Նար-Դոս
Պայքար
2
3
Ներս մտավ Նասիբյանը, խորշոմած փոքրիկ դեմքով, երկարաթև սպիտակ փողկատով, խիստ նիհար, ըստ երևույթին թոքախտավոր, ցածլիկ, մոտ երեսուն տարեկան մի երիտասարդ, որի մեջ, սակայն, երիտասարդական ոչինչ չկար, բացի ջղային արագ քայլվածքից և խիստ սև ու խոշոր աչքերից, որոնք լի էին խիզախ համարձակությամբ և ինչ-որ անզուսպ կրակով։ Նրա մի հոնքը, աջը, վերև էր թռել, կարծես ապշել էր ինչ-որ բանի վրա, և այդ կողմից նրա կիսադեմն ավելի երիտասարդական էր, ավելի գրավիչ ու սիրուն, քան ձախ կողմինը, որի վրա, հոնքի ու աչքի տակ, խորշոմներն ավելի շատ էին, ավելի պառավական և ավելի մռայլ ու գաղտնապահ։
Մտնելուն պես նա ուզում էր մոտենալ Մանեին, որ բարևի նրան, բայց տեսնելով Հեղինեի բռնած տարօրինակ դիրքը, կանգ առավ զարմացած, որի ժամանակ նրա ձախ ունքն էլ վերև թռավ։
Ինչո՞ւ ես եկել, հարցրեց Հեղինեն, պենսնեի պարզ ապակիների միջից փայլեցնելով նրա վրա ցասմնալից աչքերը։
Նասիբյանը սկզբում կարծես թե շփոթվեց ոչ այնքան այդ հարցից, որ Հեղինեն տվեց իրեն երրորդ մի անձի ներկայությամբ, որքան այն տարօրինակ փայլից, որ տեսավ նրա աչքերի մեջ, և վերին աստիճանի լարված-թշնամական այն տոնից, որով նա տվեց իրեն այդ հարցը։
Ինչպե՞ս թե ինչու եմ եկել, շշնջաց նա մեքենայաբար։
Հա, ինչո՞ւ ես եկել, հարցնում եմ քեզ, կրկնեց Հեղինեն, ձայնը բարձրացնելով, և մի քայլ առաջ դրեց։
Նասիբյանը տարակուսանքով նայեց Մանեին, կարծես հարցնում էր` «ի՞նչ է պատահել սրան», հետո իր խոշոր աչքերը նորից դարձրեց Հեղինեի վրա և հանկարծ ծիծաղեց տարօրինակ խուլ ձայնով, այնքան տարօրինակ, որ նրա ծիծաղը կարծես ուրիշ նպատակ չուներ, բացի միայն այն նպատակից, որ թոքից խուխ պոկի։
Եկել եմ, որպեսզի թանկագին առողջությունդ հարցնեմ, ասաց նա ու, արագորեն հանելով թաշկինակը, թքեց մեջը։
Իսկ մորդ ու կնոջդ առողջությունը, իսկ զավակներիդ առողջությունը երբևիցե հարցնո՞ւմ ես, պարոն, աղաղակեց Հեղինեն։
Նասիբյանը մի րոպե լուռ նայեց նրան զարմացած, հետո, թաշկինակը կամաց կոխելով սյուրտուկի գրպանը, հարցրեց.
Վաղո՞ւց է, որ հոգում ես մորս, կնոջս և զավակներիս առողջության համար։
Այն ժամից, պարոն, երբ իմացա, որ դու նրանց հետ վարվում ես ամենաանխիղճ կերպով, ամենավերջին կինտոյի պես։
Նասիբյանը հոնքերը սաստիկ կիտեց և կասկածանքով լի թռուցիկ մի հայացք ձգեց Մանեի կողմը։
Այդ ո՞ր ժամից է, համարձակվում եմ հարցնել, օրիորդ, ասաց նա իր մոխրագույն փափուկ կաստորի գլխարկը դնելով աթոռի վրա և շինծու հանգստությամբ երկու ձեռքով ուղղելով փողկապի թևերը։
Հենց ա՞յս ժամից, պարոն։ Այս րոպեիս միայն իմացա, որ դու ամենախայտառակ կերպով ծեծում ես կնոջդ, պառավ մորդ դռնեդուռ ես գցել, զավակներիդ քաղցած ու տկլոր ես պահում։ Եվ դու ինտելիգե՜նտ մարդ ես անվանում քեզ, և դու հոդվածներ ես գրում բռնությունների, անարդարությունների դեմ, և դու պաշտպա՜ն ես ցույց տալիս քեզ ճնշվածներին, հալածվածներին, և քեզ արմատական հայացքների տեր հրապարակախո՜ս են անվանում, քե՜զ, քե՜զ...
Սպասի՜ր, աղաղակեց Նասիբյանը, իր ահագին աչքերը ոլորելով Հեղինեի վրա: Այս դո՞ւց եք պատմել սրան, տիկին, դարձավ նա Մանեին արագորեն։
Հեղինեն մի ոստյունով թռավ և կանգնեց նրա ու Մանեի մեջտեղ, ուղղակի Նասիբյանի քթի տակ։ Նա դողում էր կատաղությունից, և պենսնեն ցնցվում էր նրա քթի վրա։
Այո՛, այս տիկինն է պատմել, իսկ այս տիկնոջը պատմել է մա՜յրդ, աղաղակեց նա։ Ի՞նչ է, ուզում ես ուրանա՞լ։ Հա՞։ Այն խեղճ պառավը կարծել է և այս տիկնոջն էլ այնպես է հասկացրել, թե ես եմ քեզ դրդում, որ այդ անպիտանությունները գործես, ուստի սրա միջնորդությունն է խնդրել, որ քեզ չգժվեցնեմ, կարծես թե խելքս գնում է քո այդ զզվելի դեմքի համար։ Ահա՛ թե, պարո՛ն, որ աստիճան հանցավոր եմ հանդիսանում ես քո այդ գարշելի արարքների պատճառով։ Եվ ինչո՞ւ համար, որ հենց սկզբից չեմ վռնդել քեզ իմ մոտից շան պե՞ս։
Մի ակնթարթում Նասիբյանի դեմքը սփրթնեց սպիտակ քաթանի պես։ Վայրկենական կատաղության ուժգին թափով նա բռնեց Հեղինեի ուսերից, ըստ երևույթին պատրաստվելով դեն շպրտելու նրան կամ գլորելու իր ոտների տակ, բայց իսկույն զսպեց իրեն և միայն սարսափելի համառ ուժով կամաց հեռացրեց նրան իր աոջևից, ամբողջ կատաղությունն արտահայտելով միմիայն ահարկու աչքերի և ձեռքերի խիստ լարված մկանների մեջ։ Չնայելով իր պստիկ և նիհար կազմվածքին, նրա ոսկրացած ձեռքերն այնպիսի ույժ էին հավաքել իրենց մեջ, որ Հեղինեն իր մսեղ ուսերի վրա սաստիկ ցավեր զգաց և ճչալով դուրս պրծավ նրա ձեռքերից, ճակնդեղի պես կարմրատակած։
Ինչպե՜ս դու համարձակվում ես․․․ ինչպե՜ս դու համարձակվում ես, աղաղակեց Հեղինեն լացագին, քթից պոկելով պենսնեն, և նրա աչքերից անզոր վիրավորանքի և ծայրահեղ կատաղության արցունքի կաթիլներ դուրս ցայտեցին։
Նասիբյանը լուռ էր։ Նա շնչում էր ծանր և իր ահարկու աչքերով խժռում Հեղինեին։
Մանեն պինդ կպել էր լուսամատի տախտակին և զարմանքից ու վախից ցամաքել տեղնուտեղը։
Խնդրում եմ, ներեցեք ինձ, տիկին, դարձավ նրան Նասիբյանը, աշխատելով կարելուն չափ հանգիստ խոսել, և նրա շրթունքները ցնցվում էին կատաղությունից։ Ես շատ ցավում եմ, որ այս օրիորդը ձեր ներկայությունն է ընտրել իր լվացքը լվանալու համար՝ և եթե ես նույն կեղտաջուրը չեմ թափում իր գլխին, դրա համար թող պարտական լինի ձեր ներկայությանը։ Բայց, երևի, մենք ուրիշ ժամանակ կգտնենք մեր հաշիվները տեսնելու, ինչպես հարկն է․․․
