Նար-Դոս

Պայքար

6

13

Մի բան, որ սաստիկ դող գցեց Մանեի մարմինը, այդ այն էր, որ իրենց տան դիմացը գտնվող տան պատի և փողոցով անցնող հեռախոսի լարերի վրա լույսի մի շերտ նկատեց։ Այդ լույսն ընկնում էր իրենց տան հյուրասենյակի պատուհանից։ Մի րոպե կանգ առավ ակամա և զգաց, որ ծնկները ծալվում են։ Գողե՞ր են մտել արդյոք... ամուսի՞նն է վերադարձել անակնկալ...

Մանեն մայթից անցավ փողոցի մեջտեղը և սաստիկ թուլացած ոտներով սկսեց առաջ գնալ խորդուբորդ սալահատակով, որի երեսն արդեն ծածկվել էր անձրևի ջրերով։ Երկյուղով չռած աչքերը մի վայրկյան անգամ չէր հեռացնում լուսավորված պատուհանից, կարծես ուզում էր ստուգել, թե իր ենթադրություններից ո՞րն էր ճիշտ։

Մի տասը-քսան քայլ էր մնում, որ հավասարվեր իրենց տան դռանը, երբ լուսավորված պատուհանի առաջ, որի փեղկերը բոլորովին բաց էին, մարդկային մի ուրվագիծ տեսավ։ Ուրվագիծը կանգնած էր անշարժ և լույսի ֆոնի մեջ դրսից նմանում էր չինական ստվերի։ Նա նայում էր դեպի դուրս։ Կարմրավուն անփայլ մի կրակ վառվում և հանգչում էր նրա բերանին. ըստ երևույթին, ծխախոտ էր ծխում։ Մի քանի քայլ էլ առաջ գնալով, նա հանկարծ ճանաչեց պատուհանի մոտ կանգնած ուրվագիծը։ Սկզբում շունչ առավ սաստիկ թեթևացած, հետո կատաղի մի զայրույթ լարեց նրա թուլացած մկանունքները։ Նորից արագացրեց քայլերը և այն վայրկյանին, երբ դռան առաջ սալահատակից մայթն էր բարձրանում, պատուհանի առաջ կանգնած ստվերը, ըստ երևույթին, տեսավ նրան և իր ամբողջ իրանով ներքև, դեպի փողոց խոնարհվեց։

Մանե՞... այդ դու ե՞ս, շշունջով կանչեց Վահանը երկրորդ հարկի բարձրությունից։

Մանեն չպատասխանեց, ջղային արագությամբ գրպանից հանեց բանալին, դուռը բաց արեց, մտավ և բարձրացավ վերև միջանցքի իրեն ծանոթ մութ սանդուղքով։

Հյուրասենյակի դուռը նրա առաջ բաց արեց Վահանը՝ սիգարը բերանին։

Մանեն մտավ և գլխից թռցրեց անձրևից թրջված շալը։

Վահանը, շատ հանգիստ, դուռը փակեց և լավ նայեց քրոջը։ Քրտինքը խոշոր կաթիլներով գլորվում են Մանեի կարմրատակած այտերի վրայով. մազերը խճճվել և կպել էին քրտնած ճակատին. նա հազիվ էր շունչ քաշում։ Բաց պատուհանից սկսել էր սառը քամի փչել։ Վահանը մոտեցավ և ծածկեց փեղկերը։ Նրա բոլոր շարժումների մեջ նկատվում էր մի առանձին հանդարտ զգուշություն։

Զգուշացիր, չմրսես, ասաց նա։ Գնա շորերդ փոխիր։

Մանեն ատելությամբ լի աչքերը փայլեցրեց նրա վրա, ուզում էր հեռանալ դեպի իր սենյակը, բայց հանկարծ կանգ առավ և նայեց եղբորը։

Թե՞ այս գիշեր գնում էիր գյուղ, ասաց նա։

Գնում էի, բայց էլ չգնացի։ Կայարանից ետ դարձա։

Ինչո՞ւ։

Բադամյանի հետ խոսելու։

Վահանը նստեց և, գլուխը բարձրացնելով, ծուխը բաց թողեց բերանից դեպի առաստաղը։

Մանեն նայում էր նրա անվրդով դեմքին և զգում էր, որ ձեռքերն ու շրթունքները նորից սկսում են դողալ անզոր զայրույթից։

Հետո՞, հարցրեց նա։

Հետո... գնացի և խոսեցի։ Խոսելուց հետո գնացի հյուրանոց, ճամպրուկս թողի և եկա քեզ մոտ, որովհետև առավոտյան գնացքով անպատճառ պիտի գնամ, այնպես որ այլևս ժամանակ չէի ունենա քեզ տեսնելու, իսկ քեզ տեսնել անպատճառ ուզում էի։ Զանգակը մի-երկու անգամ քաշեցի, դուռը բաց չարին։ Տեսա, որ ոչ մի տեղ ճրագ չկա և մտածեցի, որ ամենքդ քնած եք արդեն։ Մտա բակի դռնից, ծառային զարթեցրի, և նա ներս բերեց ինձ։ Մտա ննջարանդ, որ զարթեցնեմ քեզ, չկայիր:՞ Գրեթե երկու ժամ է, որ սպասում եմ քեզ։ Այսպիսի պատիժ կյանքումս չեմ կրել: Քունս շան պես տանում էր, բայց զսպում էի ինձ։ Տերը բարի տա Եղիա մարգարեին. լուսամուտի առաջ կանգնած ականջ էի դնում նրա կառքի գոռգոռոցին և մտածում` «բախտավո՛ր մարդ. դու այդտեղ վերևը զբոսնում և ձիերիդ պայտերի տակից հուր ու կայծակ ես թափում, բայց իսկի մտածո՞ւմ ես, թե այստեղ այս մժղուկների աշխարհում ի՜նչ ահավոր դրամաներ են կատարվում…»։ Մի քիչ էլ որ ուշանայիր, պիտի գայի քո հետևից։

Ո՞ւր, հարցրեց Մանեն զարմանքով:

Բադամյանի տուն:

Մանեն ցնցվեց։

Դու ի՞նչ գիտեիր, թե ես նրա մոտ էի։

Վահանը ուսերը թոթվեց։

Ուրիշ ո՞րտեղ կարող էիր լինել: Երբ որ տեսա տանը չես, իսկույն հիշեցի այսօրվա մեր խոսակցությունը։ Դու նրան վիրավորել էիր, այդ պատճառով չէիր կարող չգնալ ներողություն խնդրելու։

Մանեն ետուետ գնաց պաշարված մի տեսակ սնահավատ երկյուղով այն սրատեսության վերաբերմամբ, որ ցույց էր տալիս Վահանը։ Կարճ ժամանակ նա նայում էր եղբորը վերին աստիճանի ապշած, հետո հանկարծ առաջ նետվեց և շշնջաց զայրութից դողացող ձայնով.

Լսիր... Ուրեմն դու լրտեսո՞ւմ էիր... Ուրեմն դեռ չէի՞ր գնացել... թաքնվե՞լ էիր այնտեղ... լսո՞ւմ էիր մեր խոսակցությունը...

Վահանն ուզեց ծաղրել, բայց, տեսնելով քրոջ զսպած զայրույթից փայլող աչքերը, զսպեց իրեն և ասաց տարակուսանքով.

