Мурацан
Չհաս է
6
Պ. Թովմասը Պետրոսի եկած օրի էգսը արդեն հայտնել էր Մելքոն-աղային յուր փեսացուի գալը և խոստացել հետևյալ օրը, որ կիրակի էր, տանել նրան յուր մոտ։
Յուր խոստման համաձայն, Թովմասը վերցրեց Պետրոսին և գնաց։
Մտնելով Մելքոն-աղայի բակը, որ զարդարված էր բազմազան վարդենիների և հազվագյուտ ծաղիկների թփերով, Թովմասը ցույց տվավ նրանց եղբոր որդուն, հետո մատնացույց արավ դրախտանման պարտեզի և հոյակապ ապարանքի վերա, որոնք յուր աչքում շատ մեծ նշանակություն ունեին և հարցրեց.
Քու ամբողջ Թիֆլիսումդ էլ այսպես տուն տեսած ունի՞ս։
Սրանից շատ լավերն էլ կան այնտեղ, այնքան լավերը, որ եթե դու տեսնես նրանց, այս տունը մի շատ հասարակ բան կերևա քո աչքում։
Անկարելի է, բացականչեց Թովմասը. այս տունը մի հատ է մեր ամբողջ քաղաքում…
Գիտեմ, բայց ոչ բոլոր աշխարհում։
Շատ լավ. բայց խո՛ մեծ բան է այսպիսի տան աղջիկը ուզել. այնպես չէ՞։
Ի՞նչ եմ ասում, ճաշակի խնդիր է, կան մարդիկ, որոնք տան հետ են ամուսնանում և մարդիկ, որոնք տան աղջկա հետ…
Տես, ահա՛ Մելքոն-աղան գալիս է, չհամարձակվես նրա մոտ այդպես բաներ խոսելու, թե չէ՝ ինձ կխայտառակես, կամացուկ շշնջաց պ. Թովմասը և Պետրոսի հետ միասին առաջացավ դեպի Մելքոնը։
Ահա ձեր փեսացուն. ես նրան հանձնում եմ ձեզ, մնացածը դուք գիտեք, ծիծաղելով ասաց Թովմասը յուր խնամուն և ծանոթացրեց նրան Պետրոսի հետ։
Օ՜, բարով, հազա՜ր բարով. բարի լինի գալուստդ, յուղուրով լինի ոտքդ, ոչ պակաս լինիս մեր տանից. սրտագին բարեկամությամբ ողջունեց Մելքոնը երիտասարդին և ձեռքից բռնելով առաջնորդեց նրան դեպի տուն։
Ի՞նչ գեղեցիկ եղբոր որդի ունեք դուք, պ. Թովմաս, հարցրեց Մելքոնը խնամուն, երբ նրանք ներս մտան տուն։
Ձեր աղջիկն էլ պակաս գեղեցիկ չէ, երկուսին էլ աստված իրար համար է ստեղծել, պատասխանեց Թովմասը կատարյալ անկեղծությամբ։
Այո՛, ճշմարիտ է. բայց Պետրոսը մի քիչ ավելի է։
Ո՛չ. իմ հարսնացուն ավելի գեղեցիկ է, նկատեց Թովմասը, կարծելով, թե մի մեծ ճշմարտություն է պաշտպանում։
Թովմասն այն մարդկանցից էր, որոնք կարծում են, թե իրենցից փոքրերը ատամներ չունին։ Նա առանց քաշվելու գովում էր Խալաթյանի աղջկան այն կույր հավատով, թե՝ «Պետրոսը հո չի կարող նրա տգեղությունը տեսնել, ես յուր հորեղբայրն եմ և իրենից մեծը ու խելոքը, ուրեմն ինչ որ ես ասում եմ, կնշանակե ճշմարիտ եմ ասում և ինքն էլ պարտավոր է հավատալ»։ Այս տեսակ խելքի ու հասկացողության տեր մարդիկ շատ կան աշխարհում, որոնք հասակով, կամ նյութական կարողությամբ իրենցից նվաստ մարդիկների մեջ ոչ մի սեփական արժանավորություն չեն ուզում ճանաչել ո՛չ ճաշակի և ո՛չ կարծիքների վերաբերությամբ. և հենց այս սահմանափակ համոզմունքն է պատճառը, որ ի սկզբանե մինչև այսօր հնությունն ու նորությունը անվերջ պատերազմ են մղում իրար դեմ և երիտասարդ ուժը միշտ հաղթող է հանդիսանում, չնայելով որ ծերացած ուժը մինչև յուր վերջին շունչն էլ չէ խոստովանում յուր անկանգնելի պարտությունը…
Բայց Մելքոն Խալաթյանը բոլորովին ուրիշ մարդ էր. նա ավելի խորագետ և փորձված էր, քան ուրիշ շատ խելոք մարդիկ, որոնք առհասարակ հռչակված են լինում հասարակության մեջ։ Նա երեսի միմիկայից արդեն կարողանում էր ճանաչել յուր հետ խոսող մարդուն, և թափանցում էր նրա հոգու մեջ՝ ինչպես մի երևելի դիմագետ, և ըստ այնմ էլ հարմարեցնում էր յուր խոսքը խոսակցի, կամ ունկնդիրների հետ։ Պետրոսի դժգոհ դեմքից արդեն նա գուշակել էր, որ երիտասարդը սիրով չէ այցելել յուր տունը և որ այդ գործի մեջ տեղի է ունեցել մի բռնություն։ Այդ պատճառով նա աշխատեց գրավել երիտասարդին։
Է՜, ասա տեսնեմ, սիրելի փեսա, ինչպե՞ս է առողջությունդ, ինչպե՞ս են գործերդ. լսեցի, որ ոսկե մեդալով ես ավարտել ուսումդ, դա մեծ պատիվ է թե՛ քեզ համար և թե՛ հորեղբորդ համար, ապրիս, աստված էլ ավելի շնորհք տա: Բայց տե՛ս, որ շատ չկարդաս, որքան որ ուսում ես առել, բավական է։ Այժմ հասակդ առել ես, ժամանակ է, որ ամուսնանաս և ուրախացնես թե՛ մորդ ե թե՛ հորեղբորդ, որ հարազատ հոր երախտիք է տվել քեզ։
Շնորհակալ եմ ձեր բարի խորհուրդների համար, պարոն, կաշխատեմ կատարել նրանց, եթե իմ ուժերս կներեն։
Ուժերի գործադրությունը մեր կամքից ու կորովից է կախված, նկատեց Խալաթյանը։ Անցան այն ժամանակները, երբ մարդիկ անգործ նստած աղոթում էին, որ այս կամ այն բարի հոգին հաջողե իրենց գործը կամ ձեռնարկությունը։ Այսօր բոլորն էլ հավատում են, որ մի գործ հաջողեցնելու համար ոչ թե հոգիների օգնության պետք է դիմել, այլ հաստատուն կամքին, հոգեկան կորովին, որոնք կարող են հաղթահարել ամենազորեղ արգելքներն անգամ։
Այդ ճշմարիտ, է. բայց կա և մի փոքրիկ բացառություն, որ քանդում է այդ տեսության ճշմարտությունը։
Այդպիսի բացառություն ես չեմ ճանաչում։
Բայց նա գոյություն ունի։ Երբ մի գործի հաջողության դիմադրում է սիրտը, այն ժամանակ կամքը չէ կարողանում հաղթահարել նրան։
Բայց մի՞թե բազմաթիվ են մեր մեջ այդ տեսակ սրտերը։
Չգիտեմ, ես միայն իմ ճանաչած սրտերի մասին կարող եմ վկայել։
Որոնցից մինը երևի ձերն է։
Իհարկե, մարդիկ շատ անգամ այն բանի վերա են շատախոսում, ինչ որ իրենք ունին։
Կեցջիք. ես սիրում եմ ձեզ նման ճշմարտախոս երիտասարդներին. և եթե ձեր սիրտը կամենա ինձ հետ բարեկամանալ ես ինձ շատ բախտավոր կհամարեմ… խորհրդավոր ժպիտով նկատեց Մելքոն-աղան։
Բայց գիտե՞ք, որ ես ձեր խոսքերից շատ բան չեմ հասկանում, ծիծաղելով մեջ մտավ հորեղբայր Թովմասը։
Ավելի լավ, որքան քիչ բան իմանաք, այնքան ուշ կծերանաք, նույնպես ծիծաղելով պատասխանեց Մելքոն-աղան. ես էլ հազիվ եմ ձեր եղբորորդու խորհրդավոր ակնարկությունները հասկանում։
Չէ, իմ եղբորորդին վատ բան չի ասիլ, լրջությամբ նկատեց Թովմասը, կարծելով, թե Մելքոն-աղան վատ բան ասելու մասին է խոսում։
Խալաթյանը քթի տակ ծիծաղեց և ակնարկեց Պետրոսին։ Վերջինս ձևացրեց, որ իբր թե չտեսավ Խալաթյանի ակնարկությունը, որովհետև ինքն յուր մեջ վիրավորվեցավ, որ նա ծիծաղում էր յուր հորեղբոր միամտության վերա։
Վերջապես ներս եկան տիկին Անիչկան և օրիորդ Նատալիան. երկուսն էլ փառավոր և շքեղ հագնված, իբրև թե կյուրակեի առթիվ։
Տիկինը ուներ մետաքսյա, մոխրագույն շրջազգեստ, երկայնատուտ և գեղածուփ, զարդարված ամենանուրբ կկոցներով։ Գլուխը, որ ազատ էր վարշամակից, կապված էր գեղեցիկ և ամենախիստ ուշադրությամբ։ Հինգ բթաչափ լայնություն ունեցող և մի գեղեցիկ հյուսկեն եզերում էր նրա թափանցիկ քողը, որ ըստ երևույթին առաջին անգամն էր ազատվել յուր ծալքերից և գեղեցիկ կերպով սքողում էր նրա մազերի երկու փայլուն ոլորները, որոնք խաղում էին նրա քունքերի վերա։
