Վահան Թոթովենց
Նոր Բյուզանդիոն
4
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Դողում եմ, փադիշահ, իմ զգացած շնորհակալության և երախտագիտության խորությունից։ Միայն մի բան ունի պաղատելու ճշմարիտ կրոնի ամենախոնարհ ծառան և ձեր կայսրության ամենահետին հպատակը։
ՍՈՒԼԹԱՆ. Կկատարվի քո ցանկությունը։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Իմ ընտանիքը մնում է խավարի մեջ։ Մաղթում եմ ալլահին, որ նրանք էլ մի օր լույս տեսնեն և փոխեն իրենց հավատքը, բայց առայժմ մնում են քրիստոնյա։ Պաղատում եմ իմ փադիշահից և խալիֆայից՝ ներել նրանց իրենց կուրությունը և ազատ կացուցանել նրանց իրենց կրոնի մեջ։
ՍՈՒԼԹԱՆ. Միայն մի պայմանով, որ ոչ մի հարաբերություն չես ունենա քո ընտանիքի հետ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Հոժար եմ։
ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ. Եվ պետք է ամուսնանաս մի իսլամ կնոջ հետ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Եթե մարգարեն կամեցել է շնորհել ինձ մի հուրի իսլամական ջեննեթից, ես պրստրաստ եմ թոթափելու իմ մարմնի բոլոր մեղքերը և լվացվելու ճշմարիտ կրոնի անմահական ջրով։
ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ. Մարգարեն ոչ մի իսլամի չի զլացել և չի զլանալու մի հուրի։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Կամուսնանամ իսկույն ևեթ։
ՍՈԻԼԹԱՆ. Քո ընտանիքը կմնա անձեռնմխելի։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Համբուրելով սուլթանի վերարկուի քղանցքները) Իմ փադիշահը թող ների ինձ վերջին անգամ տեսնելու իմ կնոջը և զավակներին՝ հաղորդելու նրանց, որ ես տեսա ճշմարիտ լույսը։
ՍՈՒԼԹԱՆ. Միայն մի անգամ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Համբուրում է սուլթանի վերարկուի քղանցքները:)
ՍԵՆԵԿԱՊԵՏ. (Ներս) Հալետ էֆենդին և Իսխելը խնդրում են փադիշահից ունկնդրություն կայսրության կարևոր մի գործի համար։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Ոտի է կանգնում և ստանում է մտախոհ մի վիճակ:)
ՍՈՒԼԹԱՆ. Ի՞նչ գործ ունի Իսխելը կայսրության գործի մեջ։
ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ. Հալետ էֆենդին առանց Իսխելի ման չի գալիս։ Ձեզ հայտնի է այդ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Ոչ մի մարդ առանց իր աչքերին և մտքին չի կարող ման գալ։
ՍՈՒԼԹԱՆ. (Սենեկապետին) Հրամայում եմ ներկայանալ։
ՍԵՆԵԿԱՊԵՏ. (Դուրս:)
ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ. Թերևս անհրաժեշտ է մեր գնալը։
ՍՈՒԼԹԱՆ. Ո՛չ, ո՛չ, մնացեք այստեղ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Թերևս միայն իմ գնալն է անհրաժեշտ։
ՍՈՒԼԹԱՆ. Մնացի՛ր այստեղ։
ՍԵՆԵԿԱՊԵՏ. (Ներս) Հալետ էֆենդի և Իսխել։
- Մտնում են Հալետ և Իսխել, խոնարհվում են սուլթանի և Շեյխ-ուլ-Իսլամի առաջ և տեսնելով Հաջի Չելեբուն իսլամական տարազով՝ ապուշ են կտրում:
ՍՈՒԼԹԱՆ. Հայ ամիրաներից և իմ կայսրության ամենից իմաստուն ծառաներից Հաջի Չելեբին ընդունեց ճշմարիտ կրոնը։
ՀԱԼԵՏ. Շնորհավորում եմ (ողջագուրվում են Հաջի Չելեբու հետ):
ԻՍԽԵԼ. (Անձայն ողջագուրվում է:)
ՍՈՒԼԹԱՆ. Հաջի Չելեբու իմ կայսրության մատուցած ծառայությունները շատ են եղել։ Սրանից հետո, իբրև ճշմարիտ կրոնի զինվոր, շատ ավելի մեծ ծառայություններ կմատուցի։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Լույսի մեջ ավելի շիտակ կգործեմ, քան խավարի մեջ գործել եմ, թող վստահ լինի իմ փադիշահը և խալիֆան, և օրհնված լինի նրա կյանքը։
ՀԱԼԵՏ ԵՎ ԻՍԽԵԼ. (Խոնարհվում են սուլթանի առաջ:)
ՍՈՒԼԹԱՆ. Ի՞նչ գործի համար էիք ունկնդրություն խնդրում, Հալետ։
ՀԱԼԵՏ. Կայսրության մի կարևոր գործի համար, տեր իմ։
ՍՈՒԼԹԱՆ, Ասացե՛ք։
ՀԱԼԵՏ. (Տատանվում է:)
ՍՈՒԼԹԱՆ. Շեյխ-ուլ-Իսլամը և Հաջի Չելեբին կայսրության և կրոնի սպասավորներ են։ Ասացեք նրանց ներկայության։
ՀԱԼԵՏ. (Տատանվում է և չի պատասխանում:)
ԻՍԽԵԼ. (Առաջ անցնելով) Մենք նպատակ ունեինք, տեր իմ, հաղորդելու Հաջի Չելեբու ճշմարիտ կրոնը ընդունելու լուրը իբրև կայսերական կրոնի հաղթություն։
ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ. Հա՜, հա՜, հա՜։ Երբվանի՞ց Մովսեսի զավակներից մեկը մտահոգված է կայսրության կրոնի հաղթություններով։
ՀԱԼԵՏ. Լուրը ես էի բերում, երբ իմ բարեկամ Իսխելը հանդիպեց և ցանկացավ միասին գալ, որովհետև այս առավոտվա դեպքից հետո անհավատալի էր Հաջի Չելեբու...
ՍՈՒԼԹԱՆ. Բավական է։ Լույս տեսնողի հավատքը կարելի չէ կասկածի ենթարկել։ Գնա՞նք, Շեյխ-ուլ-Իսլամ։
- Գնում է, Շեյխ-ուլ-Իսլամը ետևից, մնում են Հաջի Չելեբի, Հալետ և Իսխել:
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Աչքերը չռելով երկուսի վրա՝ սկսում է հռհռալ):
- Մի սենյակ Հաջի Չելեբու ապարանքում: Մտնում են Սըրմա խաթունը և Սիրանուշը։
ՍԸՐՄԱ. Չեմ կարող հավատալ, որ նա իսլամանա։
ՍԻՐԱՆՈՒՇ. Նայած թե ինչ է պատահել, մայրիկ։ Կարծում եմ, Որ Տյուզյանների աճուրդի ժամանակ Իսխել հրեային ապտակելը, մեր կրոնին հասցրած նախատինքի համար, Երկանյան ամիրային կարող էր դնել քաղաքական շատ անհանգիստ կացության մեջ։ Դժվար թե հայրիկը սխալներ գործի, մայրիկ, դու գիտես նրա անսահման իմաստությունը քաղաքական և առևտրական խնդիրներում։
ՍԸՐՄԱ. Կրոնի դեմ եղած նախատինքի համար կրոնը մոռանա՞լ։ Ամիրան չէր անի այդ։ ՍԻՐԱՆՈՒՇ. Մայրիկ, դու պետք է ըմբռնես քաղաքական կացությունը։ Դեռ չի սառել Տյուզյանների արյունը։ Ամիրայական դասի համար ստեղծված է անելանելի կացություն։
ՍԸՐՄԱ. Եթե ստիպեին նրան իսլամություն ընդունել, նա կնախընտրեր գլխատվել Տյուզյաններից հետո։
ՍԻՐԱՆՈՒՇ. Հայրիկը այդպես բան չէր անի։ (Լռություն:)
ՍԸՐՄԱ. Կացությունը պարզ է։ Վտանգ է սպառնում ամիրայական դասին։
