Александр Ширванзаде

Արամբին

VIII

Չարչարանքի շաբաթն էր։ Քաղաքի ամբողջ բնակչությունը զբաղված էր քրիստոնեական նշանավոր տոների նախապատրաստությամբ։

Մինաս Կիրիլլիչը երկուշաբթի օրից սկսած, ամեն առավոտ թեյ խմելու ժամանակ, հարցնում էր․

Վարվառե, ամենքը պատրաստվում են՝ ուրախ զատիկ վայելելու, մենք չպի՞տի ուրախանանք։

Բայց տոների մերձավորությունը, կարծես, բնավ չէր շարժում Վարվառեի սիրտը։ Նա միշտ յուր հոր հարցին տալիս էր միևնույն պատասխանը․

Պապա, ինձ համար ոչինչ պատրաստություն հարկավոր չէ, ինչ կամենում եք, արեք։

Իսկ ես ուզում եմ, որ դու էլ, ամենքի պես, ուրախանաս այդ օրերը։

Դուստրը, պարզ հասկանալով հոր խոսքերի ներքին իմաստը, մի խորին հառաչանք էր արձակում կրծքից ու լռում։

Այնինչ՝ Մինաս Կիրիլլիչը, ընդհանուր հոսանքից մղվելով, ցանկանում էր զատիկը դիմավորել ուրախ սրտով։ Նա ամեն օր դուրս էր գալիս և տեսնում էր, որ ամենքը շարժման մեջ են։ Փողոցներում տիրում էր անսովոր կենդանություն, շուկաներում խռնվում էր գնողների և վաճառողների ահագին բազմություն։ Եվ ի՞նչպես նա ջերմ սրտով չցանկանար խառնվել ամբոխին, մասնակցել ընդհանուրի ուրախությանը, քրիստոնեական տոնը հանդիպել իբրև քրիստոնյա, այնպես, որպես մի ժամանակ նա հանդիպում էր Մոզդոկում և Մոսկվայում։

Բայց ի՞նչպես տոնել և ո՞ւմ հետ, քանի որ նրա տան միակ կենդանությունը, նրա կյանքի միակ մխիթարությունն անտարբեր է դեպի ընդհանուրի ուրախությունն ու տրտմությունը։

Ամեն կողմից Մինաս Կիրիլլիչը դժբախտ էր զգում իրան այն օրից, երբ Վարվառեն բաժանվել էր ամուսնուց, բայց երբեք այդ դժբախտության լուծն այնքան ծանրացած չէր նրա վրա։ Մարդկանց ուրախությունն ավելի դառնացնում էր նրա սիրտը։ Բոլոր քրիստոնյաների մեջ նա զգում էր, որ միայն ինքն և Վարվառեն կազմում են բացառիկ ու անջատված մի մարմին և ոչինչ կապ չունին հասարակական ամբողջության հետ։

Հոգեկան այս տրամադրության մեջ նա մի տարօրինակ մխիթարություն էր զգում, երբ դրսում տեսնում էր զանազան թշվառ և մուրացիկ արարածներ։ Իսկ այդպիսիների թիվը, տոների պատճառով, փողոցներում օրեցօր ավելանում էր, մանավանդ Գալավինսկի պրոսպեկտի վրա, ուր ամեն օր զբոսնում էր ծերունին։

Եվ ի՜նչ տեսակ խեղճեր, խեղանդամներ էին սփռված այդտեղ։ Ահա՛ մեկը, զուրկ երկու թևերից, փայտի պես ցցվում է սրա ու նրա առջև։ Ահա՛ մյուսը, առանց ոտների։ Խեղճության զարմանալի հնարագիտությո՜ւն։ Անդամալույծ արարածը, երկուսի
փոխարեն, ութ հատ երկաթյա ոտներ է շինել չորս-չորս յուրաքանչյուր կունտ ծնկան տակ և, երկու ձեռներում մի-մի փայտ բռնած, շրջում է տասն ոտներով։ Նա, կարծես, բավական է համարում յուր ծանր դժբախտությունը, որպեսզի շարժի անցորդների գութը, նա ոչ ոքի առջև չի աղերսում, լուռ անցնում է ընդարձակ մայթով, և ողորմած մարդիկ իրանց սև լուման ձգում են նրա ափի մեջ։

