Նար-Դոս

Սպանված աղավնին

6
6

Չգիտեմ ինչ հիման վրա, Թուսյանը համոզված էր, որ իր խաբած աղջիկը չորս-հինգ տարվա լքումից հետո անպատճառ պիտի գա իր մոտ կամ նամակով տեսակցություն պիտի նշանակի։ Այս պատճառով հետևյալ օրը երեկոյան տուն էր եկել շատ վաղ և, երկար ապարդյուն սպասումից ձանձրացած, պառկել քնել էր առանց հանվելու, պատվիրելով, որ եթե գա, վեր կացնեմ իրեն։

Նստած պարապում էի, ըստ սովորականին, երբ դարձյալ գրեթե նույն ժամին, ինչպես և նախորդ գիշերը, հնչեց դռանս զանգակը։ Գրեթե նույն րոպեին և հանկարծ կտրվեց Թուսյանի խռմփոցի ձայնը հարևան սենյակում։ Այդ նշան էր, որ նա հանկարծ զարթնեց զանգակի ձայնի վրա։

Հը՞, Մարգարյան, կանչեց նա, այս նա է՞։

Չէ մի, պոզեր, ասացի ես գրգռված, չնայելով, որ ակամա սկսեցի հավատալ, թե կարող է նա լինել:

Թուսյանը երևաց դռան շեմքում շտապով բաճկոնը հագնելով։

Կաց, ես եմ բանալու, ասաց և դուրս գնաց։

Անհամբեր սպասում էի նրա վերադարձին։ Այդ արկածն սկսել էր խիստ հետաքրքրել ինձ։

Երկար սպասում էի։ Թուսյանը չէր վերադառնում։ Ասացի՝ երևի դռանը խոսակցության են բռնվել և որտեղ որ է՝ կմտնեն։ Ու հիմա, անհանգիստ, այն մասին էի մտածում, թե ինչ հիմար դրության մեջ է դնելու ինձ իմ սեփական բնակարանում այդ անամոթ մարդը։

Մի քիչ էլ սպասեցի, տեսնեմ վերադարձավ մենակ և ձեռքերը տարածեց ծայր աստիճան տարակուսանքով։

Սա ի՞նչ հանելուկ է, ասաց, ոչ ոք չկար։

7

Հանելուկը պարզվեց հետևյալ առավոտյան, երբ ես նոր էի գնացել պաշտոնավայրս և, առանձնասենյակումս նստած, ձեռնարկել էի օրվա աշխատանքս։ Թեև պատվիրել էի, որ աշխատանքիս որոշ ժամերին ոչ ոք չխանգարի ինձ, բայց և այնպես ծառան մտավ և ասաց, որ մի պարոն ուզում է տեսնել ինձ մի շատ կարևոր գործի համար։ Ստիպված էի պատվիրել, որ ներս հրավիրի։

Մտավ մեկը շատ զգույշ և անհամարձակ քայերով։ Երբ գլուխս բարձրացրի, որ տեսնեմ՝ ով էր, սկզբում զարմացած, հետո մեկեն վեր թռա ուրախական բացականչությունով։

Գարեգին Սիսակյանն էր, որին ոտով-գլխով կորած էի համարում։

Ու մինչ ուզում էի ընդունել նրան, ըստ հին սովորությանս, մտերմական-հեգնական եղանակով, զարմանքով տեսա, որ ա՛յն Գարեգինը չէ։ Դեմքը գունատ էր, աչքերը թափառուն և հիվանդոտ, անփայլ ցոլքով, քնատ մարդու աչքերի պես. միշտ կենսուրախ, միշտ խանդավառ տրամադրության հետքն անգամ չէր երևում ոչ դեմքի, ոչ շարժումների մեջ. ընդհակառակն, հոգեկան ծանր վշտի տակ ճխլված մարդու տպավորություն էր թողնում իր ամբողջ արտաքինով։

Առանց բարևելու և առանց երեսիս նայելու նստեց գրասեղանիս մոտ և տենդոտ, անհանգիստ հայացքն սկսեց ման ածել թափթփված թղթերի վրա։

Նստեցի իմ տեղը, նրա դիմաց, և ինքս ճնշված նրա արտասովոր հոգեկան վիճակի տպավորության տակ, սկզբում ոչինչ չկարողացա արտասանել և միայն ապշած դիտում էի նրան։ Շատ պարզ էր, որ խորապես դժբախտ էր, և ոչ մի տարակույս չկար ինձ համար, որ նրա դժբախտությունը ծագում էր հենց այն բանից, որի դեմ ես նախազգուշացնում էի նրան ամուսնությունից առաջ։ Եվ այդտեղից էլ սկսեցի հարցուփորձս։

Չլինի՞ գուշակությունս ճիշտ դուրս եկավ, ասացի, և այդ աղջիկը վերջ ի վերջո դժբախտացրեց քեզ։

Նա հանկարծ մի վախեցած հայացք գցեց չորս կողմը, վեր կացավ և արագ ու զգույշ քայլերով մոտեցավ դռանը։

Այս դուռը կարելի է փակել, չէ՞, ասաց գրեթե շշնջալով։

Կարող ես։

Շատ զգուշորեն, երևի նրա համար, որ շրխկոց չհանի, բանալին շուռ տվեց փականքի մեջ և եկավ նստեց առաջվա տեղը։ Այժմ միայն ուղիղ նայեց աչքերիս և ասաց.

Սխալվում ես, ես դժբախտ չեմ և չեմ եղել երբեք, և այս րոպեին էլ ինձնից ավելի երջանիկ մարդ չի կարող լինել, եթե... նա կամենա։

Ո՞վ։

Կինս։

Ի՞նչպես թե...

Լսի՛ր պատմեմ, ընդհատեց ինձ Գարեգինը, նորից մի վախկոտ հայացք գցելով չորս կողմը. հետո գլուխը մոտեցրեց ինձ և հարցրեց շշնջյունով. ո՞վ է այն պարոնը, որ քեզ մոտ հյուր է...

Այդ անակնկալ հարցմունքը և մանավանդ այդ շշնջյունը, որ շատ խորհրդավոր կերպով հնչեց ականջիս, կայծակի ազդեցություն ունեցավ ինձ վրա։ Կարծես մինչև այդ վայրկյան նստած էի խոր մթության մեջ, և հանկարծ մի անակնկալ պայծառ լույս շողաց և լուսավորեց շրջապատս։ Մի ակնթարթում մտքիս մեջ եկան շաղկապվեցին իրար հետ երեք անձնավորություն Սառան, Թուսյանը և Գարեգինը, և ինքս իմ մեջ վճռեցի, որ ես արդեն ամեն բան գիտեմ։

Այս ինքնաբուխ պարզատեսությունն այնքան անակնկալ էր ինձ համար, որ Գարեգինի հարցմունքին իսկույն պատասխանել չկարողացա։ Հետո, երբ անակնկալի առաջին շշմեցնող տպավորությունն անցավ, ինքս հարց տվի նրան.