ՀԱԿՈԲ. (Ներս) Ապարանքի մատուռը, տիկին, բոլորովին անհետացվեց, ինչպես պատվիրել էր ամիրան։
ՍԸՐՄԱ. Ապրիս, Հակոբ, մեր տան ամենահավատարիմ ծառան դու ես։
ՀԱԿՈԲ. (Խոնարհվում է:)
ՍԸՐՄԱ. Ուզում էի ասել․․․
ՀԱԿՈԲ. Ի՞նչ է հրամայում իմ տիրուհին։
ՍԸՐՄԱ. Ոչինչ, մատուռից ոչ մի հետք չթողնել։
ՀԱԿՈԲ. (Դուրս:) (Լռություն:)
ՍԸՐՄԱ. Սիրանուշ, գիշերվան ո՞ր ժամն է։
ՍԻՐԱՆՈՒՇ. (Բանալով վարագույրը և նայելով դուրս) Կապույտ լույս է դուրսը, մայրիկ, սարայի ճրագները հանգած են։ Երևի շուտով կգա հայրիկը։
ՍԸՐՄԱ. Ե՞րբ պիտի գա։ Հոգիս ճմլվում է։
ՍԻՐԱՆՈՒՇ. Հանգստացիր, մայրիկ, հայրիկի իսլամանալով մենք չենք կորցնի նրան։
ՍԸՐՄԱ. Կկորցնեք, աղջի՛կս, կկորցնենք նրան ընդմիշտ։
ՍԻՐԱՆՈՒՇ. Իսլամանալով նա կկորչի միայն քրիստոնեության համար, բայց ոչ մեզ համար։
ՍԸՐՄԱ. Խորը չես մտածում, աղջիկս։
ՍԻՐԱՆՈՒՇ. Մահվան շունչ է փչում այս բանից։
ՍԸՐՄԱ. Մակույկ չի՞ երևում Բոսֆորի վրա։ Տե՛ս։
ՍԻՐԱՆՈՒՇ. (Դիտելով դուրսը) Ոչ, մայրիկ:
ՍԸՐՄԱ. Միայն գիտենայի, որ նա անվանական կերպով դավանափոխ է եղել, իր քաղաքական կացությունը փրկելու համար միայն։
ՍԻՐԱՆՈՒՇ. Վստահ եղիր, մայր, նա ապտակել է հրեային իր կրոնի պաշտպանության համար։ Ուրեմն խոր է հավատքը նրա մեջ։
ՍԸՐՄԱ. Ներս կանչիր Հակոբին։
ՍԻՐԱՆՈՒՇ. (Դուրս:)
ՍԸՐՄԱ. Փլչում է այս տունը։
- Ներս են մտնում Սիրանուշ և Հակոբ
ՀԱԿՈԲ. Ի՞նչ է կամենում հրամայել իմ տիրուհին։
ՍԸՐՄԱ. Ի՞նչ լուր ամիրայից։
ՀԱԿՈԲ. Ինչպես գիտեք՝ Շեյխ-ուլ-Իսլամի հետ մտել են սարայ և դեռ դուրս չեն եկել։ Ուղարկել եմ ձառաներից մեկին տեսնելու համար, թե նա ե՞րբ է դուրս գալու և ո՞ւր է գնալու։
ՍԸՐՄԱ. Նոր լուր ստանալուց՝ անմիջապես տեղեկացրու։
ՀԱԿՈԲ. Շատ բարի, տիկին։
ՍԸՐՄԱ. Մատուռում եկեղեցու հետքեր չմնացի՞ն։
ՀԱԿՈԲ. Ամեն ինչ ոչնչացված է, տիկին, գետինը և պատերը ծածկված են գորգերով և լուսամուտները՝ բացված։
ՍԸՐՄԱ. Երբ ամիրան լուր է ուղարկել անհետացնել մատուռը, նշանակում է խուզարկություն կարող է լինել, հասկանո՞ւմ ես, Հակոբ։
ՀԱԿՈԲ. Հասկանում եմ, տիկին, վստահ եղեք, ամենաճարպիկ մարդն անգամ չի կարող եկեղեցու հետք նշմարել այնտեղ։
ՍԸՐՄԱ. Գնա, Հակոբ և հավատարմությամբ հսկիր տանը։
ՀԱԿՈԲ. Ինչպես որ հրամայում է իմ տիրուհին։ (Դուրս:)
ՀԱԿՈԲ. (Ներս) Պողոս ամիրան, տիկին։
ՍԸՐՄԱ. Ներս հրավիրիր։
ՀԱԿՈԲ. (Դուրս:)
ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ. (Ներս մտնելով՝ աչքերը չռում է մեկ Սրմայի և մեկ Սիրանուշի վրա) Մի՞թե ճշմարիտ է։
ՍԸՐՄԱ. Ճշմարիտ է, ամիրա, դառնորեն ճշմարիտ։
ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ. Կորցնում եմ պարզ դատողությունս անգամ։ Ապտակել հրեային կրոնի համար և նույն գիշերը դավաճանել կրոնին։ Անհասկանալի է։
ՀԱԿՈԲ. (Ներս) Տիկին, ամիրան սարայից դուրս է եկել Շեյխ-ուլ-Իսլամի հետ և սուլթանական կառքով գնացել է Այա-Սոֆիա։
ՍԸՐՄԱ. Վա՛խ...