Բայց ահա՛ մի ավելի դժբախտը։ Մի փոքրիկ սայլակի վրա, ցնցոտիների մեջ, գտնվում է ինչ-որ սև, կեղտոտ բան։ Դա մարդ է․ երևում են միայն ծերունական նիհար, կաշին կուչ-կուչված մի դեմք և երկու կիսամար աչքեր։ Առջևից սայլակը քաշում է մի առողջ պատանի, իսկ հետևից մղում է մի ավելի առողջ երիտասարդ։ Երկու մարդ տանում են երրորդին, որ չորրորդից ողորմություն մուրան։ Մեկն անդամալույծ ծերունի է, և նրա անօգուտ գոյությունը դիմավորում է երկու զույգ առողջ ձեռների ծուլությունը։ Մոտենում է նրանց մի երիտասարդ մուրացկան, կարմիր երեսով, մի ոտն առողջ, մյուսը գոսացած, մերկ, վարդագույն։ Նա հանդիմանում է սայլակը քշողներին, հայհոյում է նրանց «ծուլությունը», փախցնում է ճանապարհից և ինքը, ոստոստալով, ցցվում է ողորմած անցորդի առջև։

Մինաս Կիրիլլիչն ոչ ոքի չէր մերժում․ նա ինքը մոտենում է և յուրաքանչյուրի ափի մեջ մի-մի սպիտակ դրամ դնում։ Թշվառների գոհունակ դեմքը մի րոպեական մխիթարություն է շնորհում նրա վշտացած սրտին։ Բայց անցնում է րոպեն, և նրան դարձյալ տիրում է սովորական տխրությունը։

Ա՜խ, որքա՛ն նա բախտավոր կլիներ, եթե Վարվառեն լիներ երջանիկ ամուսին։ Սակայն ո՞վ է մեղավորը, որ նա այժմ դժբախտ է։

Այս հարցն ինքն իրան տալիս, Մինաս Կիրիլլիչը միշտ զգում էր խղճի մի սարսափելի խայթոց։ Որքան Միզանդրոնցովի արարքը գարշելի էր նրա աչքում ամուսնական անկողնի մաքրության վերաբերությամբ և որքան Վարվառեն ատում էր այդ թշվառ մարդուն, նույնքան Մինաս Կիրիլլիչի խիղճն ավելի էր տանջվում։

Մեղավորն ես եմ, ասում էր նա ինքն իրան։ Եթե ես
չստիպեի, Վարվառեն բնավ չէր գնալ նրան։ Նա չէր սիրում Միզանդրոնցովին, այս հայտնի էր ինձ։

Բայց Մինաս Կիրիլլիչը, հուսալով, որ ամուսնական կյանքը վերջ ի վերջո նրանց հարաբերությունների մեջ կմտցնի եթե ոչ սեր, գոնե հարգանք և, հափշտակված Միզանդրոնցովի ապագա հարստությունով ու հասարակական դիրքով, սիրտ արավ յուր անմեղ և միակ դստեր բախտը հանձնել նրա ձեռքը։

Գիշեր ու ցերեկ այս միտքը հետևում էր Մինաս Կիրիլլիչին։ Վարվառեի տխուր կերպարանքը մի կենդանի հանդիմանություն էր նրա ծնողային սխալ ինքնասիրությանը։

Ես շտապեցի, շատ շտապեցի, կրկնում էր նա հաճախ իր մտքում, խորին վշտակցությամբ նայելով Վարվառեի երեսին։

Բայց անցյալը վերադարձնել անհնարին էր, մնում էր մտածել ներկայի մասին։ Ի՞նչ պիտի անել ներկայում։ Նա գիտեր, որ Վարվառեն մի տարվա բացակայությունից հետո, դարձյալ ատում է Միզանդրոնցովին։ Սակայն, այնուամենայնիվ, հույս ուներ հաշտեցնել այս երկու ծայրահեղությունները և թե՛ Վարվառեի, թե յուր անունն ազատել չար լեզուների բամբասանքից մի հանգամանք, որ նրան տանջում էր ավելի, քան աղջկա դժրախտությունը։

