Մուրացան

Հայ բողոքականի ընտանիքը

Դ

Դ

Մի կիրակի առավոտ քարոզիչ Ավետիքը եկավ ոսկերիչի տունը և հայտնեց նրան, որ իրանց գլխավոր պաստորը Տփխիսից եկել է, ուստի ինքն էլ մյուս բոլոր «եղբայրների» հետ պիտի պատրաստվի նրա տեսության գնալու: Ոսկերիչ Գրիգորը նախ երկյուղ հայտնեց յուր տգիտությամբ մեծապատիվ պաստորի առաջ երևալու, բայց երբ Ավետիքը հարևանցի կերպով ծանոթացրավ նրան պաստորի անձնավորության հետ, հայտնելով, որ նա ինքը իսկ այս քաղաքացի է և հայտնի դպիր Ղազարի տղան է, որին յուր հայրը մանկության ժամանակ մի քանի ոսկով ծախել էր նեմենցներին, որոնց մոտ նա մնալով ուսել էր «տիրոջ խոսքը» և ստացել այս մեծ պաշտոնը, և թե նա բոլոր «եղբայրների» հետ իրանց հասկացած լեզվով պիտի խոսի, այն ժամանակ ոսկերիչը սիրտ առավ և հագնելով յուր պահեստի հագուստները, ընկերացավ քարոզչին։ Վերջինս նրան առաջնորդեց յուր տունը, ուր հավաքված էին բոլոր «եղբայրները»։ Իսկ այստեղից նրանք բոլորը միասին գնացին և ներկայացան մեծապատիվ պաստորին։

Քարոզիչ Ավետիքը պաստորին ծանոթացրավ «եղբայրներից» յուրաքանչյուրի հետ, համառոտ ծանոթություններ տալով նրանց անցյալի և ներկայի վերա, և հետո ներկայացրավ յուր եռամյա գործունեության հաշիվը։ Այս հաշվից պաստորը բավականությամբ տեսավ, որ քարոզիչ Ավետիքը այդ ոչ շատ երկար ժամանակամիջոցում կարողացել էր երեսուն և երկու հոգի լուսավորչական հայերից դարձնել ավետարանականության։ Միայն շատ չախորժեց տեսնելով, որ ներկայացրած տոմարի մեջ քսանյոթ հոգի պարտական էին կենտրոնական սնդուկին բավական նշանավոր գումարներ։ Օրինակ, բազազ Հարությունը՝ 1200 ռ., նրա աներձագ Հովակիմը՝ 1400 ռ., մուշտակագործ Ալեքսանը' 1000 ռ., ոսկերիչ Կարապետը (մեր ծանոթ Կարոն)՝ 1500 ռ., ոսկերիչ Սիմոնը՝ 900 ռուբլի։ Սրանք բոլորը ստացել էին կանխիկ դրամ անհրաժեշտ պիտոյից համար։

Այնուհետև գալիս էին երկրորդական ճանապարհներով պարտապանները։

Հյուսն Մաթեոսի տունը հրապարակական աճուրդից ազատելու և նրա պարտատերերը գոհաացնելու համար ծախսված էր 1100 ռուբլի։

Նրա արհեստակից Սարգսին ձիու գողության մեջ բռնված լինելուն պատճառով 18 ամսվա բանտարկությունից ազատելու և ձիատերը գոհացնելու համար 160 ռուբլի։

Նախկին առևտրական փականագործ Հովհաննեսին յուր կինը և որդիները յուր ուղղափառ դավանության դարձնելուն համար ընծա 300 ռուբլի, այլև նրա կնոջը և որդոց մի֊մի ձեռք հագուստ, արժեքը 120 ռուբլի։

Գրագիր Դանիելի համար սեղանապետի պաշտոն ձեռք բերելու համար երկու անձանց բարեխոսությունը վաստակելու համար նվեր 250 ռուբլի, այլև նոր տարվա օրը նույն անձիքների համար ընծա երկու գլուխ շաքար և երկու գլուխ թեյ, 14 ռ. 40 կոպեկ։

Փողհար Ասրիբեկի չհաս պսակը հաջողեցնելու համար նվեր 300 ռ.։ Եվ հետո այդ երկուսին ավետարականություն ընդունելու համար նվեր մի միահարկ տուն, արժողությամբ 490 ռուբլիէ

Սրանից հետո նշանակված էին մանր պարտապանների անունները կամ փոքր գումարով արված նվերները։ Սրանք այնքան աննշան էին, որ երկար թվումն մասանց անել ավելորդ է, կհիշենք միայն մի քանիսը: Օրինակ, Ծառաձագ գյուղացի Կարապետին նվիրված էր 26 ռուբլու արժողությամբ մի էշ, խառատ Հովսեփին 90 ռուբլու արժողությամբ հյուսնի գործիքներ, Բալլու գյուղացի Մկրտչին փոխ տված էր 60 ռուբլի, երկու ջրաղացի քարեր գնելու համար. այսպես իմացիր և մնացածները։

