Նար-Դոս

Նունե

Գ

Գրիգոր Սեյրանյանը գյուղի հարուստ բնակիչներից մեկի որդին էր։ Փոքր հասակում ավարտելով գյուղական ուսումնարանը, նա ծնողների համաձայնությամբ գնացել էր Թիֆլիս՝ այնտեղի ուսումնարաններից մեկում յուր ուսումը շարունակելու համար։ Թիֆլիսում նա բնակվում էր յուր հորեղբոր այրի կնոջ մոտ, որ յուր չքավորության պատճառով ընդունել էր նրան իբրև մի հասույթավոր, և նրա ամեն պետքերը հոգալու համար ամսական բավական մեծ փող էր ստանում։ Թիֆլիս գալու առաջին տարին Սեյրանյանը մեծ հաջողությամբ պատրաստվելով մասնավոր ուսուցչի մոտ, մտել էր գիմնազիոնի երկրորդ դասատունը։ Նա շատ աշխատասեր էր և ամեն տարի փոխում էր դասատունը։

Սկզբի մի քանի տարիները նա մեծ դժվարությամբ կարողացավ յուր հորեղբոր այրի կնոջ ընտանիքում ապրել, որովհետև բացի այն, որ նրանք միասին ապրում էին միևնույն և այն էլ մի շատ փոքրիկ սենյակում, նա ստիպված էր պարապելու յուր հորեղբոր չար երեխաների ականջ խլացնող գոռում-գոչյունների մեջ, մյուս կողմից էլ, յուր հորեղբոր այրի կինը շատ վատ էր պահում նրան՝ չնայելով որ լրիվ ստանում էր յուր ամսականը։ Սեյրանյանը մտածեց, որ այդ ամսականով կարելի էր մի գեղեցիկ առանձին սենյակ վարձել և հանգիստ ապրել։ Նա նամակով խնդրեց այդ մասին յուր ծնողներին, ցույց տալով նրանց այն պատճառները, որոնք ստիպում են նրան թողնելու այդ ընտանիքը։ Ծնողները չափից դուրս սիրում էին իրենց միակ զավակին, ուստի և սիրով համաձայնեցան նրա հետ։ Սեյրանյանը անմիջապես ամսական հինգ ոուբլով վարձեց յուր համար մի առանձին սենյակ մի գեղեցկաշեն տան մեջ, որտեղ կային և ուրիշ շատ բնակիչներ։ Ծնողներից նա միանգամից հարյուր ռուբլի փող ստացավ, յուր համար շորեր և սենյակի կայք գնելու համար։ Նա շատ պարզ, բայց մաքուր կերպով զարդարեց յուր ուսանողական փոքրիկ սենյակը և այնուհետև բոլորովին հանգիստ ու ավելի մեծ եռանդով սկսեց պարապել դասերով։ Հայրը ամիսը մի երկու անգամ այցելում էր յուր սիրելի որդուն և ամեն անգամ նրան խրատներ էր տալիս։ Ի դեպ է ասել, որ Սեյրանյանը, չնայելով որ հինգերորդ տարին էր ինչ թիֆլիսումն էր, բայց այնուամենայնիվ նա դարձյալ պահպանել էր յուր գյուղական պարզությունն ու համեստությունը։ Բացի այդ, նա ի բնե ծանր բնավորության տեր, խելացի և միանգամայն շատ բարի ու ազնիվ տղա էր։ Նրան բոլորովին ծանոթ չէին Թիֆլիսի սովորող երիտասարդների մեծ մասի զվարճություններն ու ցոփակեցությունը։ Նա խորշում էր այդպիսիներից։ Ընկերները նրան միշտ ծաղրում էին ասելով, որ նա «էշ գյուղացի» է։ Բայց Սեյրանյանը ուշադրություն չէր դարձնում նրանց վերա։ Թեյը խմելուց հետո նա առավոտյան ժամը յոթ անց կեսին գնում էր գիմնազիոն։ Մի անգամ առավոտյան, սենյակի դուռը փակելուց հետո, երբ նա կամենում էր բակի դռներից դուրս գալ, տեսավ, որ վերին հարկի պատշգամբի սանդուղքներից, մի քանի տետրակ ձեռքին, իջնում էր մի օրիորդ դա մեզ ծանոթ աղա Յագոր Բուղդանիչի միակ աղջիկ Նունեն էր, որ նոր ավարտած լինելով տեղական հայ օրիորդական ուսումնարաններից մեկը, այժմ նույն ուսումնարանում ստորին դասարանում վարժուհու պաշտոն էր վարում։ Այստեղ նկատենք փակագծերում, որ տունը, որտեղ բնակվում էր Սեյրանյանը, պատկանում էր աղա Յագոր Բուղդանիչին։ Նրանց հայացքները հանկարծ հանդիպեցան միմյանց, և Սեյրանյանն ինքն էլ չհասկացավ, թե ինչի՞ նույն վայրկյանին յուր ամբողջ մարմնի միջով մի ինչ-որ սարսուռ անցավ։ Նա առհասարակ սովորություն չուներ երկար-բարակ դիտելու գեղեցիկ սեռին և այդ պատճառով, շտապով դուրս գնալով փողոց, գրեթե վազեց դեպի գիմնազիոն։

Այդ առաջին անգամն էր, որ նա տեսնում էր օրիորդին և, չնայելով, որ վայրկենապես միայն նայեցավ նրա վերա, բայց օրիորդի պատկերն այնպես էր դրոշմվել նրա ուղեղի վերա, որ բոլոր դասերի ժամանակ օրիորդը չէր հեռանում նրա մտքից։ Եվ նա չէր հասկանում, թե ինչ էր նշանակում այդ։

