Րաֆֆի

Հարեմ

1 - Բ

Այդպես սկսեց Զեյնաբ-խանումն յուր հեքիաթը.

«Կար չկար, կար մի քաղաք։ Այն քաղաքում նստում էր Գուրջիստանի թագավորն։ Այն քաղաքը շինված էր այն սարերի մեջ․ ուր Ղափ-Դաղի գլխին շղթայած է ջինների գլխավորը։ Դրախտը շատ մոտ է այն երկրին և հրեշտակների նվագածությունները դեռ լսելի են լինում այնտեղ։ Դրախտից բխած գետերից մինն անցնում է այն քաղաքի միջից և ջրում ծաղիկներով զարդարված դաշտերը։ Այնտեղ կանայք ջուր չեն տաքացնում լողանալու համար տարտարոսի բոցերն, անդունդից դուրս գալով, տաքցնում են աղբյուրները և նրանց ջրով լողանում են մարդիկ։

Էլել է, չէ՛ էլել, էլել է այն քաղաքում մի այրիկ և մի կնիկ․ նրանք ունեցել են մի սիրուն աղջիկ, որի անունը լինում է Ալմաստ Նա լինում է մի աղջիկ՝ այնպես վարդ թշերով, սև աչքերով, թուխ հոնքերով։ Տասն և հինգ գարուն ծաղկում էին ծաղիկները, և Ալմաստը տասն և հինգ տարի լսում էր սոխակի սիրահարական երգը։ Նա էլ ուներ յուր սիրահարը, յուր սիրով այրված, կրակված սոխակը դա մի պատանի էր մանկահասակ։ Սավալանի նռները չունեին նրա թշերի գույնը. Շիրազի վարդերը չունեին նրա շրթունքի նրբությունը և կանաչազարդ սալբի չինարին յուր շիտակությունով չէր կարող համեմատվել նրա վայելչահասակ բոյի հետ։ Նրա բնավորությունն այնպես քաղցր էր, որպես հրեշտակի շունչը։ Նա սրտով այնքան բարի էր, որքան մինարեթի աղավնին։ Այդ պատանու անունը կոչվում էր Մեխակ։ Հնդկաստանի մեխակը միայն կարող էր լինել այնպես անուշահոտ և անմեղ, որպես նրա հոգին։ Մեխակը և Ալմաստը ծնվել էին իրանց մայրերից մի օրում և մի ժամում։ Դեռ նրանց ականջները չէին լսել առաջին ձայնն օրորոցի երգի, երբ նորածինների ծնողքը վճռեցին նրանը ապագան նրանք օրհնեցին Ալմաստի և Մեխակի ամուսնական նշանադրությունը։ Երեխաների օրորոցի դաստակից քարշ էին տված ուլունքներով զարդարված խաղալիքների մի-մի շարք, որոնց մեջ անցուդարձ էին մի-մի հատ մատանի։ Այդ մատանիներն էին նշաններ նրանց ծնողաց ուխտադրությանը։ Պառավ տատը շարժում էր օրորոցը և մեղմիկ ձայնով նանիկ էր կարդում, երեխայքը խաղում էին մատանիների հետ, մինչև անուշիկ քունը հանգստացնում էր նրանց։

«Երեխայքը մեծանում են։ Մատանիներն օրորոցի խաղալիքիդ դառնում են նրանց մատների զարդարանք, մինչև պատանին և օրիորդը հասկանում են նրանց նշանակությունը, հասկանում են, և սիրում են միմյանց․․․

«Հանդարտ լուսնկա գիշերներում, գաղտնի ծնողներից, ծառերի խորին ստվերի տակ, երկու սիրահարներն անցկացնում էին սիրո քաղցրիկ րոպեները․․․ Սոխակը նախանձում էր նրանց, երբ մտածում էր, թե յուր վարդը շատ անգամ ծակոտում էր նրա սիրտն յուր փշերով, բայց Ալմաստը և Մեխակը, փուշեր չունեին․․․։ Աներևույթ փերիները նախանձվում էին նրանց, երբ տեսնում էին, որ անմահների խմբի մեջ չկային այնպիսի սիրականներ․․․

