Мурацан
Չհաս է
Ա․
ՊԱՐՈՆ ԹՈՎՄԱՍ ՄԱՐԱԼՅԱՆԸ
Նրա տարիքը թեպետ հիսունհինգից անց էր բայց, նա դեռ ժիր և առույգ էր ինչպես մի երիտասարդ և յուր բոլոր գործերի վերա հսկում էր անձամբ։ Ամեն առավոտ նա ժամը վեցին արդեն ոտքի վերա էր. նրա ստորադրյալները նույնպես հետևում էին յուր օրինակին. որովհետև Թովմասի խանութները բացվում էին շուկայի մեջ ամենից վաղ և փակվում ամենից ուշ, իսկ այդ բոլոր ժամանակը նա ոտքը խանութից դուրս չէր դնում։ Նույնիսկ ճաշելու համար պարոն Թովմասը տուն չէր գնում և այդ պետքը լցուցանում էր խանութում։ Հենց այս պատճառով էլ նա շատ ատում էր այն փափկասեր վաճառականներին, որոնք կեսօրին խանութը գործակատարների հույսով թողնելով, շտապում էին իրենց կանանց հետ ճաշ վայելելու։ Թովմասը ուզենար էլ այդպես անել չէր կարող, որովհետև յուր բոլոր հաճախորդների հետ նա ինքն էր խոսում և համոզելու վերաբերյալ աննշան գործն անգամ ուրիշին չէր վստահանում։ Եվ այդ նրա համար, որ նա խորը կերպով համոզված էր, թե իրեն նման փորձված ու խելոք դեռ մի ուրիշը չկա։ Բայց թե պատահում էր այնպիսի գործ, որի օգուտը գերակշռում էր ա՛յն վնասին, որ յուր բացակայության ժամանակ կարող էին հասցնել իրեն յուր գործակատարները, այդպիսի դեպքերում, իհարկե, նա կանգ չէր առնում, և փոքրը զոհում էր մեծը ձեռք բերելու համար։ Իսկ ինչ խանութների փակելուն և բանալուն է վերաբերում, այդ հանդեսը, իհարկե, նրա ներկայությամբն էր տեղի ունենում, որովհետև պարոն Թովմասը այն կարծիքին էր, որ «հավատալը մի թուլություն է, իսկ վստահանալը՝ երկու»։
Երեկոյան տուն վերադառնալով՝ նա դարձյալ զբաղվում էր առևտրական գործերով։ Այդտեղ, ճշմարիտ է, ոչ գնողներ կային, ոչ վաճառողներ, բայց մի համարիչ կար, որ օգնում էր նրան յուր ձանձրույթը փարատելու։ Ամբողջ ժամերով նա նրա վերա հաշիվներ էր շինում, պլաններ էր սարքում և ապագա գործերի համար ծրագիրներ էր պատրաստում։ Այն ժամերը, որոնց նա գործ էր դնում ոչ յուր հաշիվների համար, նա նրանց կորած էր համարում։ Այս պատճառով էլ նա դրացու կամ հասարակության գործերով երբեք չէր հետաքրքրվում։ Դրանց վերաբերյալ ամենահետաքրքրական նորություններն անգամ նա լսում էր կատարյալ անտարբերությամբ, մանավանդ որ այդ նորությունների մեջ փողի վերաբերյալ հաշիվներ չկային։ Յուր տունը այցելող հյուրերն անգամ պարտավոր էին Թովմասի հետ առևտրի և հաշիվների վերա խոսելու, որովհետև նա սովոր չէր ժամավաճառ լինելու այնպիսի խնդիրների համար, որոնք նրան մի դրամ ական օգուտ չէին տալիս։ Շատերը կարող են կարծել, իհարկե, որ այդ տեսակ դատարկ խոսակցություններն էլ մի դրական օգուտ չէին տալ նրան, բայց պարոն Թովմասը այդ կարծիքը չուներ յուր սովորության վերաբերմամբ։ Խոսելով այս և այն գործի կամ հաշվի մասին, նա միշտ մի նպատակ ուներ յուր սրտում, այն է՝ լսել զանազան մարդկանց կարծիքները, և այդ զանազան կարծիքներից նա համեմատական օրենքով քաղում էր այնպիսի օգուտներ, որոնք նրան հարկավորվում էին յուր ապագա ձեռնարկությունների ժամանակ։ Եվ ահա՛ հենց այս օգուտներն էին, որոնց ձեռք բերելու համար նա չէր խնայում ոչ հյուրի համբերությունը և ոչ ճաշի, ընթրիքի ժամանակը։ Իսկ եթե նրա անվերջ հաշվաբանություններից ձանձրանալով էլ բարեկամ մարդիկ չէին հաճախում նրա մոտ, նա բոլորովին չէր տխրում, որովհետև դրանով կրկին ապացուցվում էր յուր կարծիքի ճշմարտությունը, թե հաշիվներից խոսելը անօգուտ չէ անցնում։ Մի քանի մարդ պակաս հյուրասիրելով՝ նույն չափով Թովմասը պակաս կորուստ էր ունենում։ Նա էլ յուր տեսակում մի օգուտ էր, որ չպետք էր արհամարհել։
Յուր քսանևհինգ տարեկան հասակում երիտասարդ Թովմասը հինգ հարյուր ոուբլուց ավելի դրամագլուխ չուներ։ Բայց յուր անխոնջ աշխատության և ժրաջան գործունեության շնորհիվ, այս օրվան օրս նա տեր էր երկու հոյակապ տների, մի քանի կրպակների, վարելահողերի և հարյուր հազարից ավելի կանխիկ դրամագլխի, որ նա շահեցնում էր յուր հաջողակ առևտրով։ Սակայն չնայելով այս հարստությանը, պարոն Թովմասը չափից դուրս խնայող և մինչև անգամ ժլատ էր։ Հենց այս պատճառով էլ նա մինչև յուր հիսունևհինգ տարեկան հասակը ամուրի մնաց։ Ճշմարիտ է, նա ամուսնության ընդդեմ չէր, և յուր երիտասարդության օրերում շատ անգամ էր մտադրվել ամուսնանալու, բայց ամեն անգամ էլ յուր հաշիվներին վերահասու լինելով՝ նա եկել էր այն եզրակացության, որ դեռ ժամանակը չէ։