Դասերը վերջացնելուց հետո նա շտապեց դեպի տուն։ Նա չէր կարողանում ինքն իրեն հաշիվ տալ, թե ինչի՞ ինքն այնպես շտապում է։ Հասնելով իրենց փողոցը, նա տեսավ, որ փողոցի մյուս ծայրից գալիս էր Նունեն։ Նրանք, գալով հանդիպակաց կողմերից, հենց բակի դռների մոտ հանդիպեցան։ Օր. Նունեի և Սեյրանյանի հայացքները դարձյալ հանդիպեցան միմյանց... Օրիորդը կանգնեց, որպեսզի ճանապարհ տա Սեյրանյանին դռնից ներս մտնելու։ Սեյրանյանն էլ նույնն արավ։ Րոպեական շփոթությունից հետո, որի միջոցին նրանք երկուսն էլ սաստիկ կարմրել էին, օրիորդը շուտով ուշքի գալով՝ առաջինը շտապով մտավ բակը։ Սեյրանյանը մեքենայաբար հետևեց նրան և տեսավ, թե ինչպես, գրեթե վազելով, օրիորդը բարձրանում էր սանդուղքներով վեր։ Նա բացեց յուր սենյակի դուռը և մտավ ներս։ Նրա սիրտը սաստիկ բաբախում էր։

Այդ հանդիպումը մեծ ազդեցություն էր արել նրա վերա։ Նա այդ օրը ոչինչ չկարողացավ անել, մինչև անգամ մոռացավ ճաշելու գնալ, ինչպես գիմնազիոնից վերադառնալուն պես նա այդ անում էր ամեն օր։ Օրիորդի ամոթխած, սիրուն պատկերը մի րոպե անգամ չէր հեռանում նրա աչքի առաջից։ «Ի՞նչ եղավ ինձ, մտածում էր նա անդադար, մի՞թե սրանք են սիրահարության առաջին նշանները»։ Նա ծիծաղեց այս խոսքերի վերա և նստեց պարապելու։ Սակայն տողերի տեղ գրքի երեսների վերա նա օրիորդի, միշտ օրիորդի պատկերն էր տեսնում։ «Է՜հ, այս անտանելի է», կանչեց նա վերջապես և, վերարկուն ուսերի վերա գցելով, դուրս գնաց փողոց՝ ուղեղը մի փոքր հանգստացնելու համար։ Նա հանեց ժամացույցը և նայեց. «Վա՜հ, կանչեց նա զարմացած, արդեն երեկո է... տեր աստված, այս ի՞նչ է եղել ինձ, որ ես չեմ էլ իմանում, թե ինչպես է անցնում ժամանակը»։ Նա չկարողացավ զբոսնել, ներսից մի բան դեպի տուն էր մղում նրան։ Եվ նա վերադարձավ յուր սենյակը, բոլորովին հոգնածի նման ընկավ մահճակալի վերա և, գլուխը ձեռքերի մեջ սեղմելով, անդադար կրկնում էր. «Ես կխելագարվեմ... ես կխելագարվեմ»...

Շատ վատ անցկացրեց նա գիշերը։ Առավոտյան վաղ վեր կենալով, նա տեսավ, որ առանց հանվելու է քնել։ Նա դարձյալ ծիծաղեց յուր այդ արտասովոր վարմունքի վերա։ «Տեսնենք ինչո՜վ պիտի վերջանա այս հանելուկը», ասաց նա և լվացվեցավ։ Սառը ջուրը կազդուրեց նրա գրգռված ջղերն, և նա նստեց դասերը սովորելու։ Յուր ժամանակին բերին թեյ. նա խմեց հացով և, վերցնելով գրքերը, դուրս գնաց։ Նա ակամայից կանգ առավ բակի դռների մոտ, երեկվա տեղում և նայեցավ սանդուղքներին, «նա կիջնե», ակամայից շշնջացին նրա շրթունքները։ Բայց այս անգամ օրիորդ չկար։ «Հիմար եմ», ասաց նա և դուրս գնաց։

Այդ օրվանից կարծես մի ծանր քար դրին նրա սրտի վերա։ Բոլոր ժամանակ նրա աչքերի առաջ փայլում էր օրիորդ Նունեի համեստ, ամոթխած պատկերը, և երբ մի օր չէր տեսնում նրան, գրեթե լալիս էր նա հուսահատությունից ու վշտից։ Նա շատ քիչ էր ուտում. նրա ախորժակը բոլորովին կապվել էր։ Դասերով անգամ, որ նրա միակ ամենասիրելի պարապմունքն էին, նա չէր պարապում և այդ պատճառով էլ նա մի քանի անգամ ամոթով մնաց ուսուցչի առաջ։

Ի՞նչ է պատահել ձեզ, Սեյրանյան, մի անգամ հարցրեց նրան ուսուցիչը, ինչպես երևում է դուք այլևս դասեր չեք պատրաստում։

Հիվանդ եմ, պ. ուսուցիչ, պատասխանեց Սեյրանյանը՝ իրեն արդարացնելու ուրիշ միջոց չգտնելով։

Եթե հիվանդ եք, մի՛ գաք դասերին, մինչև որ առողջանաք։ Դիմեցեք բժշկին, այդպես չի կարելի թողնել։

Սեյրանյանն այդպես էլ արավ։ Նա մոտ մի շաբաթ գիմնազիոն չէր հաճախում և ամբողջ օրերով մնում էր տանը փակված՝ ինքն էլ չիմանալով, թե ինչ է անում։

«Այսպես շարունակել կարելի չէ», վերջապես ասաց նա մի անգամ յուր դասերի, դասընկերների և ապագայի մասին մտածելուց հետո։

«Բայց ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ ավելցրեց նա հուսահատութչամբ։ «Այս անպիտան զգացմունքն ինձ հանգիստ չի տալիս... ինձ խելագարեցրել է»...

