Александр Ширванзаде

Արամբին

XII

Ուշաթափվելուց հետո, Վարվառեն նույն օրն ու գիշերը զգում էր սաստիկ գլխացավ։ Գլխացավն անցավ, և նրա ամբողջ մարմնին տիրեց մի անսովոր թուլություն։ Բայց նա ուշադրություն չէր դարձնում յուր տկարության վրա, թեև երբեմն երկար չէր կարողանում ոտքի վրա մնալ։ Կյանքը, որ մի քանի օր առաջ այնքան հրապուրելի էր դարձել, այժմ երևում էր նրան մռայլ մառախուղով շրջապատված։ Ապագան ոչինչ ուրախություն չէր ներշնչում սկսած այն րոպեից, երբ նա հայտնեց յուր հորը, թե համաձայն է հետևել նրան դուրս գալ Թիֆլիսից։ Նա գիտեր, որ հոր վճիռն անդառնալի է․ եթե ինքը չհամաձայնվի, ծերունին կթողնի նրան և կգնա միայնակ։ Թե ո՛ւր կգնա, աստված գիտե, բայց Վարվառեն զգում էր միայն, որ այնուհետև այլևս չպիտի տեսնի հորը։ Գործին մի այլ ընթացք տալ այլևս անկարելի էր․ մնում էր երկու ելք կամ հետևել հորը հագուրդ չստացած սիրո հավիտենական տանջանքը սրտում, կամ հետևել Ռոստամյանին և դառնալ հայրասպան։ Երկար խորհելու ժամանակ չկար, պետք էր ընտրել այս երկու ճանապարհից մեկը, և նա վճռեց ընդունել առաջինը յուր տանջանքը։

Ո՛չ, երբեք սերն ինձ չի ստիպիլ ձեռք բարձրացնել ծերունի հորս վրա, կրկնում էր Վարվառեն անդադար։

Եվ կրկնում էր ո՛չ թե հուսահատված մարդու այն անվեհերությամբ, որ արտահայտում էր խրոխտ, անդառնալի հաստատակամություն, այլ որպեսզի կարողանա յուր վճռին հավատարիմ մնալ մինչև վերջին սարսափելի րոպեն։ Դա մի տեսակ խրախույս էր, որ նա տալիս էր ինքն իրան, աշխատելով, հանուն որդիական սիրո և պարտաճանաչության, զսպել մի ավելի զորավոր սեր։ Բայց եթե նա կարող էր վերջինի վրա մի վճռական հաղթություն գործել, զոհելով յուր երջանկությունը հոր պատվասիրությանն, ապա

ի՞նչ անել մի զարհուրելի հանդիմանության դեմ։ Դա Ռոստամյանի վշտահար պատկերն էր, որ, կանգնած նրա աչքերի առջև, վերջին հուսահատությամբ գոչում էր․ «Իսկ ե՞ս, մի՞թե դու, որ այդքան ցավում ես մի ծերունու հանգստության համար, պիտի զոհե՞ս մի երիտասարդ կյանք»։

Ահա ինչու Վարվառեն, վճռած լինելով հետևել հորը, միևնույն ժամանակ, տակավին տատանման մեջ էր։ Ի՞նչ կանի Ռոստամյանը, կարո՞ղ է կրել այդ հարվածը, կարո՞ղ է մոռանալ։

Այս մտքերից տանջվելով, Վարվառեն մի երեկո անցուդարձ էր անում յուր սենյակում, բարակ տնային չթյա հագուստով։ Պատուհաններն ու դռները փակ էին, դրսում եղանակը հով էր, իսկ սենյակի մթնոլորտը ծանր էր և տաք։ Նա բաց արավ փողոցի կողմի պատուհանի փեղկերից մինը, կանգնեց երեսը դեպի դուրս մի փոքր մաքուր օդ ներշնչելու։ Փողոցային օդի հով հոսանքը թեթև շոշափեց նրա տաքացած գլուխն ու կիսաբաց կուրծքը, նա զգաց արթնացուցիչ զովություն։

