Ղևոնդ Ալիշան

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Դյուցազուններ

Աստծու գաղափարը, որ ընդհանուր է բոլոր մարդկանց համար՝ կիրթ, թե անկիրթ, ի սկբանե մեկից ավելի լինել չէր կարող։ Բայց տգետ, մոլի և վատ մարդիկ, տեսնելով ու լսելով իրենց բնութենակից քաջ, մեծագործ և (կարծեցյալ) հրաշագործ անձանց, նրանց համարեցին գերագույն էակի փոխված (մանավանդ նրանց մահից կամ աներևույթ լինելուց հետ) ու աստվածային զորությանը հաղորդակից, ապա՝ նաև աստվածացյալ․ մինչև իսկ անմտությամբ համարձակվեցին նրանց կոչել աստված կամ դիք ու պաշտել։ Բայց քանի դեռ այդպիսի անձերին չէին բարձրացրել այդ գերագույն աստիճանի, նրանց ճանաչում էին որպես աստվածազան կամ պարզապես կոչում էին վեհ ու դյուցազն, ասել է թե աստվածների նման կամ (աստվածներին ընդունելուց հետո) նրանցից առաջ եկած, գոյացած, ծնված և այլն։ Թեպետև դյուցազն անունը ծագել է դիք֊ից, սակայն նրա գերազանց կամ վեհ լինելու գաղափարը, կարծիքն ու պաշտամունքը եղել է ավելի վաղ, քան դիքերն ու չաստվածները։ Սրա համար մենք էլ դյուցազուններին նախադասում ենք մեր գրվածքում, ինչպես սրանցից էլ նախադասեցինք ավելի ցած ու խառն էակների, քանզի աստվածայնության և պաշտելիության հավատքը մեզ երևում է հակառակ համեմատությամբ, այսինքն՝ մեկ Աստծու վերագույն գաղափարից հետո, ապա՝ աստիճանաբար վարից դեպի վեր․ ցածրագույն վիճակի անձինք համարվել են վեհ, ապա ավելի լավերը համարվել են առավել վեհ և մինչև աստվածայնության աստիճանը։ Ըստ այս սնոտի համարման՝ ոմանք կոչվել են մեծ, ոմանք՝ փոքր աստված, ոմանք՝ կիսաստված, ոմանք՝ աստվածներից սերված, բայց իբրև սովորական մարդ, ոմանք էլ՝ նախ սովորական մարդ և ապա աստվածացված և այս զանազան դասերով բազմացած՝ ըստ այլևայլ ազգերի կրոնների, ինչպես հայտնի է նրանց, մանավանդ հույների, հռոմեացիների, եգիպտացիների և հնդիկների դիցաբանությունից, որոնց չաստվածներից առավել հետաքննելի կարող են համարվել դյուցազունները, քանզի ունեն մարդկային և պատմական ծագում, թեև քիչ թե շատ առասպելական են։ Մեր քննելիքը մեր ազգի նկատմամբ այս է, թեև մեր դիցաբանությունը վերոհիշյալ առումով շատ աղքատ է։ Եվ երանի՜ իրոք այդպես լիներ և ոչ մոռացության արդյունք։ Արդ, մեր պատմության մեր հիշատակված սակավ դյուցազունները (դրանց առավել պատշաճ էր կոչել վեհազուններ) հետևյալներն են՝ զանազան աստիճաններով, որոնց մեջ կան և ծանոթ պատմական անձինք, բայց առասպելախառն հիշատակումներով, ինչպես արդեն հիշատակված Երվանդը, Արտավազդը և այլք։