ՀԱԿՈԲ. (Դուրս:)
ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ. Ապշում եմ։
ՍԸՐՄԱ. (Զարմացած) Տղամարդ եք դուք, կիսլամանաք բոլորդ էլ։
ՍԻՐԱՆՈՒՇ. Հայրիկը Այա-Սոֆիայում... (Լալիս է:)
ՀԱԿՈԲ. (Ներս) Տիգրան ամիրան։
ՍԸՐՄԱ. (Գլխով հավանության նշան է անում:)
ՀԱԿՈԲ (Դուրս:)
ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ. (Ներս) Այն, ինչ օր իմ սեփական աչքերով տեսա, անհավատալի էր. Հաջի Չելեբին, Երկանյան Հովհաննես ամիրան, ապարոշով և իսլամական վերարկուով։
ՍԻՐԱՆՈՒՇ. Ո՞ւր տեսաք դուք նրան, ամիրա։
ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ. Սուլթանական կառքով Այա-Սոֆիայի վերելքը բարձրանալիս։
ՍԸՐՄԱ. Չնշմարե՞ց ձեզ, ամիրա։
ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ. Նշմարեց և ջղային շարժումներով սկսեց միրուքը շփել։
ՍԸՐՄԱ. Բարևեցի՞ք։
ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ. Ո՛չ։ Չհամարձակվեցի։
ՍԸՐՄԱ. Ներեցեք, ամիրա, դուք ներկա՞ էիք աճուրդին։
ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ. Այո։ Հաջի Չելեբին մեզ քարոզում էր սառնասրտություն և քաջասրտություն, բայց ինքը կորցրեց իր քարոզած բոլոր առաքինությունները։ Մատուռի գաղտնիքի բացվելը անխուսափելի էր, իսկ հրեային ապտակելը բոլորովին անտեղի։
ՍԻՐԱՆՈՒՇ. Համբերությունը միայն կարող է բարկություն պարունակել իր մեջ, ամիրա։
ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ. Համբերությունը պարունակում է իր մեջ միայն իմաստություն։
ՍԻՐԱՆՈՒՇ. Երբե՛ք։ Համբերությունը բարկություն է դարբնում։
ՀԱԿՈԲ. (Ներս) Ամիրան եկավ սուլթանական կառքով։ (Բոլորը անձկագին սպասումի մեջ: Մտնում է Հաջի Չելեբին իսլամական ապարոշով և վերարկուով:)
ՍԸՐՄԱ. Ճշմարիտ է, ճշմարիտ է, տեր, ներիր նրան։
ՍԻՐԱՆՈՒՇ. (Վազում, գրկում է հորը և համբուրում:)
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Համբուրում է և կնոջը:)
ՍԻՐԱՆՈՒՇ. Ի՞նչ անախորժ տարազ է այդ, հայր, կարծես դու չես։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Արդյոք իմ տարազո՞վ միայն ինձ հայր էիր ճանաչում, աղջիկս։ Չէ՞ որ ես կարող էի քո գիտակցությունից առաջ ներկայանալ քեզ բոշայի տարազով կամ աֆրիկյան սևամորթների գույնով։
ՍԻՐԱՆՈՒՇ. Կարևորը այն է, որ այդ տարազի տակ, հայր, քո արյունը լինի կարմիր և հոգին՝ սպիտակ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Ծիծաղելով և լրջանալով ու կիտելով հոնքերը) Հոգի չկա, աղջիկս, միայն կիրքը գոյություն ունի մարդկային ներաշխարհում։ Կիրքը բնական է և հավիտենական։ Նա հանդես է գալիս մարդու մեջ զանազան ձևերով։ Կրոնը մարդկային կրքի մի գործիքն է։ Ես հարգում եմ կիրքը մարդու մեջ։ Ջանա, որ չկորցնես քո մարդկային արժանապատվությունը։ Արժանապատվությունն էլ կիրք է։
ՍԻՐԱՆՈՒՇ. Նախընտրելի է բարի կիրք ունենալ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Ծիծաղելով) Ո՞վ է համարձակվում սահմաններ ու չափեր որոշել։ Բարի... հա՛, հա՛, հա՛։
ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ. Ի՞նչ պատահեց ձեզ, ամիրա։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Ոչինչ։
ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ. Ուրանալ Հռոմի տիեզերական եկեղեցի՞ն...