Ներկա եղող երեսուն և երկու հոգուց միայն հինգ հոգի կային, որոնք «եղբայրություն» էին ընդունել առանց որևէ նյութական նպաստ ընդունելու։ Դրանցից մինը ոսկերիչ Գրիգորն էր։

Պարոն պաստորը այս վերջիններին առավել մեծարանքով ընդունեց և ամեն տեսակ հարգանաց և գովեստի արժանի հայտարարեց նրանց։

Հետո նա սկսավ խոսել մի բավական ընդարձակ ճառ, որի մեջ գլխավորապես ձգտում էր հասկացնել «եղբայրներին» թե նրանք ինչ մեծ և աստվածահաճո գործի են իրենց ավետարանականություն ընդունելով, և թե որքան նեղություններ և վշտեր պետք է կրեն իրանց այդ ընտրած ճանապարհով անհողդողդ առաջ գնալու համար, թե որքան դժվարությանց պիտի հանդիպին և թե որպիսի բարոյական ուժ պիտի գործ դնեն այդ դժվարությանց հաղթելու համար:

«Դուք, ասում էր պաստորը, բախտավոր եք նրանով, որ առաջինն եք այդ լուսավոր ճանապարհի վերա ոտք դնողները: Դուք կանչված եք նրա դժվարությունները հաղթելու և մաքրելու ձեր ապագա սերունդի համար։ Այդ իսկ պատճառով էլ դուք առավելապես պիտի վարձատրվիք երկրում առաջին նահատակների փառավոր անունը և երկնքում «տիրոջ» արքայությունը ժառանգելով։ Բայց որովհետև ձեզանից մի քանիսը, ինչպես մեր քարոզիչ եղբայրը ինձ հայտնեց դեռ ձեր ընտանիքը ձեր լուսավոր ճանապարհի վերա հանելու չեք հաջողած, այդ պատճառով ձեր զոհաբերությունը կատարյալ չէ: Դուք կամ չպիտի ապրիք այդ ընտանիքում, որհեթանոս է, կամ եթե ապրում եք այդ հեթանոսներին էլ պիտի աշխատեք առաջնորդել դեպի փրկության ճանապարհը: Ես գիտեմ, ինչպես ասեցի կհանդիպեք դժվարությունների, դուք կբազմացնեք ձեր թշնամիները, կգրգռեք ձեր դեմ ձեր բարեկամների ատելությունը, ազգականների արհամարհանքը, դուք կհարուցանեք ձեր ընտանյաց մեջ խռովություն, անհամաձայնություն և շատ անգամ կռիվ: Բայց այս բոլորը ձեզ չպետք է վհատեցնեն: Դուք չպետք է կորցնենք ձեր արիությունը, այլ միմիայն անձանձիր աշխատեք: Մի օր դուք ուրախությամբ կտեսնեք, որ վերջապես հասաք ձեր սուրբ և վսեմ նպատակին: Մի օր դուք հպարտությամբ կտեսնեք, որ ձեզանից յուրաքանչյուրը մի-մի ընտանիք և այնուհետև մի ամբողջ սերունդ հեթանոսությունից դարձնելու պատճառ եղաք, և այն ժամանակ ձեր հոգիները համարձակ կդիմեն դեպի նրան, որ կանչում է. «Եկեք մի հոր օրհնածներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը»:

Այս և սրա նման շատ բաներ երկար խոսում էր պարոն պաստորը, և երբ յուր ճառը վերջացրավ, նա հարցրավ ներկա եղողների կարծիքը յուր ճառի մի քանի կետերի վերաբերմամբ: Բոլորը իհարկե պաստորի հայտնած մտքերի հետ համաձայն էին: Միայն ոսկերիչ Գրիգորը թույլատվություն խնդրեց իմանալու, թե արդյոք իբրև բացառություն իրեն չի՞ ներվիլ, որ ինքը յուր համար ավետարանական մնա, իսկ իր կնոջը և երեխաներին թույլ տա իրենց մինչև այժմ դավանած կրոնը պաշտելու:

Մենք հեզության աշակերտներ ենք, համոզիչ եղանակով պատասխանեց պաստորը, և ոչ ոքի չենք կարող ստիպել, որ նա զոռով մեր աշակերտը լինի: Բայց ով որ մի անգամ մեր «եղբայրության» մեջ է մտնում, նա պետք է մարդասեր լինի, և չկամենա, որ մարդկանց հոգիները կորչին: Դուք. էլ, որ մեր սիրելի «եղբայրներից» եք նույն հոգով պետք է վառվիք, այսինքն պետք է աշխատեք որքան կարող եք, մոլորյալ հոգիները փրկելու, և ոչ թե թույլ տաք, որ նրանք կորչին և գեհենի բաժին դառնան: Այս ամենը գիտենալուց ետ, ձեր կամքից է կախված թողնել ձեր ընտանիքը մոլորության մեջ կամ դաձնել նրանց ուղիղ ճանապարհ: Բայց և այնփես, ավելացրավ պաստորը, դուք, որ առանց շահախնդրության մտել եք մեր «եղբայրության» մեջ (որովհետև պաստորը փորձով գիտեր, որ այդ տեսակ հավատափոխները հաավագյուտ էին), դուք չպետք է արատավորեք ձեր անբիծ անունը, թույլ գտնվելով այն մեծ գործի մեջ, որի համար կանչված եք «տիրոջ» կամքով: Եթե դուք թշնամի չեք այդ ընտանիքին, ուրեմն գործով պիտի ցույց տաք ձեր բարեկամությունը, փրկելով նրանց բոլորի հոգրները անդառնալի կորստից;