Երեկոն դեռ այնքան ուշ չէր, լսվում էին ձիաքարշի զանգակների հնչյունները, հեռվում անցուդարձ անող կառքերի դղրդյունը և մարդկային խուլ ձայները։ Իսկ ավելի հեռվից թույլ կերպով լսվում էր գարնանային հեղեղներից և լեռնային ձյուների հալոցից հորդացած Քուռ գետի սուր հոսանքը։ Մի ինչ-որ գրավիչ և, միևնույն ժամանակ, ահավոր ազդեցություն էր անում Վարվառեի վրա ընթացող ջրի ձայնը, որ լսվում էր խավար մթնոլորտի մեջ։ Բավական միջոց նա, անշարժ կանգնած, ականջ էր գնում այդ ձայնին։ «Ո՛րքան դժբախտների կյանք է կլանել այդ Քուռը», անցավ հանկարծ նրա մտքով։ Նա գլուխը դուրս հանեց պատուհանից, որ այլ աղմուկների միջից ավելի որոշ լսի Քուռի հոսանքը։ «Ի՛նչ սարսափելի ձայն ունե, շարունակեց նա յուր մտքում, ջրերը շատացել են, ալիքները պղտոր են և կատաղած․․․ Սի րոպեում կարող են խեղդել․․․ Ահա՛ որտեղ կարելի է հանգստություն գտնել։ Մի րոպե, և ամեն ինչ կվերջանա»․․․

Նա դեռ ականջ էր գնում, մի վայրկյան նա մտիկ արավ դեպի վայր, փողոցի սալահատակին, որ հազիվ հազ երևում էր։ «Ինչո՞ւ Քուռի մեջ․ մահը այստեղ էլ հեռու չէ ինձանից, մի թեթև շարժում
անեմ, և սալահատակի վրա կընկնի իմ անշնչացած դիակը»։ Այդ վայրկյանին նրա գլուխը պտտեց, նա սարսափած հետ քաշվեց։ Միևնույն վայրկյանին նա յուր մեջքի վրա զգաց մի սառնություն, և նրա մարմնով անցավ թեթև դողոց։ Զով օդի ազդեցությունն էր այդ, որ մինչև այդ րոպեն ախորժելի էր նրա համար։ Նա պատուհանի փեղկը ծածկեց և հեռացավ դեպի սենյակի ներսը։

Մի ժամ անցած, Վարվառեն մտավ անկողին։ Տաք վերմակի ներքո մեջքի սառնությունն ավելի զգալի դարձավ, նա սկսեց դողալ։ Երկու ամբողջ ժամ տենդից նրա ատամները սաստիկ զարկվում էին իրար։ Հետո նա զգաց ախորժելի ջերմություն և թմրեց։

Առավոտը Վարվառեն, զարթնելով, կամեցավ հագուստը հագնել։ Բայց դեռ անկողնից չբարձրացած, նրա գլուխը սաստիկ պտտեց, և նա անզորացած կրկին պառկեց։ Ոտից ցգլուխ նա զգում էր անհաղթելի թուլություն, իսկ ոսկորների մեջ մի ծանր ցավ։ Մի ժամ անցած, ներս մտավ աղախինն, իմանալու, թե տիրուհին կկամենա՞ արդյոք, երեսը լվանալ։ Պառավը զարմացավ, երբ տեսավ, որ տիրուհին դեռ պառկած է, այնինչ նա սովորաբար զարթնում էր ամենից վաղ։

Պարոնն արդեն թեյ է խմել և յուր սենյակումն է, հայտնեց պառավը։

Շա՛տ լավ․․․ հավաքի՛ր սեղանը, Մատրենա, ես թեյ չեմ խմելու, ասաց Վարվառեն, աչքերը դժվարությամբ դարձնելով դեպի աղախինը։