ճակատի կապը, որ հասարակ կանանց մոտ գույնզգույն թելերով է լինում կարված, տիկին Անիչկայինը կերտված էր զուտ ոսկուց և զարդարված մարգարտով։ Նրա մեջ վառվում էին երկու մեծ ադամանդներ, որոնք ամրացրած էին երկու՝ ոսկեղեն քորոցների վերա։
Նույնպիսի ադամանդներով զարդարված մի աստղ էլ հանգչում էր տիկնոջ կրծքի վերա, իսկ երկու շքեղ ապարանջաններ պատում էին նրա փափուկ և սպիտակ բազուկները։ Օրիորդ Նատալիան հագնված էր առավել մանկական քնքշությամբ։ Նա ուներ բաց վարդագույն, բայց նույնպես մետաքսյա շրջազգեստ, զարդարված սպիտակ հյուսկեններով, բայց ավելի կարճ տարազով, որի տակից երևում էին նրա փոքրիկ սոլերիկները` կարած սպիտակ ատլասից և զարդարված վարդագույն կոճակներով։ Նրա գլուխը սանդրված և հարդարված էր նույնպիսի խնամքով, ինչպես և յուր մորը։ Մի քանի դեղձան հյուսեր գեղեցիկ գանգուրներով իջնում էին նրա ուսերի վերա, իսկ փոքրիկ խոպոպիկները, որոնց շաղապատում էր մարգարտյա մի շարոց, հովանավորում էին նրա ճակատը ինչպես մի արվեստական պսակ։ Համաչափ մեծությամբ մի քանի ադամանդներ, որոնցից երկուսը փայլում էին օրիորդի ականջների մեջ, երկուսը աջ բազկի և մնացածները կուրծքի վերա, լրացնում էին օրիորդի գեղեցիկ զարդարանքը։
Միով բանիվ մայր և աղջիկ, ինչպես բուն գավառացիներ, պճրված էին կարծես մի շքեղ պարահանդեսի համար, որի մեջ դժբախտաբար միակ ասպետը խեղճ Պետրոսն էր:
Մելքոն-աղան յուր շնորհալի պերճախոսությամբ ծանոթացրեց Պետրոսին յուր կնոջ և աղջկա հետ, հայտնելով միևնույն ժամանակ յուր անսահման ուրախությունը այն թանկագին բարեկամության համար, որ պիտի սկսվեր այդ արժանավոր ծանոթությամբ։
Շուտով տիկին Անիչկան, ինչպես ուշադիր տանտիկին, միջոցներ գտավ խոսակցությունը հետաքրքիր անելու։ Յուր փեսացուի ողջությունը հարցնելուց հետո նա ցանկություն հայտնեց լսելու նրանից Թիֆլիսի կանանց կենցաղավարության վերաբերյալ զանազան տեղեկություններ։
Պետրոսը, որ տիկին և օրիորդ Խալաթյաններին տեսնելու րոպեից արդեն, առանց մի որոշ պատճառի, մի տեսակ անզգայության մեջ էր մտել և յուր շուրջ պտտող ամեն երևույթ երազ և ցնորք էր համարում, վերջապես սթափվեցավ յուր թմրությունից և զգալով յուր անբնական դրության տգեղությունը, հավաքեց յուր ուժերը և սկսավ տիկնոջ հետաքրքրությունը գոհացնելու վերա ուշադրություն դարձնել։
Ինչպիսի՞ տեղեկություններ եք կամենում, որ ես հաղորդեմ ձեզ Թիֆլիսի կանանց վերաբերյալ, հարցրեց Պետրոսը տ. Անիչկային։
Ինչ որ առհասարակ գիտեք։
Ես շատ բան գիտեմ. բայց թե ո՞ր բանով դուք ավելի կհետաքրքրվեք՝ այդ ես չգիտեմ։
Այ, զորօրինակ ես կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս են հագնվում այնտեղ հարուստ դասի կանայքն ու աղջիկները, ինչ տեղեր են ավելի հաճախում, կլուբները գնո՞ւմ են, թե ոչ, պարահանդեսներ շա՞տ են սարքվում և այլ այսպիսի բաներ։
Ձեր այդ տեսակ հետաքրքրությունը, տիկին, ես հազիվ թե կարողանամ գոհացնել, պատասխանեց Պետրոսը, այն շրջաններում, ուր կանայք հետաքրքրվում են ավելի հագուստներով, այցելություններով, կլուբներով ու պարահանդեսներով, ես շատ քիչ եմ գտնվել. ուրեմն իմ տված տեղեկություններն էլ շատ հարուստ լինել չեն կարող։
Բայց էլի ասացեք մի քանի բան։
Եթե կամենում եք՝ շատ լավ։ Այն կանայք, տիկին, և այն աղջիկները, որոնք երբեք չեն հետաքրքրվում տնային գործերով, որոնք փախչում են խոհանոցից, ինչպես դժոխքից, որոնք չգիտեն, թե ծառան օրական որքանի՞ պաշար է. առնում իրենց համար, և որքա՞ն է գողանում յուր համար, որոնք կարելն ու գործելը ստոր պարապմունք են համարում, որոնք երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կամ աղախիններին են թողնում և կամ վարձկան ու օտար վարժապետներին, այն կանայք, որոնք զբոսանքի ու զվարճության համար են միայն ապրում, իսկ ամուսին, մայր և տանտիկին լինելու ոչ շնորհք և ոչ ձգտումն ունին, այդպես կանայք, տիկին, ինչպես այստեղ, այնպես էլ Թիֆլիսում, միշտ իրենցով են զբաղված. հագուստի վերջին տարազները դեռ ճանապարհին՝ իրենք հագնում են Թիֆլիսում. այդ հագուստներով այցելում են բարեկամներին, հաճախում են կլուբներ, կոնցերտներ, պարահանդեսներ…
Օ՜հ, այդ ինչպես լավ է. դուք ասում եք, որ հագուստի տարազները դեռ ճանապարհին՝ իրենք նրանց ձևով հագնում են, հա՞: Այո՛, այո՛. հագնում են։
Տեսա՞ր, մայրիկ, հապա ես որ նո՞ւյնն էի ասում, խոսեց վերջապես և օր. Նատալիան, որին այսօր իրավունք էին տվել դրա համար։
Ոչ, սիրելիս, դու ասում էիր, որ հենց որ տարազները ստացվում են Թիֆլիսում, իսկույն դերձակուհիները կարում են նրանց ձևով, բայց պ. Պետրոսը բոլորովին ուրիշ բան է ասում և միանգամայն զարմանալի բան. նա ասում է, որ հագուստի տարազները դեռ ճանապարհին՝ նրանց ձևով կարում են Թիֆլիսում, սա գեղեցիկ, սա հրաշալի բան է։
Բայց ի՞նչ կտորներից են կարում առհասարակ, հարցրեց կրկին տ. Անիչկան, մետաքսից, այնպես չէ՞։
Այո՛, և մետաքսից, և քիշմիրից… Բայց դուք շա՞տ եք սիրում հագնվել։
Այո՛, բայց իհարկե գեղեցիկ հագնվել, շատ գեղեցիկ, եթե հագուստը գեղեցիկ չէ, չարժե մինչև անգամ նրան հագնել:
Դուք է՞լ նույն կարծիքին եք, օրիորդ, հարցրեց Պետրոսը ներքին ծաղրածությամբ։
Այո՛, պարոն, գեղեցիկ հագուստը մարդուն ավելի շնորհք է տալիս։
Իսկ եթե այդ մարդը շնորհք չունի՞։
Այն ժամանակ… այն ժամանակ, իհարկե… կարելի է չհագնել… շառագունած պատասխանեց օրիորդը, ինքն էլ չիմանալով, թե ինչ է ասում։
Բայց ես շատ չեմ սիրում գեղեցիկ հագուստները, գթալով խեղճ օրիորդին՝ ընդհատեց նրան Պետրոսը։
Դուք չե՞ք սիրում, մի՞թե կարելի է, բացականչեց տիկինը. հապա էլ ինչո՞ւ համար ենք ապրում։
Ինչո՞ւ համար… շատ բան կա, տիկին, որի համար ապրում ենք։
Ես այդ չգիտեմ, բայց դուք ինչո՞ւ համար եք ընդդեմ գեղեցիկ հագուստներին։
Անշուշտ հագուստների դեմ ես ոչինչ չունիմ, ես ընդդեմ եմ նրանց հագնողներին։
Ինչո՞ւ համար։ Որովհետև ա՛յն կինը, որ յուր բոլոր հոգսն ու մտածմությունը իրեն զուգելու ու զարգարելու մեջ է կենտրոնացնում, նա անպետք է յուր բուն, կանացիական պարտավորությունների համար։
Ես այդ չգիտեմ, բայց մի՞թե դուք ոսկեղեն ու քարեղեն զարդարանքներին էլ ընդդեմ եք։
Պետրոսը զարմացած նայեց տիկնոջ երեսին, մի րոպե կարծելով, թե նա ցնորված է. բայց հանկարծ մտաբերելով, որ լուսավորված աշխարհը միլիոնավորները ունի դրանցից, լավ համարեց շարունակել.
