Raffi

Ջալալեդդին

Ե

Ամփոփելով հոր մարմինը իր անշուք գերեզմանի մեջ, երիտասարդը կրկին շարունակեց իր ճանապարհը։ Նա այժմ գնում էր բոլորովին խելագարի նման, ընկած դառը մտածությունների մեջ։ Կորցնելով հայր, մայր, եղբայր և քույրեր, նա այժմ սարսափելի կասկածի մեջ էր՝ կորցնել և նրան, որին սիրում էր։ Այս պատճառով շտապում էր նա։ Բայց դեռ բավական ճանապարհ կար, մինչև կհասներ այն գյուղը, ուր բնակվում էր նա։

Նա գնում էր այնպիսի անանցանելի շավիղներով, որոնց շրջակայքում ժայռերի, մացառների և թփերի մեջ մի ամբողջ բանակ կարող էր թաքչիլ և ուղևորի աչքից անհայտ մնալ։ Եվ այս պատճառով մեծ եղավ նրա զարմանքը, երբ մի քանի անգամ նրա ականջներին զարկեցին անորոշ ձայներ, հետո պարզ լսելի եղավ իր անունը՝ «Սարհատ, Սարհատ»։ Ո՞վ կարող էր լինել դա։ Նույն շրջակայքում հազիվ թե մի մարդ կարող էր ճանաչել նրան, թեև նա ուներ ընկերներ, բայց նրանց մի քանի օր առաջ զանազան հանձնարարություններով ուղարկել էր դեպի զանազան կողմեր։ Մտածեց, գուցե նրանցից մեկը լինի և մատը բերանին դնելով, խորհրդական ձայնով շվացրուց։ Նրան պատասխանեցին բավական մոտավոր տեղից, բայց ձայնը շատ օտարոտի երեվաց։ «Նրանցից և ոչ մեկը լինել չէ կարող», մտածեց ինքնիրան, և հրացանը ուսից վեր բերելով, կանգնեց, իր շուրջը նայելով։ Նույն միջոցին «Սարհատ» անունը կրկին զարկեց նրա ականջներին, երկու թևքեր փաթաթվեցին նրա վզովը, և մի մարդ սկսեց ջերմ համբույրներ սփռել նրա երեսի վրա։

Երևի իմ տերը չէ ճանաչում իր ծառային, ասաց նա քրդերեն լեզվով։

Ճանաչեցի, Մըստո, պատասխանեց երիտասարդը և ուրախությամբ համբուրեց նրան։

Մըստոն ազգով քուրդ էր, եզիդիների աղանդից․ նա երիտասարդի հոր հովիվն էր և նրա մանկության ընկերը։ Մի կլորիկ պատանի էր Մըստոն խիստ աշխույժ և հավատարիմ, երբ թողեց նրան երիտասարդը, իսկ այժմ գտնում էր նրան հասակն առած և բոլորովին այրական դեմք ստացած։ Նա զինվորված էր թեթև կերպով․ ուներ միայն հրացան, թուր և ատրճանակներ։ Երիտասարդը շատ ուրախացավ, որ հանդիպեցավ իր հոր տան հավատարիմ ծառային, և ավելի այն պատճառով, որ նրանից կարող էր քաղել այն տեղեկությունները, որ իրան շատ հարկավոր էին։

Ա՜խ, որքա՜ն հիմար եմ ես, Սարհատ, ասաց Մըստոն իր սովորական ծիծաղով․ քիչ էր մնում, որ չճանաչեի քեզ. հենց որ տեսա, մտա թփի ետևը, հրացանս ուղղեցի․․․ հենց տրխկացնելու վրա էի, մեկ էլ աչքիս ընկավ ճակատիդ սպին․ ինձ ու ինձ ասացի, դա աղան է, էլ չարձակեցի… Ա՜խ, ինչպե՜ս փոխվել ես դու, սատանան չի ճանաչի։

Մըստոն կրկին փաթաթվեցավ և կրկին սկսեց համբուրել իր տերին։

Դու ուզում էիր ինձ սպանե՞լ, Մըստո, հարցրեց երիտասարդը։

Պա՛։ Ուզում էի նիզակդ խլել․ իմը կոտրվեցավ։ Առանց նիզակի քուրդին ամոթ է ման գալ։

Ե՞րբ կոտրվեցավ։

Կռիվ ունեցա քրդերի հետ, երբ մեր ոչխարները թալանում էին։ Բոլորը տարան անհավատները, մի հատ էլ չթողեցին։ Քո քուռակն էլ տարան, Սարհատ, այն կապույտ քուռակը․ մի տեսնեի՜ր, ի՜նչ լավ ձի էր դարձել, ամեն օր լավ ուտացնում, չաղացնում էի, մի օր աղան կգա, կնստի․ տարան անհավատները… այնքան ոչխարներից մեկն էլ չթողեցին։

Մե՞ր ոչխարները։

Ձերը․ բա ո՞ւմը․ Մըստոն խո ոչխար չունի։ Ոտքիս էլ գնդակ դիպավ։ Բայց ես էլ մի քանիսին գլորեցի․․․

