Նար-Դոս

Սպանված աղավնին

3
5

Բարձրահասակ, բայց մեջքից կորացած մի ժիր ծերունի էր Բաղիրյանը, արծաթի պես սպիտակ մազերով և կենսուրախ հայացքով։ Նայելով նրա խորամանկ, ծիծաղկոտ աչքերին, թվում էր, թե երբեք ոչ տխրել է, ոչ էլ բարկացել։ Ինձ ընդունեց վերին աստիճանի սիրալիր կերպով և առաջին իսկ խոսքերից այնպիսի մի տրամադրություն ստեղծեց իմ մեջ, որ կարծես շատ հին բարեկամներ էինք։

Երբ, առաջին ծանոթության սովորական խոսքերը փոխանակելուց հետո, տանտիրոջ հրավերով նորից նստեցի, տեսա Սառան այլևս չկա սենյակում։

Օհո՜, սուվենի՞ր, բացականչեց Բաղիրյանը, տեսնելով սեղանի վրա, բաց տուփի թավշյա բարձիկի մեջ խրված ոսկե օղերը և մի քննական հայացք գցեց նախ ինձ, հետո փեսայի վրա, կարծես կամենալով առանց մեր թելադրության իմանալ, թե ո՛ւմ ընծան էր։ Հետո մի «ըհրմ» արավ, ժիլետի գրպանից հանեց ակնոցը, դրեց քթին, վերցրեց տուփը, մոտեցրեց լույսին և սկսեց դիտել ակնոցի մերթ միջից, մերթ վերևից և մերթ տակից, որի ժամանակ շատ զվարճալի կերպով բարձր ու ցածր էր անում գլուխն ու հոնքերը։ Օղերը դիտելուց հետո բաց արեց անուշեղենի արկղիկը և դարձավ Գարեգինին.

Այս ո՞վ է սովորեցրել քեզ, թե նշանածի համար պետք է այսպիսի բաներ բերել։ Իսկ ես կարծում էի, թե գառան պես միամիտ ես։ Ախ դու ժուլիկ, ժուլիկ։

Ու մի ձեռքը դնելով Գարեգինի կրծքին, մյուսը մեջքին, խտղտեց նրան խնդալով։

Բայց Գարեգինի շփոթմունքը դեռ չէր անցել. վերին աստիճանի խղճալի դրության մեջ, նստած տեղում մնացել էր կաշկանդված։ Աներոջ հայրական բարեսիրտ խոսքերին պատասխանելու համար, ըստ երևույթին, ուզեց մի բան ասել, բայց ոչինչ չկարողացավ արտասանել, միայն դեմքի վրա լացախառն մի ժպիտ երևաց։

Բաղիրյանը կարծես նոր նկատեց, որ ինչ-որ բան է պատահել նրան, մի կարճ ժամանակ նայեց նրա աչքերին քննական հայացքով ուղղակի ակնոցի միջից, հետո նստեց նրա մոտ և հարցրեց լուրջ դեմք առած.

Ի՞նչ է պատահել։ Նեղացրե՞լ են քեզ։

Լացախառն ժպիտը ծամածռեց Գարեգինի դեմքը, և նա պատասխանեց ոչ իսկույն.

Ոչ։ Ես նեղացրի։

Բաղիրյանը գլուխը վեր ձգեց և նայեց ակնոցի միջից։

Ո՞ւմ։

Սառային։

Բաղիրյանը գլուխը ցածրացրեց և նայեց ակնոցի վերևից։

Ի՞նչպես։

Չգիտեմ, կմկմաց Գաբեգինը պատժված երեխայի պես աչքերը վայր թողած։ Կարծեց, թե ուզում եմ հարցաքննել իրեն, մինչդեռ այդպիսի միտք ամենևին չեմ ունեցել։ Ներողություն խնդրեցի... չներեց և..․ դուրս գնաց։

Ու ողորմելին քիչ մնաց լաց լինի։ «Վա՛յ խեղճ մեծ երեխա», արտասանեցի մտքումս ակամա ժպտալով։

Ա՞յդ միայն, հարցրեց Բաղիրյանը։

Հետո... նեղացավ, որ դու-ով էի խոսում հետը։

Բաղիրյանը հանկարծ այնպես պինդ ծիծաղեց, որ ակնոցն ընկավ քթից և կախ ընկավ վզովն անցկացրած ղայթանից։

- Վա՛յ, վայ,- բացականչեց նա,- տեսա՞ք ինչ է պատահել․ էդ հո ամեն բան քանդվե՜ց, կարծանվե՜ց, վերջացա՜վ, պրծա՜վ, գնա՜ց, մո՜ւթ, խավա՜ր, տարտարո՜ս․․․ Հիմի ի՞նչ անենք։

Ու սկսեց նայել մերթ ինձ, մերթ Գարեգինին այնպիսի մի կոմիկական տարակուսանքով, որ ծիծաղս չկարողացա զսպել։

Բայց որովհետև Գարեգինը, ըստ երևույթին, տրամադրություն չուներ ոչ ծիծաղելու և ոչ նույնիսկ ժպտալու, Բաղիրյանը հանկարծ լուրջ դեմք առավ, ղայթանից կախ ընկած ակնոցը ժիլետի գրպանը կոխեց, մի ձեռքով կես գրկեց փեսացուին և սկսեց մխիթարել։

