Րաֆֆի

Սալբի

13

Ռեսի խոսքերի հեղեղը մինչ ա՛յն աստիճան պաշարեց պարոն Աշխարունուն, որ նա չկարողացավ ոչինչ պատասխանել։ Եվ Ռեսը, առանց պատասխանի սպասելու առաջ տարավ.

Քանի Ավետարանի ճշմարիտ լույսը չէ ծագում մեր ազգի վրա, քանի նա հայերի համար դրված է գրվանի տակ, քանի ճշմարիտ ուսում և գիտությունը անմերձենալի են հասարակ ժողովրդին, և քանի նրանք՝ թողնելով սուրբ գրքերի ճշմարտաքարոզ վարդապետությունը կհետևեն հայրապետական մոլորություններին ճշմարիտ եմ ասում, ա՛յնքան ժամանակ կապրեն նրանք իբրև լոկ նյութական մարմիններ, զուրկ մարդկության հոգևոր մասնից։

Նա կտրեց յուր ուսած և սերտած ֆրազները, որոնցով, միևնույն բանը արտաբերում էր այլևայլ դարձվածքներով, և աչքով արեց Սոլոմոն-բեկին, որ մի բան ևս նա խոսե։ Պատանի Ավազակյանցը, ուշիմ աշակերտի նման, իսկույն հասկացավ յուր վարժապետի միտքը, և կարդաց յուր սերտած դասերից մինը.

Ես շատ հույս ունիմ, որ մեր սիրելի հայրենակիցները պատվելի աշխարունիների շնորհիվ, միշտ զուրկ չեն մնալու Ավետարանի լույսից, և առավելապես հուսով եմ, որ ո՛չ միայն Ծաղկավանը կփառավորվի նոր կրոնի լուսով, այլ բոլոր Պարսկաստանի մեջ պայծառապես կշողշողա քրիստոնեական հավատքի դրոշակը։

Թեպետ պարոն Աշխարունին յուր մտքի մեջ ուրախանում էր կեղծավորների մի փոքր առողջ դատողության վրա, բայց նրան դուր չգալով Սոլոմոն-բեկի առերես գովասանությունը՝ կտրեց նրա խոսքը, ասելով.

Մենք ո՛չինչ ենք, մենք ևս Քրիստոսի մեղավոր պաշտոնյաներ ենք, տերը ինքը կօգնե մեզ՝ ձեզանով, մյուսներին հոգ տանել նրա եկեղեցու հաստատության համար։

Լսելով նրա ցամաք պատասխանը, Ռես Վասակյանը խոսքը փոխեց.

Բայց, ներողություն, պարոն, բյուր անգամ ներողություն, մենք զբաղվելով այդ խոսակցություններով, որ այնքան մոտ են մեր սրտին, արդեն մոռացանք՝ մի բանով պատվասիրել ձեզ, և ձեզ, պատվելի տիկին, դարձավ նա դեպ տիկին Սալլաթինը: Հրամայեցե՛ք խնդրեմ ճաշակել մի փոքր այդ բիբլիական խորոված գառնից, կամ մի պատառ այդ իսրայելյան պասքայից, չէ՞ որ Քրիստոս ինքը, իբրև մարդ, ենթարկվեցավ հնամոլության ազդեցությանը... բայց խնդրեմ ներել իմ այդ կատակը։ Կամեի՞ք մի բաժակ օղի, կամ մի փոքր գինի։

Պարոն Աշխարունին հայտնեց, թե ինքը սովորություն չուներ ոգելից ըմպելիք գործածելու։ Նույն ժամանակ հրամայեցին, որ շուտով թեյ մատուցանեն։ Թեյից հետո աշխարունիները հեռացան ավազակյանների տանից, լի ուրախ մտքերով, որ այդ երկու անձինք, որ այդ երկրի մեջ մեծ համարում ունեին, մինը՝ յուր իշխանությամբ և արծաթով, մյուսը՝ յուր հնարագիտությամբ և խելքով արդեն իրանց կամակից և սրտակից էին։ Բայց իզուր, պարոն Աշխարունին խաբված էր «արջերը ման էին գալիս փեթակի բոլորտիքը՝ այդ մեղրի սերիցն էր»։

Ռես Վասակյանը մի քանի ժամ ևս մնալով Սոլոմոն-բեկի մոտ, մի փոքր հույս տալով նրան, մի փոքր մխիթարելով, դուրս գնաց, ճանապարհին անիծելով յուր փոխադարձ բախտը, որով ոչինչ նրան չէր հաջողվում, և ընդհանրապես, հանդիպում էին նորանոր արգելքների։

ԻԵ

ԳԱՐՈՒՆ

Զարեհավանի գարունը լինում է շատ գեղեցիկ։

Հին և պատմական անուն կրող Զարեհավանը հանդիսանում է գարնան մի շքեղազարդ պատկեր՝ նկարած տխուր և տրտում հիշողություններով։ Այստեղ արևը, ամեն առավոտ, վսեմ փառահեղությամբ երևան է գալիս Ուրմիո լճակի միջից, և նրա կարմրագույն երեկոյան վերջալույսի մեջ հիանալի նկարվում են մեծ Արավուլը և Դուշմանա սարերը՝ իրանց բարձր, ձյունապատ գագաթներով։ Եվ Սոլայի հեղեղատը, ընդունելով բյուրավոր առվակներ նոր հալված ձյունի վտակներից, հորդանում է, բարձրանում է, և հազարավոր ճյուղերի բաժանված՝ գոռալով, ֆշֆշալով, վազում է, ոռոգելով ամբողջ հովտի երեսը։ Նույն ժամանակ, կարծես մի կախարդական զորությամբ, մեռած գետինը կենդանանում է, և շուտով կանաչեղեն սփռոցը, անթիվ գույներով զարդարված ծածկում է հարթ և հավասար դաշտը։

Մշակը, լի ուրախությամբ, դուրս է գալիս դաշտը. լսելի է լինում գութանի ճռնչալը խոր ակոսների մեջ. խոփի արծաթափայլ շողշողալը աչք է ծակում, և մաճկալի կրակոտ երգերը հիանալի են։

Բա՛յց այստեղ, երկրագործի երգերը չունին այն ուրախալի և կենդանի զվարթությունը, նրանք երգվում են, ասես թե ակամայից։ Նրանք ավելի նման են թաղման տաղասացությունների...։ Այստեղ, անբախտ երկրագործը հերկում է երկիրը տխուր և հուսահատ սրտով։ Նա երբեք հույս չունի հավաքել մի հասուն հունձք... որովհետև, շատ անգամ, նրա կանաչ և դեռահաս հասկերը կերակուր են դառնում բարբարոս ասպատակների ձիաներին. և շատ անգամ ևս, հնձած ցորենի դեզերը կրակի ճարակ են դառնում անգութ թշնամու ձեռքով, որ սովորաբար միշտ հարձակվում է այդ երկրի անբախտ բնակիչների վրա, և կողոպտում է նրանց բոլոր ստացվածքը։

Այդպիսի անհանգիստ և անբախտ դրության մեջ գտնվելով, Զարեհավանի բնակիչ հայերը, թողնելով օրհնյալ երկրագործությունը, և ընդունելով մի փոքր բարբարոսական բնավորություն իրանց կյանքը ընծայեցին խաշնարածության։ Դատարկաշրջիկ խաշնարածը, որևիցե հաստատ կացություն չունենալով, ավելի նվազ է ենթարկվում հալածանքի նեղիչ ազդեցություններին, և ավազակների ասպատակություններից շատ անգամ ազատվում է նա։ Երբ չէր կարողանում դեմ դնել յուր թշնամուն, նա յուր հոտերով, յուր վրաններով տեղափոխվում է դեպ սարերի ավելի խորին հեռավորությունները։ Այդ պատճառով, Զարեհավանում, հայերը երբեք չեն աշխատել հաստատ տուն ու տեղ ունենալ։ Իսկ վաճառականությունը մի երկրորդական բան է. ո՛չ ոք, ավազակների երկյուղից չէ կարող ցույց տալ, թե ինքը ունի արծաթ։

Կանաչ կյուրակեի երկուշաբթի օրն էր, երբ վաղ առավոտյան Ծաղկավանի մեջ լսելի եղավ զուռնայի սուր և ձգական ծլվլոցը, և դըհոլի դաշնակավոր դմդմբոցը։

Գյուղի ծերունիները անդադար ելումուտ էին անում տեր-Առաքելենց տանը, երևում էր, որ մի գործի համար խնդրում և հորդորում էին պարոն Ռուստամին, որ չէր կամենում հանձն առնել։ Վերջապես ներս է մտնում մըստր Սեյսունը։

Դուք ընդունեցեք գյուղացիների հրավերը, ասաց նա։

Մի՛թե իմ դեռևս տկար կազմվածքին հարմա՞ր է հանձն առնել մի այդպիսի դժվարին պաշտոն, պատասխանեց պարոն Ռուստամը։

Բայց, ընդհակառակն, ասում եմ ձեզ այդ անհրաժեշտ և կարևոր է ձեր առողջությունը կազդուրելու համար։

Այնուամենայնիվ դժվար է։

Ո՛չ, դուք առանց դրա ևս այս տարի պարտավոր եք յայլաղ գնալ՝ սարի մաքուր օդ շնչելու, կրկնեց բժիշկը։

