Վահան Թոթովենց

Նոր Բյուզանդիոն

5

ԻՍԽԵԼ. (Բղավում է) Սպանո՛ւմ են ինձ. ա՜, հասե՜ք, կախաղան են բարձրացնում իմ պատիվը։ Աղոթել և սպասել... Դա միայն աստուծո ընտրյալ հիմարը կարող է անել։ Հեռացի՛ր այստեղից քո Եհովայով միասին։

ՍԻՄԽԱ. Եթե չես աղոթի, մտածի։ Կորցնում ես դու քեզ:

ԻՍԽԵԼ. (Հանգստանալով) Դա ճիշտ է։ Պետք է մտածել, պետք է մտածել զօր ու գիշեր։

ՍԻՄԽԱ. Փոխանակ մտածելու, ցնդած ծերունի, այնպիսի աղաղակներ բարձրացրիր, որ երիտասարդ աղջիկս անգամ իմացավ։

ԻՍԽԵԼ. Թող իմանա։ Հոր հանդեպ եղած անարգանքը պետք է իմանա և պարտավոր է տանջվել դրա համար։

ՍԻՄԽԱ. Է՛հ, ցնդել ես: Վերջ ի վերջո՝ ամբողջ եղածը մի ապտակ է։

ԻՍԽԵԼ. Կին ես և կարող ես տանել։

ՍԻՄԽԱ. (Արհամարհական շարժուձևեր:)

ԻՍԽԵԼ. Սիմխա, մեծահարուստ հրեա Իսխելի կինը, պատրաստվի՛ր աղքատության, պատրաստվի՛ր ուրիշների դռներին լվացք անել ապրելու համար, որովհետև մեծահարուստ հրեա Իսխելը պիտի վատնի բոլոր հարրստությունը իր թշնամու մի կաթիլ արյունը տեսնելու համար։

ՍԻՄԽԱ. Պետք է ավելի ու ավելի հարստանաս կռվելու համար։

ԻՍԽԵԼ․ Պատրաստվի՛ր աղքատության, մեծահարուստ հրեա Իսխելի կինը։

ՍԻՄԽԱ. Ես միջոցներ ունեմ ապրելու, ուրիշների դռներին լվացք անելու կարիք չունեմ։

ԻՍԽԵԼ. Այո, գիտեմ, կին ես դու և կարող ես ծախել սիրուն աղջիկդ։

ԶԻԼՖԱ. Հայր...

ՍԻՄԽԱ. Մտածի՛ր, մտածի՛ր, մտածի՛ր։

ԻՍԽԵԼ. (Խորասուզվում է, աչքերը չռած տախտակամածին:) Մի կողմից՝ պետք է բարեկամանամ իմ թշնամու հետ, մյուս կողմից՝ իմ ամբողջ հարստությամբ, կաշառքներ բաժանեմ իսլամ մեծամեծներին, մինչև գտնեմ իմ թշնամուն դատապարտելու մի փոքրիկ առիթ։ Կաշառքը հիմքն է այս կայսրության։ (Ինքնիրեն) Իս- խել, հավաքի՛ր քո բոլոր ուժը, երկրպագի՛ր, կռացի՛ր ներքին անշիջելի ատելությամբ, ժպտա՛ արտաքուստ, իսկ ներքուստ դիզի՛ր դեղին մաղձ։

ՍԻՄԽԱ. Ժամանակը կմոռացնի ամեն ինչ։

ԻՍԽԵԼ. Ժամանակը անգութ կերպով բոցավառում է անպատվված լինելու զգացումը։ Խարույկի նման, նման անշիջելի մորենուն, վառվում է ապտակը իմ հոգու մեջ։

Ներս է մտնում Հալետը. Սիմխան և Զիլֆան քաշվում են վարագույրի ետև:

ՀԱԼԵՏ. Սպասում էի քեզ, Իսխել։

ԻՍԽԵԼ. Երանի ինձ հանդիպեիք գերեզմանում։

ՀԱԼԵՏ. Առաջ ինձ զարմացնում էիր դու, Իսխել, քո սառնասրտությամբ և համբերությամբ, իսկ հիմա դու զարմացնում ես քո տաքարյունությամբ և անհամբերությամբ։

ԻՍԽԵԼ. Չէի ցանկանա երբեք, որ իմ բարեկամ Հալետ էֆենդին ապտակվեր, բայց եթե ապտակվեր, այդպես չէր խոսի։

ՀԱԼԵՏ. Ես թույլ չեմ տա Հաջի Չելեբուն, որ հեշտությամբ և անպատիժ մարսի ապտակը։

ԻՍԽԵԼ. (Ուրախացած) Ուզում եմ նորից լսել այդ խոսքերը։

ՀԱԼԵՏ. Մարգարեն վկա, ես կսպանեմ նրան, թեկուզ իմ գլուխն էլ կորցնեմ նրա գլուխից հետո։

ԻՍԽԵԼ. (Ընկնելով Հալետի ոտները՝ սկսում է կոշիկները լիզել:)

ՀԱԼԵՏ. Ես նրան կպատժեմ՝ հանձն առնելով իմ սեփական մահը։ Միայն մի բան եմ պահանջում, Իսխել, որ դու հանձն պիտի առնես իմ չվտանգվելը: Չէ՞ որ ինձ ժամանակ է պետք վրեժխնդրության համար։

