Raffi

Ջալալեդդին

Զ

Կես ժամից հետո նրանք գտնվում էին մի լեռան բարձրավանդակի վրա, որտեղից նկատեցին ձորի մեջ մի ընթացող քարավան, որը հեռավորության պատճառով թեև պարզ չէր նշմարվում, բայց նրա օտարոտի երևույթը խիստ կասկածավոր ձև էր տալիս նրան։

Մենք քարավանի առաջը կկտրենք, թե որ այս կողմով գնանք, ասաց Մըստոն ցույց տալով հազիվ նկատելի շավիղը, որ միայն որսորդներին էր մատչելի։

Բայց ես չեմ ուզում, որ նրանք տեսնեն մեզ, ասաց Սարհատը խորհրդավոր ձայնով։

Տեսնել չեն կարող, հազար աչք էլ ունենան տեսնել չեն կարող. այս լեռները ես ճանաչում եմ որպես իմ հինգ մատը։ Գնա՛նք։

Մըստոյի ընտրած ճանապարհը, թեև շատ դժվարին էր և անդադար սարսափելի ելևէջներով էր գնում, բայց այնքան կարճ և կտրուկ էր, որ շուտով նրանք անցան քարավանը, և անտեսանելի կերպով թաքչելով թփերի մեջ, սկսեցին հեռվից դիտել նրան։ Սարհատը մի հարևանցի հայացք ձգելով քարավանի վրա, տեսավ, որ դա քուրդ ասպատակների մի մեծ խումբ էր, որ տանում էին ավար և գերիներ։ Նա դարձավ դեպի իր ընկերը այս խոսքերով.

Կարո՞ղ ես, Մըստո, մի կերպով մտնել այս քարավանի մեջ և իմանալ, թե գերիները ո՞րտեղից են բերում, ուր են տանում և այս գիշեր ո՞րտեղ կիջևանեն կամ իրանք քրդերը ի՞նչ ցեղից են։

Բոլորը կարող եմ գիտենալ։

Ի՞նչպես կմտնես նրանց մեջ։

Ինչպես պետք է մտնել, ինձ խո չեն ուտի. կգնամ, բարև կտամ, քեֆները կհարցնեմ, հետո ես գիտեմ, թե ինչ կասեմ․․․։

Լա՛վ, գնա՛, չուշանա՛ս։

Մըստոն սատանայի նման աներևութացավ։ Իսկ Սարհատը այժմ սկսեց ավելի հետաքրքրությամբ նայել քարավանին։ Ի՞նչ էր տեսածը։ Ձիավոր քրդերի մի բազմություն, եզների, ավանակների և սայլերի վրա բարձած, քշում էին խառնիճաղանճ քարավանը, որ տանում էր տնային կարասիք և զանազան տեսակ իրեղեններ։ Բեռների վրա կապել էին մի-մի կամ երկու-երկու կին, աղջիկ և մանկահասակ պատանիներ։ Ավարը և գերիները միասին մի բեռն էին կազմում և քշում էին առաջ ամենայն սաստկությամբ։ Նրանք տարվում էին այն անասունների վրա, որ պատկանում էին թշվառ գերիների ծնողներին։ Տերը իր անասունի վրա նստած, գերի էր գնում։ Քարավանի ընթացքը շտապեցնելու համար քրդերը ցցած ունեին իրանց նիզակների ծայրերին մարդկային կառափներ․ ծնողների կտրած գլուխը ցույց էին տալիս որդիներին, որպես մի խրտվիլ, որ վախենան, որ փորձ չփորձեն փախչելու, շուտ-շուտ գնան, ուր որ տանում են նրանց և ձայն չհանեն…։

Սարհատը երկար նայել չկարողացավ, նրա գլուխր պտտվեցավ, և քարավանը անցավ։

Նրան այնպես էր թվում, որ աշխարհս փոխվել է, Նեռը հայտնվել է, և մարդը, աստուծո պատկերը, կատաղի գազան դարձած իր նման մարդերի արյունը ծծում է, նրանց միսը ուտում է։ Նա շատ էր ցանկանում ինքն էլ նույն գազաններից մեկը լինել, և դրա համար այրական սիրտ և բավական քաջություն ուներ. բայց ափսոսում էր, որ մենակ է, շատ ընկերներ չունի։