Այո՛, տիկին, ես ընդդեմ եմ և ոսկեղեն ու քարեղեն զարդարանքներին։
Օ՜, մի՞թե կարելի է, հապա աշխարհում նրանցից ավելի գեղեցիկ էլ ուրիշ ի՞նչ կա։
Ակունքների մասին դուք իրավունք չունիք խոսելու, որովհետև աշխարհի մեջ ամենաթանկագին բաները նրանք են, հայտնեց յուր կարծիքը և օրիորդ Նատալիան։
Պետրոսը ծիծաղեց։
Մի՞թե չեք հավատում, աչքերը մեծացնելով հարցրեց օրիորդը։
Հավատում եմ, օրիորդ, բայց գիտե՞ք ինչ կա…
Ոչ։
Ուրեմն լսեցեք. ես իմացել եմ, որ դուք ռուսերեն ու ֆրանսերեն կարդացած եք, երևի կարդացած կլինեք և այն, որ աշխարհի զանազան մասերում վայրենի մարզիկներ կան, այնքան վայրենի, որ մինչև անգամ իրենց նման մարդիկներին ուտում են. բայց նրանք էլ զարդարանքների վերա ուշադրություն են դարձնում։ Կա՛ն վայրենիներ, որոնք իրենց երեսը, ճակատը, կամ մարմինը զանազան գույներով նախշում են. կան վայրենիներ էլ, որոնք ծակում են իրենց քիթը և ականջները ու նրանց մեջ գունավոր փետուրներ են խցկում և այլն, սրանից ես եզրակացնում եմ, որ ա՛յն կինը, որ յուր ականջների, կրծքի կամ բազուկների վերա զարդարանքներ է կախում, ոչնչով չի տարբերվում այդ վայրենիներից. զանազանությունը միայն զարդարանքների գնի մեջ է, այսինքն, որ վայրենիները թռչունների փետուրներն են խցկում իրենց ականջները, իսկ մեր կանայք՝ ոսկի ու ադամանդ…
Չգիտեմ. ես այդպես բաներ չեմ կարդացել, խոսեց օրիորդը, «Մարգոյի» մեջ լավ պատմություններ շատ կան, բայց վայրենիների մասին բան չկա գրած։
Երևի այդ տեսակ բաները հայոց գրքերումն է գրած, նկատեց տիկինը օրիորդին։
Շատ կարելի է, ես հայերեն գրքեր չեմ կարդացել։
Դուք հայերեն չե՞ք կարդացել, զարմանք կեղծեչով հարցրեց Պետրոսը։
Ոչ, ժպտալով պատասխանեց օրիորդը։
Մի՞թե, բայց ինչո՞ւ համար չեք կարդացել։
Որովհետև հայերենը ոչ մի բանի պետք չէ գալիս։
Ինչպե՞ս թե ոչ մի բանի պետք չէ գալիս։
Այնպես էլի, պետք չէ գալիս։
Բայց մենք այժմ այստեղ հայերեն չե՞նք խոսում:
Ի՞նչ դուրս եկավ դրանից։ Հապա եթե մի խնջույքում, կամ պարահանդեսում կամենաք ասել այս տիկնոջ շլեյֆը երկար է, կամ այս օրիորդի կրուժիաները գեղեցիկ են, ինչպես կարող եք ասել։
Հենց այդպես, ինչպես որ ասացիք։
Ներողություն, այդպես չէ կարելի. շլեյֆ և կրուժիաներ բառերն էլ հայերեն պետք է ասել. բայց հայերեն լեզուն այնքան աղքատ և ողորմելի է, որ այսպիսի երևելի անունների համար բառեր չունի։
Հա՞. տեսնո՞ւմ եք, հապա պատասխանեցեք իմ Նատաշին, պարծենալով խոսեց տիկին Անիչկան, կարծելով, թե յուր աղջիկը յուր երևելի փիլիսոփայություններով Պետրոսի ձեռքն ու ոտքը կապեց:
Պետրոսը մի կարեկցական հայացք ձգեց տգետ մոր և աղջկա վերա և շշնջաց Շիլլերի գեղեցիկ խոսքը. «Հիմարության դեմ աստվածներն անգամ իզուր են կռվում…»։
Բայց խոսակցությունը կարճ կտրելու համար հարկավոր էր, որ նա մի պատասխան տար տիկնոջը։
Ձեր աղջիկը այնպես գեղեցիկ օրինակ բերավ, որ ես նրան պատասխան տալ չեմ կարող. ես արդարև հաղթված եմ, ասաց նա և մայր ու աղջիկ ուրախ-ուրախ սկսան ծիծաղել։
Մելքոն-աղան, որ դիտմամբ Թովմասի հետ առանձնացել էր սենյակի մի անկյունը, որպեսզի յուր կնոջը ավելի ժամանակ տա Պետրոսին գրավելու, տիկնոջ բարձր ծիծաղի վերա մոտեցավ հետաքրքիր խմբին և մեծ հաճությամբ լսեց յուր կնոջ զեկուցումը, թե ինչպես Նատաշան հաղթեց պ. Պետրոսին մի երևելի վիճաբանության մեջ։
Հապա՛, հապա՛. ես իզուր չեմ հազարներ վատնել իմ Նատաշային կրթության տալու համար, հպարտանալով խոսեց Մելքոն-աղան, նա այժմ այնքան բան գիտե, որ կարող է դաս տալ մինչև անգամ մեր աղջեկերանց դպրոցի վարժուհուն։
Օրիորդ Աստղիկի՞ն, նա ի՞նչ գիտե. դու էլ աղջկա անուն տվիր, արհամարհական եղանակով նկատեց տիկինը։
Աստղիկի անունը ամբողջ մարմնով ցնցեց երիտասարդին. նրան թվաց, թե ինքը մասնակցում է մի մեծ հանցանքի, որովհետև յուր աչքի առաջ մի անարժան բերանով սրբապղծվում էր յուր առաքինի սիրուհու անունը։
Կարծեմ ժամանակ է, որ մենք գնանք, սիրելի հորեղբայր. արդեն բավական ձանձրացրինք մենք մեր բարեկամներին, տեղից վեր կենալով խոսեց Պետրոսը։
Գնանք, այո՛, ժամանակ է, պատասխանեց Թովմասը նույնպես տեղից վերկենալով, բայց խիստ դժգոհ եղբորորդու վարմունքից, որովհետև ինքը դեռ նոր էր գեղեցիկ տանտիկնոջ հանդեպը նստել և դեռ միտք ուներ մի փոքր ժամանակ նրա գեղեցիկ ժպիտներով հիանալու։
Դեռ ի՞նչ գնալու ժամանակ է, խոսեց տիկինը, մի փոքր սպասեցեք, որ սուրճ վայելեք, մոռացա հրամայել, որ սուրճ պատրաստեն, սպասեցեք մի փոքր, այս րոպեին կպատրաստվի։
Պետք է շնորհակալ լինել ուրեմն, որ դուք մոռացեք եք, դժգոհությամբ նկատեց Մելքոն-աղան։
Խնդրեմ, խնդրեմ, մի նեղանաք, թախանձեց Պետրոսը. գեղեցիկ հագուստներն ու քարեղենները մեզ այնքան զբաղեցրին, որ տիկինը իրավունք ուներ այդքան փոքր բանի վերա ուշադրություն չդարձնելու։
Շնորհակալ եմ, դուք ինձ հասկանում եք, ասաց տիկինը. բայց էլի մի փոքր եթե մնայիք՝ շատ ուրախ կլինեի։
Ոչ, ոչ, մեծապես շնորհակալ եմ ես, մանավանդ ուրիշ տեղ այցելության պիտի գնամ, խոստացել եմ, վճռաբար հայտնեց Պետրոսը և ձեռքը պարզեց տիկնոջը։
Վերջինս էլ չընդդիմացավ և քնքշաբար սեղմեց յուր ապագա փեսացուի ձեռքը։
Պետրոսը նույնպես ողջունեց օրիորդին, նրա հորը ու դուրս գնաց։
Բայց Թովմասը մի քանի րոպե ուշացավ բարեկամների մոտ։
