Սերգեյ Դովլաթով

Կոմպրոմիսներ

Կոմպրոմիս հինգերորդ

(«Սովետսկայա էստոնիա»։ Նոյեմբեր։ 1975 թ․)

«ՄԱՐԴ է ԾՆՎԵԼ։ Հանրապետությունում լայնորեն նշվում է ամենամյա տոնը Տալլինի ազատագրման օրը։ Գործարաններն ու ֆաբրիկաները, կոլտնտեսություններն ու մեքենատրակտորային կայանները պետությանը զեկուցում են նվաճած բարձր ցուցանիշների մասին։

Այս օրերին նվաճվել է նաեւ անսովոր մի սահմանագիծ։ Էստոնիայի մայրաքաղաքի բնակչությունն անցավ 400 հազարից։ Տալլինի թիվ 4 հիվանդանոցում ծնվել է Մայա եւ Գրիգորի Կուզինների առաջնեկը։ Հենց նրան էր վիճակված դառնալու քաղաքի 400,000֊րդ բնակիչը։

Մարզիկ է դառնալու, ժպտում է գլխավոր բժիշկ Միկխել Տեպպեն։

Երջանիկ հայրը շփոթված թաքցնում է կոշտուկածածկ բանվորական ափերը։

Անդրանիկ որդուս անունը Լեմբիտ ենք դնելու, ասում է նա։ Թող բանահյուսության հերոսի պես հսկա մեծանա…

Երջանիկ ծնողներին շնորհավորել է տալլինցի հայտնի բանաստեղծ Բորիս Շտեյնը․

Ֆաբրիկաներում ու հորատանցքերում, հեռավոր մոլորակներում 400 հազար են հերոսներն արդեն։ Ձեր առաջնեկն էլ՝ նրանց շարքերում…

Ակամա հիշում ես Գյոթեի խոսքերը․

«Մարդ է ծնվում՝ նոր աշխարհ է ծնվում»։

Չգիտեմ, ո՞վ ես դառնալու, Լեմբիտ։ Փականագործ, թե հորատող, զինվորական, թե գիտնական։ Հաստատ գիտեմ մի բան՝ Մարդ է ծնվել։ Երջանկության դատապարտված Մարդ…»։

Տալլինը փոքր, մտերմիկ քաղաք է։ Փողոցում հանդիպում ես ծանոթիդ ու լսում․ «Ողջույն, քեզ էի փնտրում…»։ Կարծես թե հիմնարկի ճաշարանում եք…

Մի խոսքով՝ ապշեցի, երբ իմացա, թե քանի բնակիչ ունի Տալլինը։

Այսպես եղավ։ Խմբագիր Տուրոնոկը ինձ իր մոտ կանչեց ու ասաց․

Կառուցողական գաղափար կա։ Կարելի է հիանալի ռեպորտաժ սարքել։ Քննարկենք մանրամասները։ Միայն չկոպտեք…

Կոպտեմ որ ի՞նչ… Միեւնույն է, անօգուտ է… Դուք, ըստ էության, արդեն կոպտեցիք, մռայլվեց Տուրոնոկը։ Դուք անդադար կոպտում եք, Դովլաթով։ Դուք կոպտում եք անգամ ընդհանուր ժողովների ժամանակ։ Չեք կոպտում միայն, երբ երկար ժամանակով բացակայում եք… Կարծում եք, թե այդքան գո՞րշ եմ։ Միայն թերթե՞ր եմ կարդում։ Մի անգամ եկեք։ Կտեսնեք, թե ինչ գրադարան ունեմ։ Ի դեպ, նախահեղափոխական հրատարակություններ էլ կան…

Ինչո՞ւ եք կանչել։

Տուրոնոկը մի պահ լռեց։ Ապա կտրուկ կերպով ուղղվեց՝ ասես լիրիկական դիրքը փոխելով գործնականի։ Ու խոսեց վստահ ու հատու․

Մեկ շաբաթից Տալլինի ազատագրման տարելիցն է։ Լայնորեն նշվելու է։ Նաեւ՝ մամուլի էջերում։ Նախանշված են տարբեր ոլորտներ՝ տնտեսական, մշակութային, կենցաղային…Նյութեր պատրաստում են խմբագրության բոլոր բաժինները։ Դուք էլ հանձնարարություն անեք։ Վիճակագրական բյուրոյի տվյալներով, քաղաքում ապրում է մոտ 400 հազար բնակիչ։ Թիվը որոշ չափով պայմանական է։ Որոշ չափով պայմանական են նաեւ քաղաքի սահմանները։ Այսպես, ուրեմն։ Խորհրդակցել ու որոշել ենք։ Տալլինի 400,000֊րդ բնակիչը պիտի ծնվի հոբելյանի նախօրեին։

Չհասկացա։

Գնացեք ծննդատուն։ Ապասեք առաջին նորածնին։ Գրի առեք տվյալները։ Զրուցեք երջանիկ ծնողների հետ։ Հարձուփորձ արեք ծնունդն ընդունած բժշկին։ Բնականաբար՝ լուսանկարեք։ Ռեպորտաժը դրվելու է հոբելյանական համարում։ Հոնորարը (գիտեմ, որ դա ձեզ հետաքրքրում է) կրկնակի է։

Դրանից էլ սկսեիք։

Նյութապաշտությունը ձեր տհաճ գծերից մեկն է, ասաց Տուրոնոկը։

Պարտքեր, ասում եմ, ալիմենտ…

Շատ եք խմում։

Դա էլ կա։

Կարճ կապենք։ Ընդհանուր գաղափարը հետեւյալն է։ Ծնվել է երջանիկ մարդ։ Ես նույնիսկ այսպես կձեւակերպեի՝ երջանկության դատապարտված մարդ։

Այս տխմար արտահայտությունն այնքան դուր եկավ խմբագրին, որ մեկ անգամ էլ կրկնեց․

Երջանկության դատապատված մարդը։ Ինձ թվում է՝ վատ չէ։ Գուցե փորձենք որպես վերնագի՞ր։ «Երջանկության դատապարտված մարդը»…

Հետո կորոշենք։

Եվ չմոռանաք, Տուրոնոկը տեղից ելավ, վերջացնելով զրույցը, նորածինը պետք է հրապարակելի լինի։

Այսի՞նքն։

Այսինքն՝ լիարժեք։ Ոչ մի արատավոր, մռայլ երանգ։ Ոչ մի կեսարյան հատում։ Ոչ մի միայնակ մայր։ Ծնողների լրիվ կազմով։ Առողջ, սոցիալապես լիարժեք տղա։

Անպայման տղա՞։

Այո, տղան, թերեւս, ավելի խորհրդանշական է։– Հենրիխ Ֆրանցեւիչ, ինչ վերաբերում է նկարներին… Հաշվի առեք, նորածիններն առանձնապես չեն նայվում…