Սակայն բախտը նրան առաջին անգամ ժպտաց, ժպտաց, որպեսզի վերջը նրան ամենասոսկալի թշվառության հասցնե։

Նույն շաբաթ օրը լրանում էր առաջին ամիսը, ինչ նա բնակվում էր աղա Յագոր Բուղդանիչի տանը։ Սեյրանյանը պատրաստվեցավ նույն օրն երեկոյան սենյակի վարձը վճարելու՝ եկող ամսվա համար։ Աղա Յագոր Բուղդանիչն, ինչպես այժմ առհասարակ սովորություն է դարձած, տան վարձը ամսի գլխից էր առնում։

Մինչև այն օրը նրան բոլորովին չէր հետաքրքրել, թե ո՞վ էր այն աղջիկը, որ իրեն մի հայացքով այնպես կախարդել էր։ «Ի՞նչ կլինի, եթե նա տանտիրոջ աղջիկը լինի»... մտածում էր նա։ Նա շտապով հագնվեց, սանրվեց և պատրաստվեցավ գնալու։ Սանդուղքներով բարձրանալիս նա զգաց, որ սիրտը սաստիկ բաբախում է, և ծնկները դողում են։ Անցնելով մի շարք լուսամուտների առաջով, նա կանգ առավ աղա Յագոր Բուղդանիչի սենյակներից մեկի դռան մոտ, երկչոտությամբ բացեց դուռը և մտավ ներս։ Առաջինը նրա աչքին ընկավ Նունեն, որ դեպի փողոց նայող լուսամուտներից մեկի առաջ, բազկաթոռի վերա նստած գիրք էր կարդում։ Նրանից մի փոքր հեռու՝ բազմոցի մեջ, թաղված էր նրա մայրը՝ աղա Յագոր Բուղդանիչի կինը, որ մի գեղեցկատեսիլ, վրաց տարազի հագուստով, մոտ երեսունևհինգ տարեկան կին էր։ Նա այնքան նման էր յուր աղջկան, որ կարծես մի խնձոր լինեին կես արած։ Նա նույնպես մի ինչ֊որ գիրք էր կարդում։ Սեյրանյանը մտնելուն պես՝ մայր ու աղջիկ դարձան դեպի դուռը։

Սեյրանյանը սաստիկ շփոթված՝ գլխարկը ձեռքին կանգնած մնացել էր դռների մոտ. նա զգաց, որ վատ է և գրեթե վախենալով խոսեց ցածր ձայնով.

Ներեցեք, տիկին... ես... ես... ձեզ խանգարեցի...

Ա՜խ, ամենևին ոչ. պ. Սեյրանյան, շտապեց պատասխանել նրան տանտիկինը սիրալիր ժպիտով և մի տեսակ գրավիչ ձայնով։ Ի՞նչ էիք կամենում... գո՞րծ ունեք։

Ես... ես տան վարձը բերել եմ, տիկին, ասաց Սեյրանյանը դարձյալ շփոթված։ Այդ րոպեին նա չափից դուրս գեղեցիկ էր։ Օր. նունեն նայեցավ նրան և ամոթից կարմրելով, գլուխը կախեց գրքի վերա։

Ինչի՞ եք այդպես շտապել, ասաց տանտիկինը, նույն սիրալիր ժպիտով և մի տեսակ փաղաքուշ հայացքով նայելով Սեյրանյանի ամոթից վայր թողած գեղեցիկ աչքերին։ Բայց ինչի՞ չեք նստում, պ. Սեյրանյան։ Համեցեք. և տանտիկինը ցույց տվեց իրենից մի փոքր֊ինչ հեռու մի բազկաթոռ։

Սեյրանյանը մեկ կամենում էր շուտով դուրս գնալ այդտեղից, մեկ էլ մի բան նրան ներսից ստիպում էր մնալու։ Մի քանի վայրկյան տատանվելուց հետո վերջապես նա սիրտ առավ և մեքենայաբար նստեց տանտիկնոջ ցույց տված բազկաթոռի վերա։ Նա չէր համարձակվում նայելու օր. Նունեին, թեպետև նրա ուշքն ու միտքն ամբողջապես նրա կողմն էին։

Հա՛, դուք դեռ ծանոթ չե՞ք կարծեմ իմ աղջկանս հետ, հանկարծ հարցրեց տանտիկինը։

Ո՜չ, տիկին... դեռ ես... այդ պատիվը չեմ ունեցել, առավել ևս շփոթվելով պատասխանեց Սեյրանյանը, որի սիրտը սաստիկ արագությամբ սկսեց բաբախել, այնպես որ նա մինչև անգամ ձեռքը սեղմեց կրծքին։

Ուրեմն խնդրեմ ծանոթանաք։

Սեյրանյանը մեքենայաբար վեր կացավ, օր. Նունեն՝ նույնպես, նրանք մոտեցան միմյանց և չհամարձակվելով միմյանց դեմքին ուղիղ նայելու, սեղմեցին միմյանց ձեռքը և միևնույն ժամանակ երկուսն էլ շշնջացին իրենց անունները։ Սեյրանյանն ինքն էլ չհասկացավ, թե ինչի՞ սովորականից ավելի պինդ սեղմեց և ավելի երկար պահեց նրա ձեռքն յուր ձեռքում, միայն նա զգաց, թե ինքն այդ ժամանակ ամբողջապես ցնցվեց։ Այնուհետև նրանք դարձյալ բռնեցին իրենց առաջվա տեղերը։

Այդ ժամանակ մտավ ծառան և տանտիկնոջը մի ինչ-որ բանի համար դուրս կանչեց։

Ներեցեք, պ. Սեյրանյան, ասաց տանտիկինը տեղից վեր կենալով, ես իսկույն կգամ... մի քանի րոպե միայն... խոսեցեք առժամանակ միասին... Նունե՜, զբաղվեցեք խոսակցությամբ, ես գալիս եմ այս րոպեիս։