Դու ո՞րտեղից գիտես, թե ինձ մոտ հյուր կա:

Գիտեմ... Եվ ես քեզ մոտ չէր, որ գալիս էի, նրա մոտ էի գալիս։

Ե՞րբ, ի՞նչ ես ասում։

Այս և անցյալ գիշեր։

Սպասիր, այն դո՞ւ էիր զանգակս քաշում, բացականչեցի ես։

Ես էի:

Հետո, ինչո՞ւ չէիր սպասում, որ դուռը բանայի։

Ինչո՞ւ։ Ահա թե ինչու։

Ետևի գրպանից հանեց մի ատրճանակ, ցույց տվավ և նորից գրպանը կոխեց շտապով։

Թեև դրաման գրեթե արդեն բոլորովին պարզ էր ինձ համար, բայց և այնպես զարմանքս այնքան մեծ էր, որ չկարողացա չհարցնել.

Ինչո՞ւ ես առել գրպանդ։

Որ սպանեմ։

Ո՞ւմ։

Այն պարոնին, որ քեզ մոտ հյուր է։

Նա ի՞նչ է արել քեզ։

Գարեգինը հանկարծ վեր կացավ, աթոռն առավ, եկավ նստեց ուղղակի կողքիս այնքան մոտիկ, որ մեր ծնկներն ու թևերը քսվում էին իրար, և կցկտուր բառերով, կարծես տենդի մեջ, շշնջաց ուղղակի ականջիս մոտ.

Այդ պարոնը... Սառային... օրիորդ ժամանակ... հասկանո՞ւմ ես... Ես ոչինչ չգիտեի, ինքն ասաց...

Ո՞վ։

Ինքը Սառան... երեկ չէ, մեկէլ օրը... Չգիտեմ որտեղ, հանդիպել էր այդ պարոնին և ասաց, որ քեզ մոտ է... Ես էլ ահա երկու գիշեր է, գալիս եմ զանգդ քաշում, բայց ձայնը որ դիպչում է ականջիս, փախչում եմ սարսափահար, որովհետև... ի՞նչ... ե՞ս... ես մարդ սպանե՞մ... ե՛ս, որ կյանքումս մի ճանճ անգամ չեմ սպանած...

Լավ, էլ ինչո՞ւ ես ատրճանակը գրպանդ առել և ինչո՞ւ ես գալիս։

Նա՛ է տվել, նա՛, Սառան, և նա՛ է ստիպում, որ գամ սպանեմ, հասկանո՞ւմ ես։ Թե չէ ես ի՞նչ գործ ունեմ ատրճանակի հետ, ինչո՞ւ պետք է ամբողջ գիշերներ թափառեմ փողոցներում խելագարի պես և վերջը, որ վերադառնամ, եզրից վռնդվեմ տանից՝ նոր թափառումներ կատարելու համար։

Սպասիր, ասացի ես, հեռացնելով նրան ինձնից, որովհետև, չափազանց հուզված, ուղղակի ընկել էր վրաս, և նրա փսփսոցն ականջիս մոտ ճանճի անախորժ բզզոցի պես քայքայում էր ջղերս: Ես քեզ հարցումներ կտամ, և դու պատասխանիր ինձ հանգիստ կերպով, որովհետև քո այդ կցկտուր խոսքերից ես ոչինչ չեմ հասկանում։

Նա ետ քաշվեց և մի քիչ հանգստացավ։ Ու ես սկսեցի հարցուփորձս։

Ամենից առաջ հարցնեմ, ո՞րտեղ էիք այս հինգ-վեց ամիսը։

Արտասահման էինք գնացել։

Ե՞րբ եք վերադարձել։

Մի շաբաթ չկա։

Ասում ես՝ օրիորդ ժամանակ հարաբերություն է ունեցել ինձ մոտ հյուր եղող պարոնի հետ։ Այդ էիր ուզում ասել, չէ՞: Ես պարզ եմ խոսում։

Այո։

Ե՞րբ հայտնեց քեզ այդ բանը։

Երեկ չէ, մեկէլ օրը, երբ հանդիպել էր այդ պարոնին։

Մինչև այդ ժամանակ ոչինչ չէ՞ր ասել։

Ամենևին։

Եվ դու ոչինչ չէի՞ր կասկածում։

Բնավ։

Այդքան ժամանակ ծածուկ պահելուց հետո ինչո՞ւ հայտնեց։

Որ վրեժխնդիր լինեմ։

Բայց չէ՞ր մտածում, որ դու կարող էիր վրեժխնդիր լինել ամենից առաջ իրենից, որ քեզ խաբել է։

Ո՞վ, ես՞... վրեժխնդիր նրանի՞ց... Ուրեմն դու դեռ լավ չես ճանաչում ինձ, ուրեմն դու դեռ չգիտես, թե որքան եմ սիրում նրան...

Իսկ նա քեզ սիրո՞ւմ է։

Կարող եմ ասել, որ առանց ինձ մի օր էլ չի ապրի։

Որ այդպես է, ինչո՞ւ է ուզում քեզ կործանել. չէ՞ որ մարդասպանության համար դու կկորչես, իսկ դրանով ինքն էլ կդժբախտանա, եթե իսկապես այդ աստիճան սիրում է քեզ։

Այդ բոլորն ասել եմ, կարծում ես՝ չե՞մ ասել, բայց նա ոչ մի պատճառաբանություն, ոչ մի առարկություն լսել անգամ չի ուզում։ Ամբողջովին վրեժ է կտրել և այդ վրեժը լուծելու համար պատրաստ է ինձ էլ, իրեն էլ, ամեն բան զոհելու։ Հիշո՞ւմ ես, քեզ պատմել եմ, նշանած ժամանակ որ Մուշտայիդ էինք գնացել, գետնի վրա ատրճանակ նկարեց և հարցրեց՝ մարդ կարո՞ղ եմ սպանել։ Դու մի ասի՝ շարունակ մտածելիս է եղել իր վրեժի մասին։ Եվ ես նոր եմ գլխի ընկնում, որ նրա բոլոր տարօրինակությունների պատճառն իր խորտակված կյանքն է եղել։

Լավ, ինչո՞ւ է ուզում, որ իր վրեժը անպատճառ սպանությամբ լուծվի։

Որովհետև, ասում է, ուրիշ պատիժ չկա այդպիսիների համար. որովհետև, ասում է, նա սպանեց ինձ, ինչպես այն աղավնուն, որ իր համար հանգիստ նստած էր ծառի վրա և ոչ ոքի վնաս չէր տալիս։ Ի՞նչ աղավնի է դա ոչինչ չեմ հասկանում: Ինձ թվում է, թե սկսել է ցնորվել, և այս մասին՝ որ մտածում եմ, քիչ է մնում ինքս էլ խելագարվեմ: Տե՛ր իմ աստված, ինչո՞վ պիտի վերջանա այս բանը, ինչո՞վ...

Գարեգինը գլուխը բռնեց ձեռքերով և կարճ ժամանակ շշմածի պես նայում էր մի կետի։ Հետո հանկարծ ցնցվեց, ձեռքերը հեռացրեց գլխից և նայեց ինձ պարզապես խելակորույս աչքերով։

Ես քեզ մի ուրիշ, ավելի սարսափելի բան պատմեմ, ասաց նա ձայնը խիստ ցածրացնելով։ Նա զավակ էլ է ունեցել այդ պարոնից և... ինքն իր ձեռքով խեղդել սպանել է...