Ի՞նչ ես ասում, չեմ հասկանում։ Ես ի՞նչ գիտեի, թե դու այնտեղ ես, որ թաքնվեի և լրտեսեի։

Հապա ո՞րտեղից գիտես, թե ես գնացել էի ներողություն խնդրելու։ Այս րոպեիս, դու կրկնեցիր ճիշտ նույն բառերը, ինչ որ ես ասացի Բադամյանին։ Ո՞րտեղից, ինչի՞ց գիտեիր այդ։

Ասացի, որ մեր այսօրվա խոսակցությունից, այս անգամ արդեն ծիծաղեց Վահանը։ Եվ այդ բանը պետք է վերագրես իմ հոգեբանական հոտառությանը, և ոչ թե լրտեսական ընդունակության, որ ես չունիմ։ Եվ ի՞նչ կարիք կա լրտեսելու, քանի որ ինքդ ոչինչ չես ծածկում և ամեն բան խոստովանում ես ինձ, չնայելով որ... խիստ չարացած ես ինձ վրա։ Ասենք` ծածկելու ընդունակ էլ չես, որովհետև չափազանց անկեղծ ես։ Բնավորությունդ այն մարդկանց բնավորությունից է, որոնք մարդ սպանելուց հետո, փոխանակ փախչելու, գնում են ոստիկանատուն և ասում ուղղակի. «Ես մարդ սպանեցի, բռնեցեք ինձ»։ Այս գիշեր իմ այստեղ գալը և քո այնտեղ գնալը պատահական մի զուգադիպություն է, և ոչ թե ես առաջուց գիտեի, թե դու այնտեղ պիտի լինիս, և երկաթուղու կայարանից ետ դարձա հատկապես քեզ լրտեսելու համար, ինչպես, երևի, կարծում ես դու։ Լրտեսել... Ո՞րտեղից հնարեցիր, չեմ հասկանում։ Փառք աստծու, դու տեսար և նույնիսկ հանդիմանում էիր ինձ, որ ես անտարբեր եմ և հենց սկզբից չէի ուզում խառնվել այս գործին։ Եվ այդպես էլ պիտի հեռանայի և հեռանում էի, բայց կայարան գնալիս մտածեցի, որ այսքան անտարբերություն արդեն դատապարտելի է, մանավանդ այն բանից հետո, որ անցյալ օրն ինքդ էիր խնդրում ինձ, որ ազատեմ քեզ այդ անդունդից: Մասամբ, խիղճս հանգստացնելու և մասամբ եղբայրական պարտքս կատարելու համար ետ դարձա և ուղղակի գնացի Բադամյանի մոտ։ Առաջարկեցի, որ ձեռք վերցնի քեզնից։ Ուրիշ ի՞նչ կարող էի անել։ Նա վիրավորվեց և վիրավորեց ինձ։ Ասաց, որ ես իրավունք չունիմ խառնվելու այս գործին։ Շատ ճիշտ նկատողություն։ Ես լինեի նրա տեղը, նույնը կպատասխանեի։ Այսպես, թե այնպես, կյանքիս մեջ առաջին անգամ ուզեցի ղեկավարվել զգացմանս թելադրանքով և... քիթս ջարդեցի։ Բայց մի անգամ որ խրվել եմ այս ցեխի մեջ, ուզում եմ մինչև վերջ խրվել և այնպես հեռանալ: Լսիր ինչ եմ ասում։

Վահանը վեր կացավ և մոտեցավ քրոջը։

Ինչքան էլ որ դու բնավորությանդ համաձայն հետևողաբար ես վարվել, ասաց նա լրջորեն, նախ չհավատալով այն նամակին, հետո վռնդելով նրան, հետո զղջալով, որ այդպես խիստ ես վարվել, այնուամենայնիվ, չէի կարծում, և չէի կարող կարծել, թե այդպես շուտ և առանց դրությունդ կշռադատելու, առանց հետևանքների մասին մտածելու, առանց նույնիսկ կասկածներդ ստուգելու, վեր կկենաս և կգնաս նրա մոտ, այն էլ... գիշերով։ Եթե այդ բանը վճռել ես անել և արդեն արել ես, կնշանակի՝ այլևս այն Մանեն չես, որ անցյալ օր առաջս չոքած աղերսում էր, որ փրկեմ իր պատիվը... Այդպե՜ս է, թե ոչ։

Մանեն սաստիկ գունատվեց և զգաց, որ լեզուն ցամաքում է բերանում։

Ի՞նչ ես ուզում դրանով ասել, շշնջաց նա։

Հասկացիր, էլի՛, ինչ որ ուզում եմ ասել...

Մանեն եղունգները ցցեց ձեռքերի ափերի մեջ, ուսերը սաստիկ վեր քաշեց, ներքին շրթունքը ձախ կողմից առավ ատամների մեջ, ընկավ բազկաթոռի վրա և սկսեց հեծկլտալ ջղայնական ուժգին ցնցումներով։

Անխի՛ղճ... անաստվա՛ծ, մի՞թե կարելի է այդպես վիրավորել, արտասանեց նա հեծկլտանքի միջից։

Վահանը կարճ ժամանակ նայում էր նրան լուռ, հետո հանգիստ տարակուսանքով թոթվեց ուսերը, սիգարը բերանը դրեց, ձեռքերը կոխեց գրպանները և հեռացավ դեպի լուսամուտը։

Ես մեղավոր չեմ, ասաց նա ապակու միջից նայելով դեպի դուրս։ Ինքդ ես առիթ տալիս այդպիսի կասկածների։ Կեսգիշերին և ծածուկ գնալ...

Լռի՛ր, աղաղակեց Մանեն, վեր թռչելով տեղից։ Ինչպե՜ս դու համարձակվում ես... ինչպես ես համարձակվո՜ւմ... Եղբայրս ես, այո՛, դժբախտաբար. բայց մի որոշ սահման կա, որից դենն անցնելու իրավունք չունի՛ս... չե՛մ թույլ տա, թեկուզ եղբայրս չէ, աստվածս էլ լինես... Լսո՞ւմ ես...

Վահանը վախեցած նայեց դռներին, ոտների ծայրերի վրա արագորեն մոտեցավ քրոջը և շշնջաց.

Անմի՜տ, ի՞նչ ես բղավում։ Ուզում ես ամբողջ տունը ոտի՞ կանգնեցնել։ Փառք աստծու, այնպես գնացել և եկել ես, որ ոչ ոք չի իմացել, հիմա...

Ես ոչ-ոքից չեմ վախենում... հասկանո՞ւմ ես, ոչ-ոքից, շարունակեց աղաղակել Մանեն կատաղած։ Եթե մի բան կա, որից ես վախենում եմ, այդ իմ խիղճն է միայն, իսկ խիղճս այս րոպեին այնպես հանգիստ է, ինչպես, աստված տա, քոնը հանգիստ լինի... Մանե, ի սեր աստծու...

Լռի՛ր, լռի՛ր... Ես իրավունք չեմ տալիս քեզ խոսելու... Ավելի լավ է, ինքս իմ բերանով կհայտնեմ բոլորին, ամբողջ աշխարհին, թե որտեղ էի, քան թե թույլ կտամ քեզ, որ ա՛յդ եղանակով խոսես ինձ հետ... Ես ոչ֊ոքից չեմ վախենում... լսո՞ւմ ես, չե՛մ վախենում, չե՛մ վախենում...

Տեսնելով որ իր հորդորներն ավելի են գրգռում քրոջը, Վահանը խոհեմություն համարեց լռել, հեռացավ նորից դեպի պատուհանը և բաց արավ մի փեղկը։ Դրսից ներս թափանցեց հեղեղի շրփշրփոցը և քամու ուժգին մի հոսանք անձրևի խոշոր կաթիլներ շպրտեց նրա երեսին ցնցուղի պես։ նա շտապեց փակել փեղկը, և շրփշրփոցը խլացավ։

Ի՞նչ ես ուզում ինձնից։ Ինչո՞ւ ինձ այսպես տանջում, չարչարում ես, շարունակեց Մանեն։ Մի ամիս չկա, որ այստեղ ես, և բոլոր արյունս տակնուվրա ես անում գրեթե ամեն օր։ Ես կարոտ մնացի մի լուրջ, մի ջերմ, մի սրտացավ խոսքի։ Շարունակ ծաղր ու հեգնանք, երբ ես լուրջ խորհրդի էի կարոտ, շարունակ անտարբերություն ու չեզոքություն, երբ ես կարոտ էի եղբայրական ջերմ սիրո և հոգացողության. իսկ այժմ անտեղի և անտանելի միջամտություն, երբ ես ատում եմ քեզ և... զզվում քեզնից։ Այո՛, ատում և զզվում, որովհետև ապացուցեցիր, որ ուրիշ բանի արժանի չես։ Պարզ մարդ ես, ինչո՞ւ պարզը չես ասում. կայարանից վերադարձել ես ո՛չ թե նրա համար, որ եղբայրական պարտքդ կատարես և խիղճդ հանգստացնես, այլ նրա՛ համար, որ հարյուր, մի ողորմելի՜ հարյուր ֆրանկիդ պարտքը սաղացնես...

