Մուրացան
Գևորգ Մարզպետունի
Վշտերից ծանրագույնը
Լուսնի շառագույն սկավառակը երևաց Այծեմնասարի ետևից, և Գեղամա մթապատ ծովակն սկսավ լուսավորել։ Երերուն դաշտի արևելյան կողմը հետզհետե վառվեցավ մութ բոսոր գունով, և մանրիկ, մեղմիկ մկանունքներն սկսան թավալել բյուր լուսնի գնդեր։
Սևանի վրա լռություն էր տիրում։ Շարժումը դադարել, ճրագները հանգել էին։ Անապատականները, օրվա բազմանվագ ժամասացություններից հոգնած, փակվել էին խոնավ խուցերի մեջ և քնո գիրկը մտել։ Մատուռներն ու եկեղեցիները կարծես նիրհում էին նույնպես և ծովակի ափնածիր ծփանքը օրոր էր երգում նրանց համար։ Միայն կղզու արևելյան կողմը բարձրացող բլրակի վրա, ուր ս․ Հարության տաճարն էր և ուր ցիրուցան ընկած էին մամռապատ խաչարձաններ, լուռ անցուդարձ էր անում մի բարձրահասակ մարդ։ Կղզու աշխարհական բնակիչների՞ց էր նա, թե՞ հոգևոր, անկարելի էր որոշել, որովհետև ծածկած էր լայնաքղանց վերարկու, նման հոգևոր հարց գործածական սքեմին, և գլխին դրած հասարակ խույր, որպիսին ծածկում էին անապատականները իրանց խուցերում։ Պարթև հասակը և սիգաճեմ գնացքը միայն ցույց էին տալիս, որ անծանոթը վանական մթնոլորտին անընտել մի անձնավորություն էր։
Երկար անցուդարձ անելուց հետո նա եկավ նստեց բարձրավանդակի այն ծայրին, ուր պարեխավոր ժայռերը ծովի միջից ելնելով՝ կուտակվում են միմյանց վրա և զորավոր ամբարտակներ կազմելով, պատում են կղզու արևելյան ու հարավային կողմերը, և այդպիսով անմատչելի կացուցանում նրան ոչ միայն լաստերին ու նավակներին, այլև մերկանդամ լողորդին։
Լուսինը այդ ժամանակ հուշիկ բարձրանում էր երկնակամարի վրա, և ծովակի մութ բոսոր գույնը փոխվում էր հետզհետե փայլուն արծաթի և ծավալելով տարածվում դեպի հեռավոր ափերը, որոնք շրջապատված էին՝ մի կողմից բարձրագագաթ բեռներով ու բլուրներով և մյուս կողմից՝ դաշտերով ու սարատափերով։ Ամեն տեղ տիրում էր լուսնի խաղաղավետ լույսը։ Խարակների բարձրության վրա նստած՝ անծանոթը դիտում էր ծովակի այդ տեսարանը, որ ակնապարար ու հանգուցիչ լինելուց զատ, դյութիչ էր և խորհրդավոր։ Նրան թվում էր, թե հենց այդ վայրկենին, երբ աշխարհը նիրհում է խաղաղական քնով, ելնում են թաքստից չարության ոգիները կամ աշխարհ իջնում բարվո հրեշտակները և տկար մահկանացուի վիճակը տնօրինում՝ մինին բախտ և երջանկություն, մյուսին վիշտ կամ տանջանք սահմանելով․․․ Նրան թվում էր, թե հենց այդ խորհրդավոր ժամերումն էլ ճակատագրվեցան իրան վշտեր ու դժբախտություններ․․․ Եվ տխուր մտքերը պաշարեցին նրան․ անցյալի հիշատակները կենդանացան յուր առաջ և երևակայությունը վառվելով՝ հանդես բերավ նախ գողտր ու հաճոյական և ապա դաժան ու հոգետանջ պատկերներ․․․
Ինչո՞ւ, ինչո՞ւ հասա ես նվաստության այս աստիճանին․․․ գոչեց հանկարծ անծանոթը և ձեռքը դեպի ճակատը տանելով՝ կամեցավ կարծես վանել տխուր մտածմունքները, որոնք սևաթույր ամպերի նման՝ գալիս ժողովվում էին այդտեղ՝ յուր սիրտը հուզելու, յուր հոգին վրդովելու համար։ Սակայն այդ մտածմունքները չէին ցրվում․ տանջող պատկերները չէին հեռանում, ընդհակառակը, անհայտանում էին բնության հանգուցիչ տեսարանները ծովակը՝ յուր արծաթե ալիքներով, լեռները՝ իրանց խրոխտ գագաթներով, լուսինը, յուր մեղմ, աղոտ շողերով․․․ Նույնիսկ անուշ զեփյուռը, որ ծովակի ալիքները քերելով՝ գալիս, գուրգուրում էր քարափի խոտերն ու ծաղիկները, ոչ մի զովություն չէր բերում նրան․ ժայռերի ստորոտը կոծող ալիքների ձայնն անգամ չէր լսում նա, որովհետև յուր հոգին այդտեղ, Սևանում չէր․ նա թռչում, թափառում էր հեռավոր տեղեր, հեռավոր գավառներ․․․
Եվ ահա՛ մի քանի քայլ հեռավորության վրա լսվեցավ մի թույլ քայլատրոփ։ Կարծես մոտեցողի կողմից մի գաղտնի զորություն եկավ, ցնցեց անծանոթին։ Նա, որ ոչինչ չէր զգում և ոչինչ չէր լսում, սթափվեցավ հանկարծ և գլուխը դարձնելով տեսավ, որ մոտենում է իրան շղարշով ծածկված մի կին։
