Րաֆֆի

Հարեմ

1 - ԺԸ, ԺԹ

Արևը վաղուց մտել էր։ Դեռ Ալմաստը և Քերիմ-բեկը, մտաբերելով յուրյանց տխուր անցյալը, խոսում էին։ Մութ սենյակի մեջ բավականին թանձրացել էր, երբ Սալոմեն, ավարտելով յուր բժշկական գործողությունն ամուսնի ընկերի մոտ, ճրագը ձեռին ներս մտավ։

Ա՜խ, աչքերս քոռանա, ես ձեզ բոլորովին խավարի մեջ եմ թողել, կոչեց նա ափսոսելով։

Մութի մեջ նստելն ավելի լավ էր, խոսեց Քերիմ-բեկը, մենք չէինք ուզում տեսնել մեկ-մեկու արտասուքը...

Դուք լա՞ց էիք լինում...։ Ա՜խ, Ալմաստ, քանի անգամ քեզ ասել եմ՝ հերի՛ք խոսես անցած բաների վրա։ Ալմաստը չէր խոսում, ես էի խոսում... պատասխանեց Քերիմ-բեկը։

Անցածն անցել է, Մեխակ ջան, հառաջ տարավ Սալոմեն, հիմա փառք տվեք աստծուն, որ դու և Ալմաստը կրկին մեկ-մեկու հանդիպեցաք։ Մտածեցեք Թիֆլիսի վրա, որ մեկ էլ նրան տեսնեք, մեկ էլ մեր Քուռի ջուրը խմեք։

Մենք արդեն վճռեցինք այդ:

Ա՜խ, ի՜նչ լավ կլիներ ինձ էլ ձեզ հետ տանեիք:

Դու կթողնե՞ս քո ամուսինը։

Չեմ թողնի Մեխակ ջան, ես նրան շատ եմ սիրում։

Դու Թիֆլիսն էլ ես շատ սիրում։

Սիրում եմ... Իսկի մտքիցս չէ գնում։

Մարդդ էլ կտանենք, այնտեղ վանքումը կմկրտենք, նա քեզ չկարողացավ մահմեդական շինել, մենք նրան քրիստոնյա կանենք։ Մարդդ իմ խոսքիցը չի դուրս գալ։

Ի՞նչ լավ կլինի։ Էրնե՜կ էն օրը...։ Երեխես էլ մկրտել կտամ:

Քանի ժամից հետո եղավ դռան թխկոցը։

Ով գիտե նա է։ Եկավ, ասաց Սալոմեն և դուրս վազեց:

Եվ իրավ, նույն միջոցին բակի դռնից ներս մտավ մի հսկայաձև տղամարդ փաթաթված մեշեդյան լայն վերարկուի մեջ։ Նրա մուգ-դեղնագույն դեմքը ստանում էր ավելի ահեղ արտահայտություն աջ թշի վրա խոր ընկած սպիով, որ ձգվում էր հոնքի ծայրից մինչև ծնոտքի վերջը:

Ղաֆար-բեկը այդպես էր Սալոմեի ամուսնու անունը յուր երկրի սովորություններին հարմար չուզեց Քերիմ-բեկի մոտ մտնել, երբ Սալոմեից իմացավ, թե այնտեղ կար օտար կին: Նա շտապեց դեպի այն սենյակը, ուր պառկած էր յուր հիվանդ ընկերը։

Դու նամահրամ չես, լուսամուտից ձայն տվեց նրան Քերիմ-բեկը, ինձ մոտ գտնվող տիկինը Սալոմեի քույրացուն է։

Այս րոպեիս ձեր սպասումը կլինեմ, պատասխանեց ավազակապետը և մտավ մի այլ սենյակ։

Կինը գնաց նրա հետ։ Նա ձգեց վերարկուն և երեվեցավ զինվորված ատրճանակներով, լայնաբերան կարաբինայով և ահագին խենջարով: Սալոմեն սկսեց արձակել նրա զենքերը։

Էլի արյո՜ւն... կոչեց կինը սարսափելով։ Սուս կա՛ց, կապի՛ր թևքս, ասաց ամուսինը։

Էլի կռվել ես դու:

Դու չե՞ս լռի։

Սալոմեն դողում էր ամբողջ մարմնով, տեսնելով, որ ամուսնի հագուստը բոլորը թաթախված է արյունով։

Էդ ո՞րտեղ էլավ, հարցրուց նա անհամբերությամբ։

Ամեն բա՞ն պետք է գիտենաս։

Ախա՛ր ինչու չես ասում։

Գլուխս մի՛ տար, կապի՛ր թևքս։ Սալոմեն փաթաթեց վերքը և ավազակապետը, հագուստը փոխելով, հանգիստ և զվարթ դեմքով գնաց հյուրերի մոտ: Նրան անծանոթ չէին ո՛չ Քերիմ-բեկը և ո՛չ Զեյնաբ-խանումը: Երկուսի պատմությունը ևս նրան հայտնի էր: Նա յուր հյուրերի հետ բարևելու սովորական ծեսը կատարելուց հետո՝ նստեց Քերիմ-բեկի մոտ: Սալոմեն մատուց նրան ծխել ղեյլան, տեսնելով ամուսինը վրդոված է:

Ղաֆար-բեկն, այն քաջ տղամարդերից մինն էր, որոնք նշանավոր են յուրյանց հանդուգն, աներկյուղ և վեհ բնավորությամբ: Նա ծառայում էր Սեր-Ասքերի մոտ որպես նրա թիկնապահ զինվոր։ Զանազան արշավանքներում նա ցույց տվեց յուր արիությունը, որով ոչ միայն գրավեց զորապետի շնորհը, այլև Քերիմ-բեկի բարեկամությունը։ Թեհրանում մի անգամ նա առևանգեց մի իշխանի կին, որի հետ ուներ գաղտնի հարաբերություններ։ Իշխանուհին քույր լինելով նշանավոր պաշտոնակալի, Ղաֆար-բեկը դատապարտվեցավ գլխատման։ Այն ժամանակ Քերիմ-բեկը Սեր-Ասքերի միջնորդությամբ գործ դրեց ո՛չ միայն յուր ջանքը, այլև յուր արծաթը նրան ազատելու։ Ավազակապետն այն օրից յուր կյանքը պարտական է համարում Քերիմ-բեկին, որպես յուր փրկչին։

Ի՞նչպես նասիբը հասնում է յուր նշանակությանը, խոսեց ավազակապետը, ակնարկելով երկու վաղուցվա սիրողներին՝ Ալմաստի և Մեխակի վրա։

ճակատագիրը ջնջել ոչ ոք կարող չէ, պատասխանեց Քերիմ-բեկը։

Քերիմ-բեկը և Զեյնաբ-խանումը, ուզում են Թիֆլիս գնալ, մեջ մտավ Սալոմեն ծիծաղելով, ինձ էլ պիտի յուրյանց հետ տանեն: Դու էլ կգաս, այդպես չէ՞, Ղաֆար: Անպատճառ, պատասխանեց նա ծանր կերպով։

Դու հանա՞ք ես անում, հարցրուց Քերիմ-բեկը։

Հանաք չէ՛։ Ես պետք է Թեհրանից հեռանամ...

Սալոմեն բոլորովին շփոթվեցավ ուրախությունից։

Ի՞նչ կա, հարցրուց Քերիմ-բեկը, նկատելով ավազակապետի անհանգիստ դեմքը։

Լոթիների (սրիկաների) ծախսի փողը հատել էր, էս գիշեր Մաշադի-Սամադ սեղանավորի սնդուկներին մի փառավոր այցելություն արեցինք...

Ի՞նչ պատահեցավ, անհամբերությամբ հարցրուց Սալոմեն։

Ոչինչ։ Մենք վեր առանք սեղանավորի թթված ոսկիներից որքան մեզ պետք էր։ Միայն ընկերոջիցս մինը բռնվեցավ։

