Վահան Թոթովենց
Նոր Բյուզանդիոն
3
ԻՍԽԵԼ. Պահանջում եմ ես ձեզանից իմ բոլոր ծառայությունների հատուցումը։ Երեսուն տարի ամբողջ ես ծառայել եմ հարստացնելու ձեզ, հարթել եմ ձեր առաջ ցցված բոլոր խոչընդոտները Բաղդադից մինչև Ստամբուլ։ Հիշո՞ւմ եք, ես իմ ճանկերով փորեցի տասնյակ հորեր՝ թաղելու համար ձեր անձնական թշնամիներին։ Կրել եմ թուք, մուր, վիրավորել են իմ ցեղային արժանապատվությանը, ես պահել եմ հավիտենական լռություն՝ չվտանգելու համար միայն և միայն ձեզ։ Պահանջում եմ կաթոլիկ ամիրայի գլուխը։ Ես բարոյական իրավունք ունեի սպասելու, որ դուք ապտակին կպատասխանեք գեթ ժամանակավոր ապտակով, բայց դուք միայն սպառնացիք սպանությամբ, ակնկալում եմ, որ գեթ այս սպառնալիքը իրագործեք վաղը արշալույսին։
ՀԱԼԵՏ. Իմ երդումը երդում է, Իսխել, միայն պետք է գտնել պատճառը՝ համոզելու թագավորին նրա գլխատման հրամանը տալու։
ԻՍԽԵԼ. Ես արել եմ ամեն ինչ, վտանգելով իմ կյանքը, որպեսզի ձեզ ազատեմ ամեն տեսակի վտանգներից։ Հալետ էֆենդի, պիտի անեք ամեն ինչ ինձ ապտակողին պատմելու համար։
ՀԱԼԵՏ. Դավադրության մեջ դու վարպետ ես, Իսխել, գտիր հնարքը, ես գործադրեմ։
ԻՍԽԵԼ. Ես կգտնեմ հնարը, եթե դուք, Հալետ էֆենդի, արիություն ցույց տաք։
ՀԱԼԵՏ. Պատրաստ եմ։
ԻՍԽԵԼ. (Ջղային երթևեկում է դահլիճում, միրուքի թելերը քաշում է և կծում) Առևտրական զեղծարարություն անհնարին է վերագրել Հաջի Չելեբուն։ Ստամբուլի մեջ նա ամենախորամանկ և ամենավարպետ մարդն է։
ՀԱԼԵՏ. Ապա՞։
ԻՍԽԵԼ. Նրան պետք է ամբաստանել ճշմարիտ կրոնի դեմ հայհոյած և գործած լինելու մեջ։
ՀԱԼԵՏ. Ճշմարիտ կրոնի դե՞մ... կասկածում եմ։
ԻՍԽԵԼ. Մեղսակից է նա կաթոլիկ պաշտամունքի։ Կաթոլիկ պաշտամունքը արգելված է Օսմանյան կայսրության բոլոր սահմաններում։
ՀԱԼԵՏ. Այդ կլինի, եթե մենք հաստատապես համոզված լինենք, որ նա մի այսպիսի մատուռ ունի իր ապարանքում։
ԻՍԽԵԼ. Դա հեշտ է, բայց ժամանակի կկարոտի։ (Բարկացած) Ես նրա գլխատումը ուզում եմ տեսնել հենց վաղն առավոտ։
ՀԱԼԵՏ. (Երթևեկում է) Կարելի՞ է առանց ստուգելու ամբաստանել։
ԻՍԽԵԼ. Առանց ստուգելու սուլթանը նրան գլխատելու հրաման չի տա։
ՀԱԼԵՏ. Ինչպե՞ս պիտի անել։ Դավադրիր, և ես անեմ։
ԻՍԽԵԼ. (Ջղային երթևեկ: Նստում է մի բազկաթոռի վրա և ընկնում է խոր մտածմունքի մեջ) Գտա, դուք կարո՞ղ եք, Հալետ էֆենդի, այս գիշեր ունկնդրություն խնդրել սուլթանից։