Եվ տանտիկինը, գիրքը սեղանի վերա դնելով, դուրս գնաց սենյակից։

Սեյրանյանի դրությունը վատացավ, նա մնաց մենակ այն որիորդի հետ, որին ինքը սիրում էր և որի համար զգում էր, որ պատրաստ կլինի ամեն բան. մինչև անգամ կյանքը զոհելու։ Նա ոչ ամաչում էր և ոչ վախենում, այլ մի տեսակ խառն, անորոշ դրության մեջ էր. այնպես որ հաշիվ տալ չէր կարողանում իրեն, թե ինչ էր կատարվում յուր մեջ այդ րոպեին, միայն նա զգում էր, որ սիրտը մի ինչ-որ քաղցր բաբախմամբ թրթռում էր յուր կրծքի մեջ. կարծես ուզում էր դուրս պրծնել այնտեղից և ընկնել օրիորդի ոտների տակ։ Նա դարձյալ չէր կարողանում ուղիղ նայել օրիորդի դեմքին և աչքերը ման էր ածում անդադար պատերի վերա, Նունեն նստած էր դարձյալ յուր առաջվա տեղը։ Նա վայր էր թողել յուր երկար, թուխ թերթերունքները, որոնք մի տեսակ մութ ալիքներով սքողել էին նրա գեղեցիկ սևորակ աչքերը։ Նրա սպիտակ այտերի վերա խաղում էր վարդի գույնը, իսկ կուրծքը նկատելի կերպով բարձրանում էր ու ցածրանում, կարծես մի ինչ-որ նրա մեջ էլ կատարվում էր։ Նա անողորմ կերպով թերթում էր յուր առաջ դրված գիրքը, կարծես, մի ինչ֊որ ջիգր ուներ այդ անբախտ գրքի վերա և ուզում էր հանել։ Լռությունը սենյակում տիրել էր։ Վերջապես Աեյրանյանը մի անգամ ուղիղ նայեցավ նրան, և կարծես նրա աչքերը մի անգամից գամվեցին նրա դեմքի վերա։ Աստված իմ, ո՛րքան գեղեցիկ, ո՛րքան հրաշալի թվաց այդ օրիորդը, որքան համեստ, հեզ և խոնարհ էր նա... նա վեր կացավ ակամայից և անզգայաբար գնաց դեպի նա. կարծես մի ինչ֊որ անհայտ զորություն քաշում էր նրան դեպի այդ չքնաղ օրիորդը։ Նա հանկարծ կանգ առավ նրանից երկու քայլ հեռու, նա աննկատելի կերպով դողում էր։

Ի՞նչ եք... կարդում, օրիորդ, հարցրեց նա գրեթե շշնջալով։

Օրիորդը շփոթվեց և կարծես մոռացավ գրքի անունը, նա շտապով բացեց գրքի երեսը և նայեցավ։

Ի՞նչ... Հյուգո... «Թշվառներ», պատասխանեց նա անկապ կերպով և առանց աչքերը գրքի երեսից հեռացնելու։ Սակայն նա շտապով ժողովեց իրեն և նայեցավ Սեյրանյանի դեմքին։

Սեյրանյանը արդեն նույնպես նայում էր նրան։

«Թշվառնե՞ր», կրկնեց վերջապես։

Այո... Դուք կարդացե՞լ եք։

Ես... այո... կարդացել եմ։

Եվ ինչպե՞ս է թվացել ձեզ։

Ինչպե՞ս... ես այդ... կարդացել եմ «Թշվառները» և... լաց եմ եղել։

Օրիորդը ժպտաց։

Ես էլ եմ լաց եղել, ասաց նա։

Եվ անկարելի է լաց չլինել... ո՞վ կարող է այս կարդալ և լաց չլինել... նրա սիրտը քար պիտի լինի։

Եվ ո՞վ ձեզ այստեղ ավելի է զգացնել տալիս...

Ո՞վ... Ժան Վալժանը... իսկ ձե՞զ։

Մարիուսն ու Կոզետտը, հանկարծ ակամայից դուրս թռավ Սեյրանյանի բերանից. նա սաստիկ կարմրեց։ Նունեն նույնպես կարմրեց և աչքերը վայր թողեց գրքի վերա։

Նույն րոպեին ներս մտավ տանտիկինը։ Սեյրանյանը, սենյակի վարձը հանձնելով նրան, կամենում էր դուրս գնալ։ Բայց նա խնդրեց նրան թեյին մնալու. Սեյրանյանը սկիզբը հրաժարվեց, բայց հետո մնաց։ Նա այլևս ոչ շփոթվում էր և ոչ ամաչում. նա հետզհետե ավելի համարձակություն էր ստանում։ Եկավ և աղա Յագոր Բուղդանիչը։ Նա շատ սիրով ընդունեց Սեյրանյանին։ Նրանք միասին թեյ խմեցին, խոսեցին երկար ժամանակ, վերջը աղա Յագոր Բուղդանիչն առաջարկեց «նարդի» խաղալ, բայց Սեյրանյանը չգիտեր. Նունեն հանձն առավ նրան սովորեցնելու։ Սեյրանյանն ամենաքաղցր տպավորության տակ ուշ գիշերը վերադարձավ տուն։ Նա պառկեց անկողնում, և նրա քունը դեռ երկար ժամանակ չէր տանում։ «Նունե՜, Նունե՜», շշնջում էր նա մանկական երջանկությամբ։

Եվ այսպես աղա Յագոր Բուղդանիչի տան դռները բացվեցան նրա առաջ։ Ամեն շաբաթ երեկո նրան հրավիրում էին կաթով թեյի և մինչև կեսգիշեր անց էին կացնում խոսակցությամբ կամ «լոտո» և «նարդի» խաղալով։ Նունեն և Սեյրանյանը կապվեցան միմյանց հետ այն սերտ բարեկամական կապով, որ տևում է անքակտ մինչև վերջին շունչը։ Երբեմն նրանք պարապում էին միասին։ Շատ անգամ էլ վիճաբանում Էին զանազան հարցերի, երևույթների վերաբերությամբ և նրանց այդ վիճաբանությունը «ուղտի պոչ» չէր դառնում, ինչպես այդ լինում է մեր արդի փոփոխամիտ, տաքարյուն և ոչինչ հաստատ համոզմունք չունեցող երիտասարդների մեջ։ Նրանց համոզմունքը, հայացքները կյանքի, առավելապես շրջապատող կյանքի զանազան երևույթների վերա, շատ տարբեր չէին, և այդ պատճառով նրանց վիճաբանությունը միշտ վերջանում էր ընդհանուր համաձայնությամբ։ Եվ իհարկե, ինչպես բնական է, Սեյրանյանի սերը հետզհետե բորբոքվում էր դեպի Նունեն, և խոսք չկա, որ այս վերջինս էլ նրան էր սիրում։ Նրանք այժմ երբեք չէին շփոթվում միմյանց առաջ. ընդհակառակը, նրանք շատ լուրջ էին պահում իրենց միմյանց մոտ գտնված ժամանակ և մինչև անգամ նրանց վարմունքը մի տեսակ պաշտոնական ձև էր ստացել։ Սակայն հենց առաջին օրից նրանք հասկանում էին, որ սիրում են միմյանց, նրանք այդ կարդում էին միմյանց աչքերի, հայացքների մեջ և լռում էին։ Նրանք ոչ մի կերպ չէին կարողանում բացարձակապես հայտնել միմյանց այն զգացմունքը, որ նրանք տածում էին փոխադարձաբար։ Մի կողմից օրիորդի ծնողներն էին արգելք լինում այդ բանին, մյուս կողմից, որ ամենագլխավորն է, նրանք երկուսն էլ ամաչում էին։