Բռնվեցա՜վ... զարհուրելով կոչեց Սալոմեն։ Նա քեզ կմատնե։

Նա չի մատնի, եթե կտոր-կտոր ևս անեն։ Բայց ինձ ճանաչեցին։

Վա՜յ իմ գլխին... հառաչեց Սալոմեն և քիչ էր մնում, որ ուշքից գնա։

Հանգստացի՛ր, կին, ձայն տվեց ավազակապետը՝ բոլորովին սառնությամբ։ Բայց իմ հիմար ընկերները վատ վարվեցան, դարձավ նա դեպի Քերիմ-բեկը, ծառաներից ոչ մինը կենդանի չմնաց և սեղանավորին առավոտյան գուցե կթաղեն։

Այդ վատ է... պատասխանեց Քերիմ-բեկը, Մաշադի-Սամադը Բարձրագույն դռան սեղանավորն է, էգուց շահը, Թեհրանի բոլոր ծակումուտները խուզարկություն անել կտա։ Բայց ո՞վ ճանաչեց քեզ։

Կինը քնարանից ծածուկ դուրս էր պրծել և դեպի փողոցը ձայն էր ձգել. գիշերապահ զինվորները վրա հասան, նրանք ճանաչեցին ինձ կռվի մեջ։

Ալմաստը բոլոր մարմնով դողում էր։ Սալոմեն դարձյալ չէր դադարում ախուվախ քաշելուց: Բայց ամուսինը մի կողմնակի հայացք ձգեց նրա վրա և կինը լռեց։

Եթե սեղանավորը լիներ մի այլ մարդ, հեշտ էր բանն ուղղել, հառաջ տարավ ավազակապետը, նրա ոսկիներից մի մասը կնվիրեինք մեծ վեզիրին, նա գործը կծածկեր։ Բայց այժմ անհնարին է... Այդ ճշմարիտ է, պատասխանեց Քերիմ-բեկը։ Բայց ինչ պետք է անել։

Ուրիշ հնար չկա, պետք է հեռանալ Թեհրանից։ Այս րոպեիս կարող են պաշարել մեզ։

Վերջին խոսքը Քերիմ-բեկին նույնպես ձգեց խռովության մեջ։

Ե՞րբ հեռանալ, հարցրուց նա վրդոված ձայնով:

Այս րոպեիս, ուշանալ պետք չէ, պատասխանեց ավազակապետը նստած տեղից վեր կենալով։

Գնա՜նք... խոսեց Ալմաստը, որ բոլոր ժամանակ լսում էր։

Փախչե՜նք... հարցրուց Սալոմեն։

Այդպես անպատրաստ, ասաց Քերիմ-բեկը շվարած կերպով։

Ոչինչ պատրաստություն հարկավոր չէ, Քերիմ-բեկ, պատասխանեց ավազակապետը, ինչ որ ուզում ես՝ իմ տանը կա։ Քաղաքի պարսպից դուրս մեկ մղոն հեռու սպասում են իմ ընկերները. նրանք ունեն յուրյանց հետ ավելորդ ձիաներ, դու և քո ընկերուհին կարող եք նստել։

Տանդ իրեղենները պիտի թողնե՞ս, մեջ մտավ Սալոմեն։

Ինձ պետք է միայն մեկ բան վեր առնել, այն է այստեղ պառկած ընկերս։

Բաս երեխա՜ս... կոչեց արտասվելով Սալոմեն։

Այդ քո գործն է։ Թող նա գա մեզ հետ և սովորի հոր արհեստը։

Ապա Մարջա՞նը... և Սա՜իդը մեջ մտավ Ալմաստը: Նրանց կմորթեն մեր գնալուց հետո։

Նրանք ո՞վ են, հարցրուց ավազակապետը։

Զեյնաբ-խանումի սպասավորը և սպասուհին, պատասխանեց Քերիմ-բեկը։

Նրանք էլ կարող են մեզ հետ լինել։

Ինչպես դուրս բերել նրանց ամրոցից։

Այդ ճանապարհին կխոսենք, պատասխանեց ավազակապետն շտապելով։ Սալոմե, դարձավ նա դեպի կինը, դու առժամանակ պետք է այդ բարակ լաթերիցդ զրկվիս: Գնա՛, փոխի՛ր հագուստդ, ծպտվիր որպես ավազակ, եթե ուզում ես մեր խմբի մեջ մտնել։

