Նար-Դոս

Պայքար

5

11

Երեկոյան գնացքի մեկնումից մի կես ժամ առաջ Վահանը կառքով գնում էր երկաթուղու կայարան, իր ջարդված ճամպրուկը ոտների առջևը դրած։ Գնում էր և ինչ-որ ծանր մտածմունքի մեջ էր։ Երբ կառքը կանգ առավ կայարանի առաջ, նա չիջավ, այլ, մի րոպե խիստ տատանվելուց հետո, կառապանին պատվիրեց, որ ետ դառնա, և կառքն ուղղակի քշել տվեց դեպի այն փողոցը, որտեղ գտնվում էր Բադամյանի բնակարանը։

Ծառայից իմանալով, որ Բադամյանը տանն է, նա կառապանին պատվիրեց, որ սպասի և, ճամպրուկը թողնելով կառքի մեջ, ներս մտավ:

Այդ անժամանակ այցն այն աստիճան անակնկալ էր Բադամյանի համար, որ նա մինչև անգամ չպատասխանեց Վահանի բարևին։ Նա կամաց վեր կացավ գրասեղանի մոտից, որի մոտ պարապում էր, և նայեց հյուրին հայտնի չէ՝ զարացա՞ծ, թե վախեցած։

Այս գիշեր գնում էի գյուղը, բայց երկաթուղու կայարանից ետ դարձա և ուղղակի եկա ձեզ մոտ, ասաց Վահանը։ Հույս ունիմ, գուշակում եք, թե ինչի համար եմ եկել։

Բադամյանը գունատվեց։ Իսկույն հիշեց, որ այդ օր, երբ ինքը դուրս եկավ Մանեի մոտից, փողոցում տեսավ Վահանին քրոջ տուն գնալիս։

Ես պատրաստ եմ ձեզ գոհացում տալու, ասաց նա ահագին ջանք գործ դնելով, որ իր հակառակորդի պես հանգիստ մնա և հանգիստ խոսի։

Գոհացո՞ւմ, զարմացավ Վահանը։ Ի՞նչ բանի համար։

Այն նամակի համար...

Ո՞ր նամակի... Ա՛խ, հա՛, քրոջս ցույց տված նամակի համա՞ր եք ասում. բացականչեց Վահանը բարձրաձայն ծիծաղելով, բայց հանկարծ զսպեց ծիծաղը և շարունակեց իր սովորական հեգնական ժպիտով։ Մի վախենաք, պարոն Բադամյան. այդ նամակը մտքովս անգամ չի անցել, և ես չեմ եկել ձեզ մենամարտի հրավիրելու։ Բարեբախտաբար, թե դժբախտաբար, շատ բան կյանքի մեջ կատարվում է ոչ այնպես, ինչպես գրում են ռոմանների մեջ։ Կյանքը, մանավանդ մեր կյանքը, շատ ավելի պարզ է և կոպիտ։ Մենք մենամարտել կարող ենք միայն հայավարի, այսինքն հայհոյանքներով և, ծայրը որ հասնի, իրար թակելով։ Ուշունց կտանք իրար, կջարդենք իրար քիթ ու մռութ և բանը դրանով էլ կվերջանա։ Հիշո՞ւմ եք իմ ու Նասիբյանի միջև տեղի ունեցած ընդհարումը։ Բայց ես եկել եմ ձեզ մոտ ոչ իրար հայհոյելու և ոչ էլ նրա համար, որ տուրուդմփոց սարքենք։ Դա բանի նման չի լինիլ և բավական էլ տգեղ կլինի, կարծեմ, մանավանդ որ մենք երկուսս էլ թեև ասիական բիրտ ազգի զավակներ, բայց և այնպես քիչ ու միչ քաղաքակրթության հոտն առած մարդիկ ենք։ Իմ գալու նպատակը միանգամայն խաղաղասիրական է. ես եկել եմ խորհուրդ տալու ձեզ, որ ձեռք վերցնեք իմ քրոջից։

Իսկ եթե ես ձեր խորհուրդը մերժե՞մ, ասաց Բադամյանը, զգալով, որ տարօրինակ մի դող բռնում է իր մարմինը։

Ժպիտը չքացավ Վահանի դեմքից։

Դա պարզ համառություն կլինի, նկատեց նա, ձեռքերը կոխելով անդրավարտիքի գրպանները և նայելով Բադամյանի ոտներին։

Եվ դուք չե՞ք հասկանում, թե ինչի համար կլինի այդ համառությունը։

Ոչ։ Դժվարանում եմ հասկանալ։

Բադամյանի աչքերը վառվեցին։

Նրա՛ համար կլինի, պարո՛ն, ասաց նա զսպած զայրույթի շեշտերով, որ դուք խառնվում եք ձեզ չվերաբերող գործի։

Վահանը հանկարծ նայեց նրա աչքերին։

Պահո՜, մի՞թե, ասաց նա, ձեռքերը դանդաղորեն հանելով գրպաններից և դարսելով հետևը։ Իսկ ես կարծում էի, թե դուք գիտեք, որ ես իմ քրոջ եղբայրն եմ։

Այդ ինձ համար ոչ մի նշանակություն չունի։ Ձեր նրա եղբայր լինելն իրավունք չի տալիս ձեզ նրա հետ միասին ի՛մ դատավորը լինելու։

Բռա՜վո, լավ ասացիք. կսիրեմ այդպիսի ազատասիրությունը։ Բայց, պարոն Բադամյան, ես խո չեմ եկել իբրև դատավոր. ես եկել եմ միայն իբրև բարի խորհրդատու։

Այդպիսի դեպքում ե՛ս պիտի խնդրած լինեի, որ գաք ինձ մոտ, կամ ինքս պիտի գայի ձեզ մոտ։ Իսկ ես ամենևին կարիք չեմ զգում ձեր խորհրդին դիմելու, ասաց Բադամյանը և հեռացավ Վահանից։

Դարձյալ բռա՜վո. այդ ինքնավստահությունն էլ կսիրեմ։ Բայց ինձ բոլոր իրավունքներից զրկելուց հետո խո չե՞ք կարող զրկել այն իրավունքից էլ, որ կարծեմ ունիմ ես իմ քրոջ պատիվը պաշտպանելոլ համար։

Բադամյանն արագորեն դարձավ դեպի Վահանը։

Ի՞նչ... ինչ ասացի՞ք... պատի՞վը, արտասանեց նա բուռն հուզումից ձայնը հետզհետե բարձրացնելով։ Պարո՛ն, ես կխնդրեի, որ դուք մի քիչ զսպեիք ձեր լեզուն։ Ինչի՞ տեղ եք դնում ինձ, որ կարծում եք, թե պետք է պաշտպանեք իմ դեմ ձեր քրոջ պատիվը։ Ես պատվի գո՞ղ եմ, ինչ է։ Հասկանո՞ւմ եք, ի՛նչ եք ասում...

Հսւսկանում եմ, պարոն Բադամյան, ապահով եղեք և այդպես մի բղավեք իզուր. բնակարանը ձերն է, ճիշտ է, բայց հարևան կունենաք, կվախենա։ Աշխատենք կարելույն չափ հանգիստ կերպով հասկացնել իրար մեր միտքը։ Առհասարակ ընդունված է, որ երբ մեկն աչք է տնկում ուրիշի կնոջ կամ քրոջ վրա, նա պատվի, ներեցեք, ձեր խոսքն եմ կրկնում, նա պատվի գող է հանդիսանում։

Լռեցե՛ք, ձեզ ասում եմ, աղաղակեց Բադամյանը կատաղության հանկարծական բռնկումով։ Ես ձեզ թույլ չեմ տալ ինձ վիրավորելու։ Երևի դուք չգիտեք, որ շատ անգամ նա՛, ում պատվի գող են անվանում, կարող է իր բարոյական հատկություններով ավելի բարձր, ավելի մաքուր ու առաքինի լինել, քան թե նա՛, ով հավակնություն ունի իր կնոջ կամ քրոջ պատվի պաշտպանի անկոչ դերը ստանձնելու։ Դուք այս լա՛վ հասկացեք, պարոն։

Այդ ես լավ եմ հասկանում, պարոն Բադամյան, նկատեց Վահանն առաջվա պես հանգիստ։ Եվ իզուր եք կարծում, որ եթե այդպես չբղավեք, լավ չեմ հասկանալ։ Ես ոչ թե միայն լավ եմ հասկանում, այլև լիովին ընդունում եմ ձեր ասածը։ Օրինակ՝ դուք կարող եք ձեր բարոյական հատկություններով շատ ավելի բարձր, շատ ավելի մաքուր ու առաքինի լինել, քան թե ես, որ քրոջս եղբայրն եմ, կամ թե Սանթրոսյանը, որ քրոջս ամուսինն է և որը, ի դեպ ասած, այստեղ չէ և այս բանից ամենևին տեղեկություն չունի։ Բայց խնդիրն այդ չէ, իմ կարծիքով, այլ ա՛յն, որ ինչպես դուք ունիք ձեր հայեցակետը, այնպես և եղբայրներն ու ամուսինները, որոնք, երևի, անկոչ չեն համարում իրենց դերը, որ հարկ են տեսնում հանդես գալ իրենց քրոջ կամ կնոջ պատիվը պաշտպանելու բարոյական շատ բարձր հատկություններով օժտված մարդկանց դեմ։ Եվ ինչո՞վ կարող եք ապացուցել, թե ուղիղը ձեր հայեցակետն է և ոչ նրանցը։

