Նար-Դոս

Նունե

Զ, Է

Գրիգոր Սեյրանյանը, ինչպես մենք արդեն ասացինք, գնաց Պետերբուրգ Նունեի տված գումարով։ Նա մտավ այնտեղ համալսարան։ Մենք երկար և բարակ չենք խոսիլ նրա հինգ տարի այնտեղ վարած կյանքի մասին, այսքանս միայն կասենք, որ նա մինչև ավարտելը բնակում էր յուր ընկերոջ մոտ, որ կանչել էր նրան նամակով և առաջարկել էր յուր օգնությունը։ Նա ամբողջ հինգ տարի ապրում էր յուր ընկերոջ ծախքով և Նունեի երբեմն-երբեմն ուղարկած փողով։ Նրանք շատ հասարակ կյանք էին վարում, ինչպես այդ վայել է աղքատ և համեստ ուսանողներին։ Անհուն երախտագիտությամբ լցված էր Սեյրանյանի սիրտը դեպի յուր մեծահոգի ընկերը և Նունեն, որոնց միայն նա պարտական էր յուր ներկա վիճակով և պարտական պիտի մնար միանգամայն մինչև յուր վերջին շունչը, որովհետև դրանք միայն հանեցին նրան այն նեղ անտանելի դրությունից, որից դուրս գալու համար, բացի մահը, նա ուրիշ ելք չպիտի ունենար, և դրանք էին միայն այժմ նրա միակ բարեկամ ու խնամատարները։

Սեյրանյանի և Նունեի մեջ անընդհատ նամակագրություն կար։

Ինչպես Սեյրանյանը, նույնպես և նրա ընկերն ընտրել էին բժշկական մասնաճյուղը։

Նրանց նպատակը մեկ էր՝ գործել հայրենիքում։ Ամառվա արձակուրդներին նրանք չէին վերադառնում, որովհետև ճանապարհածախսի համար ահագին գումարներ էին հարկավոր, իսկ նրանք աղքատ էին։ Ավելորդ է ասել, թե ինչպես ցանկանում էր Սեյրանյանը տեսնվել յուր սիրելիի հետ։

Ընկերը Սեյրանյանից մի տարով առաջ ավարտեց, որովհետև նրանից մի տարիով առաջ էր մտել համալսարան։ Ավարտելուն պես նա գնաց յուր հայրենիքը և Սեյրանյանին խոստացավ, որ այնտեղից մինչև նրա ավարտելը, ապրուստի փող կուղարկի, և, որը համաձայն յուր խոստման, կատարում էր ճշտությամբ, բայց իհարկե այնքան, որքան յուր աղքատ միջոցներն էին ներում։ Նունեից նույնպես Սեյրանյանը ստանում էր փող։

Հասավ և Սեյրանյանի ավարտելու ժամանակը։ Նա վերջնական քննությունը տվավ յուր մասնագիտության մեջ և ստացավ բժշկի դիպլոմը։ Ավելորդ է ասել, թե որպիսի ուրախությամբ պիտի հայտներ այդ և դրա համար յուր շնորհակալությունն յուր երկու բարեկամներին Նունեին և ընկերոջը Առաջինին նա կամեցավ յուր բերանով հայտնել այդ ուրախ լուրը, իսկ երկրորդին հեռագրեց իսկույն։ Նրա ընկերը այդ ժամանակ գտնվում էր մեր հիշած ամառանացում. նա շատ ուրախացավ Սեյրանյանի ավարտելու լուրը լսելով և անհապաղ ճանապարհածախս ուղարկեց նրան ու խնդրեց, որ Թիֆլիսից անցնելու միջոցին իրեն էլ հանդիպի։

Սեյրանյանր վաղուց էլ այդպես էր մտադիր անելու։ Նա ճանապարհ ընկավ և նախքան Թիֆլիս գնալը, նա անցավ ամառանոցի կողմը, որ գտնվում էր յուր ճանապարհի վերա, նրան մեծ ուրախությամբ հանդիպեց ընկերը և խնդրեց նրանից, որ մի քանի օր յուր մոտ մնա, Սեյրանյանը չէր կարող յուր խնամատար-բարեկամի խնդիրը մերժել, թեպետև նա խիստ ցանկանում էր շուտով տեսնվել Նունեի հետ։ Նա համաձայնվեցավ երեք օր մնալ նրա մոտ։

