Александр Ширванзаде

Գործակատարի հիշատակարանից

II
Հայրս հենց առաջին երեկո, մեր հյուրերի ցրվելուց հետո, արդեն

գնացել էր մագազին և այնտեղ իմ մասին խոսել։

Թե ինչ պայմաններով ես պիտի ծառայեի աղա Գուլամյանցների մոտ, որքան ռոճիկ պիտի ստանայի այս ինձ չհայտնեց հայրս։ Միայն, երբ մենք հասանք մագազին, և նա ձեռս բռնելով հանձնեց Մակար ադային, այսքանը լսեցի նրա բերանից իմ մասին․

Այսահետև, Մակար աղա, էլ սա իմ որդին չէ, այլ քոնը, հանձնում եմ նրան ոտով գլխով քեզ։ Վարվի՛ր նրա հետ, ինչպես դու գիտես, միայն թե ժամանակով մարդ դառնա քո ձեռքում։

Մարդ դառնալը կախված է իրանից։ Եթե խոնարհ, ղոչաղ, խոսք լսող կլինի, իհարկե, ժամանակով մի կտոր հացի տեր կդարձնեմ, իսկ եթե չէ մեղքն յուր վզին։ Իմ ձեռքում շատերն են մարդ դառել և շատերն էլ մարդ դառնալու մոտիկ են, եթե քո որդին էլ լավ կծառայի ինձ, իմ հրամանները խոնարհությամբ կկատարի, կարող է ժամանակով նրանց նման լինել։

Աղա Գուլամյանցը այս խոսքերն արտասանեց մի այնպիսի անդորր ինքնավստահությամբ և աներկբա եղանակով, որ ես ակամա զգացի, թե կանգնած եմ մի գերբնական ուժի առջև, որը, հիրավի, եթե ուզենա, կարող է ամեն ինչ անել ինձ համար։

Հայրս գլուխ տվեց ու հեռացավ, ես մնացի մագազինում։

Մագազին ասված բանըր մի լայն և ընդարձակ խանութ էր չորս մեծ դռներով և մի քանի պատուհաններով։ Նա լիքն էր զանաղան տեսակի թանկագին և էժանագին ապրանքներով, սկսած ամենաընտիր արտասահմանյան նուրբ գործվածներից, մինչև Ռուսաստանի ամենահասարակ կտորները։ Դեռ մինչև այն օրը կյանքումս տեսած չլինելով այդչափ հարստություն միատեղ, ես բերանս բաց, շվարածի նման, նայում էի այս ու այն կողմ, ինչպես մի գյուղական մանուկ, որ առաջին անգամ մտնելով քաղաք, աչքերը ճըլզած չգիտե բարձրաշեն տներից ո՛ր մեկի վրա դադարեցնե յուր ուշադրությունը։ Բայց ամենից

ավելի գրավեցին իմ ուշադրությունը զաստոյկայի վրա շարած ապակյա պահարանների մեջ կանոնավոր կերպով դասավորված զանաղան տեսակի ոսկեղենները
և թանկագին քարեղենները, որոնց գրավիչ փայլը, կարծես մի տեսակ կախարդական զորութենով, կաշկանդում էր իմ ուշքն ու միտքը։

Առաջին անգամ այստեղ գրգռվեցին իմ մեջ շահասիրական զգացումներ, և ես սկսեցի հոգով նախանձել աղա Գուլամյանցներին, որոնց բախտը պարգևել էր այդչափ հարստություն։ «Ախ, եթե իմը լիներ այդ հարստությունը, սկսեցի մտածել ինքս ինձ, նայելով ագահ աչքերով թանկագին իրեղեններով լի պահարանների վրա, որքա՛ն բախտավոր կարող էի լինել ես։ Գոնե միայն այսքան ոսկեղենների կեսն ունենայի, ինչեր չէի կարող անել նրանցով։ Ամենից առաջ ձեռք կբերեի մի քանի ձեռք լավ հագուստներ թե՛ ինձ համար և թե՛ մեր տնեցիների համար։ Կարող էի մինչև անգամ խանութ բաց անել և ինքս էլ վաճառական դառնալ, տարեկան մի անգամ ուրիշների պես Ռուսաստան գնալ, լավ լավ քաղաքներ տեսնել։