Ինչո՞ւ․․․ Տեր աստված․․․ դուք, կարծես, հիվանդ եք, տիրուհի, գոչեց պառավը, մոտենալով նրան և համարձակ յուր աջ ձեռը դնելով նրա ճակատին։ Իսկ և իսկ հիվանդ եք, տիրուհի, աչքերդ կարմրած են, ճակատդ կրակի պես այրվում է։ Գնամ, այս րոպեիս Մինաս Կիրիլլիչին ասեմ։

Կա՛ց, Մատրենա, ո՛չ, մի՛ ասիր, ես․․․ ոչինչ․․․ մի քիչ թույլ եմ, շուտով կվերկենամ․․․ Դու գնա, ջուր բեր, որ երեսս լվանամ․․․

Աղախինն իսկույն կատարեց նրա հրամանը։

Վարվառեն նստեց անկողնի մեջ, աշխատելով զսպել յուր թուլությունը։ Քանի մի անգամ այտերն և ճակատը սառը ջրով շփելով, նա անզորացած դարձյալ պառկեց, երեսը դարձրեց պատին և աղախնին ձեռով նշան արավ, որ հեռանա։

Մինաս Կիրիլլիչն յուր օրերն անց էր կացնում դարձյալ յուր սենյակում առանձնացած։ Երբեմն նա մինչև անգամ թեյ խմելու կամ ճաշելու ժամանակ ևս չէր դուրս գալիս։ Աղախինն ամեն ինչ տանում էր նրա սենյակն և միշտ ծերունուն տեսնում էր երկայն «չիբուխը» ձեռին ծխելիս և խորասուզված մտքերի մեջ։ Միամիտ պառավը վաղուց տեղյակ էր Վարվառեի ամուսնական դժբախտությանը և ծերունու տխրությունը վերագրում էր այս հանգամանքին, սակայն վերջին անցքերի մասին նա դեռ ոչինչ չգիտեր։ Չկարողանալով զսպել յուր լեզուն, նա մտավ ծերունու սենյակն և հայտնեց, թե տիրուհին հիվանդ պառկած է։

Մինաս Կիրիլլիչը սառն կերպարանքով ընդունեց այս լուրն և, լուռ, գլուխը շարժեց։

Կեսօրվա դեմ Վարվառեի տաքությունը սաստկացավ։ Երբ Մատրենան մտավ ներս, որ հարցնի նրա հիմանդության մասին, նա անզգա պառկած, ծանր հառաչում էր։ Այս անգամ ռուս պառավը վախեցավ, կրկին վազեց Մինաս Կիրիլլիչի սենյակը։

Վարվառեն պառկած էր երեսնիվայր, սպիտակ հոլանի բազուկները վերմակի վրա տարածած և վառվռուն աչքերը սենյակի առաստաղին հառած, երբ հայրը հանդարտ քայլերով ներս մտավ։ Նա չզգաց հոր գալուստը։ Երկու շաբաթ էր, որ հայրը ոտ չէր դնում այդ սենյակը, ուր առաջ մտնում էր ժամանակ անժամանակ աղջկա հետ խոսակցելու կամ որևէ լրագրական կամ քաղաքային լուր հաղորդելու։

Դուք հիվա՞նդ եք, հարցրեց ծերունին ցածր ձայնով, կանգնելով աղջկա մահճակալից երկու քայլ հեռու։

Վարվառեն չլսեց նրա հարցը, բայց հայացքը դարձրեց դեպի նրա կողմը։ Մի քանի վայրկյան հայր ու աղջիկ նայեցին միմյանց։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում այս առաջին անգամն էր, որ նրանք ուղիղ նայում էին միմյանց երեսին։

Դուք հիվա՞նդ եք, կրկնեց Մինաս Կիրիլլիչն ավելի բարձր ձայնով։

Ո՛չ, պատասխանեց Վարվառեն, որի միայն շառագունած այտերն և կարմրած աչքերը վկայում էին, թե նա ստում է և ինչ-որ թաքցնում։

