Александр Ширванзаде

Մելանիա

XII, XIV և XV

Սուր վիրավորանքի հետ Սամսոնը զգում էր նաև խղճի սուր խայթոց: Որքան համարձակ լինեին Մելանիայի խոսքերը, այնքան իմաստն արդարացի էր։ Մեղադրանքը պարզ էր, հիմնավոր և... անհերքելի։ Ա՜խ, եթե միայն ծերությունը լիներ... Բայց ի՛նչ կարելի է առարկել մի անողոք ու սոսկալի փաստի դեմ, որի ծանրությունը նա զգում է առանց Մելանիայի մութ ակնարկների էլ։ Ինչո՞վ իրան պաշտպանի, քանի որ գիտե՝ սիրելը քիչ է, պետք է ունենալ նաև սիրելու իրավունք, այսինքն՝ միջոց։

Դեռ ամուսնության երկրորդ տարին նա զգաց, որ շուտով պիտի զրկվի այդ միջոցից։ Եվ երբ զգաց, որ սկսում է զրկվել, շատ մտածեց, շատ աշխատեց ու չգտավ ոչ մի հնար բնության հարվածի դեմ։ Նա համոզվեց, վերջապես, որ ոչ ոք, ոչ ոք չի կարող օգնել իրեն այս դեպքում, թեկուզ զոհի իր բոլոր միլիոնները։ Ճակատագրի դա՜ռն հեգնանք. անբախտությունը սկսվեց հենց այն պահուն, երբ նա հույս ուներ ապրել մի նոր, ավելի հանգիստ, ավելի երջանիկ կյանքով...

Ի՞նչ անել այժմ, երբ նրանից պահանջվում է անկարելին։ Բաժանվե՞լ Մելանիայից, ազատությո՞ւն տալ պահանջողին՝ գնա ուր ուզում է ապրի, ում հետ նա կամենում է։ Բավականանա՞լ ամուսնական կյանքի այն առաջին երկու-երեք կիսաբախտավոր տարիներով, երբ դեռ ուներ փոքրիշատե իրավունք իբրև ամուսին։

Մի պահ զգաց, որ եթե բարոյական քաջություն ունենա, պարտավոր է այդպես անել. չէ՞ որ չի կարելի առանց իրավունքի բռնի տիրանալ մի թարմ էակի կյանքին։ Սակայն... միայն մի պահ, հետո ինքը սարսափեց իր մտքից։ Բաժանվե՞լ Մելսանիայից, մի էակից, որ զարդարում է նրա կյանքը և հյութ տալիս նրա չոր ու ցամաք գոյությանը։ Գցել նրան մի ուրիշի գի՞րկը և, դիտելով հեռվից, տանջվե՞լ բարոյապես, դառնալ ծաղրի ու խոսակցության առարկա... Օ՜о, ոչ, ոչ, այդ անկարելի է, այդ վեր է նրա ուժերից։ Ուրեմն ի՜նչ. ստիպել երիտասարդ կնոջը կենակցե՞լ իր հետ, մի մարդո՞ւ, որին չի սիրում և երբեք չի՛ կարող սիրել, գուցե, իրավ, հակառակ իր ջերմ ցանկության։ Միթե անգթությո՞ւն չէ այդ։ Իսկ նա ոչ միայն գործում է այդպիսի անգթություն, այլև Մելանիայի երեսովն է տալիս այդ անգթությունը, համարելով նրան բարերարություն։