ԻՍԽԵԼ. Կանեմ ինչ որ հրամայես։

ՀԱԼԵՏ. Արտասահմանից գալիք օսմանյան կեղծ ոսկին պետք է գա քո անունով։ Եթե իմ անունով բռնեն, դու ինձ չես կարող օգնության հասնել, իսկ եթե քո անունով բռնեն, ես կարող եմ քեզ ազատել։

ԻՍԽԵԼ. Պատրաստ եմ, միայն փոխարենը պահանջում եմ Հաջի Չելեբու գլուխը:

ՀԱԼԵՏ. Երկրորդ անգամ երդվում եմ մարգարեի անունով։

ԻՍԽԵԼ. Հավատում եմ։

ՍԻՄԽԱ. (Դուրս գալով վարագույրի ետևից և երեսը շուռ տալով դեպի պատը՝ իսլամական օրենքի նամաձայն) Ներեցեք, Հալետ էֆենդի, դուք վտանգում եք իմ ամուսնուն։

ԻՍԽԵԼ. (Բղավում է) Լռի՛ր։ Քո գործը չէ տղամարդկանց գործին խառնվել։ Հեռացի՛ր այստեղից։

ՀԱԼԵՏ. Սպասի՛ր, Իսխել, ես ուզում եմ հասկացնել քո կնոջը, որ այս բոլորը անում եմ իր ամուսնու պատվի համար: Ինձ ապտակող չի եղել, ապտակողը հիմա իմ իսլամ եղբայրակիցն է. մի մոռանա, որ մարգարեն հրամայում է համբուրվել նրա հետ։ Ինչ էլ որ պատահի, ես և նա պետք է բազմենք ջեննեթի մեջ։ Կրկնում եմ՝ այս բոլորը անում եմ ես իմ բարեկամ Իսխելի պատիվը փրկելու համար։

ՍԻՄԽԱ. Թող ապտակը անվրեժ մնա, և թող չվտանգվի իմ ամուսինը։ Շուտով կմոռանա նա ապտակը, իսկ եթե բռնվեն ոսկիները, դժվար թե Հալետ էֆենդին կարողանա ազատել հրեա մաքսանենգին։

ԻՍԽԵԼ. Լռի՛ր և դուրս գնա՛ այստեղից։ Աշխարհը պետք է փուլ գա, որ ես լսեմ կինարմատի խրատներին։ Դո՛ւրս (քաշքշում է Սիմխային և դուրս անում):

ՍԻՄԽԱ. (Քաշքշուկի ժամանակ բղավում է) Լսի՛ր իմ խրատին։ Աղետալի է այս, աղետալի։

ԻՍԽԵԼ. (Մոտենալով Հալետին) Կանայք երջանիկ են, երբ անպատվվում են, Հալետ էֆենդի, ուշք մի՛ դարձնեք, աղաչում եմ։

ՀԱԼԵՏ. Դու իմանո՞ւմ էիր, որ նա պահված էր վարագույրի ետև։ Վտանգավոր են կանայք, երբ գաղտնիք են իմանում։

ԻՍԽԵԼ. Չէի իմանում, Հալետ էֆենդի։ Ես կխեղդեմ նրան, եթե համարձակվի չլռել այդ մասին։ Հրեա կանայք խոսում են, տեր իմ, բայց նրանք չեն գործի իրենց ամուսինների դեմ։

ՀԱԼԵՏ. Պետք է զգույշ լինես, Իսխել, ես իսլամ եմ, վտանգը կարող է քեզ պատահել։

ԻՍԽԵԼ. Անհոգ եղեք, Հալետ էֆենդի, գաղտնիքը ավելի խորացավ, քանի որ կինս իմացավ։

ՀԱԼԵՏ. Ես գնում եմ։ Կկարգադրեմ, որ ոսկիներն ուղարկեն քո անունով։ Կվարձատրեմ քեզ դրա համար։

ԻՍԽԵԼ. (Համբուրելով Հալետի վերարկուի քղանցքները) Ոսկիները կստանամ և կհանձնեմ ձեզ, իսկ դուք ստացեք գլուխը և հանձնեցեք ինձ։

ՀԱԼԵՏ. (Դուրս:)

ԻՍԽԵԼ. (Սենյակի դռան շեմքին կանգնած, ներվային արագությամբ շոյելով միրուքը) Ոսկիների փոխարեն կստանամ գլուխը։

ՎԱՐԱԳՈՒՅՐ
ՊԱՏԿԵՐ
Սըրմայի առանձնասենյակը

ԱԸՐՄԱ. (Ծունկ չոքած սեղանի վրա դրված մի փոքրիկ խաչելության արձանի առաջ՝ աղոթում է:)

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ. (Ներս է մտնում և տեսնելով, որ Սըրման աղոթում է, լուռ և աննշմար քաշվում է դուրս:)

ՍԸՐՄԱ. (Վերջացնելով աղոթքը ոտի է կանգնում և գնում, նստում է թախտի վրա:)

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ. (Էլի ներս է մտնում) Զարմանալի լուր ունեմ քեզ հաղորդելու, տիկին:

ՍԸՐՄԱ. Զարմանալի՞:

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ. Այսօր քեզ այցելության պիտի գա Հաջի Չելեբու կինը Նազմիե հանըմը։

ՍԸՐՄԱ. Որքան պառավում ես, այնքան ավելի սիրում ես կատակներ անել, պառավ։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ. Կատակ չեմ անում, տիկին, այդպիսի բանի համար կատակ չեն անի։ Գալիս է նա։ Հաջի Չելեբու ծառան քիչ առաջ լուր բերեց։

ՍԸՐՄԱ. Լուրը ո՞վ էր ուղարկել, ամիրա՞ն, թե կինը։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ. Ամիրան, տիկին։

ՍԸՐՄԱ. Ա՜հ, ինչքան եմ կարոտել նրան։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ. Իզուր ինձ չլսեցիր, տիկին։ Ամբողջ քառասուն տարի ապրել եմ ես այս տանը, դու, այս տունը գալուց հետո, լսել ես իմ բոլոր խոսքերը, բայց այս վերջինը չլսեցիր։ Ամիրայի իպամությունից հետո դու ևս կարող էիր իսլամանալ, փրկելով ամիրայի հոգեկան ծանր կացությունը։ Ես տեղյակ եմ նրա խոր սիրույն դեպի քեզ և իր զավակը։ Դու կփրկեիր մանավանդ նրա հոգեկան կացությունը, պատճառ լինելով որ նա կրկին չամուսնանա։

ՍԸՐՄԱ. Ապա իմ հոգի՞ն, պառավ։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ. Թույլ տուր ինձ ասելու, որ մտածելով քո հոգու մասին՝ կորցրիր քո սերը։ Սերը, տիկին, հիմք է ամեն բանի։ Բարություն կարող էիր անել մինչև անգամ չդավանելով ո՛չ մեկին և ո՛չ էլ մյուսին, բարությունը կրոնի հետ կապված առաքինություն չէ։ Մեզ համար հնարավորություն չկա տեղեկանալու ամիրայի ներքին կյանքին, բայց ես գուշակում եմ, թե նա ամեն երեկո արցունքներով է անցկացնում իր կյանքը։

ՍԸՐՄԱ. Ասում են, ոչ մի տեղ չի գնում, բացի իր պաշտոնատեղից։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ. Դու կարծում ես, որ նա կմեռնի իր բնակա՞ն մահով։

ՍԸՐՄԱ. (Լալիս է:)

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ. Նրա իմաստությունը և նրա հոգեկան ուժը, իհարկե, դեռևս երկար կարող են նրան պահել հավասարակշռության մեջ, բայց վերջ ի վերջո... Սխալ արիր դու, տիկին, իմ սպիտակ մազերը ինձ համարձակություն են տալիս ասելու այս առանց ծածկելու։ Սխալ արիր, որ չիսլամացար։ Իհարկե, ամիրան այդ երբեք չէր խնդրի, չէր առաջարկի, բայց ես ասացի քեզ ժամանակին։ Կրոնի հանդեպ եղած անարգանքի համար հրեային ապտակելուց հետո՝ նրա քաղաքական կացությունը ուրիշ կերպ չի փրկվի։ Պետք էր իսլամանալ։ Իսլամացավ։

ՍԸՐՄԱ. Այդ բոլորը ճիշտ է, բայց ես չէի դավաճանի իմ կրոնին։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ. Ասենք՝ դրա մասին մտածելու կարիք չկա։ Արդեն ուշ է ամեն ինչ, միայն ուրախ երևա պստիկ տիրուհու առաջ, որպեսզի նա գնա և պատմի ամիրային։ Ամիրան ուղարկում է նրան, ես հավատում եմ, միայն այս տան տրամադրությունը շոշափելու համար։

ՍԸՐՄԱ. Եթե դա ուրախություն կարող է պատճառել նրան՝ ես սպիտակ քողերի մեջ կծածկեմ իմ վիշտը։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ. Ծածկիր, տիկին, թաղիր քո վիշտը ինչքան խորը կարող ես։

ՍԸՐՄԱ. Գնա՛, պառավ, և կարգադրի՛ր, որ հարկ եղած պատիվներով ընդունեն նրան։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ. Այս առանձնասենյակո՞ւմ ես ընդունելու նրան։

ՍԸՐՄԱ. Այո, այստեղ։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ. (Դուրս:)

ՍԸՐՄԱ. (Ոտքի է կանգնում, լուսամուտից դիտում է դուրս, հառաչում է:)

ՍՊԱՍՈՒՀԻ. (Ներս) Ընդունելության ո՞ր զգեստն եք հրամայում, տիկին։

ՍԸՐՄԱ. Ոչ մեկը:

ՍՊԱՍՈՒՀԻ. (Խոնարհվելով քաշվում է դուրս:)

ՍԸՐՄԱ. Սպասիր, աղջիկս։

ՍՊԱՍՈՒՀԻ. (Ներս:)

ՍԸՐՄԱ. Կանչի՛ր այստեղ Սիրանուշին։

ՍՊԱՍՈՒՀԻ. (Դուրս:)

ՍԸՐՄԱ. (Բարձի վրա դրված մի գիրք է բաց անում և սկսում է կարդալ:)

ՍԻՐԱՆՈՒՇ. (Մտնում է, պառավ դայակը ետևից:)