ՀԱԼԵՏ. Այս գիշե՞ր։
ԻՍԽԵԼ. Այո, այս գիշեր։
ՀԱԼԵՏ. (Տատանվելով) Այո։
ԻՍԽԵԼ. Կներկայանաք սուլթանին երեք հոջաներով և կհայտնեք նրան, որ հոջաները իրենց աչքերով տեսել են, որ, իբր կրոնական վրեժխնդրություն, Հաջի Չելեբին ինձ ապտակելուց հետո գնացել է Այա-Սոֆիա և կեղտոտել է Այա-Սոֆիայի շենքի վրա:
ՀԱԼԵՏ. Ո՞վ կհամաձայնի գալ և վկայել։
ԻՍԽԵԼ. Ես կգտնեմ։ Հարուստ եմ ես։
ՀԱԼԵՏ. Գտիր, և այդ բավական է։
ԻՍԽԵԼ. (Ուրախացած, շփելով իր միրուքը և նայելով գետնին, ինքն իրեն) Ես, ես կգտնեմ։ Կվատնեմ Տյուզյանների մարգարիտներն ու ադամանդները։ (Շարոցը վերցնում է սեղանի վրայից:)
ՀԱԼԵՏ. Շուտ պետք է գտնել։
ԻՍԽԵԼ. Ինձ խեղդում է այդ ապտակը։ Ապտակը վառում է իմ արժանապատվությունը։ (Դուրս է գնում քայլելով։)
ՊԱՏԿԵՐ
- Սուլթանական սարայի դահլիճներից մեկը, խորքում ծովահայաց պատշգամբով։ Մտնում են մեծ վեզիրը և Բ. սենեկապետը:
ՄԵԾ ՎԵԶԻՐ. Անտանելի է կայսրության դրությունը. ահավոր սպանություններ, ավազակություն, օրը ցերեկով կողոպուտներ և հափշտակություններ։ Մայրաքաղաքը դառել է մի հսկա պոռնկանոց։ Մայրաքաղաքի բնակչության իննսուն տոկոսը արտադրում են ճարպ, կիրք և կղկղանք։ Հարբեցողություն, շվայտություն և շռայլություն։
Բ․ ՍԵՆԵԿԱՊԵՏ. Իզուր եք մտահոգվում այդ մասին, մեծ վեզիր, այդ մտահոգությունը նշանակում է վտանգ ձեր պաշտոնին։ Չեք հարատևի եթե շատ խոսեք։
ՄԵԾ ՎԵԶԻՐ. Մի՞թե։
ՍԵՆԵԿԱՊԵՏ. Ներկայացրեք ամեն ինչ փայլուն, չափազանցրեք լավ բաները, իսկ ձեր կոկորդում խեղդեցեք բոլոր կայսերական մոլությունները։
ՄԵԾ ՎԵԶԻՐ. Կարող եմ ես խեղդվել։
Բ. ՍԵՆԵԿԱՊԵՏ. Մարդկային կոկորդից ավելի անհատակ ծակ չկա, մեծ վեզիր։ Այդ ծակում կարելի է պարփակել մի ողջ աշխարհ սուտ։ Եվ այդ բոլորից հետո, երբ կհարստանաք, մեծ վեզիր, կառուցել կտաք մի մզկիթ և կապահովեք մի լուսավոր անկյուն իսլամական դրախտում։ Սխալ է, որ մարդիկ սիրում են ճշմարտությունը և ճշմարիտ մարդկանց։ Մարդիկ սիրում են սուտը, սուտը ատամներ չունի, սուտը քաղցր է, դուրեկան, սուտի մեջ ոչ մի ցավ չկա։ Ես ճանաչում եմ մարդկանց, մեծ վեզիր։ Ճշմարտությունը անողոք է, մի լինիք անողոք։
- Գալիս է սուլթանը։
ՍՈՒԼԹԱՆ. (Մտնում է:)
Բ. ՍԵՆԵԿԱՊԵՏ. (Խոնարհվելով) օգոստափառ։ (Դուրս:)