Այս պատճառով, Մոսկվայից հեռանալուց հետո, նա Մոզդոկից նամակ գրեց Միզանդրոնցովին, խնդրելով, որ սա թողնի յուր թշվառ սովորությունները և հաշտվի օրինական կնոջ հետ։ Երկու ամիս անցած միայն ստացավ յուր նամակի պատասխանն, ուր անարգ ամուսինն երդվում էր, թե միշտ սիրել է Վարվառեին, իսկ այժմ կրկնապատիկ է սիրում, թե պատրաստ է դարձյալ հաշտվել, եթե միայն Վարվառեն արժանի կհամարի հաշտվել։ Երկրորդ նամակով Մինաս Կիրիլլիչը հուսադրեց նրան, թե Վարվառեն փոքր առ վաքր մեղմանում է, թեև վերջինի կողմից այդ չէր նշմարվում։

Եվ ահա այս վերջին նամակի պատասխանն էր, որ Մինաս Կիրիլլիչն այն օրն առաջարկում էր Վարվառեին կարդալ։ Այդ անցքից հետո Մինաս Կիրիլլիչն երկար մտածում էր, թե ինչ պատասխանի Միզանդրոնցովին։ Նա յուր փեսայի զղջմանն այս անգամ անպայման հավատում էր։ Այս էր պատճառը, որ նա այն
քանի օրերը մտախոհ էր և չէր խոսում աղջկա հետ։ Վերջապես, վճռեց դիմել վերջին միջոցին։ Գրեց Միզանդրոնցովին, թե Վարվառեն համաձայն է հաշտվել և խնդրեց, որ անպատճառ ինքը գա։ Նա հույս ուներ, որ ամուսնու ներկայությունն և անձամբ ներում խնդրելը կարող է մեղմացնել Վարվառեին ավելի շուտ, քան հեռվից հեռու։ Եվ ժամ առ ժամ սպասում էր յուր փեսայի գալստյանը ․․․

Զատկի առաջին երկու օրերն անցան։ Վարվառեն տնից դուրս չեկավ այդ օրերը։ Իսկ Մինաս Կիրիլլիչն ավելի հաճախ էր զբոսնում դրսում։ Առաջին օրը նա գնաց Նատալիա Պետրովնայի մոտ զատիկը շնորհավորելու և վերադարձավ, հետը բերելով այրիին և Ռոստամյանին։ Վերջինը շատ երկար չմնաց, շնորհավորեց Վարվառեին, փոքր ինչ նստեց և դուրս գնաց։ Նա երևում էր մի տեսակ տենդային շփոթության մեջ և ավելի գունատ, քան երբևիցե եղել էր։ Իսկ այրին բավական երկար նստեց և սկսեց խոսել տոների առթիվ, թե ինչպես են թիֆլիսեցիները զատիկն անցկացնում, ինչ են ուտում, ուր են գնում և այլն, և այլն։ Ի միջի այլոց, նա խոսեց և «մեռելոցի» մասին։ Մինաս Կիրիլլիչը դարձյալ հիշեց յուր անցյալն, յուր հանգուցյալ ամուսնուն, վաղաթառամ զավակներին։ Չէ՞ որ ամեն տարի, զատկի երկրորդ կամ երրորդ օրը, նա ճշտությամբ օրհնել էր տալիս նրանց գերեզմանները։ Իսկ այժմ նա գտնվում է պանդխտության մեջ, հեռու այդ թանկագին գերեզմաններից։

Ո՞ր գերեզմանատանն է շատ ժողովուրդ լինում, հարցրեց Նատալիա Պետրովնայից։

Խոջիվանքի գերեզմանատանը, պատասխանեց այրին։

Ծերունու մեջ ցանկություն հղացավ` գնալ գերեզմանատուն։ Երեքշաբթի առավոտը նա առաջարկեց Վարվառեին եթե կամենում է, միասին գնան։

Վարվառեն մերժեց։ Մինաս Կիրիլլիչը հակառակ յուր սովորության, չթախանձեց նրան։ Մի թեթև նախաճաշիկից հետո, նա ուղևորվեց դեսլի Խոջիվանք։