Չնայելով, որ Սեյրանյանի ընկերը նորավարտ բժիշկ էր, բայց յուր խելքով, հմտությամբ և չափից դուրս բարի բնավորությամբ մեծ անուն էր հանել ամբողջ ամառանոցում։

Մի օր էր անցել, ինչ Սեյրանյանը ամառանոցումն էր գտնվում։ Երեկո էր, հիանալի, սքանչելի երեկո։ Ընկերը հիվանդի այցելության էր գնացել, Սեյրանյանը տանը մենակ նստած՝ մտածում էր Նունեի վերա... Ո՜րպիսի անհամբերությամբ նա սպասում էր այդ երկու երկար օրերի վերջանալուն... Որպիսի երջանկությամբ և միևնույն ժամանակ երախտագետ սրտով նա պիտի ընկներ յուր նազելի Նունեի առաջ և անկեղծ սրտից դուրս պիտի բխեր յուր անսահման շնորհակալության հավաստիքը... Նա կարծում էր, որ անցել է արդեն յուր տանջանքների, թշվառության ժամանակը և այնուհետև բախտը նորից պիտի ժպտար նրան... Եվ նա հիշում էր Նունեի խոսքերը. «Այո՛, Գրիգոր, գյուղը քաղցր է... ինչո՞ւ ես էլ գեղջկուհի չեմ ծնված... ես էլ կօգնեի... ես էլ կգործեի... քեz հետ... միասին»... Սեյրանյանը հիշեց և՛ նրա վերջին խոսքերը, որ ասաց նա հինգ տարի առաջ՝ անջատման րոպեին. «Եթե կենդանի մնացինք, մենք դարձյալ կտեսնվենք և... և... այնուհետև արդեն երջանիկ կլինենք...»։

Սիրելի՛ս... ակամայից դուրս թռավ ինքնամոռացության մեջ ընկած Սեյրանյանի բերանից և նույն րոպեին դուռը բացվելով, ներս մտավ մեզ ծանոթ աղախինը: Նա կամենում էր Սեյրանյանի ընկերոջը։

Սեյրանյանը հայտնեց, որ ինքն էլ բժիշկ է և որ յուր ընկերոջ բացակայության պատճառով պատրաստ է ինքը գնալու հիվանդի մոտ։ Աղախինը առանց այլևայլության խնդրեց նրան, որ շուտով հետևի իրեն: Սեյրանյանը ծածկեց գլխարկը և դուրս գնաց նրա հետ։ Նա ի՞նչ գիտեր, թե այդ րոպեին ո՞ւմ մոտ էր գնում և կամ անողորմ բախտն ի՞նչ էր պատրաստում նրա համար... Նա դողում էր հիվանդի տան սանդուղքներով բարձրանալիս, որովհետև կյանքի մեջ գործելու այդ առաջին փորձը պիտի լիներ։ Աղախինը բացեց դուռը, և նա ներս մտավ սենյակը, որտեղ մահճակալի վերա պառկած էր հիվանդ կինը։

Է

Սեյրանյանը խելագարի նման առավ Նունեի ոսկրացած ձեռքը և մոտեցրեց յուր շրթունքներին։

Նունե՛, Նունե՛... վա՜յ ինձ, այս ի՞նչ դրության մեջ եմ տեսնում ես քեզ... կրկնում էր նա անդադար հուսահատությամբ։

Նունեն որովհետև հիվանդն իսկապես նա էր նշան արավ, որ իրեն վեր կացնեն։ Աղախինը, որ ներկա էր այդ տեսարանին և բոլորովին զարմացած նայում էր բժշկին, օգնեց նրան նստելու։ Հիվանդը նստեց և մեծ քնքշությամբ, սիրով ու կարոտով նայեց բժշկի ծանոթ աչքերին, և նրա դեմքի վերա դարձյալ մի ժպիտ փայլեց։ Հետո նա ձեռքով նշան արավ, որ աղախինն իրենց մենակ թողնի։

Աղախինը մի անգամ էլ զարմացմամբ նայեց բժշկին և դուրս գնաց։

Հիվանդը, աղախնի գնալուց հետո, նշան արավ, որ բժիշկը նստի։ Սեյրանյանը մեքենայաբար նստեց մահճակալի մոտ դրված բազկաթոռի վերա և առավ նրա ձեռքը։

