Մուրացան
Գևորգ Մարզպետունի
Անհավատարմության հայտնություն
Թագուհին ընդհատեց խոսքը մի քանի վայրկյան, կամենալով, կարծես, յուր աշխույժը չափավորել և ապա նորեն եռանդով շարունակեց․
Այո՛, Սե՛դա, դու իրավունք ունիս։ Արդարև, կարելի է անցյալ քաջությունները հիշելով մոռանալ մի փոքր ներկայի դառնությունները․․․ Եվ ինչպե՛ս սիրելի է ինձ այժմ անցյալը․․․ Մտաբերում, եմ այն երջանիկ վայրկյանը, երբ առաջին անգամ ներկայացա թագավորին, նա նստած էր այդ ժամանակ դղյակի մեծ դահլիճում, շրջապատված յուր ավագանիներով և իշխաններով։ Բոլորն էլ ինձ էին սպասում։ Հենց որ հորս հետ դահլիճի դռներում երևացի, թագավորն իսկույն բարձրացավ աթոռից և դիմավորելով մեզ վայելչաբար ողջունեց։ Անշուշտ ես շառագունեցի, որովհետև երեսս սկսավ այրվել․․․ Ինչպե՜ս լավ հիշում եմ այդ վայրկյանը․․․ Հայրս հանձնեց նրան իմ ձեռը՝ ասելով․ «Ահա՛, արքա, իմ դուստրը և քո հարսնացուն»։ Թագավորն ուրախ և ժպտադեմ առավ իմ աջը, ջերմությամբ համբուրեց և առաջնորդելով ինձ տարավ մինչև յուր գահույքը, որի քիչ հեռու պատրաստված էր ինձ համար ծիրանիով ծածկած աթոռ։ «Ներկայացնում եմ ձեզ, իշխաններ, ձեր ապագա թագուհուն» հանդիսավոր եղանակով ասաց թագավորը, և ամենքը միաբերան գոչեցին․ «Կեցցե՛ թագավորը, կեցցե՛ թագուհին»․․․ Հետո բոլոր իշխանները մոտեցան և ողջունեցին ինձ ավագության կարգով։ Այդտեղ էին, Սեդա, ինձանից մերժված բոլոր իշխանները․․․ Օ՛, ինչպես կամենում էի, որ այդ րոպեին լինեի ես աշխարհի միակ գեղեցկուհին, որ ամենքը հիանային ինձնով և ասեին, թե հայոց թագավորը ընտրել է, արդարև, յուր անվան արժանի հարսնացու։
Դու գեղեցիկ էիր ինչպես ավետաբեր քերոբեն ․․․
Եվ ուրախ էի, որ չէի ամաչեցնում իմ փեսային։
Այո՛, նա հայտնել էր Մարզպետունի իշխանին, թե երջանիկ է համարում իրան, որ դու գեղեցկությամբ գերազանցում ես Աբասի ամուսնուն։ Ափխազիայի մեծ իշխանը, ասել էր թագավորը, այլևս չի պարծենալ, թե յուր դուստրն է միայն հայոց արքունիքի զարդը։
Երբ պսակի ժամանակ եպիսկոպոսը առնելով իմ ձեռը՝ տվավ արքային, ես բարձրացրի աչքերս և նայեցի նրան․․․ Օ՛հ, ինչպե՜ս վեհաշուք երևաց նա ինձ այդ րոպեին, և ես որքա՜ն նրանով բարձրացած․․․ «Ահա վերջապես մարմին առան իմ հույսերը, ես երջանիկ եմ», մտածում էի ինքս ինձ և ապա հանդուգն մտքեր հղանում․ «Սա, այս Աշոտը, այս երկաթի թագավորը իմն է․ ոչ ոք այլևս չի կարող խլել նրան ինձանից․ մենք արդեն պսակվում ենք․ մեր միության դաշնագիրը վավերանում է աստվածային կնիքով․․․ » «Զոր աստված զուգյաց, մարդ մի՛ մեկնեսցե», ասում է եպիսկոպոսը։ Բայց այսօր, Սեդա, ես զրկված եմ նրանից, նա այլևս իմը չէ․ ինչպե՜ս դառն է հավատալ այդ ճշմարտությանը․․․ Բայց չէ՞ որ «աստված մեզ զուգեց», ո՞վ եղավ բաժանողը, ինչպե՞ս պատահեց այդ․ ասա՛, Սե՛դա, ասա՛, չէ՞ որ դու էլ այդ գիտես, չէ՞ որ խոստացար պատմել․․․