Վարվառեն մնաց միայնակ։

Օրը պարզ էր և բավական շոգ։ Ապրիլի սկիզբն էր․ ծառերը,
դաշտերն արդեն կանաչել էին։ Քաղաքի այգիները մի գեղեցիկ, խայտաբղետ տեսարան էին ներկայացնում։ Սոսիներն ու կաղամախները փոքրիկ դեղնա-կանաչագույն տերևներ էին արձակել, իսկ պտղատու ծառերից շատերը զարդարվել էին սպիտակ և վարդագույն ծաղիկներով։

Վարվառեն յուր լուսամուտից մի հայացք ձգեց հրապուրիչ գարնանային տեսարանի վրա և հառաչեց։ Սի այլ ժամանակ այդ օրն, այդ եղանակն և հոր գերեզմանատուն գնալը նրա մեջ կզարթնեցնեին անցյալի հիշատակներ։ Նա կմտաբերեր յուր մանկությունն, երբ հայրն ամեն տարվա զատկին յուր հետ տանում էր նրան գերեզմանատուն, ցույց էր տալիս մոր, քույրերի և եղբայրների գերեզմանները։

Ահա՛, այստեղ թաղված է, սիրելի Վարիա, քո եղբայր Սրաֆիոնը․․․ կհիշեր նա հոր խոսքերը․․․ վեց տարին չէր լրացել, բայց տեսնողը կարծում էր, թե տասը տարեկան է․․․ խելոք, գեղեցիկ։ Այս փոքրիկ Ռոզայի գերեզմանն է․ ա՜խ, մայրդ ի՜նչքան սիրում էր նրան։ Ահա՛, այստեղ թաղված է Լիզան։ Լիզայի աչքունքը սև էին, մազերը խիստ երկայն, բոլոր դրացիները սիրում էին նրան։ Այդ մեկը Սաշայի քարն է․ համբուրի՛ր, Վարիա, համբուրի՛ր, քո եղբոր գերեզմանն է․․․ Այն էլ Սիրունիկն է․․․ Տեր Գրիգորը տվեց նրան այս անունը, օրհնեց և ասաց, «թող աստված սրան երկար կյանք տա»։ Բայց աստված նրան էլ չպահեց։ Այս կո՛ղմ եկ, այս կո՛ղմ եկ, դա Սոնիան է, դեռ քար չեմ գցել տվել, փոքրիկ էր, շատ փոքրիկ․․․ Վարինկա, քաղի՛ր այն սպիտակ ծաղիկը․․․ Այստե՛ղ եկ, այս մեծը տեսնո՞ւմ ես․․․ ճանաչո՞ւմ ես, Վարինկա․․․ Դա նա է, քո․․․

Հոր ձայնն այստեղ ընդհատվում էր, խուլ հեկեկանքը չէր թույլ տալիս նրան շարունակել։ Իսկ մանկահասակ Վարվառեն վազվզում էր շիրիմների շուրջը, համբուրում էր, ծաղիկներ էր քաղում, չնկատելով հոր արցունքն յուր թանկագին զավակների և անբախտ ամուսնու մասին։

Ո՛չ, այդ չէր հիշում Վարվառեն այս անգամ, նրա միտքն ուղղված էր դեպի ա՛յլ կողմ, նրա սիրտն ուժգին ալեկոծվում էր ա՛յլ զգացմունքներով։

Ի՞նչ անեմ, տեր աստված, ի՛նչ անեմ, շշնջում էին նրա շրթունքներն անդադար, և նա երկու ձեռներով մերթ սեղմում էր ճակատը, մերթ ծածկում էր երեսը։

Արդեն նվագահանդեսի երեկոյից հետո, անթիվ անգամ նա այս հարցը կրկնել էր ինքն իրան։ Մթնում էին նրա մտքերը, շփոթվում էին զգացմունքները, պղտորվում էր սովորական առողջ և խելացի դատողությունն, երբ նրա առջև պատկերանում էր Ռոստամյանը։ Իսկ Ռոստամյանը պատկերանում էր նրա աչքերի առջև առավոտ երեկո, ամեն ժամ, ամեն րոպե, ավելի քայլ առ քայլ հետևում էր նրան, ցերեկը խլում էր նրա հանգստությունը, գիշերը բորբոքում էր արյունր։ Քնից առաջ Վարվառեն ամբողջ ժամերով շրջում էր յուր սենյակում մի հասարակ ներքնազգեստով։ Ստեպ-ստեպ նա մոտենում էր, բաց էր անում դեպի գավիթ նայող լուսամուտի փեղկերը։ Դիմացի լուսամուտի ապակիների վրա րոպե առ րոպե նկարվում էր Ռոստամյանի ստվերը, մերթ երևում էր նա ինքը շեմքի վրա, մերթ դրսում, արմունկները հենած պատշգամբի ճաղերին։

