Лазарос Агаян
Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ
երգ-առաջին
Ա
Շատ դարեր առաջ՝ հին Հայաստանում
Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում:
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա և շատ ահարկու.
Աչքերը կարծես մի-մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արևի լույսով,
Սև-սև ունքերը՝ մութ ամպի նման՝
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան.
Քիթը կորընթարթ, իբրև մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունգները թուր.
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով՝ մի դև և ոչ թէ հսկա,
Ոչ ոք տեսած չէր այնպես աժդահա:
Տգեղ էր դեմքը և այդքան դաժան,
Որ զարհուրում էր, ով նայում էր վրան.
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ:
Նա դեռ պատանի ժայռեր էր ճեղքում,
Ճեղքում էր ձեռքով, ձեռքով էլ կոկում.
Ճեղքում, հղկում էր քարե տախտակներ:
Եղունգով փորում պես-պես նկարներ:
Նա մի հովիվ էր, հովիվ լեռնական,
Բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական,
Առյուծ ու վագր նրան տեսնելիս՝
Սովոր շան նման մոտն էին գալիս.
Կարծում էին, թէ նա էլ է գազան,
Եվ նա է իրենց զորավոր արքան,
Փաթաթվում էին քաջի ոտներին
Եվ կաղկանձելով աղերսում բաժին.
Նա էլ տալիս էր սնունդ բավական
Եվ հոտի վրան կարգում պահապան:
Ինքն այնուհետև գնում էր անտառ,
Որ սնունդ գտնե իր ուժի համար:
Նա պոկոտում էր մեծ ծառեր հատ- հատ
Ու շինում նրանցից մի մեծ ցանկապատ.
Անտառի շուրջը պարիսպ էր դառնում.
Մեջը վայրենիք կաշկանդված մնում.
Եվ նա բռնում էր, բռնոտում այսպես,
Եղնիկ, եղջերու և այլ ինչ ասես:
Քսան, երեսուն էրե շալակած,
Գնում էր հոտը հոգնած ու քրտնած.
Առյուծն ու վագրը դեմն էին գալիս,
Քաջի ոտքն ընկնում ու բարև տալիս,
Եվ խնդրում էին դյուցազն Տորքին,
Մասնակից անել համեղ ընթրիքին:
Նա չէր շատակեր Շարայի նման.
Սիրում էր կաթը և մածուն ու թան.
Եվ չէր բարկացկոտ, այլ հեզ ու խոնարհ,
Բայց Տերն ազատեր, թէ որ բարկանար…
Բ
Մեկ անգամ գյուղում Տորքին զայրացրին,
«Անգե՜ղ, գե՜շ Անգեղ», հետքից գոչեցին.
Էլ չհամբերեց. Պոկեց մի մեծ ծառ,
Ավլեց նրանով ամբողջ գյուղն իսպառ.
Ասում եմ՝ ավլեց, չկարծեք սրբեց,
Այլ տուն, գոմ մարագ գետնին հավսարեց.
Փախան մարդիկը ճանճերի նման,
Էլ ո՞վ կկանգներ Տորքին հանդիման,
Այսպես, երբ նրա բնությունն իմացան,
Էլ այնուհետև սրտին չդիպան,
Այլ մեծ հարգանքով պատվասիրեցին,
Պարերգ շինելով, գովաբանեցին.
Տղեք, աղջկեք՝ ձեռք ձեռքի տված
Ե՛վ պարում էին, և՛ գովում Տորքին:
Էլ այնուհետև նրա դեմքն ահեղ
Առաջվա նման չէր թվում տգեղ:
Անգութ չէր Տորքը և ոչ էլ անգետ,
Լավ որմնադիր էր և ճարտարապետ.
Ահագին վեմեր նա բերավ տաշեց,
Իր քանդած գյուղը նորմեկանց շինեց.
Եվ այնուհետև ուժն ահագին
Նա գործ էր դնում միշտ դեպի բարին:
Նրանից առաջ շատ քաղաք ու գյուղ
Թալանում էին գողերն աներկյուղ,
Բայց երբ լույս ընկավ Անգեղ Տորք հսկան,
Ավազակները ծակուծուկ մտան:
Նա չէր գործ ածում ոչ թուր և ոչ նետ,
Միայն իր տեսքով անում էր անհետ.