Մինչդեռ այս մտածմունքների մեջ իմ պատանեկական երևակայության մեջ կառուցանում էի շքեղ օդային ամրոցներ, հանկարծ մեկը շլնքիս ապտակ տվեց։ Հետ նայեցի, տեսնեմ Մակար աղան է։

Ի՞նչ ես հայվանի պես ռեխդ ծռել ու նայում, արի այստեղ։

Այս ասելով, նա կոպտությամբ բռնեց թևիցս և քաշեց զաստոյկի ներսի կողմը, ուր շարված էին մի քանի գործակատարներ մաքուր հագնված։

Գրիգոր, այս տղան այսօրվանից մտել է ինձ մոտ ծառայելու։ Լավ մտիկ արա սրան, տե՛ս, մագազինում ինչ նրա անելու գործ կա, հանձնիր, որ կատարի։ Կարդալ գրել գիտե, կարող է հաշիվներ արտագրել, բայց առայժմ հարկավոր չէ նրան այսպիսի գործեր հանձնել, թող մի քանի ժամանակ ուրիշ բաներով պարապի, մինչև որ տեսնենք ինչ պտուղ է։

Աղա Գուլամյանցն այս ասում էր գործակատարներից մեկին, մի կարճահասակ, 22 24 տարեկան երիտասարդի։

Մագազինի առջև, մայթի վրա գործակատարներից մի քանիսը զբաղված էին Ռուսաստանից նոր ստացված ապրանքների հակերը

բանալով։ Գրիգորն ինձ պատվիրեց մի ուրիշ փոքրիկ տղայի
հետ որը, ինչպես երևում էր, մագազինում մանր գործեր էր

կատարում բացված կտորները ներս բերել և հավաքել մագազինի մի անկյունում։ Ես մի կողմ ձգեցի գդակս և սկսեցի կատարել այս առաջին պատվերը։ Որպեսզի իմ ղոչաղությունը ցույց տամ Մակար աղային, որն այդ ժամանակ մտիկ էր անում ապրանքներին, սկսեցի որքան կարող էի եռանդով գործել։ Մինչդեռ ինձ հետ կրող մյուս տղան ամեն անգամ վերցնում էր երկու կամ երեք կտոր ապրանք ես աշխատում էի երկու անգամ նրանից ավելի բարձրացնել և երկու անգամ արագ վազել։ Ես կարծում էի, թե շուտով Մակար աղայի բերանից կլսեմ մի գովասանական խոսք իմ աշխատասիրության մասին, բայց սխալվեցի։ Մակար աղան ոչ միայն ինձ չգովեց, այլ մինչև անգամ ուշադրություն էլ չէր դարձնում ինձ վրա։ Ես, մտաբերելով մանրավաճառ Թորոսի խրատը, թե «համբերիր», չվհատվեցի և շարունակեցի ավելի ու ավելի եռանդով գործել։

Կեսօրվա ժամանակ էր։ Չնայելով, որ եղանակը գարնանային էր, շոգն ուղղակի անտանելի էր։ Քրտինքը շատ վազվզելուց, սկսեց երեսովս աղբյուրի նման թափվել։ Ջեռներս, որ մինչև այն օրը սովորած չէին երկար աշխատության, շատ ապրանք կրելուց բոլորովին թուլացան, ոտներս շատ գնալ ու գալուց հոգնեցին և ծալծլվում էին։ Բայց ես ուշադրություն չէի դարձնում և որքան կարելի էր աշխատում էի մինչև վերջը քաջությամբ կատարել ինձ հանձնված գործը։ Առաջին օրն էր, հարկավոր էր աշխատասիրություն ցույց տալ։

