Raffi
Ջալալեդդին
1877 տարվա մայիս ամիսը մոտենում էր իր վախճանին։ Աղբակա Լիանա դաշտերից մեկի վրա, առավոտյան մառախուղի միջից, հազիվ երևում էին մի քանի վրաններ, սև կապերտից պատրաստված, որոնք բոլորաձև շարված էին մինը մյուսի մոտ, թողնելով իրանց մեջտեղում բավական ընդարձակ հրապարակ։ Տեսնողը առաջին անգամից կկարծեր, թե դրանք մի խաշնարած ցեղի չադրներ են, որ զետեղվել էին այդ կանաչազարդ հովտի մեջ, իրանց անասունների համար արոտ գտնելու։ Բայց քանի որ արևը բարձրանում էր, լեռներին պատած մառախուղը ավելի և ավելի նոսրանում էր, վրանների տարածությունը ընդարձակ հովտի մեջ հետզհետե մեծ քանակություն էր ներկայացնում։ Այս կասկածելի երևույթը այն ժամանակ նրան բանակի ձև էր տալիս։
Եվ իրավ, վրանների առջև ցցված երևում էին եղեգնյա երկայն նիզակներ, որոնց ծայրերը զարդարած էին սև փետուրներով, իսկ հրապարակի վրա անբացատրելի խռովության մեջ շարժվում էին զինվորված տղամարդիկ, որոնց երեսները արտահայտում էին կատաղի անհամբերություն։ Բանակից հեռու, դալար խոտերի մեջ, արածում էին բոլորովին պատրաստ, թամքած ձիաներ, որոնց առջևի և ետևի ոտներից մեկը շղթայած էին բխովներով չփախչելու համար։
Վրաններից մեկի առջև, որ իր մեծությամբ և փառահեղությամբ որոշվում էր մյուսներից, ցցած էր մի կարմիր դրոշակ, որի չորս անկյունների վրա կարդացվում էին, արաբական տառերով դրոշմված, չորս անուններ՝ Ալի, Օսման, Օմար և Աբուբեքր։ Իսլամի նախկին խալիֆաների այս չորս պատկառելի անունների մեջտեղում նշմարվում էր մի սպիտակ ձեռք, որպես օրինակ մի աներևույթ աջ, որ իր հովանավորության ներքո պիտի առաջնորդեր զինվորված ամբոխը դեպի պատերազմի դաշտը։
Այս իսկ վրանի շուրջը հավաքված էր մարդիկների բազմություն, որոնք անդադար ելումուտ էին գործում նրա մեջ։
Այնտեղ թանձր թաղիքի վրա նստած էր միջահասակ մի մարդ կրակոտ աչքերով և ալեխառն մորուքով։ Նա ոտքից գլուխ հագնված էր սպիտակ գույնով, որ արևելքում նշան է բարեպաշտության և մարդու անձնազոհության, որ իր կենդանության ժամանակ զգեցել էր մահվան պատանքը։ Ծերունու հաստ գոտիի աջ կողմից քարշ էր ընկած մի երկայն Թասբեկ (տերողորմյա) խոշոր հատիկներով, որոնք բաժանված էին որոշյալ թվով յուրաքանչյուր աղոթքի կարգը և համարը պահպանելու համար։ Իսկ գոտիի ձախ կողմից երևում էին կեռ խենջարի և մի զույգ ատրճանակի ծայրերը, որոնց փողերն թաքնված էին հալեբյան վերարկուի տակ, որ անփույթ կերպով ձգած էր նրա ուսերի վրա։ Գլուխը փաթաթած էր սպիտակ ապարոշով (չալմա), որի վրա երևում էին մետաքսյա դեղին թելերով ասեղնագործած արաբական տառեր։ Նա նստած էր ծալապատիկ կերպով և ծնկների վրա դրած ուներ մի կեռ թուր Դամասկոսի շենքով։
Այս պատկառելի ծերունին իր արտաքին կերպարանքով ներկայացնում էր մի անձնավորություն, որ կրում էր իր մեջ կրոնի ջերմեռանդությունը, որպես մի բարձր հոգևորական, և պատերազմողի քաջազնական ոգին, որպես հզոր զինվոր։ Նա և շեյխ էր և զորավոր։