Մելքոն-աղան հետաքրքրվեցավ իմանալու, թե արդյոք հավանե՞ց Պետրոսը յուր Նատաշին և կամ ե՞րբ կլինի պաշտոնական նշանադրությունը։
Թովմասը, որ առաջին հարցին որոշ պատասխան տալ չէր կարող, երկրորդի մասին էլ ոչինչ չասաց. միայն խոստացավ հետևյալ օրը վերջնական պատասխան բերել երկու հարցի համար էլ։
ԻԳ
ՄԻԱԿ ԱՊԱՎԵՆԸ
Վերադառնալով տուն, Թովմասը տարավ եղբորորդուն յուր առանձնարանը և սկսեց հարցուփորձել նրան։
Ի՞նչպես գտար հարսնացուդ, Պետրե, կարծեմ շա՛տ հավանեցիր, այնպես չէ՞։
Ինչո՞ւ չէ. լավ աղջիկ էր, պատասխանեց Պետրոսը, կամենալով նախընթաց ավուր որոշման համաձայն գործել. այսինքն միառժամանակ խորամանկություն բանեցնել, մինչև որ տեսնե, թե բանը ինչո՞վ է վերջանում։
Լավ աղջիկ լինելուն խոսք չկա. բայց դու ա՛յն ասա, հավանեցի՞ր նրան, թե ոչ։ Հավանեցի։
Ա՜հ, փառք աստուծո. հապա որ ես գովո՞ւմ էի… Տեսա՞ր նրա հասակը, նրա շնորհքը, նրա խոսելը. դեռ մի մտածի՛ր թե ո՞ւմ աղջիկն է. Մելքոն-աղա Խալաթյւսնի. քաղաքի ամենաառաջին հարստի. և ո՜րքան օժիտ կբերե և ի՜նչ ապահովություն է քո ապագայի համար այդպիսի հարուստ աներ ունենալը: Օ՜ , գիտես, թէ քանի՜ քանի՜ երիտասարդներ պիտի նախանձեն քո բախտին։
Այդ բոլորը գիտեմ։
Իհարկե կիմանաս. երեխա հո չե՞ս։ Բայց ասա տեսնեմ, ե՞րբ ես ուզում, որ նշանադրությունն ու հարսանիքը լինի, այդ մեկը ես ուզում եմ, որ անպատճառ քո կամքով լինի։
Դեռ շատ ուշ։
Այսինքն քանի՞ օրից ետ։
Oր չէ՛, հորեղբայր. տարիներից խոսիր։
Ի՞նչպես։
Այո՛, առնվազն մի չորս տարի դեռ պետք է սպասել, մինչև որ ես համալսարան կերթամ, ուսումս կավարտեմ և կվերադառնամ։
Ինչե՜ր ես խոսում. աղջիկն արդեն տասնևութ տարեկան է. նրան ի՞նչպես կարելի է այդքան ժամանակ պահել. այդ հասակի աղջկանը մեր քաղաքում արդեն պառաված են համարում, իսկ դու դեռ նրան չորս տարի էլ ես ուզում սպասել տալ։
Քսաներկու տարին աղջկա ամուսնության ամենալավ ժամանակն է։
Դատարկ բաներ մի՛ խոսար. որքան էլ որ այս գործը ուշանա, մի կամ երկու շաբաթից ավելի չի կարող ուշանալ, կարող ես պսակվել և հետո, ինչպես ես քեզ խոստացա, էլի գնալ ուսմանդ ետևից։ Քո հարսնացուն ես ու մայրդ մեր աչքի լույսի պես կպահենք։
Բայց այդ անկարելի է, ամուսնանալ և հետո գնալ համալսարան. դա շատ ծաղրելի բան է։
Ծաղրելի ոչինչ չկա. կամուսնանաս, կինդ կթողնես մեզ մոտ ու դու կերթաս քո ուսմանդ։ Ոչ, հորեղբայր, այդ բանում դուք չպիտի բռնադատեք ինձ․ ամուսնանալուց ետ անկարելի է ուսում շարունակել․ իսկ ես չեմ ապրիլ եթե ինձ միջոց չտաք իմ ուսումս ավարտելու։
Չէ, որդի, ավելի խոսել հարկավոր չէ. դու այն արա, ինչ որ քո հորեղբայրդ խորհուրդ է տալիս քեզ. դու գիտես, որ նա քո թշնամին չէ։ Երկու կամ երեք օրից ետ հանդիսավոր նշանադրություն կանենք, և մի շաբաթից, կամ տասն օրից հետո փառավոր հարսանիք։ Եվ դեռ տես, թե ինչ հարսանիք եմ անում քեզ համար. ամբողջ քաղաքը պետք է ոտի վերա լինի քո պսակի գիշերը։
Այդ բոլորը լավ, հորեղբայր, բայց ես ասացի ձեզ, որ անկարելի է ինձ այդպես շուտ ամուսնանալ։
Ես էլ ասացի, որ ավելի խոսել հարկավոր չէ. տասն օրից ավելի չպիտի ուշանա այս գործը։
Պետրոսը պարզ տեսավ, որ յուր խորամանկությունը մի հաջող նպատակի չհասցրեց իրեն, ուստի լավ համարեց ճշմարիտ խոսակցությամբ ավարտել գործը։
Սիրելի հորեղբայր, ասաց նա, ես կամենում եմ անպատճառ ավարտել իմ ուսումս. սա կարծեմ մի հանցանք չէ ինձ համար։
Իհարկե։
Ուրեմն եթե այս նպատակիս համար էլ ես աշխատում եմ ձեզ չգրգռել, այս էլ մի հանցանք չէ։
Ի՞նչպես, չեմ հասկանում։
Այո՛, ես Խալաթյանի աղջկան չեմ հավանում և երբեք էլ չեմ ամուսնանալ նրա հետ. ավելի լավ է այժմյանից ճշմարտությունը ասել և ապագայում ցավ չպատրաստել ոչ ինձ և ոչ ձեզ համար։
Թովմասը կարծես քնից զարթնած վեր թռավ յուր աթոռից։
Ինչե՜ր ես խոսում, Պետրե. գժվե՞լ ես դու։
Հանգստացեք, հորեղբայր, ես չեմ գժվել և միայն ճշմարտությունն եմ խոսում։
Դու չասացիր, թե հավանում եմ աղջկան։
Ներեցեք ինձ, ես այդ ասացի միայն ձեզ չգրգռելու համար․ և ես այժմ տեսնում եմ, որ սխալվեցա. որովհետև քանի որ դուք ձեր մտքում դրել եք անպատճառ ամուսնացնել ինձ այն աղջկա հետ, և ես որոշել եմ ամենևին չամուսնանալ նրա հետ, կնշանակե մենք երբեք չենք հաշտվիլ այս խնդրում և ուրեմն ավելի լավ է բուն ճշմարտությունը խոստովանվել։
Եթե ա՛յն է ճշմարտությունը, որ դու Խալաթյանի աղջկան չես հավանում ուրեմն չես ամուսնանալ նրա հետ, կնշանակե դու երբեք էլ համալսարան չես տեսնիլ և ուսումդ չես ավարտիլ, վճռաբար ասաց Թովմասը։
Բայց չէ՞ որ դուք ասացիք ինձ, թե տես աղջկան, եթե կհավանես, լավ, եթե չէ, կարող ես էլի քո ուսման ետևից գնալ։
Ասացի, բայց այժմ այդպես չեմ կամենում, դու պետք է անպատճառ ամուսնանաս այն աղջկա հետ։
Բայց ինչո՞ւ համար անպատճառ, ի՞նչ գաղտնիք է այդ, վերջապես, որ դուք բերել եք տալիս Թիֆլիսից, արգիլում եք ինձ իմ ուսումս շարունակել և ստիպում եք, որ ես ամուսնանամ, պարզեցեք ինձ այդ գաղտնիքը, գուցե դրանով դուք կարողանում եք համոզել ինձ…
Ոչինչ գաղտնիք չկա։
Անկարելի է, այդ գաղտնիքը գոյություն ունի, բայց դուք ծածկում եք ինձանից։
Թովմասը մի րոպե լռեց և սկսավ մտածել, «Պատմենք սրան բանի էությունը, գուցե, իրավ, համոզվում է նա․ ամուսնանալու գործը իրեն է պատկանում, լավ է, որ իմ ստիպելու պատճառն էլ ինքը իմանա»-մտածեց Թովմասը և պատմեց նրան Մելքոն-աղա Խալաթյանի շնորհիվ յուր վերցրած կապալի բոլոր պատմությունը, սկսելով դրացի Սիգոյի հայտարարությունից և վերջացնելով յուր Թիֆլիս քաշած հեռագրով։