ՍՈՒԼԹԱՆ. (Դեպի պատշգամբը) Հրաշալի է ծովը, մեծ վեզիր, հրաշալի։
ՄԵԾ ՎԵԶԻՐ. Ծովը միշտ հրաշալի է, օգոստափառ։
ՍՈՒԼԹԱՆ. Չեմ սիրում, երբ ծովը կորցնում է իր կախարդական կապույտը։ Ատում եմ գորշ ծովը։
ՄԵԾ ՎԵԶԻՐ. Գորշ ծովերն էլ ունեն իրենց վեհությունը, օգոստափառ, բայց ձեր ասած ծովը միշտ հրաշալի է։
ՍՈՒԼԹԱՆ. (Պատշգամբում) Կուզենայի այսօր հարճերիցս մեկի հետ զվարճանալ այս պատշգամբի վրա։
ՄԵԾ ՎԵԶՒՐ. Այսօր նորին վեհափառության ընդունելության օրն է։ Թող չմոռանա օգոստափառը, որ օսմանյան գահակալները երբեք չեն թերացել իրենց պետական գործերում։ Այնուամենայնիվ, ինչ որ իմ օգոստափառ սուլթանն է կամենում...
ՍՈՒԼԹԱՆ. Ցանկանում եմ այսօր զվարճանալ։ Ուրիշ ոչինչ։
ՄԵԾ ՎԵԶԻՐ. Անժխտելի է օգոստափառ կայսեր ցանկությունը։
ՍՈՒԼԹԱՆ. Ի՞նչ լուր իմ կայսրության սահմաններից։
ՄԵԾ ՎԵԶՒՐ. Խաղաղության լուրեր։
ՍՈՒԼԹԱՆ. Ի՞նչ վիճակի մեջ է մայրաքաղաքը։
ՄԵԾ ՎԵԶԻՐ. Հանգիստ և հարուստ՝ կայսեր շնորհիվ։ Միակ կայսրությունը, ուր սպանություններ և ավազակություններ չեն պատահում։
ՍՈՒԼԹԱՆ. Գո՞հ են իմ հպատակները։
ՄԵԾ ՎԵԶԻՐ. Ավելի քան գոհ. կյանքը՝ ազատ, ինչքը՝ ապահով և պատիվը՝ անձեռնմխելի։
ՍՈՒԼԹԱՆ. Կայսրության խուլ անկյուններում ոչինչ չի՞ պատահում։
ՄԵԾ ՎԵԶԻՐ. Ոչ մի անախորժ դեպք, օգոստափառ:
ՍՈՒԼԹԱՆ. Ամբողջովին զսպվա՞ծ են ենիչերիները։
ՄԵԾ ՎԵԶԻՐ. Կտրուկ է սուրը մեր օգոստափառ կայսեր։
ՍՈՒԼԹԱՆ. Գլխատվեցի՞ն բանակին հաց հայթայթող զեղծարարները։
ՄԵԾ ՎԵԶԻՐ. Այո, տեր իմ, այս արշալույսին։
ՍՈՒԼԹԱՆ. Ե՞րբ կմեկնի ներքին գործերի նազիրը դեպի կայսրության արևելյան սահմանները։
ՄԵԾ ՎԵԶԻՐ. Մեկնեց երեկ իրիկվա նավով։
ՍՈՒԼԹԱՆ. Պետք էր հրահանգել նրան լավ աչքով նայել անհավատ հայերին, նրանք իմ կայսրության օգտակար տարրերն են։
ՄԵԾ ՎԵԶԻՐ. Անհավատների օգտակարության չեմ հավատում. թող ների ինձ մեր օգոստափառ սուլթանը։
ՍՈՒԼԹԱՆ. Դուք պետականորեն չեք մտածում, մեծ վեզիր։
ՄԵԾ ՎԵԶԻՐ. Թող ների ինձ մեր ղազի սուլթանը։
ՍՈՒԼԹԱՆ. Ի՞նչ լուր արարողապեաից։
ՄԵԾ ՎԵԶԻՐ. Նա շուտով այստեղ կլինի զեկուցելու ձեզ, տեր իմ, Տյուզյանների աճուրդի մասին։
ՍՈՒԼԹԱՆ. Միայն կարճ կապի։
ՄԵԾ ՎԵԶԻՐ. Տեսնում է մեր օգոստափառ սուլթանը, որ Տյուզյաններն էլ հայեր էին և անհավատարիմ գտնվեցին կայսրության փողերանոցի գործում։
