ դու, ես կարծում եմ, քեզ ինձանից բաժանված մի ընկեր չես ընդունում, այնպես չէ՞։

Քավ լիցի. այդ զոհաբերությամբ դու պահպանում ես նաև իմ պատիվը։

Ուրեմն վճռված է. ես իմ հորեղբոր հետ նոր հաշիվ չպիտի ունենամ…

Այս որոշումից ետ անցան մի քանի օրեր։ Պետրոսը տեր Գարեգինի խորհրդով կրկին անգամ դիմեց Սրբազան առաջնորդին, խնդրելով նրան հետս կոչել յուր վճիռը և հրաման տալ իրեն պսակվելու։ Սրբազանը բացեիբաց մերժեց նրա խնդիրը, առարկելով, թե մի անգամ արդեն հրաման արձակելուց ետ՝ այլևս չէ կարող հակառակ կարգադրություն անել։ Բայց խորհուրդ տվեց Պետրոսին առանձին առանձին համոզել քահանաներին և նամանավանդ բարեկարգչին, որ նոր համախոսություն կայացնեն իրենց մեջ և առաջարկեն այն իրեն՝ Սրբազանին. «Այս ճանապարհով գուցե կարողանամ նորեն շտկել գործը», խորհրդավոր ակնարկությամբ ասաց նրան Սրբազանը։

Բայց Պետրոսը այս խորհրդի բուն միտքը չհասկանալով, բավականացավ միայն քահանաներին նորեն հին խնդիրը կրկնելով։ Եվ որքա՜ն մեծ եղավ նրա ուրախությունն ու զարմանքը, որ քահանաներից ոչ ոք ընդդեմ չցույց տվեց իրեն Պետրոսի ցանկությանը։

Տեր Հովսեփը մեծ պատվով ընդունելով Պետրոսին, ասաց, որ ինքը առաջին օրն իսկ հորդորել է տեր Սարգսին ու տեր Գարեգինին մասնավոր զիջումներ անել իրար և գործը գլուխ բերել մի կերպ, և այժմ շատ ցավում է, որ տեր Սարգսի համառությունը դժվարացրել է գործի դրությունը։ Այսուամենայնիվ՝ «Ես պատրաստ եմ իմ ստորագորւթյունը դնել համախոսական թղթի վերա, ասաց նա, եթե մյուս քահանաներն էլ կհամաձայնվեն ինձ ընկերանալու»։

Տեր Օհանեսը հայտնեց, որ ինքը ոչ միայն դատապարտում է քահանայական ժողովի վճիռը, այլ մինչև անգամ զարմանում է Սրբազանի միամտության վերա, որ նա տեր Սարգսի սուտ օրինասիրությանը համակերպելով, վեցերորդ սերնդի մեջ չհասություն է որոնում և համաձայն այդ մերժման հրաման արձակում։ «Մի րոպե անգամ ես չեմ դանդաղիլ իմ ստորագրությունը տալու, ասաց նա վճռական եղանակով, եթե մյուս քահանաներն էլ կհամաձայնվեն ինձ հետ»։

Տեր Խաչատուրը, որ Պետրոս-բեկին ընդունելու համար մինչև սանդուղքի վերջին աստիճանն էր իջել, անկեղծաբար խոստովանեց, որ ինքը պատրաստ է մինչև անգամ Վեհափառի առաջ Պետրոս-բեկի իրավունքը պաշտպանելու, ըստ որում եկեղեցական պատմությունից անգամ օրինակներ գիտեր, որ հայոց եկեղեցին վեցերորդ սերնդի մեջ չհասություն չէ ճանաչում և որ տեր Սարգսի արածը թշնամական մի գործ է ընդունում։ «Բայց և այնպես, դժվար է առաջնորդի հրամանին ընդդիմանալ, ասաց նա, որովհետև այս Սրբազանը մի քիչ խիստ և մի քիչ էլ բարկացկոտ է։ Այսուամնայնիվ, եթե մյուս քահանաները կհոժարին նոր համախոսական թուղթ ստորագրելու, ես իմ ստորագրությունը երկու ձեռքով կտամ նրանց», ավելացրեց տեր հայրը։

Տեր Ստեփանը մինչև անգամ հայտնեց, թե այս բոլոր դժվարությունները փող կորզելու նպատակով են առաջ բերում քահանաները և թե այսքան անողոք չէին լինիլ Պետրոսի վերաբերությամբ, եթե նա հարուստ հորեղբայր չունենար, «Բայց ես մասնակից չեմ դրանց մեղքերին, ասաց նա մի անշահասեր քահանայի անկեղծությամբ. ո՜ւմ ինչ կամենում ես, տուր, որդի, ես պահանջող մարդ չեմ. և չեմ էլ վարանիլ իմ սեփական ձեռքով ձեր պսակի հրամանագիրը ստորագրելու, միայն թե այդ հրամանագիրը ինձանից առաջ ստորագրած լինին գոնե չորս կամ հինգ քահանաներ»։

