Лазарос Агаян

Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ

Երգ երկրորդ

Ա
Այստեղ, ո՛վ դու Սեր, ո՛վ հին բարեկամ,
Տո՛ւր հոգուս թռիչք, որ ես կարենամ
Նկարել չքնաղ պատկերդ երկնային
Իմ թույլ վրձինով, գրչով մարդկային:
ՀԱՅԿԱՆՈ՜ՒՇ և ՏՈ՜ՐՔ, – ի՜նչ նմանություն,
Բայց սերը չունի ոչինչ խտրություն.
«Սերը, ասած է, աթարին կպավ,
Ինչ արին չարին, էլ պուկ չի եկավ»:
Շատ անգամ առյուծ, արջ, օձ , բորենի,
Արծիվ ու ագռավ և այլ կենդանի
Փեսա են դառնում սիրուն աղջկան,
Եվ առնում տանում իրենց բնակարան,
Բայց՝ սովորաբար՝ այս դեպքի վրա
Նրանք դառնում են շատ սիրուն տղա.
Ճշմարիտ սերը կախարդված անձին
Նորից տալիս է իր դեմքն առաջին.
Թռչուն ու սողուն, ամենի գազանք
Նորից առնում են մարդու կերպարանք:
Գեղեցկությունը արևի նման
Լուսավորում է խավար առարկան,
Իսկ սերը քարշում շատ ճառագայթներ,
Սրտի հնոցում վառում է լապտեր.
Խփվում է աչքը, որ տեսնե հեռուն,
Սիրտն է խոսողը, լռում է լեզուն.
Եվ այնուհետև երազներ պես-պես
Ուղեղի խորքում գալիս են հանդես.
Սիրահար սիրտը թողում է գետինք,
Սիրո թևերով թռչում է երկինք»….

Բ
Ամառնամուտ է. Լոք սարն իր գագաթ
Դաշտեցոց համար շինել է դրախտ.
Որ կողմ նայում ես՝ տեսնում ես հրճվանք,
Անմեղ, երկնային սիրո փաղաքշանք.
Ծաղիկներ գույն-գույն և անուշաբույր
Տալիս են իրար քնքուշիկ համբույր.
Անթիվ աղբյուրներ, վճիտ, սառնորակ,
Իրար գրկելով՝ մտնում են ձորակ.
«Սե՜ր-սե՜ր» է կանչում հովվի սրինգ,
Կայտռում են ուլեր, խայտում են գառինք,
Այդ սարի գլխին կանգնած է ահա
Մի պանդխտական անծանոթ հսկա.
Բայց ուրիշ մարդ չէ այդ նոր վիթխարին
Այլ մեր բարեկամ Տորքն է ահագին.
Հսկայի առջև մինչև բյուր մղոն
Բացվել է մի լայն, շքեղ հորիզոն.
Նրա ոտքի տակ մեծամեծ լեռներ
Փռված են ինչպես աննշան թումբեր.
Հսկայն լեռների, Կովկասի շղթան,
Ինչպես ցամաքի մի լևիաթան,
Գլուխը թաղել է Եվքսինեան ծովում,
Պոչը Վրկանա ծովումն է շարժում.
Ահռելի մի պատ, բուսած անդունդից,
Միջից կտրում է հարավն հյուսիսից.
Ինչպես մի քամար ալմազ քարերով,
Շրջապատվել է գետնքի փորով.
Տե՛ս, Արևն ահա Վրկանա ծովից
Իր բոլոր շուքով ծագում է մորից.
Նա իր շափաղը՝ ցնցուղն առաջին
Սփռում է Կովկաս հսկայի դեմքին.
Ի՜նչ տեսարան է, ինչքա՜ն փառահեղ,
Հափշտակվեցավ մեր պանդուխտն ահեղ,
Այս տեսարանից վերացավ հսկան,
Եվ իսկույն չոքեց դեմ Արեգական.
Նա ահեղ ձայնով երգեց մի մաղթանք,
Լեռներ ու ձորեր տվին արձագանք:

Գ
Այստեղ մի հովիվ մոտեցավ Տորքին,
Մի ոչխարակալ գավազան ձեռքին.
Կարծես ուղարկեց նրան արեգակ
Մեր հսկայի մոտ իբրև հրեշտակ.
– Ո՞վ ես դու, – ասաց, – հսկայդ մեծազոր,
Եվ ո՞ւմ ես կանչում ձայնովդ հզոր.
– «Ես միպանդուխդ եմ, – ասաց մեր հսկան, –
Ինչպես մոլորված մի թափառական. –
Այս ի՞նչ երկիր է մեր առջև ընկած,
Ի՞նչ ավաններ են դաշտ ու ձոր լցված».
– Ճշմարիտն ասած, ես լավ չգիտեմ
Սրանց անունը, որ մեկ-մեկ թվեմ. –
Եվ հովիվն անմեղ՝ իր գավազանով
Ցույց տվավ Տորքին իրանց անունով
Մի քանի քաղաք և մեծ-մեծ ավան.
Թե՝ «այն Գաջենքն է և այն՝ Մոշավան.
Իսկ այս քաղաքն էլ, որ երկարումեկ
Բողնոփորի մեջ ձգված է բեկ-բեկ,
Ցուրտավ քաղաքն է, հարուստ, այգևետ
Իսկ այս էլ ահա ամրոցն է Ուփրեթ,
Որ պատկանում է մի շատ աննման
Եվ շատ գեղեցիկ մի որբ աղջկան:
– «Այդ ի՞նչ աղջիկ է, ի՞նչ է նրա անուն»:
– Նրա անունն է Հայկանուշ Սիրուն».
Ինքը մի չքնաղ և չնաշխարհիկ,
Ոչ ոք ծնված չէ այնքան գեղեցիկ.
Նա աննման է , չափազանց սիրուն,
Դեռ չի լրացել տասնևութ գարուն:
– «Միթե նա չունի՞ ծնողք, ազգական», –
Հարցրեց հուզված սիրահար հսկան:
– Բդեշխը նրանց Գաջենք է տարել,
Մնացել են այնտեղ, էլ ետ չեն եկել:
– «Ուրեմն ո՞ղջ են նրանք Գաջենքում»:
– Ոչ, նրանք ողջ են գուցե երկնքում:
– «Ուրեմն մեռե՞լ են, էլ նրանք չկա՞ն»:
– Եվ միշտ կմեռնին, երբ սարը չգան:
Ինչպես է եղել, նրանք մի ամառ
Սարը չեն եկել, և դրա համար
Արևը նրանց ամբողջ գերդաստան
Զրկել է սարից, որ երբեք չգան:
– «Բա ո՞վ է պահում այդ սիրուն աղջկան,
Եթե նա չունի ոչ մի ազգական»:
– Ուրիշներին էլ նա ինքն է պահում,
Ամեն կարոտյալ նրան է դիմում.
Ունի նաժիշտներ, անթիվ ծառաներ,
Մի նույնքան շներ, բյուրավոր հոտեր.
Նա մի հսկա է թեև ոչ քեզ պես,
Հասակին նայես՝ սոսի է կարծես.
Եվ շատ զորեղ է. մեզանում չկա
Նրա չափ ուժեղ և ոչ մի հսկա:
– «Ինչո՞ւ ուրեմն, մարդու չի գնում»:
– Իր անվան վայել փեսա չի գտնում.
Ասում են՝ շուտով նրա մոտ կգա
Հեռու աշխարհից մի մարդ աժդահա.
Այսպես է երգել մի պանդուխտ գուսան.
Մեր Հայկանուշն էլ մնում է նրան:
Հուզվեցավ Տորքը, երեսը փայլեց.
Պարզամիտ հովիվն անգամ նկատեց,
Որ կույր գուսանի երգած աժդահան
Պետք է որ լինի այս պանդուխտ հսկան:
– Երանի՜ նրան, – ասաց պատանին, –
Ով Հայկանուշին կառնե ամուսին.
Նա շատ բարի է և այնքան գթած,
Որ մեր կանանց մեջ դեռ չի տեսնված,
Ով լծկան չունի, լծկան է տալիս,
Յուղ է, թե պանիր, նա բոլոր տարին
Միշտ բաժանում է չունեցողներին:
– «Խնդրեմ ցույց տաս ինձ, – ասաց մեր հսկան,
Ուփրեթ գնացող կարճառոտ ճամփան»:
– Այս ճամփան ահա թե ուղիղ բռնես,
Դեռ կեսօր չեղած՝ Ուփրեթ կհասնես:

Դ
Մոտ է կեսօրը, ժամը ճաշելու,
Փորի պահանջը լրացնելու.
Հայկանուշն այսօր շատ լավ ճաշ ունի,
Լավ ձուկ, լավ խորոված, թեև անգինի.
Շատ է ցանկանում, որ հյուր գա իրան,
Թեկուզ երազում տեսած աժդահան:
Բերդի դռները բախում են ահա,
Եվ այդ բախողն է մի մարդ աժդահա.
Բախում է, բախում, բայց չեն բաց անում:
Կարծես նրա հետ մի խաղ են խաղում.
– Սո՜ւսս, ձայն չհանեք, դուռը չբանաք.
Ասաց տիրուհին, բայց… ա՜յ ձեզ հանաք.
Երկաթի դուռը հսկան խորտակեց,
Ինչպես գեչի թուղթ նրան ծալծլեց.
Եվ վեր բարձրացավ քարե սանդուղքով,
Ինչպես մի մանուկ մորիցը խռով,
Կամ ինչպես աղքատ քաղցած ու տկլոր,
Սանդուղքի գլխին նստեց գլխակոր.
Աղախինները երբ Տորքին տեսան,
Սաստիկ վախեցած՝ փախան ներս մտան:
– Ինչո՞ւ եք վախում, ասաց տիրուհին,
Պետք է հրավիրել նորեկ հսկային:
Եվ ինքը գնաց Տորքին մոտեցավ,
Եվ՝ իբր ինքն իրան՝ այսպես խոսեցավ.
«Ո՜վ պէտք է լինի արդեոք այս հսկան,
Սա չէ՞ աժդահա Տորքը Պասքամյան.
Էլ ուրիշ ի՜նչ մարդ կարեր հանդգնել
Իմ բերդի դուռը այսպես խորտակել»:
Տորքն էլ սկսեց, իբրև ինքն իրան,
Տալ Հայկանուշին այսպես պատասխան.
«Երբ ճանաչում է Անգեղյա Տորքին,
Դուռն ինչո՞ւ փակեց նրա երեսին.
Սա մի խաղ խաղալ միայն ուզեցավ:
Եվ հետևանքն էլ այն էր, որ տեսավ.
Տորքն ահա կերթա, դուռը կշտկե,
Ինչպես առաջ էր, այնպես կկողպե»:
Եվ Տորքը գնաց դուռը լավ կոփեց,
Սուր եղունգներով հղկեց ու կոկեց.
Ժանգոտած դուռը այնպես պլպլաց,
Կարծես արծաթից լիներ նոր ձուլած:
Երբ նորից գնաց իր տեղը նստեց,
Հայկանուշը նրան քաղցր աչքով նայեց.
– Ինչո՞ւ ես նստում, ասաց, չոր քարին,
Պետք է լավ ճաշ տալ քեզ պես ճարտարին.
Ճանապարհորդ ես, քաղցած կլինիս,
Թե՞ հաց ուտելու ախորժակ չունիս…
– «Քաղցած եմ, այո՛, բայց շա՜տ եմ քաղցած, –
Հոգոց քաշելով՝ մեր հսկան ասաց. –
Ի՜նչ հաց պիտի տաս, որ ես կշտանամ,
Ի՜նչ ջուր պիտի տաս, որ ես զովանամ,
Իմ հաց ն ու ջուրը, – գիտե՞ս որն է այն –
Քո սե՛րն է, հոգիս, քո սե՛րն է միայն.
Մի՛ նայիր, որ ես կոպիտ եմ ու բիրտ,
Այս կոպտության մեջ կա մի քնքուշ սիրտ,
Որ քեզ գլխովին իր մեջ կամփոփե.
Եվ միշտ քեզ համար միայն կտրոփե,
Ահա եկել եմ ընկել ոտքերդ,
Կամ ինձ սպանիր, կամ տուր ինձ սերդ».
– Դեռ ժամանակ չէ, – ասաց տիրուհին,
Հետո կխորհենք քո սիրո մասին: –
– «Ես քո ստրուկն եմ, դու ինձ հրամայիր.
Թեկուզ քո շան տեղ դռանդ կապիր,
Որ քեզ պահպանեմ աչքիս լույսի պես ,
Ոչ մի փորձանքի դու չհանպիպես»:
– Դու ինձ կազատես շատ փորձանքներից,
Բայց ո՞վ կազատե ինձ քո ճանկերից: –
Այս խոսքի վրա Տորք և Հայկանուշ
Քա՜հ-քա՜հ խնդացին, և խինդն էր անուշ.
Եվ իբրև վաղուց ծանոթ իրարու,
Կուշտ-կուշտ ճաշեցին, առանց ուտելու:

Ե
Սիրում էր Տորքը, սիրում էր անկեղծ,
Սիրում էր սիրով անբիծ, անտխեղծ.
Եվ կոպտատարազ իր դեմքը մթին
Դառել էր սիրո ցոլացող լուսին.
Այն կերպարանքը և հայացքն ահեղ,
Որ քարացնում էր մարդկանց տեղնուտեղ,
Այժմ դառել է մի վճիտ աղբյուր,
Որից բխում է սեր հեզահամբյուր…
Ի՜նչ քաղցր ժպիտ, ի՜նչ քնքուշ շարժվածք.
Ե՜րբ է ունեցել անճոռնի կազմվածք…

Զ
Որքան կրակը վառվում է, այրում,
Այնքան տաքցողը հեռու է կանգնում.
Երբ վարուժանը շատ է կչկչում,
Մարին փախչում է, թուփի մեջ թաքչում.
Տորքն ինչպես սոխակ երգում է պես-պես.
Իսկ Հայկանուշը լուռ է վարդի պես.
«Այո», «ոչ», «գուցե», երկդիմի խոսքով
Պատասխանում է անորոշ մտքով:
Խոհեմությունը՝ հատուկ իր սեռին՝
Իբրև մի սուր զենք՝ պահում է ձեռին.
Եվ ասում է նա Տորքին վերջապես.
– Աղջիկ առնելը չի լինի այդպես.
Դու շատ ուժով ես, այդ ես լավ գիտեմ,
Բայց ի՞նչ էլ լինիս, ես պետք է կռվեմ:
Քո եղունգները, այո՛, շատ են սուր,
Բայց ես էլ ունեմ վահալանի թուր,
Որին չի դիմնալ և ոչ մի հսկա,
Թեկուզ նա լինի քեզ պես աժդահա…
– Սիրուն Հայկանուշ, – ասում է հսկան, –
Արի մի՛ անիր դու ինձ խելքահան.
Ես վախեցող չեմ և ոչ մի թրից,
Թեկուզ նա լինի ընկած երկնքից.
Բայց ինչպես զորե՜ իմ ձեռքը կոպիտ
Քնքուշ նազելվույդ առնել իր խտիտ,
Խոստովանում եմ ինձ հաղթահարված,
Ես քո գերին եմ, քո ոտքերն ընկած.
Դու քո փոխարեն ցույց տուր հարյուրին,
Թեկուզ հազարին, տասը հազարին,
Հրամայիր ինձ՝ շարժեմ այս լյառը,
Ասա՝ պոկոտեմ ամբողջ անտառը,
Վարարած գետի ընթացքը փոխեմ,
Սարեր ու ձորեր իրար հետ խառնեմ,
Լեռներ կարող են իմ ձեռքով փլչել.
Բայց քեզ, Հայկանուշ, չեմ կարող դիպչել…
– Եթե այդպես է, ուրեմն գնա՛
Եվ բեր ինձ համար քսան աժդահա.
Կերթաս Ձորոփոր, ուր քարայրերում
Քեզ պես հաղթանդամ մարդիկ են կենում,
Եթե նրանցից քսանին գերես,
Դրանով իմ անվան պատիվ կբերես.
Եթե ոչ՝ գիտե՞ս մերոնք ինչ կասեն,
Ի՜նչ բամբասանքներ վրաս կբարդեն.
Կասեն փախցրել է, փախցրել է նրան
Լեռներից փախած մի թափառական…

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ"

Ятук Музыка
Танго нашего детства
Тигран Мансурян

Танго нашего детства

Давид из Сассуна
Давид из Сассуна
Играть онлайн