Նար-Դոս
Սպանված աղավնին
2
Շաբաթ երեկոյան, ճիշտ նշանակված ժամին, Գարեգինը եկավ ինձ մոտ նույն սյուրտուկով, սպիտակ ժիլետով, այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողպատով, նոր սափրած դեմքով, անսովոր առույգ ու կենսուրախ։
Բայց նախ մի երկու խոսք այդ տարօրինակ երիտասարդի մասին։
Գարեգին Սիսակյանը քիչ թե շատ ունևոր ծնողների զավակ էր։ Թեմականի դասընթացն ավարտելուց հետո պատրաստվում էր գիմնազիական քննություն տալու, որ համալսարան մտնի, բայց որովհետև արդեն 21 տարեկան էր և չէր ուզում հասարակ զինվոր գնալ, մտավ յունկերական դպրոցը, որ վերջը սպա դառնա։ (Այն ժամանակ մեռած էին նրա ծնողները, և նա զրկվել էր, իբրև իր ծնողների միակ զավակը, զինվորագրությունից ազատվելու արտոնությունից)։ Բայց շուտով տեսավ, որ զինվորական դիսցիպլինան և չարքաշ կյանքը չեն համապատասխանում իր խառնվածքին, թողեց սպա դառնալու մտադրությունը և հակառակ ծայրն ընկավ ուզեց կուսակրոն դառնալ։ Այդ բանի համար գնաց Էջմիածին, բայց երեք ամիս հետո վերադարձավ կատարելապես հիասթափված կուսակրոնների անբարոյական կյանքից։ (Էջմիածնում նա իջել էր իր հոր հին ծանոթ մի եպիսկոպոսի մոտ, որի սենյակից մի գիշեր դուրս էր փախել ներքնաշորով)։ Այնուհետև մի տարի անգործ մնալով չէր իմանում ինչ անի, վերջը մտավ պետական կալվածքների տեղական վարչությունը իբրև հասարակ պաշտոնյա չնչին ռոճիկով։ Նա կարոտ չէր, իհարկե, այդ ռոճիկին, քանի որ, միակ զավակը լինելով, հոր ամբողջ կարողությունը, բանկում պահ տրված զուտ դրամով, իրեն էր մնացել իբրև ժառանգություն։ Իսկ այդ կարողությունն այնքան շահ էր բերում, որ նա կարող էր առանց կողմնակի եկամուտի էլ լավ ապրել, մանավանդ, որ շատ համեստ, կարելի է ասել՝ ճգնավորի կյանք էր վարում, և այդ ոչ թե նրա համար, որ ժլատ էր, ընդհակառակն, շատ ընկերներ դիմում էին նրա օգնությանը, և նա ոչ ոքի չէր մերժում, այլ այն պատճառով, որ պարզապես չգիտեր, թե ինչ բանի վրա կարելի էր փող ծախսել։ Ուզում էր պաշտոն ունենալ, զբաղված լինել որևէ գործով միևնույն է թե ի՛նչ, որովհետև, ասում էր, «պարապությունը մելամաղձոտ է դարձնում»։
Հիշում եմ նրա ծնողներին։ Հայրը խստաբարո և կրոնասեր մարդ էր, թեև տերտերներին ատելով ատում էր, համարելով նրանց իրենց կոչմանն անարժան մարդիկ, բայց միշտ ժամ էր գնում, կանգնած տեղից ձայնակցում ժամասացներին և բոլոր հինգ նավակատիքներին պաս պահում ու հաղորդվում։ Վերջը հարեց բողոքականության, բայց մահից առաջ զղջաց, խոստովանեց իր բոլոր մեղքերը և հաղորդություն առավ իր նախկին ծխատեր քահանայից, որին մի քանի անգամ դուրս էր արել իր տնից։