Սակայն հայր բարեկարգիչը հասկացրեց Պետրոսին, որ քահանաները միայն իրեն հաճոյանալու համար են այդպիսի պատասխաններ տվել և թե նրանք երբեք էլ չեն ժողովվիլ միասին համախոսական թուղթ ստորագրելու. «Մինչև անգամ եթե այդ չորս քահանաները համաձայնվին, ավելացրեց բարեկարգիչը. այսուամենայնիվ տեր Սարգիսը, որ գլխավոր հակառակորդն է, երբեք չպիտի համաձայնի, որովհետև նա այդ հակառակության մեջ մյուս քահանաներից ավելի ընդարձակ շահեր ունի»:

Ի՞նչ ընդարձակ շահեր, հետաքրքրությամբ հարցրեց Պետրոսը։

Այդ մի գաղտնիք է, որ ես այսօր ձեզ բանալ չեմ կարող։

Բայց եթե ձեզ ազնիվ խոսք տայի ոչ ոքին այդ մասին ոչինչ չխոսելու։

Այն ժամանակ դարձյալ ես չէի կարող ձեր հետաքրրքրությունը գոհացնել։

Ի՞նչ է պատճառը, որ դուք այդ աստիճան պաշտպանում եք նրան։

Պաշտպանե՞լ՝ երբեք, թայց մենք վախենում ենք նրանից, որովհետև նրա համեստ կերպարանքի տակ դևերն են գործում։ Եվ եթե դուք կարողանայիք միմիայն նրան համոզել չհակառակել ինձ, այն ժամանակ ես կխոստանայի ավարտել այս գործը մինչև անգամ առանց ձեզանից մի սև փող խնդրելու։

Եթե այդպես է, ես խոստանում եմ նրա գրավոր համաձայնությունը բերելու ձեզ։

Այն ժամանակ ես էլ ձեր պսակի հրամանագիրը անհապաղ կհանձնեմ ձեզ։

Պետրոսը ուրախացավ բարեկարգչի այս նոր խոստմունքով և դիմեց տեր Գարեգինին, այս նորության համար նրանից խորհուրդ հարցնելու։

Բարեկարգիչը շատ ճշմարիտ խոսք է ասել քեզ, նկատեց տեր հայրը Պետրոսին, երբ սա հաղորդեց նրան յուր նորությունը. տեր Սարգիսը այն քահանաներից մինն է, որոնք օրենքը գործ են ածում իբրև զենք, ոչ թե հանցավորները պատմելու, այլ անձնական շահերը պաշտպանելու համար։ Նրա համար նշանակություն չունի, թե ո՞վ ինչպես է դժբախատնում, կամ թե՝ յուր ժողովրդականներից մինը ինչպես կարող էր յուրմով բախտավորվիլ. նա հետազոտում է միայն եկամտի ճանապարհները և նրանց մեջ թակարդներ լարելով է զբաղված։ Այսուամենայնիվ փորձիր նրա սիրտը ամոքել, ավելացրեց տեր հայրը, գուցե մի անգամ նա հաշտվում է յուր խղճի հետ։

Պետրոսը յուր քահանայի խոսքերից չհուսահատվեցավ և որոշեց վերջին անգամ տեսնվել տեր Սարգսի հետ։ Միևնույն խորհուրդը տվին նրան և տ. Եղիսաբեթն ու Աստղիկը, որոնք սկզբից լավ համարում ունեին այդ քահանայի վերա և չէին կամենում վերջին դեպքերի առթիվ հեշտությամբ փոխել դրա մասին ունեցած իրենց համոզումը։

Բայց ճանապարհին պատահեց Պետրոսին Վարի-թաղի եկեղեցու հին սպասավոր և տեր Սարգսի մշտական թշնամի տիրացու Հակոբը, որի անունը մի անգամ առիթ ունեցանք հիշելու և որը Պետրոսին մի քանի կարևոր նորություններ պատմեց։

Տիրացու Հակոբը հայտնի էր յուր անողոք ճշմարտասիրությամբ, այդ պատճառով էլ բոլոր քահանաներից ավելի տեր Սարգիսն էր նրան ատում։ Նույնիսկ առաջնորդը չէր սիրում նրան և հենց նրա ճշմարտախոսությունն էր պատճառը, որ ուղիղ երեսուն տարի նա տիրացություն էր անում Վարի-Թաղի եկեղեցում և քահանա ձեռնադրվելու մասին յուր ղրկած բոլոր խնդիրները, որոնք միշտ ոչինչ խոստացող բնավորություն էին ունենում, մնում էին անպատասխան:

Բայց տեր Գարեգինը սիրում էր տիրացուին ինչպես ճշմարտախոս մարդու, այդ պատճառով էլ Պետրոսը մեծ հետաքրքրությամբ լսեց նրա պատմածները։

