Մուրացան

Հայ բողոքականի ընտանիքը

Ե

Ե

Ճաշի ժամանակ էր, երբ Գրիգորը տուն հասավ. նա ճանապարհին արդեն մտածել էր ինչ պիտի խոսեր յուր կնոջ հետ: Ներս մտնելու ժամանակ երեխաներից երկու փոքրիկները, որոնք սենյակում խաղում էին, հայրին տեսնելով դադարեցրին իրանց խաղը և կամենում էին դուրս գնալ: Գրիգորի սառն հարաբերությունները յուր կնոջ հետ երեխաներին էլ սառեցրել էին հոր ներկայությունից իրենց ազատելու համար: Բայց այս անգամ հայրը նրանց թույլ չտվեց դուրս գնալու: Նա ծիծաղերես բռնեց նրանց ձեռքերից և յուր մոտ նստեցնելով սկսավ նախկին քնքշությամբ ողջագուրել նրանց: Երեխաները զարմացած աչքերով նայում էին մերթ հորը և մերթ միմյանց երեսին, և կարծես այդ անմռունչ հայացքներով կամենում էին հարցնել թե՝ արդյոք այս մարդը իրանց հայրը չէ՞ր:

Այս միջոցին ներս մտավ և՛ Մարիամը: Սա էլ ոչ սակավ զարմացավ յուր ամուսնու այս անսովոր փոփոխության վերա: Մի ամբողջ տարի էր, որ ժպիտը նրա երեսից անհետացել էր, որ նա չէր գգվել յուր երեխաներին և յուր կնոջը կողմնակի ճանապարհներով պատժելու համար, անտարբեր և սառն էր մնում դեպի այն բոլորը, որոնք մի համեստ ընտանեաց միակ երջանկությունն են կազմում: Մարիամը մի քանի րոպե կանգ առավ դռան մեջ և չէր վստահանում առաջ գնալ: Մի տեսակ անհանգստացնող ուրախություն, որից դեռ չէր բաժանվում խաբված լինելու երկյուղը բռնել էր նրան: Նրա սիրտը անընդհատ տրոփում էր…

Վերջապես Գրիգորը նրան տեսավ:

Այդ դու ես, Մարիամ, դարձավ դեպի նրան քաղցրությամբ, ինչու դրսումն ես կանգնել, մոտ արի քեզ հետ խոսելիք ունիմ:

Մարիամը մոտեցավ, բայց նրա յուրաքանչյուր քայլը մեքենայական էր: Նա հասավ ամուսնու մոտ նստեց աթոռի վրա:

Փոքրիկներս, դուք գնացեք մյուս սենյակում խաղալու, դարձավ Գրիգորը երեխաներին, ճաշի ժամանակ մենք ձեզ կկաչենք: Երեխաները հնազանդվեցան և դուրս գնացին:

Ինչու տխուր ես, Մարիամ, առաջին անգամ լռությունը ընդհատեց Գրիգորը: Ի՞նչ ունիմ ուրախանալու, տխրությամբ պատասխանեց Մարիամը:

Իրավունք ունիս, Մարիամ, շարունակեց ամուսինը, բայց հիշո՞ւմ ես դու այն օրերը, որ մի տարի առաջ մենք անցուցանում էինք:

Իրավունք ունիս, Մարիամ, շարունակեց ամուսինը, բայց հիշո՞ւմ ես դու այն օրերը, որ մի տարի առաջ մենք անցուցանում էինք:

Այո՛, այն երջանիկ օրերը ես չեմ մոռանում, պատասխանեց Մարիամը խորը հառաչելով, այն օրերը, որոնց, ես միշտ արտասվոք եմ մտաբերում:

Վերջին խոսքերի հետ արտասվաց երկու խոշոր կաթիլներ գլորվեցան նրա թորշոմած այտերի վերա:

Այժմ, Մարիամ, ես կամենում եմ այդ օրերը կրկին դարձնել քեզ, ես էլ փափագում եմ իմ տան խաղաղությունը, ո՞ւր է, դարձրու ինձ իմ ամուսինը իմ Գրիգորը… Ա՜խ, եթե կարողանայիր ըմբռնել թե որքան տանջվել եմ ես, որքան արտասվել… Որբ՝ իմ մանուկ հասակից, միշտ զուրկ ծնող ունեցող որդիների ուրախությունից, այս հարկի տակ մտնելուց հետո միայն քո մեջ եմ գտել իմ առաջին ուրախությունը, իմ երջակությունը, իմ կյանքը, և նրանից բաժանվելը, մահ էր ինձ համար, իսկ դու բաժանեցիր ինձ իմ ուրախություններից:

Այս խոսքերի հետ Մարիամը սկսավ դառնապես արտասվել:

Բայց գիտե՞ս, սիրելի Մարիա՛մ, մեր տան խաղաղությունը, մեր անցյալ երջանիկ օրերը միմիայն ինձանով չիպիտի վերադառնան, դու էլ պետք է օգնես ինձ, մենք երկուսս համակամ և համամիտ պիտի գործենք:

Ինչ որ ինձ վերաբերվում է, ես պատրաստ եմ ամեն բանի համար, միայն դու եղիր առաջվանը, Գրիգո՛ր, միայն դու երեկոները ժպիտը երեսիդ մտիր տուն, և այդ երեկոները, մեր տնտեսության միակ ժամերը, քո ընտանյաց մեջ անցրու, գգվիր քո զավակներին առաջվան պես, ուրախացիր նրանցով, ուրախացրո՛ւ նրանց և այդ բոլորի հետ միասին մխիթարիր քո ամուսնուն: Մի ամբողջ տարի է, սկսված այն դժբախտ օրից, երբ այդ անկոչ հյուրին մեր տան մեջ ընդունեցիր (նա խոսում էր քարոզիչ Ավետիքի մասին), մենք այլևս միմյանց չենք ճանաչում: Դու սառն և անտարբեր ես դեպի քո կինը և քո զավակները և մենք բոլորս՝ դեպի քեզ: Տեսնում ես, բոլորիս դեմքն էլ վշտահար, բոլորիս սիրտն էլ կոտրված. մեր ամբողջ տունը քայքայման մեջ, բայց ինչո՞ւ համար այս ամենը և մինչև ե՞րբ այսպես…

Գրիգորը տեսնում էր, որ չէր կարողանում անտարբերությամբ լսել կնոջ խոսքերը: Նրա դողացող և սրտաշարժ ձայնը թափանցում էր յուր սրտի խորքերը, նրա աղաչավոր և արտասվալից աչքերը կարծես շանթեր էին թափում յուր երեսին, նա իրեն զգում էր հաղթահարելու մոտ… Բայց այս հանգամանքը նպաստավոր չէր յուր նպատակին, ուստի կնոջ հուզմունքը և անհաջող սկսված խոսակցությունը առ ժամն դադարեցնելու համար, ասաց.

Մարիամ, անցյալը հիշելուց և նրա վերա խոսելուց դադարենք: Մենք պետք է հաշտ լինեք, այս վճռված է, բայց թե ի՞նչ պայմաններով, այդ մասին դեռ պետք է խոսեմ քեզ հետ: Այժմ գնա դու ճաշ բեր մեզ համար, եթե պատրաստ է, ես սաստիկ քաղցած եմ, իսկ դրանից ետ մենք շատ կարող ենք խոսել:

Շատ լավ, ասաց Մարիամը և ուրախությամբ դուրս գնաց սենյակից:

Մառանի դռան մոտ նա պատահեց Մանիշակին: Նա զարմացավ յուր մորը մի անսովոր ուրախության մեջ տեսնելով:

Ի՞նչ է պատահել քեզ, մայրիկ, անհանգստությամբ հարցրավ նա:

Վերջապես աստված խղճում է մեզ, զավակս, ասաց նա գրկելով գեղեցիկ աղջկանը, նա քո հոր սիրտը և գութը շարժեց, վերջապես նա մեզ հետ հաշտվում է:

  Աստված, որքան ուրախ եմ, մայրիկս, ուրեմն այսուհետև մեր տանը կռիվներ չեն լինիլ, այնպես չէ՞:

Իհարկե, դստրիկս:

Օ՜հ չգիտես, մայրիկս, թե որքան քեզնից ծածուկ լաց էի լինում յուրաքանչյուր անգամ, երբ հայրս քեզ հետ կռվում էր: Խե՜ղժ աղջիկ, ի՛հարկե, լաց կլինեիր:

Մայրի՛կ, ուրեմն հայրս այրևս լութերական չէ, այնպես չէ՞:

«Լութերական» բառը լսելուց մայրը մի րոպեական սարսուռ զգաց ամբողջ մարմնի մեջ. նա չկարողացավ յուր դստեր հարցին ուղղակի պատասխանել:

Լավ, այդ մասին հետո, ասաց նրան, աշխատելով հեռանալ նորանից, առայժմ դու գնա սեղանը պատրաստիր, իսկ ես իջնում եմ խոհանոցը, հայրդ քաղցած է, պետք է ճաշ տալ նրան…

Այս ասելով նա սանդուղքից ցած իջավ, իսկ Մանիշակը գնաց սեղանը պատրաստելու:

Բայց այնտեղ Գրիգորին տանջում էին ուրիշ մտածմունքներ: Նա չգիտեր, թե ի՞նչ հնարներով պետք է կարողանար համոզել յուր կնոջը՝ յուր նոր հավատը ընդունելու: Նրա աչքի առջևից դեռ չէին հեռացել Մարիամի վշտահար դեմքը, նրա արտասվող աչքերը, նա դեռ լսում էր նրա աղաչանվոր ձայնը…

«Բայց ինչու՞ համար այս ամենը, զարմացմամբ հարցնում էր ինքն իրեն նա, ինչու՞ կորցնել իմ կնոջը, իմ երեխաաներին, իմ տան խաղաղությունը… Այս բոլորը որքան և ուրիշների համար փոքր բաներ լինեին այսուամենայնիվ նրանք կազմում էին իմ տան կատարյալ երջանկությունը: Բայց մի՞թե այսուհետև ես չեմ կարող դառնալ իմ առաջի դրությանը, մի՞թե չեմ կարող բոլորը մոռանալ և ճանաչել միմիայն իմ ընտանիքը…»:

Այս խորհրդածություններից ետ նա լռեց և նորեն ընկավ մտախոհության մեջ: Հազար և մի տեսակ մտածմունքներ պաշարել էին նրան: Նա տարուբերվում էր, երբեմն թեքվելով ի նպաստ յուր կնոջ և մերթ հակառակ: Նրա հոգին այնպես խռովվել և միտքը այնպես շփոթվել էր, որ երկար ժամանակ չէր կարողանում մի վճռական քայլ անելու: Երկար այս տարտամ դրության մեջ մնալուց հետո, վերջապես նա մտաբերեց պաստորին արած յուր հանդիսավոր խոստումը, քարոզչի ճանապարհին յուր հետ խոսածները, և բարձրանալով աթոռից բացականչեց «Ոչ, այս կատարյալ խայտառակություն կլինի, ես հրապարակապես խոստացա այն մարդուն «չարատավորել իմ անբիծ անունը», և ես կկատարեմ իմ խոստումը: Այլապես ինձ անհնար կլինի հրապարակ ելներ այն բազմաթիվ մարդկանց հետ, որոնք այնտեղ վկա էին իմ խոստման: Այստեղ կորչում է իմ առտնին երջանկությունը, իսկ այստեղ իմ անունը, վերջինը առավել արժանի է պաշտպանության»:

Այս հասարակ արհեստավորի մեջ այնքան բուռն էր պատվասիրության զգացմունը, որ նա յուր անփոխարինելի երջանկությունը գիտակցաբար զոհում էր նրան, որովհետև արել էր մի խոստում և պիտի անպատճառ կատարել նրան, այլապես նա իրեն կենդանի մեռյալ էր համարում: Խե՜ղճ մարդ, բայց դու չգիտեիր, որ նույնիսկ այդ քեզ որսացող և քեզնից խոստում առնող քարոզիչները հարյուր անգամ ավելի ստոր էին քեզնից այն զգացմանց մեջ, որոնց դու պաշտում էիր քո տգիտությամբ հանդերձ: Եվ թշվառությունն այն է, որ այդ ուռկանավորների ձեռքում դու պատվասիրության զոհերի վերջինը չէիր լինելու:

Գրիգորը յուր տարաբախտ վճիռը տվել էր արդեն, երբ Մանիշակը ներս մտավ և ճաշի հրավիրեց նրան: Նա առանց այլևայլության հետևեց յուր դստերը, մտադրված լինելով և ոչ մի դեպքում չհաղթահարվիլ յուր կնոջից:

Այսօր սեղանը բոլորել էին ընտանյաց բոլոր անդամաներ: Մարիամը գտնվում էր կատարյալ ուրախության մեջ: Նա մի համեմատություն էր անում այս և յուր անցյալ օրերի մեջ և հրճվում էր տեսնելով նրանցում շատ մոտ նմանություն: Նրա գորովը և խանդաղատանքը րոպե առ րոպե աճում էին թե՛ յուր ամուսնու և թե՛ որդկերանց վերա: Նա այժմ զգում էր, որ մայր և ամուսին էր: Սեղանի վերա, ամբողջ ճաշի ժամանակ նա գրեթե ոչինչ չկերավ, այլ կերակուրները հրամցնում էր կամ ամուսնուն կամ երեխաններին:

Գրիգորը նույնպես յուր կողմից իրեն ուրախ էր ձևացնում: Նա երբեմն-երբեմն կատակներ էր անում և ծիծաղում երեխանների հետ, թեպետ բռնի, իսկ երեխանները անընդատ շաղակրատում էին: Մի խաբուսիկ և վայրկյանական ուրախություն բոլոր գերդաստանի վերա կենդանոթյուն էր բերել... Երբ ճաշը վերջացավ, երեխաները դուրս գնացին խաղալու, իսկ Մանիշակը զբաղված էր սեղանը հավաքելով: Այդ ժամանկ Գրիգորը Մարիամի հետ առանձացավ իր սենյակը:

Մի քանի կցկտուր խոսքերից ետ Գրիգորը դարձավ կնոջը հետևյալ խոսքերով.

Այսպես սիրով և խաղաղ ապրիլ լավ է, այնպես չէ՞ Մարիամ:

Եվ դեռ հարցնո՞ւմ ես, պատասխանեց Մարիամը: Ի՞նչ էր երեկ մեր տան դրությունը և ի՞նչ է այսօր, էլ ի՞նչ հարկ կա ասելու, որ պետք է ամեն բան զոհենք միմիայն մեր տան այս խաղաղ դրությունը պահպանել կարողանալու համար:

Շատ գեղեցիկ, մի երկու ժամ առաջ միևնույն բանն էիր ասում, և ես ավելացնում էի, որ մեր դրության բարվոքումը որքան ինձանից, նույնչափ էլ քեզանից է կախված: Եվ դու խոստացար ամեն բան անել, ինչ որ քեզ էր վերաբերվում:

Այո՛, այժմ էլ խոստանում եմ:

Լավ ուրեմն, լսիր, գիտես որ մենք միմիայն մեր մարմնո համար չենք ապրում, այլ մեր ստեղծող «տիրոջ» կամքն է և մեր էլ գլխավոր ցանկությունը պետք է լինի, որ մեր հոգու փրկության համար էլ ապրինք:

Գիտեմ:

Գիտե՞ս, որ մենք այս աշխարհ եկել ենք ոչ թե մեծ վայելչություններ քաշելու, այլ որքան ժամանակ ունինք աշխատելու մեր հոգևոր փրկության և հավիտենական կյանքին արժանանալու համար:

Գիտեմ:

Գիտե՞ս որ մեր հոգու փրկությունը ձեռք բերելու և հավիտենական կյանքին արժանանալու համար էլ մենք պետք է այս աշխարհում դիմանանք ամեն տեսակ նեղության զրկողությանց և չարչարանց, պետք է շատ անգամ մոռանանք մեր ազգականներին, մեր սիրելիներին և մինչև անգամ մեր անձը: Որովհետև տերն ասում է. «Ով որ չի թողնիլ յուր հորը, մորը, կնոջը և որդիկներին, և յուր խաչը չի վերցնիլ և գալ իմ ետևից, նա ինձ արժանի չէ»:

Գիտեմ, և այս խոսքերը ես շատ անգամ լսել եմ եկեղեցում:

Գիտե՞ս նույնպես, որ այդ հոգու փրկություն ձեռք բերելը կամ հավիտենական կյանքին արժանանալը ճշմարիտ հավատով պետք է լինի:

Իհարկե, հապա թուրքի հավատում չէ՞ լինելու:

Այդպես է, թուրքի հավատով չէ լինելու, բայց այն հավատովն էլ չէ լինելու, որը մի տարի առաջ ես ունեի, և որը մինչև այսօր էլ դու ունիս:

Մարիամի դեմքը մռայլվեցավ, մի տխրեցուցիչ կասկած պատեց նրա սիրտը, որը անհագստությամբ սկսել էր արդեն տրոփել: Նա անվստահ ձայնով դարձավ ամուսնուն.

