Մուրացան
Գևորգ Մարզպետունի
Հաշտության պտուղները
Տխուր կղզին և նրա բնակիչները հետզհետե իրանց ազդեցությունն արին հոգվով ու մարմնով վիրավոր արքայի վրա։ Նրա դրությունն այժմ ավելի էր վատթարացել։ Թունավոր նետից հառաջացած վերքը օրըստօրե քայքայում էր նրա երկաթե առողջությունը։ Թեպետ թագուհին խնամում էր նրան ամենաքնքուշ հոգատարությամբ և վիրաբույժը կրկնապատկում էր յուր ջանքերը, այսուամենայնիվ, արդյունքը հուսահատական էր։ Թագավորը հետզհետե նիհարում և դալկանում էր․ նրա ամուր կազմվածքը կորցնում էր յուր զորությունը, ինչպես հինավուրց կաղնին, որի արմատները կրծում են որդերը․․․ Նա օրըստօրե դառնում էր ավելի լռակյաց, փախչում էր ամեն ընկերությունից և հանգիստ էր գտնում միայնության մեջ։
Սակայն բժիշկը, թագուհու համաձայնությամբ, խորհուրդ տվավ արքային շտապել, տնօրինել յուր վերջին կամքը պետական գործերի նկատմամբ և պատրաստվել՝ հրաժեշտ տալ աշխարհին, որովհետև յուր հիվանդությունը սուր կերպարանք էր առնում։
Բժշկի այդ խորհուրդը մի խորամանկություն էր։ Նա գիտեր, որ արքայի վերքը վերջ ի վերջո պիտի մահացներ նրան, բայց գիտեր և այն, որ այդ վախճանը դեռ հեռու էր։ Եվ որպեսզի ավելի ևս հեռացներ նրան, նա աշխատում էր հանել թագավորին շրջապատող միայնությունից և տխրությունից։ Նրան հարկավոր էր ապրել ուրախ ընկերակցության մեջ կամ զբաղվել պետական գործերով, որպեսզի սովորական վշտերն ու մտատանջությունները չմաշեին նրա մարմինը և այդպիսով չարագացնեին վերքից առաջացող քայքայման ընթացքը։
Բայց որովհետև թագավորը հակառակ ցանկության էր և չէր կամենում Սևանից ելնել, ուստի բժիշկը այդ հնարը մտածեց, որպեսզի գոնե ուրիշների օգնությամբ կարողանա նպատակին հասնել։
Եվ այդ հաջողեց նրան։ Թագավորն ուրախությամբ լսեց վիրաբույժի խորհուրդը և գրեց Աբաս եղբորը մեզ հայտնի նամակը։
Եվ ահա՛ մի գեղեցիկ օր Գեղամա ծովակի ափը ծածկվեցավ զորքերի բազմությամբ։ Թագավորը, որ դղյակի պատուհանից նայում էր ծովափին, զարմացավ՝ տեսնելով ափ իջնող գնդերը։ Սկզբում նա կարծեց, թե եկողը Բեշիրն է, որ վերադարձել է յուր պարտության վրեժը իրանից առնելու, ուստի երկյուղի նման մի բան նրա սիրտը խռովեց։ Բայց երբ նկատեց յուր արքայական դրոշակը, որ լայն բացված ծածանում էր ծովափի վրա, նրա անհանգստությունը փոխվեց ուրախության։
«Այդ Մարզպետունին է, իմ քաջ և հավատարիմ իշխանը․․․», շշնջաց նա և դուրս ելավ սենյակից՝ դեպի դիտարանը գնալու։
Նրան հանդիպեց թագուհին, որ պահապան հրեշտակի նման հսկում էր արքայի վրա։ Տեսնելով վերջինիս ուրախադեմ՝ տիկինը զարմացավ։ Որքա՛ն ժամանակ էր, որ թագավորի դեմքը չէր զվարթացել և շրթունքները չէին ծիծաղել․ այժմ ի՞նչ էր պատահել։ Միգուցե հիվանդության մի չարագուշակ փոփոխություն էր այդ կամ թե հոգեկան տկարության ապացույց։
Այդ մտքերը վայրկենապես ծագեցին տիկնոջ գլխում, բայց և իսկույն անհետացան, երբ թագավորը հայտնեց նրան Գևորգ իշխանի գալուստը։
Ոչինչ այնպես չէր կարող ուրախացնել տարագիր թագուհուն ինչպես այդ անձի անակնկալ հայտնվիլը։ Թագուհին, որ սովոր էր աղմկալից կյանքի, արդեն հոգնել էր երկար մենակությունից և, մանավանդ, ընկճվել արքայի հիվանդությամբ։ Այժմ նա պտրում էր մի մտերիմ բարեկամ, որին կարենար յուր ցավերը պատմել։ Եվ ահա՛ այդ բարեկամը գալիս էր։ Բացի այդ, նա գիտեր, որ Մարզպետունին կյանքով ու եռանդով լի մարդ է և կարող է հույս ու կենդանություն ներշնչել արքային․ ուստի սաստիկ ուրախացավ այդ նորությունն իմանալով։ Նրանք երկուսը միասին դիմեցին դեպի դիտարանը, ավելի մոտից ծովափի շարժումը դիտելու։
Եվ ահա հանդիպակաց ափը շրջապատեցին լաստեր ու նավակներ, որոնց մասին իշխանը հոգացել էր կանխավ։ Նրանց մեջ լցվեցան մի քանի հարյուր հոգի, և փոքրիկ տորմիղն սկսավ սուրալ խաղաղ ալիքների վրա։
Հառաջընթաց մակույկի մեջ նստած էին Գևորգ իշխանը և արքաեղբայրը՝ իրանց հետևորդներով։ Նույն մակույկի վրա ծածանում էր արքայական դրոշը։ Մարզպետունին ուրախ էր, որ դարձնում էր նրան հաղթական փառքով․ որովհետև հիշում էր, թե որպիսի՜ անստույգ վիճակի մեջ ստացավ այն արքայից։ Նա հրճվում էր մանավանդ, որ դրոշի հետ միասին վերադարձնում էր թագավորին յուր հարազատ եղբորը, որից նա վաղուց հեռացած էր գժտությամբ և որի աջակցությունը պիտի ապահովեր այժմ յուր նոր ձեռնարկությանց հաջողությունը։