«Եթե ես ամուսնանամ, մտածում էր նա, գիտեմ, որ շատ կսիրեմ իմ կնոջը, ես չեմ կարող անկատար թողնել նրա և ոչ մի պահանջը, մինչև անգամ եթե նա անիրավ էլ լինի։ Բայց դրա համար, իհարկե, իմ կարողությունը դեռ փոքր է. լրացնեմ հիսուն հազարը և այն ժամանակ անպատճառ կամուսնանամ…»։ Բայց մինչև որ նա կլրացներ հիսուն հազար, վախճանվեցավ նրա եղբայր Անտոնը, որ հազիվ մի տարվա ամուսնացած էր, և թողեց նորատի ամուսնուն աղքատ և այրի, իսկ յուր փոքրիկ Պետրոսին դեռ կաթնկեր որբ։
Թովմասր սիրում էր եղբորը, որովհետև նա մի աշխատասեր մարդ էր (թեպետ մինչև վերջը նրան չներեց, որ նա վաղաժամ ամուսնանալով դժբախտացրեց իրեն), ուստի յուր հովանավորության ներքո առավ իր այրի հարսին և նրա մանկանը։
Չնայելով որ Հռիփսիմեն (այդ էր հարսի անունը) յուր ժուժկալ և խնայասեր բնավորությամբ առաջվանից ավելի չափավոր դիրքում սկսավ պահել տագեր տան ծախքերը, այսուամենայնիվ այն օրից սկսած, որ նա յուր որդու հետ միասին մուտ գործեց այդ տունը, պարոն Թովմասը այլևս անկարելի համարեց յուր ամուսնությունը, որովհետև նա հավատում էր, որ տան ծախքը կրկնապատկվել էր - նա պետք է ապրեցներ յուր եղբոր կնոջը և նրա որդուն, իսկ այս վերջինին պիտի ուսում տար, երբ նա մեծանար...
Այս հոգսերը ստիպեցին Թովմասին եռապատկելու յուր ուժն ու աշխատությունը։ Բարեբախտաբար մի քանի դեպքեր նրան ա՛յնպես հաջողեցին, որ յոթ, ութ տարվա ընթացքում ոչ միայն հիսուն հազարը, այլև մի քանի ուրիշ տասնյակ հազարներ ավելացան նրա դրամագլխի վրա։
Թովմասը հիշեց յուր խոստումը ամուսնանալու մասին:
Բայց այս անգամ ուրիշ արգելք կար նրա դիտավորությունը խափանող Պետրոսն արդեն մեծացել էր, նա կարգում էր տեր-Արութի մոտ։ Միկիթ֊բեկը, որ դատարանի մի ծառայող էր, բայց պ. Թովմասի ամենալավ բարեկամը, խորհուրդ տվավ նրան ուղարկել Պետրոսին Թիֆլիսի գիմնազիոնը։
«Նա ուշիմ և ընդունակ երեխա է, ասաց նրան Միկիթ-բեկը, և քանի որ փոքր է, պետք է հոգաս նրան այդ հաստատության մեջ ընդունել տալու. մի քանի տարուց ետ դժվարությամբ գլուխ կբերվի այդ գործը և քեզ վերա ավելի ծախք կնստի։ Ուղարկիր նրան գիմնազիոն հենց այժմյանից և ոչինչ մի՛ խնայիր նրա ուսման և կրթության համար. Պետրոսի բարեհաջող զարգացումը կկրկնապատկե մի օր քո հարստությունը...»։
Թովմասը լսեց Միկիթ-֊բեկին և ուղարկեց Պետրոսին Թիֆլիս։ Հետևապես այն գումարը, որ նա կարծում էր, թե կարող է յուր ամուսնության համար գործադրել, հատկացրեց եղբոր որդուն, իբրև ուսման և ապրուստի թոշակ:
Այսպիսով կրկին անգամ խափանվեցավ պ• Թովմասի ամուսնության գործը. բայց այդ դեպքը մի անախորժ ազդեցություն չունեցավ նրա վերա։ Որովհետև Թովմասը հո՛ չէր ուզում ամուսնանալ նրա համար, որ նա մի առանձին կարիք էր զգում այդ բանի մեջ, այլ որովհետև ինքն իրեն խոստացել էր, որ հիսուն հազարատեր Ժամանակը կամուսնանա, այսինքն մի որոշ գումար ավելի կծախսե և ահա՛ նա ցանկանում էր, իբրև ազնիվ մարդ, յուր խոստումը կատարել։ Բայց որովհետև որոշ գումարը արդեն Պետրոսը խլեց, հարկ չկա ասել, որ էլ ամուսնանալը անկարելի էր։ Նրան մնում էր նորից ոգևորվել, նորից մեծ աշխատությունների ձեռնարկել, որպեսզի պակասելիք դրամագլխի փոխարենը վերադարձնե և այս ճանապարհով երրորդ անգամ ամուսնության վերա մտածելը հնարավոր անե։ Այդպես էլ արավ պ. Թովմասը։ Նա ամենայն եռանդով նորանոր գործերի ետևից ընկավ. հանգիստ, ուրախություն, զվարճություն էլ նրա համար չկային։ Մի քանի տարի շարունակ նա աշխատում էր և աշխատում էր չարաչար, առանց հոգնելու. իսկ բախտը նրան ժպտում էր շարունակ... Վերջապես նա հասավ այս օրվա երանելի դրության, երբ նա արդեն երկու հարյուր հազարի չափ կարողություն ունի։ Նա այդ տեսնում էր հպարտությամբ. բայց դժբախտաբար տեսնում էր և այն, որ տարիները հոլովվել են անզգալի կերպով. այսօր նա հիսունևհինգ տարեկան է և երիտասարդուհիները այլևս նրանով չեն հետաքրքրվում... Թովմասը ինքն էլ զգում էր, որ էլ ավելորդ էր նվիրաբերել Աստղկան յուր գծուծ ընծան... Ի՞նչ անել ուրեմն, մտածում էր նա, և ապա շատ շուտով գալիս էր այն եզրակացության, որ էլի լավ է հարստանալ, անվերջ հարստանալ...