ՍՈՒԼԹԱՆ. Ես դեռևս բոլորովին էլ համոզված չեմ նրանց մեղավորության մասին։ Ճիշտ է, հրամայեցի գլխատել, բայց դա ոչինչ չի նշանակում։
ՄԵԾ ՎԵԶԻՐ. Մի՞թե Հալետ էֆենդիի փաստերը կասկածելի էին։ Նա շատ մեծ ծառայություններ է մատուցել օսմանյան գահին և ժողովրդին։
ՍՈՒԼԹԱՆ. Այդ ծառայությունները ես չեմ տեսնում, և ինձ դուր չի գալիս նրա անսահման փողասիրությունը։
ՄԵԾ ՎԵԶԻՐ. Մարդկային է, օգոստափառ, մենք բոլորս սիրում ենք փողը։
ՍՈՒԼԹԱՆ. Ինչ որ է, պետք է շահել մյուս ամիրաների սրտերը։ Իմ կայսրության ամբողջ եկամուտը նրանց ձեռքին է։
ՄԵԾ ՎԵԶԻՐ. Մի՞թե մեր իսլամ եղբայրները չեն կարող այնքան օգտակար լինել այդ ասպարեզում, որքան անհավատները, տեր իմ։
ՍՈՒԼԹԱՆ. Ելևմտական գործերում իսլամները շատ անճարակ են։ Հիշո՞ւմ եք, վեզիր, ձեզ ուղարկեցի Արևելյան Ռումելի և...
ՄԵԾ ՎԵԶԻՐ. Իմ անճարակությունը նորին օգոստափառությունը թող չվերագրի իմ բոլոր ցեղակիցներին։
ՍՈՒԼԹԱՆ. Դուք նրանց մեջ տանելին եք, մեծ վեզիր, այնուամենայնիվ։
Ա. ՍԵՆԵԿԱՊԵՏ. (Մտնելով և խոնարհվելով) Արարողապետը ունկնդրություն է խնդրում նորին վեհափառությունից։ Մենք միասին վերադարձանք Տյուզյանների ապարանքից։
ՍՈՒԼԹԱՆ. Պետք է կարճ կապել, սակայն, պատմությունը, սենեկապետ։
ՄԵԾ ՎԵԶԻՐ. Ինչպես որ հրամայում է նորին վեհափառությունը։ (Դուրս):
ՍՈՒԼԹԱՆ. Ձանձրանում եմ։
- Մտնում են արարողապետ, Ա. սենեկապետ և Ա. թարգման, բոլորը խոնարհվում են:
ՍՈՒԼԹԱՆ. Խոսեցե՛ք, արարողապետ։
ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Ծախեցինք Տյուզյանների կահ-կարասիները և ապարանքը։ Ականատես եղանք, օգոստափառ, նրանց դիզած հարստության։ Օսմանյան ողջ փողերանոցը կուլ է գնացել նրանց անկշտում կոկորդին։
ՍՈՒԼԹԱՆ. Կա՛րճ, արարողապետ, կա՛րճ։
ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. (Խոնարհվում է) Նորին օգոստափառ կայսեր մի տխուր լուր ունեմ հայտնելու։
ՍՈՒԼԹԱՆ. Տխուր լո՞ւր։ Տրամադրություն չունեմ լսելու։ Ցանկանում եմ այսօր զվարճանալ։
ՄԵԾ ՎԵԶԻՐ. Ոչ մի տխուր լուր չպետք է մթագնի օսմանյան կայսեր ճակատը։
ՍՈՒԼԹԱՆ․ Ասացե՛ք, արարողապետ։
ԱՐԱՐՈՂԱՊԵՏ Նորին վեհափառությունը քաջ ծանոթ է, որ կայսրության սահմաններում արգելված էր կաթոլիկ կրոնի պաշտամունքը։ Այս օրենքը լինելով մեր օրենքներից ամենից...