ՍԸՐՄԱ. Սպասում էի քեզ, աղջիկս։

ՍԻՐԱՆՈՒՇ. Ճի՞շտ է, մայրիկ։

ՍԸՐՄԱ. Այո, ճիշտ է։

ՍԻՐԱՆՈՒՇ. Ե՞րբ է գալու։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ. Ամեն րոպե սպասում ենք։

ՍԻՐԱՆՈՒՇ. Ինչքան ցանկանում եմ տեսնել հայրիկի կնոջը։

ՍԸՐՄԱ. (Հառաչում է և աչքերի արցունքները ցույց չտալու համար երեսը շուռ է տալիս:)

ՍԻՐԱՆՈՒՇ. Անպայման գեղեցիկ կլինի։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ. (Նշան է անում Սիրանուշին լռել և գաղտնի ցույց է տալիս մորը:)

ՍԻՐԱՆՈԻՇ. (Գլուխը կախում և զղջում է իր ասածների համար:)

ՍԸՐՄԱ. Գնա՛, պառավ, ուշադրության դարձրու, որ լավ ընդունվի ամիրայի կինը մեր ապարանքում։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ. Շատ բարի, տիկին։ Դու անպայման այստեղ մնա, Սիրանուշ, մայրիկիդ մոտ։ (Դուրս:)

ՍԻՐԱՆՈՒՇ. Այո, ես չեմ հեռանա։ (Գնում է և փաթաթվում մոր վիզը:)

ՍԸՐՄԱ. (Արցունեների միջից) Ինձ մնացել ես միայն դու։ (Համբուրում է:)

ՍՊԱՍՈՒՀԻ. (Ներս) Պստիկ խաթունը եկավ։

ՍԻՐԱՆՈՒՇ. (Ոտի է կանգնում:)

ՍԸՐՄԱ. (Թաշկինակով սրբում է աչքերը և ակամա ուրախ տրամադրություն է ստանում:)

ՆԱԶՄԻԵ. (Պառավի նետ ներս է մտնամ իսյամական չարսաֆով: Քողերի տակից տեսնելով, որ տղամարդ չկա՝ բաց է անում երեսը և մոտենալով Սըրմա խաթունին՝ չոքում է առաջը:)

ՍԸՐՄԱ. (Համբուրում է ճակատը:)

ՍԻՐԱՆՈՒՇ. (Մոտենում է Նազմիեին, և համբուրվում են:)

ՆԱԶՄԻԵ. Ողջույններ եմ բերել Հաջի Չելեբուց ձեզ, մեծ խաթուն, և իր աղջկան։

ՍԸՐՄԱ. Ապրի ուղարկողը, և ապրի բերողը։ Ինչպե՞ս է ամիրայի առողջությունը։

ՆԱԶՄԻԵ. Շատ լավ, մեծ խաթուն, միայն տանջվում է ձեզ չտեսնելով։

ՍԻՐԱՆՈՒՇ. Հայրիկս...

ՍԸՐՄԱ. Բարձրացեք ինձ մոտ, պստիկ խաթուն և պատմեցեք, թե ինչպես է անցկացնում ամիրան իր օրերը։

ՍԻՐԱՆՈՒՇ. (Բարձրացնում է Նազմիեին և նստեցնում է թախտի վրա:)

ՍՊԱՍՈՒՀԻ. (Մետաքսե բարձիկներ է շարում Նազմիեի շուրջը:)

ՆԱԶՄԻԵ. Չելեբին ապրում է բոլորովին քաշված կյանքով։ Ամեն օր երկու ժամով գնում է մաքսատուն և ուղիղ վերադառնում տուն։ Հյուրեր չի ընդունում և ոչ ոքի մոտ հյուր չի գնում։ Տանը զբաղված է մեր փոքրիկ պարտեզի ծաղիկների խնամքով։

ՍԸՐՄԱ. Ա՜, չի՞ մոռացել ամիրան ծաղիկները:

ՆԱԶՄԻԵ. Ո՛չ, մեծ խաթուն, անհուն սիրով խնամում է ծաղիկները։

ՍԸՐՄԱ. (Պառավին) Ուղարկել տուր ամիրային իր սիրած բոլոր ծաղիկները։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ. Շատ բարի, տիկին։

ՆԱԶՄԻԵ. Կարդում է ինչ-որ հին, փոշոտած գրքեր։ Խոսում է այս տան մասին իբրև հին, անցած բանի մասին։

ՍԻՐԱՆՈՒՇ. Առավոտները ե՞րբ է զարթնում հայրիկը։

ՆԱԶՄԻԵ. Շատ վաղ։

ՍԻՐԱՆՈՒՇ. Իսկ երեկոները ե՞րբ է անկողին մտնում։

ՆԱԶՄԻԵ. Շատ ուշ։ (Սպասուհին արծաթե ափսեի վրա բերում է թրքական կոֆե և հրամցնում է նախ Նազմիեին): Տվեք մեծ խաթունին։ Համեցեք, մեծ խաթուն (ոտքի է կանգնում):

ՍԸՐՄԱ. Համեցե՛ք, համեցե՛ք, դուք իմ տանն եք։

ՆԱԶՄԻԵ. Մի ամաչեցնեք ինձ, մեծ խաթուն։

ՍԸՐՄԱ. (Առնում է մի բաժակ և տալիս է Նազմիեին:)