Ես շատ բաներ պատմեցի, սիրելի թագուհի։
Ո՛չ․ դու ինձ չպատմեցիր, թե ինչպե՛ս սկսվեցավ մեր դժբախտությունը․ չէ՞ որ նախկին կայծերի հրդեհը մի հայտնի պատճառից բորբոքվեցավ։
Այո՛ պատճառը դարձյալ մեր թշնամին եղավ․․․
Ո՞վ։
Յուսուփը։
Ինչպե՞ս։
Հիշո՞ւմ ես, որ ձեր հարսանյաց օրերը նա մեծագին ընծաներ ուղարկեց թագավորին։
Այո՛, արքայական թագ, ականակուռ սուր, Արաբիայի ոսկեսար նժույգներ և ուրիշ շատ թանկագին զարդեր։
Այլև մի մեծ գունդ հագարացի հեծելազոր, իբրև արքունական բանակի սատար։
Այո՛, հիշում եմ։
Ի՞նչ էր այդ բարեկամության նպատակը։
Ասում էին, որ Յուսուփը Պարսկաստանին ինքնագլուխ տիրելու համար կամենում է ամիրապետից ապստամբել։ Եվ որովհետև այդ ժամանակ հայոց թագավորը հաջողության մեջ էր, հունաց կայսրը դաշնակից էր նրան, հայոց իշխանները միաբան էին հետը, հաշտվել էր նա, մինչև անգամ, Գագիկ Արծրունու հետ, իսկ նրա միակ թշնամին, Աշոտ բռնավորը չարաչար հաղթվելով փախել էր Դվին, ահա՛ այդ պատճառով կամենում էր նա թագավորի բարեկամությունը վաստակել։ Եվ մեր հարսանիքը հարմար առիթ եղավ նրա համար։ Յուր այդ հարուստ ընծաներով, արդարև, Յուսուփը թագավորի սիրտը շահեց։
Բայց տես, թե այդ ընծայաբերության մեջ ուրիշ ի՛նչ գաղտնիք էր թաքնված։ Հագարացոց ոստիկանը, հարկավ, հայոց թագավորի հաջողության ցանկացող չէր, սակայն խնդրում էր նրա բարեկամությունը, որովհետև այդ միջոցին հաջողության մեջ էր Աշոտ թագավորը։ Բայց այն հեծելազորը, որ Յուսուփը ուղարկել էր թագավորին, իբր նրա բանակին օգնություն, պատճառ դարձավ մեծ դժբախտության։ Թագավորը չէր կարողանում համբերել Աշոտ բռնավորի ապստամբական շարժումներին։ Ուստի, երբ հարսանյաց տոները վերջացան, նա որոշեց գնալ Դվին և հալածել նրան մայրաքաղաքից։ Եթե հիշում ես, այդ մտքին հակառակ չէր Սահակ իշխանը։ Ուստի նրանք միասին բանակ կազմեցին․ արքայական զորքին միացրին գարդմանացի գնդերը և Յուսուփի հեծելազորը և այդ միացած ուժերով դիմեցին Դվին։ Կաթողիկոսը, սակայն, ընդդեմ էր այդ կռվին․ ուստի շտապեց, պատերազմն արգելելու։ Չէ՞ որ երկու կողմից էլ հայ զորքերը պիտի ջարդվեին։ Վեհի բոլոր ջանքը, հաշտեցնելու հակառակորդներին, անցավ ապարդյուն։ Թագավորը մի կողմից յուր ուժի վրա վստահացած և մյուս կողմից, ասում են, քո եղբորից՝ Գրիգոր իշխանից՝ գրգռվելով, սկսում է պատերազմը։ Բայց որովհետև Յուսուփը դեռ գաղտնի բարեկամ էր Աշոտ բռնավորին, ուստի նրա զորքերը, համաձայն իրանց զորավարի թաքուն հրահանգի, դավաճանեցին թագավորին։ Կռվի