Ո՞վ է սա․․․ ձայն տվավ նա և ապա իսկույն ճանաչելով՝ վեր թռավ տեղից․ թագուհի՛, այս դո՞ւ ես․․․ հարցրեց մեղմ ձայնով։
Այո՛, իմ սիրեցյալ թագավոր․․․ պատասխանեց վերջինս գրեթե շշնջալով։
Այստե՞ղ․․․ միայնա՞կ, այս գիշերաժամի՞ն․․․
Մի՞թե միայնակ եմ ես․․․ չէ՞ որ ինձ մոտ է Աշոտ թագավորը․․․
Բայց մինչև այստեղ գա՞լդ․․․ Ո՞ւր են քո նաժիշտները։
Ես ինքս ցանկացա միայնակ գալ այստեղ։ Կամենում էի անպատճառ քեզ տեսնել։ Մտա քո առանձնարանը, քո ննջարանը, ոչ մի տեղ չկայիր, բարապաններն ասացին․․․ որ դու ամեն գիշեր զբոսնում ես այստեղ մի քանի ժամ․․․
Ես այդ չգիտեի․․․
Այո՛, գեղեցիկ են այստեղի գիշերային տեսարանները․․․ Բայց դու ինչո՞ւ կամենում էիր տեսնել ինձ անպատճառ․․․ մի՞թե մի նորություն ունիս հաղորդելու։
Նորությո՞ւն․․․ ո՛չ։
Հապա՞։
Կամենում էի քեզ տեսնել։
Ինձ տեսնե՞լ, ի՞նչ կնշանակե այդ։
Խոսել քեզ հետ մի քանի վայրկյան։
Չեմ հասկանում․․․ չէ՞ որ ցերեկով տեսնում ես ինձ ամեն ժամ․ կարող ես խոսել ամեն վայրկյան։ Ինչո՞ւ կամեցար գիշերային հանգիստդ խանգարել։
Հանգի՞ստ․․․ մի՞թե հանգիստ ունեմ ես, մի՞թե կարող եմ հանգիստ ունենալ․․․
Թագուհի՛․․․
Այո՛, վաղո՜ւց կորել են ինձ համար հանգստյան ժամերը․․․
Մեր երկրում ոչ ոք չունի այժմ հանգստություն։
Այո՛, ոչ ոք, բայց երբ թշնամին հեռանա՝ բոլորը դարձյալ իրանց հանգստությունը կվայելեն․․․
Նրանց հետ և դու։
Ե՞ս․․․ Ո՞ւր էր թե այդպես լիներ․․․
Մի՞թե վախենում ես ապագա հարձակումներից։ Նույնիսկ այսօր ոչ մի վտանգ չէ սպասում քեզ․ Սևանն անառիկ է և անմատչելի։
Իմ բերդն ու ամրությունները վաղո՛ւց առել ու կործանել է թշնամին․․․ իմ հանգիստն ու խաղաղությունը կորել է հավիտյան․․․
Ինչի՞ մասին է խոսքը․ դու դարձյալ հին ցավե՞րն ես ակնարկում։
Օ՛, թույլ տուր, որ խոսեմ քեզ հետ, գոնե այս անգամ․ թո՛ւյլ տուր, որ բանամ քեզ իմ սիրտը, որ համարձակվեմ արտասվել քո առաջ․․․
Թագուհի՛, դու հուզված ես, դու պետք է հանգստանաս։
Թո՛ղ, աղաչում եմ քեզ․ թո՛ղ որ հուզվիմ ու տանջվիմ․ հանգստությունը միայն տանջանքների մեջ եմ գտնում ես․․․
Բայց ի՞նչ է պատահել․ մի՞թե մի որևէ մարդ մի նոր վիրավորանք հասցրեց քեզ։
Նոր վիրավորա՞նք, ոչ։ Հին վերքը, հին վիշտն է, որ շարունակ մաշում, կեղեքում է իմ սիրտը․․․ և, ավա՜ղ, չկա մի ձեռք, որ դեղ կամ սպեղանի դնե նրա վրա, ես լքված, միայնակ եմ աշխարհում․․․ բոլորովին միայնակ․․․ Օ՛հ, չգիտես թե ինչպե՜ս ծանր, ինչպես դժվար է միայնակ ապրել աշխարհում․․․
Այս խոսքերի հետ թագուհին փղձկեցավ և սկսավ լալ։
Այդ ի՞նչ է թագուհի, դու արտասվո՞ւմ ես․․․ Այդ տղայություն է, ի՞նչ կասեն՝ եթե լսեն։ Արի՛, արի՛ առաջնորդեմ քեզ դեպի քո կացարանը, դու պետք է հանգստանաս։
Թո՛ղ որ մնամ ես այստեղ, և դու, ո՛վ սիրեցյալ թագավոր, մի՛ հեռանար ինձանից, նվիրիր քո թագուհուն, քո ապաբախտ ամուսնուն, գոնե մի ժամ․ նա կամենում է խոսել քեզ հետ․ մի՛ մերժիր նրան այդ չնչին խնդիրը։
Սիրելի՛ Սահանույշ․․․
Սիրելի Սահանո՞ւյշ․․․ աստվա՛ծ իմ․ մի՞թե դու ինձ այդ անունով կոչեցիր․․․ արդյոք իմ ականջները սխալ չլսեցի՞ն․․․ «Սիրելի» ասացիր, այնպես չէ՞․ օ՛, ինչպես ուրախանում եմ այդ չնչին, այդ աղքատիկ խոսքով․․․ սիրո մի փշրանքով․․․ Ինչո՞ւ, ինչո՞ւ այսքան տկար է ստեղծել մեզ աստված․․․ և դու, անշուշտ, խղճում ես ինձ, այնպես չէ՞․ ասա՛, մի՛ ծածկիր․․․ խղճում ես ինչպես մի մուրացկի․․․ Օ՛, եթե գիտենայիր, թե որքա՜ն ծանր է այդ ինձ համար, որքա՛ն դժվարատա՜ր․․․
Այսուամենայնիվ, սիրելի թագուհի, դու չես հանգստանում․ դու շարունակ հուզվում ես, այդ քեզ կարող է վնասել։ Գնանք, գնանք այստեղից։
Օ՛հ, ոչ․ ես այլևս չեմ հեռանալ այստեղից, չեմ հեռանալ իմ սերելի Աշոտից․․․ Օ՛հ, ների՛ր ինձ․ թույլ տուր, որ այս անունով անվանեմ քեզ․․․ Այո՛, այժմ արդեն հանգիստ եմ․ այժմ կարող եմ խոսել․ ես այլևս չեմ հուզվիլ․ միայն թե տո՛ւր ինձ քո ձեռը և խոստացի՛ր, որ համբերությամբ ականջ դնես ինձ։