Այժմ Վարվառեի համար պարզ էր, թե ինչու նա այդպես հաճախ դուրս է գալիս պատշգամբ։ Նատալիա Պետրովնան գրեթե ամեն օր այցելում էր յուր կենողներին։ Վարվառեն տակավին զգուշությամբ էր վարվում տանտիրուհու հետ․ նա չէր խոսում Ռոստամյանի մասին։ Տանտիրուհին ինքը պատմում էր այն ամենն, ինչ որ անում էր Ռոստամյանը։ Նա բոլորովին փոխվել է, չի պարապում, չի նստում տանը, կարգին չի ճաշում, դուրս է գալիս ու ներս մտնում, դեղնած, ապշած, ոչ ոքի հետ չի ուզում խոսել։

Վախենում եմ, որ գժվի, կրկնում էր Նատալիա Պետրովնան յուր հին երգը։ Զատկի երեկո մի իրան նման ջահել տղա եկավ․ հետը գնաց նրանց տուն։ Մինչև լույս տուն չեկավ։

Այս բոլորից Վարվառեն զգում էր, որ Ռոստամյանն, արդարև, տանջվում է։ Քանի՜ անգամ Վարվառեն տեսել է նրան ցերեկով, լուսամուտից գաղտնի իրան դիտելիս, հուզված դեմքով, վառ աչքերով։ Տանջվում է, այո, բայց ո՞վ է մեղավորը։ Չէ՞ որ նա հանգիստ և խաղաղ կյանք էր վարում մինչև Վարվառեին հանդիպելը։

Բայց ես ինչո՞վ եմ մեղավոր, տեր աստված, ասում էր Վարվառեն։

Միթե նա կարո՞ղ է գուշակել, որ այդ տան մեջ նա պիտի գտնե նրան, որին անգիտակցաբար որոնում էր երկար տարիների ընթացքում։

Ո՛չ, անկարելի է այսպես շարունակել, շշնջաց Վարվառեն բորբոքված, անխնա ջարդելով մատները։ Այս երկու կրակի մեջ ապրելու ուժ չունիմ։ Բավական է, որքան տանջվեցի․ կամ այսպես, կամ այնպես…

Բայց ի՞նչպես։ Աջ է նայում կանգնած է ջերմ սիրով սիրող հայրը, որին ինքը ևս պաշտում է յուր բոլոր ծնողասիրական զգացմունքներով և որի հանգստությունը կազմում է նրա գոյության տարրերից մեկը։ Ձախ է նայում հանդիպում է հասարակական անողոք դատաստանին, կրոնի խստագույն սպառնալիքին։ Իսկ այնտեղ, դյութական զորությամբ մղում է նրա սիրտը Ռոստամյանը։ Մի կողմում, հոր պատիվը, հանգստությունը, մարդկանց նախապաշարմունքները, կրոնը, մյուս կողմում, աներկբա երջանկությունը։ Ո՞րն ընտրել, ո՞ւր դիմել ահա բարդ հարցը, ահա երկսայրի սուրը, ահա դիլեմման, որ կարճ միջոցում սպառնում է մաշել, ոչնչացնել նրա հոգին։

Եթե նա այնքան չսիրեր հորն, եթե հայրն այնքան չերկնչեր հասարակությունից, այն ժամանակ գուցե դյուրին լիներ մի վճիռ կայացնել։ Իսկ ա՞յժմ․․․