Ճշմարիտն ասաց, ես այստեղ քեզ չեմ հասկանում:

Ուրեմն լավ չլսեցիր: Ես քեզ ասում եմ՝ այն հավաատը, ինչ որ ես ունեի առաջ և որը այժմ դու ունիս՝ նա քո հոգին փրկել և քեզ հավիտենական կյանքին արժանացնել չէ կարող, նա ընդհակառակը այդ հագին կկորցնե և դժոխքի կրակին կմատնե:

Բայց ինչո՞ւ համար:

Որովհետև այդ հավատը սովորեցնում է քեզ անել այն, ինչ որ «տիրոջ» կամքը չէ, և ընդհակառակը արգելում է անել այն, ինչ որ «տիրոջ» կամքը չէ, և ընդահակառակը արգելում է անել այն, ինչ որ «տիրոջ» կամքն ու պատվերն է: Այդ պատճառով դու պետ է աշխատես հեռանալ այդ սխալեցնող հավատից և դառնալ դեպի նրան, որը ուղիղ և ճշմարիտ է:

Բայց մի՞թե այսքան տարիներ այդ հավատով ապրողները բոլորն, դժոխքն են գնացել:

Բոլո՛րը:

Լավ ուտեմ, թող որ ես էլ այդ հավատով դժոխքը գնամ, ուրիշ հավատով ես արքարություն գնալ չեմ ուզում:

Այդ անկարելի է, Մարիա՛մ: Դու մի խեղճ և միամիտ կին ես, դու կամենում ես քեզ կորցնել, քեզ հետ էլ իմ երեխաներին: Բայց ես ընտանիքի հայր եմ, ես իմ ընտանիքի հոգու կորուստը չեմ կամենում, որովհետև ես ձեր բոլորիդ համար պատասխանատու եմ, «տիրոջ» առաջ։ Դու պետք է լսես իմ խնդիրը և պետք է երեխաներիդ հետ միասին ընդունես այն հավատը, որը ընդունել է քո ամուսինը։

Բայց եթե ես ընդդիմանա՞մ։

Այն ժամանակ դու կկորցնես բոլորը, ինչ որ քաղցր և ինչ որ սիրելի է քեզ համար։ Միևնույն վշտերն ու խռովությունները կպատեն դարձյալ քեզ և քո բոլոր ընտանիքդ, և դու իրավունք չես ունենալ գանգատվիլ քո թշվառությունից, որ առաջինից ծանր կլինի...

Մարիամը ամբողջ մարմնով դողաց և մի քանի վայրկյան մնաց լուռ։


Ի՞նչ ես վճռում այժմ, անողոք ձայնով հարցրավ ամուսինը։


Գրիգո՛ր, աղաչավոր ձայնով դարձավ Մարիամը նրան,- մինչև այսօր մեր տան խռովությունները գլխավորապես նրա համար էին, որ դու հավատով բաժանվել էիր քո ընտանիքից, և ես պահանջում էի, որ դառնաս և միանաս նրա հետ: Գիտես, թե մենք միմյանց ինչպես էինք սիրում և մանավանդ թե գիտես որքան սիրում էի ես քեզ. ուստի մի վայրկյան անգամ ես չէի հոճարի, որ դու ինձանից բաժանված լինիս՝ ամենաաննշան զգացմունքով անգամ, ո՞ր մնաց թե հավատով: Այս էր պատճառը, որ ես հենց առաջին օրվանից շատ դառնությամբ նայեցի քո հավատափոխության վերա, ես քեզ սկսեցի հաճախ հանդիմանել. հետզհետե այդ հանդիմաննությունը փոխվեցան կծու նախատինքների և հետո շատ անգամ կռվի… Այս բոլորը խռովեցին և տակնուվրա արին տունը: Բայց ես զղջում եմ, իզուր էին իմ հանդիմանությունները իզուր էին իմ նախատինքները: Դու սկզբից իսկ պետք է ինձ խնայեիր, որովհետև քո արածը իմ կյանքի հակառակ էր. իսկ դու սիրում էիր ինձ… Բայց երբ այդ սերը չկարողացավ դարձնել քեզ քո թյուր ճանապարհից, իմ հանդիմանությունները ու նախատինքները, հարկավ ոչինչ ավելի չէին կարող անել: Ես սխալվեցա մինչև այժմ իմ քո դեմ գործածներով, այժմ ես ներողություն եմ խնդրում: Սկսենք դարձյալ հաշտ ու խաղաղ ապրել, սկսենք միմյանց ուրախացնել… Ես մինչև այժմ ընդդեմ էի քո լութերական լինելուդ և տեսար, թե ունեի իրավացի պաճառներ, բայց այժմ չեմ ընդդիմանում: Այժմ ազատ կարող ես քո ընտրածդ հավատդ պաշտել, ես այլևս քեզ չեմ խանգարիլ, միայն դու էլ ինձ ու իմ երեխաներին ազատ թող մեր պապերի հավատը պաշտելու, դու էլ մի խանգարիլ մեզ: Ես առավոտ երեկո կերթամ իմ եկեղեցին, կաղոթեմ աստծուն առաջվան պես, կխոստովանիմ քահանայի իմ մեղքերը, ինչպես միշտ, առանց ընդհատելու կպահեմ իմ պահքը և նեղության մեջ ընկած ժամանակ կդիմեմ մեր սուրբերի բարեխոսությանը: Այս հավատով ապրել և մեռել են մեր պապերը, այս հավատով էլ կամենում են, որ ապրենք ու մեռնեք ես ու իմ որդիքս...

