Մուրացան

Հայ բողոքականի ընտանիքը

Բ

Բ

Երջանկությունը, որին մարդիկ շատ փոքր են ճանաչում և որին ընդհանրապես հարուստների ապարանքներում են որոնում, հաճախ յուր բոլոր կատարելությամբ գտնվում է այն անշուք տնակներում, որոնց մենք «թշվառների կացարան» ենք անվանում: Ապրիլ արդար վաստակով, ճանաչհլ չափավորությորություն և գիտենալ գոհ լինել յուր ունեցածով, ահա երջանիկ լինելու առաջին պայմանները: Այս պարզ ճշմարտությունը ճանաչելու համար պետք է այցելել մեր այն այլ գավառական քաղաքները, ուր տակավին զեխությունը լուսավորության անվամբ, չէ եղծել նահապետական կյանքի պարզությունը և ուր անծանոթ է դեռ միշտ զեխության ընկեր արտաքուստ փայլող թշվառությունը։ Այն քաղաքը, ուր նախընթաց գլխում նկարագրված դեպքը տեղի ունեցավ, երբեմն շատ այսպիսի երջանիկներ ուներ յուր մեջ։ Նրանց թվին պատկանում էր և ոսկերիչ Գրիգորի ընտանիքը։

Ով որ չորս կամ հինգ տարի առաջ ծանոթ է եղել այդ ընտանյաց հետ, նա կհաստատե այս վկայությունը։

Գրիգորը դեռ քսան և երկու տարեկան երիտասարդ՝ յուր ունեցած ձիրքերով մեծ անուն հանեց ոսկերչության արհեստի մեջ։ Նրա ձեռագործները մեծ գին ունեին քաղաքում և գրեթե միշտ մեծամեծների սեփականությունն էին կազմում։ Տփխիսի թանգարանը այցելողը կտեսնե այսօր էլ այդ շնորհալի արհեստավորի ձեռքերի ճարտարությունը։

Գրիգորը յուր այդ երիտասարդ հասակում ամուսնացավ Մարիամի հետ, որը յուր պես որբ լինելով, ապրում էր յուր մորեղբայրների մոտ։ Նա գեղեցկությամբ այնքան գրավիչ էր և բարվոք այնքան պարարկեշտ, որ նրա որբությունը Գրիգորի կողմից ի նկատի չառնվեցավ, մինչդեռ այդ հանգամանքը շատ անգամ նպաստում է գավառացի աղջկա ամուսնական անհաջողության, որովհետև փեսաները այդտեղ անշուշտ ցանկանում են աներ և զոքանչ, հակառակ դեպքում այդ պակասությունը շատ զգալի է լինում նրանց համար։ Բայց Գրիգորը այդ բոլոր պակասության լրումը գտնում էր Մարիամի մեջ:Մի կին, որ ամենայն խանդաղատանոքսիրում էր յուր ամուսնուն և յուր բոլոր ուրախությունը և կյանքը որում էր միմիայն նորա մեջ, մի՞թե այսպիսի գանձ չէ՞, որ լցնում է ամենայն տեսակ բարյաց պակասությունները։ Եվ ահա ինչու նրանք ապրում էին ուրախ և երջանիկ, որովհետև ապրում էին միմյանց համար։ Գրիգորը ամբողջ օրը գործում էր խանութում և երեկոյան դառնում էր տուն, գոհ յուր օրվա աշխատանքից և ուրախ յուր ամուսինը տեսնելու համար։ Մարիամը դիմավորում էր նրան միշտ անուշ ժպիտը երեսին։ Երիտասարդական սիրո խանդաղատանքը, այս ժայռերի քաղաքում, նկատվում է իբրև մեղկության նշան, և շատ հազիվ է պատահում, որ փեսան կարողանա գեթ յուր մոր կամ քրոջ ներկայությամբ յուր նորատի հարսին համբուրել, բայց երիտասարդ ոսկերիչ և յուր Մարիամի սերը այնքան վառ և բորբոքված էր, որ նրանք չէին կարողանում համարձակ չանել այդ: Չնայելով, որ ոսկերիչի մեծ մորաքույրը, Թագուհի տատը, որ անորդի պառաված լինելով մնում էր յուր քեռորդոց տանը, միշտ խրատում էր նրանց՝ այդպես չվարվել, որովհետև դրացիները կարող էին այդ բանը տեսնել և նրանց բամբասել, այնուամենայնիվ ոսկերիչն ու յուր կինը միշտ մնում էին միևնույնը:

Թագուհի տատը շատ անգամ նրանց այդ, ըստ յուր կարծյաց, ներելի հանցանքից դարձնելու համար պատմում է յուր երիտասարդական կյանքի պատմությունից այնպիսի կտորներ, որոնք յուր կարծիքով մեծ ազդեցություն կարող էին անել ամոլների բարքի վերա: Օրինակ նա պատմում էր, որ մի անգամ յուր ամուսինը շուկայից դարձավ տուն աղլուխով միսը ձեռքին, բայց դեռ բակը չմտած, փողոցից կանչեցին նրան: Եվ որովհետև այդ միջոցին ինքը գտնվում էր բակի մեջ ամուսինը միսը յուր ձեռքը տվավ և դուրս գնաց:

Երևակայեցեք, շարունակում էր Թագուհի տատը, միսը ես տուն բերի, բայց սկեսուրս երբ իմացավ, որ ամուսինս յուր բերած միսը ուղղակի իմ ձեռքն է տվել, նա այն մսից մի կտոր անգամ չկերավ և մի ամբողջ շաբաթ ինձանից և յուր որդուց՝ հանգուցյալ Ղազարից, խռով մնաց:

Այս և սրա նման խրատական օրինակներ շատ էր բերում Թագուհի տատը քանի որ նա կենդանի էր, բայց Գիրգրի և Մարիամի վրա, ինչպես ասեցինք, ոչինչ ազդեցություն չէին կարողանում անել: Երկու նորատի ամուսինները սիրում էին միմյանց այնպես, ինչպես հրամայում էր նրանց բնությունը և ինչպես կամենում է բանաստեղծը:

Այսպես քանի որ նրանք որդի չունեին, ապրում էին իրբրև ամենախանդակաթ ամուսիններ: Իսկ երբ մի երկու տարուց ետ ծնավ նրանց Մանիշակը, նրանց սրիո անդրանիկ պտուղ, նրանք սովորեցին ապրել և իբրև կատարյալ ծնողները: Գրիգորը յուր արհեստի շնորհիվ լավ վաստակ ուներ և նրա կեսը այժմ կարողանում էր խնայել ապագայի համար: Մարիամը քիչ չէր օգնում նրան այդ խնայողության գործի մեջ: Նրանց այս երջանիկ դրության վրա անցան և մի քանի տարիներ, և նրանք ունեցան դարձյալ երեք տղա զավակներ: Նրանից յուրաքանչյուրի աշխարհ գալովն նորանոր ուրախություններ էին ավելանում նրանց համար: Մյուս կսղմից էլ հետզհետե բարվոքվում էր նրանց նյութական վիճակը: Գրիգորը յուր ամուսնության տասներեքերորդ տարում, յուր և ամուսնու խնայողության շնորհիվ, արդեն ուներ մի երեք հազար ռուբլի, մի գումար, որ արհեստավորի հարստություն է համարվում:

Այժմ նրանց ոչինչ չէր պակասում: Երկու ամուսինները շատ անգամ նայում էին իրանց շուրջը, և երբ տեսնում էին հրեշտակի պես գեղեցիկ մետասանամյա դուստրը, երեք սիրուն և կայտառ տղաները և այս բոլորի հետ հիշում էին իրանց անկարոտ վիճակը հրճվում և փառք էին տալիս աստծուն: Ամբողջ 13 տարի նրանց ամուսնությունից ետ դեռ մի դժգոհություն կամ գժտություն չէր խռովել նրանց ընտանեկան խաղաղությունը և երկու ամոլներից ոչ մեկի անախորժ վարմունքը չէր կնճռել մյուսի ճակատը:

Դրացիները երանում էին նրանց, և ով որ ճանաչում էր մանավանդ նրանց առտնին կյանքը, համոզվում էր, որ նրանք երջանիկ էին...

Բայց, կարծես թե այդ երջանկությունը հասել էր յուր կյանքի լրման, և նա տեղի պիտի տար իրանից միշտ անբաժան, բայց և միշտ ատելի ընկերին՝ թշվառությանը։

187… թվականի հունվար առաջին օրն էր։ Այդ օրը մեր երջանիկ ամուսինները ուղջունում էին իրենց ամուսնության տասն և չորրորդ տարին։ Կեսօրին մոտ էր։ Գրիգորը վերջացնելով յուր նոր տարվա առթիվ տված այցելությունները դարձավ տուն։ Նախընթաց օրը տեղի ունեցած պայմանադրության համաձայն, այսօր Գրիգորի մոտ պետք է ճաշեին յուր համարվեստ բարեկամները։ Մարիամը բոլոր հարկ եղած պատրաստությունները տեսել էր յուր ամուսնու հյուրերին պատվելու համար։ Չնայելով որ օրը պահոց էր, այնուամենայնիվ նրա խոհանոցը արտադրել էր կերակուրների մի քանի տեսակները։ Մի քանի աննշան պակասություններ էլ Գրիգորի արած նկատողություններովը լրացան, և այժմ նրանք անհամբեր սպասում էին հյուրերի գալստյան։ Կեսօրը լրացավ թէ չէ, Գրիգորի բարեկամները խոսելով ու ծիխաղելով խմբովին ներս թափվեցան տան բակը: Սրանք բոլոր էլ հոգվոր ամենաուրախ տրամադրության մեջ էին, որովհետև նրանցից յուրաքանչյուրը յուր այցելությանց ժամանակ առնվազն մի հինգ բաժակ օղի վայելած էր: Կենաց ջրի այնպիսի մի քանակությունը բավական է արհեստավորին մոռացնելու տալու աշխարհի մեջ թշվառությունների գոյությունը:

Գրիգո՛ր, քեզ համար մի նոր հյուր եմ բերել, զվարթ ձայնով կանչեց նրա արհեստակիցներից մեկը:

Գլխիս վերա տեղ ունի, Կարո ջան, որքան շատ, այնքան լավ, պատասխանեց Գրիգորը:

Գլխիդ վերա տեղ չկա, գլուխդ քեզ լինի, սենյակիդ մեջ տեղ տուր մեզ, ծիծաղելով պատասխանեց Կարոն և ներկայացրավ նրան յուր բերած հյուրին:

Գրիգորը սեղմեց երկուսի ձեռները:

Գրիգոր, ճանաչո՞ւմ ես Կարոյի հյուրին, մոտենալով հարցրավ նրան մի կարճահասակ և թխադեմ երիտասարդ:

Ի՞նչպես չէ, մեր կնքահորենց Ավետիքն է. ինչու՞ չճանաչեմ:

Տեսա՞ր, որ չճանաչեցիր:

Ի՞նչպես թէ չճանաչեցի, աչքերս խո գրավ չեմ դրել:

Իհարկե չճանաչեցիր, խմբի միջից ձայն տվավ վարպետ Օհանեսը, որի գլուխը բավականին մեծ ծավալ է բռնում յուր ուսերի վերա:

Եղբայրներ, եթե մեզանից մեկը հարբած է, այդ ես չեմ, դուք էլ գիտեք որ ես օղի չեմ խմում, պատասխանեց Գրիգորը մի փոքր վրդովված:

Ի՞նչ եք կռվում, մեջ մտավ քթատ Համբարձումը, որին կարճ քիթ ունենալուն համար այդ անունով էին կոչում, երեքդ էլ միմյանց չեք հասկանում: Եղբայր, դարձավ նա դեպի Գրիգորը, հաշտեցուցիչ, համոզիչ ձայնով, դու գիտես, որ մեր Կարոն լուրթերական է, է՛հ, Ավետիքն էլ սրա վարժապետն է: Հիմա սրանք որ հարցնում են, թէ ճանաչո՞ւմ ես Կարոյի հյուրին, կամենում են ասել՝ գիտե՞ս, որ նա սրա վարժապետն է, թէ՞ չէ, ահա սրանց հարցի միտքը, այժմ հասկացա՞ր:

Իհարկե հասկացա. դեհ այդպես խոսեցեք է՜. հեր օոհնածներ:

Վահ, չպե՞տք է շնորհք ունենան այդպես խոսելու համար, կրկնեց քթատ Համբարձումը ինքնաբավական ծիծաղով:

Խոսք չկա, շնորհքդ էլ այնքան մեծ է, որքան քիթդ, կցեց վարպետ Օհաննեսը ծիծաղելով:

Իսկ քոնն էլ երևի այնքան է մեծ, որքան գլուխդ, կրկնեց Համբարձումը, և ծիծաղը ընդհանրացավ խմբի մեջ:

Բավակա՛ն է, բարեկամներս, ձայն տվավ Գրիգոր, ճաշի ժամանակ է, ո՞ւր եք այդքան երկար կանգնում այդ ցրտի մէջ: Ներս հրամեցեք, սեղանը ձեզ է սպասում: Այս ասելով նա առաջ անցավ, և հյուրերը հետևեցին նրան:

Բավականին ընդարձակ սենյակը, որ պատրաստած էր հյուրերի համար, փայլում էր մաքրությամբ: Երեք երկար գույնուզգույն գորգեր, որոնք ծածկած էին սենյակի հատակը, երկու սեղաններ, մի քանի աթոռներ և մի հնատարազ հայելի լրացնում էին սենյակի պարզ զարդարանքը: Հյուրերի համար գորգերի վերա զուգահեռական դիրքով ձգված էին երկու երկար օթոցներ, որոնք ծառայում էին աթոռների փոխարեն և որոնց վերա ծալապատիկ շարվեցան մեր հյուրերը:

Փոքր ժամանակից ետ Մանիշակը ներս մտավ յուր հոր աշակերտ Աշոտի հետ, յուրանքանչյուրի ձեռքը մի մի սկուտեղ զանազան պնակներով: Նրանք միասին տարածեցին կապույտ ծաղկենկար սփռոցը հյուրերի առաջ, կարգավորեցին նախաճաշի պնակները, գինու շշերը և ապա հետզհետե ներս էին բերում կերակրի բաժինները: Արհեստավոր դասը առհասարակ ծառա չէ ունենում. նրա տանը հերթով օգնում են յուր արհեստի աշակերտները: Այսօր հերթը Աշոտինն էր, որի հայրը՝ վարպետ Սարգիսը, նույնպես հրավիրված էր այսօր ոսկերիչի տանը:

Վարպետ Սարգիսը տեսնելով, թե ինչ սիրով սպասավորում էին հյուրերին երկու հասակակից երեխաները, երկար նրանց դիտելուց ետ դարձավ դեպի տանուտերը. Գրիգոր, ասաց նրան, մեր արհեստակիցների ներկայությամբ ես մի խնդիր եմ առաջարկելու քեզ, պետք է ընդունես:

Հրամայի՛ր, վարպետ, պատրաստ եմ կարողությանս չափ քեզ ծառայելու, համեստությամբ պատասխանեց Գրիգորը:

Օրհնյալ լինես, ուրեմն լսիր, ես կամենում եմ, որ քո Մանիշակը իմ Աշոտի հարսնացուն լինի, և հենց այսօրվանից մենք խնամիներ դառնանք: Իմ Աշոտը 14 տարեկան է, քո Մանիշակը 11 ից ավելի չէ, 5 թե 6 տարիից հետո մենք, եթե կենդանի մնանք, նրանց կպսակենք: Ի՞նչ կասեք, տղա՛յք, դարձավ նա դեպի հյուրերը. վատ առաջարկություն խո չե՞մ անում:

Աստված շնորհավոր անի, գոչեցին հյուրերը միաբերան, մենք մեր կողմից հոժար ենք:

Դուք որ հոժար եք, ես ի՞նչ խոսք ունեմ, պատասխանեց Գրիգորը քաղցրությամբ և սեղմեց վարպետ Սարգսի ձեռքը, որ նա պարզել էր դեպի իրեն:

Ապա մա՞յրը, մեջ մտավ կնքահորենց Ավետիքը, որը ըստ երևույթին կանանց դատը պաշտպանողներից էր:

Մայրը ինձ հետ միշտ համաձայն կլինի, իմ և նրա կամքը մեկ է, պատասխանեց Գրիգորը:

Ուրեմն առաջին բաժակը կդատարկենք Մանիշակի և Աշոտի կենացը, գոչեցին հյուրերը միանգամայն և դատարկեցին բաժակները:

Մի ապագա ամուսնության դաշը կռված էր: Եվ որովհետև նա համայնքի կամքովն էր, ուրեմն և անքակտելի էր:

Սեղանի վրա հետզհետե բարդվում էին կերակուրները, գինու բաժակները արդեն սովորական արգությամբ պտտվում էին, և ուրախությունը սկսել էր դառնալ հասարակաց:

Զարմանալի սովորություն կա ձեր մեջ, խօսել սկսավ կնքահորենց Ավետիքը, երբ հավաքվում եք մի տեղ ուրախանալու, անպատճառ կամ պետք է մի տղայի նշանեք կամ մի աղջկա, մեծ լինի թե մանուկ բնավ ուշադրություն չեք դարձնում: Լավ, դիցուք թե տղան ես եմ, մեծացա ու աղջկանը չսիրեցի, կամ աղջիկը յուր կողմից սկսեց ատել

տղային, այն ժամանակ խո զոռով չեք կարող ամուսնացնել։ Եթե անենք էլ՝ նրանց կթշվառացնեք։

–Աստծո ողորմությամբ մինչև այսօր այդպիսի բան չէ պատահել, պարոն Ավետիք,– մեջ մտավ վարպետ Սարգիսը,– եթե աստվածդ կսիրես բարի բանի մեջ քար մի գցիլ։

Ինչու՞ եմ քար գցում, ես ձեր վատ սովորության վրա եմ խոսում։

Եղբայր, այստեղ ոչինչ վատություն չկա, մեջ մտավ մյուս կողմից քթատ Համբարձումը, ուրախության տեղն էլ ուրախ բաների վերա կմտածեն, կխոսեն, էլ ուրիշ ի՞նչ պիտի անեն։

Ի՛հարկե, ի՛հարկե, գոչեցին շատ տեղերից հյուրերը։ Համբարձումը իրավունք ունի, էլ ուրիշ ինչ պիտի անենք։

Որ այդպես է Համբարձումի կենացը, կանչեց վարպետ Օհաննեսը, որը յուր համայնքից ցմահ ամփոփոխ մատռվակ էր ընտրված։ Համբարձումի կենացը, կրկնեցին հյուրերը և դատարկեցին բաժակները։

Համբարձումը ինքն իրեն հրճվում էր որ յուր նշանավոր նկատողությամբը արժանացավ հասարակության առանձին ուշադրությանը։ Բայց Ավետիքը տեսնելով, որ ճիշտ յուր որսի տեղն է ընկել, շահավոր չէր համարում լռել, ուստի նորեն սկսավ խոսել։

Պարոն Համբարձում, դուք սխալվում եք կարծելով, որ ուրախության տեղը միշտ դատարկ ուրախություն պետք է անեք։ Ընդհակառակն, ամեն մի ուրախության տեղ ամենից առաջ մի ավելի լավ բան կա անելու և առաջ այն պիտր անենք։

Ի՞նչ բան, հետաքրքրությամբ հարցրավ Համբարձումը։

Այն, որ առաջ այս սեղանը և կերակուրները մեզ պարգևող «տիրոջ» անունը հիշենք։ Այս ասելով նա մատը բարձրացրավ դեպի երկինքը։

Իրավունք ունիք, եղբայր, հաղթված ձայնով գոչեցին հյուրերը, ախար մենք հացի նստանք առանց սեղանը օրհնելու։ Ա՜յ,այ, ա՜յ, դժգոհությամբ գլուխը շարժեց. վարպետ Սարգիսը, և սկսավ օրհնել սեղանը:

«Անուն Հոր և Որթոր և Հոգույն Սրբոյ: Հայր մեր որ կինս սուրբ եղեցի անուան քո երգեսցե արքավություն քո եղիցեն կամք քո որպեՍ երկիրս և երկրե. զհԱրս մեզ հանապազ զորթ տուր մեզ այսօր. և թող մեր զպարտս մեզ, որպես թողունք մերոնց պարտապանաց, և մի տանիլ ի մեզ ի փորձություն, այլ փրկյա միզի չարեն, զի քո է արքայություն և զորություն և փառք հավիտյանս հավիտենիս, ամեն»: Վարպետ Սարգիսը յուր աղոթքը վերջացնելուց ետ հանդիսավոր կերպով խաչ հանեց երեսին, որին հետևեցին և բոլոր հյուրերը բացի Ավետիքից և Կարոյից: Բայց այս բանը նրանց բախտից հյուրերից ոչ ոք տեսավ:

Դեհ, տիրոջ անունն էլ տվինք, այժմ խո կարող ենք ազատ ուրախություն անել, դարձավ Համբարձումը Ավետիքին:

Ես ձես ուրախությունը բնավ չեմ արգելում: Ես ասացի. «տիրոջ» անունն էլ պիտի հիշենք…

Բա չհիշեցի՞նք:

Դուք միմյան տերունական աղոթքն ասեցիք, և այդ ձեր պարտքն էր, որ մոռացել էիք, այլ իմ պահանջածս ուրիշ էր:

Ո՞րն է, ո՞րը:

Հա, ո՞րն է ձեր պահանջածը, ասա, այս րոպեին կատարել տամ, հանգստաբար գոչեց վարպետ և մատռվակ Օհաննեսը:

Այ թէ ինչ:

Հա, տեսնենք ի՞նչ է ասում ֆարմասոնը, զվարճությամբ կրկնեցին մի քանի հյուրեր գինու բաժակները ձախ ձեռքով բռնած ի պատիվ նրա:

Ավետիքը պատրաստվում էր բերանը բանալ թէ չէ.

Սպասի՛ր, սեղանի մյուս ծայրից խոսաց մի ճաղատ գլուխ, եթե ասելու ես գինի մի խմեք, այժմենից զգուշացնում են քեզ, որ չխոսաս:

Հա՛, հա՛, իրավ է ասում, կրկնեցին ձախ ձեռքով բաժակ կրողները:

Ավետիքը տեսնում էր, որ դիտմամբ իրեն խանգարում էին, բայց քարոզչի համար այդ տեսակ արգելքները նշանակություն ունեի՞ն։

Սիրելի եղբայրներ, սկսավ Ավետիքը, դուք գիտեք…

«Եղբայրներ» մի՛ ասիր մեզ թե աստվածդ կսիրես, իսկույն խոսքը կտրեց Համբարձումը։

Ի՞նչպես, ապա մենք բոլորս էլ «եղբայրներ» չե՞նք, զարմացմամբ հարցրավ Ավետիքը։

Ոչ, քեզ հետ եղբայրներ չենք։

Տո ի՞նչ ես հիմար – հիմար դուրս տալիս, Համբարձումի վրա զարմացավ մատռվակը, թող մարդը խոսի, տեսնենք ի՞նչ է խոսում, է՜։

Ի՛հարկե, վրա բերավ մեզ ծանոթ ճաղատ գլուխը, որի քիթը շատ խմելուց (պատիրջանի) գույն էր ստացել, թող խոսի գուցե աստված գլխին խռովում է ու մի լավ բան է ասում։

Ախր դու չգիտես, վարպետ Օհաննես, իրան արդարացնում էր Համբարձումը, սրանք իրանց լութերականներին են եղբայր կանչում, մենք էլ խո լութերական չե՞նք։

Ավետիքը Համբարձումի այս բացատրությանը պատասխանեց միայն մի ժպիտով։

Այ թե ի՞նչ են սովորեցնում ձեզ ձեր քահանաները, հանդարդությամբ շարունակեց Ավետիքը խոսքը՝ ուղղելով մյուսներին։ Աստծու տված «եղբայր» բառն էլ չեն ուզում, որ արտասանեք, ու հազար ու մի նշանակություն են տալիս նրան։

Հոգուտ մեղք ես անում, պարոն Ավետիք, խոսքը կտրեց վարպետ Սարգիսը, մեր քահանան, որ տեր– Արիստակեսն է, այդպես բան ասած չունի․ հոգի ունեմ տալու աստծուն։

Այդ միևնույնն է, այդ չէ ասում, բայց դրա նման շատ բաներ է ասում։ Զորօրինակ նա ասում է՝ «Աստծու տված յուղն ու պանիրն մի ուտեք, որովհետև պաս է»։ Այս էլ միևնույն չէ՞։

Օհ, դրանով ի՞նչ եք ուզում ասել, պ․ Ավետիք, ծանրությամբ հարցրավ վարպետ Սարգիսը, հապա քո ասելով պահք էլ չպահե՞նք:

Պահք ի՛հարկե պետք է պահենք, որովհետև տերն ասում է՝ «Այս դևը ոչ մի բանով դուրս չի գալ, բայց միայն պահքով ու աղոթքով»: Բայց պահքը, որ լսել եք այն չէ ինչ որ դուք եք պահում, կամ ինչ որ ձեր քահանաներն են քարոզում:

Ախր չասացի, թե դրան մի բառ եթե թույլ տաք խոսելու, հազարն էլ հետո կխոսի, անհամբերությամբ ներս ընկավ Համբարձումը:

Տո անպիտան, քեզ չասացի, որ լռիր, տեսնենք մարդը ի՞նչ է խոսում, բարկացավ նրա վրա մատռվակը:

Իմ կարծիքով, խոսեց Ավետիքը, Համբարձումը մեզ խառնում է նրա համար, որ գինի խմելը դադարեցրել եք: Ես ձեզ խորհուրդ կտամ պ. մատռվակ, որ նրան միանվագ 3 բաժակ գինի տաք խմելու, իբր պատիժ:

Մատռվակը հրամայեց, և Համբարձումի մոտիկ ընկերը երեք բաժակ լցնելով առաջարկեց նրան: Վերջինս ներքին բավականությամբ և արտաքին դժգոհությամբ երեք բաժակները դատարկեց:

Ավետիքի խարդախությունը ոչ ոք չիմացավ: Նա կամենում էր յուր հակառակորդին հարբեցնելով թուլացնել, որը որքան էլ հիմարաբար էր խոսում, դարձյալ իրեն խանգարում էր: Բայց սխալվեցավ:

Այժմ կարող եք խոսել, ես կլռեմ, հայտարարեց Համբարձումը բաժակները դատարկելուց ետ:

Հա, սկսավ Ավետիքը, այն էի ասում, թե քահանաները ուղիղ պահք պահելը չսովորելով՝ ձեզ խաբում ու մոլորեցնում են:

Հիմա այստեղ ես ի՞նչպես դիմանամ, գլուխը շարժելով խոսեց ինքն իրեն Համաբարձումը, հիմա էլ մեր քահանաներին խաբեբա է անվանում:

Հարգելի պարոն Համբարձում, խոնարհ ձայնով դարձավ Ավետիքը դեպի նրան, դուք դարձյալ դժգոհություն եք ցույց տալիս, ես տեսնում եմ, որ դուք շատ նուրբ կացողություն ունիք և ինձ շուտով կբռնեք. թողեք խոսեմ, եթե սխալ կգտնեք խոսածիս մեջ, կարող եք ինձ լռեցնել:

Սա երկրորդ զենքն էր:

Այս խոնարհ խոսակցության եղանակը Համբարձումի ինքնասիրությունը գգվեց, և նա խոստացավ լռել: Ավետիքը սկսավ:

Եթե ես ասում եմ թե ձեր քահանաները ձեզ մոլորեցնում են սխալ ճանապարհներ տանելով, դուք նեղանում եք: Տեսեք. դուք միշտ միմյանց հայհոյում եք, բամբասում եք, զրպարտում եք, թշնամություն եք անում, միմյանց տուն քանդում եք, բայց այս բոլորի համար ձեր քահանան ձեզ չի ասում, թե մեղք է, մի անեք, այդ բանից պահք պահեցեք, այլ ընդհակառակը յուղ ու միս ուտելից է ձեզ զգուշացնում: Սա մոլորեցնել չէ՞: Այստեղ յուղով փլավի տեղ՝ ձեթով եք ուտում, իսկ այնտեղ գնում ընկեր ընկերի միս ուտում. սա ինչի՞ նման է:

Ես իմ աստվածը շատ լավ է ասում պարոն Ավետիքը, ընդհատեց նրան մատռվակը, վա՜յ մեր մեղացը:

Հա, ի՞նչ խոսք ունիս սրան, պարոն Համբարձում, հարցրավ՛ նրան տանուտեր Գրիգորը, որին ըստ երևույթին շատ դուր էին գալիս Ավետիքի խոսքերը, սուտ է ասում թե՞ ճշմարիտ:

Ես ի՞նչ գիտեմ, սուտ է ասում թե ճշմարիտ, կես բարկությամբ պատասխանեց Համբարձումը, պետք է մեր վարժապետ Հարությունը այստեղ լիներ, որ դրա խոսածների միտքը իմանար: Այսքան գիտեմ, որ դա յուր կյանքում ոչինչ լավ բան չի խոսիլ. ինչ էլ խոսի՝ մեր սուրբ հավատի հակառակ է:

Այո, շարունակեց Ավետիքը, բնավ ուշադրություն չդարձնելով Համբարձումի խոսածներին, ձեր մեջ հազարավոր պակասություններ կան, որոնց չեն ուզում ուղղել ձեր քահանաները, որովհետև նրանք չեն ուզում ձեր աչքերը բանալ: Ձեզ խավարի մեջ պահելով իրանք միշտ ավելի կշահվին: Ձեր մեջ հարյուրավոր ընտանիք քաղցից մեռնում են, դուք նրանց չեք մոտենում, նրանց կարեկից չեք լինում, նրանց ցավերը չէք մեղմում, և այդ բանի համար ձեր քահանան ձեզ ոչինչ չի հիշեցնում, որովհետև եթե սխալվի և հիշեցնի իհարկե յուր բաժինը դուք կտաք այն խեղճերին: Այսպես, ձեր հոգևոր հայրերը ձեզ հետ ամեն բան հաշվով են գործում, և իրանց օգուտի համար ձեր հոգիները դժոխքի բաժին են դարձնում:

Ավետիքի այս խոսքերը լուռ լսվում էին բոլոր հյուրերը, միայն Համբարձումի համար յուր լռությունը շատ երկար թվաց: Նա քարոզչին ընդհատեց:

Դե բավակա՛ն է, ի սեր աստծո, այստեղ ժամ չե՞ս շինելու, քարոզ ունիս, գնա քո «եղբայրներներիդ» քարոզիր:

Դու էլ իմ «եղբայրն» ես, հարգելի պարոն Համբարձում, ուստի…

Աստված ոչ անե, որ ես քո «եղբայրը» լինեմ, այն ժամանակ ես էլ քեզ նման մի անամոթ մարդ կլինեմ:

Համբարձում, հրամայող ձայնով դարձավ նրան տանտեր Գրիգորը, ինչու՞ համար հայհոյում ես իմ հյուրին:

Շատ լավ եմ անում, եթե դու էլ քո հյուրի քարոզներին հավանում ես, գնա նրա աղոթարանը, քեզ էլ այնտեղ ֆարմասոն կմկրտեն:

Ավետիքը հրճվում էր Համբարձումի կոպտությունները տեսնելով տանտիրոջ հետ, որովհետև համոզված էր, որ դորանով վերջինս յուր կողմը կանցնի: Բայց կամենալով մատռվակին էլ գրգռել, ասաց

Զարմանում եմ, որ պարոն մատռվակի ներկայությամբ այդ Համբարձումը կարողանում է այսպես անպատիժ անկարգություններ անել. միթե մենք բոլորս էլ այժմ նրա խոնարհ հպատակները չենք:

Ո՞Վ է այդ խռովարարը, պետք է դուրս հանենք այստեղից, կարծես քնից արթնացած գոչեց մատռվակը:

Այո՛, այո՛, պետք է դուրս հանել, գոչեցին մի քանի տեղերից հյուրերը և միաբերան հաստատեցին, որ խռովարարը Համբարձումն է: Ուստի մատռվակի հրամանով զոռով դուրս հանեցին նրան մյուս սենյակը և ստիպեցին, որ քնե ու հանգստանա: Չնայելով, որ խեղճ Համբարձումը կաշվից դուրս էլ գալիս համոզելու համար, որ ինքը չէ խռովարարը, այլ այն ֆարմասոնն է, որ ուր մտնում է երկպառակտություն և բաժանումն է գցում, այսուամենայնիվ նրա ճիգը զուր անցավ, սենյակի դուռը վերան փակվեցավ և նա ստիպված էր ժողովի վճիռը կատարելու համար կամա– ակամա այդտեղ քնանալու։

Քարոզիչը այժմ ազատ շունչ քաշեց։

Ահա սիրելի եղբայրներս, նորեն սկսավ նա խոսել՝ երբ խռովարարը մեջտեղից բարձվեցավ, ձեր հոգևոր հայրերը այսպես են խնամում իրենց հանձնված հոտի անդամները։ Դուք մեզ ավետարանական ու ֆարմասոն անվանելով մեզ վրա ծիծաղում եք, բայց մեր «եղբայրների» մեջ այստեղ խռովարար մարդիկներ չեն կարող գտնիլ, նրանք միշտ հեզ են, ողորմած, աղքատասեր, միով բանիվ այնպես՝ ինչպես հրամայում է նրանց լինել մեր Տերը։ Եվ մենք մեր Տիրոջ սուրբ կամքից երբեք չենք շեղվում։

Այնուհետև քարոզիչը նորեն դարձավ պասին, սուրբերին, պատկերներին և մեր եկեղեցու զանազան արարողությանց և ծեսերին։ Երկար ու բարակ խոսեց և ըստ կամաց հազար ու մի սուտ ու սխալ բացատրություններ տվավ այդ ամենի համար։ Հետո հա յուր կարծիքով այնքան պակասություններ գտավ մեր հոգևոր հայրերի մեջ, այնքան թերություններ մեր կրոնի և եկեղեցու մեջ, որ յուր ունկնդիրներից մի քանիսին, ի միջիայլոց և ոսկերիչ Գրիգորին, համոզեց, որ իրանք բոլորն էլ մոլորյալ ոչխարներ են, արդեն դժողքի համար պատրաստված, որովհետև արքայություն մտնելու համար նորեն պետք է «եղբայրություն» ընդունեին, այլապես անհնար էր։

