Րաֆֆի

Սալբի

5

Խելացի Խաչոն ոչինչ պատասխան չտվեց։ Նա գիտեր, որ մի տարապայման տենչ՝ աներևույթ կերպով եփ էր գալիս այդ մանուկ սրտի մեջ. բայց անհնարին տխրությամբ կրկնեց յուր պապերի ասածը. «Մի ձեռքը ծափ չէ զարկում»։ Ռուստամը կրկին մոտեցավ ձիուն, ձեռքը քսեց նրա պարանոցին, հարդարեց նրա նորաբույս բաշը և կամենում էր դուրս գալ փարախից, երբ նրան կանգնեցրին մի քանի հոգի։

Աղա , ասացին նրանք, այս օրվա փոթորիկը մեզ հնար չտվեց փարախից դուրս գալ և մեզ համար ուտելու հաց մուրալի սերն աստուծո պատվիրեցեք, որ այս գիշեր կերակրեն խեղճերիս:

Մի՞թե դուք գնում եք դռներից հա՞ց մուրալու, և դրանով ամո՞թ բերում մեզ վրա, միթե իմ հայրը և ես չե՞նք պատվիրել, որ ամեն օր ձեզ օրական պատշաճավոր կերակուր տան, հարցրուց տհաճությամբ Ռուստամը։

Ճիշտ է, ա՛ղա,- պատասխանեցին նրանք միաձայն, բայց մենք շնորհակալ ենք և՛ նրա համար, որ դուք տվել եք մեզ տաք օթևան ձմեռելու։ Այդ բավական է. դրանից ավել պետք չէ ծանրություն տալ։

Ո՛չ, ո՛չ, ես կվշտանամ, եթե ձեզնից մինը բախե ուրիշի դուռը. քանի այստեղ եք, դուք աստուծո հյուրն եք, մեր պարտականությունն է հոգս տանել ձեր ապրուստի համար. հացը մերը չէ՛, աստուծո տվածն է։

Այնուհետև Ռուստամը առանց ուշանալու դուրս գնաց փարախից, մտավ յուր մոր մոտ, և բարկանում էր նրա վրա, թե ինչո՛ւ օրինավոր կերպով հոգս չէր տանում անբախտներին՝ որ ապավինած էին իրանց ողորմության։ Դրանք մի հայ գերդաստանի ընտանիքն էին, որոնց գյուղը բոլորովին կողոպտել էին քուրդերը, և բնակիչները ապրուստի համար ոչ մի հնարք չունենալով` ցիրուցան էին եղել զանազան կողմեր, և բարի քրիստոնյաները ընդունելով նրանց իրանց տները` պահպանում էին։ Մահտեսի Ավետիսը տեղ տվեց յուր փարախում այդ անբախտ ընտանիքներից երկուսին:

Դռան մուրճը զարկեց։

Է՛յ, նա՛զլու, ձայն տվեց տիկին Սկուհին, ժամավորքը եկան, գնա՛, դուռը բաց արա։

Թեթևաշարժ աղախինը վազեց, դուռը բաց արավ, ներս մտան Հուրի Խան-Դայան և նրա որդի մահտեսի Ավետիսը։

Հուրի Խան-Դայան, կռացած յուր գավազանի վրա, դողդողալով, տքտքալով առաջ էր դնում, հասնելով տան շեմքի վրա, «ի մուտս իմոյս սենեկիս գծագրեա՛ քո արյամբդ» ասելով ներս մտավ:

Այդ մոլեռանդ պառավը, որի ամեն մի քայլը, ամեն մի շարժվածքը ունեին մի-մի խորհրդական գաղտնիք, խրճիթը ներս մտնելուց հետո, սկսեց կատարել յուր սովորական ծեսերը։ Նա ջերմ հավատով, երկրպագություն տալով, երեսն խաչակնքելով՝ մոտեցավ խրճիթի արևելյան անկյանը, ուր պատուհանի մեջ դրած էին մի քանի սրբությունք և մի սրբի պատկեր։

Այստեղ, այս ուխտյալ պատուհանի հանդեպ, երկար, կանգնած աղոթում էր նա, ստեպ-ստեպ ծունր դնելով, երեսին խաչ հանելով և «տեր ողորմյայի» հատիկները ամեն մեկ անգամ տեր ողորմյա՛ ասելու ժամանակ` դարձնելով։ Վերջապես, «զի քո է արքայություն և զորություն» ասելով, ուսերի վրա նստած բարի և չար ոգիներին դեպի աջ և դեպի ձախ կողմերը գլուխ տալուց հետո, և խրճիթի չորս անկյուններում նստած պահապան ոգիներին նույնպես երկրպագություն տալուց հետո, մի առանձին ջերմեռանդությամբ «ողորմյա աստված» ասելով` գնաց նստեց քուրսու մոտ։

Խրճիթը, ուր հավաքվել էր նույն ժամանակ տեր-Առաքելենց փոքրիկ գերդաստանը խորին մելամաղձական լռության մեջ էր։ Տիկին Սկուհին, քուրսուց հեռու, մի անկյունում առանձնացած, օրորում էր յուր փոքրիկ Պողոսը։ Նա չէր համարձակվում գնալ թոնրի մոտ, ուր այն ժամանակ նստած էր յուր սկեսուրը։ Նազլու աղախինը` ձեռքը ծնոտին դրած նստել էր տիկին Սկուհու մոտ։ Պատանի Ռուստամը, ձեռքերը սրտին դրած` կանգնել էր հոր սպասին, հնազանդությամբ սպասելով երբ նա կհրամայեր վառել ծխափողը և կամ մի այլ ծառայություն։ Հուրի Խան-Դայան մեջքը տված քնաշորերի ծալքին, ոտքերը մեկնել էր քուրսու տակ, որ գրված է թոնրի վրա։ Մահտեսի Ավետիսը միայն նստած էր մոր մոտ` լուռ և անխոս։

Հուրի Խան-Դայայի դեմքը ձևացնում էր մի տխուր և տրտում պատկեր, որի կծու արտահայտությունը` բարկության սաստիկ բորբոքումն էր բացահայտում, որ նույն րոպեին խռովում էր նրա սիրտը։ Մոխրագույն կատուն, նրա սիրելի կենդանին, կռմռալով` քծնում էր յուր պառավ տիկնոջ չորս կողմը, բայց և այնպես չկարողացավ յուր քնքուշ հաճոյամոլությամբ ամոքել նրա ճակատի կնճիռը։ Երկար լռությունից հետո, հանկարծ, որպես մի սև թուխպ, որ ծածկում էր երկնքի ավելի մեծ տարածությունը` որոտաց, թնդաց և խորշոմած աչքերից կայծակներ արձակելով, պոռաց նա յուր ժանգոտ ձայնով դեպի տիկին Սկուհին.