ՍՈՒԼԹԱՆ. Կա՛րճ։ Հոգնել եմ կաթոլիկ ու լուսավորչական վեճերից։
ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Աճուրդի ընթացքում Տյուզյանների ապարանքում բացվեց մի մատուռ, մի կաթոլիկ եկեղեցի։
ՍՈՒԼԹԱՆ. Այդ բավական է, որ ես հիմա խորապես համոզվեմ նրանց գլխատելու վճռում։
ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Մատուռի բացվելուց հետո...
ՍՈՒԼԹԱՆ. Չեմ ցանկանում լսել ավելին։
ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Մատուռի բացումը ցույց տվեց...
ՍՈԻԼԹԱՆ. (Զայրացած) Բավակա՛ն է։
ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. (Խոնարհվում է, և նրա հետ՝ բոլորը:)
ՍՈՒԼԹԱՆ. (Երկար լռություն: Բոլորը խոնարհված դիրքում) Ծախեցի՞ք մատուռի գույքը։
ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. (Շտկվում է, նրա հետ՝ մյուսներն էլ) Ո՛չ, օգոստափառ, կարգադրեցի, որ եկեղեցական բոլոր անոթներն ուղարկվեն հայոց պատրիարքին։
ՍՈՒԼԹԱՆ. Լա՛վ, այժմ գնացեք բոլորդ։ Սենեկապե՛տ, այստեղ ուղարկիր իմ կրետացի հարճին։
Բ. ՍԵՆԵԿԱՊԵՏ. Կկատարվի կայծակի արագությամբ։
- Բոլորը դուրս են գնում խոնարհվելով և ետ-ետ քաշվելով։
ՍՈԻԼԹԱՆ. Խաղաղ է իմ կայսրությունը, պետք է զվարճանալ։
Բ. ՍԵՆԵԿԱՊԵՏ. (Ներս: Ետևից կրետացի հարճը:) Կատարված է նորին օգոստափառ կայսեր հրամանը։ (Խոնարհվելով դուրս:)
ՀԱՐՃ. (Ծունկ է չոքում սուլթանի առաջ:)
ՍՈՒԼԹԱՆ. Բարձրացիր իմ ծնկներին։
ՀԱՐՃԸ. (Բարձրանում և նստում է սուլթանի ծնկներին:)
ՍՈՒԼԹԱՆ. (Վավաշոտ սիրաբանելով) Այսօր իմ տրամադրությունը բարձր է, խնդրիր ինձանից ինչ որ ցանկանում ես, և ես կշնորհեմ քեզ։
ՀԱՐՃ. Թող թույլ տա իմ կայսրը, որ ես վերադառնամ Կրետե։
ՍՈՒԼԹԱՆ. Շնորհված է։ Կգնաս Կրետե մի քանի ամսով։
ՀԱՐՃ. Թող թույլ տա իմ կայսրը՝ պարեմ իր համար։
ՍՈՒԼԹԱՆ. (Լկտի համբույրից հետո՝ բաց է թողնում նրան:)
ՀԱՐՃ. (Սկսում է պարել մի կրքոտ պար:)
ՍՈՒԼԹԱՆ. (Ընդհատելով պարը, գրկում է հարճին և կորսվում է վարագույրների ետև:)
Բ. ՍԵՆԵԿԱՊԵՏ. (Գաղտագողի մտնելով ներս, նայում է չորս կողմը և ոչ ոքի չնկատելով՝ հեռանում է: Քիչ անց նորից է մտնում և այս անգամ սկսում է հազալ:)
ՍՈՒԼԹԱՆ. (Վարագույրների ետևից երևալով) Ո՞վ է, ի՞նչ կա։
Բ.ՍԵՆԵԿԱՊԵՏ. Շեյխ-ուլ-Իսլամը խնդրում է ունկնդրություն Խալիֆայից։
ՍՈՒԼԹԱՆ. Ներս աոաջնորդեցե՛ք։