Կարծեմ, միևնույնը կհոժարվի անել և Զեյնաբ-խանումը, ասաց Քերիմ-բեկը, նայելով յուր սիրուհու երեսին հարցական հայացքով։ Ո՞րտեղից գտնել հագուստ, հարցրուց Ալմաստը։

Այդ սենյակի տակում դուք կգտնեք մի ամբողջ հանդերձատուն, պատասխանեց ավազակապետը։ Սալոմե՛, տար տիկինը այնտեղ

Սալոմեն ճրագը վառեց, տարավ Զեյնաբ֊խանումին մի այլ սենյակ, այնտեղ բարձրացրեց հատակի վրա սփռած գորգը։ Երևան եղավ մի տախտակամած, Սալոմեն ձեռքը մեկնեց նշմարվող դռնակին։ Տախտակամածը բարձրացավ։ Նրանց առջև բաց եղավ մի փոս ստորերկրյա սանդուղքներով։ Սալոմեն նախ իջավ ցած և ճրագով լուսավորում էր մուտքը։ Քանի րոպեից հետո նրանք հայտնվեցին ստորերկրյա սենյակում։ Բորբոսահոտ խոնավությունն իսկույն զարկեց նրանց քթին։ Այնտեղ թափված էին ժանգոտած զանազան մետալեղեն տնային կարասիք։ Այնտեղ խառնիխուռն միմյանց վրա դիզված էին զանազան կանացի և այրացի թանկագին հագուստներ։ Այնտեղ կային զենքերի ամեն տեսակները։ Այնտեղ դրած էին թոփերով պես-պես աբրեշումեղեն, բրթեղեն և բամբակեղեն ապրանք։ Մի խոսքով ամեն բան կարելի էր գտնել այնտեղ։

Այդ ի՞նչ է... զարմանալով հարցրուց Ալմաստը։

Ամուսնիս հարստությունը, պատասխանեց Սալոմեն ծիծաղելով։

Ո՞վ գիտե, բոլորը գողացել է։

Չէ՛, փող է տվել... հեգնորեն պատասխանեց Սալոմեն։

Երկու տիկինները փոխեցին յուրյանց հագուստը, զինվորվեցան ատրճանակներով և խենջարներով, և այնպես ծպտյալ կերպով դուրս եկան, ամեն մինը ձգած ունելով յուր բազուկի վրա մի վերարկու։

Հիմա ձեզ չէ կարելի որոշել նորահաս սրիկաներից, ասաց ավազակապետը, հետաքրքիր աչքերով չափելով երկու տիկինները, որոնք նույն հագուստով ավելի գեղեցիկ էին։

Հիմա դրանց հետ կարելի է ամեն տեղ գնալ, ավելացրեց Քերիմ-բեկը։

Ուրեմն դեպի ճանապարհը, պատասխանեցին տիկինները, որոնք կարծես մի նոր քաջազնական հոգի էին ստացել։ Սալոմեն մոտեցավ յուր երեխայի օրորոցին, առեց քնած երեխան, փաթաթեց շալով, ծածկվեցավ յուր վերարկվի մեջ և նրա տակով, սեղմեց երեխան յուր կուրծքին։

Դուք ձեր տան իրեղենները բոլորը թողնում եք, դարձավ Քերիմ֊բեկրը դեպի ավազակապետը։ Բոլորը, պատասխանեց նա։ Կավկազում պատերազմ կա, Քերիմ֊բեկ, ռուսները կռվում են պարսիկների հետ, այնտե, իմ մանգաղին առատ հունձք է սպասում...»

«Գայլը միշտ թղպած օրն է սիրում...»։

«Իսկ գողը մթին գիշերներ»․․․ պատասխաներ ավազակապետը։ Նրանք դուրս գնացին։

Նրանք արդեն դռանն էին, երբ ավազակապետը դարձավ դեպի տնակը. մի րոպեում սատանայի պես անցավ բոլոր սենյակները, հետո մտավ հիվանդի մոտ, կրեց նրան ուսի վրա և հանեց դուրս։

Բարեկամ, ասաց նա վիրավորին, քեզ ստիպված եմ տեղափոխել մի այլ տուն։

Ո՞րտեղ, հարցրուց վիրավորը թույլ ձայնով։

Քո սիրուհու Ջահրայի տունը, նա կխնամե քեզ։

Իսկ դո՞ւ։

Ե ս առժամանակ քեղանից բաժանվելու եմ...