Տո՛, փուչացած, այս տան սուրբը-սրբությունքը դու իսպառ խափանեցիր, քեզնով մեր քրիստոնեությունը կորա՛վ։ Չէ որ այսօր կյուրակեմուտ իրիկուն է, քանիցս պատվիրել եմ այսպիսի գիշերներին խնկածխությունը անպակաս լինի այս տան մեջ, և սուրբ պատուհանի առջև, բացի ամենօրյա կանթեղից նա և վառվեն յոթն մեղրամոմի պատրույգներ։ Դրանցով մեր տան բարի ոգիները կուրախանան, իսկ չարերը կտրտմեն։ Խաչապաշտի տուն է, այդպես պետք է կատարել տիրոջ օրենքները։ Է՜լ ի՞նչ խորհուրդ ունի հայ-քրիստոնեությունը, ի՞նչ է այն բարի հրեշտակների վարձը, որ միշտ պահպանում են մեզ, այն մի բուռն սուրբ խունկը, որի անուշահոտությամբ զվարճանում են նրանք։ Ինչո՞ւ Չարին ուրախացնենք, որ Բարին տրտմե և մեր ձախ թևի վրա սատանան նստած գրե մեր մեղքերը յուր դավթարի (տերտրակ) մեջ։ Է՜հ, «սևին սապոն ինչ անե. խևին խրատը»: Այդ առաջին անգամը չէ... ես մինչև այսօր քեզանից մի խելացի բան չեմ տեսել:

Խղճալի Սկուհին, թեպետ մի հասունացած կին էր և երկու երեք զավակների մայր, միտ դնելով լռություն պահելու և ծերերի խոսքը պատվելու կանոններին, ո՛չ միայն օրինավոր կերպով յուր իրավունքը կարող չէր պաշտպանել նրա առջև, այլև թույլատրելի չէր նրան յուր կեսրոջ մոտ համարձակ խոսել: Այսքանը միայն կարողացավ ամոթխածությամբ յուր երեսքողի տակից Նազլուի լեզվով ասել նրան.

«Թող ներե բարի սկեսուրը, հավատացնում եմ բոլոր սրբերի անունով, որ այդ գործի մեջ մի մազաչափ մեղք չունիմ։ Որովհետև մեր տան խունկը վերջացել էր, ուղարկեցի պառավ Մարթայից փոխ առնելու, նրանք էլ հազիվ թե այս գիշերվա համար ունեին, և մոռացա շուկայից բերել տալու»:

Հոգեշահ և աստվածահաճո գործերը կմոռանաս գիտե՛մ, կրկնեց պառավը գլուխը շարժելով, բայց ուտելու համար չամիչ, կամ խուրմա լիներ, երբեք չէիր մոռանա շուկայից բերել տալու:

Տիկին Սկուհին չկամենալով սկեսուրի աչքի առջև կանգնելով ավելի բորբոքել նրա բարկությունը և առիթ տալ նոր դժգոհությանց, դուրս եկավ խրճիթից, գնաց հոգալու անբախտ ընտանիքների ընթրիքի մասին, որի համար պատվիրել էր իրան Ռուստամը:

Մահտեսի Ավետիսը, գիտնալով յուր մոր տրտնջոտ և քրթմնջոտ բնավորությունը, ոչինչ չխոսեց, գլուխը քարշ ձգած տնից դուրս եկավ, գնաց անասունների փարախը չորքոտանիներին վերահասություն անելու համար։

Հուրի Խան-Դայան միայնակ մնաց խրճիթում, նստած քուրսու մոտ։ Այնտեղ մնաց Նազլու աղախինը, որ լուռ կանգնած էր մի անկյունում մռայլ աղջամուղջի մեջ: Հուրի Խան-Դայային խիստ զգալի եղավ յուր որդու և հարսի այդպիսի վարվեցողությունը։ Նա, առժամանակյա լռությունից և ծանր մտածմունքից հետո, գլուխը խոնարհեցնելով, ձեռքը ծնոտին դրած, սկսեց ինքն իրան խոսել, մտաբերելով յուր հանգուցյալ ամուսինը`քահանա տեր Մինասը, և յուր օրհնյալ տունը, որ նրա օրով մի նոր Երուսաղեմ էր։ «Քո հոգին թող միշտ լուսի մեջ լինի, բարի քահանա...», ասաց նա ինքն իրան. «քանի դու կենդանի էիր, այս տունը ուներ հայ-քրիստոնեության համ ու հոտ, բայց երբ որ տերը մեզ զրկեց քեզանից և դու մեզնից հեռացար դեպ երկնքի լուսեղեն պալատները, բոլորը քեզ հետ տարար։ Եվ մեր աստղը խավարեցավ, և մեր բախտը կուրացավ, մեր տան սրբությունները պղծվեցան, անօրենությունը համարձակ ոտք կոխեց մեր շեմքի վրա։ Ըստ այսմ ամենայնի աստծո ողորմությունը անչափ է... լավ է, որ քարը քարի վրա մնում է դեռ, որ երկինքն փուլ գալով մեզ տակով չէ անում, և անդունդը պատռվելով մեզ կուլ չի տալիս։ Փա՜ռք քեզ տեր, փառք քեզ քո բարությունը անչափ է... Ա՜խ, լուսահոգի քահանա... նորից կենդանանում է նրա ուղեղի մեջ հանգուցյալի հիշատակը, դու միայն էիր իբրև տան պահապան ոգի. ո՞ր գիշերը առանց «եկեսցե» ասելու, առանց Սաղմոսը և Նարեկը ծայրե ի ծայր կարդալու, առանց յոթանասուն ծունր իջնելու, քունը տիրում էր քո աչքերին։ Քո սուրբ աղոթքների շնորհիվ, մեր խրճիթի չորս կողմը կանգնում էին ամրոցի նման բարձր աշտարակներ և շրջապարիսպ. քանի՜ցս անգամ գիշերին այդ տեսնելով գողերը չէին համարձակվում մեր տունը մտնելու։ Քո ժամանակ մեր տան սրբությունները խավարի մեջ լույս կտային և պահպանող ոգիները խունկերի անուշահոտ բուրմունքից ուրախանում էին։ Բայց երբ դու մեռար, բոլորը քեզ հետ վերջացավ, և մենք մնացինք անմխիթար տխրությամբ՝ իբրև գերի մի մոլորյալ գերդաստանի մեջ։

Մինչ Հուրի Խան-Դայան այդօրինակ խորհրդածությանց մեջ էր, նրա մտածմանց ամբոխմունքը ցրվեց փոքրիկ Պողոսի լացի ձայնը, նա հրամայեց Նազլուին, որ յուր մոտ դնե յուր թոռան օրորոցը և յուր թույլ ձեռքով սկսեց օրորել նրան։ Յուր ամուսնի հիշատակը, յուր տան վաղեմի օրերի անմեղ, կրոնական կյանքն, որ նույն րոպեում վառել էին նրա երևակայությունը, առիթ եղան բորբոքելու նրա սառը սրտի մեջ բանաստեղծական շիջած կայծերը և նա ջերմ ոգևորությամբ սկսեց երգել, հանդարտ շարժելով յուբ թոռան օրորոցը.

