Акоп Паронян
Մեծապատիվ մուրացկանները
Ե
Այն խուցն, որուն մեջ Աբիսողոմ աղան ապաշխարանք քաշած էր, ուներ յուր դեմն սենյակ մը, որ խոհանոցի քովն էր և որ ճաշի հատկացված էր։ Այս սենյակը մտավ Աբիսողոմ աղան առաջնորդությամբ տիկնոջ, որ սեղանը պատրաստած էր վերջապես։
Աբիսողոմ աղան ճաշի սենյակը մտնելով բարևեց Մանուկ աղան, որ սեղանին շուրջը աթոռներ շարելու զբաղած էր։
Սանկ հրամմեցե՛ք, Աբիսողոմ աղա, ըսավ Մանուկ աղան՝ սեղանին վերի կողմը ցույց տալով յուր հյուրին։
Հրամանքնիդ նստեցե՛ք, ես ալ կը նստիմ, պատասխանեց հյուրն՝ նստելով իրեն ցույց տրված տեղը։ Ներեցե՛ք կերակուրս այսչափ ուշացնելուս համար, ուրիշ իրիկուններ ձեր ուզած ժամուն կրնաք ուտել․ այս գիշեր քանի մը պատճառներ թող չտվին, որ սեղանն ժամանակին պատրաստվեր․ այս պատճառները վերջը կպատմեմ ձեզի։ Ի՞նչպես եք, տեսնենք, Աբիսողոմ աղա, հանգի՞ստ եք, հարցուց Մանուկ աղան ձայնին աստիճանն իջեցունելով։
Շատ հանգիստ եմ։
Շնորհակալ ենք, մեր բարեկամն ի՞նչպես է Տրապիզոն։
Աղեկ է, հատկապես բարև ըրավ ձեզի։
Բերող տանողն ողջ ըլլա։ Եթե ձեզի գավաթ մը օղի տամ, կը տնկե՞ք․ ախորժակ կը բանա։
Գավաթ մը միայն կը խմեմ։
Շատ լավ․ հրամմեցեք։
Մանուկ աղան երկնցուց գավաթն Աբիսողոմ աղային, որ ի մի ումպ կլլեց զայն, այսինքն օղին․ գավաթը չհասկնաք։
Անուշ ըլլա, Աբիսողոմ աղա։
Շնորհակալ եմ։
Ձեր կենդանությանը։
Ողջ եղե՛ք։
Մանուկ աղան օղին ջրով բարեխառնելեն ետքը խմեց զայն ի չորս ումպ։
Տիկինը մինչև որ կերակուրներն տաքցունե և բերե, մենք կրնանք խոսիլ և ժամանակ անցունել, այնպես չէ՞, Աբիսողոմ աղա։
Այո, պատասխանեց հյուրն այնպիսի եղանակով մը, որ կը հասկուցներ, թե ավելի լավ էր նախ կերակուր ուտել և ապա խոսիլ։
Մտիկ արեք ուրեմն այսօր մեր գլուխն եկածները։ Քանի մը շաբաթե է վեր թաղականի մը ընտրության ետևե ինկած ենք։ Դուք հիմա ձեր մտքեն պիտի ըսեք, թե՝ մարդ, թաղականը քուկին ինչո՞ւդ պետք։ Անանկ չէ, Աբիսողոմ աղա, ազգին գործը ես չնայիմ, դուն չնայիս, ան չնայի, ո՞վ նայէ ուրեմն․ ինչուս պետքը շատ գեշ բան է, անով ամեն մարդ մեկդի կը քաշվի, և ազգին գործերն ալ երեսի վրա կը մնան։ Իմ գիտցածս՝ ամեն մարդ ձեռքեն եկածին չափ ազգին գործերուն ալ աշխատելու է։ Հատ մ՚ ալ կը խմե՞ք, Աբիսողոմ աղա, ախորժակ կը բանա։
Սովորություն չունիմ մեկ գավաթեն ավելի խմելու։
Մեր գավաթներն պզտիկ են, մանավանդ թե Պոլսո օդն ալ կը վերցունե։
Շատ լավ։
Երկու բարեկամներ մեյմեկ գավաթ ևս խմեցին իրարու կենդանությանը, և Մանուկ աղան սկսավ ատենաբանության։