Բան չկա, բալիկս, բան չկա, սիրտդ մի կոտրի։ Այդպիսի դատարկ բաներին որ ուշադրություն դարձնես, ուր կերթա, հա՜։ Դուք դեռ չեք ճանաչել իրար։ Երեկ մեկ, էսօր երկու։ Քանի՛ գնաք, այնքան կճանաչեք, կհասկանաք և կսիրեք իրար։ Այս էլ ասեմ, որ սկզբում կռվելը լավ նշան է. այդ նշանակում է, որ վերջը իրար արևով կերդվեք։ Ճիշտ է, թաքցնելու ի՞նչ կա, նա մի քիչ ուրիշ տեսակ աղջիկ է, ջղային է, բայց դու նրա լեզվին մի նայիր, սիրտն ուղղակի աղավնու սիրտ է։ Լուցկու պես ձեռաց կվառվի և իսկույն էլ կհանգչի։ Այդպես է նրա գրգռմունքը։ Այ շուտով, աստված տա, կպսակվեք, կապրեք միասին, և կտեսնես՝ ճիշտ եմ ասո՞ւմ, թե ոչ։

Նկատեցի, որ Գարեգինն աներոջ այդ պերճախոսությունից բավականին հանգստացավ և սկսեց ժպտալ գուրգուրված երեխայի պես։

Ախր ընծայիս էլ ուշադրություն չդարձրեց, գանգատվեց նա։

Այս հրաշալի օղերի՞ն։ Հըմ, բաս դու իսկապես որ շատ միամիտ մարդ ես եղել և ամենևին չես ճանաչում կանանց։ Ասա, խնդրեմ, ի՞նչպես կարող է կին արարածը այսպիսի բաների վրա ուշադրություն չդարձնել։ Հը՞, պարոն Մարգարյան, այսպիսի բան կարելի՞ է, դիմեց ինձ Բաղիրյանը և ինքն էլ պատասխանեց իրեն, իհարկե ոչ։ Հա՛, այս մեկը ճիշտ է, որ Սառան ուրիշների պես հիմար չէ, ավելացրեց նա, նորից դառնալով Գարեգինին, և իսկույն վրա չէր ընկնի ուրախացած, նա ծանրաբարո, խելացի, ինտելիգենտ աղջիկ է, որի համար այսպիսի զիզիբիզի բաները կարող են այնքան էլ նշանակություն չունենալ։ Բայց և այնպես, էլի եմ ասում, նա կին է, հասկանո՞ւմ ես, կին. և մեկ անգամ որ բերել ես այս ընծան, արդեն գիտե, որ սա իրենն է, իր սեփականը և մենակ մնացած ժամանակ էլ շատ լավ կարող է տնտղել, անցկացնել ականջներին, շուռումուռ գալ հայելու առջև և ուրախանալ։ Հը՞, ճիշտ չե՞մ ասում, պարոն Մարգարյան։

Քաղաքավարությունը ստիպում էր ինձ հավանություն տալ այդ շատախոս ծերունու խոսքերին, մանավանդ որ, այդ բանը տեսնում էի նրա ինձ վրա նետած խորհրդավոր հայացքներից և խոսակցության եղանակից, նա ուզում էր, որ ես օգնեմ իրեն փեսացուի կոտրված սիրտը տեղը գցելու։

Մտավ Բաղիրյանի կինը, կավիքները ոլորելով։ Օղերը տեսնելուն պես նրա աչքերը փայլեցին, չգիտեմ՝ հիացմունքի՞ց, թե նախանձից։ (Սպիտակահեր ամուսնու մոտ այդ կինը ավելի ևս ջահել երևաց իմ աչքին)։

Գարեգինի տրամադրությունը բոլորովին բացվեց, և ես նորից տեսա նրան առաջվա պես պարզամիտ, սրտաբաց, ուրախ ու շատախոս, կարծես ոչինչ չէր պատահել։

Բայց նրա ուրախ տրամադրությունը նորից խանգարվեց շուտով, խանգարողը դարձյալ իր հարսնացուն էր։

Սկսվել էր մի ընդհանուր կենդանի խոսակցություն, երբ մտավ Սառան մատուցարանը ձեռքին, որով թեյ էր բերում։

Գարեգինը, որ, ոտի կանգնած, իրեն հատուկ պարզամտությամբ ինչ-որ փիլիսոփայություններ էր դուրս տալիս, հարսնացուին տեսնելուն պես լռեց, ինչպես հանկարծ լռում է չարություն անող աշակերտն ուսուցչին տեսնելիս, և նստեց, մի վախկոտ հայացք գցելով նրա վրա։

Մի անհարմար լռություն տիրեց սենյակում։ Եվ այդ ընդհանուր լռության մեջ Սառան սկսեց բաժանել բաժակները կենտրոնացած հայացքով, առանց ոչ ոքի նայելու։ Ինձ թվաց, թե ամենից ավելի նա պետք է ճնշվեր այդ լռությունից, քանի որ պատճառն ինքն էր, և ամենքի հայացքը նրան էր ուղղված, բայց ընդհակառակն, շատ հանգիստ էր երևում։ Երբ մոտեցավ հորը, Բաղիրյանը, բարեսիրտ-հեգնական ժպիտով ներքևից նայելով նրա վայր թողած աչքերին, նկատեց.

Ինչո՞ւ ես նեղացրել մեր այս սիրելի պարոնին։

Սառան ոչինչ չպատասխանեց։

Ինձ նայիր։

Սառան, մի չարագուշակ հանգստությամբ աչքերը միշտ վայր թողած, կանգնած էր հոր առջև և, մատուցարանը ձեռքին, սպասում էր, որ նա վերցնի իր բաժակը։

Քեզ հետ չե՞մ։ Ինձ նայիր, կրկնեց հայրը։

Սառան դարձյալ կանգնած էր լուռ և արձանացած։ Նկատեցի, որ մատուցարանը սկսեց թեթևակի դողալ նրա ձեռքին։

Տե՜ս, ինչ սիրուն բան է բերել քեզ համար, ասաց հայրը և օղերի տուփը վերցնելով՝ ուզեց կամացուկ խփել նրա կզակին։