Վերջապես, ապրանքները վերջացան։ Ես Գրիգորի պատվերով կանացի զգուշությամբ հավաքելով հակերից մնացած թոկերի կտորտանքը, փսիաթները մի կողմ դնելով և ավլելով մագազինի առաջը, ձեռներս ու երեսս լվացի ու իմ տեղը կանգնեցի։

Մագազինում գործակատարներից յուրաքանչյուրն ուներ յուր որոշ տեղը։ Գրիգորը, ինչպես ավագ գործակատար, բռնած ուներ ամենաառաջին տեղը, այն է դրամարկղի մոտ։ Նա աղա Գուլամյանցների խանութի

գանձապահն էր։ Նա էր ստանում փողը մուշտարիներից և նշանակում հաշվեմատյաններում, նույնպես նրա ձեռքին էր մագազինի բոլոր ծախքը։ Գրիգորից հեռու աստիճանաբար
կանգնած էին մնացյալ գործակատարները թվով չորս հոգի,

մեկը ոսկեղենների մոտ, մյուսը մի քանի քայլ հեռու սրանից, մանուֆակտուրայի ապրանքների թանկագին կտորների մոտ, երրորդն ու չորրորդը համեմատաբար էժանագին ապրանքների կողմ։ Աղա Մակարն ինձ հրամայեց տեղ բռնել սրանց բոլորի վերջում և պատվիրեց ամենավերջին գործակատարին, որ ինձ սովորեցնե առուտուրի եղանակը, այսինքն՝ մուշտարիների հետ խոսելու և վարվելու ձևը, չիթ կամ ուրիշ կտորներ չափելու արվեստը և այլն։

Ինչ վերաբերում է այն պատանուն, որն ինձ հետ միասին դրսից ներս ապրանք էր կրում, կանգնած էր զաստոյկայից դուրս դեպի դռան կողմը։ «Ուրեմն մի բան տեսել է իմ մեջ Մակար աղան, որ հենց առաջին օրն ինձ իրավունք է տալիս մտնել զաստոյկայի ներսը» մտածեցի ես։ Ես նկատեցի դռան մոտ կանգնող պատանու դեմքի վրա դժգոհության ժպիտ և իսկույն հասկացա, որ նա ինձ նախանձում է։

Իրիկնադեմին աղա Գուլամյանցը, վերադառնալով շուկայից, հրամայեց մագազինը կողպել։ Գործակատարները կատվի արագությամբ կատարեցին նրա հրամանը, և մի րոպեում բոլորս դրսում շարվեցինք նրա շուրջը։ Ես ամեն կերպ աշխատում էի աղա Գուլամյանցի աչքին երևալ, նրա ուշադրությունն ինձ վրա դարձնել։ Մի քանի պատվերներ տալով, նա արձակեց բոլորին, ինձ հրամայեց յուր հետ տուն գնալ։

Օրը դեռ այնքան չէր մթնել։ Ցերեկվա շոգից հետո երեկոյան զովարար օդը թափանցելով իմ թոքերի մեջ, կարծես, մի տեսակ դուրեկան և թմրեցուցիչ հեղուկ էր տարածում հոգնածությունից թուլացած նյարդերիս մեջ։ Ես գնում էի աղա Գուլամյանցի հետևից, ի նշան խոնարհության, մի քանի քայլ հեռու պահելով ինձ նրանից։ Ոտներս հազիվհազ էի առաջ շարժում ամբողջ օրն ոտքի վրա անցկացնելուց հետո։ Ժամանակ առ ժամանակ աղա Գուլամյանցը յուր գլուխը բարձրացնելով և երեսը շուռ տալով, հետ էր մտիկ տալիս։ Մեր անցած փողոցը քաղաքի գլխավոր շուկան էր, որին տեղացիները անվանում էին Գուրջի-բազար։ Այստեղ

տիրում էր սաստիկ աղմուկ և դղրդոց։ Մրգավաճառ
թուրք խանութպանները, որն անկանոն կերպով պաշարել