Անգին իմ Նունե՛, հոգիս, ասա, այդ ի՞նչ է քո դրությունը... Մի՞թե իսկապես այդ դու ես, թե ես երազումս եմ միայն քեզ այդպես տեսնում, խոսեց ողորմելի ձայնով բժիշկը։

Դու այս չէի՞ք սպասում, չէ՞, Գրիգոր, ասաց հիվանդը կտրատված ձայնով և հազիվ բառերը արտասանելով։

Ես մի րոպե, մի վայրկյան անգամ կարծել... երևակայել չէի կարող, որ դու երբևիցե այդ դրության մեջ կարող ես լինել, անգի՛ն իմ Նունե... Դու այդ մասին ինձ ոչինչ չէիր գրում... Իսկ ես նկատում եմ, որ դու վաղուց ի վեր տանջվում ես այդ ցավով... Բայց ինչի՞, ինչի՞ էիր լռում այդ մասին, անգի՛ն իմ Նունե...

Հիվանդը դարձյալ ժպտաց։ Նա միշտ նայում էր բժշկի դեմքին։

Այդ... հետո կիմանաս, Գրիգոր, ասաց և ձեռքը մեկնելով դեպի սեղանն, ավելացրեց, այնտեղ թուղթ կա... վերցրու և պահիր... տանը կկարդաս և... ամեն ինչ կիմանաս... գնա, վերցրու։

Սեյրանյանը վեր կացավ, վերցրեց սեղանի վրայից պոստի երկու մեծադիր թերթ, որոնց վերա փոքր-ինչ առաջ գրում էր հիվանդը, և առանց նայելու անգամ նրանց վերա, մեքենայաբար պահեց յուր ծոցում և նստեց դարձյալ յուր առաջվա տեղը։ Նա անպատմելի վշտով նայում էր հիվանդի ներս ընկած և հիվանդությունից ավելի մեծացած աչքերին։

Ես այդ նամակը... պիտի ուղարկեի քեզ, խոսեց նորից հիվանդը թույլ և շնչարգել ձայնով, բայց դրան... վերջացնել չկարողացա... Ես այս առաջին անգամ... ուղարկեցի բժշկի հետևից... որպեսզի... նա ինձ մի այնպիսի դեղ տար, որ... ես փոքր-ինչ... ույժ ստանայի... վերջացնեի այդ նամակը և... ուղարկելով քեզ... այնուհետև հանգիստ մեռնեի... Բայց աստված... այնքան ողորմած է... որ անլսելի չթողեց... իմ աղոթքը... նա ուղարկեց քեզ ինձ մոտ... որպեսզի... վերջին անգամ տեսնեի քեզ... Եվ դու... վերջին գրելու խոսքերս... իմ բերանից լսեիր։

Նա հոգնեց և լռեց։ Սեյրանյանն անհագ կերպով լսում էր նրան։

Մի րոպե սենյակում լռություն տիրեց, որի միջոցին հիվանդը՝ գլուխը կախ, կարծես մի բան էր մտածում։ Հանկարծ նա բարձրացրեց գլուխը և ժպտալով հարցրեց.

Դու ավարտեցի՞ր, Գրիգոր։

Այո... բայց ի՞նչ օգուտ... ինչի՞ս է պետք, անգին Նունե։

Այդ մի ասիր... դու հասար նպատակիդ... ես այժմ երջանիկ եմ... բայց ես ավելի երջանիկ եմ, որ քեզ... այժմ ինձ մոտ եմ տեսնում։ Մոտեցիր ինձ, Գրիգորս։ Սեյրանյանը թեքվեց դեպի նա, և հիվանդը յուր թույլ ձեռքերով փաթաթվեց նրա վզովը։ Օ՜, որքան քաղցր է այս, Գրիգորս... Այս մի րոպեն վարձատրություն է իմ սոսկալի տանջանքներիս... Մի կաթիլ արտասուք, Գրիգոր, և ես... ավա՜ղ, շատ երջանիկ կլինեմ։

Սեյրանյանը ոչ թե մի կաթիլ արտասուք թափեց, այլ լալիս էր դառնապես, նա զգում էր, նա հասկանում էր, թե որքան մեծ, դժվար և անտանելի է այդ կորուստը...