Եվ, հալածվելով այս մտքից, Սամսոնը տանջվում էր։ Արդեն առաջ էլ չէր սիրում հասարակություն, իսկ այժմ բոլորովին երես դարձրեց նրանցից։ Ոչ մի տեղ չէր գնում, ոչ ոքի չէր ընդունում, իսկ աներոջ ու զոքանչի հետ խոսել անգամ չէր ուզում։ Բնազդմամբ գուշակում էր, որ Մելանիան պարզել էր նրանց իր վշտի գաղտնի պատճառը. մի բան, որից այնքան ամաչում էր Սամսոնը։ Ա՜հ, սարսափելի՜ դրություն, ո՞ւմ հայտնի իր ցավը, ո՞վ կկարեկցի նրան և, որ ամենագլխավորն է, ո՞վ կարդարացնի նրա կապը Մելանիայի հետ։ Ոչ ոք։ Նա այս լավ գիտեր, ուստի լուռ ու մունջ փակվել էր ինքն իր մեջ։ Երբեմն նրա սրտում ծագում էր հուսո նշույլ գուցե Մելանիան զղջա, ներում խնդրի անողոք կշտամբանքի համար և հաշտվի իր վիճակի հետ, դադարելով պահանջել անկարելին, անբնականը։ Բայց այս հույսն էլ նրան ոչինչ լավ ապագա չէր խոստանում։ «Հետո՞»․․․ կրկնում էր նա, և գլուխը թուլացած թեքում էր կրծքին, ձեռները ընկնում էին ցած։ Այո՜, հետո՞ , իսկ նրա անզորությո՞ւնը, որ անբուժելի է․․․

Տիկին Նազանին և Սերգեյ Արտեմիչը բարվոք համարեցին խնդիրը թողնել անորոշ և հեռանալ այն քաղաքը, որտեղից եկել էին։ Զգում էին, որ իրենց ներկայությունը անչափ նեղում է Սամսոնին, այնինչ ցավը դարմանելու և ոչ մի միջոց չէին կարողանում գտնել։

Ճանապարհ ընկնելու օրը Նազանին մի անգամ ևս փորձեց համոզել Մելանիային, թե ուրիշ հնար չկա, պետք է հպատակվել ճակատագրին։ Բայց զուր։ Մելանի՛ան սառն եղանակով հարցրեց.

Մամա, եթե մի օր վերադառնամ քեզ մոտ, կնդունե՞ս ինձ։

Նազանին սարսափեց։ Բայց զգում էր, որ դուստրը արդեն անսահման դժբախտ է, ուստի ճարահատյալ պատասխանեց․

Ո՞ր ծնողը իր զավակին կթողնի փողոցում։

Մելանիան զգացվեց, փաթաթվեց մոր պարանոցին, համբուրեց և հետո սկսեց հեկեկալ, կրկնելով.

Ախ, ի՜նչ անբախտն եմ, ի՜նչ անբախտն եմ։

Մի օր, նախաճաշից հետո սպասավորը Սամսոնին հայտնեց, թե Փիրուզյանը հարցնում է, կընդունի՞ նրան արդյոք։ Սամսոնը հրամայեց ընդունել։

Փիրուզյանը ներս մտավ նախկին բարեկամական ժպիտն երեսին, ամուր սեղմեց իր ազգականի ձեռը և նստեց նրա դեմուդեմ։ Սամսոնը, որ գրասեղանի քով զբաղված էր ինչ-որ հաշիվներով, թղթերը հավաքեց մի կողմ դրեց և հարցրեց՝ ուր է մնացել մինչև այժմ հյուրը։ Հայտնվեց, որ Փիրուզյանը վերջին երկու շաբաթը անց է կացրել Բաքվում, միայն այսօր առավոտ է վերադարձել։ Նա վճել է նավթային գործերով զբաղվել և եկել է Սամսոնի աջակցությունը խնդրելու։

Սամսոնին հայտնեցին, թե նախաճաշը պատրաստ է։ Նա հյուրի հետ անցավ սեղանատուն։ Այնտեղ Մելանիան, սեղանի քով նստած, կերակրում էր Ժորժիկին։ Նա հյուրին ընդունեց անխռով, գլխի թեթև շարժումով պատասխանելով նրա խոնարհ բարևին։

Փիրուզյանն իսկույն գուշակեց, որ մարդ ու կնոջ հարաբերությունները լարված են։ Հոգու խորքում այս անգամ անկեղծ խղճաց Սամսոնին, նայելով նրա անսովոր մռայլ դեմքին, Նա խոսում էր նավթային նոր շատրվանների և արդյունաբերական աժիոտաժի մասին։