Արքան աջը պարզեց առանց խոսելու։
Թագուհին առավ այն, սեղմեց յուր դողդոջուն ձեռներում և շարունակեց․
Շնորհակալ եմ․․․ Տեսնո՞ւմ ես, թե որպիսի փոքր շնորհով եմ ես գոհանում․․․ Իմ անզուգական դյուցազնի, իմ վեհապանծ թագավորի սերն ու սիրտը կորցնելուց ետ, ուրախանում եմ, որ ներվում է ինձ նրա սառն ու անտարբեր աջը սեղմել․․․ Եվ ես կարողանում եմ այդ քեզ ասել․․․ Եվ գոռոզ Սահականույշը այդ խոստովանությունն անում է յուր թագավորին․․․ Օ, ինչո՞ւ այսքան շատ նվաստացա․․․
Թագուհին նորեն հեկեկաց, և այլևս իրան զսպել չկարողանալով՝ բացավ դողդոջուն բազուկները և փարվեց թագավորին։
Սահանո՛ւյշ․․․ սիրելի՛ Սահանույշ, շշնջաց թագավորը և սեղմեց նրան յուր կրծքին։
Աղոթի՛ր, որ մահ հասնե ինձ այս վայրկենեն․․․ Կամենում եմ մեռնել քո գրկի մեջ․․․ Այս է իմ միակ տենչանքը․․․ մրմնջաց թագուհին, և արտասուքը նրա ձայնը խեղդեց։
Տիկնոջ հեկեկանքն ու արտասուքը հուզեցին թագավորին․ նա մնաց տարակուսի մեջ և չգիտեր ինչո՞վ սփոփել ապաբախտ թագուհուն։ Նա սկսավ ավելի ևս քնքշությամբ սեղմել նրան յուր կրծքին, զգալով, կարծես, որ այդ է միակ դարմանը, որ կարող է սիրող սրտի հուզումը դադարեցնել։
Երկար այս դրության մեջ մնալուց ետ, վերջապես թագավորը լռությունն ընդհատեց․
Ինչո՞ւ, սիրելիս, այդքան շատ հուզվեցար։
Այս խոսքը, որ թեպետ մեղմով ու գրեթե շշնջալով արտասանեց թագավորը, այսուամենայնիվ կոշտ հնչեց թագուհու ականջին, նա յուր գլուխը արքայի գրկից հեռացրեց։
Ինչո՞ւ․․․ Եվ դու այդ հարցնո՞ւմ ես․․․ Մի՞թե չգիտես, թե ինչից են թշվառ սրտերը հուզվում․․․ մի՞թե իմ արտասուքները ամեն ինչ քեզ չպատմեցին․․․
Թագավորը ոչինչ չպատասխանեց։ Նա զգուշանում էր թագուհու սիրտը նորեն հուզելուց։ Ուստի դեպի խարակները հառաջանալով՝ նստեց ժայռի վրա և լուռ սկսավ դեպի ծովակը նայել։
Դու ինձ այլևս չե՞ս կամենում լսել, բեկված ձայնով հարցրեց թագուհին։
Խոսի՛ր, սիրելիս, ինչ որ հաճո է քեզ․ բայց անցյալից մի հիշեցնիր ինձ ոչինչ։
Ոչինչ էլ չպիտի հիշեցնեմ, հարեց իսկույն թագուհին, և կարծես գոհ թագավորի այս խոսքից (որի մեջ նա նրա խոստովանությունն էր կարդում՝ յուր դեմ գործած հանցանքների համար), մոտեցավ նրան և ինքն էլ ժայռի վրա նստելով շարունակեց․
Մի քանի ամիս է, ինչ քեզ հետ եմ ես, սիրելի թագավոր, և սակայն բոլոր այդ ժամանակ չկարողացա խոսել քեզ այն, ինչ որ անհրաժեշտ էր խոսել և ինչի մասին որ եկել էի քեզ տեսնելու։ Այժմ, սակայն, համարձակություն առա և կարող եմ խոսել։ Խնդրում եմ միայն չխանգարել ինձ, եթե մինչև անգամ իմ զրույցն անհաճո լինի քեզ։
Խոսիր, ես լսում եմ։
Գառնիում կարծում էի, թե հաշտվել եմ արդեն իմ վիճակի հետ․ ուստի որոշեցի մոռանալ իմ անձը և նվիրվել հասարակաց բարվույն։ Այդ նպատակին հասնելու միակ ճանապարհն այն էր, որ գայի և միանայի քեզ հետ, սփոփեի անհաջողություններից ու իշխանների տիրադրուժ վարմունքից վշտացած քո սիրտը և ստիպեի քեզ վերադառնալ Ոստան, դեպի քո գահն ու արքունիքը․․․ Այնուհետև արդեն հեշտ կլիներ վերսկսել խանգարված գործերը․ ժողովուրդն ու զորքը քո դարձին էին սպասում, դու կարող էիր օգտվել նրանց ձեռնտվությունից։
Այս մտքով ահա՛ ոգևորված՝ ես եկա Կաքավաբերդ։ Բայց քո սառն ընդունելությունը ինձ վշտացրեց։ Դու կարծեցիր, թե ես եկել եմ ծաղրելու քո պարտությունը Ցլիկ Ամրամից․․․ Քո այդ կասկածը բավական եղավ, որ նորեն իմ սիրտը տակնուվրա լինի, որ հին վերքերը նորոգվին․․․ Եվ քանի դու շարունակում էիր քո սառնությունն ու անտարբերությունը, այնքան ավելի վառվում ու բորբոքվում էր իմ մեջ նախանձի դժոխքը․․․ Եվ դրա հետևանքն եղավ այն, որ ես քո սիրտը ցավեցնել ուզելով՝ պատմեցի, թե ինչպե՛ս մեր բոլոր աշխարհը գիտակ է քո հանցավոր սիրույն, թե զորքն ու ժողովուրդը գրգռված