Մեր պատմության՝ ստույգ կամ ավանդական, սկիզբը Հայկից է ու Բաբելոնի աշտարակաշինության ժամանակից, և նա է մեր առաջին վեհը։ Երբ բռնավոր Բելը, ում դեմ ապստամբել էր Հայկը, նրա վրա էր գալիս, Հայկի թոռը (Կադոմ կամ Կադմոս) փախչելով շտապում է գալ պապի մոտ։ Իրենիցառաջ ուղարկում է շուտաքայլ լրատու՝ պապին այսպես դիմելով․ «Ո՜վ մեծդ Դիւցազանց, դիմեալ գայ ի վերայ քո Բէլ, յաւերժիւք Քաջօք, և երկայնադիզօք հասակօք Սկայիւք մրցողօք»։ ԱՅս վիպասանական նկարագրությունները բացահայտում են Հայկի գերագույն քաջությունը քաջերի մեջ և սրանց՝ հսկայակերպ, մեծամեծ անձեր համարվելը։ Այդպիսին միայն Բելի հետ եկողները չէին, այլ, ինչպես պատմիչն է կրկնում, կային «յերկոցունց կողմանց սկայիցն, արք յաղթանդամք», որոնց հասակը դարերի մեջ աճեցնելով (երևակայության մեջ)՝ հետագա պատմիչները Հայկին բարձրացնում են տասնյակ կանգուններով, բայց է՛լ ավելի՝ Բելին, որը, սակայն, իր ողջ երկաթե, պղնձե գլխանոցով ու զրահներով հանդերձ, չի կարողանում ազատվել Հայկի լայնալիճ ու պնդաքարշ աղեղի երեքթևյան նետից։ Այն շեշտակի անցնում է Բելի պղնձապատ կրծքի և թիկունքի միջով, և «այսպէս ճոխացեալն Տիտանեան՝ կործանի, յերկիր զարկուցեալ և փչէ զոգին»։ Այսպիսի քաջության և ուժի գործ անողը պետք է որ լիներ հայոց դյուցազուններից մեծագույնը՝ արժանի այն ամենայն պատվին ու հավատքին, ինչը մի քանի տեղ հիշտակեցինք և տեսանք երկնքի պարզ երեսի ամենապայծառ աստղերի մեջ ոչ մայն իր նախաքրիստոսյան սերունդների աչքով, այլև սրբափայլ թարգմանիչների աչքերով ու գրիչներով։ Սրանից ելնելով՝ մեր նախաորն ու վեհին կարող ենք գերազանց համարել օտարազգի բոլոր դյուցազուններից, որոնք անունները սփռված են նույն երկնքի աստղակաճառ մագաղաթի վրա, բայց ոչ նման մեծ ու գովաբանական հիշատակումներով, որի համար մեր ազգակիցները շատ լավ հանդգնել են ծածկել այնտեղի Օրիոնի դեմքը և «բանալ զպատրուակ Հայկին», նույնպես և նրանք, ովքեր Հրատ մոլորակի ու նրա օրինակած Արես չաստվածի փոխարեն ասել են Հայկն․ դրանցից մեկը, թվում է, Մխիթար Անեցին է, որը այդ արել է աստղագիտական գրվածքները թարգմանելիս։ Այս վերջին դրությամբ (Հրատ֊Արես֊Հայկն) նա, անշուշտ, ըմբռնվում էր որպես մեծ և ահարկու դյուցազն։ Ժամանակակից մեկ այլ Մխիթար (Գոշը) նրա մաիսն ասում է․ «Ոմանք ժանտական են, որպէս Հայկդ, և այլք բարիք»։ Ուրիշներն էլ գրում են, թե ով Հայկի աստղատան ներքո է ծնվում, երկաթից է մեռնում։ Հիշեցինք, որ ոմանք էլ Հայկին են ընծայում Կշիռ համաստեղությունը կամ նույնն են համարում Շամփուրք Հայկինը։ «Հայսմավուրք»֊ն էլ հիշտակավում է, որ հոկտեմբերի 21֊ին «երեւալ նշան յերկինս, հուր ի վերայ եօթն աստեղաց Հայկինն», որի փոխարեն մեկ այլ «հայսմավուրք» էլ ասում է Բազմաստեղ։ Հիշել ենք նաև Հայկի ու Օրիոնի նմանությունը ոչ միայն պայծառությամբ կամ գեղեցկությամբ, այլև մեկի որսորդությամբ և մյուսի աղեղնավրությամբ։ Մեր ազգակիցները նաև սրանցից էլ վեր մի ձիրք են ընծայում իրենց նախահորդը՝ իբրև առաջին տոմարական կարգադրի՝ արեգակնային տարվա ամիսների բաժանմամբ, շարժական ու անշարժ տարիների միաբանությամբ, ինչը օտարների մեջ կոչվում է Շնիկի, իսկ մեզանում՝ Շրջան Հայկին, որի վերաբերյալ տեղեկություններ են տրվել նաև այլ գրքերում։