Կամա-ակամա պարոն Ռուստամը ընդունեց բժշկի խորհուրդը, և հանձնառու եղավ կատարել գյուղացիների խնդիրը, որոնք կամենում էին կարգել նրան իրանց գյուղի և Զարեհավանի մյուս գյուղերի իլիաթի վրա Էլբակի, այսինքն՝ մի գլխավոր, որ պիտի կառավարեր սարերում բոլոր խաշնարած և վրանաբնակ հայ ժողովուրդները։

Զուռնայի և դըհոլի ձայները գնալով սաստկանում էին, և հովիվները ուրախ-ուրախ դուրս էին բերում ոչխարների հոտերը, ձիաների և ավանակների ջոկերը, կովերի և եզների նախիրները՝ իրանց ձմեռանոցներից։ Այդ չորքոտանիներից, որոնք ունեին պսակավոր և խայտաբղետ մարմիններ, նրանց մորթերը ներկված էին զանազան կարմիր, կապույտ և դեղին գույներով և նրանց եղջյուրներից ու պարանոցներից կախված էին փոքրիկ բոժոժներ և զանգակներ, որոնց արվեստական զնգզնգոցը, խառնվելով գառների բառանչին, այծերի բըկըկալուն, կովերի բոռալուն, մատակների և նրանց նորածին քուռակների խրխնջալուն, էշերի զռոցին, շների ուրախաձայն հաչոցներուն, այդ բոլորը կազմելով մի ներդաշնակություն, բնականաբար և բարձրաձայն հնչեցնում էին հովվական կյանքի անմեղ և պարզ պոեզիան։

Երբ անասունները դուրս էին եկած գյուղից, նրանցից հետո քշեցին գրաստները, որոնք տանում էին վրաններ, պղնձեղեն կաթսաներ և ուտելու պաշարներ, որոնք սարում հարկավոր էին։

Այնուհետև ճանապարհ ընկան նորահարսերը, հարսանիքի հագուստներով, մանուկ աղջիկները, մանուկ կանայք նույնպես գեղեցիկ զուգված զարդարված, և ամեն մինը նստած մի սիրուն ձիու վրա, նրանց ետևից հասակավոր և պառավ կանայքը՝ նստած ավանակների, եզների վրա իրանց մեծ-մեծ փաթաթած գլուխներով։ Բայց մանուկ տղամարդիկը և նորահաս պատանիք բոլորը վայելուչ կերպով ձիավորված, բոլորը միասին սպասում էին գյուղի մեջ մի լայն հրապարակի վրա։ Հանկարծ երևացավ Էլբակին, այնպես սիգապանծ և փառավոր, որպես մի շահ ղաջարյան ցեղից։ Նրա արաբացի քահլան նժույգը, ամբողջ ձմեռը վայելած տաք փարախի հանգստությունը, գիրացած և լցված, որպես մի ահարկու աժդահա, խաղում էր, տռտիկ տալիս և ծլունկ լինում։ Նրա փայլուն զենքերը վառվում էին և բզբզում նոր ծագած արևի լույսով և նրա երկայն մզրախի գլխում փողփողում էին սև փետրազարդ փնջեր։

Երբ նա հասել էր մեյդանում, ուր սպասում էին նրան սպառազինված բազմությունը, հանկարծ արձակվեցան հազարավոր թվանգների բոմբյունք... հնչեցին նվագածություններ, և այդ խառն որոտմունքի միջից գոռացին հարյուրավոր ձայներ. «թող կենդանի լինի մեր էլբակին...»: Երբ Պարոն Ռուստամը ձեռքը շարժեց, կրկին տիրեց լռությունը։

Դատարկվեցան գինվո և օղիի գավաթներ, աստուծուց բարի երթ և բարի հաջողություն մաղթելով, քահանայք կարդացին «Տե՛ր, ուղղյա՛ զճանապարհս դոցա»։ Էլբակին առաջ քաշեց յուր ձին և բոլոր ձիավոր բազմությունը հետևեցին նրան։

Այդ միջոցում, երբ ամեն աղջիկ, յուր սրտում ցանկանում էր այդ քաջարի երիտասարդի հարսն լինել, երբ ամեն մայրերը անձկանոք ուզում էին նրան իրանց փեսա լինել, օրիորդ Սալբին միայնակ իրանց դրացու կտուրին վրա թաքնված վերնապարսպի հետքում, վառվռուն աչքերով հետևում էր յուր հերոսի շարժումներին: «Գնա, ով քաջ, տերը քեզ հետ», ասաց նա խորին ոգևորությամբ, «քո ճակատին գրված է ոսկի տառերով՝ միշտ զենք կրել և առաջնորդել մի մեծ բազմության․..»։

Ծաղկավանը համարյա՝ դատարկված էր բնակիչներից. տներում մնացել էին միմիայն ալևորներ և պառավ կանայքը, մի քանի վարձկան գործավորների հետ, որոնք մնացել էին հողերը մշակելու համար։

Ավազակյանց տունից այս տարի ոչ ոք սար չգնաց. նրանք չէին կարող տանել իրանց ատելի տղամարդի գլխավորությունը։ Բայց ոչխարները հովիվներին հանձնելով, իրանք մնացին գյուղում։

Մահու չափ հարվածք ունեցավ այդ անցքը Սոլոմոն-բեկի վրա. նա չէր կարողանում տանել յուր սրտի կսկծին, սև նախանձը ուտում մաշում էր նրա լերդը։ Նա կատաղի հուսահատությամբ խելագարի նման մտավ յուր առանձնասենյակը, և ամբոխված, վրդովված, տարուբերվում էր զարհուրելի մտածությունների մեջ։ Երկար այդ տենդանման բորբոքման մեջ չարչարվում էր նա, մինչ վճռեց յուր մտքի մեջ սարսափելի խորհուրդ, մի խորհուրդ, որով մտածեց վերջ տալ յուր կյանքին...։

Նա առեց պատուհանից ատրճանակը և բերանը դրեց յուր սրտին, և քիչ էր մնում որ քաշեր բացեր նրա չախմախը. այդ միջոցին նրա հետևից մի մարդ բռնեց նրա ձեռքից, ասելով է՜յ, վա՜յ, ի՞նչ եք գործում։

Դա Ռես Վասակյանն էր։ Այդ դևը, էլիաթը ճանապարհ դնելուց հետո, գուշակելով յուր տիրոջ ցավալի դրությունը, քանի րոպե առաջ, աննկատելի կերպով, սողացել էր Սոլոմոն-բեկի սենյակը, և մունջ թաքնված էր մի անկյունում, հետզհետե հետազոտում էր նրա բոլոր կատաղի շարժումները, նրա երեսի վայրենի գծագրությունները։

Այդ ի՞նչ փոքրոգություն է, կրկնեց նա։

Տուր ինձ ատրճանակը, ասաց պատանի Ավազակյանցը։

Զգաստացեք, ուշքի եկեք, Սոլոմոն։

Ա՜հ, մահը, սիրելի մա՛հը միայն ցանկալի է ինձ։

Պարոն Վասակյանը, մահու գործիքը պատուհանից դուրս նետելով, բռնեց նրա ձեռքից, նստացրեց աթոռի վրա, հետո հրամայեց ծառային, որ ղեյլան բերեր նրան։

Նա չկարողացավ ծխել թամբաքուն, նրա բոլոր մարմինը դողդողում էր տենդանման ջերմախտի մեջ, նրա ձայնը խեղդվում էր, նրա շնչառությունը այնքան զորեղ էր և արագ, մինչև հավաքվել էր նրա բերանում բավականաչափ փրփուր։ Նրա վառված աչքերը, երեսի կատաղի գծագրությունները կասկած հարուցին պարոն Վասակյանին, թե իրավ ցնորվե՛լ էր նա, բայց շուտով պառկեց սոֆայի վրա, թմրությունը շուտով տիրեց նրան, և սկսեց արտախոսել խառնիխուռն զրույցներ, որոնց միջից շատ անգամ պարզ որոշվում էին «Եվ թող կենդանի լինի մեր էլբակին...»։

Պարոն Վասակյանը չհեռացավ նրա մոտից մինչև երեկո։ Արևը մտնելեն հետո, նա զարթեցավ մի փոքր զգաստացած։

Ինչպե՞ս եք գզում ձեզ այժմ, հարցրուց Ռեսը։

Ոչ շատ լավ, պատասխանեց նա՝ թույլ ձայնով, միայն հրամայեցեք որ շուտ տան թեյ և մի փոքր արաղ (օղի)։

Բանսարկուն մտածեց, թե առավել օգտակար է նրան նույն ժամուն խառնված դրությանը, մի քանի ստերով, մի քանի դատարկ հույսերով առժամանակ խաբելով, հրապուրել նրա միտքը, մինչև կհայտնվեր գործի վերջը։

Այսուհետև ավելորդ են ձեր տխրությունները, ասաց նա, որովհետև թեև մեր առաջին ձեռնարկությունները բոլորովին իզուր անցան, բայց այսօր իմ քրոջմեն ստացա խիստ ուրախալի լուրեր օրիորդի մասին։

