Րաֆֆի

Հարեմ

1 - ԺԶ, ԺԷ

Չնայելով այն խորին ատելությանը, որ ուներ Բագիմ-խանումը դեպի յուր բռնակալը, այսուամենայնիվ, երբ նրա գալուստը տեսավ, ընդունեց խիստ ուրախ և հրապուրիչ կերպարանք։ Թեև այդ ուրախությունը բոլորովին ակամա և հրապույրը ստիպողական էր, բայց դարձյալ գրավիչ և ախորժելի էր։ Նա դիմեց մինչև նախասենյակը, երբ ամուսինն ոտքը դրեց նրա շեմքի վրա, բռնեց նրա ձեռքից և գրկելով բերավ յուր օթյակը։

Այն խոսքերը, որոնցով տիկինն արտասանում էր յուր սերը և ուրախությունը, կարող է արտասանել մի կեղծավոր լեզու, որ երկար ժամանակ եղել է թարգման ճնշված, հաղթահարված և մինչև ստրկության հասած սրտի...

Մտնելով յուր հարեմի սենյակը, իշխանն յուր սովորական հպարտությամբ գնաց, նստեց յուր համար հատուկ պատրաստած փափուկ օթոցի վրա և մեջքը տվեց թանկագին բարձերին։ Կինը նստեց նրա մոտ և նազելով թեքվեց դեպի նա, յուր հինայով ներկած ձեռքը դրեց ամուսնի ափի մեջ։

Ի՞նչպես է քո առողջությունը, հարցրուց իշխանը, ծանրությամբ։

Ձեր շնորհը աղախնիդ համար կյանք է, ձեր ամեն մի ժպիտը նրան հավիտյան անմահություն կբախշե, պատասխանեց կինն ասիական գեղեցկախոսությամբ։

Այդ պատճառով էլ ես քեզ մոտ եկա։

Ձեր գալուստն այնքան բերկրալի է, որպես ամառնային անձրևն յուր մարգարիտները սփռում է ծարաված երկրի վրա...։

Մի՞թե դու այդքան սիրում ես ինձ։

Թո՛ղ վկա լինեն երկնքի հրեշտակները, որ ոչ մի ծաղիկ յուր գեղեցկությամբ իմ աչքը չէ գրավում, երբ «սիրականիս» դեմքը չէ այն, և ոչ մի թռչուն յուր երգերով ինձ չէ ուրախացնում, երբ «սիրականիս» ձայնը չէ այն։

Գուցե Բագիմ-խանումի խոսքը մի այլ «սիրականի» մասին էր, բայց իշխանը, բոլորովին իրան վերաբերելով, ասաց.

Միթե սերն այդքան քաղցր է քեզ համար։

Ավելի քան «կենդանության ջուրը»։

Սույն միջոցին իշխանը թևքը փաթաթեց տիկնոջ պարանոցով և նրա շրթունքը սեղմվեցան յուր գեղեցիկ հարեմի թշի վրա։

Դու ավելի անուշահոտ ես, քան թե ջեննաթի վարդերը, կոչեց իշխանն յուր հրապուրանքի քաղցրության մեջ։

Վարդն ավելի զվարթանում է, երբ վաղորդյան ցողը փայլում է նրա թերթերի վրա... այդ քո սերն է, թանկագին ամուսին, պատասխանեց տիկինը։

Մի քանի այդպիսի խոսակցություններից հետո Բագիմ-խանումը վեր կացավ, յուր ձեռքով պատրաստեց մի ղեյլան և մատուց ամուսնուն։ Ղեյլանի ծխաքարշը բոլորը զարդարած էր գույնզգույն ծաղիկներով։

Իշխանը սկսեց ծխել։ Ֆերուզը ներս մտավ և վայր թողեց օթյակի վարագույրները։ Քանի րոպեից հետո խավարը ծածկեց յուր պարկեշտ թևքերի տակ հարեմական իշխանի բոլոր սիրակցությունը...

Բայց Ջեյրան֊խանումը, դուրս գալով Բագիմ֊խանումի սենյակից, նրան հանդիպեց Խուրշիդ-խանումը, որի մասին կես ժամ առաջ խոսում էին երկու տիկինները։ Խուրշիդը, կատաղած առյուծի նման, միայնակ ման էր գաչիս հարեմխանայի բակումը։

Ջեյրան, Ջեյրան, կանչեց նա հեռվից։

Ջեյրանը կանգնեց։ Նա մոտ եկավ։

Իմամ-Հուսեյնի գերեզմանին երդում լինի, ասաց նա բարկացկոտ ձայնով, եթե առավոտյան ես Բագիմի ծամերը մեկ-մեկ դուրս չքաշեմ...

Ինչո՞ւ։ Գժվե՞լ ես, հարցրուց Ջեյրանը զարմանալով։

Նա համարձակվո՞ւմ է իմ հերթը խլել։

Ի՞նչ հերթ։

Իշխանն այս գիշեր ինձ մոտ պիտի լինե՞ր, թե նրա մոտ:

Թող քեզ մոտ լիներ, պատասխանեց Ջեյրանը սառնությամբ։ Բագիմը խո զոռով յուր մոտ չէ՛ տարել։

Խուրշիդն ավելի կատաղեցավ։

Զոռով չէ՛, բա ի՞նչ է։ Նա չէ՞ր իմանում, որ հերթն իմն է։

Նա ինչո՞վ իմանար։ Նա էյլմ֊ղեյբի չգիտե, հեգնորեն ասաց Ջեյրանը։

Ես նրան կհասկացնեմ, թող առավոտը լուսանա...: Ես այն թուրքմենի քածին ցույց կտամ...

Գնա՛, գնա՛, դու կռիվ ես պտրում, ասաց Ջեյրանը հանդիմանական կերպով։ Եթե նա թուրքմեն է, դու էլ մութրուֆ (ցիգան) ես... մի շատ ազնիվ ցեղից չես...

Բոշա Հարեմի աչքերը վառվեցան բարկության կրակով: Դու՛, անզգամ, պաշտպանո՞ւմ ես այն անառակին, կոչեց նա հարձակվելով Ջեյրանի վրա։

Անզգամն էլ, անառակն էլ դու ես...։ Ե՞ս... ճչաց Խուրշիդը և երկու ձեռքով ձիգ ընկավ Ջեյրանի ծամերից։

Վա՜յ... վա՜յ... ձայն արձակեց Ջեյրանը և ինքն էլ փոխադարձաբար բռնեց Խուրջիդի ծամերից։

Երկար նրանք մեկ-մեկու քարշ էին տալիս, միմյանց աչքն ու երեսը ծվատում էին, երբ վրա հասավ ներքինապետը։

Ամոթ է... խանումներ, այդ ի՞նչ խաբար է... ասաց նա նրանց բաժանելով։

Թող դրան խեղդեմ... ասում էր Խուրշիդը, աշխատելով Հեյդարի ձեռքից դուրս պրծնել:

Բայց Ջեյրանն այլևս ուշադրություն չդարձրեց և խույս տվեց կռվի դաշտիցը։

ԺԷ

Մինչ ամրոցում անց էին կենում նախընթաց դեպքերը, Զեյնաբ-խանումը և Քերիմ֊բեկը, Սալոմեի տան մեջ, նստած միմյանց մոտ, իրենց սրտի գեղազվարճ բերկրության մեջ, ճաշակում էին սիրո քաղցրությունները...

Սալոմեն նրանց մոտ չէր, նա մյուս սենյակում յուր ամուսնու հիվանդ ընկերի վերքերին սպեղանիք էր դնում։

Լսի՛ր, Ալմաստ, հառաջ տարավ Քերիմ-բեկը ընդհատված խոսակցությունը, մեր գերությունից հետո մեր հայրենիքում պատահել են մեծամեծ փոփոխություններ։ Վրաստանը վաղուց միացել է Ռուսաստանի հետ։ Այժմ վրացիք թագավորություն չունեն: Հիմա մեր Թիֆլիսը ռուսաց քաղաք է։ Ռուսներն ուզում են տիրել բոլոր Կավկազին, այժմ այնտեղ պատերազմ կա։

Պատերա՜զմ... կրկնեց սարսափելով. Ալմաստը։ էլի կոտորո՜ւմ են...։ Այդ դու ո՞րտեղից գիտես, Մեխակ։

Այսօր վաղ առավոտյան Նաիբ-ուլ-Սալթանեի սուրհանդակը Թավրիզից այստեղ հասավ։ Նա եկել էր չորս օրում և բոլոր Պարսկաստանի համար բերել էր տխուր լուրեր։ Ռուսները հաղթում են և տիրում են պարսից խանություններին։ Բոլոր հայերն ոտքի են կանգնած, ուզում են ազատվիլ պարսից լծից։

Դեռ գտնվելով պատերազմական սարսափելի տպավորությունների տակ, Ալմաստը, լսելով այդ խոսքերը, բոլոր մարմնով դողում էր։ Նա հարցրուց անհամբերությամբ. Ռուսներն ո՞վքեր են։ Ա՛խ, ով գիտե նրանք էլ Մահմեդ խանի նման թալանում են... գերի են տանում...

Չէ՛, Ալմաստ, հանգստացրուց նրան Քերիմ-բեկը, ռուսները մեզ նման քրիստոնյաներ են, նրանք գերի չեն առնում և պարսիկների նման չեն թալանում...

Նրանք մեր խաչը և պատկերները պաշտո՞ւմ են։

Պաշտում են։

Ալմաստը մի փոքր սիրտ առավ, հանգստացավ։

Ամբողջ Թեհրանն այսօր խռովության մեջ է, շարունակեց Քերիմ-բեկը, շահը հրամայել է բոլոր զորապետներին հավաքել յուրյանց դոշունը։ Մեծ Մուշտեիդն առավոտյան դուրս եկավ մեչիդից քաղաքի հրապարակը, քարոզեց ջըհաթ անել իրանց կրոնակիցներին օգնելու համար։

Այդ լավ չելավ մեզ համար... ասաց Ալմաստը հուսահատ կերպով։

Դու չես հասկանում, Ալմաստ, շատ լավ էլավ։

Ի՞նչպես։

Որպես քո ամուսին իշխանը, նույնպես իմ տերը Սեր-Ասքերը՝ երկուսն էլ մեծ զորապետներ են, նրանց հրամայված է գնալ պատերազմ։ Մենք երկուսս էլ ազատված կլինենք։

Ո՞րպես։

Այնպես որ, եթե մենք թողնենք այդ քաղաքը և հեռանանք այստեղից, էլ նրանք չեն կարող մեր ետևից ընկնել։

Ինչո՞ւ։

Նրա համար, որ նրանք զբաղված կլինեն յուրյանց պատերազմական գործերով։ Նրանք այստեղ չեն լինի։

Ալմաստի հուսահատ դեմքը զվարթացավ ուրախության լուսով, և նա հարցրուց անհամբերությամբ.

Բա՛, ինչո՞ւ ենք ուշանում։

Գնանք, Ալմաստ, չուշանանք, ամեն մի րոպեն թանկ է մեզ համար, խոսեց Քերիմ-բեկն ոգևորված կերպով։ Գնա՛նք, մեր վրեժն առնենք այն ազգից, որոնք թափեցին մեր հոր, մեր մոր ու մեր ազգականների արյունը...

Եվ այդքան տանջեցին մեզ... հարեց Ալմաստը։

Սույն միջոցին երիտասարդի դեմքն ընդունեց խիստ վշտահար արտահայտություն, և նա, խորին կերպով հոգոց հանելով, ասաց.

Այո՛, տանջեցին... իմ սիրեկան։ Արդեն տասն տարի է այս քաղաքումս ես լսում եմ պարսիկը հայի հավատքը հայհոյելիս և լռում եմ...։ Ես տեսնում եմ պարսիկը հայի գլխին ծեծելիս, աչքերս խփում եմ և անց եմ կենում...։ Սիրտս կրակ է կտրում, աչքերիցս արտասուքը վազում է... բայց ոչինչ չեմ կարողանում անել... որովհետև այստեղ թե լեզուս և թե ձեռքս՝ երկուսն էլ կապված են...

Ալմաստը լսում էր վերջին խոսքերը բոլորովին համակրությամբ։ Ինձ հետ էլ միշտ միևնույնն է պատահել, Մեխակ ջան, տիկինն ընդմիջեց նրա խոսքը, թեև ես մինչև այսօր ձևացրել եմ ինձ որպես ճշմարիտ մահմեդական, բայց դարձյալ երբ իշխանը կբարկանար ինձ վրա, իսկույն կսկսեր խաչին հայհոյել։

Այդպես են վարվում այդ բարբարոսները հայերի հետ, պատասխանեց Քերիմ-բեկը կրկին ախ քաշելով։ Անցյալ օր հայերի թաղովն անցա, մի քանի պարսիկներ ցերեկով մտել էին մի գինեվաճառ հայի տուն խմելու համար։ Այնտեղ միայն գտնում են մի մանկահասակ հարս, որը, պարսիկներին տեսնելով, փախչում է դրացու տունը։ Գազանները, տեսնելով մի ութը տարեկան աղջիկ, որ քնած է լինում սենյակումը, անմեղ կուսին անգթությամբ բռնաբարում են... և նա սրտապատառ է լինում ու մեռնում է։ Ես տեսա նրա անբախտ հորը, որ դստեր անպատված դիակը դրել էր մեծ վեզիրի դռանը և արդարություն էր խնդրում։ Պարսիկները անցնում էին, նայում էին անմեղ զոհի վրա և ծիծաղում էին...

Խե՜ղճ աղջիկ... հառաչեց Ալմաստը և նրա աչքերը թաց ելան արտասուքով։

Ա՜խ, այնքան շա՛տ է այդ ազգի կրակն իմ սրտի մեջ, հառաջ տարավ երիտասարդը ցավալի ձայնով, որ հազարավոր պարսիկների արյունով դարձյալ չեմ կարող մարել նրան...: Ես դեռ չեմ պատմել քեզ, սիրելի Ալմաստ, թե ինչպես գերի արեցին ինձ։ Առավոտյան ժամն էր։ Հայրս մի սայլ էր վարձել, ուզում էր մեզ փախցնել Կախեթ։ Մին էլ տեսանք պարսիկները թափվեցան մեր տունը։ Հայրս նրանց աղաչեց, թե «ինչ որ ունեմ, չունեմ ձեզ ըլի, տարեք, բայց երեխերքիս ձեռը մի տաք»։ Նրանք մեր տունը թալանելուց հետո, ուզում էին տանել ինձ ու իմ քույր Նինոյին։ Դու հիշո՞ւմ ես, Ալմաստ, ի՛նչ սիրուն աղջիկ էր նա: Մայրս մեր երկուսին խտտել էր յուր գրկում, չէր կամենում բաց թողնել: Հայրս աղաչում էր, պաղատում էր, որ մեզ չտանեն։ Նրանք չեն լսում։ Երբ տեսավ ուրիշ ճար չկա, հայրս առավ խենջարը։ «Քանի կենդանի եմ, ասաց նա, երեխերքս ձեզ չեմ տա»։ Դու գիտես, Ալմաստ, հայրս քաջ մարդ էր։ Էրեկլե պարոնը շատ էր սիրում նրան: Նա պարոնի առաջին որսորդն էր։ Պարսիկների սուրերը փայլեցին: Հայրս կռվում էր ինչպես մի առյուծ, որի բունից խլում են ձագերը...։ Պարսիկներից երեքն ընկած էին, երբ հայրս տասը տեղից վերք ստանալով թուլացավ...։ Ա՜խ, ի՛նչ բան է սիրելի հոր և մոր սիրտը...։ Դու գիտես, Ալմաստ, թե ո՛րքան փափկասիրտ և բարի կին էր իմ մայրը։ Բայց այն սարսափելի րոպեին, երբ նրա աչքի առջև ընկած էր յուր տղամարդի արյունով ներկված դիակը, նրա սիրտը կարծես երկաթի պնդություն էր ստացել։ Կատաղած առյուծի նման, նա երկար կռվում էր պարսիկների հետ և յուր թևքերի տակից չէր ուզում բաց թողնել յուր զավակները... մինչև խենջարը ցցվեցավ նրա սրտում, աչքերը փակեց և մեզ խլեցին մայրական գրկից...

Տխրության ամպերը կուտակվեցավ Քերիմ-բեկի վշտահար դեմքի վրա, արտասուքը խեղդեց նրան և ձայնը սկսեց դողալ։ նա ընդհատեց յուր պատմությունը։ Ալմաստը բոլոր ժամանակը լաց էր լինում։

Երբ երիտասարդը մի փոքր հանգստացավ յուր ցավալի վրդովմունքից, շարունակեց.

Այդ դեռ բոլորը չէ, սիրելի Ալմաստ, քրոջս վրա կռիվ եղավ, երկու զինվորներից ամեն մինն ուզում էր նրան ինքը վեր առնել։ Մինը, որ աստիճանով ավելի մեծ էր, գործ դրեց յուր բռնությունը և խլեց մյուսի ձեռքից։ Բայց այդ վերջինը կատաղած գազանի նման քաշեց սուրը և խրեց քրոջս կողքը... «Թո՛ղ մեռնի՛ այդ գեղեցիկ աղջիկը, ոչ իմը լինի և ոչ քոնը»... ասաց նա դիվական հրճվանքով։

Եվ նա մեռա՞վ... կոչեց Ալմաստը սոսկալով։

Մեռա՜վ... սիրելի Ալմաստ։

Խե՜ղճ Նինո, ես կարծում էի թե նա Թիֆլիսումն է մնացել: Բայց ի՞նչպես ընկար դու Սեր֊Ասքերի ձեռքը, հարցրուց Ալմաստը արտասուքը սրբելով։

Երբ ղոշունը Թիֆլիսից դուրս եկավ, բաժանվեցավ զանազան գունդերի։ Ես գերի էի մի ծեր զինվորի, որ գտնվում էր Սեր-Ասքերի մոտ մնացած զորախումբի մեջ։ Դու չգիտես, Ալմաստ ջան, թե ի՛նչ մարդկանցից կազմված էր Աղա-Մահմադխանի ղոշունի մեծ մասը։ Պարսկաստանի ամեն կողմերից բախտախնդիր ավազակներ հավաքվել էին նրա մոտ։ Առանց ռոճիկի և առանց թոշակի նրանք հույս էին դրել միայն կողոպուտների վրա։ Ճանապարհին նրանք ուտելու հաց անգամ չունեին, հարձակվում էին հանդիպած հայաբնակ գյուղերի վրա և ինչ որ գտնում էին, բոլորը թալանում էին։ Այդպես նրանք մտան Պարսկաստան։ Այնուհետև, Աղա-Մահմադ-խանը հրամայեց, որ պարսից գյուղորայքին չդիպչեն։ Բայց մինչև Թեհրան հասնելը դեռ երկար ճանապարհ կար։ Զինվորները սկսեցին վաճառել իրանց կողոպուտր և գերիները։ Մի հատ ոչխարն ավելի բարձր գին ուներ, քան թե մի վրացի կամ հայի աղջիկը։ Նրանք ծախում էին պարսիկներին, այնպես որ, մինչև Թեհրան հասնելը գերիների կեսը չմնաց։ Իմ գերեվար զինվորը սպառեց յուր իրեղենները, միակ վաճառքի ապրանքը մնացել էի ես։ Բայց նա չէր ուզում ինձանից զրկվել, զավակ չուներ։ «Քեզ կթուրքացնեմ, ինձ որդի կշինեմ, ասում էր նա»։ Մի օր նա գնաց Սեր-Ասքերի մոտ, «ուտելու հաց չունեմ, ասաց, ավանակս, մինչև անգամ հրացանս ծախեցի, մնում է գերիս»։ Սեր-Ասքերի աչքին դյուր եկա ես, նա տվեց զինվորին տասը կրան և գնեց ինձ։

Տասը կրա՜ն... կրկնեց Ալմաստը և նրա տխուր աչքերը շողացին աղոտափայլ լուսով։

"Հարեմ" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Գայանե - Օրորոցային
Արամ Խաչատրյան

Գայանե - Օրորոցային

Հարեմում, 1918
Հարեմում, 1918
Խաղա առցանց