Ընտրեք լավագույնին։ Սպասեք, ժամանակ կա։

Մի չորս ամիս պիտի սպասեմ։ Դրանից շուտ հազիվ թե մարդու նմանվի։ Որոշ դեպքերում հիսուն տարին էլ չի օգնում…

Լսե՛ք, բարկացավ Տուրոնոկը, դեմագոգիայով մի զբաղվեք։ Ձեզ հանձնարարություն է տրված։ Շորեքշաբթի նյութը պետք է պատրաստ լինի։ Դուք պրոֆեսիոնալ լրագրող եք… Ինչո՞ւ ենք ժամանակ վատնում։

Իրոք, մտածում եմ, ինչո՞ւ…

Իջա բար, ջին պատվիրեցի։ Տեսնեմ նստած է լուսանկարիչ Ժբանկովը՝ ոչ այնքան սթափ։ Ձեռքով արեցի։ Մոտեցավ իմ սեղանին՝ օղու մեծ բաժակով։ Կիսեց բուտերբրոդս։

Տուն գնայիր, ասում եմ, ամբողջ ղեկավարությունը տեղում է…

Օղու բաժակը դատարկեց ու ասաց․

Խայտառակ եղա, հասկանում ես, մնացի։ Տեսե՞լ ես Ֆեդյայի ակնարկի լուսանկարս։

Թերթ չեմ կարդում։

Ֆեդյան ակնարկ է տպել «Մոլոդյոժկա»–ում։ Ավելի ճիշտ՝ պատկեր։ Կոչվում է «Երեքն ընդդեմ փոթորկի»։ Սուզակների մասին։ Թե ինչպես են նրանք որոնում, հասկանում ես, սուզված արժեքավոր բեռը։ Ու դեռ փոթորիկ էլ սպասվում է։ Եվ՝ իմ լուսանկարը։ Երկու հոգի նստած են գերանին։ Ջրի միջից էլ խողովակ է ձգվում։ Իբր նրանց ընկերը ջրի տակ աշխատում է։ Ես, բնականաբար, նկարեցի, վեցնոցս խմեցի ու մոռացա դրա մասին։ Մի օր գնացել եմ նավահանգիստ, մարդիկ ծիծաղում են։ Ի՞նչ կա, հասկանո՞մ ես։ Պարզվում է այսպես։ Նավահանգստում օժանդակ արտադրամասի պետ կա՝ Միրոնենկո։ Սա մի օր դուրս է գալիս ճաշարանից, ծխում է նավամատույցի մոտ։ Ծխում֊ծխում, շպրտում է մնացորդը։ Հազում–փռշտում է եւ, հազար ներողություն, դուրս է թքում ծնոտը։ Բնականաբար՝ դնովի։ Իսկ ծնոտի վրա մի ութսուն ռուբլու ոսկի կա։ Վազում է սուզակների մոտ․ «Տղերք, փրկեք»։ Սրանք տեղնուտեղը հասկանում են։ «Գործից հետո կգտնենք» «Տակից դուրս կգամ»։ «Մարդա մի շիշ կդնես»։ «Հարց չկա»… Գործը վերջացնում, սկսում են փնտրել։ Այդ պահին Ֆեդկան է անցնում։ Տեսնում է աշխատանքից հետո դեռ աշխատում են։ Ի՞նչ եք անում։ Տող է՝ լրացնում է, գիտես։ Տղաներն անհարմար են զգում ճիշտն ասել։ Այսպես ու այսպես, ասում են, արժեքավոր բեռ է սուզվել։ Ֆեդյային ի՞նչ կա։ «Անունդ ի՞նչ է, քո՞նն ինչ է»… Արանք ասում են։ «Հազվադեպ ազատ ժամերն ինչպե՞ս եք անցկացնում»…Դասական երաժշտության համերգների ենք գնում, կերպարվեստի ցուցահանդեսներ, երգչախմբային երաժշտության համար էլ, ասում են, խելքներս մերը չի… «Բա այս ժամին ինչո՞ւ եք աշխատում»… Փոթորիկ է լինելու, շտապում ենք… Ֆեդյան,զանգում է խմբագրություն, վազելով գալիս֊նկարում եմ՝ առանց խորանալու… Ախր նավամատույցի ավազանն արհեստական է, ներքին։ Այնտեղ փոթորիկ չի կարող լինել…

Տուն գնայիր, կրկնում եմ։

Սպասիր, կարեւորը դա էլ չէ։ Ինձ պատմել են, թե ինչով է վերջացել։ Սուզակները ծնոտը, պատկերացրու, գտնում են։ Միրոնենկոն երջանիկ՝ էլ տեղ չկա։ Տանում է տղերքին ռեստորան։ Օղի է պատվիրում։ Խմում են։ Միրոնենկոն սկսում է բոլորին ցուցադրել իր ծնոտը։ Շնորհակալ եմ, ասում է, տղերքը փրկեցին։ Արծիվնե՛ր են, գոռում է, առաջավորնե՛ր, ստախանովականնե՛ր․․․– Ծնոտը սեղանից֊սեղան է անցնում… Դռնապանն է մոտենում նայելու… Նվագախմբի տրոմբոնահարը… Մատուցողուհիները զարմացած գլուխներն են օրորում։ Միրոնենկոն սուզակների հետ այդ ընթացքում վեցերորդ շիշն է խեղդում։ Մեկ էլ տեսնում է՝ չկա, տարել են ծնոտը։ Գոռում է․ «Վերադարձրե՛ք, սողուններ»։ Էլ ինչ… այստեղ սուզակներն էլ արդեն չեն օգնի…

Դե լավ, ասում եմ, գնացի…

Ծննդատուն չէի ուզում գնալ։ Հիվանդանոցային մթնոլորտը ճնշում է ինձ։ Միայն ֆիկուսներն արդեն բավական են… Մտա Մարինայենց բաժին։ Լսում եմ․

Դո՞ւ ես… Կներես, գործս շատ է։

Բա՞ն է պատահել։

Ի՞նչ պիտի պատահեր։ Գործեր ունեմ…

Ի՞նչ գործեր։ Հոբելյան֊բան։ Դե մենք գորշ մարդիկ եք, վեպեր չենք գրում…

Ինչո՞ւ ես ջղայնանում։

Իսկ ինչո՞վ ուրախանամ։ Դու անընդատ անհետանում ես։ Մեկ՝ խելահեղ սեր, մեկ էլ ամբողջ շաբաթը լրբերի հետ քարշ ես գալիս։

Ինչ է նշանակում՝ լրբերի հետ։ Ես գործուղման էի Աաարեմաայում։ Հյուրանոցում մլակները ողջ մարմինս կծոտել են…