Այս առտու, ըսավ, մեր թաղեն ազգային զբոսարանը գացած ժամանակս, ձեզմե աղեկ չըլլա, մեր բարեկամներեն Մելքոն աղային հանդիպեցա։ Այս Մելքոն աղան նախ Բարթողիմեոս աղային աղջիկը առած էր։ Բարթողիմեոս աղան ալ ժամանակավ մատով կը ցցունեն եղեր, իրբև բարի մարդ, հյուրասեր մարդ, ազգասեր և բարեպաշտ մարդ, և շուկային մեջ շատ խանութներ ուներ, որոնցմե տարին բավական եկամուտ կառներ։ Քանի մը տարիեն Մելքոն աղային կինը մեռավ, և Մելքոն աղան համետագործ Նիկողոսին աղջկանը հետ կարգվեցավ։ Այս աղջիկն քանի մը եղբայներ ունի, որոնց մին Ամբակում աղային քով գրագրություն կընե։ Այս Ամբակում աղան ալ տղա մը ուներ, որ թուղթ խաղալով հորը շատ ստակը կերավ և վերջեն Ռուսաստան փախավ։ Այս աղան Մարգար եպիսկոպոսին քրոջն թոռան եղբորորդին էր։ Մյուս եղբայրը շուկայի մեջ ոսկերիչ է․ բարձր հասակով, սիրուն մարդ մ՚ է։ Երրորդ եղբայրը ատենոք շատ պարապ պատեցավ, խեղճության մեջ ինկավ, անոթութենե պիտի մեռներ, վերջեն թաղական անդամ ընտրվեցավ և մեկ երկու տարիեն ինքզինքը ժողվեց։ Չերկնցնեմ խոսքս, Մելքոն աղան այդ Նիկողոս աղային աղջիկն առնելեն ետքը քանի մը տարիներ շատ հանգիստ կյանք վարեց, բայց վերջեն բախտը դարձավ, ձախորդություն ձախորդության վրա եկավ, և ունեցած չունեցածը բոլորովին կորսնցուց։ Օր մը առնեմ զինքը, հոս բերեմ, և տեսնեք, թե ինչ բարի մարդ է։ Եղբայր մ՚ ալ ունի, որ վարպետ ժամագործ մ՚ է, ատենոք Պեոյուք Տերե կը նստեր, վերջը քանի մը տարիներ Իսկյուտար նստավ, ետքեն Գում Գաբուն երթալով՝ հոն ալ չկրցավ նստիլ, և հիմա չեմ գիտեր, ուր կը նստի։ Բայց շատ վարպետ ժամագործ է։ Թորոս աղան, որ և ոչ մեկ ժամագործի կը հանձնե յուր ժամացույցն, անոր կուտա, որ մաքրե։ Այս Թորոս աղան կը ճանչնա՞ք․ ուրիշ տեսակ մարդ է․ անոր մեկ պատմությունը ընեմ քեզի և մտիկ ըրե, որ տեսնես, թե աշխարհիս վրա ասանկ մարդ կը գտնվի եղեր, որ․․․
Բերե՞մ ապուրը, հարցուց տիկինը սենյակին դռնեն ներս երկնցնելով գլուխը։
Քիչ մը համբերե, տիկին, խոսքս լմնցունեմ, վերջը բեր։ Այնպես չէ՞, Աբիսողոմ աղա, խոսք պետք է յա՛։ Եթե մտիկ ընելու ժամանակ չունիք և գլուխնիդ կը ցավցունեմ կոր, ըսե՛ք։
Ատ ինչ խոսք է․․․ բա․․․
Աբիսողոմ աղան չկրցավ շարունակել յուր խոսքը, զոր ընդմիջեց Մանուկ աղան Թորոս աղային պատմությանն սկսելով։
Այս Թորոս աղան, շարունակից, մուշտակագործ մ՚ է, ականջը խոսի, և յուր ընտանիքովը հանգիստ կյանք մը կը վարե։ Յուր տանը պետք եղած պարենը, կարասիքս և հանդերձեղեն յուր ձեռքովը կառնե և իրմե զատ և ոչ մեկու մը վստահություն ունի, ականջը խոսի։ Մսավաճառեն միս կառնե, տուն երթալուն պես կը կշռե զայն, և անպատճառ քանի մը տրամ պակաս կը գտնե միսը, մսավաճառին կերթա, հետը կռվի կը բռնվի և քանի մը տրամ պակաս արված միսը կառնե տուն կը դառնա։ Ասանկ տարօրինակ մարդ մ՚ է․ ականջը խոսի։ Օր մը այս Թորոս աղան, ականջը խոսի, ժամացույցին փոշիները մաքրել տալու համար ժամագործի