Բայց Սառան ջղային հանկարծական մի ցնցումով գլուխը հետ գցեց, մատուցարանը պահեց մի ձեռքում, մյուսով վերցրեց վերջին բաժակը, դրեց հոր առաջ և դիմեց դեպի դուռը։ Նրա դեմքն այնպիսի մի զսպված զայրույթ էր արտահայտում, որ ես ուղղակի սարսափով սպասում էի, թե ահա՛, որտեղ-որ է, մի սկանդալ կհանի։

Դե, այդ արդեն բանի նման չէ, կես-կատակով, կես-լրջորեն կանչեց նրա ետևից հայրը։ Դու մեզ բոլորովին խաղք ու խայտառակ ես անում։

Սառան հանկարծ կանգ առավ դռան մոտ, մի շատ սուր հայացք նետեց հոր վրա և նկատեց չափազանց լրջորեն.

Հայրիկ, ճշմարիտ, ես չեմ հասկանում, թե այդ ինչ վարմունք է։ Երեխա՞ եմ, ինչ է, որ...

Նա չվերջացրեց խոսքը, դարձավ և դուրս գնաց, դուռը շրխկացնելով իր ետևից։

Քա՛, արտասանեց Բաղիրյանի կինն ամոթահար և ձեռքը բռունցք շինած՝ դրեց շրթունքին ի նշան ապշության։

Բաղիրյանը սկզբում բավական շփոթվեց, բայց շուտով հավաքեց իրեն և դարձավ ինձ այնպիսի վարանոտ հայացքով, որով կարծես ներողություն էր խնդրում պատահած անախորժության համար.

Ասացի, չէ՞, ջղային է, և տրամադրությունն էլ այսօր, ինչպես երևում է, լավ չէ։ Ասենք, մեղավորը ես եմ։ Չէ՞, սիրելի փիսիկս, դարձավ նա Գարեգինին, մտերմորեն գրկելով նրա ուսը։ Լսո՞ւմ ես, փիսիկս եմ ասում և ոչ փեսիկս: Մեղավորը միշտ մենք ենք ես ու դու, դու և ես։

Եվ Բաղիրյանը քահ-քահ ծիծաղեց, ինչպես ինձ թվաց՝ ավելի նրա համար, որ ցրի աղջկա ավելի քան տարօրինակ վարմունքի թողած ընդհանուր անախորժ տպավորությունը.

Բայց այդ տպավորությունն այնքան ծանր էր ինձ համար, որ ես հազիվ կարողացա մի կեղծ ժպիտ խաղացնել դեմքիս, ընդառաջելու համար բարի ծերունու ցանկությանը։ Ես ուղղակի ամաչելով էի նայում նրան, որ նա իր և կնոջ ամոթը պարտկելու համար ստիպված էր դրությանը չսազող կատակների դիմել, կարծես ես մի կողմնակի և օտար անձնավորություն մեղավոր էի, որ ներկա էի նրանց այդ ընտանեկան անախորժության։ Եվ եթե գիտենայի, որ անքաղաքավարի բան արած չեմ լինի և ավելի խորացրած նրանց ամոթահար դրությունը, իսկույն վեր կկենայի և կգնայի։ Ուստի ստիպված եղա «վայելելու» թեյի երկրորդ բաժակն էլ, որ այս անգամ հրամցրեց տիկին Բաղիրյանը, որովհետև Սառան այլևս չերևաց։ Այնուհետև մի քիչ մրգեղեն «անուշ արինք», դարձյալ առանց Սառայի ներկայության։ Բաղիրյանը, մի քանի անգամ դուրս ու տուն անելուց հետո, փորձեց դարձյալ կատակների դիմել՝ աղջկա բացակայությունը բացատրելու և արդարացնելու համար, բայց այդ էլ չօգնեց։ Ոչ միայն մեր, այլև իր տրամադրությունը, ինչպես նկատում էի, անդարձ փչացել էր այդ երեկո։

Ես վեր կացա և, շնորհակալությամբ հրաժարվելով Բաղիրյան ամուսինների, իհարկե, լոկ քաղաքավարության համար՝ առաջարկած ընթրիքից, հրաժեշտ տվի։

Գարեգինը, ըստ երևույթին, ուզում էր մնալ, բայց տեսնելով, որ ես գնում եմ, ինքն էլ վեր կացավ։ Զոքանչն ու

Երկար տեղ գնում էինք լուռ։ Գարեգինը հոգեկան չափազանց ճնշված դրության մեջ էր։

Ա՞յդ է քո շատ խելոք, շատ կրթված և ես ինչ գիտեմ ուրիշ ինչ տեսակ աղջիկը, վերջապես խոսեցի ես։

Գարեգինը ձայն չհանեց։ Զգում էի, որ ավելի շատ այն բանից էր ճնշված, որ իր հարսնացուն իմ ներկայությամբ ոչ միայն չէր արդարացրել իր գովասանքները նրա մասին, այլև բնավորության այնպիսի գծեր էր դրսևորել, որոնք իր համար էլ անսպասելի էին։ Եվ մեղքս գալիս էր ասելու նրան այն, ինչ որ անհրաժեշտ էի համարում ասել իբրև բարեկամ։ Բայց նրան ժամանակին չզգուշացնելն էլ հանցանք կլիներ իմ կողմից։ Ուստի ասացի ուղղակի.