«Ես հիսունևհինգ տարեկան եմ, բարեկամ, բայց անիրավության քայլերը ճանաչելու համար դեռ չեմ կորցրել երիտասարդական ուշիմությունս,-այսպես սկսավ տիրացուն յուր ողջույնը։-Ամբողջ քաղաքի մեջ խոսում են մի շատ մերձավոր խնամության մասին, որը իբր թե ջերմեռանդ օրինասիրությունից դրդված արգելում է արժանապատիվ տեր Սարգիսը։ Այդ զրույցը, իհարկե, վերաբերում է ձեր և օր. Աստղիկի ամուսնության։ Բայց հիմար գլուխներն են միայն տեր Սարգսին օրինասեր մարդ ճանաչում։ Տիրացու Հակոբը ամեն բան դիտում և ամեն բան տեսնում է։ Ես թեպետ դեռ չեմ կորցրել քահանայանալու հույսս, այսուամենայնիվ բացարձակ կքարոզեմ այն, ինչ որ հաստատ գիտեմ։ Տեր Սարգիսը ընդդեմ էր ձեր ամուսնության երկու գլխավոր պատճառներով, որոնք վերաբերում էին յուր անձնական հաշիվներին։ Դրանցից առաջինը զուտ շահասիրական էր, իսկ երկրորդը՝ վրեժխնդրական։ Շահասիրականը այն էր, որ Մելքոն Խալաթյանը հինգ հարյուր ռուբլու գրավիչ վարձատրություն է խոստացել նրան այն մերժման հրամանագրի մասին, որը արձակել է արդեն Սրաբազանը ձեր պսակը արգիլելու համար։ Այդ հրամանի պատճենը անցյալ օրը արժանապատիվ հայրը տարավ Խալաթյանին և ինչպես իմ մի մտերմից իմացա, ստացավ յուր արդար վարձատրությունը։ Վրեժխնդրականը այն էր, որ դեռ երկու տարի առաջ տեր Սարգիսը մի անգամ յուր կես-ապուշ որդուն ղրկել էր օր. Աստղիկի տունը՝ օրիորդին տեսնելու և նրան հավանելու համար։ Կես-ապուշին ընդունել էին իբրև այցելու և այնպես էլ ճանապարհ դրել։ Բայց հետո երբ տեր Սարգիսը անձամբ ներկայացել էր տ. Եղիսաբեթին և պաշտոնապես խնդրել նրա դստեր ձեռքը յուր խելոք որդու համար, նրան փառավորապես մերժել էին։ Տեր Սարգիսը, իհարկե, ոչինչ դժգոհություն չէր ցույց տվել չհաջողված խնամուն ու հարսնացուին, մինչև այսօր էլ նա առերես նրանց բարեկամն է, բայց ուղտի ոխը նա պահել էր յուր սրտում։ Եվ այսօր ահա՛ հարմար առիթից օգուտ քաղելով նա վրեժխնդիր է լինում յուր ստացած վիրավորանքին։

«Ահա՛, սրանք են տեր Սարգսի օրինասիրության պատճառները, և ոչ թե օրենքը, որին նա երբեք հարգող չէ եղել»:

Առաջին պատճառը ես գուշակում էի, երկրորդի մասին հիմա եմ լսում. այսուամենայնիվ ես էլի դիմում եմ նրա օգնությանը, պատասխանեց Պետրոսը։

Ո՞ւմ, տեր Սարգսի՞։

Այո՛, որովհետև ես տեսնում եմ, որ բոլորը նրա հաճության են սպասում իրենց համաձայնությունը տալու համար։

Ի՞նչ հաճություն, ի՞նչ համաձայնություն. Սրբազանը արդեն արձակել է մերժման հրամանը։

Գիտեմ, կարդացել եմ, բայց ես կրկին գնացի Սրբազանի մոտ և նա ինձ ասաց, որ եթե աշխատեմ ամոքել քահանաների սրտերը և մանավանդ բարեկարգչինը, նոր համախոսական թուղթ ստորագրելու, ինքը կաշխատե կրկին գործը շտկելու։

Եվ դուք ուրեմն բոլորի սրտերը ամոքել եք, մնացել է տեր Սարգսի՞նը։

Այո՛, բոլորն էլ համաձայն են իմ պսակի հրամանը ստորագրելու, միայն նրա համաձայնության են սպասում:

Տիրացու Հակոբը ծիծաղից թուլացավ։

Ինչո՞ւ համար եք ծիծաղում, տիրացու, զարմացմամբ հարցրեց Պետրոսը։

Նրա համար, որ դուք այդքան միամիտ եք։

Բայց ի՞նչ բանի մեջ է իմ միամտությունը։

Ի՞նչ բանի մեջ և դեռ հարցնում եք… Մարդ աստուծո, Սրբազանը քեզ յուր բերանով ասում է. գնա՛ ամոքիր քահանաների սրտերը և մանավանդ բարեկարգչինը, իսկ դուք խոսքով եք կամենում նրանց սրտերը ամոքելու, չծիծաղե՞մ, հապա ի՞նչ անեմ։

Ինչո՞վ ուրեմն պիտի ամոքեի։ Փողով, հասկանո՞ւմ եք, փողով. քահանաների ինչի՞ն են պետք ձեր խոսքերը։

Ամոքել, ուրեմն փող տա՞լ կնշանակե։

Իհարկե, դեռ նո՞ր եք իմանում այդ։

Խոստովանում եմ․ այդպիսի բացատրություն իմ բառարանում չկա։

Սրբազանի բառարանումն էլ ձեր հասկացածը չկա։

Պետրոսը մնաց շվարած, տիրացուի բացատրությունները մի նոր և անծանոթ աշխարհ բացին նրա առաջ, որտեղ առաջին անգամ ևս պատահեց յուր աշակերտակից Պահլավունուն․ այդ րոպեին կարծես կրկին անգամ հնչեցին նրա ականջներին երիտասարդ ճառախոսի խոսքերը. «Մեզ հարկավոր չեն իրավաբաններ, երկրաչափներ, և ճարտարապետներ… Տվեք մեզ քահանաներ, իրենց կոչումը, իրենց պարտքը և իրավունքը ճանաչող քահանաներ». Պետրոսի առաջ կենդանացավ անցյալը, նա հիշեց յուր ուսանողական ճաշը, հիշեց Պահլավունու՝ հայ քահանայի և հոգևորականի մասին խոսած ճառը և խորը հառաչելով հեռացավ խոսակցից։ Նա այժմ չգիտեր, թե ո՞ւր և ո՞ւմ է դիմում․ Հուսո աղբյուրները ցամաքել էին նրա համար…

