Александр Ширванзаде

Մելանիա

IX և X

IX

Այսպես, ուրեմն, Սամսոնը շատ է սիրում Մելանիային։ Իսկ Մելանիան, ընդհակառակը, ուզում է ատվել նրանից։ «Ուզում եմ, որ հարբած տուն գաս, հայհոյես ինձ, ծեծես»։ Եթե Սամսոնը այդ չի կարող անել, թող վարվի նրա հետ այժմյան ամուսինների պես։ «Խաբիր ինձ, դավաճանիր, աչքիս առջև սիրուհիներ պահիր»։

Եթե Սամսոնը մինչև այժմ կասկածում էր, այսօր համոզվեց, որ ինքն արդեն ատելի է դարձել Մելանիայի համար։ Ահա ինչու Մելանիան պահանջում է, որ Սամսոնն ատի նրան․ նա փոխադարձություն է պահանջում։

«Կամ հին մարդ եղիր, կամ նոր մարդ, կամ բռնակալ, կամ դավաճանող», հնչում էր Սամսոնի ականջին Մելանիայի վերջին խոսքերը։ Ո՞րը լինել. բռնակա՞լ, թե՞ դավաճանող։ Դավաճանել Մելանիային։ Օ, ո՛չ․ այս չի կարող անել Սամսոնը։ Նրա հայացքով տղամարդուն ներելի է անել ամեն ինչ, քանի որ ամուրի է, իսկ երբ մի անգամ մարդ ամուսնացավ, պիտի հավատարիմ մնա ամուսնական առագաստին։ Ոչ, Սամսոնը դավաճանել չի ուզում, նա մինչև անգամ զզվում է այս մտքից։ Եվ վերջապես, ինչպես դավաճանել։

«Ինչպե՞ս», կրկնում էր Սամսոնը դառն կսկիծով։ Այս բառի մեջ նա զգում էր մի թունալի հեգնություն, մի սոսկալի ծաղր։ Դավաճանել. այո՛, Սամսոնի համար հասկանալի է, թե ի՞նչ էր ուզում ասել Մելանիան այս բառով...

Նա շրթունքները անխնա կրծոտում էր մի ծանր, անտանելի մտքից, մի ցավի գիտակցությունից, որի համար դեղ չկար. ուհ, անիրավ օրենքներ բնության, միթե չկա ոչ մի փրկարար միջոց ձեր քայքայիչ զորության դեմ։ Չկա, նա բոլոր միջոցները փորձել է արդեն և հիասթափվել...

Ուրեմն բռնակա՞լ դառնալ։ Փակե՞լ Մելանիային տանը, գռռա՞լ, հայհոյե՞լ, ծեծե՞լ։ Եվ ինչո՞ւ չէ։ Եթե մինչև այժմ Սամսոնը կատարյալ ազատություն է տվել կնոջը՝ ապրել ուզածին պես, արել է հակառակ իր հայացքների, միայն այն պատճառով, որ սիրել է նրան, չի կամեցել, կամ ավելի ճիշտը, չի կարողացել վշտացնել այդ երեխային։ Այժմ Մելանիան ինքն է ասում, թե ձանձրացել է այդ ազատությունից։

Հարգանքի զգացումը ավելի է ճնշում նրան, քան ատելության ուժը։ Սամսոնի «լավ մարդ» լինելը տանջում է նրան։ Օ՜հ, այժմ միայն Սամսոնը հասկանում է այս բանը։ Լավ մարդու դեմ մեղք գործելը այնքան հեշտ չէ, որքան «բռնակալի կամ դավաճանողի» դեմ։ Խիղճը թույլ չի տալիս։ Թող Սամսոնը վատ մարդ դառնա. մանավանդ վատ հռչակվի հասարակության մեջ, այն ժամանակ Մելանիան իրան ազատ կհամարի և... Իսկ այժմ կաշկանդված է...

Այս մտքերի ազդեցությամբ Սամսոնն զգում էր այնպիսի կսկիծ, որի նմանը երբեք չէր զգացել։ Այնինչ նա դառն օրեր էր տեսել։ Եղել էր աղքատ, անպաշտպան, կրել էր մարդկային արհամարհանքների ծանրությունը։ Դառնալով վաճառական, երկու անգամ մոտիկից տեսել էր առևտրական աշխարհի համար այն սոսկալի վիշապի աչքերը, որ կոչվում է սնանկություն։ Լսել էր պարտատերերի ծաղրն ու հայհոյանքները։ Իբրև սիրող որդի, քառասունութ ժամ դիտել էր մահամերձ մոր տանջանքները։ Իբրև սիրող հայր, կրել էր առաջին զավակի մահվան հարվածը։ Նա տեսել էր և ուրիշ շատ թշվառռւթյուններ, բայց երբեք այնպես չէր տանջվել, որպես այժմ, երբե՜ք։

