Սերգեյ Դովլաթով

Կոմպրոմիսներ

Կոմպրոմիս տասներկուերորդ

(«Սովետսկայա էստոնիա»։ Հոկտեմբեր։ 1976 թ․)

«ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՀԵՂ ԶԵՆՔ Է։ Հունական դիցաբանության մեջ կա Լետա կոչվող մոռացության գետը, որի ջրերը տանում էին մարդկանց կրած երկրային տանջանքները։ Լետայի ափին մարդը ստանում էր երջանկության խղճուկ, ժամանակավոր պատրանք։ Նրա միամիտ բանականությունը՝ փորձառությունից ու հիշողություններից զուրկ, մարդուն խաղալիք էր դարձնում ճակատագրի ձեռքին։ Ի սկզբանե, սակայն, Լետայի հոսանքին հակառակ հոսում է մարդկային հիշողության ջրառատ ու անսպառ գետը…

Տարտու քաղաքում բացվեց ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին բանտարկյալների 3֊րդ հանրապետական հավաքը։

Նրանց դեմքերը միաժամանակ տոնական ու խիստ են։ Յուրաքանչյուրի բաճկոնին փոքրիկ կրծքանշան կա՝ կարմիր եռանկյունի եւ աղավնու ուրվագիծ՝ թափված արյան ու խաղաղության անխախտ խորհրդանիշները։ Նրանք խումբ֊խումբ զրուցում են «Վանեմույնե» թատրոնի ընդարձակ նախասրահներում։ Ողջույններ, ողջագուրումներ, հուզումնալի խոսքեր…

Պատմում է ինժեներ֊կոնստրուկտոր Լազար Սլապակը․

Սկզբում ռազմագերիների ճամբարում էի։ Հակաֆաշիստական պրոպագանդայի եւ փախուստների կազմակերպման համար փոխադրեցին Շտուդհոֆ… Յուրայիններին ճանաչում էինք աչքերից․ ձեռքի մեկ շարժումից, անորսալի ժպիտից… Մարդն իրեն զոհ չի զգում, եթե կողքին ընկերներ ունի, եղբայրներ…

Հավաքը տեւեց երկու օր։ Հիշողությունների, ճշմարիտ ընկերության, կրած տառապանքին հավատարմության երկու օր։ Պատվիրակներն ու հյուրերը մեկնեցին՝ համալրելով մարդկային հիշողության թանկագին ու հավերժ արխիվը։ Իսկ մենք նրանց հետեւելով կրկնում ենք խիստ ու հանդիսավոր՝ որպես նախազգուշացում, որպեա խաղաղության երդում ու պատվիրան․ «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»։

Տարտու հասանք վաղ առավոտյան։ Ժբանկովը ամբողջ ճանապարհին վերանորոգում էր լուսանկարչական ապարատը։ Չունեցած գործիքները փոխարինեց գրասենյակային ամրակներով, մեկուսիչ ժապավենով, կոտրված հայելու բեկորով…

Սկզբում ուզում էին ուղարկել Սալկիելին, սակայն Ժբանկովը ընդվզեց․

Ես, ի միջիայլոց, ռազմաճակատային եմ, խիղճ ունեցեք։ Խմբագիր Տուրոնոկը փորձեց պնդել․

Այնտեղ բանտարկյալներն են հավաքվում, ոչ թե ռազմաճակատայինները։

Կարո՞ղ է ես բանտարկյալ չեմ, ձայնը բարձրացրեց Ժբանկովը։

Սթափարանը չենք հաշվում, թունոտ քմծիծաղեց խմբագիրը։

Ժբանկովը չնահանջեց։ Ռեզերվում նա միշտ ուներ մի գործուն միջոց։ Երբ Միշային բացահայտորեն նեղում էին, նա ակնարկում էր, թե կսկսի խմել։ Ուղղակիորեն չէր ասում։ Հարցնում էր միայն․

Իսկ փոխօգնության դրամարկղը դեռ բա՞ց է։

Դա նշանակում էր, որ Միշան որոշել է փող ճարել։ Իսկ եթե չստացվի՝ վաճառել ու խմել արտասահմանյան խոշորացուցիչը։