Բայց Աբասն ուրիշ մտածությամբ էր զբաղված։ Նա այժմ գալիս էր յուր եղբոր ու թագավորի մոտ և հիշում էր հեռավոր անցյալը, որի հետ կապված էին սրտառուչ հիշատակներ։ Նա հիշում էր յուր մանկությունը, որ անցուցել էր Երազգավորսի արքունիքում, խաղերի և զվարճությանց մեջ, բայց միշտ անբաժան յուր Աշոտ ու Մուշեղ եղբայրներից։ Հիշում էր յուր պատանեկությունը, որի միջոցին սովորում էր հայրենիքը պաշտպանելու կամ թշնամին վանելու դժվարին արհեստը և իրան դասակից էին լինում միշտ նույն եղբայրները․ հիշում էր յուր երիտասարդությունը, որի ժամանակ արդեն Աշոտ թագաժառանգը շահատակում էր պատերազմների մեջ, և ինքն ու Մուշեղն աջակցում էին նրան, չկամենալով երբեք բաժանվել եղբորից և ուխտելով նրան մշտական զինակցություն։ Բայց և այդտեղ նա մտաբերեց Նիգ գավառի պատերազմը՝ դավաճան Գագիկ Արծրունու դեմ, որի ժամանակ իրանք կռվում էին առյուծի պես, բայց և այնպես հաղթվեցան, որովհետև Աշոտի գունդը կազմող սևորդիները փախուստ տվին ճակատից, որով և պատճառ դարձան իրանց պարտության և քաջ Մուշեղի գերվելուն ու մահվան։ Մի վայրկյան հին զայրույթը բռնկեց Աբասի սրտում, նա հիշեց Աշոտի թուլությունը, սևորդյաց օրիորդի հետ ունեցած սիրո պատմությունը, որ պատճառ դարձավ իրանց անդրանիկ անհաջողության․․․ և նա զղջաց, որ գալիս է այդ եղբոր հետ հաշտվելու։
Բայց հենց որ դեմքը դարձուց և տեսավ Մարզպետունուն, որ նայում էր յուր վրա իբրև մարմնացյալ եռանդ, իբրև աննկուն հայրենասիրություն, որ ամեն քեն ու ոխ ստորադրում էր միայն հայրենիքի շահուն, նա ամաչեց և զայրույթն իջավ։
Նրա աչքի առաջ արձանացավ այժմ ապաբախտ հոր դիակը, խաչի վրա հանած․ նրա ականջներին զարկեց այդ դիակը ծաղրող մահմեդականների աղմուկը․ նա հիշեց բռնավոր Յուսուփին, նրա անգթությունները և միևնույն ժամանակ մտաբերեց այն քաջին, որ ինչպես երկնային սրտմտություն իջավ Ուտիքից դեպի Ոստան, ցիրուցան արավ հագարացիներին, ջարդեց նրանց հրոսախմբերը, տարագրեց գազան Յուսուփին և յուր հոր նահատակության վրեժը տասնապատիկ առավելությամբ առավ արաբացիներից։ Դա յուր եղբայր Աշոտն էր․ այն աննման հերոսը, որի երևույթը միայն սարսուռ էր ազդում թշնամիներին և որին ինքն ուխտեց հավատարմություն և մշտական աջակցություն։ Եվ այդ պատճառով հաջողությունները հաջորդում էին միմյանց, որովհետև եղբայրական սերն ու միությունը առաջնորդում էին զորքին և նրա դրոշն ու սուրը հաղթական կացուցանում ամեն տեղ։ Բայց հենց որ այդ սերը սառեցավ, միությունը քայքայվեց, դժբախտություններն էլ իրանց դռները բացին․․․ այժմ հին առյուծը փակվել էր վանդակի մեջ․ թշնամիների սարսափը ծածկվել էր ճգնարանում․․․
Եթե թագավորը հանցավոր էր այդ բանում, միթե ինքը Աբասը անպարտ էր բոլորովին․․․ ինչպե՞ս պիտի տեսներ այժմ եղբորը յուր նվաստության մեջ, այն հաղթող ու հերոս Աշոտին՝ աբեղաների խուցերում․․․
Վերջին մտքերն այնպես հուզեցին արքաեղբորը, որ նրա աչքերը արտասուքով լցվեցան։
«Ես այնպես ջերմագին կսեղմեմ նրան կրծքիս, որ յուր վշտերն իսկույն մոռանա․․․», շշնջաց ինքն իրան Աբասը և աչքերը սրբեց։
Երբ նավակները հասան կղզու ափին, արքայի պահանորդները կանգնած էին այդտեղ։ Նրանք եկել էին իշխանին դիմավորելու։ Բայց տեսնելով նրա հետ և արքաեղբորը, որ սիրալիր կերպով ողջունեց իրանց, իսկույն ցնծության աղաղակ բարձին և «կեցցեներով» օդը թնդացրին։ Ապա առաջնորդեցին նորեկներին դեպի վերին տունը, ուր ապրում էր թագավորը։
Վերջինս, որ չէր սպասում Աբասին, տեսնելով նրան Մարզպետունու հետ՝ սաստիկ ուրախացավ։ Նա մոռացավ իսկույն թե՛ յուր աստիճանը և թե՛ եղբորից կրած դառնությունները։ Նա հիշեց միայն, որ Աբասը յուր եղբայրն է, միակ հարազատն աշխարհում, ուստի չսպասեց, որ նա հասներ դղյակին, նա ինքը փութաց կրտսեր եղբորը դիմավորելու։ Բլրակի կանաչ զառիվայրի վրա նրանք հանդիպեցին իրար․ «սիրելի եղբայր», «սիրեցյալ թագավոր» բացականչությունները խեղդվեցան նրանց ջերմ գրկախառնության և համբույրների մեջ։
Իշխանը և բոլոր հետևորդները բլրի վրա արձանացած՝ դիտում էին հարազատների սրտաշարժ հանդիպումը։ Այդ լուռ տեսարանն այն աստիճան հուզիչ էր, որ ներկա եղողներից շատերն արտասվեցին։ Նրանցից ամեն մինն զգում էր, թե երկիրը որքա՛ն շատ է տուժել դրանց գժտությունից և միևնույն ժամանակ չափում էր, թե որքա՜ն շահ կարող է ստանալ նա այդ քաղցր հաշտությունից։
