Նար-Դոս
Նունե
Դ
Այդ օրից անցել էր մի տարի։ Մենք Նունեին և Սեյրանյանին դարձյալ տեսնում ենք մեր երկրորդ գլխում նկարագրած խուցի մեջ կես գիշերին անձրևային եղանակին։
Երկարատև անջատումից հետո կրկին տեսակցությունը նրանց վերա մեծ ազդեցություն էր արել, մանավանդ Սեյրանյանի՝ որ ամեն հույս կտրել էր, թե երբևիցե դարձյալ կարող էր տեսնել յուր սիրելիին, խոսել նրա հետ։ Սակայն ի՞նչ զորություն կարող է բոլորովին ազատել երկու ամենաջերմ կերպով սիրող սրտեր. այժմ Սեյրանյանը դարձյալ նունեի գրկումն էր։
Օրիորդը խոսել չէր կարողանում. նրա հորդառատ արտասուքը արգելում էր նրան մի բառ անգամ արտասանելու. նա ույժ տալով յուր թույլ ձեռքերին, աշխատում էր որքան կարելի է սիրած երիտասարդին պինդ սեղմել յուր կրծքին։ Նա կարծես վախենում էր, որ նրան դարձյալ կխլեն յուր գրկից, նրան այլևս երբեք չէր տեսնիլ։ Սեյրանյանը լսելով նրա հեծկլտանքը և միևնույն ժամանակ մտաբերելով յուր անցյալը, չկարողացավ իրեն զսպել և ինքն էլ անմեղ երեխայի նման սկսեց լալ։
Տակավին երկար գրկախառնված, նրանք հեծկլտում էին ամեն ինչ մոռացած երբ վերջապես սաստիկ քամին սուլելով անձրևի հետ ներս թափանցեց բաց դռնից և սթափեցրեց նրանց:
Ե՜կ, իմ կյանքս, իմ հոգիս, իմ հրեշտակս... Ե՜կ, նստիր այստեղ, ասաց Սեյրանյանը և գրկելով բոլորովին ույժից ընկած օրիորդին, նստեցրեց մահճակալի վերա, իսկ ինքը փակեց դուռը։ Օ՜, որքան բան ունիմ ես քեզ ասելու, քեզնից հարցնելու, անգին իմ Նունե, խոսեց նա դարձյալ՝ նստելով օրիորդի կողքին և բռնելով նրա դողդոջուն, քնքուշ ձեռքերը։ Բայց դու կմրսես, հրեշտակս. դու բոյորովին թրջվել ես... Սպասիր, իսկույն վերարկուս ծածկեմ. և դարձյալ վեր կացավ տեղից, վերցրեց պատից կախած յուր հին վերարկուն և գորովագութ մոր նման գցեց օրիորդի թեթև կերպով ցնցվող ուսերի վերա։ Այսպես այժմ դու կտաքանաս, սկսեց նա դարձյալ նստելով նրա կողքին։ Այժմ ասա՜, հրեշտակս, դու ի՞նչ գիտեիր, թե ես այստեղ եմ...
Գրիգո՛ր, մի՞թե ես եկել եմ քո այդպիսի չնչին հարցերին պատասխանելու... բավական է, որ ես դարձյալ քեզ հետ խոսում եմ...
Մռայլ երիտասարդի աչքերը փայլեցին ուրախությամբ, և նա համբույրներով ծածկեց օրիորդի նիհար, քնքուշ, սպիտակ ձեռքերը։
Անգին Նունե, գիտե՞ս, թե ո՛րպիսի երջանկություն են պատճառում թշվառիս քո այդ խոսքերը, բացականչեց նա ոգևորված։ Բայց ինչի՞ չիմանամ, հոգիս, թե դու ինչպես այս կեսգիշերին և այն էլ մի այսպիսի սարսափելի եղանակին կարողացար ինձ մոտ գալ... Դու ի՞նչ գիտեիր, որ ես եկել եմ և այս սենյակումն եմ բնակվում։
Ա՜խ, Գրիգոր. մի՞թե այդ դժվար է սիրող սրտի համար... Ես քեզ բոլորը կպատմեմ. բայց թող դեռ նայեմ քո դեմքին. չէ՞ որ ամբողջ մի երկար տարի ես քեզ չեմ տեսել։ Եվ նա ձեռքերը գնելով երիտասարդի ուսերի վերա, անհագ կերպով նայում էր նրա մեծ, կրակոտ աչքերին, որոնք այդ րոպեին փայլում էին անհուն երջանկությամբ։ Քո դեմքից ես գուշակում եմ, Գրիգոր, թե որքան վիշտ ու կարոտություն պիտի կրած լինիս, բայց, այնուամենայնիվ, քո աչքերը նույնն են մնացել...