Կարելի էր հուսալ, որ Հայկը, լինելով այսպիսի մեկը, ունենար մերձավոր հիշատակում նաև օտար ազգերի մեջ։ Չենք հիշատակում վրացիներին, որոնց պատմության սկիզբը նույնանման է մերին, այլ մեր արևմտյան դրացի և ցեղակից համարվող փռյուգիացիների գրեթե համանուն մի դյուցազնի՝ Հայակին (լատիներեն՝ Hyagnis), որը սատիրների դասից համարվող մարսիաս սրնգահարի հայրն է՝ երկթել ու եռաթել քնարների հնարողը։ Եթե դա համարվի մեր նույն նահապետը, աստղագիտականից զատ՝ Հայկին կավելանա ևս մի ձիրք՝ երաժշտականը։ Բյաց նրա ամենամեծ ձիրքը ուժի ու քաջության մեծությունն էր, ինչի համար մեծ և հսկա ասելը գրեթե հավասար էր համարվում Հայկ ասելուն։ Փիլոնի գրքի թարգմանիչը հսկաների վիթխարի մեծությունը բացատրում է հայկաչափ ասելով։ Ագաթանգեղոսի թարգմանիչը Տրդատի՝ Մասիս լեռից մեծամեծ քարեր շալակել֊բերելու մասին ասում է հայկաբար։ Արծրունին (Թովմա պատմիչը) իր ցեղի գովելի իշխանին կոչում է հայկասիրտ։ Բայց այս ամենից առավել զարմանալին Գրիգոր Նարեկացին է (որ ինքնին զարմանալի, իսկատիպ մի անձ է և պաշտելի սուրբ), որ համարձակվում է Ամենասուրբ Աստվածածնի գեղեցկությունն էլ կոչել հայկանման։ Դյուցազուններին կամ վեհազուններին պետք չէ հավատալ ու նմանվել, բայց եթե մեկն ուզում է, կարծում եմ՝ չի գտնի ավելի լավը, քան Հայկն է։

Մի անկարն էլ ձգելով նրան դյուցազուններից մեծագույն անվանող թոռանը՝ ասեմ, որ մեր հին պատմության մեջ միայն սրա անունն է վերջանում հունակերպ՝ ոս֊ով։ Կադմոս, և այն համարում եմ Կադոմ կամ Կադամ, ինչպես Թորգոմ, Արգամ, Արշամ և այլն։ Նշանակալի է այս անունով հիշտակաված մի հույն կամ փյունիկեցի՝ Ագենորի (՛БгЮнщс, որ նշանակում է «շատ ուժեղ ու քաջ») վեհ որդին, որի անվան մեջ հեռուներից լսվում է Հայկի ձայնը։ Խազարներն էլ, ըստ իրենց ավանդության, Թորգոմի անդրանիկին (ըստ մեզ՝ Հայկին) անվանում էին Ակիոր։ Կադմոսի կնոջն էլ կոչում էին Արմոնիա (Հարմոնիա), ինչը միայն մեկ տառով (ո֊ե) էր տարբերվում Արմենիա անվանումից։ Դարձյալ ըստ հույների առասպելի՝ Արամազդի մատռվակը՝ գեղեցիկ պատանի Գանիմեդեսը, կոչվում էր նաև Կադամ, որին հետո աստվածների այն խայտառակ հայրը (Արամազդ) փոխարկեց Ջրհոս համաստեղության կամ կենդանակերպի։ Ըստ եղած, բայց ոչ հավաստի զուգադիպությունների՝ բևեռագրերը կարդացողներից ոմանք կարծում են, թե գտել են նաև մի Աոյ անուն (հայ անվանը մոտ), որը համարվում է չաստվածների մատռվակի անուն՝ նման Կանդամին կամ օդի գուշակությանը։ Չինացիները իրենց հնագույն և ջրհեղեղյան ժամանակի նահապետին կոչում են Jao։ Հուսով եմ՝ այսպիսի առասպելական ծանոթությունների մեջ մեր և՛ այս, և՛ հետագա զարտուղությունները ներելի կլինեն։