Մատրենան ասաց, որ դուք տկար եք։

Ո՛չ, ես տկար չեմ․․․

Վարվառեն, վերջին խոսքը չավարտած, վերմակը քաշեց երեսին։

Եթե հիվանդ եք, թողեք ուղարկեմ բժշկի հետևից, ասաց հայրը, մի քայլ ևս մոտենալով։

Բժի՞շկ։ Հարկավոր չէ, չեմ ուզում, իսկույն կանցնի, ես վեր կկենամ, շնորհակալ եմ․․․

Թաքցնելը զուր է․ հիվանդին բժիշկ է հարկավոր, ասաց Մինաս Կիրիլլիչն և դուրս գնաց։

Կես ժամ չանցած, նա վերադարձավ, իրանից առաջ ներս թողնելով մի միջահասակ, սափրած և չեչոտ երեսով առույգ, ավելի քան հիսուն տարեկան մարդու, ալեխառն մազերով։

Դա քաղաքի հայտնի հայ բժիշկներից մեկն էր։

Բժիշկը խրոխտ քայլերով մոտեցավ հիվանդի մահճակալին և, ուրախ-ուրախ հետը խոսելով, զննեց երակը, նայեց երեսին և սկսեց հարց ու փորձ անել։ Հետո նա խորհրդավոր դեմքով, լուռ մոտեցավ գրասեղանին, գրեց հարկավոր դեղերը, մի քանի խիստ պատվերներ տվեց և գնաց, խոստանալով կրկին այցելել։

Դեղերն ընդունելուց հետո, իրիկնադեմին Վարվառեի տաքությունը քառասուն աստիճանից անցավ։ Բժիշկն եկավ և այս անգամ ուրիշ դեղեր նշանակեց։

Մինչև ուշ գիշեր հիվանդը սաստիկ տաքությունից զառանցում էր։ Մահճակալի մոտ ծառայում էր Մատրենան, իսկ Մինաս Կիրիլլիչը սենյակի մի անկյունում լուռ նստած, լսում էր դստեր զառանցանքը։ Եվ նա հիվանդի անկապ արտասանած խոսքերի ու դարձվածների մեջ լսում էր մերթ Ռոստամյանի անունը, մերթ ազգանունը։

Արդյոք, իսկապե՞ս հիվանդ է, թե՞ կեղծում է, անցավ մի վայրկյան ծերունու մտքով։ Բայց երբ հիշեց բժշկի լուրջ դեմքը և խորհրդավոր ժպիտը, նրա կասկածը փարատվեց։ ․

Տաքությունը տևեց հինգ օր։ Բժիշկը շարունակ օրն երկու անգամ այցելում էր և միշտ դուրս էր գալիս տխուր դեմքով։ Վեցերորդ օրը տաքությունն սկսեց նվազել։ Հետևյալ օրն առավոտը
Վարվառեն ասաց բժշկին, թե առողջ է զգում իրան և խնդրեց, որ վերջինը թույլ տա իրան վեր կենալու։ Բայց բժիշկը պատվիրեց պառկած մնալ մի քանի օր ևս։ Սակայն Վարվառեն հետևյալ օրն արդեն ոտքի վրա էր։ Բժիշկը, տեսնելով, որ յուր պատվերն արհամարհում է հիվանդը, բարկացավ, հանդիմանեց և հայտնեց, թե այլևս յուր այցելությունը ավելորդ է, քանի որ հիվանդն իրան բոլորովին առողջ է զգում։ Մինաս Կիրիլլիչը նրա վարձը տվեց և ճանապարհ դրեց։

Այսպես թե այնպես, Վարվառեն ոտքի վրա էր։ Իսկ Մինաս Կիրիլլիչը ճանապարհի պատրաստություն էր տեսնում։ Սպասած փողը նա արդեն ստացել էր։ Մի առավոտ նա առաջարկեց Վարվառեին՝ իրերը կապկապել, որպեսզի երկու օրից հետո պատրաստ լինին առավոտը կանուխ ճանապարհ ընկնելու։ Ծերունին արդեն պատվիրել էր կահ-կարասիքի տիրոջը, որ այդ օրը գա և տանե յուր ապրանքը։ Իսկ դաշնամուրը պիտի տանեին ուղևորության նախընթաց օրը։