Նրանով, որ դուք այնքան անկիրթ եք ու անբարեխիղճ, որ կարծում եք, թե իրավունք ունիք ուրիշի բարոյականության մասին դատավոր կանգնելու, և այնքան բռնակալ, այնպիսի վայրենի գաղափարների ու զգացումների տեր, որ կարծում եք, թե եղբայր կամ ամուսին լինելով իրավունք ունիք ճնշում գործ դնելու ձեր քրոջ կամ կնոջ խղճի վրա և թույլ չտալու, որ նա անի ա՛յն, ինչ որ իր սիրտը, ինչ որ բնական-անխարդախ զգացումն է նրան թելադրում։

Շատ սիրրուն։ Հավանում եմ։ Բայց չէ՞ որ նույնը կարելի է ասել և ձեզ համար։ Ես ճանաչում եմ իմ քրոջը, նա ավանդապահ, աստծուց և իր խղճից վախեցող կին է մի կին, որ հայ կնոջ լավագույն տիպարն է, իմ կարծիքով։ Հանգամանքների, ինձ անծանոթ և ինձ համար անհասկանալի հանգամանքների բերումով նա սիրում է ձեզ, սիրում է, բայց սարսափում է այդ սիրուց, որովհետև մեղք է համարում այդ, որովհետև ամուսնացած է, ուրիշի կինն է։ Բայց դուք, որ բոլորովին ուրիշ աշխարհայեցողության տեր մարդ եք, ավանդապահ չեք, ազատամիտ եք, ինչպես նկատում եմ, ամեն ճիգ գործ եք դնում փոխելու նրա աշխարհայացքը, խախտելու նրա հավատն ու հավատարմությունը իր ամուսնու վերաբերմամբ։ Եվ սա, ձեր կարծիքով, անկրթության, անբարեխղճության և բռնակալության նշան չէ՞։ Ձեր ասած բնական-անխարդախ զգացումը թելադրում է նրան հանցանք չգործել իր խղճի դեմ, հավատարիմ մնալ իր ամուսնուն, թե ինչպիսի ամուսնու, այդ ձեր գործը չէ, այդ ոչ ոքի գործը չէ, այդ իր գործն է միայն։ Նա այդպես է կամենում, և ինչո՞ւ դուք, որ այդքան զայրանում եք ուրիշի խիղճը բռնացողների դեմ, ինքներդ բռնանում եք, որ այդպես չկամենա։

Ոչ թե ինքն է այդպես կամենում, այլ դուք եք կամենում, որ այդպես կամենա, նորից աղաղակեց Բաղամյանը, գրգռված ոչ այնքան Վահանի խոսքերից, որքան նրա հանգիստ-անձնավստահ տոնից։ Եվ դուք այս գործի վերաբերմամբ կարող եք խոսել ամեն բանի մասին, բայց ո՛չ երբեք բնական-անխարդախ զգացման մասին, որովհետև հենց ա՛յդ զգացումն է, որ խարդախված է նրա մեջ և այդ զգացման հետ միասին խարդախված է նրա ամբողջ աշխարհայացքը: Օ՜, ես շատ լավ ուսումնասիրել, տեսել եմ, թե ի՛նչ եք արել դուք։ Դուք կաշկանդել եք նրա միտքը հազար ու մի պառավական նախապաշարումների մեջ. ձեր ավանդական-շաբլոնական դաստիարակությամբ դուք այլանդակել եք նրա հոգեկան աշխարհը, ճզմել, հանել եք նրա միջից այն ամենը, ինչ որ հարազատ-բնական է, ինչ որ ազատ-մարդկային է, և ստրուկ եք դարձրել նրան ինչ-որ ընտանեկան-պայմանական ողորմելի առաքինության, ինչ-որ բուրժուական տափակ բարոյականության, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի կեղծիք և կեղծիքներից ամենաանխիղճն ու ոճրալին, որովհետև նա տանջվում է չարաչար և վերջ ի վերջո պիտի զոհվի այդ կեղծիքին: Ասում եք սարսափում է։ Ինչո՞ւ պիտի սարսափի իր սրտի բնական ազատ ձգտումից, եթե այդ սարսափը չեք ներշնչել նրան մոր կաթի հետ և այնուհետև ամրապնդել դպրոցում և հասարակության մեջ։ Ինչո՞ւ թռչունը պիտի սարսափի ազատորեն թռչելուց, եթե նրա թևը չեք կոտրել: Ձեր ավանդական դաստիարակությամբ դուք ներշնչել եք նրան այնպիսի անխիղճ պարտավորություններ, որոնք պարզապես բարբարոսություններ են, քստմնելի բարբարոսություններ։ Դուք հանել եք նրա կրծքից իր սեփական սիրտը, և տեղը ձեր սեփականն եք դրել. դուք հանել եք նրա գլխից իր սեփական ուղեղը և տեղը ձեր սեփականն եք դրել. դուք հիմն ի վեր այլանդակել և խարդախել եք նրա հոգեկան ու մտավոր աշխարհը. ո՛չ մի բան չեք թողել նրա մեջ, որ իրենը լինի, իր սեփականը, իր ինքնուրույնը, իր անկապտելին։ Դուք նրան դարձրել եք մի մեքենա, որ յուրովին գործել անկարող է և պիտի գործի անպատճառ ձեր կամքով. նա պարտավոր է մտածել այնպես, ինչպես դուք եք մտածում, զգալ այնպես, ինչպես դուք եք զգում, անել այն, ինչ որ դուք եք թելադրում, համակրել ձեր համակրածը, հակակրել ձեր հակակրածը։ Եվ դրանք դեռ համարձակվում եք պնդել, թե նրա խիղճն ազատ է, թե նրա զգացումները խարդախված չե՜ն։ Դուք ամենամեծ ոճրադործներն եք. դուք մեռցրել եք ինքնուրույն մարդը, դուք սպանել եք անհատի բարոյական ազատությունը, որից ավելի բարձր ու նվիրական ազատություն չկա աշխարհիս երեսին...

Վահանը հաստ փորը դուրս ցցած՝ լսում էր Բադամյանին իր սովորական բարեսիրտ-հեգնական ժպիտով և հանգիստ դիտում նրա աչքերը, որոնք այդ միջոցին վառվում էին անկեղծ բարկության կրակով։ «Պետք է խոստովանած, աչքերը վատ չեն, մտածում էր նա, ինքն էլ տգեղ չէ առհասարակ... Չէ, լավ է, լավ է... Սրա վրա անպատճառ կարելի է սիրահարվել... և լավ էլ ոգևորվում է... Հիմար էլ չէ»։ Նա մի սիգար հանեց, լուցկին հանգցրեց և տարավ շպրտեց լուսամուտից դուրս։

Բադամյանը լռեց, հինգ մատը կոխեց երկայն մազերի մեջ և, վերին աստիճանի հուզված, սկսեց անցուդարձ անել սենյակում ջղային արագ քայլվածքով։

Վերջացրի՞ք, հարցրեց Վահանը։ Այժմ հաճեցեք խնդրեմ մի վայրկյան ունկնդրություն շնորհել ինձ։ Ես կկամենայի ամենից առաջ ասել ձեզ, որ այն բոլորը, ինչ որ այս րոպեիս ասացիք, միանգամայն հիանալի էր և արժեր ուղղակի գրի առնել և դնել ռեզոնյորի բերանը մի զորեղ դրամայի մեջ։ Բայց ներեցեք խնդրում եմ. մի բան ես լավ չհասկացա և կկամենայի, որ եթե կարելի է, բարեհաճեիք բացատրել։ Չհասկացածս ա՛յն է, որ ձեր ֆիլիպիկներն արտասանելիս դուք բառը շատ գործածեցիք. այդ չգիտեմ և համարձակվում եմ հարցնել՝ այդ դուքը հատկապես ի՞մ անձին էր ուղղված, թե այդ հոգնակի դերանվան տակ պիտի հասկանայի հավաքական մի մարմին, որի անունն է խավարամիտների բանակ։ Ձեր բացատրությունն ինձ համար կարևոր է, որովհետև կկամենայի իմ համեստ կարծիքը հայտնել ձեր ֆիլիպիկների դեմ, եթե միայն, իհարկե, կբարեհաճեիք թույլ տալ, որ ես էլ ունենամ իմ կարծիքը։

Բադամյանը քայլելիս հանկարծ շեղեց ճանապարհը, ուղղակի մոտեցավ Վահանին և կանգ առավ նրա առաջ։

Լսեցե՜ք, պարոն, ասաց նա կատաղությունից հազիվ զսպած ձայնով, եթե դուք կշարունակեք դարձյալ այդ տոնով խոսել ինձ հետ, ես... ապտակ կտամ ձեզ։

Վահանն ամենայն հանգստությամբ սիգարը հանեց բերանից և, երեսը դեմ անելով, ասաց.