Այդ խո նա ասաց, նկատեց Վահանը, դիտելով, թե ինչպես անձրևի կաթիլները ջրային ցանցեր են կազմում պատուհանի ապակիների վրա և արագորեն թորում ներքև։

Այդ ես էլ եմ ասում, որովհետև տեսա, թե ինչ մարդ ես դու։ Մինչև անգամ քիչ մնաց, որ նա... թքեր քո երեսին, և դու... ոչինչ... որովհետև հարյուր ֆրանկդ նաղդացրիր։ Ամո՛թ քեզ։

Վահանը հանգիստ դարձավ և ժպտալով նայեց քրոջ հուզմունքից վառվող աչքերին։

Իսկ խուրդա-փարաների օդային ճանապարհորդությո՞ւնը, հարցրեց նա։ Իսկ ապտա՞կը։ Չէ՞ որ նա ինձ ապտակ էլ տվեց, իսկական ապտակ։ Կամ, գուցե, մոռացե՞լ է քեզ իր այդ քաջությունն էլ հայտնել։

Մանեն զզվանքով ու ատելությամբ նայեց եղբոր ծիծաղից դողդողացող կախ ընկած կզակին և, առանց այլևս մի խոսք անգամ արտասանելու, դիմեց դեպի իր սենյակը, բայց կիսաճանապարհին կանգ առավ հանկարծ և դառավ դեպի Վահանը.

Նպատակդ ի՞նչ է, որ այս կեսգիշերին եկել ես ինձ մոտ, հարցրեց նա այս անգամ հանգիստ խստությամբ։

Նպատա՞կս...

Վահանը նայեց սիգարի ծայրին, և նրա դեմքը լուրջ արտահայտություն ստացավ։

Ահա թե ինչ էր նպատակս։ Կարող ես ինձ ատել, զզվել ինձնից, բայց, խնդրում եմ, լսիր ինձ հանգիստ, որովհետև այս րոպեին ամենևին տրամադիր չեմ կատակ անելու։ Կայարան գնալիս ես լուրջ կերպով կշռադատեցի դրությունդ և տեսա, որ, հիրավի, շատ վտանգավոր ճանապարհի վրա ես։ Եթե քո այդ տրագիկական սիրո մեջ կա մեկը, որ չարաչար պիտի տուժի, մտածում էի ես և այս րոպեին էլ նույնն եմ մտածում, այդ ոչ ամուսինդ կլինի և ոչ Բադամյանը, այլ դու և միմիայն դու։ Եվ ոչ-ոք չի պատժիլ քեզ այնպես խիստ, ինչպես դու ինքդ քեզ, որովհետև, ինչպես առաջ էլ ասացի, դու այն բնավորություններիցն ես, որոնց դատավորն ամենից առաջ իրենք են լինում և ամենախիստ, ամենաանողոք դատավորը։ Բադամյանին չսիրել չես կարող, քանի որ մի անգամ արդեն սիրել ես, այդպես է երևում, իսկ ամուսնուդ դավաճանել առավել ևս չես կարող, քանի որ այդպես է քո տարօրինակ խառնուրդը։ Եվ ահա պատրաստ է այն տրագեդիան, որի ցավալի վախճանը պարզ է։ Մի կողմից սեր, մյուս կողմից պարտքի ստոիկյան գիտակցություն։ Պայքարը հեշտ չէ։ Եվ հաղթանակը ո՛ր կողմն էլ լինի, մեջտեղ ճխլվողը դու պիտի լինիս։ Փրկություն չկա քեզ համար ո՛չ մի դեպքում։ Այս խորհրդածություններն էին անցնում գլխովս, երբ գնում էի կայարան։ Եվ երբ պարզորեն պատկերացրի քեզ սպասող վախճանը, զղջացի, որ իմ քույրն ես, իմ հարազատը և ահագին մեղք պիտի լինիմ բարձած խղճիս վրա, եթե քեզ թողնեմ մենակ և գործ չդնեմ ինձնից կախված ամեն միջոց այդ վախճանը քեզնից հեռացնելու համար։ Այդ պատճառով ետ դարձա և հարկ համարեցի նախ գնալ Բադամյանի մոտ։ Դժբախտաբար, մենք չկարողացանք հասկացնել իրար։ Իմ միջամտությունը նա ընդունեց իբրև անձնական վիրավորանք։ Նրա մեջ խոսեց ավելի վիպասանը և հրապարակախոսը, քան թե կյանքի մարդը։ Նա համառեց։ Իսկ ես թեև բնավերությամբ ամենևին համառ չեմ, բայց երբ համառի եմ հանդիպում, նրանից ավելի համառ եմ դառնում։ Ազնիվ խոսք եմ ասում քեզ. այդ միջոցին հարյուր ֆրանկի մասին այնքան էի մտածում, որքան այս րոպեին դու մտածում ես, թե պատուասների մեջ կա՞ արդյոք դրամի գաղափարը։ Հարյուր ֆրանկի պատմությունը մեջ ընկավ բոլորովին պատահական կերպով։ Նա պինդ բռնեց այդ միջադեպից և իսկույն վճարեց իր պարտքը հոգեբանական այն պարզ հասկանալի պատճառով, որ կատարյալ անկախ և ազատ ախոյան հանդիսանա իմ դեմ և մասամբ էլ նվաստացրած լինի ինձ իր առաջ։ Այդպես է մարդկային բնավորությունը. պարտքը վճարելիս մարդ միշտ կարծում է, թե ինքն ավելի մեծահոգի և ազնիվ է, քան թե նա, ումից որ պարտք է վերցրել։ Ես ինձ նվաստացած չզգացի, իհարկե։ Իսկ երբ մանր դրամները շպրտեց, քիչ մնաց, որ ինքս ինձ կորցնեի, և լավ է, որ չկորցրի, որովհետև այս րոպեին նա հիվանդանոցումը կլիներ, իսկ ես ոստիկանատանը։ Ինչ վերաբերում է այն բանին, որ ուզում էր անկախ և ազատ ախոյան հանդիսանալ, այդ էլ միտք չուներ. որովհետև ես նրա մոտ գնացել էի ամենաբարի մտադրություններով և ոչ մի առիթ չտվի, որ հակառակը կարծեր։ Ինչևիցե։ Նրա մոտ գնալս ապարդյուն անցավ։ Մնում էր մի ուրիշ ելք։

Դու չափազանց երկար ես խոսում և կրկնում ևս միևնույնը, ընդհատեց նրան Մանեն սառնորեն։ Կարճ կտրիր՝ ի՞նչ ես ուզում։

Այ, ասում եմ։ Մնում էր մի ուրիշ ելք, ա՛յն, որ գայի քեզ մոտ, պարզեի քեզ քո դրությունը և նորից խնդրեի, որ գայիր այս ամառ գյուղը տանեի քեզ, որովհետև, ինչպես այսօր էլ ասացի, քո այդ սերը ժամանակավոր մի հիվանդություն է, որ առաջացել է, անշուշտ, մենակությունից, պարապությունից, ձանձրույթից, և այդ հիվանդությունից բժշկվելու ամենալավ դարմանն այն կլինի, որ առժամանակ հեռու լինիս Բադամյանից, նոր անձեր, նոր բաներ տեսնես, նոր տպավորություններ ստանաս։ Մինչև անգամ ես կարող էի տանել քեզ արտասահման, եթե... Բայց, իսկույն վրա բերեց Վահանը, տեսնելով, որ Մանեն անհամբեր դժկամության նշաններ է ցույց տալիս, այդպիսի բան այլևս չեմ առաջարկում քեզ, որովհետև այն րոպեից, որ եկա տեսա տանը չես, այդ րոպեից թողեցի մտադրությունս, որովհետև զգացի, իսկ այժմ համոզվում եմ, որ արդեն ուշ է...

Դարձյա՞լ... դարձյա՞լ ուզում ես ինձ վիրավորել, բացականչեց Մանեն նորից հուզվելով։

Ներողություն, ներիր խնդրում եմ, շտապով վրա բերեց Վահանը։ Ես այն չէի ուզում ասել, ինչ որ դու ես կարծում։ Ես լիովին հավատում եմ, որ դու մաքուր ես մնացել...