ԼԴ
ՄԻՄՅԱՆՑ ՉՀԱՍԿԱՑԱՆ

Ինչպես տեսաք, գործերի դրությունը արդեն որոշ կերպարանք էր առել։ Մեր սիրահարների բախտը կաշկանդողը այլևս օրենքի շղթաները չէին, այլ դրամական վարձատրության խնդիրը, որից պինդ բռնել էր բարեկարգիչը օգնական անդամներովը հանդերձ։ Պետրոսը փող չուներ, յուր ինքնասիրությունն էլ թույլ չէր տալիս հորեղբորը դիմելու․ Թեպետ դեռ հարց էր, թե հորեղբայրը կզիջանե՞ր նրան այնպիսի մի մեծ գումար, որպիսին արժանապատիվ հայրերն էին պահանջում։ Հազար ռուբլի՝ սա կատակ չէր. սա մի քանի օրվա ընթացքում ձեռք բերելու գումար չէր։ Եվ մի՞թե հենց գումարի մեծությունը չպիտի ստիպեր Թովմասին եղբորորդու խնդիրը մերժելու։ Խեղճ երիտասարդը մնացել էր շվարած։

Օրերը հաջորդում էին միմյանց, շաբաթները լրացնում էին ամիսը, և սիրահարների գործը դեռ մազաչափ դեպի լավը չէր առաջանում։ Իրերի այս տարտամ դրությունը խիստ վատ ներգործություն արավ ամբողջ գերդաստանի վերա: Հռիփսիմեն և Եղիսաբեթը միշտ տխուր էին, որդիների դժբախտ դրությունը մի բանով բարվոքել չկարողանալով, նրանք հաճախ լաց էին լինում միմյանցից և որդիներից ծածուկ։ Աստղիկը օր-օրի վերա մաշվում էր, նրա անուշ ժպիտը, որ այնքան քնքուշ գեղեցկություն էր տալիս յուր դեմքին, էլ չէր խաղում նուրբ շրթունքների վերա, նրա մեծ-մեծ և սևորակ աչքերը, որոնցից այնքան կրակ և կենդանություն էին ցոլանում, այժմ գրեթե հանգած՝ հազիվ էին թավալում գունատ կապիճների մեջ։ Պետրոսի ուրախ և զվարթ բնավորությանը հաջորդել էր մի մելամաղձային մտախոհություն, որ մոռացնել էր տվել նրան այն ամենը, ինչ որ մի քանի շաբաթ առաջ յուր և յուր ընտանիքի ուրախությունն ու կյանքն էին կազմում…

Նախկին զրույցները, զվարճաբանությունները և կատակները տեղի էին տվել այժմ լուրջ և տխուր խոսակցության, հառաչանքների և արտասուքի…

Երբ Պետրոսը դուրս էր գնում տանից, Աստղիկը ժամերով փակվում էր յուր սենյակում, կամ առանձնանում էր պարտեզի մի անկյունում և տանջում էր իրեն տխուր մտածմունքներով։ «Ի՞նչ պիտի լինի մեր վախճանը, ո՞ւր պիտի հանգի այս դժբախտության ճանապարհը, մտածում էր նա։ Ամբողջ քաղաքը խոսում է ինձ վերա, ամենքը բամբասում են ինձ, ես այլևս ա՛յն պատվավոր վարժուհին չեմ, որին ամենքը գովում ու փառաբանում էին, որի առաջ հարգանքով գլուխ էին խոնարհում, որի հետ ծանոթանալ, նստել, խոսել ամեն մարդ յուր համար ուրախություն էր համարում… Այժմ ես մի անպատիվ աղջիկ եմ. թողված, լքված ամենքից, որովհետև ես համարձակություն եմ ունեցել սիրել մի երիտասարդ, և այդ բավական չէ, ես հանդգնել եմ ընդունել նրան իմ տան մեջ ա՛յն ժամանակ, երբ նրա հարազատ հորեղբայրը արտաքսել էր նրան յուր տնից… Այո՛, իմ արածները աններելի հանցանքներ են. մի՞թե հասարակությունը կարո՞ղ է քննել մեր սրտի խորքերը, և գիտե՞ արդյոք, թե որպիսի՞ սրբությամբ են ապրում միմյանց հետ այդ դժբախտ սրտերը. իհարկե ոչ. բայց նա դատապարտում է մեզ, այդ նրա անբռնաբարելի իրավունքն է…»։

Այսպես շարունակել անկարելի է, Պետրե, ասաց մի օր Աստղիկը երիտասարդին, երևի աստված մեզ միմյանց համար չէ ստեղծել, որ նա թույլ է տալիս անսիրտ մարդկանց մեր ուրախությունը խանգարելու, մտածենք ուրեմն մի նոր հնար այս տխուր դրությունը բարեփոխելու: Տեսնո՞ւմ ես, մեր պատճառով տանջվում են նաև մեր մայրերը, բայց նրանք այսուհետև գոնե իրավունք ունեին կյանք վայելելու, որովհետև երկար ժամանակ դժբախտ են ապրել.