Տեսանք, և արդեն ամենքն էլ գիտեին, որ մեր ազգի նախահայրը և անվանատուն Հայկն է, ինչպես, Խորենացուց սկսած, ավանդում են բոլոր պատմիչները։ Սակայն մերհնագույն և առաջին հայ և հայագիր պատմիչը Կորյունը պատմության սկզբում հայոց անվանելու փոխարեն մեզ կոչում է ասքանազյան ազգ (ըստ ավանդության)՝ նույն Հայկի պապի կամ հորեղբոր և Հաբեթի թոռան անունով, ինչից երևում է, որ Հայկից առաջ սա է բնակվել այն երկրում, որ հետո կոչվել է հայ անվամբ, և որտեղից նա գնացել է Փռյուգիա և այսպես երկու ազգերի համար էլ (հայերի և փռյուգիացիների) դարձել նախահայր կամ արմատ։ Ս․ գրքի մեկնիչները ևս Ասքանազին համարում են Փռյուգիայում բնակված, թեպետ եղել են այնպիսիները (ինչպես հրեաները), որ նրան համարել են մինչև իսկ գերմանացիների նախահայր։ Մեր Ս․ գրքի թարգմանության մեջ էլ ծանոթ է Երեմիա մարգարեի՝ շատ անգամ հիշատակված հրավերը (ԾԱ, 27) աստվածային վրեժխնդրությամբ Բաբելոնի վրա հարձակվելու մասին․ «Պատուէր տուք յինէն Այրարատեան գնդին և Ասքանազեան թագաւորութեանցն»։ Ինչ էլ կարծեն և գրեն թարգմանիչներն ու մեկնիչները, այս երկու անունները կամ դրանց փոխանակները իրարիցչեն զատվում, ինչպես նաև Արարատն էլ՝ հայկական իմաստից։ Բայց սրանից մեր հիմա հետևեցնելն է, որ Ասքանազն էլ է մտել վեհազունների կարգը, թեև դա հայտնապես հիշատակված չէ․ միայն հայտնի է փռյուգիական կամ հայկական գլխանոցով Ասքինոս կոչված լուսնի մի չաստված՝ լուսնի մահիկի վրա մարդու կերպարանք մինչև մեջքի կեսը։ Ոմանք այս անունը մեկնաբանում են հունաերն ՛утчзнпт բառով՝ իբրև անհաստատ, անդադար շարժվող լուսին, բայց ավելի գիտունները համարում են անձնավոր մի վեհազն։ Հոմերոսը և Վերգիլիոսը հիշում են այդ անվամբ փռյուգիացիների իշխանների ու զորավարների, ինչպես նաև Փռյուգիայի մի մասն էլ կոչում են Ասկանիա, ինչը լավ համապատասխանում է Ս․ գրքում վկայված Ասքանազյան երկրին։