Ա՞յդ ինչ սպառնալիք է, կանչեց Հեղինեն, առաջ վազելով, բայց չհամարձակվելով մոտենալ նրան, որովհետև Նասիբյանը նորից ոլորեց նրա վրա չարությամբ լի իր ահարկու աչքերը, և նրա շրթունքների ջղային ցնցումը սաստկացավ։
Երևի այս օրիորդն ինձ ձեր առջև ներկայացրել է իբրև մի փալաս, որի քթից բռնած՝ կարող է ման ածել, ինչպես ուզենա, Սկալվում է, շատ է սխալվում և ձեզ էլ սխալեցրել է, տիկին։ Այդ դուք հետո կտեսնեք, հետո կիմանաք․․․
Դարձյա՞լ սպառնալիք. դարձյա՞լ, աղաղակեց Հեղինեն, անլուր կատաղությունից ինքն իրեն ուտելով։
Սակայն Նասիբյանն այս անգամ նրան չնայեց նույնիսկ։ Նրա արտաքին ավելի հանգիստ ու հպարտ կերպարանք առավ և հայացքը լի հանգիստ արժանապատվությամբ նայում էր Մանեի փեշերին։ Նա շարունակեց։
Իսկ այժմ ես կամենում եմ մի երկու խոսք ասել ձեզ, տիկին, քանի որ դուք այսպես թե այնպես խառնվել եք այս գործին։ Որ մայրս պատմել է ձեզ իմ ընտանեկան վիճակը և ձեր միջնորդությունն է խնդրել, այդ բաին ես հավատում եմ, իհարկե, որովհետև տգետ կին է, անկիրթ կին է: Բայց որ դուք հանձն եք առել այդ միջնորդությունը, անշուշտ հավատացած լինելով, թե դրանով բարի գործ կլինիք կատարած, այդ բանը, ներեցեք, տիկին, ինձ մի փոքր... զարմացնում է, որովհետև դուք ինտելիգենտ կին եք, կրթված կին եք և պետք է հասկանայիք, որ ուրիշի ընտանեկան գործերին միջամտելն առհասարակ լավ բան չէ, թեկուզ այդ միջամտությունը լիներ նույնիսկ ամենալավ միտումներով, ամենաբարի զգացումների թելադրությամբ։ Կնոջս ծեծում եմ, թե պաշտում. մորս դռնեդուռ եմ գցել, թե պալատներում նստեցրել, զավակներիս քաղցած եմ պահում, թե շատ ուտեցնելուց տրաքեցնում, այդ ոչ ձեզ է վերաբերում, ոչ այս օրիորդին, և՛ ոչ ուրիշ որևէ մարդու։ Եվ ես ոչ ոքի թույլ չեմ տա, որ...
Դուք ինձ վիրավորում եք, պարոն, շշնջաց Մանեն ապշած։ Ես այդ մասին ոչինչ չեմ ասել ձեզ։
Ճիշտ է, շատ ճիշտ է, դուք ոչինչ չասացիք ինձ այս մասին, բայց այս րոպեին ևս «միջնորդություն» բառը լսեցի... Հետո, ձեր ներկայությունը մեր այս ընդհարմանը... Եվ, բացի դրանից, թույլ տվեք ինձ մի քիչ ավելի սրատես լինելու. ես տեսնում եմ, որ դուք հավատացել եք մորս ասածներին և ձեր սրտում մեղավոր եք համարում ինձ։
Մանեն այս անգամ շարժվեց տեղից, չկարողանալով զսպել իր զայրույթը։
Պարո՛ն, երևի չեք նկատում, որ ինքներդ ձեզ հակասում եք, նկատեց նա խստորեն։ Այս րոպեին ասացիք, թե ոչ ոք իրավունք չունի խառնվելու ձեր ընտանեկան գործերին, մինչդեռ այժմ ձեր իրավունքն եք համարում մտնել ուրիշի սիրտը և քրքրելու այնտեղ, թե ինչ է մտածում ու զգում նա։
Ներեցեք, տիկին, ես...
Խնդրում եմ, թողե՛ք ինձ հանգիստ։
Եվ Մանեն, սաստիկ հուզված, դուրս գնաց արագ քայլերով։
Նասիբյանը մնաց սառած իր տեղում՝ բերանը բաց, աչքերը չռած։
Օ՜, օձ... թո՛ւյն... դժոխքի վիժմունք... Երբ պետք է ազատվեմ քո այդ գարշելի դեմքից, անհուն ատելությամբ շշնջաց նրա քթի տակ Հեղինեն և դուրս վազեց ընկերուհու հետևից։
Մանեին բռնեց նախասենյակում։
Մանե ջան, դու գնո՞ւմ ես։
Ես սովոր չեմ այդպիսի տեսարանների և... ջղային եմ, ասաց Մանեն, խուսափելով Հեղինեի աղերսող աչքերից և աշխատելով խլել հուզմունքից դողացող իր ձեռքերը նրա ձեռքերի միջից։
Հեղինեի աչքերը հանկարծ վառվեցին կատաղի վճռականությամբ։
Ես դուրս կանեմ նրան... Փողոցից մարդիկ կկանչեմ, ոստիկան կկանչեմ...
Ի՞նչ ես ասում... ի սեր աստծո, շշնջաց Մանեն վախեցած։ Թող գնամ, աղաչում եմ, թող...
Սպասիր, Մանե ջան։ Մի վախենար, ոչինչ չեմ անիլ։ Ես սաստիկ գրգռված եմ, չեմ իմանում ինչ եմ ասում... օ՜, դժոխք, դժոխք, կատարյալ դժոխք... Այրվում եմ, խորովվում եմ, ուզում եմ մսերս կրծել, թե ինչո՞ւ ֆիզիկապես այսքան թույլ եմ, ինչո՞ւ ձեռքերիս մեջ այնպիսի մի ույժ չունիմ, որ բռնեմ կոկորդից և խեղդե՜մ... խեղդե՜մ... Սպասիր, մի փախչիր։ Ոչինչ չեմ անիլ... դժբախտաբար, ոչինչ չեմ կարող անել, ոչինչ... արյունս միայն իզուր այսպես կպղտորեմ։ Սպասիր։ Գոնե ասա, որ ինձնից նեղացած չես և չես մեղադրում ինձ։
Մանեն շատ լրջորեն նայեց Հեղինեի աչքերին, որոնց հուսահատական կատաղի փայլը փոխվել էր գրեթե մանկական պաղատագին արտահայտության։
Քե՞զ... ոչ։ Ես համոզվեցի, որ մեղավորը նա է։ Եվ նրա անամոթ սոփեստությունն էր, որ ինձ այսքան գրգռեց։
Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, Մանե ջան, ասաց Հեղինեն, պինդ սեղմելով նրա երկու ձեռքը։ Չես կարող երևակայել, թե որքան սիրում եմ քեզ և որքան թանկ է ինձ համար քո կարծիքը։ Լեզվիս մի նայիր. սիրտս շատ ավելի բարի է, քան լեզուս։ Գիտե՞ս ինչն է ինձ ավելի կատաղեցնում. ա՛յն, որ ես կարծում էի, թե ազատ եմ, ինչպես երկնքի թռչունը, ինչպես օդը, մինչդեռ տեսնում եմ, որ գլխիս պատրաստել եմ այնպիսի մի բռնակալ, որպիսին չի կարող լինել նույնիսկ մի գազան-ամուսին, մի ճորտատեր: Օ՜, հա՛խս է, հա՛խս է։ Ինչպես երևում է, դեռ շատ փորձանքներից պիտի անցնեմ ինձ կատարելապես ազատ ու անկախ զգալու համար... Դե՛ գնա, ես քեզ չեմ ուզում պահել: Ներիր, որ քեզ այսպիսի անհամ դրության մեջ դրի։ Նա ճիշտ էր ասում. քո ներկայությունը չպիտի ընտրեի լվացքս լվանալու համար։ Բայց այլևս չեմ կարող համբերել, ո՛չ, չեմ կարող։ Դանակն արդեն ոսկորին է հասել։ Այս րոպեին այնպիսի լվացք լվանամ նրա գլխին, որ մեջը խեղդվի։ Դու գնա, իսկ ես հենց այս րոպեին կտեսնեմ այդ սրիկայի հետ իր սպառնացած հաշիվները։ Օ՜, նա դեռ չի ճանաչում ինձ..․ Գնա, ցտեսություն։