Այժմ ես ավելի քան հավատում եմ, որ դու ինձ դարձյալ սիրում ես, իմ Գրիգոր... շշնջաց հիվանդը համբուրելով նրա ճակատը և բաց թողնելով նրան։ Բավական է, Գրիգոր... սրբիր արտասուքդ։

Սեյրանյանը սրբեց յուր արտասուքը։

Հիվանդը կամաց ետ ընկավ բարձի վերա և փոքր֊ինչ լռությունից հետո, նայելով ուղղակի Սեյրանյանի աչքերին, խոսեց բոլորովին նվազ ձայնով.

Գրիգոր, ինձ շատ քիչ ժամանակ է մնում ապրելու... գուցե, մի քանի րոպե... Ես քեզանից մի բան պիտի խնդրեմ... հուսով եմ, որ դու կկատարես... դու պե՛տք է կատարես...

Հրամայի՛ր...

Լսիր։ Երբե՛ք մի հուսահատվիր... ես այդ միշտ քեզ ասել եմ, ասում եմ և այժմս կյանքիս վերջին րոպեներին... Քաջասիրտ եղիր միշտ... իմ մահից հետո ապրի՜ր... հասկանո՞ւմ ես, ապրիր... և ինձ վերա շատ մի՛ մտածիր... մինչև անգամ աշխատիր ինձ մոռանալ... Ախ... այո՛, մոռացիր ինձ, իմ Գրիգոր. որովհետև այդ քեզ համար լավ կլինի... Միևնույն է, մենք միմյանց համար չէինք ծնված... կկատարե՞ս, Գրիգոր։

Ես կուզեմ քեզ հետ մեռնել...

Ո՛չ, այդ վատ է, Գրիգոր... դու ինձ չես լսում, ասաց անբավական ձայնով հիվանդը։ Եթե դու ինձ սիրում ես, իմ խնդիրքս... այդ միակ խնդիրքս մահվան րոպեին չես մերժիլ... Ուրեմն կկատարե՞ս, Գրիգոր։

Բժիշկը լուռ էր։ Հիվանդը կրկնեց յուր հարցը։

Կկատարեմ... վերջապես կարողացավ արտասանել բժիշկը։

Հիվանդի մեռած դեմքը կենդանացավ.

Թեպետ ես քեզ հավատում եմ, Գրիգոր, բայց... երդվիր։

Բժիշկը կանգնեց և խոսեց ցավագին, դողդոջուն ձայնով։

Երդվում եմ այս սուրբ րոպեով, անգի՛ն իմ Նունե, որ ես անպատճառ կկատարեմ... ես ամեն կերպ կաշխատեմ կատարել քո այդ խնդիրքը, թեպետև, ավա՜ղ, ինձ մեծ, շատ մեծ ույժ է հարկավոր դրա համար... Այո՛, ես կապրեմ, ի՛մ Նունե, իմ բարերար, և կապրեմ ո՛չ թե երբևիցե քեզ մոռանալու, այլ միշտ ամեն րոպե, ամեն վայրկյան քեզ, քո արդար գործերը հիշելու, քո սուրբ անունդ օրհնելու և երախտապարտ, բայց վշտաբեկ, խորտակված սրտով աղոթելու քեզ համար...

Եվ հայրենիքիդ մեջ գործելու... կամաց, շատ կամաց ձայնով շշնջաց հիվանդը՝ նայելով անթարթ Սեյրանյանի աչքերի մեջ։ Գյուղի խաղաղության մեջ, այնտե՜ղ... հիշո՞ւմ ես... հիշի՜ր... չմոռանաս... Իսկ ե՞ս... ա՜խ, մարդի՜կ, մարդի՜կ...

Վերջին խոսքերի հետ նրա դեղնած դեմքը մի տեսակ ձգձգվեց, այլանդակվեց, աչքերը փայլեցին մի ինչ֊որ սոսկում ազդող փայլով, նա շարժվեց մի քանի անգամ, ձգձգվեց, խռխռացրեց, և աչքերը փակվելով, հանկարծ մնաց անշարժ, կարծես չորացած։ Նա մեռավ։

"Նունե" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Ջութակի կոնցերտ ռե մինոր
Արամ Խաչատրյան

Ջութակի կոնցերտ ռե մինոր

Կնոջ դիմանկար
Կնոջ դիմանկար
Խաղա առցանց