Հուսահատությունր շատ անգամ ակամա կերպով ձգում է մարդուն ծայրահեղ մտածությունների մեջ։ Սարհատը բնությամբ բարի էր, բայց հանգամանքները նրան չար էին շինել։ Նա տեսնում էր մի ամբողջ ժողովուրդ և այն ժողովուրդը, որին ինքն էլ էր պատկանում, հավի նման մորթում են, տունը ավերակ են դարձնում, կայքը հափշտակում են, որդիքը գերի են տանում, և այդ ժողովուրդը ոչինչ միջոցներ չունի պաշտպանվելու։ Նա գիտեր, որ այս սոսկալի պատահարները դարերով կրկնվում են նույն ժողովրդի հետ և տակավին նա չէ մտածել ընդդիմադրության մի զորություն կապելու։ «Եթե կարիքը, ասում էր նա, մարդու վարպետ է անում, եղանակների խստություններից պաշտպանվելու համար նա հագուստ էր հնարում, գազաններից պաշտպանվելու համար զենքեր է հնարում, ինչո՞ւ չէ մտածում նա միևնույն խելքը բանացնել մարդակերպ գազանների ձեռքում զոհ չդառնալու համար»։ Այսպես մտածելով, Սարհատը այն եզրակացության էր հասնում, թե այն ժողովուրդը ինքն էր մեղավոր, որ կյանքի պահանջները չէր հասկացել և չէր մտածում թե ինքը երկրի վրա է բնակվում, մարդիկների հետ գործ ունի և ոչ թե հրեշտակների հետ…

Սարհատը երկար էր թափառել երկրի վրա, շատ ազգեր և շատ աշխարհներ էր տեսել, բայց իր կյանքում ոչ մի լավ մարդու չէր հանդիպել, և այդ պատճառով, նա մարդկանց վրա կազմել էր խիստ վատ գաղափար։ Բոլոր մարդերին նա ավազակներ էր համարում, այն զանազանությամբ միայն, որ մեկը կոպիտ սրով է հափշտակում․ մյուսը խելքով, երրորդը արհեստով, չորրորդը մարդասիրության և քաղաքակրթության անունով և այլն։

Այս տեսակ մտքեր բացատրելու համար Սարհատը իր առանձին լեզուն և արտասանության ձևերն ուներ, «ավազակությունը, ասում էր նա, մարդկանց մեջ զանազան գույներով և շատ անգամ գեղեցիկ ծրարներով է հայտնվում. դու պատառիր արտաքին կեղևը. և կտեսնես միջուկը ավազակություն է, և ավելի ոչինչ»։

Սարհատը ինքն էլ ավազակ էր, մի արյունահեղ և սոսկալի ավազակ. նա եթե ծնված լիներ մի ուրիշ երկրի վրա և մեծանար մի ուրիշ շրջանում, գուցե ուրիշ տեսակ մարդ, կամ այլ տեսակ ավազակ կդառնար, որովհետև ամեն մի ավազակի գործունեությունը համապատասխանում է նույն հասարակության, որի միջից նա հայտնվում է։ Ավազակը մի սարսափելի բողոք է հասարակության անկարգ կազմակերպության դեմ։ Հայաստանի լեռների վրա, ուր երկու հակառակ ծայրերի վրա կանգնած են երկու հակառակ ազգություններ, մեկը՝ վերջին ստրկության հասած հայը, մյուսը՝ վերջին բարբարոսության հասած մահմեդականը, եթե ստրուկների կողմից բողոք է բարձրանում դեպի բռնակալությունը, դա բնականաբար պիտի ընդուներ ոչ այլ կերպարանք, բայց միայն Սարհատի ավազակային կերպարանքը․․․։

Բայց զարմանալին այն էր, թե ինչո՞ւ այնքան փոքր էր սարհատների թիվը․ նրա ամբողջ հրոսակը կազմված էր տասներկու քաջերից, որոնց նա կոչում էր «ավազակների առաքելություն»։ Այս հարցը բացատրելու համար պետք է երկար ու բարակ քննությունների մեջ մտնենք․ մենք թողնում ենք այդ, ահա՛ Մըստոն կրկին հայտնվեցավ, տեսնենք, նա ինչ է ասում։

Ամեն բան իմացա, ասաց նա։

Մեկ-մեկ ասա՛, ինչ որ կհարցնեմ, խոսեց Սարհատը։ Ձիավորները քանի՞ հոգի էին։

Համբարեցի, հիսունից ավել չեն։

Ո՞ր ցեղից են։

Հարտոշի են։

Գերիները և թալանը ո՞ր կողմից են բերում։

Շատախու կողմերից։ Ո՞ւր պիտի տանեն։

Դեպի Սոմայի։

Այս գիշեր ո՞րտեղ միտք ունեն իջևանելու։

Հասպիստանի հովիտների մեջ, Խանա-Սորի մոտ։

Սարհատը թողեց իր հարցուփորձը և սկսեց մատներով լուռ մի բան հաշվել. հետո նա կրկին դարձավ դեպի պատանին․

Ի՞նչ ես կարծում, Մըստո, դրանք ե՞րբ կհասնեն Սախկալ-Թութան կիրճին։

Մըստոն րոպեական մտածությունից հետո, պատասխանեց.