Պաստորի խոսքերը խորը ներգործեցին ոսկերիչի վեա, և նա բոլորի վկայությամբ խոստացավ «չարատավորել յուր անբիծ անունը»: Սրանից հետո պաստորը հրավիրեց «եղբայրներին» աստծուն աղոթելու: Այս ընտանեկան հանդեսն էլ վերջացնելուց ետ յուրաքանչյուրը քաշվեցավ յուր տունը:

Ճանապարհին քարոզիչ Ավեետիքըև, Կարոն և Գրիգորը մասին էին գալիս, որովհետև նրանց ճանապարհը մեկ էր:

Գրիգոր եղբայր, խոսեց Ավետիքը դու լավ ըմբռնեցիր պաստորի միտքը:

Այո, որքան կարողացա, պատասխանեց Գրիգորը, նա ասում էր, որ ես պետք է աշխատեմ իմ ընտանիքն էլ մեր հավատին դարձնելու:

Ապրիս, ճիշտ այդպես է: Այժմ ինչ ես կարծում, պիտի կարողանաս թե ոչ:

Մեծ դժվարություն եմ տեսնում այդ ձեռնարկությանս մեջ, հետևապես սկզբից ոչինչ հաստատ բան չեմ կարող խոստանալ:

Ի՞նչ դժվարություն պետք է լինի, եղբայր, մեջ մտավ Կարոն, քո կինը իմ կնոջից ավելի պինդ հայ չէր կարող լինի, բայց ես նրան մոմի պես կակղացրի: Այստեղ հարկավոր է առնական հաստատակամություն: Եթե ունիս ուրեմն կամքդ կատարված է:

Սխալվում ես, ոչ թե յուր այլ «տիրոջ» կամքը, նկատեց քարոզիչը: Իսկ եղբայր Գրիգորը այդ առնական հաստատակամությունը ունի, ես գիտեմ, երբ նա մտադրվեցավ մի բան անելու արգելքները նրա համար նշանակություն չունին:

Ես միայն իմ ունեցած ուժս գործ կդնեմ, թե ինչպես կհաջողվի՝ աստված գիտես:

Այո՛, ուժ պետք է գործ դնել, ավելացրավ Կարոն, կինը միայն ուժի առաջ է հաղթվում: Ես մ՛ի քսան անգամ ծեծել եմ կնոջս մինչև նրան ճանապարհի եմ բերել:

Ո՛չ, առաջ քաղցրությամբ և սիրով, նկատեց քարոզիչը և լռեց, թողնելով որ խոսքի մնացորդ բառերը, «իսկ հետո ուժով և փայտով» իրենք իրանց հասկացվեն, որովհետև քարոզիչը զգուշացնում էր յուր «սեր և խաղաղություն» քարոզող մտքերին դավաճանող բառեր արտասանել: Իսկ ձեր այդ գործը, մի փոքր լռությունից հետո շարունակեց նա, մեծ պարծանք կարող է բերել մեր «եղբայրներին» և գլխավորապես մեր պաստորին, որը յուր բոլոր ճիգը գործ է դնում մեր պատիվը և անունը բարձր պահելու Եվրոպայի և Ամերիկայի միսիոներական և ավետարանական ընկերությունների առաջ: Վերջին բառերը առանձին հեշտահարությամբ էր արտասանում քարոզիչը, ոչ թե նրա համար որ նրանք մի որևէ նշանակություն ունեին, այլ որպեսզի Գրիգորի վերա նրան անծանոթ այդ բառերով՝ ավելի մեծ ներգործություն աներ:

Կաշխատեմ, անվստահ ձայնով պատասխանեց Գրիգորը քարոզչին և նրա ձեռքը սեղմելով ուղղվեցավ դեպի յուր ճանապարհը:

Իսկ մենք կհուսանք, վստահ ձայնով նրա ետևից ավելացրավ քարոզիչը և հեռացավ Կարոյի հետ:

"Հայ բողոքականի ընտանիքը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Մեղեդի
Առնո Բաբաջանյան

Մեղեդի

Արարատյան դաշտ
Արարատյան դաշտ
Խաղա առցանց