Քարոզիչը յուր բոլոր խոսակցության ժամանակ աշխատում էր խեղճ և տգետ արհեստավորների առաջ այնպիսի բաներ խոսել, որոնց հետ վերջիններս շատ ծանոթ էին, և որովհետև այդ խեղճ մարդիկը նրա ասածների միմիայն երեսն էին տեսնում, առանց խորը թափանցել կարողանալու և մանամանդ, որ սա կրկնում էր մեր այն թերությունների մասին, որոնց մենք ինքներս շատ անգամ հարվածում ենք, այս հանգամանքը մանամանդ օգնում էր, որ մի քանիսը բոլորովին հափշտակվել էին յուրմով։ Ինչ վերաբերում է ոսկերիչ Գրիգորին նա սրան երկնից իջած էր համարում: Հյուրերից հասակավորները միայն գինու առատությունից թմրել և լսելու ու հասկանալու անընդունակ ին դարձել, մյուս բոլոր երիտասարդները արդեն բավական խմորվել էին:

Ավետիքի զգացած ուրախությանը չափ չկար: Նա խոսելուց և քարոզելուց այն ժամանակ դադարեց, երբ ճրագները ներս բերին: Այնուհետև հյուրերի ցրվելու ժամանակն էր: Երբ հերթը եկավ Ավետիքին՝ նա վերկենալով հայտարարեց, որ այսուհետև կաշխատե շուտ-շուտ տեսնվիլ յուր այս օրվա բարեկամների հետ, որոնց նմաններին նա դեռ պատահած չէր, ինչպես ասում էր, և կխոսի հոգեշահ բաների վրա: Ոսկերիչ Գրիգորը և յուր մի քանի ընկերները ուրախությւոն հայտնեցին նրա հոգեշահ քարոզներին ներկա գտնվելու՝ ուր և լինի:

Բայց քարոզչի աշակերտ Կարոն ավելի լավ բան առաջարկեց, այսնինք վաղը երեկոյան ժողովիլ յուր տանը ընթրիի: Ներկա եղողները պարտավորվեցան բոլորն էլ այնտեղ գտնվիլ մի ուրիշ ժամում և միմյանց բարի գիշեր մաղթելով հեռացան:

Գրիգորը հյուրիերին ճանապարհ դրավ մինչև բակի դուռը: Երբ դարձավ տուն Մարիամին գտավ շատ տխուր, և առանձնացված սենյակի մի անկյունը:

Մարիամ, ինչու տխուր ես ըստ սովորականի քնքշաբար մոտեցավ նրան Գրիգորը միգուցե հիվանդ ես :

Ոչ հիվանդ չեմ:

Ուրեմն բարկացա՞ծ ես:

Այո՛ քեզ վրա: Ինձ

Ի՞նձ, հա՜, հա՜, հա՜, ինչո՞ւ համար, մի՞թե քո դեմ մի անախորժ բան աւնե՞մ արած:

Այո՛, շատ անախորժ: Ո՞վ է այդ Ավետիքը, որի շատախոսությունները այդքան զմայլված լսում ես:

Ո՞վ պետք է լինի, մի բարի մարդ, մի՞թե մեղք է նա հետ խոսիլը:

Այո՛, շատ մեղք է, դա բարի մարդ չէ, այլ սատանայից էլ չար է: Դու գիտես, որ դա լութերական քարոզիչ է, դրան ուր ես քո սեղանի վրա նստեցրել:

Եթե լութերական է, բայց ինքն էլի հայ է, ուրեմն չի՝ կարելի մեր սեղանի վրա նստեցնել։

Գլխիս վրա էլ կնստեցնեմ, եթե լուռ ու մունջ մյուսների պես նստե, յուր հացն ուտե, ուրախություն անի ու դուրս գնա, բայց որ նստել է քարոզներ ասում, և մարդկանց ճանապարհից հանում, ես նրան ախոռն անգամ մտնելու իրավունք չեմ տալ: Դեռ նրա ճանապարհով խեղճ Համաբարձումին էլ վիրավորում ես: Դու կամենում ես բոլոր դրացիներին միանգամով քեզ վրա խոսեցնել տաս:

Տե՛ս, Մարիամ, հիմարություններ ես դուրս տալիս, ինձ շատ հարկավոր է, որ դրանցիները մեզ վրա կխոսա՞ն:

Ե՞ս եմ հրմարություններ դուրս տալիս:

Ի՛հարկե, կես բարկությամբ պատասխանեց Գրիգորը, մարդը քեզ մի վատություն չէ արել, դու նրա վրա թշնամաբար ես խոսում, դա հիմարությունից էլ մի փոքր ավելի է:

Մարիամը ոչինչ չպատասխանեց: Այդ առաջին կոպիտ խոսքն էր, որ յուր ամուսնուց լսավ: Նրա աչքերը իսկույն արտասուքով լցվեցան, և նա սկսավ լալ:

Առաջին արտասվաց կաթիլները գլորվեցան...

"Հայ բողոքականի ընտանիքը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Դիմակահանդես – Ռոմանս
Արամ Խաչատրյան

Դիմակահանդես – Ռոմանս

Արարատյան դաշտ
Արարատյան դաշտ
Խաղա առցանց