Ասքանազից էլ վեր բարձրանալով՝ արժեր նրա պապին՝ մեծ ազգապետ Հաբեթին, իր երկու եղբայրների հետ նախադասել դյուցազունների կարգի մեջ, ինչպես, ըստ Խորենացու, ավանդում էին քաղդեացիները՝ անունները փոխելով Զրվան֊ի, Տիտան֊ի, Հապետ֊ի, ինչպես որ նաև հույներն ու հռոմեացիները սրան կոչում էին Japet՝ ընդունելով որպես Ուրանոսի (երկնքի) որդի և, ըստ ոմանց, նաև թեսալացիների թագավոր և հելլենական ազգի նահապետ։ Սրանց մատենագիրները ավանդում են, որ Թեսալիայից է եկել ոմն Յասոն՝ հայոց նահապետը, որին ավելի լավ կլիներ Հայաստանից ուղարկել Թեսալիա։ Բազմահմուտ գերմանացի մի հեղինակ (Պունսեն) ասում է, որ հույները Հաբթեին վերցրել են հայերից ու Ս․ գրքից և նրան որպես կին ընծայել են Կիբելեին կամ Ասիային։ Մեր մնացյալ գրքերի մեջ Հաբեթի պաշտամունքի հիշատակում չկա։ Բայց քանի որ նրա եղբայրներին պաշտել են մեր դրացիները, իսկ քրոջը՝ Աստղիկին՝ հայերս, դժվար թե ինքն էլ պատվի արժանացած չլիներ։ Ավելի զարմանալի է, որ հայոց կրոնում Հայկի հայր համարվող Թորգոմի պաշտամունք կամ հիշատակություն չկա կամ մեզ չի հասել, և մենք նրան թողել ենք թուրքմեններին։

Հայկի սերնդի մեջ ամենածանոթ դյուցազնը կամ առասպելյալը Արան է, որին որին արդեն հիշտակեցինք առլեզի մասին առասպելում։ Հայկի ու Արամի գործերից հետո ազգիս պատմության մեջ սրա հիշատակն է նշանավորը, մանավանդ, ըստ վիպասանների, հռչակավոր Շամիրամի հետ ունեցած հարաբերությամբ։ Երբ և ինչ կերպով էլ եղած կամ կարծված լինի Արայի գլխավոր դիպվածը (մահը և մահից հետո կատարվածը), հարկ է, որ այնքան առասպելների մեջ ստույգ մի կետ ունենա կամ շատ մեծ ու տարածված համբավ, ինչը ընդունել է մինչև իսկ իմաստուն Պլատոնը և նշել իր «Հասարակապետություն» երկասիրության 10֊րդ գրքում, և ուրիշներն էլ նրանց են վերցրել, ինչպես Կղեմես Ալեքսանդրացին։ Բայց հայտնի է, որ հույները չէին կարող ընդունել և ավանդել օտար մի բան առանց փոփոխության, և ըստ այսմ՝ Արա֊ն դառնում է ոչ միայն էր, այլև Ալկիմոս, այսինքն՝ քաջ ու կորովի ('Ьлчймпт), ինչպես հայերեն այր բառն էլ նույնն է նշանակում․ տեղով կամ ազգությամբ էլ ասում են պամփիլիացի՝ շփոթելով ուրիշի հետ։ Միաբան են՝ ասելով, որ սպանվել է պատերազմում, և մարմինը, տասը օր անապական մնալով, փխադրվել է իր ընտանիքի մոտ։ Երբ երկու օր անց տանում են՝ այրելով հուղարկավորելու, ողջանում է և պատմում է, ինչ որ ինքը տեսել է հանդերձյալ աշխարհի դժոխքում կամ արքայության մեջ, կամ Պլատոնն է երևակայել։ Թեև Կղեմես Ալեքսանդրացին վերցնում է Պլատոնից, բայց էր Պամփիլիացուն կոչում է Արմենիոսի որդի՝ շփոթելով ուրիշ Պամփյուլացի Զրադաշտ մի հայի հետ, որ Կյուրոսի բարեկամն էր և գրեց, ասում է, իր հետ պատահածը։ Առնոբիոսն էլ (Ընդդեմ հերձվածոց, Ա) այս ավանդությունը վերցնում է Կտեսիաստեոս հին պատմիչից և Զրադաշտի կամ Զոստրիանոսի թոռանը անվանում է Արմենիոս: Զրադաշտ կամ նման անունով մի մոգ հիշատակվում է Կյուրոսի ժամանակներում՝ նույնը կամ հռչակավոր աղանդապետից տարբեր, որ թերևս մեր նահապետների մեջ կոչվել է Ար֊մոգ և անունով շփոթվել է Արայի հետ, ժամանակով էլ Կյուրոսից ու Տիգրանից քիչ առաջ էր կամ հետո։