մը կերթա և հետը սակարկության սկսելով՝ վերջապես տասն և հինգ դահեկան կը հավանի տալ, այն պայմանով, որ ժամագործն յուր առջևը մաքրե ժամացույցը, վասնզի Թորոս աղան, ականջը խոսի, ինչպես ըսի, և ոչ մեկու մը վստահություն ունենալով՝ չէր ուզեր իր ժամացույցն ժամագործին հանձնել և երթալ՝ վախնալով, որ ժամացույցին մեջեն բան մը կը գողցվի, կամ ժամագործը դիտմամբ կավրե ժամացույցն՝ մեծ ծախք մը բանալու համար, ինչպես որ կընեն շատ մը ժամագործներ, երբ քանի մը օր անգործ մնան։ Ժամագործն յուր պատվույն դեմ անարգանք կը համարի Թորոս աղային առաջարկությունն և կը բարկանա։ Եթե դուն ըլլայիր ժամագործին տեղ չէ՞իր բարկանար։
Կը բարկանայի, պատասխանեց Աբիսողոմ աղան, որ խելքն ու միտքը ապուրի ղրկած ըլլալով՝ բնավ ականջ չէր կախեր Մանուկ աղային ըրած պատմությանը։
Թորոս աղան, ականջը խոսի, կրակ կը կտրի ժամագործին բարկանալուն վրա և քանի մը ծանր խոսքեր կընե իրեն, որ ընելու չէր․ այնպես չէ՞։
Այնպես է, պատասխանեց դարձյալ Աբիսողոմ աղան մեքենաբար՝ միշտ հավանության պատասխաններ տալով իրեն եղած հարցումներուն, որպեսզի խոսքը չերկարի, և կերակուրը բերեն։
Ժամագործը կը վռնտե Թորոս աղան, ականջը խոսի․ Թորոս աղան ալ, ականջը խոսի, խանութեն դուրս ելնել չուզեր՝ վռնտվիլն իրեն պզտիկություն համարելով․ դուն ալ ըլլա՛ս, չես ելլա՞ր ա՛։
Չեմ ելլար ա՛, պատասխանեց Աբիսողոմ աղան, որ չէր գիտեր, թե ուս կից չէր ելլար և ինչո՛ւ չէր ելլար․ վասնզի, ինչպես ըսինք, Թորոս աղային ըրած պատմության և ոչ մեկ բառը յուր ականջը մտած էր․ միայն հարցումներու կը պատասխաներ։
Ծեծկըվուքը կսկսի․ ժամագործն ապտակ մը կը զարկե Թորոս աղային․ ականջը խոսի, Թորոս աղան, ականջը խոսի, կից մը կուտա ժամագործին․ կարծեմ, ով ալ ըլլար Թորոս աղային տեղը, ուրիշ կերպով չպիտի կրնար պատասխանել ժամագործին ապտակին։ Ոտքդ պագնեմ, Աբիսողոմ աղա, ըսե՛, այնպես չէ՞։
Դուք ալ հոս դոմադեսո՞վ կը շինեք, հարցուց մեկեն ի մեկ Աբիսողոմ աղան։
Դոմադեսո՞վ։
Այո՛, ուրիշ տեղեր դոմադեսով կը շինեն եղեր։
Ժամացո՞ւյցը։
Ո՞ր ժամացույցը։
Թորոս աղային ժամացույցը։
Թորոս աղան ո՞վ է։
Մտիկ չըրի՞ր ուրեմն ըրած պատմությունս։
Ըրի, կատարյալ մտիկ ըրի, ըսավ Աբիսողոմ աղան, որ յուր դոմադեսի հարցումովն հաստատեց, թե միտքն ապուրի, ապուրեն դոմադեսի, դոմադեսեն Պոլսո մեջ բրինձի ապուրին ինչպես շինվելուն գնացած էր, և բնավ ունկն չէր դրած Մանուկ աղային խոսքերուն։
Աբիսողոմ աղան շատ իրավունք ուներ յուր տան տիրոջ երկարաձիգ ճառն մտիկ չընելու, մանավանդ անոթի փորով։