Նա նստած էր վրանի բարձր և պատվավոր մասում, որպես նահապետ և իշխան, իսկ իր աջ և ձախ կողմերում կարգով շարված էին մի քանի աղաներ հնադարյան զենքերով։ Դրանց մերձավոր ընտանությունը Շեյխի հետ արդեն ցույց էր տալիս, թե հասարակ մարդիկ չեն, այլ գլխավորներն են այն ամբոխի, որ դրսում զետեղված էին վրանների մեջ, կամ հավաքված էին հրապարակի վրա։ Աղաները լուռ էին և խոսում էին այն ժամանակ, երբ Շեյխը խոսեցնում էր։
Շեյխի մոտ մի քաշքուլի մեջ ածած էին թղթերի մանր կտորտանք, որոնք միաչափ կերպով ծալած էին եռանկյունի ձևով։ Այս փոքրիկ ծրարները նման էին այն թիլիսմաններին, որ ջադուկները տալիս են մարդկանց զանազան խորհրդավոր նպատակներով։ Բայց իսկապես կախարդական ոչինչ չկար նրանց մեջ, այլ նրանց վրա գրված էին մի-մի տող Ղորանի այն այեթներից, որոնց զորությամբ մարդ ազատ է մնում ամեն տեսակ չարից և փորձանքից։
Վրանի մուտքը բաց էր։ Դրսում գտնված բազմությունից մի-մի մարդ անդադար ներս էր գալիս․ նա դեռ շեմքի վրա չհասած, չոքում էր, երկրպագություն էր տալիս, և այնպես չոքեչոք մոտենում էր Շեյխին, իր սուրը դնում էր նրա ոտքերի մոտ և ձեռքը համբուրում էր։ Հետո ծերունին առնում էր քաշքուլի միջից եռանկյունի ձևով ծալած թղթերից մեկը և տալիս էր համբուրողին։ Նա առանց ոտքի վրա բարձրանալու, նույնպես չոքեչոք ետ էր դառնում և դուրս էր գալիս վրանից։
Այսպես այցելուները անդադար մինը մյուսի ետևից, նույն ծեսը կատարելով, ներս էին գալիս ու դուրս գնում։ Ամեն մի քաջ, իր սուրը Շեյխի ոտների մոտ ձգելով, նվիրում էր նրան և փոխարենը ստանում էր խորհրդական թղթերից մեկը, որ անխոցելի պետք է պահեր նրան թշնամու զենքերից։ Եվ այս պատճառով վրանից դուրս եկածին պես, նա իսկույն մի շորի կտորի մեջ դնելով, կարում էր իր աջ թևքի վրա։
Երբ թղթերի բաժանման գործը վերջացավ, դրսում լսելի եղավ մի թմբուկի ձայն, և զինվորված բազմությունը ամեն կողմից շտապով սկսեց մոտենալ սրբազան զորավարի վրանին։ Իսկ երբ բոլորը հավաքված էին, այն ժամանակ դուրս եկավ Շեյխը։ Ամբողջ բազմությունը աջ ձեռքը երեսին քաշեց և լուռ օրհնություն կարդաց (սալավաթ)։ Այս գործողությունը մահմեդականների մեջ նույն նշանակությունն ունի, որպես քրիստոնյաների մեջ երես խաչակնքելը։ Որովհետև ուրիշ բան չկար, ձիերի թամքերը միմյանց վրա դարսելով, վրանի առջև կազմվեցավ մի ամբիոն։ Շեյխը բարձրացավ նրա վրա։ Նա իր ձեռքում չուներ գավազան, որ սովորաբար կրում էր քարոզի ժամանակ, այլ նրա փոխարեն բռնած ուներ կարմիր դրոշակը, որի գլխին փողփողում էր սպիտակ աջը չորս խալիֆաների անուններով։ Այս դիրքը հիշեցնում էր այն հրաշալի երևույթը, երբ Արաբիայի մարգարեն անապատի մեջ առաջին անգամ բարձրացավ ուղտերի թամքերից կազմված ամբիոնի վրա և խոսեց իր ոգելից ճառը։
Շեյխի քարոզը սկսվեցավ օրհնություններով, որոնց մեջ խիստ ջերմեռանդ արտասանություններով փառաբանվում էին ալլահի, Մուհամմեդի և նրա գլխավոր հաջորդների՝ Օմարի, Օսմանի և Աբուբեքրի անունները։ Հետո սկսվեցավ մի քաջալերական ճառ հետևյալ խոսքերով.