էին խանութների առաջը զանաղան տեսակ մրգեղեններով, իրանց երկարաձիգ արխալուղների փեշերը դեպի հետ ծալած, թևերը հավաքած մինչև արմունկները, կիսավայրենի ձայներով գոռում ու բղավում էին, հրավիրելով անցորդներին էժան գներով գնել թարմ մրգեղեններ։

Եկե՛ք, ա՛յ անցնող աղաներ, էժան եմ ծախում Ախսուի թարմ սալորը, գրվանքան երկու կոպեկ, գրվանքան երկու կոպեկ, լսվում էր մի կողմից։

Այստեղ եկեք, ինձ մոտ վազեք, ա՛յ էժանագին ապրանք սիրող աղքատներ, հասած թութ, համեղ թութ, հինգ գրվանքան երկու կոպեկով եմ ծախում, եկեք, թառաշ արեք, այ խելք ունեցող աղքատներ, գոռում էր մյուսը։

Թութ ծախողի գոռոցն անհետևանք չմնաց։ Ես նկատեցի, որ փայտի վրա հենվելով մոտենում էր նրան մի միջահասակ մարդ, որի բոլորովին ճերմակած մազերն և դանդաղ քայլափոխությունը հաստատում էին, որ ահա այսօր-վաղը նա կմտնի գերեզման։ Ծերունու երկայն և դեպի ցած բուսած բեղերը, խառնվելով բամբակագույն միրուքի հետ, բոլորովին ծածկել էին նրա ատամնազուրկ բերանը։ Նրա դեմքը գունատ էր ինչպես անշունչ դիակի կերպարանքը, աչքերը պշկած էին և խորը փոսերի մեջ թաղված։ Ես նկատեցի այդ մարդու կերպարանքի վրա մի տեսակ մռայլ ժպիտ․ մի ժպիտ, որ բացի ծերունական դառն կյանքի ծանրութենից, արտահայտում էր և մի ուրիշ անբացատրելի վիշտ։ Ես վերջերում շատ անգամ եմ առիթ ունեցել այդ տեսակ ժպիտներ նկատել միայն այն մարդկանց դեմքերի վրա, որոնք իրանց կրծքի տակ թաքցրած ունին անզոր ոխ կյանքի դեմ։ Որոնք տարիների ընթացքում տանջվում, հալվում են այդ ցավերի ճնշման ներքո, չունենալով հնար, գեթ երբեմն թեթևացնել իրանց կուրծքը, դուրս թափելով նրանց՝ լեզվի արտահայտությամբ։

Ծերունին գալիս էր մեր աջ կողմից և, որպեսզի մրգավաճառ թուրքին մոտենար, հարկադրված էր անցնել ուղիղ աղա Գուլամյանցի առջևով, որը գնում էր, ինչպես ասացի, ինձանից

մի քանի քայլ առաջ։ Ծերունին մոտեցավ։ Աղա Գուլամյանցը,
նկատելով նրան, երեսը շուռ տվեց հակառակ կողմ և ճանապարհից

քիչ շեղվեց, կարծես կամենալով, որ ծերունին իրան չնկատե։ Ես նրա դեմքի վրա, երեսը շուռ տալու Ժամանակ, նկատեցի մի անախորժ ժպիտ։ Պարզ էր, որ նա խույս էր տալիս ծերունուց, որն այդ ժամանակ մի խորը, թափանցող հայացք ձգեց նրա վրա։

Մենք մի քանի վայրկյանում առաջ անցանք, իսկ ծերունին հետ մնալով շարունակում էր մրգավաճառի առջև կանգնած նայել մեր հետևից, երբեմն շարժելով յուր դողդոջուն գլուխն անբավական ձևով։ Մենք հեռացանք․ ծերունին յուր հնամաշ արխալուղի գրպանից հանեց մի մեծ թաշկինակ և սփռեց գետնի վրա։ Մրգավաճառը, կշռի թևը լցնելով թութով, կշռեց և շուռ տվեց թաշկինակի մեջ։