Երբ Մանեն շտապով դուրս եկավ փողոց, վերևից, բաց լուսամուտից, նրա ականջին դիպան Հեղինեի կատաղի ծկլթոցները։ Այդ ձայներն այնպիսի անհաճո գրգիռ պատճառեցին նրա ջղերին, ինչպես խարտոցի կանչռտոցը սղոց սրելու ժամանակ։ Եվ նա շտապեց հեռանալ ամոթահար այն բանից, որ այդ միջոցին խաղաղ փողոցով անցող մի երկու մարդ կանգ առան տան դիմացը մայթի վրա և զարմացած ու հետաքրքրությամբ նայում էին դեպի լուսամուտը։
Հետևյալ օրը, կեսօրից առաջ, Մանեն նամակ էր գրում ամուսնուն, երբ նախասենյակից նրա ականջին դիպավ մի բամբ ձայն, որը հարցրեց դուռը բաց անող ծառային' «ո՞վ կա տանը»։ Նա իսկույն ճանաչեց եղբոր ձայնը և, գրիչը վայր ձգելով, դուրս վազեց։
Նախասենյակում նրա դեմն ելավ Վահանը հսկայամարմին և թիկնավետ մի երիտասարդ կես-այրված մի հաստ սիգար բերանին։ Ծղոտի լայնեզր գլխարկը ետ էր գցել ճակատից, որի վրա քրտնքի առատ կաթիլներ էին դուրս ցայտել։ Հագած էր ուսերը խունացած դեղնագույն ամառվա վերարկու, որի ամենավերի կոճակն էր միայն գցված, իսկ փեշերը ետ էին քաշվել և երևան էին հանում նրա անսովոր հաստ փորը, որի վրա աղեղնաձև կախ էր ընկած ժամացույցի հասարակ մետաղի շղթան սևացած։ Նա կլիներ 30 35 տարեկան, սակայն երեսին մազ չկար ամենևին, որով շատ էր նմանում երեսը սափրած դերասանի։ Գեղեցիկ ոչինչ չկար նրա արտաքինի մեջ, բացի միայն աչքերից, որոնք շարունակ ժպտում էին ամենքին և ամեն բանի ուրախ հեգնությամբ վերաբերվող բարեսիրտ մարդու քաղցր ժպիտով։
Քույրը փարեց եղբոր վզին և կարոտի բուռն զգացման զեղումից լաց եղավ։
Սակայն եղբայրն այդքան զգայուն չեղավ. նախ մեղմորեն բռնեց քրոջ ձեռքերից, հեռացրեց նրան իրենից, հետո բերանից հանեց սիգարը և հարցրեց.
Հը՞, ի՞նչ է պատահել։ Մեռա՞ծ էի, ի՛նչ է, և հանկարծ հարություն առած ես տեսնում ինձ, Ղազարոսի պես։
Մանեն ժպտաց և մատներով սրբեց արտասուքը։
Գնա՛, ես քո քույրը չեմ, ասաց նա խռովածի պես, բայց դարձյալ ժպտում էր։
Ա՜յ քեզ բան։ Ինչո՞ւ։
Ինչո՜ւ։ Որովհետև քանի օր է, որ եկել ես և նոր ես հիշում ինձ, ինչպես միշտ։
Ինչպես միշտ։ Ուրեմն էլ ինչո՞ւ ես նեղանում։ Եվ խո հիշել եմ վերջապես. դու ա՛յդ ասա, Ղազարի քույր, թե չէ՝ մնացածը դատարկ բան է։ Այսօր լինի, վաղը լինի, ի՞նչ վնաս։ Մերը «յավաշն» է։ Ասիացի չե՞նք։ Բայց աստվածդ սիրես, օգնիր, մի էս անտերը հանենք։
Վահանը սիգարը դրեց բերանը, բաց արեց վերարկուի կոճակը, շուռ եկավ և ձեռքերը մեկնեց դեպի քույրը։
Մանեն բռնեց նրա վերարկուի թևերի ծայրերից, քաշեց, քաշեց և հազիվ կարողացավ հանել։
Դե ասում ես. մեր «յավաշը» որ չլինի, այսքան կչաղանա՞նք, որ վերարկուն չհանվի։ Անտերը հուպ է տալիս, է՜, կռներիս տակը։ Երևակայիր, վեց տարի է, որ հագնում եմ, բայց էլի ափսոսս գալիս է, որ դեն գցեմ: Իսկ ձեր այս շոգն էլ․․․
Վահանը գլխարկը կախեց վերարկուի վրա և թաշկինակով սկսեց սրբել քրտնած ճակատն ու շլինքը։
Ես մի բանի վրա եմ զարմանում և նեղանում քեզնից, Վահան, նկատեց քույրը լրջորեն։
Այսինքն։
―Ինչո՞ւ մեր տանը չես իջնում, որ գալի՛ս ես Թիֆլիս։
Կարծեցի նոր բան ես ուզում ասել։ Մի վախենար, քույրիկ ջան, թանկ հյուրանոցում չեմ իջած, վճարում եմ ընդամենը 75 կոպեկ։
Ախր ինչո՞ւ է՛։
― Որովհետև ես շատ եմ սիրում անկախություն ասված բանը։ Խո գիտես իմ նշանաբանը, ոչ պարտավորվել, ոչ պարտավորեցնել։ Բացի դրանից, ես սարսափելի էգոիստ մարդ եմ, ուզում եմ աչքիցդ կարելույն չափ հեռու լինել, որ ավելի շատ սիրես ինձ։ Բայց արի մի տեսնենք ոնց ես: Ուղիղ մի տարի է, որ չեմ տեսել քեզ անցած գարունքից:
Եվ եղբայրը քրոջ ձեռքից բռնած ներս տարավ։
Աղջի ջան շատ ես լղարել, աչքումս, ասաց Վահանը արևի պայծառ շողերով լուսավորված սենյակի մեջ լավ դիտելով Մանեի դեմքը։ Իսկի չի երևում, թե իմ քույրն ես։ Ինչո՞ւ չես գալիս ինձ մոտ, որ չաղանաս։ Այս ամառ որ գաս, կտանեմ։ Հավատա։ Մի քիչ տաք է մեր կողմերը, բայց վնաս չունի, օդը առողջարար է։ Իսկ նոր գինեգործարանս արդեն պատրաստ է և այս տարի գինիները պատրաստելու եմ արդեն ամենանորագույն սիստեմով։ Այժմ եկել եմ մի քանի գործիքներ տանելու և այս քանի օրս այդ բանի հետևից եմ ընկած։
Լավ, ո՞ւմ համար ես աշխատում այդքան:
Ազգի համար։
Դու ծիծաղում ես, բայց տես, մազերդ արդեն սպիտակում են, լրջորեն նկատեց քույրը, շոշափելով եղբոր մի քիչ երկարացած և սպիտակախառն մազերը քունքերի վրա։ Ինչո՞ւ չես ամուսնանում։
Որովհետև վախենում եմ լղարեմ։ Բացի դրանից, չէ՞ որ կինս էլ պետք է աժդահա լինի ինձ պես, իսկ այժմյան աղջիկներն ինչ են ներկայացնում իրենցից ինչպես գրում են ռուսերեն մտածող մեր գրողները երեքշահանոց վառիկներ, այն էլ աղբանոցում քջուջ արած վառիկներ։ Բայց դու քոնն ասա։ Ո՞նց ես, լա՞վ ես։ Լսեցի մարդդ նոր հանքեր է գտել, ճի՞շտ է։
Ճիշտ է։ Այժմ այնտեղ է։
Գիտե՞ս, ես նրան համ հավանում եմ, համ չեմ հավանում. հավանում եմ նրա եվրոպական ձեռնարկուի խիզախ ոգին, որը կարող է նրան շատ առաջ տանել. չեմ հավանում նրա լրջությունը։ Լուրջ մարդիկ իմ մահս են։ Բայց ինձ մի բան է հետաքրքրում. ինչպե՞ս եք ապրում իրար հետ։
Ինչպե՞ս թե...