«Ո՛վ Իսլամի որդիք, մեծ մարգարեն փա՜ռք իր զորությանը կոչում է ձեզ մի սուրբ գործի համար, կոչում է ձեզ պատերազմել իր կրոնի թշնամիների դեմ, որոնք սկսել են թափել աստուծո ծառաների արյունը։ (Եվ թո՛ղ նզովյա՜լ լինին նրանք)։
Վհատությունը, երկչոտությունը և կասկածը թո՛ղ հեռու լինին ձեզանից, որովհետև երկյուղը աստուծո զինվորների համար չէ։ Տերը ինքը կտա ձեր բազուկներին զորություն, և թշնամու պարանոցները ձեր սրերի առջև կկտրատվին, որպես չորացած հասկը հնձողի մանգաղի առջև։ Դուք ձեր ձեռքով կբռնեք նրանց գնդակները և դեպի իրանց ետ կդարձնեք։ Ձեր անձները պաշտպանված կլինեն երկաթյա պարիսպներով, որոնք ձեր աչքերը չեն տեսնի։ Ձեզ աջակից կլինեն կոտորող հրեշտակների աներևույթ գունդերը, որոնց մարգարեն ձեզ օգնության կուղարկե։ Մեծ է Իսլամի աստվածը և բացի նորանից ուրիշը չկա։
Բոլո՛ր գավուրները պիղծ են աստուծո առջև։ Նրանց կայքը, կյանքը, ընտանիքը, և ամեն ինչ, որ պատկանում է անհավատներին, աստված մատնում է ձեր ձեռքը։ Հափշտակեցե՛ք, կողոպտեցե՛ք, այրեցե՛ք և կոտորեցե՛ք, որքանով կլիանա ձեր սիրտը։ Ավարը և իր կրոնի թշնամիների արյունը աստված հալալ է անում սուրբ պատերազմի զինվորներին։ Ձեզանից կընկնին նրանք միայն, որոնց սրտերը կմոլորեցնե սատանան և որոնց հոգիները կսառչեն։ Երկչոտները ատելի են տերի առջև։ Եվ ավելի ատելի կլինեն նրանք, որ կփախչեն կռվի դաշտից։ Ձեր թիկունքը չպիտի տեսնի թշնամին։ Նա՛, որ աստուծո համար է պատերազմում, սուրը ձեռքում պիտի մեռնի։
Երբ որ ձեզանից մեկը թողնելու լինի պատերազմի դաշտը, այն ժամանակ աստված կզայրացնե կնոջ սիրտը, որը կանգնած չադրի մուտքի առջև, կընդունե իր տղամարդին այս խոսքերով. «Գնա՛, հեռացի՛ր, դու իմ այրը չես։ Ի՞նչու չեն տեսնվում քո վերքերը, ի՞նչու դու մենակ դարձար, ո՞ւր են քո ընկերները. հեռացի՛ր, նա իմ այրը լինել չէ կարող, որ անպատվեց իր զենքերը»։ Չկա մի ավելի դառն բան, քան կնոջ հանդիմանությունը․ բայց աստուծո զզվանքը սարսափելի՜ է։
Սուրբ կրոնի թշնամիների արյունի հոսումը հաճելի է տերի առջև։ Անհավատների ավերակների ծուխը նա ընդունում է, որպես մի ողջակեզ, որից մուխը ուղիղ բարձրանում է դեպի հավիտենականի աթոռը։ Կոտորեցե՛ք, որքան կզորեն ձեր բազուկները, այրեցե՛ք, որքան կարող եք դուք։ Եվ ձեր կոտորածների արյունի յուրաքանչյուր կաթիլի համբարքով դուք կստանաք մի-մի հուրի աստուծո ջեննաթի մեջ։
Մե՛ծ է ուղղափառների աստվածը և բացի նրանից չկա մի ուրիշը։
