Акоп Паронян
Մեծապատիվ մուրացկանները
ԺԱ
Աբիսողոմ աղան քանի մը ժամ քնացավ բազմոցի վրա։ Սակայն դատելով այն ձայներեն, զորս կը բառնար քունին մեջ, կը հասկցվեր, թե խմբագիրներն, բանաստեղծներն և դասատուներն քունի մեջ ալ հանգիստ չէին թողուր զինքն, որ կը պոռար մերթ ընդ մերթ․ «գացե՛ք, կորսվեցե՛ք, ստակ չունիմ ա՛լ տալու»։ Երեք ժամու չափ այսպես հուզված մրափելեն ետքը մեկեն ի մեկ աչքերը բացավ ահ գոչելով։ Կարծես խմբագիր մը անոր կոկորդեն սղմելով խղդեր կսպառնար զինքն, եթե չբարեհաճեր յուր թերթին բաժանորդ գրվելու։ «Տեր ողորմյա, տեր ողորմյա», պոռաց աչերը շփելով, «հանգիստ քուն մ՚ալ չունինք»։
Հետո ոտքի ելնելով գազը վառեց և կանչեց Մանուկ աղան, որուն քիչ մը կերակուր ապսպրեց։ Քառորդե մը բերվեցավ կերակուրն, որուն հաջորդեց խահվեն, որուն ետևեն եկավ քունը։ Հանվեցավ Աբիսողոմ աղան և անկողինը մտավ քնանալու համար։ Հարկ չէ կրկնել, թե նույն գիշերն հանդարտ քուն մը չունեցավ։ Առավոտուն կանուխ ելավ անկողինեն, երեսը լվաց, հագվեցավ, տունեն դուրս ելավ և շիտակ պ․ Դերենիկին գործատունը գնաց լուսանկար պատկերը քաշել տալու համար։ Գործատունը դեռ բացված չէր, և Աբիսողոմ աղան Բերայի փողոցներուն մեջ կը շրջեր, որպեսզի ժամանակ անցնի, և գործատունը բացվի։ Ժամը չորսին (ըստ տաճկաց) բացվեցավ գործատունը, և Աբիսողոմ աղան սանդուղե մը վեր ելնելով մտավ սենյակ մը, որ լուսանկար պատկերներով զարդարված էր և ուր պ․ Դերենիկ նստած կը կարդար։
Բարի եկաք, Աբիսողոմ աղա, սանկ հրամմեցեք, ըսավ պ․ Դերենիկ՝ սեղանի վրա դնելով լրագիրն։ Եվ հետո գրագրին դառնալով նշանացի հրամայեց անոր, որ խահվե բերեն։
Ժամ առաջ քաշեք սա պատկերս, որովհետև քանի մը մեծ մարդոց այցելություն պիտի ընեմ։
Շատ լավ։
Կուզեմ, որ պատկերս փառավոր կերպով քաշվի։ Կուզեմ թիկնաթոռի մը վրա նստիլ, առջևս ունենալ երկու սպասավոր, մեկ աղախին․ այնպես ըրեք, որպես թե ագարակի մը մեջ ըլլամ, ասդին վարուցան, անդին կովերեն կաթ կթեն, ասդին ոչխարներն արածեն, ասդին ցանեն՝ անդին քաղեն, ասդին հերկեն, անդին մածուն շինեն, ասդին ձմերուկ փրցունեն, անդին կարագ շինեն, ասդին սագերը ծովու մեջ լողան, անդին անտառին մեջ փայտ կտրեն, ասդին սայլերով ցորեն փոխադրեն, անդին վերջապես ինչ որ կըլլա ագարակի մը մեջ, տեսնվի պատկերիս մեջ։
Այդ ամենը կարելի չէ կատարել․ միայն քանի մը սպասավորներ կրնամ կայնեցնել քովդ։
Ինչո՞ւ չըլլար։
Որովհետև անկարելի է։
Մեծ մարդոց համար ի՞նչպես կընեք։
Անոնք աթոռի վրա նստած կամ ոտքի վրա քաշել կուտան իրենց կենդանագիրը։
Ի՞նչպես ուրեﬓ կը հասկցվի անոնց մեծ մարդ ըլլալը։
Պատկերը մեծկակ ու փայլուն կըլլա։
Իմի՞նս ալ անանկ պիտի ըլլա ուրեմն։
Այո՛։
Ոտքի՞ վրա, թե նստած։
Ինչպես որ կուզեք։
Դուք ի՞նչպես կուզեք․ ի՞նչպես հանեմ նե, աղեկ կըլլա։
Ձեզի համար ոտքի վրա կը վայլե։