Ուզում եմ ասել սերից֊մերից կա՞։
Մանեն սկզբում շփոթվեց, հետո ստիպեց իրեն ծիծաղել։
Որովհետև, գիտե՞ս ինչու եմ հարցնում, շարունակեց Վահանը, նա սառը, դու տաք. նա` այսպես ասած` ֆլեգմատիկ, դու սանգվինիկ։ Ինչպե՞ս են հաշտվում ձեր տեմպերամենտները։
Շատ լավ են հաշտվում, շատախոս։ նախ նստիր, մի քիչ հանգստացիր, ասաց քույրը և, եղբոր ձեռքից բռնելով, տարավ նստեցրեց գրասեղանի մոտ։ Կամաց, շկոտրես, բացականչեց նա ծիծաղելով, երբ աթոռը ճռճռաց Վահանի ահագին մարմնի ծանրության տակ։
Սրա համար չէի նստում է,-ասաց Վահանը և թեքվեց գրասեղանի վրա։ Այս ի՞նչ է, գրականությա՞մբ ես պարապում։
Ամուսնուս նամակ եմ գրում:
Վահանը ձեռքով ծածկեց նամակը։
Կուզե՞ս ասեմ ինչ ես գրում։
Ասա։
«Սիրեցյալդ իմ Գրիշա, իմ անգինս, իմ պաշտելիս, իմ տե՛ր և թագավոր։ Մի՞թե ինձ ուզեցիր նրա համար, որ բերես ձգես այս չորս պատերի մեջ և ինքդ հեռանաս, թողնելով ինձ սիրատոչոր, ինչպես իր վարդի թփից զրկված uոխակը վանդակի մեջ։ Մի՞թե այն գանձերը, որ որոնում ես մայր հողի ծոցում, ավելի թանկ են քեզ համար, քան ես։ Ինչի՞ս են պետք աշխարհիս թեկուզ բոլոր գանձերը, երբ դու մոտս չես, երբ ես մենակ եմ, տխուր, քո կարոտը քաշելով շարունակ։ Առավոտ է գալիս իր քաղցրանվագ թռչուններով, իր ճաճանչափայլ արևով ամեն ինչ մութ է թվում ինձ. գիշեր է գալիս իր շողշողուն աստղերով, իր հրաշափառ լուսնով երկինքը թխպոտ է երևում աչքիս։ Եվ հեկեկում եմ ես սենյակիս մենության մեջ դառնագին ու վշտահար և տարածում եմ ձեռներս դատարկ օդի մեջ, շշնջալով՝ «ո՞ւր ես, ո՞ւր ես, արի՛, իմ սիրելի, արի՛, իմ պաշտելի, արի՜, իմ...» և այլն, և այլն, և այլն։ Ձեռքս կկտրեմ, թե այս ոճով և այսպիսի բան չես գրել։ Թույլ կտա՞ս կարդամ։
Թույլ եմ տալիս։
Վահանը վերցրեց նամակը և սկսեց կարդալ.
«Ուզում ես՝ կարդա, ուզում ես՝ չէ, ինձ համար էլ այդ միևնույն է, բայց ես քեզ չեմ ազատիլ իմ հաշիվներից...»։ Սա ի՞նչ բան է։
Կարդա՛, կարդա՛, բացականչեց Մանեն, անկեղծ զվարճանալով այն խիստ կոմիկական արտահայտության վրա, որ ստացել էր եղբոր դեմքը զարմանքից։
Վահանը շարունակեց կարդալ.
«Անցյալ օր բանկից հանեցի ընթացիկ հաշվով 2OO ռ.։ Այդ գումարից 48 ռ. տվի մայրիկի համար նոր վերարկուի, որովհետև այս շաբաթ հաղորդվում է. 15 ռ. տվի ինձ համար ամառվա գլխարկի. 12 ռ. տվի խոհարարին՝ անցյալ ամսվա համար. 53 ռ. տվի քո գոված Սարիբեկյաններին, որոնք այնքան թաց փայտ էին ուղարկել, որ միայն մխում էր, 22 ռ. տվի...»։ Դե՛, սա բանի նման չէ, բացականչեց Վահանը, նամակը ձգելով գրասեղանի վրա։ Այս ի՞նչ հիմարություններ ես գրել։
Մանեն գլուխը ետ էր գցել և թուլացել էր ծիծաղից։
Հը՛, ի՞նչ կասես, ասաց նա, ձեռքդ կտրո՞ւմ ես, թե չէ։
Վահանը ուսերը վեր քաշեց։
Օյին եմ ասում, է՜։ Ես քեզ միշտ պոետիկ արարած եմ ճանաչել, և հանկարծ... Վերարկու, խոհարար, թաց փայտ... Հիմա՛ եմ հասկանում, իզուր չէ, ախր, որ մատերիալիստի կին ես դարձել։
Բայց ի՞նչ կասես, որ այդ մատերիալիստը չի ուզում իմ հաշիվները կարդալ և սաստիկ նեղանում է, որ ամեն նամակիս հետ մի երկար հաշիվ եմ ուղարկում իմ ծախսած փողերի մասին։
Ի՞նչ կարող եմ ասել, բացի միայն ա՛յն, որ մարդ արարածը լի է հակասություններով։ Բանաստեղծություններն ատելով ատում եմ, բայց թարսի պես մեկ էլ տեսար իրար հետևից շարվում են ուղեղիս մեջ չափաբերական շեշտերով՝ «Օ՛հ, ի՜նչ անուշ և ի՜նչպես զով առավոտուց փչես, հովիկ, ծաղկանց վրա գուրգուրալով և մազերուն կուսին փափկիկ»։ Եվ մինչև անգամ սկսում եմ երգե՜լ, երևակայիր։ Եվ այս բանը միշտ պատահում է այն ժամանակ, սա էլ շատ հետաքրքրական է, երբ առավոտները հագնում եմ կոշիկներս։ Պա՛հ, էլի մոռացա, հանկարծ բացականչեց Վահանը, ձեռքը խփելով ճակատին։
Ի՞նչը։
Եկածս օրից ուզում եմ նոր կոշիկ առնել, միշտ էլ մոռանում եմ։ Հոգուդ սատկեմ, այսօր որ գնալիս լինիմ, միտս գցիր, թե չէ խայտառակություն է։ Տես է, կասես խոզի դնչեր լինին, ասաց Վահանը, ցույց տալով իր մաշված, ծռմռված և փոշեծածկ ահագին կոշիկները: Լավ, ի՞նչ ես ծիծաղում այդքան։
Մանեն հանկարծ դադարեց ծիծաղելուց, առաջ վազեց և, սաստիկ հուզված, առավ եղբոր ձեռքը։
Վահան ջա՛ն... որ իմանաս որքա՜ն ուրախ եմ... որքա՜ն ուրախ եմ, որ եկել ես...