Ոչ թե մլակները, կասկածամտորեն աչքերը կկոցեց Մարինան, այլ լրբերը։ Զազրելի ու կեղտոտ պոռնիկները։ Թե ի՞նչ են մեջդ գտնում։ Միշտ անփող, միշտ խումհարում… Ինչպե՞ս է, որ մինչեւ հիմա չես վարակվել։

Մլակից ի՞նչ պիտի վարակվեի։

Գոնե մի ստիր։ Ո՞վ է այդ ժանգամազ, վետվետ քամակով լոլոզ լիրբը։ Առավոտյան ավտոբուսից տեսա…

Դա ժանգամազ վետվետ քամակով լոլոզ լիրբ չէ։ Դա մետաֆիզիկ բանաստեղծ Ալեքսանդր Էռլն է։ Սանրվածքն է այդպիսին…

Հանկարծ հասկացա, որ Մարինան ուր որ է լաց կլինի։ Իսկ լալիս էր նա մոլեգին հուսահատությամբ, սաստիկ դառնությամբ՝ հեկեկախառն ու անձնուրաց լացով։ Ինչպես դերասանուհին ներկայացումից հետո…

Խնդրում եմ, հանգստացիր։ Ամեն ինչ լավ կլինի։ Բոլորը գիտեն, որ կապված եմ քեզ…

Մարինան պայուսակից հանեց վարդագույն պստլիկ թաշկինակն ու չորացրեց աչքերը։ Խոսեց ավելի հանգիստ․

Կարո՞ղ ես լրջանալ։

Իհարկե։ Վստահ չեմ։ Դու բացարձակապես անպատասխանատու ես… Արտույտի պես… Դու ոչինչ չունես՝ ոչ հասցե, ոչ նպատակ… Հիմնավոր կապվածություն անգամ չունես։ Քեզ համար ես սոսկ պատահական կետ եմ տարածության մեջ։ Իսկ ես համարյա քառասուն եմ արդեն։ Ու պետք է ինչ֊որ ձեւով դասավորեմ կյանքս։

Ես էլ համարյա քառասուն եմ։ Ավելի ճիշտ՝ երեսունն անց։ Ու չեմ հասկանում, ինչ ասել է կյանքը դասավորել… Ուզում ես ամուսնանա՞լ։ Ի՞նչ է փոխվելու։ Ի՞նչ է տալու քեզ այդ անասունի խարանը… Քանի դեռ ինձ լավ եմ զգում, կմնամ։ Հենց ձանձրացա՝ կհեռանամ։ Եվ միշտ էլ այդպես է լինելու…

Չեմ ուզում ամուսնանալ։ Քեզանից ի՞նչ փեսացու… Ես երեխա եմ ուզում։ Հետո ուշ կլինի…

Ուզում ես՝ ծնիր։ Հիշիր սակայն, թե նրան ինչ է սպասում։

Դու միշտ խտացնում ես գույները։ Միլիոնավոր մարդիկ ազնիվ կյանքով ապրում ու աշխատում են… Համ էլ՝ մենակ ո՞նց ծնեմ…

Ինչո՞ւ մենակ։ Ես… կօժանդակեմ։ Իսկ ինչ վերաբերում է նյութականին, դու երեք անգամ ավելի ես վաստակում։ Այսինքն՝ ինձանից գործնականում կախված չես…

Ես ուրիշ բան նկատի ունեմ… Հեռախոսը զնգաց, Մարինան վերցրեց լսափողը։

Այո՞։ Հրաշալի է… Հենց այս պահին ինձ մոտ է… Թափահարեցի ձեռքերս։ Մարինան գլխով արեց․

Ասում եմ հենց այս պահին ինձ մոտ էր, գնաց… Դա արդեն չգիտեմ։ Երեւի լակելու։

Օձ, ասացի մտքումս։

Ցեխանովսիկն է քեզ որոնում։ Ուզում է պարտքը վերադարձնել։

Հո չի՞ հիվանդացել։ Գրքի հոնորարն է ստացել։

«Քարավանը երկի՞նք է բարձրանում»։ Ի՞նչ քարավան։ Գիրքը կոչվում է «Շարունակելի»։

Դա նույն բանն է։ Դե լավ, ասում եմ, գնացի։– Ո՞ւր, եթե գաղտնիք չէ…

Պատկերացրու՝ ծննդատուն…

Նայեցի թերթերի կապոցներով սեղաններին։ Զգացի ծխախոտի ու սոսնձի հոտը։ Այնպիսի ձանձրույթ ու դառնություն պատեց ինձ, որ անգամ հիվանդանոցի մթնոլորտն այլեւս չէր վախեցնում։

Միջանքամ գիտակցեցի, որ մի վայրկյան առաջ Մարինան գոռացել էր․ «Գնում ես՝ գնա, անճարակ հարբեցող»։

Նստեցի ավտոբուս, շարժվում էինք Կարլ Մարքսի փողոցով։ Ավտոբուսում անսպասելիորեն ննջեցի։ Մի րոպեից արթնացա՝ գլխացավով։ Ծննդատան նախասրահով անցնելիս հայելու մեջ մի պահ տեսա ինքս ինձ ու հայացքս անմիջապես փախցրի…

Դիմացից սպիտակ խալաթով մի կին էր գալիս։

Կողմնակիների մուտքն այստեղ արգելվում է։

–Իսկ անդրկողմյաններին, հարցնում եմ, նո՞ւյնպես արգելվում է։

Բուժքույրը տարակուսած կանգ առավ։ Ցույց տվեցի խմբագրության վկայականը։ Բարձրացա երկրորդ հարկ։ Աստիճանավանդակում ծխում էին տձեւ խալաթներով կանայք։

Ինչպե՞ս գտնեմ գլխավոր բժշկին։

Վերեւում։ Վերելակի դիմաց։

Վերելակի դիմաց, ուրեմն համեստ մարդ է։ Վերելակի դիմաց աղմկոտ տեղ է, շրխկում են բացվող֊փակվող դռները…

Ներս եմ մտնում։ Վաթսունին մոտ մի էստոնացի մարզանք է անում բաց օդանցքի դիմաց։

Էստոնացիներին ես տարբերում եմ անմիջապես ու անվրեպ։ Ոչ մի աչքի զարնող, անհատականություն ընդգծող գիծ։ Անփոփոխ փողկապ ու արդուկած տաբատ։ Խղճուկ ծնոտ ու աչքերի խաղաղ արտահայտություն։ Հետո, ո՞ր ռուսն է միայնակ մարզանք անում…