Ի՞նչ ես ասում, շշնջացի ես բնազդական սոսկումով։

Այո, այո, այս էլ ինքը խոստովանեց։

Հետո՞։ Ի՞նչ է արել սպանված մանուկը։

Հայրը, աներս, աղջկա նամուսը պարտկելու և հանցանքը ծածկելու համար գիշերով վերցրել, տարել գետն է նետել կամրջից։

8

Մինչև մանկան սպանությունը Գարեգինի հայտնածը Սառայի և Թուսյանի հարաբերությունների մասին ես համարում էի շատ սովորական պատմություն, գրեթե առօրյա մի երևույթ, որպիսին շատ է պատահում կյանքի մեջ։ Նույնիսկ լուրջ կարևորություն չէի տալիս այն բանին, որ Սառան ստիպում էր Գարեգինին սպանելու իր պատիվն անարգողին և իրեն լքողին. այդ բանը համարում էի նրա սովորական տարօրինակություններից մեկը. ջղային ուժգին հուզմունքի մեջ նա անշուշտ չէր հասկանում, թե որքան անհեթեթ բան էր պահանջում իրեն սիրող ամուսնուց, որին անշուշտ շատ լավ էր ճանաչում։ Բայց այն հանգամանքը, որ այդ պատմության մեջ խառն եղել է որդեսպանության պես մի սոսկալի եղեռն, միանգամայն կարկամեցրեց ինձ, և ես հարկադրված եղա շատ լրջորեն նայելու այս գործին, որովհետև այն, ինչ որ սովորական պատմություն ու առօրյա երևույթ էի համարում, իսկապես մի տրագեդիա է եղել, որի վախճանը կարող էր շատ աղետաբեր լինել այն երեք գործող անձերի համար, որոնց ճակատագիրը բերել կցորդել էր իրար այդ տրագեդիայի մեջ։ Եվ որովհետև ես ևս բոլորովին կողմնակի մի անձնավորություն բախտի պատահական բերումով ընկել էի այդ տրագեդիայի շրջապտույտը ուզեի չուզեի՝ պիտի մասնակցեի։ Իմ չեզոք լինելու պարագան արդեն ինքնին որոշում էր իմ դերը, որը ոչ այլ ինչ պիտի լիներ, եթե ոչ շանթարգելի դեր գալիք աղետի հանդեպ. բայց թե ինչ եղանակով պիտի կատարեի ինձ վիճակված այդ դժվարին դերը, դեռևս պարզ չէր ինձ համար։ Ուստի, երբ անցավ սոսկալի հայտնության առաջին ցնցող տպավորությունը, շարունակեցի հարցուփորձս.

Հիմա ի՞նչ ես մտադիր անելու։

Մտադի՞ր, զարմացավ Գարեգինը. խելք, միտք մնացե՞լ է գլխումս, որ մտադիր լինեմ որևէ բան անելու։ Եվ ի՞նչ կարող եմ անել իմ այս դժբախտ, թույլ կամքով, իմ այս ողորմելի անհիշաչար, բարի սրտով։ Ուրիշ բան կլիներ, իհարկե, եթե ես էլ ուրիշների պես կարող լինեի վառվել, բորբոքվել։ Բայց մեղավո՞ր եմ, որ չեմ կարող, օրգանապես անընդունակ եմ։ Ահա այստեղ է իմ ամբողջ դժբախտության արմատը։ Եվ քանի՜ անգամ է նա երեսովս տվել, որ ես տղամարդ չեմ, կնիկ եմ, փալաս... Եվ դու կարծում ես, թե այս երկու օրը ես ապրո՞ւմ եմ, գիտե՞մ ինչ բան է հանգիստը, ե՛րբ է լուսանում, երբ մթնում... Ոչինչ չգիտեմ։ Ինձ դուրս են շպրտել սովորական և բնական կյանքի սահմաններից, և ես գլխիվայր ցած եմ գլորվում, ցած, շարունակ ցած չգիտեմ ուր, բայց միշտ ցած, միշտ ցած, և ինձ թվում է, թե երբե՛ք չպիտի դադարի այս գլորումը, մինչև որ հոգիս փչեմ։ Ես արդեն շշմել եմ, հոգիս եկել բուկս է հասել, հազիվ եմ շնչում, որովհետև Սառան հանգիստ չի տալիս ինձ, չի ուզում երեսս տեսնել, սպառնում է, որ եթե չսպանեմ, կդադարի ինձ սիրելուց, կատի, կարհամարհի, նույնիսկ անձնասպանություն կգործի։

Գարեգինն արմունկները դրեց գրասեղանի վրա և գլուխն առավ ձեռքերի մեջ։ Շնչում էր ծանր ու հատու և այնքան ուժգին, որ ուսերը բարձրանում ցածրանում էին երկար տեղ վազած մարդու նման։ Հետո, ձեռքերն ու գլուխը հանկարծ ընկան գրասեղանի վրա, մի ծանր զսպված հեծկլտոց բռնեց սենյակը։

Այդ բանն ինձ շատ ազդեց։ Առաջին անգամն էր, որ այդ միշտ խանդավառ, միշտ կենսուրախ, միշտ անհոգ երիտասարդին տեսնում էի այնքան դառնորեն լալիս։ Եվ երբեք այնպես չէի խղճացել նրան, ինչպես այս րոպեին, երբ նա նմանում էր բախտից հալածված ու անօգ ու որբացած մի երեխայի։ Չկարեկցել նրան անկարելի էր, և մինչդեռ նա զսպված հեծկլտանքից հազիվ էր շունչը ետ բերում, ինձ համար կամաց-կամաց պարզվում էր այն եղանակը, որով ես թե ընկերական կարեկցությունից և թե բախտի բերումով պարտավոր էի զգում ինձ միջամտելու այս գործին։

Սրտապնդիչ խոսքերով Գարեգինին հանգստացնելուց հետո ասացի.

Ինձ մոտ եկել ես անշուշտ նրա համար, որ օգնեմ, այնպես չէ՞։

Այո, հազիվ արտասանեց լացակումած ձայնով, դու միայն կարող ես օգնել, որովհետև այն պարոնը...

Լա՛վ։ Այդ պարոնը ոչ թե միայն իմ տանը, Թիֆլիսում չի լինի հենց այսօր ևեթ, ասացի ես վճռականորեն։

Ճի՞շտ, բացականչեց նա, հանկարծ վրա ընկնելով ձեռքերիս այնպիսի մի բուռն ուրախությամբ, որ կարծես ինքը չէր մի քիչ առաջ այնպես հուսահատորեն լաց եղողը։

Այդ կողմից կարող ես ապահով լինել, բայց հարցն այս է, թե բանը դրանով կվերջանա՞ արդյոք։

Օ՛, գլխավորն ա՛յդ է, գլխավորն ա՛յդ է, շշնջաց Գարեգինը եռանդով։ Միայն թե դու այդ անես, միայն թե նա այստեղից հեռանա, մնացածը հեշտ է։ Գիտե՜ս ինչ կա, շարունակեց Գարեգինը ավելի ու ավելի ոգևորվելով, ես չգիտեի, թե դու այդքան ազդեցություն ունես այդ պարոնի վրա, բայց որ ասում ես, թե այդ կանես, ես լիովին հավատում եմ և այս րոպեին այնպիսի մի թեթևություն եմ զգում, որ կարծես հանկարծ ազատվեցի մի սոսկալի ատամնացավից։ Իսկ ես գիտե՞ս ինչի համար էի գալիս քեզ մոտ. գալիս էի խնդրեմ, որ գաս հանգստացնես Սառային։ Եվ այդ էլ որ անես, ոչ թե միայն իմ, այլև նրա փրկիչը կդառնաս։