Լռի՛ր, լռի՛ր, անխի՛ղճ մարդ, աղաղակեց Մանեն ձեռքերի մատները հյուսելով իրար մեջ, և նրա աչքերի մեջ ցոլացին հուսահատ անզորության արցունքի կաթիլներ։ Ո՞վ է քեզ իրավունք տվել, որ խոսում ես իմ մաքրության մասին... Ուզում ես, որ ես հանգիստ լսեմ քեզ, մինչդեռ ամեն րոպե, ամեն վայրկյան գրգռում ես ինձ, կոպիտ կերպով շոշափում ես ամենանվիրական զգացումներս, խոսում ես այնպիսի բաների մասին, որոնց վերաբերմամբ չէի կամենալ հաշիվ տալ ո՛չ֊ոքի... Մի անգամ գլուխս քարովը տվի և խնդրեցի, որ օգնես ինձ։ Այժմ չե՛մ ուզում... Լսո՞ւմ ես, չեմ ուզում։ Ազատիր ինձ քո հոգացողությունից... խնդրում եմ ազատիր, աղաչում եմ, ազատիր և, եթե կարելի է, մոռացիր իմ գոյությունն անգամ...

Զարմա՜ցք, զարմա՜ցք, արտասանեց Վահանը ուսերը թոթվելով։ Նա մոտեցավ սեղանին, հանգած սիգարը ձգեց մոխրամանի մեջ, նայեց ժամացույցին և առավ գլխարկը։ Ազատում եմ քեզ իմ հոգացողությունից և գնում եմ։ Ինձ մնում է միայն ասել այն, ինչ որ ասացի Բադամյանին, ես կատարեցի իմ պարտքը։ Բարի գիշեր։

Նախասենյակում վերարկուն հագնելիս հարցրեց.

Դուռը կողպեքով չե՞ք կողպում գիշերները։

Մանեն դուրս գնաց նախասենյակ և լուռ սպասում էր, մինչև որ Վահանը տնքտնքալով հագավ իր նեղ վերարկուն և հետևից ձիգ տվեց ներքև, որ մեջքի վրա գոյացած ծալքերը նստեն։ Հետո եղբոր հետևից իջավ մինչև փողոցի դուռը։ Վահանը բաց արեց դուռը և կանգ առավ ակամա։

Փողոցի մեջտեղով, փշշալով ու վշշալով, մի ամբողջ գետ էր վազում հեղեղի ջրերից գոյացած։ Երկինքը սկսել էր պարզվել արևմուտքում, որտեղ արդեն երևում էին աստղերը մաքուր ու շողշողուն։ Քամին գորշագույն ամպերը քշում էր դեպի արևելք, որտեղ երկինքը փայլատակում էր դեռ, սակայն որոտի ձայն այլևս չէր լսվում։ Անձրևն այժմ մաղում էր միայն և, ըստ երևույթին, կտրվելու վրա էր։ Մաքրված օդի մեջ զգացվում էր մի հաճելի ցուրտ թարմություն։

Այս ջրերից անցնելը խաթա է. կոշիկներս թուլուխ պիտի դառնան, ասաց Վահանը, կռացավ, տնքտնքալով ետ ծալեց անդրավարտիքի տոտերը, վերարկուի օձիքը վեր քաշեց և ապա ցած թողեց ծղոտե գլխարկի շրջապատը հովանոցի ձևով: Դե՛հ, մնաս բարյավ. առավոտվա գնացքով գնում եմ անպատճառ։

Գնաս բարյավ, արտասանեց Մանեն և ակամա առավ եղբոր պարզած ձեռքը։

Վահանը նայեց նրա սառն դեմքին և ժպտաց դառնորեն:

Շատ հիմար կերպով ենք բաժանվում, չէ՞, ասաց նա։

Քույրը ոչ մի խոսք չպատասխանեց։

Ափսո՜ս, ակամա դուրս թռավ Վահանի բերանից։ Ի՛նչպես ընդունեցիր և ի՛նչպես ես ճանապարհ դնում... Ա՛յ թե որտեղ է ասված՝ «Շատ մի սիրիր, ատել կա»։ Բայց մի մոռանար մյուս դարձվածքը՝ «Շատ մի ատիր, սիրել կա»... Ինչևիցե։ Աստված վերջը բարի անի... Այս անձրևը լավ է։ Ես վախենում էի, թե կարկուտ կգա։ Անցած տարի խաղողիս կեսը փչացրեց անտերը։ Դե՜հ, մնաս բարյավ։ Շուտ փակիր դուռը, օդը զով է, քրտնած էիր, կմրսես։

Եվ Վահանը դուրս գնաց։

Մանեն դուռը փակեց։

Գիշերվա մի ժամին Բադամյանը զարթնեց անկողնում և զգաց, որ մրսում է։ Ամբողջ մարմնի մեջ ինչ-որ անհանգստացնող թմբիր էր զգում. բոլոր ոսկորները, մանավանդ սրունքների մեջ, մղմղում էին և կտրատվում։ Հիշեց, որ այդ գիշեր Մանեին ճանապարհ դնելուց հետո տուն դառնալիս այն աստիճան թրջվել էր անձրևից և քրտնել, որ հազիվ էր կարողացել շորերը հանել անկողին մտնելու համար, հետո վեր էր կացել և բաց արել լուսամուտը, որովհետև ննջարանում սաստիկ տոթ էր կանգնած։ Լուսամուտն այդպես էլ բաց էր մնացել, և նրան թվում էր, թե այժմ այդտեղից ցուրտ քամի է փչում, բայց նա սաստիկ ալարում էր վեր կենալ և լուսամուտը փակել։ Նա կոլոլվեց վերմակի մեջ, ծնկները պինդ ծալեց սրունքների մեջ զգացած մղմիղը հանգստացնելու համար և նորից քնեց։

Բայց այս անգամ շատ անհանգիստ էր նրա քունը։ Նրան թվում էր, թե քնած չէ, վեր է կացել, ուզում է փակել լուսամուտը, բայց չի կարողանում, փեղկերը կպել են պատին, իսկ դրսից ցուրտ քամի է փչում, այն աստիճան ցուրտ, որ նրա ատամները զարկվում են իրար։ Նա դառնում է, որ գնա նորից պառկի, բայց հանկարծ կանգ է առնում. նրա առաջ կանգնած է Վահանը իր հսկայական մարմնով և ասում է՝ «Ո՞ւր եք գնում»։ Արյունը խփում է նրա գլխին, և նրան թվում է, թե հանկարծ կրակի բոցեր են պատում իր մարմինը։ Ցնցողաբար բարձրացնում է ձեռքը, որ ապտակ տա նրա չաղ թշին, բայց մեկ էլ տեսնում է, որ իր առաջ կանգնած է ոչ թե Վահանը, այլ Մանեն ձեռքերի ափերը քունքերին դրած և շշնջում է սաստիկ չռած աչքերով՝ «Բադամյան, մի՞թե այդ դուք եք... դո՞ւք...»։ Բադամյանը ետուետ է գնում, զարկվում է լուսամուտի տախտակին, և ցուրտը սառույց է կտրում նրա մեջքը։

Բադամյանը շուռ եկավ մյուս կողքի վրա և տնքաց ողնաշարի մեջ զգացած ցավից։ Նա բաց արեց աչքերը և տեսավ, որ արդեն լուսացել է։

Գիշերվա հեղեղից հետո առավոտը հիանալի էր։ Ննջարանը ողողված էր արևի ջերմ ճառագայթներով։ Բաց լուսամուտից երևում էր մաքուր երկինքը փիրուզի պես բաց կապույտ ու անփայլ։ Սեղանի վրա ճկճկում էր ծոցի ժամացույցը։ Դուրսը, լուսամուտի տակ, մածուն ծախող վրացի գյուղացին բղավում էր՝ «Մածո՜նի, մածո՜նի...»։

Բադամյանը վեր կացավ անկողնից շատ վատ տրամադրության մեջ։ Պարզապես զգում էր, որ հիվանդ է: Մարմինը սարսռում էր. ծնկները ծալվում էին. գլուխը կապարի ծանրություն էր ստացել. աչքերի կապիճների և քունքերի մեջ երբեմնակի սուր ցավ էր զգում, գիշերը կիսաքուն անցկացրած արբած մարդու նման. թվում էր, թե ողնաշարը կորացել ու փետացել է և չի կարողանում շտկել, երբեմն-երբեմն շունչը կտրվում էր թիկունքի մեջ զգացած ծակոցներից։

Բայց և այնպես սովորական ժամին գնաց խմբագրատուն։ Ամեն անգամ, որ խոնարհվում էր այս կամ այն հոդվածի կամ թղթակցության մեջ որևէ բառ կամ նախադասություն ջնջելու կամ փոփոխելու համար, նրան թվում էր, թե գանգի մեջ ուղեղի տեղ ընկած է արճճի մի զանգված, որ ծանրորեն դիպչում է ճակատին և գլուխը քաշում է ներքև։