ամենատաք ժամանակը նրանք թողեցին ճակատը և թիկունք դարձնելով՝ փախան։ Այդ հանկարծական դիմադարձությունը շփոթել էր թագավորական զորքերին, որով նրանք բռնավորից չարաչար հաղթվեցան։ Ահա՛, Յուսուփի խարդախության շնորհիվ ստեղծված այդ անհաջողությունը եղավ պատճառ, որ թագավորը նոր պատերազմ սկսելու պատրաստություններ տեսավ։ Նա օգնական զորք բերել տվավ ափխազաց իշխանից, ապա մեծ բանակ կազմեց սեփական զորքերից։ Մտադիր էր ահավոր կռիվ սկսել հակառակորդի հետ։ Բարեբախտաբար, այս անգամ կաթողիկոսը կարողացավ յուր աղերսախառն թախանձանքներով համոզել նրան և հաշտեցնել բռնավոր հակառակորդի հետ․․․
Սե՛դա, բոլոր այդ պատմածներդ հայտնի են ինձ․ բայց դրանք կապ չունեն իմ դժբախտության հետ։
Ընդհակառակը, թագուհի՛, շատ մոտիկ կապ ունին։
Ինչպե՞ս։
Հապա՛։ Թագավորի այս անհաջող ընդհարումը եղավ պատճառ, որ Ուտիքում վերակացու կարգված Մովսես իշխանը ապստամբեցավ թագավորից։
Եվ հետո՞։
Թագավորը և Սահակ իշխանը գնացին միասին նրան նվաճելու ․․․
Եվ նվաճեցին։ Թագավորը կռվի մեջ արդեն սիով կիսել էր նրա գլուխը և վերջը աչքերը հանել։
Այո՛, բայց Մովսես ապստամբի փոխարեն նա Ուտիքում վերակացու կարգեց Ցլիկ-Ամրամին։
Ցլիկ-Ամրամի՞ն․․․ Այո՛, հիշում եմ․ ուրեմն այդտեղից սկսվեցավ, հա՞․․․
Թագուհին մի անհանգիստ շարժումով մի կողմ հրեց բարձերը և մահճի մեջ ուղիղ նստելով, հառեց աչքերը դայակի վրա։
Սեդան ոչինչ չէր խոսում․ ըստ երևույթին նա աշխատում էր փախուստ տալ նոր մերկացումներից, որովհետև վախենում էր՝ չլինի թե թագուհին նորից վրդովվի։
Ինչո՞ւ լռեցիր, Սե՛դա, հարցրեց թագուհին։
Չգիտեմ, թե ուրիշ ի՛նչ խոսեմ, պատասխանեց դայակը տխուր ժպտալով։
Ասացիր, որ թագավորը Ուտիքում վերակացու կարգեց Ցլիկ-Ամրամին, այնպես չէ՞։
Այո՛։
Ինչո՞ւ անպատճառ նրան և ո՛չ մի ուրիշին։ Ի՞նչ գիտես դու այդ մասին։
Ասում էին, որ Ամրամի մասին բոլորն էլ գովեստով էին խոսել թագավորի հետ։
Այո՛, նա հուժկու և զորավոր մարդ է, և հենց յուր զորության համար էլ նրան Ցլիկ են անվանում։ Բայց մի՞թե միայն այդ էր պատճառը։
Սեդան լուռ էր։
Պատմի՛ր ինչ որ գիտես, առանց մի կետ թաքցնելու, հրամայեց թագուհին այնպիսի խիստ եղանակով, որ Սեդան այլևս հապաղել չհամարձակվեցավ և պատմեց նրան հետևյալը․
Մովսեսի ապստամբությունը Ուտիքում ճնշելուց հետո եղբայրդ Գրիգոր իշխանը՝ վերադարձավ Գարդման միայնակ, առանց մեծ իշխանի։ Մորդ հարցին՝ թե ո՞ւր մնաց Սևադա իշխանը, նա պատասխանեց, թե թագավորի հետ միասին պիտի գնա Երազգավորս՝ թագուհուն տեսնելու։ Բայց որքա՜ն մեծ եղավ մեր զարմանքը, երբ մեծ իշխանը երկու օրից հետո վերադարձավ նույնպես Գարդման, վերին աստիճանի տխուր և հուսահատ։ Իշխանուհին շատ անհանգստացավ, կարծելով թե որևէ մի տխուր լուր է առել նա քեզանից։ Բայց իրան, իշխանին սիրտ չարավ բան հարցնել, որովհետև, ինչպես գիտես, հայրդ սովորություն չուներ, յուր տխրության մասին բացատրություններ տալ մարդկանց և շատ զայրանում էր, եթե մեկը համարձակվում էր հարցեր անել նրան դրա համար։ Երկու օր շարունակ իշխանը դղյակից դուրս չեկավ։ Երրորդ օրը գաղտնի խորհուրդ ուներ մորդ և եղբարցդ հետ։ Այնուհետև, համարյա, բոլոր տունը տխրեց։ Այդ հանգամանքը անհանգստացնելու չափ ինձ հետաքրքրեց։ Սակայն իշխանուհին, որ ինձանից ծածուկ ոչինչ չուներ, հայտնեց շուտով իրանց տխրության պատճառը․ «Իմ Սահականույշը, Սե՛դա, դժբախտացավ արդեն ․․․», ասաց նա ինձ մի օր։
Ինչո՞ւ, հարցրի ես զարմանալով։
Ամուսնուս գործ դրած նախազգուշություններն ապարդյուն անցան, ասաց, նա տխրությամբ։ Իշխանը կարծել էր, թե Սևորդյաց օրիորդին Ցլիկ-Ամրամի հետ ամուսնացնելով, կջնջե արքայի սրտից նրա սիրո հիշատակը, բայց սխալվել է չարաչար․ նախկին սիրո կայծերն սկսել են արդեն երևան գալ և, գուցե, հրդեհ առաջացնեն․․․
Ինչպե՞ս,-վախենալով հարցրի ես։
Մովսես ապստամբին նվաճելուց հետո թագավորն իջել է Սևորդյաց ձորը՝ զորքին հանգստություն տալու։ Այդտեղ դիմավորել է նրան Ցլիկ-Ամրամը Սևորդյաց իշխաններով և հրավիրել թագավորին յուր ամրոցը՝ Տավուշ։ Սևադան աշխատել էր, որ նա այդ հրավերը չընդունե, որովհետև գուշակել է գալիք դժբախտությունը, բայց յուր ջանքն ապարդյուն է անցել։ Ասում է, թե թագավորը, որ մինչև այն շտապում էր թագուհուն տված յուր խոստումը կատարելու, այն է՝ նշանակած ժամանակին Երազգավորս վերադառնալու, սիրով ընդունեց Ամրամի հրավերը և գնաց Տավուշ։
Հետո՞, հարցրի ես։
Իշխանն ընկերացել է նրան, շարունակեց մայրդ, և ահա՛ թե ի՛նչ է պատմում, այնտեղ էր, ասում է, արքայի նախկին սիրելին՝ Ցլիկ-Ամրամի կինը։ Սա ինքը դիմավորեց թագավորին ամրոցի դռների մոտ։ Այնպես գեղեցկացել և հրապուրիչ էր դարձել, որ անկարելի էր տեսնել նրան և չհիանալ։ Երբ առաջին անգամ հանդիպեց թագավորին, ես տեսա, թե ինչպե՜ս նա այլայլվեցավ և շառագունեց։ Նայողները կկարծեին, թե ամաչելուց կամ թագավորի ներկայությունից ճնշվեցավ, բայց ինձ հայտնի էր պատճառը։ Իմ փորձված աչքերից, ասաց հայրդ, չթաքնվեցավ նույնիսկ թագավորի հուզմունքը։ Ամրամի կինն այդ վայրկյանին այնքան հրապուրիչ էր, որ ես չէի զարմանալ, եթե թագավորը գրկախառնվեր նրա հետ։ Ես պարզ տեսա, որ նախկին սիրո կայծերը ցոլացին երկուսի աչքերումն էլ և նրանց խորհրդավոր հայացքները հասարակ աչքերի համար աննշմարելի մտքեր հաղորդեցին միմյանց․․․ Բայց թագավորը կարողացավ զսպել իրան․ նա այնուհետև այլևս իշխանուհուն չէր նայում, և երևի