Խնդրեմ։

Բադամյանի ատամները պինդ սեղմվեցին իրար, և ձեռքը կամաց ու ցնցողաբար սկսեց բարձրանալ երկաթի ծանրությամբ։

Վահանն ավելի մոտեցրեց իր չաղ թուշը։

Բայց Բադամյանի ձեռքը միայն բռունցք սեղմվեց և նույն ծանրությամբ իջավ։

Վահանը նայեց նրան և ծիծաղեց։

Բռա՜վո, բացականչեց նա։ Եթե դուք այսպիսի կրիտիկական մի վայրկյանին կարողացաք զսպել ձեզ, ապա ուրեմն դուք տղամարդ եք։ Կեցցե՛ք։ Դա ավելի մեծ քաջություն է, քան թե ա՛յն, եթե իրագործեիք ձեր սպառնալիքը։ Դա միհևնույն ժամանակ խոհեմություն էր ձեր կողմից, որովհետև լինում են հարվածներ, որոնք երբեմն ավելի զորեղ հակահարվածներ են առաջացնում, մանավանդ որ ես վատ քրիստոնյա եմ և բոլորովին հակառակ դավանանք ունիմ ապտակին վերաբերյալ ավետարանական պատվիրանին։

Բադամյանը խեղդվում էր զսպած կատաղությունից։ Նա մոտեցավ լուսամուտին, հուսալով, թե երեսին թարմ ու զովացուցիչ հով կդիպչի, բայց օդն այնքան ծանր էր ու տաք, որ ոչ մի թեթևություն չզգաց։ Նա զղջում էր, որ վճռական րոպեն բաց թողեց, չապտակեց այդ «կլոունին», և այժմ խիստ նվաստացած էր զգում իրեն իր աչքում։

Եվ այդպես, պարոն Բադամյան, ասաց Վահանը, չէի՞ք բարեհաճիլ արդյոք բացատրել, թե ում էին վերաբերում ձեր դուք-երը, հատկապես ի՞մ անձիս, թե՞ ամենամեծ ոճրագործներին անհատի բարոյական ազատությունը սպանող խավարամիտներին ընդհանրապես։ Կրկնում եմ, ձեր բացատրությունն ինձ համար կարևոր է, որովհետև եթե ձեր դուք-երը ինձ են վերաբերում, ապա ես կկամենայի ջրել սխալ կարծիքը։

Եվ նա սիգարի ծուխը բերնից բաց թողնելով ու աջ աչքը կիսախուփ, սպասեց Բադամյանի պատասխանին։

Բայց Բադամյանը լուռ էր և ջղային անհանգստությամբ սեղմում էր մատներով լուսամուտի տախտակը։

Դուք լայեղ չեք անում պատասխանել, ասաց Վահանը։ Այնուամենայնիվ, ես կասեմ իմ ասելիքը։ Իսկ ասելիքս ահա թե ինչ է, պարոն Բադամյան։ Ձեր մեղադրական ճառից ես այն տպավորությունը ստացա, որ դուք ձեր ֆիլիպիկները պետք է որ ուղղած լինեիք խավարամիտների դեմ ընդհանրապես, դրանց թվում, հարկավ, հաշվելով նաև նվաստիս։ Ազատամիտներդ զարմանալի հատկություն ունիք դիմելու ամենքին և ոչ ոքի։ Ձեր դուքը վերացական մի մարմին է, ձեր սեփական ազատ երևակայության արտադրած յոթնգլխյան մի դև, որն իրականության մեջ գոյություն չունի, իհարկե, բայց որի դեմ կռվում եք զուտ պրոմեթեոսյան կրակով։ Դուք տեսե՞լ եք ինչպես են վարժվում զինվորները թշնամուն սվինահարելու. չուլուփալասով լցված մի տոպրակ են կախում և հրացանի սվինով ծակում հա՛ ծակում. ահա՛ ձեր դուքը, ձեր թշնամին, ձեր յոթնգլխյան դևը։ Չեմ հիշում Դոն Քիշոտի հողմաղացները, որպեսզի չվիրավորվեք, թեև Դոն Քիշոտը վերին աստիճանի անկեղծ և անպայման լավագույն ձգտումներով խելագարված ազնիվ մի ասպետ էր։ Ես ձեզ ասում եմ, որ քույրս թեև, ճիշտ է, սիրում է ձեզ, բայց սարսափում է այդ սիրուց, որովհետև նրա կյանքը կապված է մի ուրիշ անձի հետ, որին թշվառացնելն իր խղճի դեմ է համարում։ Իսկ դուք ինձ պատասխանում եք, թե մենք բռնակալներ ենք, բարբարոսներ ենք, ոճրագործներ ենք, թե մենք ճնշել, մեռցրել ենք նրա անհատական ազատությունը, նախապաշարել ենք նրա միտքը, հանել ենք նրա ուղեղն ու սիրտը և տեղը մերը դրել և այլն։ Ձեր այդ մեղադրանքները ցույց են տալիս, որ դուք չեք հասկացել և չեք կարողանում հասկանալ նրան, որին սիրում եք։ Խնդրում եմ իմ այս նկատողությանը լուրջ ուշադրություն դարձրեք, պարոն Բադամյան, որովհետև այստեղից է, որ ծագում են ձեր բոլոր թյուրիմարությունները։ Կարող եմ ձեզ հավատացնել, որ հայերիս մեջ շատ չեք գտնիլ այնպիսի աղջիկներ, որոնք մեծացած լինեն այնքան ազատ, որքան քույրս։ Ես տասնհինգ, քույրս չորս թե հինգ տարեկան էր, որ զրկվեցինք ծնողներից. քույրս մեծացավ մորաքրոջ ձեռքի տակ, որին դուք էլ ճանաչում էիք. նա լուրջ կին էր, բավական կրթված և թեև մի քիչ խստաբարո, բայց վերին աստիճանի անկեղծ, արդար և արդարադատ։ Գիտեք, որ նա անզավակ էր և քրոջս սիրում էր հարազատ մոր պես։ Իսկ որտեղ սեր կա, այնտեղ չի կարող ճնշում լինել։ Անշուշտ այն էլ գիտեք, որ քույրս ամուսնացավ իր ազատ կամքով, առանց որևէ կողմնակի ազդեցության. գոնե նրանից ես ոչ մի գանգատ չեմ լսել այդ մասին։ Իսկ նրա ամուսնուն դուք, իհարկե, ավելի լավ եք ճանաչում, քան թե ես, որովհետև նրան ազգական եք` որքան իմացել եմ։ Սանթրոսյանին ես տեսել եմ մի քանի անգամ միայն, և նա ինձ վրա վատ տպավորություն չի թողել, թեև լուրջ մարդկանց ես առհասարակ չեմ սիրում։ Սիրում է նա իր կնոջը, թե չէ այդ ես չգիտեմ, բայց որ անպայման ազատություն է տվել նրան դրա ապացույցը կարող է լինել ա՛յն, որ նա տարվա մեծ մասը գրեթե դուրսն է անցկացնում և ոչ մի խնամակալ չի կարգել կնոջ վրա, բացի իր պառավ մորից, որն իր բարությամբ ու միամտությամբ կարող է մրցել նույնիսկ հրեշտակների հետ։ Եթե դուք, այս բոլորից հետո, քրոջս մեղադրելու լինիք այն բանում, թե նա, այնուամենայնիվ, դաստիարակվել է միակողմանի ուղղությամբ, այդ էլ սխալ կլինի, որովհետև նա սովորել է միևնույն դպրոցում, ինչ որ ձեր ազատամիտ օրիորդ Հեղինե Սոլիկյանը և նրանք մինչև օրս էլ, կարծեմ, շատ մտերիմ ընկերուհիներ են։ Ինչ վերաբերում է մեր հասարակությանը, որին դուք մեղադրեցիք, ի՞նչ բան է մեր հասարակությունը։ Մեր հասարակությունը այդ ես եմ, այդ դուք եք, այդ Նասիբյանն է, այդ օրիորդ Սոլիկյանն է, իսկ մենք ամենքս, կարծեմ, ինչ ուզում եք` ենք, նույնիսկ նիհիլիստ և անարխիստ, բայց ոչ երբեք ավանդապահ, այնպես որ մեզ նմաններից կազմած մի հասարակություն եթե որևէ ազդեցություն ունենար քրոջս վրա, այդ ազդեցությունը պետք է որ ձեր ցանկացած ուղղությամբը լիներ, բայց ոչ երբեք հակառակը։ Ուրեմն, ինչպես տեսնում եք, պարոն Բադամյան, այստեղ դուք-եր չեն եղել և չկան, ինչպես երևակայում եք դուք։ Եթե մի դուք եղել է, այն էլ ազդեցություն ունենալու ամենազորեղ մի գրավականով, այդ դուք եք եղել միայն, բայց դուք էլ ոչինչ չեք կարողացել անել։ Ինչո՞ւ։ Որովհետև, կրկնում եմ, դուք չեք կարողացել ճանաչել նրան, որին սիրում եք, ուստի և կամ չեք նկատել, կամ ուշադրության չեք առել այն ահագին տարբերությունը, որ կա ձեր և քրոջս միջև։ Քույրս իր բնավորությամբ և աշխարհայացքով քրիստոնյա է, դուք` հեթանոս։ Նրա կուլտը հոգին է, ձերը` նյութը։ Նա պատրաստ է զոհելու իր անձը մերձավորի համար, դուք մերձավորից զոհ եք պահանջում ձեր անձի համար։ Եվ ահա այս երկու ծայրերի բախումից է առաջացել այն տրագեդիան, որի պատճառները դուք ուզում եք որոնել դուք-երի մեջ։ Գալով մասնավորապես ինձ, կարող եմ հավատացնել ձեզ, որ ես ոչ մի ազդեցություն չեմ ունեցել և չունիմ քրոջս վրա, որովհետև տարիներ են անցել, որ նրա երեսը չեմ տեսել, նույնիսկ, խոստովանում եմ հանցանքս, շատ անգամ ամենևին չեմ հետաքրքրվել նրանով, այլ կյանքիս մեծ մասն անց եմ կացրել ծննդավայրիցս հեռու, մենակ, անկախ, ուսման հետևից ընկած, նախ մեր երկրում, հետո Եվրոպայում, ուր, ի դեպ, հիշո՞ւմ եք, եկել էիք դուք և հարյուր ֆրանկ փոխ առաք ինձնից։

Բադամյանը ձեռքը խփեց ճակատին՝ հանկարծ անախորժ մի բան հիշողի նման և արագորեն դարձավ դեպի Վահանը։

Միթ՞ե դեռ ես չեմ վճարել իմ պարտքը, հարցրեց նա։

Հարկ չկա շտապելու. դեռևս վեց տարի է միայն անցել։

Բադամյանը շտապով մոտեցավ գրասեղանին, բաց արեց արկղիկներից մեկը, միջից հանեց մի կույտ թղթադրամներ և դողացող ձեռքերով սկսեց համարել։

Ինչո՞ւ հենց սկզբից չէիք ասում, թե եկել եք ձեր հարյուր ֆրանկը պահանջելու և ոչ թե..․ Ահա՛, շնորհակալ եմ, վերցրեք և հեռացեք։

նա սեղանի ծայրին դրեց երեսունհինգ ռուբլի, մնացած փողը շպրտեց իր տեղը, արկղիկն ուժգնորեն փակեց և լի արժանապատվությամբ հեռացավ նորից դեպի լուսամուտը։ Այժմ, կարծես, միանգամից թեթևացած զգաց իրեն այն անզոր կատաղությունից, որ մինչև այժմ խեղդում էր նրան։

Վահանը կծու-հեգնական ժպիտով երկար նայեց նրա հետևից, հետո անվրդով մոտեցավ գրասեղանին, սիգարը դրեց բերանը, թղթադրամները վերցրեց և սկսեց համարել։ Համարելուց հետո նայեց Բադամյանին և հարցրեց.

