Александр Ширванзаде
Գործակատարի հիշատակարանից
V
Նույն օրն ևեթ ճանապարհվեցի, թողնելով բոլոր գործերը տակն ու վրա։
Աբրահամ աղային ես իսկապես գտա մահամերձ դրության մեջ։
Այդ ի՞նչ է պատահել ձեզ, աղա, ի՞նչ քամբախտություն հասցրեց ինձ աստված, գոռացի ես լացի ձայնով, ընկնելով նրա մահճակալի վրա և համբուրելով նրա ճակատը։
Խաչի, մեռնում եմ, պատասխանեց նա թույլ ձայնով։
«Ջհաննամը որ մեռնում ես, մի քիչ էլ վաղ պիտի մեռնեիր», ասացի ես մտքումս։
Աստված ոչ անի, ի՞նչ ես ասում, աղա։
ՉԷ, մեռնում եմ, Խաչի, այն անխղճմտանքը տունս քանդեց, շարունակեց Աբրահամ աղան տնքտնքալով, գլուխը բարձրացնելով բարձի վրայից։
Ո՞վ է ձեր տունը քանդել, աղա, ի՞նչ եք հրամայում, հարցրի ես զարմացած։
Հրեա Շաբաթը տունս քանդեց, նա՛... քառասուն հազար... քառասուն հազար... ա՛խ...
Աբրահամ աղան չկարողացավ ավարտել յուր խոսքը, նրա թուլացած գլուխն ընկավ կրկին բարձի վրա։ Ես նկատեցի նրա աչքերում արտասուք։
Ի՞նչ քառասուն հազար աղա, ասացեք, տեսնեմ ի՞նչ է արել անիրավ Շաբաթը։
Փողերս կուլ է տալիս... հաշա է անում... ասում է պարտական չեմ։
Ի՞նչ փողեր։
Այս տարվա ֆոտոգենի փողերը, ասում է տվել եմ Խաչիին, կերավ այն անխղճմտանքը... էն, էն...
Մի փոքր միջոցից հետո եկավ բժիշկը, ես նրանից հարցրի ինչ է Աբրահամ աղայի հանկարծակի հիվանդության պատճառը։
Կաթված, պատասխանեց բժիշկը կարճ ու կտրական։
Հույս կա՞ որ առողջանա։
Հազիվ թե մինչև երեկո ապրի։
«Աստված տա, որ չապրի», ասացի մտքումս խորը հառաչելով։
ազատվել։
Մի օր Մակար աղան հրավիրեց ինձ յուր առանձնասենյակը։ Հրավիրեց եմ ասում, որովհետև այլևս ինձ ոչ ոք հրամայել չէր կարող, իմ լեզուն երկարել էր, և աղա Գուլամյանցներն այլևս չէին կարող առաջվա նման ինձ հետ վարվել ինչպես մի ստրուկի, մի տնային կենդանու հետ։
Խրիստաֆոր Սերգեյիչ, համեցեք, նստեք, դարձավ ինձ Մակար աղան, առաջարկելով ինձ աթոռ։
Տեսնու՞մ եք․ կոշկակար Սարգսի տղա «յորղա Խաչին» այժմ Խրիստաֆոր Սերգեյիչ է դառել, և գոռոզ աղա Մակար Գուլամյանցը նրան աթոռ է առաջարկում։ Դե՛հ, լվլվի՛ր, Խաչի, ինչպես ձուկը ջրի մեջ։
Ի՞նչ եք կամենում ասել, Մակար Պետրովիչ, ասացի ես համարձակորեն, «աղայի» փոխարեն Մակարի պոչին կպցնելով «Պետրովիչը»։
Ոչինչ, մի փոքր ուզում եմ քեզ հետ ժամանակ անցկացնել։ Ա՛յ տղա, Գալուստ, շուտ արա, սուրճ բեր, դարձավ նա ծառային։
Ես չհավատացի Մակար աղային, թե նա ինձ հրավիրել է լոկ ժամանակ անցկացնելու համար։ Նայելով նրա դեմքին, իսկույն հասկացա որ անշուշտ մի կարևոր գործ ունի հետս։
Ծառան երկու բաժակ սուրճ բերեց։
Համեցեք, Խրիստաֆոր Սերգեյիչ, վերցրեք ձեր բաժակը, դարձավ Մակար աղան հրամանոցս վերին աստիճանի քաղաքավարությամբ։