Թագավորը, որ արդեն տկար էր, սաստիկ հուզումից ավելի թուլացավ, նա հազիվ ողջունեց մյուս հետևորդներին։ Բայց աջը դեպի Մարզպետունին ուղղելով սեղմեց նրա ձեռը և ասաց․․․
Այնքան շատ եմ պարտական քեզ, իշխա՛ն, որ կուզենայի ապրել միայն քո երախտյաց փոխարենը հատուցանելու համար։
Ապրի՛ր քո գահի և հայրենիքի համար, տեր, Մարզպետունի իշխանը քո նվաստ ծառան է․ նա յուր պարտքից ավելի դեռ ոչինչ չէ արել, պատասխանեց իշխանը համեստաբար։
Այնուհետև նրանք բարձրացան դեպի դղյակը, ուր թագուհին սիրով ընդունեց յուր տագրին և նրա հետ միասին՝ իշխան Մարզպետունուն։
Արքայական կացարանը յուր տխրությունից մերկացավ, և հանապազօրյա հառաչանքներին հաջորդեցին խնդություն, հրճվանք և հաճոյական զրույցներ։
Շուտով կղզին հասան նաև մյուս զորքերը և Սևանը կյանքով ու կենդանությամբ լցրին։ Եվ որովհետև իշխանը հրամայել էր նրանց հաշտության տոն կատարել, ուստի աբեղաների խուցերը դադարեցին շուտով ճգնարան լինելուց, հոգևոր հայրերը հսկումները մոռացան, և Սյունյաց հինավուրց ամրոցը տոնական կերպարանք առավ։
Ուրախության օրերն անցնելուց հետ՝ թագավորը հրավիրեց յուր մոտ Աբաս եղբորը և թագուհու ու Մարզպետունի իշխանի ներկայությամբ ասաց նրան․
Վաղուց կամենում էի հաշտության ձեռք պարզել քեզ իբրև իմ եղբորն ու ժառանգին, որովհետև տեսնում էի, թե որքա՛ն շատ է տուժում երկիրը մեր գժտության պատճառով։ Բայց անդրանկական իրավունքը և արքայական ինքնասիրությունը թույլ չտվին ինձ խոնարհիլ կրտսեր եղբոր առաջ․․․ Այո՛, կամենում էի, որ դու դիմեիր ինձ․ սպասում էի, որ դու հաշտության առաջին խոսքն արտասանեիր։ Որքա՛ն իրավունք ունեի ես, չգիտեմ, բայց այդ իմ ցանկությունն էր․․․ Երբ մարդ փափագ ունի ապրելու, նա սիրով փարում է այդ ունայն զգացմունքներին․․․ Եվ սակայն իմ ակնկալությունն անցավ ապարդյուն, դու չմոտեցար ինձ, և ես խոր վիշտ զգացի այդքան անողոք սիրտ ունենալուդ համար․․․
Հազիվ անցավ մի տարի, բախտը ինձանից յուր երեսը դարձուց, և ապրելու տենչը մեռավ իմ սրտում․․․ Բայց թողնենք այդ պատմությունը, նա արդեն հայտնի է քեզ։ Այո՛, երբ վիրաբույժս ինձ հայտնեց, թե շուտով պիտի մեռնիմ, փառք տվի աստծուն, որ քեզ հետ հաշտվելու պատեհ առիթը ներկայացավ։ Շնորհակալ եմ, սիրելի Աբաս, դու իմ վերջին խնդիրը հարգեցիր և բերիր ինձ հարազատ եղբոր համբույրը, որ թանկագինն է ամեն համբույրներից, որ երջանկություն է բերում աշխարհին, որ անիրավ զոհեր չէ պահանջում, որ սրբում է թշվառի արտասուքը և վտշահար սրտերը մխիթարում․․․ Ավա՛ղ, ինչո՞ւ մարդիկ չեն գնահատում կամ շատ ուշ են ճանաչում նրան․․․ Իսկ ես, ահա՛, դրա փոխարեն տալիս եմ քեզ այսօրվանից իմ թագն ու գահը, որ ավանդ ստացա մեր հորից, տալիս եմ քեզ այն իբրև իմ և թագուհու միակ ժառանգին․․․ Վայելիր այն աստուծո, ազգի և մեր օրհնությամբ։
Թագավորը վերջին խոսքերն արտասանելով՝ նայեց թագուհուն մի կարեկցական հայացքով և ապա նորեն Աբասին դառնալով շարունակեց․
Սակայն, սիրեցյալ եղբայր, իմ թագը կրելուց և գահին բազմելուց առաջ ընդունիր ինձանից նաև մի ուրիշ, թանկագին ավանդ, երդվի՛ր պահել ու խնամել նրան ամենաքնքուշ հոգատարությամբ․ այդ մեծագին ավանդը իմ թագուհի-ամուսինը և քո քույրն է, որ շատ վշտեր կրեց աշխարհում և որի բախտը կարող եմ հանձնել միայն քեզ, աշխարհի մեջ ունեցած իմ միակ հարազատին․․․
Թագուհին, որ լուռ ու տխուր լսում էր արքային, հանկարծ հեկեկաց, և արտասուքն աղբյուրի պես սկսավ հոսել նրա աչքերից։
Մի՛ լար սիրեցյալ Սահանույշ, ո՛չ ոք աշխարհում չէ ապրում հավիտյան, ասաց թագավորը խանդաղատելով։
Մի՛ հոգար ուրեմն և իմ մասին․․․ պատասխանեց թագուհին՝ արտասուքից խեղդվող ձայնով։
Ինչո՞ւ համար են այս տխուր զրույցները, տե՛ր արքա, բացականչեց Աբասը տեղից վեր կենալով․ մի՞թե արքայական գահը կարող է ավելի սիրելի լինել ինձ, քան իմ պարտավորությունը, և թագն ու գայիսոնը կարո՞ղ են փոխարինել ինձ այն կորուստը, որ պիտի կրեմ իմ հարազատի մահվամբ․․․ Օ՛ն ուրեմն մի՛ վշտացնիր իմ սիրտը, որ լի է սիրով դեպի քեզ և ցանկությամբ՝ տեսնել իմ թագավորը նորեն յուր փառաց բարձրության վրա։ Աստված թո՛ղ երկարե քո կյանքի օրերը, և ես կլինեմ քո գահի ծառան․ այդ է իմ միակ տենչը, այդ կլինի և իմ պարտավորությունը․․․