Գարեգինի մայրը շատ գեղեցիկ և կենսաթրթիռ մի կին էր, ամուսնուց առնվազն մի քսան տարով փոքր։ Բայց շուտով թառամեց, խելագարվեց և մեռավ հոգեկան հիվանդների ապաստարանում։ Եվ ասում էին, թե պատճառն ամուսինն էր։ Բանն այն է, որ նա կնոջը սիրում էր մի տեսակ հիվանդոտ, կատաղի սիրով և, որովհետև ծեր էր, կասկածում էր նրա հավատարմության վրա, ուստի տնից դուրս չէր թողնում, շատ անգամ ծեծում էր։ Վերջը նրա կասկածամտությունն այն աստիճանի հասավ, որ կտրել տվեց իր տան դեպի փողոց նայող պատշգամբը և շարել տվեց բոլոր պատուհանները, որպեսզի կինը հնարավորություն չունենա դեպի դուրս նայելու և աչք-ունքով խոսելու դիմացի տան վերին հարկում ապրող մի գեղեցիկ երիտասարդի հետ, դեպի որը ամենից ավելի կասկածամիտ էր խելքից ցնդած ծերունին։
Ընտանեկան այսպիսի պայմաններումն էր ծնվել Գարեգինը, որը իր հոր ու մոր առաջին և վերջին զավակն էր։
Այսպես, ուրեմն, շաբաթ երեկոյան, ժամը 8֊ին, երբ արդեն մութ էր, Գարեգինը եկավ ինձ մոտ, որ տանի ծանոթացնի ինձ իր հարսնացուի հետ։
Արդեն հայտնել եմ նրան, որ խաչեղբորս, այսինքն քեզ, այս երեկո պիտի ներկայացնեմ իրեն, ասաց նա։
Եվ ի՞նչ ասաց։
Ասաց. «Շատ ուրախ կլինեմ»։
Եվ պինդ-պինդ չնայե՞ց աչքերիդ, ծիծաղեցի ես։
Հա՛, վրա բերեց Գարեգինը մի տեսակ մտահոգությամբ, չգիտեմ, իմ մեջ որևէ բա՞ն է տեսել, թե այդ առհասարակ նրա սովորությունն է, որ նայում է, շատ պինդ է նայում և հետո շատ քիչ է խոսում։ Եվ, գիտե՞ս, որ ինձ այդպես նայում է, ես չեմ նայում նրան։
Ինչո՞ւ։
Չեմ կարողանում։ Նրա հայացքի մեջ, երբ նայում է այդպես, մի տեսակ բան կա, մի անբացատրելի բան, որ ակամա ճնշում է ինձ։
Հապա այն գիշեր այնքան հիացմունքով էիր խոսում նրա հայացքի մասին և ասում էիր, թե այդ հայացքն է գերել քեզ։
Նա երկու տեսակ հայացք ունի. մեկը՝ խիստ ու պրպտող, երբ նայում է քեզ շեշտակի, և մյուսը՝ մտածկոտ ու մելամաղձիկ, երբ չի նայում քեզ և, կարծես, մոռանում է, որ դու ներկա ես։ Ահա ա՛յս հայացքն է, որ ես սիրել եմ և կուզեի նրան միշտ այդպես տեսնել։
Ձեռաց հագնվեցի, և դուրս եկանք։
Գարեգինը եկել էր կառքով, որը և սպասում էր դռանը։ Կառքի մեջ, ետևի կողմը, թղթի մեջ փաթաթված ինչ որ բան կար, որ նա վերցրեց և ծնկների վրա դրեց։
Անուշեղեն է, բացատրեց։ Գրպանումս մի ուրիշ բան էլ ունեմ ականջի օղեր։ Իսկ մատանին արդեն մատն էր դրել։
Ինձ ականջի օղերից ու մատանուց ավելի նրա հարսնացուն էր հետաքրքրում, ուստի ասացի․
Այն գիշեր մոռացա հարցնեմ, քանի՞ տարեկան է։
Ո՞վ, Սառա՞ն։ Չեմ հարցրել, բայց փոքր չի երևում։ Եթե քսանհինգ չլինի, քսաներկու տարեկան անպատճառ կլինի։ Իսկ պինդ-պինդ որ նայում է, ավելի մեծ է երևում։
Բայց ասում ես, որ նրա պինդ-պինդ նայելիս դու չես նայում նրան, ուրեմն ո՞րտեղից գիտես, թե այդ ժամանակ նա ավելի մեծ է երևում։
Զգում եմ։ Դու չե՞ս փորձել, շատ բան մարդ տեսնում է զգալով։ Օրինակ, պատը որ փուլ է գալիս, դու, չնայելով որ աչքերդ բնազդաբար փակում ես, բայց և այնպես ամենայն մանրամասնությամբ տեսնում ես, թե ինչպես դղրդյունով գալիս է տակովն է անում քեզ։
Դու այդ փորձե՞լ ես, ծիծաղեցի ես։