Աշխարհիս վրա կան մարդեր, որք կը կարծեն, թե իրավունք ունին մեկու մը քթեն բռնել և ժամերով անոր գլուխը ցավցունել։ Ուրիշներ ալ կան, որ իրենց խոսքերը մտիկ անել տալու համար մարդ կը փնտրեն և եթե չգտնեն, պատրաստ են հոժարակամ օրական վարձ մ’ ալ տալ․ ոմանք ալ ամսականով ունկնդիր կը փնտրեն։ Շատ անգամ ինծի ալ պատահած է այս փորձանքը, և ես մտիկ ընել ձևացունելով՝ իմ գործիս վրա խորհած եմ․ հավանության պատասխաններ տալով ինծի եղած հարցումներուն՝ այնպես է պատասխանած եմ, եթե այնպես է հարցվեր ինծի․ արդարությունն ալ այս է պատասխան տված եմ, երբ արդարությունն ալ այս չէ՞ հարցումն ուղղվեր ինծի․ իրավունք ունիս ըսած եմ, երբ իրավունք չունի՞մ հարցումն եղած է, որպեսզի խոսքը կարճ կապվի։ Դժբախտությունն հոն է, որ գլուխդ ցավցնողն երբեմն այնպիսի հարցում մը կընե, որուն պատասխանելը դժվար է, վասնզի վճիռ տալը քեզի կը թողու։ Օրինակի համար, լմնցնելեն ետքը ճառն, զոր դու բնավ մտիկ ըրած չես կը հարցունե քեզի․
Մարկոս աղա՞ն իրավունք ունի, թե Կիրակոս աղան։
Ի՞նչ պատասխանելու է․ գործին վրա բնավ տեղեկություն չունիս․ որո՞ւն տալու է իրավունքը․ մանավանդ գիտնալու է, թե իրավունքն որու պետք է տալ, որպեսզի գլուխդ ցավցունողին սիրտը չցավի։ Ասոր ալ ես դյուրին ճանփան գտած եմ և հետևյալ պատասխանները կուտամ․
Գործն անուշությամբ լմնցնելու է։
Այո, բայց իրավունքը որո՞ւ քովն է։ Ի՞նչ օգուտ․․․ գեշ մարդու հետ գլուխ չելնըվիր։
Այո՛, բայց կաղաչեմ ըսե՛, երկուքեն ո՞րն իրավունք ունի։
Ինչո՞ւ կստիպես, որ ըսեմ, եղբա՛յր, երկու անգամ երկու չորսի պես հայտնի է իրավունքին ուր ըլլալը։
Շատերն այս պատասխաններովս գոհացուցած եմ․ բայց ոմանք ալ կան, որ կարծես զքեզ ոստիկանության պիտի հանձնեն եթե չըսես, թե Մարկոսն իրավունք ունի, իսկ Կիրակոսն անիրավ է։ Ասոնց ա՛լ ձեռքեն խալսելու համար՝ ստիպողական գործ մ’ ունիմ՝ ըսելով առեր, քալեր եմ։ Իսկ վերջերս տեսնելով, թե այս ընթացքս կը քաջալերե շատախոսները, քաղաքավարությունը մեկդի դնելով՝ օր մը անոնցմե մեկուն ըսի․
Պարոն, զքեզ երկու ժամ մտիկ ընելու համար երկու ոսկի կուզեմ․ երկու ոսկիեն լումա մը պակաս եթե տաս, չեմ ընդունիր։
Մարդը կես ոսկի տվավ, իսկ ես չընդունեցի և օձիքս խալսեցի։ Այս օրերս կը լսեմ, որ այդ մարդը քառորդ ոսկիի երկու ունկնդիր ևս վարձած է։ Երանի «Մասիսին», որ յուր ուննկնդիրներուն ստակ տալու տեղ անոնցմե ստակ կառնե։
Աբիսողոմ աղան ինծի պես չվարվեցավ և, ինչպես հայտնի է, երբ դոմադեսի հարցապնդումով զգալ տվավ ատենաբանին, թե յուր ճառն բնավ մտիկ ըրած չէր, յուր անքաղաքավարությունն անմիջապես դարմանելու համար ըսավ․
Կատարյալ մտիկ ըրի։
Աղե՞կ ըրավ։ Հայտնի է, որ գեշ ըրավ, եթե ես յուր տեղն ըլլայի, պարզապես կըսեի Մանուկ աղային․