Դուք այս կուրսո՞վ հաշվեցիք, թե հենց այնպես։ Այսօրվա կուրսով... (նա վերցրեց գրասեղանի վրա դրված այդ օրվա մի լրագիր, նայեց բորսային, հետո առավ մատիտը և սկսեց հաշվել նույն լրագրի լուսանցքի վրա): Այսօրվա կուրսով հարյուր ֆրանկն անում է ճիշտ երեսունհինգ ռուբլի քառասունհինգ կոպեկ։ Չէի՞ք բարեհաճիլ արդյոք պակասը լրացնել։

Բադամյանը երեք մատը մեքենայաբար կոխեց ժիլետի գրպանը, հանեց մեջն եղած բոլոր փողերը մի քանի հատ սպիտակ ու սև դրամներ և շպրտեց Վահանի կողմը։ Դրամներն ընկան և գլորվելով ցրվեցին հատակի վրա։

Այս բանը կատարվեց այնքան արագ ու անակնկալ, որ Վահանը սկզբում չհասկացավ, թե ինչ պատահեց. հետո զգաց, որ բոլոր սառնասրտությունը կորցնում է և ձեռքերի մկանունքները լարվում են սարսափելի ուժգնությամբ։ Նա վայր դրեց թղթադրամները, սիգարը զգուշորեն դրեց սեղանի ծայրին և դիմեց դեպի Բադամյանն այնպիսի ծանր ու հաստատուն քայլերով, որ կարծես բրոնզից ձուլված արձան էր քայլում։ Նույն վայրկյանին բնազդական վախով շուռ եկավ դեպի նա Բադամյանը և ակամա պաշտպանողական դիրք բռնեց, պինդ կպչելով լուսամուտի տախտակին։

Բայց Վահանը հանկարծ կանգ առավ, նայեց նրա սարսափահար աչքերին և ժպտաց։

Խոսք չկա, գեղարվեստական շատ սիրուն ձևերով եք արտահայտում ձեր արհամարհանքը, ասաց նա։ Դրամները չհանձնել ուղղակի պարտատիրոջ ձեռքը, այլ... Ես ձեզ բարեկամաբար խորհուրդ եմ տալիս, որ այդպիսի ձևեր երբեք չգործադրեք ձեր վեպերի մեջ, որովհետև դրանք նույնքան հակագեղարվեստական կլինեն գեղեցիկ գրականության մեջ, որքան վտանգավոր են կյանքի մեջ։ Հավատացած եմ, որ այս րոպեին դուք լիովին զգում եք այդ, ուստի վերջացնենք այս տխուր միջադեպն այսպես...

Նա մոտեցավ նախասենյակի դռանը, բաց արեց և սկսեց կանչել.

Կիրակո՛ս, Մարտիրո՛ս, Սերո՛բ, Քերո՛բ։

Ներս վազեց ծառան ինչ-որ ծամելով և մտնելիս կուլ տվեց շտապով։

Անունդ ի՞նչ է, հարցրեց Վահանը։

Խաչի։

Խաչի, այս րոպեիս ջեբիցս մանր փող թափվեց. էգուց տունը որ սրբելու լինիս, հավաքիր, քեզ լինի։

Հըմի կըհըվաքեմ, ասաց ծառան, աչքն ուրախությամբ ման ածելով հատակի վրա։

Չէ, էգուց, հիմա գնա։

Ծառան կամաց դուրս գնաց, աչքը չհեռացնելով հատակից:

Վահանը մոտեցավ գրասեղանին, ծոցից հանեց իր ահագին թղթապանակը, երեսունհինգ ռուբլին մեջը դրեց, թղթապանակը նորից ծոցը կոխեց և վերցրեց սիգարը։

Ես ձեզ չեմ մեղադրում, ասաց նա։ Պարտքի, մանավանդ հնացած պարտքի հատուցումը միշտ անախորժ է լինում։ Բայց կարող էիք և չվճարել. ես ձեզ չստիպեցի: Դուք կամեցաք ինձ վիրավորել և քիչ մնաց, որ հասնեիք ձեր նպատակին, թեև այդ բանը երեսունհինգ ռուբլուց շատ ավելի թանկ կնստեր ձեզ… Բայց ես ավելի լավ եմ համարում վիրավորելու տեղ շնորհակալ լինել ձեզնից, որ, վերջապես, վճարեցիք ինձ հասանելի գումարը, որից վաղուց արդեն ձեռք էի վերցրել։ Այս էլ պետք է խոստովանեմ, որ չնայելով քիչ մնաց ինքս ինձ կորցնեի, դուք ինձ վրա շատ լավ տպավորություն թողիք. դուք լիովին ապացուցեցիք, թեև մի քիչ ոչ սիրուն ձևով, որ պատվասեր մարդ եք, իսկ պատվասեր մարդկանց չի կարելի չհարգել։ Ես ձեզ հարգում եմ։

Բադամյանը լսում էր նրան կատարելապես ապշած և չէր հասկանում, թե ինչ է ասում նա այդքան երկար և այդքան հանգիստ ու անվրդով ձայնով։ Նա միայն տեսնում էր իր առջև սարի պես կանգնած հսկայական մի մարմին, մի ժպտուն չաղ դեմք և հաստ մատների մեջ մի հաստ սիգար, որի ծուխը կամաց վերև էր բարձրանում և սենյակի օդն ապականում անտանելի ծանր հոտով։ Նրան թվաց, թե այդ անտանելի հոտն է պատճառը, որ ինքն այդպես խեղդվում է։

Պարոն, մի՞թե դուք մտադիր չեք այս գիշեր ինձ հանգիստ թողնելու, հարցրեց նա զարմացած։

Շատ ցավում եմ, պարոն Բադամյան, որ իմ հեռանալուց հետո էլ չպիտի կարողանաք հանգստանալ։ Դուք հենց սկզբից սխալ տոն բռնեցիք. սկսեցիք բարձր նոտերից և հենց սկզբումն էլ ձեր ձայնը խզվեց. իսկ այժմ, երբ դուետը դեռ չենք վերջացրել, դուք արդեն հոգնել եք։ Նշանակում է` ծանոթ չեք վիճաբանության ձայնագրությանը։

Բադամյանն այլևս ոչ մի խոսք չարտասանեց և վճռական քայլերով դիմեց դեպի հարևան սենյակի դուռը։

Ո՞ւր եք գնում, հարցրեց Վահանը և իր հսկայական մարմնով փակեց նրա ճանապարհը։

Բադամյանը կանգ առավ և նայեց նրա փորին այնպիսի մի ատելությամբ, որ եթե ձեռքին դաշույն ունենար, կտար փորոտիքը կթափեր։

Մի՞թե ես ազատ չեմ իմ տանը, հարցրեց նա, զգալով, որ ջղային դողը նորից բռնում է իր մարմինը։

Դա ի՞նչ խոսք է, պարոն Բադամյան, ձեր տան մեջ դուք ինքնակալ թագավոր եք։ Բայց այս բանը պետք է վերջացնե՞նք, թե ոչ։

Մենք արդեն վերջացրինք։

Փողի հաշի՞վը։ Այո, վերջացրինք։ Բայց ա՞յն, որի համար եկել եմ։

Ես ձեզ ասացի, որ ձեր միջամտությունը չեմ ընդունում։ Լսո՞ւմ եք, չեմ ընդունում։ Իսկ եթե ուզում եք ֆիզիկական ուժ գործ դնել ինձ վրա այստեղ, իմ տան մեջ, կարող եք. ես ձեզ արգելք չեմ լինիլ:

Է՜, պարոն Բադամյան, այդ չեղավ. այդ բանը չպետք է ասեիք ինձ։ Թո՞ւրք եմ, ինչ է, որ եկել եմ բռնելու ձեր կոկորդից, թե ուզեք-չուզեք` պետք է երկրպագություն տաք Մահմեդին։ Ֆիզիկական ուժս որ ուզենայի գործ դնել, գործ կդնեի այն ժամանակ, երբ դուք կատարելապես իրավունք տվիք ինձ այդ բանի համար` դրամներն օդային ճանապարհով ուղղելով դեպի ինձ։ Բայց տեսաք, որ ես զսպեցի ինձ, ուրեմն էլ ինչի՞ց եք վախենում։

Շատ սխալվում եք, որ կարծում եք, թե վախենում եմ։ Ես միայն ուզում եմ հասկացնել ձեզ, որ դուք իրավունք չունիք խառնվելու այս գործին։

Պարոն Բադամյան, մի՛ համառեք, թե չէ բանը որ համառության գա, ես ձեզ հավիտյան հանգիստ չեմ թողնիլ: Բայց ես չեմ ուզում ձեզ պես համառել և, իբրև բարեկամ, ասում եմ ձեզ, որ եթե քրոջիցս ձեռք չվերցնեք, մեծ աղետ կբերեք... ձեր գլխին։

Այդ իմ գիտնալու բանն է։

Հա, իհարկե։ Բայց եթե այդ աղետը բերեք և նրա՞ գլխին:

Այդ էլ թող ծանրանա իմ խղճի վրա։

Բայց այդ շատ քիչ չի՞ լինիլ...