Որովհետև մինչև այն օրը սովոր չէի Մակար աղայի այդ տեսակ հարաբերության, ուստի խիստ խորթ թվաց ինձ նրա վարմունքը։ Ես շփոթվեցի։ Թեև այլևս ոչինչ կախումն չունեի ոչ ոքից, որովհետև արդեն ապահով էի, բայց, ինը տարի ծառայելով աղա Գուլամյանցներին, ինը տարի ուրիշների հրամանները կատարելով, ինը աարի նրանց ձեռքում հասարակ մեքենայի դեր կատարելով, ես կամա-ակամա կորցրել էի ինքնուրույնությունը, մեռցրել էի իմ սեփական զգացմունքները։
հետո Մակար աղան կամաց-կամաց խոսակցության նյութը փոխեց։
Խրիստաֆոր Սերգեյիչ, քանի՞ տարի է, որ դու մեր գործերում ծառայում ես, հարցրեց նա հանկարծ։
Անցյալ գարնան ինը տարին լրացավ, այժմ տասներորդն է, պատասխանեցի ես։
Քանի՞ տարեկան կլինեիր մեզ մոտ մտնելու ժամանակ։
Տասնևյոթ տարեկան։
Ուրեմն այժմ քսանևվեց տարեկան ես։
Տասնևյոթ, այն էլ ինը, այո, ուղիղ քսանևվեց տարեկան եմ։
Բավական մեծացել ես, աս՛աց Մակար աղան ժպտալով։
Այո՛, սկսում եմ ծերանալ։
Այժմյան ջահելները մեզանից շուտ են ծերանում, ասաց Մակար Պետրովիչը կատակով։ Բայց գիտե՞ս ինչիցն է այդ։
Ինչի՞ց է, Մակար Պետրովիչ, հարցրի ես հետաքրքրությամբ։
Նրանից, որ այժմյան ջահելները չեն պսակվում և իրենց կյանքն անց են կացնում շռայլութենով։
Պսակվողները մի՞թե չեն ծերանում։
Ծերանում են, բայց ժամանակին և ոչ թե չպսակվողների նման՝ ժամանակից քսան տարի առաջ։ Ես պսակվելիս երեսունյոթ տարեկան էի, բայց այս վեց տարում ես բավական զանազանություն եմ գտնում իմ առաջվա ու այժմյան առողջության մեջ և շատ ափսոսում եմ, որ տասը տարի առաջ չեմ պսակվել։ Ես այժմ եմ հասկանում, թե ամուսնությունն ինչքան օգտավետ է մարդուս։ Սխալված եմ համարում այն մարդուն, որը ժամանակին չի պսակվում։
Լավ կիներ, եթե ամեն՝ մարդ կարողություն ունենար ամուսնանալու, բայց չէ՞ որ շատերը իրանց չոր գլուխը չեն կարողանում պահել, ի՞նչպես կարող են ընտանիք պահել։
Ով որ ուզենա պսակվել, կարողություն էլ կգտնի։
Որտեղի՞ց կարող է գտնել։ Օրինակ, ինձ նման մարդ ի՞նչպեսմասամբ Մակար աղայի միտքը։
Քանի որ մարդ մենակ է, աստված էլ նրան մեկի ապրուստ է տալիս, բայց երբ ամուսնանում է, աստված ինքը նրա ընտանիքի հոգսն էլ է տեսնում։ Օրինակ, դու այժմ մենակ ես, նա քեզ քո ապրուստը տալիս է, բայց երբ պսակվես, քո ընտանիքի հոգսն էլ կանե։
Եթե իմանամ, որ աստված կարողություն կտա ապրելու, հենց վաղը կպսակվեմ։
Փորձիր և տես կտա թե չէ։ Արի՛, ճշմարիտ, Խրիստաֆոր Սերգեյիչ, քեզ պսակենք։ Վաղուց եմ մտածում, որ հարկավոր է քեզ պսակել և շատ ժամանակ է, որ մի լավ, սիրուն աղջիկ աչքի առջև ունիմ քեզ համար, ասաց Մակար աղան, դարձյալ ժպտալով։
Ո՞վ է այդ աղջիկը, Մակար Պետրովիչ, ես գիտեմ, որ ձեր հավանածն անպատճառ լավը կլինի, հարցրի ես, միամիտ ձևանալով։
Մի երևելի, հարուստ և ազնիվ ընտանիքի աղջիկ, որի վրա շատերն աչք ունին։
Ո՞վ է այդ ընտանիքը։
Մեր ընտանիքի նման մեկը։
Ես այս քաղաքում ձեր ընտանիքի նման ուրիշը չեմ ճանաչում։