Պետրոսը, որ հորեղբոր պատմությունը լսելով հետզհետե կատաղում էր, վերջում արդեն յուր համբերությունը կորցրեց։
Ուրեմն դուք ինձ վաճառե՞լ եք Մելքոն Խալաթյանին, դառնացած բացականչեց երիտասարդը։ և ի՞նչ իրավունքով էիք այդքան անխիղճ կերպով իմ բախտի հետ խաղում…
Այդպես բաներ մի՛ խոսիր, Պետրե, չէ՞ որ ես էլ քո բախտավորության համար եմ մտածում, ո՞ւմ պիտի մնան իմ աշխատած փողերը․ դու չե՞ս արդյոք իմ միակ ժառանգը աշխարհում։
Որին այսուամենայնիվ դուք վաճառել եք մի կապալով…
Դարձյալ նո՞ւյն խոսքերը։
Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել։
Ուրեմն քեզ ամուսնացնելը՝ քեզ վաճառե՞լ կնշանակե։
Բայց ո՞ւմ հետ եք ամուսնացնում։
Մի հարուստ, մի պատվական աղջկա հետ։
Ավելի լավ է ասացեք մի հրեշի։
Ինչո՞ւ համար այդպես անխիղճ ես դու, Պետրե, մի՞թե այն աղջիկը այդքան էլ տգեղ է, որ դու նրան հրեշ ես անվանում։
Տգե՞ղ․ մի՛թե տգեղության մասին է խոսքը, աղջիկը տգեղ չէ երբեք, եթե տգեղությունը նրա դեմքի վերա է նշմարվում, ի՞նչ բան է հենց նույն ինքը գեղեցկությունը մի փայլ, որ անհետանում է խորշակի առաջին հարվածից, կամ մի ծաղիկ, որ մի ժամվա մեջ թառամում է արևի կիզիչ ճառագայթների առաջ։ Կնոջ արտաքին գեղեցկությունը նույն նշանակությունն ունի յուր ամուսնու համար, ինչ որ նրա պսակի փայլուն հանդերձանքը, որոնք մի օրից հետո էլ չեն գրավում նրան, որովհետև կորցնում են իրենց հանդիսական նշանակությունը։ Մի կին հավիտյան գեղեցիկ և հավիտյան գրավիչ լինելու համար պետք է փայլի ներքին, հոգեկան գեղեցկությամբ։ Ի՞նչ հարկավոր է ամուսնուն այն կինը, որ հրեշտակի կերպարանք ունի, բայց սատանայի սիրտ, միթե գրավիչ հայացքը կարո՞ղ է բուժել այն վերքը, որ բանում է ամուսնու սրտի մեջ թունավոր լեզուն… Չէ, աղջկա արտաքին գեղեցկությունը չէ կարող գրավել ինձ, ո՜րքան գեղեցկություններ կան, որոնք թափառում են հասարակաց սրահներում և որոնց ամեն մի անցորդ կարող է գնել մի քանի փողով… Ես պտրում եմ աղջկա մեջ ներքին, հոգեկան գեղեցկություն, մի արժանիք, որին չեն կարող թառամեցնել ոչ խորշակի հարվածները և ոչ արևի ճառագայթները. մի արժանիք, որ չէ հնանում և չէ ժանգոտում, այլ գործող արորի նման օրըստօրե հղկվում, փայլում է և տեսնողների աչքերն է խտտղում… Ահա՛ իմ պաշտած գեղեցկությունը, ես սրա հետ միայն կարող եմ ամուսնանալ…
Ապրիս, շատ ապրիս, բացականչեց Թովմասը, ես էլ ճիշտ քո գաղափարն ունիմ արտաքին գեղեցկության վերա և հենց առաջին անգամ որ Մելքոն-աղայի աղջկա անունը լսեցի, ճիշտ այդպիսի մի խորհրդածություն էլ ես արի։ Ուրեմն մենք համամիտ ենք մի բանում, որ աղջկա արտաքին գեղեցկությունը մեծ բան չէ, աղջիկը ներքին գեղեցկություն պիտի ունենա։ Է՜հ, Մելքոն-աղայի աղջիկն էլ հենց մեր ուզածն է։ Ճշմարիտ է, նա արտաքին գեղեցկություն չունի, բայց ներքին գեղեցկությո՞ւն… o՛, երևելի է, երևելի. դու հո՛ տեսար, թե ի՞նչպես հաղթեց քեզ վիճաբանության մեջ։ Պետրոսը, որքան էլ դառնացած, այսուամենայնիվ չկարողացավ յուր ծիծաղը զսպել։
Դու ծիծաղո՞ւմ ես․ բայց մենք հո՛ լսում էինք ձեզ թեկուզ ձեզանից հեռու նստած, նկատեց Թովմասը։
Ո՞ւմ մասին եք խոսում, հորեղբայր․ Խալաթյանի աղջկա և նրա մեջ եք դուք ներքին գեղեցկություն գտել։
Հա՛, ի՞նչ է։
Շատ ուրախ եմ, որ դուք գնահատում եք ներքին գեղեցկությունը, բայց ցավում եմ, որ երբեք չեք ճանաչում նրան։
Ինչպե՞ս թե չեմ ճանաչում, քո կարծիքով Խալաթյանի աղջիկը ոչինչ ներքին գեղեցկություն չունի՞։
Այո՛, հորեղբայր, այո՛, նրա արտաքին կերպարանքից ավելի տգեղ է նրա ներքին կերպարանքը, նրա միտքը, սիրտը և հոգին։ Ի՞նչ է նա, մի տիկնիկ, մի խաղալիք, որի վերայի զարդարանքը ավելի փող արժե, քան յուր ամբողջ գոյությունը։ Եվ մի աղջիկ, որ այնպիսի մայր ունի, որպիսին Խալաթյանի կինն է, մի՞թե ավելի արժանիք կարող էր ունենալ, քան ինչ որ ունի։
Խալաթյանի կնոջ մասին արդեն դու իրավունք չունիս վատ կարծիք հայտնելու, նա այնպիսի մի կին է, որի նմանները շատ չեն գտնվում մեր ժամանակում, ես հիացած եմ։
Դուք կարող եք նրանով հիանալ, այդ ձեր իրավունքն է, բայց որ նա ոչնչություն է, այդ ճիշտ է։
Դու արդեն չափազանցում ես։
Բոլորովին։
Այդ կինը ստեղծված է միայն նրա համար, որ ուտի, խմի, հագնվի, զարդարվի և առանց մի օգտավետ գործի վերա մտածելու, կամ մի արժանավոր գործով պարապելու, սպանե յուր ժամանակը զբոսանքներով, զվարճություններով և այցելություններով։
Էլ ուրիշ ի՞նչ ունի անելու։
Փառք աստուծո, նա այնքան հարուստ է, որ ոչ մի բանի վերա մտածելու կարիք չունի։
Չէ, հորեղբայր, դեռ չէ ստեղծվել այն կինը, որ խելք ունենա և յուր բոլոր ժամանակը անօգուտ զվարճություններով անցնե։ Խելոք կինը, որքան էլ հարուստ լինի նա, դարձյալ շատ գործ ունի շինելու։ Արդեն տանտիկին և մայր լինելը, որից չի հրաժարվել ոչ մի խելացի կին, ինքնըստինքյան մեծ գործ է կնոջ համար։ Որովհետև ոչ մի ծառա, ոչ մի աղախին չեն կարող այնպես հոգալ մի տան օգտի և շինության համար, ինչպես հոգածու և շրջահայաց տանտիկինը․ ոչ մի վարժապետ, ոչ մի վարժուհի չեն կարող այնպես խնամել և դաստիարակել մանուկներին, ինչպես որդեսեր մայրը, որ սովորել է կրթության գործը և անընդհատ պարապում է նրանով։ Հետևապես մի կին, որ այնքան ուշադրություն է դարձնում զարդարվելու ու պչրվելու վերա, որքան Խալաթյանի կինը, նա չէ կարող լավ տանտիկին լինել, մի կին, որ նրա չափ այցելությունների ու զվարճությունների սիրահար է, չէ կարող արժանավոր և ոչ էլ օրինակելի որդիներ դաստիարակել. որովհետև «ոչ ոք չէ կարող երկու տիրոջ ծառայել», ինչպես ասում է Քրիստոսը։ Պարզ է, ուրեմն, որ Խալաթյանի կինը այսպիսի մի չնչին արարած լինելով, յուր աղջկանից էլ յուր նման մի ոչնչություն պիտի ստեղծեր։