Շատ աղեկ․ սպասավորներն ալ դեմս։
Այո՛։
Ես անոնք չախելու պես կըլլամ, անոնք ալ առջևնին կը նային։
Սքանչելի։
Ծեծելու պես կըլլամ զանոնք, և վերջը բարկությունս իջած կըլլա։
Աղեկ խորհած եք։
Հագուստներս ի՞նչպես են։
Ընտիր։
Ուրիշ ժամացույց մը ալ ունիմ, անի ալ կրնա՞նք մեկ կողմերնիս կախել։
Մեկ ժամացույցը բավական է, ավելին ավելորդ է։
Այս հագուստներուս համար հիսուն ոսկի տված եմ․ անոնց խումաշին աղեկ և ընտիր ըլլալն ի՞նչպես պիտի հասկցվի պատկերես։
Հոգ մի՛ ըներ, կը հասկցվի։
Ընտո՞ր պիտի ցուցնես։
Հանգիստ եղե՛ք։
Չկարծվի սակայն, թե երկու ոսկինոց հագուստ է հագածս։
Այդ մասին անհոգ եղե՛ք։
Շատ լավ։
Ես կերթամ անդիի սենյակն նախնական պատրաստություններս ընելու, քանի մը վայրկենեն հրամանքնիդ ալ հրամմեցեք։
Շատ աղեկ։
Եթե կուզեք, մինչև որ անդիի սրահը մտնեք, սափրիչ մը կանչել տանք, որ գա մազերդ ու բեղերդ սանտրե, շտկե ու շտկռտե։
Աղեկ։
Գործարանի պաշտոնյաներեն մին վազելով կերթա սափրիչ մը բերելու։
Քանի մը վայրկյանեն կուգա սափրիչն, որ գլուխն ծռելով և ետ-ետ երթալով հարգանքներ կը մատուցանե Աբիսողոմ աղային։
Եկուր սա մազերս շտկե, նայինք, կըսե Աբիսողոմ աղան։
Պարտքերնիս է, կը պատասխանե սափրիչը։
Աղեկ մը շտկե, որովհետև պատկերս հանել պիտի տամ։
Գլխուս վրա։ Ա՜բ․․․
Ես շատ կարևորություն կուտամ գլխուս։
Ինչու չտաք, վսեմապատիվ տեր․․․ Ա՜խ․․․ եթե դուք չտաք, ո՜վ տա։ Ա՜խ․․․ երանի թե ես ալ ուրիշ մտմտուք չունենայի և․․․
Շտկռտե նայինք։
Գիտեմ, որ ես հանցավոր եմ ձեզի բարի եկաքի չգալուս համար, բայց ի՜նչ ընեմ․․․ պարագաները թող չտվին, որ կարենայի կատարել այդ պարտականությունս և այսօր երես ունենայի, աղաչեի ձեր վսեմության, որ․․․
Վերջը կը խոսինք, սա մազերս սանրե․․․ մարդը կսպասե ինծի։
Վնաս չունի, անիկա կսպասե։ Աղաչելու ձեր վսեմության, եթե կարելի է, հիսուն վաթսուն ոսկի մը․․․ ես ալ ազգային սափրիչ մ՚ եմ։
Ի՞նչ ըսել է հիսուն վաթսուն ոսկի․․․ Կը խնդրեմ, մի բարկանաք, հիսուն վաթսուն ոսկի փոխատվություն մ՚ընեիք ինձ, որպեսզի այդ գումարն Փարիզ ղրկեի տղուս, որ այդ գումարով պարտքերը տար ու բժշկության վկայական առներ, գար ու քանի մը տարիեն վաստկեր ու տոկոսովն ձեզի հատուցաներ։ Բայց ինչ օգուտ, որ այսօր երես չունիմ ասանկ առաջարկություն մը ձեզի ընելու, որովհետև բարի եկաքի չեկա ձեզի։ Եթե բարի եկաքի եկած ըլլայի ձեզի, համարձակություն կունենայի ձեզի աղաչելու, որ սա պզտիկ խնդիրքս կատարեիք, բայց քանի որ բարի եկաքի չեկա ձեզի, դուք ալ իրավունք ունիք խնդիրքս մերժելու, թեև ագգային արհեստավոր մ՚ ըլլամ։
Հիմա ատանկ խոսքեր մտիկ ընելու ժամանակ չունիմ, ինչ որ պիտի ընես նե, ըրե․․․ Աս ի՜նչ տարօրինակ քաղաք է․ բարև, աստծու բարին, բարա տուր․․․ Մեկու մը բարև տալու չէ․․․ Տեր ողորմյա․․․ տեր աստված, մեղա․․․ Ամեն բան սահման մ՚ ունի, էֆենտիմ․․․ Հասկցա․․․ ժամ առաջ փախչելու է այս քաղաքեն․․․