Իսկ դու թեև ավելի գունատվել ես ու նիհարել՝ բայց սովորականից ավելի գեղեցկացել և ավելի քնքշացել ես, և նրանք դարձյալ ջերմագին գրկախառնվեցան։ Պատմի՛ր, պատմի՛ր, պատմիր, հրեշտակս, թե ինչպե՞ս անցրիր դու այս չարագուշակ տարին, ասաց դարձյալ Սեյրանյանը, վերջապես բաց թողնելով նրան։ Երևում է, որ դու շատ ես տանջվել։
Այո՛, Գրիգո՛ր, ես շատ, խիստ շատ տանջվեցի այս մի տարվա մեջ, քո բացակայության միջոցին, սկսեց օրիորդը խոր հոգոց հանելով։ Բավական չէր, որ քեզ այն սոսկալի դժբախտությունը պատահեց, իմ անգութ հայրս էյ քեզ այնպես անարգանքով վռնդեց մեր տանից։ Եվ այդ բոլորը մի այնպիսի սարսափելի վշտի մեջ էր ձգել ինձ, որ ես մինչև այժմ վաղուց արդեն մեռած կլինեի, եթե քո սերը, քեզ կրկին տեսնելու հույսս քաջություն չէին ներշնչել ինձ։ Քո կարոտդ մի կողմից տանջում էր ինձ, իսկ մյուս կողմից էլ իմ անգութ հայրս, այն չարագուշակ օրից հետո, ինձ մի րոպե անգամ հանգստություն չէր տալիս, ի՜նչ անասելի անարգանք ու անվայել խոսքեր ասես, որ նա իմ գլխիս չէր թափում... Որքան էլ քաջասրտություն ունենայի, Գրիգոր, որքան էլ նրա այդ խոսքերը ոչնչի տեղ չդնեի, բայց, այնուամենայնիվ, ես կին էի մի թույլ, զգացող արարած, ես դիմանալ չէի կարող այս բոլորին և ես վերջապես, գրեթե մերձ ի մահ հիվանդացա... Այդ Ժամանակվանից միայն իմ անգութ հայրս լռեց, այդ ժամանակ միայն նա հասկացավ, որ ինձ հետ շատ խիստ ու անխիղճ կերպով էր վարվում. և երբ ես առողջացա, այնուհետև նա ինձ մինչև օրս էլ ոչ մի անվայել խոսք չի ասել, մինչև անգամ մեր սիրո մասին ոչինչ չի հիշեցրել և ինձ հետ միշտ քաղցրությամբ է վարվել, իսկ մայրս, որ ինձ միշտ պաշտպանում էր, այժմ էլ ինձ սրբի տեղ պաշտում է... Եվ չնայելով, որ ես առողջացա, բայց մեր սիրո ցավը սարսափելի կերպով կրծում էր սիրտս, մանավանդ որ քեզնից ոչ մի լուր չէի ստանում... Ամեն օր, ամեն օր, ամեն րոպե իմ միտքս միշտ և միշտ քեզ մոտ էր։ Ավելորդ է ասելը, թե ինչպես անցրի ես այս ամբողջ երկար տարին... Ես հույս ունեի, որ դարձյալ քեզ կտեսնեմ և այդ հույսս իրագործվեցավ սրանից երեք օր առաջ երեկոյան, երբ դու այնպես շտապով անցնում էիր մեր տան առջևով: Ես այդ րոպեին մեր պատշգամբումն էի, և միտքս ամբողջապես դարձյալ դու էիր պաշարել։ Ես հիշում էի մեր անցյալը, մեր քաղցր անցյալը, երևակայում էի քո վիճակը, և, ո՞վ գիտե, թե ինչեր էի մտածում քեզ վերա, ես վերջապես չկարողացա ինձ զսպել և լաց եղա... Օ, Գրիգոր, դու չես կարող երևակայել, որքան ծանրություն էի զգում առանց քեզ... Ես տեսա քեզ անցնելիս մեր պատշգամբի տակով, իսկույն ճանաչեցի քեզ և այդ ժամանակ չգիտեմ, թե հանկարծ ինչ պատահեցավ ինձ, միայն ակամայից մի ճիչ արձակեցի և ընկա ուշաթափ... ինձ ուշքի բերին և երբ ուշաթափվելուս պատճառն հարցրին, ես պատասխանեցի, որ գլխիս վերա հանկարծ մի ինչ-որ սաստիկ ցավ զգացի, որին իբր թե չկարողացա դիմանալ։ Այնուհեաև ամբողջ երեք օր ես մի