Այդ այնքան շատ կլինի, որ դուք հասկանալ անգամ չեք կարող...

Դուք կարծո՞ւմ եք։ Շատ բարի: Թող ձեր ասածը լինի։ Այժմ ես հանգիստ կթողնեմ ձեզ։ Բարի գիշեր։ Ես կատարեցի իմ պարտքը։

Եվ Վահանը, լայն ու հաստատուն քայլերով դուրս գնաց։ Մի-երկու րոպեից հետո Բադամյանը լսեց նրա ձայնը ներքևից, փողոցից.

Խաչի, փողերը հավաքես, հա՛, մոռանաս ոչ։

Էսա հվաքելու եմ, աղա, լսվեց ծառայի ձայնը։

Կառքը շարժվեց և անիվներն ահագին դղրդյուն բարձրացրին քարած փողոցում գիշերային անդորրության մեջ։

Ծառան ներս պրծավ, բայց նույն րոպեին էլ քարացավ, դեմ առ դեմ հանդիպելով տիրոջ վառված աչքերին։

Դո՛ւրս կորիր, հրամայեց Բադամյանը։

Ծառան տեղից անգամ չշարժվեց. ապուշ էր կտրել։

Բադամյանը բռնեց նրա ուսերից, շուռ տվեց և ձեռքերի ամբողջ թափով դուրս շպրտեց նրան նախասենյակ։

Եթե դու կհամարձակվես այս փողերից մի կոպեկ անգամ վերցնել, գլուխդ կջախջախեմ, ասաց նա։ Էգուց հավաքիր և տար իրեն տուր. տեղը կասեմ։ Ես քեզ ուրիշ փող կբախշեմ, ավելացրեց նա ավելի հանգիստ ձայնով և դուռը փակեց։

12

Նա մոտեցավ լուսամուտին և նայեց վերև։ Երկինքը մութն էր. ոչ մի աստղ չէր երևում։ Օդն առաջվա պես ծանր էր ու հեղձուցիչ։ Փողոցը լուռ էր։ Հեռվից բավական որոշակի լսվեցին քաղաքային տան ժամացույցի հատու զարկերը։ Բադամյանը սկսեց համարել մեքենայաբար։ Ժամը տասնմեկն էր։

Մի թեթև շրշյուն գրավեց նրա ուշադրությունը, և նա շուռ եկավ ակամա։ Հարևան սենյակի դուռը բացվեց, և ներս մտավ մի կին ասուեգործ մի սև շալ գլխին, որի մեջ երևում էին աչքերն ու քիթը միայն։ Կինը մտավ կամաց և շալը վերցրեց գլխից։ Բադամյանը հանկարծ ետ ընկավ և ձեռքերով ամուր բռնեց լուսամուտի տախտակը։ Նրա առջև կանգնած էր Մանեն բարձրահասակ ու նիհար։

Մանեն նախ նայեց շուրջը հետո նրան և հարցրեց.

Գնա՞ց։

Գնաց, արձագանքեց Բադամյանը և մտածեց. «Իհարկե, սա երազ է…»։

Մանեն երկու ձեռքով ուղղեց մազերը, նստեց և նորից նայեց Բադամյանին։ Նրա բոլոր շարժումների և հայացքի մեջ տարօրինակ հանգստություն էր նկատվում։

Այսօր ես նրան ասացի նույնը, ինչ որ այժմ դուք ասացիք, խոսեց նա վերին աստիճանի խաղաղ ձայնով։ Ես նրան ասացի, որ նրա համար հարյուր ֆրանկն ավելի մեծ արժեք ունի, քան թե... Նա անտանելի մարդ է, անտանելի մանավանդ այն ժամանակ, երբ ինքդ կատաղում ես, իսկ նա հանգիստ ժպտում է, ծխում իր զզվելի սիգարը և ոչ մի խոսքով չի ընդհատում քեզ. իսկ երբ որ վերջացնում ես, այնպիսի բան է ասում, որ կարծում ես, թե օձ խայթեց։ Երբ նա պաշտպանում էր ինձ ձեր առաջ, քիչ էր մնում դուրս գայի և ասեի, որ ես ևս չեմ ընդունում իր միջամտությունը։

«Սա երազ է... անպատճառ երազ է, մտքում կրկնում էր Բադամյանը, կարծես լուսամուտի տախտակից գամված։ Այսօրվա դեպքից հետո սա ինձ մո՞տ... Անկարելի բան է...»

Կառքը որ տեսա, մտա բակի դռնից, շարունակեց Մանեն։ Ծառան ասաց, որ մարդ կա ձեզ մոտ և բերեց ինձ այն սենյակը։ Ձայնից իմացա, որ նա է։ Ուզում էի հեռանալ, բայց... ջգրու մնացի և, եթե մի քիչ էլ շարունակեր, դուրս կգայի անպատճառ։

«Անկարելի բան է, անկարելի բան է...», մեքենայաբար կրկնում էր Բադամյանը մտքի մեջ, աչքը չկարողանալով հեռացնել նրա անվրդով դեմքից։

Ինչո՞ւ եք ինձ այդպես նայում, հարցրեց Մանեն կամաց:

Որովհետև... չեմ հավատում, թե այդ դուք եք։

Մանեն աչքերը վայր թողեց և նկատելի կերպով կարմրեց։

Իրավունք ունիք։ Ես էլ չեմ հավատում, թե այս ես եմ, ասաց նա ավելի ևս կամաց և, կարճ լռությունից հետո ավելացրեց. Այսօր ես վիրավորեցի ձեզ... Եկել եմ ներողություն խնդրելու։

Բադամյանը հանկարծ պոկ եկավ լուսամուտի տախտակից, կարծես մի բան ուժեղ թափով առաջ նետեց նրան, բայց նա առաջ գնալու տեղ դարձավ և լուսամուտից նայեց վերև, մութ երկնքին։

Ես հասկանում եմ ձեզ, ասաց Նա։ Ուզում եք հասկացնել, որ ե՛ս ներողություն խնդրեմ ձեզնից։

Մանեն նայեց նրան զարմացած։

Ի՞նչ բանի համար։

Այն նամակի...

Բայց չէ՞ որ դուք չեք այն նամակի հորինողը։

Բադամյանը դարձավ դեպի Մանեն և նայեց նրան մռայլ հայացքով։

Մի՞թե դեռևս կարծում եք, թե ես եմ, հարցրեց նա խուլ ձայնով։

Մանեն վեր թռավ տեղից. շալն ընկավ նրա ոտների տակ։

Ո՛չ, աստված վկա, ո՛չ, Բադամյան, կանչեց նա եռանդով։ Ճիշտ է, այսօր ես ձեզ ասացի այդ բանը, բայց այն րոպեին հաշիվ չէի տալիս ինձ, թե ինչ եմ ասում, թե որքան խոր վիրավորանք եմ հասցնում ձեզ այդպիսի մի մեղադրանքով։ Ես չափազանց զգայուն եմ, շատ շուտ եմ բորբոքվում, երբ տեսնում եմ, որ շոշափել են զգացումներս, թեև շուտով էլ զգաստանում եմ, երբ տեսնում եմ, որ ես էլ չափն անցել եմ։ Այն րոպեին, երբ վիրավորեցի ձեզ, գրեթե նույն րոպեին էլ զգացի, որ անարդար կերպով եմ վարվել ձեզ հետ։ Եվ իմ ասած խոսքերի բոլոր ծանրությունն ավելի ու ավելի զգացի այն ժամանակ, երբ դուք արդեն գնացել էիք։ Չեք կարող երևակայել, թե ամբողջ օրն ի՛նչպես տանջվել եմ այդ գիտակցությունից։ Վերջն այլևս չկարողացա դիմանալ և... ինչպես տեսնում եք, եկել եմ ներողություն խնդրելու։

Այդ մի՛ ասեք, Մանե, մի՛ ասեք այդ, բացականչեց Բադամյանը։ Ես էլ, աստված միայն գիտե, թե ինչպես եմ անցկացրել ամբողջ օրը, բայց մի րոպե անգամ չեմ կասկածել, թե ես արժանի չեմ եղել ձեր խստությանը, իսկ այժմ առավել ես զգում եմ, որ հանցավոր եմ ձեր առաջ։ Նամակը գրված է այն ձևով, որ խամ մարդը դժվար թե չհավատա։ Բայց բանն այն է, որ ես ճանաչում եմ ձեր ամուսնուն և գիտեմ, որ նա այդպիսի բաներ անողը չէ և չի կարող անել։ Այդ բանին ես հաստատ համոզված էի և այն էլ գիտեի փորձով, որ խմբագրությանն ուղղված նամակները մեծ մասամբ գրված են լինում անձնական հաշիվներից, հետևաբար սուտ ու շինծու են լինում։ Բայց և այնպես այդ բոլորը գիտենալով հանդերձ, ես թույլ տվի ինձ ձեր ամուսնուն ձեր առաջ անվանելու անբարոյական և հրեշ, և իբրև ապացույց ցույց տվի ձեզ մի նամակ, որի ստությանն առաջուց համոզված էի, կնշանակի` ես ուզում էի ձեզ խաբել։ Սա այնպիսի մի գարշելի վարմունք էր իմ կողմից, որ եթե դուք ներեք, ես ինքս ներել չեմ կարող երբեք։

Բադամյանն ինքն իր դեմ զգացած զայրագին նողկանքով դեմքը շրջեց Մանեից, կարծես ամոթահար, և ավելացրեց.

