Լեռ Կամսար
Փառապանծ Վրիպակներ
Քաղաքական
Պարտեզիս մեջ երկու հավ կուտի մը վրա կկռվեին. քաղաքացիական կռիվ, անշուշտ, վասնզի միևնույն ազ-գության պատկանող թռչուններ էին։ Ժամ մը ամբողջ դիտեցի մարտը, գիտնալու հա-մար, թե ի՞նչ կուսակցության կպատկանեին հակառակորդները, կամ ի՞նչ համոզում կպաշտպանեին, վասնզի կենդանի մը ինչքան ալ անպատկառ ըլլա` չի խոստովանի, որ կռիվը կուտի համար է։
1925
…Եթե կաթոլիկ հոգևորականությունը այնպես փակեր Գալիլեյի բերա-նը, ինչպես այսօր Կենտկոմը կփակե, հիմա ոչ թե երկիրը պիտի դառնար արևին շուր-ջը, այլ արևը պիտի շարունակեր պտտել երկրի բոլորտիքը։
1926
Ժողովուրդը այնպես կսիրե կառավարությանը, ինչպես կապիկները իրենց ձագերուն` կուզեն կուրծքին սեղմելով… մեռցնել։
1926
ï Լենինի «պատգամները» աղավաղեր են։ Ամեն մարդ մեկ տեսակ կհասկնա այլևս։
Պետք է նոր Լենին մը ծնվե, ու եթե կարելի է, այս անգամ կույսե մը…
1926
Երբ կառավարություն մը իր սկզբունքները պաշտոնի ու դրամի հա-մար վաճառքի կհանե, ըսել է բարոյական հոգեվարքը կապրե։
1926
Ապրիլի 1-ին կառավարությունը վերջապես ժողովրդի սուտ խոսելու պահանջի մասին էլ է հոգում։
Տարվա 364 օրը ինքն է ստախոսում, մի օր գեթ թողնում է ժողովրդին ստելու...
Ասում են Ստալինի դիակը զմռսել են, որ չփչանա։ Իզուր ծախս, անօգուտ չարչարանք։ Ես, որ սովետական իշխանության երեսուներեք տարիներում իբրև մարդ մեռած եմ, բոլորովին էլ չեմ փչացել և զմռսված էլ չեմ…
Լինի հանրապետություն, լինի միապետություն, երբ յուրաքանչյուր ոք իրավունք չունի իր բախտը տնօրինել իր ուզածին պես՝ դա բռնապետություն է։
Ի՞նչ է սոցիալիզմը՝ երջանիկ շղարշ, որի տակից պարզ երևում է մարդկությանը սպառնացող թշվառությունը։
Կոմունիստ պիտի դառնալ մանկական հասկում, երբ աշխարհ ճանաչեցիր, այլևս հնարավոր չէ։
Ամեն անգամ երբ հարցնում են ինձ սոցիալիզմի և կոմունիզմի տարբերության մասին՝ պատասխանում եմ.