Թեպետ ես դեռ չեմ համոզվում, որ տ. Անիչկան այնքան չնչին արարած է, որպիսին դու ես ներկայացնում, այսուամենայնիվ մի վայրկյան ընդունենք, թե քո նրա մասին հայտնած կարծիքը ճշմարիտ է և թե նա արդար և մի անպետք կին է. բայց ինչո՞ւ համար աղջիկն էլ նրա նման պիտի լինի, քի՞չ վատ մայրեր կան, որոնք լավ աղջիկներ ունին և լավ մայրեր, որոնք վատ աղջիկներ ունին։
Դրանք բացառություններ են. բուն ճշմարտությունը այն է, որ չար ծառը բարի պտուղ չի բերիլ։ Բայց եթե ենթադրենք, թե այս կարծիքն էլ սխալ է, այսուամենայնիվ ես տեսա այն աղջկան նա այնքան հասարակ փայտից է տաշված, որ ամենատգետ հյուսնը անգամ կարող է նրան ճանաչել։
Ի՞նչ պակասություն տեսար դու այն աղջկա մեջ։
Որտեղ ոչ մի առավելություն չկա, այնտեղ արդեն ամեն ինչ պակասավոր է։
Ես քո գրաբար մտքերը չեմ հասկանում, պարզ խոսիր տեսնեմ, թե ի՞նչ պակասություն գտար այն աղջկա մեջ:
Ես ո՞ր մեկը թվեմ. առաջինը՝ նա հայ չէ…
Լռի՛ր, լռի՛ր, ինչպե՜ս թե հայ չէ. նա ինքն էլ է հայ, ծնողներն էլ են հայ, պապերն էլ են հայ… շտապով ընդհատեց Թովմասը Պետրոսին. եթե որ բոլոր մեղադրանքներն էլ այդտեսակ են, վա՜յ քո հոգուն։
Ես այդքան տգետ չեմ, սիրելի հորեղբայր, ինձ դուք չեք հասկանում. ես գիտեմ, որ նա հայ ծնողներից է ծնվել, հայ եկեղեցում է մկրտվել. բայց քանի որ նա հայ հոգով չէ մեծացել, հայերեն չէ կարդացել, հայություն չէ սիրել, նա ինձ համար հայ չէ։ Իմ ապագա ամուսինը չպիտի համարձակվի իմ առաջ իմ մայրենի լեզուն ծաղրել. բայց այդ աղջիկը այդպես արավ. եթե նա ուրիշ շատ թանկագին արժանավորություններ էլ ունենար, այսուամենայնիվ նրա այդ միակ վարմունքը բավական էր, որ ես նրան իբրև իմ սատանային՝ ատեի, ինչպես մի փանաքի որդն արհամարհեի… Բայց նա ոչ մի ուրիշ արժանավորություն էլ չունի. տգետ է վերին աստիճանի. ամենահասարակ նյութի մասին անգամ խոսել ու դատել չգիտե և սովորած է միայն հագնվելու ու զուգվելու։ Ինչի՞ս է հարկավոր, ուրեմն, այդպիսի մի աղջիկ, որ յուր գոյությամբ ապացուցանում է միայն ոչնչության գոյությունը…
Հորեղբայր Թովմասը շարժեց գլուխը, ձգվեցավ յուր աթոռի մեջ և մի քանի րոպե Պետրոսի վերա լուռ ու մունջ նայելուց ետ ծանր և լուրջ ձայնով հարցրեց։
Ուրեմն դու քո մտքում դրել ես, որ անպատճառ անպատվե՞ս ինձ։
Քավլիցի՛ քո պատիվը իմ անվան պատիվն է ինչո՞ւ պետք է ես անպատվեմ քեզ։
Բայց խո չե՞ս կամենում Խալաթյանի աղջկա հետ ամուսնանալ։
Ո՛չ. մեռնելս ավելի կգերադասեմ։
Շատ լավ, այդ նշանակում է, որ դու ինձ անպատվում ես. որովհետև ես քեզ ասացի, որ այն մարդուն ազնիվ ու պատվավոր խոսք եմ տվել, ուրեմն եթե ես չեմ կարողանում իմ պատվավոր խոստումը կատարել, կնշանակե ես անպատիվ եմ դառնում և ինձ անպատվողը իմ հարազատ եղբոր որդին է, որին ես պահել, մեծացրել և ուսում եմ տվել, որի վերա ես հարազատ հորից ավելի երախտիք ունիմ… Այսպես է, թե ոչ։
՝ Շատ եմ ցավում, որ այդպես է։
Քո ցավելուն էլ այսուհետև կարիք չունիմ ես, այս րոպեին մենք մեր հաշիվը կվերջացնենք։
Այս ասելով Թովմասը դիմեց դեպի գրասեղանը և ամուր զանգահարեց։
Ծառան իսկույն ներս եկավ։
Կանչի՛ր այստեղ իմ հարսին, հրամայեց նա։
Մի քանի րոպեից ներս մտավ տիկին Հռիփսիմեն տխուր և երկչոտ դեմքով, կարծես գուշակելով յուր որդու գլխին գալիք չարիքը։
Քո որդին հայտնած կլինի քեզ իմ ցանկությունը, որ էր՝ ամուսնացնել նրան Մելքոն-աղա Խալաթյանի հարուստ դստեր հետ և բախտավորացնել թե իրեն և թե՛ քեզ։
Այո՛, հայտնել է։ Շատ լավ. բայց չնայելով երկու օր շարունակ իմ նրա գլխին կարդացած քարոզներին, այսուամենայնիվ քո պարոն որդին մնում է յուր համառության մեջ, և այդպիսով չարաչար անպատվում է ինձ։ Իմ վերջնական վճիռը հայտնելուց առաջ, ես կամենում եմ քո միտքն էլ իմանալ. ասա՛ ինձ, արդյոք այս բանում դու էլ համաձա՞յն ես քո որդու հետ, թե՞ ոչ։
Ամուսնացողը Պետրոսը ինքն է. եթե նա չի հավանում աղջկան, ես ի՞նչ կարող եմ ասել նրան։
Ուրեմն դուք երկուսդ էլ, մայր և որդի, միացել եք ինձ դեմ, ինձ խայտառակելո՞ւ համար։ Եթե այդպես է, ես կամա-ակամա պիտի պաշտպանեմ ինձ։ Թշնամուն ոչ ոք յուր տան մեջ չէ պահում. այդ պատճառով ես անհրաժեշտ եմ համարում հայտնել ձեզ, որ այսօր ևեթ թողնեք դուք իմ տունը՝ երբեք էլ այստեղ ոտք չդնելու պայմանով։ Ես կամենում եմ մխիթարվել գոնե նրանով, որ տան մեջ ես թշնամիներ չեմ պահում…
Այս խոսքերը Թովմասն արտասանեց այնքան լուրջ և վճռական ձայնով, որ տիկին Հռիփսիմեի մեջ էլ կասկած չմնաց, որ յուր անողոք տագրը վերջնականապես արտաքսում է իրենց յուր տնից։ Իսկույն նրա աչքերը արտասուքով լցվեցավ և նա սկսավ լալ։
Պետրոսը տեսնելով մոր արտասուքները, մի արհամարհական ակնարկ ձգեց յուր անսիրտ հորեղբոր վերա և դիմելով դեպի մայրը, գրկեց նրան և սրտառուչ ձայնով ասաց.