Ո՛չ, ես չեմ կարող այս անդունդն անցնել․․․

Ինչո՞ւ, մի՞թե, արդարև, անկարելի է։ Եթե մեկին նա չի սիրում մի՞թե մյուսին սիրելու իրավունքից էլ զրկվում է։ Սարսափելի՛ խստություն․․․ անգո՛ւթ հասարակություն։ Մեկը պնդում են, առանց մյուսը նախատեսնելու, և տակավին բնական օրենքներն արհամարհում են սառն, անսիրտ կանոններով, սնահավատությամբ։ Մարդկանց աչքում հերետիկոս դառնալ ոչ, Վարվառեն այդ չի կամենում, նա ձեռք չի բարձրացնում ոչ ոքի սկզբունքների դեմ։ Բայց մի՞թե մի ոք այնքան անողոք պիտի գտնվի, որ յուր հեղինակությամբ խլե նրա անհատական ազատությունն, արհամարհե՞ ա՛յն, ինչ որ նրա համար ավելի սուրբ է և ավելի պաշտելի։
Ինչո՞վ վարձատրեցին նրան այն վշտերի փոխարեն, որ երկու տարի շարունակ մաշում էին նրան Միզանդրոնցովի հարկի տակ։ Ինչո՞ւ և՛ այժմ ստիպում են նրան ընդունել այն, ինչ որ գարշ է, և խլում են նրանից այն, ինչ որ երջանկություն է։ Այդ բնության օրենքներն են։ Ինչո՞ւ հակասում են բնությանն, որն ինքն աստվածն է։ Ո՛չ, այդ անկարելի է, այդ բռնություն է․․․ քրիստոնեական ազատամիտ սկզբունքները չեն կարող այդքան խստադատ լինել․․․

Տեր աստված, տեր աստված, ոչինչ չեմ հասկանում, ոչի՜նչ, գոչեց Վարվառեն, այս խոկումների ծանրության ներքո ճնշված, աչքերս մթնում են, գլուխս պտտում է այս բոլորից։

Մի՞թե նրան էր միայն վիճակված լուծել այս դժվար խնդիրը։

Ինչո՞ւ, ի՞նչ մեղքերի պատճառով, ո՞ւմ է վնասել, ե՞րբ է մեկին նախանձել կամ մեկին չար կամեցել։ Նա բախտավորության մասին այլ գաղափար ուներ, նրա երևակայությունը ստեղծել էր բոլորովին այլ կենսական իդեալ։ Բայց ճակատագիրը թշնամացավ նրան։ Վաղօրոք խլեցին նրան բնության ձեռքից և հանձնեցին դժբախտության ձեռքը։

Պա՛պա, պա՛պա, ես քեզ չեմ մեղադրում։ Դու ինձ անկեղծ ցանկանում էիր բախտավորություն։ Դու համոզված էիր, որ այդ բախտավորությունն ես կվայելեմ Մեզանդրոնցովի հետ։ Գիտեմ, որ դու էլ դժբախտ ես իմ պատճառով․․․ ի՜նչպես մեղադրեմ քեզ։ Բայց իմանո՞ւմ ես, արդյոք, թե ինչ դրության մեջ եմ ես։ Ո՛չ, եթե իմանայիր, դու չէիր կարող այդպես անտարբեր մնալ Այժմ կիմանաս․․․ այժմ ուժ չունիմ այլևս թաքցնելու իմ սրտի զգացածը։ Ախ, տեր աստված, ի՞նչ կպատահի, արդյոք, նրան, եթե իմանա․․․

Նա թուլացած, հաղթահարված նստեց աթոռի վրա և գլուխը հենեց կոներին։ Շատ մնաց այդ դրության մեջ, թե՛ քիչ չգիտեր, հանկարծ գլուխը բարձրացրեց և վճռական եղանակով արտասանեց․

Այդ կլինի սպանություն․․․ ես չեմ կարող այդ քայլն անել, հարկավոր է հետ կանգնել, քանի որ միայն անդունդի ծայրումն եմ։ Ես չեմ թողնիլ, որ իմ երջանկության համար հայրս ստանա
մահացու հարված․․․ Քանի որ նրան հայտնի չէ, ես կվերջացնեմ ամեն ինչ․․․

Նա շտապով գրասեղանի վրայից վերցրեց գրիչ ու թուղթ և նստեց։ Տասը րոպեի չափ նա, գրիչը ձեռքին, գլուխը կրծքին թեքած, ձախ ձեռով ճակատը սեղմած, մտածում էր։ Մի քանի անգամ նա գրեց, ջնջեց, թերթը պատռոտեց, նորը վերցրեց, դարձյալ գրեց, ջնջեց և դարձյալ թերթը պատռոտեց։