Բայց երբ թշնամին երես էր առնում,
Նա այն ժամանակ ուժին էր դիմում.
Վերցնում էր քարեր, քարեր ահագին
Եվ կարկուտի պես թափում գլխներին:
Սև ծովի կողմից օտար թշնամիք
Թալանում էին և գերում մարդիկ,
Միշտ գալիս էին անթիվ նավերով,
Այն էլ աշկարա, օրը ցերեկով:
Կողոպտում էին անթիվ գյուղորեք,
Եվ գերի տանում սիրուն աղջկեք:
Մեկ անգամ եկան խնդրեցին Տորքին,
Որ գնայ օգնե խեղճ ժողովրդին.
Գնաց մեր հսկան, բայց նավերն արդեն
Հեռացել էին Սև ծովի ափեն:
Զայրացավ Տորքը, գոռաց, մռնչաց,
Իբրև մի առյուծ նետահար եղած.
Բլրաչափ ժայռեր սարերից պոկեց,
Փախչող նավերի հետքից շպրտեց.
Դղրդաց ծովը, բարձրացան ալիք
Նավեըը դառան շարժուն խաղալիք.
Ահա դարձյալ ժայռ, դարձյալ դղրդոց,
Շրջվում են նավերն իբրև օրորոց.
Էլի մեկ բլուր, մեծ քան զառաջին՝
Ընկնում է ուղիղ նավերի գլխին:
Գնում են կրկին ժայռերը գունդ-գունդ,
Զարկվում նավերին և տանում անդունդ:
Ողջ կորան այսպես ավազակները,
Դեպի անհատակ ծովի խորքերը.
Նրանցից միայն մեկն ազատվեցավ,
Գլուխը պատռած՝ իր երկիրն հասավ.
Եվ այնտեղ այնպես հրաշքներ պատմեց,
Որ լսողներին սարսափեցրեց:
Ահա այս անգութ բարբարոսության
Վերջ տվավ իսպառ մեր զորեղ հսկան:
Գ
Տորքի անունը շատ հռչակվեցավ.
Մինչև արքայի ականջին հասավ.
Մեծ թագավորը կանչում է Տորքին,
Որ պարգևներ տա և նայե դեմքին:
Գնում է Տորքը՝ մի ծառ ուսին դրած.
Ծառի ճղներից էրեներ կախած.
Այնտեղ կար այծյամ ու վայրի ոչխար,
Եղնիկ, եղջերու, վարազ ու կխտար…
Տորքի համբավը առաջ էր գնացել
ԵՎ քաղաքացոց նախապատրաստել.
Խանութ ու կրպակ ողջ կողոպտեցին,
Փողով, փողհարով դիմավորեցին.
«Եկա՜վ, հա՛ եկա՜վ, գալի՜ս է, գալի՜ս»:
Ամենքն էլ իրար իմաց են տալիս.
Թէ՛ ծեր, թէ՛ մանուկ, թէ՛ աղջիկ, թէ՛ կին,
Եկան տեսնելու նորեկ հսկային:
Երբ Տորքը մտավ մեծ մայրաքաղաք,
Նրան կարծեցին շարժուն աշտարակ.
Իրավ՝ նա ցած չէր աշտարակներից:
Բուրգ էր նա՝ շինված անտաշ քարերից:
Ծառն ուսին դրած գավազանի պես,
Քայլեր էր անում չորս կանգուն ու կես:
Այսպես նա հասավ մինչև ապարանք,
Արքայի վրա ազդեց մեծ զարմանք.
Վայր դրավ բեռը, բարձրացավ վերև,
Ծնկաչոք ընկավ արքայի առջև:
Թագավորն ասաց. «Ապրի՛ս, ապրի՛ս, Տորք,
Դու չես մի հատ մարդ, այլ մի ամբողջ զորք»:
Արքայի ծունկը Տորքը համբուրեց,
Արքան էլ նրան ուսին ձեռք դրեց:
Դ
Լսել էր արքան, որ հսկա մարդիկ
Չեն լինում խելոք և ոչ էլ ճարպիկ,
Բայց երբ Տորքի հետ լավ ծանոթացավ,
Նա այս կողմանե մի նոր գյուտ արավ:
Տորքին նա պահեց մոտ երեք ամիս,
Հետն էր նստեցնում միշտ ճաշ ուտելիս.