Նա երևակայում էր իրեն բռնակալ ամուսնու դերի մեջ և ինքն էլ սոսկում էր բոլորից, ինչ որ կարող էր և ընդունակ էր անելու այդ դիրքում։ Մինչև այժմ նա խանդել էր, այո՛, բայց խանդել էր միայն Մելանիայի երիտասարդությանը։ Իսկ այժմ հանկարծ առաջ է գալիս մի գարշելի, մի դժոխային կասկած արդյոք, Մելանիան չի՞ դավաճանել։

Եվ եթե դավաճանել է, ո՞վ է նրան մոլորեցնողը։ Վերջին ժամանակ նա այնքան հեռու է պահում իրեն տղամարդկանց ընկերությունից, որ դժվար է կասկածել որևէ մեկի մասին։

Փիրուզյա՞նը անցավ հանկարծ Սամսոնի մտքով։ Ինչո՞ւ չէ, մի՞թե նա երիտասարդ չէ։ Բայց ոչ, այդ անկարելի է, ի՜նչ անպիտան, ի՜նչ հանցավոր միտք։ Փիրուզյանը հարգում է Սամսոնին այնքան, վերաբերվում է Մելանիային այնպիսի պատկառանքով, Մելանիան սառն է դեպի նա այնչափ, որ ամոթ է անգամ կասկածել նրանց հարաբերությունը։

Սակայն, որքան Սամսոնը աշխատում էր դուրս հանել մտքից այդ մարդուն, այնքան նրա երիտասարդ ու թարմ կերպարանքը սպառնում էր նրան․․․

Այսպես տևեց մի ամբողջ շաբաթ։ Բանը հասավ այնտեղ, որ Սամսոնը ցանկացավ կրճատել Փիրուզյանի այցերը։ Այս նպատակով նա դրականապես հրաժարվեց անտառի կապալից հենց աճուրդի օրը։ Փիրուզյանը չհասկացավ նրա իսկական միտքը, միայն մութ կերպով զգաց, որ Սամսոնի մեջ վերջին օրերը կատարվում է ինչ-որ փոփոխություն։ Նա զգուշացավ և մի քիչ կրճատեց իր այցերը։

Այժմ Սամսոնը կասկածով էր վերաբերվում Մելանիային, հետևում էր նրա յուրաքանչյուր քայլին։ Նա տակավին չէր վարվում իբրև բռնակալ, բայց արդեն մոտ էր այդ աստիճանին։ Եվ մերձենում էր առանց ինքնաբեր որոշման, այլ այնպես, անգիտակցաբար։ Նա կարծում էր, որ Մելանիան զղջում է իր արածների մասին և շուտով կսկսի բողոքել մարդու մի քանի թեթև խստությունների դեմ։ Բայց պատահեց հակառակը։ Մի օր Սամսոնը Մելանիային արգելեց ինչ-որ պարերեկույթ գնալու հենց այն պահին, երբ տիկինն արդեն հագնված էր և դրսում սպասում էր լծված կարեթը։ Մելանիան իսկույն ուսերից դեն ձգեց մուշտակը, ասելով.

Շա՛տ լավ, եթե չես թողնում՝ չեմ գնալ։

Սամսոնը զղջաց, նա փորձում էր միայն իր ուժը։

Գնա՛, քանի որ պատրաստվել ես, ասաց նա։

Բայց Մելանիան սկսեց նրա աոջև մեկ-մեկ դեն ձգել իր արդուզարդը։

Գնա՛, ասում եմ, կրկնեց Սամսոնը։

Որ արգելում ես, ի՞նչպես գնամ։

Չեմ արգելում։

Ո՛չ, արգելում ես։

Սամսոնը բարկացավ, ձայնը բարձրացրեց։

Ասում եմ քեզ, որ թույլ եմ տալիս։

Թույլ ես տալիս, բայց ինքդ գոռում ես։ Ունիս իրավունք, գոռա՛։

Մելա՛նիա, գոչեց Սամսոնը, ձայնը ավելի բարձրացնելով. մի՛ հանվիր։

Արդեն հանվել պրծել եմ։ Մազերս էլ բաց արի։ Ը՛հը, կատաղում ես, աչքերդ կարմրում են, բռունցքներդ սեղմում ես։ Չլինի՞ թե ուզում ես ծեծել, հաա՞, ծե՛ծիր, ունիս իրավունք։

Այնինչ Սամսոնը ոչ կատաղած էր, ոչ աչքերը կարմրել էին, ոչ մանավանդ բռունցքները սեղմել։ Նա միայն բարկացած էր։

Ծեծե՞լ, կրկնեց նա, ժամանակ-ժամանակ այնպիսի բաներ ես ասում, որ ձեռներս քոր են գալիս։