ՆԱԶՄԻԵ. (Առնում է բաժակը, խոնարհությամբ դնում է կողքին և մի բաժակ էլ առնելով ափսեից՝ տալիս է Սըրմա խաթունին:)

ՍԸՐՄԱ. (Առնելով բաժակը) Ապրեք։

ՍԻՐԱՆՈՒՇ. Դու սիրո՞ւմ ես հայրիկին։

ՆԱԶՄԻԵ. Անսահման սիրով։

ՍԸՐՄԱ. (Կիտում է հոնքերը, զգուշանալով նշմարելի չդարձնել Նազմիեին) Ասացեք, պստիկ խաթուն, ամիրայի գլխին կա՞ն ճերմակ մազեր։

ՆԱԶՄԻԵ. Հազիվ մի քանի հատ, մեծ խաթուն։

ՍԻՐԱՆՈՒՇ. (Անհուն ուշադրությամբ հետևում է նրա բոլոր շարժումներին:)

ՍԸՐՄԱ. Ամիրան այս տան մեջ երբեմն տառապում էր հոդացավից։ Ինչպե՞ս է զգում իրեն հիմա։

ՆԱԶՄԻԵ. Գարնան անձրևների ժամանակ մի քիչ զգալի եղավ։ Մոռացա ասելու, որ Չելեբին խնդրեց ուղարկել իրեն իր հոր նարգիլեն։

ՍԸՐՄԱ. (Ուզում է խոսել:)

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ. Իսկույն, պստիկ խաթուն, ոչ ոք չի գործածել։ Իր գնալու օրից փաթաթված դրված է պահարանում։

ՆԱԶՄԻԵ. (Ուշադրությամբ նայելով Սիրանուշին) Ինչ նման է հորը։ Աստված ձեզ պարգևի, մեծ խաթուն. (էլի Սիրանուշին դառնալով և ոտի կանգնելով) ինչ հասակ, նման հոր հասակին, ինչ աչքեր, նման հոր աչքերին։ (Լռություն) Ուշացա։ Պետք է գնամ, Չելեբին հիմա եկած կլինի։

ՍԸՐՄԱ. Սպասեք, պստիկ խաթուն, մի քիչ էլ սպասեք։ (Պառավին) Բեր այստեղ իմ փոքրիկ սնդուկը։

ՊԱՌԱՎ. Շատ բարի (դուրս):

ՍԸՐՄԱ. Ամիրայի կյանքի երջանկությունը ձեզանից է կախված, պստիկ խաթուն։ Մենք բոլորս խնդրում ենք ձեզանից ոչինչ չխնայել նրա երջանկության համար։

ՆԱԶՄԻԵ. Ձեր ցանկությունը իմ էլ ցանկությունն է։

ՍԸՐՄԱ. Ապրեք։

ՆԱԶՄԻԵ. (Պատի վրա նշմարելով մի նկար) Ա՛հ, այս նկարը երևի Հաջի Չելեբու երիտասարդության նկարն է։

ՍԸՐՄԱ. (Խորը հառաչելով) Այո։

ՆԱԶՄԻԵ. (Երկար և հափշտակված նայում է նկարին:)

ՍԸՐՄԱ. Այդ նկարում Չեչեբին քսանևհինգ տարեկան է։

ՆԱԶՄԻԵ. Ինչքան կցանկանայի տեսնել նրան երիտասարդ։

ՍԸՐՄԱ. Քառասունևհինգը անց չէ ամիրան, պստիկ խաթուն։

ՆԱԶՄԻԵ. Բայց նրա ճակատի վրա շատ կյանք և շատ տանջանք կա։

ՍԸՐՄԱ. Աշխատել է իր ողջ կյանքում։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ. (Ներս է մտնում փոքրիկ սնդուկով և դնում է Սըրմայի առաջ:)

ՍԸՐՄԱ. (Բաց անելով՝ միջից վերցնում է մարգարիտների մի շարոց) Ամիրան այս շարոցը ինձ նվիրել է՝ երբ մենք նշանված էինք։ Նվիրում եմ ձեզ։ (Կախում է նրա վզից։)

ՆԱԶՄԻԵ. Շնորհակալ եմ, մեծ խաթուն։

ՍԸՐՄԱ. (Դուրս բերելով երկու ադամանդյա մատանիներ) Պահում էի այս երկու ադամանդյա մատանիները ապագա իմ հարսի մատը անցկացնելու համար։ Հիմա անց եմ կացնում քո մատներին։ (Անց է կացնում Նազմիեի մատներին:)

ՆԱԶՄԻԵ. Շնորհակալ եմ, մեծ խաթուն։ Երբ դուք հարս ունենաք, այս մատանիները ես կանցկացնեմ նրա մատներին։

ՍԸՐՄԱ. (Հանելով մի ոսկյա ժամացույց) Այս ժամացույցը ամիրայինն է, պահիր։

ՆԱԶՄԻԵ. (Առնելով ժամացույցը՝ համբուրում է:)

ՍԸՐՄԱ. (Սնդուկից մի ուրիշ բան դուրս բերելիս:)