Մեկնում եմ վկայականս։

Բժիշկ Միկխել Տեպպե։ Նստեք։ Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։

Շարադրեցի գործի էությունը։ Բժիշկը չզարմացավ։ Առհասարակ մամուլի որեւէ նախաձեռնությամբ շարքային ընթերցողին չես զարմացնի։ Ամեն բանի սովոր են…

Կարծում եմ, բարդ չէ, ասաց Տեպպեն։ Հսկայական կլինիկա է։

Ձեզ տեղեկացնո՞ւմ են բոլոր նորածինների մասին։

Կարող եմ կարգադրել, որ տեղեկացնեն։

Վերցրեց լսափողը։ Խոսեց էստոներեն։ Հետո դարձավ ինձ․

Ծննդաբերության ընթացքը ձեզ հետաքրքրո՞ւմ է։

Աստված հեռու պահի։ Միանգամայն բավական կլինի, եթե գրի առնեմ տվյալները, տեսնեմ երեխային ու զրուցեմ հոր հետ։

Բժիշկն էլի ինչ֊որ մեկի հետ հեռախոսով խոսեց էստոներեն։

Մեկը հիմա ծննդաբերում է։ Կզանգեն մի քանի րոպեից։ Հուսով եմ, ամեն ինչ լավ կլինի։ Մայրն առողջ է… Փարթամ, երիտասարդ կին է, շիկահեր…, բժիշկը, կարծես թե, շեղվեց։

Ինքներդ, ասում եմ, ամուսնացա՞ծ եք։

Անշուշտ։

Երեխանե՞ր էլ ունեք։

Որդի։

Չե՞ք մտածել, թե նրան ինչ է սպասում։

Մտածելու բան չկա։ Ես շատ լավ գիտեմ, թե նրան ինչ է սպասում։ Նրան սպասում է հատուկ ռեժիմի ճամբար։ Զրուցել եմ փաստաբանի հետ։ Արդեն քաղաքից չբացակայելու ստորագրություն են վերցրել…

Տեպպեն խոսում էր հանդարտ ու խաղաղ։ Ասես խոսքը առօրեական դրական մի երեւույթի մասին էր։

Ցածրացրի ձայնս, հարցրի մտերմաբար ու գաղտնապահ․

Սոլդատովի գո՞րծը։

Ի՞նչ, չհասկացավ բժիշկը։

Ձեր որդին էստոնական վերածննդի շարժման գործի՞չ է։

Իմ որդին սպեկուլյանտ է ու հարբեցող, բառերը հատ֊հատ շեշտելով ասաց Տեպպեն։ Եվ նրա համար կարող եմ համեմատաբար հանգիստ լինել միայն, երբ նա բանտում լինի…

Լռեցինք։

Ժամանակին բուժակ եմ եղել կղզիներում։ Հետո կռվել եմ էստոնական կորպուսում։ Հասել եմ բարձր դիրքի։ Չեմ հասկանում, թե ինչպես պատահեց, ես ու մայրը դրական մարդիկ ենք, իսկ մեր որդին՝ բացասական…

Նրա կարծիքն էլ վատ չէր լինի լսել։

Նրան հնարավոր չէ լսել։ Ասում եմ․ «Յարա, ինչո՞ւ ես ինձ արհամարհում։ Ես ամեն բանի հասել եմ համառ աշխատանքով։ Դժվար կյանք եմ ապրել։ Հիմա բարձր դիրք եմ գրավում։ Քո կարծիքով, ինչո՞ւ ինձ՝ համեստ բուժակիս, գլխավոր բժիշկ նշանակեցին»։ Իսկ նա ասում է․ «Որովհետեւ քո բոլոր կարգին գործընկերներին գնդակահարել էին… »։ Կարծես թե ես եմ գնադակահարել։

Հեռախոսը զանգեց։

Լսում եմ, ասաց Տեպպեն, հրաշալի է։

Անցավ էստոներենի։ Խոսքը կիլոգրամների ու սանտիմետրերի մասին էր։

Խնդրեմ, ասաց, իններորդ պալատից մի կին ծննդաբերել է։ Չորս ու երկու հարյուր եւ հիսունութ սանտիմետր։ Ուզո՞ւմ եք տեսնել։

Պարդատիր չէ։ Բոլոր նորածիններն իրար նման են…

Մոր ազգանունը Օկաս է։ Հիլյա Օկաս։ Ծնված 1946 թվականին։ Բանվորուհի է «Պունանե ռետ»–ում։ Հայրը՝ Մագաբչա…

Ի՞նչ է նշանակում՝ Մագաբչա։

Ազգանուն է։ Եթովպիայից է։ Սովորում է նավաշինական ուսումնարանում։

Սեւ՞ է։

Ես կասեի՝ շոկոլադագույն։

Լսեք, ասում եմ, հետաքրքիր է ստացվում։ Ինտերնացիոնալիզմ է ուրվագծվում։ Ժողովուրդների բարեկամություն… Գրանցվա՞ծ են։

Անշուշտ։ Ամեն օր կնոջը երկտողներ է գրում։ Ստորագրում է՝ «Քո շոկոլադե բատոն»։

Թույլ կտա՞ք զանգել։

Պատիվ արեք։

Զանգում եմ խմբագրություն։ Մոտենում է Տուրոնոկը։

Լսում եմ… Տուրոնոկ։

Հենրիխ Ֆրանցեւիչ, քիչ առաջ տղա ծնվեց։– Ի՞նչ եղել… Ո՞վ է խոսում։

Դովլաթովն է։ Ծննդատնից։ Դուք ինձ հանձնարարություն եք տվել…

Ա֊ա, հիշում եմ, հիշում եմ։

Այսպես, ուրեմն։ Տղա է ծնվել։ Խոշոր, առողջ… Հիսունութ սանտիմետր։ Քաշը՝ չորս ու երկու հարյուր… Հայրը եթովպացի է։

Տագնապալի դադար տիրեց։

Չհասկացա, ասաց Տուրոնոկը։

Եթովպացի է, ասում եմ, ծագումով Եթովպիայից… Սովորում է այստեղ… Մարքսիստ է, ավելացրի՝ անկախ ինձանից։

Հարբա՞ծ եք, խստացավ Տուրոնոկի ձայնը։

Ինչպե՞ս կարելի է։ Աշխատանքի մեջ եմ։

Աշխատանքի մեջ… Ե՞րբ է դա ձեզ խանգարել։ Դեկտեմբերին շրջանային պարտակտիվի հավաքում փսխողն ո՞վ էր…

Հենրիխ Ֆրանցեւիչ, չեմ ուզում հեռախոսը երկար զբաղեցնել… Քիչ առաջ տղա է ծնվել։ Հայրը՝ մեր բարեկամ Եթովպիայից է։