Մի՛ լար, իմ անգին մայրիկ, քո Պետրոսը դեռ կենդանի է. նրա սրտում այնքան ուժ կա, որ կարող է մշակություն անել և ազատ ապրեցնել քեզ քո ազատ տան մեջ. գնանք, գնանք այստեղից, ուր անսիրտ և դաժան բռնությունից զատ ոչինչ չես տեսել դու…
Այս ասելով երիտասարդը բռնեց արտասվող մոր թևից և դուրս հանեց նրան սենյակից։
Երբ նրանք իջնում էին սանդուղքներով, տ. Հռիփսիմեն հարցրեց.
Ո՞ւր ես տանում ինձ, որդի, ո՞ւմ կարող ենք մենք այժմ դիմել… Իմ Աստղիկի մոտ, մայրիկ, իմ Աստղիկի մոտ, նա է այժմ մեր միակ ապավենը…
Այս ասելով նա իջավ մոր հետ սանդուղքներից և դիմեց դեպի սիրուհու տունը:
ԻԴ
ՍԻՐՈՒՀԻՆ ՍՓՈՓՈՒՄ է
Այն միջոցին, որ Պետրոսն ու Հռիփսիմեն ներս մտան Աստղիկենց բակը, օրիորդը պարտեզի մեջ զբաղված էր յուր ծաղիկներով։ Տեսնելով սիրելիներին, նա թողեց յուր գործը և ուրախ ու ժպտադեմ դիմավորեց նրանց։ Բայց որքա՜ն եղավ նրա զարմանքն ու երկյուղը, երբ նա նկատեց մոր և որդու անսովոր տխրությունը և մանավանդ Հռիփսիմեին` արտասվաթոր աչքերով։
Ի՞նչ է պատահել ձեզ, մայրիկ, ինչո՞ւ տխուր եք դուք, փառք աստուծո, երկուսիդ էլ առողջ եմ տեսնում. ո՞ւմ հետ է, ուրեմն, մի դժբախտություն պատահել, ասացեք, աղաչում եմ. սրտատրոփ հարցրեց օրիորդը։
Հռիփսիմեն տխրությամբ նայեց մի րոպե որդու վշտահար դեմքի վերա և ապա դառնալով դեպի Աստղիկը, առանց մի բառ արտասանել կարողանալու, հեկեկաց և նրա պարանոցով փարելով սկսավ դառնապես լալ։
Մայրիկ, մայրիկ, ի՞նչ պատահեց ձեզ. ինչո՜ւ եք իմ սիրտը կտրտում, ջերմությամբ գրկելով նրան, բացականչեց օրիորդը. ասացեք ինձ, աղաչում եմ, ի՞նչ է պատահել ձեզ, դու ասա ինձ գոնե, Պետրե, ի՞նչ դժբախտություն է հասել ձեզ…
Ոչինչ, սիրելիս, մի հասարակ դժբախտություն, որին ես ամեն օր սպասում էի։
Բայց ի՞նչ դժբախտություն է այդ վերջապես։
Իմ հորեղբայրը մեզ արտաքսեց յուր տնից քեզ հայտնի գործի պատճառով, և այժմ մենք քեզ ենք դիմել իբրև մեր միակ ապավենին՝ այս ընդարձակ աշխարհի մեջ… Օ՜հ, եկեք, եկեք, իմ ազնիվ, իմ թանկագին բարեկամներ. եկեք մեզ մոտ. մեր տունը ձեր սեփականությունն է, մեր կամքը ձեր ծառան, մեր սիրտը ձեր գերին… Որքա՜ն շնորհակալ եմ աստվածանից, որ մեր միակ սիրելիներին առաջնորդում է մեզ մոտ, միշտ միասին և ուրախ ապրելու համար։ Եկեք մեզ մոտ, սիրելիներս, և մի տխրեք բնավ. ալս հարկը, որի տակ ապրում ենք մենք, բավական կլինի չորս միաշունչ սրտերի բնակության համար։ Այստեղ ոչ ոք չի խանգարիլ մեր ուրախությունը, ոչ ոք չի դառնացնիլ մեր երջանիկ կյանքը. եկեք, սիրելիներս, եկեք. թող մեզանից յուրաքանչյուրը երկու հարազատ մայրեր ունենա այսուհետև և մեր մայրերը՝ երկու հարազատ զավակներ…
Այս ասելով բռնեց օրիորդը տ. Հռիփսիմեի և Պետրոսի ձեռքից և տարավ նրանց տուն։
Տ. Եղիսաբեթը, որ տան մեջ յուր գործով էր զբաղված և հետևապես պատահած նորության մասին ոչինչ չգիտեր, սարսափելով լսեց Պետրոսի բոլոր պատմությունը և հազիվ էր կարողանում հավատալ նրա ճշմարտության։ Բայց վերջում հուսալիր խոսքերով մխիթարեց թե՛ մորը և թե՛ որդուն և հայտնեց յուր անկեղծ և կատարյալ ուրախությունը՝ նրանց յուր տունը ապավինելուն համար։
Քիչ ժամանակից ետ, երբ Պետրոսի և նրա մոր հուզմունքն անցավ, Աստղիկը սկսավ զանազան խոսակցություններով զբաղեցնել բարեկամներին, որպեսզի տխրելու ժամանակ չտա նրանց։
Մեզ մոտ ամեն բան այսպես է, Պետրե, և դեռ երկար այս դրությունը կշարունակվի, խոսում էր օրիորդը. ճշմարիտ բարերարությունը անծանոթ է դեռ մեր երկրին և բացառապես մեր ազգին. այդ պատճառով մեր բարերարները ամեն տեղ էլ կամ բռնավորներ են, կամ փառամոլներ։
Դրանցից ոմանք բարերարությունը անում են նույն հաշվով, ինչ հաշվով որ վաշխառուն փող է տալիս յուր խնդրարկուին։ Ինչպես որ վերջինս ձեռք չի վերցնում պարտապանից, մինչև որ սահմանյալ տոկոսներով յուր վերջին ստակը չէ ստանում, այնպես էլ մեր բարերարները խեղճ բարերարյալի օձիքը չեն թողնում, մինչև որ նա յուր վայելած բարյաց փոխարեն արժանավոր ստրկություն չէ անում իրենց: Իհարկե, երբ որ ազգի մեջ գոյություն ունեցող մի բարեգործական հաստատություն, մինչև անգամ հրապարակային կանոնագրությամբ, պարտք է դնում իրենից բարերարված և երիտասարդների վերա` մի որոշ ժամանակ ծառայել յուր հրամաններին, իբրև թե վայելած բարյաց փոխարենր հատուցանելու համար, և այսպիսով սրբապղծում է ճշմարիտ բարեգործության նշանակությունը, էլ ի՞նչ իրավունք ունինք մենք ավելին պահանջել մասնավոր անհատներից, որոնցից յուրաքանչյուրը յուր խելոք գլխի տերն բայց ավելի անբարոյականացնում է ժողովրդին մեր բարեկամների մի ուրիշ դասը, որ գլխավորապես կազմված է փառամոլ և սնապարծ անհատներից: Մեկ էլ տեսնում ես լրագրի ճակատին մեծ-մեծ տառերով արձանագրվեցավ պարոն կամ տիկին Մանսուրյանի մեծ բարեգործության պատմությունը Ի՞նչ է պատահել. հետաքրքրությամբ կարդում ես ներբողը. և դուրս է գալիս, որ պարոնը բարեհաճել է հինգ ռուբլի նվիրել Օձուն գյուղի ուսումնարանին, իսկ տիկինը` յոթանասուն կոպեկ` Հայրիկի սովյալներին… Եվ ի՞նչ, կարծում եք թե այս զոհաբերությունները առանց արժանավոր վարձատրությա՞ն են մնում։ Ոչ. իսկույն միևնույն լրագրում Օձուն գյուղի հասարակությունը յոթանասուն մարդու ստորագրությամբ շնորհակալության ուղերձ է հրատարակում, իսկ Հայրիկը բազկատարած, Վանի մայր եկեղեցում, Մանսուրյանի գովության քարոզն է խոսում… Իհարկե, քանի որ մի երկրում թզուկ նվիրատուները այսքան հեշտությամբ մեծ բարեգործներ են հռչակվում, և կա ժողովուրդ, որ առանց քննության, փառաբանում է նրանց, ի՛նչ զարմանք, ուրեմն, որ այս ու այն անկյունում, անհայտության դատապարտված փառամոլներ, որոնք զլանում են իրենց քաղցած ու մերկանդամ ազգականին հինգ սև փողի բարերարություն անելու, իրենց ողորմելի գոյությունը աշխարհին հայտնի անելու համար, հանկարծ ազգի բարերարներ կամ մեկենասներ են հռչակվում. ոմանք ներսես Պատրիարքին բացառիկ նվերներ ղրկելով, այլք Վանի խեղկատակներին դրամական օժանդակություններ անելով, իսկ ուրիշները Սահակ Բագրատունու, Դավիթ Մամիկոնյանի և այլ մեկենասների փառքը նսեմացնելու և շողոքորթ հեղինակների ներբողականին արժանանալու համար, գրքերի ճակատին իրենց պայծառ անունն ու ազգանունը արձանագրելով…