«Բայց նրանց պարզ, հրեշտակային սերը չտևեց երկար։ Մի սարսափելի դեպք բաժանեց նրանց մեկ-մեկուց։

«Հեռու, արևելքից հայտնվում է այն քաղաքում մի ներքինի թագավոր։ Նա ունենում է յուր հետ զորքերի մեծ բազմություն։ Այդ մարզիկը ջրի տեղ խմում էին ադամորդիների արյուն, իսկ հացի տեղ՝ ուտում էին նրանց միսը։ Նրանց սրտումը գութ չկար։ Անտառի վագրը և բորենին ավելի բարեխիղճ էին, քան թե նրանք։ Թագավորի զորքերը կրակ են տալիս այն գեղեցիկ քաղաքին, կողոպտում են բնակիչներին, կոտորում են ալևորներին, մորթում են ծծկեր երեխաներին յուրյանց մոր գրկումը, իսկ մանկահասակ աղջիկները և տղերքը գերի են առնվում։ Ուղտերու ամբողջ քարավաններով տանում էին խեղճ գերիներին դեպի ներքինի թագավորի աշխարհն, որոնց հետ և գերի է ընկնում Ալմաստն։ Այնուհետև նա Մեխակից ոչինչ տեղեկություն չէ ունենում։ «Երբ թագավորը հասնում է յուր քաղաքը, բաժանում է բերած կողոպուտը և գերիներին յուր զորքերի մեջ, Ալմաստին վեր է առնում թագավորի գլխավոր զորապետներից մինը՝ մի շահզադե, որը նրա գեղեցկության համար, կարգում է որպես յուր նշանավոր տիկիններից մինը հարեմի մեջ։ Զարդարում է նրան ոսկով և գոհարներով, բնակեցնում է թանկագին խալիներով և շալերով շքեղացրած դահլիճների մեջ, կերակրում է նրան մեղրով և շաքարով։

«Տիկնոջ պատուհանում գրած է փղոսկրյա վանդակի մեջ մի թութակ, երբ տիկինն յուր տխուր հուսահատական րոպեներում ածում է թառի վրա, թութակը երգում է վանդակի միջից.

«Իմ տիկինը կերակրում է
Ինձ նշերով, շաքարով,
«Իմ վանդակը զարդարում է
Յուր քնքշիկ ձեոքերով»։

«Բայց գե՛թ մի ժամ ուրախ լինել
Ես չեմ կարող իմ կյանքում,
Երբ հիշում եմ, թե գերի եմ
Այդ նեղ, փակված վանդակում»․․․


«Տիկինը լսում է թութակի խոսքերը և նրա սրտում զարթնում են միևնույն զգացմունքները։ Նա հիշում է հայրենի երկիրը, նա միտն է բերում յուր հայրը, մայրը և ազգականները։ Նա հիշում է յուր կորցրած սիրականը քաղցրիկ անուշահոտ Մեխակին։ Նա զգում է, որ ինքը նույնպես մի գերի է, մի գերի հեռու աշխարհում, փակված հարեմի վանդակի մեջ և կենդանի թաղված այն տխուր գերեզմանում․․․։ Եվ իսկույն անցյալն յուր սարսափելի կերպարանքով պատկերանում է նրա աչքի առջև։ Նա տեսնում է յուր հոր, յուր մոր և ազգականների դիակները թավալված արյան մեջ՝ յուր հայրենական օջախում, և յուր այժմյան ամուսինը սուրը ձեռքում կանգնած է նրանց մոտ․․․։ Եվ իսկույն ծնվում է տիկնոջ սրտում մի զարհուրելի ատելություն դեպի այդ դահիճն, որ կոտորեց յուրյան ծնողքը, որ խլեց իրան հայրենական օջախից, որ և այսուամենայնիվ կոչում էր նրան յուր կին․․․

«Թե քնած թե արթուն՝ միշտ տիկնոջ ալքի առջև էր այդ արյունոտ տեսարանը և օրեցօր ավելի ու ավելի բորբոքվում էր նրա սրտի մեջ կատաղի ատելությունը դեպի յուր գերիչը․․․

«Անցնում են մի քանի տարիներ։

«Միակ միտքն, որ ավելի շատ էր տանջում տիկնոջը էր յուր Մեխակի մասին։ Նա թեև համարում էր նրան սպանվածների թվում, բայց տակավին այդ մասին մի որոշ տեղեկություն չուներ։