Ցլիկ-Ամրամը նեղանում էր, որ յուր տիկինը թագավորի ուշադրությունը չէր գրավում։ Սակայն շուտով իմ կասկածները մարմին առան։ Թագավորը, որ մտադիր էր Ուտիքի վերակացությունը հանձնել իմ որդուն՝ Գրիգորին, հանկարծ միտք հղացավ այդ իշխանությունը տալ Ցլիկ-Ամրամին։ Ես չհակառակեցի նրա այդ դիտավորությանը, որովհետև պարզ տեսա, որ գեղեցիկ իշխանուհու մի լուռ հայացքն ավելի շատ բան պիտի ասեր և ավելի շուտ համոզեր նրան, քան իմ ճարտարախոսությունը։ Հետևյալ առավոտ թագավորն ստորագրեց «Ուտիքի իշխանությունը» Ամրամին հանձնող հրամանը։ Իշխանուհին անձամբ եկավ արքային յուր շնորհակալությունը հայտնելու՝ զրահավորված յուր բոլոր գեղով և կանացի գրավչությամբ։ Ինչ վերաբերում է Ցլիկ-Ամրամին․ ուրախությունից քիչ էր մնում թագավորի ձեռքերը համբուրեր։ Նույն ավուր երեկոյան ես հիշեցրի թագավորին թագուհուն արած յուր խոստումը Երազգավորս դառնալու մասին և զարմացա, որ նա հայտնեց, թե ցանկություն ունի երկու օր ևս Տավուշ մնալու, որպեսզի կարգադրություններ անե Ուտիքի մասին և կարևոր հրահանգներ տա Ցլիկ-Ամրամին։ Ես այլևս չէի կարող մնալ այդտեղ, ասում է իշխանը, և հանդիսատես լինել, թե նախկին սիրահարներն ինչպե՛ս են նորոգում իրանց բարեկամությունը, ուստի վեր կացա և եկա այստեղ, որովհետև Երազգավորս գնալու այլևս սիրտ չէր մնում․ ի՞նչ երեսով երևայի ես իմ աղջկան, Սահականույշին և ինչպե՞ս արդարացնեի թագավորի Տավուշ բերդում ուշանալը։ Երկու օրից հետո մեծ իշխանը կանչեց ինձ և ասաց․ «Սե՛դա, իմ դուստրը և քո Սահանույշը միայնակ է, այսուհետև նա ավելի կարոտ է քո խնամքին․ պատրաստվի՛ր վաղը ևեթ ճանապարհվել Շիրակ»։ Ես ուրախությամբ համաձայնեցա, որովհետև ոչ մի պաշտոն չէր կարող ինձ համար ավելի սիրելի լինել, քան իմ թագուհուն ծառայելը։ Իշխանն արդեն իմացել էր, որ մայրդ պատմել է ինձ ամեն բան։ Ուստի ճանապարհվելուս ժամին կանչեց ինձ իշխանուհու մոտ և ասաց․ «Սե՛դա, դու արդեն գիտես, թե ի՛նչ վտանգ է սպառնում իմ դստեր ընտանեկան երջանկությանը․ նա դեռ երիտասարդ է և կարող է յուր վարմունքով շտապեցնել վերահաս վտանգը։ Գնա՛ և հսկիր նրա ամեն մի քայլին։ Դու փորձված և կյանքը ճանաչող կին ես։ Աշխատի՛ր, որ քո թագուհին զինված լինի միշտ կնոջ ամենանուրբ հրապույրքներով, որ նրա ամեն մի քայլը, խոսքը, հայացքը սեր զարթեցնե յուր ամուսնու մեջ և մոռացնել տա նրան Ամրամի կնոջ հրապույրները, նրա դյութող ու կախարդող աչքերը․․․ ճշմարիտ է, արհեստական միջոցներով դժվար է սեր զարթեցնել, բայց նույն այդ միջոցներով կարելի է հանգցնել հին սիրո կայծերը կամ արգելել նրա բոցավառվիլը նորից։ Պսակը չի ապահովում ամուսնու սերը․ և ամուսնացյալները չպետք է երբեք