Ի՞նչ լուրեր, հարցրուց անհամբերությամբ Սոլոմոն-բեկը։

Օրիորդը այժմ համարյա թե համոզված է ձեզ իրան համար փեսա ընտրելու, միայն մի քանի պատճառներով այժմ չէր կարող վճռականապես խոստանալ և հայտնել յուր հաճությունը։

Ի՞նչ պատճառներ են դրանք։

Հանգամանքները չեն ներում այժմ հայտնել այդ պատճառները, միայն դուք միամիտ եղեք, որ մի ամսից հետո օրիորդ Սալբին տիկին կունենաք այդ փառավոր ամրոցում։

Դուք միշտ հուսադրում եք, Ռես։

Ես հաստատ գիտեմ, և իմ հուսադրությունները անտեղի չեն։

Սոլոմոն-բեկը մի քանի ումպ թեյ ընդունելեն հետո՝ սկսավ անհագ կերպով ծխել ղեյլան, որ նույն ժամանակ կարծես թե նրան դուր եկավ։

Միայն դուք, աղա, առաջ տարավ խաբեբան, մի՛ վշտանաք դրա համար, որ գյուղացիք հիմարությամբ ընդդեմ ձեր հոժարության ընտրեցին Ռուստամին էլբակի, բայց ի նկատի ունեցեք, որ այդ նրանց ընտրությունը ավելի ձեռնտու է մեր նպատակի առաջադիմության, և մեզ համար շատ հարկավոր է նրա բացակայությունը Ծաղկավանից, այդ դեպքում նա քանի ամիսներով հեռու կմնա մեզանից, մինչև որ մենք աստուծո ողորմությամբ կկատարենք խորհուրդը։

Պարոն Վասակյանը ուռեցնելով Սոլոմոն-բեկի գլուխը, ունայն հույսերով, հեռացավ։

Բայց պատանի Ավազակյանցը բոլորովին ճշմարտություն համարելով Ռեսից լսածները, մյուս օրվա առավոտյան պահուն՝ կանչեց յուր քույրը Ալմաստին (որ գնում էր վարժարանը ուսանելու) և տվավ նրան մի թանկագին մատանի, պատվիրելով որ տա օրիորդ Սալբիին։ Նրա քույրը դժվարանում էր հանձն առնել այդ ծառայությունը, որովհետև նա վարժարանում եղած ժամանակները, քանի-քանի անգամ խոսք էր բացել յուր եղբոր մասին, միշտ ստացել էր կոշտ պատասխաններ, բայց այս անգամ նա ստիպված՝ հնազանդվելով իր եղբոր հրամանին, մտածեց հանձն առնել և փորձել վերջին փորձը։

Գարունքը օրեցօր երևան էր գալիս յուր շքեղ կերպարանքով. եղանակը գնալով տաքանում էր։ Պարոն Աշխարունիի տան բակի պարտեզը ստացել էր հիանալի գեղեցկություն։ Ամսական վարդը, սոխատեսակ ծաղիկները, զամբաղը և հասմիկը, բուրում էին անուշ հոտով։ Նշենին, ծիրանին զարդարված էին իրանց սիրուն ծաղիկներով։ Տիկին Սալլաթինի աշակերտուհիները, այդպիսի եղանակներում, ըստ մեծի մասին պարտիզում էին սովորում արձակ օդի մեջ, նստարանների վրա, որոնք դրված էին սաղարթախիտ և անթափանցիկ նարվանդի տակ։

Աշակերտուհիներից երկուսը՝ հեռացած պարտեզի մի անկյունը թաքուն խոսում էին։

Աղջի Սալբի, ասաց նրան բարեկամաբար Ալմաստը, որքան անգութ ես դու, և գուցե շատ հպարտ, որ չես կամենում ընդունել իմ սերը և իմ բարեկամությունը։

Չէ, Ալմաստ, երբեք հուսալու չէ իմ և քո մեջ մի ճշմարիտ սեր, երբ դու հարուստ ես, իսկ ես աղքատ, երբ դու կհայիս խիստ բարձրից և ամենայն ինչ քո աչքին փոշիի նման կերևի, ասաց երգիծաբանությամբ օրիորդ Սալբին։

Ա՜խ, որքան ցավեցնում է իմ սիրտը այդ պատասխանը, կրկնեց կեղծավորաբար Ալմաստը, հավատա, սուրբ տիրամայրը վկա է, որ ես ամենևին խտրություն չեմ գնում անձիս և թե իմ ընկերներիս մեջ, մտածելով թե նրանք ամեն բանով ստոր էին ինձանից։

Թեպետ դուք խտրություն չդնեք, բայց ստորներին իրանց չափը ճանաչել արժանի է, հարգել մեծությունը՝ սուրբ բան է, ասաց դարձյալ կատակով օրիորդ Սալբին։

Ալմաստը ավելի մոտեցավ նրան, և փաղաքշանոք բռնելով նրա ձեռքից, ասաց Սալբի, աստված գիտե, որ շատ եմ սիրում քեզ, և միշտ ցանկանում եմ ունենալ քեզ հետ թարմ սիրո հարակցություն։

Ինչ հարակցություն, հարցրուց սառնությամբ օրիորդ Սալբին։

Ես կամենում եմ խնամանալ ձեզ հետ խրծիկների (տիկնիկների) միջնորդությամբ։

Մի քնքուշ ժպիտ շարժեց օրիորդ Սալբիի վարդագույն շրթունքները։

Ձեզանից, որպես մի չափահաս օրիորդից, ներելի չէ լսել այդպիսի տղայական առաջարկություն, ասաց խստությամբ օրիորդ Սալբին, որովհետև խրծիկները, որպես երեխաների խաղալիքներ, չեն ծնուցանում ճշմարիտ սեր. իսկ սերը բխում է բարի և առաքինի սրտերից։

Ես հանաք (կատակ) արեցի, Սալբի, իրավ խրծիկները երեխաների խաղալիքներ են, բայց ես ունիմ մի առանձին պատճառ քեզ սիրելու, պատվելու և պաշտելու։

Ի՞նչ պատճառ էր այդ, հարցրուց սառնությամբ օրիորդ Սալբին բայց Դուք հասկացեք, որ ես չեմ սիրում կեղծավորություն։

Օրիորդ Ավազակյանցը շառագունեցավ ամոթուց, իրավ խոսակցի սառնասրտությունը կապում էր նրա լեզուն, նա չգիտեր, թե ո՛րպես առաջարկեր նրան իր եղբոր հանձնած մատանին։

Սալբի, ես ուզում եմ մի առաջարկություն անել քեզ, միայն խնդրեմ երդվիր, որ ընդունելու ես իմ խնդիրը։

Բnլորովին անկարելի է, որ ես խոստանամ ընդունել մի առաջարկություն, մի խնդիր, որ ինձ առաջուց հայտնի չէր, ուր մնաց, որ երդումով հաստատեի նրան։

Ուրեմն ընդունիր այդ մատանին և ամենայն ինչ հայտնի կլինի քեզ։

Ի՞նչ մատանի է այդ։

Առեք ձեր ձեռքը, նայեցեք, հետո կասեմ ձեզ։

Օրիորդ Սալբին մատանին առեց և հետաքրքրությամր սկսեց նայել նրա քարին (ակին), որի վրա ճարտարությամբ քանդակագործված էր մի սիրտ, բոցավառված կրակով, և նրա բոլորտիքը գեղեցիկ տառերով գրված էր «աստված սեր է»։

Այժմ ասացեք, ի՞նչ մատանի է այդ, հարցրուց օրիորդ Սալբին։

Այդ մատանին իմ եղբայրը, Սոլոմոն-բեկը, ուղարկել է քեզ, կարմրելով պատասխանեց Ալմաստը։

Երևի, սիրում է ինձ, հա՞ ։

Հրամեր եք, սիրում է, և սիրում է առավել քան յուր հոգին։

Բայց դժբախտաբար, ես չեմ կարող սիրել նրան։

Ինչո՞ւ։

Նրա համար, որ որպես մի տերության մեջ չեն կառավարում երկու թագավորներ, նույնպես և մի սրտում չեն կարող լինել երկու սեր։ Ալմաստը շփոթվեցավ։ Այդ ճշմարիտ է, ասաց նա, բայց պետք է հմուտ ճաշակ ունենալ ընտրության մեջ, և վատը չգերադասել լավեն. իմ եղբայրս փառավորված է աստուծո բոլոր պարգևներով իշխանություն, հարստություն, ճոխություն, բոլորը ունի նա։

Ես չեմ կամենում իմ անձս վաճառել, թեև գնողներն կամեին գնել նրան այն բաներով, որոնք ավելի փառավոր և վառվըռուն էին հիմար աշխարհի աչքերում, պատասխանեց օրիորդ Սալբին։

Դուք սխալվում եք, քույրիկ, ասաց նրան օրիորդ Ավազակյանցը խրատողի ոճով։ Մի մարդ, որ հնար ունի բախտավոր և երջանիկ լինելու, բայց երբ նա իր կամքով ընդունում է աղքատությունը, նշանակում է որ նա ինքն իրան դատապարտում է։

Սերը չէ որոշում այդ իրողությունները, նրա համար միևնույն է աղքատի խրճիթում բնակվել կամ վրանի տակը և թե փառավոր ապարանքում։