Եվ դու կարծում ես, թե այդ բանը հարմա՞ր է։

Ոչ թե հարմար, այլ անհրաժեշտ է։ Ես նրա վրա ոչ մի ազդեցություն չունեմ. պարզապես արհամարհում է ինձ. եթե արդեն չի ատում, իսկ քեզ, գիտեմ, հարգում է և չի կարող չլսել քեզ։ Ես շատ փորձեցի և տեսա, որ առանց կողմնակի ազդեցության անկարելի է նրան հանգստացնել։ Իսկ հանգստացնել պետք է, անպատճառ պետք է, որովհետև... գիտե՞ս ինչից եմ ես ավելի վախենում. նա հղի է, և այդ հուզումները շատ վատ հետևանք կարող են ունենալ։

Թեև Սառային տեսնելու միտքը առանց Գարեգինի ասելու էլ հղացել էի ես, բայց այդպիսի մի անձնական և ընտանեկան գործի միջամտելն էլ այնքան փափուկ խնդիր էր, որ չէի կարող իսկույն խոսք տալ, մանավանդ, երբ հիշողությանս մեջ նորոգում էի Սառայի այնքան անբարեհամբույր ու անմատչելի բնավորությունը։ Այդ պատճառով պատասխանս խուսափողական եղավ։

Լավ, ասացի, այդ մասին կմտածեմ։

Ո՛չ, խնդրում եմ, մտածել հարկավոր չէ, վրա բերեց Գարեգինն աղերսագին։ Եկ, անպատճառ եկ, աղաչում եմ, և որքան շուտ, այնքան լավ։ Եկ հենց այսօր, երբ ազատ լինես, որովհետև ամեն մի րոպեն թանկ է։ Պետք է փրկել նրան. ես վախենում եմ, որ հետո ուշ լինի։

Երկար ժամանակ այդպես թախանձագին ու համառորեն խնդրում էր, չէր ուզում լսել իմ ոչ մի պատճառաբանությունը, թե Սառան կարող էր ինձ չընդունել, կարող էր վիրավորել ինձ և պարզապես վռնդել անկոչ միջամտությանս համար, այնպես որ վերջ ի վերջո ստիպված եղա զիջել և խոսք տվի, որ այդ երեկո կգնամ։

Նա բաժանվեց ինձնից այնքան ուրախ և հանգստացած, որ կարծես այլևս ոչ մի դժբախտություն գոյություն չունի նրա համար աշխարհիս երեսին: Եվ հենց այդ միայն բավական էր, որ չզղջայի իմ տված խոսքի համար և առաջուց վարձատրված չզգայի ինձ այն անախորժությունների համար, որ ես, լիովին հավատացած էի, պիտի կրեի այդ երեկո Սառայի հետ ունենալիք հանդիպման ժամանակ։

9

Աշխատանքս վերջացնելուց հետո առաջին գործս այն եղավ, որ գնացի փնտրելու Թուսյանին, որպեսզի հենց այդ օրն ևեթ ճանապարհեի Թիֆլիսից։ Հանդիպեցի ամեն տեղ, ուր ենթադրում էի, թե կգտնեմ նրան, գնացի, ի միջի այլոց, Սարումյանի մոտ, որի կնոջ վրա աչք էր բռնել, ոչ մի տեղ չգտա։ Իսկ աշնան կարճատև օրն արդեն մթնում էր, և ես վերջ ի վերջո ստիպված եղա որոնումներս դադարեցնել, որպեսզի գնայի Սառայի մոտ։

Չիմացա ինչպես ճաշեցի, որովհետև ինձ չափազանց անհանգստացնում և, միևնույն ժամանակ, հետաքրքրում էր այն տեսակցությունը, որ պիտի ունենայի Սառայի հետ։ Չգիտեի թե ինչ անուն պիտի տայի այդ տեսակցությանը, ինչով պիտի արդարացնեի միջամտությունս, ինչ պիտի ասեի, ինչպես պիտի «հանգստացնեի» Սառային, և որքան աշխատեցի պատճառաբանությունների մի նախագիծ կազմել ինձ համար, որպեսզի ըստ այնմ էլ շարժվեի, ոչինչ դուրս չեկավ։ Վերջ ի վերջո հիշեցի, որ այդպիսի դեպքերում առհասարակ նախապատրաստումը միանգամայն ավելորդ է հանդիսանում, որովհետև երբեք չի արդարանում, և ամեն բան պետք է գցել հանգամանքների բերմունքին ու րոպեի թելադրանքին։

Այդպես էլ վճռեցի ու գնացի։

Փողոցի դուռը բաց արեց ինքը Գարեգինը, որին դռան ապակու միջից տեսա վերևից մարմարի սանդուղքով արագորեն իջնելիս։

Շնորհակալ եմ, որ եկար. անհամբեր սպասում էի, ասաց կամաց՝ ձեռքս պինդ սեղմելով։ Եկ գնանք։ Բայց ոչ, սպասիր։

Ձեռքս բռնած, պահեց ինձ, մի անհանգիստ հայացք գցեց վերև, դեպի սանդուղքի գլուխը երրորդ հարկում, և նորից դառնալով ինձ՝ հարցրեց ավելի կամաց.

Իսկ այն պարոնին արդեն ճանապա՞րհ դրիր:

Շատ ման եկա, չգտա։ Բայց սովորաբար ինձ մոտ է գիշերում. այս երեկո որ վաղ գա, կճանապարհեմ հենց այս գիշերվա գնացքով, հակառակ դեպքում բանը կմնա վաղվան։

Այդ վնաս չունի, միայն թե աղաչում եմ։ Սառային ասա, որ այլևս այստեղ չէ, գնացել է, որովհետև վախենում եմ, որ այս գիշերն էլ ստիպի, որ գամ սպանեմ: Եվ բացի դրանից, որ իմանա, թե նա այլևս այստեղ չէ, կհանգստանա։

Դու կարծո՞ւմ ես։

Անպատճառ։

Սկսեցինք բարձրանալ սանդուղքով։ Բայց այս անգամ, իմ հերթին, ես կանգնեցրի նրան:

Չլինի՞ թե Սառային հայտնել ես մեր այսօրվա տեսակցությունը, ասացի։

Ո՛չ, ո՛չ, ի՞նչ ես ասում, շշնջաց Գարեգինը, ըստ երևույթին, զարմացած, որ ես կարող էի այդպիսի կասկած տանել։ Այդ աստիճան հո դեռ չեմ կորցրել խելքս։ Նա ինձ տեսնել էլ չի ուզում. փակվել է իր սենյակում և չի ուզում դուրս գալ։

Այս անգամ ես արդեն վճռականապես կանգ առա։

Լավ, որ այդպես է, էլ ինչո՞ւ եմ եկել, ասացի։

Ո՛չ, ոչ, քեզ կընդունի, կընդունի։ Այդ ի՛նձ է, որ չի ուզում տեսնել։ Քեզ կընդունի հենց միայն այն պատճառով, որ այն պարոնը քեզ մոտ հյուր է։ Եվ, եկ գնանք։

Ու, ձեռքս բաց չթողնելով, գրեթե զոռով տարավ ինձ վերև։

Մտանք նախասենյակը, որը լուսավորված էր էլեկտրական ճրագով: Մինչդեռ ես հանում էի վերարկուս, Գարեգինը շատ զգուշորեն բաց արավ մութ հյուրասենյակի դուռը, ներս մտավ, դարձրեց էլեկտրական ջահի կոճակը, որից հյուրասենյակը հանկարծ լուսավորվեց կապտավուն պայծառ լույսով, նույն զգուշությամբ դուրս եկավ և դարձավ ինձ շշնջալով.