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Տիեզերական է միայն մարդը։
ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ. Ապա կրո՞նը։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Կրոնը փուչ է, ամիրա։
ՍԸՐՄԱ. Ներիր, սուրբ կույս Մարիամ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Ձեզ խանգարող չի լինի։ Դուք կշարունակեք հավատալ հորը, հոգուն և որդուն։
ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ. Դո՞ւ ինչ բանի ես հավատալու։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Ինձ հավատալու ուրիշ բաներ կան, ամիրա, ինձ հարկավոր չէ քրիստոնեական եկեղեցին և սուրբ սկիհը։ Ես էլ կթքեմ սկիհի մեջ։
ՍԸՐՄԱ. (Ինքնիրեն) Սուրբ կույս Մարիամ։
ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ. Քրիստոսի կրոնի ուրացումից հետո ի՞նչ է մնում մարդ արարածին։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Քրիստոնեական կրոնի ուրացումից հետո մարդ արարածին մնում է աշխարհը իր ողջ բովանդակությամբ։
ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ. Հիվանդ է ամիրան։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Մնում է ինձ աշխարհը։ Սըրմա, պետք է ներես ինձ, որ ես բաժանվում եմ քեզանից և բոլորից՝ նոր ընտանիք կազմելու։ Կփոխեմ հարյուրավոր կրոններ մինչև պատժեմ սրիկաներին։ Տյուզյաններից հետո կարգը կհասներ և ինձ, և բոլորին։ Ուրիշներն են ցանկանում տիրել, լավ է որ ես տիրեմ։ Սուլթանի սարայում ես համբուրեցի այն երեսը, որ առավոտ ապտակել էի: Կհամբուրեմ հարյուրավոր ապտակած երեսներ՝ մինչև պատժեմ նրանց։ Ցանկանում եմ տիրել։ Ես եմ տիրելու։
ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ. Դա մարդկային ստոր ցանկություն է։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Վսեմության չափեր չկան։ Միայն բառեր են դրանք։ Ես ուզում եմ իմ բարեկամին խրատել միայն ապրել արժանապատվության գիտակցությամբ։ (Սըրմային և Սիրանուշին) Ես բաժանվում եմ ձեզանից։ Ապրեցեք համաձայն ձեր ներքին ձայնի։ Ես կգնամ իմ ճանապարհը։
ՍԻՐԱՆՈՒՇ. (Փաթաթվելով հորը՝ լաց է լինում:)
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Մի՛ լաց լինիր, աղջիկս, երգիր սուրբ կույս Մարիամի երգը, հորդ դավանափոխությունը արգելք չէ քո քրիստոնեական վերացումներին։
ՍԸՐՄԱ. Միայն խոստացիր ամեն երեկո քո տան մեջ մրմնջել սուրբ կույս Մարիամի երգը։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Դժկամակելով, բայց կնոջը դուր գալու համար) Լավ, շատ լավ։
ՍԸՐՄԱ. Մենք չենք մոռանա քեզ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Լռությունից հետո) Մատուռը անհետացա՞ծ է։
ՍԻՐԱՆՈՒՇ. Այո։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Պողոս ամիրային) Պիտի խնդրեի քեզանից, որ իմ ընտանիքը իր կաթոլիկ պաշտամունքը քո ապարանքի մատուռում կատարեր։
ՍԸՐՄԱ. Բայց քանի որ...
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Վստահ եմ, որ իմ տան ներքին կյանքին պետք է հետևեն իմ թշնամիները։ Եթե մի որևէ օր նորից մատուռ կառուցվի իմ տան մեջ՝ իմ թշնամիները դուրս կբերեն գաղտնիքը։ Այն ժամանակ ես չեմ կարողանա, իբրև իսլամ, պաշտպանել իմ տունը և կտանջվեմ: Խնայեցեք ինձ, խնդրում եմ, այդ տանջանքը։
ՍԻՐԱՆՈՒՇ. Մենք առանց մատուռի կարող ենք շարունակել մեր պաշտամունքը, քո քաղաքական կացությունը չվտանգելու համար։
ՀԱԿՈԲ. (Ներս) Տյուզյանների մայրը ցանկանում է ձեզ տեսնել, տիկին։
ՍԸՐՄԱ. Ներս հրավիրիր։
ՄԱՅՐԸ. (Ներս է մտնում սևեր հագած:)
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Մնում է գամված իր տեղում:)
ՄԱՅՐԸ. (Տեսնելով Հաջի Չելեբուն) Ուրեմն ճշմարի՞տ է...