Հանկարծ նա զգաց խղճի խայթ յուր հանցավոր միտումների պատճառով։ Նա զղջաց։ Բայց զղջաց ոչ այնքան որևէ բարոյական սկզբունքի հիման վրա, որքան այն մտքից, որ զուր էին իր հանդուգն միտումները և երբեք չեն կարող իրագործվել։ Մելանիայի ամբողջ էությունը հասկացնել էր տալիս նրան, թե շեղել այդ կնոջն ուղիղ ճանապարհից շատ էլ դյուրին չէ և թե ինքը շատ էլ ճիշտ գաղափար չի ունեցել նրա մասին։

Նա որոշեց զգույշ վարվել։ Ինչո՞ւ զուր տեղը զրկվի Սամսոն Ֆրանգուլյանի պես մի հզոր դրամատիրոջ բարեկամությունից այն ժամանակ, երբ իր նոր ձեռնարկելի գործի համար կարոտ է նրա աջակցությանը։ Նա աշխատեց ցույց տալ անտարբերություն դեպի Մելանիան և կարողացավ Սամսոնի սրտից ջնջել չար կասկածի վերջին նշույլը։

Մի շաբաթ անցած՝ նա դարձյալ այցելեց Ֆրանգուլյաններին։ Այս անգամ եկել էր վերջին հրաժեշտը տալու։ Նա թողնում է Թիֆլիսը ու հեռանում Բաքու երկար ժամանակով։

XIV

Խորհում էր Մելանիան գիշեր ու ցերեկ և չէր կարողանում որևէ որոշում կայացնել։ Նա օր օրի վրա ավելի էր համոզվում, որ չէր կարող երկար ժամանակ մնալ անորոշ ու ծայրաստիճան լարված դրության մեջ։ Նա զգում էր, որ Սամսոնը նրա համար օտարանում է ոչ օրերով, այլ ժամերով և հեռանում է անվերադարձ։ Երկու ամուսինների մեջ բարձրանում էր մի պատնեշ, որին չէր կարող խորտակել ոչ մի առողջ բանականություն։ Եվ Մելանիան սկսեց վախենալ Սամսոնից, առաջին անգամ զգալով նրա տանջալի լռության մեջ ինչ-որ չարագուշակ մի բան։ Մնալ այդ մարդու հետ մի հարկի տակ թվում էր նրան և՛ վտանգավոր, և՛ զազրելի։ Ի՞նչ անել, արդյոք, թողնել նրան՝ և վերադառնալ ծնողների մոտ, թե՞ դիմել այն ապօրինի, այն վատթար և այն սովորական դարձած միջոցին իր դրության հետ հաշտվելու համար, որին դիմում են շատ շատերը։ Դավաճանության։ Դժվար իրագործելի էր թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Ի՞նչ պիտի պատասխաներ հարյուրավոր հետաքրքրվողների հարցին «Ինչո՞ւ բաժանվեց»։ Պատճառ պիտի բերեր Սամսոնի ծերությունը։ Բայց չէ՞ որ նրանք կարող էին ասել «ո՞ւր էր քո խելքը ամուսնանալիս»։ Առարկել նրա ֆիզիկական անկարողությո՞ւնը։ Օօ ոչ, այդ անոթալի է, և նա չի կարող կրել հասարակության ծաղրն ու ծիծաղը։ Իսկ մնալ օրինական ամուսնու հարկի տակ, ուզել նրա մահը, խաբել ու դավաճանել, դեմ էր նրա ամբողջ էությանը և կրկնակի վտանգավոր...