Դու մտիր, իսկ ես իսկույն աղախնի բերնով կապսպրեմ Սառային, որ եկել ես իրեն տեսնելու։

Իսկ դո՞ւ։

Իսկ ես չեմ երևա, որպեսզի չգրգռվի, և հանգիստ խոսեք:

Եվ Գարեգինը զգույշ ու արագ չքացավ մի ուրիշ դռան ետևը, որ նույն նախասենյակից տանում էր դեպի ներքին սենյակները։

Մտա հյուրասենյակ և նստեցի։ Այստեղ, բացի մուտքի և դեպի ինձ ծանոթ պատշգամբը տանող դռներից, կար ուրիշ երկու դուռ։ Փոխեփոխ նայում էի մերթ այս, մերթ այն դռանը, սրտիս մեջ զգալով մի տարօրինակ վախ և րոպե առ րոպե սպասելով, թե ահա ո՛րտեղ որ է՝ կմտնի Սառան իր անհամբույր համառ հայացքը տարակուսորեն աչքերիս հառած։ Ու նոր զգացի, թե որքան մեծ անմտություն էի գործել հանձն առնելով մի առաքելություն, որ մի կատարյալ անհայտություն լինելով հանդերձ՝ հղի էր ինքնասիրությանս համար շատ անախորժություններով, և որի տակ այժմ ավելի, քան մինչև գալիս, զգում էի թե պիտի ճխլվեմ։

Սակայն մի հանգամանք, որի մասին մինչև այժմ չէի մտածել հանկարծ քաջություն տվեց ինձ, և իմ այցը ոչ միայն անմտություն չհամարեցի, այլև անհրաժեշտ կարիք նկատեցի նույն իմ ինքնասիրության, իմ բարի անվան համար։

Այդ հանգամանքը հետևյալն էր։

Սառան Թուսյանից իմանալով, որ նա ինձ մոտ է իջևանած, անշուշտ կարծում է, որ ինձ հայտնի է եղել նրա սրիկայական արարքը, և ես, այնուամենայնիվ, տեղ եմ տվել նրան իմ տան մեջ, ես, որ իր խաչեղբայրն եմ և իր ամուսնու մտերիմ ընկերը։ Այդ պարագայում, պարզ է, թե որքան ես վարկաբեկված պիտի լինեմ նրա աչքում, և որքան խոր ատելությամբ պիտի համակված լինի նա դեպի ինձ։ Այժմ ես պիտի հասկացնեմ և համոզեմ նրան, որ Թուսյանը, նախ, հակառակ իմ ցանկության է եկել հյուր նստել տանս, և երկրորդ, ամենագլխավորն է, ես միանգամայն անտեղյակ եմ եղել, որ նրա սրիկայության զոհը ինքը Սառան է եղել։

Այժմ շատ ցավեցի, որ իզուր Գարեգինը ծածկել էր Սառայից մեր այսօրվա տեսակցությունը։ Եթե այդ բանը պատմած լիներ կնոջը, Սառան անշուշտ իմացած կլիներ, որ իր անցյալը, հետևաբար և իր վերաբերմամբ Թուսյանի գործած սրիկայությունն ինձ իսկապես անհայտ է եղել։

Մինչև ես այս մտորումների մեջ էի և մտքումս խոսքեր էի որոնում Սառայի առջև ինքս ինձ արդարացնելու համար, տեսնեմ դռներից մեկը բացվեց, և դուրս եկավ Սառան ուսերին մի հաստ շալ գցած։

Մտավ, դուռը ետ դրեց, նախապես շրջազգեստի ետևի փեշը քաշելով դեպի ինքը, որ դռան տակ չմնա, և նայեց ինձ մի չափազանց սառը հայացքով, որի մեջ կատարելապես արդարացած տեսա իմ բոլոր ամենավատ գուշակությունները և նախազգացումները։

Եվ այդ հայացքը բավական էր, որ չհամարձակվեի մոտենալ նրան. միայն մեքենայաբար վեր կացա և բարևեցի։

Չընդունեց բարևս և շարունակում էր լուռ կանգնած մնալ դռան մոտ՝ իր սպանիչ սառն հայացքը դեմքիս սևեռած։

Ու, ինչքան էլ որ շփոթված էի, չկարողացա չնկատել մի ահագին փոփոխություն, որ կատարվել էր նրա արտաքինի մեջ։ Ամուսնական կյանքը, թե վերջին օրերի ջղային հուզումները միանգամայն ջնջել էին նրա նախկին գեղեցկությունը։ Առանց այն էլ խոշոր աչքերը մեծացել էին անբնականորեն, շրթունքները կապտել ու հաստացել էին, դեմքը գունատ էր, նիհար և այնքան հիվանդոտ, որ կարծես անկողնից էր վեր կացել։

Երկար Ժամանակ նայում էր ինձ իր ատելությամբ և սառն հայացքով, հետո, հանկարծ ցնցվեց, արագորեն նստեց մոտը գտնված աթոռի վրա, փորը բռնեց ձեռքերով, կուչ եկավ ու քարացավ՝ դեմքը ծամածռված ֆիզիկական մի սուր ցավի արտահայտությամբ։

Նոր հիշեցի, որ Գարեգինն ասել էր, թե հղի է։ Եվ կարեկցության ու հարգանքի մի խոր զգացում ակամա համակեց ինձ։ Միևնույն ժամանակ երբեք այնպես, ինչպես այդ րոպեին, պարզորոշ չէի գիտակցել այն անխիղճ ցածությունը, որի շնորհիվ, ըստ երևույթին, հավիտենապես խորտակվել էր այդ դժբախտ աղջկա կյանքը։

Դրությունս չափազանց անհարմար էր։ Մնացել էի տեղում կաշկանդված, չիմանալով ինչ անեմ, ինչ ասեմ։

Իսկ Սառան, շրթունքները պինդ սեղմած իրար, ըստ երևույթին զսպելով ցավի ճիչերը, շարունակում էր մի խուլ նվոցով կուչ ու հուպ գալ, երքեմն-երբեմն բռնելով մեջքը, մինչև որ կամաց-կամաց հանգստացավ, ետ ընկավ աթոռի մեջքին, ձեռքերը թուլացած գցեց ներքև, աչքերը փակեց և խոր շունչ քաշեց թեթևացած։ Դեմքն այժմ ավելի գունատ էր, քան առաջ, և այնքան խաղաղ, որ թվում էր, թե չի շնչում։ Այնուհետև, երբ աչքերը բաց արավ և նայեց ինձ, ապշած մնացի, թե ուր էր չքացել այն անհաշտ ատելությունը, որի պարզորոշ արտահայտությունը տեսա մի քիչ առաջ նրա սպանիչ սառը հայացքի մեջ։ Այժմ նայում էր ինձ և կարծես չէր տեսնում. նրա ամբողջ ներքին աշխարհը եկել կենտրոնացել էր այդ զարմանալի արտահայտիչ աչքերի մեջ, և ես կարծես խոշորացույցի մեջ տեսնում էի այդ աշխարհը՝ լի հոգեկան այնպիսի տառապանքով, որը դարմանելու համար թվում էր թե ոչ մի սպեղանի չկա։

Ու ինքս, իմ հերթին, նայում էի նրան արտասվելու չափ զգացված և անհունապես փափագելով օգնել նրան, ինչով որ կարող էի, նրա այդ տառապանքը գեթ փոքր-ինչ մեղմելու համար։

10

Ներեցեք, տիկին, կարծեմ շատ անհարմար ժամանակ եմ եկել, ասացի վերջապես, լուռ դիտողի անախորժ դրությունից դուրս գալու համար։ Որ գիտենայի, թե դուք հիվանդ եք...