Մի կերպ վերջացնելով աշխատանքը, տուն դարձավ։ Ախորժակն այնպես կապվել էր, որ հացի մի պատառ անգամ չառավ բերանը։ Նրա ամբողջ մարմինը ձգտում էր դեպի անկողին, բայց նա կարեվոր ջանք էր գործ դնում չպառկելու, որովհետև կանխազգում էր, որ եթե պառկի, այլևս չպիտի կարողանա վեր կենալ։

Մինչդեռ նա ուզում էր գնալ Մանեի մոտ, ուզում էր ասել նրան, որ գիշերվա իր վարմունքի գիտակցությունը սպանում է իրեն, որ այդ գիտակցության պատճառած անտանելի տանջանքից իրեն ազատել կարող է միայն նրա ներումն ու մոռացումը։ Ներել և մոռանալ այդ է փափագում միայն, փափագում է իր ամբողջ էությամբ, իր հոգու ամբողջ զորությամբ։

Այդ մտադրությամբ երեկոյան դեմ դուրս եկավ տնից։ Քաղաքի փողոցները կամաց-կամաց լցվում էին ամառվա երեկոներին հատուկ ժխորով։ Ամեն մի սուր ձայն, կառքի ամեն մի դղրդոց անտանելի ցավ էր պատճառում նրա հիվանդ ջղերին։ Նա կանգ առավ տրամվայի կայարանում, սպասելով վագոնին, երբ հանկարծ առաջովը սլացող կառքերից մեկը գրավեց նրա ուշադրությունը։ Այդ կառքի մեջ նստած էր Մանեի ամուսինը Սանթրոսյանը ժոկեի գլխարկով և երկարաճիտ կոշիկներով։ Բադամյանը ձեռքը մեքենայաբար տարավ դեպի գլխարկը, բայց Սանթրոսյանն ըստ երևույթին, չտեսավ նրան, և կառքը սլացավ անցավ։

Երկար Ժամանակ Բադամյանը նայում էր կառքի հետևից տեղնուտեղը քարացած, մինչև որ կառքը չքացավ նրա աչքից. հետո մեքենայաբար նստեց հենց այնտեղ դրված երկայն նստարանի վրա, մի հաստ կնոջ կողքին, և չտեսավ տրամվայի վագոնը, որ եկավ մի-երկու րոպե կանգնեց կայարանում և, հաստ կնոջն ու մի քանի ուրիշ նստողներ ընդունելուց հետո, շարունակեց ճանապարհը զանգակը զրնգզրնգացնելով։

Սանթրոսյանի հանդիպումն այն աստիճան անակնկալ էր նրա համար, որ նա հարց տվեց իրեն, թե դա մի պատրանք չէ՞ր արդյոք, կառքի մեջ նստած մարդն արդյոք Սանթրոսյա՞նն էր, թե նրան նման օտար մի մարդ։ Երբ անակնկալի առաջին զորեղ տպավորությունն անցավ, նա տեսավ, որ այդտեղ զարմանալի ոչինչ չկար. մարդը կորած չէր, երկարատև բացակայությունից հետո՝ այսօր-վաղը գալու էր, և ահա եկել է... Բայց ե՞րբ է եկել, երեկ գիշե՞ր, թե՞ այս առավոտ... թե՞ հենց նոր է գալիս։ Բադամյանը շտապով հանեց ժամացույցը և նայեց. ժամը վեցին մոտ էր։ Երկար ժամանակ նա աշխատում էր հիշել, թե այդ Ժամին երկաթուղու որևէ գնացք արդյոք ժամանո՞ւմ է Թիֆլիս. հետո վեր կացավ և դիմեց մոտիկ կանգնած մի ոստիկանի։ Ոստիկանը չգիտեր։ Վերջը մի կառապանից իմացավ, որ այդ ժամին ոչ մի գնացք չի ժամանում։ Ուրեմն Սանթրոսյանն եկել է կամ երեկ գիշեր, կամ այս առավոտ (այդ ժամերին արդեն, Բադամյանն այդ լավ գիտեր, գնացքներ ժամանում էին Թիֆլիս)։

Նորից նստեց նստարանի վրա և, բոլորովին ուշադրություն չդարձնելով, թե ինչ է կատարվում շուրջը, անձնատուր եղավ մի ծանր մտատանջության։ Արդյոք ե՞րբ է եկել Սանթրոսյանը գիշե՞րը, թե՞ այս առավոտ։ Արդյոք ի՛նչ կլինի պատահած, եթե եկած լինի գիշերը, այսինքն այն ժամանակ, երբ Մանեն իր մոտ էր։ Արդյոք ինչո՞վ կլինի բացատրած կնոջ տարաժամ բացակայությունը տնից և վերադարձը կեսգիշերին։ Իհարկե, հարցրած կլինի, թե որտեղ էր, և արդյոք ի՞նչ կլինի պատասխանած Մանեն... Այս և այդպիսի բազմաթիվ հարցեր մեկը մյուսի հետևից փոթորկի պես անցնում էին նրա գլխով, և նա չէր կարողանում կանգ առնել որևէ մեկի վրա, սառնորեն մտածել, դատել և հավանական պատասխանը գտնել։ Բայց միևնույն էր. ամեն մի պատասխան դարձյալ կասկածելի պիտի լիներ նրա համար և չպիտի կարողանար հանգստացնել նրան, մինչև որ չիմանար, թե երբ էր եկել Սանթրոսյանը. գիշե՞րը, թե այս առավոտ։ Այս էր գլխավոր հարցը, որ սաստիկ մտատանջում էր Բադամյանին, և այն միտքը, թե Սանթրոսյանը կարող է եկած լինել գիշերը և իմացած լինել ամեն բան, սառն քրտինք էր դուրս կորզում նրա ճակատից։ Իր համար չէր, որ վախենում էր նա, այլ Մանեի համար, որովհետև գիտեր, թե ո՛ր աստիճան անկեղծ էր իր պաշտած այդ կինը և որքա՛ն անընդունակ սուտ խոսելու, իր ուր եղածը ծածկելու, իսկ ամուսնու նախանձն ինչե՜ր ասես չի կարող անել...

Հանկարծ մի անմիտ բուռն ցանկություն տիրեց Բադամյանին. գնալ ուղղակի Սանթրոսյանի մոտ, խոստովանել նրան ամեն բան, ասել, որ Մանեն անմեղ է, առաքինի, հավատարիմ, մաքուր. ինչ որ պահանջելու է նրանից, թող պահանջի իրենից, ինչ որ անելու է նրան, թող անի իրեն. ինքն ամեն, ամեն բանի պատրաստ է, նույնիսկ իր կյանքն իր ձեռքով զոհաբերելու, միայն թե չվշտացնի նրան, չվիրավորի նրան, ձեռք չտա նրան... Իսկ եթե, այնուամենայնիվ, ձեռք կտա, կհամարձակվի ձեռք տալ... օ՜, այն ժամանակ... Բադամյանի ջղերը սաստիկ լարվեցին, և նա վեր կացավ ակամա։ «Կսպանեմ... աստված է վկա, կսպանեմ», մտածեց նա և այդ րոպեին լիովին զգում էր, որ ուրիշ կերպ վարվել չէր կարող այն մարդու հետ, որը պատահական տերն էր իր պաշտած կնոջ, ա՛յն կնոջ, որի մի կաթիլ արցունքը չէր փոխիլ ամբողջ աշխարհի հետ...