-Սոցիալիզմը հարաբերում է կոմունիզմին այնպես՝ ինչպես հիվանդությունը՝ մահվան։ Սոցիալիզմում մարդիկ հիվանդանում են՝ կոմունիզմում մեռնում…
Ասեմ սոցիալիստական և սեփականատիրական կարգերի տարբերությունը։
Այնտեղ ուր մարդն աշխատում է միայն իր համար, նա գիշերը քուն չունի. գիշերը ծրագրում, ցերեկը գործադրում է. իսկ այնտեղ ուր մարդն աշխատում է ուրիշի համար, այնտեղ մարդը գիշերն էլ, ցերեկն էլ հավասարապես քնում է…
Իսկ եթե քունն էլ համարենք ժամանակավոր մահ, նշանակում է սոցիալիստական երկրում կյանք… գոյություն չունի։
Ռուսաստանը ինքը մի հիվանդ է այս րոպեիս։ Լենինը օպերացիա կատարեց վրան, աջ ու ձախ ոտների տեղը փոխեց ու գիպսի մեջ դրեց։ Սա քառասուներեք տարի գիպսի մեջ անշարժացած է այս լայնածավալ երկիրը։ Ասում են վեր պիտի կենա սոցիալիզմի ժամանակ քայլի, իսկ կոմունիզմին՝ վազի։
Խելքս չի կտրում, որ այս փոխս ընկած ոտներով որևէ արարած քայլի կամ վազի։
Եթե երկու անթացուպով իր ոտի վրա միայն կանգնի՝ դա էլ մեծ բան է։ Որովհետև այս օպերացիան միայն մարմնական չէ, սա նաև հոգեկան ու մտավոր օպերացիա է, երբ հիվանդի մտածողությունն էլ է քարացել։
Կառավարությունը պետք է մի անգամ ընդմիշտ համոզվի, որ կոմունիզմին մասնելու միակ ճանապարհը ուտելուց հրաժարվելն է։
Աշխատել, բայց չուտել։
-Ի՞նչ տարբերություն կա քրիստոնեության և սոցիալիզմի մեջ։
-Քրիստոնեությունը օդ է, իսկ սոցիալիզմը տորիչելյան դատարկութիուն։
Սոցիալիզմն էլ մի կրոն է ինչպես քրիստոնեությունը. տարբերությունը նրանում է միայն, որ քրիստոնյաները իրենց Աստծուն պաշտում են կամավոր, իսկ բոլշևիկները պաշտում են բռնի, մահվան սպառնալիքի տակ։
Ես, որ մի անկրոն մարդ եմ, էլի ծանր ու թեթև անելիս նախապատվությունը քրիստոնեությանն եմ տալիս որպես կամավորության վրա հիմնված կրոն։
Լավ է, որ մարդս կամավոր հիմար լինի, քան բռնի իմաստուն։
Եթե արվեստը ի սպաս դրվի որևէ անհատի, քաղաքական կուսակցության կամ պետության, այն կդադարի արվեստ լինելուց և կդառնա ապրելու գործիք քրիստոնյա տերտերների, սոցիալիստ առաջնորդների և ոճրագործ կառավարությաւնների։
Քրիստոնյա պետություն աշխարհիս երեսին գոյություն չունի, վասնզի պատահած չէ դեպք մը, որ պետություն մը հարևան պետության ապտակելուն, վերջինս դարձնե մյուս երեսը ապտակվելու։ Կառավարությունները անհատի նման երբեք չեն հարցներ աղջկա գեղեցկության մասին, այլ միայն հաստ ըլլա, երկար ըլլա, օժիտով ըլլա։ Մեկ խոսքով՝ «շահը» աղջկա զգեստով։
Իմ կյանքի նավը բոլշևիկյան խութին զարնվեցավ և խորտակվում է։ Բեռնաթափվել է պետք։ Ու ես ծովն եմ նետում ամենից առաջ իմ բոլոր իդեալները, ձգտումները, ընդունակությունները ու եռանդը։ Կտակիս մեջ ասում եմ.