Ոչ, ոչ, ընդհատեց ինձ Սառան թույլ ձայնով, ըստ երևույթին դեռևս ֆիզիկական ցավի տպավորության տակ ճնշված։ Ես ինքս ուզում էի ձեզ տեսնել, և լավ է, որ եկել եք։ Խնդրեմ նստեցեք։

Շալն ուղղեց ուսերի վրա, ձեռքերը, ըստ երևույթին մրսելով, փաթաթեց ծայրերի մեջ, դրեց կրծքին, գլուխը կախեց և երբ նստեցի, ասաց նույն թույլ ձայնով.

Գիտեմ ինչու եք եկել, և ես էլ հենց նույն բանի համար էի ուզում ձեզ տեսնել: Խոսեցեք, ես ձեզ լսում եմ։

Դուք ինձ թո՞ւյլ եք տալիս, տիկին։

Սառան մի դառն քմծիծաղով թոթվեց ուսերը։

Մի կնոջ ամենանվիրական սրբությունը անարգված և կոխկռտված, կախված է հրապարակի վրա, իբրև ցինիկության մի մեծ հաղթանակ, և այդ կինն այժմ խոսքերի՞ց պիտի վախենա, արտասանեց նա մի տեսակ չարագուշակ հանգստությամբ, նայելով ուղղակի աչքերիս: Կարող եք ապահով լինել միանգամայն, ես ձեզ կլսեմ ամենայն սառնասրտությամբ։

Ներեցեք, տիկին, ես ձեզ չեմ հասկանում, ասացի պարզապես ապշած նրա խոսքերի վրա։ Մի՞թե դուք կարծում եք, որ ես եկել եմ...

Խնդրեմ, առանց առաջաբանի, ընդհատեց ինձ Սառան խստորեն։ Թե ինչ եմ կարծում ես, այդ թողեք ես գիտենամ, իսկ դուք ասացեք ուղղակի ձեր ասելիքը։

Տեսա, որ արդեն ջղայնանում է և, եթե իսկույն գործի չանցնեի, այլևս անկարող պիտի լինեի բան հասկացնել։

Սպասեցեք, ամուսնուս կանչեմ, հանկարծ վրա բերեց Սառան և, արագորեն վեր կենալով, դիմեց դեպի այն դուռը, որտեղից մտավ։

Ոչ, ոչ, ակամա բացականչեցի ես նրա ետևից։

Կանգ առավ և զարմացած դարձավ ինձ.

Ինչպե՞ս։

Նա չպետք է ներկա լինի մեր խոսակցությանը։

Ինչո՞ւ։

Շփոթվեցի, չիմացա ինչ պատասխանեմ, որովհետև չգիտեի իսկապես, թե ինչու Գարեգինը ներկա չպիտի լիներ մեր խոսակցությանը, բայց այստեղ հանկարծ օգնության հասավ ինձ րոպեի թելադրանքը, և ես պատասխանեցի.

Որովհետև այն, ինչ որ պիտի ասեմ և ինչի համար որ եկել եմ ձեզ մոտ, նրան է վերաբերում։

Եվ ոչ ի՞նձ։

Ոչ, նրան, միմիայն նրան։

Մի կարճ ժամանակ Սառան զարմացած շարունակում էր նայել ինձ, հետո ուսերը թոթվեց տարակուսանքով և նորից նստեց։

Շատ բարի, ասաց նորից թախծալի կերպարանք առնելով և փաթաթվելով շալի մեջ։ Խոսեցեք, ես ձեզ լսում եմ։

Այժմ արդեն, րոպեի թելադրանքի տակ, ինձ համար միանգամայն պարզ էր, թե ինչ պիտի ասեի, ինչպես պիտի սկսեի և ինչպես վերջացնեի։ Ու սկսեցի, աշխատելով կարելույն չափ խուսափել նրա սուր հայացքից, որը պարզապես շփոթեցնում էր ինձ։

Դուք գիտեք, տիկին, որ ես ու Գարեգինը շատ մոտիկ բարեկամներ ենք իրար։ Ես նրան ճանաչում եմ դեռևս պատանեկությունից։ Դուք էլ, անշուշտ, պետք է որ այս հինգ-վեց ամսում շատ լավ ճանաչած լինեք նրան։ Խոսքս նրա առասպելական բարության մասին չէ, իմանալու համար բնավ կարիք էլ չկա նրա հետ կենակցելու։ Խոսքս նրա բնավորության մի քանի ուրիշ գծերի մասին է, որոնք, անշուշտ, խուսափած չպիտի լինեն ձեր դիտողությունից։ Ինձ հայտնի են նրա կյանքից մի շարք շատ տարօրինակ վարմունքներ, որոնք երբեմն առիթ են տվել ինձ լրջորեն կասկածելու նրա... հոգեկան վիճակի մասին։ Ընդսմին պետք է ասեմ եթե արդեն հայտնի չէ ձեզ, որ նրա մայրը մեռավ հոգեկան հիվանդների ապաստարանում, իսկ հայրը, թեև ոչ պարզապես խելագար, բայց աննորմալ հակումների տեր մարդ էր։ Այսպիսի ժառանգական պայմաններում ես միանգամայն հասկանալի եմ համարում Գարեգինի տարօրինակությունները. նա, անշուշտ, շատ բան է ժառանգել իր հիվանդոտ ծնողներից։ Բայց ես երբեք նրան հոգեկան այնպիսի աննորմալ վիճակի մեջ չէի տեսել, ինչ որ այսօր։ Ձեր ճանապարհորդությունից վերադառնալուց հետո այսօր առաջին անգամն էր, որ տեսնում էի նրան։ Եկավ ինձ մոտ չափազանց հուզված վիճակի մեջ, մի ատրճանակ գրպանում. ասաց, թե ատրճանակը դուք եք տվել և պատվիրել, որ գա սպանի ինձ մոտ հյուր եղող մի երիտասարդի, որին ամենևին չի ճանաչում, որի հետ ոչ մի գործ չի ունեցել և որի երեսը նույնիսկ չի տեսել։ Երբ սկսեցի հարցուփորձ անել, այնպիսի բաներ սկսեց պատմել, որոնք այլևս ոչ մի կասկած չթողին իմ մեջ, որ նրա հոգեկան վիճակը միանգամայն խանգարված է։

Ի՞նչ բաներ, հարցրեց Սառան, շարունակելով շեշտակի նայել աչքերիս.

Ի՞նչպես թույլ կտամ ինձ, տիկին, կրկնելու ձեր առաջ այն, ինչ որ պատմում էր մի...