Նրան, որպես կանոն, զիջում էին։ Այդուհանդերձ նա հաճախ էր խմում։ Իսկ խմելու մասին միտքն արդեն դրա նախանշանն էր…

Հենրիխ Ֆրանցեւիչ, միջամտեցի ես, Ժբանկովի հետ գործուղման եղել ենք։

Մեր միջեւ ստեղծագործական լիակատար փոխըմբռնում կա։

Դա էլ ինձ վախեցնում է, ասաց Տուրոնոկը։ Դե լավ, գնացեք։

Իմ կարծիքով, խմբագիրը պարզապես հիշեց, որ միջոցառումը պատասխանատու էր։ Իսկ Ժբանկովը հիանալի լուսանկարիչ էր։

Կայարանից թատրոն ոտքով գնացինք։ Տարտուն բարեհամբույր, հաճելի քաղաք է։ Անցորդներից շատերը ուսանողական կանաչ գլխարկներով էին։ Թափանցիկ անձրեւ էր մաղում։

Ժապավեն պիտի առնեմ, ասաց Ժբանկովը։

Մտանք գրենական պիտույքների մի փոքրիկ խանութ։ Վաճառողը էլեկտրական սալիկի վրա սուրճ էր պատրաստում։ Նրա զուտ էստոնական, գործված ժիլետի մետաղե կոճակները փայլում էին։

Միկրատ֊չորս կա՞, հարցրեց Ժբանկովը։ Վաճառողը պատասխանեց գլխի բացասական շարժումով։ Ես հետաքրքրվեցի․

Իսկ որտե՞ղ է մոտակա խանութը, ուր կա այդ միկրատ֊չորսը։

Հելսինկիում, միանգամայն լուրջ պատասխանեց վաճառողը։

Ոչինչ, ասաց Ժբանկովը, «ԷԴԱԶԻ»–ի տղերքը այնտեղ են լինելու…

Անձրեւը սաստկանում էր։ Շտապեցինք թատրոն։ Մուտքի դիմաց մարդիկ էին խմբված՝ անձրեւանոցներով եւ ցելոֆանե գլխածածկերով։

Էս ինչի՞ են վայրենիների պես բոլորը անձրեւանոցներով, զարմացած ասաց խորը ջրափոսում կանգնած Ժբանկովը։

Մի գոռա, ասում եմ։

«Վանեմույնե» թատրոնը համեմատաբար վերջերս է կառուցվել։ Մարմարե աստիճաններ, ընդարձակ նախասրահներ, խուլ արձագանք։ Մուտքի վրա՝ կապույտ ցուցապաստառ (Էստոնիայում սիրում են կապույտ ցուցապաստառներ)․

«Փա՜ռք ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին բանտարկյալներին»։

Գտանք ադմինիստրատորին, ներկայացանք։

Ծրագիրն այսպիսին է, ասաց։ Սկզբում՝ հուզիչ հանդիպումներ։ Հին ընկերների հանդիպումներ։ Հետո՝ հանդիսավոր ժողով։ Եվ վերջապես՝ բանկետ։ Դուք, ի դեպ, նույնպես հրավիրված եք։

Բնականաբար, ասաց Ժբանկովը։ Նախասրահում ճեմում էին շքանշաններով ու մեդալներով մարդիկ։ Հիմնականում՝ ոչ մեծ խմբերով։ Ծխում ու կիսաձայն զրուցում Էին։

Հուզականությունը, կարծես, բացակայում է, ասաց Ժբանկովը։

Ադմինիստրատորը պարզաբանեց․

Բանտարկյալները հավաքվում են ամեն տարի։ Քսան տարի անընդմեջ։ Հուզական մասը շուտով կվերջանա։ Հանդիսավոր ժողովը կտեւի մոտ մեկ ժամ։ Նույնիսկ ավելի քիչ։ Հետո՝ բանկետ…

Դրանից բխող բոլոր հետեւանքներով, անսպասելիորեն հռհռաց Ժբանկովը։

Ադմինիստրատորը այլայլվեց։

Կներեք, ասում եմ, ես պետք է մարդկանց հետ զրուցեմ։ Որոշ գրառումներ անեմ։

Նա մոտ կանչեց բարձրահասակ, ամրակազմ մի տղամարդու․

Ծանոթացեք։ Լազար Բորիսովիչ Սլապակ, ինժեներ–կոնստրուկտոր։ Շտուդհոֆի նախկին բանտարկյալ։

Ես էլ ներկայացա։

Ինձ Շտուդհոֆ էին տեղափոխել հակաֆաշիստական գործունեության ու փախուստների կազմակերպման համար։ Իսկ մինչ այդ Լեհաստանում էի…

Սլապակը խոսում էր վարժ ու վստահ։ Երեւում էր, որ լրագրողների հետ շփվելու փորձ ունի։ Ձեզ, հավանաբար, հետաքրքրում են ուշագրավ փաստե՞րը, հարցրեց։

Գլխով արեցի։

Նստենք։

Նստեցինք բազմոցին։ Մեզ միացան եւս երկու հոգի։ Համեմատաբար երիտասարդ մեկը՝ զինվորական բաճկոնով եւ թեւը կտրած մի մռայլ ծերունի։ Ադմինիստրատորը ներկայացրեց նրանց՝ Վալտոն եւ Գուրչենկո։

Երբ բոլորը լռեցին, Սլապակը շարունակեց․

Փախուստներ կազմակերպելու համար միջոցներ էին հարկավոր։ Սկսեցինք մտածել, թե որտեղից ճարենք։ Եվ, պատկերացրեք, ելքը գտանք։ Ես շախմատ վատ չեմ խաղում։ Իսկ ճամբարի պետը շախմատի սիրահար էր։ Որոշեցինք մրցաշար անցկացնել։ Մրցանակը՝ ութսուն մարկ։ Ես հաղթեցի տասը պարտիայից յոթը։ Ճամբարի պետը ասաց․ «Դոններ֊վետտեր» եւ փողը տվեց…

Հետաքրքիր է, ասաց թեւատ ծերունին, շատ հետաքրքիր է․․․

Նոթատետրումս գրեցի նրա ազգանունը՝ Գուրչենկո։

Մինչ այդ ծերունին լուռ էր։

Ի՞նչ է պատահել, ընկեր, ասաց Սլապակը։

Ասում եմ՝ վատ չէիք ապրում…

Այսի՞նքն, լարված ժպիտով հարցրեց ինժեներ֊կոնստրուկտորը։

Մորդովիան քեզ չէր խանգարի մի երեք տարով, շարունակեց ծերունին։

Զգացվում էր, որ խմել է։

Որտե՞ղ եք նստել, ընկեր, միջամտեց ադմինիստրատորը։ Դախաո՞ւ, Օվսենցի՞մ։

Մորդովիայում եմ նստել, պատասխանեց Գուրչենկոն, Ղազախստանում… Քսան տարի ձգել եմ որպես նախկին ռազմագերի…

Կարծում եք, ե՞ս չեմ նստել, բարկացավ ինժեներ֊կոնստրուկտորը։ Երիկամներիցս բան չի մնացել։ Իոսսերի մասին լսե՞լ եք։ Վեսլյանա՞։ Ռոպչա՞։

Լսեք ենք, խոսակցության մեջ մտավ զինվորական բաճկոնով երիտասարդը։ Ռոպչայի առաքաբանտում մենինգիտ ստացա… Լակոտ էի, երբ գերի ընկա։ Ճամբար ուղարկեցին։ Թեեւ զորակոչի ենթակա չէի։ Պրոպագանդայով էլ չէի զբաղվում։ Շատ անարդար էր։ Համակենտրոնացման ճամբարում շատ վատ էր։ Ֆաշիստները սովամահ էին անում մեզ։ Հետո ճամբարում կին չկար…

Բա Ռոպչա ո՞նց ընկար, չարախնդությամբ հարցրեց թեւատը։

Շատ հասարակ։ Մեզ ֆրանսիացիները ազատեցին։ Հայտնվեցի Փարիզում։ Վազեցի սովետական դեսպանատուն։ Մոտ ութ հարյուր հոգի հավաքվեցինք։ Գնացք նստեցրին։ Ու տարան դեպի Արեւելք… Տարան, տարան… Մոսկվան անցանք։ Ուրալն անցանք…

Ժպտացեք, տղերք, խնդրեց Ժբանկովը։ Ուշադրություն։ Նկարում եմ։

Ժապավեն, ախր, ասում եմ, չունես։

Դա չէ կարեւորը, ասաց Ժբանկովը, իրավիճակը լիցքաթափել է պետք։

Ադմինիստրատորը նույնպես անհանգստացավ։ Տեղից ելավ ու ափերն իրար զարկեց․

Ընկեր բանտարկյալներ, դահլիճ անցեք, խնդրեմ… Հանդիսավոր մասը հազիվ քսան րոպե տեւեց։ Ամենաերկարը հենց ադմինիստրատորը խոսեց։ Վերջացրեց այսպես․

Մենք ընդմիշտ կմնանք որպես ֆաշիզմի գերիներ։ Չէ՞ որ մեր ապրածը երբեք չենք կարող մոռանալ…

Նա է՞լ է ռազմագերի եղել, հարցրի թեւատ Գուրչենկոյին։

Այդ տխմարը թատրոնից է, պատասխանեց ծերունին, կուսկոմի հանձնարարությունն է կատարում։ Չորրորդ տարին է ելույթներ է ունենում… Մորդովիան նրան չէր խանգարի՝ մի երեք տարով… Ծառ կտրելու…

Այդ պահին բացվեցին բանկետի սրահի դռները։ Նստեցինք լուսամուտի մոտ։ Ժբանկովը լցրեց օղին։

Եկեք առանց կենացների, առաջարկեց Սլապակը, լավ լինենք։

Խմեցինք լռության մեջ։ Ժբանկովը անմիջապես նորից լցրեց։ Վալտոնը փորձում էր ավարտել իր պատմությունը։

Կրտսեր նավաստի էի առեւտրական նավատորմում։ Գերմանացիք սխալվել էին։ Ինձ չպետք է բանտարկեին։ Ես ռազմական նավատորմից չէի։ Ես առեւտրական նավաստի էի։ Բռնեցին ու բանտարկեցին։ Ըստ էության, անմեղ տեղը…

Տպավորությունն այնպիսին էր, թե Վալտոնն արդարանում է։ Ավելին՝ փորձում է ապացուցել իր լոյալությունը գերմանացիների հանդեպ։

Չուխոնցիք բոլորն այդպես են, ասաց Ժբանկովը։ Ադոլֆը նրանց լավագույն բարեկամն է, իսկ ռուսներին արհամարհում են։

Մեզ ինչի՞ պիտի սիրեն, ասաց Գուրչենկոն։ Որ իրենց Էստոնիան բարդակի՞ ենք վերածել։

Բարդակը դեռ ոչինչ, ասաց Ժբանկովը։ Արաղն են թանկացնում։

Նրա դեմքն արդեն փայլում էր։ Շիշը ձեռքից բաց չէր թողնում։

Տապակած միս դնե՞մ ձեզ, ինձ դիմեց Սլապակը։ Ժբանկովը զգուշությամբ դիպավ նրա արմունկին․

Վաղուց էի ուզում հարցնել… Ինչպես ասում են, անհամեստ մի հարց… Դուք, հազար ներողություն, ազգությամբ ո՞վ եք։

Ալապակը նկատելիորեն զգոնացավ։ Հետո հատու ու վստահ պատասխանեց։ Խոսեց թաքցնելու ոչինչ չունեցող մաո դու տոնով․

Ես ազգությամբ հրեա եմ։ Իսկ դուք, հազար ներողության ազգությամբ ո՞վ եք։

Ես ազգությամբ ռուս… հրեաներից եմ, խաղաղարար ձեւակերպում գտավ Ժբանկովը։

Այստեղ Սլապակին դիմեց թեւատ Գուրչենկոն։

Ոչինչ, ինչ կա որ, ասաց նա, թող որ հրեա ես, սարսափելի ոչինչ չկա։ Ես չորս տարի Ղագախստանում եմ ապրել։ Ղազախները հազար անգամ հրեաներից վատն են…

Էլի խմեցինք։ Ժբանկովը աշխույժ զրույց էր վարում Գուրչենկոյի հետ։ Նրա խոսքը ավելի ու ավելի արտահայտիչ էր դառնում։

Սրահն աստիճանաբար լցվեց բնորոշ աղմուկով։ Զնգում էին բաժակներն ու դանակ֊պատառաքաղները։ Միացրին ռադիոընդունիչը։ Հնչեցին հզոր ակորդներ․

… Պատերազմ է ժողովրդական, Սրբազան պատերազմ…

Հեյ, ո՞վ է մոտ կանգնած։ Դրա ձայնը կտրեք, ասաց Ժբանկովը։

Թող մնա, ասում եմ, քո հայհոյանքը գոնե չի լսվի։

Ճշմարտությունը միշտ պիտի լսվի, անսպասելիորեն գոռաց Գուրչենկոն…

Ժբանկովը ելավ ու քայլեց դեպի ռադիոընդունիչը։ Նկատեցի, որ դահլիճ են մտել պիոներներ։ Նրանք շփոթված շրջանցում էին սեղանները։ Երեւի անձրեւի պատճառով էին ուշացել։ Բերել էին հսկայական ծաղկեփունջ։

Միշան հայտնվեց նրանց դիմաց։ Նրա տեսքը տպավորիչ էր։ Աչքերը փայլում էին ոգեւորությունից։ Փողկապը ուսին էր։

Համակենտրոնացման ճամբարների նախկին գերիների մեջ Ժբանկովն աչքի էր ընկնում դեմքի տանջահարությամբ ու ողբերգականությամբ։

Պիոներները կանգ առան։ Շփոթված Ժբանկովը՝ նույնպես։ Կարմիր փողկապով նիհարակազմ տղան բարձրացրեց ձեռքը։ Ինչ֊որ մեկը անջատեց ռադիոընդունիչը։

Տիրած լռության մեջ լսվեց մանկական դողդոջուն ձայնը․

Հավերժ փա՛ռք հերոսներին։ Հետո երեք անգամ․

Փա՛ռք, փա՛ռք, փա՛ռք։

Վախեցած Ժբանկովը կրծքին սեղմեց ծաղկեփունջը։

Քիչ անց բացականչեց․

Ուռա՜։

Աներեւակայելի աղմուկ էր։ Մեկը արկղերից հանում էր ռեկվիզիտը։ Մյուսն արդեն լեզգինկա էր պարում՝ ստվարաթղթե յաթաղանն ատամներով բռնած…

Տեղական թերթի տղաները լուսանկարում էին Ժբանկովին։

Նրա կարմրատակած դեմքը շրջապատված էր ծաղիկներով։ Վերադարձավ։ Ծաղկեփունջը տեղավորեց լուսամուտի գոգին։

Գուրչենկոն բարձրացրեց գլուխը։ Քիչ անց այն կրկին կարտոֆիլի ափսեի վրա էր։

Աթոռը պահեցի, որ Ժբանկովը նստի։

Շքեղ ծաղկեփունջ է, ասում եմ։

Սա ծաղկեփունջ չէ, մռայլ ասաց Ժբանկովը։ Ծաղկեպսակ է…

Այս ողբերգական բառի վրա էլ հրաժեշտ եմ տալիս ժուռնալիստիկային։ Բավակա՛ն է։

Եղբայրս, որ երկու դատվածություն ունի (մեկը՝ չկանխամտածված սպանության համար), հաճախ ասում է․

Որեւէ օգտակար գործով զբաղվիր։

"Կոմպրոմիսներ" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Աշնան արև
Տիգրան Մանսուրյան

Աշնան արև

Ջրվեժ 1943 թ
Ջրվեժ 1943 թ
Խաղա առցանց