Վերջապես, ավելի հուզված, գրիչը մի կողմ շպրտեց և վեր կացավ տեղից։ Նա կամենում էր նամակով խնդրել Ռոստամյանին՝ դադարել իրան հետամուտ լինելուց։ Բայց ի՞նչ իրավունքով նա պիտի մի այդպիսի համարձակ պատվեր տա այն մարդուն, որը դեռևս խոսքով մի ակնարկություն չի արել յուր սիրո մասին, որի սիրտը դեռ կիսով չափ մութն էր նրա համար։ Մի գուցե երևակայությունը խաբում էր նրան։

Երբ այդ երիտասարդը կհայտնի յուր սերը, եթե սիրում է, նա կաշխատի հաղթել ինքն իրան և կբացատրի, թե անկարելի է, որ միմյանց սիրեն։ Թո՛ղ լինեն եղբայր ու քույր։ Քույր ու եղբա՜յր․․․ ո՛րքան մեծ բախտավորություն է այնպիսի եղբայր ունենալ։ Իսկ Վարվառեն չունի եղբայր․ նա էլ քույր չունի։ Բայց կարելի՞ բան է այս։ Ամենևին, այդ կլիներ ինքնախաբեություն։ Նրանք պիտի հեռու լինեն իրարուց, չպիտի տեսնվեն։ Եվ, իհարկե, պիտի հեռանա Վարվառեն։ Այո, նա կխնդրի հորը, որ տեղափոխվեն այս բնակարանից․․․ Այն ժամանակ թող նա մնա միայնակ յուր զգացմունքների հետ, նա կհաղթի ինքն իրան, կաշխատի հաղթել։ Ուրիշ կերպ անկարելի է․․․ նա պարտավոր է մոռանալ նրան․․․

Սակայն այս մի րոպեական վճիռ էր, որ իսկույն փոխվեց, և Վարվառեի մտքերն ու զգացմունքները ավելի շփոթվեցին։ Անորոշ մտատանջության մեջ նա երկար ժամանակ անցուդարձ էր անում սենյակի մեջ։ Մի րոպե կանգնեց պահարանի առջև, նայեց հայելու մեջ։ Նրան թվաց, թե վերջին երկու երեք շաբաթվա ընթացքում ավելի նիհարել է և ավելի գունաթափվել, չնայելով, որ գարնանային եղանակը նրա այտերի վրա ևս սփռել էր այն թեթև պարզ կարմրությունը, որով տարվա այդ միջոցին օծվում է ամեն

մի գունասպառ կնոջ երեսը։ Բայց նրա աչքերի մեջ փայլում էր ավելի կենդանություն, քան առաջ։

Դռները բացվեցին, ներս մտավ աղախին Մատրենան։

Տիրուհի, դուք զբաղվա՞ծ եք, հարցրեց ռուս պառավը։

Վարվառեն շփոթված հետ նայեց։

Ի՞նչ ես կամենում, հարցրեց նա բարկացած։

Ձեզ ուզում են տեսնել։

Ո՞վ,

Ա՛յ, այն երիտասարդ պարոնը։

Մատրենան ձեռով ցույց տվեց պատշգամբի մյուս ծայրը։

Այստե՞ղ է։

Դրսում սպասում է, տիրուհի։ Այսօր երկու անգամ եկել է ու հարցրել։ Մեկ ուզում էի ասել, որ տանը չեք, բայց հետո մտածեցի, թե ավելի լավն է ձեզանից հարցնեմ։ Հրավիրե՞մ։

Վարվառեն մի քանի վայրկյան լռեց և հետո, կարծես, մտքում մի բան վճռելով, հրամայեց։

Հրավիրի՛ր մյուս սենյակ։

Մատրենան դուրս գնաց։ Վարվառեն ուղղեց հագուստը, գլխի մազերն ու հանդարտ քայլերով անցավ հյուրասենյակ։

Բազկաթոռի վրա նստած սպասում էր Ռոստամյանը, սև հագուստով, գունատ, տխուր աչքերը հառած այն դռներին, ուսկից դուրս եկավ Վարվառեն․․․

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Արամբին"

Ятук Музыка
Колыбельная
Александр Спендиарян

Колыбельная

Связанный во сне
Связанный во сне
Играть онлайн