– «Ինչպես ես կարծում, մեկ օր հարցրեց, –
(Հսկայի խելքը նա փորձել ուզեց):
Ո՞րն է գերազանց, ո՞ւժը , թե՞ խելքը».
– «Երկուսն էլ լավ են, – ասաց քաջ Տորքը.
Փոքրիկ ուժի մեջ չի լինի մեծ խելք,
Ոչ էլ ուժեղը կլինի անխելք.
Բայց ի՞նչ է խելքը, – ոչ ոք չգիտե,
Անխելքի համար խելոքն անմիտ է:
Ուրիշ է խելքը գլխապահության,
Եվ ուրիշ՝ խելքը հափշտակության.
Այդ ամենք ունին՝ թէ մարդ, թէ գազան,
Թե խելոք լինի, թե անմիտ անբան:
Բայց կա մի այլ խելք, խելք դյուցազնական,
Որ հնարում է, ստեղծում է բան,
Որ մեզ տանում է միշտ դեպի բարին
Եվ մոտեցնում արարչի գահին,
Որ բանեցնում օդին ու ջրին,
Ծառայեցնում կրակին, հողին,
Շինում է գութան, կամն ու ճախարակ,
Հերկում, մշակում դաշտ ու ագարակ.
Որ քարին, փայտին տալիս է նոր ձև.
Նոր գործադրություն, և այն հարատև.
Այս է ճշմարիտ խելքն իմ կարծիքով,
Մարդը գազանից վեհ է միայն սրանով»…
Զարմացավ արքան, այլև հիացավ,
Երբ հսկա Տորքից այս բանն իմացավ:
Ե
Մեկ օր էլ արքան տեսավ մեր Տորքին՝
Մեկ բլրաչափ ժայռ բռնել է ձեռքին,
Ահագին ժայռը շուռ-մուռ է տալիս,
Կարծես երեխա լինի խաղցնելիս.
Ժայռը ճեղքում էր Տորքը ձեռքերով,
Փորում, փորփրում սուր եղունգներով.
Փորեց, փորփրեց, տաշեց, տաշտշեց,
Վերջն արքայի պես մի արձան շինեց.
Եվ ինչքա՜ն նման, ինչքա՜ն գեղեցիկ,
Շորն այնպես կարել չէր կարող դերձիկ.
Արքա՜ն կատարյալ, – ծիրանի հագած,
Բոլոր զարդերով զուգված, զարդարված,
Գահի վրա բազմած, թագը դրած գլխին,
Թուրը քարշ արած, գավազան ձեռքին,
Փառահեղ մրքով, մարգարտով հյուսած,
Երբ տեսավ արքան, մնաց հիացած:
Զ
«Այս ի՜նչ հրաշք է», մեկ օր էլ արքան,
Տորքին նայելով, ասաց ինքն իրան.
«Փիղը խելոք է, թեև ահագին,
Բայց ո՞վ կկարծե, որ այս հսկային
Աստված տվել է և՛ խելք, և՛ հասակ,
Այլև նկարչի հրաշալի ճաշակ.
Արդյոք՝ սեր էլ կա՞ այս մարդու սրտում,
Բայց ո՞վ կսիրե սրան աշխարհքում.
Որտե՞ղ կգտնվի այնպիսի մի կին,
Որ ուզի դառնալ սրան ամուսին.
Բայց լավ կլիներ, եթե հաջողեր,
Մենք կունենայինք քաջ ս»:
Այսպես մտածեց արքան ինքն իրան
Եվ կանչեց Տորքին, որ խոսեցնե նրան:
– «Տո՛րք, – ասաց արքան, – ես չեմ հավատում,
Որ սեր ունենաս քո կարծր սրտում»:
Ժպտաց մեր հսկան, ինչպես մի ծծկեր,
Երբ մորից լսեր, թէ արի ծիծ կեր.
Եվ սրտի սերը իր վառ կայծերով
Փռվեց երեսին վարդի թերթերով:
– «Իսկ ես, արքա՜ քաջ, – ասաց մեր հսկան,
Ինձ որ ասեին, թէ կա մի գազան,
Մի օձ, մի ծաղիկ կամ մի անշունչ քար,
Չէի հավատալ, որ սեր չունենար.