Ինչո՞վ կարող ենք այս տխուր դրությունը բարեփոխել, չգիտեմ, մտածելու ընդունակությունս էլ ես կորցրել եմ. խոսիր դու ինքդ, առաջարկիր ի՛նչ կամենում ես, ես դիմադրելու էլ ուժ չունիմ այժմ, տխրությամբ պատասխանեց Պետրոսը։

Մենք պետք է հեռանանք միմյանցից. խոհեմությունը այդ է պահանջում…

Հեռանա՞նք… մե՞նք, միմյանցից… օ՜հ, Աստղիկ, այդ դո՞ւ ես ասում, հեռանալ… մի՞թե այդ բառը կարողանո՞ւմ են քո շրթունքները արտասանել…

Ուրիշ ի՞նչ ելք է մնում մեզ, Պետրե։ Քանի որ ժողովրդի բարօրության մասին մտածողները, իրենք են նրանց դժբախտացնելու համար ճանապարհ հարթում, ի՞նչ կարող է անել այդ բռնության դեմ մասնավոր անհատը, որի ուժը շատ անգամ յուր գոյությունը պահպանելու համար էլ չէ բավականանում…

Ի՞նչ գործ ունինք մենք ժողովրդի բախտը կառավարող անձանց հետ. թող մեռյալները իրենց մեռելները թաղեն. ո՞վ կարող է և ո՞վ իրավունք ունի մեզ խանգարելու. ապրենք միասին, ապրենք միմյանց համար…

Ես քեզ հասկանում եմ, Պետրե, բայց այդ անկարելի է։

Անկարելի՞. և ինչո՞ւ համար։ Ի՞նչ կասե մեզ այն հասարակությունը, որի մեջ պիտի ապրենք մենք։

Ի՞նչ կարող է ասել, մի՞թե նա իրավունք ունի մեզ դատապարտելու, քանի որ նա ինքն է սնուցանում յուր մեջ այն տարրը, որ այսօր դժբախտացնում է մեզ։

Ամեն հասարակության մեջ էլ գտնվում են չարասիրտ մարդիկ, որոնք ժողովրդի հավատը ենթարկում են փորձության. բայց դրանց վարմունքով մոլորվել կարող է միայն ամբոխի մարդը, նա՛, որ տգետ է, նա՛, որ ապրում է անասնական բնազդմամբ, բայց ով որ խելք և զարգացում ունի, ով որ հասկանում է, թե ի՜նչ բարձր, ի՜նչ վսեմ ստեղծված է հասարակական բարոյականությունը, ով որ գիտե, թե այդ բարոյականության դեմ գիտակցաբար մեղանչելը ստորագույն վատություն է, նա իրավունք չունի նրա դեմ մեղանչելու։ Մի՞թե դու հանգիստ սրտով կկարողանայի՞ր փայփայել ինձ, եթե ես հասարակական բարոյականության վերա կոխելով ընկնեի քո գիրկը…

Հասարակությունը, Աստղիկ, նման է մի երեխայի, որ շատ փայփայելուց երես է առնում և յուր խաղալիքները շատ անգամ տան թանկագին գարդերից է ընտրում, ինչ հոգս է նրան մտածել, թե փառավոր բյուրեղյա լամպարը պիտի ծառայե սենյակը լուսավորելու համար. նա ավելի զվարճություն է զգում, երբ գետին խփելով փշրում է նրան, քան երբ նրա զորեղ լույսն է վայելում, որին ինքը ոչինչ գին չէ կարող տալ։ Ուրեմն չպետք է երես տալ այդ հասարակություն կոչված երեխային։ Ես գիտեմ մարդիկ, որոնք և՛ ուսում են առել, և՛ զարգացել են, և՛ կրթված հասարակության մեջ են ապրել, բայց այսօր ավելորդ են համարում հասարակության քմահաճությանը ծառայել, որովհետև իրենք էլ են կամենում ապրել…

Շատ հարմար անուն տվիր հասարակությանը, Պետրե, ճմշարիտ է, նա նման է մի երեխայի, նրա կազմը շատ անգամ թույլ է և անզարգացած. բայց ի՞նչպես են վարվում դաստիարակները երեխաների հետ։ Մի՞թե նրանք երբևիցե տգեղ օրինակներով մոլորեցնում են նրանը մատաղ սրտերը… Եթե հասարակությունը մի երեխա է, ապա ուրեմն ավելի զգույշ պետք է վարվել նրա հետ։ Այն մարդիկ, որոնք իրենց զվարճության և զգայական կյանքի համար գիտակցաբար ոտնակոխ են անում հասարակության սրբություններր և անպատկառ վարմունքով ծաղրում են նրա բարոյականությունը. նրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ մարդկային ցեղի մարմնացյալ ապականություններ, որոնց յուր մեջ ապրեցնել չի հոժարիլ ոչ մի պատվասեր հասարակություն։