Եթե ձեր վեր առած գերիներից՝ ձեր սրտերին հաճելի կլինի ընտրել կնիկներ կամ աղջիկներ հարճ անելու մտքով, եթե դուք ծառայացնելու համար կընտրեք պատանի ստրուկներ ձեր ձեռքը ընկած գավուրներից, աստված չէ արգելում ձեզ, միայն այն ժամանակ, երբ նրանք կընդունեն Իսլամը։ Իսկ եթե հաստատ մնացին իրանց մոլորության մեջ, ձեզ թույլ է տրվում սպանել։ Զուգավորությունը ուղղափառի մի անհավատի հետ արգելում է աստված։ Իսկ ծերերին, թե նրանք կին լինեին և թե այր, խնայել չկա։ Անհավատությունը նրանց մեջ ամրացած է իրանց ցամաք ոսկորների նման։
Արդար եղե՛ք ավարի բաժանման մեջ և ձեզանից ամեն մեկը թոզ չզրկե իր ընկերին։ Մի՛ մոռանաք աստուծուն բաժին հանել ձեր կողոպուտից, որովհետև նրա հրեշտակները նույնպես պատերազմելու են ձեզ հետ։ Խնամք տարեք, եթե մեկը ձեզանից հիվանդ լինի կամ վիրավոր, որովհետև դուք ամենքդ եղբայրներ եք այդ սրբազան դրոշի տակ»։
Դեռևս երկար խոսում էր Շեյխը, կանգնած իր ամբիոնի վրա, որպես Իսլամի մարմնացած ոգին, որպես հալածասիրության և մոլեռանդության մի կենդանի օրինակ։ Նրա ձայնը ազդու էր և սուր, իսկ բարբառը զուրկ չէր ոգևորող պերճախոսությունից։ Ղորանի աշակերտը, որի մեջ այնքան բանաստեղծական հափշտակությամբ երգվում է սրբազան պատերազմը (ջահաթ) իր բոլոր արյունային գույներով, Ղորանի աշակերտը միայն կարող էր այսպես ոգևորել մի վայրենի բազմություն մարդկանց մորթելու համար։
Շեյխի ճառը մի համառոտ եզրակացություն էր այն աստվածեղեն գրքի բովանդակությունից, որին հետևում է ամբողջ մահմեդական աշխարհը։
Երբ վերջացրեց նա, կրկին դարձավ դեպի բազմությունը այս խոսքերով.
«Աստված ձեզանից ուխտ է պահանջում, և թո՛ղ ձեզանից ամեն մեկը կատարե իր երդումը»։
Նույն միջոցին ամբողջ բազմությունը վեր առավ գետնից մի-մի քար և ձգեց հրապարակի վրա, ուր բարձրացավ մի ահագին՝ բլուր, որպես արձան մի սոսկալի ուխտադրության։ Եվ այս գործողության ժամանակ օդը թնդաց հազարավոր ձայներից, որոնց խառնակության միջից պարզ որոշվում էր այս խոսքը. «Եվ թող մեր թալախը այս քարի նման ձգված լինի, եթե հավատարիմ չմնանք սուրբ գործին»։
Երբ բոլոր արարողությունները վերջացան, Շեյխը կրկին կարդաց օրհնության մաղթանք և իջավ իր բեմից։ Նա կրկին մտավ իր վրանը։
Նույն միջոցին կրկին լսելի եղավ թմբուկի ձայնը։ Ամեն մարդ վազեց իր ձին նստելու, վրանները հավաքվեցան, և մի քանի ժամից հետո ամբողջ բանակը պատրաստ էր ճանապարհ ընկնելու։ Նա շարժվեցավ, երբ Շեյխը իր ձին նստած, կարմիր դրոշը ձեռին, առաջ ընկավ։
Այն ժամանակ նրա դեմքը ծածկված էր մի սպիտակ երեսկալով, որ անհավատների աչքերը չտեսնեին նրա սուրբ երեսը։ Ավելի քան տասն հազար քուրդեր հետևում էին այդ սարսափելի ծերունուն։ Գունդերի ետևից տանում էին մի շարք ուղտեր, որ բարձած էին փոքրիկ թնդանոթներով։
Այսպես սկսվեցավ Շեյխ Ջալալեդդինի արշավանքը դեպի տաճկական Հայաստանը։