Ուզում եք ասել՝ սե՞ւ է։

Շոկոլադագույն։

Ասել կուզի՝ նե՞գր։

Բնականաբար։

Դովլաթով, տանջալի ձայնով արտասանեց Տուրոնոկը, Դովլաթով, ես ձեզ աշխատանքից կհեռացնեմ… Լուսավոր ամեն բան վարկաբեկելու փորձի համար… Հանգիստ թողեք ձեր այդ քաքոտ նեգրին։ Սպասեք, թող նորմալ, լսո՞ւմ եք ինձ, նորմալ, մարդու երեխա ծնվի…

Եղավ, ասում եմ, ես միայն հարցրի…

Տուրոնոկը դրեց լսափողը։ Տեպպեն կարեկից հայացքով նայում էր ինձ։

Հարմար չէ, ասում եմ։

Ես սկզբից եւեթ կասկածներ ունի, բայց ոչինչ չասացի։

Լավ, ոչինչ։

Սուրճ ուզո՞ւմ եք։

Պահարանից հանեց շագանակագույն շիշը։ Հեռախոսը նորից զնգաց։ Տեպպեն երկար խոսեց էստոներեն։ Խոսքը, երեւի, ինձ չվերաբերող հարցի մասին էր։ Սպասեցի մինչեւ խոսեց֊վերջացրեց ու անսպասելիորեն հարցրի․

Կարելի՞ է քնել քողի ետեւում։

Իհարկե, չզարմացավ Տեպպեն։ Ուզո՞ւմ եք ծածկվել իմ վերարկուով։

Առանց ծածկվելու էլ կքնեմ։

Հանեցի կոշիկներս ու պառկեցի։ Հարկավոր էր կենտրոնանալ։ Այլապես իրականության ուրվագծերն անհուսորեն չքանում էին։ Հանկարծ ինձ տեսա կողքից՝ շփոթված եւ անհեթեթ։ Ո՞վ եմ ես։ Ինչո՞ւ եմ այստեղ։ Ինչո՞ւ եմ պառկել ու սպասում Աստված գիտի թե ինչի։ Եվ ինչ անհեթեթ է անցնում կյանքս։ Երբ արթնացա, Տեպպեն կանգնած էր գլխավերեւս։

Ներեցեք, անհանգստացրի… Քիչ առաջ ծննդաբերեց ձեզ ծանոթ մի կին։

«Մարինան», թեթեւակի սարսափով մտածեցի ես։ (Բոլորին է հայտնի, որ սարսափն ապրում ես սոսկ աննշան չափով)։ Հետո, վանելով ցնոր միտքը, հարցրի․

Ի՞նչ ասել է՝ ձեզ ծանոթ մի կին։

Լրագրող է, երիտասարդական թերթից՝ Ռումյանցեւա։

– Հա֊ա, Լենան, Բորյա Շտեյնի կինը։ Իրոք, մայիսից չի երեւում…

Ծննդաբերեց հինգ րոպե առաջ։

Հետաքրքիր է ստացվում։ Խմբագիրը երջանիկ կլինի։ Երեխայի հայրը Տալլինում հայտնի բանաստեղծ է։ Մայրը լրագրող։ Երկուսն էլ կուսակցական են։ Շտեյնն այդ կապակցությամբ բալլադ կգրի…

Ուրախ եմ ձեզ համար։

Զանգեցի Շտեյնին։

Ողջույն, ասում եմ, կարող ես շնորհավորանքներ ընդունել։

Շուտ է։ Պատասխանը չորեքշաբթի է լինելու։

Ի՞նչ պատասխան։

Կթողնեն Շվեդիա, թե ոչ։ Ասում են՝ կապերկրների ուղեւորությունների փորձ չկա։ Իսկ որտեղի՞ց լինի, եթե չեն թողնում։ Դու եղե՞լ ես կապերկրներում։

Ոչ։ Ինձ նույնիսկ սոց չթողեցին։ Բուլղարիայի համար դիմել էի…

Իսկ ես անգամ Հարավսլավիայում եմ եղել։ Հարավսլավիան համարյա կապ է…

Ծննդատնից եմ զանգում։ Դու տղա ես ունեցել։

Քու մերը, գոռաց Շտեյնը։ Քու մերը… Տեպպեն ինձ մեկնեց թերթիկը։

Հասակը, ասում եմ, հիսունվեց, քաշը՝ երեք ու ինը հարյուր։ Լենան իրեն լավ է զգում։

Քու մերը, չէր հանգստանում Շտեյնը։ Հիմա գալիս եմ։ Տաքսիով կգամ։

Այժմ հարկավոր էր լուսանկարիչ կանչել։

Զանգեք, զանգեք, ասաց Տեպպեն։ Զանգեցի Ժբանկովին։ Լսափողը վերցրեց Լեռան։

Սիխայիլ Վլադիմիրովիչը վատառողջ է, ասաց։

Հարբա՞ծ է, հարցնում եմ։

Անգիտակից։ Դո՞ւ ես խմացրել։

Երբե՛ք։ Եվ հետո, ես աշխատանքի մեջ եմ։

Դե լավ, կներես։

Զանգեցի Մալկիելին։

Արի, նորածնին պիտի լուսանկարես հոբելյանական համարի համար։ Շտեյնը տղա է ունեցել։ Հոնորարն, իմիջիայլոց, կրկնակի է…

Դու պատրաստվում ես այդ երեխայի մասին գրե՞լ։

Իսկ ի՞նչ։

Իսկ այն, որ Շտեյնը հրեա է։ Եվ բոլոր հրեաներին պետք է համաձայնեցել։ Դա աներեւակայելիորեն միամիտ ես, Սերժ։

Ես գրել եմ Կապլանի մասին եւ չեմ համաձայնեցրել։

Լավ է չես ասում՝ Գլիկմանի։ Կապլանը շրջկոմի բյուրոյի անդամ է։ Նրա մասին հազար անգամ գրել են։ Դու Կապլանին Շտեյնի հետ մի համեմատիր…

Ես չեմ էլ համեմատում։ Շտեյնն անհամեմատ համակրելի է։

Ավելի վատ իր համար։

Պարզ է։ Շնորհակալ եմ, որ նախազգուշացրիր։ Ասում եմ Տեպպեին․

Պարզվում է Շտեյնը հարմար չէ։

Ես նույնպես կասկածներ ունեի։

Իսկ ո՞վ էր, այդ դեպքում, ինձ արթնացնողը։

Ես էի։ Կասկածներ, սակայն, ունեի։

Հիմա ի՞նչ անենք։

Շուտով մեկն էլ է ծննդաբերելու։ Գուցե, արդեն ծննդաբերել է։ Հիմա կզանգեմ։

Իսկ ես դուրս գամ, մի քիչ քայլեմ։

Հիվանդանոցի տաղտուկ պուրակում միայն կատուներն էին։ Սուր ճռռոցով ճոճվում էին տերեւաթափ բարդիները։ Նվազ, կուզիկ մի տղա անցավ՝ հրելով բաքով սայլակը։ Երկնագույն, հազար լվացք տեսած խալաթը նրան պառավ կնոջ տեսք էր տալիս։