Հավատում եմ քո սրտի անկեղծության և կարի վշտանում, որ այսքան ուշ սկսա վայելել քո սիրո քաղցրությունը, բայց իմ օրերը հաշված են, սիրելի Աբաս, ես պիտի հեռանամ աշխարհից․․․ Աստված թող օրհնե և պահպանե քեզ, որպեսզի մխիթարես քո ժողովուրդը, որ այնքան շատ վշտացավ իմ թագավորության օրով։
Քո թագավորության օրով էլ նա կմխիթարվի, պատասխանեց Աբասը աշխուժով․ դու մեզ հետ միասին կհեռանաս այստեղից, կմտնես շուտով քո աթոռանիստը, կբազմես նորեն քո գահի վրա, և մենք կաշխատենք փառքով այդ գահը շրջապատել․․․
Փառքո՞վ․․․ վաղուց եմ ես այդ փառքի աղբյուրները ցամաքացրել, ընդհատեց թագավորը վշտալի ձայնով։
Ո՛չ, տեր արքա, այդ աղբյուրները չեն ցամաքել, այլ նվազել են, և այն՝ ոչ թե քո, այլ իմ հանցանքով, ուստի ինձ է մնում այդ հանցանքը քավել։
Դու միայն մի պարտք ունիս կատարելու, այն է՝ քո արժանավոր թագավորությամբ մոռացնել տալ հայ ժողովրդին Աշոտ Երկաթի անունը։
Այդ անունն այսուհետե․ ավելի պիտի փառավորվի, հարեց Աբասը վճռական ձայնով։
Իսկ ինձ շատ օր չէ մնում ապրելու, նկատեց թագավորը։
Ընդհակառակը, տարիներ են մնում, խոսեց Մարզպետունին խորհրդավոր ժպտալով։
Իսկ դու իմ վերքը տեսե՞լ ես, հարցրեց թագավորը։
Ես լսել եմ քո վիրաբույժին, որի տված տեղեկությունները կարի մխիթարական են։
Ի՞նչ կնշանակե այդ, հարցրեց թագավորը զարմանալով։
Մարզպետունին ներողություն խնդրեց վիրաբույժի համար, որ հասարակաց օգուտն ի նկատի ունենալով՝ սխալ տեղեկություն է տվել արքային յուր հիվանդության նկատմամբ և հայտնեց, որ իսկապես ոչ մի վտանգ չէ սպառնում յուր կյանքին և թե շուտով կապաքինվի ինքը, եթե հաճի ելնել Սևանից և վերադառնալ Ոստան։
Թագավորը երկար ժամանակ համառում էր յուր որոշման մեջ, որ էր ապրել և մեռնել Սևանում, բայց Աբասի ու Մարզպետունու թախանձանքը և զորավոր խոսքերը, որ շատ երկար շարունակվեցին, վերջ ի վերջո համոզեցին նրան վերադառնալ յուր աթոռանիստը՝ Երազգավորս։
Եվ որպեսզի արքայի վերադարձը լիներ փառավոր ու հանդիսավոր, արքաեղբայրն ու իշխանը հրաման ուղարկեցին Ոստանում գտնվող իրանց զորքերին շտապել Սևան։ Նույնպիսի առաջարկությամբ դիմեցին նրանք Սյունյաց Սմբատ իշխանին։
Վերջինս ժողովեց իսկույն յուր ազատ գնդերը և մտավ Գեղարքունիք՝ ամիսներից ի վեր այդտեղ հյուր եղող արքային յուր մեծարանքը մատուցանելու։
Վահրամ սեպուհը նույնպես վերցրեց Գեղա լեռներում գտնվող յուր բանակը և Գոռ իշխանի հետ միասին շտապեց Սևան։ Նույն տեղը հասավ և Աբաս արքաեղբոր մնացորդ զորքը։ Այդպիսով միացյալ բանակի զորաց թիվը հասավ մի քանի հազարի։
Թագավորն այս պատրաստությունները տեսնելով՝ սկսավ ուրախանալ և մխիթարվիլ, և այդ լավ ազդեցություն արավ նրա հիվանդության վրա։ Իսկ թագուհին չգիտեր, թե ի՞նչ բառերով արտահայտեր յուր շնորհակալիքն ու երախտագիտությունը յուր տագերն ու Մարզպետունուն, որոնք կարծես նոր կյանք էին ներշնչում թե՛ իրան և թե՛ արքային։
Մի քանի օրից հետո թագավորը թագուհու, արքաեղբոր և իշխանների հետ միասին հրաժեշտ տվավ Սևանի հյուրընկալ միաբանությանը և միացյալ բանակի ուղեկցությամբ ճանապարհվեց դեպի յուր աթոռանիստ գավառը՝ Շիրակ։
Մի շաբաթ էր, ինչ Երազգավորսը կերպարանափոխվել էր․ նրա լուռ փողոցները լցվել էին աղմուկով, անցուդարձը մեծացել էր և հրապարակներում տիրում էր ժխոր։
Արքայական պալատը, որ մինչև այդ անբնակ էր, նորեն կենդանացել, հանդիսավոր կերպարանք էր առել, նրա հոյակապ դահլիճները զարդարվել էին գորգերով, թավշով ու կերպասով, կամարները պճնվել ծաղիկներով և սյունաշարերը ծածկվել գույնզգույն դրոշակապերով։ Այդտեղ այժմ տիրում էր անսովոր շարժում, և դատարկ դստիկոնները լցվել էին բնակիչներով։ Իշխան Մարզպետունու կարգադրությամբ օր առաջ հասել էին Երազգավորս Գառնո դղյակում ապրող տիկնայքն ու իշխանուհիները։ Մարիամ և Գոհար տիկնանց հետ միասին եկել էր նաև Շահանդուխտ օրիորդը, հանձնելով յուր պաշտոնը Մուշեղ բերդակալին։ Երազգավորսի արքունիքում եռում էր այժմ կյանքը, ամենքը պատրաստվում էին թագավորին ու թագուհուն դիմավորելու։
Երբ նշանակված օրը հասավ, աթոռանիստ քաղաքի բնակիչներն ընդառաջ գնացին արքային մի քանի փարսախ ճանապարհ, նրանց առաջնորդում էին ազատանիները։ Իսկ պալատական տիկնանց և իշխանուհիների խումբը, որոնց գլուխ անցած էր արքաեղբոր ամուսին Գուրգենդուխտ տիկինը, սպասում էր արքային սուրբ Փրկչի տաճարում։