Ո՛չ, խնդրում եմ, առանց որևէ նրբանկատության, ընդհատեց ինձ Սառան խստորեն, ես ձեզ թույլ եմ տալիս։

Իսկ ես հատկապես խնդրում եմ, տիկին, ազատեցեք ինձ այդ հարկադրանքից, որը չափազանց ծանր է ինձ համար, ուղղակի աղերսեցի ես պարզապես վախեցած նրա ձայնի մեջ լսված ինչ-որ չարագուշակ շեշտից։ Եթե այժմ ես եկել եմ ձեզ մոտ, եկել եմ հատկապես այն նպատակով, որ ձեր լուրջ ուշադրությունը հրավիրեմ Գարեգինի դրության վրա։ Թերևս կարելի լինի նրան փրկել, և ես պատրաստ եմ այդ բանում ամեն կերպ օգնելու ձեզ։

Լռեցի և սպասում էի։

Լուռ էր և Սառան, և այդ լռության ընթացքում, որից լավ բան չէի գուշակում, իր խուզարկու աչքերով շարունակ կարծես պրպտում էր իմ մեջ այն, ինչ որ, զգում և տեսնում էր անշուշտ, աշխատում էի ծածկել նրանից։

Ես շատ շնորհակալ եմ, պարոն, որ դուք այդքան հոգատար եք ձեր բարեկամի և իմ ամուսնու համար, վերջապես խզեց նա իր չարագուշակ լռությունը մի տեսակ շեշտած քաղաքավարի-հեգնական տոնով, որով, ըստ երևույթին, ուզում էր հասկացրած լինել ինձ, թե իմ պերճախոսության հետին իմաստը շատ լավ հասկանում է ինքը, և իզուր եմ ես այդքան միամիտ կարծում իրեն։ Բայց ձեզ հանգստացնելու համար կարող եմ ասել, որ դուք միանգամայն սխալվել եք ձեր եզրակացության մեջ. Գարեգինը շատ նորմալ վիճակի տեր մարդ է գորտի արյունով, բութ զգացումներով, անձնական պատվասիրության մասին ոչ մի հասկացողություն չունեցող և անդադար իր սեփական կաշվի մասին մտածող։ Եվ եթե այսօր նա ներկայացել է ձեզ անսովոր հուզված դրության մեջ, այդ պետք է վերագրել այն բանին միայն, որ արտաքո կարգի մի հանգամանք, հակառակ իր կամքին ու ցանկության, ստիպողաբար եկել է վրդովելու նրա շատ նորմալ հոգեկան վիճակը, նրա ճահճի պես անդորր կյանքը, որը ամեն բանից թանկ է նրա համար։ Բավական է, որ ես մի փաղաքշական խոսք ասեմ, և նա ուրախությունից պար կգա, նույնիսկ կգա համբուրվելու ձեր հյուրասիրությունը վայելող պարոնի հետ, առ ոչինչ համարելով, որ այդ պարոնն անլուր անարգանք է հասցրել իր կնոջը։ Ահա այսչափ հոգեկան նորմալ վիճակի տեր մարդ է ձեր պատվական ընկերը և իմ ամուսինը, պարոն։ Ուրեմն ոչ իմ կողմից մի առանձին ուշադրության, ոչ էլ ձեր կողմից այդ բանում ինձ օգնելու կարիք չկա ամենևին: Իսկ որպեսզի դուք միանգամայն ապահով ու հանգիստ լինեք նրա համար, ես ահա ի՛մ իսկ բերանով հաստատում եմ, որ այն բոլորը, ինչ որ պատմել է նա ձեզ այսօր, զուտ իրողություն է։ Ատրճանակն էլ, այո՛, ես եմ տվել նրան և ե՛ս եմ ստիպում, որ գա և սպանի ձեր հյուրասիրությունը վայելող պարոնին։ Հիմա՞ ինչ կասեք, պարոն։

Պատասխան չգտա տալու։ Մնացել էի կարկամած և զարմացած այդ համարձակ խոստովանությունից, նրա անշփոթ, մեթոդիկ դատողությունից, որ կարծես շարահարել էր առաջուց ու սերտել, և մանավանդ նրա անողոք հայացքից, որի մեջ, ինչպես և նրա ամբողջ խոսակցության եղանակի մեջ, անվախ մարտակոչի շեշտեր էի զգում շարունակ, կարծես ես եկել էի ոչ թե իբրև ցավակից բարեկամ, այլ իբրև մի անհաշտ ախոյան, որի հետ պատրաստ էր մահացու մենամարտի բռնվելու։

Ասացե՛ք, հիմա՞ ինչ կարող եք ասել, կրկնեց անողոք կերպով։

Ես... ի՞նչ կարող եմ ասել, թոթովեցի ես, պարզապես շփոթված նրա համառ պնդումից և իսկապես չիմանալով, թե ինչ կարող եմ ասել։

Կամաց վեր կացավ, շեշտակի նայելով աչքերիս։

Ինչպե՞ս թե ինչ կարող եք ասել, ասաց կարծես ծայրահեղորեն ապշած։ Ես ձեզ այսպիսի բան եմ ասում, և դուք ոչինչ չունե՞ք ասելու։ Ես իմ ամուսնուն, որ ձեր ամենամոտիկ ընկերն է, ուղարկում եմ դեպի ոճրագործություն, դեպի մարդասպանություն, որից նա կարող է կորչել, և դուք ոչինչ չունե՞ք ասելու, և դուք այդքան անտարբե՞ր եք։ Այդ անկարելի է։ Դուք պե՛տք է որ բան ունենաք ասելու։

Արդեն տեսա, որ այլևս անկարելի էր խուսափել բուն խնդրից, դեպի որը համառորեն մղում էր ինձ ինքը Սառան։ Ու, բռնի կերպով տիրապետելով ինձ և մի քիչ վիրավորված զգալով ինքնասիրությունս նրա վերջին խոսքերից, նկատեցի այլևս առանց շփոթվելու.

Տիկին, իզուր եք կարծում, թե ես անտարբեր եմ։ Եվ եթե ոչինչ չեմ ասում, այդ միայն ա՛յն պատճառով, որ այս բոլորն ինձ չափազանց տարօրինակ է թվում, և ես պարզապես չեմ հասկանում ձեզ։

Ահա՛ վերջապես... ես ձեզ բռնեցի՛, աղաղակեց Սառան հաղթականորեն, և այդ աղաղակը կարծես մի խցան էր, որ հանկարծ դուրս պրծնելով՝ ազատություն տվավ նրան դուրս ժայթքեցնելու իր հոգու խորքից այն բոլոր թույնը, որ տարիների ընթացքում կուտակվել էր այնտեղ։ Տարօրինակ՝ ասում եք, ինձ չեք հասկանում՝ ասում եք։ Իսկ երբ ամոթի կարմիրն երեսիս, վիրավորանքի թույնը կրծքիս, տանջանքի կսկիծը հոգուս մեջ, բարոյապես լքված ու սմքած՝ կծկվեի, լռեի և տերևի պես դողայի ամեն մի կասկածոտ հայացքի առջև, այն ժամանակ այս տարօրինակ չէր թվա ձեզ, այն ժամանակ կհասկանայիք ինձ, այն ժամանակ այս շատ բնական կլիներ ձեզ համար, այնպես չէ՞, քանի որ այդպես եք սովոր, քանի որ այդպես են անում սովորաբար ինձ պես անպատվածները, ինձ պես խաբվածները, ինձ պես լքվածները։ Բայց քանի որ ես ուրիշ հազարների պես չեմ կծկվել, չեմ լռել, ամեն բան ինքս եմ հրապարակ հանել, փոխանակ ծածկելու, քանի որ համարձակ, անվախ ինքս եմ դուրս եկել ցույց տալու աշխարհին անպատվությանս, կսկիծս, տանջանքներս և վրեժ եմ պահանջում բողոքող հոգուս ամբողջ թափով, այս բոլորը շատ տարօրինակ է թվում ձեզ, և դուք չեք հասկանում ինձ, որովհետև, իսկապես որ, այս տարօրինակ է ձեր հասկացողությամբ, որովհետև այսպես չեն անում սովորաբար, որովհետև այսպես չպետք է անեն, այնպես չէ՞, որովհետև դա ամոթ է, սովորական մորալից դուրս մի բան է, այնպես չէ՞, պարոն։