Սերը կույր է, նրա խոսքը կտրեց Ալմաստը։

Եվ բախտը կույր է, պատասխանեց օրիորդ Սալբին։

Բայց բախտի մեջ կա վայելչություն, փառավոր կյանք, երջանկություն և այն բաները, որոնց համար որ աշխատում է ամբողջ մարդկությունը. հավատացնում եմ ձեզ, որ դուք մի օր չարաչար կապաշխարեք ձեր այդ սխալի համար. հավատացնում եմ ձեզ, որ աղքատության մեջ, բացի տրտում և տխուր վշտերի, ոչինչ ավել գտնելու չեք. հավատացնում եմ ձեզ, որ իմ եղբայրս կարող է սիրել ձեզ միշտ, և բախտավորեցնել ձեզ։

Բայց ես հավատացնում եմ ձեզ, Ալմաստ, որ ձեր եղբայրը մի դատարկ մարդ է, դարձյալ հավատացնում եմ, որ արծաթի ժանգը նստելով նրա սրտի վրա, մաշել է նրանում ամենայն գեղեցիկ բան։

Օրիորդ Ավազակյանցը խիստ վշտացավ այդ կծու խոսքերից. տոհմական սնափառությունը շարժեց նրա բարկությունը և նա փոխելով յուր փաղաքշական ոճը, ասաց խստությամբ. ձեր չար լեզուն, ձեր համարձակ և անպարկեշտ սովորությունները, ձեր տարապայման բնավորությունը, իզուր չէ, որ ձեր անձնավորությունը ատելի է արել հասարակության աչքում, և ամեն մարդ պատճառ ունի համարել ձեզ լիրբ և անամոթ։

Ինձ ցավ չէ ընդունել բամբասանք մի անկիրթ ամբոխից, բայց դուք չափ դրեք ձեր լեզվին, եթե կկամենայիք պահպանել ձեր պատիվը։

Այդ խոսակցության ժամանակ վրա հասավ տիկին Սալլաթինը, Սալբի, Ալմաստ, կոչեց նա, դասի ժամանակ է, ի՞նչ եք խոսում այնտեղ։

Ալմաստը հեռացավ, գնաց յուր վարժուհու մոտ, բայց օրիորդ Սալբին մնաց յուր տեղում անշարժ։ Նույն միջոցին մոտեցավ նրան պառավ Գոզեն։

Արժանապատիվ աղջիկ պարոն, պետք չէր որ այնպես անքաղաքավարի կերպով վարվելով վշտացնեիք մելիքի դուստրը։ Բայց օրիորդ Սալբին մինչ այն աստիճան բորբոքված էր բարկությամբ, որ առանց պատիվ դնելու պառավ աղջկա ծերության, իսկույն յուր սրտի թույնը թափեց նրա վրա ասելով. հեռու կորիր դու սատանա, եթե չես ուզում, որ ես այդ միակ աչքդ հավասարեի մյուսին։

Գոզեն առանց մի բան խոսելու հեռացավ նրա մոտից։ «Այժմ հասկանում եմ այն խոսքերի բոլոր խորամանկ խորհուրդը, որ այդ երկու սատանայի ծնունդները մինչև այսօր ասել և կրկնել են ինձ, հիշեց յուր մտքում օրիորդ Սալբին, հողը ձեր գլխին, հիմարներ... դրանք ուզում են խլել ինձնից իմ Ռոստամը, որի հոգին կապված է իմ հոգու հետ, որի աստղը, ճակատագրական նախասահմանությամբ, միավորված է իմի հետ...»:

Եվ արդարև, Ալմաստի սրտի մեջ նույնպես թաքնված էր մի գաղտնիք. նրա աշխատությունը ոչ այնքան նրա համար էր, որ յուր եղբոր սիրած աղջիկը միավորեր նրա հետ, ոչ, այլ նա աշխատում էր ձեռք բերել յուր թաքուն նպատակը, այսինքն օրիորդ Սալբիին սիրել տալով յուր եղբայրը, ինքը հնար կունենար խլել նրա ձեռքից այն վայելչագեղ տղամարդը, որ մի օր առաջ այնքան փառավորությամբ դուրս եկավ Ծաղկավանից։

Ալմաստի ծածուկ սերը պարոն Ռուստամի հետ ունի յուր ռոմանական հրապուրիչ կերպարանքները...։

ԻԶ

ՌՈՒՍՏԱՄԻ ՕՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

«Գիտեմ, դու կսիրես կարդալ, իմ նազելի Սալբի, թե ո՛րպես անցուցանում եմ ես սարում իմ օրերը առանց քեզ, մեր պարզամիտ հովիվների հետ, արածացնելով մեր անասունները։

«Այսուհետև ամեն գիշեր իմ վրանի մեջ նստած, փոքրիկ լապտերիկի լուսով, գրելու եմ քեզ իմ օրագիրը, ա՜խ, ո՜րքան ուրախություն է զգում սիրտս, երբ մտածում եմ, թե դու սիրով կարդալու ես այդ բոլորը:

«Գիշերը ծանր է և մթին. ահա՝ վառվում են բոլոր չադրների առջև օջախները, և պղնձների մեջ եփ եկող կաթնի շոգիները՝ լցրել են օդը ախորժելի հոտով։ Հեռավոր սարերի լանջերում տեսանելի են հրավառ կետեր, սնահավատ ճամփորդը սարսափելով անցնում է դրանց մոտից։ Դրանք մենավոր հովիվների խարույկներն են, որ նրանք վառել էին սարում մի փոքր կաթ տաքացնելու և իրանց քաղցը հագեցնելու համար։ Բայց դու լսում ես, թե ինչպես սնոտիապաշտ պառավները պատմում են զանազան առասպելներ այդ հեռավոր խարույկների մասին՝ իրանց թոռնիկներին ասելով. կամ նրանք թագուցած գանձեր են, կամ այնտեղ մի սուրբի մարմնի մասը թաղված է, և կամ պատառող գայլերը, քավթառները գալիս են գողանալու ոչխարներ, և նրանց աչքերն այդպես լույս են տալիս։ «Բայց ես չեմ ախորժում լսել առասպելներ, ես և դու սիրում ենք հրաշալի բնությունը... Բայց ո՜րքան գեղեցիկ է երևացնում նա իրան այստեղ, այս սարերի մեջ...։ Այն իրողությունները, որ մինչև այսօր ես երևակայությամբ մտաբերում էի հովվական կյանքի մասին, այն երգերը, որ ա՜յնքան ոգևորությամբ փառաբանում են հովվի անմեղությունը, երբեք չէին կարողացել տալ ինձ մի ստույգ գաղափար այդ օրհնյալ կյանքի մասին, որով ապրել են Աբրահամը, Իսահակը և Հակոբը։ Բայց այժմ, սիրելի Սալբի, ափսո՜ս, առանց քեզ ես վայելում եմ այդ բանաստեղծական կյանքի պարզ ու անմեղ պոեզիան։ Հովասուն և աստղազարդ գիշերներ, վարդագեղ արշալույսներ, զեփյուռաբեր և ոսկի առավոտներ, թարմ և կենսատու օդ, հոտավետ ծաղիկներ, կանաչ մարգեր, երգող թռչուններ. ամեն օր, ամեն ժամ գգվում են, փայփայում են, սնուցանում են մեզ։

«Բայց ցավալի սրտով ես նկատում եմ, որ մեր հայերը չունին գեղեցկասեր ճաշակ. նրանք դեռ չեն սովորած զգալ և պաշտել վսեմը և վայելուչը։ Հրաշալի բնությունը յուր շքեղությամբ չէ հիացնում նրանց և ոչ յուր կատաղի կերպարանքներով բերում է նրանց սարսափ։ Ես զարմանում եմ, թե ինչու դրանց սրտերը, դրանց հոգիները այդքան կոշտ են և անզգա, և իրանց մտքերն այդքան մեռած են...։ «Ես ամենևին չեմ տեսնում մի հասուն օրիորդ կամ մի մանուկ տղամարդ, որ իրանց երգերով փառաբանեին արևի առավոտյան հրաշալի ծագումը, կամ թե նստած լուռ և մունջ խորին ոգևորությամբ հիանային վսեմ հափշտակության մեջ, արշալույսի փառահեղ պատկերովը։

«Արևմտյան պահուն, արևի վերջալույսը կարմիր, հրագույն ներկերով նկարում է երկնքի վրա հազարավոր կախարդական պատկերներ, տարուբերական ամպերը մի րոպեում տալիս են այդ պատկերներին հազարավոր հսկայաձև կերպարանքներ. նրանք փոփոխվում են... փոփոխվում են... երբեմն զարհուրանք, դժոխք և վիշապներ ձևացնում մեր աչքի առջև... իսկ երբեմն՝ դրախտ, անտառախիտ ծառեր և ծիծաղող հուրիներ...։ Բայց հայ մարդը չէ նկատում բնության այդ հրաշարվեստ ճարտարությունները. նա միայն զգում է, որ արևը մտնում է... արևը գնում է հանգստանալու յուր գիշերային կայարանում, որ առավոտյան կրկին լուսավորե իրանց հովիտը։ Եվ հայ մարդը, յուր հորիզոնից դեպի մյուս կողմը, յուր ծանոթ սարերի ետևումը, չգիտե թե ինչ կա։ Նա չգիտե, թե այն տեղերում՝ նույնպես կան երկրներ և այն երկրների վրա բնակված են յուր նման հայեր, նույնպես ծառայության լծի տակ նույնպես գերության մեջ...։