Ես կարծում եմ, ինքդ էլ զգում ես, որ քո այս այցը պետք է վերջինը լինի, եթե, իհարկե, դու փոքրիշատե պատվո զգացում ունես։

Ինչպե՞ս թե վերջինը, մեքենայաբար հարցրեց Գարեգինը։

Այնպես, որ անմիջապես պետք է ձեռք վերցնես այդ աղջկանից։ Դուք չեք կարող իրար մարդ ու կին լինել։

Գարեգինն իսկույն չպատասխանեց։ Բայց այն բանից, ինչ որ ասաց, տեսա, որ նա նույն տարակուսանքի մեջ է և նույնն է մտածում, ինչ որ ես։

Հետո կարո՞ղ եմ, ասաց կամաց և այնպիսի եղանակով, որ կարծես ինձ չէր պատասխանում, այլ իր մտածմունքներին։

Ու ձայնից նկատեցի, որ թուքը կուլ տվեց։

Ակամա կանգ առա և զարմացած նայեցի նրա երեսին։

Մի՞թե, իսկապես, այնքան սիրահարված ես, որ չես կարող։

Այո, չեմ կարող... ուղղակի չեմ կարող, ասաց լացագին, առանց ինձ նայելու։

Բայց քո սերը քանի՞ գրոշ արժի նրա համար։ Մի՞թե չես տեսնում, որ չի հավանում քեզ։ Եվ ոչ միայն չի հավանում, այլև տեսնել անգամ չի ուզում։

Ինչ անեմ, ես սիրում եմ, կրկնեց Գարեգինը քմահաճ երեխայի բութ համառությամբ։

Լսիր, Գարեգին, ինչ եմ ասում, ասացի ես համոզիչ եղանակով և, նրա թևն առնելով, առաջ տարա։ Դու երեխա չես, տղամարդ ես՝ փոքրիշատե դատելու ընդունակ, և, ես կարծում եմ, սերը դեռևս այնքան էլ չի կուրացրել քեզ, որ իրերը չտեսնես իրենց իսկական գույնով։ Մի՞թե այդ աղջկա թե՛ դեպի քեզ և թե՛ դեպի ծնողները ցույց տված վարմունքից պարզ չէ քեզ համար, որ նրան զոռով են կպցրել քեզ, և նա վերջ ի վերջո պիտի մերժի քեզ։ Մի՞թե քեզ հաճելի կլիներ այդ խայտառակությունը։

Այդպիսի բան չի՛ կարող պատահել, վրա բերեց Գարեգինը եռանդով։

Ինչո՞ւ։

Որովհետև, նախ՝ նա որևէ մի տգետ աղջիկ չէ, որ ծնողների կամքով շարժվի և ում տան՝ գնա, և երկրորդ՝ ես առիթ չեմ տա, որ դժգոհ մնա ինձնից։

Շատ բարի. համաձայն եմ, որ նա ծնողների քմահաճույքով շարժվող աղջիկներից չէ, այդ ես տեսա այս երեկո, բայց դու ի՞նչ գիտես, թե ներքին ընտանեկան, ինձնից ու քեզնից ծածուկ ի՞նչ հանգամանքներ կան, որոնք անշուշտ ստիպել են նրան հակառակ գնալ իր կամքին ու ցանկությանը։ Այս մեկ։ Երկրորդ՝ ասում ես, թե առիթ չես տա, որ դժգոհ մնա քեզնից։ Շատ բարի. հիմա առիթ տվի՞ր, որ այն օյինները խաղաց գլխիդ։

Տվի, իհարկե, տվի։ Ի՞նչ է նշանակում՝ «կարդացե՞լ ես այս գիրքը»։ Իհարկե, հարցաքննություն։ Եվ, իսկապես, ինչո՞ւ չպետք է կարդացած լիներ։ Հետո, երեկ չէ, մեկէլ օրը բոլորովին անծանոթ էինք իրար, իսկ այսօր վեր եմ կենում և «դու»-ով եմ խոսում հետը։ Ի՞նչ անեմ, թե նշանված ենք, քաղաքավարական պայմանները մի որոշ ժամանակ պետք է պահպանե՞լ, թե ոչ։

Բայց նրա ապտակներն ուտելուց հետո քիթդ լավ կախեցի՞ր։

Ոչ թե քիթս կախեցի, այլ տեսա, որ արժանի էի։

Լավ, հայրը, հո երեկ-մեկէլ օրվա ծանոթը չէր, ինչո՞ւ նրա հետ էլ այնպես վարվեց։

Հայրն արդեն գլխովին մեղավոր էր։ Որովհետև, ճիշտ որ, ի՞նչպես կարելի է մի ահագին օրիորդի հետ օտար հյուրի ներկայությամբ վարվել ինչպես մի երեխայի հետ։ Շատ էլ որ հայրն է։

Իսկ մայրը։ Հիշո՞ւմ ես ծկլթոցը հարևան սենյակում։

Երևի նա էլ մի բանով նեղացրել էր։ Եվ, վերջապես, հո լսեցի՞ր, որ հայրն ասաց, թե ջղային է։

Եվ դու պիտի կարողանա՞ս ապրել այդպիսի մի ջղային աղջկա հետ։

Ինչո՞ւ չէ, քանի որ ոչ մի առիթ չեմ տա նրան գրգռվելու։

Դու արդեն ինքդ ոտով գլխով մի մեծ առիթ ես, ուրիշ էլ ի՞նչ առիթ։ Եվ ես հիմար եմ, որ քեզ պես մի անհասկացողի աշխատում եմ համոզել, ասացի ես ակամա գրգռված նրա համառությունից և, նրա թևը թողնելով, առաջ անցա վճռական քայլերով։

Կարճ ժամանակ Գարեգինը լուռ հետևում էր ինձ, հետո հանկարծ քայլերն արագացրեց և եկավ հավասարվեց ինձ։

Լա՛վ, ի՞նչ ես ուզում անեմ, ասաց մի տեսակ գրգիռով։

է՛լ ես ոչինչ չեմ ուզում, ինչ ուզում ես արա։

Չէ, սպասիր, նա կանգ առավ և զոռով պահեց ինձ, ուզում ես թողնեմ, չէ՞։ Լա՛վ։ Բայց, ասա տեսնեմ, ինչի՞ համար։