վայրկյան անգամ հանգստություն չունեի... վերջապես ես վճռեցի անպատճառ տեսնվել քեզ հետ, ես այլևս չէի կարողանում համբերել։ Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս իմանայի, թե դու որտեղ ես բնակում, այդ միտքն ինձ հուսահատեցնում էր... Երեկ երեկոյան ես դարձյալ մեր պատշգամբումն էի, և աչքերս ակամայից քեզ էին որոնում, իսկ ներսից կարծես մեկն ասում էր, որ դու պիտի անցնես այն կողմովն, և իրավ որ ես տեսա քեզ վերևից շտապով գալիս, դու այնպես էիր անցնում, որ կարծես քեզ ոչինչ չէր հետաքրքրում. մինչև անգամ չէիր նայում մեր պատշգամբին։ Իսկույն ես ներս գնացի, գլխարկս ծածկեցի, ներքև վազեցի, և առանց աչքս հեռացնելու, հեռվից սկսեցի հետևել քեզ մինչև այստեղ սենյակդ։ Օ՜, Գրիգոր, ես պատրաստ էի այդ ժամանակ ներս ընկնել քեզ մոտ, եթե միայն... չամաչեի և երկյուղ չկրեի ուրիշներից... Բայց ես խո իմանում էի քո բնակությանդ տեղը, ուրիչ ի՞նչ էր հարկավոր ինձ այլևս... սակայն դարձյալ մի միտք ինձ անհանգստացնում էր, այն՝ թե ի՞նչպես և ե՞րբ տեսնվեի քեզ հետ։ Շատ մտածելուց հետո վերջապես վճռեցի հենց այս գիշեր անպատճառ գալ քեզ մոտ՝ թեկուզ դրա համար ինձ սպանելու էլ լինեին։ Ամեն կողմից ինձ հաջողություն էին խոստանում միտքս իրագործելու, հայրս, որից ես ամենից շատ էի երկյուղ կրում, բոլորովին արբած վերադարձավ տուն և իսկույն ևեթ քնեց, մայրս էլ երկար չմնաց արթուն նա էլ մենակության պատճառով շուտով քնեց, իսկ եղանակի վատության պատճառով մեր բնակիչները բոլորը տուն էին մտել, և այսպես ես ոչ ոքից երկյուղ չունեի։ Իմ ննջարանս բոլորովին առանձին է. ես կամաց ու աներկյուղ դուրս եկա և վճռականապես դիմեցի դեպի քո սենյակը։ Եվ այժմ, ահա՛, ես այստեղ քեզ մոտ եմ, ի՛մ Գրիգոր։
Եվ օրիորդը վերջին խոսքերի հետ փաթաթվեցավ նրա վզովը։
Դու հերոս ես, իմ անգի՛ն Նունե, բացականչեց ոգևորված երիտասարդը։
Այո՛, սերն ինձ նման թույլ արարածներին անգամ քաջություն է տալիս, շշնջաց օրիորդը։ Ես քեզ բոլորը պատմեցի, Գրիգոր, խոսեց դարձյալ մի րոպեից հետո, բայց ես գիտեմ, տեսնում եմ, որ իմ տանջանքս համեմատելով քոնի հետ՝ չնչին մի բան պիտի լինի, այնպես չէ՞, Գրիգորս... Բայց պատմիր, պատմիր քո այս մի տարվա կյանքը, ես չափից դուրս հետաքրքրվում եմ դրանով։ Շորերդ, դեմքդ ցույց են տալիս, որ դու ավելի ես կորցրել, քան որ ես էի կարծում։
Երիտասարդի դեմքը դարձյալ մռայլվեցավ, դառնության կնճիռները դարձյալ ծածկեցին նրա լայն ճակատը։
Այն օրից, երբ իմ խաբուսիկ բախտի անիվը սկսեց հակառակ պտտվել, սկսեց նա, այսինքն այն օրից, երբ իմ անբախտ ծնողներիս մահվան գույժն ստացա և այնպես խիստ կերպով անարգվեցա քո հորից, մինչև օրս տակավին ոչ մի բան ինձ ուրախություն, մի քաղցր ժպիտ անգամ չի պատճառել... Ես, իհարկե, քեզ չեմ պատմի մանրամասնորեն, թե ինչ եմ կրել ես այս ամբողջ մի տարվա ընթացքում. միայն այսքանս կասեմ, որ իմ սիրտս բոլոր այդ ժամանակ թույն էր...