Բայց շատ երկար չտևեց այդ անել դրությունը։

Մի անգամ, կիրակի առավոտյան թեյից հետո, Նունեն ըստ սովորականին մտավ Սեյրանյանի սենյակը։ Նա նույն օրվա լրագիրը բերել էր միասին կարդալու համար, ինչպես նա այդ անում էր միշտ։ Այդ օրը նա շատ ուրախ տրամադրության մեջ էր. նրա գեղեցիկ դեմքի վրա նկատվում էր մի ինչ-որ երջանիկ ժպիտ։ Սեյրանյանը նստած էր սեղանի առաջ քամակը դեպի դուռը և զբաղված էր մի ինչ֊որ գրությամբ։ Նա այն աստիճան անձնատուր էր եղել դրությանը, որ օր. Նունեի մտնելն անգամ չլսեց։ Վերջինս մի րոպե կա նգնեց դռների մոտ, հետո տեսնելով որ նա յուր մտնելը չլսեց, և շարունակ գրում է, ոտների մատների վերա կամաց-կամաց մոտեցավ նրան և կանգնելով նրա աթոռի հետևը, ժպտալով սկսեց նայել նրան։ Սեյրանյանն առանց ոչինչ իմանալու շարունակում էր գրելը, բայց վերջապես, երևի վերջացնելով՝ բարձրացրեց գլուխը, վայր դրեց գրիչը և հոգոց հանելով վեր կացավ տեղից։ Հանկարծ նա շուռ եկավ, և նրա աչքերը հանդիպեցան օր. Նունեի ամենաքաղցրիկ կերպով ժպտացող աչքերին։

Օրիո՜րդ, կանչեց նա զարմացած և հանկարծ կարմրեց։

Բարի լույս ձեզ, պ. Սեյրանյան, ասաց օր․ Նունեն նույն ժպիտով և ձեռքը մեկնելով դեպի նա։

Սեյրանյանն ամուր սեղմեց դեպի իրեն մեկնված ձեռքը։

Դուք գողի նման եք մտել, օրիորդ, ասաց նա ինքն էլ ժպտալով։

Երևի ես ձեզ խանգարեցի․․․ Դուք այնպես ընկղմած էիք ձեր գրության մեջ... Բայց կարելի է տեսնել, թե ինչ էիք գրում․ և օրիորդը ակամայից ձեռքը տետրակին մեկնեց։

Օ՜, ո՜չ, այդ անկարելի է, հանկարծ բացականչեց Սեյրանյանը և նախքան օրիորդը ձեռքը կդիպցներ տետրակին նա շտապով վերցրեց այն և պահեց յուր ձեռքերի մեջ։

Բայց կարելի՞ է իմանալ, ինչի՞ կարելի չէ, - հարցրեց Նունեն բոլորովին չհասկանալով, թե ինչի նա այնպես շփոթվեց տետրակի համար։

-Այս ոչ ոք չպիտի տեսնե․․․

Մինչև անգամ և ե՞ս...

Օրիորդը չհասկացավ, թե ինչի՞ այդ բառերն արտասանեց և միանգամայն «ես» բառի վերա շեշտելով․ Սեյրանյանն ուղիղ նայելով նրա դեմքին, օրիորդի ժպտող, սիրալիր հայացքը թափանցեց երիտասարդի սրտի խորքը, և նա նորից կարմրելով` աչքերը վայր թողեց։

Մինչև անգամ և... դուք, շշնջաց նա։

Իսկ ես կամենում եմ այդ տետրակը տեսնել․․․ Երևի մի որևիցե շարադրություն եք գրում։

Այո... բայց դուք այդ չեք տեսնիլ... չպիտի տեսնեք այդ...

Պ. Սեյրանյան, վերջապես խնդրում եմ․․․

Օրիորդը մի այնպիսի եղանակով արտասանեց այդ բառերը, որ ոչ թե տետրակն, այլ եթե հոգին էլ կամենար, Սեյրանյանը կտար նրան։ Նա մեկնեց տետրակը դեպի Նունեն, բայց և իսկույն էլ կամենում էր դարձյալ ետ առնել, օրիորդը շուտով խլեց այն նրա ձեռքից։

Երևի դուք կարծում եք, որ ես ձեր շարադրությունը չեմ հավանիլ... Դուք գիտեք, որ ես կրիտիկոս չեմ. այդ խոսքերը ասելով նա նստեց սեղանի մոտ և սկսեց թերթել տետրակը։ Սեյրանյանր լուռ և անշարժ կանգնած էր։ Սառը քրտինքը դուրս էր ցայտել նրա ճակատի վերա, կարծես նրա մահու դատավճիռը պիտի կարդային։

Օրիորդը լուռ կարդում էր տետրակը։ Այդ ժամանակ նա սկսել էր ավելի ու ավելի շառագունել, նրա կուրծքը նկատելի կերպով բարձրանում ու ցածրանում էր, իսկ շրթունքները դողում էին։ Հանկարծ տետրակի մի երեսը կիսատ թողնելով նա կարդում էր մյուս երեսը, հետո երրորդը, չորրորդը... վերջապես վերջին երեսի վերջին տողերը կարդալով, նա ծածկեց տետրակը, վեր կացավ աթոռի վերայից, և մոտենալով Սեյրանյանին, որը կանգնած էր յուր առաջվա դրության մեջ, բռնեց նրա ձեռքն ու շշնջաց դողդոջուն ձայնով.

Այո՛, Գրիգոր, ես քեզ սիրում եմ...