Բայց ամենից առաջ պետք էր իմանալ, թե երբ էր եկել Սանթրոսյանը։ Ինչպե՞ս իմանար, ումի՞ց իմանար։ Նրա միտն ընկավ Հեղինեն, որը թերևս այդ օրը տեսած լիներ ընկերուհուն, հետևաբար կիմանար, թե երբ է եկել նրա ամուսինը։ Բադամյանն է՛լ երկար չմտածեց այդ մասին և անմիջապես դիմեց դեպի Հեղինեի տուն։

15

Հեղինն տանը չէր։ Ծառան Բադամյանին հրավիրեց սեղանատուն։ Այստեղ Բադամյանը, բացի Հեղինեի խուլուհամր քրոջից՝ Սալոմեից, տեսավ և Նասիբյանին։ Սալոմեն նստած էր հեշտաեռի առաջ և գուլպա էր գործում մատների զարմանալի արագ շարժումներով։ Մայր մտնող արևի կարմրավուն ճաճանչները բոցավառվում էին բաց լուսամուտի ապակիների մեջ և այդտեղից անդրադառնում ոսկու պես պլպլացող փոքրիկ մաքուր հեշտաեռի ուռուցիկ փորի մեջ։ Սեղանի հակառակ ծայրին դրված էին մի հոգու ճաշի դեռևս ձեռք չտված պարագաներ։ Նասիբյանն արագ քայլերով անցուդարձ էր անում սենյակի երկարությամբ, անդադար կրծելով փոքրիկ բեղը շրթունքի մերթ ձախ, մերթ աջ կողմը։ Զսպած հուզումից նրա խորշոմած պստիկ դեմքի վրա մկանունքները ցնցվում էին ջղաձգաբար, և խոշոր աչքերը փայլում ինչ-որ չարագուշակ կրակով։ Ամեն բանից երևում էր, որ անհամբեր սպասողական դրության մեջ էր։ Սալոմեն շուտ-շուտ վախեցած հայացքներ էր ձգում նրա վրա և սաստիկ անհանգիստ էր երևում։ Բադամյանի գալուստը խիստ ուրախացրեց նրան։ Նա վեր թռավ տեղից և Բադամյանին տարավ նստեցրեք իր մոտ:

Օրիորդը ո՞րտեղ է, շո՞ւտ կգա, հարցրեք Բադամյանը բարձրաձայն, մոռանալով, որ ինչքան էլ բարձր խոսի միևնույն է, Սալոմեն չի լսիլ:

Սալոմեն նրա առաջը քաշեք մի կտոր թուղթ ու մատիտ, որ մշտապատրաստ պահում էր իր մոտ:

Բադամյանը գրեց իր հարցմունքը։

Սալոմեն կարդաց, թուղթը շուռ տվեց և մատով ցույց տվեց իր պատասխանը, որ գրել էր արդեն Նասիբյանի գրած նույն հարցմունքի տակ. «Չգիտեմ։ Այսօր շատ ուշացավ»:

Երբ Բադամյանը կարդաց այդ պատասխանը, Սալոմեն մտահոգ հայացքով ծածուկ նրա ուշադրությունը հրավիրեց Նասիբյանի վրա և գրեց հետևյալը. «Լավ է, որ եկա՜ք։ Ես սաստիկ վախենում եմ այդ պարոնից։ Մեկ հարցրեք՝ ի՞նչ է ուզում, ինչո՞ւ հանգիստ չի տալիս քրոջս»։ Երբ Բադամյանն այդ Էլ կարդաց, Սալոմեն վերցրեց թուղթը, ճմռեց և գրպանը կոխեց, երևի վախենալով, թե միգուցե Նասիբյանը կարդա։

Բադամյանը նայեց Նասիբյանին։ Նասիբյանը շարունակում էր ջղային արագ քայլերով անցուդարձ անել սենյակում, և ամեն մի անցուդարձի ժամանակ վայրկենաբար հանգչում և նորից վառվում էին հեշտաեռի փորի մեջ լուսամուտի ապակիներից անդրադարձող արևի ճաճանչները։

Նասիբյան, ի՞նչ է պատահել, հարցրեց Բադամյանը զարմացած, նոր նկատելով, որ նա չափազանց հուզված է։

Ինչ որ պատահել է կտեսնես, արտասանեց Նասիրյանն ատամների միջից, քայլելիս մի պապիրոս հանեց, վառեց և լուցկին շպրտեց բաց լուսամուտից դուրս։

«Էլի հին պատմությունը», մտածեց Բադամյանը, որին շատ լավ հայտնի էին Նասիբյանի և Հեղինեի տարօրինակ հարաբերությունները։ Նա այլևս չփորձեց որևէ բան իմանալու Նասիբյանից։ Այդ միջոցին նրան ոչինչ չէր հետաքրքրում, նրան զբաղեցնում էր միայն այն տաժանելի միտքը, թե ե՞րբ էր եկել Սանթրոսյանը, և Հեղինեն կգիտենա՞ր արդյոք այդ։

Վերջապես եկավ Հեղինեն։ Նա մտավ իրեն հատուկ աղմկալի քայլերով, մանկաբարձական գործիքների անբաժան պայուսակը ձեռքին, շոգից և շտապ քայլելուց կարմրատակած ու քրտնած։

Նրան տեսնելուն պես Նասիբյանը կանգ առավ և դադարեց բեղը կրծելուց։

Հեղինեն ամենևին ուշադրություն չդարձրեց նրան կամ ցույց տվեց, թե ուշադրություն չի դարձնում, անցավ ուղղակի նրա քթի տակով, մի բարև շպրտեց Բադամյանին, պայուսակն ու փեղույրը դրեց լուսամուտի տախտակի վրա և գնաց նստեց սեղանի մոտ։

Օ՛հ, մեռա, ասաց նա, հոգնած ետ ընկավ աթոռի մեջքին, պենսնեն վերցրեց քթից և սկսեց թաշկինակով հով անել երեսին։ Հետո, հանկարծ տեսնելով ճաշի պարագաները, դարձավ քրոջը. Այս ի՞նչ է։ Ես ճաշել եմ։ Հավաքել տուր այս բաները։

Սալոմեն հասկացավ նրան։ Երկու քույրերն առհասարակ այնքան վարժվել էին, որ հասկանում և հասկացնում էին իրար ամեն բան առանց որևէ դժվարության. իսկ դժվար դեպքերում, երբ գրելը սրտամաշ մի բան էր, մանավանդ Հեղինեի համար, հասկացնում էին իրար մատներով, որոնց ամեն մի շարժումն առանձին տառի նշանակություն ուներ նրանց համար, իսկ այդ պայմանական տառերից նրանք ամբողջ բառեր և նախադասություններ էին կազմում։ Բայց Սալոմեն Հեղինեի ասածը հասկանում էր մեծ մասամբ նրա շրթունքների շարժումներից, այնպես որ Հեղինեն շատ անգամ իր ասելիքն ասում էր առանց որևէ ձայն հանելու, այլ միայն շարժում էր շրթունքները որոշակի։ Առհասարակ կանանց և երեխաների ասածը Սալոմեն ավելի լավ էր հասկանում, քան տղամարդկանց ասածը, որոնց բեղերը խանգարում էին նրան նրանց շրթունքների շարժումը որոշակի նկատելու։

Սալոմեն վեր կացավ, գուլպան դրեց աթոռի վրա և սկսեց իր ձեռքով հավաքել ճաշի պարագաները։

Անտանելի պաշտոն է մեր այս պաշտոնը, ասաց Հեղինեն, դառնալով Բադամյանին։ Մի րոպե հանգստություն չունինք։ Մի տնից քարշ են տալիս մյուսը։ Էլի վնաս չունի, եթե ցերեկն է պատահում այդ. բայց որ կեսգիշերին են գալիս, երբ անկողնումդ քաղցր քնած ես լինում, դե կարող եք, էլի՛ երևակայել... Արի տես, որ մեր այս օրհնված կանայք էլ մեծ մասամբ գիշերներն են ցավում։ Առհասարակ ես նկատել եմ, որ մարդկային արարածները աշխարհ են գալիս և աշխարհից հեռանում մեծ մասամբ գիշերները... Բայց ի՞նչ է պատահել ձեզ, հիվա՞նդ եք, հարցրեց նա պենսնեն դնելով և դիտելով Բադամյանի գունատ դեմքը։

Հա, մի քիչ մրսել եմ։

Եվ ի՞նչ. եկել եք որ բժշկե՞մ, հարցրեց Հեղինեն ծիծաղելով և հանկարծ վրա բերեց, Հա՛, կարող եմ շնորհավորել ձեզ, Սանթրոսյանն եկել է։

Դուք ո՞րտեղից գիտեք այդ, հարցրեց Բադամյանն ուրախացած, որ Հեղինեն ինքն սկսեց խոսել իրեն այնքան մտատանջող հարցի մասին։

Այս առավոտ տեսա նրան, այն ժամանակ, երբ կառքով տուն էր գնում կայարանից։ Վահանն էլ հետն էր։

Բադամյանը սաստիկ թեթևացած շունչ քաշեց։ Հարցը լուծված էր. Սանթրոսյանն եկել էր առավոտյան: Ուրեմն Մանեն... «Ա՛խ, որքա՜ն սիրում եմ, որքա՜ն սիրում...», մտածեց Բադամյանը տանջող անձկությամբ։

Հեղինեն նայեց նրան խորամանկ ժպիտով։

Եկեք մի բան ասեմ, Բադամյան, չնեղանաք։

Ի՞նչ։

Դուք վախենում եք։

Ումի՞ց։

Ես ի՞նչ գիտեմ, բացականչեց Հեղինեն և այս անգամ ծիծաղեց նույնիսկ վիրավորական կերպով։

Չնայելով իր ինքնազսպումին, Բադամյանն, այնուամենայնիվ, շփոթվեց և ակամա հարց տվեց ինքն իրեն` հիրավի արդյոք Մանեի համա՞ր էր իր մտահոգությունը, թե՞ իր անձի համար ևս...