«Երբ ես գնացի մեր գյուղը, սրտի անպատմելի վշտով տեսա անբախտ ծնողներիս անտեր թափած դիակները, որոնց անգութ թուրք ավազակները, որ նոր էին հայտնվել մեր գյուղի շրջակայքում, իրենց ագահությանը զոհ էին տարել։ Իմանալով, որ իմ հայրս գրեթե ամենահարուստն է ամբողջ գյուղի մեջ, նրանք օգուտ են քաղել եղանակի վատությունից, գիշերով մտել են մեր տունը և հրամայել են ծնողներիս, որ իրենց հարստության տեղը ցույց տան, հակառակ դեպքում սպառնացել են երկուսին էլ մորթելու։ Հայրս վատ սովորություն ուներ հարստության մեծ մասը ձեռքի տակ պահելու և այն էլ փող դարձրած. նա այդ պահում էր միայն իրեն հայտնի գաղտնի տեղում։ Դեռ երկար ժամանակ նա չի կամեցել զրկվել յուր այդ խնայողությամբ գումարած հարստությունից. բայց վերջապես, նա իրեն կյանքն ավելի թանկ է համարել, քան հարստությունը և բոլորը հանձնել է ավազակներին։ Չգիտեմ, թե գումարը որքան է եղել իսկապես, բայց գիտեմ, որ բավական շատ պետք է լիներ։ Սակայն անիրավ ավազակները դրանով չեն բավականանում և, երկյուղ կրելով, թե մի գուցե ծնողներս նրանց մատնեն, նրանք երկուսին էլ մորթում են ու փախչում։
Այդ բոլորը ինձ պատմեց մեր ծառան, որ այդ տեսարանին ներկա է եղել, բայց մի կերպով ազատվել է նրանց ձեռքից։ Հարևան քաղաքի ոստիկանությունը թեպետ իմացել և իսկույն հետախուզություն է սկսել, բայց ավազակները մինչև օրս էլ կորած են։
Ամբողջ հինգ օր անբախտ ծնողներիս դիակներն ընկած էին, և ես նրանց թաղելու փող չէի գտնում։ Մենք ունեինք մի փոքրիկ կալվածք, մի քանի լավ եզներ ու ոչխար, վերջինս տանող֊տանողի է եղել, իսկ եզների վերաբերմամբ մի փոքր ազնիվ են գտնվել։ Եզներին իսկույն ևեթ ծախեցի շատ աժան գնով և ստացած փողով թաղեցի ծնողներիս... Այնուհետև ո՞ւր գնայի, ի՞նչ անեի, ինչպե՞ս կառավարվեի այդ հարցերն էին ինձ անդադար զբաղեցնում, և իմ ուղեղս մի այնպիսի թմրած դրության մեջ էր, որ դրանց ոչ մի կերպ լուծել չէի կարողանում։ Մի կողմից իմ սիրելի ծնողներիս անտանելի կորուստը, մյուս կողմից մեր անտանելի անջատումը, երրորդ կողմից իմ աղքատանալս, մի խոսքով՝ այն անհամար ձախորդություններն ու հարվածները, որ ամեն կողմից տեղում էին թշվառիս վերա, ինձ մի տեսակ անտանելի, հուսահատական դրության մեջ էին ձգել, այնպես որ ես այժմ զարմանում եմ, թե ինչպես եղավ, որ չխելագարվեցի... կյանքը ինձ համար այնքան անտանելի էր, որ մինչև իսկ մի քանի անգամ մտադրվեցի ինքնասպանություն գործել, բայց այդ առավել ևս սարսափելի էր թվում ինձ, երբ մտածում էի դրա բոլոր հետևանքների մասին։
Ո՛չ, մտածում էի ես՝ հիշելով քո խոսքերը, Նունեն ուղիղ էր ասում, ավելի լավ է կռվել կյանքի դառնությունների դեմ, և հաղթանակը գուցե իմ կողմը լինի... չէ՞ որ ես մարդ եմ, այլ խոսքերով ամենաուժեղը բոլոր արարածների մեջ... Ամեն բան պետք է փորձել: Այդ խոսքերն անպայման դրոշմված են յուրաքանչյուրիս վերա այդպես է կյանքը, այդպես է մարդկությունը... Խո՛ հավիտյան չեմ տանջվիլ... երևի մի օր ինձ համար դարձյալ պայծառ օր կփայլե... Եվ այդ խրախուսանքն ինձ սիրտ էր տալիս, այդպիսի մտածմունքներից հետո իմ անտանելի վիշտս փոքր-ինչ թեթևանում էր»:
Նա լռեց և ձեռքը մի քանի անգամ անցրեց իր երկար մազերի միջով։ Նրա բոլոր այդ պատմության ժամանակ Նունեն ձեռքը փաթաթել էր նրա պարանոցովը և յուր գեղեցիկ գլուխը դրած նրա ուսին՝ մեծ կարեկցությամբ նայում էր նրա թախծալից դեմքին և աչքերին։
