Raffi

Ջալալեդդին

ԺԱ

Բարդուղիմեոս առաքյալի վանքի սարսափելի անցքից հետո, գիշերը վանքում մնալով, իսկ առավոտյան դեռ արևը չծագած այնտեղից հեռանալու ժամանակ, Սարհատը նոր նկատեց, որ Մըստոն չկար։ Նրա ընկերները կասկածանքի մեջ ընկան, մի՛ գուցե պատանի քուրդը մատներ նրանց։ Նա այնքան խորամանկ էր և հանդուգն, որ ամեն բան սպասելի էր նրանից։

Ես Մըստոյի ազնվության վրա կասկածել չեմ կարող, ասաց Սարհատը. և ավելի այն պատճառով, որ նա քուրդ է։ Քուրդը կեղծ մարդ չէ. թե թշնամության մեջ, թե բարեկամության մեջ նա իր գույնը չի փոխում։

Բայց Մըստոն ամբողջ երեք օր չերևաց։ Հետո հայտնվեցավ նա։

Գտա, եղավ նրա առաջին խոսքը, փաթաթվելով Սարհատի վզին։

Ո՞ւմ գտար, հարցրեց Սարհատը շփոթվելով։

Ասլիին. նրան, որին դու սիրում ես։

Սարհատը ուրախությունից մի տեսակ արբեցության մեջ ընկավ։

Մըստոն մի ըստ միոջե սկսեց պատմել իր հանդիպելը փաշայի սուրհանդակի հետ, նրան սպանելը, հետո նամակն առնելով, և ինքն սուրհանդակ ձևանալով, շեյխի բանակը մտնելը և այնտեղ գերի աղջկանց թվում Ասլիին գտնելը։

Դու հաստատ գիտե՞ս, որ նա շեյխի բանակումն է, հարցրեց Սարհատը վրդոված ձայնով։

Ինչպես չգիտեմ, աչքովս տեսա, հետը խոսեցի, պատասխանեց Մըստոն ուրախ կերպով։

Նա ճանաչե՞ց քեզ։

Հենց որ տեսավ, իսկույն ուզում էր վազել ինձ մոտ. ես նշան արեցի, նա զգուշացավ։

Ինչպե՞ս կարողացար տեսնել նրան։

Մըստոն պատմեց, թե երբ նամակը տվեց շեյխին, նա հրամայեց մի օր սպասել, մինչև ինքն իր իշխանների հետ խորհուրդ կանի և պատասխանը կգրի։ Նրան տեղ տվեցին շեյխի վրանի մոտ և հրամայեցին կերակրել։ Այն ժամանակ նա գտավ «իրանցից» մեկին, որը կրոնով եզըդի է, որին առաջուց ճանաչում էր։ Նա այժմ շեյխի մերձավոր սպասավորներից մեկն է, որ նրա համար չիբուխ է լցնում։ Այդ մարդը Մըստոյին տարավ իր մոտ, և որպես իր կրոնակցին ու հայրենակցին, սկսեց հյուրասիրել։ Մըստոն կարող էր նրան հավատալ, որպես իր վաղեմի բարեկամին, և խնդրեց ցույց տալ իրան գերիները, և նրանց մեջ գտավ Ասլիին։ Հետո նրան հայտնեց իր խորհուրդը, ասելով, թե եկել է գողանալու այն աղջկան, թե այն աղջիկը իր տիրոջ նշանածն է, որին շատ սիրում է։ Մըստոյի հայրենակիցը խոստացավ ինքը ծածուկ դուրս բերել աղջկան բանակից և հանձնել ում որ կասի նա։

Սարհատը խորին ապշությամբ լսում էր այս պատմությունը, դժվարությամբ հավատալով իր ականջներին։ Նա հարցրուց.

Դու հավատո՞ւմ ես, որ քո հայրենակիցը կկատարե իր խոստումը։

Եզիդին շուտ չէ խոստանում, բայց երբ խոսք տվեց, կատարում է իր խոսքը, պատասխանեց Մըստոն մի առանձին հպարտությամբ։

Հետո նա ավելացրուց, թե մի գաղտնիք, որ իրան առաջուց հայտնի էր այն մարդու վերաբերությամբ, ավելի առիթ է տալիս հավատալ նրա խոստմունքին։ Այդ մարդու եղբորը, ասաց Մըստոն, մի քանի տարի առաջ սպանել տվեց շեյխը. հիմա նա մտել է շեյխի մոտ որպես սպասավոր, որ կարողանա իր եղբոր վրեժը առնել։ Շեյխը չէ ճանաչում, թե նա սպանվածի եղբայրն է կամ կրոնով եզիդի է։

Այսպիսի մարդուն հավատալու է, համոզվեցավ վերջապես Սարհատը։ Բայց նա ինչպե՞ս կարող է նրան դուրս բերել բանակից։

Նա կհագցնի Ասլիին տղամարղի շորեր, և Ասլին ինքը դուրս կգա բանակից։ Մըստոն քիչ խելք չունի, ամեն բան կարգադրել է, ինչ որ պետք է։ Մենք այս գիշեր պետք է պատրաստ լինենք բանակից փոքր ինչ հեռու մի ձորի մեջ, այնտեղ մի հին տանձենի կա, նրա մոտ։ Ասլին կգա այնտեղ և մեզ կգտնի։

Գերիների թիվը շա՞տ է, հարցրեց Սարհատը մի փոքր մտածելուց հետո։

Հարյուրի չափ կնիկներ ու աղջիկներ ինքը շեյխը ընտրել է իր համար, մի քանի վրաններ լիքն են, որ կազմված են իր վրանի մոտ։

Մյուս քրդերը նույնպես ունեն։ Մարդ չկա, որ մի քանի հատ բերած չլինի, շատերին վաճառում են, ուշնեցի հրյաները գնում են, որ տանեն կրկին հայերի վրա ծախեն։ Շատ էժան է, մի ադջիկր մի արծաթ մեջիդիայով (1 ռուբլի 20 կոպեկ) կարելի է առնել։

Սարհատի մի փոքր պայծառացած դեմքը կրկին մթնեց, կրկին տիրեցին նրա սրտին դա՜ռն ցավերը…

Այս խոսակցությունները Մըստոյի և իր տիրոջ մեջ անց էին կենում առանձին, հեռացած մի փոքրիկ աղբյուրի մոտ, որ բղխում էր լեռնային ապառաժի ճեղքից։ Նույն ժամուն նրա ընկերները պառկած էին ավելի հեռու, խոտերի վրա, գիշերային արշավանքից հանգստանալու համար։ Սարհատը մոտեցավ նրանց, զարթեցրեց և հաղորդելով Մըստոյի բերած լուրերը, հայտնեց, թե ինքը պետք է գնա դեպի Ջալալեդդինի բանակը։

Մենք քեզանից չենք բաժանվի, պատասխանեցին ընկերները։

Be the first who will comment on this

Other parts of "Ջալալեդդին"

Yatuk Music
Al Ailughs
Komitas

Al Ailughs

Ararat Valley, 1981
Ararat Valley, 1981
Play Online