Եվ այսպես, այս երկդիմի դրության մեջ Մելանիան տառապում էր անսահման։

Այնինչ Սամսոնը՝ սիրելով Մելանիային դաժան սիրով՝ կատաղում էր ժամանակի և բնության դեմ այնպես, որ կարծես, նրանց անողոք օրենքները հատկապես նրա համար էին հորինված։ Նա անիծում էր մարդկությունը և նրա հնարած բոլոր գիտությունները, որ անզոր էին նրա անզորության դեմ։ Եվ աշխարհը նրան թվում էր սառն, անհյուրընկալ։ Կյանքի նյութական շուքի մեջ զգում էր իրան խորթ, եկվոր և հարստության մեջ չքավոր, որպես մի արհամարհված մուրացկան Գարնան մերձավորությունը բորբոքելով նրա օր օրի վրա սառչող արյունը, ավելի զգալի և ավելի դաժան էր դարձնում անփոխարինելի կորուստը։ Եվ, մարդկանցից փախչելով, ինքն իր մեջ զգում էր այնպիսի ամայություն, որ կարծես, հոգին բաժանվել էր և դիտում էր մարմնի սառուցումը հեռվից։ Կենդանի կմախք, որ այրվում էր առանց ջերմանալու։ Նա հոգու ամբողջ կարողությամբ ատում էր բնությունը և բոլորը ինչ որ նորոգվում ու թարմանում էր նրա մեջ։ Ծառերի նորածիլ տերևները, ծտերի ծլվլոցը, եղանակի մեղմությունը, երկնի պայծառությունր և երկրի ժպիտը, բոլորը, բոլորը, կարծես ծաղրում էին նրան անողոք և անամոթ ծաղրով։ Նա կկամենար տեսնել ամեն ինչ հնացած, թառամած և անզոր, ինչպես ինքը։ Նա պատրաստ էր, եթե ունենար գերբնական զորություն, մի հարվածով մեռցնել բոլոր կենդանի էակների մեջ կյանքը և բոլորին դարձնել իր պես այրվող կմախք։

Նա սկսեց ատել Մելանիային, չդադարելով սիրել նրան անզոր սիրով։ Երկու հակադիր միմյանց ջնջող զգացումների մեջ հոգեպես բաժանվեց երկու տարբեր մասերի։ Մի ներքին ուժ դրդում էր նրան, ամեն անգամ Մելանիային հանդիպելիս, փաթաթվել նրա պարանոցին և անվերջ համբուրել, շոյել, միանալ ու ձուլվել նրա հետ մեռելության ձուլարանում։ Մի ուրիշ ներքին ուժ թելադրում էր նրան. «հարձակվիր այդ երիտասարդ կնոջ վրա, բռնիր նրա գեղեցիկ կոկորդը, խեղդիր, սպանիր և հետո սիրիր... նրա գերեզմանը»։

Այլևս պարզ էր նրա համար, որ յուր սիրո զգացման ամենաթույլ մի արտահայտություն Մելանիային պատճառում է զզվանք։ Եվ խոցոտված և արյունոտված ինքնասիրությունը ուժ էր տալիս նրան այդ զգացումը զսպելու, մինչդեռ ատելության բուռն զգացման դեմ օր օրի վրա դառնում էր անզոր, անպաշտպան։ Նրա գլխի մեջ ծագում էին մեկը մյուսից մռայլ մտքեր, որոնք գլխավորապես պտտում էին մի առանցքի շուրջը։ Այդ առանցքը Մելանիայի երիտասարդությունն էր, մանավանդ գեղեցկությունը։ Օ՜օ , անտեսանելի, անըմբռնելի զորություն, եթե չես կարող վերադարձնել նրա կորցրած առնականությունը, դարձրու այդ կնոջը նրա հասակին ու թառամած արյունին համապատասխան մի էակ։ Այո, թող այժմ Մելանիան զրկվի իր գեղեցկությունից, որպեսզի նա այդքան չսիրվի և որպեսզի Սամսոնը այդքան չտանջվի, այսքան չխանդի և որպեսզի ամեն վայրկյան չմտածե՝ արդյոք Մելանիան մի ուրիշին չի՞ սիրում։

Մելանիայի ներքին անբացատրելի ահը զարգանում էր օր օրի վրա։ Այժմ ամեն անգամ Սամսոնին տեսնելիս՝ ցնցվում էր։ Արդեն նա իր անկողնակալը փոխադրել էր մի ուրիշ սենյակ և գիշերում էր առանձին և եթե չքաշվեր, ամեն գիշեր կկողպեր իր ննջարանի դռները։ Հակառակ նախկին սովորության, մերթ ընդ մերթ նա գիշերները հանկարծակի արթնանում էր և միշտ ականջ դնում դեպի կից սենյակը, ուր գիշերում էր Սամսոնը։