Ավելի լավ, ավելի լավ: Ես դեմ չեմ, ծեծի՛ր, ծեծի՛ր, ինչքան քեֆդ է։ Ես մի խեղճ, անպաշտպան կնիկ եմ, ծեծի՛ր․․․

Եվ նա սկսեց հեկեկալ, ընկնելով թախտի վրա։ Սամսոնը ակամա մեղմացավ, ավելի, նա պատրաստ էր մոտենալ, գրկել ու համբուրել Մելանիային, մինչև անգամ ներումն խնդրել։ Բայց զսպեց իրեն, թող չկարծի այդ կինը, թե իր ամուսինը շատ էլ թուլամորթ է։ Նա ասաց․

Դու խելագարվել ես։

Խելագարվել եմ, այո՛, հաստատեց Մելանիան, իմ տեղը ո՜վ չի խելագարվիլ։ Ուրեմն, փակիր ինձ տանը, մի՛ թողնիր դուրս, կարող եմ գժություններ անել հասկանո՞ւմ ես, կարող եմ գժություններ անել․․․

Այսպիսի տեսարանները կրկնվեցին մի քանի անգամ։ Եվ ամեն անգամ Մելանիան, կարծես, աշխատում էր Սամսոնին տրամադրել այնպես, որ մարդը կորցնի համբերությունը, կատաղի և վերջապես, բռունցքը բարձրացնի նրա գլխին։ Իսկ Սամսոնը դեռ կարողանում էր իրեն զսպել։ Նա ուրիշ բան էր մտածում․․․

X

Այն օրից, երբ Սամսոնի սրտում կասկած ծագեց, կամենում էր Մելանիայի հետ խոսել Փիրուզյանի մասին։ Նա ուզում էր իմանալ կնոջ կարծիքը այդ մարդու վերաբերմամբ և գուցե հենց սեփական խոսքերով բռնել նրան։

Մի օր նա հարցրեց.

Մելա՛նիա, ինչո՞ւ Արտյուրն էլ առաջվա պես շուտ-շուտ չի գալիս մեր տուն։

Ես ի՞նչ գիտեմ, հարցրու իրանից։

Իսկ ես գիտեմ։ Նա քեզանից վիրավորվել է։

Ինչո՞ւ։

Լավ չես ընդունում նրան, պատասխանեց Սամսոնը և երկիմաստ հայացքով նայեց կնոջ երեսին։

Ե՞ս, թե՞ դու, արտասանեց Մելանիան, չշփոթվելով ամուսնու համառ հայացքից։

Այո, ճշմարիտ ես ասում, ես էլ լավ չեմ ընդունում նրան։ Ուզո՞ւմ ես միտքս իմանալ, այո, շատ ուրախ եմ, որ նա հիմա քիչ-քիչ է երևում իմ տանը։

Պատճա՞ռը։

Հենց այնպես։ Մինչև անգամ չավ կլինի, որ իսկի էլ չգա այսուհետև։

Դու այդ ուզո՞ւմ ես։

Իսկ դու չե՞ս ուզում։

Ինձ թո՛ղ, աստված սիրես։ Ազգականը քոնն է, դո՛ւ ասա, ուզո՞ւմ ես, որ նա իսկի չգա մեր տուն։

Ուզում եմ, պատախանեց Սամսոնը հանկարծ, փորձի համար։

Լավ, ասաց Մելանիան և լռեց։

Հետևյալ օրը Փիրուզյանն եկավ։ Սամսոնը տանը չէր։ Մելանիտն հրամայեց սպասավորին՝ հայտնել, թե պարոնը և տիկինը տանը չեն։ Մինչդեռ սպասավորը նախասենյակում հաղորդում էր այս խոսքերը Փիրուզյանին, նա անմիջապես գոչեց.

«Ժորժիկ, Ժորժիկ, ապա թե կարող ես ինձ բռնիր»։ Եվ սկսեց վազվզել, բարձրաձայն ծիծաղել։

Մի ժամ անցած՝ նա իր արարքը պատմեց Սամսոնին։

Ուրեմն Արտյուրն իմացավ, որ դու տա՞նն ես, հարցրեց Սամսոնը զայրանալով։

Այո, տանը և առողջ։

Սամսոնի աչքերը կատաղությունից փայլեցին․

Մելա՛նիա, դու քանի գնում, խելքդ կորցնում ես, գոչեց նա, ինչո՞ւ համար ես ինձ խայտառակում իմ ազգականի մոտ։

Ինքդ ուզեցիր, որ նա մեր տունը ոտ չդնի։

Ես... կատակ էի անում։

Կատա՞կ, հա՞ա, դու... կատա՞կ, հեգնաբար ծիծաղեց Մելանիան, մի՞թե դու կատակ անել էլ գիտես, չէի իմանում, ներողություն։