ՀԱՐՃ. (Երևում է վարագույրների ետևից և խոնարհվելով սուլթանի առաջ՝ արագ քայլերով հեռանում է: Մտնում են Շեյխ-ուլ-Իսլամը և Հաջի Չելեբին:)
ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ. Ինձ վիճակված է իսլամության խալիֆային միշտ հաղորդելու մեր կրոնի նորանոր հաղթությունները։
ՍՈՒԼԹԱՆ. Ճշմարիտ կրոնի բախտը այդպես է, Շեյխ-ու-Իսլամ, նա կտիրի ողջ աշխարհին։
ՇԵՅԽ-ՈՒԼ-ՒՍԼԱՄ. Դրան հավատում է հավատացյալների ամբողջ բազմությունը։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Խոնարհվում է:)
ՍՈՒԼԹԱՆ. (Ապշում է:)
ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ. Հաջի Չելեբին մեր պետության ամենահավատարիմ անհավատ ծառան, ընդունեց ճշմարիտ կրոնը։
ՍՈՒԼԹԱՆ. Շնորհավորում եմ, Հաջի Չելեբի։ Իմ կայսրության մեջ դու կհասնես մեծագույն պաշտոնների։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Պաշտոններն ինձ չեն շահագրգռում, իմ վեհափառ և խան և ղազի սուլթան, ինձ շահագրգռում է լույսը ճշմարիտ կրոնում։ Ես տեսնում եմ այն իմ հոգու աչքերով։ Մի քանի անգամներ ինձ թվացել է, որ ես ապրում եմ ծանր խավարում, բայց այսօր զգում եմ, որ աչքեր ունեմ և տեսնում եմ, ականջներ ունեմ և լսում եմ։
ՍՈՒԼԹԱՆ. Հավատում եմ քո խոսքերին. լույսը ճշմարտություն է, և տեսնողը այդպես էլ զգում է։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Խոնարհվում է:)
ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ. Օգոստափառ տեր, ես ցանկացա, որ Հաջի Չելեբին իր իսլամական ապարոշը կապի մարգարեի հաջորդի ներկայության։
ՀԱԶԻ ՉԵԼԵԲԻ. (Ծունկ է չոքում սուլթանի առաջ:)
ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ. (Տալիս է մի սպիտակ ապարոշ սուլթանին, և սուլթանը կապում է Հաջի Չելեբու ֆեսի շուրջը:)
ՍՈՒԼԹԱՆ. (Կանգնող ներքինուն) Կանչի՛ր այստեղ հանդերձապետին։
ՆԵՐՔԻՆԻ (Դուրս:)
ՍՈՒԼԹԱՆ. Մարգարեի հաջորդը ցանկանում է վարձատրել քեզ իր վերարկուներից մեկով։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Խոնարհվում է սուլթանի առաջ և համբուրում է նրա վերարկուի քղանցքները:)
ՀԱՆԴԵՐՁԱՊԵՏ. Ի՞նչ է հրամայում իմ տերը։
ՍՈՒԼԹԱՆ. Բեր այստեղ իսկույն իմ վերարկուներից մեկը։
ՀԱՆԴԵՐՁԱՊԵՏ. (Դուրս:)
ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ. Հավատում եմ, որ սրանից հետո Հաջի Չելեբին կծառայի կայսրության և խալիֆայի հարյուր անգամ ավելի եռանդով և հավատարմությամբ։
ՍՈՒԼԹԱՆ. Կվարձատրվի նա Մարգարեի կողմից։
ՀԱՆԴԵՐՁԱՊԵՏ. (Ներս է գալիս վերարկուով և տալիս է սուլթանին:)
ՍՈՒԼԹԱՆ. (Առնելով վերարկուն՝ ձգում է Հաջի Չելեբու վրա:)
ՀԱՆԴԵՐՁԱՊԵՏ. (Դուրս:)
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Համբուրելով վերարկուն՝ ոտի է կանգնում, հագնում է և գլուխը ծռած նայում գետնին:)
ՍՈՒԼԹԱՆ. Խնդրի՛ր, Հաջի Չելեբի, քո ցանկացած բարձր պաշտոնը, և ես կտամ քեզ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Ինչպես ասացի, պաշտոնները ինձ չեն շահագրգռում. մի փոքրիկ, համեստ պաշտոնում ես օգտակարությամբ կծառայեմ իմ փադիշահին և ճշմարիտ կրոնին։
ՍՈՒԼԹԱՆ. Ես քեզ նշանակում եմ արքունի գանձարանի պետ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Աղաչում եմ իմ խալիֆայից և փադիշահից չվիրավորել իմ համեստությունը։
ՍՈՒԼԹԱՆ. Ես քեզ նշանակում եմ Անգլիայի դեսպան։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Իմ փադիշահը և իմ խալիֆան թող չաքսորի իր ամենաստրուկ ծառային Հայրենիքից դուրս։ Ես ատում եմ քրիստոնյա ժողովրդներին և պետություններին։
ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ. Թույլ տվեք, օգոստափառ տեր, որ Հաջի Չելեբին ինքը ընտրի իր պաշտոնը։
ՍՈՒԼԹԱՆ. Այդպես թող լինի։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Փադիշահի և խալիֆայի ամենահլու ծառան խնդրում է իր աիրոջից նշանակել իրեն մաքսատան վերատեսուչ, ուր նա կարող է հսկել կայսրության արտածությանը և ներածությանը, մի պաշտոն, որի մեջ նա կարող է լավագույն կերպով ծառայել իր փադիշահի լայնածավալ կայսրության։
ՍՈՒԼԹԱՆ. Մեծ մարդիկ փոքր պաշտոնների մեջ չեն կարող օգտակար լինել, բայց կփորձեմ։ (Ներքինուն) Կանչի՛ր մեծ վեզիրին։
ՆԵՐՔԻՆԻ. (Դուրս:)
ՄԵԾ ՎԵԶԻՐ. (Ներս) Հրամայեցեք, տեր իմ։
ՍՈՒԼԹԱՆ. Նշանակում եմ Հաջի Չելեբուն...
ՄԵԾ ՎԵԶԻՐ. (Նայելով Հաջի Չելեբուն և տեսնելով իսլամական տարազով՝ ապշում է:)
ՍՈՒԼԹԱՆ. Մաքսատան վերատեսուչ։ Հայտարարի՛ր առանձին հրովարտակով։ Նվիրում եմ նրան Օսմանիեի առաջին ականակուռ շքանշան։
ՄԵԾ ՎԵԶԻՐ. Լսում եմ, տեր իմ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Էլի խոնարհվում է սուլթանի առաջ:)
ՄԵԾ ՎԵԶԻՐ. (Դուրս:)