են քո դեմ, թե իշխանական ընտանիքները երես են դարձրել մեզանից, թե հոգևորականությունը դատապարտում է քո վարմունքը․․․ Ավա՛ղ, ես կարծում էի, թե այս հայտնություններով պիտի զգաստացնեմ քեզ․․․ բայց չարաչար սխալվեցա։ Խոստովանում եմ՝ ես գործեցի իբրև թույլ կին, իբրև սիրող սրտի տեր։ Չկարողանալով տանել քո սառնությունը, ես մոռացա իմ ուխտն ու նպատակը, ես խաղալիք դարձա նախանձի խռովյալ ալիքներին, որոնք անգթաբար կոծում, հարվածում էին իմ թշվառ սիրտը․․․ Այս բոլորի հետևանքը եղավ այն, որ դու հուսահատվելով՝ ոչ միայն Ոստան չվերադարձար, այլև Կաքավաբերդից ելնելով՝ եկար Սևան, խարազանազգեստ կրոնավորների հետ ապրելու․․․
Ես ճանաչեցի իմ սխալը․ տեսա իմ անխորհուրդ վարմանց հետևանքը և չարաչար զղջացի․ բայց արդեն ուշ էր։ Միակ միջոցը իմ հանցանքը քավելու այն էր, որ ես հետևեի քեզ, տեսնեի ամեն օր քո՝ դեպի ինձ ունեցած սառնությունը, դիտեի քո անտարբեր հայացքները և տանջվեի․․․ Քանի՛-քանի՛ անգամ կամեցա մոտենալ և խոսել քեզ հետ, խոստովանել իմ հանցանքը և ներումն հայցել․․․ Եվ սակայն դու շարունակ խույս էիր տալիս ինձանից, չէիր կամենում միայնակ ինձ հանդիպել, առանձնության մեջ իմ ձայնը լսել, իմ արտասուքը տեսնել․․․ 0, եթե գիտենայիր, թե որքա՜ն տանջվել եմ ես․․․
Ամիսներ անցան այսպես և ես չկարողացա դեռ քեզ հետ խոսելու մի վայրկան գտնել։ Բայց երբ գուժկան հասավ այստեղ և Բյուրականի առումն ու կոտորածը գուժեց, ես սարսափեցի․ կարծես երկնային մի շանթ հարվածեց իմ հոգին․ ես հիշեցի իմ ուխտն ու որոշումը․ հիշեցի և իմ գործած հանցանքը․․․ «Եթե նախանձի կիրքը ինձ չհաղթահարեր, Աշոտն այժմ յուր գահի վրա կլիներ, հայոց զորքը նրա շուրջը կգտնվեր, իշխանները զինակից կլինեին, թշնամու դեմ արդեն բանակ կշարժվեր․․․», մտածեցի ես, և հուսահատությունը, քիչ մնաց, դեպի ծովակի խորը պիտի մղեր ինձ․․․ Բայց հետո զգաստացա և որոշեցի գտնել քեզ անպատճառ քո միայնության մեջ և հարկ եղածը խոսել։ Այս է ահա՛ պատճառը, որ այժմ եկա քո մենավոր զբոսանքը խանգարելու։ Գուցե այս հետապնդությունը տհաճություն է պատճառում քեզ, բայց ես ստիպված այդ էի անելու, որովհետև վտանգը դռան մոտ է և հապաղել այլևս անկարելի է։
Ի՞նչ է քո խնդիրն ինձանից, հարցրեց թագավորը։
Այն, որ վերադառնաս Ոստան, բազմես քո գահի վրա, փայլ տաս արքունյացդ, շուրջդ հավաքես ավագանին, զորքն ու բանակը կարգավորես, թշնամու առաջն առնես, երկիրը տագնապից ազատես․․․
Միով բանիվ, դու կամենում ես, որ Աշոտ-Երկաթը թագավորե նորից։
Այո՛, թագավորե այնպես, ինչպես որ թագավորում էր առաջ․․․
Բարի է քո ցանկությունը, բայց կատարել նրան անկարող եմ ես։
Ինչո՞ւ։
Պատճառները բազմաթիվ են։
Ծանոթացրու ինձ այդ պատճառների հետ, եթե կարծում ես, թե դեռ անծանոթ եմ նրանց։
Թագավորը չպատասխանեց։ Նա դեմքը դեպի ծովակը դարձրած մտածում էր։
Մի՞թե այդ պատճառներն ավելի զորավոր են, քան Աշոտ-Երկաթի կամքը, խոսեց նորեն թագուհին, կամենալով արքայի ինքնասիրությունը գրգռել։
Աշոտ-Երկաթի կա՞մքը․․․ Օ՛, նա այժմ ավելի անզոր է՝ քան հովտի եղեգը, որին տատանում է նույնիսկ հովի շունչը։
Ինչո՞ւ, հուսահատեցնում ես ինձ, տեր իմ և թագավոր,-շշնջաց թագուհին սրտահույզ ձայնով։
Քա՜վ, թե կամենամ քեզ հուսահատեցնել․ ճշմարտությունն եմ խոստովանում։
Բայց դու զորավոր էիր մի օր ինչպես անապատի առյուծը․․․
Որի մռնչյունը դող էր հանում դրացի գազանների սիրտը, ընդհատեց թագավորը։
Այո՛։
Եվ սակայն առյուծն էլ տկարանում ու մեռնում է։
Անշուշտ․ բայց այդ այն ժամանակ, երբ անցնում են նրա տարիքը, երբ հասնում է ծերությունը։
Իսկ երբ որսորդի երեքթևյանը հարվածում ու ջախջախում է նրա սի՞րտը։
Ո՞ր աննկուն որսորդն արդյոք այդպես ուժգին կարողացավ քեզ հարվածել, հարցրեց թագուհին խորհրդավոր եղանակով։
Թագավորը չպատասխանեց․ տխուր ժպիտը միայն նրա շուրթերը շարժեց։
