Սերգեյ Դովլաթով

Կոմպրոմիսներ

Կոմպրոմիս տասներորդ

(«Վեչեռնի Տալլինն»։ Հուլիս 1976թ․)

«ՆՐԱՆՔ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԱՊՐԵԼ։ Այսօր առավոտյան թիվ 4 բժշկական սթափարան է բերվել քաղաքացի Է․Լ․ Բուշը, որը փորձել է ներկայանալ որպես հանրապետական մամուլի աշխատակից։ Է․ Լ․Բուշը չի հնազանդվել սթափարանի աշխատակիցներին, ինչը դրսեւորել է վերջիններիս կծելով։ Այդ մասին որոշվել է տեղեկացնեւ նրա աշխատավայրում, որը, սակայն, թեկուզ մոտավոր կերպով առայժմ չի հաջողվում պարզել»։

Ինչպես միշտ խմիչքը պակասեց, եւ ինչպես միշտ, ես դա կանխատեսել էի։ Ուտելիքի հարցում խնդիրներ չառաջացան։ Չէին էլ կարող առաջանալ։ Ի՞նչ խնդիրներ կարող են լինել, եթե Սեւաստյանովը սովորական խնձորը բաժանում էր 64 մասի…

Երկու անգամ, հիշում եմ, գնացինք «Ստրելեցկայա» օղի բերելու։ Հետո ինչ֊որ աղջիկներ հայտնվեցին սառցաբալետից։ Շաբլինսկին անընդհատ նայում էր աղջիկներին ու կրկնում․

Մենք կհալեցնենք այդ սառույցը… Մենք կհալեցնենք այդ սառույցը…

Ի վերջո օղու գնալու իմ հերթն էլ հասավ։ Գնացինք Շաբլինսկու հետ միասին։ Երբ վերադարձանք, աղջիկներն արդեն չկային։

Շաբլինսկին ասաց․

Լրբերն ավելի խելոք էին, քան կարծում էի։ Կերան, խմեցին ու թռան։

Ավելի լավ, ասաց Սեւաստյանովը, ես հիմա կարտոֆիլ կեփեմ։

Լավ է շիլա չես առաջարկում, վրդովվեց Շաբլինսկին։

Խմեցինք ու սկսեցինք ծխել։ Ալկոհոլն անարդյունավետ էր ազդում։ Կարգին հարբելն էլ, ախր, արվեստ է…

Նման դեպքերում աղջիկներին զանգելն անօգուտ է։ Եթե լակելը չի ստացվում, ուրեմն՝ վերջ։ Ուրեմն՝ քեզ համատարած ստորացնելու են։ Հարկավոր է միջավայրը փոխել։ Գլխավորը միջավայրն է։

Թոֆիկ Ալիեւը, հիշում եմ, պատմում էր․

Տանը դաշնամուր, շքեղ ննջասենյակ ու արծաթե գդալներ ունեի… Համարյա Վերածննդի դարաշրջանի նկարներ։ Եվ ոչ մի սեքս։ Ավտոտնակում միայն հնոտիք էր ու զիբիլ… հին ավտոդողեր, բրեզենտե ծածկոց… Այդ ծածկոցի վրա պառկել է պարարվեստի ուսումնարանի կեսը։ Շատերը պարզապես աղաչում էին՝ գնանք ավտոտնակ։ Այնտեղ, իբր, միջավայրը համապատասխան է…

Շաբլինսկին ելավ տեղից եւ ասաց․

Գնա՞նք Տալլին։

Գնանք։

Ինծ համար միեւնույն էր։ Առավել եւս՝ որ աղջիկներն անհետացել էին։

Շաբլինսկին աշխատում էի «Սովետսկայա Էստոնիա» թերթում։ Լենինգրադում էր արդեն մեկ շաբաթ։ Տալլին գնացող մեքենա կար։

Սեւաստյանովը կեսբերան առաջարկեց չցրվել։ Մենք հրաժեշտ տվրնք ու դուրս եկանք։ Մտանք խանութ։ Շշերն ուռեցրին մեր գրպանները։ Ես ամառային վերնաշապիկով ու սպորտային կոշիկներով էի։ Անձնագիրս անգամ մոտս չէր։

Տասը րոպեից մի «Վոլգա» մոտեցավ։ Ղեկին մռայլ մի մարդ էր, որին Շաբլինսկին կոչում էր Գրիշանյա։

Գրիշանյան ամբողջ ճանապարհին լուռ էր։ Օղի չխմեց։ Ինձ նույնիսկ թվաց, թե Շաբլինսկին նրան առաջին անգամ է տեսնում։

Արագորեն անցանք Լենինգրադի հյուսիսարեւմտյան անշուք ծայրամասը։ Դրանից հետո միանման գյուղեր էին, գունաթափ խոտ ու դանդաղահոս գետակներ։ Երկաթուղային անցման մոտ Գրիշանյան կանգնեցրեց ավտոմեքենան, դուրս եկավ եւ ուղղվեց դեպի թփերը։ Որպես պայմանականություններից ազատ մարդ, քայլելիս արդեն արձակում էր տաբատի կոճակները։

Ինչո՞ւ է այսքան մռայլ, հարցնում եմ։ Շաբլինսկին պատասխանեց․

Մռայլ չէ։ Քննության տակ է։ Եթե չեմ սխալվում՝ կաշառքի համար։

Ի՞նքն է կաշառք տվել։

Գրիշային մի սրբացրու։ Գրիշան չի տվել, վերցրել է։ Ըստ որում՝ անսահման քանակությամբ։ Ու հիմա էլ քննության տակ է։ Արդեն քաղաքից չբացակայելու ստորագրություն են վերցրել։

Ինչպե՞ս է, որ դուրս է եկել։

Որտեղի՞ց։

Լենինգրադից։

Ստորագրությունը Տալլինում է տվել։

Իսկ ինչպե՞ս է Տալլինից դուրս եկել։

Շատ պարզ։ Նստել է մեքենան ու քշել։ Գրիշան կորցնելու ոչինչ չունի այլեւս։ Նրան շուտով ձերբակալելու են։

Ե՞րբ, անիմաստ հարց տվի ես։

Մինչեւ Տալլին հասնելը՝ հազիվ թե…

Գրիշանյան դուրս եկավ թփերից։ Քայլելիս կոճկում էր տաբատը։ Նրա ամուր դաստակներին ինչ֊որ փայլ նկատեցի։ «Ձեռնաշղթանե՞ր», մտածեցի։ Հետո տեսա, որ մետաղե շղթաներով ժամացույցներ են՝ երկուական ամեն դաստակին։

Շարունակեցինք ճանապարհը։

Նարվան անցնելուց հետո բնապատկերը փոխվեց։ Բնությունն արդեն պակաս անկանոն էր։ Տները՝ ավելի կոկիկ ու խիստ։

Շաբլինսկին ննջում էր։ Իսկ ես անդադար մտածում էի՝ ինչո՞ւ։ Ո՞ւր եւ ինչո՞ւ եմ գնում։ Ի՞նչ է ինձ սպասում։ Ի՜նչ հիմար ձեւով է անցնում կյանքս…

Վերջապես մոտեցանք Տալլինին։ Անցանք անդեմ աղյուսե ծայրամասերը։ Գոթական ինչ֊որ տարրեր։ Եվ ահա Ռատուշայի հրապարակում ենք։

Նստատեղի տակ դատարկ շիշը ինչ֊որ մետաղի դիպավ։ Մեքենան կանգ առավ։ Շաբլինսկին արթնացավ։

Ահա եւ տանն ենք, ասաց։

Դուրս եկա մեքենայից։ Թաց փողոցն արտացոլում էր նեոնե տառերը։ Մթության մեջ գծագրվում էին շենքերի հարթ դիմապատերը։ Բնապատկերը հիշեցնում էր Անդերսենի գրքերի նկարազարդումները։

Շաբլինսկին ձեռքը մեկնեց ինձ․

Զանգիր։

Ես չհասկացա։ Հետո նա ասաց․

Նելկան անհանգստանում է։

Այստեղ արդեն ես իսկապես անհանգստացա։ Նույնիսկ շփոթված հարցրի․

Ի՞նչ Նելկա։

Կինս, ասաց Շաբլինսկին, մոռացե՞լ ես։ Հարսանիքին առաջին հարբողը դու էիր…

Շաբլինսկին արդեն վաղուց աշխատում էր կուսակցական թերթում։ Ֆունկցիոների կարգավիճակից չէր նեղվում։ Նույնիսկ ինչ֊որ հմայք էր կարողացել պահպանել։

Առհասարակ նկատել եմ, որ մարդկային հմայքը խիստ դժվար է կորցնել։ Շատ ավելի դժվար, քան բանականությունը, սկզբուքները կամ համոզմունքները։ Երբեմն կուսակցական աշխատանքի տասնամյակներն էլ չեն օգնում։ Պատիվը, ասենք, իսպառ վերանում է, իսկ հմայքը մնում է։ Մորդովիայում կար նույնիսկ հմայքը պահպանած մի բանտապետ…

Կարճ ասած՝ Շաբլինսկին նորմալ մարդ էր։ Եթե անգամ ստորություն էր անում՝ առանց ավելորդ ջանադրության։ Մենք գրեթե ընկերներ էինք։ Իսկ հիմա․

Զանգիր, կրկնեց։

Տալլինում առաջ էլ եղել էի։ Դրանք, սակայն, ծառայողական գործուղումներ էին։ Այն է՝ համապատասխան փաստաթղթերով, փողով ու հյուրանոցով։ Իսկ գլխավորը՝ գռեհիկ, բայց խելամիտ նպատակի զգացողությամբ։

Իսկ հիմա ինչո՞ւ եմ եկել։ Խմբագրությունից ինձ վռնդել էին։ Գրպանումս տասնվեց ռուբլի է։ Միակ ծանոթս շտապում է կնոջ մոտ։ Նույնիսկ Գրիշանյան ձերբակալության նախօրեին է։

Շաբլինսկին մտածեց ու ասաց․

Լսիր, գնա Բուշի մոտ։ Ասա, որ ես եմ ուղարկել։ Բուշը լավ կընդունի քեզ։

Ո՞վ է Բուշը։

Բուշը ֆանտաստիկ երեւույթ է։ Ինքդ կտեսնես։ Կարծում եմ, կհավանես նրան։ Հեռախոսը՝ չորս, զրո֊զրո, տասնմեկ։

Միմյանց հրաժեշտ տվինք։ Գրիշանյան նստած էր մեքենայում։ Շաբլինսկին հապճեպ ձեռքով արեց նրան ու հեռացավ։ Հենց այդպես, լքեց ինձ անծանոթ քաղաքում։ Զարմանալին այն է, որ մեկ շաբաթ անց աշխատելու ենք նույն թերթում եւ անգամ ընկերություն ենք անելու։

Այդ պահին դանդաղորեն իջավ լուսամատի ապակին, ու Գրիշանյան ասաց․

Գուցե փողի կարի՞ք ունես։

Շնորհակալ են։ Փող ունեմ։

Առաջին անգամ նայեցի Գրիշանյայի դեմքին։ Նա նման էր ջրասուզակ շան՝ նույնպիսի մենության ու անհաղորդության արտահայտությամբ։

Ուզեցի նրան հաճելի ինչ֊որ բան ասել։ Ինձ ապշեցրել էր նրա վեհանձնությունը։ Պարտքով փող առաջարկել ձերբակալությունից առաջ, ի՞նչը կարող է ավելի ասպետաբար արտահայտել ճակատագրին չհնազանդվելը…

Հաջողություն քեզ, ասացի։

Չաո, ասաց։

Աշխատանքից ինձ հեռացրել էին հոկտեմբերի սկզբին։ Կոնկրետ պատճառ չկար։ Ինձ հեռացրել էին, ինչպես ասում են, «ըստ պատճառների միագումարի»։ Հավանաբար չափից ավելին էի ինձ թույլ տալիս։