Սախկալ-Թութան կիրճին կհասնեն, երբ արևը մտնելու մոտ կլինի։

― Ես էլ այսպես եմ կարծում, ասաց Սարհատը։

Հիմա լսի՛ր, Մըստո, ավելացրեց նա. Ի՞նչքան ժամանակում կհասնես մինչև Բիժինկերտ գյուղը։ Ճանաչո՞ւմ ես։

Մըստոն նայեց արևին և պատասխանեց.

Ուղիղ կեսօրին այնտեղ կլինեմ։

Շատ լավ, շարունակեց Սարհատը, դու տեսել ե՞ս Բիժինկերտից փոքր ինչ հեռու ձորի մեջ մի մատուռ։

Տեսել եմ, երկուսն է, մեկը քանդված է։ Ո՞րն ես ասում։

― Հենց այն քանդվածն եմ ասում։

Ճանաչում եմ։ Մի գիշեր այնտեղ թաք եմ կացել, երբ մի ձի էի գողացել։ Լավ թաքնվելու տեղ է։

Սարհատը հետո ուրիշ հարց առաջարկեց։

Ի՞նչ տեսակ կենդանիների ձայնին նմանեցնել կարող ես։

Շատերի. շան նման հաչել գիտեմ, աքլարի նման խոսել գիտեմ, էշի նման կզռամ, գայլի նման կոռնամ, գառան նման կմռռամ, կատվի նման միա-ո՜ւ կանեմ, հոպոպի նման բի՛-բո՜ւ կանեմ, էլ ի՞նչ ես ուզում։ Ուրիշ շատերն էլ գիտեմ։

Այդ վերջինը բավական է։ Հիմա լսիր։ Ուղիղ կգնաս դեպի այն քանդված մատուռը, որտեղ գողացած ձին թաքցրիր։ Դեռ չհասած մատուռին մի բլուր կա…

Որի գլխին տնկած է մի ծակ քար, ավելացրեց Մըստոն։

Այո՛։ Այն ծակ քարի մոտ կկանգնես, երեք անգամ հոպոպի ձայն կհանես. քեզ կպատասխանեն նույն ձայնով։ Հետո ձայնդ կփոխես. երկու անգամ բուի ձայնով կկանչես։ Այն ժամանակ քեզ մոտ կհայտնվի մի մարդ։ Դու նրան կասես, դեռ արևը մայր չմտած պատրաստ լինեն Սախկալ-Թութան կիրճի մոտակայքում։

Կարելի է նա հարցրեց, թե քեզ ո՞վ ուղարկեց։

Իմ անունը կհայտնես։

Կարելի է, նա չհավատա։

Այս մատանին ցույց կտաս։

Սարհատը հանեց իր մոտից մատանին և տվեց Մըստոյին։

Կարելի է նա հարցրեց, թե ի՞նչ գործի համար է։

Դու կպատմես այդ գերիները տանող քարավանի մասին բոլորը, ինչ որ տեսար, և կասես, թե քարավանը Սախկալ-Թութան կիրճի մեջ մտածին պես, պետք է նրա առաջը կտրենք, որ գերիները ու թալանը խլենք քրդերից։

Իմացա։ Նրանք քանի՞ հոգի են։

Տասն և երկու։

Ո՞վքեր են։

Իմ ընկերները։

Տասն և երկու հոգին բավական է հիսունի դեմ Սախկալ-Թութան կիրճում, նկատեց Մըստոն. ես էլ նրանց հետ տասն և երեք կլինենք։ Բայց 13 թիվը նաս է։

Ինձ էլ հաշվելու լինես, 14 հոգի կլինենք, ասաց Սարհատը, 14-ը նաս չէ։

Մեզանից չորս հոգի բավական է, որ կիրճի դուռը կտրե, էլ ինքը սատանան չէ կարող այնտեղից դուրս գալ, նկատեց Մըստոն. ինչ լավ տեղ ընտրեցիր, աղա, բայց դու ո՞ւր կմնաս։

Ես ծածուկ կհետևեմ քարավանին, մինչև կիրճին հասնելը։ Բայց դու այն ասա՛, ոտքդ քեզ խո չի՞ նեղացնի. մինչև Բիժինկերտ բավական հեռու է։

Ո՛չ, չի նեղացնի, անիծված գնդակը մսի միջովն է անցել, ոսկորին չի դիպել, մահլա՛մ եմ դրել ու պինդ կապել։

Վերքը քանի՞ օրվա է։ ― Երեք օրվա, այսպիսի վերքեր շատ է տեսել Մըստոն, վնաս չունի։

Դե՛հ, հիմա գնա։

Սարհատը և Մըստոն բաժանվեցան, մեկը սկսեց գնալ դեպի քանդված մատուռը, մյուսը սկսեց զարտուղի ճանապարհներով հետևել գերիվարներին։

Be the first who will comment on this

Other parts of "Ջալալեդդին"

Yatuk Music
Gayane - Lullaby
Aram Khachatryan

Gayane - Lullaby

Ararat Valley, 1981
Ararat Valley, 1981
Play Online