Երեւաց Շտեյնը։

Դե, շնորհավորում եմ։

Շնորհակալ եմ, ծերուկ, շնորհակալ եմ։ Լենկային բան֊ման ուղարկեցի… Մի տեսակ արտասովոր վիճակ է։ Խմել է պետք այս առիթով։

«Քեզ հետ խմե՞լ կլինի, մտածեցի… Քթիցս կբերես»։ Չէի ուզում նրա տրամադրությունը գցել։ Չասացի, որ իր երեխան խոտանված է։ Շտեյնը, սակայն, արդեն գիտեր։

Հոբելյանական նյո՞ւթ ես սարքում։

Փորձում եմ։

Ուզում ես մեզ հանրահա՞յտ դարձնել։

Հասկանում ես, ասում եմ, այստեղ բանվորագյուղացիական ընտանիք է պետք։ Իսկ դուք մտավորականներ եք…

Ափսոս, իսկ ես արդեն ոտանավոր եմ գրել տաքսիում։ Վերջանում է այսպես․

Ֆաբրիկաներում ու հորատանցքերում,
Հեռավոր մոլորակներում
400 հազար են հերոսներն արդեն։
Մեր առաջնեկն էլ՝ նրանց շարքերում…

Ասացի․

Ի՞նչ առաջնեկ։ Դու մեծ աղջիկ ունես։

Առաջին ամուսնությունից։

Հա, ասում եմ, այդ դեպքում պարզ է։ Շտեյնը մտածեց մի քիչ ու հանկարծ ասաց․

Ուրեմն, հակասեմիտիզմն, այնուամենայնիվ, գոյություն ունի՞։

Այդպես է ստացվում։

Ինչպե՞ս կարող այն լինել մեզ մոտ։ Մի երկրում, ուր, կարծես թե…

Մի երկրում, ուր հիմնական մեռելին դեռ չեն թաղել… Որի անվանումն իսկ կեղծ է…

Ուզում ես ասել՝ ամեն ինչ սո՞ւտ է։

Սուտ են իմ լրագրությունն ու քո նողկալի ոտանավորները։ Այդ ե՞րբ է էստոնացին եղել տիեզերքում։

Դա փոխաբերություն է։

– Փոխաբերություն… Սուտը տասնյակ ընդհատակյա կեղծանուններ ունի։

Կարելի է մտածել՝ ազնվությունը քեզնով վերջանում է։ ԲԱՄ֊ի մասին մի ամբողջ վիպակ գրողն ո՞վ էր։ Ո՞վ էր փառաբանում չեկիստ Տիմոֆեեւին։

Թողնելու եմ այս գործը։ Այ կտեսնես, թողնելու եմ…

Ուրեմն ուրիշներին մի կշտամբիր։

Մի նեղացիր։

Գրողը տանի, տրամադրությունս գցեցիր… Գնացի։

Տեպպեն շեմին ինձ էր սպասում։

Ծննդաբերել է Կուզինան վեցերորդ պալատից։ Ահա տվյալները։ Ինքն էստոնուհի է, էլեկտրասայլակի վարորդ։ Ամուսինը խառատ է նավաշինական գործարանում, ազգությամբ ռուս, ՍՄԿԿ անդամ։ Երեխան նորմայի սահմաններում է։

Փառք Աստծո, կարծես թե հարմար է։ Համենայն դեպս զանգեմ։ Տուրոնոկն ասաց․

Գերազանց է։ Պայմանավորվեք, որ երեխայի անունը դնեն Լեմբիտ։

Հենրիխ Ֆրանցեւիչ, աղերսեցի, ո՞վ իր երեխայի անունը Լեմբիտ կդնի։ Ախր շատ հնաոճ է։ Բանահյուսությունից…

Թող դնեն։ Իրենց համար ի՞նչ տարբերություն։ Լեմբիտ՝ շատ լավ, առնական ու խորհրդանշական է հնչում… Հոբելյանական համարին համահունչ…

Դուք կարո՞ղ էիք ձեր երեխայի անունը դնել Բովա։ Կամ Միկուլա։

Դեմագոգիայով մի՛ զբաղվեք։ Ձեզ հանձնարարություն է տրված։ Մինչեւ չորեքշաբթի նյութը պետք է պատրաստ լինի։ Եթե հրաժարվեն երեխայի անունը Լեմբիտ դնել, փող առաջարկեք։

Ինչքա՞ն։

Քսանհինգ ռուբլի։ Լուսանկարիչ ես կուղարկեմ։ Ի՞նչ է նորածնի ազգանունը։

Կուզին։ Վեցերորդ պալատ։

Լեմբիտ Կուզին։ Հիանալի է հնչում։ Գործի անցեք։

Հարցրի Տեպպեին․

Հորը որտե՞ղ գտնեմ։

Ահավասիկ։ Նստած է լուսամուտի տակ, խոտի վրա։ Իջա ներքեւ։

Հեյ, ասում եմ, Կուզինը դո՞ւք եք։

Ընկեր Կուզինը, հավանաբար, փիլիսոփայորեն էր տրամադրված։

Ասենք թե Կուզինն եմ, ասաց, հետո՞ ինչ։

Թույլ տվեք, ասում եմ, ձեզ շնորհավորել։ Ձեր երեխան մեր քաղաքի չորս հարյուր հազարերորդ բնակիչն է։ Ես խմբագրությունից եմ։ Ուզում եմ գրել ձեր ընտանիքի մասին։

Որ ի՞նչ։

Դե, ձեր Կյանքի մասին…

Ինչ կա որ։ Վատ չենք ապրում… Աշխատում ենք, ինչպես հարկ է… Ընդլայնում ենք մտահորիզոնը… Հեղինակություն ենք վայելում…

Մի տեղ մտնեինք, զրուցեինք։

Այսինքն՝ մի֊մի բաժակ…, աշխուժացավ Կուզինը։ Բարձրահասակ տղամարդ էր՝ գրանիտե ծնոտով ու մանկական անմեղ թարթիչներով։ Թեթեւորեն ելավ տեղից, թափ տվեց տաբատը։

Գնացինք «Կոսմոս», նստեցինք լուսամատի մոտ։

Փողը՝ ութ ռուբլի է, ասաց Կուզինը։ Եվ մի շիշ էլ լակելիք։ Պորտֆելից հանեց մեկ շիշ կուբայական ռոմ։ Թաքցրեց վարագույրի ետեւում։