Ավազակապետի տունը գտնվելով քաղաքի պարսպի մոտ, խրամատի վրա նրանք իսկույն իջան փոսը և անցան մյուս կողմը։

Քառորդ ժամ չէր անցել, երբ Սալոմեն հետ նայեց դեպի քաղաքը, տեսավ ահագին հրդեհ։

Էդ ի՛նչ կրակ է աստված, կոչեց նա սարսափելով։

Մեր տնակը, պատասխանեց ավազակապետը։

Ի՞նչ արիր...

Այրեցիր...

ԺԹ

Գիշերվա կեսն էր։ Լուսնի եղջյուրն անհետացավ լեռան հետքում, և մութը պատեց բոլոր առարկաները։ Ավազակապետն յուր նոր ընկերների հետ անցան լայնատարած գերեզմանատնից և հասան մի մատուռի, որ կանգնած էր դամբարանների մոտ։

Քերիմ֊բեկ, այդ մատուռի մեջ մի փոքր սպասեցեք, մինչև ես իմ բեռից կթեթևանամ։

Այդ ասելով, ավազակապետը, ուսին կրած ընկերը հետը տանելով, աներևութացավ խավարի մեջ։ Քերիմ֊բեկն երկու տիկինների հետ թաքնվեցան մատուռի մեջ։

Հիմա մենք բախտավոր ենք, ասաց Ալմաստն ուրախ ձայնով, գրկելով Մեխակի պարանոցը։

Քերիմ-բեկը պատասխանեց այդ խոսքերին մի տաք համբույրով։ Երանի՛ այն օրին, երբ այդպես կգրկեինք միմյանց Թիֆլիսում... ասաց նա։

Ես սպասում էի մի այլ խոսքի... պատասխանեց տիկինրը խորհրդական ձայնով։

Երբ ես ամուսին, իսկ դու իմ կինը կլինեիր, ավելացրեց երիտասարդը։

Ալմաստը գլուխը դրեց յուր սիրեկանի գրկումը, կարծես, գիշերային խավարի մեջ նա աշխատում էր թաքցնել յուր վառված դեմքը։

Սայոմեն ընդհատեց այդ սրբազան լռությունը. և Ղաֆարը կլիներ ձեր խաչեղբայրը պսակի ժամանակ։

Իսկ դո՞ւ, հարցրուց Ալմաստը։

Ես էլ ձեզ համար ղեյլան կպատրաստեի, Թեհրանի բամբասանքները կանեի։

Դու աղջիկ ժամանակդ էլ մեզ օգնում էիր, Սալոմե։

Մի՞տդ է, Ալմաստ, մի օր Մեխակը խուրմա էր ուղարկել քեղ, ես բերեցի, թաքուն քեզ տվի։

Այն որ կես ճանապարհին գողացել էիր, ասաց Ալմաստը ծիծաղելով։

Հա՛, լավ միտս եկավ, դու էլ ծեծեցիր ինձ դրա համար։

Սույն միջոցին Սալոմեի երեխան ծըվաց։

Խե՜ղճ երեխա, նա չէ իմանում ուր են տանում իրան թե չէ, նա էլ մեզ պես կուրախանար... Մինչ դրանք մատուռի մեջ յուրյանց ազատությունով և ապագա հույսերով ուրախանում էին, ավազակապետը հասավ քաղաքից փոքր-ինչ հեռու արվարձանին։ Այնտեղ կանգնեց նա մի տան առջև, որ ուներ փոքրիկ պարտեզ, դռան մուրճը զարկեց, շների հաչելու ձայնից զարթեցավ մի դեռահաս աղջիկ, որ միայնակ քնած էր յուր սենյակում։ Չսպասելով մինչև դռան բացվիլը, ավազակապետը ցատկեց պարտեզի շրջապարսպից և յուր բեռը իջուց մյուս կողմը։ Նույն րոպեին փոքրիկ սենյակի շեմքի վրա երևան եղավ դեռահաս աղջիկը ճրագը ձեռին, գիշերվա հագուստով։