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Այո, մեծ տիկին։
ՄԱՅՐԸ. Այդքան շո՞ւտ մոռացաք ձեր կրոնը, ամիրա, այն կրոնը, որ երեկ ձեզ այդքան հերոսություն ներշնչեց։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Մեծ տիկին, ներեցեք ինձ։
ՄԱՅՐԸ. Մարդիկ միայն իրենց դավանած կրոնով են տարբերվում իրարից:
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Մարդկանց մեջ տարբերություն դնողը արժանապատվությունն է, մեծ տիկին։
ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ. Ասա՝ կիրքր։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Կիրքը, եթե ուզում ես: Ներեցեք ինձ, պետք է գնամ։ (Համբուրելով աղջկանը և կնոջը) Մնացեք բարով, մնացեք բարով։
ՍԸՐՄԱ. Վերջին անգամ աղոթիր մեզ հետ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Աղոթե՞լ, երբե՛ք։ Այո, այո, ես խոստացա աղոթել ամեն երեկո։
ՍԸՐՄԱ. Մենք ցանկանում ենք, որ դու աղոթես մեզ հետ վերջին անգամ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Կաղոթեմ, կաղոթեմ այս երեկո։ Մնացեք բարով։ (Դուրս:)
ՍԻՐԱՆՈՒՇ. (Լալիս է:)
ԲՈԼՈՐԸ. (Լուռ են և տխուր:)
ՍԸՐՄԱ. (Ծունկ է չոքում, ձեռքերը կաթոլիկ ձևով կպցնում է իրար և սկսում է երգել «Ողջույն քեզ, սուրբ կույս Մարիամ» երգը:)
ԲՈԼՈՐԸ. (Հետևում են նրան ծունկ չոքելով և միանալով երգին:)
ՍԻՄԽԱ. Վերջապես, տանը փակվելով ոչինչ ձեռք չես բերի։ Ի՞նչ օգուտ տանը փակվելուց։ Դուրս գնա, մարդկանց տես։ Եթե այս անգամ քո խելքը չի կարող օգնել քեզ, ուրիշներին լսիր։
ԻՍԽԵԼ. (Ատամները կրճտացնելով մռռում է:)
ՍԻՄԽԱ. Ես երբեք չէի տեսել քեզ այդպես անարի և այդքան թուլասիրտ։
ԻՍԽԵԼ. (Ցածր ձայնով) Սպանեցեք ինձ, Սիմխա, ավելորդ է ինձ համար ապրելը։
ՍԻՄԽԱ. Մինչև մարդկանց մեջ չերևաս, չես վերագտնի պայծառ դատողությունդ։ Գնա դուրս և քո առևտուրով զբաղվիր, առևտուրը կմոռացնի քեզ թերևս ամեն բան։
ԻՍԽԵԼ. Մոռանա՞լ։ Միայն մահը կարող է մոռացնել, պայմանով, որ մահվանից հետո մարդիկ չզգան։ Մահվանից հետո եթե մնում է մարդկային զգացումը, էլի չեմ մոռանա։ Ամոթը այրում է իմ ողջ էությունը, Սիմխա։
ՍԻՄԽԱ. Պետք է միաժամանակ մոռանալ ձևացնես և մտածես վրեժխնդրության մասին։
ԻՍԽԵԼ. Դու կարծում ես հե՞շտ է նրա համար կռվել Հաջի Չելեբու դեմ։ Բյուզանդական կայսրության անկումին, օսմանյան տիրապետության առաջին օրից մինչև հիմա Ստամբուլի մայթերի վրա նման խորամանկը ման չի եկել, Սիմխա, հասկացիր։ Դու կարծում ես Հալետը կարո՞ղ է կռվել։ Սրանից հետո հարկավոր է ծախսել իմ հարստության ամենահետին փշուրը՝ պատժելու համար նրան, ինձ ապտակողին։
ՍԻՄԽԱ. Մի ապտակի համար մի ամբողջ հարստությո՞ւն. դու հիվանդ ես, քեզ բժիշկ է հարկավոր. մի ապտակի համար ողջ հարստությունը վատնի՞... Հա՛, հա՛, հա՛ Եհովային աղոթիր։
ԻՍԽԵԼ. Սուտ է Եհովան։ Սինագոգներ շինող Իսխելը ապտակ կերավ մի կեղտոտ քրիստոնյայից, և Եհովան լռեց: Անիծված լինի Եհովան էլ ու նրա...