Բայց ո՞ւմ համար էր ժողովում Թովմասը այս հարստությունը, քանի որ նա ոչ ամուսնանում էր, ոչ յուր բարեկեցության համար էր ծախսում, ոչ կարոտյալներին էր օգնում, ոչ բարեգործության էր նվիրում...
Այդ հարցին, իհարկե, դժվար է պատասխանել, որովհետև նա ոչ ոքի չէր հայտնում յուր գաղտնիքը։ Սակավաթիվ բարեկամներից ոմանք այն կարծիքն ունեին, որ իբր թե Թովմասը նախանձում է Մելքոն-աղա Խալաթյանի փառքին և աշխատում է եթե չգերազանցել՝ գոնե հավասարվել նրան...
Ո՞վ կարող էր այս բանի մեջ մեղադրել Թովմասին։ Մելքոն-աղա Խալաթյանը համարվում էր քաղաքի մեջ առաջին հարուստը. նա կես միլիոն կարողություն ուներ, նա հասարակական գործերում կշիռ ու ձայն ուներ, նա իրեն դիմող նեղյալներին ամեն ձեռնատվություն կարողանում էր անել, որովհետև նա ազդում էր նույնիսկ պաշտոնական անձանց վերա... Բայց Թովմասը զուրկ էր այս բոլոր առավելություններից և կարծես այդ բավական չէ, դեռ ժողովուրդն էլ Մելքոն Խալաթյանին աղա անունն էր տալիս, իսկ Թովմասին՝ պարոն: Եվ մի՞թե սա վիրավորական չէր։ Թովմասի չափ ինքնասիրություն ունեցող մարդը միայն կարող էր մտնել Թովմասի դրությունը և կարեկցել նրան...
Եվ այն օրից սկսած, որ պ. Թովմասը եկավ այն եզրակացության, թե անընդհատ աշխատությամբ կարող է մի օր Մելքոն-աղայի փառքը նսեմացնել, նա էլ դադար ու հանգիստ չուներ։ «Թո՛ղ աստված մահ չտա ինձ այնքան ժամանակ, մինչև որ Մելքոն Խալաթյանին հավասարվիմ իմ հարստությամբ, մաղթում էր Թովմասը, այնուհետև եթե մեռնեմ էլ չեմ ցավիլ, որովհետև ժողովուրդը կիմանա վերջապես, որ Թովմաս-աղա Մարալյանը յուր մահից ետ թողեց կես միլիոն կարողություն...»։
Մենք, իհարկե, չենք մեղադրիլ պ. Թովմասին. սա էլ մի նպատակ է, որ ահա՛, ինչպես տեսնում եք, ունի յուր պաշտողը։ Կյանքի վերաբերությամբ մարդկանց հայացքները զանազան են։ Կան մարդիկ, որոնք ստամոքսի մեջ են որոնում երջանկությունը, և մարդիկ, որոնք գրպանից դուրս փրկություն չեն ճանաչում...