Չէ, բայց պետք է որ այդպես լինի հոգեբանորեն, ուրիշ կերպ չի կարող լինել։
Չգիտեմ ինչու, ակամա փորձող հայացքով նայեցի նրա աչքերին։
Լսիր, Գարեգին,- ասացի,- եկ խոստովանիր, որ թեև նշանվել ես և այն գիշերն էլ հիացմունքով էիր խոսում նրա մասին, բայց... վախենում ես նրանից։
Ի՞նչպես թե վախենում, հարցրեց մեքենայաբար, բայց նկատեցի, որ շփոթվեց։
Վախենում, է՛լի, ուղղակի վախենում, ինչպես հարցաքննության ժամանակ աշակերտը կվախենա ուսուցչից։ Եվ այդ է պատճառը, որ նրա պինդ-պինդ նայելիս՝ դու չես կարողանում նայել նրան։
Այո, մի տեսակ ճնշվում ես։
Եվ դարձյալ դրա համար է, որ նա ավելի մեծ է երևում, երբ պինդ-պինդ նայում է քեզ։
Այո, զարմանալի է, կարծես, շատ ճիշտ նկատեցիր, դասը չիմացող աշակերտ լինեմ ուսուցչի առաջ կանգնած։ Մի տեսակ կուչ եմ գալիս ոչ միայն մարմնով, այլև հոգով։
Այդպես։ Որովհետև զգում ես, որ նա բարոյապես մեծ է, բարձր է քեզնից, չէ՞։
Ինչպես թե բարոյապես։
Այսինքն իր ներքին ուժով, կամքով, բնավորությամբ, խելքով։
Անցյալ գիշեր հո ինքս ասացի, որ շատ խելոք աղջիկ է։
Այսինքն զգում ես, որ խելոք աղջիկ է, որովհետև կարծում եմ, նրա խելքը դեռ չես չափել։
Ճիշտ է։ Նա շատ քիչ է խոսում, և նրա լռությունից ես ավելի շատ բան եմ զգում, քան եթե շարունակ խոսի։
Գարեգինի այդ խոսքերի վրա հանկարծ մի նոր ենթադրություն ծագեց գլխումս, և նրա խորհրդավոր հարսնացուն շատ զվարճալի գույնով ներկայացավ ինձ։
Պա՜, մեր տղա, բացականչեցի ծիծաղելով, կարող է և բոլորովին հակառակը լինել։
Գարեգինը նայեց ինձ զարմացած, երևի, այն բանի վրա, որ լուրջ խոսակցությունը ես հանկարծ ծիծաղի փոխեցի։
Այսի՞նքն, հարցրեց։
Այսինքն ա՛յն, որ նա կարող է տգետի և հիմարի մեկը լինել, ինչպես սովորաբար լինում են մեր նահապետական ընտանիքների մարդու տալու աղջիկները։
Ի՞նչ ես ասում, բացականչեց Գարեգինը եռանդուն կերպով և այնպիսի մի եղանակով, որ կարծես մի ծանր վիրավորանք լինեի հասցրած իր անձին։ Նա ավարտել է միջնակարգ դպրոց և պատրաստվում է եղել մանկավարժական դասընթացները մտնելու, որ վարժուհի դառնա, բայց ընտանեկան դժբախտ հանգամանքների պատճառով, այդպես ասաց հայրը, չի կարողացել իրագործել այդ մտադրությունը, մանավանդ որ մի տարուց էլ ավելի ծանր հիվանդ է եղել։ Նա մինչև անգամ կարդացել է քո բոլոր գրվածքները և շատ լավ է ճանաչում քեզ։
Մինչև անգամ: Ա՛յ այդ հավանեցի, շարունակեցի ես ծիծաղել։
Չէ, հավատացնում եմ քեզ, Միքայել, նա շատ կրթված աղջիկ է։ Այ, կգնանք, ինքդ կտեսնես։
Կտեսնեմ, իհարկե, բայց ասելս այն է, որ ես ճանաչում եմ շատ այդպիսի կրթված հայ աղջիկների, որոնց գլխից երկու կոպեկի խելք հազիվ կարելի է քամել։ Դու հո գիտես, որ չեն խոսում գլուխները դատարկ լինելուց։
Համաձայն չեմ։ Բոլորովին համաձայն չեմ, վրա բերեց Գարեգինը լրջորեն։ Լռողները միշտ խելոք են լինում։ Մինչև անգամ այն հիմարը, որ լռում է, խելոք է․ կնշանակի՝ այնքան խելք ունի, որ հասկանում է, թե հիմար է, ուստի լռում է, որ ցույց չտա, թե հիմար է։