Բայց ո՞ւր, է ճշմարիտ բարեգործությունը, որ բխում է առաքինի մարդու սրտից, որ կատարում է աջ ձեռքը առանց ձախի գիտության… Ո՞ւր է ա՛յն բարեգործը, որ բարերարում է ոչ նրա համար, որ յուր առաջ խոնարհեն, որ իրեն փառաբանեն, այլ որ այրին անօգնական չմնա, որ որբը փողոցներում չմուրա, որ ուսումնածարավ երիտասարդը տգետ չմնար, որ կարոտ ընտանիքի մեջ հուսահատություն չտիրե…
Այդպիսի բարերարներ մենք չունենք և գուցե երկար էլ չենք ունենալ, քանի որ նույնիսկ հրապարակախոսի ձայնը խեղկատակ փառամոլների դատն է պաշտպանում…
Այո՛, Պետրե, չպետք է տխրել, ուրեմն, որ հորեղբայր Թովմասը արտաքսում է քեզ յուր տնից՝ յուր անիրավ հրամանին չհնազանդելուդ համար։ Այո՛, նա քեզ պահել, մեծացրել և ուսում է տվել, նա քեզ վերա փողեր է ծախսել, և այդ այն նպատակով, որ դու նրա համար ապրես, նրա՛ խելքով դատես, նրա՛ կամքով գործես։ Իսկ երբ դու համարձակվում ես ապրել իբրև ազատ մարդ, մի՞թե շատ խիստ է երևում քեզ որ նա արտաքսում է ձեզ յուր տնից։ Չէ, սիրելիս, եթե նրա տեսակետով նայես գործի վերա, անշուշտ շատ բնական կգտնես նրա վարմունքը։ Ուրեմն ձեզ մնում է մխիթարվել նրանով,որ գոնե այսուհետև իրավունք ունիք դուք ապրելու և գործելու իբրև ազատ մարդիկ. այս էլ մի բարիք է, որ չպետք է արհամարհել։
Ես չեմ վշտանում նրա համար, որ հորեղբայրս յուր արած երախտաց փոխարեն անիրավ զոհաբերություն էր պահանջում ինձանից, պատասխանեց Պետրոսը, և չեմ էլ տխրում, որ նա իմ ընդդիմության պատճառով արտաքսեց մեզ յուր տնից, նրա վարմունքը շատ բնական էր։ Այսուհետև ինչպես որ էլ լինի, ես կարող եմ ապրել և ապրեցնել ինձ հետ մորս. բայց ես վշտանում և տխրում եմ նրա համար, որ չկարողացա իմ նպատակին հասնել… Այժմ ես զրկված եմ համալսարան գնալու ամեն միջոցներից, որովհետև ունեցած ժամանակս ստիպված պիտի լինիմ զոհել իմ և մորս գոյությունը պահպանելու համար… Բայց ես ի՜նչ հույսեր չէի տածում իմ ապագայի համար… Այո՛, կորա՜ վ ամեն բան, կորա՜վ անդառնալի… Այս խոսքի հետ միասին կարծես Պետրոսը պատրաստվում էր արտասվել, բայց օրիորդի ձայնը կանգնեցրեց նրա արտասուքները։
Մի՞թե դու այնքան մեծ նշանակություն ես տալիս համալսարանական ուսմանը, որ նրանից զրկված լինելը քեզ համար դժբախտությո՞ւն ես համարում, հարցրեց Աստղիկը Պետրոսին։
Իհարկե, քանի՞ փող արժե այն կյանքը, որ գերի է տգիտության… Շատ անգամ մի ամբողջ հարստություն։
Ինչպե՞ս. ես չեմ հասկանում։
Բնական է, որ չհասկանաս, որովհետև դու չես կամենում ապրել այնտեղ, որտեղ հասարակաստեղծ մարդիկն են ապրում: Դարձյալ չեմ հասկանում, մի՜թե այդքան էլ հպարտ եմ ես։
Ոչ, դու հպարտ չես, բայց սարսափում ես իրական կյանքին մոտենալ։ Ի՞նչ են անում այն մարդիկը, որոնք ոչ միայն համալսարանական, այլ մինչև անգամ տարրական կրթություն չունին առած, և մի՞թե կարծում ես, թե նրանք շատ դժբախտ են ապրում։
Ընդհակառակը, հենց տգիտությունն է, որ նրանց կյանքը քաղցրացնում է։
Ահա՛, դու ինքդ բացատրեցիր իմ խոսքի միտքը, ուրեմն տգիտությունը շատ անգամ մի ամբողջ հարստություն արժե։
Իհարկե, բայց այն կույրերի համար, որոնք լույսի վերա գաղափար չունին։
Ով որ մի աչք ունի, նա էլ բավական առատ վայելում է աստուծո ստեղծած լույսը։ Ուրեմն չպետք է դժգոհ լինել բախտից եթե նա երկու աչքից չէ զրկում մարդուն։
Դու ինձ մեղադրում ես նրա համա՞ր որ ես ավելին եմ պահանջում, քան ինչ որ ունի՞ մ։ Այո՛, Պետրե, դժգոհությունը դժոխքի բանալին է ով որ գոհ լինել չգիտե, նա միշտ կարոտ կմնա երջանկության. աշխատի՛ր սովորել ունեցածովդ շատանալ և կյանքը կծիծաղե քեզ։ Նրանք, որոնք աշխատում են միշտ ավելին և կատարելագույնը ձեռք բերել, կմեռնին աշխատության ճանապարհի վերա, անծանոթ՛ կյանքի քաղցրություններին… Սովորիր հաշտվել ա՛յն ճակատագրի հետ, որ բախտը սահմանել է քեզ համար, և եթե այդ ճակատագիրը չէ դառնացնում քո կյանքը, մի՛ կռվիր դու նրա հետ…
Ուրեմն ի՞նչ անեմ ես այսուհետև։
Ապրի՛ր, ահա՛ բոլորը։
Բայց մի՞թե ես դրա համար բավական հարստություն ունիմ…
Այնքան, որ կարող է բավականանալ և նրանց, որոնց դու կկամենաս երջանկացնել քեզ հետ…
Ես չեմ տեսնում այդ հարստությունը։
Իսկ նա իմ առջևն է. երիտասարդ և առույգ հասակ, սրտի և հոգվո կենդանություն, մտքի բավականաչափ զարգացում և այս բոլորին պաշտող մի սիրտ, որ պատրաստ է քեզ համար ամեն զոհաբերության. մի՛թե էլ ուրիշ բան պակասում է քեզ…
Գորովվելով այս խոսքերից, նայեց Պետրոսը յուր սիրուհու աչքերին, որոնք այդ ժամանակ վառվում էին կրկնակի կրակով և նրանց մեջ կարծես յուր մի նոր կյանքի արշալույսը նշմարելով, ուրախությամբ բացականչեց.
Այո՛, Աստղիկ, դու ճշմարիտ ես խոսում, ես հարուստ եմ և ինձ կարող են նախանձել մարդիկ, որովհետև դու սիրում ես ինձ և քեզ չեն կարող խլել ինձանից…
Եթե այդ մեկ հարստությամբը գոնե դու գոհ ես, ուրեմն խոստացիր ինձ այս օրվանից արդեն ամեն բան մոռանալ և ապրել քեզ սիրող սրտերի համար…
Պետրոսը, որ բավական սփոփվել էր սիրուհու խոսքերով, մոտեցավ նրան և խանդաղատանոք նրա ձեռքը բռնելով ասաց.
Որովհետև իմ այս թշվառ չքավորության մեջ անգամ դու սիրում ես ինձ, ուրեմն էլ ոչ մի ցավ չէ մնում ինձ աշխարհում. հենց այս րոպեից սկսած ես մոռանում եմ թե՛ ինձ հասած անպատվությունը և թե՛ իմ համալսարանական ցնորքները։ Այս օրվանից արդեն ես կմտնեմ դրական կյանքի մեջ և կապրեմ քեզ համար և քեզ հետ միասին՛ մեր ծնողաց համար․․․
Աստղիկը ի նշան շնորհակալության, ջերմագին սեղմեց, սիրելվո ձեռքը և ամբողջ օրը անցուցին նրանք ուրախ տրամադրության մեջ, ուրախացնելով և իրենց մայրերին։