Կերևի թե էֆենտին բարկացուցած են, ըսավ՝ ներս մտնելով տարիքը հիսունին և վաթսունին մեջ կորսված քահանա մը։
Աս չքաշվիր, տեր հայր։
Ողջույն օրհնած․ թեպետ և դուք զիս չեք ճանչնար, բայց ես ձերին ով ըլլալն շատ լավ գիտեմ․․․ ի՞նչպես է, պատվական քեֆերնիդ աղե՞կ է։
Շիտակը՝ աղեկ չէ։
Աստված չընե․ աստուծով քիչ ատենեն ավելի աղեկ կըլլա։ Ձեզի հետ քիչ մը առանձին մնալ կուզեի։ (Սափրիչին) Քիչ մը դուրս կելլա՞ք։ Ես քեզի համար ալ կը խոսիմ, էֆենտիեն կը հասկնամ խնդիրքդ և ես ալ կը բարեխոսեմ, որ ի նպաստ քեզի բան մ՚ ընե։ Էֆենտի, սափրիչնիս ալ, գիտեք ա՞, ազգայիններեն է, անոր ալ երակներուն մեջ Հայկա արյունը կ՚եռա, անտես ընելու չէ զանոնք ալ․․․ (սափրիչը կերթա)։ Ձեզի հետ մասնավոր և առանձին տեսակցություն մ՚ ընել ուզելուս պատճառն սա է, որ հրամանքնիդ կարգվիլ կուզեք եղեր․․․ և ինչո՞ւ չկարգվիք։ Իմացա նե, շատ ուրախացա, և ինչո՞ւ չուրախանայի։ Ձեզիպեսներն կարգվելու են, որ ազգերնուս մեջ հարուստ աղայք շատնան։ Աղվոր աղջիկ կը փնտրեք կոր եղեր․․․ և ինչո՞ւ չփնտրեք․ ես ալ ձեր տեղն ըլլայի նե, ես ալ կը փնտրեի։ Ստակ ալ կուզեք կոր եղեր քիչ մը․․․ ինչո՞ւ չուզեք, առանց ստակի կարգվիլն ալ, շիտակը, աղեկ բան մը չէ։ Այդ ես իմ ձեռքիս տակն ունիմ անանկ աղջիկներ, որ թե աղվոր են և թե հարուստ։
Շնորհակալ եմ, օր մը կը նայինք, աչքե կանցունենք զանոնք։ Եթե կուզեք, քիչ մը սպասեցեք, սա պատկերս քաշել տամ ու երթանք։ Շիտակը խոսելով՝ ես ուրիշ գործ չունիմ հոս, աղջիկ փնտրելու եկած եմ․ քանի մ՚ օր պիտի մնամ․. եթե կրցի գտնել, կարգվիմ պիտի հետն ու առնեմ, պիտի երթամ, եթե չգտնեմ, դարձյալ պիտի երթամ, որովհետև հոս հանգիստ չեն թողուր զիս վայրկյան մը․ ալ ձանձրացա։
Իրավունք ունիք, ժամանակներն ալ գեշ են, էֆենտիս, դրամական տագնապ, տագնապ դրամական ամենուրեք կը տիրե, ազգին աղքատները շատ են։ Ինչ որ է, կսպասեմ ձեզի ու ի միասին կերթանք։
Սա անպիտանն ալ մազերս շտկելու համար եկավ ու․․․
Այս միջոցին պ․ Դերենիկ ներս կմտնե ու
Հրամմեցեք, կըսե, սրահը։
Բայց մազերս․․․
Հոգ չէ, ես կը սանտրեմ։
Բայց բեղերս․․․
Վնաս չունի, ես կը շտկեմ։
Պ․ Դերենիկ Աբիսողոմ աղային կառաջնորդե լուսանկարի սրահը։
Քահանան առանձին կը մնա և կսկսի մտքովը հետևյալ խորհրդածություններն ընել։ Բայց ի՞նչպես կրնանք մտքով եդած խորհրդածություններն գուշակել․ դեմքեն անշուշտ․ դեմքերը շատ անգամ կը խոսին․ ինչպես հարուստներուն, նույնպես նաև աղքատներուն լեզուն շատ անգամ անոնց դեմքին վրա է։ Մեկու մը դեմքը նայելով կրնանք ըսել՝
Այս մարդն իձմե ստակ ուզելու եկած է, կամ այս մարդն ինծի ստակ տալու եկած է։
Քահանային դեմքն ալ կըսեր․ «Ի՞նչ ճանփա բռնեմ, որ սա ձմեռվան ածուխիս ու փայտիս ստակն սա մարդեն փրցնեմ»։