ՆԱԶՄԻԵ. Բավական է, մեծ խաթուն։

ՍԸՐՄԱ. (Առանց ուշադրություն դարձնելու նրա խոսքերին) Այս ադամանդյա ասեղը գործածիր քո սև, սիրուն մազերի համար։ Իմն է։

ՆԱԶՄԻԵ. (Համբուրում է լուռ Սըրմա խաթունի ձեռքերը:)

ՍԸՐՄԱ. Բարևիր ամիրային և ասա նրան, որ մենք բոլորս էլ կաղոթենք նրա առողջության համար։ Ասա, որ հանգիստ և երջանիկ ենք, որ նա առողջ է։ (Արցունքներդ հազիվ է կարողանում զսպել:)

ՍԻՐԱՆՈՒՇ. (Համբուրելով նրան և լաց լինելով) Համբուրիր հայրիկին։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ. Բարևիր ամիրային։ Ասա, որ պառավ դայակը չի մոռացել իրեն։ Աստված պահպանի նրա թանկագին կյանքը։

ՆԱԶՄԻԵ. Մնացեք բարով։ (Դուրս:)

ՍԻՐԱՆՈՒՇ. (Գնում է նրա հետ դուրս:)

ՍԸՐՄԱ. (Երկար լռությունից հետո) Ինչ լավ աղջիկ է ամիրայի կինը։ (Ուզում է շարունակել, բայց արցունքները խեղդում են նրան, սկսում է դառնապես արտասվել:)

ՎԱՐԱԳՈՒՅՐ
ՊԱՏԿԵՐ
Ստամբուլի քարափի վրա զետեղված օսմանյան մաքսատանը: Մաքսատան խոշոր դուռը բացվում է խորքում, դռնից երևում է ծովը:

ՄԱՔՍԱՏԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉ. (Բեռնակիրներին) Խտացրեք ապրանքները, նավը հիմա կհասնի և շատ ապրանք է բերում։

(Բեռնակիրները սկսում են ապրանքները խտացնել և խոսակցել:)

Ա. ԲԵՌՆԱԿԻՐ. Հեյ, հե՜յ, ասում էին Վանում, որ Ստամբոլի մեջ ավանակությունից տարբեր բան չենք անելու։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ. Էլ չեմ կենա էս քաղաքում, էս ձմեռս կգնամ հայրենիք։

Գ. ԲԵՌՆԱԿԻՐ. Ի՜նչ ես տանում հետդ։ Փող ավելացրի՞ր։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ. Հետս տանում եմ մեջքի հիվանդություն. բոլ հազ ու բալղամ։

Ա. ԲԵՌՆԱԿԻՐ. Թանկագին բաներ ես տանում, դրանք հայրենիքում շատ հազվագյուտ են։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ. Գնամ հայրենիք, որ ասեն թե՝ բողաչան ի՞նչ է, չեմ իմանա, հինգ տարի Ստամբոլի մեջ ապրեցա, բողաչայի համը չտեսա։

Ա. ԲԵՌՆԱԿԻՐ. Հա՛յ գիտի Վարագա վանք, ջրիդ մատաղ, քո զորությամբ ես կհասնեմ հայրենիք։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ. Մշու սուրբ Կարապետ իր զորությունը կորցուց, Վարագա վանքը ուժ ունի։ Բո՛ւհ, փուչ է։ Ցնդեց բոլորը։ Ստամբոլի համար սուրբ չկա։

Գ. ԲԵՌՆԱԿԻՐ. (Մի ծանր հակի տակից) Ստամբոլի սրբերը քածերն են, վա՛յ ես նրանց (նետելով հակը) տոտիկներին մեռնեմ։

Ա. ԲԵՌՆԱԿԻՐ. Դրա համար փարա չուղարկեցիր հայրենիք։

Գ. ԲԵՌՆԱԿԻՐ. Ո՞ւմ ուղարկեմ, հո՞րս, մի կին ունի, թող վաստըկի, ուտի։ Մեծ եղբո՞րս, հա՞, փարա ուղարկեմ, որ կնկանը ծոցը պառկի, քեֆ անի՞։ Ես էլ Ստամբոլի խաների մեջ փչանա՞մ։ Հե՛յ, խելքդ ո՞ւր է, կանչի, տուն գա։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ. Նրա խելքը էն գլխից ուրիշի տանն է ապրում, ինչքան կանչի՝ մեկ է, չի գա։

Գ. ԲԵՌՆԱԿԻՐ. Մի կնիկ տար հետդ։

Ա. ԲԵՌՆԱԿԻՐ. Մի քամբախը կա տանը, հերիք է։

Գ. ԲԵՌՆԱԿԻՐ. Մի հատ էլ տար. ավել միսը աչք չի ծակի։ (Նավի սուլոց է լսվում շատ հեռվից:)

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Շուտ արե՛ք, նավը գալիս է, զավզակություն եք անում։

Գ. ԲԵՌՆԱԿԻՐ. Զավզակությամբ ենք ապրում, թե չէ ձեր տված փողը ինչքա՞ն է։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Դա էլ շատ է։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ. (Քաշում է բռունցքը) Շատ մի զրուցե, թե չէ էս սհաթին հոր հոգուդ...

Ա. ԲԵՌՆԱԿԻՐ. Ձեռք քաշի։ Բան չունե՞ս։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ. Ասենք՝ դրուստ է, ի՞նչ բան ունեմ...