Վերջապես թագուհու, արքաեղբոր և հետնորդ իշխանների հետ միասին մուտք գործեց թագավորը յուր աթոռանիստ քաղաքը, որից բացակա էր ամբողջ մի տարի։ Նրա մուտքն այնքան փառավոր և բազմամարդ էր, որ նմանում էր հաղթական մի դարձի։ Բացի հազարավոր զորքերը, որոնց մեծ մասը մնացել էր քաղաքից դուրս, եկել, խռնվել էին Երազգավորս լայնածավալ Շիրակա բնակիչները, որով և անցուդարձը փողոցներում արգելել։ Ամենքը կարծես կարոտել էին թագավորին և շտապել ժամ առաջ այդ կարոտը լցնելու։ Եվ ամեն տեղ, ուր որ անցավ արքան, ժողովուրդը դիմավորեց նրան ցնծության աղաղակներով։ Այդ ամենը տեսավ թագավորը, հուզվեց և արտասվեց։ Նա հիշեց յուր անցյալը, համեմատեց ժողովրդի այս և այն ժամանակվա ոգևորությունը և գտավ նրանց համանման, բայց ինքը, ավա՜ղ, այլևս հին դյուցազնը չէր․ յուր հոգեկան աշխարհքը զուրկ էր կենդանությունից, ոգևորությունները չէին ջերմացնում յուր սիրտը։
Բայց որպեսզի չհուսահատեցնե յուր շրջապատողներին և մանավանդ Աբաս եղբորն ու Մարզպետունի իշխանին, որոնց անձնվիրությունը գնահատում էր ըստ արժանվույն, նա աշխատեց զսպել իրան և երևալ ամենքին ուրախ և զվարթերես։
Բացի այդ, նա որոշեց, մինչև անգամ, խորհուրդ տալ Մարզպետունուն՝ օգուտ քաղել ժողովրդի այդ ոգևորությունից՝ ծառայեցնելով նրանց եռանդը առավել շահյակ մի ձեռնարկության, այն է՝ Դվինի գրավման, որի մասին ինքը իշխանն, աշխատել էր երկար, բայց որի հաջողության արգելք էր դրել Աշոտ բռնավորը՝ յուր մատնությամբ։
Երբ ժողովուրդն ու ազատանին արքայի գալստյան առթիվ ստեղծած տոնախմբություններն ավարտեցին, թագավորը հրավիրեց յուր մոտ Աբասին ու Մարզպետունուն և հայտնեց նրանց յուր խորհուրդը։
Քանի այսքան զորքի միասին ունինք խմբած և Սյունյաց իշխանը յուր գնդերով գտնվում է մեզ մոտ, պատրաստվեցեք հարձակվել Դվինի վրա։ Ձեր այս ուժին հագարացիք դիմադրել չեն կարող, և դուք մայրաքաղաքը կխլեք նրանցից, ասաց թագավորը։
Ինչպե՞ս, դու այդ կթույլատրե՞ս մեզ․․․ կես զարմացած և կես ուրախացած հարցրեց Մարզպետունին։
Մի՞թե ես պարզ չխոսեցի․․․ ո՛չ միայն թույլատրում, այլև խորհուրդ եմ տալիս, չպետք է բնավ հապաղել։
Այդ իմ փափագն է, տեր արքա, հարեց Մարզպետունին․ երբ Սևանում կաթողիկոսի փախուստը լսեցի և իմացա ստուգիվ, որ «բռնավորի» թելադրությամբ է խույս տվել նա, կամեցա աղաչել քեզ՝ ուղղել ճանապարհդ դեպի Դվին։ Մենք կարող էինք հանկարծակիի բերել հագարացիներին և մայրաքաղաքը գրավելով՝ վիշտ պատճառել սպարապետին։ Բայց Շիրակում սպասում էին մեզ, չկամեցա փորձության ենթարկել մեր բախտը և ժողովրդյան ուրախությունը։ Իսկ այժմ քանի որ այդ հրամանը տալիս է մեզ արքան, երկու օրից արդեն բանակը կարող ենք շարժել դեպի Ոստան։ Մնում է միայն ստանալ արքաեղբոր և Սյունյաց իշխանի հաճությունը։
Ես պատրաստ եմ իմ զորքերով, ասաց Աբասը վճռաբար։
Խոսեցեք ուրեմն Սմբատ իշխանի հետ և արդյունքը հայտնեցեք ինձ, հրամայեց թագավորը։
Նույն ավուր երեկոյան՝ արքաեղբոր ապարանքում խորհրդի ժողովվեցան Մարզպետունի իշխանը, Սյունյաց տերը, Վահրամ սեպուհը և Գոռ իշխանիկը։ Արքաեղբայրը հայտնեց ամենքին թագավորի ցանկությունը և առաջարկեց նրանց հայտնել իրանց կարծիքը առաջադրյալ խնդրի մասին։
Մարզպետունի իշխանի տված մի քանի բացատրություններից հետ՝ ամենքը միաբերան ցանկություն հայտնեցին հետևել արքայի խորհրդին և օգուտ քաղել հանգամանքների հաջողությունից։
Սմբատ իշխանը, որ երդվել էր վրեժխնդիր լինել ոստիկանին նրա երդմնազանցության համար, հավատաց, թե աստված ինքն է ներշնչել արքային այդ ցանկությունը։ Նրան ուրախացնում էր, մանավանդ, այն միտքը, թե շուտով պիտի ազատե բանտից իշխան եղբայրներին և թափե կաթողիկոսարանը մահմեդականների ձեռքից։ Այս պատճառով հանձն առավ յուր ռազմական բոլոր ուժը համախմբել Դվնո շուրջը։
Շուտով մյուս իշխաններն էլ սկսան կարգավորել իրանց զորքը և պատրաստել նրան մոտալուտ հարձակման։