Բայց մեզ մոտ այդպիսիները ոչ միայն ապրում են, այլև առաջնորդում են ժողովրդին, ուրեմն չարժե այդքան էլ նշանակություն տալ այս հասարակության կարծիքներին։

Չէ, Պետրե, հասարակության անտարբերությունը չպետք է խրախուսե մեզ նրա օրենքները անպատվելու։ Երկյուղած մարդու համար սրբության բեկորները պաշտելի են նույնիսկ անարժան վայրերում։ Մենք պետք է հարգենք հասարակական օրենքները ոչ թե նրա համար, որ նրանք հասարակությանն են պատկանում, այլ որովհետև նրանք այդ հասարակությանը բարոյականություն են քարոզում։ Այդ օրենքներին ենք պարտական, որ մարդիկ գազանների հետ չեն ապրում անտառներում… Այդ օրենքներին ենք պարտական, որ ընտանիքի պատիվը զենքերով չենք պաշտպանում…

Ուրեմն, մենք մեր ձեռքով մեր արևը խավարեցնե՞նք։

Ավելի լավ է այդպես անել, քան թե հասարակական բարոյականությունը խախտել, ես չեմ կարող ստորացնել ինձ մինչև այն աստիճան, որ փողոցի անցորդներն անգամ իրավունք ունենան ինձ ծաղրելու։

Բայց ես կարծում եմ, որ ավելի լավ է ապրել, քան թե ծաղրելուց վախենալ։

Իսկ ես, ընդհակառակը, ավելի լավ եմ համարում մեռնել, քան թե ծաղրելի դառնալ։

Ա՞յդ է քո համոզմունքը։

Այո՛, այս է և իմ վերջին վճիռը…

Պետրոսը լռեց և գլուխը կրծքի վերա կախելով ընկավ մտածմունքների մեջ։ Աստղիկը նույնպես հետևեց նրա օրինակին։ Երկար ժամանակ մնացին սիրահարները այդ դրության մեջ։ Վերջապես վերկացավ տեղից Պետրոսը և վճռական ձայնով բացականչեց. Չէ, Աստղիկ, այլևս անկարելի է այս կյանքը տանել, ես դրա համար ուժ չունիմ, ես կամենում եմ վերջ տալ նրան. օ՜ն ուրեմն, հեռի՜ ինձանից փոքրոգություն… Սիրել և չժառանգել, այդ ես չեմ կարող. քաջ մարդը մեռնում է, երբ չէ կարողանում հաղթել…

Այո՛, Պետրե, այո՛, մինչև այսօր մեր սերը մենք անարատ պահեցինք, թող ուրեմն անարատ էլ գերեզման տանենք նրան։ Մի օր ես փոքրոգի էի անվանում նրանց, որոնք ուժ չունենալով կյանքի դառնությունները տանելու, անձնասպանությամբ վերջ են տալիս իրենց կյանքին։ Բայց այժմ հավատում եմ, որ կա՛ն գրություններ, որոնք կերպարանափոխում են ամենազորեղ հոգիների բնավորությունը, որոնք հպարտ Հերակլեսից Լյուդիայի թագուհու համար աղախին են պատրաստում… Չէ, որքան էլ անհաղթելի ուժ ունենա մարդու հոգին, այսուամենայնիվ, քանի որ նա ապրում է մսից և արյունից կազմված մարմնի մեջ, դարձյալ նա կհաղթվի, մանավանդ եթե հասած թշվառության մեծությունը գերակշռում է նրա կարողությանը…

Ուրեմն վճռված է, Աստղիկ, դու ինձ չես դատապարտիլ, եթե ես մի հուսահատ ձեռնարկության դիմեմ…

Արա՛ ինչ որ հաճելի է քեզ. ես չեմ կարողանում քո տանջանքը տեսնել։

Ուրեմն մնաս բարով։

Բայց դու ո՞ւր ես գնում, երկյուղով հարցրեց օրիորդը։

Չգիտեմ, իբրև մարդ ոչնչանալու…

Այս ասելով շտապով դուրս գնաց Պետրոսը սիրուհու սենյակից, առանց ուշք դարձնելու նրա ձայնին, որ կանչում էր յուր ետևից։

ԼԵ

ԱՐԴԵՆ ՈՒՇ ԷՐ

Պետրոսի հանկարծ հեռանալը խելագարացնելու չափ ցնցեց օրիորդին։

Ո՞ւր գնաց նա, տեր աստված, շփոթված հարցրեց նա ինքն իրեն, ի՞նչ ասաց նա ինձ, ի՞նչ պատասխանեցի նրան, չգիտեմ, չեմ հիշում… նա կարծեմ ասաց, թե ես գնում եմ ինձ ոչնչացնելու…