Դե՛, հիմա էլ սկսեցիր արտասվել... Նստիր։ Նստիր մի լավ նայեմ։
Վահանը առաջ քաշեց մոտակա աթոռը և քրոջը նստեցրեց իր դիմաց։
Մանեն շտապով սրբեց աչքերից դուրս ցայտած արտասուքի կաթիլները և նորից սկսեց ժպտալ։
Վահանը կարճ ժամանակ հետաքրքրությամբ նայում էր քրոջ աչքերին, հետո ուսերը վեր քաշեց տարակուսանքով։
Կանա՜յք... Անհասկանալի արարածներ եմ ասում, է՜, սֆինքսնե՜ր։ Մերթ ծիծաղ` մերթ լաց։ Կատարյալ գարնանային եղանակ, մերթ արև, մերթ անձրև։ Բայց չլինի՞ թե «արև է` վայ է, անձրև է` վայ է»։ Հը՞։
Չեմ հասկանում, ինչ ես ասում։
Ուզում եմ ասել... Որտե՞ղ է սկեսուրդ։
Ժամումն է։
Խո չե՞ք կռվում իրար հետ, ինչպես ամեն հարս ու սկեսուր։
Չէ, նա չափազանց բարի կին է, և ես շատ գոհ եմ նրանից։
Է՜, փառք աստծո։ Իսկ ամուսինդ... շատ ժամանակ է՞, հանքերումն է։
Մանեն մի քիչ շփոթված, մի քիչ կասկածամտությամբ նայեց եղբոր աչքերին, հետո բռնի կերպով ծիծաղեց և կամաց խփեց նրա ձեռքին։
Դու քո մասին պատմիր, քո. ի՞նչ ես շարունակ իմ մասին հարցնում, ասաց նա։
Իմ մասին ի՞նչ պատմեմ, քույրիկ ջան։ Հացը բոլ, գինին բոլ, ուտում եմ, խմում, մթնում է` քնում։ Քեզ էլ նամակ չեմ գրում։ Դու էլ ջգրու ոչինչ չես գրում։ Ու երկուսս էլ քվիթ ենք դուրս գալիս։
Սպասիր։ Ինչո՞ւ երեկ Հեղինեին խաբել ես, թե ինձ մոտ ես եղել, մինչդեռ քո երեսն ես այսօր եմ միայն տեսնում։
Որովհետև ազատամիտ օրիորդներին ես շատ եմ սիրում։ Նա օրիորդ է, չէ՞։ Իսկ հայտնի է, որ ում սիրում ես, նրա հետ ուզում ես կատակ անել։ Նրա թխլիկ դեմքը որ տեսնում եմ, ուզում եմ այսպես հինգ մատներովս բռնել, կամաց... այսպես... շուռ տալ ու հանկարծ հո՜պ նորից գետնի վրա դնել։
Բայց գիտե՞ս, որ նա քեզ շատ է հավանում, ասաց Մանեն ծիծաղելով։
Դրուստ, կանչեց Վահանը կոմիկական սարսափով։
Նրա ահագին մարմնից որ չվախենամ, ասում է, անպատճառ կսիրահարվեմ։
Վահանը աչքերը ձգեց առաստաղին և ձեռքերը բարձրացրեց։
Փա՜ռք քեզ, տե՛ր, արտասանեց նա որպես թեթեթևացած։ Ա՛յ, չէի կարծում, թե չաղությունս, որից այսքան նեղվում եմ ես, կարող է փրկել ինձ այդպիսի մի մեծ վտանգից։ Մի հետաքրքրական բան են պատմում նրա կյանքից, չե՞ս լսել։
Ի՞նչ բան։
Պատմում են, որ իբր թե մի անգամ, իր ազատամիտ կավալերներով շրջապատված անցնում է եղել մի գինետան առաջով։ «Տղե՛րք, ասում է. ի՞նչ կտաք մտնեմ մի բաժակ արաղ կոնծեմ»։ «Թե որ կմտնես, ասում են կավալերները, մի-մի պաչ կտանք»։ «Հա-ա՞, ասում է, դե հիմի թամաշ արեք»։ Ու քո այդ fin de siecle օրիորդը ղորթ որ չի ուզում մտնե՜լ։ Այնպես որ էլի կավալերներն են ամաչում և կռնից բռնում ետ քաշում։
Վահան, մի՞թե չես խղճահարվում, որ նրա մասին այդպիսի... բաներ ես հնարում, նկատեց Մանեն անկեղծ, մեղմ նախատինքով: Չէ՞ որ, ուրիշ տեղ որ պատմես, կարող են գտնվել մարդիկ, որ կհավատան։
Հավատացնում եմ, քույրիկ ջան, պատմությունը ես չեմ հնարել: Ես միայն իմ լսածն եմ պատմում։ Պատմողն էլ ո՜վ էր մի խավարամիտ։ Ի դեպ, դու խավարամիտ ե՞ս, թե ազատամիտ։
Մանեն ծիծաղեց։
Խավարամիտ եմ։
Թյո՛ւ... Բառն ինքն արդեն հոտում է։ Ա՛խ, ներողություն, քույրիկ ջան. դու չէ՛, դու չէ։ Դու հոտավետ ես վարդի պես։ Բայց թունդ խավարամիտը քո մարդը պետք է լինի, ա՛յ, ի փառս Հայաստանյաց կաթողիկե և առաքելական սուրբ եկեղեցվո։ Ափսոս, որ լավ չեմ ճանաչում նրան։ Չափից դուրս պեդանտ մարդ է երևում աչքումս։ Դրա համար սիրտս չի կպչում, չնեղանաս, խնդրում եմ: Բայց և այնպես պետք է մի անգամ գնամ տեսնեմ ինչ բանի է։ Մեզնից հեռու կլինի մոտ մի հարյուր վերստ։ Խոսքը մեր մեջ մնա. բացի հանքարդյունաբերությունից, վաշխառությամբ էլ խո չի՞ պարապում։
Վահա՛ն, ի՜նչ չար լեզու ունիս, նորից նախատեց նրան քույրը, այս անգամ նկատելի կերպով նեղացած։
Ես մեղա աստծու, ես մեղա աստծու... Բայց այս ի՞նչ տեսակ տուն ես պահում, ոչ մոխրաման կա, ոչ լուցկի:
Մանեն վեր կացավ, դուրս գնաց և երբ նորից ներս մտավ մոխրամանն ու լուցկու տուփը ձեռքին, Վահանը վերցրել էր գրասեղանի վրա դրված փառակազմ գրքերից մեկը և թերթում էր՝ հանգած սիգարն ատամների մեջ բռնած.
Այս գիրքը կարդացել ես, իհարկե, ասաց եղբայրը։
Այդ ի՞նչ է:
«Դոն Կարլոս»։
Հա. անցյալ օրը վերջացրի։
Այստեղ է ասված, չէ՞... Ինչպե՞ս է անունը։
Ո՞ւմ անունը։
Թագուհու։
Ելիսաբեթ։
Հա՛։ «Ելիսաբե՛թ, Ելիսաբե՛թ, դու խլեցիր ինձնից իմ դրախտը, որպեսզի Փիլիպոսի ծոցում փչացնես»։ Կարծեմ այդպես է ասում, չէ՞, Դոն Կարլոսը։
Մանեն արագ մի հայացք ձգեց եղբոր վրա, հետո սկսեց ուղղել բազմոցի վրա դրված ձեռակար բարձիկները։
Լավ չեմ հիշում.. Հա՛, կարծեմ այդպիսի մի բան կա, ասաց նա շինծու անտարբերությամբ։ Բայց լսիր ինչ եմ ասում, հանկարծ դարձավ եղբորը։ Երկա՞ր ես մնալու այստեղ։
Վահանը գիրքը ծածկեց ու դրեց գրասեղանի վրա։
Ի՞նչ է, արդեն ձանձրացա՞ր ինձնից։ Իսկույն կգնամ։
Էէ՜հ, արտասանեց Մանեն ջղայնորեն։ Ուզում եմ ասել զատիկին մեզ մո՞տ կլինես։
Այդ բանը գործերիցս է կախված, քույրիկ ջան. կարող է պատահել, որ հենց վաղը գնամ, և կարող է պատահել, որ մի ամիս էլ մնամ, որովհետև գյուղատնտեսական ընկերության մեջ էլ մի քանի գործեր ունիմ։
Կարող է պատահելը մի կողմը թող, ես ուզում եմ, որ դու մնաս... Հասկանո՞ւմ ես։
Ոչ, չեմ հասկանում։ Ասաց Վահանը սիգարը վառելով։ Այսինքն չեմ հասկանում, թե ինչու ես ուզում, որ մնամ։
Ախր մենակ ենք, մարդ չկա։ Գրիգորն էլ գրում է, թե գործերն այնքան խառն են, որ զատկին հազիվ թե կարողանա գալ։ Էլ ի՞նչ զատիկ, որ ամեն օրվա պես տխուր ու տաղտկալի պիտի անցկացնենք։ Սա ի՞նչ կյանք է, մարդ չի իմանում ինչ անի, ուր գնա, ում հետ խոսի։ Այս գրքերն էլ որ չլինին` ես կմեռնեմ ձանձրույթից։
Խե՜ղճ, խե՛ղճ քույրիկս։ Ախր գիտեի, որ նամակիդ մեջ այն չպետք է գրեիր, ինչ որ գրել ես։ Ես միշտ այն համոզումն ունեի, որ մատերիալիստի հետ ամուսնանալդ մի սխալ քայլ էր։ Դու պետք է պոետի կին լինեիր, որ փեշը փեշիցդ կարած` չհեռանար մոտիցդ, թե չէ... Էլի՞ երեխա չես բերում...