Ինձ սկսեց ակամա հետաքրքրել ծերունու աղա Գուլամյանցի վրա ձգած խորհրդավոր հայացքը։ Ես մտածեցի, որ նրանց մեջ անշուշտ մի որևիցե գաղտնիք կա։

Փողոցի ծայրում գտնվում էր հայոց եկեղեցին։ Ես առաջուց գիտեի, որ աղա Գուլամյանցը խիստ աստվածապաշտ և եկեղեցասեր քրիստոնյա է համարվում մեր քաղաքում և, լսելով զանգահարության ձայնը, գիտեի, որ անշուշտ կմտնի եկեղեցի։

Եկեղեցու դռանը մենք հանդիպեցինք տեր-Վահակին, որը շրջապատված մի քանի տիրացուներով ու բարեպաշտ ծերունիներով, ինչ-որ բանի մասին տաքացած խոսում էր։

Օրհնյա տեր, ասաց Գուլամյանցը, ձեռները պարսկական ձևով դնելով կրծքին։

Աստված օրհնի, աղա Մակար, պատասխանեց քահանան, խաղացնելով յուր դեմքի վրա մի կեղծ ժպիտ և մոտենալով մեզ։

Հըմ, շո՞ւտ կօրհնես ժամը, թե՞ չէ։

Հենց ձեր հրամանոցն էի սպասում, աղա Մակար, այս րոպեիս կսկսեմ։ Ա՛յ տղա, Խաչի, այդ ի՞նչ է, չլինի թե Մակար աղայի մոտ ես մտել ծառայելու, հարցրեց ինձ տեր-Վահակը։

Այո՛, պատասխանեցի ես։

Շատ լավ ես արել, խոնարհ և հնաղանդ եղիր, լավ ծառայիր։
Մակար աղան շատ ազնիվ աղա է, նա կարող է քեզ

ժամանակով մարդ դարձնել։ Վատ տղա չէ Խաչին, դարձավ տերտերը Մակար աղային, ղոչաղ ու խելոք է, միայն երբեմն ականջները հարկավոր է քաշել, որ մեծերի խրատը չմոռանա։

Այդ թողնենք, տեր-հայր, ես քեզ հետ հարկավոր գործ ունիմ, նրա մասին խոսենք, դարձավ հանկարծ աղան տեր-Վահակին ու, թևից բռնելով, տարեց նրան մի կողմ։

Ես քաշվեցի մի կողմ․ նրանք սկսեցին խոսել։

Երբեմն նրանց խոսակցութենից իմ ականջին հասնում էին հատուկտուր դարձվածներ կամ ընդմիջյալ խոսքեր, օրինակ, «աղջիկը չի ուզում, թարսվել է» կամ «քսան հատ կանաչ կարմիրանոց» և այլն։

Վերջապես, նրանք ավարտեցին խոսակցությունը, և մի քանի րոպեից հետո ժամասացությունն արդեն սկսված էր։ Աղա Գուլամյանցն ամենից առաջ սեղանի հանդեպ կանգնած ջերմեռանդությամբ ծունր էր դնում ու աղոթում․ Ես ևս սկսեցի աղոթել, նախ և առաջ կրկնելով մի անգամ տերունական աղոթքը, «Հայր մերը», նույն եղանակով, ինչպես ուսումնարանում սովորեցրել էր ինձ տեր-Վահակը։

Ճշմարիտն ասած, ես չբավականացա միայն այդ պաշտոնական «Հայր մերով»․ ինձ թվում էր, որ նրանով աստծուց շատ քիշ բան է խնդրվում առհասարակ։ Ես կարծում էի, եթե բոլորն ինչ որ ասված է այս աղոթքի մեջ, աստված կատարի ես մի շատ էլ մեծ մարդ չեմ դառնալ, իսկ ես ուղում էի, ինչպես և այժմ էլ ուզում եմ, մեծ մարդ դառնալ։ Օրինակ, նրա մեջ ասված է․ «Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր»։ Մի՞թե այս մի մեծ բան է, մտածում էի ես, եթե աստված ամեն օր կերակրե ինձ այնպես, ինչպես մինչև այսօր է կերակրել։ Չէ, հարկավոր է ուրիշ բաներ էլ խնդրել աստծուց, միևնույնն է խնդրում եմ, ավելի լավ է շատ բաներ կխնդրեմ, կկատարվի խնդիրս լավ, չի կատարվի խոմ ինձանից մի բան չի պակսիլ»։ Եվ ես սկսեցի հազար տեսակ բաներ մուրալ աստծուց, ձեռներս պարզերով և աչքերս համեստությամբ բարձրացնելով դեպի վեր։