Հիմա ո՞ւր էիր գնում այսպես կաղլիկ ոտով։

Գնում էի այս կողմը․․․ բան կար…

Ի՞նչ կար։

Ա՜խ, լեզուս չէ բռնում, որ ասեմ… անիծվի՜ն քրդերը… աղայինս…

Մըստոն չկարողացավ իր խոսքը վերջացնել, նրա աչքերը լցվեցան արտասուքով և սկսեց երեխայի նման հեկեկալ։

Սպանեցի՞ն… իմանում եմ, ասաց երիտասարդը։ Գնում էիր ի՞նչ անես։

Թաղեմ։ Խո այսպես չէի թողնելու։ Իմ աղան լավ աղա էր։

Ես թաղեցի, պատասխանեց երիտասարդը տխուր ձայնով։ Դու էն ասա՛, Մըստո, թե մի բան գիտես մորս, քույրերիս և եղբորս մասին։ Մըստոն ամեն բան գիտե. գիժ չէ՞, որ չգիտենա։ Գլխի՞ցը պատմեմ։

Ո՛չ, կարճ կապի՛ր։ Ի՛նչ կհարցնեմ, էն ասա։

Լավ, հարցրու։

Ե՞րբ եկան քրդերը։

Քրդերը եկան երկու օր առաջ. գիշեր էր, երբ եկան նրանք. մարդիկ բոլորն էլ քնել էին։ Նրանք շատ չէին, հարյուր ձիավոր հազիվ կլինեին, որ եկել էին մեր գյուղի վրա. մյուսները գնացել էին ուրիշ գյուղերի վրա։ Բայց հայի գյուղը թալնելու համար տասը ձիավոր էլ բավական է։ Ինչո՞ւ հայերը ղոչաղ չեն, աղա, դա լավ չէ, դա շա՛տ վատ է։ Լացն ու աղաղակը բարձրացավ, երբ նրանք խրճիթների դռները կոտրատեցին և ներս մտան։ «Տո՛, խանիխարաբնե՛ր, ասում էի ես հայերին, խո կնիկ չեք, մարդ եք, թե որ թուր ու թվանք չունեք, քարով, փայտով, կացինով խփեք ու դուրս արեք էդ շներին»։ Բայց ով էր իմ ձենը լսողը։ Առաջ նրանք սկսեցին դուրս տալ, ինչ որ տանելու էին, թե՛ ապրանք, թե՛ կին և թե՛ աղջիկ. բայց մնացած անպիտան ապրանքները՝ ծերերի, պառավների, երեխաների հետ՝ թողեցին խրճիթներում, դռները կրկին փակեցին, հետո կրակ տվեցին, այրեցին։ Իսկ տղամարդերին կոտորում էին։

Ոչ ոք չազատվեցա՞վ։

Ազատվեցան նրանք միայն, որ առաջուց բանը գիտեին ու փախել գնացել էին, սարերում թաք էին կացել։ Բայց շատերը չէին հավատում, թե քրդերը այնպես կանեին. նրա համար, որ գայմագամը գրում էր ժողովրդին՝ իրանց տեղումը հանգիստ մնան, չվախենան։ Խաբում էր անիծածը։

Մեր տան հետ ի՞նչ պատահեց։

Հայրդ տանը չէր, գնացել էր Բաշ-Կալա, ինձ ասաց. Մըստո, տունը պահիր, մինչև ես կդառնամ։ Ես արթուն էի, երբ քրդերը եկան, հրացանը ձեռիս կտուրի վրա կանգնած էի։ Բայց ի՛նչ կարող էր անել մենակ Մըստոն այնքան գազաններին. մի տասը տղամարդ եթե հետս ունենայի, նրանց չէի թող տալ, որ գյուղն էլ մտնեին, բայց մենակ էի։ Ես ձեռք էլ չբարձրացրի, նրա համար, որ քուրդի խասյաթը լավ էի իմանում, հենց որ մեկին ղիպչեի, ոչ մի հոգի կենդանի չէին թողնի։ Ես աշխատում էի մի կերպով ընտանիքը ազատել. մնացածը, ասում էի, գլուխը քարը, թո՛ղ տանեն։ Առանց ժամանակ կորցնելու, ես տնից դուրս հանեցի մորդ, եղբորդ և երկու քույրերիդ. բայց այնքան հիմար էի, որ չմտածեցի, թե տանը օրորոցի մեջ տղա մնաց։ «Երեխա՜ս, երեխա՛ս» գոռաց մայրդ և վազեց դեպի տուն։ Ես մնացի երկու սրի մեջտեղում, չէի իմանում, դեպի ո՛ր կողմը դառնամ։ Եթե աղջիկներին թողնեի, քրդերը կտանեին, լավ է, ասեցի, դրանց տանեմ մի տեղ թաքցնեմ, հետո դառնամ դեպի մայրը։ Եղբորդ և քույրերիդ թաքցրի գյուղից հեռու գարու արտի մեջ և շուտով վազեցի դեպի մայրդ։ Երբ հասա, տեսա, տունը վառվում էր բոցերի մեջ. բայց խեղճ կինը ոչ իմ կանչելուն ականջ դրեց, և ոչ էլ բոցերին մտիկ տվեց, մտավ կրակի մեջ. այն րոպեում փուլ եկավ կտուրը, և նա էլ դուրս չեկավ…։