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Անկասկած, ընթերցողն արդեն հասկացավ, թե ինչ էր պարունակում յուր մեջ այն տետրակը։ Սեյրանյանն առհասարակ սովորություն ուներ յուրաքանչյուր օրվա պատահարները, յուր ստացած լավ կամ վատ տպավորությունները արձանագրելու այդ տետրակի մեջ։ Միևնույն տետրակի մեջ էր և այն բոլորը, ինչ որ վերաբերում էր յուր Նունեի վերա սիրահարվելուն՝ սկսած հենց առաջին օրից մինչև այդ օրը։ Մի՛նչև անգամ նա գրում էր թեկուզ հենց ամենաչնչին խոսակցությունը, որ յուրաքանչյուր օր պատահում էր նրա և Նունեի մեջ։ Նրա մեջ էր և նույնպես երեկվա խոսակցությունը բառ առ բառ, իսկ վերջում ավելացրած էր. «Բայց, աստված իմ, մինչև ե՞րբ պիտի այսպես շարունակվի... Մի՞թե ոչ մի ժամանակ ես նրա բերանից չպիտի լսեմ՝ նա ինձ սիրում է, թե ոչ»։ Ահա այդ վերջին բառերն էին, որ օրիորդը կարդաց և այլևս չկարողացավ զսպել իրեն, արտասանեց այն երկնային բառերը, որոնց՝ մեծ դժվարությամբ նա կարողացել էր մինչև այդ ժամանակ սանձած պահել յուր մեջ, և որոնք ամեն ժամանակ պատրաստ էին հրաբխի լավայի նման դուրս ժայթքելու։ Մի՞թե այլևս հնար կար ծածկելու. և այդ մեծ, սրբազան բառերի հետ նա տվեց նրան յուր սիրտը, յուր հոգին, յուր բոլոր գոյությունը...

Անցավ մի տարի։ Սեյրանյանը տակավին բնակվում էր աղա Յագոր Բուղդանիչի տանը։ Նրա և օր. Նունեի մեջ եղած հարաբերությունները բոլորովին սերտացել էին։ Նրանց սիրո մեջ մի մազաչափ փոփոխություն անգամ չէր պատահել. նրանք ավելի ու ավելի անձնատուր էին լինում իրենց սիրո բուռն զգացմունքներին և կարծում էին, համոզված էին, որ այլևս ոչինչ ույժ նրանց սրտերը բաժանել չի կարող մինչև վերջին շունչը։ Շատ անգամ լավ եղանակներին, երեկոները նրանք գնում էին զբոսնելու, իսկ կյուրակի առավոտները գնում էին եկեղեցի կամ մենակ երկուսով, և կամ երբեմն էլ նրանց ուղեկցում էր և՛ օրիորդի նույնչափ պարզամիտ, որքան և բարի մայրը, որ Սեյրանյանին յուր որդու չափ սիրում էր։ Սիրահարվածները իրենց այնպես էին պահում, որ օրիորդի ծնողները ո՜չ թե իմանալ, այլ կասկած անգամ տանել չէին կարող, որ նրանք սիրում են միմյանց, մանավանդ Սեյրանյանը, որ հենց սկզբից ճանաչված էր իբրև մի շատ համեստ, ազնիվ ու խելացի երիտասարդ։

Նրանց սիրահարական տեսակցություններն առհասարակ պատահում էին Սեյրանյանի սենյակում։ Նրանք սիրում էին միմյանց անկեղծ կամ ինչպես ասում են, սուրբ սիրով։ Նրանք ուրիշ ոչինչ չէին կամենում, բայց եթե միայն խոսել միմյանց հետ, զանազան երեխայական կատակներ անել, ծիծաղել, նայել միմյանց աչքերին, ժպտալ միմյանց երեսին և գրկախառնվել։ Եվ այդ նրանց համար երկնային երջանկություն էր, որին ուրիշ մի բանի հետ փոխել չէին կարող։

Նույն տարին Սեյրանյանը վերջնական քննություն տվավ գիմնազիոնում և ամենաառաջին ավարտողներից մեկը եղավ։

Այժմ հարկավոր էր հոգ տանել ապագայի մասին։ Նա վաղուց արդեն, ուսումը թերի չթողնելու համար, մտադիր էր գնալ Ռուսիա կամ արտասահման ուսումն այնտեղի համալսարաններից մեկում շարունակելու. նա վաղուց մի որոշ նպատակ ուներ ընտրած այն է` բժիշկ դառնալ` հայրենիքում գործելու համար։ Նա սիրում էր հայրենիքը յուր սրտի սրբազան զգացմունքներով, սիրում էր կոշտ, կոպիտ գյուղացուն, նրա հողը, աշխատանքը, նրան համարում էր յուր հարազատը, յուր արյունակիցը, նրա և նրա քրտնաթոր աշխատանքի մեջ էր տեսնում յուր գոյության հենարանը, հետևաբար նա իրեն պարտավոր էր զգում օգնելու այդ գյուղացուն, օգնելու այնքան, որքան յուր ույժերը կներեին։ Շատ անգամ այդ մասին նա խոսում էր Նունեի հետ, որ այդպիսի ժամանակներում ժպտալով ասում էր.

Այժմ այդպես ես ասում, բայց երբ կերթաս, կտեսնես եվրոպական կյանքը, կմտնես այդ կյանքի մեջ, կծանոթանաս նրա պայմանների, պահանջների հետ և վերջապես կընտելանաս այդ կյանքին, այն ժամանակ ոչ թե այդպես չես խոսի, այլև բոլորովին կմոռանաս գյուղացուն էլ, հայրենիքդ էլ, ինչպես այդ անում են մեր ներկա երիտասարդներից շատերը։