Գարեգինն առհասարակ սիրում էր վերացական դատողություններ և երբեմն շատ խելոք մտքերի հետ այնպիսի անհեթեթ բաներ էլ էր ասում, որ չէի կարողանում ծիծաղս զսպել։ Եվ ես սիրում էի նրա այդ դատողություններն իրենց պարզամտության համար։
Կառքը կանգ առավ մի նեղ ու մութ փողոցում, մի տան բակի բաց դռան առջև։ Այն միջոցին, երբ իջնում էինք կառքից, բակի դռան շեմքում կանգնած մի կին շտապով անհետացավ կիսախավար բակի մեջ։
Կառքը ճամփու դնելով, մտանք բակը և մի կողմի վրա թեքված ճռճռան սանդուղքով բարձրացանք մի շատ նեղ պատշգամբ, որ աղոտ կերպով լուսավորվում էր պատից կախած լապտերով։ Մի շարք պատուհանների առջևով, որոնց սպիտակ վարագույրների ետևից լույս էր երևում, Գարեգինն առաջնորդեց ինձ դեպի մի դուռ, որն և առանց նախապես ծեծելու բաց արեց ուղղակի, իբրև տանու մարդ, և հրավիրեց, որ մտնեմ։
Այն սենյակը, ուր մտանք, ըստ երևույթին, հյուրասենյակն էր։ Այդտեղ ոչ ոք չկար, բայց հին ձևի գահավորակի առջև, կլոր սեղանի վրա վառվող լամպը ցույց էր տալիս, որ մենք անսպասելի հյուրեր չէինք։
Գարեգինը անուշեղենի փաթեթը դրեց պատի երկայնքով զինվորների պես շարված աթոռներից մեկի վրա, վերարկուն ու գլխարկը հանեց դրեց հարևան աթոռի վրա, մեքենայաբար շտկեց մազերն ու փողկապը և հրավիրեց ինձ, որ հետևեմ իր օրինակին։
Սուսուփուս նստեցինք և սպասում էինք։
Սենյակի կահավորանքը ցույց էր տալիս, որ տանտերերն ունևոր մարդիկ չէին, բայց ըստ կարելույն աշխատում էին ծածկել իրենց չքավորությունը։ Բացի հին, շատ հին ձևի գահավորակից, որի կարմիր պաստառի խավը նստելու և մեջքը դեմ տալու տեղերում իջել, գորշ գույն էր ստացել, և նրա առջևը դրված բավական մեծ կլոր սեղանից, որի ծաղկանկար սփռոցի ծայրերը հազիվ էին ծածկում ներքևը երեք ճյուղի բաժանված մի հատիկ ոտը, սենյակում կային գահավորակի այս ու այն կողմը դրված երկու բազկաթոռ, որոնցից մեկի բազուկը կոտրված էր, մի դյուժինի չափ աթոռ, երեք հայելի՝ մեկը հորիզոնական ձևով գահավորակի գլխին պատից թեք կախած, մյուս երկուսն իրար դեմուդեմ պատն ի վեր ցից կանգնած, ինչպես վարսավիրանոցում. վերջիններիս տակ դրված էր թղթախաղի ծալովի մի-մի սեղան, որոնցից յուրաքանչյուրի վրա բազմած էին մի-մի զույգ բրոնզե ժանգոտ շամդան չվառված մոմերով և ապակյա ցոլուն գինդերով. իսկ հատակի վրա, այդ բոլոր կահավորանքի տակ, պատից պատ փռված էր մի շատ ընդարձակ գորգ՝ հնությունից խավը մաշված և տեղ-տեղ թելերը դուրս թափված։ Պատերից մեկի մեջ նկատեցի երկու պահարան, որոնց գոյությունը ծածկելու համար դռներին կպցրած էր միևնույն պաստառը, ինչ որ պատերին։ Սեղանի վրա դրված էր մի ալբոմ և մի գիրք սև կաշեպատ կազմով։
Գարեգինը վերցրեց գիրքը, բաց արեց և իսկույն մեկնեց ինձ, ասելով.