Լրագրության մեջ յուրաքանչյուրին թույլատրվում է միայն մեկ բան։ Միայն մեկ տեղում է թույլատրվում խախտել սոցիալիստական բարոյականության սկզբունքները։ Այսինքն՝ մեկին թույլատրվում է խմել։ Մյուսին՝ խուլիգանություն անել։ Երրորդին՝ քաղաքական անեկդոտներ պատմել։ Չորրորդին՝ հրեա լինել։ Հինգերորդին՝ անկուսակցական։ Վեցերորդին՝ անբարո կյանքով ապրել։ Եվ այլն։ Յուրաքանչյուրին, սակայն, կրկնում եմ, թույլատրվում է միայն մեկ բան։ Չի կարելի միաժամանակ հրեա լինել ու հարբեցող։ Խուլիգան եւ անկուսակցական…

Ես, մինչդեռ, կործանարար կերպով համակողմանի էի։ Այն է՝ ինձ թույլ էի տալիս ամեն ինչից՝ որոշ չափով։

Ես խմում էի, սկանդալներ էի սարքում, ցուցաբերում էի գաղափարական կարճատեսություն։ Հավելումն՝ կուսակցության անդամ չէի եւ նույնիսկ մասամբ հրեա էի։ Վերջապես, ընտանեկան կյանքս ավելի ու ավելի էր խճճվում։

Եվ ինձ վռնդեցին։ Կանչեցին կուսկոմիտեի նիստին ու ասացին․

Բավական է։ Մի մոռացեք, որ լրագրությունը գաղափարախոսական ճակատի առաջավոր գիծն է։ Դարձեք իսկական բանվորական թղթակից։ Ձեր թղթակցություններում արտացոլեք ճշմարիտ կյանքը…

Այստեղ չդիմացա։

Ճշմարիտ կյանքի համար, ասում եմ, դուք ինձ առանց դատաստանի կգնդակահարեք։

Նիստի մասնակիցները վրդովված իրար նայեցին։ Ինձ ազատեցին «սեփական դիմումի համաձայն»։

Դրանից հետո չէի աշխատում։ Խմբագրում էի ինչ֊որ գեներալի հուշերը։ Խալտուրա էի անում ռադիոյում։ Գրեցի «Կոմունիստները նվաճեցին տունդրան» բրոշյուրը։ Անգամ այստեղ, սակայն, կոպիտ քաղաքական սխալ թույլ տվի։ Բրոշյուրում խոսքը Մոնչեգորսկի շինարարության մասին էր։ Իրադարձությունները ծավալվում էրն 30֊ական թվականներին։ Պատասխանատու աշխատողների մեջ կային բազմաթիվ հրեաներ։ Հիշում եմ ինչ֊որ Շիմկուսի, Ֆելդմանի, Ռապոպորտի… Քաղկոմում կարդացին ու ասացին․

Այս ի՞նչ սիոնիստական թերթիկ է։ Այս ի՞նչ առասպելական հրեաներ են տունդրայում։ Անմիջապես ոչնչացնել ամբողջ տպաքանակը…

Հոնորարը, սակայն, հասցրել էի ստանալ։ Գրել եմ նաեւ ներքին զրախոսություններ ամսագրերի համար։ Անանուն կերպով համագործակցում էի հեռուստատեսությունում։ Կարճ ասած՝ վերածվել էի ազատ արվեստագետի։ Ի վերջո, հայտնվեցի Տալլինում…

Հուշանվերների խանութի մոտ հեռախոսի խցիկ տեսա։ Վերհիշեցի թվերը՝ չորս֊զրո֊զրո֊տասնմեկ։

Զանգում եմ։ Պատասխանում է կանացի ձայն․

Լսում եմ, սիրելիս։ Նրա խոսքում ստացվեց «սիղելիս»։ ֊

Լսում եմ։

Հեռախոսի մոտ խնդրեցի կանչել Էրիկ Բուշին։ Ի պատասխան հնչեց․

Տանը չէ։ Ես աղդեն անհանգստանում եմ։ Խոստացել էղ չուշանալ։ Այնպես ող, եկեք։ Կզղուցենք, մինչեւ գա։

Կինը տանելի կերպով կարողացավ թելադրել հասցեն։ Բացատրեց, ինչպես տեղ հասնել։

Պստլիկ էստոնական տրամվայը ճոճվում էր շրջադարձերին։ Քսան րոպե անց Կադրիորգում էի։ Հեշտությամբ գտա կիսաքանդ գերանաշար տնակը։

Դուռը բացեց հիսունին մոտ մի կին՝ նիհար, բաց֊կապտավուն մազերով։ Նրա ալ գիշերազգեստի ժանյակները հասնում էին ոսկեգույն արաբական կոշիկներին։ Դիմափոշու խիտ շերտը ծածկում էր դեմքը։ Այտերը վառվում էին քիմիական կարմրությամբ։ Նա նման էր հետամնաց գավառական օպերետի հերոսուհու։

Էդիկը տանն է, ասաց, նեղս անցեք։

Նեղ նախասրահում դժվարությամբ էինք տեղավորվում երկուսով։ Մտա սենյակ ու ապշեցի։ Այսպիսի հրեշավոր թափթփվածություն դեռ չէի տեսել։

Ճաշասեղանի վրա կիտված էր կեղտոտ ամանեղենը։ Կանաչավուն պաստառների պատռված կտորները կախվել֊հասնում էին հատակին։ Հնամաշ գորգը ծածկված էր լրագրերի հաստ շերտով։ Անկյունից անկյուն էր թռչում սիամի կատուն։ Դռան մոտ շարված էին դատարկ շշերը։

Փոս ընկած բազմոցից բարձրացավ երեսնամյա մի տղամարդ։ Նա ամերիկյան կինոհերոսի արեւահար ու առնական դեմք ուներ։ Բարձրորակ արտասահմանյան բաճկոնի դարձօձիքը զարդարված էր մեխակով։ Կիսակոշիկները փայլում էին։ Կիսաքանդ բնակարանում Էրիկ Բուշը կարծես տիեզերական եկվոր լիներ։

Բարեւեցինք միմյանց։ Կցկտուր բացատրեցի, թե ինչու եմ եկել։

Բուշը ժպտաց եւ անսպասելիորեն խոսեց կոկ ու երգեցիկ ոտանավորներով․

Ներս եկ, հյուր կեսգիշերային։ Խորդանոցը քեզ է սպասում։ Սրճեփը կրակին է։ Պահարանում է պանիրը հոլանդական։ Ինձ եղբայր կլինես։ Իսկ Գալինային՝ ընկեր։ Սիրի՛ր նրան մոր պես։ Սիրի՛ր նրան որդու պես։ Շուրջը խոզանոց է…

Քաղցղ կաղկանդակ ունենք, խառնվեց Գալինան։ Բուշը նրան ընդհատեց մեղմ, բայց վեհ շարժումով․

Շուրջը խոզանոց է, դրանից վատն էլ, սակայն, կա։ Պատուհանից փչում է, ու կեղտոտ է մեր արտաքնոցը… Փոխարենն այստեղ չկա, եւ փաստ է դա, իշխանություն խորհրդային։ Ազատությանն է իմ կարգախոսը, իմ ֆետիշն ու կուռքը իմ։

Այնպես էի ինձ պահում, թե այդպես էլ պետք է լինի։ Իսկ ի՞նչ անեի։ Թողնեի֊գնայի՞ գիշերվա մեկին։ «Շտապ օգնությո՞ւն» դիմեի։

Եվ հետո, մարդկային խելագարությունը դեռ ամենասոսկալին չէ։ Տարիների ընթացքում այն ինձ համար ավելի ու ավելի է մոտենում նորմային։ Իսկ նորման անբնական երանգներ է ձեռք բերում։

Նորմալ մարդն ինձ լքեց՝ թողնելով բոլորովին մենակ։ Աննորմալն, ահա, առաջարկում է սուրճ, իր բարեկամությունն ու խորդանոցը…

Կենտրոնացա ու արտասանեցի․

Պատիվ է մեծ հյուրընկալվելը ձեզ։ Եվ ի սրտե երախտապարտ եմ ես։ Մանավանդ որ մյուսները վաղուց, թքում են վրաս անթաքույց…

Հետո սուրճ խմեցինք, ջեմով կարկանդակ կերանք։ Կատուն թռավ գլխիս։ Գալինան Օֆֆենբախի ձայնասկավառակ միացրեց։

Բաժանվեցինք գիշերվա երկուսին։

Բուշի ու Գալինայի մոտ ապրեցի երեք շաբաթ։ Օր֊օրի ավելի էին դար գալիս ինձ։ Թեեւ երկուսն էլ անվերադարձ շիզոֆրենիկներ էին։

Էրիկ Բուշը հարգարժան ընտանիքի զավակ էր։ Նրա հայրը մաթեմատիկայի պրոֆեսոր էր Ռիգայում։ Մայրը բաժանմունքի վարիչ էր գործվածքեղենի հանրապետական ինստիտուտում։ Յոթ տարեկանում Էրիկն արդեն ատում էր երկուսին էլ։ Ինչ֊որ հրաշքով նա ի ծնե հակասովետական էր ա նոնկոնֆորմիստ։ Ծնողներին անվանում էր «առաջքաշվածներ»։

Դպրոցն ավարտելուն պես Բուշը լքում է Ռիգան։ Մեկ տարուց ավելի լողում է ձկնորսանավով։ Հետո աշխատում է որպես լողափի լուսանկարիչ։ Ընդունվում է Լենինգրադի կուլտուրայի ինստիտուտի հեռակա բաժինը։ Ավարտելուց հետո դառնում է լրագրող։

Նրա աշխարհայացքով մարդու համար նման գործունեությունը, թվում է թե, հակացուցված պիտի լիներ։ Բուշը, ախր, ոչ թե սոսկ քննադատում էր գոյություն ունեցող կարգերը։ Բուշը հերքում էր բուն պատմական իրականությունը։ Մասնավորապես՝ հաղթանակը գերմանական ֆաշիզմի նկատմամբ։

Նա պնդում էր, որ անվճար բուժսպասարկում գոյություն չունի։ Հնչեցնում էր կասկածներ տիեզերքում մեր առաջնության վերաբերյալ։ Երրորդ բաժակից հետո Բուշը գոռում էր․

Գագարինը տիեզերք չի՛ թռել։ Տիտովն էլ չի թռել… Եվ բոլոր խորհրդային հրթիռները կավով լցված պահածոյի տուփեր են…

Այսպիսի մարդը պիտի որ տեղ չունենար խորհրդային լրագրության մեջ։ Բուշը, այդուհանդերձ, ընտրել էր հենց այդ զբաղմունքը։ Նրա վճռական նոնկոնֆորմիզմը ուղեկցվում էր բացարձակ անսկզբունքայնությամբ։ Նրա թղթակցություններից մեկն սկսվում էր այսպես․

«Հասավ նաեւ խոշոր եղջերավոր անասունների աստեղային ժամը։ Իրենց աշխատանքն սկսեցին անասնաբույժների համագումարի մասնակիցները։ Կաթի ու թրիքի հոտ տարածող հռետորները հաջորդում են մեկը մյուսին…»։

Սկզբում Բուշն աշխատում էր շրջանային թեթում։ Սակայն շուտով գավառական կյանքը ձանձրացրեց նրան։ Հյուսիսային փոքր քաղաքի համար նա չափազանց մեծ անհատականության էր։

Երկու տարի առաջ Բուշը տեղափոխվել էր Տալլին։ Բնակություն էր հաստատել մի տարեց կնոջ մոտ։

Բուշն ուներ այն, ինչը ճակատագրականորեն էր ազդում ծերացող կանանց վրա։ Այն է աղքատություն, գեղեցկություն, սարկաստիկ հումոր, իսկ ամենակարեւորը՝ բնավորության իսպառ բացակայություն։

Չորս տարվա ընթացքում Բուշը գայթակղել էր չորս ծերացող կնոջ։ Գալինա Արկադիեւնան հինգերորդն էր ու ամենասիրելին։ Մնացած չորսը շարունակում էին Բուշին վերաբերվել երախտագիտությամբ ու հիացմունքով։

Չար լեզուները Բուշին ալֆոնս էին անվանում։ Այդպես չէր։ Սիրելով ծերացող կանանց, նա ղեկավարվում էր այլասիրական բնույթի դրդապատճառներով։ Բուշը բարեհոգաբար նրանց թույլ էր տալիս իր վրա հեղել ուշացած դառը զգացմունքների ջրվեժները։

Աստիճանաբար Բուշի մասին լեգենդներ հյուսվեցին։ Նա անընդհատ պատմությունների մեջ էր ընկնում։

Մի անգամ ուշ գիշերով Բուշն անցնելիս է լինում Կադրիորգով։ Մոտենում են երեք հոգի։ Մեկը մռայլորեն ասում է․

Ծխելիք տուր։

Ինչպե՞ս է նման իրավիճակում վարվում նորմալ մարդը։ Համեմատաբար խելամիտ վարքագծի երեք տարբերակ կա։

Անխռով ու անվախ խուլիգանին մեկնել ծխախոտատուփը։

Արագորեն անցնել֊գնալ, ավելի լավ է՝ վազելով։

Եվ վերջինը՝ հարվածելով ամենամոտ կանգնածին, շտապ նահանջել։

Բուշն ընտրում է ամենակործանիչ, ամենաանսովոր տարբերակը։ Ի պատասխան այդ կոպիտ պահանջի, Բուշն ընդգծված բարեկրթությամբ ասում է․

Ինչ ասել է՝ տուր։ Իրար հետ ե՞րբ ենք բրուդերշաֆտ խմել։ Ավելի լավ կաներ հանգերով խոսեր։

Նրան կարող էին վտանգավոր գժի տեղ դնել։ Իսկ այսպես՝ մի լավ ծեծում են։ Խուլիգաններին, հավանաբար, հունից հանել էր «բրուդերշաֆտ» խորհրդավոր բառը։

Գիտակցությունը կորցնելով, Բուշը շշնջացել էր․

Ցնծացե՛ք, տականքներ։ Մարմնական գռեհիկ ցնծություն եմ նշմարում ձեր դեմքերին…

Մի շաբաթ պառկեց հիվանդանոցում։ Կողոսկրների կոտրվածքով ու դուրս ընկած մատով։ ճակատին հայտնվել էր ռոմանտիկ սպի…

Բուշն աշխատում էր «Սովետսկայա Էստոնիա» թերթում։ Տարիուկես արտահաստիքային թղթակից էր։ Խոսում էին նրան մշտական հաստիք տալու մասին։ Գլխավոր խմբագիրը ժպիտով նրա կողմն էր նայում։ Աշխատակիցները նրան լավ էին վերաբերվում։ Հատկապես՝ ծերացող կանայք։ Տեսնելով Բուշին, նրանք իրար ականջի շշնջում ու շիկնում էին։

Հաստիքային աշխատանքը շատ բան էր նշանակում։ Առավել եւս՝ հանրապետական թերթում։ Նախ՝ կայուն աշխատավարձ։ Բացի դրանից՝ բազմաթիվ ու բազմազան սոցիալական արտոնություններ։ Վերջապես՝ անձնական անպատժելիության որոշակի աստիճան։

Բուշն անհամբերությամբ սպասում էր հաստիքային նշանակմանը։ Նա, կրկնում եմ, երկյակ անձնավորություն էր։ Ըմբոստությունը նրանում համերաշխորեն գոյակցում էր սկզբունքների բացակայության հետ։ Բուշն ասում էր․

Ռեժիմը տապալելու համար պիտի դառնամ դրա հենասյուներից մեկը։ Այդ ժամանակ շատ շուտով ողջ կառույցը կսասանվի…

Մոտենում է նոյեմբերի 7֊ը։ Խմբագիրը կանչում է Բուշին ու ասում․

Որոշել ենք, Էռնեստ Լեոպոլդովիչ, պատասխանատու հանձնարարություն տալ ձեզ։ Քարտուղարությունից անցագիր եք ստանում։ Գնում եք նավահանգիստ։ Զրուցում եք արեւմտյան կապիտաններից մի քանիսի հետ։ Ընտրում եք սոցիալիզմի գաղափարների նկատմամբ ամենալոյալին։ Հարցեր եք տալիս նրան։ Այնպես եք անում, որ քիչ թե շատ հարմար պատասխաններ է տալիս։ Կարճ ասած՝ հարցազրույց եք անում։ Ցանկալի է, որ նա շնորհավորի մեզ Հոկտեմբերյան հեղափոխության վաթսուներեքերորդ տարեդարձի առթիվ։ Դա չի նշանակում, թե պիտի քաղաքական կոչեր հեգի։ Բոլորովին։ Զուսպ, հարգալից շնորհավորական խոսքը միանգամայն բավական է։ Սա է պահանջվում։ Պա՞րզ է։

Պարզ է, պատասխանում է Բուշը։

Ըստ որում, անպայման արեւմտյան նավաստի է պետք։ Շվեդ, անգլիացի, նորվեգացի, կապիտալիստական համակարգի տիպիկ ներկայացուցիչ։ Եվ՝ լոյալ խորհրդային իշխանության նկատմամբ։

Կգտնեմ, վստահեցնում է Բուշը, այդպիսի մարդիկ լինում են։ Մի անգամ, հիշում եմ, Խաբարովսկում զրուցում էի շվեյցարական թագավորական նավատորմի մի նավաստու հետ։ Մեր մարդն էր, անդադար Լենինից Էր մեջբերում։

Խմբագիրը բարձրացնում է հոնքերը, մտածում ու հանդիմանող տոնով արտաբերում․

Շվեյցարհայում, ընկեր Բուշ, ծով չկա, թագավոր չկա, ուստի չկա նաեւ թագավորական նավատորմ։ Դուք, հավանաբար, շփոթում եք։

Ինչպես թե՞ ծով չկա, զարմանում է Բուշը։ Իսկ ի՞նչ կա, ձեր կարծիքով։

Ցամաք, պատասխանում է խնբագիրը։

Ցամաք, հա՞, չի հանձնվում Բուշը։ Հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է։ Կարո՞ղ է լճեր էլ չկան՝ հանրահայտ շվեյցարական լճերը։

Լճեր կան, տխրությամբ համաձայնում է խմբագիրը, շվեյցարական թագավորական նավատորմ, այդուհանդերձ, չկա… Սկսեք աշխատել, ավարտում է խմբագիրը, բայց, խնդրում եմ, ավելի լուրջ եղեք։ Մենք, ինչպես հայտնի է, մտածում ենք ձեզ հաստիքային աշխատանք տրամադրելու մասին։ Այս հանձնարարությունից շատ բան է կախված։ Հաջողություն եմ մաղթում…

Տալլինի նավահանգիստը քաղաքի կենտրոնից հեռու չէ՝ քսան րոպե մեքենայով։

Բուշը գնում է տաքսիով։ Մտնում է նավահանգստի բազմատիրաժ թերթի խմբագրություն։ Իսկ այնտեղ լուսանկարիչ Լյովա Բարանովի քառասնամյակն են նշելիս լինում։ Բուշին մեկնում են լիկյորով լի բաժակը։ Հաճույքով ցմրուր խմում է ու ասում․

Ինձ չի կարելի։ Աշխատանքի մեջ եմ։

Մի քիչ էլ խմում է ու զանգում դիսպետչերին։ Դիսպետչերն առաջարկում է մոտենալ արեւմտագերմանական «Էդելվեյս» առեւտրական նավին։

Բուշը մի բաժակ էլ խմելուց հետո ուղղվում է դեպի չորրորդ նավամատույցը։

Կապիտանը Բուշին դիմավորում է նավասանդուղքի վրա։ Տիպիկ ծովագայլ՝ ձիգ, թխամաշկ, արծվաքիթ կիսադեմով։ Անունը՝ Պաուլ Ռուդի։

Դիսպետչերը նախազգուշացրել էր նրան խորհրդային լրագրողի այցի մասին։ Բուշին հրավիրում է իր նավախցիկը։

Սկսում են զրուցել։ Կապիտանը բավական ընկալելի ռուսերեն է խոսում։ Կոնյակներից գերադասում է ֆրանսիականը։

«Կորդոն բլո» է, ասում է, խորհուրդ եմ տալիս փորձել։ Շիշն արժե երկու հարյուր մարկ։

Հասկանալով, որ հարբելու է, Բուշը հասցնում է հարցնել․

Ե՞րբ ես մեկնում։

Վաղը տասնմեկն անց կեսին։

Գործից այլեւս կարելի էր չխոսել։ Մեկնելու նախօրեին կապիտանն ինչ ուզես կարող էր ասած լինել։ Ստուգո՞ղն ով է։ Զրույցը պարզ է լինում ու անկեղծ։

Կանանց սիրո՞ւմ ես, հարցնում է կապիտանը։

Սիրում եմ, պատասխանում է Բուշը, իսկ դո՞ւ։

Էն էլ ոնց։ Իմ Լուիզան, սակայն, չի էլ կասկածում։ Սիրում եմ կանանց, խմիչք ու փող։ Փող սիրո՞ւմ ես։

Մոռացել եմ դրա տեսքը։ Գույնզգույն թղթերի հե՞տ ես։

Կամ մետաղե կլորակների։

Ֆուտբոլից ավելի եմ սիրում։ Նույնիսկ կանանցից ավելի։ Բայց զուտ պլատոնական սիրով…

Բուշը խմում է, կապիտանն էլ ետ չի մնում։ Նավախցում թեւածում է ամերիկյան ծխախոտի բուրմունքը։ Անտեսանելի ռադիոկետից լսվում է հավայական երաժշտություն։ Զրույցն ավելի ու ավելի է անկեղծանում։

Եթե իմանայիր, ասում է լրագրողը, թե ոնց եմ զզվել։ Այս նզովյալ երկրից փախչել է պետք։

Հասկանում եմ, համաձայնում է կապիտանը։

Դու չես կարող դա հասկանալ։ Քեզ համար, Պաուլ, ազատությունն օդի պես է։ Դու այն չես նկատում։ Դու պարզապես շնչում ես։ Ինձ կարող է հասկանալ միայն ծովից ափն ընկած ձուկը։

Հասկանում եմ, ասում է կապիտանը, ելք կա։ Չէ՞ որ գերմանացի ես։ Կարող ես արտագաղթել ազատ Գերմանիա։

Տեսականորեն դա հնարավոր է։ Գործնականում՝ բացառվում է։ Հայրս, այո, ռուսացած կուրլյանդական գերմանացի է։ Մայրս Լեհաստանից է։ Երկուսն էլ կուսակցության մեջ են 36 թվականից։ Երկուսն էլ առաջքաշվածներ են, ռեժիմի ծառաներ։ Նրանք համապատասխան թղթերը չեն ստորագրի։

Ես հասկանում եմ, պնդում է կապիտանը, ուրիշ ելք կա։ Գնա առեւտրական նավատորմ, դարձիր նավաստի։ Այնքան դիմիր, մինչեւ վիզա տան։ Եվ, հայտնվելով արեւմտյան նավահանգստում՝ փախիր։ Ապաստան խնդրիր։

Դա էլ ֆիկցիա է։ Ես վատ համբավ ունեմ։ Ինձ վիզա չեն տա։ Ես արդեն փորձել եմ… Ավաղ, դատապարտված եմ դանդաղ մահվան։

Հասկանում եմ… Կարելի է թաքնվել «Էդելվեյսի» վրա։ Բայց դա վտանգավոր Է։ Եթե բռնեն, կդատեն որպես դավաճանի…

Կապիտանը շատ առողջ է դատում։ Չափազանց առողջ։ Արտասահմանցու համար, առհասարակ, բացառիկ իրազեկ է լինում։ Սթափ մարդու մեջ դա կասկած կառաջացներ։ Բայց Բուշն արդեն լրիվ հարբել է։ Բուշը հռետորաբանում է․

Նա չէ ազատ, ով պայքարում է ընդդեմ ռեժիմի։ Եվ ոչ էլ նա, ով հաղթահարում է վախը։ Այլ նա, ով վախ չունի։ Ազատությունը, Պաուլ, օրգանիզմի ֆունկցիա է։ Դու չես հասկանա։ Դու թռչունի պես ազատ ես ծնվել։

Ես հասկանում եմ, պատասխանում է կապիտանը…

Կեսգիշերին մոտ Բուշը իջնում է նավասանդուղքով։ Նա հաճախ դանդաղեցնում է քայլերը, բռունցքը վեր է պարզում՝ «ռոտ ֆրո՛նտ»։ Կամ ցուցամատն ու միջնամատն է բացում՝ «վի՛քթըրի»։ Հաղթանա՛կ…

Կապիտանը հասկացող հայացքով ուղեկցում է նրան։

Հաջորդ օրը Բուշը գալիս է խմբագրություն։ Ոգեւորված, բայց՝ սթափ։ Նրա սիգարետը հաճելի բուրմունք է տարածում։ Գրպանից երեւում է «Փարկեր» գրիչի կափարիչը։

Հոդվածը տալիս է մեքենագրուհիներին։ Վերնագիրը երկար է ու գեղեցիկ՝ «Կվերադառնամ, որպեսզի նորից վայելեմ գարեհացի համը»։

Սկսվում է այսպես․

«Կապիտան Պաուլ Ռուդիին գտա մեքենայական բաժանմունքում։ «Էդելվեյս» առեւտրական նավը պատրաստվում է մեկնելու։ Մաշված մեխանիզմները հավելյալ ստուգում են պահանջում։

Բոսսին հետաքրքրում է միայն եկամուտը, բողոքում է կապիտանը։ Քսան անգամ առաջարկել եմ փոխել գլանները։ Իսկ եթե բաց ծովում պայթե՞ն։ Ինքը, պարզ է, զբոսանավով է ճամփորդում։ Իսկ մենք տանջվում ենք, ինչպես սատանաները դժոխքում…»։

Վերջացնում է այսպես․

«Կապիտանը լաթով սրբեց կոշտուկածածկ ձեռքերը։ Մորուքը փայլում էր մազութից։ Կավե ծխամորճն էլ ավելի էր ծանրւսցնամ քառակուսի ծնոտը։ Աչքով արեց ինձ ու ասաց․

Հիշի՛ր երիտասարդ։ Ազատությունն օդի պես է։ Շնչում ես ու ես նկատում այն… Սովետական մարդիկ չեն հասկանա։ Չէ՞ որ նրանք թռչունի պես ազատ են ծնվել։ Ինձ կհասկանա միայն ծովից ափն ընկած ձուկը… Եվ ուրեմն ես կվերադառնամ։ Կվերադառնամ, որպեսզի նորից վայելեմ գարեհացի համը։ Ազատության, հավասարության ու եղբայրության արբեցուցիչ համը»…

Վատ չէ, ասում է խմբագիրը, աշխույժ է, համոզիչ։ Միակ բանը, որ տարակուսանք է հարուցում… Նա իրո՞ք նման բաներ է ասել։

Իսկ ուրիշ ի՞նչ կարող էր ասել։

Դե, իհարկե, իհարկե, զիջում է խմբագիրը։

Հոդվածը տպագրվում է։ Հաջորդ օրը Բուշին կանչում են խմբագրի մոտ։ Առանձնասենյակում նստած է լինում հիսունին մոտ մի անծանոթ տղամարդ։ Դեմքին՝ լիակատար անտարբերություն եւ, միաժամանակ, ծայր աստիճան զգոնություն։

Խմբագիրը, ասես, նրա ստվերի տակ քշված է լինում։ Անծանոթը, մինչդեռ, անդեմությամբ հանդերձ, լայնորեն ու հիմնավորապես գրավում է ողջ տարածքը։ Նա իրենով լցրել էր նոմենկլատուրային առանձնասենյակի ողջ ծավալը։ Ավելի փոքր է երեւում անգամ Լենինի գիպսե կիսանդրին կարմիր պաստառապատ պատվանդանի վրա։

Տղամարդը նայում է Բուշին ու հազիվ լսելի ասում․

Պատմեք։

Բուշը գրգռված հարցնում է․

Ի՞նչ պատմեմ։ Ո՞ւմ պատմեմ։ Ընդհանրապես, կներեք, ո՞ւմ հետ պատիվ ունեմ։

Պատասխանը ընդհատ գծի պես կարճ է լինում․

– Հանդիպման մասին… Ի՛նձ… Սորոկին… Գնդապետ Սորոկին…

Կոչումն ասելով, գնդապետը լռում է ասես սպառելով ուժերը։

Ինչ֊որ բան ստիպում է Բուշին հնազանդվել։ Եվ նա սկսում է վերապատմել կապիտան Ռուդիի մասին հոդվածը։

Գնդապետն անուշադրությամբ է լսում։ Ավելի ճիշտ՝ ննջելով։ Ինչպես ծույլ ուսանողին հարց տված դասախոսը։ Հարց, որի պատասխանն իրեն վաղուց հայտնի է։

Բուշը խոսում է՝ մնալով հոդվածում շարադրված փաստերի հունի մեջ։ Ավարտում է պաթոսով․

Ո՞ւր ես, Պաուլ։ Ո՞ւր է քշում քեզ հեռավոր ճամփորդությունների քամին։ Որտե՞ղ ես, իմ արտասահմանցի ընկեր…

Բանտում, անսպասելիորեն պատասխանում է գնդապետը։ Ձեռքի թերթով հարվածում է սեղանին, կարծես ճանճ է սպանում, ու հստակ արտասանում․

Պաուլ Ռուդին գտնվում է բանտում։ Մենք նրան ձերբակալել ենք որպես հայրենիքի դավաճանի։ Նրա իսկական ազգանունը Րյատտի է։ Այստեղից վսսխած էստոնացի է։ Յոթանասուն թվականին բայդարկայով փախել է Շվեդիա։ Բնակություն է հաստատել Համբարգում։ Ամուսնացել է Լուիզա Ռեյշվիցի հետ։ Չորրորդ տարին է, ինչ լողում է արեւմտագերմանական առեւտրական նավատորմի նավերով։ Վերջապես առաջին անգամ եկել էր Էստոնիա։ Նրան վաղուց էինք սպասում…

Գնդապետը դիմում է խմբագրին։

Մենք պետք է առանձին խոսենք։

Խմբագիրն անհարմար է զգում, որ իրեն վռնդում են սեփական կաբինետից։ Քթի տակ ասում է․

Այո, ինքս էլ պատրաստվում էի համարի նկարները նայել։

Ու դուրս է գալիս։

Գնդապետը դառնում է Բուշին․

Ի՞նչ կասեք։

Ցնցված եմ։ Խոսք չունեմ։

Ինչպես ասում են՝ չստացվեց։

Բուշը, սակայն, պնդում է նախկին տարբերակի վրա․

Ես նկարագրեցի այն, ինչ եղել է։ Կապիտան Ռուդիի անցյալի մասին պատկերացում անգամ չունեի։ Նրան ընկալել եմ որպես առաջադեմ մտածողության տեր արտասահմանցու։

Լավ, ասում է գնդապետը, ենթադրենք։ Ամեն դեպքում, ձեզ համար տհաճ դեպք է։ Բիծ է ձեր լրագրողական կարիերայում։ Ես կասեի անգամ՝ գաղափարական վրիպակ։ Զգոնության թուլացում։ Մի բան պետք է անել…

Ի՞նչ։

Այսպիսի գաղափար կա։ Ուզո՞ւմ եք մեզ օգնել։ Մենք էլ, համապատասխանաբար, կերաշխավորենք, որ ձեզ հաստիք տան։

ՊԱԿ֊ո՞ւմ, հարցնում է Բուշը։

Ինչո՞ւ ՊԱԿ֊ում։ «Սովետսկայա Էստոնիա» թերթում։ Չէ՞ որ դուք վաղուց եք երազում հաստիքային աշխատանքի մասին։

Մենք ի զորու ենք արագացնել այդ որոշումը։ Ժամկետները մենք ենք որոշում։

Բուշը ձգվում է։ Գնդապետ Սորոկինը շարունակում է․

Դուք կարող եք տալ մեզ հետաքրքրող ցուցմունքները։

Այսի՞նքն։

Կապիտան Ռուդիի վերաբերյալ… Ցուցմունք տվեք, որ նա փորձել է ձեզ… օգտագործել… այլասեռական նպատակներով։

Ի՞նչ, տեղից ելնում է Բուշը։

Հանգի՛ստ։

Դուք ինձ ինչի՞ տեղ եք դնում։ Երբեք չէի կարծում, որ ՊԱԿ–ը դիմում է նման մեթոդների։

Գնդապետի աչքերի փայլը դառնում է սրիչի պես սառը եւ սուր։ Նա կարմրում ու ուղղվում է տեղում․

Առանց վերամբարձ խոսքերի, խնդրում եմ։ Խորհուրդ եմ տալիս մտածել։ Դրանից է կախված ձեր ապագան։

Այստեղ Բուշն էլ ուղղում է մեջքը։ Դանդաղորեն գրպանից հանում է ամերիկյան սիգարետների տուփը։ Վառում է «Ռոնսոն» վառիչով։ Ու հանգիստ ասում է․

Ձեր առաջարկությունն անբարոյական է։ Այն հակադրվում է իմ բարոյական սկզբունքներին։ Ինձ միայն այդ էր պակասում, որ դուր գայի համասեռականին։ Մի խոսքով, ես հրաժարվում եմ։ Այլասեռությունն ինձ համար չէ… Ուզում եք գրեմ, որ ինձ խմեցրել է… Ոչ, թերեւս դա էլ ազնիվ չի լինի…

Դե ինչ, ասում է գնդապետը, ինձ համար ամեն բան պարզ է։ Կարծում եմ, դուք տանուլ կտաք։

Իսկ մի՞թե հնարավոր է ՊԱԿ֊ին հաղթել, հռհռում է Բուշը։

Զրույցն այսքանով ավարտվում է։ Գնդապետը գնում է։ Արդեն շեմին անսպասելիորեն ասում է․

Ձեր մասին ավելի վատ կարծիք ունեի։

Գնդապետ, ձեր կերպարից դուրս մի եկեք, պատասխանում է Բուշը…

Նրան զրկում են արտահաստիքային աշխատանքից։ Հնարավոր է, որ Սորոկինի արածն էր։ Ավելի հավանական է, սակայն, որ խմբագիրն է եռանդ ցուցաբերել։ Բուշը կրկին անցնում է ծերացող կանանց խնամքի տակ։ Թեեւ մինչ այդ էլ գրեթե նույն վիճակում էր։

Հենց այդ օրերին նա ծանոթանում է Գալինայի հետ։ Մինչ այդ նրան սիրում էր Մարիաննա Վիկենտեւնան՝ առեւտրի ոլորտում բարձրաստիճան մի պաշտոնատար։ Նա Բուշի համար վերնաշապիկներ ու փողկապներ էր գնում։ Բուշի փոխարեն վճարում էր ռեստորաններում։ Բուշին կերակրում էր առողջ ու օգտակար սննդով։ Գրպանի փող, սակայն, Բուշին չէր տալիս։ Թե չէ սա անմիջապես սկսում էր սիրահետել ուրիշ կանանց։

Ստանալով հերթական հոնորարը խմբագրությունից, Բուշն անմիջապես անհետանում էր։ Տուն էր գալիս գիշերով՝ տարածելով սոխի ու օծանելիքի բուրմունք։ Մի օր Մարիաննան չի դիմանում ու ճչում է․

Որտե՞ղ էիր քարշ գալիս, սրիկա։ Ինչո՞ւ ես գիշերվա կեսին տուն գալիս։

Բուշը մեղավոր պատասխանում է․

Առավոտյան կգայի, պարզապես փողս չհերիքեց։

Ի վերջո, Մարիաննան ընբոստանում է։ Մեկնում է հանգստանալու վերադաս գերատեսչության մի տարեց աշխատակցի հետ։ Վերջինիս կողքին ինքը երիտասարդ ու թեթեւամիտ էր երեւում։ Բուշին բնակարանում միայնակ թողնել, բնականաբար, չի ուզում։

Այստեղ հայտնվում է Գալինա Արկադիեւնան։ Հայտնվում է, փաստորեն, չեղած տեղից։ Չի բացառվում, որ՝ նյութի պահպանման օրենքի համաձայն։

Բանն այն է, որ նա քաղաքացիական կարգավիճակ չուներ։ Գալինան նշանավոր էստոնացի հեղափոխականի, չի բացառվում՝ հենց Կինգիսեպպի այրին էր։ Եվ նրան ինչ֊որ թոշակ էին նշանակել։

Նրա հետ Բուշը ծանոթացել էր ռոմանտիկ հանգամանքներում՝ լճակի ափին։ Կադրիորգի հենց կենտրոնում մի փոքր, գողտրիկ լճակ կա։ Շուրջը՝ լորենիներով երիզված լայն ծառուղիներ։ Ձեռնասուն սսյառերն անվախ մոտենում են զբոսնողներին։

Լճակում լողում են սեւ կարապներ։ Ինչպես են այստեղ հայտնվել՝ հայտնի չէ։ Բոլորին հայտնի է, փոխարենը, որ էստոնացիք սիրում են կենդանիներին։ Ինչ֊որ մեկը կարապների համար փայտե տնակ է կառուցել։ Կադրիորգի այցելուները հացի կտորներով կերակրում են կարապներին…

Մայիսյան մի երեկո Բուշը նստած է լինում լճափի խոտին։ Սիգարետները վերջացել են։ Երկրորդ օրն է փող չունի։ Գիշերն անցկացրել է «Սոյուզպեչատ»–ի լքված կրպակում։ Իր բախտից հատակը ծածկված է եղել հին թերթերով։

Նստած ծամում է դառը խոտը։ Գլխում մտքերը կցկտուր են ու տագնապած, ինչպես հեռագրերը․

«…Ուտելիք… Ծխելիք… Մնալու տեղ… Մարիաննան առողջարանում է… Աշխատանք չկա… Ծնողներին դիմելն ամոթ է, իսկ գլխավորը՝ անիմաստ»…

Ե՞րբ եւ որտե՞ղ է կերել վերջին անգամ։ Հիշում է ինքնասպասարկումով խորտկարանի երկու կտոր հացը։ Հետո՝ թթու խնձորներ ուրիշի ցանկապատի տակ։ Ճանապարհին գտած վանիլային թխվածքաբլիթը։ «Սոյուզպեչատ»–ի կրպակում հայտնաբերված կանաչ լոլիկը…

Կարապները ջրի վրայով սահում էին ինչպես երկու հսկայական ծաղկեփունջ։ Սնունդը ստանում էին առանց տեսանելի ջանքերի։ Կեռ վզիկները պսակող փոքրիկ գլխիկները անընդհատ թեքվում էին դեպի ջուրը…

Բուշը մտածում է ուտելիքի մասին։ Մտքերն ավելի ա ավելի կարճ են դառնում․

«…Կարապ… Թռչուն… Ուտելիք…»։

Այստեղ նախնիների կանչը Բուշի մեջ արձագանքում է աննշան նյարդային դողի տեսքով։ Նրա աչքերում արտացոլվում են նախնադարյան խարույկների ցոլքերը։ Նա սառում է, ինչպես քաղաքի գերությունից դուրս պրծած որսաշունը ճահճուտում…

Տասի կողմերը լրիվ կմթնի։ Ինքնավստահ թռչունին բռնելը մի րոպե էլ չի քաշի։ Փետրած կարապը կարող է միանգամայն սագի տեղ անցնել։ Իսկ մի ամբողջ սագով Բուշն արդեն չի կորչի։ Ամեն տեղ ցանկալի հյուր կդառնա…

Բուշը կերպարանափոխվում է։ Հոգա խորքում հնչում է որսորդական փողը։ Ֆիզիկապես զգամ է իր անթրաշ ծնոտի կարծրությանը։ Բուշի մեջ արթնանում է նախնադարյան ուժը…

Այդ պահին հրաշք է կատարվում։ Ափին հայտնվում է մի ծերացող կին։ Այսինքն այն որսը, որի շունչը Բուշը զգում էր հսկայական հեռավորությունից։

Կինը բարեկազմ է լինում ու չքնաղ։ Նրա գլխավերեւում թեւածում են թիթեռնիկները։ Երկնագույն օդեղեն զգեստը քսվում է խոտին։ Ձեռքին գիրք է։ Աղոթարանի պես կրծքին սեղմած։

Սրատես Բուշը հեշտությամբ կարդում է վերնագիրը՝ Ախմատովա։ Բանաստեղծություններ։

Դուրս է թքում բերանի խոտն ու հզոր, խուլ բարիտոնով արտասանում․

Դեռ թեւածում են նրանք, դեռ ճանապարհին են
Խոսքերը սիրո եւ ձերբազատման,
Իսկ ինձ արդեն տագնապն է համակել աստվածային,
Շուրթերս պաղ են սառույցի նման։

Կինը դանդաղեցնում է քայլերը։ Ձեռքերը սեղմում է քունքերին։ Գիրքը, բացվելով, ընկնում է։ Բուշը շարունակում է․

Իսկ հետո՝ անտանելի շռայլ մի լույս,
Ասես քաղցր ու տաք գինի…
Մոխրացած է արդեն գիտակցությունս
Շիկացած քամուց արբունքի…

Կինը լուռ է։ Դեմքին շփոթ է ու սարսափ։ (Եթե սարսափը կարող է դրսեւորվել որպես կրքոտ ու ուրախալի զգացմունք)։ Խոնարհելով հայացքը, կինը հազիվ լսելի շարունակում է․

Շուտով, սակայն, այնտեղ ուր կեչիները
Խշշում են խուլ հենված պատուհանիս,
Ալ պսակներ են հյուսելու վարդերը,
Անտես շշուկներ են հնչելու ունկիս…

(Նա ասում է «վաղդեղը»)։ Բուշը ելնում է տեղից։

Դուք սիրո՞ւմ եք Ախմատովային։

Ես նրա բոլոր բանաստեղծություններն անգիր գիտեմ, պատասխանում է կինը։

Ինչպիսի զուգադիպություն։ Ես նույնպես… Իսկ ծաղիկնե՞ր։ Դուք ծաղիկներ սիրո՞ւմ եք։

Դա իմ թուլությունն է… Իսկ թղչուններ։ Ի՞նչ կասեք թղչունների մասին։

Բուշը նայում է կարապների կողմը, մի պահ լռում է ու ասում․


Ճայն է ճախրում ամպերում ալ,
Թե շիկահավերն են ճռվողում…
Տիրուհիս, կուզեմ թռչնակ դառնալ
Ու կտցել հատիկը քո ափերում…

Դուք բանաստե՞ղծ եք, հարցնում է կինը։

Գրում եմ երբեմն տողերի արանքում, ամոթխած պատասխանում է Բուշը…

Օրը պաղում է։
Մորենիների ստվերները ձգվում են։
Ջուրը կորցնում է փայլը։
Թփերում արդեն թափառում է աղջամուղջը։

Սուղճ ուզո՞ւմ եք, առաջարկում է կինը։ Տունս մոտիկ է։

Ներեցեք, ասում է Բուշը, իսկ երշիկ չունե՞ք։ Ի պատասխան՝

Ունեմ այն ամենն, ինչ պետք է միայնակ սղտին…

Բուշի ու Գալինայի հետ ապրեցի երեք շաբաթ։ Տարօրինակ, խելագարությամբ լի օրեր էին։

Օրը բացվում էր մեղմ, հուզիչ երգեցողությանբ։ Գալինան տղայական տենորով երգում էր․

Հոգնել ու դադղել եմ ես
Գիշեղ, թե ցեղեկ մտքիս դու ես…

Նրա սիրեցյալն արձագանքում էր ցածր, խռպոտ բարիտոնով․

Հյուսիսային Դվինայում թե խեղդվեմ,
Կամ ուրիշ տեղ գտնեմ վախճան,
Երկիրը ինձ չի սգալու, գիտեմ,
Ընկերներս են լալու անդավաճան…

Պատահում էր, որ առավոտյան պարում էին խոհանուցում։ Պարելիս յուրաքանչյուրը մի մեղեդի էր երգում։ Թեյի սեղանին Գալինան հայտարարում էր․

Այսօղ ինձ անվանեք Վեղոչկա։ Իսկ վաղվանից՝ Հազաղան Բլբուլ…

Ցերեկները հաճախ էր խոսում հեռախոսով։ Պատահական համարներ էր հավաքում։ Երբ պատասխանում էին, քնքշորեն ասում էր․

Այսօղ ձեզ հաճելի անակնկալ է սպասում։ Կամ․

Զգուշացեք բալի հատիկով զաղդաղված գլխաղկով տիկնոջից։

Հավելումն՝ Գալինան ժամերով վարժեցնում էր թափանցիկ, սրընթաց սուսերակիր ձկնիկին։ Շշնջում էր ակվարիումի վրա խոնարհված․

Չաղություն մի աղա, Ջիմ։ Մայղիկին ձեղքող աղա…

Եվ վերջապես, Գալինան գուշակ էր։ Ինձ, օրինակ, ինչ֊որ գունավոր հուլունքների երկար նայելուց հետո, ասաց․

Կյանքդ ավաղտելու ես Բղազիլիայում կամ նման մի տեղում։

(Այն ժամանակ՝ յոթանասունհինգ թվականին, ծիծաղեցի։ Այսօր գրեթե համոզված եմ, որ այդպես էլ լինելու է։)

Բուշը ամբողջ օրը ետուառաջ էր անում կանաչ խալաթով, որ Գալինան կարել էր վարագույրից։ Նա պատրաստում էր Նոբելյան մրցանակի շնորհման արարողությանն իր արտասանելիք շնորհակալական ճառը։ Ճառը սկսվում էր այսպես․

«Տիկնայք եւ պարոնայք։ Շնորհակալ եմ պատվի համար։ Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք…»։

Այդպես էլ ապրում էինք։ Իմ տասնվեց ռուբլին արագորեն վերջացավ։ Գալինայի թոշակը բավականացնում էր մի ութ օր։ Հարկավոր էր աշխատանք որոնել։

Եվ հանկարծ աչքիս ընկավ մի հայտարարություն․ «Շտապ պահանջվում են հնոցապաններ»։

Ասացի Բուշին։ Կարծում էի, թե կհրաժարվի։ Բուշը, սակայն, համաձայնեց եւ անգամ պայծառացավ։

Հանճարեղ է, ասաց, սա հենց այն է, ինչը մեզ համար պարտադիր է։ Վաղուց էր պետք ապրել ժողովրդական զանգվածների կյանքով։ Սնվել, այսպես ասած, ակունքներից։ Մոտենանք բնությանը, ծերուկ։ Մոտենանք պարզ, մարդկային ուրախություններին։ Մոտենանք բնական ամբողջական անձնավորություններին։ Կորչի՛ մետաֆիզիկան եւ ամենայն տրանսցենդենտալությունը։ Կեցցեն մուրճն ու զնդանը։

Գալինան երկչոտ առարկեց․

Է֊ղինկա, դու թույլ ես։

Բուշը աչքերը ոլորեց կնոջ վրա, եւ վերջինս լռեց…

Կաթսայանոցը մի մռայլ ցածր շինություն էր հսկայական խողովակի ստորոտին։ Մուտքի մոտ ածուխի մեծ կույտ էր։ Կողքին՝ բահեր ու երկու դատարկ սայլակ։

Ներսում համաչափ ոռնում էին երեք կաթսա։ Մեկի մոտ մի երիտասարդ էր կանգնած։ Ձեռքին ծանր կրակխառնիչ։ Հրակալներից վեր վարդագույն բոց էր խփում։ Երիտասարդը կնճռոտում ու շրջում էր դեմքը։

Ողջույն, ասաց Բուշը։

Բարեւ, պատասանեց հնոցապանը, նորեկնե՞ր եք։

Հայտարարությամբ ենք եկել։

Ուրախ եմ։ Անունս Օլեգ է։ Ասացինք մեր անունները։

Մտեք դիսպետչերանոց, ասաց Օլեգը, ներկայացեք Ցարիկովին։

Մետաղե դռնով փոքրիկ տաղավարում կաթսաների ոռնոցն ավելի խուլ էր։ Քրքրված սեղանին ինչ֊որ գրաֆիկներ ու ամփոփագրեր էին։ Պատից կախված էր էժանագին բարձրախոս։ Նեղ թախտի վրա պառկած էր զինվորական հագուստով մեկը՝ դեմքը լրագրով ծածկած։ Մյուսը՝ ժոկեյի գլխարկով, սեղանի մոտ նստած աշխատում էր։ Տեսնելով մեզ, բարձրացրեց գլուխը։

Նորեկնե՞ր եք։

Հետո ելավ ու մեկնեց ձեռքը․

Տուրիկով, գլխավոր դիսպետչեր։ Նստեք։

Նկատեցի, որ նախկին զինվորն արթնացել է։ Խշշոցով մի կողմ դրեց թերթը։

Խուդ, ներկայացավ։

Մարդիկ են պետք, ասաց դիսպետչերը։ Աշխատանքը բարդ չէ։ Գնանք բացատրեմ։

Իջանք երերուն աստիճաններով։ Խուդը գալիս էր մեր ետեւից։ Օլեգը մեզ ձեռքով արեց՝ որպես վաղեմի ծանոթների։

Կանգնեցինք ձախ կաթսայի մոտ։ Այնքան մոտիկ, որ դեմքով զգում էի հուրը։

Սարքը, ասաց Ցուրիկովը, չափազանց պարզ է։ Հնոց, հրակալներ, օդամղիչ… Ելքի ջերմաստիճանը պետք է լինի յոթանասուն աստիճան, ետ գալիս՝ քառասունհինգ։ Հերթափոխի սկզբում ապահովում եք ածուխը։ Սայլակները լրիվ բեռնել խորհուրդ չեմ տալիս, շուռ կգան… Գնալուց առաջ հարկավոր է մաքրել հրակալները, հեռացնել շլակը… Այսքանը, թերեւս։ Գրաֆիկը նույնչափ պարզ է․ մեկ օր աշխատում ենք, երեք օր հանգստանում ենք։ Վճարումը գործարքային։ Կարելի է հանգիստ ամսական հարյուր հիսուն ռուբլի վաստակել…

Ցուրիկովը մեզ տարավ տղաների մոտ ու ասաց․

Հուսով եմ, իրար հետ լեզու կգտնեք։ Թեեւ մերոնք բավական տարօրինակ մարդիկ են։ Օլեժկան, օրինակ, բուդդիստ է։ «Ձեն» դպրոցի հետեւորդ։ Հանգստություն է որոնում սեփական հոգու վանքում… Խուդը գեղանկարիչ է՝ համաշխարհային ավանգարդի ձախթեւային։ Աշխատում է մետաֆիզիկական սինթետիզմի ավանդույթներով։ Նկարում է հիմնականում արկղեր, տակառներ, տուփեր…

Շարքը կոչվում է «Մեռյալ ճշմարտություններ», շշուկով բացատրեց Խուդը՝ շփոթված շիկնելով։

Ցուրիկովը շարունակեց․

Դե, իսկ ես սովորական մարդ եմ։ Ազատ ժամերին զբաղվում եմ երաժշտության տեսությամբ։ Ի դեպ, ի՞նչ եք մտածում Բրիտտենի ստեղծագործություններում կիսատոնային վրադրումների մասին։

Բուշը մինչեւ այս պահը լուռ էր։ Այստեղ, սակայն, նրա դեմքը անսպասելիորեն այլայլվեց։ Հատու ու կարճ ասաց․

Գնացինք այստեղից։

Ցարիկովն ու իր գործընկերները շփոթված հայացքներով ուղեկցում էին մեզ։

Դուրս ելանք փողոց։ Բուշը պայթեց վրդովված մենախոսությամբ․

Սա կաթսայատուն չէ։ Սա, հազար ներողություն, ինչ֊որ Սորբոննա է… Ես երազում էի ընկղմվել ժողովրդական կյանքի մեջ։ Ամրանալ բարոյապես եւ ֆիզիկապես։ Սնվել կենսատու ակունքներից… Եվ ի՞նչ։ Ինչ֊որ ձենբուդդիստներ ու մետաֆիզիկներ, պոռնկական կիսատոնային վրադրումներ։ Մի խոսքով՝ տուն ենք գնում…

Ի՞նչ կարող էի անել։

Գալինան մեզ դիմավորեց ուրախության բացականչություններով։

Այնպես էի լալիս, ասաց, այնպես էի լալիս։ Այնպես էի ձեզ խղճում…

Երեք օր էլ անցավ։ Գալինան մի քանի գիրք վաճառեց բուկինիստական խանութին։ Ես եղա Տալլինի բոլոր խմբագրություններում։ Պայմանավորվեցի արտահաստիքային աշխատանքի վերաբերալ։ Հարցազրույց վերցրի ինչ֊որ փականագործից։ Ռեպորտաժ գրեցի արդյունաբերական ցուցահանդեսից։ Ապագա հոնորարների հաշվին պարտքով քսան ռուբլի վերցրի Շաբլինսկուց։ Կիսաքաղց մահը նահանջեց։

Ավելին, ես հաջողություն ունեի։ Եթե Լենինգրադում շարքային լրագրող էի համարվում, այստեղ՝ գրեթե ռահվիրա էի։ Ինձ ավելի ու ավելի պատասխանատու հանձնարարություններ էին տալիս։ Գրում էի լույս տեսած գրքերի ու թատերական նորույթների մասին, վարում էի ամենօրյա «Այլ կարծիք» խորագիրը, վերջապես ֆելիետոններ էի գրում։ Իսկ ֆելիետոնն, ինչպես հայտնի է, ամենապահանջված ժանրն է թերթում։ Կարճ ասած, արագորեն վեր էի բարձրանում։

Ինձ սկսեցին հրավիրել խմբագրական թռուցքաժողովներին։ Իսկ մեկ ամիս էլ անց՝ կոլեկտիվի ընկերական քեֆերին։ Իմ հրապարակումների մասին խոսում էին Էստոնիայի Կենտկոմում։

Այդ ժամանակ արդեն վաղուց Բուշի ու Գալինայի մոտ չէի ապրում։ Խմբագրությունը ինձ սենյակ էր հատկացրել Տոմպի փողոցում՝ աննախադեպ արտոնություն արտահաստիքային աշխատակցի համար։ Դա նշանակում էր, որ մտադիր են մոտ ապագայում ինձ հաստիքային աշխատանք տալ։ Իրոք, մեկ ամիս անց հրամանագրեցին որպես հաստիքային աշխատող։

Խմբագիրն ինձ ասում էր․

Դուք ցնցող հումորի զգացում ունեք։ Ձեր ասույթներից շատերն անգիր եմ հիշում։ Օրինակ սա․ «Երբ անվախը լռում է, վախկոտը սսկվում է…»։ Ձեր ֆելիետոնները պատմում եմ տնային աշխատողիս։ Նա, իմիջիայլոց, գերմանական գիմնազիա է ավարտել։

Հիմա, ասացի, հասկանամ եմ, թե որտեղից է գալիս ձեր անթերի շարժուձեւը։

Խմբագիրը չէր վիրավորվում։ Նա ազատական մտածողության տեր մտավորական էր։ Ամբողջ իրավիճակն այն ժամանակ ազատական էր։ Մերձբալթիկայում՝ հատկապես։

Վաստակում էի այժմ ամսեկան առնվազն երկու հարյուր հիսուն ռուբլի։ Հաջողացնում էի անգամ ալիմենտ վճարել։

Հայտնված ընկերներս էլ համապատասխան էին․ երիտասարդ գրողներ, նկարիչներ, գիտնականներ, բժիշկներ։ Լիարժեք, լավ վաստակող մարդիկ։ Լինում էին ռեստորաններում ու թատրոններում, կղզիներ էին գնում։ Կարճ ասած՝ ապրում էինք ստեղծագործական մտավորականության համար նորմալ կյանքով։

Բուշը չէր նախանձում իմ հաջողությանը։ Հակառակը, ուրախ կրկնում էր․ «Գործիր, ծերուկ։ Մեր մարդիկ պետք է առանցքային պաշտոններ գրավեն պետության մեջ»։

Պարտքով փող էի տալիս Բուշին։ Մի քսան անգամ նրա փոխարեն վճարել եմ Մյանդի֊բարում։ Այսինքն, ինձ պահում էի ինչպես հարկն է։ Ուրիշ ի՞նչ կարող էի անել։ Հո պաշտոնս իրեն չէ՞ի զիջելու։

Երդվում եմ, Բուշին հանդիպելուց չէի խուսափում։ Պարզապես հիմա մենք պատկանում էինք տարբեր սոցիալական խմբերի։

Ես պնդեցի, որ Բուշին կրկին օգտագործեն որպես արտահաստիքային աշխատող։ Անկեղծ ասած, հարկ եղավ նշանակալի դիմադրություն հաղթահարել։ Կապիտան Ռուդիի պատմությանը դեռ չէր մոռացվել։

Բուշին, հասկանալի է, քաղաքական երանգ ունեցող նյութեր այլես չէին վստահում։ Նա գրում էր կենցաղային, մշակութային, մարզական տեղեկատվության։ Թռուցկաժողովներին աշխատում էի գովել նրա ամեն մի հրապարակումը։ Նա սկսել էր ավելի հաճախ երեւալ խմբագրության միջանցքներում։

Նա այդ ժամանակ արդեն բավական խամրել էր։ Տաբատը փայլում էր ծնկներին։ Բաճկոնն ակնհայտորեն մաքրման կարիք ուներ։ Ծերացող կանայք, սակայն (իսկ այդպիսիք կան բոլոր խմբագրություններում), շարունակում էին Բուշին տեսնելիս տանջահար շիկնել։ Ուրեմն նրա առավելությունը ներքին էր, ոչ թե արտաքին։

Հիշում եմ, խմբագրությունում նշվում էր մեքենագրական բյուրոյի վարիչ Լորեյդա Ֆիլիպովնա Կոժիչի վաթսունամյակը։ Բուշը նրան նվիրեց հրաշալի փոքրիկ ոտանավոր․

Սիրտս տրոփում է, երբ տեսնում եմ Լորեյդային,
Ի՞նչ է նշանակում դա ըստ Ֆրեյդի։

Մեկ շաբաթ Լորեյդան պայծառ ու գունատ էր՝ միաժամանակ։ Նոմենկլատուրային աշխատողները մի ուշագրավ հատկանիշ ունեն։ Նրանք հիշաչար չեն թեկուզ այն պատճառով, որ ծույլ են։ Վրեժխնդրաթյան եռանդի համար ուժները չի հերիքում։ Ճշմարիտ չարության համար նրանց պակասում է ճշմարիտ խանդավառությանը։ Բարեկեցության երկար տարիների ընթացքում նրանց զգացմունքները բթանամ են մինչեւ մեծահոգության։ Նրանց մտքերն այնքան անկյանք են, որ դա երբեմն նմանվում է բարության։

«Սովետսկայա Էստոնիայի» խմբագիրը բարեհոգի մարդ էր։ Մինչեւ այն պահը, անշուշտ, երբ դառնում էր կոշտ ու չար։ Քանի դեռ հարկադրված չէր լինում հետեւել համապատասխան ցուցումների։ Հայտնի է, որ կարգին ու օրինավոր է համարվում այն մարդը, ով ստորություն անելուց հաճույք չի ստանում։

Կարճ ասած՝ Բուշին թույլատրեց տպագրվել։ Սկզբնական շրջանում նրա թղթակցությունները խմբագրվում էին առանձնահատուկ զգոնությամբ։ Աստիճանաբար դրանք դառնում էին ավելի ծավալուն եւ նշանակալի։ Բուշի որոշ ակնարկներ փոքրիկ սենսացիաներ առաջացրին։

Դեկտեմբերին խմբագիրը կրկին սկսեց խոսել Բուշին հաստիքային տեղ տրամադրելու մասին։ Հավելումն՝ Բուշի համար բարեխոսում էին տեղկոմի բոլոր ծերացող կանայք։ Շաբլինսկին ու ես էլ պաշտպանում էինք նրան։ Թռացկաժողովներից մեկին ասացի․ «Անհրաժեշտ է լիարժեքորեն օգտագործել Բուշին։ Այլապես նրան կմղենք դեպի դիսիդենտության սայթաքուն ուղին»։

Բուշին աշխատանքի տեղավորելը ստացել էր գաղափարական միջոցառման բնույթ։ Գլխավոր խմբագիրը բազմանշանակ ժպիտով էր նայում նրան։ Նրա ճակատագիրը կարող էր վճռվել արդեն տեսանելի ապագայում։

Մոտենամ էր Նոր տարին։ Խմբագրությունում նշելու էինք։ Ինչպես միշտ նկատելիորեն ակտիվացել էին անկյալները։ Գրաշարներից երկուսը (երկուսն էլ հարբեցող) գնացին օղի բերելու։ Նամակների բաժնի հաստահետույք աղջիկները բուտերբրոդներ էին պատրաստում։

Աշխատանքն այդ օրը շուտ ավարտեցինք։ Արտահաստիքային հեղինակներին խնդրել էին չգնալ։ Խնբագիրը կանչել էր Բուշին ու ասել․

Հուսով եմ, երեկոյան կհանդիպենք։ Ուզում եմ հաճելի նորություն հայտնել ձեզ։

Աշխատակիցները դեգերում էին միջանցքներում։ Ամենաանհամբերները փակվել էին կենցաղի բաժնում։ Դռան ետեւից բաժակների զրնգոց էր լսվում։

Մի քանիսը գնացել էին տուն՝ տոնական զգեստներ հագնելու։ Վեցի կողմերը վերադարձան։ Բուշը հագել էր ծխախոտագույն արտասահմանյան կոստյում։ Լաքապատ կոշիկները փայլում էին։

Հիանալի տեսք ունես, ասացի։ Բուշը շփոթված ժպտաց․

Գալինան երեկ ատամները ծախեց։ Երկու պլատինե շապիկ տարավ ոսկեգործին։ Եվ ինձ համար այս հագուկապն առավ։ Այսքանից հետո կարո՞ղ եմ լքել նրան…

Տեղավորվեցինք քարտուղարության մեծ սենյակում։ Բոլորը բարձրաձայն զրուցում էին, ծխում, ծիծաղում։

Խմբագրական քեֆերին, առհասարակ, ժողովրդավարության մթնոլորտ է տիրում։ Կարելի կատակել գլխավոր խմբագրի հետ։ Որոշել, թե ով է դարաշրջանի ամենահանճարեղ լրագրողը։ Արտասանել անչափ հաճոյախոսություններ։ Կարելի է, օրինակ, լսել․

Ծերուկ, դու հսկա ես։ Դու լուսանկարչական ռեպորտաժի Պագանինին ես։

Իսկ դու, սովորաբար լինում է պատասխանը, տնտեսական առաջնորդողի Շեքսպիրն ես…

Այստեղ են հանգուցալուծվում ընթացիկ սիրային կոնֆլիկտները։ Խարդավանքներ են հյուսվում։ Առաջադրվում են Պատվո տախտակի թեկնածուներ։

Այլ կերպ ասած՝ ամենօրյա խմբագրական խառնաշփոթն այստեղ նորմա է դառնում։ Վերջնականապես հաստատվում է խմբագրությանը բնորոշ լարված, տենդագին չբերության մթնոլորտը…

Բուշն իրեն պահում էր ծայր աստիճան գոռոզ ու խիստ։ Նստել էր լուսամատի մոտ։ Խորասուզված կարդում էր։ Գիրքը կոչվում էր «Ուղղագրության եւ կետադրության խրթին դեպքերը»։

Վերջապես սեղան նստեցինք։ Խմբագիրը սպասելով, որ բոլորը լռեն, ասաց․

Բարեկամներս։ Ահա աշխատանքով հագեցած մեկ տարի էլ անցավ։ Մենք հիշելու բան ունենք։ Ե՛վ ուրախություններ են եղել, եւ՛ տխրություններ։ Ե՛վ ձեռքբերումներ, եւ՛ անհաջողություններ։ Մեր հրապարակումներում ավելացել են լուրջ, վառ ու խորը նյութերը։ Պակասել են բացթողումներն ու սխալները։ Համոզված եմ, որ եկող տարի ավելի համերաշխ ու համախումբ ենք աշխատելու… Այսօր ինձ զանգեցին Կենտրոնական կոմիտեից։ Իվան Գուստավովիչ Կեբինը իր շնորհավորանքն է հղում ձեզ։ Թույլ տվեք ի սրտե միանալ դրան։ Շնորհավո՛ր Նոր տարի, բարեկամներս․․․

Հետո բազմաթիվ այլ կենացներ եղան։ Գլխավոր խմբագրի եւ պատասխանատու քարտուղարի, համեստ աշխատավորներ սրբագրիչների ու մեքենագրուհիների։ Խմեցինք արտահաստիքային թղթակիցների ու ակտիվ բանվորական թղթակիցների եենացը։ Ինչ֊որ մեկը խոսեց քաղաքական զգոնության մասին։ Եղավ ֆուտբոլի թիմ ստեղծելու առաջարկ։ Խմբագրության «ստուկաչ» Իգոր Գասպլը միասնաբար աշխատելու կոչ արեց։ Շաբլինսկին առաջարկեց խմել հմայիչ կանանց կենացը…

Սենյակը լցվել էր ծխով։ Մարդիկ բաժակները ձեռքներին բաժանվել էին առանձին խմբերի։ Ուտելիքն արագորեն չքանում էր։

Կենցաղի բաժնի Տորշինան համոզում էր, որ բոլորս միասին երգենք։ Ֆիմա Բիկովերը պարտքերն էր բաժանում։

Շուտով հայտնվեց հավաքարար Հիլդան։ Հարկավոր էր ցրվել։

Եվս տասը րոպե, ասաց խմբագիրն ու շամպայնի բաժակն անձամբ մեկնեց Հիլդային։

Դռան մեջ հայտնվեց խմբագրի տիկինը՝ Զոյա Սեմյոնովնան։ Նա զգուշությամբ բերում էր մի հսկայական մելքիորե սկուտեղ՝ սուրճով լի գավաթներով։

Մինչեւ այդ պահը Բուշն անշարժ նստած էր։ Բաժակը դրել էր ռադիոլայի կափարիչի վրա։ Գիրքը ծնկներին էր։

Իսկ հիմա բարձրացավ տեղից։ Լայն ժպիտով մոտեցավ Զոյա Սեմյոնովնային։ Անսպասելիորեն ինչ֊որ ֆուտբոլային շարժում արեց։ Ու լաքապատ կոշիկի հզոր հարվածով վայր գցեց սկուտեղն ապշած կնոջ ձեռքից։

Սենյակն իրար անցավ։ Ճչում էին նրանք, ում վրա թափվել էր եռման սուրճը։ Լյուբա Տորշինան ուշագնաց եղավ…

Չորս արտահաստիքային աշխատողներ բռնեցին Բուշին։ Բուշը չէր դիմադրում։ Երջանիկ ժպիտը սառել էր դեմքին։

Միլիցիա էին զանգում, «Շտապ օգնություն»…

Երեք օր անց Բուշին զննեց հոգեբուժական հանձնաժողովը։ Նրան միանգամայն մեղսունակ ճանաչեց։ Բուշին դատապարտեցին որպես խուլիգանի։ Տվին երկու տարի՝ պայմանական։

Լավ է, որ խմբագիրը չկամեցավ հասնել ավելի խիստ պատժի։ Բուշը հեշտ պրծավ, լրագրության մասին, սակայն, մտածելն իսկ արդեն ծիծաղելի էր…

Մոտ մեկ ամիս Բուշին կորցրի տեսադաշտիցս։ Գնացել էի Լենինգրադ՝ ընտանեկան գործերս կարգավորելու։ Վերադարձիս զանգեցի, բայց նրա հեռախոսը չէր աշխատում։

Բուշին չէի մոռացել։ Հուսով էի, որ քաղաքում կտեսնեմ։ Այդպես էլ եղավ։

Բուշը կանգնած էր լուսանկարչատան ցուցափեղկի մոտ ու նայում էր ժպտացող հրեշներին։ Ձեռքի ֆրանսիական բուլկու կեսն արդեն կերել էր։ Ամբողջ տեսքը վկայում էր, որ բացարձակապես պարապ է։

Ես առաջարկեցի մտնել «Կունգլա» բարը։ Բուշն ասաց․

Այնտեղ պարտք եմ։

Շա՞տ։

Վեց ռուբլի։

Լավ է, ասում եմ, համ էլ պատքը կտանք։ Վերարկուները հանեցինք, բարձրացանք երկրորդ հարկ, նստեցինք պատուհանի մոտ։

Ես ուզում էի իմանալ, թե ինչ էր պատահել։ Հանուն ինչի՞ նա կատարեց այդ անհեթեթ արարքը։ Նյարդային ցնցո՞ւմ էր, գիտակցության մթագնո՞ւմ։

Բուշն ինքը խոսք բացեց․

Հասկացիր, ծերուկ։ Խմբագրությունում բոլորը բորենիներ են… Անմիջապես ճշտեց․

Բացի քեզանից, Շաբլինսկուց եւ չորս դժբախտ պառավներից… Մի խոսքով, խոզերը գերակշռում են։ Եվ այդ հիմար քեֆը։ Իսկ ես նստած սպասում եմ, թե երբ է այդ թանձրահետույք խմբագիրն ինձ երջանկացնելու իր բարերարությամբ։ Ու հայտնվում է ծուռթաթ Զոյկան իր սկուտեղով։ Բոլորը միայն մի ցանկություն ունեն՝ քացով խփել֊ջարդել այդ բոզական սկուտեղը։ Այդտեղ հասկացա, որ հասել է պատասխանատու պահը։ Վճռվելու է, թե ով եմ ես։ Ասպե՞տ, ինչպես համարում է Գալկան, թե՞ քաք, ինչպես պնդում են մնացածները։ Ես էլ ելա ու…

Բարում նստեցինք մոտ մեկ ժամ։ Ես պետք է խմբագրություն գնայի։ Ինչ֊որ առաջադեմ ֆրանսիացու հետ հարցազրույց պիտի անեի։

Հարցրի․

Ինչպե՞ս է Գալինան։

Ոչինչ, ասաց Բուշը, վիրահատություն տարավ… Ինչ֊որ կանացի բաներ…

Դրանից հետո հազվադեպ էինք հանդիպում։ Խիստ զբաղված էի խմբագրությունում։ Պատմվածքներիս ժողովածուն էի նախապատրաստում տպագրության։

Մի անգամ Բուշին հանդիպեցի ձիարշավարանում։ Հատակին հասած մարդու տեսք ուներ։ Մի քիչ փող տվեցի։ Շնորհակալություն հայտնեց ու անմիջապես գնաց խմիչք բերելու։

Չսպասեցի...

Ամռանն ինձ ուղարկեցին Բուլղարիա՝ կինոփառատոնը լուսաբանելու։ Դա իմ առաջին արտասահմանյան գործուղումն էր։ Այսինքն՝ իմ նկատմամբ քաղաքական վստահության նշան, եւ իմ լոյալության վկայություն։

Վերադարձիս ապշեցուցիչ պատմություն լսեցի։

Տալլինամ տոնում են Նոյեմբերի 7֊ը։ Շքերթավորների շարասյունեոը ձգվում են դեպի քաղաքի կենտրոնը։ Կառավարական տրիբունան Կենտրոնական կոմիտեի շենքի առջեւ է։ Երաժշտություն է հնչում։ Օդում գույնզգույն փուչիկներ։ Հաղորդավարը ռադիոյով անվերջ շնորհավորանքներ ու կեցցեներ է հռչակում։

Մարդկանց ձեռքերում տրանսպարանտներ են ու առաջնորդների դիմանկարներ։ Միլիցիոներները հետեւում են կարգուկանոնին։ Բոլորը բարձր տրամադրության մեջ են։ Ինչ էլ լինի, տոն է։

Շքերթավորների մեջ է նաեւ Բուշը։ Ավելին բռնել է փայտին ամրացված ֆաներայի մի կտոր։ Նման է ձյուն մաքրելու բահի։ Ֆաներային կանաչ ներկով գրված է․

«Վճռական հակահարված տանք համաշխարհային իմպերիալիզմի թշնամիներին»։

Այս պլակատով Բուշը Կադրիորգից հասել էր մինչեւ դաշնամուրի գործարան։ Այստեղ միայն միլիցիոներները իրար էին անցել։ Ովքե՞ր են «համաշխարհային իմպերիալիզմի թշնամիները»։ Այդ ո՞ւմ «վճռական հակահարված» տանք…

Բուշը չի դիմադրում։ Նրան փակ ավտոմեքենայով տանում են Պագարի փողոց։ Երեք րոպե անց նրան հարցաքննում է անձամբ գեներալ Պորկը։

Հարցերին Բուշը պատասխանում է հանգիստ ա հակիրճ։ Իր մեղքը կտրականապես չի ընդունում։ Ասում է, թե պատահածը թյուրիմացության է, անուշադրաթյան հետեւանքով սպրդած սխալ։

Գեներալը Բուշի հետ զրուցում է մեկակես ժամ։ Երբեմն շատ կիրթ, երբեմն՝ անակնկալ կոպիտ։ Բուշին մեկ դիմում է «Էռնեստ Լեոպոլդովիչ»–ով, մեկ էլ վրան գոռում․ «Կգնդակահարեմ, շո՛ւն»։

Ի վերջո, Բուշը ձանձրանում է արդարանալուց։ Թուղթ ու մատիտ է խնդրում։ Թեթեւացած գեներալը նրան է մեկնում ինքնահոսը․

Անկեղծ խոստովանությանը կարող է մեղմացնել ձեր ճակատագիրը…

Բուշը որոշ ժամանակ լուսամուտից դուրս է նայում։ Հետո ժպտում է ու գեղեցիկ, թեք ձեռագրով շարադրում․

Հայտարարություն։

Այնուհետեւ․

1․ Խորը մտահոգություն եմ հայտնում Մերձբալթիկայի եւ Անդրկովկասի քրիստոնյա֊մկրտականների ճակատագրի նկատմամբ։

2․ Ամերիկյան մտավորականությանը կոչ եմ անում անմիջապես արձագանքել Կրեմլի չարաշահումներին մարդու ազատությունների ոլորտում։

3․ Պահանջում եմ իմ պատմական հայրենիքը՝ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, անխոչընդոտ արտագաղթելու իմ իրավունքը։

Ստորագություն՝ Էռնեստ Բուշ, խղճի կալանավոր։

Գեներալը կարդում է հայտարարությունն ու գցում աղբարկղը։ Նա որոշում է կիրառել հին ու փորձված մեթոդը։ Պարզապես լուռ հեռանում է։

Այս մեթոդը, որպես կանոն, միշտ արդյունավետ է գործում։ Մնալով դատարկ սենյակում, հարցաքննվողների նյարդերը սովորաբար չեն դիմանում։ Անորոշությունն ավելի է վախեցնում նրանց, քան ցանկացած սպառնալիք։ Նրանք սկսում են վերլուծել սեփական վարքը։ Սկսում են տենդագին որոնել փրկարար քայլեր։ Շփոթվում են անիմաստ հնարքների բազմազանությունից։ Տանջալի սպասումը մարդկանց վերածում է վախից դողացող անասունի։ Գեներալն այդ հույսով է Բուշին մենակ թողնում։

Վերադառնում է քառասուն րոպեից։ Տեսածն ապշեցնում է նրան։ Բուշը խաղաղ քնած է լինում՝ գլուխն արձանագրությունների թղթապանակին։

Ավելի ուշ գեներալը պատմել է․

Իմ կաբինետում ինչ ասես, որ չի եղել։ Մարդիկ սեփական երակներն են բացել։ Մոխրամանում նոթատետրեր են վառել։

Փորձել են լուսամատից դուրս թռչել։ Քնելը, սակայն, առաջին դեպքս էր–

Բուշին տանում են հոգեբուժական կլինիկա։ Կատարվածը գեներալին ներկայանում է որպես հոգեկան հիվանդության բացահայտ ախտանիշ։ Հնարավոր է, որ նա այնքան էլ չէր սխալվում։

Բաց են թողնում Բուշին միայն կես տարի անց։ Այդ ընթացքում իմ կյանքում փոփոխություններ եղան։

Դժվարանում եմ հիշել, թե ինչից սկսվեց։ Մի քանի անգամ ավելորդ բաներ ասացի։ Կռվեցի համապատասխան մարմինները ներկայացնող Գասպլի հետ։ Մի անգամ հարբած մտա Կենտկոմ։ Էստոնիայի գրողների կոնֆերանսում առարկեցի անձամբ ընկեր Լիպպոյին…

Հիշեցին, որ աշխատում եմ առանց Տալլինի գրանցման։ Պարզեցին իմ մասնակի հրեական ծագումը։ Բուշի հետ կապերն էլ դրական ազդեցություն չունեցան հեղինակությանս վրա։

Հենց այդ ժամանակ Էստոնիայում քաղաքական անկարգություններ սկսվեցին։ Մի խումբ դիսիդենտներ խնդրագրով դիմեցին Վալդհայմին։ Երեք օրից նրանց հուշագիրը հաղորդվեց արեւմտյան ռադիոյով։ Մեկ շաբաթ էլ անց Մոսկվայից ցուցում ստացվեց՝ ուժեղացնել դաստիարակչական աշխատանքը։ Դա նշանակում էր, որ ինչ֊որ մարդկանց հարկավոր է վռնդել, ստորացնել, պաշտոնանկ անել։ Այդ ամենը, բնականաբար, հուշագրի հեղինակների նկատմամբ հետաքննությունից զատ։

Խմբագրության տնտեսվար Մելեշկոն ասում էր․

Կարող էին դիմել սեփական ղեկավարությանը։ Թե չէ հնարել ինչ֊որ Խաիմ…

Ճնշումների համար ես հարմար թեկնածու էի։ Եվ ինձ հեռացրին։ Միաժամանակ տպարանում ոչնչացվեց պատմվածքներիս գրեթե պատրաստ ժողովածուն։ Եվ այդ ամենը միայն Կրեմլի բոսսերին զեկուցելու համար՝ միջոցներ ձեռնարկվել են։

Ես, իհարկե, միակ զոհը չէի։ Այդ օրերին փակվեց ձիարշավարանը՝ բուրժուական տրամադրությունների բույնը։ Ժուռնալիստների միության բուֆետում արգելեցին ոգելից խմիչքի վաճառքը։ Խանութներից չքացավ խոզապուխտը։ Սա, թերեւս, արդեն ուրիշ թեմա է…

Մի խոսքով էստոնական ազատականությունը վերջացավ։

Ժողովրդի լավագույն մասը՝ երկու երիտասարդ գիտնական՝ անցավ ընդհատակ…

Ես զրկվեցի հաստիքային պաշտոնից։ Առաջարկեցին հեռանալ «սեփական դիմումի համաձայն»։ Խորհուրդ տվեցին կրկին դառնալ բանվորական թղթակից։ Հրաժարվեցի։

Լենինգրադ վերադառնալու ժամանակն էր։ Առավել եւս՝ ընտանեկան կյանքս սկսել էր կարգավորվել։ Բաժանումը մարդկանց ավելի խելամիտ է դարձնում…

Կոմպի փողոցի բնակարանում իրերս էի հավաքում։ Հեռախոսը զանգեց։ Ճանաչեցի Բուշի ձայնը։

Ծերուկ, կսպասես ինձ։ Գալիս եմ։ Ոտքով։ Փող բոլորովին չունեմ։ Փոխարենը քեզ արժեքավոր նվեր եմ բերում…

Իջա գինի առնելու։ Քառասուն րոպեից եկավ։ Տեսքն ավելի լավ էր, քան վեց ամիս առաջ։ Հարցրի․

Գործերդ ինչպե՞ս են։

Ոչինչ։

Բուշն ինձ պատմեց, որ իրեն հաշվառման մեջ են պահում հոգեբուժարանում։ Հետն էլ պարբերաբար քարշ են տալիս ՊԱԿ։ Քիչ անց աշխուժացավ ու, ձայնն իջեցնելով, ասաց․

Հուշանվեր եմ բերել քեզ։

Արձակեց բաճկոնի կոճակները։ Ծոցից հանեց քառածալ մի թուղթ։ Գոհ տեսքով մեկնեց ինձ։

Սա ի՞նչ է,։ հարցրի։

Պատի թերթ։

Ի՞նչ պատի թերթ։

ՊԱԿ֊ի տեղական բաժանմունքի։ Տեսնում ես՝ «Վահան եւ սուր»։ Լիքը հետաքրքիր բան կա։ Ինչ֊որ մեկին պարսավում են լակելու համար։ Սպեկուլյանտների մասին հոդված կա։ Իսկ սա բանաստեղծություն է խուլիգանների մասին․

Ստիլյագը շշով խփեց
Շքանշանակիր ծերուկին։
Աւեհեր կնճռոտ ծոծրակից
Արյուն է խփում, ինչպես աղբյուրից…

Իսկ ինչ, ասաց Բուշը, վատ չէ…

Հետո սկսեց պատմել, թե ինչպես է տիրացել պատի թերթին։

Կանչում է ինձ ցնդած Սորոկինը։ Սկսում է իր տխմար խոսակցությունները։ Իր բոլոր փաստարկները հերքում եմ Մարքսից մեջբերումներով։ Սորոկինը հեռանում է։ Ինձ մենակ է թողնում պեդեռաստի իր կաբինետում։ Իսկ ես մտածում եմ, թե ինչ նվիրեմ Սերյոժային ի հիշատակ։ Տեսնեմ պահարանի գլխին պատի թերթ է ընկած։ Վերցրի, դրի ծոցս։ Նվիրում եմ որպես հուշանվեր…

Արի, ասում եմ, վառենք։ Շառից֊փորձանքից հեռու։

Արի, համաձայնում է Բուշը։ Պատառոտեցինք թերթն ու վառեցինք զուգարանում։ Ուշանում էի։ Տաքսի կանչեցի։ Բուշը հետս եկավ կայարան։ Կառամատույցին բռնեց ձեռքս․

Ի՞նչ կարող եմ անել քեզ համար։ Ինչո՞վ կարող եմ օգնել։

Ամեն ինչ կարգին է։

Բուշը մի պահ մտքերի մեջ ընկավ ինչ֊որ տանջալի որոշում ընդունելով։

Ուզում ես, ասաց, ամուսնացիր Գալինայի հետ։ Ընկերաբար զիջում եմ։ Նա կարող է ծաղիկներ նկարել ու նկարները վաճառել։ Սի շաբաթից սիամի կատուն ձագեր է բերելու։ Ամուսնացիր, չես փոշմանի։

Ես, ասում եմ, ճիշտն ասած, ամուսնացած եմ արդեն։

Դո՛ւ գիտես։

Գրկեցի նրան, հետո բարձրացա վագոն։ Բուշը մնաց կառամատույցին կանգնած։ Կարծես դեռ չեմ ասել, որ նա կարճահասակ էր…

Վեցերորդ տարին է, ինչ ապրում եմ Ամերիկայում։ Կնոջս ու Կատյա դստերս հետ։ Նոր ջինս գնելիս Կատյան մի քառասուն րոպե ոտքերով կոխոտում է։ Հետո ծնկների վրա ծակեր է անում…

Վերջերս Բրուկլինում մեկը կանչեց ետեւիցս։ Շուռ եկա ու ճանաչեցի Գրիշանյային։ Նրան, որ մեզ Լենինգրադից Տալլին էր տարել իր մեքենայով։

Մտանք մոտակա ռեստորանը։ Գրիշանյան պատմեց, որ այն ժամանակ նստել է ընդամենը վեց ամիս։ Հաջողվել էր ինչ֊որ մեկին կաշառել ու դուրս գալ։

Վերցնել գիտես՝ տալ էլ իմացիր, փիլիսոփայորեն ասաց Գրիշանյան։

Հարցրի, թե ինչպես է Բուշը։ Ասաց․

Պատկերացում չունեմ։ Շաբլինսկուն նշանակել են պատասխանատու քարտուղար…

Պայմանավորվեցինք, որ հեռախոսով կկապվենք։ Այդպես էլ չզանգեցի։ Ինքը նույնպես…

Մեկ ամիս առաջ թերթերում կարդացի կապիտան Ռուդիի մասին։ Չորս տարի անցկացրել էր Մորդովիայում։ Հետո նրա պաշտպանությամբ հանդես են եկել ինչ֊որ կազմակերպություններ։ Կապիտանին ժամանակից շուտ ազատ են արձակել։ Հիմա ապրում է Համբուրգում։

Բուշի մասին հարցուփորձ եմ անում բոլորին, ով կարող է որեւէ բան իմանալ։ Ըստ որոշ տեղեկությունների, Բուշը բանտում է։ Կան նաեւ տեղեկություններ, թե ամուսնացել է ձկնարդյունաբերության նախարարի այրու հետ։ Երկու տարբերակն էլ ճշմարտանման են։ Եվ երկուսն էլ դառը զգացմունքներ են հարուցում։

Ո՞ւր է հիմա դիսիդենտ ու կանանց սիրելի, շիզոֆրենիկ, բանաստեղծ ու հերոս Էռնեստ Լեոպոլդովիչ Բուշը…

"Կոմպրոմիսներ" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Հին Օրերի Երգը
Տիգրան Մանսուրյան

Հին Օրերի Երգը

Ջրվեժ 1943 թ
Ջրվեժ 1943 թ
Խաղա առցանց