«Մի անգամ, տիկինն յուր աղախիններով և ծառաներով գնում է յուրյանց մերձակա այգին, որ գտնվում էր քաղաքին մոտ։ Այնտեղ ընդարձակ լճակի ափին կանգնած էր մեծաշեն ամառանոց։ Գիշեր էր։ Տիկինը վերնահարկի բարձրությունից նայում էր դեպի լճակն, որի մեջ լուսնյակը խաղում էր արծաթափայլ շողքերով։ Երկար նա այնպես նայում էր և նրա սրտի մեջ զարթնում էին անցած, գնացած օրերի տխուր հիշատակները․․․: Նա ցած իջավ ապարանքի բարձրությունից և սկսեց միայնակ պտտել ծառազարդ ճեմելիքնելով և լսել թռչունների գիշերային ճռվռոցը։

«Հանկարծ հայտնվում է նրա առջև մի անծանոթ տղամարդ։

«Ի՞նչպես համարձակվեցար դու մտնել այստեղ», ասում է տիկինը և կամենում է կոչել ծառաներին, որ բռնեն նրան։

«Անծանոթ տղամարդը չոքում է տիկնոջ առջև և ասում է․ «եթե ճանաչեք ինձ, տիկին, չեք բարկանա իմ վրա։

«Տիկինն ուրախությունից շփոթվում է։ Ծանոթ ձայնը նրա կորսված Մեխակի ձայնն էր։

«Աստվա՜ծ իմ․․․ կոչում է տիկինը և գրկում է նրան։

«Մի քանի րոպե նրանք խոսք չեն գտնում միմյանց պատասխանելու։ Երբ փոքր-ինչ սթափվում են իրանց հոգեզմայլությունից, տիկինը տանում է երիտասարդին մերձակա հովանոցն, այնտեղ նստում են։

«Ի՞նչպես դու հայտնվեցար այստեղ, հարցնում է նրանից տիկինը։

Ես էլ գերիների թվումն էի, պատասխանում է երիտասարդն, ինձ գերի անող զորապետի բանակն անցավ մի քանի օրով առաջ, և մենք բաժանվեցանք միմյանցից։

«Իսկ այժմ ո՞րտեղ ես լինում, հարցնում է տիկինը։

«Ես կառավարում եմ նույն զորապետի քաղաքիս Սար Ասքերի կալվածներն, իմ անունը կոչվում է այժմ Քերիմ-բեկ։ «Ուրեմն դու ուրացա՞ր կրոնքդ։

«Ուրացա, Ալմաստ, որովհետև ճար չունեի, ուրացա միայն առերես։ Բայց մեր հայրերի կրոնքը միշտ վառ կմնա իմ սրտում. որպես քո սերը․․․

«Դու դեռ սիրո՞ւմ ես ինձ․․․ հարցնում է տիկինն անուշ բերկրությամբ։

«Սիրում եմ, Ալմաստ․․․ Նրանց խոսակցությունը ընդհատում են տիկնոջ աղախիններն, որոնք, տեսնելով նա շատ ուշացավ, պտրում էին նրան։ Երիտասարդը տեսնելով նրանց, աներևութանում է ծառերի խավարի մեջ։

«Մյուս օրը տիկինը տուն է դառնում և այնուհետև այլևս չէ տեսնում այն նազելի պատկերը։ Նա միշտ երիտասարդի վրա է մտածում և միշտ նրան է տեսնում յուր երազներում․․․։ Երբ տաք միջօրեական պահուն տիկինը պառկած է յուր սենյակում, նրա սևամորթ աղախինը նստած է կողքին։ Աղախինը հեքիաթներ է ասում և հով է սփռում տիկնոջ երեսին, որ նրա քունն անուշցնե, բայց նա չէ կարողանում քնել, որովհետև մտածում է յուր Մեխակի վրա»․․․։

"Հարեմ" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Քրիստոսի Հարությունը
Գեորգի Գյուրջիև

Քրիստոսի Հարությունը

Հարեմում, 1918
Հարեմում, 1918
Խաղա առցանց