Ես վա՛տ, անազնի՛վ, ցա՛ծ մարդ եմ...

Մանեն արագորեն մոտեցավ նրան։

Իզուր եք ձեզ այդքան նվաստացնում, շշնջաց նա զգացված։ Դուք վատ չեք, ո՛չ, չե՛ք։ Եթե լինեիք, ես այդ վաղուց կզգայի։ Լսո՞ւմ եք... լսո՞ւմ ես, Աշոտ, կզգայի, որովհետև անկարելի է, որ վատությունր չզգամ։

Ինչպես զգացիք այսօր...

Այսօր ուրիշ բան էր։ Այսօր ես չափազանց վրդովված էի, որովհետև նամակն այնքա՛ն անխիղճ զրպարտություն էր բովանդակում, որ անկարող էի չվրդովվել։ Քո կարծեցյալ վատությունը չէ պատճառը, որ ցույց տվիր ինձ այն նամակը, այլ ե՛ս եմ, ե՛ս, որ այնքան սիրում և միևնույն ժամանակ այսքան տանջում եմ քեզ իմ դժբախտ բնավորության պատճառով։ Քո վարմունքն ես համարում եմ խելացնոր մի քայլ, որ դու արիր անշուշտ հուսահատությունից։ Այսօր ես շատ եմ մտածել և այն եզրակացությանն եկա, որ դու այն նամակը դարձյալ ցույց չէիր տալ ինձ, եթե պատասխանս այնքան վճռական չլիներ։ Այդպե՞ս է, թե ոչ։ Ասա։ Նայիր ինձ։

Բաղամյանր նայեց նրա աչքերին թախծալի աչքերին, որոնք, սակայն, այդ րոպեին շոյում, փայփայում էին նրան այնպիսի մի քնքշանքով, որպիսին Բադամյանն առաջին անգամն էր տեսնում Մանեի աչքերի մեջ։ Նա ակամա ծունկ խոնարհեց այնքա՛ն տարօրինակ և այնքա՛ն սիրելի այդ կնոջ առաջ, առավ նրա ձեռքը և շրթունքները հպեց այդ նիհար քնքուշ ձեռքի վրա անհուն երանությամբ, սրբազան երկյուղածությամբ, այնպես` ինչպես հավատացյալ մարդը համբուրում է հրաշագործ մի սուրբ պատկեր:

Մանեն նստեց, թեթևակի խոնարհվեց նրա գլխի վրա և ազատ ձեռքով, կարծես ինքնամոռացության մեջ, սկսեց շոշափել ու շոյել նրա փափուկ երկայն մազերը։

Այդ լուռ տեսարանը տևեց մի երկու րոպե:

Վերջապես Բադամյանը բարձրացրեց գլուխը և նայեց վերևից իրեն նայող քնքշանքով լի թախծալի աչքերին։

Մինչև այժմ ես քեզ չէի ճանաչում, ասաց նա աղոթողի պես շշնջալով, իսկ այժմ ինձ թվում է, թե ճանաչեցի միանգամից։ Եղբայրդ ասում էր, թե դու քրիստոնյա ես։ Ո՛չ, դու ավելի ես, քան քրիստոնյա. դու սուրբ ես, դու հրաշագործ ես, դու իմ կուռքն ես։ Ես անհավատ մարդ եմ, բայց ոչ մի հավատացյալ մարդ չի կարող զգալ այն, ինչ որ ես եմ զգում այս րոպեին, այսպես, առաջդ չոքած, աչքերիդ նայելիս, այս խորհրդավոր ժամին, այստեղ, մենակ, իմ տան մեջ, այսօրվա խոսակցությունից հետո... Ես ոչ թե սիրում, այլ պաշտում եմ քեզ... պաշտո՜ւմ... պաշտում... Տուր ինձ, տուր ինձ ուրիշ ավելի զորեղ մի բառ, որի մեջ դնեմ հոգիս և վերջին շնչիս հետ փչեմ ոտներիդ առաջ...

Բադամյանը գրկեց Մանեի ոտները և սկսեց համբուրել նրա ծնկները ջերմորեն և կրքոտությամբ...

Մանեն հանկարծ նայեց լուսամուտին և փորձեց հեռացնել նրա ձեռքերը:

Բավական է... վեր կաց, շշնջաց նա։

Բադամյանն ավելի պինդ կպավ նրա ծնկներին։

Ոչ, թող մնամ այսպես... Թող պաշտեմ քեզ... Ես ուզում եմ մեռնել ոտներիդ առաջ... այսպե՜ս... այսպե՜ս...

Աղաչում եմ, վեր կաց։ Լուսամուտը բաց է, մեզ նայող կարող է լինել։

Թեկուզ ամբողջ աշխարհը նայի։ Դու ի՛մն ես, ի՛մն ես, ի՛մն ես... Ես կճղեմ կուրծքս, կնստեցնեմ քեզ հոգուս մեջ և հոգուս հետ էլ կարձակեմ...

Մանեին թվաց, թե երկու օձ երկաթի օղակներով փաթաթվում են իր կռների տակ ու սարսափելի ուժով ներքև են քաշում իրեն։ Միևնույն ժամանակ իր առաջ տեսավ տարօրինակորեն փայլող երկու աչքեր և դեմքի վրա զգաց մի տաք շնչառություն ծանր ու հատու։ Այդ բոլորը համ անհունորեն քաղցր, համ սարսափելի էր նրա համար...

Հանկարծ նա բռնեց Բադամյանի ցնցողաբար սեղմող ձեռքերից, տարորինակ բուռն ուժով դեն հրեց նրան, վեր թռավ տեղից և արագորեն դիմեց դեպի այն դուռը, որտեղից մտավ։

Բադամյանը մի ոստյունով ցատկեր չոքած տեղից և վազեց դեպի նա:


Մանե՛...

Չհամարձակվե՛ք մոտենալ ինձ, հրամայեց Մանեն, արագորեն դառնալով։

Բադամյանը կանգ առավ և կատարյալ հուսահատությամբ նայեց նրա հրացայտ աչքերին։

Մանե... Ի սեր աստծո... Խնդրում եմ, աղաչում եմ, մի գնա։ Ես կզսպեմ ինձ, ես կքաշվեմ ահա այն անկյունը, կուչ կգամ ծեծված շան պես և ամենևին չեմ մոտենալ քեզ, միայն մի՛ գնա, կա՛ց...

Պաղատագին հայացքով նա փորձեց առնել Մանեի ձեռքը, բայց Մանեն թույլ չտվեց, շալը թռցրեց հատակից, ծածկեց գլխին և նորից դիմեց դեպի դուռը։

Բադամյանին թվաց, թե խելքը կորցնում է։ Ինքն էլ չհասկացավ թե ինչպես` կտրեց Մանեի առջևը և ամբողջ մարմնով կապեց դուռը։

Մանեն նայեց նրա խելակորույս աչքերին և ակամա ետ ընկավ սարսափահար։

Ի՞նչ եք ուզում ինձնից, շշնջաց նա։

Ուզում եմ, որ մնաս, ասաց Բադամյանը ծանր շնչելով և մեջքի բոլոր ուժով սեղմվեց դռանը:

Զոռո՞վ եք ուզում պահել։

Այո՛, շեշտեց Բադամյանը, պղտորված աչքերը փայլեցնելով նրա վրա և շրթունքները կծոտելով։

Մանեն նայում էր նրան համ սարսափած, համ ապշած։ Նրան թվում էր, թե իր ճանաչած այնքան սիրելի, այնքան խոնարհ, այնքան քաղաքավարի Բադամյանի տեղ իր առջև տեսնում է այժմ բոլորովին անծանոթ, կատարյալ վայրենի մի մարդ, որի լոկ տեսքը զարհուրանք էր ազդում նրան։

Բաղամյան, հասկանո՞ւմ եք ինչ եք անում, նորից շշնջաց նա։

Լիովին։ Ես ուզում եմ որ դու մնաս։ Եվ պետք է մնաս...

Բռնությո՞ւն եք ուզում գործ դնել։

Գործ կդնեմ, եթե չմնաս... անպատճառ գործ կդնեմ, եթե չմնաս քո կամքով... Եվ մեղավորը ես չեմ լինիլ, դու կլինես, որովհետև... Ինչո՞ւ ես եկել ինձ մոտ... ներողություն խնդրելու համար ուրիշ ճանապարհ կար. կարող էիր նամակ գրել, եթե ինձ հասցրած վիրավորանքի համար հանցավոր էիր զգում քեզ... Բայց չպետք է գայիր ինձ մոտ... Եկել ես, պե՛տք է մնաս...