Բարոյագետներին թողնենք նրանց դատելու իրավունքը, իսկ մենք դառնանք մեր պատմության։
Բ
ՄԻ ՇԱՀԱՎՈՐ ԳՈՐԾ
Բոլորովին անակնկալ կերպով տեղեկացավ նրա մասին պարոն Թովմասը։ Ամառային մի շոգ օր՝ խանութի մեջ անցուդարձ անելուց ձանձրացած, նա հրամայեց, որ աթոռ դնեն յուր համար խանութի դռան առաջ։ Հազիվ նստեց պ. Թովմասը նրա վերա և սկսավ երթևեկող ամբոխը դիտել, երբ յուր Սիգո անունով դրացին կարևոր համարեց նրան ընկերանալ, իհարկե, յուր սեփական աթոռով։ Սիգոն խելոք վաճառականներից մինն էր, հետևապես նրա ընկերությունը Թովմասին անախորժ չթվաց։ Խոսելով առևտրի անբավարար դրության վերա, Թովմասն ա՛յն կարծիքը հայտնեց, որ էլ չարժե շարունակել մանր ապրանքի առևտուրը, որովհետև օգուտ ասած բանը էլ չկա նրանում։
Մի ժամանակ մարդիկ ապրում էին նրանով, շարունակեց նա յուր խորհրդածությունը, և ապրելուց ի զատ փող էլ էին աշխատում։ Բայց այն օրից սկսած, որ ամեն մի երեխա յուր մի քանի ռուբլով Մոսկվա ու Նիժնի վազել սովորեց, էլ մեծ գործ անողի բանը վերջացավ։ Այո՛, մկան կերածը մի բան չէ, բայց մի քանի մկներ միասին կատվի պաշարը հատցնում են, դառնությամբ շեշտեց յուր ասածի վերա Թովմասը։
Դու հո՛ կարող ես ուրիշ գործ էլ անել, նկատեց դրացին, մեր բանն է դժվար, որ չարչիությունից ձեռք վերցնել չենք կարող։
Ես ի՞նչ կարող եմ անել, կարծես բարկացած հարցրեց Թովմասը, դուք հենց գիտեք, թե ես միլիոննե՞ր ունիմ։
Գիտենք, որ միլիոններ չունիս, բայց այնքան ունիս, որ կարող ես մի մեծ կապալ վերցնել և ամեն տարի առնվազն հիսուն հազարով դեն դնել։ Դու հո գիտես, որ մեծ փողերը կապալներում են աշխատում։
Կապալներո՞ւմ... մեքենայաբար հարցրեց Թովմասը և հանկարծ ընկավ մտածության մեջ. նա կարծես գտավ մի բան, որ վաղուց կորցրել էր։ «Ահա մի գործ, որի վերա ես երբեք չեմ մտածել, խոսեց նա ինքն յուր սրտում։ Եվ իրա՛վ չէ՞ որ Մելքոն աղան էլ կապալների շնորհիվ հարստացավ... Ինչո՞ւ մինչև այսօր ես սրա վերա չմտածեցի հիմար չե՞մ, որ իմ հույսը անշնորհք գազի վերա եմ դրել...»: Եվ նա, անփութություն կեղծելով, կրկին հարցրեց դրացուն. Ի՞նչ կապալների համար ես խոսում դու, Սիգո, ա՛յն՝ որ հարյուր, հինգ հարյուր ռուբլով մեր վարպետները վերցնո՞ւմ են, ի՞նչ փող կարելի է աշխատել նրանցում։
Ինչ հարյուր, ի՞նչ հինգ հարյուր, ի՞նչ վարպետներ, տերության կապալներ եմ ասում. զորքերի կապալներ, հացի, մսի, խմիչքի, փայտի...
Է՜հ, այդպես կապալներ որտե՞ղ են հիմա, առաջ կային, ճշմարիտ է, իսկ ա՞յժմ, չէ, այժմ հազիվ թե պատահի։
Բարի Սիգոն ծիծաղը պահել չկարողացավ և սկսավ բարձրաձայն կարկաչել։
Այ, մարդ աստուծու, այժմ տերության զորքերը հաց ու միս չե՞ն ուտում, օղի ու գինի չե՞ն խմում, փայտ չե՞ն վառում, ո՞ր աշխարհումն ես ապրում դու, ինչպե՞ս թե այժմ հազիվ թե պատահի։
Բայց Թովմասը ճանաչում էր յուր դրացուն և գիտեր, թե ի՞նչ է խոսում։ Կապալ բառը առաջին անգամ նրանից լսելով, նա հոգեբանորեն գուշակեց, որ այդպիսի մի բան երևի գոյություն ունի շրջակայքում, որ յուր դրացին իսկույն նրա վերա է մատնացույց անում. նա շատ անգամ էր լսել Սիգոյին և գիտեր, որ նա սիրում է միշտ յուր «փորացավի» վերա խոսել։
Իհարկե, հազիվ կպատահի, կրկին պնդեց Թովմասը և իբրև անուշադիր դեպի յուր դրացին, սկսավ խանութի առաջից անցնող ածխապաններին խոսեցնել. բայց միևնույն ժամանակ լսողությունը դեպի Սիգոն լարելով։
Ինչպե՞ս թե հազիվ կպատահի. այ, հենց առաջիկա շաբթին մեծ աճուրդ պետք է լինի զորքի մեծավորի տանը. դրա համար էլ Թիֆլիսից մի գեներալ է եկել ու մի քանի էլ ուրիշ աստիճանավորներ։
Բայց ի՞նչ գործի համար։
Զորքի հացը, միսը ու խմիչքը կապալով տալու։
Դա երևի մեծ գործ չէ, ինչո՞ւ չես ուզում վերցնել։
Դու կատա՞կ ես անում ինձ հետ. իհարկե մեծ գործ է։ Մենակ գրավականը տասնուհինգ հազարից ավելի է, իսկ ես... Եվ խեղճ Սիգոն էլ չկարողացավ շարունակեր: Նա մի անգամ էլ զգաց յուր անզորության չափը և գլուխը խոնարհեց։