Ես քեզ փորձելու համար ասացի, թե չեմ ուզում Արտյուրին մեր տանը տեսնել։

Ինձ փորձելու համա՞ր։

Մելա՜նիա։

Ինձ փորձելու համար, կրկնեց Մելանիան, ինքն իրեն կորցնելով, ա՜ա, ուրեմն, ուրեմն... դու ինձ կասկածո՞ւմ ես։

Այո՛, կասկածում եմ. չի՞ կարելի քեզ կասկածել ինչ է։

Մելանիայի աչքերը պսպղացին։ Նա կամեցավ հեկեկալ, բայց ճիգ արավ և իրեն զսպեց։ Նա միայն ասաց.

Այդ էր պակաս․․․ կասկածել ինձ․․․

Ինչո՞ւ, դու կին չե՞ս, ինչպես բոլոր կանայք։

Ես մի անբախտ կին եմ, ուրիշ ոչինչ, արտասանեց Մելանիան շնչասպառ։

Անբա՜խտ, կրկնեց Սամսոնը դառն հեգնանքով, եթե դու անբախտ ես, կկամենայի իմանալ՝ ով է բախտավոր քո ծանոթներից։ Օրը մի տեսակ կերակուր ուտո՞ղը, թե տարին մի ձեռք հագուստ չունեցողը։ Ո՞ւմ է նախանձում ամբոոջ քաղաքը. քե՞զ, թե՞ մի ուրիշին։

Սամսոն, միամիտ մի՛ ձևանալ։ Դու շատ լավ գիտես, թե բախտավորությունը լավ ուտել-խմելու ու շքեղ հագուստների մեջ չէ։

Կկամենայի գիտենալ՝ այն ի՞նչ է, որ մեր դարում չի կարելի ունենալ դրամի զորությամբ։

Ի՞նչ է, կրկնեց Մելանիան սրտի կսկիծով, ի՜նչ է․․․

Եվ մի սուր հայացքով ուղիղ նայեց ամուսնու աչքերին։ Սամսոնը հասկացավ նրա թունալի, բայց արդարացի միտքը։ Հասկացավ և շրթունքները կրծոտելով, լռեց։

Լռո՞ւմ ես, մրմնջաց Մելանիան և նույն վայրկյանին մի երկարատև հարվածող ծիծաղ դուրս թռավ նրա կրծքից։

Մելա՛նիա, գոչեց Սամսոնը խռպոտ ձայնով, դու չափ ու սահմանդ կորցնում ես։ Մելա՛նիա, մարդ չպիտի մոռանա իր անցյալը։

Այս արդեն Մելանիայի կծու ակնարկի պատասխանը չէր, այլ մի տեսակ փախուստ բուն խնդրից․․․

Ի՞նչ ես ուզում ասել դրանով, պարզ խոսիր․․․

Ժամանակն է հասկանալու, որ քեզ նման երիտասարդ ու գեղեցիկ կանայք հազարավոր են, իսկ քեզ պես ապրում է հազարից մեկը... Հասկանո՞ւմ ես, ինչ եմ ասում․․․

Հասկանո՞ւմ է, արդյոք, Մելանիան։ Ինչպե՞ս չհասկանալ, երբ մարդը խոսում էր այնքան պարզ, երբ նրա յուրաքանչյուր բառի, ձայնի ամեն մի հնչյունի մեջ զգացվում է միլիոնատիրոջ թունալի արհամարհանքը դեպ մի կնոջ չքավոր անցյալը։ Մելանիան զինաթափ եղավ, գլուխը թեքվեց կրծքին, ձեռները թուլացան։ Այսպես, ուրեմն, հարվածի փոխարեն Հարված և ավելի զորեղ։ Եթե նա Սամսոնից երիտասարդություն է պահանջում, Սամսոնն էլ պահանջում է նրանից հիշել անցյալը։ Նրան ողորմություն են արել, դուրս բերել չքավորությունից և հարուստ ու շքեղ ապարանք մտցրել։ Նա երախտամոռ է և իր վիճակի համար փոխանակ շնորհակալ լինելու՝ հանդիմանում է բարերարին։

Մի քանի վայրկյան Մելանիայի մտքերը շփոթվեցին։ Սակայն մի բան նրա համար պարզ էր ավելի, քան երբևէ. այն, որ վերջապես, հասել է ժամանակը, երբ պիտի երես առ երես կանգնի այդ մարդու դեմ, անդիմակ, և ասի բոլորը, ինչ որ կուտակվել է սրտում վերջին երկու-երեք տարվա ընթացքում։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Մելանիա"

Ятук Музыка
Гаяне - Колыбельная
Арам Хачатрян

Гаяне - Колыбельная