Լեռ Կամսար

Փառապանծ Վրիպակներ

Համաշխարհային բժիշկը

Ահա ձեզի հիվանդանոց մը, որ կկոչվի Եվրոպա։

Քով-քովի անկարգ ձևերով գետնի վրա տարածված են պետությունները, ամենքն ալ փորացավե մը բռնած՝ կմռռան, կգալարվին։ Այս բազկատարած գալարումներուն ատենն է, որ իրարու քիթը կարյունեն կամ մեկի աչքը կհանեն, և ասիկա դիվանագիտական բարբառով «կոնֆլիկտ» կկոչվի։ Վա՜յ է, թե մեկը մեռնի այդ դժբախտ հիվանդներեն. իսկույն անոթի գայլերու նման վրա կհասնեն, ինչ ձեռքն իյնա՝ բերանը կխոթեն։

Այս հիվանդանոցի հսկող միակ սրտացավ բժիշկը Ամերիկան է, որուն տունը թեև շատ հեռու է, բայց Երևանի բժիշկներուն նման կառք չի պահանջեր քեզմե, ան իր նավը կհեծնի կուգա։ Իբրև վիզիտի վարձ ոսկի կուզե, բայց ավելի շատ նավթ կառնե։ Գրեթե նավթի ամանը միշտ ետւը կախած կպտտի. մեկին գործ մը տեսավ թե չէ՝ իսկույն «Խնդրեմ ամանս լեցուր» կըսե։

Հենց այս րոպեիս, որովհետև երկու նավ է ղրկեր Բոսֆոր, խոշոր նավթի տակառ մը ունի տնկած Լոզանի կոնֆերանսին կիպ մեջտեղը սա վերտառությամբ, թե «Մոսուլի նավթը որուն իյնա, նա տակառը պիտի լեցնե»։ Ու պետությունները շվարած մեկ հսկա տակառին կնային, մեկ Մոսուլի նավթին և ոչ մեկը սիրտ չի ըներ հանքերը վերցնել։

Աշխարհի բոլոր «կոնֆլիկտները» Ամերիկայի դեղահատովը կլուծվեն ու դեղահատը բաղկացած է 2 անգլիական կարծիքե, մեկ ու կես ֆրանսիական, մեկ իտալական՝ լուծված երեք բաժակ ամերիկյան կարծիքի մեջ։

Բայց Ամերիկան, սա համաշխարհային բժիշկն ալ զերծ չէ հիվանդութենե։ Ուրույն հիվանդություն մը ունի, որ Մոնրոյի օրենք կըսվի ու հաճախ անկողինը կնետե զինքը։ Այս հիվանդությունը, նկատված է, որ կբռնե Ամեիկային այն պահերուն, երբ աղքատ, նավթազուրկ հիվանդի մը վրա կկանչվի։ Այսպես, երբ չորս տարի առաջ, կեսգիշերին հանկարծ Հայաստանին սանճին բռնեց և անկախություն կուզեր, 14 անգամ մարդ ղրկեց Ամերիկայի ետևեն՝ չեկավ, չեկավ առարկելով թե Մոնրոն պատվիրեր է տունեն դուրս չելնել։ Իսկ այսօր, երբ Անգլիան կկանչի Մոսուլի նավթը կիսելու՝ քրտնաթաթախ, ոտաբոբիկ, փանթալոնին կոճակները վեր ձգելով կվազե, դեմն ելած Մոնրոյի օրենքը ոտով գետինը գլորելով…

1922

***

Ինչ ուզում եք ասեք, ես այն հաստատ համոզմանն եմ, որ Իսպանիան գաղտնի առևտրով է զբաղվում։

Եթե ոչ, այդ ինչպես է, որ փառավոր է ապրում։

Ասում եմ, էլի, կամ գաղտնի առևտուր է անում, կամ մարմնավաճառությամբ է ապրում։

Փորթուգալիան իր աչքով տեսել է, որ գիշերները ամերիկյան ու անգլիական նավեր են մոտենում Իսպանիայի ափերին։ Ամերիկան հետը ռազմական դաշինք ունի, բայց չի հայտարարում։ Եվ առհասարակ նրա հետ վերաբերվում է որպես ապօրինի կնոջ։

…Դժվար ժամանակներ ենք ապրում. այնքան, որ պետություններն էլ սկսել են անպարկեշտ կյանքով ապրել։

***

Ամերիկան տենդագին ռազմական բազաներ է կառուցում օտարների հողում։

Այս եռանդով որ գնա, ոչ մի պետության այլևս արտաքնոցի տեղ չի թողնի և պետությունները ձեռքն իրենց խոնջանին՝ պիտի Ամերիկային դառնան և տեղ պահանջեն իրենց բնական կարիքները հոգալու համար։

Մի թերթի ասելով, Ամերիկան պատրաստվում է Սահարայում համաշխարհային արտաքնոց կառուցել։

Գեշ միտք չէ, իհարկե, բայց ես չեմ պատկերացնում, թե Նորվեգիան այդքան հեռավորությունից ինչպե՞ս պիտի օգտվի Ամերիկայի ստեղծած այդ բարիքներից։

"Փառապանծ Վրիպակներ" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Սուսերով պար
Արամ Խաչատրյան

Սուսերով պար

Հին տունը, 2007 թ
Հին տունը, 2007 թ
Խաղա առցանց