Բադամյա՛ն, ուշքի եկեք, այս անգամ գրեթե ճչաց Մանեն։

Անհոգ կաց, ուշքս դեռևս գլխիս է, բայց շուտով կկորցնեմ, եթե չմնաս քո կամքով... Կարծում ես, ես չե՞մ հասկանում ինչ եմ անում։ Շատ լավ հասկանում եմ, բայց ուրիշ հնար չունիմ, որովհետև... Կրկնում եմ, ինչո՞ւ ես եկել ինձ մոտ... այն էլ այս ժամին... Ի՞նչ գործ ունիս դու այստեղ... իմ տանը... մենակ... գիշերով... այս էլեկտրականացած օդի մեջ, որից, ահա, շնչասպառ եմ լինում ես... Ինչո՞ւ թույլ տվիր, որ գրկեմ քեզ` համբուրեմ ծնկներդ... Առաջ երբե՛ք թույլ չես տվել... Այս առաջին անգամն էր... Իսկ ես ամբողջ երեք տարի է, որ ցանկանում եմ քեզ, միմիայն քեզ, աշխարհիս բոլոր կանանց մեջ քեզ... Ես մարդ եմ, քար չեմ... Դու բորբոքեցիր ինձ, վառեցիր իմ ամբողջ արյունը և փախչում ես... Չեմ թողնիլ... Տեսնո՞ւմ ես, գերբնական ուժ եմ գործ գնում, որ զսպեմ ինձ, չգազանանամ, որովհետև դու այստեղ ես և անմատչելի... Ես սիրում եմ քեզ, բայց ատում եմ քո առաքինությունը, որ ինձ այսքան չարչարելուց հետո, այժմ իսկ, այս վճռական ժամին ուզում է արգելք լինել իմ երջանկությանը... Ես կխլեմ քեզնից այդ առաքինությունը, կթավալեմ ցեխի մեջ, եթե կամովին չհրաժարվես նրանից... Ես կանեմ ամեն բան, կանգ չեմ առնիլ ո՛չ մի բանի առաջ, նույնիսկ սոսկալի մի ոճրագործ կդառնամ, եթե չմնաս... Այժմ կամ այլևս երբե՛ք... Լսո՞ւմ ես, այժմ կամ այլևս երբե՛ք... Դու ի՛մը պիտի լինիս, իմը ա՛յժմ իսկ, ա՛յս րոպեին, ի՛մը անպատճառ և ինչ գնով ուզում է լինի, նույնիսկ իմ մահու գնով, նույնիսկ քո մահու գնով... Իմացիր, որ եթե նույնիսկ մեռնես իմ ձեռքերի մեջ, ես կտիրապետեմ քո դիակին։

Մանեն, սարսափից իրեն կորցրած, նայեց շուրջը։ Նրա աչքովն ընկավ նախասենյակի դուռը, և նա վազեց այն կողմը։ Բայց Բադամյանն այստեղ էլ փակեց նրա ճանապարհը: Նա կատարելապես նման էր խելագարի. աչքերը լցվել էին արյունով և նայում էին անախորժ պղտոր փայլով, երկայն մազերը թափվել էին ճակատի և ականջների վրա ցան ու ցիր, դեմքը կարմրել և ծածկվել էր ճարպոտ քրտինքով։ Նա գրեթե շնչասպառ էր լինում ծանր շնչելուց և դուռն ի վեր ցից կանգնած՝ ամբողջ մարմնով դողում էր ուժգին տենդով բռնված մարդու պես։

Չեմ թողնիլ, որ գնաս, ասում էր հևալով։ Քեզ էլ, ինձ էլ կմորթեմ, և չե՛մ թողնիլ, որ գնաս... Վճռվա՛ծ բան է. ես պիտի կործանեմ քեզ քո առաքինության համար և քեզ հետ միասին պիտի կործանեմ ինձ..

Մանեն երկու ձեռքի ափերը սեղմեց քունքերին, դեմքն առաջ տարավ դեպի Բադամյանը և, չռած աչքերով նայելով նրան, շշնջաց այս անգամ ոչ այնքան սարսափած, որքան ծայրահեղորեն ապշած։

Բադամյա՛ն, մի՜թե այդ դուք եք... դո՜ւք...

Բադամյանը ցնցվեց և ապա անշարժացավ։ Երկար ժամանակ նա անմիտ հայացքով նայում էր Մանեի չռած աչքերին ծանր մղձավանջից արթնացողի պես, հետո դանդաղորեն ետ քաշեց երեսին ցրված մազերը, և երկարատև ծանր մի հառաչանք նկատելի կերպով բարձրացրեց ու ցածրացրեց նրա կուրծքը։ Նրա վերին աստիճանի լարված ջղերն արագորեն թուլացան, և գլուխը կախ ընկավ կրծքին։ Առժամանակ նա կարծես ուժ չուներ այլևս ոչ խոսելու և ոչ տեղից շարժվելու. հետո կամաց ետ քաշվեց, բաց արեց դուռը և, առանց գլուխը բարձրացնելու, շշնջաց ընկճված, ուժասպառ ձայնով.

Գնացեք...

Մանեն բնազդաբար առաջ ընկավ և դուրս վազեց նախասենյակ։ Սանդուղքից իջնելիս քիչ մնաց գլորվեր ներքև: Փողոցում տան բակից դուրս թռավ մի փոքրիկ շուն անախորժ ծկլթոցով և բռնեց նրա փեշից։ Բայց Մանեն գրեթե չզղջաց այդ բանը և շանը երկար տեղ քարշ էր տալիս իր հետևից։ Շունը նրա փեշը բաց թողեց այն ժամանակ, երբ Մանեն մեքենայաբար կանգ առավ, բռնեց փեշից և ձիգ տվեց. շունը գլորվեց և ետ փախավ ավելի անախորժ ծկլթոցներով։ Իսկ Մանեն շարունակեց վազել։

Գիշերը սաստիկ մութն էր, փողոցներն ամայի։ Երկինքը ծածկված էր սև ամպերով և մերթ ընդ մերթ փայլատակում էր։ Ծանր, տաք, անշարժ օդը հագեցած էր էլեկտրականությամբ։ Հեռվից ամպերի խուլ գոռոց էր լսվում։

Մանեն վազում էր առանց ետ նայելու։ Նրան թվում էր մերթ, թե փողոցները սաստիկ երկար են, թե տունը շատ հեռու է, թե ահա որտեղ որ է` պիտի ընկնի ճանապարհին վախից և հոգնությունից անշնչացած, և մերթ` թե երազումն է կատարվում գիշերային այդ ճանապարհորդությունը լապտերներով հազիվ լուսավորված ամայի փողոցներով, երկնքի վայրկենական փայլատակումների և սև ամպերի զարհուրելի որոտի տակ։

Հանկարծ նրան թվաց, թե մեկը վազում է հետևից և կանչում է`

Մանե՛, Մանե՛…

Նա սոսկումով կանգ առավ և ետ նայեց։ Արագ քայլերով հասավ նրան Բադամյանը։

Մի վախենաք, ես եմ, ասաց նա սաստիկ հևալով։

Մանեն ձայն անգամ չհանեց և նույն արագ քայլերով առաջ անցավ։

Բադամյանը հետևեց նրան։ Նա լարել էր ոտների բոլոր ուժը, որ ետ չմնա Մանեից, բայց և այնպես Մանեն մի քանի քայլ միշտ առաջ էր վազում նրանից։

Ինչո՞ւ եք վազում, ասաց Բադամյանր։ Եթե այնտեղ ոչինչ չարեցի, կնշանակի այլևս ոչինչ չեմ անիլ։ Ես ուզում եմ միայն անվտանգ տուն հասցնել ձեզ։

Մանեն դանդաղեցրեց քայլերը։ Բադամյանը հավասարվեց նրան, և այժմ նրանք առաջ անցան կողք-կողքի: Երկար տեղ նրանք քայլում էին լուռ։ Բադամյանը վերցրել էր գլխարկը և թաշկինակով սրբում էր քրտնած ճակատն ու վիզը։

Երկինքը փայլատակում էր ավելի ու ավելի հաճախ և այն աստիճան խիստ, որ փողոցի սալահատակն ու տների մութ զանգվածները լուսավորվում էին ցերեկի պես: Որոտն էր մոտենում և սաստկանում էր հետզհետե. կարծես հսկայական մի գունդ հանկարծ պայթում և խոշոր ու մանր բեկորների վերածված` գոռգոռալով գլորվում էր թիթեղյա մի մեծ տանիքի վրա։

Երբ որ ձեռքս բարձրացրի և ուզում էի ապտակ տալ ձեր եղբորը, բայց չարի, խոսեց Բադամյանը շունչը ետ բերելուց հետո, նա ասաց «բռա՜վո» և ավելացրեց, որ եթե ես այդպիսի մի վայրկյանին կարողացա զսպել ինձ, կնշանակի, որ ես տղամարդ եմ: Տղամարդ բառը շեշտեց, որովհետև ուզում էր հասկացնել, որ ես վախկոտ եմ: Իրավունք ուներ, որովհետև ես իսկապես վախկոտ եմ։ Վախկոտ եմ Վճռական վայրկյանին։ Մարդ նախ չպիտի դիմի վատ բանի, բայց որ դիմեց, պետք է մինչև վերջը գնա։ Թող անկումը կատարյալ լինի, այդ ավելի լավ կլինի։ Այդպես կիսաճանապարհին կանգ առնելով` բանը չի դրստվի, վատությունը կմնա վատություն, և այլևս ոչ մի բանով, ոչ մի զղջումով չես կարող վերականգնել քո նախկին բարի անունը։ Ամանը վայր ընկավ կոտրվեց, և հազար կոծկիր, այլևս չես կարող ամբողջացնել... Ես դեռ լավ չեմ ուշքի եկել. մտքերս ու զգացումներս խառնվում են իրար. չեմ իմանում ինչ եմ մտածում. ինչ եմ զգում։ Բայց մի բան այնպես պարզ է ինձ համար, ինչպես երբեք. ես հրեշ եմ, սարսափելի մի հրեշ, որի մեջ ամենաքնքուշ, ամենանվիրական զգացումը լծորդվում է ամենակեղտոտ, ամենաբիրտ, ամենազզվելի բնազդի հետ... Սոխակը վարդի մեջ աղբ է որոնում, սրանից էլ ավելի աննորմալ բա՞ն... Ես հիվանդ եմ, բարոյական հիվանդ, խիստ վտանգավոր հիվանդ... Այս ես չգիտեի, այս գիծը ես նոր գտա իմ մեջ... Եվ այս բանը առաջին անգամ զգացի այնտեղ... դռան մոտ... նույն այն վայրկյանին, երբ հարցրիք ապշած` «Մի՞թե այդ դուք եք…»։ Դժբախտաբար, այդ ես էի... նոր հասկացա, որ ես էի. և այս րոպեին ի՜նչ չէի տալ, միայն թե այդ ես չլինեի...