Ձեւի համար մի երեք հարյուր գրամ վերցնե՞նք։

Ու գարեջուր, ասում եմ, եթե սառն է… Պատվիրեցինք երեք հարյուր գրամ օղի, երկու սալաթ ու մի֊մի կոտլետ։

Ապխտած ֆիլե չե՞ք ցանկանում, հարցրեց մատուցողը։

Ֆռֆռա, արձագանքեց Կուզինը։

Դահլիճը գրեթե դատարկ էր։ Բեմի վրա գործիքներն էին նախապատրաստում չորս երաժիշտ։ Դաշնամուր, կիթառ, կոնտրաբաս եւ հարվածայիններ։ Կաղնե նոտակալները զարդարված էին թիթեղե տավիղներով։

Կիթառահարը թաշկինակով թաքուն մաքրեց կոշիկները։ Հետո մոտեցավ խոսափողին եւ հայտարարեց․ Մեր բարեկամների պատվերով, որ վերջերս են վերադարձել Ազալեմմա հանգստավայրից…

Բազմանշանակ դադարից հետո․

Կատարվում է լիրիկական երգ՝ «Անձրեւը կաթում է մռթիս»…

Բարձրախոսները բազմապատկում էին աներեւակայելի դղրդոցը։ Երաժիշտները միաձայն ու բարձր գոռում էին։

Գիտե՞ս Ազալեմման ինչ է, աշխուժացավ Կուզինը։ Ամենամեծ ուղղիչ ճամբարն է Էստոնիայամ։ Ուղղիչ աշխատանքային գաղութ, էտապ… Երգե՛ք։

Նա բարձրացրեց բաժակը։

Քո կենացը։ Որդուդ կենացը։

Հանդիպման կենացը։ Տա Աստված, վերջինը չլինի…

Երկու զույգ աշխարհից վերացած պարում էին սեղանների միջեւ։ Սեւ֊սպիտակ համազգեստով մատուցողները պինգվինների էին նման։

Մի֊մի հատ է՞լ։

Էլի խմեցինք։

Կուզինը հապճեպ ծամեց ու սկսեց․

Ինչպես եղավ՝ մաքուր թատրոն է։ Նավամեխում էի աշխատում, ապրում էի մենակ։ Դե, ծանոթացանք, ինքն էլ միայնակ էր։ Որ ասեմ գեշ է, սուտ կլինի՝ մտածկոտ է։ Սկսեց մոտս գալ՝ լվացք֊արդուկ… Միացանք Զատկին… Սուտ եմ ասում՝ Աստվածածնի տոնին… Թե չէ գործից հետո վակուում է… Ինչքան կարելի է լակել… Մի տարի համարյա ապրեցինք… Թե ոնց հղիացավ, չեմ հասկանում… Պառկում էր ձողաձկան պես… Ասում էի․ «Հո չե՞ս քնել»… «Չէ, ասում էր, ամեն ինչ լսում եմ»։ «Կրքերդ, ասում եմ, քեզ չեն ուտում»։ Իսկ նա՝ «Կարծես, խոհանոցում լույսը վառվում է»…։ «Ի՞նչ իմացար»։ «Հաշվիչը, լսո՞ւմ ես, ոնց է աշխատում»…։ «Օրինակ վերցնեիր…»։ Մի տարի այդպես էլ ապրեցինք…

Կուզինը վարագույրի ետեւից հանեց ռոմի շիշը։ Բաժակները լցրեց։ Խմեցինք։

Կիթառահարն ուղղեց բաճկոնն ու բարձրաձայն հայտարարեց․

Դռան մոտ նստած Տոլիկ Բ․֊ի պատվերով կատարվում է…

Դադար։ Հետո ընդգծված շեշտադրմամբ․

Լիրիկական երգ՝ «Այս ի՞նչ թույն էր, ինձ խմեցրիր»…

Ամուսնացա՞ծ ես, հետաքրքվեց Կուզինը։

Եղել եմ։

Իսկ հիմա՞։

Չէ ոնց որ։

Երեխաներ ունե՞ս։

Ունեմ։

Շա՞տ։

Շատ… մի աղջիկ։

Գուցե կարգավորվի՞։

Հազիվ թե։

Երեխեքն են մեղք։ Երեխեքն ախր մեղավոր չեն… Անձամբ ես նրանց անվանում եմ «կյանքի ծաղիկներ»… Մի֊մի հատ է՞լ։

Լցրու։

– Գարեջրո՞վ…

– Բնականաբար…

Գիտեի արդեն, որ երեք բաժակ էլ՝ ու գործերի մասին չեմ հիշելու։ Այդ առումով առավոտից խմելն է ճիշտ։ Խմում ես՝ ու ամբողջ օրդ ազատ է…

Լսիր, ասում եմ, որդուդ անունը Լեմբիտ դիր։

Ինչո՞ւ Լեմբիտ, զարմացավ Կուզինը։ Մենք մտածում էինք՝ Վոլոդյա։ Ի՞նչ է նշանակում Լեմբիտ։

Լեմբիտը անուն է։

Վոլոդյան ինչ է, անուն չէ՞։

Լեմբիտը բանահյուսությունից է։

Բանահյուսությունն ի՞նչ է։

Ժողովրդական ստեղծագործություն։

Ի՞նչ կապ ունի ժողովրդական ստեղծագործությունը։ Իմ անձնական որդու անունը ուզում եմ դնել Վոլոդյա… էդ լակոտին անուն դնելն էլ առանձին պրոբլեմ է։ Իմ անունն, օրինակ, Գրիշա են դրել։ Ի՞նչ դարձա։ Ալկաշ… Լավ չէ՞ր լինի միանգամից Ալկաշ դնեին… Չխմե՞նք։

Խմեցինք՝ արդեն առանց ուտելու։

Անունը Վոլոդյա դնես, շարունակեց ճամարտակել Կուզինը, անբան ավարա կարող է մեծանալ։ Շատ բան, իհարկե, դաստիարակությունից է կախված…

Լսիր, ասում եմ, Լեմբիտ անունը ժամանակավորապես դիր։ Մեր խմբագիրը դրա համար փող է խոստացել։ Իսկ մի ամիս հետո կվերանվանես, երբ գրանցելու լինեք…

Ինչքա՞ն, հետաքրքվեց Կուզինը։

Քսանհինգ ռուբլի։

Երկու շիշ ու ծամելիք։ Եթե ռեստորանում…

Հեչի պես։ Սպասիր, գնամ զանգեմ…

Իջա ներքեւ։ Ավտոմատից զանգեցի խմբագրություն։ Խմբագիրը տեղում էր։

Հենրիխ Ֆրանցեւիչ։ Ամեն բան օքեյ է։ Հայրը ռուս է, մայրը՝ էստոնուհի։ Երկուսն էլ նավամեխանիկականից…