ԻՍԽԵԼ. (Ներս) Հաջի Չելեբին եկե՞լ է։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Դեռևս ոչ։

ԻՍԽԵԼ. Այս գալիք նավի վրա մի քանի արկղներ ունեմ։ Դրա մասին ուզում էի քեզ հետ խոսել։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Առանց վերատեսչի չենք դարսելու գալիք նավի ապրանքները։

ԻՍԽԵԼ. Նա քննությա՞ն է ենթարկում բոլոր ապրանքները, ի՞նչ է։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Ոչ, այնպես՝ մեկ-մեկ նայում է։

ԻՍԽԵԼ. Լսիր, երիտասարդ (կարգադրիչի թևից բռնելով քաշում է նրան մի անկյուն):

ԿԱՐԳԱԴՐԻՉ. (Բարձր ձայնով բեռնակիրներին) Հե՛յ, նավը գալիս է, դուք եկեք քարափ և օգնեցեք։

Բեռնակիրները դուրս են գնում:

ԻՍԽԵԼ. Լսիր, երիտասարդ, ես քեզ չեմ ճանաչում, բայց այն ծերունուն, որի պաշտոնը դու ստացար, լավ էի ճանաչում։ Դու տեսե՞լ ես Բեբեքում կառուցած նրա ապարանքը։ Այդ ապարանքը նա կառուցեց այստեղ աշխատելով և քեզ նման ողորմելի ռոճիկ ստանալով։ Հիմա իմացիր, թե նա ինչպես արավ։ Մի մտածիր, տեսնեմ։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. (Երկար մտածելուց հետո) Այսպիսի ռոճիկով ապարանք չէր կարող շինել. երևի մի հանք գտավ։

ԻՍԽԵԼ. Մի հանք գտավ, ճիշտ է։ Նա մի հանք գտավ և ճարպիկ ձևով օգտագործեց այն։ Հիմա մտածիր և ասա, թե գտածը ի՞նչ հանք էր։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Երևի ոսկու հանք էր։

ԻՍԽԵԼ. Ապրիս։ Նրա գտածը ոսկու հանք էր։ Ապա հիմա մտածիր և իմացիր, թե ուր գտավ այս ոսկու հանքը։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Մի տեղ գտած կլինի։

ԻՍԽԵԼ. Լսիր, ուշի-ուշով լսիր ինձ։ Ծերունին այդ ոսկու հանքը գտավ այս մաքսատան մեջ, դրսից ապրանք ստացողների ափերում։ (Ափը լիքը ոսկով երկարում է կարգադրիչին) Տեսնո՞ւմ ես հանքը, երիտասարդ, արդեն գտել ես, շահագործիր։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. (Չորս կողմը զննելով՝ առնում է ոսկիները:)

ԻՍԽԵԼ. Իմ անունով մի քանի արկղ ապրանք է գալիս, վրան գրված է՝ «Նուրբ տեսակի մեխեր». առանց վերատեսչին ցույց տալու՝ ուղարկիր իմ տունը։ Ուղարկելուց հետո իմ ափում կգտնես և մի ուրիշ հանք, ավելի հարուստը։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Շատ լավ, շատ լավ։ Նավը հասնում է, հեռացիր այստեղից։

ԻՍԽԵԼ. Շահագործիր մարդկանց ափերը։ Անհատակ են դրանք։ (Դուրս:)

Նավը կանգնում է մոտիկ քարափը, մաքսատան դռնից երևում է նավը:

ԿԱՐԳԱԴՐԻՉ. (Փողերը գաղտնի համրելով նետում է գրպանը:)

ԻՍԽԵԼ. (Ներս է վազում) Լսիր, երիտասարդ. մաքսատան տեսուչը և ելմտից նազիրը կանգնած են քարափի վրա։ Նրանց ներկայությունը վտանգավոր է։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Ոչինչ, մի՛ վախենա։

ԻՍԽԵԼ. Ես փորձառու եմ, երիտասարդ. վերատեսուչը՝ խորամանկ, նազիրը՝ անգութ, իսկ դու հանդուգն կերևիս։ Աղետավոր խառնուրդ է դա։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Կստանաս արկղները, մի՛ վախենա, ասում եմ։ Հեռացիր այստեղից։

ԻՍԽԵԼ. Սրտումս վախ ընկավ։ Զգույշ եղիր։ (Ուզում է դուրս գնալ, բայց Հաջի Չելեբին և Նազիրը ներս են մտնում: Իսխելը խոնարհվելով բարևում է:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Իսխել էֆենդի, երկար ժամանակ է ձեզ չեմ տեսել։

ԻՍԽԵԼ. Օրհնում եմ ձեր թանկագին կյանքը, Հաջի Չելեբի։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Մի որևէ գործի համա՞ր եք եկել։ Պատրաստ եմ ծառայելու ձեզ։

ԻՍԽԵԼ. (Թրքական խոր բարևով) Մաղթում եմ ձեզ երկար կյանք: Եկած էի ձեզ տեսնելու և իմանալու ձեր առողջությունը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Ապրում եմ ալլահի կյանքով և շնորհով։

ԻՍԽԵԼ. (Թրքական խոր բարևով կռանում է:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Պատրաստ եմ ձեզ ծառայելու՝ իբրև հին բարեկամի։