Ես քեզ մի քանի անգամ ասել էի, սիրելիս, շարունակեց նա փոքր-ինչ հանգստանալուց հետո, որ համալսարան պիտի գնամ՝ ուսումս շարունակելու։ Հասկանալի է, որ այդ խափանվեցավ. դրա համար փող էր հարկավոր, իսկ ես դեռ գյուղումը հազիվ էի կարողանում կառավարվել... Ո՞ւմ դիմեի, ոչ ոք չկար. և եթե ունենայի էլ մի այդպիսի ազգական կամ, ինչպես ասում են, բարեկամ, ո՞վ է գժվել այս ժամանակին մի որևիցե ինձ նման աղքատին օգնելու... Ես ո՛չ մի կերպ չէի կամենում այստեղ քաղաք իջնել։ Քաղաքում ապրելն ինձ համար որքան անկարելի, նույնքան և անտանելի պիտի լիներ, ավելի այն պատճառով իհարկե, որ պիտի ապրեի քեզ մոտ, բայց քեզ հետ տեսնվելը, խոսելը մինչև անգամ ողջունելը արգելված պիտի լիներ... Քեզ վերա ունեցած բոլոր հույսս դեռ այն ժամանակվանից կտրեցի, երբ քո հայրն այնպես խիստ անարգանքով և կյանքիս դեմ սպառնանք կարդալով վռնդեց ձեր տնից։ Եվ այդ պատճառով ես մի տարի շարունակ մեր գյուղում մնացի։ Այդ միջոցին ես ամեն կերպ աշխատում էի քեզ մոռանալ, ճնշել, մեռցնել իմ մեջ այն սարսափելի կերպով կեղեքող զգացմունքը, որ ես տածում էի դեպի քեզ. բայց՝ անգի՛ն իմ Նունե, մի՞թե այդ կարելի էր... մի՞թե կարելի է սոսկալի հրդեհը փչելով հանգցնել...
Շատ անգամ նստած մենակ, ես դառնությամբ մտածում էի իմ անհոգ անցյալի վերա, երբ մի տարի առաջ ես ապրում էի քեզ հետ միասին, երբ մենք սիրում էինք միմյանց ազատ, խոսում, դատում, վիճաբանում էինք, երբ երջանիկ էինք բառիս բուն նշանակությամբ, և այդ մտածմունքը, այդ դառն մտածմունքը ավելի ու ավելի կրկնապատկում էր իմ վիշտը... Որ կողմս նայում էի ամենուրեք գերեզմանական լռություն... չունեի գոնե մի բարեկամ, մի մտերիմ ընկեր, որ այդպիսի ժամանակներում ինձ մի քանի մխիթարական խոսքեր ասեր, չկայիր դու, անգի՛ն իմ Նունե, որ քո այդ քաղցր, սփոփիչ լեզվով թեթևացնեիր իմ անտանելի վիշտս և իմ մեջ նոր հույս, նոր եռանդ ներշնչեիր... Եվ այդպիսի ժամանակներում ես ճարահատյալ անձնատուր էի լինում լացին, ես դառն արտասուք էի թափում, և իմ այդ արտասուքս վերջ չէր ունենում։
Այս թուլասրտությո՜ւն է, ասացի վերջապես ինքս ինձ և այնուհետև ամբողջ մի տարի ես միայն գրքերին անձնատուր եղա։ Այդ բոլոր ժամանակ ես կառավարվում էի մեր փոքրիկ կալվածքից ստացած փողով, որ շատ աժան գնով ծախեցի։ Այնուհետև չգիտեի, թե ի՞նչ պիտի անեմ... Ես մի որոշյալ ապագայի հույս չունեի և ամեն բան բախտի բերմունքին էի թողել թո՛ղ ճակատագիրս կատարվի, անդադար կրկնում էի ես։
Մի անգամ, այսինքն սրանից երկու շաբաթ առաջ, Պետերբուրգից ես մի նամակ ստացա, որ իմ դասընկերիցս էր։ Ես ու նա միասին պիտի գնայինք համալսարան, նա գնաց Պետերբուրգ, իսկ ինձ պատահած դժբախտության պատճառով ես մնացի։ Նա գրում էր յուր նամակում, որ լսել է իմ դժբախտությունս, այսինքն իմ բոլորովին աղքատանալս, և խորհուրդ էր տալիս, որ եթե ես չեմ փոխել ուսումս շարունակելու մտադրությունս, թող մինչև Պետերբուրգ հասնելու ճանապարհածախս ճարեմ և այս տարի գնամ այնտեղ համալսարան մտնելու։ Թեպետև նա շատ հարստի զավակ չէ, բայց այնուամենայնիվ խոստանում էր, որ ինձ մի կերպ կարող էր յուր մոտ պահել։ Այդ, իհարկե, ինձ համար մեծ ուրախություն էր, և ես շտապեցի այստեղ քաղաք իջնելու։ Այնտեղ անմիջապես սկսեցի հանգանակություն անել իմ ընկերներիս մեջ, որոնք շատ քիչ են, բայց ժողովածն այնքան չնչին է, որ չոր հացի համար անգամ բավական չէ մինչև տեղ հասնելս... Եվ այժմ չգիտեմ թե ինչ պիտի անեմ։
Նունեն թողեց նրա պարանոցն և նայելով ուղղակի նրա գրեթե արտասվալից աչքերին, ասաց.