Ահա՜, որ ասում էի։
Գիրքն առա և նայեցի։
Ի՞նչ էիր ասում։
Որ շատ կրթված աղջիկ է։
Գիրքը Ժյուլ Սիմոնի «Բանվոր կինը Եվրոպայում» գրվածքի ռուսերեն թարգմանությունն էր։
Ի՞նչ ես կարծում, ասացի, մոռացմա՞մբ է դրել այստեղ, թե դիտմամբ։
Ինչո՞ւ դիտմամբ։
Որ ցույց տա, թե՝ տեսեք ինչպիսի գրքեր եմ կարդում։
Ո՞վ գիտե:
Ու նորից սուս արինք։
Ես դիտում էի բարեկամիս։ Անհանգիստ դրության մեջ էր և մի քիչ էլ շփոթված, երևի այն պատճառով, որ ինձ հյուր բերելով՝ ոչ ոք չէր դիմավորել և ոչ ոք ներս չէր գալիս։ Խոսում էր կամաց և հանդարտ, կես անհամբեր, կես վախկոտ հայացք էր գցում դեպի հարևան սենյակի դուռը, որը ավելի փոքր ու ցածր էր, քան այն, որտեղով մտանք։
Գուցե չեն իմանում, որ եկել ենք, ասացի:
Սը՜սսս, շշնջաց Գարեգինը, ձեռքը շրթունքներին դնելով և, աչքերը չռած, ականջները խլշեց։
Հարևան սենյակից նախ ինչ-որ հուզված քչփչոցի ձայներ լսվեցին, հետո հանկարծ կանացի մի ջղային ծղրտոց, և ապա ամեն ինչ լռեց առաջվա պես։
Գարեգինը, գույնը նետած, վեր կացավ և կանգնած տեղը քարացավ, ականջը դեպի հարևան սենյակի դուռը լարած։
Այս ի՞նչ էր, հարցրի զարմացած։
Այս նրա ձայնն էր, շշնջաց Գարեգինը մեքենայաբար:
Ո՞ւմ հետ էր։
Երևի մոր հետ։
Կարճ ժամանակ մնաց նույն քարացած դրության մեջ, հետո կամաց նստեց և դարձավ ինձ խորհրդավոր շշունջով.
Գիտե՞ս, ես նկատել եմ, որ մոր հետ չունի...
Ինչո՞ւ։
Չգիտեմ։
Լավ, ժամանա՞կ էին գտել կռվելու, հարցրի կարճ լռությունից հետո։
Գարեգինը չպատասխանեց։
Դարձյալ սուս արինք և դարձյալ սպասում էինք, այս անգամ շատ անախորժ դրության մեջ, և Գարեգինը առավել քան ես։
Վերջապես հարևան սենյակի դուռը բացվեց, և ներս մտավ վրացնակ հագնված մի գիրուկ, ցածրահասակ կին՝ դեռևս բավական ջահել և սիրունատես։
Գարեգինը շտապեց ընդառաջել նրան, համբուրեց նրա ձեռքը և մեզ ներկայացրեց իրար։
Դա հարսնացուի մայրն էր։
Շրթունքները կուչ ու հուպ ածած՝ նա անվստահորեն դարձավ ինձ և կես Թիֆլիսի բարբառով, կես գրական լեզվով ներողություն խնդրեց, որ այսքան սպասեցրեց։ Ու սկսեց մի ինչ-որ պատմություն, թե իր քրոջ երեխան հանկարծ վատ էր դառել, թե եկել կանչել էին իրեն, թե երեխան հիմա, փառք աստծո, լավ է, և ինքը հենց նոր է վերադառնում այնտեղից: Պարզ տեսնում էի, որ սուտ էր ասում. ուզում էր մի կերպ արդարացնել իրենց տարօրինակ հյուրընկալությունը և ծածկել այն անախորժությունը, որ պատահել էր հարևան սենյակում։
Բայց այդ անախորժության տպավորությունը դեռևս այնքան թարմ էր, որ երբ նստեցինք, ոչ մեկս չկարողացանք որևէ խոսք արտասանել։ Դրությունը չափազանց անհամ էր, լռությունը՝ խիստ ճնշող։
Ո՞րտեղ է Սառան, վերջապես առաջինը խոսեց Գարեգինն այնքան կամաց, որ կարծես հարևան սենյակում հիվանդ կար պառկած։
Սառան իսկույն գուքա, պատասխանեց զոքանչը, ոլորելով գիրուկ թշերին կախ ընկած շագանակագույն հաստ կավիքները։
Իսկ հայրի՞կը:
Գարեգինը իր ապագա աներոջն արդեն հայրիկ էր անվանում։
Շաբաթ գիշերները նա մի փոքր ուշ է տուն գալի, կարճ պատասխանեց զոքանչը։