Քնե՛, քնե՛ սիրուն թոռնյակ,
Քնե՛, անուշ դու քնով.
Օրորոցդ հանդարտ կշարժեմ
Ես մայրական ջերմ սիրով:

Քնե՛, քնե՛ անմեղ հրեշտակ,
Քնե՛, անուշ դու քնով.

Քեզ օ՜ր կասեմ, քաղցր օ՜ր, օ՜ր
Քեզ о՜ր կերգեմ մեղմ ձայնով,

Աչքդ փակիր, իմ աղավնյա՛կ.
Ա՛յդ աչքերդ վառվռուն,
Քաղցր քունը վերադ սփռե`
Տուր թևիկները նախշուն։

Աչքդ փակի՛ր, իմ սիրեկան.
Քնե՜, որ շուտ մեծանաս.
Քո վատաբախտ ծնողաց համար
Խելոք տղա դու դառնաս։

Երբ մեծացար, իմ նազելի
Մանուկ եղար դու քնքուշ,
Տերտերի մոտ կուղարկեմ քեղ
Սերտել տաղեր, երգ անուշ,

Քեզ կսորվեցնե տեր հայրիկը՝
Սաղմոս, ժամագիրք, Նարեկ
Փառաբանել աստծո անուն`
Ամբողջ գիշեր ու ցերեկ։

Երբ որ ծաղկին սև մորուքով`
Այդ լուսափայլ լիքը թշեր,
Անապատը կուղարկեմ քեզ,
Ճգնել անդ օր ու գիշեր։

Քնե՛, քնե՛, սիրուն որդյակ,
Քո մոր սրտին մխիթար.
Քնե և շուտ մեծացիր դու,
Ինձ քո ձեռքով հողը տար,

Այդ հրեշտակի սուրբ լեզվովդ
Աղոթք կարդա ինձ վըրա,
Տերը շուտ կլսե քեզ,
Տատիդ հոգվո ճարն արա՛,

Իմ հոգվույս դու նվիրե
Քո առաջին պատարագ,
Որպես Բիթին արյուն ծովեն,
Ինձ մեղքից փրկե, որդյակ

Ը

ՄԻ ԾԱՂԻԿ, ԽԵՂԴՈՂ ՓՈՒՇԵՐԻ ՄԵՋ

Մի օր, մի անծանոթ հյուր հայտնվեցավ տեր-Առաքելենց տանը, մի տղամարդ, երեսունհինգ տարեկան, վայելուշ հասակով և եվրոպական հագուստով։ Նրա անունն էր Արամ Աշխարունի, բնիկ պարսկաստանցի, որը բարեբախտություն էր ունեցել իր տասնևչորս տարեկան հասակում հանդիպելու մի ամերիկացի ճանապարհորդի և նրա հովանավորությամբ տարվում է նոր աշխարհը և յուր բարերարի շնորհիվ ընդունվում է որպես աշակերտ Նյու-Յորքի մի աստվածաբանական ճեմարանի մեջ։

Յուր ուսումն ավարտելով` պարոն Աշխարունին ստանում է աստվածաբանության վարդապետի տիտղոս. դուրս գալով ճեմարանից` մտնում է միսիոնարական կարգը և որպես առաքյալ Ավետարանի քարոզության` ուղարկվում է Հնդկաստան։ Այնտեղ հինգ տարի շարունակ աստծո խոսքը բարբարոսներին քարոզելով և միանգամայն լեռնաբնակներից սաստիկ վերքեր ստանալով, պարոն Աշխարունին հիվանդ տարվում է Ամերիկա։ Բայց առողջանալուց հետո յուր կյանքի մնացյալ օրերը յուր ազգին պիտանի կացուցանելու մտոք, նորահաս քարոզիչը, աշխարհի երեսին երկար թափառելուց հետո` դադար է գտնում Պարսկաստան։

Տեսնելով յուր ազգակիցների ցավալի վիճակը` «խեղճը եկավ նրանց վրա, որ աշխատած և ցրված էին, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեինք։ Ընդունվելով տեր-Առաքելենց տանը` պարոն Աշխարունին մի քանի օրից հետո հայտնեց մահտեսի Ավետիսին, թե ինքը պատրաստ էր բոլորովին ձրիաբար ծառայել նրա զավակների ուսման և կրթության։ Մահտեսի Ավետիսը սիրով հոժարվեցավ այդ առաջարկության։ Եվ շուտով պարոն Աշխարունին աշակերտներ ունեցավ հանձին պատանի Ռուստամի և նրա մորաքույր օրիորդ Սալլաթինի։ Բայց տարվա ընթացքում նա ունեցավ և այլ աշակերտներ և աշակերտուհիներ, որոնց ծնողները աղքատ մարդիկ լինելով և օգուտ քաղելով ձրի դասավանդությունից, իրանց երեխաները դուրս բերելով տերտերների և տիրացուների տնից հանձնում էին պարոն Աշխարունուն։

Պարոն Աշխարունին տեսնելով յուր գործի հաջողակ ընդունելությունը և այն, որ օրեցօր բավական ավելանում էր նրա աշակերտների թիվը, մտածեց ավելի կազմակերպել յուր վարժարանը։ Տեր-Առաքելենց վրա ծանրաբեռնություն չլինելու համար, նա վարձեց մի այլ տուն, ուր հաստատեց երկու սեռի մանկանց համար երկու առանձին դպրատներ։

Բայց նրա գործին ավելի շատ ուժ և զորություն տվող մեկենասը մահտեսի Ավետիսն էր։ Իսկ երբ պարոն Աշխարունու հեռավոր բարեկամները հասկացան նրա հաջողակ գործունեությունը Պարսկաստանում, խոստացան նյութապես օգնել նրան, որով ժրաջան վարժապետը միտք ուներ առավել բարեկարգել յուր վարժարաններին դրությունը։ Բայց հանկարծ մի փոթորիկ բարձրացավ խառնիճաղանջ տգետների կողմից և «նրա սերմերը փուշերի մեջ բուսան, և փուչերը խեղդեցին նրանց»։

Խավարասեր տերտերները, որկրամոլ տիրացուները՝ զրկվելով արաղի (օղի) և գինու սրվակներից, քուֆտայի և տոլմայի ամաններից, և այն բոլոր պատիժներից, որ նրանք ստանում էին իրանց աշակերտների ծնողներից, որպես երկրորդական վարձք, սկսեցին չարաչար նախանձիլ, և հրեական աղմուկներ բարձրացնելով ասել, թե «դա մոլորություն է ուսուցանում»։ Օգնական գտնելով իրանց վիճակային առաջնորդ տեր Սուրմակյան արքեպիսկոպոսին և Ծաղկավանի աղա Մելիք Պիղատոս Ավազակյանցին և մի քանի վասակներին և մեհրուժաններին, իրանց բոլոր կատաղությամբ մոլեգնած ամբոխը, մի բան կաշառք տալով խանին, փակեցին պարոն Աշխարունու վարժարանի դռները արգիլելով ժողովրդին իրանց որդիքը նրա մոտ ուսանելու ուղարկելուց։