Դու չե՞ս կամենում խոսել հարցրեց թագուհին։
Չեմ կամենում քո սիրտը վշտացնել, պատասխանեց թագավորը՝ շարունակ ծովակին նայելով։
Աստվա՛ծ իմ, բացականչեց թագուհին․ մի՞թե դու իմ սրտի մասին ես մտածում․․․ այդ արդեն չափազանց է, սիրեցյալ ամուսին, ես ուրախությունից կարող եմ խելագարվել։
Այո՛, մտածում եմ․․․ Կան ճշմարտություններ, որոնք որքան էլ դառնագույն, այսուամենայնիվ, տղամարդը կարող է լսել համբերությամբ, բայց կնոջ ականջը չի հանդուրժիլ նրանց։
Օ՛ն ուրեմն, փորձի՛ր իմ քաջությունը։
Բարի, լսի՛ր ուրեմն ինձ։
Այս ասելով թագավորը դեմքը դարձրեց թագուհուն և շարունակեց․
Մի փոքր առաջ հարցրիր, թե ո՞վ է այն որսորդը, որ այնքան ուժգին առյուծի սիրտը հարվածեց․․․ այժմ պիտի ասեմ, թե ո՛վ էր նա։ (Թագուհին լսողությունը լարեց)։ Այդ աննկուն որսորդը կնոջ սերն էր․․․
Ո՞ր կնոջ․․․-ընդհատեց հանկարծ թագուհին։
Դու արդեն քո քաջությունը կորուսիր, նկատեց թագավորը։
Շարունակի՛ր, ես այլևս չեմ խանգարիլ, հարեց թագուհին և գլուխը կախեց։
Մենք, սիրելի բարեկամ, թշվառ խաղալիքներ ենք բնության հզոր ձեռքում, շարունակեց թագավորն․ իզուր են մարդիկ օրենքներ դնում և կարգեր սահմանում՝ կառավարելու համար այն, ինչ որ ինքը բնությունը պիտի կառավարե և որի միահեծան տիրապետն է նա․․․ Մարդկային սրտերի մասին է խոսքը․․․ Դու ինձ սիրում ես, այնպես չէ՞։
Ինչո՞ւ համար է այդ հարցը։
Պատասխանի՛ր, սիրո՞ւմ ես թե ոչ։
Սիրում եմ անսահման սիրով։
Բար՛ի․ ի՞նչ կարող է անել դրա դեմ մարդկանցից սահմանված օրենքը։
Կարո՞ղ է հրամայել, որ սիրելուց դադարես։
Օրենքն՝ ընդհակառակը, սրբագործում է իմ սերը, որովհետև ես սիրում եմ իմ օրինավոր ամուսնուն։
Այդ մի դիպված է։ Իսկ եթե հանկարծ սիրում լինեիր մի ուրիշի՞ն։
Քրիստոնեական առաքինությունը, որին հետևլ եմ միշտ, չէր թույլ տալ ինձ մտածել ապօրինի սիրո մասին։ Իսկ երբ մարդ չէ մտածում ապօրինության վրա, ապօրինի գործ էլ չէ կատարում երբեք։
Մտածության համար սահման որոշելն անկարելի է։ Ի՞նչ անե այն սիրտը, որին բնությունը հրամայել է սիրել նրան, որ օրենքով իրան չէ պատկանում։
Այդ միևնույնն է, եթե ասես, «ի՞նչ անեն գողերն ու ավազակները, որոնց սիրտը ցանկացել է հափշտակել ուրիշի ունեցածը․․․»։ Կարո՞ղ ես միթե արդարացնել այդ ավազակներին, երբ քո հարստահարյալ հպատակը հանե նրանց քո դատաստանի առաջ։
Այդ խոսքերը խոցեցին թագավորի սիրտը, որովհետև հարվածն ուղղված էր բուն վերքին․․․ Նա լռեց մի քանի վայրկյան։
Էլ ուրիշ ասելիք չունի՞ս, հարցրեց թագուհին մեղմությամբ։
Ուրիշ ասելի՞ք, ինչպե՛ս չէ, ունիմ։
Խոսի՛ր ուրեմն։
Լսի՛ր․ դատավորը աչառո՞ղ պիտի լինի, թե՞ անաչառ։
Անշուշտ՝ անաչառ։
Ավազակին պետք է պատժե՞լ, թե՞ վարձատրել։
Իհարկե պատժել։
Ինչո՞ւ ուրեմն դու կամենում ես վարձատրել նրան, երբ անաչառ դատավորը հրամայում է պատժել։
Ի՞նչ ես ուզում ասել, չեմ հասկանում։
Չե՞ս հասկանում, բայց ես պարզ խոսեցի։
Ո՞վ է ավազակը և ո՞վ դատավորը, ո՞ւմ համար եմ ես վարձատրություն պահանջում․․․ հարցրեց թագուհին տարակուսելով։
Ես եմ այդ ավազակը․ և ինքս էլ, ահա, իբր անաչառ դատավոր, պատժել եմ ինձ, հեռանալով արքայական գահից և ապավինելով այս անապատին․․․ Ինչո՞ւ կամենում ես հանել ինձ այստեղից և նորեն դեպի Ոստան առաջնորդել։
Դու չափազանցում ես։
Չափազանցո՞ւմ․․․ Բնա՛վ։
Չափազանցում ես, իմ սիրեցյալ թագավոր։
Մի՛ անվանիր ինձ ո՛չ սիրելի և ո՛չ թագավոր, ես մի չարագործ եմ, աստուծուց և մարդկանցից անիծված, ինչո՞ւ համար ես դու ինձ սիրում, ինչո՞ւ ինձ փառք հայթայթելու մասին ես մտածում։
Հավիտյան պիտի սիրեմ․․․ Մի՞թե կարող ես հրամայել ինձ մոռանալ իմ ամուսնուն․․․
Ամուսնո՞ւն․․․ Օ՛հ, մի՛ տանջիր ինձ։ Ես չեմ կարող այդ նախատինքը տանել։
Նախատի՞նք․․․ մի՞թե ինձանից սիրվիլը նախատինք է քեզ համար։