Էլ ասե՞մ ինչի համար։

Չի հավանում ինձ, չէ՞, զոռովն են ինձ կպցրել, չէ՞։ Բայց ես չեմ հասկանում, թե ի՞նչպես կարելի է մի կրթված, հասկացող աղջկա զոռով կպցնել մի տղամարդի, որին չի հավանում։ Հետո, ասում ես, ընտանեկան ինչ-որ հանգամանքներ։ Ի՞նչ հանգամանքներ։ Դու այդ չգիտես, ես էլ չգիտեմ, ուրեմն այդ արգումենտն էլ ջրվում է։ Մնում է, որ ասես, թե ինձ չէր ճանաչում, նշանտուքի գիշերը սխալմամբ է ընդունել նշանս։ Լա՛վ։ Բայց նրանից հետո այս չորրորդ անգամն է, որ գնում եմ նրանց տուն, հիմա հո ճանաչե՞ց։

Պետք է ենթադրել, որ ճանաչեց, որովհետև ոչ տարած թանկագին ընծայիդ վրա ուզեց թքել և ոչ էլ... ուզում էի ասել «քեզ վրա» և մի քիչ մնաց, որ գիրքն էլ գլխովդ տար։

Ընդունում եմ, ճիշտ է, այդ բոլորը ճիշտ է, և այդ բանը սրտիս շատ դիպավ։ Բայց դու ինձ ասա. մատանին հո մատին էր։ Հը՞, հո մատի՞ն էր։

Ասենք, թե մատին էր։

Ի՛նչպես թե՝ ասենք։ Չտեսա՞ր, որ մատին էր։

Լավ, մատին էր, հետո՞։

Հետո ա՛յն, որ... ի՞նչ է նշանակում այդ. ինձ չի հավանում և միևնույն ժամանակ տվածս մատանին մատն է դրել։ Ինչո՞ւ չհանեց, չվերադարձրեց ու չասաց. «Պարոն, ահա ձեր մատանին, որ ես չճանաչելով ձեզ, սխալմամբ եմ ընդունել։ Այժմ, որ ճանաչեցի ձեզ, խնդրեմ ետ առեք, ես ձեր կինը չեմ կարող լինել»։

Ակամա ծիծաղս եկավ ոչ թե այդ խոսքերի, այլ այն պարզամիտ լրջության վրա, որով արտասանեց այդ խոսքերը։

Բայց նա այդպիսի բան չարավ, շարունակեց Գարեգինը նույն գրգիռով, առանց ուշադրություն դարձնելու ծիծաղիս։ Ինչո՞ւ չարավ։ Հը... քեզ եմ հարցնում։

Երևի վախեցավ, թե մի անգամ սխալված լինելով՝ մի գուցե այս անգամ էլ սխալված լինի, նկատեցի ես, շարունակելով ծիծաղել։

Չէ, մի՛ հեգնիր խնդրեմ։ Այնպիսի բաներ անելուց հետո, այդ էլ որ աներ, ի՞նչ զարմանալու բան կլիներ։ Բայց չարավ։ Ինչո՞ւ։ Որովհետև... Այստե՛ղ է, ահա, որ ոչ ես եմ ճանաչում նրան, ոչ դու և ոչ, այո՛, նույնիսկ ծնողները գուցե, և դու իզուր ես շտապում քո դատավճիռը կարդալու։

Ուրե՞մն։

Ուրեմն ա՛յն, որ ես նրանից ձեռք չեմ վերցնի և նրա կողմից մերժվելու խայտառակությունից էլ չեմ վախենում, իմացա՞ր։

Իմացա։

Դե որ իմացար, էլ բան չունեմ ասելու և... բարի գիշեր։

Եվ նա ինձ համար բոլորովին անակնկալ կերպով թողեց ինձ ու հեռացավ արագ քայլերով, երևի վախենալով, որ ես իմ հոռետեսությամբ կարող եմ նորից փոխել իր տրամադրությունը իր լավատես ապագայի հեռանկարների նկատմամբ։

Ես մնացի նրա ետևից նայելիս։ Ինձ պարզապես ապշեցրել էր նրա տարօրինակ գրգիռը և մանավանդ համառությունն ու վճռականությունը, որովհետև մինչև այժմ ես նրան ճանաչել էի իբրև շատ հանգիստ, կամազուրկ ու կրավորական բնավորության տեր մի երիտասարդի, որ միշտ լսում էր ինձ։

7

Անցավ մոտ մի ամիս։ Այդ բոլոր ժամանակամիջոցում Գարեգինը ոչ մի անգամ չերևաց։ Ես արդեն այն համոզմանն էի եկել, որ նա թունդ խռովել է ինձնից և վճռել է առանց ինձ պսակվել կամ արդեն իսկ պսակվել է, եթե միայն մերժում չի ստացել Սառայից, ինչպես ես էի ենթադրում։ Բայց ահա մի երեկո եկավ ինձ մոտ աշխույժ ու կենդանի և, այն արտասովոր խանդավառ տրամադրության մեջ, որ համակել էր նրան նշանվելու օրից։

Ո՞ւր էիր չքացել, հարցրի։

Ոչ մի տեղ։

Բաս էլ չերևացիր։

Ո՞րտեղից երևայի, քանի որ շունչ քաշելու ժամանակ էլ չունեի։ Ամբողջ օրը փողոցներն ընկած՝ նոր բնակարան էի որոնում։ Հետո օրինավոր տուն-տեղ պիտի դնեի՞, թե ոչ։ Այժմ, որ ամեն բան պատրաստ է, եկել եմ հայտնելու, որ այս կիրակի պսակվում ենք։

Արդե՞ն։ Իսկ ես կարծում էի...