Եվ դրա համար դու հուսահատվո՞ւմ ես, Գրիգոր։
Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել, անգին Նունե. իմ բոլոր հույսն դրա վերա էր. բայց երբ այդ ևս չհաջողվեցավ...
Դու բոլորին դիմե՞լ ես դրա համար։
Բոլորին, ում հետ էլ որ լավ ծանոթ եմ։
Իսկ ինձ դիմե՞լ ես։
Երիտասարդը զարմացմամբ նայեց ուղղակի նրա աչքերին։
Քե՞զ, կանչեց նա։
Հենց ինձ, ինչի՞ ես զարմանում։
Բայց դու ի՞նչ ունիս, անգին Նունե։
Այնքան փող, որ իմ կարծիքով կարող է ճանապարհածախսդ ծածկել։
Դու կատա՞կ ես անում, Նունե․․․
Հավատացիր, Գրիգոր, ես անկեղծ եմ ասում... Անցյալ տարվա ռոճիկիս մի մասն է, որ ես պահած ունեմ... Այս տարի հիվանդությանս պատճառով ես ուսումնարան չէի գնում, ապա թե ոչ ավելի կունենայի հավաքած... Բայց ինչ որ ունիմ, այն էլ բավական է քեզ տեղ հասնելու համար, իսկ այնուհետև բոլոր ռոճիկս քեզ կուղարկեմ, որովհետև ես այժմ ինձ բավական առողջ եմ զգում և ինձ համար դարձյալ տեղ կճարեմ ուսումնարանում։
Սեյրանյանը դեռ մի րոպե լուռ, կարծես պապանձված, նայեց նրա լուրջ, գեղեցիկ դեմքին, հետո գլուխը կախեց, և արտասուքի կաթիլներ գլորվեցին նրա այտերի վերայով։
Աստված իմ, դու լալի՞ս ես, Գրիգոր, կանչեց օրիորդը նրա ձեռքերը բռնելով։
Ես ամաչում եմ... շշնջաց Սեյրանյանը։
Օ՜, նրա համար, որ ես կամենում եմ քեզ օգնե՞լ...
Եվ օրիորդը ջերմագին գրկեց նրան։
Սեմի՛տ, չէ՞ որ ես քեզ սիրում եմ, շշնջաց նա նրա ականջին։
Երիտասարդը յուր գլուխը սեղմեց նրա կրծքին, նրանք այդպես անշարժ մնացին երկար։
Վերջապես հանկարծ օրիորդը բաց թողեց նրան և վեր կացավ տեղից։
Ես ուշացա, ասաց նա, ո՛վ գիտե լուսանում է...
Եվ նա դիմեց դեպի դուռը։
Սպասի՛ր, մենակ խո՞ չես կարող գնալ, կանչեց Սեյրանյանն և վեր թռչելով տեղից, շտապով ծածկեց գլխարկը, վերցրեց անկյունից հաստ ձեռնափայտը, և երկուսով դուրս գնացին։
Անձրևը վաղուց արդեն դադարել էր, և քամին հանդարտվել. երկնքում պլպլում էին անթիվ աստղեր, իսկ հեռու արևելքում արշալույսը նոր-նոր սկսել էր բացվել։ Փողոցում բոլորովին ցեխ չկար. հեղեղանման անձրևը քշել, տարել էր յուր ջրերի հետ հողն ու աղբը, և այժմ գիշերային մթության մեջ սպիտակին էին տալիս քաղաքի քարած փողոցները։ Փողոցներում մարդ չէր երևում։ Նրանք կամաց խոսելով առաջ էին գնում։
Այժմ ձեր բակի դուռը բա՞ց կլինի, հանկարծ անհանգստությամբ հարցրեց Սեյրանյանը։
Դու չգիտե՞ս, որ մեր բակի դուռը գիշեր-ցերեկ բաց է լինում, պատասխանեց օրիորդը։
Նրանք հասան աղա Յագոր Բուղդանիչի տան բակի դռներին։
Առ քո վերարկուդ, Գրիգոր, ասաց օրիորդը և վերարկուն, որ մինչև այդ ժամանակ յուր ուսերին էր ծածկել, գցեց Սեյրանյանի ուսերին։ Բարի՛ գիշեր, Գրիգոր... մինչև վաղը...