ՍԻՄԽԱ. (Ճչալով) Լռի՛ր։
ԻՍԽԵԼ. Չեմ լռի։ Սուտ է Եհովան, սուտ է Մովսեսը։ Սուտ է տապանակ ուխտին։ Սուտ է ամեն ինչ։ Միայն ապտակներ գոյություն ունեն աշխարհում և բոլոր ապտակների մեջ՝ միայն այն ապտակը, որ ապրում է իմ երեսի վրա և վառվում, վառվում է իբրև ամոթ, վառվում է իբրև քրիստոնեության դատակնիք։ Կզոհեմ ամեն ինչ՝ քեզ, աղջիկս, բոլորը, մինչև չտեսնեմ ինձ ապտակողի արյունը Ստամբոլի հրապարակներից մեկում։
ՍԻՄԽԱ. Եթե դու քեզ կորցնես՝ ոչինչ չես կարող մտածել և ոչ մի վնաս էլ չես կարող հասցնել քո թշնամուն։
ԻՍԽԵԼ. Իմ դատողությունը տեղն է, բայց ջղերս դավաճանում են ինձ։ Ի՞նչ կարող եմ անել իսլամի դեմ, սուլթանական վերարկու հագած մի իսլամի դեմ։
ՍԻՄԽԱ. Դու էլ իսլամացիր։
ԻՍԽԵԼ. (Կանգ է առնում, մտածում և հանգիստ տոնով) Ո՞վ կհավատա հրեա Իսխելին։ Ոչ, հավատալի չի լինի։ Իսխելի զենքերը ուրիշ տեսակ պետք է լինեն։
ՍԻՄԽԱ. Ուրեմն, Իսխելը կարող պետք է լինի ուրիշ զենքեր ստեղծել։
ԻՍԽԵԼ. Իսխելը, կարող է ու... չի կարող։ Ամոթ քեզ, Իսխել, որ մինչև հիմա չկարողացար դավադրել, հազար ամոթ։ (Միրուքի թելերը քաշում է) Պետք է ստեղծեմ, ուրիշ հնար չկա։ (Երթևեկում է ու խորը մտածում) Հալետը գնաց ոստիկանության մոտ՝ խուզարկել տալու նրա ապարանքը։ Ոստիկանները հիմա կլինեն Հաջի Չելեբու ապարանքում, եթե այնտեղ էլ մի մատուռ երևան բերեն, Իսխել հրեան կհասնի իր նպատակին։
ՍԻՄԽԱ. Ուրեմն սպասիր:
ԻՍԽԵԼ. Ես սպասում եմ, բայց ջղերս, ջղերս կորցնում են ամեն կապ։ Դատապարտում եմ ես ինքս ինձ։ Մովսեսի զավակներից և ոչ մեկը այսպիսի թուլություն երևան չի բերել։ Ջիղը իմ առաքինությունն էր։ Կորցրի իմ առաքինությունը, Սիմխա։ (Բղավում է) Ապտակը, ապտակը, հե՜յ, ապտակեցին ինձ, ապտակեցին ինձ, (ավելի բարձր) խեղդվում եմ, ամոթը ինձ խեղդում է։
- Աճապարանքով և գիշերային հագուստով մտնում է աղջիկը՝ Զիլֆան:
ԶԻԼՖԱ. Ի՞նչ կա։ Ի՞նչ է պատահել քեզ, հայր, ասա ինձ, ի՞նչ է պատահել քեզ։
ԻՍԽԵԼ. (Գազանային գոռոցով) Խեղդվում եմ, աղջիկս, խեղդում են ինձ։ Աշխարհը թքում է վրաս։ Ընկել եմ մարդկանց ոտների տակ, ա՜... ա՜... ա՜... սպանեցե՜ք ինձ, փորեցե՜ք աչքերս, որպեսզի արև չտեսնեմ։
- Սիմխան և Զիլֆան գրկում են Իսխելին, շոյում են: Իսխելը խեղդված ձայնով անհասկանալի բառեր է արտասանում և կամաց-կամաց հանգստանում: Իսխելին պառկեցնում են թախտի վրա:
ԶԻԼՖԱ. (Մորը) Ինձ պիտի ասե՞ս, թե ինչ է պատահել հորս։
ՍԻՄԽԱ. Ոչինչ չի պատահել, աղջիկս։