«Մանուկ աղա, ինձի նայե՛, եղբայրս, երբ որ մեկը խոսիլ կսկսի, խղճմտանքը մեկ դի դնելու չէ։ Ութը ժամե ի վեր անոթի եմ ես և բնավ պետք չունիմ գիտնալ, թե Մարտիրոս աղան որուն տղան է, թե Գևորգ աղան որու հայրն է, թե ժամագործը Թորոս աղային ապտակ հաներ է, թե Թորոս աղան ալ ժամագործին կից տվեր է։
Այսպես կը խոսեի բացե ի բաց, ոչ թե միայն ընկերության մը մեջ գլուխ ցավցնողին, այլ նույն իսկ այն վարդապետներուն, որ շատ խոսելու նպատակավ միայն չորս ժամ քարոզ կուտան և կը վիրավորվին, եթե ժողովրդեն մեկը քարոզի ժամանակ եկեղեցիեն դուրս ելնե։ Եվ արդեն ըսած եմ օր մը եպիսկոպոսի մը, որ հինգ ժամ քարոզ խոսելեն ետքը եկեղեցեեն դուրս ելած էր և խուցը կերթար։
Ո՞ւր կերթաք, սրբազան,– հարցուցի։
Շատ քրտնած ըլլալով խուցս պիտի երթամ և լաթ պիտի փոխեմ։
Դուք ո՞ւր կերթաք,– հարցուց ինծի։
Ես ալ տուն կերթամ լաթ փոխելու համար, պատասխանեցի իրեն։
Եվ այն օրեն ի վեր եպիսկոպոսն կարճ կը խոսի քարոզի մեջ։
Աբիսողոմ աղան չունեցավ այս համարձակությունը և խրախույս տվավ Մանուկ աղային, որ շարունակե յուր ճառը դոմադեսական հարցման պատասխանելեն ետքը։
Դոմադեսը հոս կը գործածենք ապուրի մեջ, բիլավի մեջ և ուրիշ մսեղեն քանի մը կերակուրներու մեջ, բայց բնավ երբեք ժամացույցի մեջ։
Շնորհակալ եմ․ ապուրի մեջ կը գործածվի ըսել է ես ալ ատ գիտնալ կը փափագեի։
Ապուրը դոմադես՞ով կը սիրեք, թե ոչ։
Դոմադեսով կը սիրեմ։
Շատ աղեկ։ Դառնանք հիմա մեր խոսքին․․․ ո՞ւր մնացինք․․․ հա՛, Թորոս աղային վրա էր։ Տարօրինակ մարդ մ’ե աս Թորոս աղան, ականջը խոսի, շատ պատմություններ ունի․ ուրիշ գիշեր մը զանոնք կը պատմեմ, և ժամանակ կանցունենք։ Երկար չընենք, աս առտու հանդիպեցա Մելքոն աղային․․․
Բերի, որ տաք տաք ուտենք, ըսավ տիկինը ներս մտնելով և ապուրը բերելով։
Այո՛, այո՛, ուտենք, վասն զի շատ անոթի եմ, ըսավ Աբիսողոմ աղան։
Հրամմեցե՛ք․․․
Շնորհակալ եմ, ըսավ Աբիսողոմ աղան և գդալը բերանը տանելու մնաց, մեկեն ի մեկ վեր ցատկեց։
Կարծեմ թե շատ տաք էր, ներեցե՛ք, Աբիսողոմ աղա, ըսավ տիկինը։
Քիչ մը ջուր առ բերանդ, Աբիսողոմ աղա, ավելցուց Մանուկ աղան։
Վնաս չունի, վնաս չունի․․․
Տիկի՛ն, ինչո՞ւ համար ուշադրություն չեք ըներ կերակուրներու տաքությանը կամ պաղությանը,– ըսավ էրիկն կնոջը։
Ա՛լ այս գիշեր մեր պակասություններուն աչք գոցելու է Աբիսողոմ աղան։
Վնաս չունի, բան մը չէ։
Ապուրը մինչև որ պաղի, այս օրվան դեպքը պատմեմ գոնե,– ըսավ Մանուկ աղան։
– Մանո՛ւկ աղա, Աբիսողոմ աղային գլուխ մի ցավցուներ այս գիշեր․ թերևս չախորժիր։
Ժամանակ անցունելու համար պիտի խոսեի, որ զբոսնու և չնեղվի։
Ուրիշ գիշերվան թող․ այս գիշեր հոգնած-հոգնած կրնա՞ քեզի մտիկ ընել։
Կարծեմ թե Աբիսողոմ աղան սիրով մտիկ կընե ազգային գործերը և բնավ ձանձրություն չզգար։ Այո՛, սիրով մտիկ կընեմ, պատասխանեց հյուրը, բայց տիկինին ըսածին պես վաղը գիշերվան թողունք, վասնզի այսօր շատ հոգնած եմ։