Ինքը Սամսոնը աշխատում էր շատ անգամ իրան նրանից հեռու պահել նամանավանդ այն պահերին, երբ ատելության զգացումը բորբոքվում էր նրա մեջ առանձին ուժով։ Այդ մոմենտներին մի շատ դաժան ցանկություն կլանում էր նրա հոգին և խլացնում առողջության ձայնը։ Նրա բանականությունը մթագնում էր և նրա առջև պատկերանում էր Մելանիայի այլանդակված մարմինը, օօ ոչ ամբողջը, այլ միայն երեսը... Չէ՞ որ այսպիսով և միայն այսպիսով կարող է լուծվել անլուծելին։

Նա լուռ պայքարում էր մի դիվային ցանկության դեմ, որ սակայն զարգանում էր օր օրի, ժամ ժամի վրա, և ավելի ու ավելի ենթարկում նրան իր զորությանը․․․

XV

Գիշերվա երկու թե երեք ժամն էր։ Սամսոնը դեռ անքուն էր իր սենյակում։ Սեղանի վրա վառվում էր փոքրիկ լամպարը, աղոտ լուսավորելով նրա մռայլ կերպարանքը։ Նա պառկած էր թիկնիվար տաճկական բազմոցի վրա, ձեռները գլխատակը դրած։ Կար այդ պահին ինչ-որ չար, հրող շերտ նրա դեմքի վրա և աչքերի մեջ։

Նա ոտքի ելավ և սկսեց անցուդարձ անել։ Մերթ նա կրծոտում էր շրթունքները, մերթ ծանր հառաչում էր, մերթ նրա աչքերը պսպղում էին, մերթ կարծես մարում ինչպես հեռավոր փարոսի լույսը։

Նա վերցրեց սեղանի վրայից լամպարը, անցավ հաջորդ սենյակ, իր ննջարանը։ Այժմ այնտեղ երկուսի փոխարեն դրված էր միայն մի անկողնակալ, այժմ նա սառն էր, անհյուրընկալ, առմիշտ զրկված ամուսնական կյանքի մի ժամանակվա ջերմությունից։ Նա սկսեց ծուլորեն, կամաց-կամաց հանել հագուստը։ Դուրս բերեց ժիլետի գրպանից ժամացույցը, նայեց, դրեց անկողնակալի գլխի քով գտնվող փոքրիկ սեղանի վրա։ Գիշերվա երկոսուկես ժամն էր։ Երբեք նա այդպես ուշ չէր պատրաստվել անկողին մտնելու։ Նա դեն ձգեց փողկապը, հանեց կոշիկները, հագավ հողաթափերը և դարձյալ սկսեց անցուդարձ անել։ Երկու անգամ նա մոտեցավ դռներին և ականջ դրեց հաջորդ սենյակը, որ առաջ Ժորժիկինն էր, այժմ Մելանիային ծառայում էր որպես ննջարան։

Գիշերային անդորր լռության մեջ լսվում էր երիտասարդ կնոջ առողջ ու կանոնավոր շնչառությունը։ Նա քնած էր խոր քնով գոնե այնպես թվաց Սամսոնին, երբ կիսով չափ բաց արավ դռները և նայեց։ Փոքրիկ սեղանի վրա վառվում էր այն գեղեցիկ լամպարիկը՝ վարդագույն լուսամփոփով, որի լույսով Սամսոնը շատ անգամ էր սքանչացել Մելանիայի մարմնի գեղեցկությամբ։ Բայց երբեք, երբեք այդ մարմինը չէր եղել նրա աչքում այդքան գեղեցիկ, որքան այդ գիշեր։ Մետաքսյա դեմի-սեզոն վերմակի մի ծայրը հետ էր ծալվել և ցուցադրել նրա ուռուցիկ կուրծքը, որի վրա հանգչում էին խիտ մազերի ալիքավոր հյուսերը։ Վերև այդ մազերը նրա գլխի շուրջը կազմում էին մթին շրջանակի նման սքանչելի մի պսակ։ Աջ ձեռքը հանգիստ տարածված էր կողքով, իսկ ձախ ձեռը գլխի շուրջը կազմում էր մի ուրիշ շրջանակ։ Հագուրդ չստացած կենսասիրության ժպիտը շրթունքների վրա տալիս էր նրա դեմքին ինչ-որ թախիծ, իսկ պայծառ ճակատը, սքողվածքի մազերի ստվերով։