Խոսակցությունն այդ եղանակով շարունակվեց մի կարճ ժամանակ, մեջընդմեջ ընդհատումով։ Նկատում էի մի ընդհանուր տրամադրություն. ամենքս էլ սպասում էինք Սառային, և ես՝ ամենից անհամբեր։
Վերջապես մտավ և նա։
Եթե նախապատրաստված չլինեի Գարեգինի պատմածով, կկարծեի, թե մտնողը ոչ թե մի օրիորդ է, այլ հասուն մի կին՝ միջահասակ ու բարեկազմ, և բարակ, ճկուն իրանին անհամաչափ փարթամ, սննդատու կրծքով։ Եվ առաջին իսկ հայացքից լիովին ըմբռնեցի, թե ինչու Գարեգինը սիրահարվել էր նրա վրա «տեսնելուն պես», թեև այդ երեկո ապարդյուն անցավ իմ աշխատանքը՝ գտնելու համար նրա աչքերի մեջ այն «լացող հայացքը», որ այնպես գերել էր բարեկամիս։ Այդ հայացքն, ընդհակառակն, շատ լուրջ էր, կասկածոտ ու թափանցող և նրա նուրբ գծված, մաքուր դեմքին մի տեսակ խստաբարո արտահայտություն էր տալիս։ Չեմ կարող ասել, թե իմ ստացած առաջին տպավորությունը նպաստավոր էր նրա համար, գլխավորապես նրա այդ անբարեհամբույր հայացքի պատճառով, թեև իմ առջև տեսա մի ուրույն գեղեցկուհի, որն իր արտաքինով կարող էր հրապուրել բարեկամիցս շատ ավելի նուրբ ճաշակ ունեցող մարդկանց։
Սառան մտավ ջղային արագ քայլվածքով, կարծես հուսահատական վճռականության մի ուժգին մղումով, և մտնելիս գլխի մի շարժումով դեպի մեջքը գցեց ուսի վրա ընկած մի հատիկ հաստ գիսակը, որը ամենևին չէր սազում նրա ոչ օրիորդական արտաքինին։ Երևում էր, որ նա տնային սովորական հագուստով էր շատ պարզ, բայց ճաշակով կարված և շատ մաքուր։ Թե՛ այդ և թե՛ այն հանգամանքը, որ մազերը չէր շինել, ենթադրել էր տալիս, թե բնավ չէր նախապատրաստվել մեզ ընդունելու կամ կարևորություն չէր տվել մեր այցելությանը։ Եվ մի րոպե ինձ թվաց, թե դրանով պիտի բացատրվեր նրա և մոր միջև տեղի ունեցած կռիվը հարևան սենյակում։
Նրա մտնելուն պես Գարեգինը վեր թռավ տեղից, վազեց դեպի նա, ուզեց ձեռքն առնել, բայց որովհետև Սառան ուշադրություն չդարձրեց նրա վրա և իր հայացքն իեձ էր ուղղել, ձեռքը ետ քաշեց և շշնջաց.
Այս... մեր խաչեղբայրն է։
Ես շտապեցի առաջ և ներկայացա։ Սառան ոչ մի խոսք չարտասանեց, միայն գլխով մի թեթև շարժում գործեց և սեղմեց ձեռքս, շարունակ նայելով աչքերիս «պինդ-պինդ», ինչպես ասում էր Գարեգինը։ Այնուհետև պաշտոնական չոր ու ցամաք ձայնով խնդրեց, որ նստեմ, և, շարունակելով ոչ մի ուշադրություն չդարձնել փեսացուի վրա, նստեց մեկուսի, շիփ-շիտակ, գլուխը բարձր ու հպարտ, և հայացքը, համարձակ ու թափանցող, չէր հեռացնում ինձնից, որով կարծեմ ասում էր. «Դուք եկել եք ինձ տեսնելո՞ւ և դիտելո՞ւ։ Համեցեք։ Ինչքան ուզում եք նայեցեք և դիտեցեք, ես ձեզնից ոչ վախենում եմ, ոչ էլ ձեր կարծիքին որևէ նշանակություն տալիս. ես ձեզ ամենքիդ էլ արհամարհում եմ և մոռացնել կտամ ձեզ ամուսնացող աղջկա վրա իբրև ծախու ձիու վրա նայելու ձեր գարշելի սովորությունը»։
Ա՞յս էր ասում արդյոք նրա հայացքը, թե՞ այդ հայացքի ազդեցության տակ ես էի նրա փոխարեն այդպես մտածում, չգիտեմ, միայն ակամա շփոթված՝ հեռացրի նրանից իմ դիտողի հայացքը, զգալով, որ առջևս նստած է «ծախու ձիերից» հազարից հազիվ մեկը, որ ծայր աստիճան նախանձախնդիր է իր մարդկային արժանապատվության և գիտե, թե ինչպես պետք է հակահարված տալ իր այդ արժանապատվությունը նվաստացնողներին։
Աղջկա ներս մտնելուց մի կարճ ժամանակ հետո մայրը վեր կացավ, ինչ-որ փսփսաց նրա ականջին և, ներողություն խնդրելով մեզնից, դուրս գնաց։ Սառան նրան ճանապարհ դրեց մի երկար, անհաշտ հայացքով։ Պարզ երևում էր, որ ատում էր մորը և ամենևին չէր ծածկում այդ բանը։
Գարեգինը, կարծես հանկարծ հիշելով, վեր թռավ, գրպանից հանեց ականջի օղերի տուփը, բաց արեց և բռնեց ճրագի դիմաց այնպիսի մի ձևով, որ կարծես ուզում էր մեկուսի և բավական հեռու նստած հարսնացուին հրապուրելով մոտեցնել։ Ադամանդներն օղերի մեջ ճրագի լույսի տակ պսպղացին խոշոր աստղերի բոլոր ցոլուն երանգներով։
Այս մեր խաչեղբոր նվերն է, ասաց Գարեգինը և, նայելով ինձ, չգիտեմ՝ հիմարաբա՞ր, թե խորամանկորեն՝ ժպտաց։
Ապշած նայեցի նրան. թե կատակ էր անում, շատ հիմար կատակ էր։ Իմ լուրջ և հանդիմանական հայացքի ազդեցության տակ երևի հասկացավ իր հիմարությունը և կարմրեց, բայց շարունակում էր ժպտալ։
Բարեկամս կատակ է անում, օրիորդ, ասացի դառնալով Սառային, այդ ինքն է նվեր բերել ձեզ համար։
Որ դու հիմարություն անվանեցիր, չգիտեմ որտեղից և ինչու համար հնարելով, վրա բերեց Գարեգինը և այս անգամ խնդաց։
Սառան փոխնիփոխ նայում էր մերթ ինձ, մերթ Գարեգինին։ Ըստ երևույթին, շատ զարմացած էր և չէր հասկանում, թե ինչ ենք խոսում մենք։ Նա ոչ միայն չմոտեցավ, այլև բնավ ուշադրություն չդարձրեց չարաբաստիկ օղերին։
Լավ, օղերը որ ես եմ նվեր բերել, հապա ա՞յս ով է բերել, ասաց Գարեգինը, գնաց աթոռի վրայից վերցրեց անուշեղենի փաթեթը, բաց արեց և բերեց դրեց օղերի տուփի կողքին։ Այս հո դու ես նվեր բերել։
Ու այս անգամ քրքջաց պարզապես մի իդիոտական քրքիջով։
Արդեն համը տարավ, և ես սկսեցի այլևս չնեղանալ նրանից, որովհետև պարզ տեսնում էի, որ ուրախությունից հիմարացել էր և չէր նկատում, որ իր վարմունքով ու խոսքերով ավելի ու ավելի էր ապշեցնում հարսնացուին։
Դիտելով Սառային, որը շարունակում էր ապշած նայել մերթ ինձ, մերթ իր փեսացուին, ինձ զարմացնում էր մի բան թե ինչպես էր եղել, որ այդ անշուշտ խելացի ու լուրջ աղջիկը հենց նշանտուքի գիշերը, երբ իր փեսացուն այդպես հիմարություններ շատ պիտի լիներ արած, չէր ճանաչել նրան և համաձայնել էր նրա կինը լինել։ Բայց որ Սառան ամենևին չէր հավանում իր փեսացուին և նրա վրա բարձրից էր նայում, այդ պարզ տեսնում էի նրա արհամարհական վերաբերմունքից։
Սակայն ես ավելի իմ մասին էի հոգում։ Բանն այն է, որ վախենում էի, թե ընկերս իր հիմար վարմունքով մի գուցե ինձ էլ վարկաբեկի Սառայի առջև, որը, զարմանալի է, միմիայն այն բանով, որ չէր խոսում և շարունակ դիտում էր մեզ զարմացած, մի տեսակ երկյուղ էր ազդում ինձ և ստիպում զգույշ լինելու։ Այդ պատճառով շտապեցի վերջ տալ Գարեգինի հիմարություններին և, օգուտ քաղելով այն հանգամանքից, որ Ժյուլ Սիմոնի գիրքը ձեռքումս էր, հարցրի.