ԻՍԽԵԼ. Հավատում եմ ձեր անկեղծության և անկեղծ բարեկամության։ Մաքսատան հետ գործ չունենալով երկար ժամանակ է ձեզ տեսնելու երջանկությունը չեմ վայելում։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Մի՞թե միայն առևտրական գործերով կարելի է հարաբերություն մշակել։

ԻՍԽԵԼ. Խնայում եմ ձեր թանկագին ժամանակը։ Հաջի Չելեբի, գիտեմ, որ պետական բարձր ծառայությունները խեղդում են ձեզ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Ես միշտ ժամանակ կունենամ իմ բարեկամների համար։

ԻՍԽԵԼ. (Թրքական խոր բարևով) Վստահում եմ ձեր բարեկամության։ (Թրքական խոր բարևով նազիրին՝ հեռանում է: Իսխելի հեռանալուց հետո՝ նազիրը և Հաջի Չելեբին իրար աչքերի մեջ են նայում երկար և ապա սկսում են բարձր ու շնական հռհռալ:)

Ա. ԲԵՌՆԱԿԻՐ. (Ներս մի հակով:)

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Այստե՛ղ, այստե՛ղ։

Ա. ԲԵՌՆԱԿԻՐ. (Ձգում է հակը և դուրս:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Նազիրին) Այո, կարելի է այդպես անել, դա ավելի թեթև կլինի արհեստավորների համար, իսկ պետական գանձը ավելի կշահի։

ՆԱԶԻՐ. Ես այսօր իսկ կստանամ դրա համար սուլթանական հրամանը։ Եթե սուլթանը հայտնե ձեզ այդ մասին՝ կասեք, իհարկե, որ ես ձեզ հետ խորհրդակցել եմ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Ճշմարտությունն էլ այդպես է։

Բեռնակիրները կամաց-կամաց նավի ապրանքները բերում են և դարսում մաքսատան մեջ: Դուրսը՝ նավի վրա և նավի առաջ բազմության կա. թոկերով ապրանքներն իջեցնում են վար, աղմուկով, հարայ-հրոցներով: Հաջի Չելեբին և նազիրը, նստած աթոռների վրա՝ մաքսատան մեջտեղը, ուշի-ուշով դիտում են ներս բերված ապրանքները:

ԿԱՐԳԱԴՐԻՉ. (Սկսում է ջղային զգալ իրեն, մոտենում է Հաջի Չելեբուն) Գրասենյակում շատ կարևոր գրություններ կան, տեր իմ, պետք է կարդացվեն։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Հետո։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Մի քանիսի վրա գրված է՝ «շտապ», տեր իմ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Ոչինչ։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Երեկվա գրությունները դեռևս չեն ստորագրված։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Զայրացած) Շատ եք խոսում։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. (Հեռանում է:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Նազիրին) Իսխելը խոսած կլինի այս միամտին։

ՆԱԶԻՐ. Երևի։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. (Ուզում է նավ գնալ:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Սպասեցե՛ք այստեղ, կարևոր է ձեր ներկայությունը այստեղ։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Նավի վրա գողություններ կարող են պատահել։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Նավի վրա հսկող դրել եմ ես։ Գողությունը այստեղ պետք է պատահի։ Սպասեցե՛ք այստեղ։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. (Մնում է աներևակայելի ջղային դրության մեջ:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Մի բեռնակրի) Դեռևս ապրանք շա՞տ կա։

ԲԵՌՆԱԿԻՐ. Չեմ իմանում, տալիս են, հա տալիս են։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Ասացեք, որ մի քիչ արագ շարժվեն։

ԲԵՌՆԱԿԻՐ. Շատ բարի։

ՄԻ ՄԱՐԴ. (Ներս մտնելով՝ կարգադրիչին) Մեկը ձեզ դուրսն ուզում է։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Ասացեք՝ ինքը այստեղ գա։ Նա զբաղված է։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Տնից կանչած կլինեն, տեր իմ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Առանց ուշադրություն դարձնելու կարդագրիչի խոսքերին՝ կանչողին) Ասացեք՝ այստեղ գա։

ՄԱՐԴԸ. (Դուրս:)

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ. (Բերում է մի արկղ:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Դիր այդ արկղը այստեղ։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ. (Դնելով արկղը ցած) Այս արկղից մի քանի հատ կա։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Բերե՛ք բոլորն այստեղ։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ (Դուրս:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Զննելով արկղը և կարդալով մակագրությանը՝ նազիրին) Դրանք են, տեր իմ։ Նախ՝ հասցեագրված են Հալետ էֆենդիին, ապա՝ փոխված է Իսխելի անվան։

ՆԱԶԻՐ. Ուրեմն Հալե՞տն էլ խառն է գործի մեջ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Նրանք երկուսը մի մարդ են, տեր իմ։ (Բեռնակիրները բերում են հետզհետե մյուս արկղները՝ թվով երեք, և դնում են Հաջի Չելեբու և նազիրի առաջ) Էլ ապրանք կա՞։

"Նոր Բյուզանդիոն" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Ջութակի կոնցերտ ռե մինոր
Արամ Խաչատրյան

Ջութակի կոնցերտ ռե մինոր

Կարթագեն, 1968
Կարթագեն, 1968
Խաղա առցանց