Քահանան այս խորհրդածությանց մեջ էր, երբ սափրիչն ներս մտավ նորեն ու քահանային ըսավ․
Տեր հայր, գործս ավրեցիր եթե ներս չմտնեիր, քանի մ՚ ոսկի պիտի փրցնեի այս մարդեն․ տվող է՝ կըսեն կոր, տվող․ բոլոր խմբագիրներուն և դասատուներուն ստակ տվեր է։
Եղբայր, անոնք չե՞ն մի, որ պատճառ կըլլան կոր, որ մեզի պես աղքատները չեն կրնար կոր օտարականներե ստակ փրցնել։ Հյուր մը եկա՞վ մի, բոլոր խմբագիրներն ու դասատուները վրան կը թափին կոր․․․ անիծյալ գարշելիներ․․․
Ի՞նչ պիտի ընենք հիմա։
Ես քեզի համար կբարեխոսեմ, դուն ալ ինծի համար միջնորդե, գոնե մեյմեկ կտոր բան փրցնենք սա մարդեն։
Շատ աղեկ։ Հիմա հոս պիտի գա, ես անոր ականջն ի վար կըսեմ, որ այս սափրիչը գոհ ըրե, որովհետև շատ հարուստ տուներ կը մտնե, կելնե և կրնա, եթե ուզե, գործդ ավրել։
Գործը ի՞նչ է։
Հարուստ աղջիկ մը կը փնտրե կոր։
Աղեկ։ Ես ալ կըսեմ, որ քահանայեն զատ մեկու մը մի՛ վստահիր։
Շատ աղեկ։
Աս աղեկ ճանփա է։
Միամիտին մեկն է։
Այո՛, դյուրահավան է, բայց կողոպտեր են մարդը, էֆենտի՛մ, կողոպտեր են․ մենք շատ ուշ հասանք։
Աբիսողոմ աղան զվարթ դեմքով կը դառնա սենյակն, ուր քահանան սափրիչին հետ կխոսեր։
Ներեցե՛ք, Աբիսողոմ աղա, կըսե սափրիչն, ձեզի այդ խնդիրքն ընելուս համար․ սակայն ես կարծեցի, թե կրնայի իմ կողմես ես ալ ծառայություն մ՚ ընել ձեզ։
Աբիսողոմ աղա, պետք է գիտնալ, որ, կըսե քահանան, մեր սափրիչ էֆենտին գրեթե մայրաքաղաքիս բոլոր հարուստ տուները կը մտնե, բոլոր աղջիկները կճանչնա։
Ի՞չք կըսեք։
Այո՛, ինքն ալ բարի մարդ մ՚ է, կատարեցեք խնդիրքը, մեղք է։
Արժանապատիվ հորեն մի զատվիք, եթե անանկ միտք մ՚ ունիք․ տեր հոր ձեռամբ կարգված երիտասարդներն միշտ գոհ մնացած են։ Ուրախ եմ, որ ձեր գործը տեր հոր պես բանիբուն և գործունյա քահանայի մը ձեռքն ինկած է, վստահ եղեք, որ երջանիկ պիտի ըլլաք ձեր ամուսնության մեջ։
Բայց դուք ալ պիտի օգնեք ինծի, տեր սափրիչ, կը հարե քահանան։
Ես ի՞նչ բանի կարող եմ․․․
Ձեր աջակցությունն ալ պետք է։
Կընեմ, ինչ որ կարող եմ ընել։
Շնորհակալ եմ։ Աբիսողոմ աղան օտարական չէ, ազգային է, կարգվելու համար եկած է հոս․ մեր պարտքն է օգնել իրեն։
Հարկավ։ Աբիսողոմ աղային հետ ատելություն մը չունիմ ես, մանավանդ թե ինքը շատ բարի ու առաքինի մարդ մ՚ է։
Երեսին խոսիլ չըլլա, ընտիր մարդ մ՚ է։
Պատվական մարդ է։
Վրան նայես նե, կըսես, որ քիպարությունը վրայեն կը վազե կոր։ Ո՞վ կը պնդե՞ հակառակը, ես անոր թշնամին չեմ։
Այսինքն թե որ քեզի այլ հարցվի նե, բարի վկայություն տաս։
Անշուշտ։
Աբիսողոմ աղան չիյ մարդ չէ, քեզի կվարձատրե վերջը։
Գլխուս վրա, գլխուս վրա։ Ա՜խ, տղուս վկայականն առնվեր անգամ մը։
Հինգ օրեն ետքը, Աբիսողոմ աղա, հինգ օրեն ետքը պատրաստ են պատկերներդ, ըսավ պ․ Դերենիկ ներս մտնելով։
Շատ աղեկ, պատասխանեց Աբիսողոմ աղան ու գործարանեն վար իջավ ընկերակցությամբ քահանային ու սափրիչին։