Եվ Վարվառեն զբաղված էր յուր իրեղենները տեղավորելով, երբ Մատրենան ներս մտավ և լուռ, դողդողալով հանձնեց նրան Ռոստամյանի նամակը։

Ո՞վ տվեց, հարցրեց Վարվառեն, որ մինչ այդ րոպե դեռ ծանոթ չէր Ռոստամյանի ձեռագրին։

Այն երիտասարդ պարոնը, պատասխանեց աղախինը, ձեռով ցույց տալով դիմացի բնակարանը։

Վարվառեն թուլացած նստեց աթոռի վրա և ձեռով աղախնին նշան արավ, որ դուրս գնա։ Նա ծրարը դողդոջուն մատներով բաց արավ և նամակր կարդաց։ Նամակը համառոտ էր և խիստ ազդու։ Մի քանի րոպե, հոգնած գլուխը դեպի ուսը թեքած, թույլ ձեռները ծնկների վրա դրած, Վարվառեն տատանվում էր ընդունե՞լ Ռոստամյանին, թե՞ մերժել։

Նամակի տողերը հուսահատություն էին ներշնչում. նա գրված էր հոգեկան ամենավշտալի դրության մեջ։ Մի անգամ և միայն մի անգամ Ռոստամյանը տեսակցություն էր խնդրում։

Նա լսել է իմ գնալն և հույս չունի ինձ տեսնելու, ասաց Վարվառեն, ոչ, ես չեմ կարող այսպես սառն անջատվել նրանից․
հուսահատությունը նրան կսպանի։ Ես նրան սիրտ կտամ․․․ Պիտի կատարել նրա վերջին և միակ աղաչանքը։

Բայց ի՞նչպես, ո՞րտեղ նշանակել տեսակցությունը։ Հայրը տնից դուրս չի գալիս, ուրեմն Ռոստամյանն ինքը գալ չի կարող, մի՞թե Վարվառեն ինքը պիտի գնա նրա մոտ։ Ոչ այս, ոչ այն։

Նույն օրը, նույն գիշերն և հետևյալ օրը մինչև երեկո Վարվառեի միտքը միմիայն այս կետի վրա էր կենտրոնացած․ միևնույն ժամանակ, նա շարունակում էր կապկապել յուր հագուստեղենները։ Իրիկնադեմին եկան, դաշնամուրը տարան։ Մնում էր երկու գիշեր և մի ցերեկ, այնուհետև Ռոստամյանին տեսնել այլևս անկարելի էր։ Սինաս Կիրիլլիչը ճեպակառքի տոմսակներն արդեն վերցրել էր երրորդ օրվա առավոտյան գնացքի համար։ Հետևաբար կամ այս գիշեր, կամ վաղը։ Բայց ինչո՞ւ համար է ուզում տեսակցել Ռոստամյանը, չէ՞ որ այլևս ուշ է։

Վարվառեն մերթ պահարանից յուր ճերմակեղենները դասավորում էր ճանապարհորդական սնդուկի մեջ, մերթ անց ու դարձ էր անում։ Երբեմն նա կանգնում էր լուսամուտի առջև և նայում էր դեպի պատշգամբ։ Գավթի բնակիչները ըստ երևույթին քնած էին․ այրիի լուսամուտներում լուսո նշույլ չէր երևում, նույնպես և խոհանոցում։ Գիշերվա կեսն էր։ Քնած էր Մինաս Կիրիլլիչը, թե արթուն հայտնի չէր, միայն նրա սենյակից ոչ մի ձայն, ոչ մի շշուկ չէր լսվում։