ԻՍԽԵԼ. Ինձ հետ ամեն ինչ է պատահել, աղջիկս (Սիմխային:) Պատմի՛ր, պատմի՛ր աղջկանս, թող իմանա ինձ հասցրած ամոթը։
ՍԻՄԽԱ. Վաղը կպատմեմ, աղջիկս, հիմա սիրտ չունեմ։
ԻՍԽԵԼ. Պատմի՛ր, հիմա՛ պատմիր։ Ուզում եմ, որ հիմա՛ պատմես։
ԶԻԼՖԱ. (Ծունկի եկած) Խնդրում եմ, մայր, աղաչում եմ քեզ։
ՍԻՄԽԱ. Տյուզյան ամիրաների ապարանքի և կահ-կարասիների աճուրդի ժամանակ Երկանյան Հովհաննես ամիրան՝ Հաջի Չեչեբին, սուլթանական ներկայացուցիչների առաջ, ապտակել է հորդ և նույն օրն իսկ իսլամացել, ահա պատմությունը։
ԶԻԼՖՍ. Ես կսպանեմ նրա աղջկան։
ԻՍԽԵԼ. Նրա աղջկա մի սափոր արյունը չեմ փոխի հոր կես կաթիլ արյան հետ։
ԶԻԼՖԱ. Աղջկա մահը անհուն կսկիծով կխոցի հոր սիրտը։
ԻՍԽԵԼ. Բայց չի հանգստացնի իմ սիրտը, Զիլֆա, իմ սիրտը։ Իմ սրտի հագեցումը, աղջիկս, դա է հարցը։
ԶԻԼՖԱ. Աղջկա սպանությամբ կընկճեմ հոր եռանդը, հոգեկան ամբողջ ուժը, այն ժամանակ իմ հայրը ուժ կունենա նրա հետ կռվելու։
ԻՍԽԵԼ. (Հիստերիկ ծիծաղով) Որքան մեծ է դժբախտությունը, այնքան մեծ է Հաջի Չելեբու ուժը։
ԶԻԼՖԱ. Ուրեմն, հավիտյան մենք պետք է կրենք այդ ամոթը։
ԻՍԽԵԼ. Որքան կրենք՝ այնքան ծանրանում է։
ՍԻՄԽԱ. Ես հավատացած եմ, որ դու մի հնար կգտնես նրան պատժելու։
ԻՍԽԵԼ. Անցել են ժամեր արդեն, Սիմխա, և իմ բոլոր մնացած հնարները չքանում են օճառի պղպջակների նման։
ԶԻԼՖԱ. (Լալիս է:)
ԻՍԽԵԼ. Մի՛ լաց լինիր, Զիլֆա, կորցրել եմ ջղերս, բայց դատողությունս դեռ չի դավաճանում ինձ. դուք մի՛ լաց լինեք։ Այդ վիշտը միայն ինձ թողեք։
ԶԻԼՖԱ. Ես գնում եմ։ (Աճապարում է դուրս:)
ԻՍԽԵԼ. (Ոտի կանգնելով՝ բղավում է) Զիլֆա՛, Զիլֆա՛, Զիլֆա՛... Կորցնում եմ իմ ընտանիքը, կորցնում եմ ապրելու բոլոր իմ իրավունքները։
ԶԻԼՖԱ. (Ետ գալով) Հայր, այստեղ եմ։
ԻՍԽԵԼ. Մնացի՛ր այստեղ։ Մի՛ գնա։
ՍԻՄԽԱ. (Բազկատարած և աչքերը վեր հառած) Եհովա, Եհովա, Աբրահամի, Իսահակի և Հակոբի աստվածը, լսիր ու գոռա ամպերի միջից, անիրավված է այս աշխարհում քո ընտրյալ ցեղի լավագույն զավակը, քո անվան սինագոգներ կառուցող Իսխելը։
ԻՍԽԵԼ. Մի՛ աղոթիր, Սիմխա, երկինքը չէ, որ պիտի հատուցանե այս վրեժը, աստված չէ, որ պիտի տնօրինի, այլ այս աշխարհի մարդը՝ այս աշխարհում։
ՍԻՄԽԱ. Այդ հավատքն է, որ այն տունը պիտի տանի աղետից աղետ։ Եհովան է, որ միայն վրեժխնդիր պետք է լինի։
ԻՍԽԵԼ. Թո՛ղ քո եհովաներին և Եհովային։ Նա չկա, չի եղել և չի լինելու։
ՍԻՄԽԱ. Մարգարեները ասում են, որ...