Տարօրինակ է հնչում ձեր ձայնը, արտաբերեց Տուրոնոկը։

Հեռախոսից է… Հենրիխ Ֆրանցեւիչ, շտապ ուղակեք Հուբերտին՝ փողով։

Ի՞նչ փող։

Որպես խթան։ Որ երեխայի անունը դնեն Լեմբիտ… Հայրը համաձայնել է քսանհինգ ռուբլով։ Հակառակ դեպքում, ասում է, Ադոլֆ կդնեմ…

Դովլաթով, դուք հարբած եք, ասաց Տուրոնոկը։

Երբե՛ք։

Դե լավ, հետո կպարզենք։ Նյութը պետք է պատրաստ լինի մինչեւ երեքշաբթի։ Հուբերտը դուրս կգա հինգ րոպեից։ Սպասեք Ռատուշայի հրապարակում։ Նա կբերի բանալին…

Բանալի՞…

Այո։ Խորհրդանշական բանալի։ Հանձնեք հորը… համապատասխան պայմաններում… Բանալին արժե երեք ու ութսուն։ Այդ գումարը կպահեմ քսանհինգ ռուբլուց։

Ազնիվ չէ, ասացի։ Խմբագիրը դրեց լսափողը։

Վերեւ բարձրացա։ Կուզինը ննջում էր՝ գլուխը սփռոցին։ Այտի տակից վեր էր ցցվել հացի ափսեն։ Ձեռքս դրի ուսին։

Հեյ, ասում եմ, արթնացիր։ Հուբերտը մեզ է սպասում…

Ի՞նչ, իրար անցավ Կուզինը, Հուբե՞րտ։ Ախր ասում էիր Լեմբիտ։

Լեմբիտն ուրիշ է։ Լեմբիտը քո որդին է։ Ժամանակավորապես…

Հա։ Ես տղա եմ ունեցել։

Անունը Լեմբիտ է։

Սկզբում Լեմբիտ, հետո՝ Վոլոդյա։

Իսկ Հուբերտը մեզ համար փող է բերում։

Փող կա, ասաց Կուզինը, ութ ռուբլի։

Հարկավոր է հաշիվը փակել։ Ո՞ւր է մատուցողը։

Հե՜յ։ Ապխտած միսիկ, ո՞ւր ես, ձայնը գլուխը գցեց Կուզինը։ Մատուցողը հայտնվեց՝ դեմքին անսահման ձանձրույթ։

Ափսե եք կոտրել, հայտարարեց։

Ըհը, ասաց Կուզինը, ես եմ ջարդել, քիթմռթով իջա սեղանին՝ ջարդվեց։

Ծոցագրպանից մեղավոր տեսքով հանեց կտորները։

Զուգարանում էլ հատակին եք արել, ավելացրեց մատուցողը, հարկավոր է մարդավարի օգտվել…

Ռադդ քաշի՛, անսպասելիորեն զայրացավ Կուզինը։ Քեզ եմ ասում։ Թե չէ քաչալդ հենց հիմա կփայլեցնեմ։

Աշխատանքի մեջ եմ՝ խորհուրդ չէի տա։ Կարող ես բանտ էլ ընկնել։

Փողը մեկնեցի մատուցողին։

Ներեք մեզ, ասում եմ, ընկերս տղա է ունեցել։ Մի փոքր հուզվում է։

Հաշիվը փակեցինք ու դուրս եկանք անձրեւի տակ։ Հուբերտի մեքենան կանգնած էր ռատուշայի մոտ։ Նա ազդանշան տվեց ու բացեց մեքենայի դուռը։

Ահա փողը, ասաց Հուբերտը։ Խմբագիրն անհանգստանում է, որ կխմես…

Մթության մեջ վերցրի թղթադրամներն ու մանրը… Հուբերտը մենկեց նաեւ մի բավական ծանր տուփ։

Սա՞ ինչ է։

«Պսկովյան հուշանվեր»։

Բացեցի տուփը։ Մեջը միջին բալալայկայի չափի անոդացված բանալի էր։

Հա՜, ասում եմ, երջանկության բանալին։

Բացեցի դուռն ու բանալին գցեցի աղբամանի մեջ։ Դարձա Հուբերտին․

Արի խմենք։

Մեքենայով եմ։

Մեքենան այստեղ թող, գնանք խմենք։

Դեռ խմբագրին պիտի տուն տանեմ։

Ոտքով թող գնա այդ ճարպակալած խոզը։

Հասկանում ես, նրանք ինձ բնակարան են խոստացել։ Բնակարանի հարցը եթե չլիներ…

Ինձ մոտ ապրիր, ասաց Կուզինը, կնկաս գյուղ կուղարկեմ։ Պսկովի մարզ։ Այնտեղ ամառվանից այս կողմ մարգարին էլ չկա…

Տղերք, ես պիտի գնամ, ասաց Հուբերտը…

Նորից հայտնվեցինք անձրեւի տակ։ «Աստորիա» ռեստորանի լուսամուտները կանչում էին իրենց անդիմադրելի փայլով։ Մուտքի դիմացի լապտերը մթությունից խլել էր գույնզգույն ջրափոսը…

Կարիք կա՞ մանրամասն պատմել հետագա իրադարձությունները։ Ինչպես ուղեկիցս բարձրացավ բեմ ու գոռաց․ «Ծախեցի՜ն Ռուսաստանը»… Հետո դռնապանին այնպես խփեց, որ գլխարկը գլորվեց հանդերձարան… Ինչպես հետո մեզ միլիցիա տարան… ինչպես ազատեցին իմ վկայականի շնորհիվ… Ինչպես կորցրի գրառումներիս նոթատետրը… իսկ հետո՝ նաեւ Կուզինին…

Արթնացա Մարինայի մոտ, գիշերվա կեսին։ Սենյակում դժգույն կիսամութ էր։ Զարթուցիչն անտանելիորեն բարձր էր տկտկում։ Անուշադրի սպիրտի ու թաց հագուստի հոտ էր գալիս։

Ձեռքս տարա քունքիս վերքին, սկսել էր ուռել։

Մարինան նստած էր կողքիս՝ տխուր ու մի քիչ նիհարած։ Քնքշորեն շոյում էր մազերս։ Շոյում էր ու կրկնում․

Խեղճ տղա… խեղճ տղա… խեղճ տղա…

Այս ո՞ւմ է ասում, մտածում եմ, ո՞ւմ…

"Կոմպրոմիսներ" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Ալմաստ - Պարսկական երթ
Ալեքսանդր Սպենդիարյան

Ալմաստ - Պարսկական երթ

Ջրվեժ 1943 թ
Ջրվեժ 1943 թ
Խաղա առցանց