Շատ լավ, շատ լավ, ինչպես որ կուզեք, այնպես ըլլա․ բայց մեր թաղին թաղականին գործը շատ զվարճալի է։ Մելքոն աղան եթե հոս ըլլար և պատմեր, խնդալեն կը ճաթեինք։
Ապուրը պաղեցավ, հրամմեցե՛ք, ըսավ տիկինը։
Աբիսողոմ աղան այս հրավերն առնելուն պես՝ գդալով ապուրին վրա հարձակեցավ։
Օղի մ’ալ կը խմե՞ք, Աբիսողոմ աղա։
Շնորհակալ եմ, չեմ ուզեր։
Տիկին, Աբիսողոմ աղային գինի լեցուր։
Մանուկ աղա, այս գիշեր այլանդակ խոսքեր կընես, ապուրի վրա գինի կը խմվի՞։
Ինչո՞ւ չխմվիր, տեսնենք պիտի հավնի՞ մեր գինիին։
Տիկինը դուրս ելավ և խաշած միս բերելով սեղանին վրա դրավ։
Աբիսողոմ աղան այնպիսի ախորժակով մը կուտեր, որ մսի կտորները առանց ծամելու կը կլլեր։
Փառք քեզ, աստվա՛ծ, այս գիշեր ալ կշտացանք, ըսավ Աբիսողոմ աղան փորն քահանայի մը պես լեցնելեն ետքը և երեսը խաչակնքելով ու ցած ձայնով հայր մերն ըսելով՝ սեղանեն ելավ և լվացվելու համար ջուր փնտրեց։
Կերակուրեն վերջը կը լվացվի՞ք, հարցուց տիկինը հյուրին։
Եթե ջուր ըլլար․․․
Մենք սովորություն չունինք, բայց ձեզի քիչ մը ջուր բերեմ և լվացվեցեք։
Աբիսողոմ աղան լվացվեցավ և ձեռները չորցնելու ատեն հարցուց տիկինին, թե որ սենյակին մեջ պիտի պառկեր։
Տիկինը ճրագով երկրորդ հարկը սենյակ մը առաջնորդեց հյուրին և վար իջավ։
Այս պառկելու սենյակն փոքր էր, և անոր ճիշդ չափը տված կըլլանք, եթե ըսենք, որ Աբիսողոմ աղային հասակին երկայնությունն ուներ։ Անկողինը շինված էր այն միակ պատուհանին առջև, որ փողոցի վրա բացված էր։ Աթոռ մը, քառակուսի պզտիկ սեղան մը, փոքրիկ հայելի մը, ջուրի շիշ մը և գավաթ մը, սանտր մը, վրձին մը այս սենյակին կարասիքը կը կազմեին։
Աբիսողոմ աղան սենյակեն ներս մտնելուն պես ձեռներն բացավ և նորեն փառք տվավ աստուծո, որ վերջապես խալսեցավ փորձանքներեն և առանձին մնաց։ Բանտեն արձակվող մը չէր կարող ավելի ուրախություն զգալ։ Փառաբանությունն ավարտելուն պես հանվեցավ և ինքզինքն անկողնո մեջ նետեց։
Ասկեց ետքը ընելիքս գիտեմ, ըսավ անկողնո մեջ, և ոչ մեկու հետ պիտի տեսնվիմ, վասնզի ես այս պոլսեցիները շատ չսիրեցի, ասոնք կամ դրամդ առնելու կը նային կոր կամ երկու, ժամ գլուխդ ցավցունելու։ Ինչո՞ւս պետք իմին․ ես եկած եմ հոս կին մ’ առնելու և երթալու․ որուն աղջիկն որ սիրեմ՝ կուզեմ․ եթե տան՝ կառնեմ, գործս կերթամ, և եթե չտան, եթե չտան․․․ բայց ինչո՞ւ չտան․․․ ինձմե աղեկի՞ն պիտի տան․․․ Եթե վաղը սա լրագիրն իմ անունս ալ փառավորապես գրե, այն ատեն շատերն պիտի աղաչեն ինծի, որ իրենց աղջիկն առնեմ․․․ Մեկեն ավելին ի՞նչ պիտի ընեմ․․․ անոնց մեջեն պարկեշտ աղջիկ մը կը զատեմ․․․ խոսկապը կընեմ․․․ նշան կուտամ․․․ կը կարգվիմ․․․
Այս որոշումները տալով կը քնանա Աբիսողոմ աղան։