Դու շատ բան ես կարծում, ընդհատեց ինձ Գարեգինը։ Դու այն էլ էիր կարծում, թե այս բանը գլուխ չի գա, կքանդվի։ Քո ջիգրու ոչ ես ձեռք վերցրի նրանից, ոչ էլ նա մերժեց ինձ։ Այժմ այնպես մտերմացել է հետս, որ կարծես մանկությունից իրար հետ ենք մեծացել։

Իսկ «դու»-ի և «դուք»-ի խնդիրն ի՞նչպես լուծվեց։

Իհարկե, «դու»-ի օգտին։ Հա՛, մի անգամ հարցրի նրան, թե ի՞նչ էր նշանակում այն գիշերվա օյինները, ասաց, որ լավ է այդ մասին ոչինչ չհարցնեմ, որովհետև ինքը շատ է զղջում և ամաչում իր արարքից, մանավանդ որ այդ բանը թույլ էր տվել իրեն քո ներկայությամբ։ «Ինչ անեմ, ասաց, շատ ջղային եմ և այն գիշերն, ասաց, շատ վատ տրամադրության մեջ էի»։ Բայց գիտե՞ս ինձ ինչն է զարմացնում. հո տեսար՝ ինչքան խոհուն, լուրջ աղջիկ է, բայց երբեմն այնպիսի բաներ է անում, որ կարծես երեխա լինի։

Ի՞նչ, այդ էլ նո՞ր բան է, հարցրի։

Օրինակ, երեկ շոկոլադ էի տարել, նստած՝ միասին էինք ուտում։ Երկու հատ ինքն իր ձեռքով դրեց բերանս։ Հետո, մի հատ էլ որ ես էի ուզում դնել նրա բերանը, մատս կծեց և ծիծաղեց։ Ծիծաղելիս էլ ուրիշ տեսակ է ծիծաղում. ծիծաղում է հանկարծ և հանկարծ էլ լուրջ դեմք առնում։ Իսկ անցյալ օրը Մուշտայիդ էինք գնացել գբոսնելու։ Իջանք գետափը։ Սկսեց քարեր շպրտել գետի մեջ կռկռացող գորտերի վրա։ Հետո մի քար էլ վերցրեց, պատրաստվեց նետելու և ասաց. «Ձեռքիս նայիր»։ Նայեցի։ «Ո՞ր ձեռքով եմ գցում», հարցրեց։ Աջ. ասացի։ Քարն ուժգին թափով նետեց այս անգամ գետի կողմը։ Ու նետելուց հետո հարցրեց. «Ոչինչ չնկատեցի՞ր»։ Ի՞նչ, հարցրի։ «Չնկատեցի՞ր, ասաց, որ աջ ձեռքս շարժում եմ ձախլիկ մարդու պես»։ Եվ որովհետև չհասկացա նրա խոսքերի իմաստը, այսպես բացատրեց. կանայք առհասարակ ձեռքի ճարպիկ և ուժգին թափ չունեն. նրանք աջ ձեռքով մի բան շպրտում են այնպես, ինչպես տղամարդը ձախ ձեռքով կշպրտի, նրանց մկանների ուժը բնությունից, թե դաստիարակությունից ընդարմացած է, և դրա համար է, որ կանայք առհասարակ չեն կարողանում վրեժ լուծել իրենց վիրավորողից, ինչպես տղամարդը կլուծի։

Լավ, քարեր նետելն ի՞նչ կապ ուներ այդ խոսքերի հետ, հարցրի ես։

Ես ի՛նչ գիտեմ, ասաց Գարեգինն ուսերը թոթվելով և շարունակեց։ Հետո, գետափից որ բարձրացանք վերև, նստեցինք մի նստարանի վրա, հովանոցի ծայրով մի բան գծագրեց հողի վրա և հարցրեց։ «Այս ինչ է»։ Շուն է, ասացի։ «Բաս շունը ոտներ չի ունենա՞» ասաց։ Նկարիր ու կունենա է՛լի, ասացի ծիծաղելով։ Գծագրածի վրա հանկարծ խաչ քաշեց բազմապատկության նշանի ձևով ու ասաց․ «Այս ոչ թե շուն է, այլ ատրճանակ»։

Ի՞նչ։

Ատրճանակ։

Չգիտեմ ինչու, այդ բանն ինձ ավելի հետաքրքրեց։

Լավ, ինչո՞ւ անպատճառ ատրճանակ էր գծագրել։

Ես ի՛նչ գիտեմ, եղավ նորից Գարեգինի կարճ, անփույթ պատասխանը։

Չբացատրե՞ց։

Չէ։ Միայն հարցրեց. «Մարդ կարո՞ղ ես սպանել»։

Ի՞նչպես թե մարդ... ինչե՜ր ես պատմում, բացականչեցի ես պարզապես ապշած։

Ես բառացի պատմում եմ այն, ինչ որ խոսել ենք։ Աստված է վկա, երդվեց Գարեգինն իր սովորական պարզամտությամբ։