Պարոն Աշխարունին մնաց դարձյալ առանց աշակերտի, տրտում և հուսահատ, յուր պարապմունքը նվիրելով միայն տեր-Առաքելենց Ռուստամի և նրա մորաքույր օրիորդ Սալլաթինի կրթության և մի քանի այլ աշակերտների, որոնք գաղտնապես ուղարկվում էին նրա մոտ։

Պետք է չմոռանալ մահտեսի Ավետիսի ազգասիրական զոհաբերությունները, որ չնայելով թե այն տարին նրա այգին շատ վնաս էր բերել, նա միշտ պաշտպան կանգնեց գիտնական վարժապետին, ամենևին չթուլացնելով յուր մեջ ուսումնասիրության եռանդն ու փափագը։ Բայց օրիորդ Սալլաթինը աննկատելի կերպով աճում և հասունանում էր, նրա մտավոր և բարոյական կրթության հետ` օրեցօր նրա գեղեկցության վարդերը ծաղկում, փթթում և անուշահոտվում էին։ Բայց պարոն Աշխարունին չգիտեր և նրա գլխով չէր անցել այն միտքը, որ մահտեսի Ավետիսը և նրա կին տիկին Սկուհին վաղուց իրանց մտքում դրել էին, որ պարոն Արամին իրանց փեսա դարձնեն։ Երբ հայտնեցին նրան այդ մասին, նա համարեց մեծ սրբապղծություն ամուսնանալ յուր աշակերտուհու հետ, որի վրա մինչև այն օր նայել էր եղբոր աչքով, որպես յուր հարազատ քրոջը։

Երկար ստիպմունքներից, երկար թախանձանքներից հետո, պարոն Աշխարունին, յուր նպատակները իրագործելու հեռատեսությամբ թե վատ չէր լինի այդ երկրի մեջ հաստատվել, վերջապես, անհնարին տհաճությամբ` ընդունեց օրիորդ Սալլաթինի ձեռքը։

Տիկին Սալլաթինը, ուսած լինելով ոչ միայն հայերեն լեզուն, այլև բավական անգղիերեն և ֆրանսերեն և մասնավորապես ուսումնասիրած լինելով մի քանի արհեստներ և առավելապես կրթված լինելով Աստվածաշնչի գիտությամբ, կարճ ժամանակվա մեջ հավաքեց մի քանի աղջիկներ յուր բարեկամներից և նրանց կրթության հոգսը յուր վրա առավ։

Այդ մի քանի աշակերտուհիները, որ տիկին Աշխարունին պահում էր յուր մոտ կար ու ձև սովորեցնելու անվամբ, խավարասերների կողմից հարուցին ոչ սակավ հալածանք դեպ նրանց ծնողները. շատ կարելի էր մյուս անգամ ցրվեին տիկին Սալլաթինի աշակերտուհիների փոքրիկ ժողովը, եթե նրանց չօգներ պարոն Խոսրով Մելիքզադեն, մի հարուստ տղամարդ յուր խելքով, ուսմամբ և արծաթով։

Յուր նոր մեկենասի` պարոն Մելիքզադեի շնորհիվ, տիկին Աշխարունին բավական հաստատելով յուր վարժարանի դրությունը, յուր ուշադրությունը դարձրեց դեպ օրիորդ Սալբին` յուր քրոջ տիկին Սկուհու որդի Ռուստամի նշանածը, մտածելով, թե մեծ անհարմարություն էր մի շատ ու քիչ ուսյալ տղամարդին ունենալ մի անկիրթ կին։ Այդ պատճառով նա շատ աշխատություն թափեց, մինչև կարողացավ նրա մոլեռանդ մորը` տիկին Թարլանին համոզել, որ նա յուր աղջիկը դո՛ւրս բերեր հնամոլ և սնահավատ Մարթայի տնից և իրան հանձներ ճշմարիտ ուսում ստանալու։

Տիկին Թարլանը, ոչ միայն աղջիկներին կրթություն և ուսում տալը համարում էր մի ավելորդ բան, այլ ավելի վնասակար, որովհետև, նրա կարծիքով, աղջիկները կարդալ ուսանելով մի ավել բան չէին ավելացնելու, այլ կլինեին խորագետ դևիկներ, կորցնելով իրենց մաքուր և առաքինի վարքն ու բարքը: Բացի դրանից նա չէր հոժարում յուր աղջիկը մոտեցնել այն տանը, ուր ուսանում էր և նրա հանդերձյալ (ապագա) ամուսնացուն։

Օրիորդ Սալբիի բնական ընդունակությունը, տիկին Սալլաթինի անդադար ջանքը, պատճառ եղան, որ նա կարճ միջոցում սովորեց ոչ միայն հայոց հին ու նոր լեզուները, այլ բավականաչափ գաղիերեն և անգղիերեն։

Պարոն Աշխարունուն չմնաց և ոչ մի աշակերտ բացի Ռուստամից, բայց դժբախտաբար, Ռուստամը զուրկ էր այն ընդունակություններից, որ կարողանար ըմբռնել յուր վարժապետի սերմանած ազատ գաղափարները, ազատ և լուսավոր մտքերը կրոնքի մասին։ Նաև թույլ էր նա արհեստներ և լեզու սովորելու մեջ. նա ուսավ մի այն հայոց հին լեզվի քերականությունը, որով կարողանում էր հասկանալ յուր կարդացածը ու գիտեր մասամբ գաղիերեն։ Մյուս առարկաների մեջ նա առավելապես սիրում էր բանաստեղծությունը և հին ու նոր ազգերի պատմությունը, մանավանդ հունաց և Հռոմայեցվոց։ Նա խիստ ատում էր մաթեմատիկան, և թվաբանությունից` առաջին չորս գործողություններից ավելի բան չգիտեր։ Նա ավելի ախորժանոք կարդում էր դյուցազնական բանաստեղծությունը. Հոմերոսի աշխատությունները նրա ամենասիրելի գրքերն էին։ Ինքը նույնպես վատ չէր գրում և ոտանավորներ ու երգեր շարադրելու տաղանդ ուներ։

Ճշմարիտ կրոնագիտությունը, որ նա սովորեց Ավետարանի հուսով, չենք կարող ասել, թե բոլորովին մեղմեց և թուլացրեց նրա մեջ ընդաբույս վայրենի բնավորությունը, այլ նրա փոխարեն ներշնչեց նրա մեջ քաջազնական կոչված առաքինությունը։ Նա չէր մեղադրում Մովսեսին յուր ազգակիցը չարչարող եգիպտացին սպանելու համար, գովում էր մանուկ Դավթի քաջագործությունը, Գողիաթին սատակելու համար։ Նա երբեմն հակառակում էր փրկչի այն խոսքերին, թե մի երեսին զարկելու ժամանակ` մյուսը պետք է դեմ տալ. առավել հավանություն էր տալիս մովսիսական փոխարինությանը. «ակն ընդ ական» «ատամն ընդ ատաման»:

Ինչո՞ւ, հարցնում էին նրանից։

Որովհետև, պատասխանում էր նա, քանի մարդիկ պատրաստված չեն Ավետարանի սրբազան գաղափարները ընդունելու, քանի նրանց խղճմտանքը մեռած է, քանի նրանց սրտի մեջ չարություն կա, անկարելի է այդ կերպով վարվել նրանց հետ, որովհետև, երբ նա զարկում է իմ ձախ երեսին, և ես դարձնում եմ և աջ երեսս, նա` իմ հնազանդությունը խոնարհության տեղ դնելով չէր դադարելու չարությունից, այլ կասեր «դե՛, գլուխդ էլ... Բայց մենք մարդիկ ենք, աստված ստեղծել է մեր գլուխը ուղղաբարձ դեպ վեր, ամոթ է մեզ, երբ մենք, անասուններին հավասարվելով ընդունենք այդ անարգությունը, մեր գլուխը խոնարհեցնելով և ուրիշի ոտքի տակը տալով։

Նրան ասում են թե Քրիստոս հրամայել է, ով որ շապիկդ ուզե, ապադ (վերարկու) էլ տուր։

Տո՛, անխելք տնաքանդ ասում է նա, դու կարծո՞ւմ ես, թե վերարկուս տալով գո՞հ էր լինելու նա, ոչ, ամենևին ոչ. դուք չգիտեք թե մարդիկ ո՛րքան անհագ և չկշտացող էակներ են...: Եթե վերարկուս տամ, կասե` «փոխանդ էլ տուր»։ Այդ ևս տվի...: Դու կարծում ես ձե՞ռք կվեր առնի, մինչև բոլորովին չմերկացնե և կաշիս էլ չառնե: Բայց «ինչո՞ւ ես փրթեմ, ուրիշը քերթե». «Ջաֆեն ես քաշեմ, ձվաձեղը Գասպարն ուտե»։ Այս աշխարհում ամեն ինչ պարտք է, ո՛չ ոք չէ ցանում յուր սերմը` ուր հույս չունի հնձելու. ոչ ոք չէ տալիս, երբ հույս չունի առնելու. միով բանիվ, այս աշխարհում ո՛չինչ բան ձրի չէ, ո՛չ միայն մարդկանց ընկերակցության մեջ, այլև աստծո մեջ։ «Շնորհ և զորություն չունեցող սրբին մատաղ չեն կտրում»։ Ես երբեք աստծուն երկրպագություն չէի տալու, երբ գիտենայի, թե նա արքայություն և դժոխք չունի, կամ իմ ապրուստի խնամքը նրա ձեռքում չէ...:

Այդ խոսքերը ոչ թե բխում էին նրա սրտի ներքին զգացմունքներից, այլ նայելով մարդկանց չարությանը` ամենքը կամենում են իրանցից տկարները միանգամայն գերի, ստրուկ և ավանակ շինեն` իրանց հանգստության և վայելչության համար. այդ պատճառով մեր ոգելից հերոսը տեսնելով մարդկանց մեջ եղած եսական անիրավությունը, տխուր հուսահատությամբ կրկնում էր, թե քրիստոնեությունը տակավին աշխարհի վրա չէ եկել, մարդիկ ապրում են բարբարոսության մեջ։

Ռուստամը կրոնքի և աստծո պաշտոնի մասին յուր հասկացողությունների մեջ նույնպես նախանձոտ և հանդուգն եղավ, որպես յուր նախկին վայրենության մեջ: Նա նայում էր յուր դրացիների սնապաշտության և մոլեռանդության վրա ինկվիզիտորի աչքով նախատական կերպով արհամարհում էր նրանց սնահավատությունը, վիճելով ո՛չ միայն հասարակ ժողովրդականների` այլև եկեղեցականների հետ։ Ռուստամի մի այդպիսի համարձակությունը վշտացնելով շատերի սիրտը հարույց նրա դեմ հասարակաց ատելութլունը, և այսպիսով նա ունեցավ բազմաթիվ թշնամիներ։

Մահտեսի Ավետիսը նույնպես չմնաց յուր նախկին գռեհկության մեջ։ Պարոն Աշխարունին բազում ստիպմամբ համոզեց նրան ուսանել յուր մայրենի լեզվի գրագիտությունը և նա մի կարճ ժամանակում ոչ միայն ազատ կարգում էր Աստվածաշունչը, այլև բացատրում էր նրա բազմախորհուրդ մեկնությունները։ Բայց տիկին Սկուհին մնաց յուր նախկին հասկացողության մեջ, նա տակավին հետևում էր փտած հնությանը, և միշտ ենթակա լինելով յուր մոլեռանդ սկեսուրի ազդեցությանը, նրա երկյուղից, նրա նախատինքների տակ խեղճ կինը ոչինչ չկարողացավ սովորել և ըստ հայկական առածի «Աղբյուրի մոտ ծարավ մնաց»:

Հուրի Խան-Դայան՝ տեր֊Առաքելենց գերդաստանի մեջ մի սև անձն էր, որ չէր կարողանում տանել պարոն Աշխարունիի և նրա ամուսնու ներկայությունը, նրանց, ըստ նրա ասության, մոլար վարդապետությունը, որ ավանդում էին իրենց «Ջհուդի Քնիշտայի» մեջ, այդ պատճառով նա անհնարին տհաճությամբ հալածում էր նրանց։ Նա չէր կարողանում սառն աչքով նայել օրիորդ Սալբիի վրա, երբ նա շատ անգամ արձակ համարձակ անցնում էր նրա առջևից առանց ամաչելու, առանց պատիվ դնելունրա ծերության։ Նա չէր կարողանում համբերել յուր թոռան, որպես կոչում էր «լրբություններին», երբ նա յուր աչքի առջև խոսում էր յուր նշանածի հետ, առանց յուր պառավ տատիցը պատկառելու։ Հուրի Խան-Դայան մահու չափ վշտացել էր, տեսնելով յուր տան մեջ յուր պապերի հին սովորությունները խախտված և ոտնակոխ եղած, երբ նրա ընտանիքը այլևս ուշադիր չէր պաս ու ծոմ պահելու, երբ նրանք, այլևս հարգանք չէին մատուցանում սրբերին և նրանց պատկերներին. այդ պատճառով նա ավելի հոժար էր մեռնել, քան կենդանի աչքով տեսնել յուր տան մեջ այդպիսի սրբապղծություն:

Մի գիշեր, երբ տեր-Առաքելենք բոլորը հավաքվեք էին միասին, և Հուրի Խան-Դայայի դեմքը մի գոհունակ հանդարտություն էր ցույց տալիս, մահտեսի Ավետիսը ժամանակը հարմար գտնելով, ուզեց հասկանալ նրա կարծիքը յուր որդու հարսանիքի մասին.