Ես դեռ չտեսա մի մարդ, շարունակեց Հեղինեն, որ սիրելիս լինի ուրիշի կնոջը և սարսափելիս չլինի նրա ամուսնուց... Խնդրեմ, խնդրեմ, մի փորձեք հակաճառել. ես գիտեմ, ինչ որ ասում եմ... Բայց զարմանալի երևույթ. այդպիսի բան կանանց մեջ չի նկատվում, կինն ամուսնացած տղամարդուն սիրած ժամանակ իսկի բանի տեղ չի դնում նրա կնոջը։ Ինչո՞վ կբացատրեք այս։

Որովհետև այդպիսի կանայք սովորաբար պոռնկական բնավորություն են ունենում, լսվեց նրա հետևից։

Հեղինեն, որ կարծես բոլորովին մոռացել էր Նասիբյանի ներկայությունը, ուսի վրայից նայեց նրան և ոչինչ չասաց։

Ճաշի պարագաները հավաքելուց հետո, Սալոմեն նստեց իր առաջվա տեղը, հեշտաեռի մոտ։ Նա դարձավ քրոջը և ինչ-որ անախորժ ձայներ արձակեց։

Հեղինեն հասկացավ նրան և պատասխանեց վանկ-վանկ, աշխատելով որոշ արտահայտություն տալ շրթունքների շարժմանը.

Ու-շա-ցա, ո-րով-հե-տև ճա-նա-պար-հին բըռ-նե-ցին տա-րան ու-րիշ ծը-նընդ-կա-նի մոտ։

Սո՛ւտ ես ասում, հանկարծ աղաղակեց Նասիբյանը և կանգ առավ դողալով։

Հեղինեն աթոռի վրա դարձավ դեպի նա:

Պարոն, ես քեզ խորհուրդ եմ տալիս խելոք կաց, ասաց նա սպառնալից հանգստությամբ։ Այսքան ժամանակ համբերեցի, բայց էլ մտադիր չեմ համբերելու. մեկ էլ տեսար ծառային կանչեցի և վզակոթիդ տալով փողոց շպրտել տվի։

Նասիբյանը փրփրաց։

Ի՞նչ... ի՞նչ... դեռ խոսում է՞լ ես... դեռ սպառնում է՞լ ես, ֆշշացրեց նա ատամները սեղմած, ձեռքերը բռունցք կազմած և հետզհետե մոտենալով Հեղինեին սպառնագին։

Հեղինեն վեր թռավ տեղից և վերցրեց թեյի դատարկ բաժակներից մեկը։

Չմոտենաս, թե չէ` տեսնո՞ւմ ես այս բաժակը... ճակատիդ վրա կփշրեմ։

Բադամյանին այստեղ ևս վիճակված էր նույն դերը կատարել, ինչ որ թատրոնի պարտեզում Վահանի և Նասիբյանի միջև պատահած ընդհարման ժամանակ։ Նա վեր կացավ, գրկեց նասիբյանի պստիկ մարմինը և հեռացրեց։

Բայց Նասիբյանն այդ բանից ավելի փրփրեց։

Թո՜ղ, մի՛ բռնիր, աղաղակեց նա, անզուսպ կատաղությամբ խփելով Բադամյանի կրծքին։

Բադամյանը թողեց նրան, բայց ձեռքերով կապեց նրա ճանապարհը։

Այն ժամանակ Բադամյանի ուսի վրայից դառնալով դեպի Հեղինեն, Նասիբյանը շարունակեց աղաղակել.

Դու սո՛ւտ ես ասում, քեզ ո՛չ մի նոր ծննդկանի մոտ չեն տարել, այլ դու եղել ես այն պարոնի մոտ և նրա մոտ էլ ճաշել... Կարծում ես, ես այդ չգիտե՞մ... Ես ամեն բան գիտեմ, և ինձ չես կարող խաբել... Լսո՞ւմ ես, չես կարող...

Խե՜ղճ իմ գլուխ։ Հապա ի՞նչ անեմ, որ չխաբեմ, ոտներս դողում են քեզնից, ասաց Հեղինեն ծիծաղելով։

Ծաղրում էլ ես, հա՞... Ծիծաղում էլ ես, հա՞... Ես քեզ... կմորթեմ, ճչաց Նասիբյանը։

Թե աստվա՜ծդ կսիրես, ասաց Հեղինեն ավելի բարձրաձայն ծիծաղելով։ Ա՛յ քոսոտ, հավ որ մորթես, այն էլ մեծ քաջություն կլինի քո կողմից... Բադամյան, ի՞նչ եք բռնել։ Թողեք, ի սեր աստծո, կկարծի թե իսկապես մի բան է, որ ձեռները բռնում են։

Բադամյանն ազատ թողեց Նասիբյանին։ «Փո՛ւ, ի՜նչ զզվելի է...», մտածեց նա։

Նասիբյանը կատվի պես հավաքեց իրեն, ըստ երևույթին պատրաստվելով հանկարծ ոստնել դեպի Հեղինեն։

Հեղինեն նորից վերցրեց թեյի դատարկ բաժակը։

Համարձակվիր մոտենալ, համարձակվիր, սպառնաց նա հաստատուն ձայնով։

Խուլ ու համր Սալոմեն, որ մինչև այժմ սարսափահար նայում էր մերթ Նասիբյանին, մերթ քրոջը, առաջ նետվեց Նասիբյանի ճանապարհը փակելու համար, բայց քույրն իսկույն բռնեց նրա թևից, նստեցրեց և, նորից դառնալով Նասիբյանին, կանչեց նույն հաստատուն ձայնով:

Արի... քաջ ես, մոտեցիր։

Հեղինեի մարտակոչն այն աստիճան ազդու էր, որ Նասիբյանը տեղից շարժվել չկարողացավ։ Նա ուզում էր խոսել, աղաղակել առաջվա պես, նույնիսկ ջարդել, փշրել, բայց այն գիտակցությունը, որ ինքը ոչինչ չի կարող անել, կապում էր նրա ձեռքն ու ոտքը և խեղդում նրան։ Կարճ ժամանակ երկու ախոյան կանգնած էին իրար դեմ առ դեմ, երկուսն էլ լուռ, բայց մեկն անզոր կատաղությունից ինքն իրեն ուտելով, մյուսը հանգիստ և անսասան, բայց խիստ վճռական-սպառնական դիրք բռնած։

Ես հիմա ոչի՛նչ չեմ անիլ... ոչինչ չեմ կարող անել, դժբախտաբար, ասաց, վերջապես, Նասիբյանը ծանր շնչելով։

Թե աստվածդ կսիրես, ծաղրեց Հեղինեն։

Բայց ուրիշ անգամ... կտեսնես...