Այո՛, հիշում եմ, նա ասաց. «Քաջ մարդը մեռնում է, երբ չէ կարողանում հաղթել…»։ Սա մի գեղեցիկ խոսք է, այո՛, շատ գեղեցիկ խոսք… բայց Պետրեն, տեր աստված, նա մեռնի՞, մի՞թե այդ կարելի է… և ես կենդանի ականջներ ունենամ նրա մահը լսելո՞ւ, օ՜հ, ոչ, ոչ, ես նրանից շուտ կմեռնեմ. մեր հոգիները թող պատահեն միմյանց երկնքի ճանապարհի վերա, այնտեղ միասին թող գրկախառնվին նրանք, առանց մարդիկներից քաշվելու, առանց նրանցից վախենալու… և այնպես գրկախառնված թող դիմեն նրանք այն աստուծո մոտ, որ սերը ստեղծեց, սերը քարոզեց, սիրո համար մեռավ… Բայց ի՞նչ եմ խոսում ես, մի՞թե ես խելագարված եմ… կարծես զգալով յուր անբնական այլայլությունը, ինքն իրենից սարսափեց նա։ Հետո նա այլայլված դուրս փախավ յուր սենյակից. դահլիճի մեջ ոչ ոք չկար. դիմեց մոր սենյակը, այնտեղ էլ դատարկ էր… «Այս ի՞նչ է, բոլորն էլ ինձ միայնակ են թողել. բայց ո՞ւր են նրանք…»։

Այդ րոպեին մի ոտնաձայն լսվեցավ պատշգամբի վերա. օրիորդը շտապով դուրս գնաց։

Օ՛հ, Ղազար, այս դո՞ւն ես. ի՞նչ ես բերել ինձ, հարցրեց նա եկվորին, որ դպրանոցի սպասավորն էր։

Մի ծրար ունիմ ձեզ հանձնելու, օրիորդ, պատասխանեց ծառան, և թևի տակ բռնած տետրակի միջից հանելով ծրարը հանձնեց օրիորդին։

Այս ումնի՞ց է, հոդաբարձությունի՞ց:

Այո՛, օրիորդ, բարեհաճեցեք ստացումը ստորագրել։

Աստղիկը ներս տարավ տետրակը, ծրարի ստացումը ստորագրեց և տետրակը սպասավորին հանձնելով, կրկին վերադարձավ յուր սենյակը։ Այս անգամ նա մի փոքր սթափվել էր։ «Արձակուրդների ժամանակը լրացավ, հոգաբարձուները երևի մեր պարտավորությունն են հիշեցնում մեզ». մտածեց օրիորդը և ծրարը բացավ։ Բայց մի քանի, տող կարդաց թե չէ, գույնը նետեց, ծնկները դոդացին և նա թուլացած ընկավ աթոռի վերա։ Հոգաբարձությունը գրում էր օրիորդին հետևյալը.

«Ազնիվ օրիորդ.

Ձեր արժանիքը մենք միշտ գնահատել ենք և երբեք էլ չենք կարող ուրանալ այդ, որովհետև մեր դպրոցի համար դուք շատ եք աշխատել և անձնվիրությամբ էլ ծառայել եք նրան։ Դուք արժանի եք ամեն հարգանքի։ Բայց ձեզ հայտնի հանգամանքի պատճառով քաղաքում շատ են խոսում ձեր մասին։ Մենք, իհարկե, ոչ մի զրպարտության հավատալու տրամադիր չենք, բայց ստիպված ենք դպրոցի օգտի համար խնդրել ձեզ, որ բարեհաճեք ներկայացնել ձեր հրաժարականը, ըստ որում ծնողներից շատերը որոշել են իրենց աղջկերանց դպրոց չուղարկել, եթե դուք այստեղ պաշտոն կունենաք։ Հույս ունինք մեր խնդիրը ձեզ չի վշտացնիլ, որովհետև մենք ակամա ենք առաջարկում նրան»։

Մի քանի րոպե գրեթե անզգայացած դրության մեջ մնալով՝ օրիորդը կրկին ձեռքն առավ հոգաբարձության գրությունը և սկսեց մտադրությամբ կարդալ նրան։ Երբ ընթերցումը ավարտեց, նա վեր կացավ աթոռից, դեն ձգեց գրությունը և վճռական ձայնով բացականչեց.

«Ժամանակը հասավ, էլ ավելորդ է ապրել. սա է վերջին հարվածը, որ հասցնում է ինձ անիրավ ճակատագիրը. ես չեմ կարող նրա դեմ կռվել, ես մի թույլ, անօգնական կին եմ. իմ դժբախտ մահը թող բողոքե այսուհետև անարդար բռնության դեմ…

Եվ նա շտապով դիմեց դեպի մոր պահարանը. բացավ նրան և ուշադրությամբ սկսավ քրքրել մի փոքրիկ գզրոց։ Երկար պտրտելուց ետ վերջապես նա հանեց այնտեղից մի փոքրիկ փաթեթ և մի առանձին ուրախությամբ սեղմելով նրան յուր ձեռքի մեջ, դիմեց դեպի յուր առանձնարանը։

Բայց ո՞ւր գնաց Պետրոսը։

Աստղիկի հուսահատ դրությունը վերջապես ճնշեց նրա համառությունը. նա որոշեց դիմել յուր հորեղբորը և օգնություն խնդրել նրանից։

Թովմասը դահլիճի մեջ միայնակ անցուդարձ էր անում, երբ ներս մտավ Պետրոսը։ Երիտասարդի երևալը մի հանկարծական ուրախություն պատճառեց հորեղբորը։