Մ՛այր իմ, ասաց նա, ահա Զրօրհնյաց (ծննդյան) զատիկն անցավ, սուրբ Սարգիսն էլ նրա հետ. մի քանի օրից հետո՝ կգա բարեկենդանը. և նրա հետևից կգա երկար ու ձիգ մեծ պասր: Այն ժամանակ՝ մեր հայրապետադիր կանոնների համեմատ, այլևս պսակ չի լինում։ Էլ ե՞րբ պետք է կատարենք Ռուստամի հարսանիքը։ Հարսանի՜ք... կրկնեց խորհրդական ձայնով պառավը գլուխը շարժելով. այդ բառը պատկերացնում է իմ գլխի մեջ անցած գնացած ժամանակների քնքուշ հիշատակները... և համեմատելով այդ այս նոր և չար ժամանակի հետ, ես ակամա ստիպված եմ իմ թոռան հարսանիքի մասին բոլորովին լուռ մնալ...։ Որդի, ես «իմ ձեռքերը լվացել եմ» այդ գործից և բոլորը հանձնում եմ ձեր կամքին։

Մահտեսի Ավետիսը գիտեր յուր պառավ մոր հնամոլությունը. նրան հայտնի էր, թե նա ինչպիսի աչքով էր նայում յուր տան մեջ կատարված մասնավոր վերանորոգությունների վրա. համենայն դեպս նա պատվելով նրա ծերությունը ո՛չ միայն նրա կամքի դեմ չէր գործում, այլև միշտ պատվիրում էր յուր զավակներին, հնազանդ լինել յուր մորը և շահել նրա սիրտը։ Նա ավելի փաղաքշաբար առաջ տարավ.

Իմ լուսահոգի հորս մահից հետո, ես միշտ հետևել եմ ձեր կամքին, այս մեծակշիռ ընտանեկան հարցի մեջ ևս պետք է որոնել ձեր հաճությունը և ձեր ընտրողությունը։

Ես չեմ կամենում խոսել մի հարցի մասին, որի մեջ մինչև այսօր չէ եղել իմ կամքը, սառնությամբ պատասխանեց պառավը։

Բա՛յց, մտածեցե՛ք, որ Ռուստամի և Սալբիի նշանադրության խորհուրդը որևիցե մարդկային կամքով չէ եղել, նրա խոսքը կտրեց Մահտեսին, այլ, որպես ձեզ հայտնի է՝ մի հրաշալի տեսիլքով։ Սուրբ Կարապետի վանքում և մի սուրբ ուխտադրության դաշնով, որ կնքվել է նույն սրբի գերեզմանի վրա։

Այդ իրա՛վ է․․․ միայն Ռուստամը և Սալբին պղծեցին սուրբ ուխտը։

Ինչո՞ւ։

Նրա համար, որ նրանք դուրս եկան այն ճանապարհից, որով գնացել էին նրանց արժանահիշատակ հարքը. նրա համար, որ նրանք իրենց անպարկեշտ և անվայել բարք ու վարքով, իրենց համարձակ և անամոթ վարվեցողությամբ ավերեցին, փչացրին այն մաքուր, վսեմ և պատկառելի օրենքը, որ կար մանուկ տղամարդերի և նորահաս աղջիկների մեջ։

Մահտեսի Ավետիսը լուռ լսում էր, յուր մտքի մեջ ծիծաղելով յուր մոր հնոտի նեղսրտության վրա, որի համար սրբազան մի բան էր յուր պապերի անասնական կյանքը։ Ես անցրել եմ ավելի շատ օրեր, քան թե դուք, առաջ տարավ պառավը և ես տեսնում եմ արևի լույսը ավելի հին տարիներից... մեր պապերի բարք ու վարքը այսպես չէ՛ր, մեր օրերում կույս աղջիկները և ազապ տղամարդիկը չգիտեին թե ինչ է սերը, երբ նրանք լսում էին հարսանիքի, պսակվելու անունը, ամոթխածությամբ կարմրում էին և նրանց աչքերը լցվում էին արտասուքով։ Բայց ա՛յժմ... վա՜յ մեր մեղավոր հոգիներին աղջիկը, զուգած-զարդարած յուր մարմինը հազար ու մի պչրանքներով, հալվում, մաշվում է հաճոյամոլությամբ զինքը սիրել տալու համար։ Իսկ տղամարդը այրվում և վառվում է յուր սիրուհու կրակով...։ Ի՞նչ ասել է այդ չէ, որ դա ազգային կյանքի մեջ մի ժանտախտ է, որ ապականում, փտեցնում է առաքինությունը, ոը մահացնում է պարկեշտությունը և ողջախոհությունը...։

Մայր իմ, խոսեց մահտեսի Ավետիսը, ինչո՞ւ եք դուք այդպես ծուռն աչքով նայում ձեր թոռան և նրա հարսնացուի միմյանց հետ համարձակ վարվողության վրա. չէ՞ որ աստված ինքը դրեց այդ սուրբ սերը նրանց սրտերի մեջ՝ երբ դեռ նրանք իրանց մայրերի արգանդումն էին։ Մի՛թե մեղավոր պիտի համարվին նրանք, որ հակառակ մի կեղտոտ և տարապայման ասիական սովորության՝ համարձակվում են հայտնի կացուցանել իրանց սիրահարությունը։

Ի՞նչ ասել է սիրահարություն, այդ ի՞նչ օտարոտի բառ է, կոչեց պառավը բարկացած, ի՞նչ է նշանակում մի սեր այր և կին մարդերի մեջ, որ չեն կապված որևիցե աստուծո օրենքով, եթե ո՛չ լկտի ցանկություն, լրբություն և հեշտախոսություն։

Ուրեմն ձեր կարծիքով աշխարհում չկա՞ և չպիտի՞ լինի սուրբ սեր, հարցրուց մահտեսի Ավետիսը։

Երբ մի բարի բանի գործադրությունը՝ մյուս շատ չար բաների առիթ է տալիս, լավ է խափանե՛լ այդ բարին, մի կաթիլ քաղցր ջուրը չէ կարող փոխել մի դառն ծովի տտիպ համը։ Երբ իմ դուռը բաց թողնելով՝ շատ բարի մարգերի հետ ներս են մտնում շատ չարեր, գողեր և ավազակներ՝ լավ է փակվի այդ ճանապարհը։ Ահա՛, որդի՛, դրանք անհերքելի ճշմարտություններ են։ Եվ այսպես, մի սուրբ սեր, որպես դուք անվանում եք, երբ թույլատրվի ճանապարհ կբանա անթիվ խարդախ և պիղծ սերերի... և այդ նկատում ով իսկ՝ խելացի Ասիան ամենայն զգուշությամբ արգելում է մարդկանց հաղորդակցությունը կանանց հետ, և այդպիսով պահպանում է մարդկության սրբությունը և մաքրությունը։ Մահտեսի Ավետիսը ոչինչ չպատասխանեց, այլ գլուխը քարշ գցած լուռ դուրս գնաց։ Բայց Ռուստամը, որ մինչև այն րոպեն դռան ետևից ականջ էր դնում՝ ներս մտավ, և ասաց.

Մա՛յրիկ, դուք սխալ նախապաշարման մեջ եք, պետք է հետևել լուսավոր ժամանակի պայմաններին և պահանջներին, պետք է...