Լսիր ինձ, Նունե, պատասխանում էր Սեյրանյանը, դու կատարյալ իրավունք ունես այդպես խոսելու, որովհետև շատ դեպքեր քեզ տեղիք են տվել այդպես դատելու։ Բայց ինչի՞ դու ինձ անպատճառ կամենում ես նմանեցնել քո ասած երիտասարդներին... ինչի՞ դու չես կամենում նախ և առաջ քննել այն շրջապատող կյանքը, հասարակությունը, պայմանները, որոնց մեջ մեծացել են նրանք և ես... իսկ եթե դու քննես, կտեսնես, որ իրավ շատ մեծ տարբերություն կա դրանց մեջ... Ես, իհարկե, ինձ չեմ ուզում գովել կամ արդարացնել, բայց այնուամենայնիվ, դու շատ լավ ճանաչում ես իմ բնավորությունս, բավական ծանոթ ես իմ վարած կյանքին... Եթե Թիֆլիսը, որ այսքան փչացած է, այսքան տարվա մեջ չկարողացավ ինձ փչացնել, փոխել իմ բնավորությունը, ապա հույս ունեմ, որ այլևս ոչինչ եվրոպական կյանք չի կարող ինձ փոխել։ Ես քեզ կարող եմ հավատացնել, Նունե, որ չնայելով այսքան տարի հեռացած եմ գյուղից, հայրական օջախից, ավարտել եմ գիմնազիոնը, լավ, և կարելի է ասել, փառավոր կյանք եմ վարել, բայց այնուամենայնիվ ես այս րոպեիս դարձյալ գյուղացի եմ, իմ երակներիս մեջ վազում է դարձյալ ջանասեր գյուղացու տաք արյունը, և ես ամեն ժամանակ պատրաստ եմ հողը վարելու, դառն քրտինք թափելու, իսկ կալի «հորովելան» ինձ համար ավելի քաղցր է, ավելի մոտ իմ սրտին, քան զանազան սիմֆոնիաներ ու ռոմանսներ...

Այդպիսի խոսակցությունները ո՛րպես դուր էին գալիս Նունեին, ո՛րպիսի անհուն հոգեզմայլությամբ և երջանիկ ժպիտով նա նայում էր այդ ժամանակ Սեյրանյանի լուրջ, խելացի դեմքին։

Ա՜խ, Գրիգոր, շշնջում էր նա այդ ժամանակ, դու քո այդ խոսքերով ակամայից ինձ սիրեցնել ես տալիս գյուղական կյանքը... Այո՛, քաղցր է դա, Գրիգոր... Ինչի՞ ես էլ գեղջկուհի չեմ ծնված... ես էլ կգործեի... քեզ հետ... միասին...

Այո՜, այո՛, իմ անգի՜ն Նունե, մենք այնտեղ կգործենք միասին այնտե՜ղ գյուղի խաղաղության մեջ, բացականչում էր ոգևորված երիտասարդը և Նունեին յուր հուզված կրծքին սեղմում։

-------

Հուլիս ամիսն էր։

Երեկոյան, երբ արևն արդեն մայր էր մտել, Սեյրանյանը՝ յուր փոքրիկ լուսամուտի առաջ նստած՝ մտքում հազար ու մի նախագծեր էր կազմում յուր ապագայի համար... նա վաղուց արդեն ծնողներից համաձայնություն էր ստացել համալսարան գնալու և այժմ ուրախ էր, երջանիկ, ինչպես մի անմեղ մանկիկ. նրա սիրտը, հոգին, ուղեղը դեռ ծանրաբեռնված չէին կյանքի դառնություններով, և նա այդ դառնությունների մասին մտածել անգամ չէր կամենում։ Ինչի՞։ Ո՞վ գիտե, գուցե նա կարծում էր, որ մարդուս մի անգամ վիճակված բախտը նրանից այլևս հեռանալ չի կարող, կամ շատ կարելի է նա երկյուղ էր կրում, թե մի գուցե, ստեղծելով յուր առաջ մթին, մռայլ կյանք, թունավորվի յուր անհուն երջանկությունը... Ինչևիցե, բայց ի՞նչ հարկ էր ստեղծելու յուր առաջ մի այդպիսի մթին, մռայլ կյանք, քանի որ տակավին բախտը ժպտում էր նրան...

Դեռ երկար ժամանակ նստած անշարժ՝ նա անձնատուր էր եղել յուր քաղցր ցնորքներին, երբ հանկարծ ներս մտավ տանտիրոջ ծառան և նրան հեռագիր տալով, դուրս գնաց դարձյալ։ Սեյրանյանն այդ առաջին անգամն էր, որ հեռագիր էր ստանում, այդ պատճառով նա անհանգստությամբ բացեց հեռագիրը և սկսեց լուռ կարդալ։ Հանկարծ նա օձից խայթվածի նման վեր ցատկեց տեղից և, ամբողջ մարմնով դողալով, վայր ընկավ գետին։ Հեռագիրը ընկել էր նրա կողքին։

Նունեն յուր սովորության համեմատ այդ միջոցին ներս մտավ սենյակը՝ նրա հետ մի փոքր խոսակցելու. բայց ո՜րքան զարմացավ և միևնույն ժամանակ վախեցավ նա, երբ նրան գետնի վերա անշունչ տարածված տեսավ։ Նա իսկույն, խելագարի նման, բռնեց նրան և սկսեց շարժել։

Գրիգո՜ր, Գրիգո՜ր, կրկնում էր նա անդադար հուսահատությամբ։

Սեյրանյանը կենդանության մի նշույլ անգամ չէր ցույց տալիս։

Օրիորդը կարծեց թե նա արդեն մեռած է, բայց ինչի՞ց... սարսափից անպատմելի կերպով ցավում, ճմլվում էր նրա սիրտը։ Նա դրեց յուր ձեռքը նրա կրծքին, նա բաբախում էր, յուր սիրելին տակավի՜ն կենդանի էր... Ուրեմն հույս կար... և նա իսկույն դուրս վազեց սենյակից։ Մի րոպեից հետո նա դարձյալ ներս ընկավ՝ մի ինչ֊որ սրվակ ձեռքին բռնած։ Նա մոտեցրեց սրվակը Սեյրանյանի քթին, և մի րոպեից հետո Գրիգորը բացեց աչքերը... Երբեք Նունեն յուր կյանքի մեջ այնքան չէր ուրախացել, որքան այդ րոպեին, երբ յուր սիրելիի մեռած հայացքը ընկավ յուր դեմքի վերա։

