Хачатур Абовян

Պարապ վախտի խաղալիք

Էշն ու բյբյուլը

Էս ներքևի գրած ոտանավորը էնպես մարդի վրա է գրած, որ ո՛չ գիր գիտի, ո՛չ գրի զորություն, ու գրողի վրա էլ՝ բերանը կցրվի։ Իմ աշխարհաբառ գրածների գլուխը շատ անգամ է էսպես բան տեսել, մարդի միտք չեն հասկանում, հենց իրանց իրանց խոսում են։Մեկ օր էլ մեկիցը էսպես բան իմացա, ու ի՞նչ պետք է արած, լավ կըլի, որ դերձիկն իր գազը, մաշեկարն իր բիզը, փինաչին իր ճոնդը, փռնչին իր գունդը՝ լավ ճանաչեն, տեղըները ծանր նստին, ամա չի ըլում։ Ինձանից խրատ չի հասնիլ, ամա մարդի սրտին դարդ է դառնում, երբ էնպես օմքին էլ ա խոսում մարդի վրա, որ իր անունը դրուստ գրիլ չի գիտի։ Ղորդ են ասել թե տանու տերտերին օրհնյա՛ տեր չի ըլիլ։ Ինչևիցե՝ թուր ու թվանք չունիմ, արզա գրիլ պետքը չի, թո՛ղ բլբյուլը խոսի․

ԷՇՆ ՈՒ ԲԼԲՅՈՒԼԸ

Էշն ի՞նչ գիտի վարդն ի՞նչ զատ ա,
Նրանը փալանն ու թավալ տալն ա։

Բացվել էր գարունքն, սար ու ձոր ծաղկել
Անուշ հոտն ու հովն ամեն տեղ բռնել։
Ամեն աշխարից, հեռավոր տեղից
Փախած, կորած ղշերն իրանց բներից
Եկան, որ գարնան գալն շնորհավորեն։
Մեր ու ձագ նստած ծառերի վրեն,
Թփերի տակին, սարերի գլխին,
Իրանց սրտի քեֆն հայտնել կուզեին։
Բայց պարկեշտ բլբյուլն իր էրված սրտին,
Իր սիրուն վարդի սերն ու իր մտքի
Հասրաթն ու էշխը բերան բերելով,
Խոր ձորում նստած, դարդերը լալով,
Նայում էր ջրին, իր վարդի թփին,
Ուզում էր բացվի՝ ա՛խ՝ իր սիրելին։
Բայց վարդն անիրավ մնացել էր փակ,
Խեղճ բլբյուլի սիրտն դառել էր կրակ։
Մեկ չոր քարի վրա մնաց կուչ եկած,
Աչքը իր վարդի երեսին քցած,
Լալիս էր, էրվում, «ա՜խ՝ վա՛րդ իմ կարմիր՝
Բացվի՛ր՝ երեսիդ մեռնիմ, ա՜խ՝ բացվիր։
Կամ իմ հոգիս էլ ա՛ռ, քո հետդ տա՛ր.
Կամ էրված սրտիս արա՛ դու մեկ ճար»։
Սար ու ձոր նրա սուքն էին անում,
Ծառ, ու թուփ, ծաղիկ նրա հետ ցավում,
Բայց ձեն չունէին՝ որ մեկ անցվորի
Եդ պատմեն, որ նրան մեկ չարա անի։
Էս դառն հադաղին սատանի քամին
Ո՛րդիանց հանեց մեր կորած իշին։
Քունն էր հատել, թե փալանը ծռվել.
Խոռակը պակսել, քիթն քամի մտել,
Գելն էր հետ ածել, թե տերը դնքսել.
Նոխտեն կտրվել, թե բեռից փախել։
Անկաջները խլշտացրած
Պոչը ցցած, զուռնեն քոքած.
Սարնըվեր ընկած, որ չեկավ առաջ.
Էն հաստ գլուխը թափ տվեց, զռաց։
Էն մուռտառ դունչն էլ՝ որ վրա բերեց,
Անմեղ վարդի թուփն, կոկոմն որ բռնեց․
Փշրեց ու զռաց մեր էշ խնամին.
Սար ու ձոր իրանց աչքը փակեցին.
Ղշերը թռան՝ ա՜խ, օ՜խ քաշելով,
Ծաղկներն երեսներն ծածկեցին՝ լալով։
Իմ անմեղ բյուլբյուլն գլուխն թևի տակին,
Դեռ չէր հեռացել՝ որ իր թշնամին
Հենց ոտը փոխեց, ընկավ ցեխի մեջ.
Էլ ճանճ ու ագռավ չմնաց, վազեց
Ղոթուր մեջքն, ուսերն յարալու արեց։
Արինն քամակիցն շռռալով փախավ։
Թրքահոտ գոմումն կա՛նգնած միտք արավ։
«Հարամ ըլի ինձ էս հաստ գլուխն էլ,
Էս գեշ անկաջներն, էս կոպիտ բոյն էլ.
Որ ո՛չ զռալով, ո՛չ քացի տալով
Ճանճին էլ ա չեմ վախացնում, ա՜խ՝ ո՞վ
Իմ հալիս կըլի, վա՜յ նրա օրին,
Վարդն էլ համ չի տալ իր դարդակ փորին»։
Էլի բլբյուլի էրված հոգին էր,
Որ միտք անելով իր դառը ցավեր,
Էկավ, վարդի վրեն կանգնեց, սուքն սկսեց։
«Աննման իմ վա՛րդ» ողբալով ասեց․
«Թագուհի իմ վարդ՝ հոգուս սիրելի,
Անունդ հիշելով, սիրտս խորովի,
Ընչի՞ դառն աշխարս քեզ բերեց բհամ,
Որ մեկն էլ ա չի՛ իմանում քո համը։
Երկինքն ա տեղդ, ընչի՞ ես մնում,
Իշի կերակուր, էս փշի միջում.
Քանի փուշ ու էշ դեռ կան աշխարքում,
Կմնաս անտեր։ Է՛ս եմ միտք անում,
Ու գլխիս տալիս, էրվում, խորովվում։
Քո սերն հանապազ կպահեմ իմ սրտումն,
Բայց ու՞մ ասեմ, ո՞ւմ, իմ դարդերս՝ ա՜խ ո՞ւմ.
Էշն ի՞նչ գիտի ղադրդ՝ սրտումս էլ պահեմ,
Քեզ, ամեն խաթից միշտ էլ ազատեմ,
Էլի դեո քանի իշի հոտը կա,
Մեզ էս աշխարքումս մեկ չարա չկա։
Յ՛ա դու ինձ էրի, մեկ օր պրծնիմ,
Յա թև ա՛ռ, թռչինք՝ երեսի՛դ մեռնիմ»։
Իմ սիրուն բլբյուլ՝ մի՛ էդքան ցավիր.
Կա՛ց մեր միջումը՝ քո վարդը գովի՛ր,
Էշը թրքումն ա իր ծնունդն առել
Էլի թրքի հոտն նա կուզի առնել,
Քեզ վարդ, մանիշակ, քեզ ծառ ու ծաղիկ
Աստված փայ տվել, բլբյո՛ւլ գեղեցիկ։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Պարապ վախտի խաղալիք"

Ятук Музыка
Спартак - Адажио
Арам Хачатрян

Спартак - Адажио

Давид из Сассуна
Давид из Сассуна
Играть онлайн