Լո՛ւռ կաց, մի խոսիր, լակո՛տ, գոռաց պառավը, այդ խոսքերը ժանտա՛խտ են, մահացո՛ւ են, դրանք թունավորում են իմ օրհնյալ գերդաստանի անմեղ պարզամտությունը։ Իսկ քո հոգին ապականված է այդ ազգակործան գաղափարներով՝ ընկերանալով Արամի և Մելիքզադեի նման վտանգավոր մարդոց հետ. քո թոքերի մեջ նրա՛նց շունչն է փչում, դու հեռո՛ւ ես հայոց օրենքներից, քո մեջ մոլություն կա, դու միա՛կ պատիժն ու պատուհասն ես, որ նյութում ես իմ տան կործանումը..

Թ

ՀԻՆ ԵՎ ՆՈՐ

Մի օր Հովասաբենց տանը ներս է մտնում մի պառավ, յուր հետ բերելով ջուր յոթն տարեկան թոռը, խնդրում է տիկին Թարլանից բժշկել նրան, որովհետև մալաճվոր էր եղել, այսինքն՝ ամբողջ մարմինը կարմիր բորոտած՝ սաստիկ քոր էր գալիս։ Տիկին Թարլանը մերկացնում է մանուկը և մի կոշտ մազե լաթի կտոր ձեռքն առնելով՝ սկսում է թքել նրա մարմնի կարմրած տեղերի վրա, և այն լաթով սաստիկ քսել և տրորել՝ չդադարելով միևնույն ժամանակ մունջ աղոթքներ կարդալուց:

Երեխան ճչում էր, ցավից՝ լաց էր լինում։ Նրա ձայնը ներս բերեց օրիորդ Սալբին, որը չկարողանալով զսպել յուր ծիծաղը և մի հեգնական հայացք ձգելով դեպի մոր գործողությունը, ասաց.

Մա՛յր, փոխանակ այդ խեղճ երեխան սպանելու, ա՛յդ կոշտ մաղով նրա մարմինը շփելով՝ հրամայեցեք դրան լուծողական տան, կամ երակներից արյուն բաց թողնեն, այդ ավելի օգտակար կլինի:

Երբ հերթը ձեզ հասնի, պատասխանեց տիկին Թարլանը բարկությամբ, դուք ա՛յդպես արեք... բայց ես քանի կենդանի եմ. ձեռքիցս չեմ թողնի իմ գիտցածը։ Օրիորդ Սալբին ոչինչ չխոսեց, այլ հեռացավ նրանից:

Մի քանի րոպեից հետո, տիկին Թարլանի մոտ մտավ պառավ Մարթան. Հովասաբենց տիկինը պատմեց նրան յուր աղջկա հանդգնությունը, որ համարձակվում էր իրան բան սովորեցնել։

Աստված ավելի վատթարիցը ազատե, ասաց պառավ Մարթան վշտացած ձայնով. ձեր աղջկա այժմյան ավերված բարք ու վարքը գուշակում է մի ցավալի ապականություն նրա բարոյականության մեջ։

Հա՛, իմ քո՛ւյր, հա՛, ճշմարիտ է ձեր ասածը, հաստատեց տիկին Թարլանը, բայց մեղավորը ե՛ս եմ... ե՛ս իմ ձեռքով իմ տունը քանդեցի և իմ աստուծո գառ աղջիկը գազան դարձրի տալով նրան, ա՛յն մոլորեցուցիչների (Աշխարունենց) ձեռքը, որոնք իմ աղջկան խելքից, ամոթից և շնորհքից դուրս բերին։

Իրա՛վ, այդպես է, երբ Սալբին իմ աշակերտուհիս էր, տեսնո՞ւմ էիր, թե ո՛րքան խելացի և հնազանդ էր նա, բայց ա՛յժմ, ո՜ւհ, նա արժանի չէ մինչև անգամ սատանա կոչվելու... ոչ մեծ է ճանաչում, և ո՛չ փոքրը՝ բոլորին անպատվում է:

Միթե մեր պապերը անխե՛լք էին, որ իրենց աղջիկներին կարդալ չէին սովորեցնում, չէ՛, իմացե՛լ են, թե կարդա՛լ ասած բանը ինչ սև կբերե իրանց գլխին։

Է՜հ, պապերին ո՛վ է նայում, առարկեց Մարթան. այժմ «նոր հավեր են եկել, երկաթե ձվեր են ածում»։

Այսպես, օրիորդ Սալբիի ո՛չ միայն կծու և համարձակ խոսքերը, այլև նրա խորթ և օտարոտի վարմունքը, միանգամայն դեմ էին նրա նեղսիրտ մոր բնավորությանը, և շատ անգամ առիթ էին տալիս նրա դժդոհությանը՝ գրգռելով նրա անտանելի տհաճությունը։ Օրինակ, տեսնում ես մի գիշեր, օրիորդը ճրագի առջև հայելուն նայելով՝ սանդրում էր յուր ծամերը. մայրը բարկանում էր, թե գիշերը վնասակար է այդպես անել, և ստիպմամբ խլում էր աղջկա ձեռքից սանդրը։ Երբ օրիորդը հարցնում էր դրա պատճառը, մայրը այնպիսի հեքիաթներ էր պատմում, որ նրա աղջիկը թուլանում էր ծիծաղելուց։ Այդ արհամարհական ծիծաղները ավելի էին վշտացնում մոր սիրտը, որովհետև օրիորդը ոտնակոխ էր անում մոր խրատները, որոնց մասին, ուրիշները ա՛յնքան մեծակշիռ համարում ունեին։

Ծերունի Մկրտիչը և նրա կին Մարթան, որպես մոտիկ դրկիցներ ավելի գնալ գալ ունեին Հովասաբենց տան հետ, քան ուրիշները։ Շատ անգամ ծերունին, ոգևորված ջերմեռանդությամբ, պատմում էր «Մանուկ ավետարանից» մի դիպված, և շրջապատողները խորին զմայլանքով լսում էին հանկարծ՝ մյուս կողմից, օրիորդ Սալբին հեգնական ոճով ձայն էր տալիս գլուխներս տրաքեց... դարձյալ առասպել․..»։

Ծերունին յուր բարկացկոտ հայացքր ձգելով նրա երեսին, ասում է.