Հանկարծ, դեպի դուրս նայելու միջոցին, Վարվառեն պատշգամբի վրա նշմարեց մի սև պատկեր։ Նա, որի զգայնությունը, վերջին անցքերի ազդեցության ներքո, ավելի նրբացել էր, երկյուղած փակեց դռները, հետ դարձավ և սկսեց ականջ դնել դեպի դուրս։

Մեկը դրսից ապակուն երկու անգամ խփեց։ Վարվառեն սիրտ արավ լուսամուտին մոտենալ և լսեց մի թեթև ձայն, որ արտասանեց նրա անունը։ Նա, դողդողալով, փեղկերից մեկը բաց արավ և երես առ երես հանդիպեց Ռոստամյանին։

Ես եմ, մի՛ վախենար, շշնջաց Ռոստամյանի ձայնը։

Վարվառեն վայրկենաբար ենթադրեց, որ ավելի վտանգավոր է դրսից խոսելը։ Նա բաց արավ դռները, ներս թողեց Ռոստամյանին։

Ի՞նչ ես կամենում, հարցրեց նա շփոթված, ինչո՞ւ ես եկել այսպես անժամանակ։

Ռոստամյանը, պատասխանելու փոխարեն, բռնեց նրա նիհար ձեռներն և երեսը դարձրեց դեպի լամպարը։

Դու հիվա՞նդ ես, ասա՛, վտանգավո՞ր է հիվանդությունդ, Վարվառե, գոչեց նա բավական բարձր ձայնով, մոռանալով, թե որտեղ է գտնվում։

Ե՞ս, ոչ․․․ տեսնում ես, որ պառկած չեմ։

Նստի՛ր, ես հուզված եմ, այս դրության մեջ խոսել չեմ կարող, նստենք, հետո․․․ Նա քնած է, ես գիտեմ, մի՛ բարկանար, մի՛ վախենար, Վարվառե։

Այս ասելով Ռոստամյանը նստեց մի աթոռի վրա, մյուսն առաջարկելով Վարվառեին։ Բայց Վարվառեն չնստեց․ նա երկյուղալի դեմքով նայում էր աջ ու ձախ, ականջ էր դնում դեպի հոր սենյակի կողմը։

Ես վախենում եմ, Ստեփան, մեզ լրտեսում են, նա կարող է ամեն րոպե դուրս գալ, ասա, ինչ որ ասելու ես, և հեռացիր շուտով։

Վարվառե, ես ոչինչ չունիմ ասելու, ես ուզում էի միայն քեզ տեսնել։ Քո հիվանդությունը վտանգավոր է, ես զգում եմ այդ, ահա, աչքերիդ տակը կապտել է, երեսդ դեղնել է։ Ահա, դու այժմ ևս տաքություն ունես, ավելացրեց նա, բռնելով Վարվառեի բազուկը, ի՞նչ պատահեց քեզ, տեր աստված, մի՞թե այս դրության մեջ պիտի ճանապարհորդես։ Խնայի՛ր քեզ, Վարվառե, խնդրի՛ր այն մարդուն, որ հետաձգի յուր վճիռը, մինչև քո առողջության վերականգնելը․․․

Ուշ է։ Տեսնո՞ւմ ես, որ շորերս արդեն կապված են․․․ ամեն ինչ վերջացած է։ Ների՛ր ինձ, Ստեփան, որ քեզ այդքան վշտացրի․․․ մոռացի՛ր ինձ․․․ Գնա՛․․․ գնա՛․․․

Բայց Ռոստամյանը նրա ձեռներն յուր ձեռների մեջ բռնած, շարունակում էր մերթ աջը, մերթ ձախը համբուրել։ Նա երկյուղած դեմքով մտիկ էր անում Վարվառեի նիհարած, խորն ընկած այտերին, որոնց վրա դրոշմվել էր մի անբնական թեթև կարմրություն։ Նա չէր կարծում, թե հիվանդությունն այսչափ փոխել է Վարվառեին։
Ինչ որ մի չարագուշակ կասկած ծագեց նրա սրտում, և նա զգաց, որ, արդարև, հիվանդությունը խիստ վտանգավոր է։ Նա խորին վշտակցությամբ մի քանի րոպե նայում էր Վարվառեի երեսին։ Վերջինն երեսը շուռ տվեց մյուս կողմը, հանդարտությամբ ազատեց յուր աջ ձեռը և թուլացած դրեց նրա ուսի վրա։ Իսկ Ռոստամյանը, դառն կսկիծը սրտում, խղճահարված, ընկճված յուր նախազգացման ծանրության ներքո, քնքշությամբ սեղմում էր նրա նիհար ճակատն յուր շրթունքներին։

Անցավ տասն րոպե, լուռ, երջանիկ րոպեներ։ Նրանց սրտերը բաբախում էին սաստիկ։ Վարվառեն րոպե առ րոպե ցնցողաբար դողում էր, իսկ Ռոստամյանն, ավելի ու ավելի ամուր սեղմելով նրա ձեռը, մյուս ձեռով մերթ շոյում էր նրա ճակատն ու մազերը և մերթ գլուխը սեղմում էր յուր ուսին։

Բաց դռներից փչեց մի թեթև զով քամի և, միևնույն ժամանակ, լսվեց ինչ-որ շշուկ։ Վարվառեն արագությամբ գլուխը բարձրացրեց Ռոստամյանի ուսի վրայից, ձախ ձեռը խլեց նրա ձեռից և երկյուղալի ձայնով գոչեց․

Գնա՛, Ստեփան, մի՛ փորձիր ինձ, գնա՛։

Այս ասելով, նա մոտեցավ դռներին, նայեց դեպի դուրս։ Ոչ ոք չկար, ոչ մի ձայն չէր լսվում, միայն հանդարտ սոսափում էին կանաչազարդ ակացիայի տերևները։

Ռոստամյանը, որ Վարվառեի հրապուրիչ մերձավորությամբ քանի մի րոպե մոռացել էր իրականությունր, մոռացել էր յուր և Վարվառեի վտանգավոր դրությունը, դարձյալ սթափվեց, նստեց աթոռի վրա և թույլ ձայնով արտասանեց․

Մի՞թե նրա մեջ բոլորովին մեռել է խիղճը, մի՞թե նա վճռել է սպանել յուր միակ աղջկան։ Ոչ, Վարվառե, շարունակեց նա, ձայնը բարձրացնելով և ոտքի կանգնելով, նա խղճալի չէ, խղճալին դու ես և ես․․․ ե՜ս։ Թո՛ղ նրան և հեռացիր․․․ գնա՛նք միասին․․․ փախչենք այս հասարակությունից։ Թող մեղադրեն մեզ, փույթ չէ․․․ թող հայրդ անեծք կարդա մեր հետևից։ Նրա անեծքը չի կարող ազդել, նա է մեղավորը․․․ աստված չի լսիլ այն մարդու անեծքը, որ յուր միակ աղջկա կյանքը զոհում է յուր պատվասիրությանը․․․

Նա դարձյալ մոտեցավ Վարվառեին, կրկնելով անդադար․

Գնանք, գնա՛նք, Վարվառե։

Այնինչ Վարվառեն անշարժ կանգնած պատի տակ, երեսը ձեռներով ծածկած, հանդարտ հեկեկում էր։ Երբ Ռոստամյանը մոտեցավ, նա ձեռները հեռացրեց երեսից և վճռական եղանակով արտասանեց․

Բավական է, մի՛ մոտենար, գնա, գնա՛ և մոռացի՛ր ամեն ինչ․․․

Մոռանա՞մ, ե՞ս, ե՞ս, գոչեց Ռոստամյանը, մոռանա՞մ ամեն ինչ և թողնեմ, որ դու այդ դրության մեջ անջատվե՞ս ինձանից։ Լսի՛ր, Վարվառե, ես այժմ պատրաստ եմ ամեն մի միջոցի դիմել իմ և քո երջանկության համար։ Ես քեզ առաջարկում եմ՝ թողնել ծերունուն և գնալ ինձ հետ այնտեղ, ուր ես կգնամ։ Չե՞ս ուզում։