Անուշավանը՝ Արայի որդին, ունի հոր դյուցազնության մի շնորհ և մանուկ ժամանակ «ձօնեալ էր ի Սօսիսն Արամենակայ՝ որ յԱրմաւիր», որի պատճառով և Սոսանվեր էր կամ Սոս էր անվանվում ու մեծանալով եղավ «շատահանճար յիր և ի բան»։ Հեռվից կամ մոտից Ապոլոնի մի շոշորդ է երևում Անուշավանի մեջ ծառաստաներին նրա նվիրաբերմամբ և հանճարեղ բանահյուսությամբ, հավանորեն երգահանությամբ։ Ապոլոնն էլ է կոչվել Սոսիան կամ Սոսյան (ինչ պատճառով՝ դիցաբանները չգիտեն)․ նրա եղևնափայտե պատկերը, մի ժամանակ Սելևկիայում գտնելով, տարան Հռոմ։ Հնդկական մի հնչում էլ լսելի է դարձնում Անուշավան անունը։

Թեև հետագա հայկազունների մեջ կան դյուցազնական անուններ, ինչպես՝ Առնակ և Փառնակ, բայց մեզանում դյուցազնացածները չեն հիշատակվում և ոչ իսկ Կյուրոսի աջակից Տիգրանը՝ ազգի վիպասանների կողմից հռճակվածը և ամենից սիրելին, որը հիշատակվում է միայն Աժդահակի տեսլիքում (Խորենացի, Ա․ԻԶ)։ Իսկ նրա որդին կամ թոռը՝ Վահագնը, գերազանցել է դյուցազուններին, ինչի համար և հիշատակվելու է չաստվածների կարգում։ Իսկ Արշակունիների ժամանակ նրանց նահապետ Վաղարշակի մասին ասվում է, որ իր նախնիների արձանները մտցրեց հայոց մեհյանների մեջ և պաշտելի դարձրեց։ Նրա որդիներն ու թոռները (Արշակ Ա, Արտաշես Ա) այնքան արիական գործեր արեցին, որ կարող էին մոտենալ դյուցազունների դասին։ Վերջինիս որդու՝ աշխարհակալ Տիգրանի արևով էլ էին երդվում նույնիսկ նրա ողջության օրոք, սակայն հռոմեացիները այն խավարեցրին։ Սրանից մեկ կամ երկու դար անց Արտավազ Բ֊ի և Երվանդի վերաբերյալ ասվածն ու կարծվածը արդեն հիշատակեցինք։ Անտարակույս է, որ սրանց ժամանակակիցն ու գործակիցը՝ մեծ սպարապետ Սմբատ Բագրատունին, վիպասանների (գուցե և Արտավազդի եղբոր՝ բանաստեղծ Վրույրի) կողմից այրաքաջ կոչվելով, բարձրացվել է դյուցազունների կարգի մեջ։ Շնորհիվ բանաստեղծության ու երաժշտության՝ այսպիսիների անուններն ու հիշատակները, թափանցելով քրիստոնեական վարագույրից, նաև Լուսավորիչի ու Տրդատի բոլոր ջանքերից հետո լսվում էին և՛ 4֊րդ դարում Փավստոս Բուզանդի, և 5֊րդ դարում Խորենացու գրքերի մեջ։

"Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Աշնան արև
Տիգրան Մանսուրյան

Աշնան արև

Թորոս Ռոսլինի ծնունդը
Թորոս Ռոսլինի ծնունդը
Խաղա առցանց