Ո՛ւհ, էլի սկսեցի՞ր։
Մի զայրանար, քույրիկ ջան, զավակ որ ունենաս, ախր, այդպես լացկան չես լինիլ։ Բայց հանաքը մի կողմը մնա, շատ ես լղարել։ Այդ ի՞նչ է վիզդ, կարապ ե՞ս։ Իսկ ականջներիցդ լույսն այնպես է թափանցում, որ կարծես կարմիր լապտերներ ես կախել։ Բայց մի վախենար, դու դարձյալ սիրուն ես, այնքան սիրուն ու նազելի, որքան... Ելիսաբեթը։ «Ելիսաբե՛թ, Ելիսաբե՛թ, դու խլեցիր ինձնից իմ դրախտը, որպեսզի...»:
Վահանը վեր կացավ, մատով կամաց խփեց քրոջ կզակին, ծիծաղեց և մոտեցավ լուսամուտին։
Երկինքն երեկվա պես մաքուր էր ու բարձր, արևը նույնպես թափում էր ներքև իր տաք ու պայծառ շողերը։ Դիմացը գտնված տան բաց պատուհաններից, վերին հարկում, դաշնամուրի ձայներ էին գալիս, պեդալի կրծքային թախծալի հնչյուններով հարուստ։ Այդ պատուհաններից մեկի վրա դրված էր կլոր ու բարձր մի վանդակ, որի մեջ ճախրում էր մի դեղձանիկ` առանց ձայն հանելու:
Վահանը ձեռքով արավ քրոջը։
Արի այստեղ։
Մանեն մոտեցավ նրան։
Տեսնո՞ւմ ես այն դեղձանիկը վանդակի մեջ։ Ինչքա՜ն նման է քեզ... այն տարբերությամբ միայն, որ դու ինքդ ես լալիս, իսկ նրա տեղ լաց է լինում դաշնամուրի պեդալը։
Մանեն ոչինչ չասաց, միայն հարցրեց.
Այսօր ճաշին մեր տանն ես, չէ՞։
Թե որ ուզում ես, կմնամ։
Մենք պաս ենք պահում այս շաբաթ, կուզե՞ս քեզ համար ուտիսվա բան պատրաստել տամ։
Ոչինչ չի հարկավոր։ Այս մի օրը լոբի ուտելով քո չափ չեմ լղարիլ մի վախենալ։ Այս սկեսուրդ չէ՞, որ գալիս է։ Այն ծերունին ո՞վ է հետը։ Կասես Բադամյանի հորեղբայրը լինի:
Այո, նա է։
Ժամիցն են գալի՞ս։
Այո։
Ի՜նչ գտել են իրար։ Խե՜ղճ մարդ։ Տես, է՜։ Sic transit gloria mundi... Ի դեպ, այդ Բադամյանները ի՞նչ ազգական են ամուսնուդ։
Սկեսուրս այդ ծերունու քրոջ տալի աղջիկն է։
Է՜, այդ շատ հեռու գնաց։ Այդպես որ գնանք, ես ու դու էլ դալայ-լամայի ազգական դուրս կգանք։
5
ներս մտան Օսանն ու Զաքարը։ Զաքարը, նախասենյակում հանել էր հնամաշ վերարկուն, որի տակ հագած էր աստված գիտե քանի տարվա երկարափեշ մի սյուրտուկ խիստ կեղտոտ ու ճմռված։ Անդրավարտիքի կարճ տոտերից մեկը, ինչպես միշտ, ներս էր պրծած կիսակոշիկի լայնացած ճիտը, որի ականջի մի ծայրը պոկվել և կախ էր ընկել երկարումեկ։
Օսանը խիստ ուրախացավ, որ Վահանին տեսավ, բայց և բավական հանդիմանեց նրան, որ քրոջը մոռացել է։
Բաս ինչպիսի՞ եղբայր եմ, որ չմոռանամ, նկատեց Վահանը կատակով։ Ո՞նց ես, ո՞նց, խնամի, դու ա՛յդ ասա։ Պառավել ես։
Հա՛, որդի ջան, պառավել եմ։ Գլխիս ջլերր թուլացել են։ Աչքերիցս էլ ջուր է գնում։
Ժամիցն ես գալիս, ողորմած կենա։
Այն ժամը պահի քու արևը, որդի ջան։
Պարոն Զաքա՞ր։ Դո՞ւ ոնց ես։ Դու խո բոլորովին պառավել ես։
Բաս ուզում էիր, որ ջահելանա՞մ, հերդ լուս դառնա։ Ես ա՛յն ցավն ու դարդն եմ տեսե՞լ։
Հա՞յ գիդի հա՛։ Միտդ է, որ Գևորգ աղի քարվանսարում ապրանքի հակերի գլխին կանգնած, տեր-ողորման ձեռիդ. մեկ-մեկ բաց անել էիր տալիս ու...
Թո՛ղ, թո՛ղ, շտապով ընդհատեց Վահանին ծերունին։ Այդ բաները մի՛, միտս մի՛ բերի։
Ավա՜ղ, փառացն անցավորի, չէ՞, պարոն Զաքար։ Պառավներդ որ չլինեք, մեր ժամերը խո փակվեցի՞ն։ Հը՞, պարոն Զաքար։
Է՛լի որ, է՛լի որ, պնդեց ծերունին։ Թե որ աստվածապաշտություն մնացել է, էլի պառավներիս մեջ է մնացել։ Ջահելներդ եք, որ ոչ աստված եք ճանաչում, ոչ Քրիստոս։
Բաս հոգին սո՞ւրբ։
Ոչ էլ հոգին սուրբ։
Դե ո՞նց անենք, պարոն Զաքար, ասում են աստված չկա։
Իհարկե. որտեղ սատանա կա, այնտեղ աստված ի՞նչ ունի։
Վահանը ծիծաղեց։
Ասում են սատանա էլ չկա ախր։
Ասո՜ւմ են, ասո՜ւմ են... Ո՞վ է ասում։ Բաս ջահելներդ ի՞նչ եք, որ սատանա չեք։ Հիմիկվա ամեն մի ջահելի փորում մի-մի սատանա կա պպզած։
Բաս իմ փորումը երկուսն էլ կլինի, չէ՞, պարոն Զաքար։
Օսանն ու Մանեն ծիծաղեցին։ Զաքարը, որը խոսում էր ամենայն լրջությամբ, իր թավ հոնքերի տակից նայեց Վահանի ահագին փորին և նույնպես սկսեց ծիծաղել զառամյալ ծերունու անձայն ու դողդող ծիծաղելով։
Երեքն էլ կլինի ու, նկատեց նա։
Ղորթ, ինչ չաղացել ես, Վահան, աչքով չտամ, ասաց Օսանը։ Քույրդ է՞, քանի գնում՝ լղարում է։
Թող մի-երկու սատանա կուլ տա, նա էլ կչաղանա։ Չէ՞, պարոն Զաքար, հարցրեց Վահանը և նստեց ծերունու կողքին։ Նա ձեռք առավ Զաքարին և էլ բաց չթողեց նրան։ Գիտեր ամենքին հարմարվելու և ամենքի հետ խոսելու ձևը և խոսակցին գրավելու կախարդական մի ուժ ուներ։
Ճաշի սկիզբը, Վահանի շնորհիվ, անցավ ամենաուրախ տրամադրության մեջ։ Մանեն սիրով նայում էր եղբոր մշտածիծաղ աչքերին, դիտում նրա հանգիստ, ինքնավստահ շարժումները և անդադար քրքջում նրա կատակների վրա։ Նույնիսկ Զաքարը, որ թե՛ ծերությունից և թե՛ վշտից, ըստ երևույթին, առմիշտ կորցրել էր ծիծաղելու ընդունակությունը, նա էլ ծիծաղի նման ինչ-որ անորոշ ձայներ էր արձակում անատամ բերանից։ Իսկ Օսանն ուղղակի չէր կարողանում կարգին ճաշել շատ ծիծաղելուց և թաշկինակով անդադար սրբում էր աչքերից գլգլացող ջուրը։
Չնայելով իր հսկա մարմնին, Վահանն ուտում և խմում էր համեմատաբար չափավոր կերպով։ Պասվա կերակուրները չէին դրա պատճառը և ոչ էլ այն, որ նա շատ ուտելու պահանջ չէր զգում, ընդհակառակը, այլ ա՛յն, որ բժիշկները պատվիրել էին շատ չուտել։ Մինչդեռ Զաքարը չտես մարդու ագահություն էր ցույց տալիս։ Եվ իսկապես, երբեմն լավ ուտել-խմելուն սովոր, այժմ շատ հազիվ էր պատահում, որ նա կուշտ փորով հաց ուտեր։ Այդ բանը գիտեր Մանեն, գիտեր, որ Զաքարը, ինչպես միշտ, այս անգամ ևս եկել էր իրենց տուն հատկապես իր քաղցած փորը կշտացնելու համար, ուստի նրա հոգացողության գլխավոր առարկան այն էր, որ առատ կերպով կերակուր ու գինի մատակարարե այդ դժբախտ ծերունուն, մանավանդ գինի, դեպի որը առանձին թուլություն ուներ ծերունին։