Ով ե՞ս, հարցրուց նա վրդոված ձայնով, որովհետև ճրագի լույսն արգելում էր տեսնել խավարի մեջ եկվորին։

Ես եմ, պատասխանեց ավազակապնտը։

Այդ ձայնը ծանոթ էր օրիորդին, նա իսկույն լուսավորեց յուր կացարանի մուտքը և ներս հրավիրեց ավազակապետին։

Ռուստամից մի խաբա՞ր... եղավ օրիորդի առաջին խոսքը։ Ահա՛, բերել եմ նրան․․․ ասաց ավազակապետը և յուր շալակած բեռը դրեց օրիորդի քնաշորերի վրա։

Ա՛ռ, մեկնեց նա դեպի օրիորդը մի քսակ, և խնամք տար այն տղամարդին, որին սիրում ես։

Օրիորդը, փոխանակ առնելու քսակը, տեսնելով վիրավոր երիտասարդի արյունաքամ եղած և դալկացած դեմքը, արձակեց մի ցավալի հառաչանք և գրկեց նրան։

Ավազակապետը դրեց նրա մոտ արծաթի քսակը և շտապելով դուրս գնաց, այդպիսի խոսքերով.

Զահրա, խնամք տար Ռուստամին, դա քո սիրելին է, և իմ քաջ ընկերներից մինը։ Մնացեք բարյավ, գուցե այլևս չտեսնվենք։

Դուրս գայով գեղեցիկ օրիորդի սենյակից, ավազակապետը քառորդ ժամի մեջ հասավ մատուռին։

Գնանք, ասաց Քերիմ֊բեկին։

Գիշերային փախստականները կրկին ճանապարհ ընկան։ Կես մղոն անցել էին, երբ հասան մի հին ամրոցի ավերակներին։ Ավազակապետը շվացրուց, հեռվից պատասխանեցին միևնույն ձայնով։

Այստեղ են... ասաց նա և հառաջ գնաց։

Մի ստորերկրյա, գետնափոր խորանի ծակից, որ պատած էր բաղերով և մացառներով, աղոտափայլ լույսը նեղ ժապավեններով դուրս էր շողացել գիշերային խավարի մեջ։ Ավազակապետը մոտեցավ ծակին և խորհրդավոր նշանախոսությամբ ձայն արձակեց և իսկույն դուրս սողացին երեք գլուխներ։

Ու՞ր է Հաշիմը, հարցրուց ավազակապետը։

Այնտեղ ձորի մեջ ձիաներն է արածացնում, պատասխանեց մինը:

Նա թո՛ղ մնա այնտեղ, հառաջ տարավ ավազակապետը, իսկ դուք, Ալի, Սամադ, Ասադ, այդ երկու հոգին, ցույց տվեց նա Ալմաստի և Սալոմեի վրա կպահեք ձեզ մոտ։ ճանաչում եք ովքեր են, մինն իմ կինն է, իսկ մյուսը նրա քույրը։

Մեր աչքի լույսի պես կպահենք, պատասխանեցին ավազակները։

Ես կդառնամ մեկ ժամից հետո, իսկ եթե ուշացա, դուք, այդ երկու հոգին ձեզ հետ առնելով, կանցնեք N․․․ի ձորը, այնտեղ կսպասեք ինձ։

Դու ո՞ւր ես գնում, հարց արին նրանից։ Այդ պարոնի հետ պիտի դառնամ քաղաքը, ցույց տվեց նա Քերիմ֊բեկի վրա։

Մեզանից ո՛չ մինը քեզ հարկավոր չի՞ լինի։

Դա բավական է։

Երբ ավազակապետը և Քերիմ-բեկը կամենում էին հեռանալ, Ալմաստը մոտեցավ և ասաց նրան.

Չուշանաս, Մեխակ ջան, ինձ մենակ չթողնես. Մարջանին և Սայիդին բեր հետդ։

Նրանց համար ենք գնում, պատասխանեց Քերիմ-բեկը, շուտով կդառնանք։

"Հարեմ" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Երկինքը ամպել է
Կոմիտաս

Երկինքը ամպել է

Հարեմում, 1918
Հարեմում, 1918
Խաղա առցանց