Գրիգո՜ր, բացականչեց նա և իսկույն գրկելով նրան՝ օգնեց ոտի կանգնելու։ Նա Սեյրանյանին նստեցրեց մահճակալի վերա, ինքն ևս նստելով նրա կողքին, Գրիգո՜ր, ի՞նչ է պատահել քեզ, հարցրեց նա՝ ձեռքը նրա ճակատին դնելով։

Սեյրանյանն ապուշի նման նայում էր նրա երեսին։

Դու ինձ չե՞ս լսում, Գրիգո՜ր, ի՞նչ է պատահել քեզ, կրկնում էր օրիորդը անհանգստությամբ։

Ի՞նչ, վերջապես հարցրեց Սեյրանյանը մի տեսակ մեռած ձայնով։

Ինչո՞ւ դու ուշաթափվել էիր... Դու հիվա՞նդ ես... Ի՞նչդ է ցավում։

Սեյրանյանը մի փոքր ուշքի եկավ, ըստ երևույթին, նա ոչինչ հիշում։ Նա պինդ սեղմեց յուր գլուխը ձեռքերի մեջ։ Հանկարծ նրա հայացքն ընկավ հատակի վերա ընկած հեռագրին. նա ուզեց վեր կենալ և վերցնել հեռագիրը, բայց այնքան ույժ չուներ։ Նա անխոս, ձեռքով ցույց տվեց հատակի վերա ընկած հեռագիրը։ Նունեն բոլորովին զարմացած՝ վերցրեց այն և կարդաց։ «Երեկ գիշեր ավազակները մտնելով ձեր տուն՝ ձեր ծնողներին սպանել են և ողջ հարստությունը տարել։ Շուտով հասեք»։ Սեյրանյանը հենց առաջին խոսքերի վերա ամեն բան հիշեց և անմեղ երեխայի նման հեկեկալով ընկավ բարձի վերա։

Նունեի համար ամեն բան պարզվեց այժմ։ Բայց նա զարմացավ, թե ո՞ր անմիտը կամ անգութն էր մի այդպիսի հեռագիր ուղարկել... Մի՞թե կարելի էր մի այդպիսի սոսկալի հեռագիր ուղարկել որդուն... Եվ նա հասկացավ, թե մինչև ո՞ր աստիճան տանջվելիս պիտի լինի յուր սիրելին. չէ՞ որ նրա տանջանքն և յուր տանջանքն էր, և նա լսելով Սեյրանյանի դառնագին հեկեկանքը, զգաց, որ արտասուքը խեղդում է իրեն էլ։ Սակայն նա զսպեց իրեն, նա հասկացավ, որ այդ ժամանակ ինքը մի փոքր քաջասիրտ պիտի գտնվեր՝ յուր սիրելիին մխիթարելու համար։ Եվ նա սկսեց մխիթարել նրան զանազան քաղցր ու սիրալիր խոսքերով։ Բայց Սեյրանյանի կորուստն այնքան մեծ էր, որ նա չկարողացավ նրան հանգստացնել, մանավանդ որ այդ Սեյրանյանի կյանքում առաջին հարվածն էր:

Ես չեմ կարող ապրել... Ես ո՜րբ եմ, կրկնում էր նա. անդադար դառն արտասուք թափելով։

Հանգստացի՛ր, Գրիգոր, հանգստացի՛ր, սիրտ էր տալիս նրան Նունեն, դու տակավին որբ չես. ես այստեղ եմ... Եվ ի՞նչ կարող ես անել ճակատագրիդ դեմ... Դու տղամարդ ես, այդպես թուլասիրտ մի լինիլ... Արիացի՛ր, Գրիգորս... արտասուքը միայն կանայք են թափում։

Սեյրանյանն ամաչեց այդ խոսքերից և սրբեց արտասուքը։

Ահա այդպե՛ս, Գրիգորս... Մի՞թե դու չես հասկանում, որ հուսահատությունը լավ չէ, որ մարդս հուսահատության երբեք անձնատուր չպիտի լինի, ապա թե ոչ նա կորած է... Եվ ինչի՞ դու չես կամենում ճանաչել կյանքը, հաշտվել նրա ձախորդությունների հետ... և ո՞ր մի մահկանացուն ազատ է դրանից։ Կռվի՛ր, Գրիգոր, կյանքի ձախորդությունների դեմ, կռվիր անվեհեր, հաստատակամությամբ և հավատացիր, որ հաղթանակը քոնը կլինի...

Եվ օրիորդը նրան ավելի ևս խրախուսելու համար գրկեց նրան ջերմագին։

Այդ իսկ րոպեին սենյակի դուռը բացվեցավ և շեմքի վերա երևաց աղա Յագոր Բուղդանիչի կլոր, հաստ մարմինը։ Նա տեսավ, որ յուր աղջիկը գրկած է Սեյրանյանին, և մի րոպե դեռ տեղն ու տեղը մնաց քարացած։ Օր. Նունեն հորը տեսնելուն պես՝ մի ճիչ արձակեց, և բաց թողնելով Սեյրանյանին, իսկույն վեր թռավ տեղից։ Սեյրանյանը մնաց ապշած։ Աղա Յագոր Բուղդանիչն առհասարակ շատ քիչ էր մտնում նրա սենյակը և այս անգամ, երևի, չար բախտն էր բերում նրան, որպեսզի մի հարվածին ավելացնի և մյուսը։

Մենք, իհարկե, չենք կարող նկարագրել, թե այդ ժամանակ այդտեղ ինչ տեսարան ներկայացավ, թե ո՛րքան հիշոցներ, անվայել ածականներ, մինչև անգամ և կյանքի վերա սպառնալիքներ թափվեցան Նունեի և Սեյրանյանի գլխին, միայն այսքանս կասենք, որ մյուս օրն առավոտյան Սեյրանյանի սենյակն արդեն դատարկված էր, և բոլոր կայքը նրա հորեղբոր այրի կնոջ տունն էր տարված, իսկ ինքը, Սեյրանյանն, արդեն իրենց գյուղի ճանապարհի վերա էր։

"Նունե" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Առանց քեզ ինչ կոնիմ
Սայաթ Նովա

Առանց քեզ ինչ կոնիմ

Կնոջ դիմանկար
Կնոջ դիմանկար
Խաղա առցանց