բարձիթողի անեն միմյանց սիրելի լինելու և շարունակ միմյանց հրապուրելու՝ միջոցները։ Ամուսնական կյանքի ընթացքում հարկավոր է շարունակել նույն մրցությունը, որով որ մարդ ձեռք է բերել յուր սիրած անձին․ և պետք է շարունակել այդ ավելի եռանդով, որովհետև բնությունը մարդուն ստեղծել է այնպես, որ ցանկալի նպատակին հասնելուց հետո դադարում է այլևս նույն նպատակով գրավելուց և ոգևորելուց։ Եվ ահա՛ հենց այս ժամանակն է, որ փորձությունը վրա է հասնում։ Քո թագուհին այս բաները չգիտե և երանի թե՝ երբեք էլ չփորձե․․․ նա, արդարև, սիրում է անկեղծությամբ․ և հենց այդ պատճառով էլ մեծ հավատ ունի թագավորի վրա։ Բայց ով որ անկեղծությամբ է սիրում, նա էլ հեշտությամբ այնպիսի սխալ քայլեր է անում, որոնք հեռացնում են իրանից յուր սիրած անձին, մանավանդ եթե վերջինի մեջ բուռն չէ փոխադարձ սերը կամ պատրաստ կա մի հակառակորդ, որ կարող է հրապուրել նրան։ Շատ անգամ մի անզգույշ խոսք, մի անվայել ծիծաղ, մի կոպիտ շարժում, նույնիսկ հագուստի մի տգեղություն բավական է լինում, որ քեզ սիրող սրտի մեջ կաթե զզվանքի թույնը․ առաջին կաթիլին հետևում է երկրորդը, երրորդը, և այնուհետև այլևս հեռացող սիրտն անհնար է լինում գրավել։ Այս բոլորը գիտես դու, Սեդա, գնա և պատսպարի՛ր քո Սահանույշը վերահաս վտանգներից։ Թագավորի սիրտը սասանած է արդեն․ այդ ես հաստատ տեսա․ աշխատիր, որ իմ դուստրը վերջին հարվածը չտա․․․ Իսկ ես իմ կողմից հնարներ կմտածեմ սպառնացող վտանգի առաջն առնելու․․․» Այս խրատներով ճանապարհ դրավ ինձ մեծ իշխանը։ Այնուհետև, ինչպես գիտես, ես եկա Շիրակ։ Թագավորն արդեն քեզ մոտ Երազգավորսումն էր։ Բայց նա գուրգուրում էր քեզ ջերմ սիրով։ Դու գոհ էիր բախտից։ Իշխանի հայտնած կասկածները չէին արդարանում, գոնե ես ոչ մի փոփոխություն չէի նշմարում թագավորի մեջ, որովհետև նրան միշտ քաղցր և սիրալիր էի տեսնում քեզ հետ։ Բայց երբ նա նույն ամռանը զբոսանքներ պատրաստեց քեզ համար Սյունյաց և Գուգարաց լեռներում և ընկերուհիներ կարգեց քեզ Սյունյաց իշխանուհիներին, իսկ ինքը գնաց Սևորդյաց կողմերը, իբր թե Ուտիքի մեջ կարևոր կարգադրություններ անելու, այն ժամանակ արդեն կասկածը պաշարեց ինձ։ Իհարկե ես քեզ ոչինչ չհայտնեցի․ դու այնպես ուրախ և երջանիկ էիր․․․ որ ոչ մի ապառաժ սիրտ չէր հանդգնիլ կասկածի անմաքուր շնչով քո անարատ հոգին թունավորելու, քո հաստատուն հավատը սասանելու․․․ Բայց թե թագավորի սիրտը գրավված էր Ամրամի կնոջմով, այդ բանին ես հավատում էի արդեն․․․ Այնուհետև թագավորի այցելությունները Ուտիքին կրկնվում էին հաճախ․ դու ոչինչ չէիր կասկածում, բայց մենք, այսինքն՝ ծնողներդ՝ Գարդմանում, իսկ ես՝ արքունիքում, գրեթե հալումաշ էինք լինում։ Վերջերում թագավորի այդ այցելություններն այնքան հաճախ կրկնվեցան, որ արքունիքի կանայք և նույնիսկ արքայի թիկնապահներն ասում էին, թե «թագավորը սիրահարվել է Սևորդյաց աշխարհի վրա․․․»։