Աոաջին իմ բաղձանքն էր, որ աստված ինձ այնքան շնորհ
տա, որ ես աղա Մակարի աչքում սիրելի դառնամ, օրեցօր նրա

մոտ առաջանամ, հասնեմ Գրիգորի աստիճանին, այսինքն՝ մինչև մագազինի դրամարկղը։ Այնուհետև, ավելի ու ավելի առաջանալով, վերջապես, ինքս էլ մի օր աղա Գուլամյանց դառնամ, նրա նման հարստություն դիզեմ, փառավոր տներ շինել տամ, կառքեր, ծառաներ, գործակատարներ պահեմ և, վերջապես, մեր քաղաքի մեջ աղա Գուլամյանցի պես ամենքի համար նախանձի առարկա լինիմ։ Այս տեսակ և հազար ու մի ուրիշ բաներ էի խնդրում աստծուց, վերջումն էլ խոստանում էի, որ եկեղեցի շինել կտամ, եթե նա իմ աղոթքը կատարի, երբ պատահմամբ, երեսս դեպի աջ շուռ տալով, տեսնեմ մի ծերունի եկեղեցու սանդուղքով դժվարությամբ ցած է իջնում։ Ես իսկույն ճանաչեցի դա այն ծերունին էր, որին պատահել էինք մի փոքր առաջ շուկայում։ Իջնելով եկեղեցու հատակը, ծերունին երեք անգամ համբուրեց դռան մոտի առաջին սյունը և, զգուշությամբ փայտը դնելով պատի մոտ, բուխարայի մորթուց կարած երկայն ու սրածայր գդակը ձեռքին, գնաց եկեղեցու մեջտեղը։ Ես մոռացա իմ աղոթքը և նայում էի ծերունուն։ Մի բան, կարծես, քաշում էր իմ հայացքը դեպի նա։

Վաղեմի տաճարի հնամաշ և մրոտած սյուները, վերևից գրկելով իրարու, տարածել էին եկեղեցու պատառոտված փսիաթներով ծածկված խոնավ հատակի վրա իրանց մութ շվաքը։ Իսկ պատուհաններից զուրկ, մաշված պատերը մռայլ և տխուր կերպարանք էին ստացել։ Նայելով ծերունու թառամած ու գունատ երեսին և կնճռոտված ճակատին, ինձ թվում էր, որ նրա հոգեկան տրամադրությունը բոլորովին համապատասխանում էր եկեղեցու մռայլ տեսքին։ Մոտենալով մեջտեղի սյուներից մեկին, նա գդակը, կարծես անզգայաբար, ձգեց հատակի վրա և երկու դողդոջուն ձեռները բարձրացնելով դեպի վեր, սկսեց աղոթել։ Նա կանգնած էր աղա Գուլամյանցից ոչ այնքան հեռու, հետևի կողմում, այնպես որ, եթե աղան երեսը հետ դարձներ, հայացքը պիտի ընկներ ուղղակի ծերունու դեմքին։ Մի քանի րոպե ծերունին, երեսը դեպի վեր բարձրացրած, աղոթում էր, անշարժ արձանի նման, ժամանակ-ժամանակ յուր ցամաքած շրթունքները դողդողացնելով։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Գործակատարի հիշատակարանից"

Ятук Музыка
Сирень
Тигран Амасян

Сирень

Сыновья не вернулись. 1968 год
Сыновья не вернулись. 1968 год
Играть онлайн