Մակար աղան դռանը զարկեց, և նույն րոպեին իմ առջև ներկայացավ աղա Գուլամյանցների ամբողջ ընտանիքը։
Ես նկատեցի նրանց մեջ գլուխը քաշ ձգած և ամոթից կարմրած Թամարին, որի ձեռից բռնած ներս բերեց Մակար աղայի ամուսինը։
Այ քեզ այն ընտանիքը, սա էլ իմ ասած աղջիկը։ Հը՛մ, այժմ ճանաչո՞ւմ ես թե ոչ, լավ մտիկ արա, ասաց Մակար աղան, բռնելով Թամարի ձեռքից և առաջ քաշելով։
Ես ամոթից կարմրեցի և չկարողացա ոչինչ խոսել։
Ձեռ ձեռի տվեք, ես ձեզ վաղուց եմ մտքումս նշանել։
Ես անզգայաբար ձեռս մեկնեցի Թամարին։ Գործողությունն այնքան հանկարծակի եղավ, որ ես, ճշմարիտն ասած, մնացել էիշվարած։
Ի՞նչ ես սառել, այ կնիկ, Գալուստին հրամայի շամպանսկի բերի։
Անցան առաջին վայրկյանները, և ես, փոքր առ փոքր ուշքի գալով, սկսեցի ուշադրությամբ քննել իմ դրությունը։
Աստված շնորհավոր անի, բարով շուտով պսակենք, ասաց Մակար աղան, դատարկելով շամպանիայով լի բաժակը։
Ամեն, ամեն, աստված շնորհավոր անի, կրկնեց ամբողջ ընտանիքը միաբերան։
Ես իմ կողմից նշանեցի, վաղը քահանա կկանչենք, որ «պահպանիչն» ասի, բանը վերջանա, ասաց Մակար աղան մի մեծ ադամանդյա մատանի անցկացնելով իմ մատին, մյուսը Թամարի մատին։
«Յորղա Խաչի, բանդ շինվեց, բայց մի հափշտակվի՛ր, ոտդ ամուր դիր», մտածեցի ես իսկույն։
Մակար Պետրովիչ, ես արժանի չեմ այս փառքին։
Ամենից արժանավորը դու ես, ես հենց մինչև այսօր Թամարին քեզ համար եմ պահել։
Չէ՛, Մակար Պետրովիչ, ինձ նման աղքատ մարդը անարժան է ձեր նման հարուստ ընտանիքի փեսա դառնալուն։
Սո՛ւս արա, դատարկ, դատարկ մի՛ դուրս տուր, աղքատին հարստացնելը Գուլամյանցների ձեռքում մի դժվար բան չէ։ Քսանուհինգ հազար մանեթ օժիտը Թամարի գլխին է։
«Փառք աստուծո, ես էլ հենց այդ էի ուզում լսել քո բերանից», ասացի մտքումս և մատանին քաշեցի մատիս։
Պետք է ասած, որ այն օրվանից, երբ Թամարը գրավել էր ուշադրությունս, երբեք մի անգամ էլ ինձ չեմ տվել այն հարցը, թե արդյոք ինքը Թամարը կհամաձայնվի իմ ամուսինը դառնալ։ Ես այս հարցով գլուխ ցավացնելն ավելորդ էի համարում, որովհետև գիտեի, որ Թամարի կամքը ոչինչ նշանակություն չէր կարող ունենալ։ Աղա Գուլամյանցների ընտանիքում, ինչպես վերը հիշել եմ, դեռ տիրում էր ասիական բռնակալության ոգին։ Այնտեղ Թամարի համակրությունը դեպի յուր նշանածն ոչինչ
նշանակություն չէրորովհետև ես փող ունիմ, հարուստ եմ։ Իսկ հետևիցս ով ուզում է և ինչ ուզում է թող խոսե, փույթ չէ։ Առերես ես այժմ ամենից հարգվում եմ, և այսքանը բավական է։
Երեկ տեր-Վահակից նամակ ստացա, որով նախկին ուսուցիչս խնդրում էր Շ... քաղաքի կիսախարխուլ եկեղեցու համար մի զանգ բերել տալ Ռուսաստանից։ Ես պատասխանեցի, թե ուրախությամբ կկատարեմ նրա խնդիրը։ Այժմ կարող եմ և միջոց ունիմ բարեգործություններ անելու, ես Խրիստաֆոր Սերգեյիչ աղա Առուշանովս...
1883 թ․, նոյեմբեր, Թիֆլիս։