Բարի գիշեր, իմ հրեշտա՛կս, շշնջաց երիտասարդը և ջերմ կերպով համբուրեց նրա ձեռքը։
Օրիորդը անհետացավ իրենց բակի դռներից ներս, իսկ Սեյրանյանը, կարծես վերածնված, վերադարձավ յուր խուցը։
Ամառը երբեմն եղանակը մի քանի օր շարունակ միևնույն ժամերին միանման է լինում։ Զարմանալի չէ ուրեմն, որ հետևյալ գիշերն էլ եղանակն շատ վատ էր, անձրև էր գալիս և սարսափելի որոտում։
Սեյրանյանն անհանգստությամբ սպասում էր Նունեի գալուն։ Նա շուտ֊շուտ դուրս էր նայում, բայց տակավին Նունեն չկար։ Հազար ու մի չար մտքեր ալեկոծում էին նրա սիրտը, եթե օրիորդին մի բան պատահելու լինի, ո՞վ կլինի մեղավորը, ո՞վ կլինի պատճառը... Նա անիծեց իր ծնունդը, հագավ վերարկուն և անկյունից վերցնելով յուր հաստ ձեռնափայտը, դուրս գնաց շտապով։ Արդեն ժամի տասնմեկն էր խփում քաղաքային ժամացույցը, անձրևը շարունակ շփշփում էր, պեծին-պեծին էր տալիս, փողոցներում դարձյալ մարդ չէր երևում, միայն մի քանի կառքեր գլուխները ծածկած անցնում էին գռգռալով։
Սեյրանյանը շտապ քայլերով գնում էր դեպի աղա Յագոր Բուղդանիչի տան կողմը, նա վճռել էր գնալ և սպասել Նունեին նրանց դռների մոտ։ Բայց ահա հեռվից ով որ շտապով գալիս էր դեպի նա։ Նրանք մոտեցան, և Սեյրանյանը ճանաչեց նրան։
Նունե՛, կանչեց նա ուրախությամբ։
Այդ դո՞ւ ես, Գրիգոր, կարծեցի, թե ավազակ ես... գնանք շուտով։
Եվ նրանք ծիծաղելով ձեռք֊ձեռքի տվին և գրեթե շարունակ վազելով, հասան մեզ ծանոթ խուցը։
Ես քո մասին սկսել էի շատ անհանգիստ լինել, հրեշտակս, ասաց Սեյրանյանը՝ դուռը փակելուց հետո նստելով օրիորդի կողքին, որ արդեն մտնելուն պես վերայի շալը մի կողմն էր ձգել և ժպիտը դեմքին մահճակալի վերա նստել։
Ես կարծում էի, թե ձեր տանը իմացել են։
Օ՜, ոչ, կանչեց ուրախ ծիծաղելով օրիորդը, երեկ գիշեր, որ այստեղից վերադարձա տուն, ոչ ոք ոչինչ չլսեց։ Ես կամաց մտա սենյակս, և որպեսզի ծնողներս չիմանային, որ ես գիշերով դուրսն եմ եղել, իսկույն ևեթ շորերս փռեցի, և մինչև առավոտն արդեն ցամաքել էին, և բացի այդ ես հին շորերս ունեի հագած, ահա այս. իսկ տանն հագնելու շորս ուրիշ է... Բայց այս գիշեր իմ ուշանալուս պատճառն այն էր, որ հայրս երեկվանից մի փոքր ուշ քնեց, նա դարձյալ արբած էր... խմելը նրա համար արդեն բնավորություն է դարձել, դու այդ գիտես... Ամեն կողմից դարձյալ ինձ հաջողություն էին խոստանում... Տեսնո՞ւմ ես, Գրիգոր, բնությունն անգամ մեր կողմն է, չնայելով որ մի լավ էլ թրջվեցինք։
Եվ դարձյալ ուրախ կերպով ծիծաղեց, իսկ Սեյրանյանն անհագ կերպով նայում էր նրա քնքուշ, չքնաղ դեմքին և միայն ժպտում էր։
Այս ի՜նչ վատ սենյակում ես ապրում, Գրիգոր, խոսեց դարձյալ օրիորդը՝ չորս կողմն ակնարկ ձգելուց հետո։ Երեկ գիշեր ես այնպես հափշտակված էի քեզ վերստին գտնելովս, որ բոլորովին չնկատեցի, թե քո սենյակն այսպես մութ, խոնավ, աղքատ է... չէ՞ որ դու այստեղ կհիվանդանաս։
Ի՞Նչ կարող եմ անել, սիրելիս, դեռ սրա վարձն էլ հազիվ կարողացա վճարել, ո՞ւր մնաց որ սրանից լավ սենյակում ապրեի...
Ամսական ի՞նչ ես վճարում։
Երկու ռուբլի։
Իսկ մինչև օրս ինչո՞վ էիր կառավարվում։
Մի քանի ռուբլի ունեի, այն էլ այս մի քանի օրերս հատավ։
Հետո ի՞նչ պիտի անեիր։
Աստված գիտե...