-Մարդի՛կ, որքան ուժ ունեք հեռու փախեք կոմունիզմից. դա մարդկային բոլոր տեսակի ազատությունների դամբարան է։ Մարդը ծնվում է իր, և ոչ մասսայի համար։ Մասսան հիմար ոչխարի հոտ է ուժեղ անհատի ձեռքին։ Օրինակ՝ Լենինն ու Ստալինը։ Նրանք իրենց մեռած վիճակով անգամ ղեկավարում են մասսային։
Այնքան ոչխար է մասսան։
***
Կոմունիստները մարդու մտածողության ծառի բոլոր ճյուղերը կտրում ու նրանց տեղը պատվաստում են կոմունիզմի չոր շիվը, սկսում ջրել անվերջ ծառը և տակը նստած պտղի են սպասում։
Նրանք մոլեգին վերջ են տալիս աշխարհում գոյություն ունեցող բոլոր գաղափարներին և թողնում մեկը միայն մարդկային երջանկության համար, անգիտանալով, որ մարդն երջանիկ է այն ժամանակ միայն, երբ ազատ է մտածում։
Չե՞ք հավատում, հարցրեք մարդկությանը։
***
Լենինից առաջ կային միամիտ մարդիկ, ինչպես օրինակ Մարքսն ու Էնգելսը, սրանք հավատում էին սոցիալիզմի բերած բարիքներին, սակայն Լենինը իր գոյությամբ ցույց տվեց,որ սոցիալիզմը միայն գնդակահարություն է, ավեր ու արցունք, որ փոխանակ համայնավարության՝ անհատի բացարձակ բռնապետություն է։
***
Ես սկսել եմ լուրջ կերպով մտածել այն մասին, թե սոցիալիզմը մարդկանց գլխումն է գոյանում, թե մորուքում։
Նրա երեք ստեղծողներն էլ մորուքավոր են՝ Մարքս, Էնգելս, Լենին։
Մարքսի մորուքը խոմ տնաքանդություն է։
Էլի լավ է, որ Լենինը սոցիալիզմը «շինեց», եթե Էնգելսը շիներ կամ Մարքսը իրենց ահարկու մորուքներով, մարդիկ պիտի խճճվեին մեջը և հավիտյանս դուրս չգային։
Էլի Լենինը փառք է, փոքրիկ մորուք ունի, համենայնդեպս մարդկությունը հույս ունի մի օր ազատվել նրանից։
Հետաքրքիր է, եթե մի մարդասեր սափրիչ իր ժամանակին սափրեր երեքի էլ մորուքները, մենք այս օրին կընկնեի՞նք, թե՞ ոչ...
***
Իդեալը գեղեցիկ է, բայց մեջը փուչ։ Մարդկության այն մասը, որին չբավարարեց այս իդեալը, սկսեց այլ իդեալներ որոնել կյանքում և իր որոնումների մեջ այնքան փոքրացավ, որ հասավ մինչև... սոցիալիզմ։
Այսինքն, եթե ես ու դու հավասարապես կուշտ ենք՝ ուրեմն երջանիկ ենք։ Այս տեսանկյունով՝ աշխարհում երջանիկ են այն ավանակները միայն, որոնք ընկած են առվույտի արտի մեջ և ուտում են ըստ իրենց ստամոքսի տարողության։ Եվ մարդկանցից էլ նրանք միայն, որոնք ընկած են անծայրածիր խոհանոցում։
Հարց. ներկա կապիտալիստը, որ հասել է արդեն այդ ստամոքսային իդեալին, երջանիկ զգո՞ւմ է իրեն արդյոք։
Բոլորովին։
Ամենադժբախտ մարդը։
Նա գիշեր ցերեկ տանջվում է այն ցավով, թե ի՞նչ անի, որ իր ստեղծած բոլոր բարիքները ինքը միայն ուտի ու բախվում է անհաղթահարելի արգելքի՝ իր ստամոքսը փոքր, իր բարիքները անծայր։
Բարդ հասկացություն է երջանկությունը, շատ բարդ։
Երջանկությունը շաքար չի, որ ճակնդեղով միայն շինվի։
Երջանկությունը մեղր է, որի համար մեղուն աշխարհի բոլոր ծաղիկների վրա է թառում, այն պատրաստելու համար։
***
Ժողովո՛ւրդ։ Ես սա քառասունչորս տարի սոցիալիզմի դեմ պայքարելով գնում եմ դեպի կապիտալիզմ՝ դուք էլ ետևս ընկած հետևում եք ինձ։
Բայց այսօր մի վատ բան լսեցի։
Ասում են, որ կապիտալիզմն էլ է ճնշում անհատի ազատությունը։
Ասում են՝ սոցիալիզմը սրով է հպատակեցնում մարդկանց, իսկ կապիտալիզմը՝ փողով։ Այս պայմաններում դեպի կապիտալիզմ գնալը նշանակում է ջրից դուրս գալ, ընկնել ջրհեղեղ։
Իսկ աշխարհում այս երկու սիստեմներից զատ ուրիշ չկա, ի՞նչ անել։
Հայտարարում եմ.