Ես բողոքում եմ ձեր այդ խոսքերի դեմ, տիկին, նկատեցի ես եռանդով։ Դուք այնպիսի բացատրություն տվիք իմ խոսքերին, որ ես մտքովս անգամ չեմ անցկացրել: Եթե դուք բողոքում եք սովորական մորալի դեմ, ապա ուրեմն պետք է երկու ձեռքով կապեք ձեր ամուսնուն, որովհետև ահա՛ իսկապես մի մարդ, որ բարձր է կանգնած սովորական մորալից հանուն իսկական սիրո։ Եթե ասացի, որ չեմ հասկանում ձեզ, ասացի այն իմաստով միայն, որ Գարեգինը չէ՞ որ սիրում է ձեզ և սիրում է այն աստիճան, որ պատրաստ է ամեն բան մոռանալու, ամեն բան ներելու:

Ներելո՞ւ... ո՞ւմ, ի՞նչ, արագ հարցրեց Սառան։

Հենց ձեզ, անզգուշաբար և որովհետև մասամբ էլ գրգռված էի նրա ինձ վրա գործած հարձակումներից՝ դուրս թռավ բերնիցս։

Անզգուշաբար եմ ասում, որովհետև այն, ինչ որ ծագեց իմ այդ խոսքերից, ես երբեք չեմ կարող ներել ինձ։

Սառան ցնցվեց, կարծես օձից խայթված, և կարճ ժամանակ նայում էր ինձ ծայր աստիճան ապշած, հետո գլուխը հպարտորեն ետ գցեց, միշտ սևեռած պահելով ինձ վրա իր խոշոր աչքերը, որոնք կամաց-կամաց սկսեցին լցվել մի կատաղի ցասումով։

Այդպես հա՜, ձգեց նա։ Ներե՜լ... ի՜նձ...ի՜նձ... Այդ լա՜վ է, այդ հիանալի՜ է, այդ սքանչելի՜ է, այդ աննմա՜ն է... Ուրեմն ի՞նչ. ես նրան դատավոր եմ հրավիրել իմ գլխին։ Ուրեմն նա, որ իմ ամուսինն է, և դատավո՞րն է իմ։ Ուրեմն ես կարող էի և հանցավո՞ր նկատվել իմ ամուսնու, իմ տիրոջ կողմից։ Ուրեմն, եթե նա պատրաստ է ինձ ներելու, կարող է և իրավունք ունի պատժելո՞ւ, որովհետև չէ՞ որ ներում կամ պատժում են միայն հանցավորներին։ Այդ լավ դատողություն է, այդ հրաշալի՜ դատողություն է։ Եվ դուք համարձակվում եք այդ ասել ինձ, ի՛նձ, որ ոտից գլուխ անիրավության մի զոհ եմ և շուրջս համակ հանցավորներ եմ տեսնում։ Եվ հանցավո՜ր, ե՜ս և ոչ այն սրիկան, որ խորտակեց իմ մատաղ կյանքը, և ոչ դուք, այո՛, դո՛ւք, պարոն, որ օթևան եք տվել նրան ձեր հարկի տակ, և ոչ այն հասարակությունը, որ հանդուրժում է իր մեջ այդպիսի սրիկաների գոյությունը։ Ես հանցավո՞ր, որովհետև անմեղ եմ եղել, միամիտ եմ եղել։ Հանցավո՞ր, որովհետև աշխարհիս վրա, մարդկանց վրա մաքուր, պայծառ հայացք եմ ունեցել: Հանցավո՞ր, որովհետև կուսական անփորձությանս մեջ իմ անբիծ, անարատ սիրտը հավատացել եմ մի մարդու, որ անխիղճ կերպով խաբեց ինձ, գործածեց սպիտակ ձեռնոցի պես և կեղտոտելուց հետո դեն շպրտեց իբրև այլևս անպետք մի իր, որպեսզի տարիներ անցնելուց հետո, երբ ես հազիվհազ հոգու անդորրություն էի ձեռք բերել, նորից գա ցինիկաբար անարգելու իմ կանացի առաքինությունը, պղծելու իմ ընտանեկան սրբությունը, ծաղրելու իմ մարդկային արժանապատվությունը, որպես թե ոչինչ չի պատահել, որպես թե ես էլ նույն տեսակ շուն եմ, ինչպես և ինքը... Օ՜, այս ի՜նչ անիրավ աշխարհ է, ի՜նչ անիրավ... Այս ի՜նչ անտարբերություն և անարդարություն է, որ տեսնում եմ շուրջս... Ո՞ր մեղքիս համար է, որ գցել են ինձ այսպես մենակ, անօգնական...

Վերջին խոսքերի հետ նրա մինչ այդ անզուսպ ցասումով վառվող աչքերը հանկարծ լցվեցին անզորության առատ արտասուքներով, նա ընկավ աթոռի վրա, դեմքը ծածկեց ձեռքերով, և մի խելագար հեկեկանք սկսեց վեր ու վար նետել նրա մարմինը ջղային ուժգին ցնցումներով։

Սկզբում նրա կատաղի ցասումը, որ անշուշտ հետևանք էր իմ անզգույշ խոսքերի, և ապա այդ հուսահատական հեկեկանքը, որ համակեց ինձ անհուն կարեկցությամբ, այն աստիճան ազդել էին ինձ, որ ես կատարելապես սառել, կարկամել էի, չիմանալով ինչ ասեմ, ինչ անեմ, որ ուղղեմ սխալմունքս և հանգստացնեմ նրան։

Բարեբախտաբար այդ միջոցին ներս վազեցին վախեցած մի կողմից Գարեգինը, մյուս կողմից աղախինը, բայց Սառան նրանց տեսնելուն պես վեր թռավ, ոտը կատաղի թափով խփեց հատակին և ծկլթաց.

Կորե՛ք... կորե՛ք ամենքդ էլ... ո՛չ ոքի չտեսնեմ. անխիղճնե՜ր, անաստվածնե՜ր...

Ու նորից ընկնելով աթոռի վրա, շարունակեց իր խելագար հեկեկանքը ավելի ուժգին ցնցումներով։

Ինձ ուրիշ բան չէր մնում, եթե ոչ անմիջապես հեռանալ:

Ու դուրս եկա հոգեկան այնպիսի մի ծանր ճնշման տակ, որպիսին չէի զգացել կյանքումս։ Կանխապես արդեն զգում էի, որ ակամայից մի մեծ դժբախտության պատճառ էի դարձել, և այդ գիտակցությունը շիկացած երկաթի պես շանթում էր ուղեղս։

"Սպանված աղավնին" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Մեղեդի
Առնո Բաբաջանյան

Մեղեդի

Հետևելով անմեղ աղավնիներին
Հետևելով անմեղ աղավնիներին
Խաղա առցանց