Ճաշելիս ի՞նչ ես ուտում։
Միայն ցամաք հաց։
Թեյ խմո՞ւմ ես։
Այդ քանի՜ ժամանակ է, ինչ ես թեյի երես չեմ տեսել։ Նրա ձայնը դողաց, և նա աչքերը վայր թողեց։
Խե՛ղճ, անբախտ իմ Գրիգոր, մեծ կարեկցությամբ խոսեց օրիորդը՝ գրկելով նրա պարանոցը։ Ո՜րպես մարդուս բախտը փոփոխական է, տեսնո՞ւմ ես մեկն այսօր հարուստ է, վաղն արդեն աղքատ, մուրացկան. մեկն այսօր երջանիկ է, վաղն արդեն ամենաթշվառը... այդ սարսափելի է... Այո՛, ես հասկանում եմ քո դրությունը, անբա՜խտ իմ Գրիգոր, անգի՛ն իմ Գրիգոր... և կաշխատեմ միշտ օգնության ձեռք կարկառել քեզ... այդ ես կարող եմ և պետք է անեմ... միայն թե դու միշտ քաջասիրտ կաց, հաստատակամ, երբեք թշվառությանդ մասին մի՛ մտածիլ... միշտ ուրախ կաց, ծիծաղիր, խնդա... քո թախծությունը առավել ևս կտրատում է իմ սիրտս... չէ՞ որ այդ սիրտը քոնն է, քոնը մինչև վերջին շունչս...
Սեյրանյանի աչքերում հավաքվել էին արտասուքի կաթիլներ. նա միայն լռում էր։
Օրիորդը հանեց գրպանից թղթի մի փոքրիկ փաթաթոց և, տալով նրան, ասաց.
Ահա՛, Գրիգոր, որ երեկ գիշեր խոստացա։
Սեյրանյանը մեքենայաբար առավ այն. հավաքված կաթիլները հանկարծ դուրս ցայտեցին նրա աչքերից, և նա, ընկնելով ծնկների վերա օրիորդի առաջ, սկսեց անդադար համբուրել նրա ձեռքերը և լալ, առանց մի ձայն հանելու։
Ի՞նչ ես անում, Գրիգոր, ի՞նչ ես անում, կանչեց իսկույն օրիորդը և շտապով ետ քաշեց ձեռքերը, վեր կաց, աղաչում եմ, վեր կաց... Սեյրանյանը չէր ուզում վեր կենալ։
Ես իսկույն այստեղից կփախչեմ, եթե դու ինձ չես լսի...
Եվ օրիորդը վեր կացավ ու ցույց տվավ, թե ուզում է դուրս գնալ։
Կա՜ց, շշնջաց Սեյրանյանը և վեր կացավ։
Տե՛ր աստված, մի՞թե կարելի է այդպես անել ասաց օրիորդը անբավական ձայնով։ Ես չեմ կարող ասել, թե ինչպե՜ս դու վիրավորեցիր դրանով իմ սիրտը... Այդպիսի ամենաչնչին բաների համար թե դու միշտ այդպես արեցիր, այսուհետև ես այլևս... քո երեսին անգամ չեմ նայիլ:
Ներիր... ուզեց խոսել Սեյրանյանը, բայց հանկարծ օրիորդը մի ձեռքով փակեց նրա բերանը և մյուս ձեռքով գրկեց պարանոցը, համբուրեց նրա ճակատը և ծիծաղելով դարձյալ բաց թողեց նրան։
Այժմ դու ինձ այս ասա. ե՞րբ ես ճանապարհ ընկնում, հարցրեց նա դարձյալ ծիծաղելով։
Ե՞րբ,․․․ չուշանալու համար մի քանի օրից հետո, պատասխանեց Սեյրանյանը։
Չորս օրից հետո, արդեն բոլոր պատրաստությունները տեսած, Սեյրանյանը ճանապարհ պիտի ընկներ դեպի Պետերբուրգ։ Դրա նախորդ գիշերը սիրահարները դարձյալ տեսնվեցան միմյանց հետ։ Խիստ սրտաշարժ էր նրանց անջատման րոպեն․ նրանք երկար, շատ երկար ժամանակ միմյանց գրկած արտասուք էին թափում միայն․․․
Օրիորդը «գնաս բարևի» վերջի րոպեին ասաց նրան․
Գնա՜, Գրիգորս, աստված քեզ հետ․ քեզ ընկեր է իմ հոգիս․․․ չմոռանաս ինձ և միշտ նամակ գրիր․․․ Եթե կենդանի մնացինք, մենք դարձյալ կտեսնվենք և․․․ և․․․ այնուհետև արդեն երջանիկ կլինենք․․․
Մյուս օրն առավոտյան Սեյրանյանն արդեն Պետերբուրգի ճանապարհի վերա էր։