Բադամյանը լռեց և, խիստ հուզմունքի մեջ, ձեռքի ափով շփեց տաքացած ճակատը։

Մանեն քայլում էր նրա հետ կողք-կողքի, բայց նրանից մի քիչ հեռու պահելով իրեն։ Նա վայրկյան առ վայրկյան փակում էր աչքերը փայլատակումների ժամանակ և ուշի ուշով ականջ դնում Բադամյանի խոսքերին, որոնցից շատերը, սակայն, խլանում էին որոտի ձայների մեջ։

Ա՜խ, այսօրվա օ՜րը, այս չարաբաստիկ օրը, հառաչեց Բադամյանը հոգեկան ծանր տանջանքով։ Եթե՜ կարողանայի մոռանալ և մոռացնել տալ... Որ մտածում եմ, թե ինչքա՜ն բան և ի՜նչ կորցրի, այս մի օրում նախ առավոտյան՝ ձեր տանը, հետո այժմ՝ իմ տանը... Այս ի՞նչ չար ոգի էր, որ եկավ փորձեց ինձ այսօր և խլելով ինձնից այն բոլորը, ինչ որ լավ էր և մաքուր, թողեց իմ մեջ միայն տիղմ և ապականություն... Ես ատում եմ ձեր եղբորը, բայց... չեմ կարող չհարգել նրան։ Նա խելոք մարդ է. այնպե՜ս թափանցում է մարդու ներքինը... և շիտակ է, ամեն բան ասում է մարդու ճակատին։ Նա շատ բան ասաց ինձ, բայց և շատ բան չասաց անշուշտ... Երևի խնայում էր։ Ես այժմ կհամբուրեի նրա ձեռքն ու շրթունքները, եթե այս րոպեին մոտս լիներ, պինդ ապտակեր ինձ, այնպես պինդ, որ աչքերիցս կայծեր ցայտեին, և ասեր, որ ես... պի՛ղծ մարդ եմ, շո՛ւն եմ... որ ես սրբությանը մոտեցել եմ անմաքուր ձեռքերով, պժգալի զգացումներով, գարշելի ցանկություններով... Մինչդեռ ես ա՛յդ չէի ուզում, երկինքը վկա, Մանե, ա՛յդ չէի ուզում։ Ես ուզում էի ձեզ դարձնել իմ Լաուրան, իմ Բեաթրիչեն, իմ Մադոննան... Օ՜, թո՛ղ կայծակ ընկնի գլխիս, եթե այսուհետև...

Նա հանկարծ լռեց զարհուրանքով, կանգ առավ և աչքերը փակեց ակամա։ Տեղնուտեղը քարացավ նաև Մանեն, բայց նա չիմացավ՝ աչքերը փակե՞ց, թե չռեց. միայն տեսավ, որ շրջակայքը հանկարծ լուսավորվեց արտասովոր կուրացուցիչ լույսով և այդ լույսն իսկույն էլ հանգավ, որից հետո փողոցն այնպես մթնեց, որ Մանեին թվաց, թե ինքը հանկարծ կուրացավ: Անշարժ օդի մեջ տիրեց սպասողական զարհուրելի անդորրություն։ Մի քանի վայրկյան հետո երկինքը հանկարծ այնպես ճայթեց, որ կարծես փուլ եկավ, և ամբողջ քաղաքը, զրնգզրնգաց ահագնադղորդ ձայներով։ Ըստ երևույթին, մոտիկ, շատ մոտիկ կայծակ ընկավ։ Մանեն մեքենայաբար նայեց Բադամյանին, կարծես ստուգելու համար, թե կայծակն արդյոք նրա գլխին չընկա՞վ։ Բադամյանը կանգնած էր գլուխը բաց, մազերը ցիրուցան և նայում էր երկնքին, զարհուրանքից կաշկանդված։ Էլեկտրականությամբ հագեցած անշարժ տաք օդի մեջ մի զով հով անցավ։ Անձրևի մի խոշոր կաթիլ, սառն ու պինդ, դիպավ Մանեի ձեռքին, որով կզակի մոտ բռնած էր գլխին գցած շալի ծայրերը։ Նա ցնցվեց և հանկարծ առաջ նետվեց։

Բադամյանն ուշքի եկավ այն ժամանակ, երբ Մանեն արդեն փախչում էր, նրանից բավական հեռացած։ Նա վազեց Մանեի հետևից։ Այժմ նա ոչինչ չէր մտածում և ոչինչ չէր ցանկանում. մտածում և ցանկանում էր միայն, որքան կարելի է` շուտ տուն հասցնի Մանեին, քանի հեղեղը չէր սկսվել։ Շուտով տուն հասնելու վրա էր մտածում նաև Մանեն, որ շնչասպառ վազում էր նրա առջևից։ Տանից նա դուրս էր եկել այն ժամանակ, երբ սկեսուրն ու ծառաները քնած էին արդեն. դուրս էր եկել ծածուկ, դուռը փակել էր բանալիով և այդ բանալին այժմ շուտ-շուտ շոշափում էր շրջազգեստի գրպանի մեջ, ստուգելու համար, թե խո չի՞ կորցրել։

Կարծես հսկայական մի ձեռք ուժգին թափով կոտրատված գծեր էր քաշում սև ամպերի մեջ րոպե առ րոպե, և փողոցները, տները, ամեն բան` ինչ որ երևում էր աչքին, լուսավորվում էին վայրկենական կուրացուցիչ լույսով։ Երկիրը դողում և ահարկու արձագանք էր տալիս երկնքի սպառնագին որոտումներին։ Անձրևի խոշոր կաթիլները հաճախացան և լսելի կտկտոցով զարկվում էին գետնին կենտ ու կենտ։ Հեռվից լսվում էր ինչ֊որ խուլ շրշյուն, երևի հեղեղն էր, որ մոտենում էր։ Գետնից սկսեց բարձրանալ արևից այրված փոշու ծանր հոտ, որից օդն ավելի ևս ծանրացավ։

Բադամյանը նորից հավասարվեց Մանեին և աչքերը ման էր ածում չորս կողմը, որ մի կառք գտնի, բայց ամայի փողոցներում շուն էլ չէր հաչում։ Տների լուսամուտները փակված էին պինդ և շատ պատուհաններում ճրագ չէր երևում: Փողոցային լապտերներն էին միայն, որ ցից-ցից կանգնած էին աջ ու ձախ մեկուսի և որբացած։ Փողոցի անկյան մանրավաճառը շտապով փակում էր խանութը։ Հարևան փողոցից գռգռալով դուրս եկավ գլուխը ծածկած մի կառք և մտավ մյուս փողոցը։ Բադամյանը կանչեց, բայց կառապանը կամ չլսեց, կամ չլսելուն տվեց, կամ թե ուրիշ մարդ էր տանում: Նրանց կողքով արագաքայլ անցավ մի մարդ անձրևակալի տակ պատսպարված։ Մի ուրիշ մարդ կանգնած էր տներից մեկի բակը դռան առաջ և ուժգին զարկում էր երկաթի մուրճը. մուրճի հարվածները զորեղ արձագանք էին տալիս ներսը` բակում և դուրսը` փողոցում։

Իրենց փողոցի անկյանը Մանեն կանգ առավ։

Շնորհակալ եմ, ետ դարձեք. այժմս ես մենակ կգնամ, ասաց նա արագ, շնչասպառ և ուզում էր հեռանալ, բայց Բադամյանը բռնեց նրա ձեռքից և պահեց։

Սպասեցեք։ Մի խոսք... թերևս վերջինը, կանչեց նա հուսահատական աղերսանքով։ Եթե մեռելները գալիս լինին այն միջոցին, երբ նրանց գերեզման են գնում, ինձ թվում է, թե նրանք պիտի զգան ճիշտ նույնը, ինչ որ ես եմ զգում այս րոպեին, երբ դուք հեռանում եք։ Եվ ես մեռելի պես անտրտունջ հնազանդվում եմ վիճակիս։ Բայց ինչ որ մտածելու լինիք իմ մասին, Մանե, աղաչում եմ ջնջեցեք այս մի օրը, այս մի հատիկ օրը ձեր հիշողությունից, և ես...

Մի նոր ահագնադղորդ որոտ խլացրեց Բադամյանի վերջին խոսքերը։ Մանեն ձեռքը խլեց նրա ձեռքի միջից և շարունակեց վազել իրենց տան փողոցն ի վեր։

Բադամյանը տեղնուտեղն արձանացավ և դիտում էր նրա ետևից։ Գիշերային խավարի մեջ Մանեի մութ ստվերը տեսավ միայն մի-երկու անգամ երկնքի վայրկենական փայլատակումների ժամանակ։ Այնուհետև, այդ ստվերը հալվեց, ձուլվեց խուլ խավարի հետ։ Այլևս ոչինչ չէր երևում։ Երևում էր միայն փողոցի ծայրում վառված լապտերի պղտոր, թախծալի լույսը, որի մեջ կատաղի անձրևը միալար թեք գծեր էր թափում ներքև շեշտակի։

"Պայքար" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Սերենադ
Ղազարոս Սարյան

Սերենադ

Լուսաբացից առաջ. 1971 թ
Լուսաբացից առաջ. 1971 թ
Խաղա առցանց