Քարացածի նման լսում էր երիտասարդը այս բոլորը. նա գունաթափվել էր մարմարիոնի պես, և բարակ շրթունքները դողդողում էին տենդային անհանգստությամբ։ Արտասուք նրա աչքերում չէր երևում։

Հայրս ի՞նչու գնաց Բաշ-Կալա, հարցրեց նա դողդոջուն ձայնով։

Երբ լսեցին, թե Շեյխը հրամայել է գավուրներին կոտորել, ամենի վրա երկյուղ ընկավ, չէին իմանում, թե ինչ անեն, ո՛ր կողմը փախչեն, որ ազատվեն։ Այն ժամանակ հայրդ հավաքեց գյուղերի տանուտերներին երկու քահանայի ու մի վարդապետի հետ գնացին Բաշ-Կալա, որ մուդուրին, գայմագամին ասեն, որ նրանք ասկար (զինվոր) ուղարկեն երկիրը պահպանելու։ Մուդուրն ու գայմագամը առաջ խոստացել էին, թե ասկար կուղարկեն, հետո այսօր էգուց գցելով, այնքան ուշացրել էին, մինչև քուրդը եկավ, իր բանը տեսավ…։ Հետո գնացողներն տեսնելով, որ գայմագամը խաբում է, հույսը կտրած ետ էին դարձել։ Բայց քուրդերը իմանալով, որ գայմագամի մոտ էին գնացել, ճանապարհին բռնել էին և այնպես էին արել, որ դու ինքդ քո բարի աչքով տեսար…

Հիմա ո՞րտեղ են քույրերս, եղբայրս, հարցրեց երիտասարդը, երկչոտ վստահությամբ, մի՛ գուցե նրանց էլ մի փորձանք պատահած լինի։

Նրանք հիմա լավ տեղում են. ես տարա նրանց մեր էլի (ցեղի) մեջ, մեր չադրումն են կենում կնոջս մոտ։ Դու չե՞ս իմանում, Սարհատ, ես ախար հիմա կին ունեմ, մի երեխա էլ ունեմ, մի սիրուն երեխա։ Հայրդ (աստված նրա հոգին լույսի բաժին անե) ինձ պսակեց, մի լավ աղջիկ բերեց, և հարյուր ոչխար էլ տվեց, ասում էր. «Մըստո, բավական է ինչ որ ծառայեցիր, գնա՛ դրանից հետո քեզ համար ապրիր, տուն ու տեղի տեր դարձիր»։ Բայց ես ձեր տան հացը կերել էի, նրանով էի մեծացել, ասում էի, չէ՛, աղա, քո տան մեջ պետք է մեռնեմ, և քանի Սարհատը չի եկել, ես քո մեծ որդին կլինեմ։

Երիտասարդի սիրտը չդիմացավ այս խոսքերին, նա գրկեց Մըստոյին, և ճակատիցը համբուրեց, ասելով.

Դարձյալ դու իմ եղբայրը կլինես, բարի Մըստո, ես քեզանից չեմ բաժանվի։ Բայց դու այն ասա՛, կարծում ե՞ս, որ եղբայրս և քույրերս ձեր չադրում ապահով կմնան։

Պատանի քուրդը ինքնավստահ պարծենկոտությամբ պատասխանեց.

Շեյխ Ջալալեդդինը իր բոլոր ավազակներով Մըստոյի չադրը մտնել չէ կարող։ Դու ինքդ լավ ես իմանում եզիդիների ղեյրաթը (նախանձախնդրությունը). մի մարդ, ինչ ազգից էլ որ լիներ նա, երբ մտնում էր եզիդիի չադրի տակը, այն ցեղի բարի հյուրն է համարվում. այն ժամանակ բոլոր ցեղը իր արյունը կթափի և իր հյուրին թշնամու ձեռքը չի տա։

Հանկարծ նա խոսքը կտրեց և սկսեց ուշադրությամբ ականջ դնել։

Լսում ե՞ս, հարցրեց նա, այդ ձայները։

Ի՞նչ ձայներ, հարցրեց երիտասարդը, որովհետև նա այն աստիճան խռովված էր, որ ոչինչ ձայն չէր լսում։

Երգում են․․․։ Այսպես երգում է քուրդը, երբ թալան և գերիներ է տանում։

Ուրեմն գնանք, ասաց երիտասարդը։

Գնանք, կրկնեց պատանին։

Երկուքն էլ դիմեցին դեպի այն կողմը, որտեղից լսելի էին լինում ձայները։

Be the first who will comment on this

Other parts of "Ջալալեդդին"

Yatuk Music
Come
David Balasanyan

Come

Ararat Valley, 1981
Ararat Valley, 1981
Play Online