Դու շատ խոսեցիր, Մարիմ, պատասխանեց ոսկերիչը, բայց այդ խոսածներիդ հետ ինձ համաձայնվել անկարելի է: Մենք մի ընտանիք ենք, մեր թե՛ կամքը և թե՛ մահը մի. հավատով պիտի լինի:

Ուրեմն թող քո այդ նոր հավատը և նորեն դարձիր քո պապերի և մեր հավատին, այն ժամանակ մենք միահավասար կլինենք: Ավելի լավ է, որ մեկը շատերի հետ համաձայնվի:

Անկարելի է, ես իմ հավատի ուղղությունը ճանաչելուց ետ նորեն մոլորության մեջ չեմ ընկնիլ, իմ հոգսը հենց ձեզ այդ մոլորությունից հանելն է:

Բայց եթե ես ոչ մի կերպ չհամաձայնվիմ այս մոլորությունից դառնալու...

Այդ հարցը մի անգամ արդեն արիր, և ես պատասխանեցի թե՝ դու կթշվառանաս և կթշվառացնես քո ընտանիքը:

Բայց, Գրիգո՛ր, եթե դու և քո վարժապետները ուղիղ սրտով հավատում եք աստծո բարության, դուք պետք է գիտենաք, որ նա ձեզ մարդիկներիդ նման չար չէ, նա երբեք չի ցանկանա, որ դու այս կամ այն հավատը զոռով ընդունել տաս քո ընտանիքին, և եթե նա այդ չկամենա ընդունել, որ մեր խաղաղ տան մեջ խռովություններ մտնեն այդ բանի համար, ուրեմն այդ քո լութերական վարժապետներիդ էլ երբեք աստծուն սիրելի մարդիկ չեն կարող լինել, որովհետև ինչ տուն. որ մտնում են, ամեն տեղ խռովություններ ու գժտություններ են սերմանում։ Դու պետք է հեռանաս այդ մարդիկներից...

Մարիա՚մ, ես էլ երկար խոսել չեմ կամենում, դու պետք է վճռաբար հայտնես ինձ՝ ընդունո՞ւմ ես իմ խնդիրը, թե՞ ոչ:

Ինչո՞ւմն է կայանում քո խնդիրը։

Ահա թե ինչում. առաջին՝ դու չպետք է այսուհետև եկեղեցի գնաս և ոչ երեխաներիդ տանես, այլ Կարոյի կնոջ հետ նշանակած ժամին կգաք մեր ժողովարանը և այնտեղ կանենք ձեր աղոթքը, երկրորդ՝ կարգելես քահանաներին մեր տուն մտնել. երրորդ՝ կթողնես բոլորովին պահք պահելը. չորրորդ կմոռանաս քո այդ հազար ու մի սրբերին ուխտ գնալը կամ մատաղներ մորթելը. հինգերորդ...

Այս խոսքերը խոսելու ժամանակ Մարիամի դեմքը հետզհետե մռայլվում էր, կուրծքը բարձրանում էր և իջնում և սիրտը տրոփում էր այնպես, որ կարծես թե պատրաստվում էր մի մեծ կովի համար։ Վերջապես նա ուղղվեցավ աթոռի մեջ և բարկացայտ աչքերը սևեռելով ամուսնու աչքերին՝ խրոխտ ձայնով ընդմիջեց նրա խոսքը.