Հետո ի՞նչ պատասխանեցիր։

Ի՞նչ կարող էի պատասխանել։ Զարմացա։ Ես երևակայել անգամ չեմ կարող, ասացի, թե ինչպես կարելի է մարդ սպանել։ Զինվորական ծառայությունը թողի, ինչո՞ւ համար, որովհետև տեսա, որ ինձ օրը-օրին չարչարում են մի նպատակով միայն, մի սարսափելի նպատաակով, որ սովորեցնեն մարդ սպանելու արհեստը, այնինչ ես դեռ երեխա էի. փախչում էի, երբ իմ առջև հավ էին մորթում։ «Ուրեմն դու վախկոտ ես», ասաց։ Անձնազոհությունը, կարծեմ, ավելի մեծ քաջություն է, ասացի, իսկ ես պատրաստ եմ ինձ կրակը նետել՝ ուրիշի կյանքը փրկելու համար, բայց ուրիշին կյանքից զրկել այդ ոչ թե քաջություն է, այլ պարզապես հրեշություն։ «Բայց չէ՞ որ, ասաց, ամեն մի սպանություն, խոսքս սովորական ավազակության մասին չէ, իհարկե, իր զորավոր դրդապատճառն է ունենում»։ Ոչ մի պատճառ, ասացի, որքան էլ որ զորավոր լինի, չի կարող արդարացնել մարդասպանությունը, որովհետև մարդ էակը չէ՞ որ այդ ես եմ, այդ դու ես, այդ այս կենսաբուխ արյունն է, որ եռում է մեր երակների մեջ, այդ այս հրաշալի աշխարհն է, ուր մահից հետո դարձ չկա այլևս, այդ այս պայծառ արևն է, որի տակ վերջին մրջյունն անգամ իրավունք ունի ապրելու, և մարդ սպանել կնշանակի արևը հանգցնել։ Ոգևորվել էի և, ճիշտն ասած, լավ էի խոսում, մանավանդ որ լսում էր մեծ ուշադրությամբ և աչքերը աչքերիցս չէր հեռացնում։ Գարեգինը պատմում էր այնքան կենդանի կերպով, որ ինձ թվում էր, թե ինքս ներկա էի նրանց տարօրինակ խոսակցությանը Մուշտայիդի այգում։

Լսիր, ասացի, չգիտեմ, այդ մասին մտածե՞լ ես թե ոչ, բայց դու շատ խորհրդավոր բաներ պատմեցիր։

Ի՞նչ խորհրդավոր բաներ, հարցրեց Գարեգինը զարմացած, որից եզրակացրի, որ բնավ չէր մտածել այդ մասին։

Խորհրդավոր չթվացի՞ն քեզ նախ նրա այն խոսքերը, թե կանայք առհասարակ չեն կարողանում վրեժ լուծել իրենց վիրավորողից այնպես, ինչպես տղամարդը կլուծի, հետո այն, որ նա դեռ ատրճանակ նկարեց, հետո հարցրեց մարդ կարո՞ղ ես սպանել։

Գարեգինը ծիծաղեց։

Զարմանալի կասկածամիտ մարդ ես, ասաց, ամեն մի չնչին բանում ինչ-որ խորհրդավորություն ես նկատում։ Ամեն մի խոսակցության Ժամանակ մարդ կարող է հազար ու մի միտք հայտնել հենց այնպես, առանց որևէ հետին իմաստի։ Ատրճանակն էլ․․․ դե ձեռքի պատահական մի շարժում էր, փոխանակ շուն կամ կատու գծվելու, ատրճանակի նման մի բան դուրս եկավ, ու այդտեղից էլ, բնականաբար, բացվեց սպանության մասին եղած խոսակցությունը։ Այստեղ ի՞նչ խորհրդավոր բան կարող է լինել։ Ինչպես տեսնում եմ, դու շատ լավ պրոկուրոր կլինես, ավելացրեց նա նորից ծիծաղելով։

Թեև ինձ համար բնավ պարզ չէր այդ բացատրությունը, նկատի ունենալով Սառայի տարօրինակությունները, բայց և այնպես խոհեմություն համարեցի չշարունակել այդ խոսակցությունը, չուզելով այդ միամիտ երիտասարդի սիրտը թունավորել այն անորոշ կասկածով, որ նրա խորհրդավոր պատմությունը հարուցել էր իմ մեջ։ Այնուամենայնիվ, քիչ հետո էլի չդիմացա և ընկերական պարտքս համարեցի նորից նախազգուշացնելու նրան Սառայի հետ ամուսնունանալոց, որովհետև մի ներքին ձայն շարունակ ասում էր ինձ, որ նա դժբախտ պիտի լինի՝ իր կյանքն այդ աղջկա հետ կապելով։

Գարեգինը կարճ ժամանակ նայում էր ինձ վերին աստիճանի խղճալի, նույնիսկ պաղատագին հայացքով, հետո քիչ մնաց լաց լինի։

Խնդրում եմ, աղաչում եմ, Միքայել, մի կոտրիր սիրտս, ասաց լացակումած ձայնով, և նրա աչքերի մեջ արտասուքի կաթիլներ ցոլացին։ Ես նրան սիրում եմ։ Սիրում եմ անչափ։ Սա իմ անդրանիկ սերն է։ Ես պաշտում եմ նրան։ Որ թույլ տա, մոմ կվառեմ նրա առջև, ծունկ կչոքեմ և կհամբուրեմ այն գետինը, որի վրա ոտք է դնում։ Մոտը եղած ժամանակ այնքան երջանիկ եմ զգում ինձ, որ նույնիսկ վախենում եմ, թե մի գուցե մի ցնորք, մի տեսիլք լինի ու հանկարծ չքանա։ Նրա գլուխը... գիտե՞ս ի՛նչ բան է նրա գլուխը... աշխարհիս երեսին դեռ ոչ մի նկարիչ չի ստեղծել այդպիսի գլուխ, դեռ ոչ մի քանդակագործ չի կերտել այդպիսի մի հրաշալիք: Խենթանում եմ, որ երևակայում եմ, թե կարող եմ, թե իրավունք պիտի ունենամ գրկելու այդ գլուխը, համբուրելու շփելու այդ հրաշալի մազերին։ Ձեռք քաշեմ նրանից. ավելի լավ չէ՞ ասես՝ ձեոք քաշեմ իմ կյանքից, իսկ նրան սիրելուց այդ ճակատը, այդ աչքերը, այդ շրթունքները, դեմքս շփելու այդ հրաշալի մազերին։ Ձեռք քաշեմ նրանից․ ավելի լավ չէ՞ ասես՝ ձեռք քաշեմ իմ կյանքից, իսկ նրան սիրելուց հետո այնպե՜ս սիրում եմ կյանքը...