Պետրե, սիրելի որդի, վերջապես դու հիշեցիր ինձ, բացականչելով Թովմասը դիմեց դեպի եղբորորդին և ջերմությամբ գրկեց նրան։

Պետրոսը զբացվեցավ հորեղբոր սրտագին ընդունելությամբ և սիրով համբուրվեցավ նրա հետ։

Ի՞նչպես պատահեց այս, Պետրե, որ դու հիշեցիր քո հորեղբորր, հարցրեց Թովմասը եղբորորդուն, նստեցնելով նրան յուր կողքին։

Կարիքը ստիպեց ինձ ձեզ դիմելու, անկեղծությամբ պատասխանեց Պետրոսը

Իմ բոլոր կարողությունը քոնն է, որդի, քանի որ դու եկել ես ինձ մոտ, ես էլ ոչինչ ցավ չունիմ ասա ինձ, ինչո՞վ կարող եմ ես օգնել քեզ։

Պետրոսը պատմեց հորեղբորը յուր երկրորդ դժբախտության մանրամասն պատմությունը, սկսած այն օրից, որ նա թողեց հորեղբոր տունը մինչև այն րոպեն, որ նա կրկին ներս մտավ այդ տան դռնով։

Պետրե, Պետրե, դու այդպիսի ցավ ես ունեցել և հորեղբորդ չե՞ս հայտնել զգացված բացականչեց Թովմասը. միթե ես այնքան անգո՞ւթ կլինեի, որ մերժեի քեզ այդ չնչին գումարը. հապա ո՞ւմ համար եմ ես պահում իմ հարստությունը։

Ների՛ր, հորեղբայր. այժմ էլ իմ նեղ դրությունն է ստիպել ինձ, որ մի անգամ քո հրամանով այս տանից արտաքսվելուց ետ ես դարձյալ դիմել եմ ձեզ…

Իրավունք ունիս, որդի, իրավունք ունիս, ես մի անիծված մարդ եմ, բայց և այնպես դու պիտի ներես քո հորեղբորը. նրա սիրտը այնքան էլ անողորմ չէ, որքան երևում է… բայց ինչ որ է, դու շտապիր այսօր ևեթ քո պսակի հրամանագիրը առնելու. ես խղճում եմ այն օրիորդին. նա պատվական աղջիկ է.- Այս ասելով նա բռնեց Պետրոսի ձեռքից, տարավ նրան յուր առանձնարանը, և բանալով մեծ, երկաթյա պահարանը, հանեց նրա միջից տասը հատ նոր հարյուրանոցներ և տալով Պետրոսին ասաց. Վճարիր, ում որ հարկավոր է։ Գործդ վերջացնելուց ետ վերադարձիր այստեղ Հոիփսիմեի հետ։ Վաղվանից ես հարկավոր պատրաստությունը կտեսնեմ, և իմ ու քո անվան վայել հարսանիք կանեմ ձեզ համար։

Պետրոսը ջերմաջերմ համբուրեց հորեղբոր ձեռքը և բյուր շնորհակալություններ անելով, հազար ռուբլու հետ միասին դուրս թռավ փողոց։

Նա գտավ բարեկարգչին հոգևոր ատյանում, կանչեց նրան մի ծածուկ անկյուն և հանձնելով նրան տասը հարյուրանոցները, ասաց նրան։

«Ես սպասում եմ այստեղ. միչև մի ժամը պատրաստիր պսակի հրամանագիրը և հանձնիր ինձ»։

«Մինչև կես ժամը պատրաստ կլինի», ասաց նա խորհրդավոր ձայնով և ներս մտավ ատյանը։

Հազիվ Պետրոսը մի քանի անց ու դարձ էր արել առաջնորդարանի պարտիզում, և մի քանի ծրագիրներ կազմել յուր հարսանիքի համար, և ահա բարեկարգիչը մոտեցավ նրան, հանձնեց երիտասարդին պսակի հրամանագիրը և սեղմելով նրա ձեռքը, շնորհավորեց նրա բախտավորությունը։

«Վերջապես…» բացականչեց երիտասարդը և հրամանագիրը մի անգամ կարդալուց ետ դրավ ծոցի մեջ և շտապ-շտապ քայլերով դիմեց Աստղիկի մոտ։

Բայց որքա՜ն մեծ եղավ նրա սարսափն ու հուսահատությունը, երբ նա յուր սիրուհուն գտավ մահճի մեջ պառկած նրան շրջապատել էին դժբախտ մայրերն ու դրացուհիները հրավիրված բժիշկը հուսահատ կանգնած էր մի անկյունում գեղեցիկ Աստղիկը մահվան տագնապի մեջ էր…

Աստղիկ, այդ ի՞նչ արի՛ր դու. ես մեր պսակի հրամանագիրն եմ բերել, իսկ դու…

Պսակի… հրամանագի՞րը… արդեն ուշ է… Պետրե, շատ ուշ է… մահվան ժպիտով շշնջաց օրիորդը և գլուխը կքեց…

Թշվառ աղջիկը թունավորել էր իրեն մկնդեղով. երկու ժամից ետ նա հոգին ավանդեց…

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Չհաս է"

Ятук Музыка
Концерт для скрипки ре минор
Арам Хачатрян

Концерт для скрипки ре минор

Натюрморт с бутылками
Натюрморт с бутылками
Играть онлайн