Բայց Թովմասի սիրտը թունդ ելավ. լսված նորությունից առաջացած ուրախությունը այնպես հուզեց նրան, որ քիչ էր մնում ինքն իրեն մատներ։ Այսուամենայնիվ նա կարողացավ զսպել յուր անհանգստությունը և կեղծ անհոգությամբ «անօգուտ գործ է» ասելով' վեր կացավ տեղից և մտավ խանութ։
Ուրիշ անգամ նա իսկույն ուշադրություն կդարձներ այդտեղ մտնող ամեն մի հաճախորդին և ինքը կվաճառեր նրան պահանջած ապրանքը, բայց այս անգամ, ի մեծ զարմանս յուր գործակատարների, նա անուշադիր թողեց մի մարդու, որ մեծ գումարի ապրանք էր գնում և նրա հետ առևտուր անողը մի գործակատար էր։
Միմյանց մեջ բացված եռաչյա խանութի երկարությամբ Թովմասը անցուդարձ էր անում լուռ և մտախոհ։ Նա կամենում էր մի փոքր ավելի համբերությամբ քննել ու կշռել Սիգոյի հայտնած նորության արժեքը։
Երբ գնողը դուրս գնաց, նա արդեն եկել էր մի որոշ եզրակացության։ Ստանալով գործակատարից վաճառված ապրանքի փողը, և սնդուկի մեջ փակելով, նա կանչեց գործակատարներից մինին։
Միքել, հրամայեց նա, վազիր շուտով Միկիթ-բեկի մոտ և ասա՛ նրան իմ կողմից, որ դատարանը արձակելուց ետ շնորհ բերե մեզ մոտ ճաշին. ես տանը պիտի սպասեմ նրան։
Վերջին բառը դեռ չէր արտասանել աղան, երբ Միքելը դուրս թռավ խանութից։
Այդպես էր սիրում պարոն Թովմասը։ «Հրամանը դեռ չլսած՝ պետք է կատարել», ասում էր նա. որովհետև նա հավատում էր, որ «մի կորցրած վայրկյան մի գտած տարիից ավելի է»։
Միքելի գնալուց ետ նա վերցրեց իրեն հետ խանութի ծառային և տանելով նրան նպարավաճառների հրապարակը, յուր ձեռքով գնեց այդտեղ մի քանի «ավելորդ բաներ», որոնք միշտ նորություններ էին համարվում յուր սեղանի համար, և հանձնելով ծառալին, տվավ նրան այդ օրվա ճաշին վերաբերյալ մի քանի ուրիշ պատվերներ էլ և ճամփեց տուն։
Վերադառնալով խանութը, նա արդեն գտավ այնտեղ Միքելին, որ հայտնեց նրան, թե Միկի-թ֊բեկն ուրախությամբ ընդունեց հրավերը և խոստացավ ճիշտ երկու ժամին. ներկա գտնվելու աղայի տանը։
Պ. Թովմասը այս լուրը հաշվեց արդեն իբր հաջողության սկիզբ, թեպետ օրինակ չէր պատահած, որ Միկիթ-֊բեկը մերժեր որևիցե մի հացկերույթի հրավեր:
Դ
ՀԱՑԹՈԻԽԻ ՏՂԱՆ
Թեպետ իմ պատմության մեջ մեծ դեր չէ խաղում Միկիթ-բեկը, այսուամենայնիվ ես ավելորդ չեմ համարում ծանոթացնել ձեզ նրա անձնավորության հետ որովհետև կարող է պատահել, որ մի անգամ դուք գործ ունենաք նրա հետ և ձեր կանխավ ծանոթությունը մի օգուտ բերե ձեզ։
Միկիթը դեռ մանուկ հասակում որբացավ յուր հորից, որ մի աղքատ հյուսն էր. նրա մայրը հաց էր թխում իրենց հարուստ դրացիների տներում, որի համար նա ստանում էր օրական 15 կոպ. և 10 15 հատ լավաշ հաց իբրև վարձատվություն։ Այս եկամուտով էլ հացթուղ Մաքանը ապրեցնում էր իրեն և յուր որդուն։ Երբ Միկիթը մի փոքր մեծացավ և ճանաչեց յուր դրությունը, նա վճռեց յուր մտքում մի բանով օգնել յուր մորը։ Այդ պատճառով նա ծանոթացավ իրենց հարևանի տանը վարձով մնացող ռուս բժշկի խոհարարի հետ։ Նա հաճախ գնում էր նրա մոտ և խոհանոցում փոքրիկ ծառայություններ էր անում։ Դրա փոխարեն խոհարար ծառան տալիս էր նրան կերակրի ավելցուկները, որոնց Միկիթը մեծ ուրախությամբ տանում էր տուն և արժանանում յուր մոր գովություններին։
Մի օր Միկիթի բախտից խոհանոցում տեսավ նրան բժշկի կինը ամաններ լվանալիս և հարց ու փորձ անելով ծառային՝ տեղեկացավ նրա ով լինելը։ Տիկինը բնությամբ ազնիվ ու բարեսիրտ էր. տեսնելով երեխայի աշխատասիրությունը մի կտոր հացի համար, նա խղճաց նրան և յուր ծախքով տվեց քաղաքի արքունական դպրոցը ուսանելու։
Այդ օրից սկսած Միկիթի համար բացվեցավ առաջադիմության ասպարեզը։ Մի քանի տարիներից ետ նա հաջողությամբ ավարտեց դպրոցը։ Այդ ժամանակ գրագետ մարդկանց առաջադիմության միակ ասպարեզը դատարաններն էին, Միկիթն էլ մտավ այդտեղ հասարակ գրագրի պաշտոնով ամսական հինդ ռուբլի վարձատրությամբ։ Ինքնըստինքյան սա մի չնչին ռոճիկ էր։ Բայց Միկիթը այն մարդկանցից էր, որոնց ոչնչից գիտեն ստեղծել ինչը: Հենց այդ պատճառով էլ նա շատ գոհ էր յուր վիճակից, մանավանդ որ փողի հաշիվներում նա չէր նմանում յուր ընկերներին։ Որովհետև մինչդեռ վերջիններս առաջուց վերցրած պարտքերով ամսվա կիսում արդեն վատնած էին լինում դեռ ամսի վերջում իրենց հասանելի ռոճիկները, Միկիթը, ընդհակառակն, կրկնապատկած և մինչև անդամ եռապատկած էր լինում իրենը։ Ինչպե՞ս էր անում նա այդ, հետաքրքիր է լսել։