Նրա այս ծիծաղելի պաթետիկ խոսքերից հետո, որ, սակայն, նա արտասանում էր սրտի խորքից, ինձ ուրիշ բան չէր մնում, եթե ոչ հորդորներս ու խրատներս ծալել մի կողմը դնել և դեպքերը թողնել իրենց բնականոն ընթացքին։ Այդպես էլ արի, որովհետև տեսա, որ գործ ունեմ մի տիպիկ սիրահարվածի հետ, որի վրա ոչ մի բարի խորհուրդ ու հորդոր ազդել չի կարող։ Վերջը նույնիսկ համաձայնություն հայտնեցի, որ նրա խաչեղբայրը կլինեմ։ Անչափ ուրախացավ, վրա ընկավ, գրկեց և սկսեց խելագարի պես համբուրել ինձ։

8

Մինչև վերջին րոպեն էլ չէի հավատում, թե ամուսնությունը գլուխ կգա, գլխավորապես այն ծայր աստիճան անբարենպաստ տպավորության պատճառով, որ թողել էր ինձ վրա Սառան իմ առաջին այցի ժամանակ իր բնավորության նկատմամբ։

Բայց այդ ամուսնությունը ոչ միայն գլուխ եկավ, այլև պսակի գիշերը Սառան իր պարկեշտությամբ, իր տխուր-մտախոհ հեզությամբ կարող էր օրինակելի նորահարս լինել։ Ապշած էի մնացել. ո՞ւր էր չքացել նրա դեմքի վանող արտահայտությունը, նրա այնքան ջղային, անհրապույր վարմունքը։ Ինձ թվում էր, թե կամ մի հրաշքով վերածնվել էր Սառան, կամ իմ առջև տեսնում էի մի բոլորովին այլ աղջիկ, որը ոչ մի բանով չէր հիշեցնում ինձ իմ տեսած Սառային։

Այդ գիշեր միայն տեսա, թե որքան սքանչելի էր նրա գեղեցկությունը հարսանեկան սպիտակ զգեստի մեջ։ «Նրա գլուխը... գիտե՞ս ինչ բան է նրա գլուխը» ակամա միտս եկան Գարեգինի խոսքերը, երբ ներս մտա պայծառ լուսավորված հյուրասենյակը և տեսա այդ խորհրդավոր աղջկա լայն, խոհուն, փղոսկրի սպիտակությամբ փայլող ճակատը գագաթին հավաքած շքեղ սև մազերով, սպիտակ շղարշի փրփուրների մեջ։ Մի հավերժահարս էր, որի առջև իսկապես պետք էր ծունկ խոնարհել և սքանչացման, սրբազան երկյուղածության ու պաշտամունքի խոսքեր մրմնջալ։ Ու նոր հասկացա, և այս անգամ բնավ ծիծաղելի չթվաց ինձ, թե ինչու Գարեգինը սիրո էքստազի մեջ մոմ էր վառում նրա առջև, ծնրադրում ու համբուրում այն գետինը, որի վրա ոտք էր դնում նա։

Մայիսյան ծաղիկների մի շքեղ փունջ էի տարել։ Մատուցի։ Ընդունելիս մեղմորեն ժպտաց և գլխի թեթև խոնարհումով շնորհակալություն հայտնեց։

Այդ գիշեր մի տարօրինակ վախկոտություն էի նկատում Գարեգինի մեջ. ման էր գալիս ոտների մատների վրա, շատ չէր խոսում, շուտ-շուտ կարմրում էր և քրտնում, երբ աները իրեն հատուկ բարեսրտությամբ որևէ նկատողություն էր անում կատակով։ Բայց այդ բոլորի հետ միաժամանակ հարսնացուի վրա նայում էր մի տեսակ գողունի հիասքանչումով։ Ըստ երևույթին, Սառայի այդ գիշերվա հեզությունը և մանավանդ գեղեցկությունը նրա համար էլ անսպասելի մի նորություն էր, և նա ճնշվում էր այն գիտակցության տակ, որ այդ գեղեցկուհին իրենն էր վերջնականապես, իր սեփականը, վախենալով միաժամանակ, թե մի գուցե դա, իսկապես, ինչպես ինքն էր ասում, մի ցնորք, մի տեսիլք լիներ ու հանկարծ չքանար։ Ու ինձ թվում էր, թե իր հոգու խորքում իրեն արժանի չէր համարում այդ բախտավորությանը։

Հարսանիքը շատ համեստ էր, որովհետև Սառան այդպես էր կամեցել։ Հյուրերի թվում ներկա էին նորահարսի ամենամերձավոր ազգականները, նրա ընկերուհիներից մի երկուսը, վերջինների թվում Ժյուլ Սիմոնը կարդացող ընկերուհին մի շատ համարձակ և շատախոս աղջիկ, որը տեղի-անտեղի սրախոսում էր և բարձրաձայն ծիծաղում. իսկ փեսացուի կողմից հրավիրված էին նրա մի երկու ազգական կանայք և մի քանի պաշտոնակիցներ, այնպես որ բոլորս միասին առած՝ հազիվ մի տասը-քսան հոգի լինեինք։

-------------

"Սպանված աղավնին" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Երևանյան էտյուդներ
Ալեքսանդր Սպենդիարյան

Երևանյան էտյուդներ

Հետևելով անմեղ աղավնիներին
Հետևելով անմեղ աղավնիներին
Խաղա առցանց