Այդ Դո՞ւք եք կարդում, օրիորդ։
Ոչ, պատասխանեց նա կտրուկ։
Հապա ինչո՞ւ էր այստեղ դրված. մեջ ընկավ Գարեգինը:
Սառան, նրան պատասխանելու տեղ, ինձ դիմեց.
Մի ընկերուհի ունեմ, նա էր տարել կարդալու, այս երեկո վերադարձրեց։
Ուրեմն քո՞նն է, հարցրեց Գարեգինը և, վեր կենալով գնաց նստեց նրա մոտ։
Այդ եզակի դիմումը, ըստ երևույթին, բավականին անհաճո թվաց Սառային։ Նա հոնքերը կիտեց և, թերթերունքների տակից նայելով դեպի ցած, պատասխանեց ոչ իսկույն.
Այո։
Իսկ դու կարդացե՞լ ես, հարցրեց Գարեգինը, ըստ երևույթին, ուրախացած, որ առիթ ունի զրույց անելու հարսնացուի հետ, և ամենևին չնկատելով, որ այդ հարցուփորձը և մանավանդ իր մերձավորությունը անախորժություն է պատճառում նրան, ինչպես ես էի եզրակացնում Սառայի դեմքի արտահայտությունից։
Սառան հանկարծ վեր կացավ և արագ քայլերով դիմեց դեպի ինձ.
Ներեցեք, տվեք այդ գիրքը պահեմ։
Ու նախքան ես Ժյուլ Սիմոնը կմեկնեի, նա գիրքն առավ ձեռքիցս այնպիսի մի ձևով, որ ինձ թվաց թե խլեց, և տարավ գցեց պատի մոտ, հայելու տակ դրված սեղանի վրա։ Զսպած ներքին զայրույթից նրա դեմքին թեթև շառագույն էր պատել, աչքերը չար արտահայտություն էին ստացել։
Հարսնացուի այդ, կոպիտ որ չասեմ, խիստ տարօրինակ վարմունքը շատ կոտրեց խեղճ փեսացուի սիրտը։ Սկզբում Գարեգինը տեղն ու տեղը սառեց, հետո, երբ Սառան վերադարձավ և հոնքերը կիտած նստեց իր տեղը, նա մինչև անգամ վախկոտությամբ իր աթոռը մի քիչ հեռու քաշեց։
Դու վիրավորվեցի՞ր, հարցրեց վարանքով։
Ես առհասարակ չեմ սիրում, որ ինձ հարցաքննում են, պատասխանեց Սառան խստորեն, առանց նրան նայելու։
Հետո ես քեզ ե՞րբ հարցաքննեցի, թոթովեց խեղճ բարեկամս։
Դուք (Սառան առանձնապես շեշտեց այդ «դուքը») այս րոպեիս հարցրիք՝ կարդացե՞լ եմ ես այն գիրքը։ Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ չպետք է կարդացած լինեի։
Գարեգինը բոլորովին կուչ եկավ։
Ես... ներողություն... Ես չէի կարծում... Հարցրի այնպես... Որ գիտենայի... իզուր...
Խնդրեմ ինձ հետ դու-ով չխոսեք, հանկարծ ընդհատեց նրան Սառան այնպիսի մի եղանակով, որ ինձ թվաց, թե այդ խոսքերի տեղ եթե ապտակ տար, տպավորությունը միևնույնը կլիներ։
Խեղճ բարեկամս գույնը նետեց և պապանձվեց։ Այդ րոպեին այնքան արգահատելի տեսք ուներ նա, և այդ տեսարանն ընդհանրապես այնքան ճնշող էր ինձ համար, որ ի՛նչ չէի տալ, միայն թե ներկա չլինեի։ Եվ աստված գիտե, թե ինչով պիտի վերջանար այս տարօրինակ ընդհարումը նոր նշանված զույգի միջև (հոգիս պարզապես մի շատ վատ սկանդալ էր գուշակում), եթե, բարեբախտաբար, չմտներ այդ րոպեին Սառայի հայրը։
Խեղճ բարեկամս այնքան էր շփոթված, որ բոլորովին մոռացավ ինձ ներկայացնելու իր աներոջը։ Ուստի ներկայացա ինքս անձամբ։