Երկինք ու գետինք, թէ ցամաք, թէ ծով,
Բոլոր տիեզերք լցված է սիրով»:
– Տորք, դու խոսում ես իբրև սիրահար:
Ընտրե՜լ ես անշուշտ մեկին քեզ համար»
– Ում պետք է ընտրեմ հարմար իմ սրտին,
Ես դեռ չեմ գտել ինձ համար մի կին,
Հեռու աշխարհում մեր սերնդից կան,
Բայց ես չգիտեմ այն երկրի ճամփան.
Մեկին տեսնում եմ այնտեղ երազում,
Որպես թէ մի խոր ձորում է կենում.
Ինձ նման անբախտ, ինձ նման մենակ,
Բայց ոչ ինձ նման տգեղ, այլանդակ.
Նա գեղեցիկ է և շատ գեղեցիկ,
Ինչպես նոր ծագած կարմիր արևիկ»:
– «Բայց ի՞նչ ես կարծում, այդ գեղեցկուհին
Կդառնա՞ արդյոք քո ընկերուհին»:
– Նա ինձ երազում հաստատ խոսք տվավ,
Եվ խոստանալով մի պայման դրավ.
«Եթե գաս», ասաց, «կռվես ու հաղթես,
Դու ինձ կստանաս, կառնես կբերես»:
Հիմա չգիտեմ ո՛րտեղ կգտնեմ,
Որ կռվեմ, հաղթեմ ու առնեմ բերեմ»:
– «Ես իմաց կտամ իմ բդեշխներին,
Նրանք կգտնեն քո գեղեցկուհին»:
Տորքն ուրախացավ, բայց և ամաչեց,
Տղայի նման նա կարմրատակեց.
Արքայի ծնկան նա համբույր տվավ:
Եվ իսկույն ևեթ մոտիցը փախավ:
Թագավորն ինք էլ շատ ուրախացավ,
Որ Տորքի սիրո գաղտնիքն իմացավ:
Է
Արքան հրավիրեց կուսակալներին,
Որ այդ ժամանակ պալատումն էին,
«Կուզեմ իմանալ, ասաց, մեր երկրում
Ինչպե՞ս ցեղեր կան, ինչպե՞ս են ապրում»:
(Թագավորն ինքը չէր մեր աշխարհից,
Այլ հրավիրված մի ուրիշ երկրից).
«Արդյոք մեր երկրում վաղվա պես չկա՞ն
Խոշոր հսկաներ մեր Տորքի նման»:
Ամենից առաջ խոսեց Առանը՝
Բաղաց աշխարհի զորեղ իշխանը.
– Ո՛ղջ լեր, թագավոր, մեր երկրում դեռ կան
Հաղթանդամ մարդիկ՝ ճիշտ Տորքի նման.
Նրանք կենում են լեռնախորշերում,
Մթին ձորերում և քարայրերում.
Պնդոցն են քաշվում, որ ազատ մնան,
Քյոխվի ու գզրի ոչինչ հարկ չտան.
Տներ են շինում և գետնի տակին
Անքար ու անփայտ, սարերի միջին.
Տեսնում ես նաև՝ հարթ գետնի տակից
Ծուխ է դուրս գալիս քառասուն տեղից.
Շըշկլվում է մարդ, թէ սա ինչ բան է
Մի՞թե սա գյուղ է. – ո՞վ կարծիք կանե:
Մի դուռն ես գտնում, մտնում, և ահա
Քսան, երեսուն մարդիկ աժդահա,
Մի քանի գերան կրակին դրած,
Նստած են շուրջը մռութներն կախած.
Իսկ նրանց մայրը՝ պառավ աժդահան՝
Դրել է կրակին քառականթ կաթսան,
Երեք-չորս վարազ ողջ-ողջ մեջն ածած,
Ճաշ է պատրաստում մեկ թի ձեռքն առած.
Խառնում է կաթսան թիաշերեփով,
Ինչպես մեր կանայք փոքրիկ չամչիկով,
Տունն ունի նաև անթիվ մաղարեք,
Այնտեղ են լցված հարսն ու աղջկեք.
Բոլորն էլ խոշոր, բոլորն էլ հսկա,
Թէ մարդ, թէ կնիկ, աղջիկ, թե տղա.