Ոչ, մեծափառ թագուհի, այլ նախատինք է այն, որ իմ անհավատարմությունը դու այդքան անսահման սիրով ես փոխարինում․․․ Ես հպարտ եմ․ ես չեմ կարող տանել այն բարիքը, որ հատուցվում է ինձ իմ գործած չարության համար։
Ինձ ոչ մի չարիք չէ հասել քեզանից։
Այդպիսի խոսքերը չեն կարող ինձ սփոփել։ Ես այնքան անարի չեմ, որ իմ գործած հանցանաց չափով պատիժ կրել չկարողանամ։ Եթե դու կամենում ես սփոփանք բերել իմ սրտին, ապա ատիր ինձ քո հոգվո բոլոր զորությամբ։
Միայն քո ատելությունը, միայն ծանր տանջանքները կարող են դյուրություն տալ իմ սրտին։
Ես չեմ կարող քեզ ատել։
Ատի՛ր, որովհետև ես չեմ սիրում քեզ։
Օհ, մի՛ ասիր այդ․․․
Չեմ կարող ստել, ես չեմ սիրում քեզ։
Օ՛հ, անգութ․․․
Միակ սիրածս կինը աշխարհում․․․
Օ, մի՛ արտասանիր նրա անունը, բացականչեց թագուհին՝ գրեթե ճչալով։
Այո՛, միակ սիրածս կինը այդ Ասպրամ իշխանուհին է, Սևորդյաց նահապետի աղջիկը։
Անսի՛րտ․․․ անգո՜ւթ, ի՞նչ շահ ունիս ինձ տանջելուց․․․ Ինչո՞ւ չես խղճում մի թշվառ, մի լքյալ կնոջ․․․ չէ՞ որ ես մի օր քո ամուսինն էի․․․
Կամենում եմ սիրտդ խոցոտելով՝ դժոխային ատելություն ծնեցնել նրա մեջ․ այդ կարող է մեղմել իմ ծանրագույն վիշտը։
Մի՛ հուսար․․․ ես չեմ կարող քեզ ատել, իզուր տեղը մի՛ տանջիր իմ հոգին․․․ Ասա՛ միայն ո՞րն է քո ծանրագույն վիշտը, ես հնար կգտնեմ նրան թեթևացնելու։
Ավելի վատ։
Մի՛ համառիր, իմ սիրեցյալ թագավոր․ ամեն մի հիվանդություն ունի յուր դարմանը և ամեն մի վիշտ՝ յուր սփոփանքը։ Հարկավոր է միայն բժշկող ձեռք և սիրող սիրտ։
Ո՞վ կարող է, օրինակ, բուժել այն հոգին, որ տանջվում է խղճի խայթերից։ Ո՞վ կարող է սփոփել այն մարդուն, որ ճանաչում է յուր հանցանքի ծանրությունը, չափում է նրանից հառաջացած չարիքի մեծությունը և գտնում է իրան անզոր ու անկարող՝ այդ չարիքը դարմանելու․․․
Ամենքը սխալական են աշխարհում։
Եվ ամենին կարելի է ներել․․․
Հետևապես և քեզ։
Մի՛ ընդհատիր ինձ․ ամենքին կարելի է ներել, բացի նրան, որ կոչված է մարդկանց բախտը կառավարելու, որ պաշտոն ունի ժողովուրդ հովվելու, առաքինության օրինակ ու առաջնորդ հանդիսանալու․․․ հասարակաց բարվույն ու երջանկության հսկելու․․․։ Ես այդպիսի մի պատասխանատու անձն էի․ աստված ինձ պետ ու առաջնորդ էր կարգել այս ժողովրդյան։ Բայց միթե պատկառ մնացի՞ ես իմ կոչման․ մի՞թե իմ սրբազան պաշտոնը չանարգեցի, մի՞թե բազմաթիվ չարյաց պատճառ չդարձա․․․ Ո՞վ կարող է ինձ ներել, և ինչո՞ւ պիտի ներե։
Անցյալը հիշելով ոչինչ չես շահիլ, ասաց թագուհին․ մոռացի՛ր այն և աշխատիր մեր ներկա վիճակը բարվոքել։
Անցյալը մոռանա՞մ․․․ մի՞թե կարելի, մի՞թե հնարավոր է այդ․ բացականչեց թագավորը։ -երկնքի աստղերը կկողոպտեի՝ վարձատրելու համար այն մարդուն, որ կկարողանար մոռացնել տալ ինձ իմ անցյալը․․․ որ յուր դեղերով կամ կախարդական հմայությամբ հնար կգտներ իմ հիշողությունները բթացնելու։ Մոռանա՞լ․․․ Այո՛, այդ եմ կամենում․ այդ է իմ միակ փափագն ու ցանկությունը։ Բայց ո՞վ կարող է լրումն տալ այդ ցանկության։ Օ՛, ինչպես երջանիկ կլինեի, եթե կարողանայի չհիշել այլևս այն, ինչ որ կատարվել է․․․ Այն, որի հիշատակը բազմագլխյան վիշապի պես կրծում, կեղեքում է իմ խիղճը․․․ Կարո՞ղ եմ միթե մոռանալ, որ ես Սևադայի, իմ բարյացապարտ ազգակցի տունն ավերեցի՝ հորն ու որդուն միասին կուրացնելով․․․ Կարո՞ղ եմ մոռանալ, որ ես Ամրամի, իմ հավատարիմ զինակցի ընտանիքը կործանեցի, նրա խաղաղության օթևանը դժոխքի փոխարկելով․․․ Կարո՞ղ եմ մոռանալ որ ես քո կյանքը թունավորեցի՝ կաթոգին սերդ անարգելով, երջանկությունդ կապտելով․․․ Ո՞րը նրանցից կարող եմ ես չհիշել կամ ո՞րն արդյոք մոռանալ․․․ Գուցե ա՞յն՝ որ այս չարիքների շնորհիվ իմ իշխանների առ գահն ունեցած հավատարմությունը կորուսի և նրանց միությունը խանգարեցի, թե՞ այն, որ Ամրամի ապստամբությունը գրգռելով՝ հյուսիսային գավառներից զրկվեցա և թե վերջապես, այն, որ ռազմական ուժերս թուլացնելով՝ իմ երկրի սրտում հագարացոց բռնապետությունը հաստատեցի․․․ Ասա՛, իմ սիրելի, սրանցից ո՞րը մոռանամ․ կամ ինչպե՞ս չհիշեմ, որ այս ամենը կատարվել է մի հանցավոր սիրո, մի տմարդ օրինազանցության պատճառով․․․ Ո՛չ, ես արժանի չեմ ներման․ մի՛ աշխատիր մոռացնել տալ ինձ մեղքերով լի իմ անցյալը։ Ես քրիստոնյա եմ և խիղճ ունիմ․ այդ խիղճը տանջում է ինձ․ նրա ձայնը խլացնում է իմ հոգվո լսելիքը, նա հրամայում է ինձ՝ հեռանալ արքայական գահից, փառքերից, պերճությունից և քաշվել, առանձնանալ մի անապատ, լալ այնտեղ իմ մեղքերը և խստամբեր ճգնությամբ քավել նրանց։ Եվ ես ահա եկել, մտել եմ Սևան՝ իմ ապաշխարության վայրը։ Իզուր ես կարծում, թե ես հեռացա Կաքավաբերդից նրա համար, որ դու իմ սառն ընդունելությունից վշտացած՝ պատմեցիր, թե աշխարհը գիտակ է իմ հանցավոր սիրույն, թե ժողովուրդը գրգռված է իմ դեմ, թե իշխաններն ու հոգևորականությունը դատապարտում են ինձ և այլն։ Ո՛չ, դրանց պատճառով չհեռացա․ ոչ էլ հուսահատությունն ինձ հալածեց։ Այլ խիղճը, իմ ներքին մարդը․․․ Հանգիստ լիներ խիղճս, արդար լինեին իմ գործերը, այն ժամանակ թեկուզ բոլոր աշխարհը կանգներ իմ դեմ, ես չէի ընկճվիլ․ ոչ էլ հուսահատությունը կարող էր իմ հոգին հաղթահարել․․․ Բայց խղճի անողոք խայթերին ես դիմադրել չկարողացա։ Ինձ հալածեցին, մանավանդ, քո տխուր աչքերը, վշտալի հայացքը, դալկահար դեմքը․․․ Ես փախուստ էի տալիս քեզանից․ այո՛, բայց ոչ թե նրա համար, որ ատում էի քեզ, այլ նրա համար, որ ամեն մի քեզ տեսնելիս սիրտս տակնուվրա էր լինում, ամոթն ու խիղճը տանջում էին ինձ չարաչար։ Վերջապես, ես եկա այստեղ իմ վշտերը թաքցնելու և հանցանքները լալու։ Կարծեցի, թե այս անգամ կհեռանաս ինձանից և կերթաս Ոստան, ուր դու դեռ հավատարիմներ ունիս։ Բայց իմ հույսը պարապ ելավ․ դու չկամեցար թողնել ինձ իմ վշտերի հետ, դու հետևեցիր ինձ իբրև ամուսնասեր կին և ապացուցեցիր հարյուրերորդ անգամ, թե ես արժանի չէի քո սիրույն, թե բախտը իզուր էր կապել մեզ միմյանց հետ․․․ Այս բոլորը գիտենալուց ետ, սիրելի տիկին, անկարելի է ինձ այլևս մտնել այն աշխարհը, որտեղից խիղճս ինձ հալածեց․ թո՛ղ ինձ այս ապաշխարանաց վայրում․ գուցե կարողանամ իմ մեղքերը քավել․ գուցե կարողանամ իմ հոգին գեհենից փրկել․․․
Միթե ավելի հաճելի չի՞ լինիլ աստծուն, եթե դու հանցանքդ քավես ուրիշներին բարիք անելով, հարցրեց թագուհին։
Ինչպե՞ս չէ, այդ ավելի հաճելի կլինի նրան․ զի լավ է բարիք գործել՝ քան անօգուտ տեղը լալ։
Է՛հ, ուրեմն դարձի՛ր աթոռդ, ձե՛ռքդ առ կառավարության ղեկը և փրկի՛ր ժողովուրդը՝ սպառնացող վտանգներից։
Այդ պետք է անեմ իբրև թագավոր, այնպես չէ՞։
Անշուշտ։
Բայց ես արժանի չեմ համարում ինձ այլևս այն գահին, որի վրա Աշոտ առաջինը և հայրենասեր ու առաքինի Սմբատը բազմեցին․ Սևանն է իմ արժանավոր կացարանը, այստեղ կապրեմ, այստեղ էլ կմեռնեմ։
Իսկ արքայական գա՞հը։
Թո՛ղ Աբասը պայազատե․ նա է իմ օրինական ժառանգը։
Կարծես մի երկնային շանթ հաովածեց թագուհուն։ Այդ խոսքը նա առաջին անգամէր լսում։ Յուր սիրո կորստյան վրա, Այո՛, մտածել էր շատ, բայց դշխոյությունը կորցնելու մասին նա երբեք չէր երազել։
«Ինչպե՞ս թե Աբասը թագավորե․ ուրեմն և Գուրգենդուխտը լինի թագուհի՞․․․ Սևադայի դստեր կենդանության ժամանակ՝ ափխազաց Գուրգենի աղջիկը հռչակվի հայոց գահի դշխո՞․․․ և հպարտ Սահականույշը փակվի Սևանի մեջ իբրև մի հպատակ, իբրև ափխազուհու մի թշվառ գերի՞ն․․․ Եվ տեսնե, թե ինչպե՛ս հայոց իշխանները շրջապատում են նոր արքային, հաջողություններ են ստեղծում նրա համա՞ր․․․ խոնարհում են գլուխները նոր թագուհու առաջ և քծնում ու խնկարկում են նրա՞ն․․․ Օ՛, այդ արդեն ամենից ավելի դժվարատարն է․․․», մտածեց ինքն իրան թագուհին, և կնոջ փառասիրությունն ու հակառակորդի ինքնասիրությունը նրա էությունը պաշարեցհն։ Նա մոռացավ, մինչև անգամ յուր իսկական վիշտը, անարգանաց զգացումը գերակշռեց նրա մեջ սիրո զգացման և կնոջ հատուկ սրամտությամբ նա չափեց իսկույն յուր ներքին վշտի և արտաքին անպատվության մեջ եղած անջրպետը և համոզվեց, թե ավելի հեշտ է ներքին վշտերով տանջվիլ, քան արտաքին անարգանքներից նվաստանալ․․․