Փողի հաշվի վերաբերությամբ Միկիթը միայն մի սկզբունք էր ճանաչում ստանալ միշտ, բայց վճարել՝ երբեք։ Ահա՛ այն գաղտնի զորությունը, որով բազմապատկվում էր նրա աննշան ռոճիկը։ Բայց դուք կզարմանաք, թե ինչպե՞ս կարելի է այդքան սահմանափակ սկզբունքով գոյություն պահպանել մեր բազմապահանջ ժամանակում, երբ հայրն արդեն վաճառում է որդուն յուր խնամքը, և եղբայրը ձրի չէ ողջունում յուր հարազատին… Զարմանալու իրավունք ունիք եթե Միկիթին ձեզ նմանող մարդ եք ընդունում, բայց նա միշտ հրաժարվել է այդ պատվից։ Նա ուներ յուր սեփական, որոշ բնավորությունը, որ օգնում էր իրեն յուր խիստ սկզբունքին ծառայելու։
Ամենքդ էլ գիտեք, որ փող ծախսելու առաջին անհրաժեշտությունը ուտելու համար է լինում։ Բայց Միկիթը նույնիսկ այդ առաջին անհրաժեշտության համար փող չէր վճարում։ Նրա մայրը, ինչպես գիտեք, օրական 15 կոպ. փող և 10 15 հաց եկամուտ ուներ։ 15 կոպեկները, իհարկե, անձեռնմխելի էին մնում միշտ, իսկ հացերը ոչ միայն բավականանում էին ուտելու, այլև ավելանում էին վաճառելու համար, որովհետև Միկիթը գրեթե միշտ դատարանում նախաճաշելով՝ էլ ճաշի համար տուն չէր գալիս։ Եվ այդպիսով միջոց Էր տալիս յուր մորը ավելացած հացերից փող ձեռք բերելու։ Իսկ դատարանի նախաճաշը, իհարկե, նա յուր հաշվով չէր անում։ Հենց որ գրագիրների մեջ միտք էր հղանում նախաճաշելու, իսկույն Միկիթը առաջարկում էր նրանց յուր ծառայությունը, և վերցնելով նրանցից նախաճաշի համար հավաքված փողը, վազում էր փողոց։ Բայց այդտեղ արդեն նա մտաբերում էր ա՛յն գեղեցիկ առածը, որ նա բարեփոխեչ էր այս խոսքերով. «ճշմարիտ մարդու գդակը ծակ կլինի»։ «Ինչո՞ ւ համար ճշմարիտ լինեմ, որ գդակս ծակ լինի», մտածում էր նա և բերած փողի երկու մասին ուտելիք գնելով, իսկ երրորդ մասը իրեն վերապահելով՝ վերադառնում էր դատարան։ Բայց որպեսզի ինքն էլ յուր ընկերներին հավասար վայելե նախաճաշը, նա ամեն անգամ աշխատում էր հավատացնել, որ իրեն տված փողը չբավականանալով' ինքն էլ իրենից ավելացրել է։ Ընկերների մեջ կային այնպիսի միամիտներ, որոնք հավատում էին նրան. բայց թերահավատներն էլ նախաճաշից չէին զրկում նրան, այլ բավականանում էին բռունցքի մի֊մի հարվածով, որ իջեցնում էին ուղղակի նրա ուսերից մեկի, կամ ծոծրակի վերա։ Միկիթը ոչ միայն չէր վիրավորվում այդ տեսակ վարմունքից, այլև ուրախանում էր, որովհետև դրանով նա ազատվում էր նախաճաշից զրկվելու վտանգից։ Իսկ այն օրը, որ գրագիրներից ոչ ոք նախաճաշելու ցանկություն չէր ունենում, Միկիթը դիմում էր դատարան հաճախող խնդրատուներին և նրանց մեջ անպատճառ գտնում էր մեկը, որ հոժարակամ 20 կամ 30 կոպեկ զոհում էր նրա նախաճաշի համար։
Երկրորդ անհրաժեշտությունը հագուստն էր, որի համար նույնպես Միկիթը փող չէր վճարում։ Երբեմն նա սեղանապետի համար մի արտաքո կարգի գործ էր կատարում և իբրև վարձատրություն ստանում էր նրանից մի հին մունդիր։ Եր֊բեմն դատարանի պրիստավին օգնում էր մի քանի աշխատություններ օրինակելով, որի համար ժառանգում էր նրա հին վարտիքը, կամ մի զույգ կարկատած կոշիկներ իրենց լայնաբերան կրկնակոշիկներով։ Երբեմն գրագիրներից մինը մի նոր գլխարկ առնելով' հինը կատակի համար հագցնում էր Միկիթի գլխին, իսկ սա ամենայն իրավունքով տիրանում էր նրան, առարկելով, թե «ինչ որ իմ գլուխն է մտել, իմն է»:
Գալով արտաքո կարգի ծախքերին, դա միայն ծխախոտի ծախքը պիտի լիներ Միկիթի համար, որովհետև նա յուր ընկերների համահավասար սիրում էր ծխել: Բայց նա ծխախոտի համար էլ փող չէր վճարում: Նա միայն մշտական մի տուփ լուցկի ուներ յուր գրպանում, որի որտեղից լինելը հայտնի չէր. բայց որից նա մի-մի հատ հոժարակամ նվիրում էր ծխել կամեցողին, իսկ դրա փոխարեն նա նրանից ստանում էր մի գլանակ և կամ մի քաշ ծխախոտ։ Եվ որովհետև դատարանում գրագիրներ շատ կային, իսկ խնդրատու հաճախորդներին թիվ չկար, ուստի նրա համար ծխախոտ չէր պակասում։ Բայց և այնպես յուր նվիրատուներին չձանձրացնելու համար Միկիթը յուր համար կարգ էր դրել, որ միևնույն մարդուց, միևնույն օրը մի քանի անգամ ծխախոտ չխնդրե, այլ հերթով, այսինքն, առաջին օրը այս երեք գրագրից, երկրորդ օրը մյուս երեք գրագրից, երրորդ օրը խորհրդարանի ծառայողներից և այլն, իսկ դատարանի խնդրատուներից' երբ և ինչպես կպատահեր։ Այսպիսով Միկիթը ոչ միայն օրվա մեջ յուր ծխելիք ծխախոտն էր հոգում, այլև կյուրակի ու տոն օրերի համար պաշար էր պատրաստում, որպեսզի դատարանը փակված լինելու համար ստիպված չլիներ ծոմ պահելու։ Իհարկե պատահում էր ժամանակ, երբ գրագիրները ձանձրանալով նրա անվերջ մուրացկանությունից, հայհոյում և անպատվում էին նրան, բայց Միկիթը բնավ չէր նեղանում նրանց այդ վարմունքից. այլ յուր զվարճախոսությամբ ու կատակներով սկսում էր ամոքել նրանց սիրտը և կրկին շարունակում յուր գործը։
Իսկ եթե պատահում էր, որ գրագիրները վճռում էին անողոք մնալ և Միկիթի կույր բախտից դատարանում ծխող խնդրատու չէր գտնվում, այդ ժամանակ նա դիմում էր դատարանի ծառային, որ հոժարությամբ առաջարկում էր Միկիթին յուր ծխաքարշն ու մախորկայի քսակը: Բայց ինչ վերաբերում էր փող հավաքելուն, այդ բանի համար Միկիթն ուներ ավելի առատ աղբյուրներ։ Բացի յուր պաշտոնը, որ նա կատարում էր ամենայն խղճով և ճշտությամբ, նա մյուս կողմից էլ դատարան հաճախողների, կամ այլ անձանց համար պատրաստում էր զանազան խնդրագրեր, զեկուցումներ, պատճեններ և այլ այս տեսակ աշխատություններ, որոնց համար և առատությամբ վարձատրում էին նրան։ Միկիթը գնի անհամաձայնության պատճառով երբեք չէր հեռացնում իրենից և ոչ մի խնդրատուի։ Նա կանոն էր դրել յուր համար վերցնել՝ ինչ էլ որ կտային, շա՞տ լիներ այդ տվածը թե քիչ, համապատասխաներ յուր աշխատությանը թե ոչ. որովհետև նա համոզված էր, որ ավելի լավ էր ստանալ մի բան, քան ոչինչ։ Նրա ընկերները, ընդհակառակն, մի գործ շինելու համար ամբողջ ժամերով սակարկություն էին անում և վերջ ի վերջո չհամաձայնելով իրեն դիմող խնդրարկուի հետ, հեռացնում էին նրան իրենցից։ Այդպիսի ժամանակները Միկիթը աչքից չէր փախցնում ոչ ոքին, թեկուզ ինքը ուրիշ շատ գործերով էլ զբազված լիներ։ Հենց որ խնդրարկուներից մինը գնի հետ չհամաձայնվելով հեռանում էր յուր ընկերներից, նա կամացուկ հետևում էր նրան, և նախասենյակի մեջ պատահելով՝ առաջարկում էր նրան յուր ծառայությունը, ինչ գնով էլ որ նա կցանկանար։ Համաձայնությունը կայանում էր և Միկիթը, յուր ընկերներից գաղտնի, շինում էր խնայող խնդրարկուի գործը և գաղտնի էլ ստանում վարձատրությունը։ Շատ անգամ էլ նա փողով շինում էր յուր ծույլ ընկերների գործը. իսկ հաճախ` նա նրանց փոխարեն օրապահություն էր անում, կանխիկ ստանալով նրանցից այդ նեղության համար մի կամ երկու ռուբլի։ Այսպիսով, ամբողջ շաբաթվա մեջ Միկիթը օրապահ էր կանգնում գրեթե երեք կամ չորս օր. և այս կամավոր բանտարկությունը ոչ միայն չէր ձանձրացաւմ նրան, այլև մի ներքին ու հոգեական զվարճություն էր պատճառում, մանավանդ երբ նա մտածում էր, թե դրա համար նա փող է ստացել։ Այդ միջոցը մյուս կողմից օգնում էր նրան ժամանակ վաստակելու և կողմնակի խնդրարկություններից վերցրած աշխատությունները հանգստությամբ պատրաստելու:
Մի տարին դեռ նոր էր լրացել Միկիթի դատարան մտնելու օրից, երբ հանկարծ հայտնվեցավ, որ նա այնքան փող ունի, որ կարող է 20, 30 կամ 50 ռուբլով պարտք տալ ցանկացողներին։ Հարկ չկա ասելու, որ դատարանի ծառայողները պատրաստ էին ամեն տեսակ պայմաններ ընդունելու, եթե միայն կարևոր միջոցին կարողանային մի քանի տասնյակ ռուբլի պարտք վերցնել նրանից։ Եվ ահա՛ մեր հացթուխի տղան բանում է դատարանի մեջ վաշխառության մի գաղտնի բյուրո: նա յուր ծառայակիցներից գրավ էր ստանում ժամացույցներ, մատանիներ և ուրիշ ամեն տեսակ ոսկեղեն ու արծաթեղեն իրեղեններ, իսկ նրանց արժեքի կես մասի փոխարեն նա նրանց փող էր պարտք տալիս, հարյուրին 20, 30 և երբեմն 50 տոկոսով։ Քիչ ժամանակի մեջ դատարանի բոլոր ստոր ծառայողները Միկիթի հետ կապված էին առևտրական կապերով և ինչպես վարձված ստրուկներ, նրանցից յուրաքանչյուրը ամեն ամսվա վերջում տալիս էր նրան մի որոշ հարկ։
Բայց սրանով չպիտի վերջանա, իհարկե, Միկիթի գործունեությունը։ Դեռ նրան մնում էր մի ուրիշ մեծ գործ, որ գլուխ բերելու համար նրան հարկավոր էր գործ դնել թե՛ խորամանկություն և թե մեծ աշխատություն։ Այդ այն էր, որ Միկիթը դեռ մի հասարակ գրագիր էր, իսկ այդ պաշտոնը ինքնըստինքյան մի ստոր պաշտոն էր այնպիսի մարդու համար, որպիսին Միկիթն էր, որի ճաշակը գնալով զարգանում էր և ախորժակը բացվում։ Մի օր նրա բոլոր ցանկությունը կայանում էր նրանում, որ եթե ոչ սեղանապետի օգնական, գոնե գրագրապետ լիներ։ Բայց այսօր, որ նա յուր աշխատասիրության շնորհիվ հենց այդ պաշտոնումն էր, ցանկանում էր ոչ թե սեղանապետ, այլ մինչև անգամ և ատենադպիր լինել։ Եվ այն օրից սկսած, որ նա եկավ այն համոզմունքին, թե չկա մի արգելք, որ անընդհատ աշխատության առաջ կարողանա կանգուն մնալ, Միկիթը էլ հանգստություն չուներ։ Գրագրապետ կարգվելու օրից դեռ չէր անցել մի տարի, երբ նա սեղանապետի օգնականի պաշտոն ստացավ։ Բայց նրա բախտի անիվը կանգ չպիտի առներ այդտեղ։ Մի քանի ծանրակշիռ գործերում Միկիթի ցույց տված առաջադիմությունը գրավեց դատավորի ուշադրությունը և հետևյալ տարին նա սեղանապետության պաշտոնը հանձնեց նրան։
Փոքրիկ քաղաքների մեջ, ինչպիսին Միկիթի ծննդավայրն էր, մարդիկ շատ շուտ են անվանի դառնում. մինչև անգամ դատարանի սպասավորը, որի գոյությունը մայրաքաղաքներում չեն նկատում, առանձին հարգանք է վայելում այստեղ. կան մարդիկ, որոնք մինչև անգամ հավատում են, թե դատարանում հաջողություն ձեռք բերելու համար առաջին անգամ սպասավորի իշխանությանը պետք է հարգել... Կարծիք չկա, ուրեմն, որ այսպիսի տեղը Միկիթի նման մարդը, որ հանկարծ սեղանապետության աստիճանին էր հասել, շատ ավելի մեծ հարգանքի և պատիվների պիտի արժանանար։ Եվ ահա ժողովուրդը, որ դյուրապատրաստ է ամեն մի փքված ուժ աստվածացնելու և բուն աստվածները կործանելու, հացթու֊խի տղա Միկիթին բեկ պատվանունն է շնորհում, որը, երևի հենց այդ պատվանունից քաջալերված, երկու տարուց ետ դատարանի ատենադպրի պաշտոնին տիրացավ։
Այնուհետև մարդիկ իրար գլուխ էին պատռում Միկիթ-բեկի ծանոթությունը և բարեկամությունը վաստակելու համար, բայց նա յուր այդ փառքի մեծության ժամանակ անգամ չէր մոռանում յուր խիստ սկզբունքը, որ էր չարժանացնել ոչ ոքի յուր բարեկամությանը' առանց արժանավոր վարձատրության...
Միայն մեր ծանոթ պ. Թովմասը առանձին հարգանք էր վայելում Միկիթ-բեկից, որովհետև նա էլ յուր հերթում մեծ ակնածությամբ էր վերաբերվում դեպի վերջինս։ Թովմասը Միկիթ֊-բեկին ճանաչում էր նրա մանկության հասակից և հիացմամբ հետևել էր նրա աստիճանաբար առաջադիմության։ Երբ Միկիթ֊-բեկը հասավ ատենադպրության պաշտոնին, պ. Թովմասը բացականչեց. «Ահա՛ մի մեծ մարդ...»,֊ և այնուհետև Միկիթ-֊բեկը պ. Թովմասի իդեալն էր. նա միշտ նրան էր դիմում, երբ հարկավոր էր լինում մի որևէ դատաստանական գործի վերաբերմամբ խորհուրդ հարցնել և կամ մի պաշտոնական անձի հետ հարաբերության մեջ մտնել։ Այն չափազանց խնայասեր վաճառականը, որ նույնիսկ յուր օրինավոր ապրուստի համար դժվարանում էր փող ծախսելու, միշտ բաց ուներ յուր քսակը Միկիթ-բեկի համար։ Թովմասը նրան իրավունք էր տալիս օգտվելու այդ քսակից որքան և ինչպես ցանկանում էր նա. բայց Միկիթ֊-բեկը պահպանում էր, իհարկե, յուր արժանապատվության կշիռը և միայն առատությամբ օգտվում էր այն ժամանակ, երբ ինքը համոզված էր լինում, թե մի մեծ գործ է շինել Թովմասի համար: