Րաֆֆի

Սալբի

9

Իմ սիրելի հարսնացու, սովորիր պարկեշտությունը սրբությամբ պահպանել քեզ օրինակ առնելով այն երկնային հրաշագեղ հարսնացուն Լուսնյակը։ Դա մի լուսեղեն հավերժահարս օրիորդ է, որի հարսնությունը հավիտենից նշանադրված է արեգակի՝ այն լուսադեմ պատանյակի հետ։ Նրա հարսանիքը մնացել է «վերջին օրին», երբ այս աշխարհը այլևս չէ լինելու։ Լուսնյակի դեմքը ավելի փայլուն է քան արեգակինը, բայց տեսնո՜ւմ ես, ինչպի՜սի ամոթխածությամբ է վարագուրել յուր դեմքը. ա՛յդ է պատճառը, որ շատ թույլ լույս է արձակում։ Նրա երեսքողի միջից մենք հազիվ ենք նշմարում նրա սևորակ աչքերը։ Հավիտենից այդ երկու երկնային տարփածուները անձկալի կարոտով վազում են միմյանց ետևից, և կարծես, մի աներևույթ ձեռք վանում, հալածում է նրանց երկնքի ճախարակի չորս կողմով... Բայց, երբեք չէ պատահել, որ նրանք հանդիպեն միմյանց, առնեին իրանց կարոտը, լցնեին իրանց փափագը մինչև հավիտենականի ձեռքով նրանց պսակը չկատարվի...։

Այդ ավանդական խրատը տիկին Սկուհին նրա համար էր տալիս, որովհետև ինքն ևս, տիկին Թարլանի նման, չէր սիրում օրիորդ Սալբիի և յուր որդու շատ անգամ միմյանց համարձակ այցելություններր։ Կամենալով օրիորդի կամակորությունն էլ խրատել, որ նա հնազանդեր յուր մորը՝ տիկին Սկուհին շարունակեց.

Մա՛նավանդ աշխատիր խոնարհությամբ հնազանդել քո մորը, որ քեզ աստուծո շնորհիվ կենսագործնլ է, սնուցել է յուր ծծելով։ Նայիր պիպուին (հոպոպ), դու տեսե՞լ ես այն խայտաճամուկ փետուրներով սիրուն թռչնիկը. նա՛ ևս մի օր քո նման մանուկ աղջիկ էր: Մի օր նրա մայրը, մի փայտյա տաշտի մեջ լվանում էր նրա գլուխը և սանդրում ծամերը, անհնազանդ աղջիկը հիմարությամբ չարախոսում է մոր դեմ, մայրը անիծում է նրան, և անեծքը տեղ հասնելով՝ աղջիկը տիրոջ հրամանով ձևափոխվում և դառնում պիպու թռչունը։ Մինչև այսօր, այն սանդրը, որով մայրը սանդրում է յուր աղջկա ծամերը՝ գտնվում է պիպուի գլխի վրա, որպես նշան և խրատ, անհնազանդ աղջիկներին։ Պիպուն անիծված է. բոլոր թռչուններից միայն նրա բույնն է ժահահոտություն արտաշնչում։ Մինչև այսօր նա յուր թլվատ լեզվով կոչում է փո՛փո՛, որ նրա մոր անունն է, կամենալով թողություն խնդրել մորից, բայց աստված չէ լսում նրա ձայնը։

Եթե դո՛ւ, քույրիկ, հոպոպի գլխի վրա եղած հովհարանման փետուրների պատճառով ապացուցանում ես, թե նա անիծված աղջիկն է, նրա խոսքը ընդհատեց տիկին Սալլաթինը, ուրեմն այս օրերին ռամիկների կարծիքը, թե կիվ-կիվը (մի թռչուն) յուր գլխի պոպոզի պատճառով համարվում է անիծված վարդապետը՝ զուրկ չէ ճշմարտությունից։

Հա՛, ա՛յդ էլ սուտ չէ, պատասխանեց տիկին Սկուհին հաստատ հավատքով, կիվ-կիվը առաջ մի վարդապետ է եղել, մինչև այսօր տեսնվում է նրա գլխի վրա վարդապետական սև վեղարը։

Օրիորդ Սալբին չկարողացավ յուր ծիծաղը զսպել։

Ժամացույցի զանգակը ընդհատեց նրանց խոսքերը։ Տիկին Սալլաթինը բարեկամաբար սեղմելով օրիորդ Սալբիի ձեռքը, կամաց շշնջաց նրա ականջին.

Չմոռանա՛ս սկեսուրիդ խոսքերը...:

Երկու քույրերը դուրս գնացին Հովասաբենց տնից:

Մոտենալով Աշխարունիի դռանը, տիկին Սալլաթինը բռնեց յուր քրոջ ձեռքը.

Մտիր մեր տուն մի քանի րոպեով, ասաց նա, Արամին էլ կտեսնես։

Չէ, ուշ է, մեր տանը ինձ սպասում են, պատասխանեց տիկին Սկուհին հրաժարվելով։

Ի՞նչ վնաս ունի, եթե մի քանի րոպե ուշանաս։

Մտնելով պարոն Արամ Աշխարունիի (տիկին Սալլաթինի ամուսնու) դռնից, նրանք անցան մի ընդարձակ բակի միջով և քարե սանդուղքներով բարձրանալով, ներս մտան մի ոչ այնչափ մեծ սենյակ, որ ավելի նմանում էր մի մատենադարանի: Եվրոպական հագուստով մի վայելչակազմ երիտասարդ, նստած ընդարձակ գրասեղանի հանդեպ՝ գրում էր։ Տեսնելով տիկինները, նա ոտքի ելավ և ուրախությամբ բարևելով ասաց կատակով.

Բարով, տիկին մոգուհիներ, շնորհավոր լինի ձեր հրավառությունը։

Երկու քույրերի երեսները շառագունեցան, նրանք չպատասխանեցին այդ հեգնական խոսքին։

Խոսեցի՞ք հարսանիքի մասին, խոսքը փոխելով՝ հարցրուց պարոն Արամը։ Խոսեցինք, պատասխանեց տիկին Սալլաթինը. խնամի Թարլանը համոզվեց, երկուշաբթի կլինի հարսանիքը:

Ուրեմն պետք է աչքալուսանք տալ պարոն Ռուստամին. ա՛յսքան երկար սպասելուց՝ խեղճ տղան մաշվեցավ... Բայց, Սկուհի, հարսանիքը հի՞ն կարգով պիտի անեք:

Իհա՛րկե, ա՛յսքան տարի որդի եմ պահել, մեծացրել, որ նրա հարսանիքի ուրախությունը վայելեմ հետո մեռնեմ, պատասխանեց տիկին Սկուհին։

Իմ սիրելի քույրը ձեռք չի վեր առնի հին սովորություններրից, Արամ, առարկեց տիկին Սալլաթինը, ասացեք, թե աստված կսիրեք, ի՞նչ մի հաճելի բա՛ն է այն զը՛ռ-հա-զը՛ռը, այն ատելի դըհոլ-զուռնան, այն ղալմաղալը, այն բաբելոնյան խառնակությունը։

Առավել լավ կլինի, առանց ավելորդ աղմուկի, մեկ օրվա մեջ վերջանա պսակը և հարսանիքը մի չափավոր և համեստ ճաշկերույթով վերջացվի, հորդորեց պարոն Աշխարունին։

Տեսնենք... իհա՛րկե, առանց խորհրդի չի լինելու, ինչպես արժան կդատեք, այնպես էլ կանենք, պատասխանեց տիկին Սկուհին և ողջունելով նրանց հեռացավ։

ԺԴ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ա՛յ տղա, Մխո՛, Խաչո՛, ձայն տվեց մահտեսի Ավետիսը յուր ծառաներին. շունը հաչո՛ւմ է, դուռը զարկո՛ւմ են, գնացե՛ք բա՛ց արեք. երևի հյուրերը գալիս են։

Մահտեսի Ավետիսը ինքը ընդառաջ դուրս եկավ մինչև բակը, և բարևեց եկող հյուրերը, որ փաթաթված իրանց թանձր ապաների մեջ, ծանրաքայլ և ուռած՝ առաջ էին գալիս։ Նրանք ներս մտան իրանց համար պատրաստված սենյակը. ամենից առաջ երկու քահանա «բարի ողջույն» ասելով նստեցին սենյակի բարձր և պատվավոր տեղում. նրանց մոտ նստեց տանուտերը, այնուհետ և մնացածները, իրանց փառքի ու աստիճանի հարմար բարձի տեղ գտնելով, «բարի իրիկուն» ասելով, զուգահեռաբար շարվեցան և սենյակի պատերի չորս կողմով։

Մահտեսի Ավետիսը, որ դեռ ոտքի վրա էր կանգնել նրանց սպասին` քահանաների թույլտվությամբ նստեց բոլորից ներքև, և յուր երկրի սովորության համեմատ` սկսեց կրկին ողջունել նրանց գալուստը.

Բարով եք եկել, հազար բարով... իմ աչքի և իմ գլխի վրա... Տերն մեր Հիսուս Քրիստոս ձեզ մեր դրկիցությունից միշտ անպակաս անե, որ այսպես միմյանց հետ սեր վայելենք, բարիին ուրախանանք և չարին տրտմենք, միշտ միաբան և միահոգի լինինք` որ միմյանց թև ու թիկունք դառնանք։

Մահտեսի Ավետիսը դեռ շատ պիտի երկարեր յուր այդ սերտած խոսքերը, եթե մյուս կողմից նրան չընդհատեր տեր Մարկոսը, ասելով.

Աստված բարին տա, Մահտեսի, թե աստվածդ կսիրես ասա մի տեսնենք, թե դարձյալ ի՞նչ փորացավ ունիս. քո մեզ այստեղ հրավիրելը առանց պատճառի չէ... օրհնած, լա՛վ է, որ դու էլ մեզ մտաբերեցիր, «սատանայի աչքը քո՛ռ». գիտես ինչ. մեծ զատկին եմ ձեր շեմքը կոխել, գոնյա՛ ա՛յնպես տար, բե՛ր, որ քո տան ճամփան չմոռանանք։ Օրհնած, ի՞նչ ես այդպես քսակիդ բերանը պինդ պինդ հուփ տվել. դիցուք այնքան հավաքեցիր, որ Ղարուն դարձար. մի ասա՛, լսեմ, այս փուչ աշխարհից ի՞նչ պիտի տանեք. չէ՞ որ երկու կամ երեք կյազ (արշին) կտավ է ձեր բաժինը։

Չէ՛, չէ՛, մեռնիմ սուրբ աջիդ, տերտեր ջան. դո՛ւք մեր գլուխն եք, իսկ մենք ձեր ոտքի հո՛ղը, պատասխանեց մյուս կողմից Հուրի Խան-Դայան ջերմեռանդությամբ. իմ տուն տեղս բոլորը ձե՛րն է, իմ ընտանիքս ձեր ծառաներն են. ձեզ ո՞վ է արգելում բարի ոտքերով մեր շեմքը կոխել, միթե այդ մի կտոր հացը, որ ուտում ենք, ձե՞րը չէ, միթե ձեր շնորհը չէ, որ մեզ պահպանում է...։

Աստված հավատքդ օրհնե, մայրիկ, ասաց տեր Մարկոսը։ Ե՜րանի բոլոր մարդիկ քո սիրտն ունենային, որովհետև դու գիտե՛ս աստուծո քահանաները պատվել, տերը փոխարենը կվարձատրե քեզ մյուս կյանքում։ Իմ որդիս, մահտեսի Ավետիսը, շարունակեց պառավը, թեպետ տիրոջ սպասավորների վրա մի փոքր սառն աչքով է նայում` բայց դուք, տեր հայր, պետք է ներեք, նրա սիրտը շա՛տ բարի է։

Ամեն ինչ կարելի է ներե՛լ, բայց միանգամայն անտանելի է այն` որ Մահտեսին չամչի արաղը մինակ մինակ գաղտուկ խմում է, ամենևին չմտածելով մի սրվակ տերտերին բաժին հանել, բայց մի այսպիսի չար ժամանակ, ո՞վ է քահանային պատիվ դնողը, երբ նա նրանց պետք չէ... այն ժամանակ են տերտերին միայն մտաբերում, երբ մինին պսակ, կնունք կամ թաղում է պատահում։

Դրանում իրավունք ունիք, տեր հայր, հաստատեցին մի քանի հոգի։

Չէ՛, հանաք եմ անում, խոսքը փոխեց տեր Մարկոսը, ես իմ ժողովրդի լիությունն ու հանգստությունը կուզեմ։

Հավատա՛, տեր հայր, մի փոքր սիրտ առած խոսեց մահտեսի Ավետիսը. եթե ամեն օր հազար անգամ փառք տամ աստծուն, դեռ բավական չէ։ Ձեր սուրբ աղոթքով ի՞նչս է պակաս։ Ծառադ (Ռուստամը) հասել է, աստված մի կտոր հաց է բաշխել, կարոտություն չունիմ, այլևս ավելի ո՛չ մի բան չեմ խնդրում աստծուց, միայն թե դուք և մեր բարի դրացիքը կենդանի լինեք, որ միասին ուտենք, խմենք և փառք տանք տվողին, մինչև նա ևս յուր ավանդը հետ առնե այնուհետև, ի՞նչ ես տանելու այս փուչ աշխարհից, ողորմելի մարդ... երկու բանից մինը բարի կամ չար գործ։

Հա՛, բարի կամ չար գործ և մի քանի բուռն հող, ձայն տվեցին մյուսները։

Մյուս քահանան, տեր Մարուքը, որ լուռ, ականջները կախած, չէր խոսում, մեջ մտավ այս խոսքերով.

Իհա՛րկե, իհա՛րկե, դո՛ւք, որ կաք` մեր ավազանից ծնված եղբայրներն եք. ձեր մեջ իմու-քոյություն պիտի չլինի, ձեր դռները միմյանց առջև բաց պիտի լինի և ձեր սեղանը` միշտ սփռված։ Գիտեք, որքան մեծ բարեգործություն է հաց տալն և քաղցած փորերն կշտացնելը...։ Ա՜խ, հա՛ցը, հա՛ցը, մանավանդ գինին... դրանց սուրբ շնորհներին մատաղ-հատուկ արքայության բանալիներն են. ա՛յդ է պատճա՛ռը, որ տերն մեր Հիսուս Քրիստոս յուր մարմնի և արյան փոխարեն դրեց այդ երկու նյութերը, իսկ ահեղ դատաստանի օրը, մեղավորներին այս հանդիմանություններն է տալիս «քաղցած էի հաց չտվիք, ծարավ էի ջուր չխմացրիք», բայց այդ վերջին բառի փոխարեն` լավ կլիներ եթե ասեր «ծարավ էի գինի չտվիք», գինի եղած տեղը մարդ ջուր չի խմի, այդպես չէ՞, հարցրուց նա կատականոք տեր Մարկոսից։

Հա՛, այդ զուտ ճշմարտություն է, պատասխանեց տեր Մարկոսը հեղինակավոր ձայնով։ Մի՞թե չես կարդացել «գինի ուրախ առնե, յուղ զվարթ, հաց հաստատե զսիրտ մարդո»։

Բայց ձեզ մի բան ասեմ, տեր հայր, շարունակեց տեր Մարուքը. թեպետ մեր սուրբ հայրերը հաստատում են թե Ադամը թուզ ուտելու համար դրախտից արտաքսվեց` բայց իմ կարծիքը այդ մասին տարբեր է, ես հավատում եմ, որ Ադամը ցորյան կերավ, որպես և վկայում են պարսիկները իրանց հանդիսների մեջ:

Ինչ խորհուրդ ունի այդ։

Այն, որ ցորյանի պտուղով դրախտից դուրս ընկանք և ցորյանի պտուղով պիտի ներս մտնենք, քանի որ Քրիստոս դրավ յուր մարմնի փոխարեն։

Տերտեր ջան, նրանց խոսքը ընդհատեց եկեղեցու երեցփոխանը. իրավ, դուք իմ սրտիցն եք խոսում, ճշմարիտ որ հաց բաշխելու նման մի այլ բարեգործություն չկա, դրա համար է, որ հայր Աբրահամի նման, ինչ օր հյուր չունենամ` ճտովս հաց ներս չի գնա: Ամեն կողմից պատահական վարդապետ, վանքական ժողովարար, օտարական քահանա, կամ ով որ մի փոքր սևը սպիտակից որոշել գիտե` ճանաչելով երեցփոխի տունը, գալիս են, շաբաթներով, ամիսներով մնում են ինձ մոտ, ինձ գործից հանում, իրանց գործը վերջացնում և ապա մեկնում են` իրանց սուրբ օրհնությունը ինձ վարձք թողնելով։

Բայց, պարոն երեցփոխ, հեգնական ոճով խոսեց տեր Մարկոսը. մինակ հացը բավական չէ՛, այդպիսի հանգամանքներում մի մոռացեք մի քանի դահեկան նրանց ափը կոխել։

Ճշմարիտ է, եկեղեցականին տվածը չի կորչի ավելացրուց տեր Մարուքը։ Իհա՛րկե, անողորմ Պիրոսի մի հատ հացի կուտը նրան արքայություն համարվեր, իսկ եկեղեցականին փող տալը, նրա սիրտը շահելը ունա՞յն բան է։

Ո՞ր անողորմ Պիրոսը, հարցրին հյուրերը, խնդրելով, որ տեր Մարկոսը այդ առակը պատմե նրանց։

Ապա չե՞ք լսել, ամեն օր կարդում ենք Ավետարանի մեջ անողորմ Պիրոսը ա՛յն անգութ և անխիղճ ագահն էր, որ յուր կյանքում ոչ մի աղքատի մի պատառ հաց, և ոչ մի քահանայի մի փարա փող չէր տվել։ Մի օր մուրացկանի մինը մտնում է նրա տունը երբ նա թոնրում հաց էր թխում։ Անողորմը բարկացած ձայն է տալիս մուրացկանին դո՛ւրս գնա, եթե չես ուզում ծեծվել։ Մուրացկանը աղաչում և խնդրում է մի պատառ հաց. անողորմը վեր է ցատկում, որ թակելով նրան արտաքսե։ Աղքատը փախչում է, անողորմը, յուր բարկությունը հանգստացնելու համար մի այլ բան չգտնելով` վեր է առնում այրված հացի կուտը և քարի տեղ ձգում է աղքատի վրա, իսկ մուրացկանը, միջոց գտնելով, խլում է այրված հացի պատառը և շարունակում յուր փախուստը։ Այժմ, ականջ դիր, Մահտեսի, գիրքը վկայում է, թե այդ ողորմությունը` թեև ակամա` բայց արդարություն համարվեց նրա համար... և անողորմ Պիրոսը դառնալով գտավ յուր թոնրի շրթան մոտ կիսավառ անթրոցը (քոսավը) կանաչացած և ծաղկած։

«Ո՞ր գիրքը... Ավետարա՞նը...», կամենում էր հարցնել մահտեսի Ավետիսը. «այդպիսի առասպել չկա Ավետարանի մեջ...»։

Մահտեսի Ավետիսի հյուրերը, բոլորը որպես «մի սանդրի կտավ». մի միաբանության անդամ էին առաքինություն քարոզելը, բարեգործություն ուսուցանելը նրանց նպատակը չէր, այլ ճանաչելով մահտեսի Ավետիսի սրտի պնդությունը, գիտնալով, որ նա յուր դեպ քահանաները տածած սառնասրտությամբ անողորմ Պիրոսից պակաս չէր, նրանք ամենայն խորամանկությամբ խելք-խելքի տված` աշխատում էին թովել Մահտեսու միտքը, որպեզի նրանցից ամեն մինը կարողանա մե՛ծ չափով դուրս հանել մահտեսիից յուր ստանալի արծաթը` օգտվելով այդ գիշեր հարսանիքի խորհուրդ լինելու պատեհ առիթից: Դե՛, Մահտեսի, առաջ տարավ տեր Մարկոսը, ծանրությամբ, «փլա՛վ, փլա՛վ, կանչելով չե՛ս կշտանա, եղ ու բրինձ պիտի»: Քսակիդ բերանը բաց արա, այս մարդիկը առատապես բավականացրու, որ կարողանաս կարմիր հարսը տուն բերել։

Իհա՛րկե, պատասխանեց մահտեսի Ավետիսը, ինչ որ մեր երկրի սովորությունն է՝ ես պատրաստ եմ վճարել։

Է՜հ, օրհնած, հիմա սովորությունից անց է կացել, առաջ տարավ տեր Մարկոսը. տեսնո՞ւմ ես, ամեն բան այժմ թանկ է, միթե մե՞նք միայն աժան պիտի ծախենք մերը: Այստեղ պնդություն պետք չէ, պետք է տաս, օ՛րհնած, որդի պսակելը դյո՞ւրին բան է։

Լա՛վ. ասենք թե արտերը այս տարի մարախը կերավ, և այդ պատճառով ցորյանը թանկացավ, իսկ եկեղեցական խորհուրդներին ի՞նչ պատահեց, որ նրանց գները թանկացրիք։ Մենք, մեր հանգուցյալ Գևորգ, Իսրայել և Նիկողայոս եպիսկոպոսների ժամանակներից դիտենք, թե ո՛րքան արծաթ պետք է վճարել մկրտության, պսակի, թաղման, հաղորդության, խոստովանության՝ և այլ հոգևոր խորհուրդների համար։ Բա՛յց այժմ աստված ձեզ խղճմտանք տա, մեկի փոխարեն տասն եք առնում, և դեռ գոհ չեք։

Է՜հ, որդի, պատասխանեց տեր Մարկոսը խորհրդական ձայնով. ամեն ժամ, ամեն ժամանակ յուր հատուկ պահանջներն ունի, «այժմ աքլորը ամեն օր հազիվ թե մեկ շահիով կարողանում է ջուր խմել»։ Չէ՞ որ մենք ևս ադամորդիք ենք. աստված մանանայով չէ կերակրում մեզ՝ որ կարոտություն չունենանք, մեզ մնում են՝ մեր ժողովուրդը և մեր եկեղեցին, դրա՛նք են մեր արտերը և մեր հունձքը՝ որ ապրուստ հայթայթեն մեզ։

Բայց չէ՞ որ սրբազան առաջնորդը հարուստ է, հազարներով ոսկիներ ունի, առարկեց մահտեսի Ավետիսը։

Օրհնա՛ծ, ի՞նչ կդիմանա այն ծախսերին՝ երբ ժողովուրդը նրան չօգնե յուր զոհաբերությամբ։ Ուրեմն առաջնnրդը յուր շռայլության համար պիտի ուտե՞, մաշե՞ ժողովուրդը։

Դու սխալվում ես, Մահտեսի, ա՛յդ ամենևին շռայլություն չէ, ա՛յդ ազգի պարծանք է՝ որ մենք մի այդպիսի փառավոր առաջնորդ ունեինք։ Մեր առաջնորդը մի այնպիսի երևելի անձն է՝ որ տերության բոլոր մեծամեծ պաշտոնակալների հետ ծանոթություն ունի։ Դո՛ւ, որդի, ոչ մի քաղաքականություն չգիտես. Պարսկաստանը՝ արտաքին փառահեղություն է սիրում, դրա համար էլ մեր մեծավորը պիտ ինքը իրան ա՛յնպես պահե, որ նրանցից պակաս չմնա։ Քո հիշած առաջնորդները, որ մի սակավ բանով էլ էին բավականանում աննշան մարդիկ էին, որ եկեղեցու գավթից չէին դուրս գալ, և ժամհարից ավելի մարդ չէին ճանաչում։ Բայց այժմյան առաջնորդը, փառք աստուծո, սարդարի և շահզադաների մոտ բարձի տեղ ունի, ո՞վ ասես նրան չէ պատվում։

Հանկարծ ներս մտան եվրոպական ձևով հագնված երկու նորահաս տղամարդիկ, և անփույթ, անհոգ կերպով «բարի իրիկուն» ասելով անցան, կոչնականներից վերև նստեցին։

Տեր Մարկոսի երեսը մռայլվեց․ նա տհաճությունից կրծում էր յուր շրթունքը. նա ավելի կատաղեց այն բանի համար, որ եկվորները ուշադրություն չդարձրին այնտեղ հոգևոր անձինք լինելու վրա և չասացին «օրհնեցեք տյարք»։ Նա ավելի ուրախ կլիներ, եթե երկու սատանա մտնեին նրանց ժողովը, քան այդ երկու՝ նրա համար անտանելի անձերը։ Բայց մյուս կողմից նա խիստ ուրախ էր, որ նրանք եկան խորհուրդը վերջացնելուց հետո, եթե ոչ, չարաչար կվնասեին նրանց օգտին։ Մեր Մարկոսը յուր սև փիլոնի հետ ստացած լինելով և մի սև ու կեղտոտ հոգի, մի կեղծավոր մարդահաճություն, ծածկեց յուր սրտի ոխը, ակամա մի փաղաքշական կերպարանք ընդունեց, և սկսեց առանձին-առանձին բարևել եկվորներին՝ և նրանց առողջությունը հարցնել։

Պարոն Մելիքզադե, ո՞ւր էիք այդքան ժամանակ, պոչավոր աստղերի նման՝ հազիվհազ եք երևում, այս քանի օր է, ձեզ չտեսնելով կա՛րգս է վկա, իմ մեջ մեծ ցավ էի զգում։

Գնացել էի Թաբրիզ զանազան գործերի համար, սառնությամբ պատասխանեց պարոն Մելիքգադեն։

Էհ, օրհնածներ, ի՞նչ եք այդչափ փողի ետևից վազ տալիս, և ամենևին չեք կշտանում․ միթե մինչև հավիտյան ապրելու հո՞ւյս ունիք։ Չէ, չէ՛, որդիք, այս աշխարհը մի փուչ և անցավոր բան է․ իսկ մեր կյանքը՝ մի երազ։ Տեր Մարկոսը այդ սերտած խոսքերը կրկնակի արտասանում էր անխտիր բոլոր դասակարգի մարդկանց մոտ, կարծելով, որ բոլորի նպատակը միայն փողն է, և նույնիսկ տիեզերքը փողի համար է շարժվում․ ավելի վստահորեն նա շարունակեց. Ավելի լավ չէ՞ր լինի, եթե անցավորի փոխարեն հոգս տանեիք հավիտենական երջանիկ կյանքի համար։

Ի՞նչ բանով և ինչպե՞ս, հարցրուց պարոն Արամ Աշխարունին։

Ի՞նչ բանով... հեգնաբար կրկնեց քահանան. դո՛ւք, պարոն, կարդացվոր մարդ եք, ամոթ չէ՞ ձեզ համար չգիտենալը:

Բայց ամոթ չէ՛ և հարցնելը:

Պարոն, վերջին ռամիկն էլ գիտե, որ մի մարդ հավիտենական կյանքը շահում է եկեղեցիներին և եկեղեցականներին դրական օգնություն անելով, նրանց պակասությունը հոգալով, վանքերին և վանքականներին հոգևոր ընծաներ ուղարկելով, գլխավոր ուխտատեղիները գնալով, պատարագ մատուցանել տալով, աղքատներին հաց բաշխել տալով, այլևս ո՞ր մինը ասեմ, եթե չգիտեք, գոնյա՛ հայրերից տեսած կլինեք։

Մանուկ տղամարդիկը բացասական կերպով ժպտեցին:

Կամ թե ի՞նչ է արգելում մի հայ-քրիստոնյա մարդու, առաջ տարավ տեր Մարկոսը, որի հասակը և կարողությունը ներում է, յուր կյանքում մի անգամ սուրբ քաղաքը (Երուսաղեմ) գնալ և «մահտեսի» դառնալ։ Միթե մենք թուրքերի՞ց էլ պակաս ենք, որոնց կրոնը անհրաժեշտ պարտք է դրել ամեն մի մահմեդականի վրա՝ յուր կյանքում մի անգամ Մեքկա գնալու և «հաջի» դառնալու։

Տեր Մարուքը և մյուս կոչնականները լուռ զարմանում էին տեր Մարկոսի ճոխ ճարտարախոսության վրա, մտածելով, թե նա ոչ միայն հասարակ ժողովրդի առջև մեծ համարում է վայելում յուր գիտության համար, այլև իմաստուններին կարող է պապանձեցնել։

Ինչո՞ւ չեք պատասխանում, պարոններ, հարցրուց տեր Մարկոսը. մի՛թե իմ խոսքերը ձեզ դուր չե՞ն գալիս։

Այո՛, մենք համաձայն չենք, որ հայերը իրանց արծաթը փչացնեին այդպիսի անպիտան ծախսերի համար, պատասխանեցին երիտասարդները։

Անպիտան ծախսե՞ր... այդ ի՞նչ եք խոսում․ հարցրուց քահանան բարկանալով։

Այո՛, դեռ անպիտանիցն էլ ավելի վատթար:

Դո՛ւք մոլորվա՛ծ եք:

Իսկ դուք խենթացած...:

Տեր Մարկոսը իսպառ կատաղեց։

Մահտեսի Ավետիսը նկատելով, որ նորահաս պարոնների «ջուրը տերտերի առվով չէ հոսում», յուր որդի Ռուստամին ականացի արեց, որը բռնեց պարոն Արամ Աշխարունու և պարոն Խոսրով Մելիքզադեի ձեռքը և յուր սենյակը տարավ։

Նրանց հեռանալուց հետո, սփռվեց հացի սեղանը, տեր Մարկոսը, յուր հակառակորդներից ազատվելով և արձակ միջոց գտնելով դարձյալ հանդես մտավ, և յուր շաղակրատ լեզվի հաճոյամոլությամբ՝ սկսեց թովել նրանց սրտերը։

Կես գիշեր էր։ Խնջույքը վերջացավ և կոչնականները ցրվեցան: Տեր-Առաքելենց տան դիմաց, նրանցից բաժանվեց մինը, և որպես չարության դև, միայնակ, լուռ խլրտում էր ոլորևմոլոր փողոցներով: Դիվային ոչ մի հատկանիշ չէր բացակայում նրանից հասակը՝ երկայն, բարակ և ջլուտ, դեմքը՝ մթնած և նիհար, սև գանգրված մորուքով, նեղ և խոր գնացած աչքերը փայլում էին լի խորամանկությամբ. նրա ամբարիշտ բիբերը այնպիսի սաստկությամբ էին հարձակվում դեպ աչքի աղբյուրները, կարծես, քիթը, որպես միջնապատ եթե գոյություն չունենար՝ նրանք միտում էին միմյանց հասնիլ մի մեծ կռվի համար։ Առհասարակ այդ իսրայելյան նենգավոր դեմքը մի դիվական բնավորություն և ամեն չարություններով լի մի սև հոգի էր արտահայտում։

Խավարի մեջ երկար շրջագայությունից հետո, նա մի հոյակապ ամրոցի դռան առաջ կանգ առավ, բախեց մի քանի անգամ, դռները ահավոր շառաչմամբ հետ գնացին. և նա, երկայն դալանների միջից անցնելով՝ բարձր սանդուղքներով սկսեց վեր բարձրանալ: Ամբողջ ամրոցի մեջ, մթին խավարի հետ տիրում էր խորին լռություն։ Միայն մի պատուհանից էր լույս երևում։ Նա մտավ այդ սենյակը։ Պարսկական ճաշակով ճոխ զարդարված այդ սենյակը փայլում էր և զանազան նկարներով։

Վերջապես, եկաք, Ռես, ասաց թանկագին և փափուկ մահճի վրա թեք ընկած նորահաս պատանին։

Այո, ներողություն, հազար անգամ ներողություն, որ ես ձեզ սպասել տվի, ասաց քաղաքավարությամբ եկվորը, որ կանգնել էր ոտքի վրա։

Այդ ոչինչ... միայն ասա՛, ի՞նչպես վերջացավ գործը։

Եկվորը սկսեց պատմել տեր-Առաքելենց տան մեջ կատարված ամբողջ անցքը։

Ուրեմն մեր հույսը կորա՞ծ է, հարցրուց նորահաս պատանին անհուն տխրությամբ։

Ի՞նչ ասեմ, աղա... պատասխանեց եկվորը ուսերը շարժելով։

Ռե՛ս, ես տհաճությունից կմեռնիմ. ինճչ հնար ունիս՝ բանեցրո՛ւ։

Ժամանակը նեղ է. էգուց երեկոյան պսակը կկատարվի, ի՜նչ կարելի է անել մի քանի ժամվա ընթացքում։

Ես դրանք չեմ ընդունիլ․․․ գործ դիր քո բոլոր խորամանկությունները։

Բայց գիտե՞ք․ խորամանկության շարժող մեքենան արծաթն է։

Ահա քե՛զ. և պատանին տվեց նրան ոսկիներով լի մի քսակ։

Բարի գիշեր, էգուց ճաշին իմացում կտամ,․ ասաց եղեռնագործը և հեռացավ։

ԺԵ

ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՏԵՂԱԿԱԼԸ

Հ․․․ գյուղի եկեղեցու բակում, ախոռատան վրա, շինված էր մի փոքրիկ սենյակ, յուր փոքրիկ նախասենյակով և նեղ լուսամուտներով։ Վառելանյութի սակավության պատճառով, ախոռի տաքությունը ներս բերելու համար բացած ծակերից փչում էին ժահահոտ շոգիներ, որ չափազանց ծանրացրել էին սենյակի օդը։

Այդ սենյակի բնակիչը Հ... վարդապետն է, Ատրպատականի վիճակային հոգևոր առաջնորդի այդ նահանգի տեղակալը։ Դա մի ալեխառն մորուքով, գլխի երկայն ծամերով ծերունի էր։

Տեղակալ վարդապետը, այդ նահանգի գյուղերից մինի եկեղեցու երեցփոխանի հետ նստած՝ ծանր ու բարակ հաշիվ էր տեսնում:

Աչքներս լո՜ւյս... ասաց վերջապես վարդապետը տհաճությամբ, հարյուր տուն ժողովրդով մի գյուղի մեջ, ամբողջ մեկ տարվա ընթացքում ընդամենը ի՞նն մկրտություն, տասներե՞ք պսակ և վե՞ց թաղում...։

Ի՞նչ արած, վարդապետ, պատասխանեց ճարահատյալ երեցփոխանը. դժբախտաբար մեր ձեռքում չէ ծնուցանելը և մեռուցանելը․․․։

Իրա՛վ է, ձեր ձեռքերում չեն դրանք, խոսքը փոխեց վարդապետը, բայց այնպիսի հնարներ կան ձեր ձեռքերում, որ կարող են հոգևոր արդյունքները առատապես բխեցնել։

Որպիսի՞ հնարներ, հարցրուց երեցփոխանը, աչքերը լայն բացելով։

Օրինակ, գերեզմանաքարերի վրա խաչ օծել տալ, պատարագ մատուցանել տալ, ահա այսպիսի բաներ կարող եք ժողովրդին խրախուսել և հորդորել՝ կատարել տալու։

Է՜հ, հայր սուրբ, ասաց երեցփոխանը ափսո ափսոսելով. այդ փրոտների ոտը կոտրվեր՝ մեր երկիրը չգային, դրանք խլեցին մեր ժողովրդից՝ հույս, հավատ և ամեն սուրբ բան. դուք կարծում եք այն առաջվա ջերմեռանդությունը մնացե՞լ է մեր ժողովրդի մեջ, ոչ՛... այժմ բոլորի սրտերը սառել են:

Վնաս չունի՛... դժվար չէ կրկին վառել նրանց ջերմեռանդությունը և ջերմացնել նրանց սրտերը, պատասխանեց ծանրությամբ վարդապետը։ Լսի՛ր, երեցփոխ, առաջ տարավ նա ավելի ազդու ոճով. Դո՛ւ ևս, որպես հոգևոր գործերի մի աստուծո պաշտոնյա, պետք է միշտ ջանադիր լինիս եկեղեցու նյութական շահերի համար։ Ես ցավակցաբար վաղուց եմ նկատել, ինչպես ժողովուրդը սկսել է սառն աչքով նայել հոգևոր պիտույքների վրա, այդ մոլորության առաջգնացության դեմ դնելու համար, ես սովորել եմ հոգևոր գործերի իմ ստորադրյալ պաշտոնյաներին այնպիսի հնարքներ, որոնք նրանք հաջողեին հետ դարձնել ժողովրդի կորած հոգևոր ջերմեռանդությունը։ Դու ևս այդ կարգի մարդկանցից մինը լինելով, ավելորդ չեմ համարում մի քանի խրատներ տալ, նախապես հավատացնելով, որ երբեք մեղք չէ, երբ մինը եկեղեցու օգտի համար խոսում է այն՝ որ կոչում են բարի սուտեր: Դու ասացիր, թե ժողովուրդը այլևս չէ կամենում մեռելների համար խաչ օրհնել տալ և պատարագ մատուցանել տալ։ Ինչ՞ վնաս ունի, եթե ջերմեռանդություն շարժելու և խրախույս տալու համար, գործադրվեր այսպիսի մի թեթև և պարզ հնարք։ Գտնել մի պառավ, որին կարելի լինի վստահիլ գաղտնապահության համար, և սովորեցնել նրան, որ ժողովրդի մեջ տարածե, իբր թե ինքը տեսել է մի այսպիսի երազ. «մի աներևույթ զորությամբ տարվելով այդ գյուղի գերեզմանատունը, նա տեսնում է գերեզմաններից շատերի բերանները բոլորովին բաց, առանց քարերի, նրանց մեջ թաղված մեռելները երևում են. շուն, գայլ, օձ, կարիճ և ամեն տեսակ գազաններ արձակ՝ համարձակ ման են գալիս նրանց մարմիններիր վրա և ապականում են նրանց ոսկորները։ Նա տեսնում է և մի քանի այլ գերեզմաններ, ըստ կարգին, իրանց քարերով, գազանները ամեննևին մոտ չեն գնում նրանց, որովհետև վախենում էին ա՛յն լույսերից, որ արևի նման ցոլում էին խաչերից։ Նա հարցնում է մինին, որ կանգնած է լինում այնտեղ, թե ի՞նչն է պատճառը, որ գերեզմաններից մի քանիսը վառվում են արևի նման, իսկ մյուսները բաց են, և պատասխան է ստանում, թե այդ լույսերը ցոլում են ա՛յն գերեզմանների խաչերից, որ հոգս են տարել օծել տալ մեռոնով, իսկ մյուս բաց գերեզմանները օծված չեն»։ Թող պառավը պատմե, թե ամեն գիշեր կրկնվում է այդ երազը, թող նա ժողովրդի աչքին խելքը տարվածի պես իրան ցույց տա, և իբր թե միշտ խոսում է և աներևույթ էակների հետ։ Դու, պարոն երեցփոխան, իմ ասածները կատարիր և կտեսնես թե քանի՛, քանի՛ մարդիկ կցանկանան գերեզմանների քարերի վրայի խաչերը օծել տալ...:

Ամբողջ այդ խոսակցության միջոցին, մեզ նախածանոթ մարդը՝ սև գանգրված մորուքով, մռայլոտ և խորամանկ դեմքով, շիլ աչքերով, որպես մի դև, նախասենյակում կուչ եկած դռան ճեղքից ականջ էր դնում։ Վարդապետի ճիզվիտական խրատները լսելով, նա իսկույն կշռեց յուր որսը, ուշիկ դուռը բաց անելով ներս մտավ և չափազանց քաղաքավարությամբ գլուխ վեր բերեց և մնաց ոտքի վրա կանգնած։

Ա՛... հրամայեցե՛ք, հրամայեցե՛ք, Ռե՛ս, ասաց առաջնորդի տեղակալը. նստեցե՛ք խնդրեմ։

Նա նստեց վարդապետից մի փոքր հեռու գորգի վրա:

Բարի լինի... ավելացրուց վարդապետը. ինչպե՞ս եղավ, որ ճանապարհներդ ծռեցիք դեպ մեր կողմը։

Մեր բոլորիս պարտքն է միշտ ուխտ գալ ձեր սուրբ տեսությանը, և վայելել ձեր օրհնության շնորհը, պատասխանեց Ռեսը։

Շատ ապրիք որդի, ասաց վարդապետը ուռելով։

Միևնույն ժամանակ երեցփոխը, համբուրելով յուր հայր սուրբի աջը՝ հեռացավ։ Ռեսը և առաջնորդի գործակալը մնացին միայնակ։

Բարի լինի, դարձյալ կրկնեց վարդապետը. ի՞նչ բախտով։

Փառք աստուծո, բարի է, պատասխանեց Ռեսը. ես շնորհ ունեցա ձեզ մոտ մի կարևոր գործի համար գալ։

Վարդապետը ուշադրությամբ ականջները սրեց: Այսօր, առավոտյան, դուք մի պսակի հրաման եք տվել. այնպես չէ՞, հարցրուց Ռեսը։

Հրամեր եք. տեր-Առաքելենց Ռուստամին՝ Հովասաբենց օրիորդ Սալթիի հետ, պատասխանեց վարդապետը:

Ե՞րբ պիտի կատարվի պսակը, ու՞մ ձեռքով:

Այս գիշեր տեր Մարուքի ձեռքով։

Դուք կարո՞ղ էիք, հայր սուրբ, այդ պսակը մի քանի օրով հետաձգել։

Ողորմություն արեք, Ռես, ի՞նչպես կարելի է, դուք չե՞ք իմանում ժամանակը նեղ է. այսօր ուրբաթ է վաղը շաբաթ, մյուս օր կյուրակե. այս երեք օրը հետ ձգելով՝ պսակը կմնա «զկնի հինանց» համարյա երեք և կես ամսից հետո:

Ինչո՞ւ, որպես թե չհասկանալով հարցրուց Ռեսը:

Օրհնած, չե՞ք իմանում, երեք օրից հետո մեծ պասն է, իսկ մեծ պասին հարսանիք կամ պսակ չէ լինում, մինչև հոգեգալստից մի քանի օր անցած։

Այդ, ճիշտ է, պատասխանեց կեղծավորը մի քանի րոպե մտածությունից հետո. բայց և ա՛յնպես հնարավոր չէ՞, երբ ձեզանից խնդրում էին, մանավանդ՝ երբ խնդրում էր մի երևելի իշխանազն։

Հայր սուրբի երևակայությունը իսկույն մակաբերեց Ավազակյանց Սոլոմոն-բեկը։

Չէ կարելի արդյոք գիտնալ այդ երևելի իշխանազնի անունը, հարցրուց նա:

Ո՛չ, զանազան հանգամանքներ ստիպում են նրան ծածուկ պահել յուր անունը:

Ի՞նչ նպատակ ունի այդ գործի մեջ պատվելի իշխանազնը:

Հավատացնում եմ ձեզ, որպես մի անկեղծ մարդ, որ նպատակը անվնաս է, և երաշխավորում եմ պատվովս, որ այդ նպատակը չէ վտանգելու ո՛չ ձեր պատիվը և ո՛չ էլ նորընծա ամուսնացուների պսակակատարությանը, եթե նրանք երեք օր սպասեն:

Թեպետ խորամանկ Ռեսը ո՛րքան և կեղծավոր խոսքերով աշխատում էր հեռացնել վարդապետի սրտից նրան տիրող երկյուղը՝ բայց և այնպես, առաջնորդի գործակալը մի խորին և վտանգավոր գաղտնիք էր նկատում նրա խոսքերի մեջ:

«Արծաթը ավելի զորավոր է քան որևէ փաստ այդ հիմարը համոզելու» բնաբանը ձեռք առավ խաբեբան, ասելով.

Կատարելով նվաստիս խնդիրը և պատվելով իշխանազնի կամքը` դուք փոխարենը կստանաք որպես ընծա ահա՛ այս ոսկիները։ Եվ նա լեցրեց վարդապետի առջև մի բուռն աշրաֆիներ:

Ներեցե՛ք, պարոն, առարկեց վարդապետը, հրաժարվելով, ես առանց դրանց ևս պատրաստ եմ կատարել այդ իշխանազնի հրամանը, միայն թե խիստ անհնարին բան է առանց հիմնավոր պատճառների արգելել մի պսակ, որ պատրաստ է այս գիշեր կատարվելու և որի համար ես հրամանագիրը արդեն տվել եմ:

Առանց հիմնավոր պատճառների՞... նրա խոսքը հեգնաբար կտրեց խաբեբան, հայր սուրբ, դուք կարծում եք թե ամեն բանի հիմքը պետք է անպատճառ քարի՞ վրա գրված լինի, ու ամենևին ո՛չ. երեք օրվա համար՝ ավազի վրա դնելը վնաս չունի, որովհետև մեր նպատակը պսակի բոլորովին արգելումը չէ, այլ երեք օրով միայն հետ ձգելը։

Ըստ այսմ ամենայնի, խիստ դժվար է, պատասխանեց վարդապետը հուսահատությամբ։ Երբեք գործակալը այսպես չէր անճարացել որևէ գործի մեջ, որ այնքան առատ ոսկիներ էր բերում իրան, և ոչ մի օր նրա հնարագետ հանճարը այնքան չէր բթացել որքան այս անգամ։ Նրան տիրել էր մի դժնդակ կասկած, և նա շվարած չգիտեր ինչ պատասխան տար Ռեսի խնդրին։

Ռեսի թափանցող հայացքը նկատեց վարդապետի կասկածանքը և երկյուղը, և նրան վստահություն ներշնչելու համար, ավելացրեց.

Հավատացնում եմ ձեզ, դարձյալ հավատացնում եմ ձեզ աստծո ահավոր անունով, Հիսուս-Քրիստոսի խաչելությունով և մեր բոլոր սուրբերի շնորհով, որ իմ առաջարկության մեջ բնավին կասկածելի ոչինչ չկա, և եթե դուք լսեք եք իմ խորհրդին խիստ դյուրին հնարներով մեր խնդիրը կատարված կլինի:

Որպիսի՞ հնարներ, հարցրուց շվարած վարդապետը։

Դուք, այս րոպեիս ձեր ծառան ուղարկելով տեր-Առաքելենց մահտեսի Ավետիսի մոտ, հետ կպահանջեք պսակի հրամանագիրը, պատճառաբանելով՝ թե նրա մեջ մի բան պետք է ուղղել։ Այնուհետև տեր Մարուքին կհրամայեք, որ պսակը չկատարե մինչև մի նոր հրաման ստանալը, հայտնելով՝ թե այդ գործը մի նոր քննության է կարոտ այն հիման վրա, որ իբր թե լսել եք հարսի և փեսայի մեջ մերձավոր արյունակցություն է եղել, որ քահանաները «խորհրդի» գիշերը հարբած լինելով՝ չեն կարողացել որոշել։

Այնուհե՞տև։ Այնուհետև, առավոտյան քննություն պիտի լինի, ասելով, ես այս առավոտ հիվանդ եմ... մնա էգուց, և մի երկու այդպիսի էգուցներ անցնելով` երեք խորհրդական օրերը կանցնեին, իսկ այնուհետև բարով եկիր մեծ պաս...։ Այլևս պսակ չի լինելու մեզ օրհնյալ նահապետների դրած կանոնների համաձայն...։

Վարդապետի խելքին, ասես թե, մի բան մտավ, և նա հայտնեց Ռեսին յուր հաճությունը այն պայմանով՝ եթե նա կրկներ ոսկիների թիվը: Ռեսը ճարահատյալ ավելացրեց մի քանի հատ ոսկի ևս։

Մեզ մնում է, ձեզնից մի բան ևս խնդրել, հայր սուրբ, առաջ տարավ Ռեսը գործագետ մարդու եղանակով. այս գործը իմ խնդիրքը՝ երեք օրով պսակ հետաձգելու նկատմամբ, և իշխանազնի դրա մեջ նպատակը, այդ բոլորը խնդրում եմ մնան ձեզ մոտ որպես խորին գաղտնիքներ։

Անհո՛գ եղեք, անհո՛գ եղեք, պարոն, ես ձեզանից ավելի զգույշ եմ գործերի մեջ, պատասխանեց վարդապետը։

Ռեսը գլուխ տալով հեռացավ վարդապետից, և դուրս գալու առաջնորդարանից, նա, լի հրճվանոք, դիմում էր դեպ հոյակապ ամրոցը, երբ հանկարծ նրան հանդիպեց Մահտեսի Ավետիսը։

Բարև, եղբայր, ասաց Ռեսը։

Աստծո բարին քեզ, պատասխանեց Մահտեսին։

Ի՞նչ եղավ, օրհնած, աչքներս թռավ սպասելով, թե ե՞րբ պիտի լինի Ռուստամի հարսանիքը, որ քեֆ անենք և ուրախություն վայելենք։

Այս գիշեր պսակ է՝ էգուց՝ հարսանիք:

Աստուծով... աստված քեզ բարի աջողություն տա, միայն առաջուց քեզ ասեմ, Մահտեսի, եթե դըհոլ-զուռնա բերել չտաս, եթե պար ու գվանդ չլինի, քա՛վ լիցի եթե քո շեմքը ոտք կոխեմ, եղբա՛յր, այս ի՞նչ նոր սովորություն է՝ մի գավաթ չայով որդի պսակել։

Շատ բարի, Ռես, որպես դուք կհրամայեք, որպես մեր բարի դրացիքը կամենան՝ այնպես կանենք:

Ուրախությա՛մբ... ասաց բանսարկուն, և մնաս բարյավ ասելով՝ հեռացավ, խորհելով, «ողորմելի մարդ․ էգուց լա՛վ հարսանիք կգա քո գլխին»։

Մի քանի րոպեից հետո նա հասավ հոյակապ ամրոցին, որ պատկանում էր մելիք Պիղատոս Ավազակյանցին, այդ նահանգի չափազանց հարուստ իշխանին, որին հանձնված էր բոլոր հայերի կառավարությունը։ Ռեսը մտնելով ամրոցը և մի քանի բակերի միջից անցնելով` ներս մտավ մի չափազանց տաքացրած սենյակ, որի լուսամուտների առաջ դրված էին մեծ և փոքր ամաններով ծաղիկներ և մշտականաչ կիտրոնի և նարնջի ծառեր։ Այդ կախարդական սենյակի մեջ, որ ձմեռվա սաստիկ ցրտերին պահում էր ծաղկյալ գարունքը, Սոլոմոն-բեկը, յուր ամենօրյա սովորության համեմատ՝ միայնակ նստած աթոռի վրա, բարձր ալեանդրի ծառի տակ, որի ոստերից քարշ ընկած վանդակների մեջ երգում էին երկու դեղձանիկ՝ ծխում էր ղելյան և խմում ղահվե։ Նրա առջև դռան մոտ կանգնել էր սպասավորը՝ թանկագին հագուստներով:

Սոլոմոն-բեկը, արծաթի ժանգի մեջ մաշված մի տղամարդ էր, բարակ և երկայն երեսով, գունատ՝ առանց կարմրության նշույլի, սառն դեմքով՝ որպես մարմարիոն: Նրա մի զույգ խաժ աչքերը շիջած և որպես երկու սարդ՝ անխորհուրդ նայում էին իրանց խորքից։ Նրա ա՛յնքան փափուկ և այնքան նվազած փոքրիկ գլխի վրայի շեկ մազերը ցույց էին տալիս մի հիվանդոտ կազմվածք։ Եվ, արդարև, նրա ծուլորեն շարժվածքը, նրա հիմար և անոգի դեմքը՝ արտահայտում էին մի թույլ և կիսամեռ բնավորություն. յուր թույլ խելքով ու մտքով։

Ռեսը գլուխ տալով կանգնեց ծառայի մոտ: Սոլոմոն-բեկը ծխում էր, երբեմնապես ղահվեի սև հեղուկը կուլ տալով․ խորին մտածության մեջ խորասուզված՝ նա Ռեսի վրա ամենևին ուշադրություն չէր դարձնում, կամ, որ ավելի հավանական է, յուր ծառայի առջև նրան չէր կամենում յուր ուշադրության արժանացնել: Իսկ երբ ծառան ղեյլանը դուրս տարավ, նորահաս Ավազակյանցը բռնազբոսիկ ժպիտը երեսին դարձավ դեպի Ռեսը․

Բարո՛վ։ Ի՞նչ արեցիք, հարցրուց նա:

Ռեսը խոնարհությամբ գլուխ տվեց։

Մոտ եկեք։ Նստե՛ցեք, հրամայեց Ավազակյանցը:

Ռեսը կեղծավորաբար հրաժարվեց, թե չէր կարող ընդունել մի այդպիսի համարձակություն։

Ո՛չ, դուք կարող եք նստել․ ես այսուհետև ձեզ համարելու եմ ո՛չ թե իմ ծառա, այլ հավատարիմ բարեկամ և հնարագետ խորհրդակից։

Ո՛չ մի անգամ Ռեսը նրա բերանից Դուք բառը չէր լսել և ոչ մի անգամ նա շնորհ չէր գտել բարձր տեղ ունենալու նորահաս և փառասեր իշխանազնի մոտ։ Այդ մեծարանքները նրան իսպառ խելքից հանեցին, ո՛չ սոսկ իշխանազնի մոտ գտած պատվախնդրության՝ այլ ավելի նրա համար, որ նրա բարեսրտությունը և գութը գրավելով, նա կարող էր այնուհետև համարձակ տիրել նրա սրտին, ազատաբար ներգործել նրա մտածության և ընտրողության վրա, և այսպիսով, դյուրությամբ դուրս կորզել նրանից որքան կարելի է շատ արծաթ, որ խաբեբայի միայն նպատակը, նրա հոգին և մարմինն էր:

Ռեսը նստեց աթոռի վրա. Ավազակյանցի աթոռից մի փոքր հեռու:

Ի՞նչ արեցիք, հարցրուց Սոլոմոն-բեկը կրկին անգամ:

Ռեսը պատմեց առաջնորդի գործակալի հետ ունեցած յուր ամբողջ խոսակցությունը, նրա խոստումը պսակը արգելելու, որը ոչ, միայն երեք օր, այլ մինչև երեք ամիս կարող էր հեռու պահել Հովասաբենց Սալբին Ռուստամի հետ պսակվելուց:

Շատ բարի, գործի առաջին հաջողությունը օգտավետ վախճան է գուշակում, ասաց Սոլոմոն-բեկը ուրախությամբ:

Աղա, եթե դուք ամեն ինչ տրամադրեք իմ կամեցողության և հաստատամտորեն ապավինիք իմ աշխատության` դուք ձեր նպատակին շու՛տ կհասնեք, ասաց հանդարտությամբ Ռեսը։

Դուք գիտե՛ք, որ այդ գաղտնիքը, ես բացի ձեզանից ոչ ոքի չեմ հավատացել, և միանգամայն հանձնել եմ ձեր հմտության:

Շատ լավ. ես ևս բոլոր սրտով պատրաստ եմ ծառայել իմ տիրոջ կամքին, պատասխանեց խոնարհությամբ Ռեսը. միայն թե նախապես դուք շնորհեցեք ինձ ձեր ուշադրությունը` մի քանի ամենահարկավոր խրատներ լսելու:

Ասացե՛ք, համաձայնեց Սոլոմոն-բեկը

Մենք պիտի մեր ձեռքում եղած այդ երեք ամիսը աժան ծախենք. մեր ամենագլխավոր աշխատությունը պիտի լինի այդ երեք ամսվա ընթացքում ձեր մտադրյալ նպատակը ձեռք բերել, իսկ այդ նպատակը որսալու համար, մի քանի անհրաժեշտ հնարներ պետք է գործածել: Նախքան հնարների հետ ձեզ ծանոթացնելը, ես, աղա, հարցնում եմ ձեզ, ի՞նչ է ձեր կարծիքը կեղծավորության մասին։

Կեղծավորությունը մեղք է, կարճ պատասխանեց Ավազակյանցը։

Ընդհակառակն, մի բարի մտադրություն իրագործելու, մի անվնաս խորհուրդ առաջ տանելու և մի անմեղ նպատակ ձեռք բերելու համար, հարկ եղած միջոցին կեղծավորություն, խաբեբայություն և տեսակ-տեսակ ստություններ գործադրելը ո՛չ մեղք է, ո՛չ էլ մարդու պատիվն է ապականում: Այժմ լսեցեք, սրանք են իմ խրատները, կամ առաջին դասը, որ տալիս եմ ձեզ. որպես իմ աշակերտիս։ Հովասաբենց Սալբի որին դուք այնպես ախտաբորբոք սիրում եք ձեր կինը լինելու և նրան յուր հանդերձյալ ամուսնացվի ճանկերից հափշտակելու համար, ձեր ամենամեծ ջանքը, պիտի լինի մոտենալ օրիորդ Սալբիին և նրա հետ սեր գցել (սիրաբանել)։ Այդ հնարավոր անելու համար, նախ պետք է բարեկամանալ այն անձերի հետ, որոնց հոգաբարձության ներքո է գտնվում օրիորդը, այսինքն՝ պարոն Արամ Աշխարունու և պարոն Խոսրով Մելիքզադեի հետ։ Այդ պարոնների հետ բարեկամանալը ավելի հեշտությամբ կկատարվի, եթե դուք բարեհաճեք մտնել նրանց կաշվի մեջ կամ ընդունել նրանց կերպարանքը, այսինքն՝ հարկավոր կեղծավորությունը գործ դնելով՝ նմանեք նրանց ընդունելով այն վարդապետությունը, որ նրանք ուսուցանում են, և հավանություն ցույց տալով նրանց բոլոր գաղափարներին, ձեր անելիքը հետևյալը կլինի, դուք կսկսեք Աստվածաշունչ կարդալ, կյուրակե օրերը կերթաք նրանց աղոթքի ժողովարանը, երբեմնապես այցելություն կանեք նրանց աղջկանց և տղայոց վարժարաններին, մի քանի անգամ փող կբաշխեք այնտեղ սովորող որբերին, այդ վարժապետների հետ խոսակցության ժամանակ, դուք նրանց գլուխների կուռցնեք ունայն հույսերի քամիներով, խոստումներ անելով ամեն կերպ օգնել դպրոցին և նրանց գործի օրըստօրե հաջադիմության համար։ Ձեր քույրը կուղարկեք տիկին Սալլաթինի մոտ ուսանելու, այդտեղ է և օրիորդ Սալբին․ իհարկե ձեր քույրը կբարեկամանա յուր ընկերուհու հետ և նրա լեզվով դուք կսկսեք խոսել օրիորդ Սալբիի հետ: Այժմ, կարծեմ, բավական բացահայտ են ձեզ իմ ծրագրները։ Դուք այդ բոլորը կատարելուց հետո, ես էլ իմ պառավ քույրը կսողեցնեմ աղջկանց վարժարանը որպես կամավոր և անթոշակ աղախին: Իմ քույրը ավելի խորամանկ է, քան այն օձը, որ խաբեց առաջին կինը դրախտում, և դուրս բերեց այնտեղից։ Եվ այդ կերպով, դուք՝ ձե՛ր քրոջ միջոցով, ես՝ իմ քրոջ, կսկսենք ներգործել օրիորդ Սալբիի մտքի վրա։ Այս թող լինի մեր առաջին փորձը։ Նրանց խոսակցությունը ընդհատեց ծառան, որ ներս մտավ ղեյլանը ձեռին:

"Սալբի" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Նոկտյուրն
Էդուարդ Բաղդասարյան

Նոկտյուրն