Երազգավորսի շուրջը գտնվող դաշտավայրերի վրա, ուր Տիգրիսի վտակը խառնվում է Ախուրյանի հետ, զարկած էին դաշնակից իշխանների զորաց վրանները։ Մի քանի օր էր, ինչ այդտեղ սկսվել էր տագնապալից շարժում, մարդիկ կարծես կրակի մեջ էին։ Զորագնդերի մի մասն ընդհարման վարժություններ էր անում, մի մասը հարձակման փորձեր էր կատարում, ոմանք մրցախաղերով էին պարապած, իսկ ոմանք պարսպահար գործիներ կամ պաշարման համար պիտանի նյութեր էին պատրաստում։ Այդ ամենի վրա հսկում էին թե՛ իրանք՝ իշխանները և թե՛, մանավանդ, Վահրամ սեպուհը և Գոռ իշխանիկը։ Վերջինս եթե փափագում էր օրվա գեթ մի ժամը անցնել յուր հարսնացուի հետ, որ այդ միջոցին գտնվում էր արքունիքում, այդ էլ չէր կարողանում, որովհետև ռազմական պատրաստությունները խլում էին նրա բոլոր ժամերը։ Հազիվ գիշերվա մեջ հանգչում էր նա մի փոքր և վաղ առավոտվանից նորեն գործի սկսում։
Բայց արի պատանին ոչ միայն չէր տրտնջում, այլև ժպիտը չէր հեռացնում երեսից։ Իսկ Վահրամ սեպուհը նրան ոգևորելու համար ասում էր․
Շուտով, սիրելիս, Դվինը կառնենք, հաղթական տոներ կկատարենք և մայր տաճարի մեջ քո պսակը կօրհնենք։
Մինչդեռ Երազգավորսում այս պատրաստություններով էին զբաղված, տեղի ունեցավ մի անակնկալ դեպք, որ սառեցրեց զորքի և զորապետների եռանդը։
Այդ հետևյալն էր։
Արքայի Շիրակ գավառը մտնելու օրից արդեն լուր էր հասել ոստիկանին, թե թագավորը մեծ զորքով վերադառնում է յուր Ոստանը։ Նսըրը, որ վաղուց ծանոթ էր Աշոտ Երկաթի քաջության և գիտեր, թե նա քանի՛ անգամ է ընկած տեղից բարձրացել, նորից զորացել և յուր իշխանության վնասներ է հասուցել, սաստիկ վախեցավ, երբ նրա վերադարձը լսեց։ Նրա երկյուղը զորացրին մանավանդ արքայի գնացքին հետևող յուր այն լրտեսները, որոնք եկան և պատմեցին նրան այդ մեծադղորդ վերադարձի մանրամասնությունները, հայտնեցին զորքերի թիվը, նկարագրեցին նրանց սպառնական ընթացքը, ժողովրդական ոգևորությունը, արքայի ընդունելության փառահեղությունը և այլն։
Արդեն Աբասի հաշտությունը թագավորի հետ այնպիսի մի դեպք էր, որից ոստիկանը պիտի վախենար, որովհետև այդ երկու քաջերի միությանն արաբացիք դիմադրել չէին կարող։ Բայց երբ նա իմացավ, որ Սյունյաց Սմբատ իշխանը ևս միացել է նրանց հետ յուր զորքերով, էլ սրտի բոլոր քաջությունը կորցրեց։
«Այո, միությունը ուղղված է իմ դեմ, մտածեց նա ինքն իրան․ թագավորն ուզում է հալածել ինձ այստեղից, նա չէ գոհացել իմ զորքերը ջարդելով և աշխատում է ուրեմն ամիրապետի իշխանությունը վերացնել այս երկրից։ Իսկ Սմբատ իշխանը միացել է նրա հետ, որպեսզի վրեժ լուծե այն անարգանաց համար, որ ես հասուցի նրան՝ իր երդման դրժելով և յուր եղբայրները զնդանում պահելով․․․»։
Այս մտածությամբ ընկճված՝ նա հրավիրեց յուր մոտ Բեշիր զորապետին և Դվնո դենպետին և խորհուրդ արավ նրանց հետ, թե ինչպե՞ս կարող է սպառնացող վտանգը հեռացնել իրանից։
Բեշիրը հայտնեց, որ քաղաքում գտնվող արաբական զորքը հազիվ կարող է տասնօրյա պաշարման դիմադրել, ըստ որում համբարանոցներում պաշարը նվազած է և շուտով այն հայթայթել չեն կարող։ Միակ փրկությունը Դամասկոս սուրհանդակ ուղարկելը և ամիրապետից օգնական զորք խնդրելն է, բայց այդ միջոցը երկար կտևի և հայերը մինչև այն կարող են Դվինը պաշարել։
Ինչպե՞ս կլինի, եթե մենք ինքներս հաշտություն առաջարկենք նրանց և թագավորի բարեկամությունը խնդրենք, հարցրեց ոստիկանը։
Մեր կրոնն իրավունք է տալիս քեզ խոնարհել և կեղծավորել անհավատին, եթե բռնությամբ չես կարող հաղթել նրան, ասաց դենպետը․-միայն պիտի գիտենաս, որ մի անգամ խոնարհելուդ համար՝ տասն անգամ պիտի խոնարհեցնես, երբ հանգամանքները նորեն հաջողին քեզ։
Այո՛, ինձ միայն մի անգամ է անհրաժեշտ խոնարհիլ այդ թագավորին, որպեսզի նրա շուրջը խմբված զորքերը հեռացնեմ,-պատասխանեց ոստիկանը, իսկ այնուհետև, գիտեմ, նոր երկպառակություն կծագի, իշխանները կրկին կելնեն միմյանց դեմ․ «երկու հայի գլուխ մի կաթսայում չի եփվիլ», այդ հո հին առած է․ և ահա՛, երբ այդ առածը կճշտվի, այն ժամանակ նորեն մենք մեր սուրը կհանենք։
Այո՛, այդպես լավ է․ այդ է միակ խոհական միջոցը, ասաց Բեշիրը, և դենպետը համաձայնվեցավ նրա հետ։
Եվ ահա՛ մի գեղեցիկ օր, երբ դաշնակից իշխանները վերջին զորահանդեսն էին կատարում և թագավորը յուր նժույգը հեծած և ոստանիկ թիկնապահներով շրջապատած ներկայանում էր հանդեսին, որպեսզի անձամբ ոգևորե և քաջալերե զորքերին, ահա՛ հանդիպակաց դաշտի վրա երևաց հեծյալների մի խումբ, որ արշավասույր դիմում էր դեպի հայոց բանակը։ Երբ նա բավական մոտեցավ, Մարզպետունի իշխանը նկատեց արաբական դրոշը և հրամայեց Գոռին ընդառաջել յուր գնդով և տեղեկանալ, թե ովքե՞ր են և ինչո՞ւ են գալիս։
Որքան մեծ եղավ երիտասարդի զարմանքը, երբ նա հեծելախմբին մոտենալով՝ տեսավ նրա հետ Սյունյաց Բաբգեն իշխանին պատվավոր զրահավորության մեջ և ոստիկանի ավագանիներով շրջապատված։ Մինչդեռ նա անակնկալ հանդիպումով շփոթված պատրաստվում էր յուր զարմանքը արտահայտելու, իշխանը դիմեց դեպի նրան և փարելով երիտասարդին՝ համբուրվեցավ նրա հետ։
Ի՞նչ դեպք և ի՞նչ հողմ հաջողեցին քո դարձը, տեր․․․ բացականչեց Գոռը ուրախանալով։
Իշխանը մի քանի խոսքով հայտնեց նրան յուր առաքելության նպատակը, և ապա երկուսը միասին, իրանց հետևորդներով, դիմեցին դեպի բանակը։
Սյունյաց Սմբատ իշխանը հեռվից ճանաչեց եղբորը և առաջ վազելով փարեց նրան ջերմագին։ Հարազատների հանդիպումն այնքան սրտաշարժ էր և ուշագրավ, որ ստիպեց ոստիկանի պատգամավորներին սպասել միառժամանակ բանակից դուրս, մինչև որ եղբայրական սիրո հուզումն անցներ և սրտերը հանգստանային։ Ապա Բաբգեն իշխանը միանալով նրանց հետ՝ ներկայացավ թագավորին, որ ընդունեց պատգամավորներին բացօթյա և բոլոր յուր իշխանների ներկայությամբ։
Ամիրապետի ոստիկանը, Նսըր ամիրան, շնորհավորում է մեր բերանով քո արքայական վերադարձը դեպի շահնշահիդ աթոռանիստը, առաջ գալով խոսեց արքայի հետ պատգամավորության առաջնորդը․ ընդսմին, ցանկանալով մշտական բարեկամություն հաստատել հզոր շահնշահի հետ, ամիրան խնդրում է մոռանալ ամեն գժտություն, որ տեղի է ունեցել մեր մեջ, ամեն քեն ու ոխ, որ առաջացել է ցավալի ընդհարումներից և դնել միմյանց հետ խաղաղության ուխտ՝ թե՛ ամիրապետի և թե՛ ձեր ժողովրդի շահուն համար։ Եվ ահա՛ յուր բարի դիտավորությունն ապացուցանելու համար ոստիկանը հանել է բանտից Սիսանյան իշխաններին, որոնցից մինը յուր ազատ կամքով առաջնորդեց մեզ մինչև այստեղ, իսկ մյուսը, այն է՝ Սահակ իշխանը, պատվով ապրում է Դվնո մեջ, հայոց թագավորների կառուցած ապարանքում։ Այս ամենից հետո՝ ամիրան ուղարկում է շահնշահին արժանավայել ընծաներ, որոնց և խնդրում է ընդունել՝ իբր իսկական հավաստիք դեպի հայոց ազգն ու թագավորը ունեցած յուր անկեղծ բարեկամության։ Այս ասելով առաջնորդը նշան արավ և ընծայակիրները մատուցին արքային իրանց բերած ընծաները։
Թագավորը, թեպետ դժգոհ այս անակնկալ պատգամավորությունից, այսուամենայնիվ, ի պատիվ Բաբգեն իշխանի՝ սիրով ընդունեց նրանց, շնորհակալություն արավ ոստիկանի բարի դիտավորության և ղրկած ընծաների համար, ապա հրավիրելով պատգամավորներին քաղաք, խոստացավ նրանց՝ պատասխանել ամիրայի առաջարկության մի քանի օրից հետ։
Բայց այս նորությունն անախորժ տպավորություն արավ ինչպես իշխանների, նույնպես և զորքի վրա։ Ամենքն արդեն պատրաստված էին Դվին հարձակվելու, զորքերին, մանավանդ, վառել բորբոքել էին Աբասը մի կողմից, Մարզպետունին մյուս կողմից։ Իսկ Գոռ իշխանիկը ժամեր էր համարում Դվնո դաշտն իջնելու համար։ Նա մտածել էր անձամբ մուտ գործել քաղաքի ներքնուղին, որի գաղտնի ելքը ծանոթ էր իրան և յուր ձեռքով տնկել հաղթության դրոշը Դվնո միջնաբերդի վրա։ Դրանից ավելի լավ հաղթության առիթ չէր կարող նա երազել․ իսկ այդ հաղթության մրցանակը պիտի լիներ այն օրիորդի համբույրը, որ սպասում էր իրան Երազգավորսի արքունիքում։
Այսուամենայնիվ խորամանկ հագարացու պատգամավորությունը ի դերև էր հանում քաջերի հույսը։ Շատերը նրանցից ցանկանում էին, որ թագավորը մերժե ոստիկանի առաջարկությունը և խաղաղությունը ձեռք բերե ոչ թե արաբացոց հետ բարեկամանալով, այլ նրանց յուր երկրից ընդմիշտ արտաքսելով։
Այս առթիվ, ահա՛, խորհուրդ կայացավ թագավորի մոտ։ Բոլորն սկզբում հարձակման կողմն էին։ Բայց երբ Բաբգեն իշխանը հայտնեց, թե Նսըրը առանձին հասկացրել է իրան, որ յուր Սահակ եղբորը թեկուզ ազատած, այսուամենայնիվ, պահում էր Դվնում իբրև պատանդ և եթե թագավորը մերժելու լինի յուր առաջարկությունը և մոտենա Դվնին՝ զորքով յուր քաղաքը պաշարելու, առաջին օրն իսկ նա կախել պիտի տա իշխանին պարսպի աշտարակի վրա, ամենքը մնացին շվարած։
Եղբորս կյանքը վտանգի չենթարկելու համար, գոնե, պիտի ընդունենք ոստիկանի առաջարկությունը, խոսեց իսկույն Սմբատ իշխանը, վախենալով, կարծես, մի՞գուցե ուրիշները հակառակ կարծիք հայտնեն։