Բայց չեն Տորքի պես անտաշ ու անկազմ,
Այլ շատ գեղեցիկ և վայելչակազմ»…
– «Ուղիղ է ասածն Առան իշխանի,
Ասաց բդեշխը Գուգարաց երկրի. –
Մեր հսկաներն էլ ձորերը մտան,
Որ գզիրներին ոչինչ հարկ չտան.
«Ով որ, ասում են, որ գզրի ձայն լսի,
Նա տեղնուտեղը ձյան պես կհալչի.
Մարդիկ էնդուր են այնչափ մանրացել,
Ու մեջքներից թեքվել, կռացել,
Որ հարկ են տալիս գզրին ու քյոխվին,
Այն էլ դրամով, որ բնավ չունին:
Մենք չունինք գզիր, քյոխվա, քյաթխուդա,
Էնդուր ենք մնազել այսպես աժդահա»:
– Բայց մի՞թէ իրանք դրամի պետք չունին».
Հարցրեց արքան Լոռու բըդեշխին:
– Դրամը պետք է սնունդի համար,
Որ գնեն սնունդ և հագուստ հարմար.
Երկուսն էլ ունին, ունին վար ու ցան,
Ունին խոզ, ոչխար, լծկան ու կթան.
Ունին վուշ, բամբակ ու որդ շերամի,
Զանազան ներկեր և որդն կարմրի.
Կանայք մանում են, ներկում ու գործում,
Սիրուն հագուստով զուգվում, զարդարվում.
Նույնպես հագցնում են բոլոր մյուսներին,
Գործում են գորգ, շալ և տան անկողին,
Եվ այլ ամենայն մանր ու խոշոր բան,
Ինչ որ գործվում է և պետք է մի տան:
Ունին եղ ու մեղր և մածուն ու թան,
Միրգ, հունդ, արմտիք, բանջար զանազան.
Աղբյուրներ ունին վճիտ, սառնորակ,
Վիրաբուժության գիտեն դեղ, ճարակ.
Իսկ ինչ որ չունին և պետք է իրանց,
Փոխանակելով տալիս են միմյանց:
Գինի և օղի նրանք չեն խմում,
Մոլություններից հեռու են կենում.
և ապրում էլ են նրանք շատ երկար,
Ոչ մեկը չկա հիվանդոտ, տկար:
Բոլոր անդամներն ամբողջ համայնքի
Զավակ են կարծվում մի ընտանիքի.
Այսպես միաբան, սերտ սիրով կապված,
Մեկմեկու համար գլուխ ետ դրած,
Շատ հյուրասեր են և մեծահոգի.
Խիստ ավանդապահ և առաքինի»…
– «Բայց մեզ ի՞նչ օգուտ այդ հսկաներից,
Երբ որ փախչում են հարկահաններից»:
– «Հարկից խորշում են, բայց ոչ կռվելուց.
Ո՛չ հայրենիքի պաշտպան լինելուց.
Ունին ահագին աղեղ, պարսատիկ,
Կռիվ են գնում – ինչպես հարսանիք.
Քարեր ու նետեր կարկուտի նման
Թափում են կռվող թշնամու վրան.
Իսկ երբ քար ու նետ չունին ձեռներին,
Դիմում են իրանց ուժեղ կռներին.
Մեկը հարյուրին, տասը հազարին,
Ջարդում են, ինչպես գայլը ոչխարին»:
– «Եթե այդպես է, ազատ թողեցեք,
Այդ հսկաներից էլ հարկ մի՛ առնեք.
Բայց «մե՛կ պայմանով», – ասում է արքան,
Որ մեր քաջ Տորքին մի հարսնացու տան»:
– «Այդ շատ դժվար է, – ասաց իշխանը, –
Թեև կատարեն քո խիստ հրամանը.
Նրանց մեջ առանց մենամարտելու
Սովորույթ չկա աղջիկ ուզելու.
Մրցել են տալիս փեսացուներին,
Որ աղջիկն ընկնի վերջին հաղթողին.
Բայց գործը դրանով դեռ չի վերջանում,
Հետո աղջիկն ու տղան են մրցում.
Եթե փեսացուն չի հաղթում աղջկան,
Էլ այն աղջիկը չի գնում նրան»:
– «Ուղիղ մեր Տորքի երազի նման, –
Ասաց խնդալով մեծազոր արքան, –
Մենք էլ կուղարկենք մեր հսկա Տորքին,
Թող գնայ փորձե իր ուժն ահագին»…