Վարվառեն մի ձեռով երեսը ծածկեց, մյուսով բացասական նշան արավ։

Ուրեմն մնում է մի ուրիշ միջոց, թույլ տուր ինձ այս վերջին միջոցին դիմելու։ Թույլ տուր ինձ՝ վաղն անձամբ ներկայանալ հորդ, բացատրել ամեն ինչ, ներումն խնդրել։ Ես նրան կաղաչեմ, կաղերսեմ, որ․․․ Ի՛նչ, միթե այս է՞լ անկարելի է։ Ուրեմն, խնդրիր ինքդ, ես դեռ հույս ունիմ, որ նա այդքան անխիղճ չէ․ դիցուք նա քեզ չի սիրում իբրև հայր, բայց նա մարդ է, ինչևիցե, սիրտ ունե։ Չոքի՛ր նրա առջև, աղաչի՛ր․․․

Մինչև Ռոստամյանը հուսահատ դրության մեջ առաջարկում էր յուր վերջին միջոցները, Վարվառեն, կարծես, լսել անգամ չէր ուզում նրա դառնահնչյուն խոսքերը։ Դողդոջուն ձեռների ափերն իրար սեղմած, նա միայն աղերսում էր Ռոստամյանին՝ թողնել և հեռանալ միայնակ։ Տնային սպիտակագույն թեթև հագուստով, շագանակագույն շքեղ մազերը մի օրվա ընթացքում նշմարելի կերպով նիհարած՝ ուսերի վրայով դեպի սպիտակ կուրծքը սփռված, մեջքից սակավ ինչ թեքված այս դրության մեջ նրա կերպարանքը, կանթեղի թույլ լուսո ներքո, ներկայացնում էր մի մարմնացած հուսահատություն։ Եվ ահա այս վիճակում նա աղերսում էր Ռոստամյանին, որ գնա, հեռանա, զրկվի հավիտյան նրա տեսությունից։ Ո՞ւր գնա, ի՞նչպես մոռանա այս մասին նույն րոպեներին նա դարձյալ չէր մտածում։ Մտածում էր միայն ծերունի հոր մասին, որ րոպե առ րոպե կարող էր ներս մտնել և տեղն ու տեղը հանդիպել յուր մահը։

Վերջապես, Ռոստամյանը բոլորովին յուր հույսը կորցրեց։ Նա սպառնալի դեմքով և աղեկտուր ձայնով, հազիվհազ շունչ քաշելով, արտասանեց․

Անգո՜ւթ, դու ինձ չես սիրում․․․

Մի դառն ժպիտ աղավաղեց Վարվառեի հիվանդոտ դեմքը, և նա, լուռ ձեռը մեկնեց դեպի հոր առանձնասենյակի կողմը։

Ուրեմն, զոհի՛ր ինձ նրան, գոչեց Ռոստամյանը և, առանց վերջին մի համբույր տալու, առանց անգամ վերջին բարևն ասելու, շտապեց դուրս։

Վարվառեն անշարժ արձանացած կանգնած, լսում էր նրա արագ-արագ հեռացող քայլերի ձայնը, որ հետզհետե նվազում էր։

Հանկարծ նա մի խուլ, հուսակտուր հնչյուն արձակեց կրծքից, վազեց դեպի դռները, նայեց դեպի պատշգամբի մյուս ծայրը։

Ռոստամյանն անհետացել էր․․․

Վերջապես, արտասանեց Վարվառեն և ուժասպառ երեսնիվայր ընկավ անկողնակալի վրա․․․

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Արամբին"

Ятук Музыка
Колыбельная
Александр Спендиарян

Колыбельная

Связанный во сне
Связанный во сне
Играть онлайн