Սամսոնը ներս մտավ կամացուկ, որպես մի հանցավոր՝ սրբության տաճարը։ Նա գալիս էր ոչ իր հանցանքները խոստովանելու ու քավելու, այլ գործելու մի նորը և այնպիսին, որի նմանը երբեք չէր գործել տաճարից գողանալու այն, ինչ որ ամենասուրբն էր, ամենաթանկարժեքը։ Քանի մի վայրկյան նա նայեց Մելանիայի դեմքին։ Նայեց այնպես, որպես անոթի գայլը համեղ պատառի վրա, որին ճաշակելու կարողությունից զուրկ է։ Նա սքանչանում էր և տանջվում։ Այնինչ դիվային միտքը պաշարում էր նրան ուժգին, և նա զգում էր իր անզորությունը նրանից ազատվելու։ Այո, այո, այդ կինը շատ երիտասարդ է, շատ սիրուն, շատ հրապուրիչ, շատ կենսաթրթիռ և շատ խստապահանջ իր մարմնավոր երջանկության վերաբերմամբ։ Նա չի կարող իր այրվող արյունը խառնել մի անզորի ցրտության և ապիկարության հետ։ Նա պիտի փնտրե մի ուրիշին, այս են պահանջում բնության օրենքները և այս է դրոշմված Մելանիայի դեմքի վրա։ Գուցե արդեն փնտրում է, գուցե արդեն գտել է։ Ի՞նչ, զրկվել այդպիսի մի գանձից, դառնալ խաբված ամուսին, ծաղրված ու ծաղակոծված ամենից։ Օօ ոչ, ոչ, ոչ, այդ անկարելի է և երբեք չպիտի թույլ տալ․․․

Սակայն ինչպե՞ս դիմադրել բնության պահանջի զորությանը․ ինչպե՞ս այդ կնոջն ապահովել մոլորությունից։ Միայն մի միջոց կա ապահովության այլանդակել այդ զմայլելի մարմինն այնպես, որ ոչ ոք չհրապուրվի նրանով և ոչ ոք չկամենա նրան մերձենալ, բացի իր օրինական տիրոջից։ Այն ժամանակ Մելանիան ստիպված կլինի սիրել Սամսոնին և միայն նրան։

Նա սարոափեց, մտածելով, որ այն, ինչ որ չի ուզում անել գերբնական ուժը, պիտի անե ինքը․․․ իր ձեռքով։ Սարսափեց, բայց չփախավ դիվային մտքից, որ ընդամենը մի շաբաթ էր, որ հղացել էր և այժմ ձգտում էր իրագործել գիշերային լռության մեջ, երբ տանը ամենքը քնած են, երբ խոր քնով քնած է և նա, որի վրա պետք է կատարվի մի անգութ գործողություն։ Անգո՞ւթ, ո՛չ, ինչո՞ւ։ Սամսոնը չի զրկի այդ կնոջը կյանքից, կզրկի միայն գեղեցկությունից։ Ոճիրը սոսկալի է, հակամարդկային և հակաբնական, բայց նա չի ուղղված այդ գեղեցիկ էակի դեմ։ Նա կապրի, բայց իր գեղեցկությունից զրկված։

Նա նայեց երկարատև հայացքով Մելանիայի սիրուն հոնքերին, որոնցով շատ անգամ էր հիացել։ Ահա որտեղ է նրա գեղեցկությունը, ահա ինչն է ավելի դյուրին աղավաղել։ Բավական է մատների մի թեթև շփում, և նա կխախտվի հավիտյան․․․