Զաքարի հետ կատակներ անելիս Վահանը խոսք բաց արեց նրա եղբոր որդու՝ Աշոտ Բադամյանի մասին։ Ծերունին բորբոքվեց։ Գինին արդեն ընկել էր նրա գլուխը։ Նա ասաց, որ իր եղբոր որդու անունը չտան, որ Աշոտը «փարմասիոն» է դառել. ժամ չի գնում, չի հաղորդվում, ուշունց է տալիս կաթողիկոսին, հակառակ է Գրիգոր Լուսավորչի հավատին, եկեղեցին ուզում է քանդել, պսակը հիմար բան է համարում, մարդ ու կնոջ քարոզում է, որ իրարից բաժանվեն և ում հետ ուզում են՝ նրա հետ ապրեն և ուրիշ «այդ տեսակ բաներ»։ Օսանը լսում էր նրան զարմանքով, իսկ Վահանը զվարճանում էր ծերունու բորբոքման վրա, անդադար խթխթում նրան և ծածուկ աչքով անում քրոջը։ Մինչդեռ այդ անսպասելի միջադեպը հանկարծ փոխել էր Մանեի ուրախ տրամադրությունը։ Նրան այլևս դուր չէին դալիս եղբոր կատակները և ամեն անգամ, երբ Վահանը բորբոքում էր պակասամիտ ծերունուն իր եղբոր որդու վրա ավելի խիստ բառերով հարձակվելու, Մանեն չէր կարողանում զսպել իրեն, որ հանդիմանական հայացքներ չձգե եղբոր վրա։
Երբ սեղանը հավաքեցին, Զաքարը պարզապես արբած էր. այնպես որ, երբ վեր կացավ, քիչ մնաց վայր ընկներ։ Վահանը բռնեց նրա թևից և տարավ պառկեցրեց փոքրիկ թախտի վրա, իսկ Մանեն մի բարձ դրեց նրա գլխի տակ։ Ծերունին միանգամայն թուլացած՝ ինչ-որ մրթմրթաց, ըստ երևույթին օրհնեց քույր ու եղբոր ցույց տված հոգացողությունը և գրեթե իսկույն էլ քնեց, խաղաղ փսփսացնելով քթածակերից: Օսանը նույնպես, իր սովորության համաձայն, հեռացավ իր սենյակը մի քիչ «հանգստանալու», որպեսզի երեկոյան դարձյալ ժամ գնար։ Իսկ քույր ու եղբայր առանձնացան հյուրասենյակը։
Վահանը թիկն էր ավել ասեղնագործ թավշյա բարձիկներով և մետաքսյա մութաքաներով զարդարված բազմոցի վրա և ծխում էր բերանից անպակաս սիգարը։ Ճաշից հետո մի տեսակ ծուլություն էր տիրել նրա բոլոր անդամներին, և նա ընկած էր բազմոցի վրա ծանր ու անշարժ, նեղվելով իր չաղությունից։ Ճաշասենյակի բաց դռնից լսվում էր պատի ժամացույցի լեզվակի թիք-թաքը։ Այդ թիք-թաքը, ճաշից ծանրացած ստամոքսը, շուրջը տիրող անդորրությունը և բավական տաք օդը քուն էին բերում նրա վրա։
Մանեն նստած էր լուսամուտի առաջ և մտախոհ նայում էր դեպի փողոց։ Փողոցում, ուղղակի լուսամուտի տակ, ցցված էր հեռախոսի սյուներից մեկը, որի վրայով անցնող կարմրավուն երկաթալարերը մի տեղ շողշողում էին արևի տակ։ Փողոցը խաղաղ էր. հեռվից միայն լսվում էր երբեմն-երբեմն տրամվայի զանգակի ձայնը։ Այս սենյակից ևս երևում էր դիմացի տան պատուհանի վրա դրված վանդակը, որի մեջ դեղձանիկն առաջվա պես լուռ ճախրում էր թառերի վրա վերևից ներքև և ներքևից վերև աստիճանական կարգով։ Մանեն հիշեց եղբոր համեմատությունը և զարմացավ, թե որքան ճիշտ կերպով ըմբռնել էր նա իր դրությունը։ Մի՞թե, հիրավի, ինքը նման չէ այդ խղճուկ թռչնակին։ Փակված, միշտ փակված, ցմահ փակված, միշտ ձգտելով դեպի ազատություն և միշտ էլ անկարող լինելով իրագորձել իր այդ ձգտումը։ Վանդակի ցանցերը չեն միայն, որ խանգարում են նրան, այլև սովորությունը, անվստահությունը, վախը և ցանցերից այն կողմը գտնված անհայտությունը խորհրդավոր ու ահավոր, ինչպես ամեն մի անհայտություն։ Բաց արա վանդակի դռնակը, և թռչնակը դեպի ազատությունն ունեցած իր բոլոր ձգտումով հանդերձ թերևս դուրս չգա այնտեղից և խցկվի մի անկյուն՝ վախեցած այն ահավորությունից, որ ներկայացնում է դռնակից դուրս ազատության անհայտը.․․
Ճիշտ որ աննախանձելի պիտի լինի դրությունդ...
Մանեն ցնցվեց և արագորեն նայեց եղբորը զարմացած, թե մի գուցե այն, ինչ-որ մտածում էր, արտահայտել էր խոսքերով։
Վահանն առաջվա պես թիկն էր տված հանգիստ, նայում էր ատամների մեջ բռնած սիգարի մոխրածածկ ծայրին և խաղացնում էր մի ոտը՝ մյուս ոտի ազդրին դրած։
Այս է, է՛լի, էն շրջանը, որի մեջ ապրում ես... այդ երկու պառավները, շարունակեց նա։ Բայց չէ՛, այնտեղ կան ուրիշներն էլ. fin de siecle կամ, ինչպես կասի պոլսեցին՝ դարավերջիկ օրիորդ Սոլիկյան, նրան սրտակից և, եթե չեմ սխալվում, կենակից Նասիբյանը, հետո... ամենամեծ ռահվիրաներից մեկն առաջադիմականների բանակում Բադամյան․․․ Երկու կողմից էլ քվինթ-էսենցիա։ Սրանք ա՛յս են փչում մի ականջումդ, նրանք մի ուրիշ բան են զռզռացնում մյուս ականջումդ։ Մի կողմից՝ ժամ ու պատարագ, Աստված ու Քրիստոս, պաս ու հաղորդ, դժոխք ու սատանա. մյուս կողմից՝ «փարմասիոնություն», եկեղեցու կործանում, լայն, հանրամարդկային գաղափարներ, ապահարզան՝ ազատ սեր, առաջադիմություն և ես ի՞նչ գիտեմ՝ ուրիշ ի՛նչ քար ու քացախ... Եվ եթե այս բոլորի վրա ավելացնենք քո վառ երևակայությունը, որ երբեմն էկզալտասիոնի է հասնում, այն ժամանակ...
Վահանը բերանից հանեց սիգարը և նայեց քրոջը։
Ճշմարիտ, ես շատ եմ հետաքրքրվում և կուզեի իմանալ, թե ինչ է քո դերը երկու հակառակ բևեռների մեջ։
Մանեն չկարողացավ դիմանալ եղբոր հետաքնին հայացքին և ակամա խոնարհեց աչքերը։ Նա այժմ, չգիտեր ինչու, վախենում էր եղբոր հոտառությունից։
Չգիտեմ, արտասանեց նա կամաց։
Վահանն ուսերը թոթվեց և հորանջեց։
Չգիտեմությո՜ւն... Բավական նախանձելի դրություն։ Մեր ժամանակ փիլիսոփաներն են միայն, որ տալիս են այդ պատասխանը կյանքի և մահվան առեղծվածի առաջ կանգնած։ «Չգիտեմ»։ Ողորմելի՜ պատասխան, հավասարակշռությունը չգտնող հոգիների պատասխան, ինչպես ժամացույցի հարատև տատանվող լեզվակի միակերպ թիք-թաքը. լսի՛ր (Վահանը մատով ցույց տվեց ճաշասենյակի դուռը), կարծես թե հարցնում է տարակուսանքով՝ ո՞ր կողմը, ա՞յս, թե՞ այն, ա՞յս, թե՞ այն, և ինքն էլ պատասխանում է իրեն բութ հուսահատությամբ՝ չգի՛-տեմ, չգի՛-տեմ, չգի՛֊տեմ... թի՛ք-թաք, թի՛ք-թաք, թի՛ք-թաք... Անիծածը խոսում է կարծես։ Իսկ ես գիտե՛մ, ոչ այս և ոչ այն կողմը, այլ ուղղակի մեջտեղը, ուրեմն՝ ստո՛պ, կանգնիր։
Բայց այն ժամանակ լեզվակն այլևս չի խոսիլ, և ժամացույցը կմեռնի..