Ժողովուրդ, մեր նավը փշրվեց, ու մենք գնում ենք ջրի տակ։ Ով կարող է, թող մի աշխարհայացքի բեկորի ձեռքը ձգած՝ իր կյանքն ազատի։ Ես լողում եմ դեպի Ռոբինզոնի կղզին։
***
Գաղափար ասածդ երեխայի նման մի բան է, միշտ պիտի գրկումդ պահած՝ սիրես։ Չի մեծանում բոլորովին, ինչքան էլ տարիքն առնի, ատամ չի հանի ու չի քայլի։
Սոցիալիզմը, որ աշխարհի ամենասիրելի գաղափարներից մեկն է, Լենինը հիմարություն ունեցավ գրկիցը վար բերել և ձռներիցը բռնած քայլեցնել Ռուսաստանի մեջ։
Ափսո՜ս, սոցիալիզմի գաղափարը, որքա՜ն սիրելի էր, երբ անհասանելի էր, սակայն, որքա՜ն զզվելի դարձավ երբ «հասանք»։
Այժմ ամենայն իրավամբ ես ասում եմ սոցիալիզմին.
- Գնա՛ մեռիր, արի սիրեմ...
***
«Մարդասիրությունը» ավերներ է գործում ավելի, երբ մարդը դավանում է սոցիալիզմը՝ այդ օդից կախված վարդապետությունը, որն իր ծնված օրից աշխատում է ոտը գետնին դնել ու չի հաջողվում։
Մեր սոցիալիստական երկրում մարդիկ խոսքով մի թեյի գդալ փող են մուծում պետական բյուջեն՝ գործով մի դույլ գողանում։
Խոսքով եղբայրություն են քարոզում, գործով մտնում են տներն, «եղբայրներին» գնդակահարում կամ 25 տարով Սիբիր տաժանակրության ուղարկում ու տիրանում իրենց «եղբայրների» կանանց։
Եվ ասեմ ընդհանրապես, ոչ մի վարդապետություն ցայսօր գործը խոսքից չի հեռացրել ինչքան այս անիծյալ սոցիալիզմը։
***
Այս երկիրը (Ռուսաստանը), ի սկզբանե, աշխարհագրական տեսակետից արդեն ցուրտ էր, կոմունիզմն էլ տվեց վրան՝ ժողովուրդը մեկ անգամից սառավ կպավ գետնին։
Կոչվում է «բանվորագյուղացիական» կառավարություն, բայց այդպես չէ։ Այս ընդարձակածավալ երկրում ապրում է միայն մի մարդ, որը կոչվում է «առաջնորդ»։ Մնացած դասակարգերը ծառայում են որպես փռվածքներ երկրի ցուրտ հատակին։
Առաջնորդը (որ ինքն էլ չի իմանաում, թե ո՞ւր է գնում) գետնին փռում է նախևառաջ բանվոր դասակարգին, վրան՝ գյուղացիությանը, հետո ինտելիգենցիային ու վեր կենում նստում վրան՝ կռնակը տված բարձին, ղայլանը բերանին։ Կլանում է երկրի ողջ բարիքը, սոցիալիզմը ջրի մեջ կլկլացնում է ու ծուխը բերանից դուրս թողնում։
1960
Միշտ ու ամեն տեղ միևնույն հետևանքները միևնույն պատ-ճառեն հառաջ կուգան։
Եթե մեր «անկուսակցական» ինտելիգենցիան անմի-ջապես ծունկի չի գար կոմունիստական կուռքի առաջ և համառեր այնպես, ինչպես Գրիգոր Լուսավորիչը համառեցավ Տրդատին ժամանակ, անկասկած Լուսավորչին նման գլխիվայր պիտի կախվեր, հետույքին ձագար դրվեր և քացախ ընդուներ իր ներ-սի դին։
Ո՞րն է խելոքությունը, եթե հարցնես.
– Հարկա՜վ, մեր ինտելի-գենտներու ըրածը։ Գաղափարը ի՞նչ արժե հիմա, հետույքը պետք է փրկել, հե-տո՜ւյքը։
1928