Աղջի՛ քո մշտական այդպիսի անհավատ խոսքերը առիթ են տալիս կարծելու, թե անտարակույս նեռի մայրը դո՛ւ ես լինելու... քեզնի՛ց պիտի ծնվի աշխարհ ապականողը...։

Ինչո՞ւ, հարցնում է օրիորդը բոլորովին սառնությամբ:

Որովհետև դու չե՛ս հավատում սուրբ պատմություններին։

Ես չեմ հավատում այն պատճառով, որ մեր ընդունած Ավետարանի մեջ այդպիսի բաներ չե՛ն գրված։

Միթե սակա՞վ են այն բաները, որ գրված չեն սուրբ Ավետարանի մեջ։ «Եթե ամենը գրված լինեին՝ աշխարհս բավական չէր լինի այդ գրքերը տանելու», պատասխանում է ծերունին հեղինակավոր ոճով։

Ուրեմն մենք պիտի բավական լինինք գրվածքներով միայն, կրկնում է օրիորդը հաստատ կերպով։

Լո՛ւռ կաց, ա՛նհավատ, մյուս կողմից սաստում է նրան մայրը, քո չար լեզվին թույլ չէ՛ տրված վիճել քեզնից հասակավոր մարդերի հետ։

Շատ անգամ, օրիորդ Սալբին, բամբասանքի տեղիք չտալու համար, ամենևին ուշադրություն չէր դարձնում տան մեջ կատարվածի մասին։ Բայց պատահում էր, որ նա բաց գլխով սառը ջուր էր խմում, կամ բաց գլխով դուրս էր գնում մութ ժամանակ, կամ ծամոն էր ծամում գիշերը, այդ բոլորի համար նրան հանդիմանում էին ասելով «եթե բաց գլխով մութի մեջ դուրս գաս՝ չարքերը կզարկեն» գլխիդ, բաց գլխով սառը ջուր խմես՝ ջուրը կթոշի դեպի ուղեղը, մարդ կմեռնի և երբ գիշերապահին ծամոն ծամես՝ մեռելները կնեղանան, իբր թե նրանց միսն ես ծամում։ Իսկ նրանց աղախին Նազլուն գիշերը տունը ավլելու միջոցին շատ անգամ անզգուշությամբ մոռանալով տիկին Թարլանի այդ մասին պատվերը, մոռանում էր նախապես ավելը բռնել ճրագի վրա և ծայրը այրել «հարսանիքի տուն եմ ավելում» ասելով. և տիկին Թարլանը նշմարելով աղախնի մի այդպիսի սխալմունքը, ավելը խլում էր նրա ձեռքից և սկսում է նրանով զարկել խեղճի գլխին։ Ի՞նչպես կարող էր օրիորդ Սալբին զսպել յուր ծիծաղը։ Եվ այդ լռին, խայթող ծիծաղը բավակա՛ն էր՝ մոր բարկությունը բորբոքելու, և Նրա հայհոյանքների կարկուտը թափելու յուր գլխին։ Վերջին օրերը օրիորդ Սալբիի և նրա մոր մեջ մի նոր վեճ ծագեց, որ ամենօրյա խռովությունների պատճառն էր լինում։ Օրիորդ Սալբին ասում էր, թե իրանց սառն և խոնավ խրճիթի մեջ ապրելը՝ իրանց առողջության համար վնասակար էր. ասում էր, թե ինքը չէր կարող այլևս տանել թոնրի ամենօրյա վառելու չարչարանքը, բացի այդ՝ թոնրի դժոխային ծուխը, մուխը, որ մի բանի ամբողջ ժամ էր տևում, շատ վնասակար էր յուր աչքերին և թոքերին։ Նա ստիպում էր յուր մորը, մի փոքրիկ սենյակ շինել տալ և նրա մեջ գնել մի եվրոպական երկաթե վառարան, որ բացի իրանց սենյակը լավ տաքացնելուց, կպատրաստեր նրանց ամենօրյա կերակուրները և հացը։ Օրիորդը հաստատում էր, որ մի այդպիսի վառարան մաքրության և շնորհալիության հետ միասին ավելի սակավ ծախքի էր կարոտ քան թոնիրը, որի համար ամեն օր հարկավոր էր հինգ քթոց ցան և ցախ, և չնայած դրան՝ խրճիթը միշտ ցուրտ էր լինում։

Տիկին՝ Թարլանը ամենասաստիկ կերպով ընդդիմանում էր այդ խնդիրներին ասելով թե իրանք սովոր չէին այդ եղանակով կյանք վարելու, և թե ինքը չէր կարող լքել և թողնել յուր հարց նվիրական օջախը (կրակարանը), որ կերակրել էր իրան և Հովասաբենց պապերին։

Վերջապես օրիորդ Սալբին, հակառակ յուր մոր կամքին, հում աղյուսներով շինել տվեց մի փոքրիկ սենյակ, և պարոն Աշխարունու միջնորդությամբ՝ Ամերիկայից մի երկաթյա վառարան բերել տվեց խոհարարության բոլոր անհրաժեշտ պիտույքներով։ Այդ սենյակը ասիական ճաշակով չէր շինված։ Նա ավելի նման էր մի եվրոպացի կնոջ առանձնասենյակին, մի քանի աթոռ, մեկ գրասեղան և սոֆա՝ բռնել էին իրենց պատշաճավոր տեղերը. մի կողմում՝ դրած էր օրիորդի պչրանքի սեղանը, նրա հանդեպ մի մեծ հայելի, սանդր, և այլ կանացի պաճուճանքների գործիքներ։ Պատերի վրա ամրացրած՝ երևում էին նշանավոր մարդոց պատկերներ, որ ազգերի գրականության մեջ երևելի են եղել իրանց տաղանդով։ Նրա մատենադարանը ևս աղքատ չէր մի քանի գրքեր, հայրենի և այլազգի լեզուներով, գեղեցիկ՝ ոսկեզօծ կազմերով դրած էին մի անգույն փայտից շինած ապակե կազմ պահարանի մեջ։ Պատուհաններում և լուսամուտներում կարգով շարված էին խեցյա ամաններով ծաղիկներ, նրանց վրա, վանդակների մեջ ճլվլում էին երկու հատ դեղձանիկ։ Այդ սենյակը շինվելուց հետո տիկին Թարլանը մի անգամ ևս չէր մտել այնտեղ, ո՛չ այն պատճառով, որ դա շինվել էր իր հաճության ընդդեմ, այլ որովհետև նրա միջի կահ֊կարասիքը միանգամայն ատելի էին նրան։ Նա չէր կարողանում անտարբեր նայել յուր աղջկա շատ ու քիչ շռայլություն ցույց տվող առանձնասենյակին։

Ինչո՞ւ, հարցնում էր նրան աղջիկը։

Որովհետև, պատասխանում էր մայրը, մեր դրացիները, աղքա՛տ թե հարո՛ւստ, բոլորը միօրինակ բնակվում են մրոտ և գծուծ խրճիթների մեջ, իրանց՝ աղքատ և խեղճ մարդիկ ցույց տալու համար, որպեսզի կալվածատեր խանը, կամ մյուս թուրքերը՝ նրանց փողատեր չհամարեին, և գիշերով չկողոպտեն նրանց տները։

Բայց մի այսպիսի շռայլություն՝ գողերի և ավազակների վտանգներից մեր տունը հեռու չէ պահելու։ Բայց օրիորդ Սալբին այդպիսի կասկածներից երկյուղ չէր կրում. «կամ ապրել լա՛վ և մարդկորեն՝ կամ ամենևին ո՛չ․․․», կրկնում էր նա Ռուստամի սովորական առածը։

Մի օր տիկին Թարլանը գնաց մի մոտիկ գյուղ, յուր հիվանդ ազգակցի տեսության։

"Սալբի" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Fides Tua
Տիգրան Համասյան

Fides Tua