Վահանը նայեց քրոջ խորհրդավոր աչքերին, ըստ երևույթին հանկարծակիի եկած նրա այդ անսպասելի պատասխանից, հետո հանկարծ ծիծաղեց։
Մարդ լսի, կասի՝ քույր ու եղբայր այս ի՜նչ նրբազնին խոսակցությամբ են զբաղված։ Շատ մարդկանց ուղեղը զարգանում է երբեմն հիմարություններ դուրս տալու համար։ Ով ճաշից հետո զվարճալի բաներով կզբաղվի, որ կերածը լավ մարսի, մենք... փիլիսոփայություններով ենք զբաղվում։ Լեզվակն այլևս չի խոսիլ, ժամացույցը կմեռնի... Ռուսի չորտն է խաբար ինչե՜ր ենք դուրս տալիս... լոբի ուտելուց հետո։
Եվ Վահանը սիգարը նորից բերանը դրեց, երեք բարձիկ իրար վրա հավաքած, քաշեց գլխի տակ ու երկարումեկ ձգվեց բազմոցի վրա երեսն ի վեր։ Նա աչքերը ձգեց առաստաղից կախված ջահին, որի ապակյա գինտերը տեղ-տեղ պլպլում էին շողակնի երանգներով, և նորից սկսեց ականջ դնել ժամացույցի քնաբեր թիք֊թաքին։
Զարմանում եմ, որ դաշնամուր չես պահում, ասաց նա, աչքերը հեռացնելով ջահից և ման ածելով ընդարձակ հյուրասենյակի մեջ։ Այս րոպեիս ամենայն հաճությամբ կլսեի որևէ պոպպուրի կամ վալս, չքնելու համար։ Բայց չէ՛, այնտեղ ննջում են երկու անտիկ պառավներ, նրանց քունը կխանգարվի։ Իսկ ես... (Վահանը նորից հորանջեց առաջվանից ավելի երկարատև) ես էլ կքնեմ, ինչպես երևում է նշաններից։ Իսկ դու... դու կմնաս արթուն... ժամացույցի լեզվակի պես... Տես է՞, ինչ մյուզիկ է սարքել մեր sic transit-ը... Աստվածդ սիրես, փակիր այն դուռը։
Մանեն վեր կացավ և կամաց փակեց ճաշասենյակի դուռը, որտեղից լսվում էր Զաքարի կերկերաձայն խռմփոցը երբեմն այնքան տարօրինակ ու ընդհատվող, որ թվում էր, թե ծերունին խեղդվում է։
Ապշում ես, թե այս ի՜նչ արարած է մարդ կոչված անասունը, ասաց Վահանը։ Մի հարցնող լինի այդ ծերունուն՝ էլ ի՞նչ ունիս, որ ապրում ես, ինչո՞ւ ես ապրում, ո՞ւմ համար ես ապրում, ի՞նչ ես սպասում աշխարհից... Եվ դեռ դատում է, վիճում, բողոքում, զայրանում․․․ Չես հասկանում, է՛լի, չես հասկանում․․․ Բայց քո այդ պարոն Աշոտ Բադամյանին ասա՝ ինչ ուզում ես գրիր, ինչ ուզում ես քարոզիր, միայն թե քաղցած մի պահիր այդ ողորմելի ծերունուն, լավ չէ... Հա, քեզ չե՞մ պատմել: Սրանից վեց տարի առաջ, Մոնպելիեից որ վերադառնում էի հայրենիք, Պարիզում հանդիպեցինք իրար։ Հարյուր ֆրանկ փոխ ուզեց տվի, բայց մինչև օրս էլ թե պետք է ստանամ։ Մինչև այժմ չեմ հիշեցրել, բայց այս անգամ որ տեսնեմ կասեմ։ Էլ ձեր տուն չի՞ գալիս, առաջվա պես։
Գալիս է։
Կասեմ, անպատճառ կասեմ, կրկնեց Վահանը։ Վեց տարին կարծեմ բավական է։ Ազատամտությամբ զբաղվելը լավ բան է, բայց պարտքի վճարումն էլ խո պախարակելի բա՞ն չէ։ Մեր գյուղում մի մանրունք ծախող ունինք, գավառից ոտը դուրս չի դրել, բայց այնքա՜ն թունդ ազատամիտ է, որ քարի վրա դնես, քարը կճաքի։ Գլադստոնից ու Պառնելից է խոսում, իսկ Բիսմարկին որ ճանկը գցեն, չի խնայիլ նրա քաչալ գլխի երեք հատիկ մազերից մեկն անգամ այնքան թունդերիցն է։ Նրանից որևէ բան առնելիս, երբ կասկածում եմ ապրանքի որակության վրա, մինչև որ Բադամյանի արևով չեմ երդվեցնում, չեմ հավատում, թեև Բադամյանի երեսը չի էլ տեսել։ Մի անգամ ասացի նրան, որ Բադամյանը հարյուր ֆրանկս ուտում է։ Ֆո՛հ, պետք է տեսնեիր ի՛նչ օյիններ հանեց գլխիս։ Ուժը պատեր, հում-հում կուլ կտար։ Ասենք, Նասիբյանն էլ պակաս հեղինակություն չի վայելում գավառում։ Նրա հոդվածները... Տեր իմ ամենակալ, այդ ի՞նչ հոդվածներ են։ Թանաքո՞վ է գրում, թե արյունով։ Որքան կրակ ու եռանդ, որպիսի՛ շանթ ու կայծակ։ Երբեք մտքիցս չի անցել Պառնելի մահվան առթիվ գրած նրա մի հոդվածը։ Երևակայիր, մարդն Իռլանդիայի «անթագ թագավոր» էր կոչվում, և հանկարծ խավարամիտ Ալբիոնը նրան այն դրության է հասցնում, որ խեղճը ստիպված է լինում անձնասպանություն գործել։ Պատճա՞ռը։ Որովհետև սիրելիս է լինում Օշի անունով ինչ-որ մի կապիտանի կնոջ սարսափելի մի հանցանք, որ ո՛չ մի կերպ չի ուզում ներել նրան «չոպոր» անգլիացին, «բուրժուական մորալի այդ տիպար ներկայացուցիչը»... Օ՜, Բրիտանիա, Բրիտանիա, որ իմանաս ինչպիսի՜ քնձռոտ մկներ են կրծում քեզ... է՜...
Այդ «է»-ն Վահանի բերանում փոխվեց երկարատև մի հորանջի, իսկ այդ հորանջի շարունակությունն եղավ ժողովրդական երգի մի երկտողյանը՝
Էս ինչ խարաբ դարու հասանք, հարալե:
Երգը նորից փոխվեց հորանջի, առաջվաններից ավելի երկարատև և նյարդային։
Առ այս սիգարը, քունս արդեն տանում է, ասաց Վահանը։
Մանեն եղբոր ձեռքից առավ հանգած սիգարը, դրեց մոխրամանի մեջ և հարցրեց.
Կուզե՞ս բան ծածկեմ։
Որ տապակվե՞մ։ Ոչինչ հարկավոր չէ։ Միայն շատ չթողնես, որ քնեմ։ Մի ժամից վեր կացրու։
Վահանը քնեց հենց այնպես, ինչպես որ պառկած էր, երեսն ի վեր, և քնելուն պես սկսեց խռմփացնել, սկզբում թեթև, հետո ավելի ու ավելի ուժգին։ Առանց այն էլ նա կարծես թե վիզ չուներ, իսկ այժմ, պառկած դրության մեջ, նրա վիզը բոլորովին կորել էր և վզի տեղ դուրս էին պրծել նրա չաղ մսերը կրծքի և ուսերի վրա։
Մանեն նորից նստել էր լուսամուտի մոտ, նայում էր դիմացի տան պատուհանի վրա վանդակի մեջ փակված թռչնակին, ականջ էր դնում եղբոր խռմփոցին և այնպիսի սաստիկ ձանձրույթ էր զգում, որ կարծում էր, թե սրտի վրա նստել է տղմի պես մի բան ծանր ու ճնշող...