Սամսոնը ձեռը տարավ վարտիկի գրպանը։ Այժմ նա այլևս ինքն իրան չէր պատկանում։ Նա դուրս բերեց գրպանից մի փոքրիկ սրվակ և մի կտոր բամբակ։ Նա ինքը կսարսափեր իրենից, եթե այդ պահին նայեր հայելուն։ Կերպարանքն ավելի մռայլվել էր, բերանի անկյուններն աղավաղվել էին և թեթևակի դողում։ Նա ուշադիր կարդաց սրվակի խորագիրը և գլուխը դրականորեն շարժեց։

Մելանիան շարունակում էր հանգիստ քնել միևնույն դիրքում։ Թվում էր՝ մի ինչ-որ խոր երազ ընդգրկել է նրան իր անշարժության մեջ։

Սամսոնը հանեց սրվակի խցանը և պատրաստվում էր հեղուկը կաթեցնել մյուս ձեռում բռնած բամբակի վրա, նույն պահին, երբ Մելանիան ծանր հառաչելով շարժվեց։ Սամսոնը կանգ առավ և, սրվակը գրպանը դնելով, նայեց։ Այժմ Մելանիան երեսը դարձրել էր դեպի պատը, բայց դարձյալ քնած էր խոր քնով։ Այս անգամ նրա շքեղ գիսակները հեռացել էին ուսերից և թափվել բարձի վրա։ Նրանց փարթամությունը զայրացրեց Սամսոնին։ Ակամա նրա հայացքը դարձավ դեպի կնոջ տուալետի սեղանը և կանգ առավ մի հարդյա զամբյուղիկի վրա։ Նա հուշիկ քայլերով մոտեցավ սեղանիկին, շոշափեց զամբյուղակը, որ լի էր թելի կապոցներով, ասեղներով, կոճակներով և այլ մանր-մունր իրերով։ Լսվեց պսպղուն մկրատի սուր հնչյունը, որից Սամսոնը ցնցվեց այնպես, որպես կարող է ցնցվել մարդը օձի մերձավոր շվվոցից։ Նա դարձյալ նայեց Մելանիայի մազերին և, մկրատը վերցնելով, մոտեցավ։ Կապարային լռության մեջ լսվեց սուր մկրատի զգուշավոր շխկոցը, և Մելանիայի շքեղ գիսակները, արմատից անջատվելով, թափվեցին բարձի վրա և այնտեղից ծանրորեն դեպի հատակը որպես սպանված թռչուն։ Սամսոնը ժամանակ չկորցրեց իր դժոխային դիտավորությունը մինչև վերջը իրագործելու։ Նա շտապով դուրս բերեց գրպանից սրվակը, թափեց մի քանի կաթիլ նրա մեջ պարունակված հեղուկից բամբակի բակի վրա և թեքվեց դեպի Մելանիան։ Հանկարծ նրա ձեռը դողաց։ Նա մի քայլ հետ կանգնեց։

Մելանիան հանդարտիկ աչքերը բաց արավ և նայեց հետ այն վայրկյանին, երբ չար ձեռքը պիտի առմիշտ այլանդակեր նրա գեղեցկությունը։ Նա հանդարտ գլուխը բարձրացարեց, նստեց անկողնի մեջ, աչքերը հածելով շուրջը՝ մղձավանջից արթնացածի պես։ Բայց արթնացավ նա այն վայրկյանին, երբ նշմարեց Սամսոնին, որ կիսամերկ կանգնած էր սենյակի մեջտեղում լուռ, անշարժ, մի ձեռում պահած սրվակը, մյուսում՝ բամբակը։ Նա արձակեց մի թույլ ճիչ և ոտքի կանգնեց։ Նա ձեռներով շոշափեց գլուխը և արտասանեց.