Եթե դու կհամարձակվես դարձյալ ոտ դնել այստեղ, ոտդ կփշրեմ։

Շա՛տ բարի, շա՛տ բարի, շա՛տ բարի, արտասանեց Նասիբյանն ատամների միջից, գլխարկը թռցրեց աթոռի վրայից և արագ քայլերով դիմեց դեպի Հեղինեն։ Բայց այժմ գիտե՞ս ինչ կասեմ քեզ։ Ես կասեմ, որ դու... ծախո՛ւ արարած ես։

Եվ նախքան նա դուրս կգնար, ինչ-որ մի բան ուժգնորեն տրաքեց նրա ականջի մոտ, և ինչ-որ սուր-սուր բաներ մանրիկ սառույցների պես դիպան նրա երեսին։ Դա թեյի բաժակն էր, որ Հեղինեն ձեռքի կատաղի թափով շպրտեց նրա հետևից։ Բաժակը թռավ սեղանի մոտ նստած Բադամյանի գլխով, շեշտակի անցավ Նասիբյանի ականջի մոտով և, դիպչելով դռանը, տրաքեց ու փշուր-փշուր ցանուցիր եղավ հատակի վրա։

Նասիբյանը չքացավ սենյակից։

Տեսարանն այնքան տգեղ էր, որ Բադամյանն ակամա դարձրեց երեսը, որպեսզի չնայի Հեղինեին։ Նա իր մեջ վիրավորված էր տեսնում այն նուրբ զգացումը, որ տածում էր առհասարակ դեպի կին-արարածը, իսկ այդ րոպեին իր առաջ տեսնում էր ոչ թե մի կին, մի քնքուշ արարած, որի բոլոր գրավչությունն իր քնքշության մեջն էր, այլ մի կոպիտ տղամարդ, որը հարկավոր դեպքում պատրաստ է դիմելու բռունցքի։

Իսկ խեղճ Սալոմեն, մեռելի պես գունատված, նայում էր քրոջ դեմքին սարսափահար և, առանց այն էլ լեզու չունենալով, բոլորովին զրկվել էր ձայն հանելու ընդունակությունից։

Հեղինեն կանգնած էր սեղանի մոտ և, գունատ, ամբողջ մարմնով դողում էր կատաղությունից։ Բաժակը շպրտելիս պենսնեն ընկել էր նրա քթից և ղայթանի վրա կախ ընկել նրա կրծքին։

Ա՛խ, թե մի կդիպչեր... ա՛խ, թե մի կդիպչեր, ասում էր նա գոհացում չտեսած վրիժառության անզորությամբ։ Գժվում եմ, գժվում, որ մտածում եմ, թե ինչպես նա համարձակվում է այդպիսի իրավունքներ բանեցնել ինձ վրա, գոռալ, հոխորտալ, այդպիսի անամոթ խոսքեր ասել երեսիս... Ինչպե՜ս է համարձակվում... Այսպիսի բան տեսնված կա՞ աշխարհիս երեսին... Երեկվա քնձռոտ, քոսոտ շոնը, որի առաջ խղճահարությունից մի քիչ հացի փշրանք եմ նետել, այսօր տեր ու տիրական է դառել գլխիս, հաշիվներ է պահանջում ինձնից, վիրավորում է ինձ ամենալիրբ կերպով... Եվ այս բանն ես ստիպված եմ տանել ամե՜ն օր, շարունա՜կ... Սա ի՜նչ դրություն է, սա ի՜նչ դրություն է...

Հեղինեն ոտով դեն հրեց աթոռը, պենսնեն քթին դրեց և խիստ հուզված սկսեց անցուդարձ անել սենյակում։

Ո՛չ, բավական է, աղաղակեց նա, այլևս չեմ կարող դիմանալ։ Մինչև այժմ ես միայն սպառնում էի, բայց չէի կատարում սպառնալիքս, իսկ այժմ... Ես կգնամ ոստիկանատուն և ապահովություն կպահանջեմ... Այսպես չի կարելի... Մարդ հանգստություն չունենա մինչև անգամ իր սեփական տանը... Սա ի՞նչ դրություն է... Գոնե մի խոսքով, մի ամենահասարակ խոսքով կապված լինիմ նրա հետ, էլի կասեմ` քարն իմ գլուխը, իրավունք ունի, բայց, ախր ես ո՞վ, նա ո՛վ, ի՞նչ կապ կա մեր մեջ... Մի խան, մի փաշա, մի սուլթան այն իրավունքները չի բանեցնիլ իր հարճի վրա, ինչ իրավունքներ որ նա է բանեցնում ինձ վրա... Սա գժվելու բան չէ՞...

Հատակի վրա ցրիվ եկած բաժակի փշուրներն ընկնում էին նրա ոտների տակ և տրխկալով ավելի ևս փշրվում. այդպիսի դեպքերում նա կանգ էր առնում, ոտով շպրտում էր փշուրները պատի կողմը և նորից շարունակում իր ջղային քայլվածքը։

Հանկարծ նա կանգ առավ Բադամյանի առաջ, որը, բոլորովին անտարբեր ու անզգա, նայում էր լուսամուտի ապակիներին, որոնց մեջ հետզհետե հանգչում էին արևի ճաճանչները։

Վիպասան մարդ եք, ահա՛ ձեզ մի տիպ, հայոց ազգի ազատամիտի մի տիպ։ Անաչառ եղեք, դուրս բերեք այդ տիպը։ Ինչո՞ւ չեք դուրս բերում։ Երևի կասեք, որ դա տիպ չէ, որ դա պարոդիա է։ Բայց ո՞ր ազատամիտը մեզանում պարոդիա չէ, ասացեք խնդրեմ, ո՞ր ազատամիտը...

Բադամյանն արմունկները դրեց սեղանի վրա, աչքերը փակեց և ճակատն ու քունքերը սեղմեց մատների մեջ։ Նա սիրտ չուներ խոսելու, հազիվ թե լսում էլ էր Հեղինեի ասածները. զգում էր միայն, որ նրա ծկլթոցները սաստիկ գրգռում են իր ջղերը։ Այժմ նա բոլորովին հիվանդ էր զգում իրեն, գլուխը սաստիկ ցավում էր. ճակատը մերթ սառում էր, մերթ վառվում. բերանի մեջ անհամություն էր զգում, կարծես դառն բան լիներ կերած, մեջքը և սրունքները կոտրատվում էին առավոտվանից ավելի սաստիկ. անհուն փափագ էր զգում պառկելու և պինդ, սաստիկ պինդ ծալելու ծնկները։

Դուք լռում եք, հա՞, շարունակեց Հեղինեն։ Լռո՞ւմ եք, որովհետև հաշիվներիդ չի գալիս, որ խոսեք, չէ՞։ Դուք ստիպված եք չտեսնելուն տալ այս զազրելի տիպը, որովհետև ձեր կուսակցությանն է պատկանում, չէ՞... Բայց իմացե՛ք, այսուհետև ես թքել եմ ձեր բոլոր կուսակցությունների վրա, որովհետև ձեր այդ կուսակցությունների անունը կա միայն, իսկ ամանումը... ցեխ կա միայն։ Ես այժմ հասկանում եմ Վահանին, նա բոլորովին իրավունք ուներ արհամարհելու և ծաղրելու ձեզ բոլորիդ էլ, որովհետև ի՞նչ եք դուք, ֆրազյորներ և կապիկներ։ Ձեզ որ փետրահան անենք, տակներիցդ մի-մի մղդսի դուրս կգա։ Բայց ափսոս չէ՞ մղդսին, նա գոնե համբերատար է. իսկ ձեր հոգու խորքում մի-մի սուլթան կա նստած։ Դուք ազատամիտ, մինչև անգամ չափազանց ազատամիտ եք, երբ գործը չի վերաբերում ձեր անձնականին, բայց հենց որ բանը գալիս է ձեր կաշուն, դուք ամենաթունդ խավարամիտից էլ խավարամիտ և, որ ամենագարշելին է, պարզապես բռնակալ եք դառնում։ Ձեր այս անտանելի օդում խեղդվել կարելի է...

Բադամյանը վեր կացավ։

Ներեցեք, ես գնում եմ։

Հեղինեն հանկարծ լռեց և զարմացած նայեց նրան։

Գնո՞ւմ եք։

Այո։ Վատ եմ զգում ինձ։

Թե՞ նեղացաք իմ խոսքերից։

Չէ։ Ձեր խոսքերը, համենայն դեպս, ավելորդ էին, և դուք էլ իզուր եք այդքան տաքանում, մի՞թե չեք տեսնում, որ նա շատ էլ նորմալ վիճակի մեջ չէ...

Որ այդպես է, թող գնա գժատուն, ինչու է ինձ մոտ գալիս։

Վերջիվերջո կգնա, ապահով եղեք։

"Պայքար" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Ալմաստ - Պարսկական երթ
Ալեքսանդր Սպենդիարյան

Ալմաստ - Պարսկական երթ

Լուսաբացից առաջ. 1971 թ
Լուսաբացից առաջ. 1971 թ
Խաղա առցանց