«Բայց հայ մարդը բոլոր աշխարհը կենտրոնացնում է յուր Հովտի մեջ... և բոլոր մարդկությունը համարում է թե ծնված է միմիայն ծառայության և ստրկության համար...։

«Ես տեսնում եմ ամեն առավոտ նորահաս օրիորդներ, մանկահասակ նորահարսներ, որ գնում են զբոսնելու կանաչ արոտամարգերի մեջ։ Առավոտյան ցողը յուր մարգարիտներով թրջում է նրանց ոտքերը, երգող թռչունները բարևում են նույն առավոտը, անուշահոտ ծաղիկները բյուր հրավերք են կարդում նրանց... բայց հայ օրիորդների ականջները խուլ են լսելու այդ ձայներից մինը, նրանց աչքերը կուրացած են նկատելու բնության հրապուրիչ քնքշությունները, նրա գրավիչ ծիծաղը, նրա շռայլ և հրաշափառ պչրանքը...։ Ես չեմ տեսնում այդ աղջիկներից ոչ մինը, որ յուր գլուխը, յուր կուրծքը զարդարած վարդերով հետ դառնար զբոսանքից, և թաքուն յուր չադրի ետևից սողցներ յուր սիրողի ձեռքում մի փունջ ծաղիկ...։

«Թեպետ վայրենի կյանքի բնական ազդեցությունն այստեղ տվել է այդ մանուկ աղջիկների, այդ նորահաս կնիկների վարքին մի փոքր ազատություն, մի փոքր արձակ համարձակ ընթացք, և մարդ շատ անգամ տեսնում է հետ քաշված քողի տակից նրանց վարդ երեսները, նրանց անխորհուրդ ծիծաղը և լսում է մի քանի հատ ու կտոր բառեր նրանց խոսակցությունից, բայց այդ բոլորը առանց համակրության, առանց զգացողության, մեքենաբար, սառն և ցամաք...։

«Թեպետ մեր վրաններն այստեղ շատ մոտ են կազմված միմյանց և բոլոր խաշնարածների ընտանիքը, համարյա', կազմում են մի գերդաստան, բայց միևնույն այդ ամփոփված և խառն կացության մեջ, ամեն մի հանգամանքներում, տեսանելի են' անմեղությունը, սրբությունը և հիմարությունը...։

«Այժմ հասկանում եմ ես, սիրելի Սալբի, այն խնդրի խորհուրդը, որ շատ անգամ քեզ հետ չենք կարողացել լուծել, թե ինու հայերը չեն ունեցել ազգային բանաստեղծություն։

Ինչո՞ւ , կհարցնես դու ինձանից։

«Երբ մենք մեր մտքին, մեր սրտին, մեր կրքերին, մեր զգացմունքներին, մեր բոլոր հոգեկան զորություններին՝ տալիս ենք սանձարձակ ձգտողություն, համարձակ թռիչք և ազատ ներգործություն, նրանք գնալով աճում են, ընդարձակվում են և կատարելագործվում են։ Նույն ժամանակ ֆանտազիան, որ բնական է մարդուն, ներշնչում է մեր հոգու մեջ մի մոգական զորություն, և մարդկային միտքը, վառված, բորբոքված այդ աներևույթ կարողությունից, վերասլանում է բնական աշխարհից դեպի գերբնականը, վերափոխվում է մարմնավոր դրությունից դեպի հոգևորը, և այնտեղ, վերին, կախարդական երկնակամարում, հրճվում է, սքանչանում է, զմայլում է վսեմ զգացմունքներով։

«Բայց ավա՜ղ, հայ մարդու միտքը, սիրտը, կրքերը և բոլոր հոգեկան զորությունները հավիտենից միշտ ճնշված լինելով մշտնջենավոր ստրկության լծի տակ, կաշկանդված լինելով առօրյա հոգսերից, վարակված լինելով դարավոր խավարի մեջ, մեռած և սասանված լինելով բռնավորի ահից և նրա սրից երբեք և մի րոպե չեն ունեցել ազատ շունչ, և որպես ասացինք, ազատ թռիչք և ձգտողություններ...։ Եվ բնականաբար մի բան, որ միշտ կենում է անշարժ դրության մեջ, նա ապականվում է և փտում է. մի բան, որ օրըստօրե դիմում է դեպի նվազումն և դեպի տկարություն, նա վերջապես սպառվում, ոչնչանում, և որպես հասարակաբար ասում ենք՝ մեռնում է․.։

«Բայց հոգին չէ մեռնում, կասես դու, իմ Սալբի. մի կրոնական մտքով՝ նա ընդունակ է, որպես ներբողելու յուր ուրախությունները, նույնպես և ողբալու յուր ցավերը։

«Բայց թող մնա ավելի խոր գնալը հոգեբանության մեջ, որ վեր է մեր կարողությունից, մենք դառնանք դեպի մեր խոսքը։

«Ես փորձ փորձեցի, թե արդյոք կարո՞ղ էի զարթեցնել իմ այժմյան ընկերների հոգու մեջ հայկական նախկին քաջաստրություն և տալ նրանց մի ստույգ գաղափար իրանց ազդի և իրանց հայրենիքի մասին։ Այդ պատճառով իր վրանում՝ որոշյալ ժամերում հավաքում եմ մի քանի նորահաս տղամարդիկ. ես կարդում եմ նրանց Խորենացին, Եղիշեն և հայոց ազգի այլ պատմական գրքերը։ Ես պատմում եմ նրանց, թև հայերը նույնպես ունեցել են մի ժամանակ' տերություն, թագավորություն և զորություն աշխարհի մեջ։ Ես ցույց եմ տալիս նրանց այն երկրները, որ առաջ պատկանում էին հայերին և որ այժմ այլք տիրացել են։ Ես հասկացնում եմ նրանց, թե մի ազգ, որ չունի երկրի վրա մի կտոր հող և ապրում է օտարի հողի վրա, այդ ազդը կլինի այն հողատիրոջ ծառան, նրա ստրուկը, և այդ ազգի աչքերից երբեք չեն պակասելու արտասուք և լաց։

«Քանի օր է, որ շարունակում եմ իմ դասերը և իմ սիրելի ունկնիդները խորին ուշադրությամբ լսում են։ Ես նկատում եմ մի բան, որ գաղտնի կերպով եփ է գալիս նրանց սրտի մեջ. նրանց արյունը բորբոքվում է, նրանց կրծքերը բարձրանում են, և ես տեսնում եմ հայասիրության սուրբ արտասուքն անձրևում է նրանց աչքերից...:

«Ի՞նչ անեն հայերը, ի՞նչ հող ածեն իրանց գլխներին, մի՛թե առանց ուսումի առանց գիտության և առանց լուսավորության մարդ կարո՞ղ է կատարյալ մարդ լինել, յուր օգուտը ճանաչել, յուր վնասը հեռացնել, յուր ազգը սիրել և յուր հայրենիքը պաշտել:

«Հայը յուր աչքերը բացում է իրան ծառայության և գերության մեջ է տեսնում։ Նա չէ հասկանում, թե ինքը նույնպես մի մարդ է աշխարհի մեջ և ունի մարդկային իրավունք, հավասարաբար վայելելու այն բոլոր շնորհքները, որ աստված պարգևել է մարդուն։ Նա չէ հասկանում, թե աստված այդ երկիրը յուր բոլոր բարիքներով մարդու համար ստեղծեց, և ինքն իբրև մարդ, բաժին ունի դրանից։ Նա չէ հասկանում, որ բոլոր մարդիկ մի տեսակ են ստեղծված, մի կերպարանք ունին, բոլորն էլ ազատ են և ամենեվին մեկն իրավունք չունի իշխելու մյուսի վրա։

«Բայց երբ ճշմարտությունը վարագուրվում է խաբեությամբ և արդար իրավունքը փշրվում է հաղթահարության ու բռնության ոտքի տակ, այն ժամանակ մարդը յուր իրավունքը առաջ տանելու համար պարտավորվում է գործ դնել յուր ֆիզիկական զորությունը-յուր թուրը։

«Ես աշխատում եմ տալ իմ ընկերներիս տեղեկություն այդ բոլոր իրողությանը վրա։ Ես աշխատում եմ բաց անել նրանց` միտքը, նրանց աչքը և նրանց ձեռքը։ Իմ դասերը լինում են գիշերներով, լուսնյակի կաթնագույն լուսով, երբ բոլոր չադրների մեջ քնած են լինում հովիվները։ Բայց առավոտյան և երեկոյան պահուն իմ նորահաս աշակերտներիս պարապեցնում եմ զինվորական կրթություններով։ նրանք այժմ խիստ վարժ են կառավարելու իրանց ձիաները և շարժելու զենքերը։

«Եվ ես ուրախությամբ նկատում եմ, որ քաջազնական արյունը դեռ բոլորովին չէ սառած Հայկա որդիների երակների մեջ։ Եվ այս օրերում մի անցք փորձով ցույց տվեց և նրանց արիությունը կռվի մեջ։ Մեզանից մի քանի մղոն հեռու ճարայան սարերի մեջ իջևան ել էին մի քանի չադրներ` քրդստանցի հայ խաշնարածներից: Հանկարծ մեզ լուր հասցրին, թե Ռավանդները կողոպտեցին նրանց չադրները և տարան նրանց անասունները։ Մի ակնթարթում ավելի քան հիսուն սպառազինված տղամարդիկ գտնվեցան ձիաների վրա. նրանք կայծակի արագությամբ հասան ավազակներին Ծաղկաձորում, կռիվն սկսվեցավ մի նեղ փապարում։ Քրդերի ավելի քան երկու հարյուր ձիավոր էին, նրանք կռվում էին զարհուրելի կատաղությամբ։ Բայց մեր քաջերից ամեն մինը մի ասլան էր դարձած. ես զմայլած էի ուրախությունից, չէ՞ որ, Սալբի, երկար ժամանակ է, որ կռվում չէի եղած։ Ամբողջ մի քանի ժամ տևեց կռիվը, որ և վերջացավ մեր հաղթությամբ։ Մենք թափեցինք ավարը, խլեցինք ավազակներից ձիաներ և զենքեր, սպանելով նրանցից տասներեք հոգի, մյուսները վիրավորված` բոլորը փախան։ Բայց մեր ընկերներից սպանվեցավ միայն Մուրադի որդի Քյալաշը և հինգ հոգի էլ ստացան անվնաս վերքեր։

«Դու չես տխրելու, Սալբի, լսելով, որ ես մի թեթև վերք եմ ստացել աջ թևիս, դու կմտածես, որ անվնաս է դա, որովհետև այժմ համարձակ դրում եմ քեզ։ Բայց հայտնիր, խնդրեմ, մըստր Սեյսունին թող ուղարկե իմ և ընկերներիս համար մի փոքր սպեղանիք։

«Բայց, իմ սիրելի, մի զարմանալի անցք, որ պատահեցավ կովի մեջ, մինչև այժմ որքան մտածում եմ, չեմ կարողանում ոչ մի կերպով մեկնել ինձ։ Դու դիտես, սնահավատությունն ինձ համար ծիծաղելի բան է, դու գիտես, ես ամեևին չեմ հավատում այն գերբնական կամ աներևույթ կոչված զորություններին։ Բայց և այնպես, այդ գաղտնիքը մնում է ինձ համար անլուծելի, թե ի՞նչ էր այն, որ պատահեցավ ինձ...։ Մի ահարկու քուրդ, դարան մտած քարի հետևում, ուղղեց դեպի ինձ յուր հրացանը, յոթն այլ քրդեր պաշարեցին իմ բոլորտիքը, վտանգը հեռու չէր ինձանից...։ Հրացանները ճայթեցին, ես կորա ծխի մեջ... բայց ի՞նչ էր այն, չգիտեմ... թե որպիսի աներևույթ ձեռք ազատեց ինձ... մին էլ աչքս բաց եմ անում, տեսնում եմ` որ իմ ձիու վրա գտնվում եմ ավելի ապահով տեղում, իմ ընկերների մեջ, որոնք, ինձ միայնակ թողնելով, հեռացել էին դեպի քարափի մյուս կողմը... թող մնա այդ, գուցե ծիծաղես ինձ վրա, Սալբի, թե երկյուղը ծնուցել է իմ գլխում երևակայական ցնորք, դառնանք դեպի մեր խոսքը։

«Ահա՛ այդպես, իմ նազելի, նայիր, թե կրթությունն ինչ հրաշքներ է գործում մի անուս ռամիկ ամբոխի վրա, և դու կտեսնես, թե մարդիկ միօրինակ ստեղծվածներ են, թե նրանց մեջ մինը չկա, որ ստեղծված լինի «անոթ ընտրության» և մյուսը «անոթ ապականության»։

«Ես իմ ընկերների մեջ ազգային սերը զարթեցնելու համար, բացի այլևայլ հնարքներ գործ դնելը, ուսուցել եմ նրանց մի քանի ազգային երգեր։ Նրանք խորին ոգևորությամբ երգում են «Ա՜խ, թե իմ ալևոր հերքս սևնային» սքանչեչի երգը։ Եվ իմ հոգիս փառավորվում է, երբ շատ անգամ կես գիշերային պահուն, կամ արևածագից առաջ, հեռու սարերի մեջ, լսում եմ մի հիանալի ձայն` «Տե՛ր, կեցո՛ դու զհայս»։ Ահագին լեռնաժայռերը կրկնում են կախարդական երգի արձագանքը։ Բայց մեր վրանաբնակների սրտերն առավել կարծր են, քան թե այն պինդ քարաժայռերը. նրանք չեն զգում և ո՛չինչ այդ երգից, նրանց համար այդպիսի ձայներ, ասես թե քամիներ են հնչում...։

«Բայց նրանք մեղ չունին, երգերը հորինած են այնպիսի լեզվով, որ անհասկանալի են ռամիկներին։ Այդ պատճառով ես մտածեցի հորինել մի քանի տաղեր այդ երկրի աշխարհիկ բարբառով, որպեսզի մոտ լինեն ռամիկների սրտին և նրանց հասկացողությանը. և այդ տաղերը, հույս ունիմ, որ թե՛ կազդեն և թե՛ կներգործեն նրանց սրտերին և զգացմունքներին։

«Բայց ես շատ ափսոսում եմ, իմ նազելի, որ դու այստեղ չես. ես գիտեմ, որ դու էլ կաշխատեիր հավաքել մի քանի նորահաս աղջիկներ և կուսուցանեիր նրանց երգեր և իրանց ազգի պատմությունը։ Բայց սիրտս ճաքում է, երբ շատ անգամ լսում եմ, թե ինչպես այստեղ աղջիկները երգում են օտար ազգերի լեզուներով և մայրերը նանիկ են ասում օտար ազգի բարբառով։

«Բայց մի քանի օր առաջ, որսորդության համար, ես միայնակ իմ ձիով, գնացել էի հեռու սարերի մեջ. այնտեղ, մի նեղ հովտում, հանդիպեցա մի քանի աղքատիկ չադրների, որ ավելի նման էին թափառական զարաչիների չադրներին։ Ավազակները, կարծես թե, դեռ նոր էին հեռացել այդ անբախտ չադրներից, այնքան տխուր և տրտում էր նրանց տեսքը։ Ես իմ ձիուց իջա աղբյուրի մոտ` մի փոքր հանգստանալու, ինձանից ո՛չ այնքան հեռու կազմած էր մի վրան, արևը յուր կիզող շողքերը ներս էր կաթեցրել նրա պատառոտած ճեղքերից։ Մի մանկահասակ կին, տխուր, բայց վայելուչ կերպարանքով, ճոճում էր յուր տղայի լանտիկը, որ քարշ էր տված չադրի երկու սյուներից։ Մի խիստ ցավալի ձայնով եղանակում էր այս ողբալի օրորոցի երգը։ Հնչող քամիները նրա ձայնը տանում էին հեռո՜ւ և խառնում մուզաների ձայնի հետ...։

«Նանիկ արա, սիրուն որդյակ,
Դու նանի՜կ, նանի՜կ, նանի՜կ,
Նանիկ արա, շուտ մեծացի՜ր,
Քեզ մատա՜ղ է իմ ջանիկ:

«Օրորոցդ մոր ձեռքով`
Մեղմիկ, հանդարտ` կշարժեմ,
Քո մեռած հոր հիշատակը
Քեզ երգելով կպատմեմ.

«Հայրդ էր հզոր առյուծ,
Այն քաջ-արին Երվանդ,
Նա ուներ դեպի յուր ցեղը`
Շատ սեր, շատ գութ, շատ եռանդ

«Մի օր հեծավ յուր սև ձին,
Ելավ նա դեմ ոսոխին,
Յուր հետ յուր քաջ ծառաներ`
Գնաց վանել թշնամին:

«Թշնամին էր քաջն Ռավո`
Այն վիթխարի աժդահան`
Զարկեց հորդ սրտի մեջ
Յուր նիզակը հոգեհան

«Զարկեց հորդ սպանեց,
Մեր հոտերն ավար տարավ,
Վրանները կողոպտեց,
Նա մեզ ոչինչ չթողավ:

«Նանի՜կ արա, աչքի լո՜ւյս,
Նանի՜կ, որ շուտ մեծանաս`
Քո անտերունչ քաջ ցեղին
Հորդ փոխան տիրանաս:

«Մեր ծաղկավետ սարերը,
Մեր խոտավետ արոտներ,
Արածում են թշնամյաց
Եվ օտարներու հոտեր.

«Մեր պաղ, հստակ աղբյուրներ
Պղտորում են պիղծ շրթունք,
Մեր թշնամյաց կուրծքերը
Զարդարում են մեր ծաղկունք:

«Հպարտ, ազատ մեր ցեղը,
Ամոթալի հիշատա՜կ...
Ծռել է յուր պարանոց
Մեր հաղթողի լծի տակ:

«Իսկ մենք պանդուխտ, անտերունչ,
Թափառում ենք սարեսար,
Օտար ձեռքերու կարոտ,
Հողի՜ն եղած հավասար:

«Անա՛րգ, գերի՛, անպատի՛վ,
Որպես պիղծ ազգ, անամոթ,
Թքում են մեր երեսին,
Ապտակ զարկում մեր գլխին,

«Նանի՜կ կասեմ, իմ հրեշտակ,
Նանի՜կ կասեմ երգելով,
Նանի՜կ կասեմ երգելով,
Ողբերգելով ու լալով...:

«Երբ մեծացար աստուծով,
Ա՛ռ հորդ նետ-աղեղը,
Հեծի՛ր նրա նժույգը,
Կրկին տիրե՛ քո ցեղը:

«Խնդրե՛ հորդ վրեժը
Այն սեգ, անգութ հաղթողեն,
Ա՛ռ նրանից հոտերը,
Արտաքսե մեր սարերեն:

«Նորա երկաթի կուրծքի մեջ
Դու էլ ցցե՛ քո մզրախ,
Երկու բուռն արյունից
Դու խմե ուրա՜խ-ուրա՜խ:

«Խմե՛, և թո՛ղ զովանա
Քո մոր կրակված սիրտը,
Խմե՛, և թո՛ղ հանդարտվին
Հորդ կարոտ ոսկերքը:

«Նանի՜կ կասեմ, դու քնե՛,
Ո՛վ իմ հրեշտակ արդար,
Քնե՛, զի դու միայն ես
Մորդ սրտին մխիթար...:

ԻԷ

ՌՈՒՍՏԱՄԻ ՕՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

«Արդարև, դու իմ սիրելի Սալբի, կարդացիր այրի կնոջ օրորոցի երգը, ես հույսով եմ, որ այդ կախարդական երգը միևնույն ազդեցությունն արած կլինի քո սրտին, ինչ որ արավ իմին, ես հույսով եմ, որ դու առանց արտասուքի, առանց սրտացավության չես կարդացել այդ երգը։

«Բայց այդ ի՞նչ ողբալի երգ է, որ լսելի է լինում, հեռու, այս ասիական սարերի մեջ, այդ ի՞նչ սգավոր մայր է, որ այսպես ցավալի կերպով ճոճում է յուր որբիկի օրորոցը, և այնպես այրված, կրակված սրտով ցանկանում է` օր առաջ մեծանար յուր տղան և տիրեր յուր ցեղին ու հոր կորուսած երկրներին։

«Այդ հայի մոր ձայնն է, Սալբի, այդ այն սգավոր այրիի ձայնն է, որ այդպես ցավալի եղանակով հնչում է ասիական սարերի մեջ... բայց հայոց տիկնայքը ձայնակից չեն լինում նրան... և ոչ հայոց որդիների ականջներն են լսում այդ մոգական ձայնի ազդու հնչյունները...»

«Ահա՛ քեզ օրորոցի երգ, ահա՛ քեզ մի քաջազնական կրթության սկզբունք։

«Ամենից առաջ մայրը ցանում է յուր երեխայի ամուլ և դեռ բնությունից ոչինչ չընդունած գլխի մեջ ազատության սերմերը: Այդ բարեպտուղ սերմերը ոռոգելով մայրական կաթնով, որ բխում է մի ջերմ, ախտաբորբոք սրտից, քաջազնական երակներից ծլում են, աճում են և հասունանում են երեխայի հասակի հետ։

«Առաջին խոսքերը, որ մայրը խառնում է յուր երեխայի օրորոցի երգերի մեջ, չեն կրոնամոլական անհոգի և տաղտուկ քարոզներ և ո՛չ սնապաշտական առասպելներ, այլ երեխայի հոր և նրա պապերի պատմությունը, իրանց կորուսած երկրների, սարերի, դաշտերի և հովիտների գեղեցկությունները, անտառների ու թփերի ծաղկավետ հոտավետությունկերը, իրանց հոտերի, անասունների կողոպտվելը, թշնամու հաղթությունը և իրանց ցավալի գերությունը...։ Ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե երեխայի ականջները լսում են յուր մոր այդպիսի խոսքերը, և առաջին գաղափարը, որ կերպարանագործվում է նրա թարմ երևակայության մեջ, է վրեժխնդրության կատաղի նախանձը:

«Այդ մի սուրբ նախանձ է... Սալբի. այդ ազգասիրության աստվածեղեն նախանձն է, որ ամեն կրքերից առաջ պիտի բնավորվի մեր երեխաների հոգիների մեջ։

«Բայց այս պաշտելի այրիի երեխան յուր առաջին աչքաբացից տեսել է յուր կողքին դրած հոր թուրը, այն միակ ժառանգական ավանդը, որ մնացել է յուր պապերից, իբրև մի նվիրական սրբություն: Այդ հզոր թրով կտրվել է երեխայի պորտը և նրա ազնիվ արյունը խառնվել է յուր պապերի արյան հետ, որոնք անջնջելի նշաններով մնացել էին այդ քաջության զենքի վրա...։

«Իմ սիրելի Սալբի, ես էլ քեզ հետ ծնված ժամանակ, մեր մանկաբարձ դայակը դողդոջուն ձեռքերով դրեց մեր խանձարուրի մոտ մի թուր... և այդ ավանդությունը մինչև այսօր կատարում են հայոց մանկաբարձները, բայց, ափսո՜ս, ո՛չ յուր իսկական խորհրդով... նրանք տվել են այդ խորհրդական իրողությանը մի սնապաշտական կերպարանք որ դևերը չմոտենային նորածին մանկան և նոր ծննդականին։ Եվ այդպես, յուր առաջին աչքաբացից` հայ մանուկը սկսում է սովորել սնապաշտություն...։

«Բայց փափկությունը և սնահավատությունը` սկսյալ տղայությունից, չեն թուլացնում այդ այրիի որբիկի հոգին ու մարմինը։ Նա մեծանում է այնքան ամուր, այնքան անխորտակելի, որպիսի են ահագին որձաքարյա ժայռերը, որոնք եղան նրա խանձարուրը: Նա մեծանում է այնքան ուղիղ և բարձրագլուխ, որպես իրան շրջապատող բարձր եղևնիները։ Աշխարհի փոթորիկները, կայծակների փայլատակումը, ամպերի բոմբյունները երբեք չեն կարողանում խոնարհեցնել, խորտակել այդ ուղղաբարձ, բարձրադիտակ հասակը։ Բայց երբ ճակատագիրր փոխում է նրա բախտը` նա ավելի սիրով գրկում է մահը, քան թե յուր ոսոխի ոտքերը...։

«Այդ այրին հիմար է, որ խոսում է յուր երեխայի ականջներին վրեժխնդրության խրատներ, ասում է ինձ մի քուրմ սև հագուստներով և սև սրտով որովհետև վրեժխնդրությունը մեղք բան է. պատճառ՝ մենք քրիստոնյա մարդիկ ենք, մեր պարտավորությունն այն է, որ չարության փոխանակ բարություն անենք և սիրենք մեր թշնամիներին։

«Գնա՛, կորի՛ր, ասում եմ նրան բարկացած, թո՛ղ վրեժխնդրության աստվածը թափե իմ գլխին կայծակ, կրակ, թո՛ղ նա բանա ինձ համար դժոխքի բերանը, բայց ես պիտի գոչեմ, աղաղակեմ այս անբախտ այրիի հետ` վրե՜ժ, վրե՜ժ...։ Գնա՛, կորի՛ր, սևերես, կրկնում եմ ես՝ մի՞թե այն վրեժխնդիր աստվածը, որ Ադամին դրախտից արտաքսեց արգելված թուզն ուտելու համար և նրա գալոց սերունդը հավիտենական դատապարտության տակ դրեց, աշխարհը ջրհեղեղով կործանեց, Սոդոմն ու Գոմորը ծծումբով այրեց, յուր կամքին անհնազանդ լինողներու համար վառեց գեհենի կրակը, մի՛թե մի այդպիսի վրեժխնդիր աստվածը կարո՞ղ է պատժել ինձ վրեժխնդրության համար։ Ո՛չ...: Պատիվ և իրավունք պաշտպանելը սուրբ բան է։

«Ո՛չ, բարեկամ, դուք հետևում եք հին օրենքին` «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»։ Բայց մենք, որպես քրիստոնյա մարդիկ, պիտի դարձնենք մեր աջ երեսը, երբ զարկեն ձախին, պիտի տանք և մեր վերարկուն, երբ պահանջեն մեր շապիկը...։

«Տո՛, մի թող տուր, է՜յ, թե աստվածդ կսիրես, հենց այդ խոսքերն եղան խեղճ հայի տունը քանդողները։ Այսօր աշխարհում մի ազգ էլ չկա, որ հայի նման նեղության մեջ լինի։ Շատ ազգեր, որ հայի կիսի չափ չկան, ո՛չ մի ազգի առաջ չեն խոնարհեցնում իրանց անպարտելի գլուխը, այլ քաջությամբ և թրի զորությամբ պահպանում են իրանց ազգային անկախությունը։ Հապա հա՞յը, միայն խե՛ղճ հա՞յը ամեն տեղ գերի, ամեն տեղ ոտքի տակ ընկած... հենց հա՞յը պիտի կատարե յուր փրկչի հրամանը, ո՛վ յուր թուրը բարձրացնե, նա՛ պիտի յուր անբախտ գլուխը դե՞մ տա...։

«Այդպես է նրա հրամանը։

«Եղբայր, նա մի անտուն, անտեր մարդ էր, եթե դու էլ նրա նման լինես, քո որդիքդ սովից կմեռնեն։

«Նա ինքը կպահե իմ որդոց։

«Հա՛, կպահե, գնա՛ խաղաղությամբ հողը մտիր, քո որդիքը միշտ կուշտ են... հա՛, նա կպահե քո որդոցը...։

«Կարճելով զրույցներս իմ անտանելի խոսակցի հետ, դառնում եմ դեպի քեզ, իմ անգին Սալբի. բայց դու ներիր իմ մի փոքր անհավատ խոսքերիս, ես կամենում եմ ասել` կրոնք ասած բանը չարաչար վնասել է մարդկությանը և առավելապես հայերը կրել են քրիստոնեության վնասը։

«Արդարև, ես չեմ կարող ուրանալ քրիստոնեության օգուտները, որ նա հասույց մեր ազգին, գիտեմ, քրիստոնեությունը եղավ մի միջնապարիսպ և չթողեց հայերը խառնվեին իրանց դրացի ազգերի հետ։ Նա ազատեց հայերին կուլ գնալուց սասանյան պարսիկների մեջ, և Մուհամմեդի, Արաբիայի ախտալից որդու կրոնքը, ճարակելով բոլոր ասիական ազգերը, չկարողացավ ուտել, մարսել և հայոց ազգը. նա հեռու պահեց հայերին և խաբեբա հույների հետ խառնվելուց։

«Բայց հայոց աբեղաները մի այնպիսի խոտորնակի ընթացք տվին քրիստոնեական կրոնքին, և մի այնպիսի թույլ, ստոր փոքրոգի դիմակի մեջ պարուրեցին նրա ազատ հայացքը, որով քրիստոնեությունը հայերի մեջ մի այլ հոգի չկարողացավ ներշնչել, քան թե այն միակ ստրկության հոգին, որ և իրոք ստացան նրանք:

«Հայոց քահանայք միշտ քարոզեցին, թե այս աշխարհս մի փուչ անցավոր աշխարհ է, որ աստված ստեղծել է մարդու համար, որպես մի բով, որի մեջ մարդը, ոսկերչի արծաթի նման, պիտի հալվի, մաշվի և զտվելով մաքրվի՝ մի նոր փառավոր կյանքի համար մահից հետո...։ Նրանք քարոզել են և այն առասպելական խոսքը, թե հայոց ազգի վրա լինելով մի անեծք յուր հին հոգևոր հայրերից, նրա որդիներին այս աշխարհի մեջ չկա հանգստություն, այլ նրանք պիտի հալածվին, վիշտ ու նեղություն կրեն, տնից, տեղից, հայրենիքից, պիտի զրկվին, միշտ գերության մեջ, միշտ թշնամու լծի տակ պիտի լինին, որպեսզի դրանցով ապաշխարհություն լինի նրանց մեղքերին և ազատվին նրանց հոգիները։

«Ահա՛, այդպես, իմ սիրելի, հայոց քահանայքը` խոստանալով իրանց ժողովրդին մի նոր կյանք ամպերի մյուս կողմում միշտ հեռացրել են, միշտ սառեցրել են նրանց սրտերն այս աշխարհից և չեն թույլ տվել նրանց հաստատել իրենց համար երկրի վրա հիմնավոր կացություն, միշտ նրանց հրավիրելու դեպի երկինքը։ Եվ այդպիսով միշտ խոնարհություն քարոզելով, միշտ հեզություն քարոզելով, միշտ աղքատություն քարոզելով, թուլացրել են հայերի քաջազնական և աշխատասիրության հոգին։

«Աշխարհի երևելի տիրապետողները չեն եղել քրիստոնյա մարդիկ։ Թեմուրլենգը, Աթիլլան, Չինգիսխանյանք, Նադր-Շահը, Աղեքսանդր Մակեդոնացին, բոլոր հզոր աշխարհակալները մարդկության պատմության մեջ, դու գիտես, Սալբի, ի՛նչ հոգու, ի՛նչ կրոնքի տեր մարդիկ են եղած։ Բայց քրիստոնեությունն աշխարհ գալուց հետո դադարեցավ ազգերի քաջագործությունները, քրիստոնեությունը կերավ, մաշեց հռովմայեցոց արևելյան և արևմտյան կայսրությունները։

«Խորամանկ Մուհամմեդը ներշնչեց Իսլամի հետևողների մեջ պատերազմասեր և քաջության հոգի, խոստանալով յուր մարտիրոսներին ճեննաթի բանաստեղծական վայելչությունները, և շուտով Իսլամը տիրեց հին աշխարհին։ Եվ հայոց քաջազնական հոգին առավել վառվռուն փառքերով փայլում է նրա հեթանոսական դարերում, որովհետև հին քուրմերը աստվածացրին Վահագնին, իսկ Տիգրանը, Արշակը և Միհրդատը դյուցազունք եղան, որովհետև պատերազմի դաշտերում սպանվողները հույս ունեին Օլիմպոսում ընդունել Աթենասի և Արեսի ձեռքից նեկտար և փառաց պսակ։ Ահա՛ այդքան կրոնական քաջալերություն կար դեպի կռիվը։

«Հայոց եկեղեցին նույնպես երգում է յուր շարականների մեջ անթառամ պսակ և անապական բաժակ ստանալն այն քաջերին, որ նահատակվեցան Ավարայրի դաշտումը։ Եվ հայոց եկեղեցին սրբոց դասն է դասում Վարդանին և նրա քաջ ընկերներին։ Եվ այդ կրոնական ոգևորությամբ, այդ ջերմեռանդ քաջալերությունն էր, որ պատճառ տվեց հայերին այնպիսի միահոգի սպառազինությամբ մղել այն սաստիկ պատերազմը` Զրադաշտի պաշտոնյաների հետ։

«Բայց ես չեմ կարծում, թե հայերն այնպես քաջությամբ կարողանային կռվել, եթե կռիվը լիներ հայրենիքի և ազդի ազատության համար։ Բայց այնտեղ թշնամին սպառնում էր նրանց կրոնքի կորուստը, և կրոնասեր հայերն իրանց հավատքի համար զոհեցին այնքան շատ տղամարդիկ։

«Այդ խոսքերից, իմ Սալբի, դու կարող ես ապացուցանել, թե կրոնքները և կրոնական պաշտոնյաները կարող էին խլել ազգերից նրանց արիությունը և նրանց քաջությունը և ընդհակառակը՝ կարող էին ոգևորել ազգերը դեպի քաջագործություններ։ Բայց երանի՜ այն ազգին, որի կրոնքը քարոզում է այդ վերջինը...։

«Հայոց եկեղեցին ջերմեռանդությամբ տոնում է Վարդանի և նրա ընկերների հիշատակը։ Բայց այնքան շատ հոգիներ, որ մորթվեցան հույների, պարսիկների, տաճիկների, թաթարների, մոնղոլների սրերով, դրանց հիշատակը կորած է...։ Հայոց շարականները չեն անմահացրել դրանց անունները... և ոչ մի հայ եկեղեցական մարդ նրանց զորքի մեջ չէ կատարել յուր գիշերային ժամերգությունը... և պատմությունը թույլ, անհոգի բառերով խոսում է դրանց վրա...։

«Օրորո՛ց... դա առաջին դպրոցն է մարդկանց որդիների. օրորոցի ե՜րգ... դա առաջին դասն է, որ մայրերը խոսում են իրանց երեխաների ականջներին։ Օրորոցից պատրաստվում է մարդս լինել մարդ այդ բառի բազմախորհուրդ նշանակությամբ։ Բայց ի՞նչ խելք, ի՞նչ միտք, ի՞նչ զգացմունքներ կարող են ստանալ հայոց մանուկները այն օրորոցների մեջ, ուր դնում են նրանց իրանց մայրերը։ Երբ երեխան ծնված օրից՝ նրա օրորոցի դաստակից կախում են նրա կրծքի վրա կախարդական բժժանք, հուռութուլունք և մի փոքրիկ խաչ… երեխայի ձեռքի խաղալիքը նրա մանկությունից միչև նրա մահը, երբ այդ խաչով քահանտն դրոշմում է հանգուցյալի հողադամբարանը…: Անհավատ մայրերը տղայական հասակից ծանրաբեռնում են խեղճ երեխայի գլուխը սուտ առասպելներով ծառայություն, խոնարհություն, համբերություն, ստրկական հնազանդություն, այդ բառերը լսում է նա օրորոցի միջից մինչև այն ժամանակ, երբ ասում են նրան՝ «հող էիր և հո′ղ դարձիր»: Արդարև, մի խորհրդական խոսք հայի համար… պատճաոը՝ այդ ազզը յուր կյանքում չէ ցույց տվել որևիցե հոգեկան զորություն, այլ միշտ ապրել է նա որպես հող, քար և անշունչ մարմին…:

«Բայց այրի կնոջ մեջ, աղքատիկ վրանի տակ միտք կա, հանճար կա, զգացմունք կա, կյանք կա. նրա երգն այնքան ոգելից, աղտաբորբոք և կրակոտ է, որպես նրա հոգին, և այդ չադրի միջից կծագի հայի հույսը:»

"Սալբի" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Շրջանաձև
Դավիթ Բալասանյան

Շրջանաձև