Եվ իհարկե դրանք բոլորը գիտեին, թե ինչո՞ւ թագավորը հաճախում է Ուտիք, այնպես չէ՞, հարցրեց թագուհին, գրեթե հուզմունքից դողալով։
Ո՛չ․․․ կարծեմ միայն երկու հոգի յուր թիկնապահներից․․․
Ա՜խ, Սեդա, էլ ինչո՞ւ համար ես ծածկում, երկու հոգին էլ բավական են երկու հարյուրին իմացնելու համար։ Իսկ արքունիքի կանանցից որի՞ն էր հայտնի իմ դժբախտությունը։
Այն ժամանակ կարծեմ ոչ ոքի։ Բայց երբ Աբաս արքաեղբայրը յուր աներոջ՝ ափխազաց Գուրգեն իշխանի հետ միանալով՝ դավադիր եղավ արքային և կամենում էր բռնել նրան կամ սպանել, թագավորը խույս տվավ նրանցից։ Դավադիրները պտրեցին նրան․ նախ Շիրակում և ապա զորքերով դիմեցին Երազգավորս։ Անշուշտ հիշում ես, որ մինչև նրանց գալը թագավորը մեզ բոլորիս վերցրավ և շտապով հասցրեց Ուտիք․ Սևորդյաց ձորը։ Այդտեղ մենք ամրացանք Տավուշ բերդում, Ցլիկ-Ամրամի մոտ։ Ահա՛ այդ ժամանակ մեր տիկիններից երկուսը նկատել էին թագավորի և իշխանուհի Ասպրամի մտերմական հարաբերությունը և բամբասում էին, որ նա այդ տագնապի ժամանակ մեզ յուր սիրուհու տանն է պատսպարել և ոչ թե Սյունյաց բերդերից մինում։
Ովքե՞ր էին այդ տիկինները, Սեդա, ասա՛, ես կամենում եմ անպատճառ իմանալ, հարցրեց թագուհին։
Մինը մեր Շահանդուխտի մայրը, մյուսը՝ Գոհար իշխանուհին։
Եվ նրանք քեզ հետ խոսեցի՞ն այդ մասին։
Այո՛, բայց գաղտնի։ Մեզանից զատ ոչ ոք չգիտեր այդ բանը։ Սակայն ես իմ կողմից աշխատեցի ցրել նրանց կասկածները։ Իզո՜ւր․ դու նրանց աչքերը փակել չէիր կարող․․․ Բայց դու, Սե՛դա, ինչո՞ւ նույնիսկ այդ ժամին չհայտնեցիր ինձ այդ գաղտնիքը։ Եթե ես գիտենայի, թե ինձանից զատ ուրիշներն էլ են նկատել այդ բանը, այն ժամանակ ես դաշույն կցցեի նախ այդ անզգամի և ապա իմ սիրտը․ այն ժամանակ Աշոտ-Երկաթի իշխանությունը չէր վտանգվիլ, Սահակ Սևադան և յուր որդին չէին կուրանալ․․․
Ինչպե՞ս, թագուհի՛, մի՞թե դու էլ այդ բանը Տավուշ բերդում իմացար։
Այո՛, Սեդա․ նույնիսկ այն անզգամի ապարանքում, մեր այնտեղ հասնելուց մի քանի օր հետո։
Ինչպե՞ս։
Այն օրը, որ մենք հյուր էինք Ամրամի մոտ, և այդ իշխանը գինով ոգևորված մոռացել էր յուր կոչումը և հաճոյական զրույցներ էր անում ինձ հետ եղող իշխանուհիների հետ, հիշո՞ւմ ես, հեռացա ես նրա դահլիճից։ Մի ինչ-որ տխրություն պաշարել էր հանկարծ իմ սիրտը չգիտեի ինչո՛վ փարատել այն, իշխանուհիներից ոչ մեկին չէի կամենում ընկերացնել ինձ։ Ուստի միայնակ ելա և սկսա Ամրամի ապարանքը շրջել։ Հույս ունեի պատահել մի տեղ թագավորին, որովհետև նա առանձնացել էր՝ Ոստանից հասած նամակները կարդալու համար։ Մի նրբանցքից անցնելու ժամանակ հանկարծ իմ ականջին հասավ թագավորի ձայնը․ ես ուրախությամբ դիմեցի դեպի հանդիպակաց դուռը, որ Ասպրամ տիկնոջ դստիկոնն էր հանում։ Այդտեղ լսեցի նրա ձայնը։ Ասպրամին յուր տանտիկնության հոգսերով զբաղված էի կարծում, բայց զարմացա, որ նա այստեղ խոսակցում է թագավորի հետ։ Մի տխուր նախազգացում պաշարեց իմ սիրտը․ շունչս կարծես բռնվում էր․ առաջ անցա հուսո և երկյուղի մեջ, բացի այն դուռը, որտեղից զրույցի ձայնն էր գալիս․․․ և ի՞նչ տեսա, Սե՛դա․․․ Օ՛, ինչպե՜ս այդ ժամին շնչասպառ չեղա ես, ինչպե՜ս չմեռա․․․ Ասպրամ իշխանուհին, Սեդա․․․ թագավորի գրկում․․․
Աստվա՜ծ իմ․․․
Այո՛, իմ Աշոտը, իմ անսահման սիրո և երջանկության թագավորը գրկախառն Ցլիկ-Ամրամի կնոջ հետ․․․ Ա՜խ, Սեդա, զգո՞ւմ ես արդյոք, թե ի՛նչ հարված էր սա ինձ համար․․․ Ո՞ր շանթը, ո՞ր կայծակը կարող էր մարդկային սիրտն ավելի անողորմ կերպով հարվածել․․․
Եվ հետո ի՞նչ արիր։
Ոչինչ։ Նրանք երկուսն էլ մեռելի գույն առան․ իսկ ես համր ու անխոս դուրս եկա այդտեղից և ապաստանեցի մոտիկ սենյակներից մինին։
Այդ երևի այն ժամանակն էր, որ դու հիվանդացար։
Այո՛, հիվանդացա հենց այդ չարագուշակ դեպքի պատճառած ցավից․․․ երկու ամիս շարունակ տանջվեցա իմ այդ ծանր վշտի գաղտնի վերքերից․․․
Զարմանալի է․ և մեզանից ոչ ոքի չհայտնեցիր։
Չհայտնեցի, որովհետև չկամեցա հայոց թագավորի ընտանիքը կործանել․ չկամեցա Սահակ Սևադայի դստեր ձեռքով հայոց թագին ու գահին անարգանք դրոշմել և․․․ ա՜խ, ինչո՞ւ թաքցնեմ, Սե՛դա, չհայտնեցի, որպեսզի իմ հակառակորդուհիները չուրախանան, որպեսզի հաչաղկոտ իշխանուհիները ցնծության տոն չկատարեն և իմ նախկին փեսացուները իմ հպարտությունը չծաղրեն․․․
Իմ խեղճ տիրուհի․․․ շշնջաց Սեդան ինքն իրան։
Եվ սակայն իմ հպարտությունն ինձ չարաչար պատժեց․․․
Աստված ողորմած է, տիրուհի՛․ դու, որ այդպես հերոսաբար տարել ես այդ ցավերը, անկարելի է, որ նախկին երջանկությունը նորեն չճաշակես։
Խե՛ղճ Սեդա, ինչքա՜ն բարի ես դու․․․ Բայց մի՞թե լսած կաս, որ մեր օրերում մեռելները հարություն առնեն․․․ Վե՛ր կաց, մայր Սեդա, վե՛ր կաց և գնա՛ հանգստացիր, քեզ շատ հոգնեցրի․ պիտի ներես ինձ․․․
Սեդան, որ վաղուց սպասում էր այդ հրամանին, մոտեցավ թագուհուն, հանեց նրա մնացորդ շորերը, ուղղեց մահճի անհարթությունները և «բարի գիշեր» մաղթելով նրան՝ քաշվեցավ քնարանի մոտ գտնվող խուցը։
Թագուհին նույնպես պառկեց քնելու։ Բայց տխուր մտածմունքները երկար տանջեցին նրան։ Լույսը բացվելու մոտ էր, որ նրա աչքերը ծանրացան, մինչդեռ Սեդան վաղուց վայելում էր խաղաղության հրեշտակի բարիքը։