Գլուխս... չկա..․

Նայեց աջ ու ձախ, վեր ու վար և տեսավ հատակի ու բարձի վրա սփռված մազերը, և սարսռեց ամբողջ մարմնով։

Այս ի՜նչ է, գոչեց նա, սարսափած հայացքը ամուսնուն դարձնելով։

Սամսոնը լուռ էր։ Մի չարախինդ ժպիտ աղավաղել էր մարդու դեմքը։

Ի՞նչ ես անում այստեղ, ի՞նչ ես արել, նորեն գոչեց Մելանիան։

Սամսոնը անգիտակցաբար հատակի վրա ձգեց ձեռքում բռնած բամբակը, որ այրում էր նրա մատները։ Մելանիան արագ հարձակվեց, վերցրեց գետնից բամբակը, մոտեցավ լամպարին, աչքերը չհեռացնելով Սամսոնից։ Նույն վայրկյանին մատների ծայրում զգաց այրոց, դեն ձգեց բամբակը և մնաց տեղն ու տեղը սառած։

Ես ուզում էի քեզ բժշկել ամբարտավանությունից, արտասանեց Սամսոնը, և նրա ձայնը հնչեց այնպիսի չարախնդությամբ, որից Մելանիայի մարմինը պատեց սառը քրտինքով։

Աա՜, աղաղակեց սարսափած կինը և թուլացած ընկավ անկողնակալի վրա։

Նա ամեն բան հասկացավ և՛ այն, ինչ որ էր, և՛ այն, ինչ որ պիտի լիներ, և՛ այն, ինչ որ չպիաի լիներ։ Սակայն հասկացավ նաև, որ դիվային դիտավորությունը հրեշավոր մարդու իրագործվել է միայն կիսով չափ։ Նույն վայրկյանին ոտքի ելավ և շտապով անցավ հարևան սենյակը, ուր քնած էր Ժորժիկը դայակի հետ։

Սամսոնը լսեց, թե ինչպես դռները փակվեցին, բանալին պտտեց և զգաց, որ այլևս ամեն ինչ վերջացած է, որ բանալիի այդ պտույտը կտրեց ամեն մի կապ իր և Մելանիայի միջև։ Նա չկարողացավ իրագործել յուր զազրելի միտումը զրկել կնոջր գեղեցկությունից, որպեսզի առմիշտ տիրե նրան որպես մի սեփականություն, որ ուրիշ ոչ ոքի չի կարող պիտանի լինել։

Նա անցավ յուր սենյակը և երեսնիվար պառկեց անկողնակալի վրա, բռունցքները սեղմելով գլխին: Այն միջոցը, որով նա անհաջող փորձեց պաշտպանել Մելանիային մոլորությունից և ապահովել յուր ընտանեկան պատիվը, այժմ նրան թվաց սոսկալի երազ...

Առավոտյան տասնմեկ ժամն էր, երբ Սամսոնը բաց արավ անքնությունից ուռած ու կարմրած աչքերը։ Ներս մտավ սպասավորը և լուռ տվեց նրան մի ծրար։ Նա բաց արավ ծրարը․ Մելանիայի ձեռագիրն էր, նամակը գրված էր համառոտ և շատ գրական։ Մելանիան գրում էր, թե հասկացել է նրա չար դիտավորությունը։ Մի մարդ, որ ընդունակ է այդպիսի դիտավորության, չի խորշիլ անգամ սպանության մտքից։ Նամակը վերջանում էր այս խոսքերով.

Ես վերադառնում եմ ծնողներիս մոտ, թողնելով ամեն ինչ և ամենը, նույն իսկ Ժորժիկիս։ Ես ազատում եմ կյանքս և գեղեցկությունս: Դուք կարող էիք ինձ սպանել։ Ես ուզում եմ ապրել, զգալ ու ապրել։

Ե՞րբ գնաց տիրուհիդ, հարցրեց Սամսոնը խեղդված ձայնով։

Առավոտյան գնացքով։

Սամսոնը ամոթահար, հուսահատ և ուժասպառ թավալվեց անկողնակալի վրա, որ վաղուց էր նրա դագաղը և այժմ դարձավ նրա համար ցուրտ գերեզման․․․

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Մելանիա"

Ятук Музыка
Карс
Тигран Амасян

Карс