Ո՛չ, իմ մեծափառ թագավոր․ այդ որոշումը չպիտի կատարվի․ Սևանում դու չպիտի մնաս․ գահն ու ժողովուրդը քեզ են սպասում, և դու պիտի վերադառնաս Ոստան, խոսեց թագուհին վճռաբար։
Անկարելի է․․․ Այդ անելու համար նախ պետք է սիրտս խլեմ իմ կրծքից և գանգս դատարկեմ ուղեղից․․․ Այս սրտով և ուղեղով ես գահ բարձրանալ չեմ կարող։
Չէ՛, դու պիտի գթաս քո ժողովրդին․ նա նմանում է այժմ հովվից զրկված և անապատներում ցրված անտիրական մի հոտի․ գայլերը չորս կողմից հալածում են նրան․ մայրերի ու գառնուկների մայունը խլացնում է ձորերը․․․
Այդ հոտը կժողովե Աբասը, նա ավելի պիտանի կլինի այժմ երկրին՝ քան ես։
Մի՛ ասիր այդ․ մի՛ տար Աբասի անունը․ հայոց թագավորը կենդանի է դեռ։
Ո՛չ, նա մեռել է վաղուց․ նա մեռավ այն օրը, երբ Ցլիկ-Ամրամի երեսից փախուստ տվավ նվաստաբար․․․
Մի՛ ասիր այդ խոսքերը․ մի՛ հիշիր անցյալը, աղաչում եմ քեզ․․․
Այս ասելով թագուհին բռնեց թագավորի ձեռքը և քնքշաբար նայելով նրա աչքերին, որոնք անթարթ ուղղված էին լուսնին, կամացուկ ձայնով մրմնջաց․
Աշո՛տ, իմ մեծափառ թագավոր, իմ սիրեցյալ ամոսին․ մի՛ թույլ տար, որ ափխազուհին ծաղրե քո Սահականույշի հպարտությունը, թո՛ղ որ հայոց թագուհին յուր կոչման մեջ հանդիպե մահվան․․․
Ա՛խ․․․ ինչպե՛ս քիչ ես ծանոթ իմ վշտերին․․․ շշնջաց թագավորը և դեմքը դեպի ծովակը դարձուց։
Խոսի՛ր, եթե դեռ մի ուրիշ ցավ ունիս, բա՛ց արա իմ առաջ սրտիդ վարագույրը․․․
Թագավորը չպատասխանեց, նա լուռ նայում էր ծովակին։
Եվ ի՞նչ պիտի պատասխաներ․ ինչպե՞ս կարող էր նրա յուր սրտի վարագույրը բանալ․․․ այն վարագույրը, որի ետևը ծածկված էր վշտերից ծանրագույնը․․․ Կարո՞ղ էր միթե ասել՝ թե ինքը դեռ մտածում է Սևորդյաց իշխանուհու, յուր հանցավոր սիրո թշվառ զոհի վրա․․․ թե ծանոթ է նրա ընտանեկան տանջանքներին, թե լսում է ամեն վայրկյան նրա արտասվող սրտի անեծքը, նրա ոգետանջ հառաչանքները․․․ Ինչպե՞ս կարող էր նա այլևս գահի վրա բազմել, փառքի ու հաջողության հետևել, քանի որ ամեն վայրկյան պիտի հնչեին յուր ականջին նրա տխուր հեծությունները․ քանի որ շարունակ նա պիտի տեսներ յուր առաջ նրա արտասուքները և ինքն իրան ասեր․ բոլոր աշխարհը փառաբանում է ինձ, հաջողությունները պսակում են իմ վերադարձը․ ժողովուրդը ցնծության տոն է կատարում․․․ Բայց այնտեղ, Սևորդյաց լեռների մեջ, Տավուշի մրապատ խորշերում հեծում է մի դժբախտ կին, սիրո հարվածներից ջախջախված մի սիրտ, որին թողել են ամենքը, որ կտրված, բաժանված է աշխարհից, որ ապրում է միայն յուր անարգանքի, յուր նվաստության հետ․․․ Այդ կնոջ մրմունջը հասնում է մինչև իմ գահույքը, նա շշնջում է իմ ականջին դառն և սրտահույզ խոսքեր․ «Մի՛ ծիծաղիր դու, երբ լալիս եմ ես, մի զվարճանար՝ երբ սգում եմ ես․․․», ասում է նա ինձ, արդ ի՞նչ իրավունքով ես պիտի նորեն աշխարհ մտնեմ, կյանքի բարիքները վայելեմ, քանի որ յուր սիրտն ու էությունը ինձ նվիրող կինը կենդանի թաղված է անհայտության մեջ։
Այս մտքերը, որոնք վաղուց ի վեր տանջում էին թագավորին, այդ միջոցին այն աստիճան հուզեցին նրան, որ նա ինքն իրան մոռանալով բացականչեց․
Ո՛չ, անկարելի է․ ես չեմ կարող ապրել, քանի որ նա մեռնում է-․․․։
Ո՞ւմ համար է խոսքդ, ո՞վ է մեռնողը․․․ հարցրեց թագուհին։
Թագավորը ցնցվեցավ և տեղից բարձրանալով աջը պարզեց թագուհուն․ Գնա՛նք․ լուսինն արդեն խոնարհում է․․․ ասաց նա խրոխտ ձայնով։
Բայց ո՞ւմ համար էիր խոսում, հարցրեց կրկին թագուհին։
Անհայտության մեջ մեռնողի համար, պատասխանեց թագավորը և առաջ անցավ։
Թագուհին հետևեց նրան, առանց այլևս խոսել իշխելու։