Դու քո մտքումդ հաստատապես դրել ես, որ այդ բոլոր ասածներդ անե՞լ տաս ինձ։

Այո՛, և ես այդ բանը խոստացել եմ մեր պաստորին և մեր քարոզչին:

Շա՜տ իզուր ես արել: Ես քո առաջարկներից և ոչ մեկը պետք է ընդունեմ: Ականջներդ բաց լավ լսիր և գնա քո անխիղճ վարժապետներիդ էլ հասկացրու, որ եթե Քրիստոսի չարչարանքներն էլ տաք ինձ, ես ձեր պահանջածներից և ոչ մեկը պետք է կատարեմ: Այս է իմ միակ և վերջին վճիռը:

Այս ասելով նա արագությամբ բարձրացավ տեղից և ուղղվեցավ դեպի դուռը:

Մարիա՞մ, Մարիա՜մ, լսիր ինձ, տես թե ի՞նչ եմ ասում, կոչում էր ամուսինը ետևից:

Ոչ, այլևս ես քեզանից ոչինչ լսել չեմ կամենում, և ոչ էլ երբևիցե քո երեսը տեսնել եմ ուզու, իմ ամուսինը մի տարի սրանից առաջ է մեռել, և ես այժմ այրի եմ... Այս ասելով նա զայրացած դուրս գնաց և դուռը բարձրաձայն փակեց յուր ետևից։

Գրիգորը միառժամանակ մնաց յուր տեղը ընդարմացած աչքերը ուղղած փակված դռանը։ Հետո նա տեղից վեր կացավ, առավ վերարկուն և կրկին փակված դռանը նայելով մրմնջաց ինքն իրան. «Կամակոր կին, դու ուրեմն կամենում ես քո ամուսինը խայտառակել, լավ, կտեսնենք, թե քո այդ կամակորությունը մինչև ուր կտանե քեզ... Ես ամենից մեծ հիմարը կլինեմ, եթե թողնեմ քո գիտցածիդ պես երեսդ խաչակնքել անգամ։ Մինչև այժմ ես քարոզչի պատվիրած քաղցրությունը գործ դրի, այսուհետև էլ Կարոյի տված խորհրդին կհետևեմ»։ Այս տխուր սպառնալիքներից ետ նա հագավ վերարկուն և դուրս գնաց սենյակից...

Ամուսինների այս վերջին բաժանումից ետ անցան երեք տարիներ, այս գերդաստանի համար երեք վշտալից տարիներ։ Մարիամը հաստատ մնաց յուր վճռին, նա ոչ մի կերպ և ոչ մի պայմանով չհոժարեցավ ենթարկվիլ ամուսնու ներգործության՝ ընդունել բողոքականություն։ Այս պատ՛ճառով ամուսինն էլ յուր կողմից, մանավանդ յուր «եղբայրների» հորդորմամբ, անողոքելի մնաց յուր վճռի մեջ։ Մարիամի յուրաքանչյուր անգամ եկեղեցի գնալը, յուր տան մեջ քահանա ընդունելը, դրացիների հետ ուխտ գնալը, միով բանիվ նրա յուր հավատի վերաբերյալ ամենաչնչին հնավանդ սովորության կատարումը պատճառ էր դառնում յուր ամուսնու նախատելուն, հայհոյելուն և շատ անգամ այնպիսի կռվի, որը վերջանում էր նրանով, որ երբեմն սիրող ամուսինը սկսում էր ծեծել յուր կինը... Խեղճ Մանիշակը շատ անգամ մտնում էր այս վերջնակռիվների մեջ յուր մորը պաշտպանելու նպատակով, բայց հոր հարվածներից իրեն էլ բաժին առնելով վշտահար և լալով քաշվում էր մի կողմ։ Մյուս երեխաները, որոնք անզոր էին իրանց մորը պաշտպանելու, լաց ու գոռոցով ողբակցում էին նրան և իրանց քրոջը։ Եվ այսպես ամբողջ տունը շատ անգամ ներկայացնում էր մի աղիողորմ և սիրտ կտրատող տեսարան։ Ահա հենց այս տեսարաններից մեկն էր, որին ընթերցողները հանդիսատես եղան այս պատմության առաջին գլխում:

"Հայ բողոքականի ընտանիքը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Անուրջներ
Առնո Բաբաջանյան

Անուրջներ

Արարատյան դաշտ
Արարատյան դաշտ
Խաղա առցանց