Դու շտապեցիր, սիրելի իշխան, նկատեց թագավորը ժպտալով․ որքան էլ մեր զորքի և իշխանների պահանջը՝ Դվին հարձակվելու նկատմամբ իրավացի է, այսուամենայնիվ ես ավելորդ մի զինվոր չեմ զոհիլ այնպիսի ժամանակ, երբ թշնամու բարեկամությունը հնարավոր է ձեռք բերել խաղաղությամբ։ Թեպետ մեր ուժը գերազանց, թեպետ հանգամանքները նպաստավոր, այսուամենայնիվ մենք չենք կարող Դվինը գրավել, առանց գոնե մի քանի հարյուր զինվոր զոհելու․ իսկ այդ զոհերը մենք պիտի խնայենք, քանի որ առանց այն էլ բավական շատ ենք զոհել․․․ Սկզբում, ճշմարիտ է, անհաճո տպավորություն արավ ինձ վրա ոստիկանի պատգամը, բայց այդ այն պատճառով, որ ես էլ վարակված էի ձեր ոգևորությամբ։ Իսկ հետո սկսա լրջությամբ կշռել և եկա այն համոզման, թե ավելի լավ է Դվնո տիրապետ թողնել ամիրապետի ոստիկանին, քան թե նրան հալածելու համար զոհել մի քանի հարյուր հոգի։ Արդ, եթե հասարակ զինվորների նկատմամբ այս մտածմունքն է մեզ առաջնորդում, որքա՞ն ևս առավել զգուշությամբ պիտի հոգանք քո եղբոր և իմ հարազատի համար, որ սիրելին է թե՛ մեր արքունյաց և թե՛ համայն սյունեցոց և որի կյանքն այս րոպեիս գտնվում է գազան հագարացու ձեռքին։ Այս պատճառով, ահա, ես որոշում եմ ընդունել ոստիկանի առաջարկությունը և բարեկամության դաշն կռել նրա հետ։ Այնուհետև, եթե մեզ ազատ ժամանակ կմնա, կզբաղվենք մեր երկրի ներքին շինությամբ, մինչև որ մի օր բախտը կհաջողե Սահակ իշխանին ևս ոստիկանի ձեռից փրկելու։
Թագավորի որոշումը սիրով ընդունեցին ամենքը, իսկ Սյունյաց իշխանները սրտագին շնորհակալություն արին նրան՝ իրանց եղբոր նկատմամբ ունեցած խնամոց համար։
Ներկա եղողների մեջ դժգոհ էր միայն Գոռ իշխանիկը, որովհետև արքայի որոշումը խլում էր նրանից այն փառքը, որ նա հույս ուներ ձեռք բերել Դվնո առման ժամանակ։
Այդ բանը նկատեց թագավորը և ժպտալով դարձավ յուր խորհրդականներին․
Ձեզանից ո՞վ կարող է առաջարկել ինձ մի միջոց, որով կարողանանք փոխարինել Գոռ իշխանի այն կորուստը, որ նա կրում է այս հաշտությամբ։
Ես, տե՛ր արքա, բացականչեց Վահրամ սեպուհը։
Խոսի՛ր, սեպուհ, ես շնորհապարտ կմնամ քեզ, ասաց թագավորը շարունակ ժպտալով։
Մի քանի ամիս առաջ, տե՛ր արքա, մենք Գառնիում օրհնեցինք Գոռ իշխանի և քո հոգեդուստր օրիորդ Շահանդուխտի նշանադրությունը։ Մենք պայման դրինք՝ այն ժամանակ պսակել նրանց, հենց որ հագարացիք հեռանան մեր երկրից և խաղաղությունը տիրե։ Այդ պայմանը, ահա՛, լրումն առավ այսօր, թեպետ հագարացիք դեռ չեն հեռացել Հայաստանից, բայց միևնույն է, նրանց ուժն արդեն խորտակված է, քանի որ իրանք են հաշտություն խնդրում մեզանից․ ուրեմն հասել է պսակի ժամը։ Հրամայի՛ր մեզ հարսանյաց տոնախմբություններն սկսել և դրանով մեր իշխանի կորուստը կփոխարինվի։
Կեցցե՛ս, սեպուհ, ավելի իմաստուն առաջարկություն անկարելի էր անել, բացականչեց թագավորը․ վաղուց մեր արքունիքը կարոտ էր ուրախության։ Թո՛ղ ուրեմն վաղվանից ամեն ինչ պատրաստվի։ Սյունյաց օրիորդի հարսանյաց, ի դեպ, կմասնակցեն օրիորդի հորեղբայրները և Սյունյաց քաջերը։
Մարզպետունի իշխանը վեր կացավ տեղից և շնորհակալություն արավ արքային յուր այդ ուրախարար հրամանի համար, իսկ Գոռը, որ ամոթխածությունից շառագունել էր բոլորովին, ծնկան եկավ և թագավորի ձեռքը ջերմությամբ համբուրեց։
Հետևյալ առավոտ հաշտության դաշնագիրը գրվեցավ, որ թագավորը կնքելով հանձնեց ոստիկանի պատգամավորներին, տալով նրանց նաև զանազան ընծաներ Դվնո ոստիկանին տանելու համար։
Իսկ մի քանի օրից, Ամենափրկիչի հոյակապ տաճարում, որ կառուցել էր Սմբատ թագավորը, մեծ հանդեսով ու շուքով կատարվեց Գոռ իշխանի և Շահանդուխտ օրիորդի ամուսնության պսակը։ Այդ հանդեսին ներկա էին թագավորը, թագուհին, բոլոր արքայազունները և համայն իշխանապետական դասակարգը։ Գառնո ամրոցում արած խոստման համաձայն՝ նորապսակների խաչը բռնեց Վահրամ սեպուհը, որ այդ օրը յուր հանդիսական զեն ու զարդի մեջ նմանում էր մի հոյակապ դյուցազնի։
Ինչ վերաբերում է Գոռ իշխանին և Շահանդուխտ օրիորդին, նրանք արդեն բոլոր համախմբված քաջերի և գեղեցկուհիների անզուգական պսակն էին կազմում։
Մի քանի օր շարունակ տևեցին հարսանյաց տոնախմբությունները։ Բոլոր Շիրակը, համարյա, մասնակցեց արքունյաց ուրախության, իսկ զորքերը նրանով ա՛յն աստիճան զբաղվեցան, որ մոռացան, մինչև անգամ, Դվնո առման արգելք եղող ոստիկանի պատգամավորներին։